Գիտեի՞ր արդյոք։ Աստված մի մեծ գործ է արել մարդկանց մեջ:
Հին դարաշրջանն անցավ, և եկավ նոր դարաշրջանը։ Տարեցտարի և օրեցօր Աստված բազում գործեր կատարեց։ Նա եկավ աշխարհ և ապա հեռացավ։ Այս շրջանը կրկնվել է սերունդների ընթացքում։ Այսօր էլ, նախկինի պես, Աստված շարունակում է, ինչպես առաջ, կատարել այն գործը, որ պարտավոր է կատարել, այն գործը, որ դեռ չի ավարտել, քանզի մինչ օրս Նա դեռ չի մտել հանգստի մեջ։ Աշխարհն արարելուց մինչ այսօր Աստված շատ գործ է կատարել։ Բայց դու գիտեի՞ր, որ այսօր Աստված կատարում է շատ ավելի մեծ գործ, քան առաջ, և Նրա գործի ծավալն անհամեմատ ավելի է։ Ահա թե ինչու եմ ասում, որ Աստված մի մեծ գործ է արել մարդկանց մեջ։ Աստծու բոլոր գործերն առավել կարևոր են թե՛ մարդու և թե՛ Աստծու համար, քանզի Նրա գործի ամեն մի դրվագ առնչվում է մարդուն։
Քանի որ Աստծո գործը ո՛չ տեսանելի է, ո՛չ շոշափելի, և առավել ևս՝ աշխարհի համար տեսանելի չէ, ինչպե՞ս կարող է այն համարվել մեծ։ Իսկ ի՞նչը կարող է համարվել մեծ: Անշուշտ, ոչ ոք չի կարող ժխտել, որ ինչ գործ էլ Աստված կատարի, դա կարող է համարվել մեծ: Բայց ինչո՞ւ եմ ես այսօրվա Աստծո գործի մասին ասում, թե այն մեծ է։ Երբ ասում եմ, որ Աստված մեծ գործ է կատարել, սա անկասկած ներառում է բազմաթիվ խորհուրդներ, որոնք մարդը դեռ չի ըմբռնել։ Եկե՛ք այժմ խոսենք դրանց մասին։
Հիսուս ծնվեց մի մսուրում՝ մի այնպիսի դարաշրջանում, որն անկարող էր հանդուրժել Նրա գոյությունը. սակայն, նույնիսկ այդպես, աշխարհը չկարողացավ խոչընդոտել Նրա ուղին, և Նա Աստծու հոգածության ներքո երեսուներեք տարի ապրեց մարդկանց մեջ։ Իր կյանքի այդ բազում տարիների ընթացքում Նա ճաշակեց աշխարհի դառնությունը և համտեսեց երկրավոր թշվառ կյանքը։ Նա Իր ուսերին առավ խաչելության ծանր բեռը՝ ողջ մարդկությանը փրկելու համար։ Նա փրկեց բոլոր մեղավորներին, ովքեր ապրում էին սատանայի իշխանության ներքո, և ի վերջո, Նրա հարուցյալ մարմինը վերադարձավ Իր հանգստի վայրը։ Այժմ սկսվել է Աստծու նոր գործը, և սա նոր դարաշրջանի սկիզբն է։ Աստված Իր տուն է բերում փրկվածներին, որպեսզի սկսի Իր նոր փրկության գործը։ Այս անգամ փրկության գործն ավելի ամբողջական է, քան անցյալում։ Ո՛չ թե Սուրբ Հոգին է գործում մարդու մեջ՝ նրան ինքնուրույն փոխելու համար, և ո՛չ էլ Հիսուսի մարմինն է, որ հայտնվում է մարդկանց մեջ՝ այս գործը կատարելու համար, և առավել ևս՝ այս գործը չի կատարվում այլ միջոցներով։ Այլ ընդհակառակը, մարմնացյալ Աստված Ինքն է կատարում այդ գործը և Ինքն էլ ուղղորդում այն։ Նա անում է սա այս կերպ, որպեսզի մարդուն առաջնորդի դեպի նոր գործը։ Մի՞թե սա մեծ գործ չէ։ Աստված այս գործը չի կատարում մարդկության մի մասի միջոցով կամ մարգարեությունների օգնությամբ, այլ հենց Ինքն է կատարում։ Ոմանք գուցե ասեն, թե սա մեծ բան չէ և չի կարող մարդուն հոգևոր ուրախություն պարգևել։ Սակայն ասում եմ քեզ, որ Աստծու գործը միայն այսքանով չի սահմանափակվում. այն շատ ավելի վեհ է և ընդգրկուն:
Այս անգամ Աստված գալիս է Իր գործը կատարելու ոչ թե հոգևոր մարմնով, այլ մի հասարակ մարմնավոր կերպարանքով։ Ավելին, սա Աստծու երկրորդ մարմնավորուման մարմինն է, և այն նույն մարմինն է, որի միջոցով Աստված վերադառնում է մարմնի մեջ։ Նրան նայելով՝ դու չես տեսնում ոչինչ, որ առանձնացնի Նրան մյուսներից, բայց Նրա միջոցով կարող ես ստանալ այն ճշմարտությունները, որոնք երբեք չես լսել։ Ահա այս աննշան մարմինն Աստծու բոլոր ճշմարտության խոսքերի մարմնացումն է, Աստծու գործի կրողը վերջին օրերում և այն հայտնությունը, որով մարդն ըմբռնում է Աստծու ողջ կարգը։ Դու մեծապես չե՞ս ցանկանում տեսնել երկնքում գտնվող Աստծուն։ Դու մեծապես չե՞ս ցանկանում հասկանալ երկնքում գտնվող Աստծուն։ Դու մեծապես չե՞ս ցանկանում տեսնել մարդկության հանգրվանը։ Նա քեզ կհայտնի այս բոլոր գաղտնիքները՝ այն գաղտնիքները, որոնք ոչ ոք երբևէ չի կարողացել քեզ հայտնել։ Եվ Նա նաև քեզ կհայտնի այն ճշմարտությունները, որոնք դու դեռ չես հասկացել։ Նա քո դարպասն է դեպի արքայություն և քո առաջնորդը դեպի նոր դարաշրջան։ Այս սովորական մարմինն իր մեջ պահում է բազմաթիվ խորհուրդներ, որոնք անըմբռնելի են մարդու համար։ Նրա գործերը անքննելի են քեզ համար, բայց այն ամբողջ նպատակը, որ Նա հետապնդում է իր գործով, բավական է քեզ ցույց տալու, որ Նա այն չէ, ինչ մարդիկ կարծում են՝ պարզ մարմին, որովհետև Նա ներկայացնում է Աստծու մտադրությունները վերջին օրերում և Աստծու հոգածությունը մարդկության հանդեպ։ Թեպետ դու չես լսում Նրա խոսքերը, որոնք կարծես ցնցում են երկինքն ու երկիրը, թեպետ չես տեսնում Նրա աչքերը՝ որպես կրակի բոց, և թեպետ չես զգում Նրա երկաթե գավազանի հարվածը, այնուամենայնիվ Նրա խոսքերից կարող ես զգալ, որ Աստված բարկանում է, և կարող ես իմանալ, որ Աստված ողորմություն է ցույց տալիս մարդկությանը։ Կարող ես տեսնել Աստծու արդար նկարագիրը և Նրա իմաստությունը, և առավել ևս՝ զգալ Աստծու հոգածությունը ողջ մարդկության հանդեպ։ Աստծու գործը վերջին օրերում այն է, որ մարդը երկրի վրա տեսնի երկնքում գտնվող Աստծուն՝ ապրող մարդկանց մեջ, և որ մարդը ճանաչի, հնազանդվի, երկյուղի և սիրի Աստծուն։ Ահա թե ինչու Նա երկրորդ անգամ մարմնացավ։ Թեպետ այսօր դուք տեսնում եք Աստծուն, որ նույնն է, ինչ մարդը՝ Աստված, որ ունի քիթ և երկու աչք և ունի խիստ աննշան արտաքին, սակայն ի վերջո Աստված ձեզ ցույց կտա, որ եթե այս մարդը գոյություն չունենար, երկինքն ու երկիրը մեծ փոփոխության կենթարկվեին։ Եթե այս Անձը գոյություն չունենար, երկինքը կխավարեր, երկիրը քաոսի կմատնվեր, և ողջ մարդկությունը կապրեր սովի ու համաճարակների մեջ։ Նա ձեզ ցույց կտա, որ եթե վերջին օրերի մարմնացյալ Աստված չգար ձեզ փրկելու, ապա Աստված վաղուց արդեն դժոխքում կործանած կլիներ ողջ մարդկությանը, եթե այս մարմինը չլիներ, դուք հավիտյան կմնայիք որպես ծայրագույն մեղավորներ և հավերժ կլինեիք անկենդան դիակներ։ Դուք պետք է իմանաք, որ եթե այս մարմինը չլիներ, ողջ մարդկության համար անհնարին կլիներ խուսափել մեծ աղետից և անհնարին կլիներ խույս տալ այն առավել խիստ պատժից, որն Աստված սահմանել է մարդկության համար վերջին օրերում։ Եթե այս սովորական մարմինը ծնված չլիներ, դուք բոլորդ կլինեիք մի վիճակում, որտեղ կմուրայիք կյանքը՝ առանց ապրել կարողանալու, և կտենչայիք մահը՝ առանց մեռնել կարողանալու։ Եթե այս մարմինը չլիներ, ապա դուք չէիք կարողանա ստանալ ճշմարտությունը և այսօր կանգնել Աստծու գահի առջև, այլ ընդհակառակը՝ կպատժվեիք Աստծու կողմից ձեր ծանրագույն մեղքերի պատճառով։ Գիտեի՞ք արդյոք, որ եթե չլիներ Աստծու վերադարձը մարմնի մեջ, ոչ ոք փրկության հնարավորություն չէր ունենա, և եթե չլիներ այս մարմնի գալուստը, Աստված վաղուց արդեն վերջ դրած կլիներ հին դարաշրջանին։ Քանի որ սա այդպես է, մի՞թե դեռ պիտի մերժեք Աստծու երկրորդ մարմնավորումը։ Եվ քանի որ դուք կարող եք այսպիսի մեծագույն բարիքներ քաղել այս հասարակ անձից, ինչո՞ւ չեք կամենում ուրախությամբ ընդունել Նրան։
Աստծու գործը այնպիսի իրողություն է, որը դու չես կարող ըմբռնել։ Եթե դու չես կարող ո՛չ լիովին հասկանալ՝ արդյո՞ք քո ընտրությունը ճիշտ է, և ո՛չ էլ գիտես՝ արդյո՞ք Աստծու գործը կարող է հաջողության հասնել, ապա ինչո՞ւ չփորձես քո բախտը և տեսնես՝ արդյո՞ք այս սովորական մարդը կարող է քեզ մեծապես օգնել, և արդյոք Աստված իսկապես մեծ գործ է կատարել։ Սակայն Ես պետք է ասեմ քեզ, որ Նոյի օրերում մարդիկ այնքան էին տարվել ուտելով ու խմելով, ամուսնանալով ու ամուսնության տալով, որ Աստծու համար այլևս անհանդուրժելի էր դա տեսնելը, ուստի Նա մի մեծ ջրհեղեղ բերեց՝ բնաջնջելու մարդկությունը՝ խնայելով միայն Նոյի ութ հոգանոց ընտանիքը և ամեն տեսակ թռչուններն ու գազանները։ Վերջին օրերում, սակայն, Աստծու կողմից խնայվածները բոլոր նրանք են, ովքեր հավատարիմ են մնացել Նրան մինչև վերջ։ Թեպետ երկու դարաշրջանն էլ Աստծու համար անհանդուրժելի և ծայրաստիճան ապականված ժամանակներ էր, և երկու դարաշրջանի մարդկությունն էլ այնքան էր ապականվել ու ուրացել Աստծուն՝ որպես իրենց Տիրոջ, այնուամենայնիվ Աստված կործանեց միայն Նոյի ժամանակի մարդկանց։ Երկու դարաշրջանի մարդկությունն էլ Աստծուն մեծ վիշտ պատճառեց, սակայն մինչ օրս Աստված շարունակում է համբերատար լինել վերջին օրերի մարդկանց հանդեպ։ Ինչո՞ւ է այդպես։ Մի՞թե երբեք չեք խորհել՝ ինչո՞ւ։ Եթե դուք իսկապես չգիտեք, ապա թույլ տվեք Ինձ ասել ձեզ։ Պատճառը, որ Աստված կարողանում է շնորհ տալ վերջին օրերի մարդկանց, այն չէ, որ նրանք նվազ ապականված են, քան Նոյի ժամանակի մարդիկ, կամ որ նրանք ապաշխարել են Աստծու առաջ, և առավել ևս այն չէ, որ վերջին օրերի տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ Աստված չի կարող կործանել նրանց։ Այլ այն է, որ Աստված գործ ունի կատարելու վերջին օրերի մի խումբ մարդկանց մեջ, և որ Աստված Ինքն է կատարելու այդ գործն Իր մարմնացման միջոցով։ Ավելին, Աստված այս խմբից կընտրի մի մասին, որպեսզի նրանք դառնան Իր փրկության առարկաներն ու Իր տնօրինության ծրագրի պտուղը և այդ մարդկանց առաջնորդի դեպի հաջորդ դարաշրջան։ Հետևաբար, անկախ ամեն ինչից, Աստծու վճարած այս գինն ամբողջությամբ նախապատրաստություն է եղել այն գործի համար, որ Նրա մարմնացյալ մարմինը պիտի կատարի վերջին օրերում։ Փաստը, որ դուք հասել եք այսօրվան, շնորհիվ այս մարմնի է։ Պատճառը, որ դուք գոյատևելու հնարավորություն ունեք, այն է, որ Աստված ապրում է մարմնի մեջ։ Այս բոլոր օրհնությունները ձեռք են բերվել այս սովորական մարդու շնորհիվ։ Ոչ միայն սա, այլև ի վերջո բյուրավոր ազգեր պիտի երկրպագեն այս սովորական մարդուն, ինչպես նաև երախտագիտություն հայտնեն ու հնազանդվեն այս աննշան անձնավորությանը, քանզի Նրա բերած ճշմարտությունը, կյանքը և ճանապարհն են փրկել ողջ մարդկությունը, մեղմել մարդու և Աստծու միջև եղած հակամարտությունը, կարճացրել նրանց միջև եղած հեռավորությունը և կապ հաստատել Աստծու ու մարդու մտքերի միջև։ Նա է նաև, որ Աստծու համար առավել մեծ փառք է վաստակել։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարդն արժանի չէ քո վստահությանն ու երկրպագությանը։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարմինն արժանի չէ Քրիստոս կոչվելուն։ Արդյո՞ք այսպիսի սովորական մարդը չի կարող դառնալ Աստծու արտահայտությունը մարդկանց մեջ։ Արդյո՞ք այսպիսի անձը, ով փրկել է մարդկությանն աղետից, արժանի չէ ձեր սիրուն և Նրանից կառչելու ձեր փափագին։ Եթե դուք մերժում եք Նրա շուրթերից հնչող ճշմարտությունները և զզվում եք ձեր մեջ Նրա գոյությունից, ապա ի՞նչ կլինի ձեզ հետ ի վերջո։
Աստծու ողջ գործը վերջին օրերում կատարվում է այս սովորական մարդու միջոցով։ Նա ամեն ինչ կշնորհի քեզ, և ավելին՝ Նա կկարողանա որոշել այն ամենը, ինչ վերաբերում է քեզ։ Մի՞թե այսպիսի անձը կարող է լինել այնպիսին, ինչպիսին դուք եք պատկերացնում Նրան՝ մի այնպիսի պարզ անձնավորություն, որն արժանի չէ նույնիսկ հիշատակման։ Մի՞թե Նրա ճշմարտությունը բավարար չէ ձեզ լիովին համոզելու համար։ Մի՞թե Նրա գործերը ձեր սեփական աչքերով տեսնելն անկարող է համոզել ձեզ։ Թե՞ Նրա առաջնորդած ճանապարհն արժանի չէ, որ դուք քայլեք դրանով։ Երբ ամեն ինչ ասված և արված է, ի՞նչն է ստիպում ձեզ հակակրանք զգալ Նրա հանդեպ, մերժել Նրան և հեռու մնալ Նրանից։ Հենց այս անձն է, որ արտահայտում է ճշմարտությունը, հենց այս անձն է, որ ապահովում է ճշմարտությունը, և հենց այս անձն է, որ ձեզ հետևելու ճանապարհ է տալիս։ Մի՞թե դուք դեռևս ի զորու չեք գտնել Աստծու գործի հետքերն այս ճշմարտությունների մեջ։ Առանց Հիսուսի գործի՝ մարդկությունը չէր կարող իջնել խաչից, բայց առանց այսօրվա մարմնացման՝ նրանք, ովքեր իջել են խաչից, երբեք չէին կարող ստանալ Աստծու հավանությունը կամ մտնել նոր դարաշրջան։ Առանց այս սովորական մարդու գալստյան՝ դուք երբեք հնարավորություն չէիք ունենա տեսնելու Աստծու իսկական դեմքը, ոչ էլ արժանի կլինեիք դրան, քանզի դուք բոլորդ այնպիսի էակներ եք, որոնք վաղուց պետք է կործանված լինեին։ Աստծու երկրորդ մարմնացման գալստյան շնորհիվ Աստված ներել է ձեզ և ողորմածություն ցույց տվել։ Այնուամենայնիվ, այն խոսքերը, որոնք Ես պիտի թողնեմ ձեզ վերջում, դարձյալ սրանք են. այս սովորական մարդը, ով մարմնացյալ Աստված է, կենսական նշանակություն ունի ձեզ համար։ Սա այն մեծագույն գործն է, որ Աստված արդեն իսկ կատարել է մարդկանց մեջ։