Աստված է մարդու կյանքի աղբյուրը

Այն պահից, երբ լացով գալիս ես այս աշխարհ, դու սկսում ես կատարել քո պարտականությունները։ Հանուն Աստծու ծրագրի և Նրա սահմանման դու կատարում ես քո դերը և սկսում քո կյանքի ուղին։ Ինչպիսին էլ լինի քո անցյալը, և ինչպիսին էլ լինի քո առջև բացվող ուղին, միևնույն է, ոչ ոք չի կարող խուսափել Երկնքի կարգավորումից ու դասավորությունից, և ոչ ոք չի կարող տնօրինել իր սեփական ճակատագիրը, որովհետև միայն Նա, ով իշխում է ամեն բանի վրա, կարող է կատարել այդպիսի գործ։ Մարդու գոյության սկզբից ի վեր Աստված մշտապես այս կերպ է իրականացրել Իր գործը՝ կառավարելով տիեզերքը և ղեկավարելով ամեն բանի փոփոխության օրենքներն ու դրանց շարժման ուղեգիծը։ Ինչպես ամեն բան, մարդն էլ լուռ և անգիտակցաբար սնվում է Աստծու շնորհած բարիքներով, անձրևով և ցողով․ ինչպես ամեն բան, մարդն էլ անգիտակցաբար ապրում է Աստծու ձեռքի կարգավորման ներքո։ Մարդու սիրտն ու հոգին Աստծու ձեռքում են, և նրա կյանքի ամեն բան Աստծու աչքի առաջ է։ Անկախ նրանից՝ հավատում ես այս ամենին, թե ոչ, ամեն բան՝ կենդանի թե անկենդան, շարժվում է, փոխվում է, նորանում է և անհետանում Աստծու կամոք։ Ահա այսպես է Աստված գերիշխում ամեն բանի վրա։

Երբ գիշերն աննկատ մոտենում է, մարդը չի գիտակցում դա, քանզի մարդու սիրտը չի կարող ըմբռնել, թե ինչպես է գիշերը գալիս, և որտեղից է այն առաջանում։ Երբ գիշերն աննկատ հեռանում է, մարդը դիմավորում է ցերեկվա լույսը, սակայն որտեղից է գալիս լույսը, և ինչպես է այն հեռացնում գիշերվա խավարը, մարդն ավելի քիչ է գիտակցում և առավել ևս քիչ է տեղյակ։ Գիշերվա և ցերեկվա այս կրկնվող հերթափոխները մարդուն տեղափոխում են մի ժամանակաշրջանից մյուսը, մի պատմական միջավայրից մյուսը՝ միաժամանակ ապահովելով, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում կատարվի Աստծու գործը, և յուրաքանչյուր դարում իրականացվի Նրա ծրագիրը։ Մարդն անցել է այս բոլոր տարբեր ժամանակաշրջաններով՝ հետևելով Աստծուն, սակայն չգիտի, որ Աստված է գերիշխում ամեն բանի և բոլոր կենդանի էակների ճակատագրի վրա, և չգիտի, թե ինչպես է Աստված կազմակերպում ու ուղղորդում ամեն բան։ Սա անհասանելի է այսօրվա մարդուն և անհասանելի է եղել անհիշելի ժամանակներից ի վեր։ Իսկ թե ինչու, դրա պատճառը ոչ թե այն է, որ Աստծու գործերը չափազանց քողարկված են, կամ Աստծու ծրագիրը դեռ պետք է իրագործվի, այլ այն, որ մարդու սիրտն ու հոգին չափազանց հեռու են Աստծուց, այն աստիճան, որ մարդը մնում է Սատանայի ծառայության մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ «հետևում է Աստծուն» և դեռևս չի գիտակցում դա։ Ոչ ոք ջանասիրաբար չի որոնում Աստծու հետքերը և Աստծու հայտությունը, և ոչ ոք չի ցանկանում գոյություն ունենալ Աստծու հոգածության և պաշտպանության ներքո։ Փոխարենը նրանք պատրաստ են ընդունել Սատանայի՝ չար դևի ապականումը, հարմարվել այս աշխարհին և այն գոյության կանոններին, որոնց հետևում է այս չար մարդկությունը։ Այդժամ մարդու սիրտն ու հոգին դառնում են այն տուրքը, որը մարդը մատուցում է Սատանային, և դառնում են Սատանայի կերակուրը։ Ավելին, մարդու սիրտն ու հոգին դառնում են մի վայր, որտեղ բնակվում է Սատանան, ինչպես նաև նրա օրինական խաղադաշտը։ Այսպես է մարդն անգիտակցաբար կորցնում անձնական վարքի սկզբունքների, ինչպես նաև մարդկային գոյության արժեքի և նշանակության իր հասկացողությունը։ Աստծու օրենքները և Աստծու ու մարդու միջև ուխտն աստիճանաբար մշուշվում են մարդու սրտում, և նա դադարում է Աստծուն փնտրել կամ ականջալուր լինել Նրան։ Ժամանակի ընթացքում մարդը կորցրել է Աստծու կողմից իրեն ստեղծելու իմաստի հասկացողությունը և չի հասկանում Աստծու բերանից ելած խոսքերը և այն ամենը, ինչ Աստծուց է գալիս։ Այնուհետև մարդն սկսում է դիմակայել Աստծու օրենքներին ու կանոններին, և նրա սիրտն ու հոգին բթանում են… Աստված կորցնում է մարդուն, որին ստեղծել էր սկզբում, իսկ մարդը կորցնում է այն արմատը, որն ի սկզբանե ուներ. սա է այս մարդկության ողբերգությունը։ Իրականում, հենց սկզբից մինչ այժմ, Աստված մարդկության համար մի ողբերգություն է բեմադրել, որտեղ մարդը և՛ գլխավոր դերակատարն է, և՛ զոհը։ Եվ ոչ ոք չի կարող պատասխանել, թե ով է այս ողբերգության բեմադրիչը։

Աշխարհի անծայրածիր տարածության մեջ օվկիանները, անհաշիվ անգամ տիղմով լցվելով, դառնում են դաշտեր, իսկ դաշտերը հեղեղվելով դառնում են օվկիաններ։ Բացի Նրանից, ով գերիշխանություն ունի բոլոր բաների մեջ ամեն ինչի վրա, չկա մեկը, որ կարող է առաջնորդել և ուղղորդել այս մարդկությանը։ Չկա «հզոր մեկը», որ աշխատի կամ պատրաստություններ տեսնի այս մարդկության համար, առավել ևս, չկա մեկը, որ կարող է առաջնորդել այս մարդկությանը առաջանալ դեպի լույսը և ազատագրվել մարդկային աշխարհի անարդարություններից։ Աստված ողբում է մարդկության ապագայի համար, Նա վշտանում է մարդկության անկման պատճառով և ցավ է ապրում, որ մարդկությունը քայլ առ քայլ շարժվում է դեպի ապականում և ճանապարհ, որից վերադարձ չկա։ Ոչ ոք երբևէ չի խորհել այս մասին. ո՞ւր է գնում այսպիսի մարդկությունը, որը խորապես կոտրել է Աստծու սիրտը և լքել Նրան՝ չարին որոնելու համար։ Հենց այս պատճառով է, որ ոչ ոք չի փորձում զգալ Աստծու բարկությունը, չի փնտրում այն ուղին, որը հաճելի է Աստծուն կամ չի փորձում մոտենալ Նրան, և, առավել ևս, ոչ ոք չի փորձում գնահատել Աստծու վիշտն ու ցավը։ Նույնիսկ Աստծու ձայնը լսելուց հետո մարդը շարունակում է գնալ իր սեփական ճանապարհով, շարունակում է երես թեքել Աստծուց՝ խուսափելով Աստծու շնորհքից ու հոգածությունից և խուսանավելով Նրա ճշմարտությունից՝ նախընտրելով իրեն վաճառել Սատանային՝ Աստծու թշնամուն։ Եվ ո՞վ է երբևէ մտածել այս մասին, որ եթե մարդը շարունակի համառել, ինչպե՞ս կվարվի Աստված այս մարդկության հետ, որն այսպես բացարձակ անտեսում է Նրան։ Ոչ ոք չգիտի, որ Աստծու՝ մարդուն ուղղված կրկնվող հիշեցումների և հորդորների պատճառն այն է, որ Նա արդեն պատրաստել է մինչ այժմ չտեսնված արհավիրքներ՝ այնպիսիք, որոնք անտանելի կլինեն մարդու մսեղիի և հոգու համար՝ ոչ միայն մսեղիի պատիժ, այլև ուղղված մարդու հոգուն։ Դու պիտի իմանաս սա․ ինչպիսի՞ բարկություն կթափի Աստված, երբ Նրա ծրագիրը ձախողվի, և երբ Նրա հիշեցումներն ու հորդորներն անպատասխան մնան։ Դա կլինի մի բան, որի նմանը երբևէ ոչ մի արարած փորձառաբար չի ապրել ու չի իմացել։ Ուստի, ասում եմ՝ այս արհավիրքներն աննախադեպ են և երբեք չեն կրկնվի։ Քանզի Աստծու ծրագիրն է միայն մեկ անգամ ստեղծել մարդկություն և միայն մեկ անգամ փրկել այն։ Սա առաջին անգամն է ու նաև՝ վերջինը։ Ուստի, ոչ ոք չի կարող գնահատել այն մանրակրկիտ մտադրություններն ու բուռն ակնկալիքը, որով Աստված այս անգամ փրկում է մարդկությունը։

Աստված ստեղծեց այս աշխարհն ու այստեղ բերեց մարդուն՝ մի կենդանի էակի, որին կյանք պարգևեց։ Հետո մարդը ծնողներ ու ազգականներ ունեցավ ու այլևս միայնակ չէր։ Այն պահից, երբ մարդն առաջին անգամ տեսավ այս նյութական աշխարհը, նրան վիճակված էր գոյություն ունենալ Աստծու սահմանման ներքո։ Աստծուց եկող կյանքի շունչն է, որ ուղեկցում է յուրաքանչյուր կենդանի էակի նրա հասունության ողջ ընթացքում։ Այս ընթացքում ոչ ոք չի զգում, որ մարդը գոյություն ունի ու մեծանում է Աստծու հոգածության ներքո, այլ կարծում են, թե մարդը մեծանում է ծնողական դաստիարակության շնորհիվ, և որ նրա աճը պայմանավորված է իր սեփական կյանքի բնազդով։ Դա այն պատճառով է, որ մարդը չգիտի, թե ով է իրեն կյանք պարգևել, կամ որտեղից է այն ծագել, առավել ևս այն ուղին, որով կյանքի բնազդը հրաշքներ գործում։ Նա միայն գիտի, որ սնունդն է ապահովում իր կյանքի շարունակությունը, որ հաստատակամությունն է նրա գոյության աղբյուրը, և որ նրա մտքում եղած համոզմունքներն են նրա գոյատևման հենարանը։ Մարդը բոլորովին անտեղյակ է Աստծու շնորհքի ու ապահովման մասին, և ահա այսպես է նա վատնում Աստծուց իրեն պարգևված կյանքը… Ոչ մի մարդ, որին Աստված օր ու գիշեր հսկում է, ինքնակամ չի գալիս Նրան երկրպագելու: Աստված պարզապես կատարում է իր գործը մարդու համար՝ առանց նրանից որևէ ակնկալիքի, ինչպես որ ծրագրել է։ Նա այդպես է անում այն հույսով, որ մի օր մարդը կարթնանա իր երազից ու հանկարծ կհասկանա կյանքի արժեքն ու իմաստը, այն գինը, որն Աստված շնորհել է իր տվածի դիմաց, և այն փափագը, որով Աստված խորապես տենչում է, որ մարդը դարձի գա դեպի Իրեն։ Ոչ ոք երբևէ չի ուսումնասիրել մարդու կյանքի ծագման և շարունակության գաղտնիքները։ Միայն Աստված, որ հասկանում է այս ամենը, լուռ տանում է այն ցավն ու հարվածները մարդուց, որ Աստծուց ստացել է ամեն ինչ, բայց շնորհակալ չէ։ Մարդը կյանքի պարգևած ամեն ինչ վայելում է որպես միանգամայն բնական բան, և նույն կերպ մարդու՝ Աստծուն դավաճանելը, մոռանալը և Նրան շահագործելը ևս «միանգամայն բնական բան» է համարվում: Մի՞թե Աստծու ծրագիրն իսկապես այդքան կարևոր է։ Մի՞թե Աստծու ձեռքով ստեղծված այս կենդանի էակը՝ մարդը, իսկապես այդքան կարևոր է։ Աստծու ծրագիրն անկասկած կարևոր է․ այնուամենայնիվ, Աստծու ձեռքով ստեղծված այս կենդանի էակը գոյություն ունի հանուն Նրա ծրագրի։ Ուստի, Աստված չի կարող կործանել Իր ծրագիրը մարդկության հանդեպ ունեցած ատելության պատճառով։ Հանուն Իր ծրագրի և Իր պարգևած կյանքի շնչի է, որ Աստված կրում է բոլոր տառապանքները, ոչ թե մարդու մսեղիի այլ մարդու կյանքի համար։ Նա այդպես է անում, որպեսզի հետ վերցնի ոչ թե մարդու մսեղին, այլ այն կյանքը, որն Ինքը շնչեց նրա մեջ։ Սա է Նրա ծրագիրը։

Բոլոր նրանք, ովքեր գալիս են այս աշխարհ, պետք է անցնեն կյանքի և մահվան միջով, և նրանց մեծ մասն անցել է մահվան ու վերածննդի շրջապտույտի միջով: Ողջերը շուտով կմեռնեն, իսկ մեռածները շուտով կվերադառնան։ Այս ամենը կյանքի այն ընթացքն է, որ Աստված սահմանել է յուրաքանչյուր կենդանի էակի համար: Սակայն հենց այս ընթացքն ու այս շրջապտույտն են այն, ինչ Աստված ցանկանում է, որ մարդը տեսնի․ որ Աստծու կողմից մարդուն պարգևված կյանքն անվերջ է, կապված չէ մարմնականության, ժամանակի կամ տարածության հետ: Այդպիսին է Աստծու կողմից մարդուն պարգևված կյանքի խորհուրդը և ապացույցը, որ կյանքը Նրանից է եկել։ Թեև շատերը կարող են չհավատալ, որ Աստծված է մարդուն կյանք տվել, մարդը, միևնույն է, վայելում է այն ամենը, ինչ գալիս է Աստծուց՝ անկախ նրանից՝ հավատում է Նրա գոյությանը, թե ժխտում է այն։ Եթե մի օր Աստված հանկարծ փոխի սիրտն ու ցանկանա հետ վերցնել երկրի վրա գոյություն ունեցող ամեն բան ու Իր տված կյանքը, ապա այլևս ոչինչ չի լինի։ Աստված Իր կյանքով է սնում ամեն բան՝ կենդանի, թե՛ անկենդան՝ Իր զորությամբ ու իշխանությամբ ամեն ինչ կարգուկանոնի մեջ պահելով. սա մի փաստ է, որը ոչ ոք չի կարող պատկերացնել կամ ըմբռնել։ Այս անըմբռնելի փաստերը հենց Աստծու կյանքի ուժի դրսևորումն ու վկայությունն են։ Հիմա թույլ տվեք ձեզ մի գաղտնիք բացել. Աստծու կյանքի մեծությունն ու Նրա կյանքի զորությունն անըմբռնելի են ցանկացած արարածի համար։ Այդպես է հիմա, այդպես է եղել անցյալում, և այդպես էլ կլինի գալիք ժամանակներում։ Երկրորդ գաղտնիքը, որ ուզում եմ ձեզ հայտնել, սա է. բոլոր արարածների կյանքի ակունքն Աստված է։ Ինչքան էլ նրանք տարբերվեն իրենց կենսաձևով ու կառուցվածքով, և անկախ նրանից, թե ինչ տեսակի կենդանի էակ են, ոչ մի արարած չի կարող շեղվել Աստծու կողմից սահմանված կյանքի ուղեգծից։ Ինչևէ, իմ միակ ցանկությունն այն է, որ մարդը հասկանա սա. առանց Աստծու հոգածության, պաշտպանության ու ապահովման մարդը չի կարող ստանալ այն ամենը, ինչ նախատեսված է իր համար, որքան էլ ջանասիրաբար փորձի կամ որքան էլ անխոնջ մաքառի։ Առանց Աստծու կողմից կյանքի ապահովման մարդը կորցնում է ապրելու արժեքն ու կյանքի իմաստը։ Ինչպե՞ս կարող էր Աստված թույլ տալ, որ մարդը, որ զուր տեղը վատնում է Իր կյանքի արժեքը, այդքան անհոգ լինի։ Ինչպես արդեն ասել եմ, մի՛ մոռացիր, որ Աստված է քո կյանքի ակունքը։ Եթե մարդը չփայփայի այն ամենը, ինչ Աստված պարգևել է, Աստված ոչ միայն հետ կվերցնի այն, ինչ տվել էր սկզբում, այլև մարդուց կրկնակի հատուցում կպահանջի Իր պարգևած ամեն ինչի դիմաց։

Մայիսի 26, 2003թ․

Նախորդը.  Դուք պետք է խորհեք ձեր գործերի մասին

Հաջորդը.  Ամենակարողի հառաչանքը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger