Գլուխ 18
Աստծու բոլոր խոսքերը պարունակում են Նրա բնույթի մի մասը։ Աստծու բնույթը չի կարող լիովին արտահայտվել խոսքերով, ինչը բավարար է ցույց տալու, թե որքան շատ հարստություն կա Նրա մեջ։ Այն, ինչ մարդիկ կարող են տեսնել և շոշափել, ի վերջո սահմանափակ է, ինչպես և մարդկանց կարողությունը։ Թեև Աստծու խոսքերը հստակ են, մարդիկ անկարող են դրանք լիովին հասկանալ։ Օրինակ՝ վերցնենք այս խոսքերը. «Կայծակի մեջ բոլոր տեսակի կենդանիները բացահայտվում են իրենց իրական կերպարանքներով։ Այդպես էլ, Իմ լույսով լուսավորված, մարդը վերականգնել է այն սրբությունը, որը մի ժամանակ ուներ։ Օ՜, հին, ապականված աշխարհ։ Ի վերջո այն տապալվել է կեղտոտ ջրի մեջ և, ընկղմվելով մակերեսից ներքև, վերածվել տիղմի»։ Աստծու բոլոր խոսքերը պարունակում են Նրա էությունը, ու թեև բոլոր մարդիկ տեղյակ են այս խոսքերին, ոչ ոք երբևէ չի իմացել դրանց իմաստը։ Աստծու աչքին Իրեն բոլոր դիմադրողներն Իր թշնամիներն են, այսինքն՝ ովքեր չար ոգիներից են, կենդանիներ են։ Սրանից կարելի է դիտարկել եկեղեցու իրական վիճակը։ Բոլոր մարդիկ իրենց քննում են Աստծու խոսքերի լուսավորության ներքո՝ առանց ուրիշների կողմից ուսուցման կամ խրատման կամ ուղղակի վտարման ենթարկվելու, առանց մարդկային այլ գործողությունների ենթարկվելու և առանց ուրիշների կողմից մատնանշվելու։ Այս «մանրադիտակի» միջոցով նրանք շատ հստակորեն տեսնում են, թե իրականում որքան հիվանդություն կա իրենց ներսում։ Աստծու խոսքերում յուրաքանչյուր տեսակի ոգի դասակարգվում և բացահայտվում է իր սկզբնական կերպարանքով. հրեշտակների ոգիներ ունեցողներն ավելի ու ավելի են լուսավորվում, այստեղից էլ՝ Աստծու խոսքերը. «վերականգնելով այն սրբությունը, որը մի ժամանակ ունեին»։ Այս խոսքերը հիմնված են Աստծու ձեռք բերած վերջնական արդյունքի վրա։ Այս պահին, իհարկե, այս արդյունքը դեռևս չի կարող լիովին իրագործվել. դա պարզապես կանխավայելում է, որի միջոցով կարելի է տեսնել Աստծու մտադրությունը։ Այս խոսքերը բավարար են ցույց տալու, որ մեծ թվով մարդիկ կփշրվեն Աստծու խոսքերի մեջ և կպարտվեն բոլոր մարդկանց սրբացման աստիճանական գործընթացում։ Այստեղ «տիղմի վերածվելը» չի հակասում Աստծու՝ աշխարհը կրակով կործանելուն, իսկ «կայծակը» վերաբերում է Աստծու ցասմանը։ Երբ Աստված արձակում է Իր մեծ ցասումը, ողջ աշխարհը դրա արդյունքում ամեն տեսակ աղետներ կփորձառի՝ հրաբխի ժայթքման պես։ Երկնքում բարձր կանգնած՝ կարելի է տեսնել, որ երկրի վրա ամեն տեսակ աղետներ օրեցօր ավելի են մոտենում են ողջ մարդկությանը։ Բարձունքից նայելիս երկիրը ներկայացնում է տարբեր տեսարաններ, որոնք նման են երկրաշարժին նախորդող տեսարաններին։ Հեղուկ կրակն անարգել սլանում է, լավան անզուսպ հոսում է, լեռները տեղաշարժվում են, և սառը լույս է շողում ամենուր։ Ողջ աշխարհն ընկղմվել է կրակի մեջ։ Սա Աստծու՝ Իր ցասումն արձակելու տեսարանն է, և սա Նրա դատաստանի ժամանակն է։ Բոլոր նրանք, ովքեր մսեղիից ու արյունից են, անկարող կլինեն փախչել։ Այսպիսով՝ երկրների միջև պատերազմների և մարդկանց միջև բախումների կարիք չի լինի՝ ողջ աշխարհը կործանելու համար. դրա փոխարեն աշխարհը «գիտակցաբար կվայելի իրեն» Աստծու պատժի օրրանում։ Ոչ ոք չի կարողանա փախչել. բոլոր մարդիկ մեկ առ մեկ պետք է անցնեն այս ծանր փորձության միջով։ Դրանից հետո ողջ տիեզերքը կրկին կշողա սուրբ ճառագումով, և ողջ մարդկությունը կրկին նոր կյանք կսկսի։ Եվ Աստված կհանգստանա տիեզերքի վրա և ամեն օր կօրհնի ողջ մարդկությանը։ Երկինքն անտանելիորեն ամայի չի լինի, այլ կվերականգնի այն կենսունակությունը, որը չի ունեցել աշխարհի արարումից ի վեր։ «Վեցերորդ օրը» հենց այն ժամանակն է, երբ Աստված նոր կյանք կսկսի։ Աստված և մարդկությունը երկուսն էլ կմտնեն հանգստի մեջ, և տիեզերքն այլևս պղտոր կամ կեղտոտ չի լինի, այլ կնորոգվի։ Ահա թե ինչու Աստված ասաց. «Երկիրն այլևս մեռելային անշարժ ու լուռ չէ, երկինքն այլևս ամայի ու մռայլ չէ»։ Երկնքի թագավորության մեջ երբեք չի եղել անարդարություն կամ մարդկային զգացմունքներ, կամ մարդկության ապականված խառնվածքներից որևէ մեկը, որովհետև Սատանայի անհանգստությունն այնտեղ ներկա չէ։ «Մարդիկ» բոլորն ի վիճակի են հասկանալու Աստծու խոսքերը, և երկնային կյանքն ուրախությամբ լի կյանք է։ Երկնքում գտնվող բոլորն ունեն իմաստություն և Աստծու արժանապատվությունը։ Երկնքի և երկրի միջև եղած տարբերությունների պատճառով երկնքի քաղաքացիները չեն կոչվում «մարդիկ». փոխարենն Աստված նրանց «ոգիներ» է կոչում։ Այս երկու անվանումները էական տարբերություններ ունեն. նրանք, ովքեր այժմ կոչվում են «մարդիկ», Սատանայի կողմից ապականվել են, մինչդեռ «ոգիները»՝ ոչ։ Ի վերջո, Աստված երկրի մարդկանց կփոխի երկնքի ոգիների հատկանիշներն ունեցող էակների, և այնուհետև նրանք այլևս չեն ենթարկվի Սատանայի անհանգստությանը։ Սա է «Իմ սրբությունը տարածվել է տիեզերքի վրա և նրա ողջ տարածքում» խոսքերի ճշմարիտ իմաստը։ «Երկիրն իր սկզբնական վիճակում պատկանում է երկնքին, և երկինքը միացված է երկրին։ Մարդը երկինքն ու երկիրը միացնող լարն է։ Մարդու սրբության պատճառով, մարդու նորոգման պատճառով երկինքն այլևս թաքնված չէ երկրից, և երկիրն այլևս լուռ չէ երկնքի հանդեպ»։ Սա ասվում է հրեշտակների ոգիներ ունեցող մարդկանց վերաբերյալ, և այս տեղում «հրեշտակները» կրկին կկարողանան խաղաղ գոյակցել և վերականգնել իրենց սկզբնական վիճակը՝ այլևս մսեղիով չբաժանվելով երկնքի և երկրի ոլորտների միջև։ Երկրի վրայի «հրեշտակները» կկարողանան հաղորդակցվել երկնքում եղող հրեշտակների հետ, երկրի վրայի մարդիկ կիմանան երկնքի խորհուրդները, իսկ երկնքում եղող հրեշտակները կիմանան մարդկային աշխարհի գաղտնիքները։ Երկինքն ու երկիրը կմիավորվեն՝ առանց իրենց միջև հեռավորության։ Սա թագավորության իրականացման գեղեցկությունն է։ Դա այն է, ինչ Աստված կավարտի և մի բան է, որը բոլոր մարդիկ և ոգիները տենչում են։ Բայց կրոնական աշխարհում գտնվողներն այս մասին ոչինչ չգիտեն։ Նրանք պարզապես սպասում են, որ Հիսուս Փրկիչը գա սպիտակ ամպի վրա և տանի իրենց հոգիները՝ երկրի վրա շաղ տված «աղբ» թողնելով (այստեղ «աղբը» վերաբերում է դիակներին)։ Մի՞թե սա այն պատկերացումը չէ, որը կիսում են բոլոր մարդիկ։ Ահա թե ինչու Աստված ասաց. «Օ՜, կրոնական աշխարհ։ Ինչպե՞ս կարող էր այն չկործանվել երկրի վրա Իմ իշխանությունից»։ Երկրի վրա Աստծու ժողովրդի ավարտման պատճառով կրոնական աշխարհը կտապալվի։ Սա է այն «իշխանության» ճշմարիտ իմաստը, որի մասին Աստված խոսեց։ Աստված ասաց. «Կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր Իմ օրը նախատինք են բերում Իմ անվան վրա։ Բոլորն իրենց վախով լի ակնապիշ նայում են Ինձ, և իրենց սրտերում գաղտնի աղաղակում են Ինձ»։ Սա է այն, ինչ Նա ասաց կրոնական աշխարհի կործանման հետևանքների մասին։ Այն ամբողջությամբ կհանձնվի Աստծու գահի առջև Նրա խոսքերի պատճառով և այլևս չի սպասի սպիտակ ամպի իջնելուն կամ չի նայի երկնքին, այլ փոխարենը կնվաճվի Աստծու գահի առջև։ Այստեղից էլ «իրենց սրտերում նրանք գաղտնի աղաղակում են Ինձ» խոսքերը. սա կլինի կրոնական աշխարհի արդյունքհը, որն Աստված ամբողջությամբ կնվաճի։ Սրան է վերաբերում Աստծու ամենակարողությունը՝ տապալել բոլոր կրոնավոր մարդկանց՝ մարդկության ամենաըմբոստներին, որպեսզի նրանք այլևս երբեք չկառչեն Աստծուն ճանաչելու իրենց սեփական պատկերացումներին։
Թեև Աստծու խոսքերը բազմիցս կանխագուշակել են թագավորության գեղեցկությունը, խոսել են դրա տարբեր կողմերի մասին և այն տարբեր տեսանկյուններից նկարագրել, դրանք դեռ չեն կարող լիովին արտահայտել Թագավորության դարաշրջանի յուրաքանչյուր վիճակը, քանի որ մարդկանց ընկալելու կարողությունը չափազանց պակասում է։ Նրա արտահայտած բոլոր խոսքերն ասվել են, բայց մարդիկ դրանց չեն նայել ռենտգենյան ոսպնյակով, և ուստի շարունակում են հստակության ու հասկացողության պակաս ունենալ և անգամ շփոթված են։ Սա մսեղիի ամենամեծ թերությունն է։ Թեև իրենց սրտերում մարդիկ ուզում են սիրել Աստծուն, նրանք դիմադրում են Նրան Սատանայի անհանգստության պատճառով, ուստի Աստված բազմիցս մատնանշել է մարդկանց թմրած ու դանդաղամիտ սրտերը, որպեսզի դրանք վերակենդանանան։ Այն ամենը, ինչ Աստված մերկացնում է, Սատանայի տգեղությունն է, ուստի որքան խիստ են Նրա խոսքերը, այնքան ավելի է ամոթահար լինում Սատանան, այնքան քիչ են կաշկանդվում մարդկանց սրտերը, և այնքան ավելի կարող է արթնանալ մարդկանց սերը։ Այսպես է Աստված գործում։ Քանի որ Սատանան մերկացվել է, և քանի որ նրա էությունը ճանաչվել է, նա այլևս չի համարձակվում զբաղեցնել մարդկանց սրտերը, և ուստի հրեշտակներն այլևս չեն անհանգստանում։ Այսկերպ նրանք սիրում են Աստծուն իրենց ողջ սրտով և մտքով։ Միայն այս ժամանակ է հստակ երևում, որ հրեշտակներն իրենց իսկական անձերով պատկանում և սիրում են Աստծուն։ Միայն այս ճանապարհով կարող է բավարարվել Աստծու մտադրությունը։ «Բոլոր մարդկանց սրտերի ներսում այժմ Ինձ համար տեղ կա։ Այլևս մարդկանց շրջանում չեմ հանդիպի գարշանքի կամ մերժման, քանզի Իմ մեծ գործն արդեն կատարվել է և այլևս չի խոչընդոտվում»։ Սա է վերը նկարագրվածի իմաստը։ Սատանայի անհանգստության պատճառով մարդիկ չեն կարողանում Աստծուն սիրելու համար ժամանակ գտնել և միշտ խճճված են աշխարհի բաներով ու մոլորեցված են Սատանայի կողմից, այնպես որ շփոթահար են մնում։ Ահա թե ինչու է Աստված ասել, որ մարդկությունը «փորձառաբար ապրել է կյանքի դժվարությունները, աշխարհի անարդարությունները և մարդկային ոլորտի խորդուբորդ ճանապարհը, բայց այժմ բնակվում է Իմ լույսի մեջ։ Ո՞վ չի լացում երեկվա անարդարությունների համար»։ Երբ մարդիկ լսում են այս խոսքերը, նրանք զգում են՝ ասես Աստված կարեկցում է իրենց՝ որպես իրենց վշտակից, և այդ պահին միանում է իրենց՝ դժգոհություններ բարձրաձայնելով։ Նրանք հանկարծ զգում են մարդկային աշխարհի ցավը և մտածում. «Այնքան ճիշտ է. ես երբեք ոչինչ չեմ վայելել աշխարհում։ Մորս արգանդից դուրս գալուց ի վեր մինչև հիմա ես փորձառաբար ապրել եմ մարդկային կյանքը և ոչինչ ձեռք չեմ բերել, բայց այնքան շատ եմ տառապել։ Այս ամենն այնքան դատարկ է։ Եվ այժմ ես այնքան ապականված եմ Սատանայի կողմից։ Օ՜։ Եթե Աստծու փրկությունը չլիներ, երբ գար իմ մահվան ժամանակը, մի՞թե ես իմ ողջ կյանքն իզուր ապրած չէի լինի։ Կա՞ արդյոք որևէ իմաստ մարդկային կյանքում։ Զարմանալի չէ, որ Աստված ասաց՝ արևի տակ ամեն բան դատարկ է։ Եթե Աստված այսօր չլուսավորեր ինձ, ես դեռ խավարի մեջ կլինեի։ Ինչպիսի՜ թշվառություն»։ Այդ պահին նրանց սրտերում մի կասկած է առաջանում. «Եթե ես չեմ կարող ձեռք բերել Աստծու խոստումը, ինչպե՞ս կարող եմ շարունակել փորձառաբար ապրել կյանքը»։ Յուրաքանչյուր ոք, ով կարդում է այս խոսքերը, աղոթելիս կարտասվի։ Այսպիսին է մարդկային հոգեբանությունը։ Անհնար կլիներ, որ որևէ մեկը, եթե նա հոգեպես անհավասարակշիռ չէ, կարդար սա և ոչ մի արձագանք չունենար։ Ամեն օր Աստված մերկացնում է բոլոր տեսակի մարդկանց վիճակները։ Երբեմն Նա դժգոհություններ է արտահայտում նրանց անունից։ Երբեմն Նա մարդկանց օգնում է հաղթելու և հաջողությամբ անցնելու որոշակի միջավայրի միջով։ Երբեմն Նա մարդկանց համար մատնանշում է իրենց «փոփակերպումները»։ Հակառակ դեպքում մարդիկ չէին իմանա, թե իրենք որքան են աճել կյանքում։ Երբեմն Աստված մատնանշում է մարդկանց փորձառություններն իրականության մեջ, իսկ երբեմն Նա մատնանշում է նրանց պակասություններն ու թերությունները։ Երբեմն նոր պահանջներ է ներկայացնում նրանց, իսկ երբեմն մատնանշում է նրանց՝ Իրեն հասկանալու աստիճանը։ Այնուամենայնիվ, Աստված նաև ասել է. «Ես այնքան շատ մարդկանց ասած սրտառուչ խոսքեր եմ լսել, այնքան շատ մարդկանց պատմություններ տառապանքի մեջ իրենց ցավալի փորձառությունների մասին. Ես տեսել եմ, թե ինչպես են շատերը դժվարության մեջ անխափան կերպով Ինձ մատուցում իրենց հավատարմությունը, և հետևել եմ, թե ինչպես են շատերը, քայլելով քարքարոտ ճանապարհով, ելք փնտրում»։ Սա դրական կերպարների նկարագրություն է։ «Մարդկային պատմության դրամայի» յուրաքանչյուր դրվագում եղել են ոչ միայն դրական կերպարներ, այլև բացասական։ Հետևաբար, Աստված շարունակում է մերկացնել այս բացասական կերպարների տգեղությունը։ Այսպիսով՝ միայն «դավաճանների» հետ իրենց հակադրության միջոցով է բացահայտվում «արդարադատ մարդկանց» անկոտրում հավատարմությունն ու անվախ քաջությունը։ Բոլոր մարդկանց կյանքում կան բացասական գործոններ, ինչպես նաև, առանց բացառության, դրական գործոններ։ Աստված երկուսն էլ օգտագործում է՝ մերկացնելու մարդկանց իրական էությունը, որպեսզի դավաճանները խոնարհեն իրենց գլուխները և ընդունեն իրենց մեղքերը, և որպեսզի արդարադատ մարդիկ, քաջալերվելով, շարունակեն հավատարիմ մնալ։ Աստծու խոսքերի ենթատեքստերը շատ խորն են։ Երբեմն մարդիկ կարդում են դրանք և ծիծաղից թուլանում, մինչդեռ ուրիշ անգամ միայն լուռ կախում են իրենց գլուխները։ Երբեմն նրանք հիշում են, երբեմն դառնորեն լաց են լինում և խոստովանում իրենց մեղքերը, երբեմն նրանք խարխափում են, իսկ երբեմն՝ փնտրում։ Ընդհանուր առմամբ, մարդկանց արձագանքների մեջ փոփոխություններ են լինում այն տարբեր հանգամանքների պատճառով, որոնցում Աստված խոսում է։ Երբ մարդը կարդում է Աստծու խոսքերը, երբեմն կողքին կանգնածները կարող են անգամ սխալմամբ կարծել, թե այդ մարդը հոգեկան հիվանդ է։ Դիտարկեք այս խոսքերը. «Եվ այսպես, երկրի վրա վիճելի քննարկումներ այլևս չկան, և Իմ խոսքերի արձակմանը հետևելով՝ ժամանակակից դարաշրջանի տարբեր «զենքերը» հետ են վերցվում»։ Միայն «զենքեր» բառը կարող է մի ամբողջ օրվա ծիծաղի պատճառ դառնալ, և երբ որևէ մեկը պատահաբար հիշում է «զենքեր» բառը, նա ինքն իրեն ուժգին կծիծաղի։ Մի՞թե այդպես չէ։ Ինչպե՞ս կարող ես չծիծաղել դրա վրա։
Երբ դու ծիծաղում ես, մի՛ մոռացիր ըմբռնել, թե ինչ է Աստված պահանջում մարդկությունից, և մի՛ մոռացիր տեսնել եկեղեցու ճշմարիտ վիճակը. «Ողջ մարդկությունը վերադարձել է բնականոն վիճակի և նոր կյանք է սկսել։ Բնակվելով նոր միջավայրում՝ մեծ թվով մարդիկ նայում են իրենց շուրջը՝ զգալով, ասես մուտք են գործել լիովին նոր աշխարհ, և դրա պատճառով ի վիճակի չեն անմիջապես հարմարվելու իրենց ներկայիս միջավայրին կամ միանգամից մտնելու ճիշտ ուղու վրա»։ Սա եկեղեցու ճշմարիտ վիճակն է ներկայում։ Չափազանց մի՛ անհանգստացիր, որ բոլոր մարդիկ անմիջապես մտնեն ճիշտ ուղու վրա։ Երբ Սուրբ Հոգու գործն առաջընթաց ապրի մինչև որոշակի կետ, մարդիկ բոլորը կմտնեն դրա մեջ՝ առանց գիտակցելու։ Երբ դու ըմբռնես Աստծու խոսքերի էությունը, կիմանաս, թե որ կետին է հասել Նրա Հոգու գործը։ Աստծու մտադրությունը հետևյալն է. «Մարդու անարդարության պատճառով միայն համապատասխան չափով «կրթություն» եմ տալիս, որպեսզի բոլորին հնարավորություն տամ կանգնելու ճիշտ ուղու վրա»։ Սա Աստծու խոսելու և գործելու ձևն է և նաև մարդկության կիրարկման հատուկ ճանապարհը։ Սրանից հետո Նա մարդկանց մատնանշեց մարդկության վիճակներից ևս մեկը. «Եթե մարդիկ չեն կամենում վայելել այն երանությունը, որն Իմ մեջ է, Ես կարող եմ միայն համաձայնել նրա հետ, ինչը նրանք սրտանց ցանկանում են, և նրանց ուղարկել անհատակ անդունդը»։ Աստված սպառիչ կերպով խոսեց և մարդկանց թողեց գանգատվելու նույնիսկ ամենափոքր հնարավորության։ Հենց սա է Աստծու և մարդու միջև եղած տարբերությունը։ Աստված մարդու հետ միշտ բաց և ուղղակիորեն է խոսում։ Այն ամենում, ինչ Աստված ասում է, կարելի է տեսնել Նրա անկեղծ սիրտը, ինչը մարդկանց մղում է նույն կերպ արձագանքելու և նրանց հնարավորություն է տալիս իրենց սրտերն Իր առջև բացելու, որպեսզի տեսնի, թե նրանց սրտերը ծիածանի սպեկտրի որ մասում են գտնվում։ Աստված երբեք չի ծափահարել որևէ մարդու հավատին կամ սիրուն, այլ միշտ պահանջներ է ներկայացրել մարդկանց և մերկացրել է նրանց տգեղությունը։ Սա ցույց է տալիս, որ մարդկանց «հասակը» չափազանց փոքր է, նրանց «կազմվածքը»՝ չափազանց վատ, և որ նրանց ավելի շատ «մարզանք» է պետք՝ այս թերությունները լրացնելու համար։ Ահա թե ինչու Աստված մարդկանց վրա անընդհատ «արձակում է Իր բարկությունը»։ Մի օր, երբ Աստված լիովին մերկացնի մարդկանց իրական էությունը, մարդիկ ավարտուն կդարձվեն, և Աստված հանգիստ կլինի։ Մարդիկ այլևս չեն շողոքորթի Աստծուն, և Նա այլևս չի «կրթի» նրանց։ Այդ պահից սկսած՝ մարդիկ կկարողանան «ինքնուրույն ապրել», բայց հիմա ժամանակը չէ։ Մարդկանց ներսում դեռ շատ բան կա, որ «կեղծ» է, և քննության ևս մի քանի փուլ է անհրաժեշտ, և ևս մի քանի «անցակետեր» պետք է տեղադրվեն, որպեսզի մարդիկ բոլոր «անցակետերում»վճարեն իրենց «հարկերը»։ Եթե դեռ կան կեղծ ապրանքներ, դրանք կբռնագրավվեն, որպեսզի չվաճառվեն, և ապա մաքսանենգ ապրանքների այդ խմբաքանակը կոչնչացվի։ Մի՞թե սա գործելու լավ ձև չէ։