Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված
Ես երկրի վրա շատ մարդկանց եմ փնտրել, որպեսզի Իմ հետևորդները լինեն։ Այս բոլոր հետևորդների մեջ կան նրանք, ովքեր ծառայում են որպես քահանաներ, նրանք, ովքեր առաջնորդում են, նրանք, ովքեր Աստծու որդիներն են, նրանք, ովքեր Աստծու ժողովուրդն են, և նրանք, ովքեր ծառայություն են մատուցում։ Իմ հանդեպ նրանց ունեցած հավատարմության համաձայն է, որ Ես դասակարգում եմ նրանց։ Երբ բոլորը դասակարգվեն ըստ իրենց տեսակի՝ այսինքն, երբ յուրաքանչյուր տեսակի մարդու բնությունը բացահայտվի, Ես յուրաքանչյուր տեսակի մարդու կնշանակեմ իր համապատասխան կարգին և յուրաքանչյուր տեսակ կդնեմ իր համապատասխան դիրքում, որպեսզի իրագործեմ մարդուն փրկելու Իմ նպատակը։ Նրանց, ում ցանկանում եմ փրկել, խմբերով ետ եմ կանչում և բերում Իմ տուն, և ապա այնպես եմ անում, որ այս բոլոր մարդիկ ընդունեն վերջին օրերի Իմ գործը։ Միևնույն ժամանակ Ես բոլորին դասակարգում եմ ըստ կարգերի, որից հետո վարձատրում կամ պատժում եմ յուրաքանչյուր անձի՝ ըստ նրա արածի։ Սրանք են Իմ գործի քայլերը։
Այսօր Ես ապրում եմ երկրի վրա և ապրում եմ մարդկանց մեջ։ Մարդիկ բոլորը փորձառաբար ապրում են Իմ գործը, և բոլորը նայում են, թե ինչպես եմ խոսում, և դրա հետ մեկտեղ վերցնում եմ բոլոր ճշմարտությունները և շնորհում Իմ հետևորդներից յուրաքանչյուրին, որպեսզի նրանք բոլորը կյանք ստանան Ինձնից և դրանով իսկ հետևելու ուղի ձեռք բերեն, քանզի Ես կյանք շնորհող Աստվածն եմ։ Իմ գործի բազմաթիվ տարիների ընթացքում մարդը շատ բան է ձեռք բերել և շատ բան է թողել, սակայն Ես դեռ ասում եմ, որ մարդն իսկապես չի հավատում Ինձ, որովհետև մարդը լոկ իր բերանով է ընդունում, որ Ես Աստված եմ, բայց չի համաձայնում Իմ բերանից դուրս եկող ճշմարտության հետ, էլ չեմ ասում, որ չի կիրառում այն ճշմարտությունները, որոնք պահանջում եմ իրենից։ Այսինքն՝ մարդն ընդունում է միայն, որ Աստված կա, բայց չի ընդունում, որ ճշմարտություն կա։ Մարդն ընդունում է միայն, որ Աստված կա, բայց չի ընդունում, որ կյանք կա։ Մարդն ընդունում է միայն Աստծու անունը, բայց չի ընդունում Աստծու էությունը։ Ես գարշում եմ մարդուց նրա եռանդի պատճառով, որովհետև նա միայն հաճելի հնչող բառեր է օգտագործում Ինձ խաբելու համար, մինչդեռ ոչ մի մարդ ճշմարիտ սրտով չի երկրպագում Ինձ։ Ձեր խոսքերը օձի գայթակղությունը են կրում. ձեր խոսքերը նաև չափազանց ամբարտավան են՝ պարզապես հրեշտակապետի «արտահայտությունն» են։ Ավելին՝ ձեր գործերը խայտառակ աստիճանի պատառոտված ու քրքրված են, և, ավելի վատ, ձեր չափազանցված ցանկություններն ու ագահ մտադրությունները տհաճ են ականջին։ Դուք բոլորդ ցեցեր եք դարձել Իմ տանը, բոլորդ դարձել եք առարկաներ, որոնք Ես արհամարհանքով մերժում եմ։ Սա այն պատճառով է, որ ձեզանից ոչ մեկը ճշմարտությունը սիրող մարդ չէ, այլ դուք մարդիկ եք, որոնք սիրում են օրհնվել, որոնք սիրում են երկինք գնալ և որոնք սիրում են տեսնել երկրի վրա Իր իշխանությունը բանեցնող Քրիստոսի հոյակապ տեսարանը։ Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչպես ձեզ պես մարդիկ, որոնք ծայրաստիճան ապականված են և ամենևին չգիտեն, թե ինչ է Աստված, կարող են արժանի լինել Աստծուն հետևելուն։ Ինչպե՞ս կարող եք երկինք գնալ։ Ինչպե՞ս կարող եք արժանի լինել տեսնելու աննախադեպ վեհության գեղեցիկ տեսարանը։ Ձեր բերանները լի են խոսքերով, որոնք փորձում են խաբել Ինձ, լի են կեղտոտ խոսքերով, լի են խոսքերով, որոնք դավաճանում են Ինձ, և լի են ամբարտավան խոսքերով։ Երբեք անկեղծության խոսքեր չեք ասել Ինձ, ոչ մի սուրբ խոսք, ոչ մի խոսք՝ Իմ խոսքը փորձառաբար ապրելու և Ինձ հնազանդվելու մասին։ Իրականում ինչպիսի՞ն է ձեր հավատքը։ Ձեր սրտերը լի են ցանկություններով և փողով, իսկ նյութական բաները լցնում են ձեր մտքերը։ Ամեն օր դուք հաշվարկում եք, թե ինչպես մի բան ստանաք Ինձնից։ Ամեն օր հաշվարկում եք, թե որքան փող և որքան նյութական բաներ եք ձեռք բերել Ինձնից։ Ամեն օր սպասում եք, որ ավելի շատ օրհնություններ իջնեն ձեզ վրա, որպեսզի կարողանաք ավելի շատ, ավելի բարձր բաներ վայելել, որոնք կարելի է վայելել։ Ամեն ակնթարթ այն, ինչի մասին մտածում եք, Ես չեմ, ոչ էլ Ինձնից եկող ճշմարտությունը, այլ ձեր ամուսինը կամ կինը, ձեր երեխաները և ձեր ուտելիքն ու հագուստը։ Այն, ինչի մասին մտածում եք, այն է, թե ինչպես կարող եք ավելի լավ վայելք և ավելի բարձր մակարդակի վայելք ունենալ։ Դուք լիովին լցնում եք ձեր ստամոքսները, բայց մի՞թե դեռ դիակներ չեք։ Հատկապես շքեղ կերպով եք զարդարում ձեր արտաքինը, բայց մի՞թե դեռ անկենդան քայլող դիակներ չեք։ Բոլորդ տքնում եք ձեր ստամոքսների համար այն աստիճան, որ ձեր մազերը ճերմակում են, սակայն ձեզանից ոչ մեկը մի մազ անգամ չի զոհաբերում Իմ գործի համար։ Դուք վազվզում և տքնում եք՝ գլուխ կոտրելով ձեր մսեղիի և ձեր երեխաների համար, սակայն ձեզանից ոչ մեկը չի անհանգստանում կամ մտահոգվում Իմ մտադրությունների համար։ Ի՞նչ եք դեռ ակնկալում ստանալ Ինձնից։
Իմ գործում Ես միշտ անշտապ եմ։ Անկախ նրանից՝ մարդն ինչպես է հետևում Ինձ, Ես Իմ գործն անում եմ ըստ Իմ քայլերի և ըստ Իմ ծրագրի։ Հետևաբար, թեև այդքան ըմբոստ եք Իմ դեմ, միևնույն է, Ես չեմ դադարեցնում Իմ գործը և դեռ ասում եմ այն խոսքերը, որոնք մտադիր եմ ասել։ Բոլոր նրանց, ում նախասահմանել եմ, Ես կանչում եմ Իմ տուն, որպեսզի լինեն Ինձ լսողները։ Այնուհետև բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են և փափագում Իմ խոսքերը, բերում եմ Իմ գահի առջև։ Իսկ բոլոր նրանց, ովքեր դավաճանում են Իմ խոսքերին, ովքեր չեն ենթարկվում կամ հնազանդվում Ինձ և ովքեր բացահայտորեն դիմակայում են Ինձ, մի կողմ եմ դնում, որպեսզի սպասեն իրենց վերջնական պատժին։ Մարդիկ բոլորն ապրում են ապականության մեջ և ապրում են չարի ձեռքի տակ, ուստի Ինձ հետևողներից քչերն են փափագում ճշմարտությունը։ Այսինքն՝ մարդկանց մեծամասնությունը ճշմարիտ սրտով չի երկրպագում Ինձ, ոչ էլ ճշմարտությամբ է երկրպագում Ինձ՝ փոխարենն օգտագործելով ապականությունն ու ըմբոստությունը և նենգ միջոցներ կիրառելով Իմ վստահությունը շահելու համար։ Հետևաբար Ես ասում եմ՝ Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Կանչվածները բոլորն այն մարդիկ են, որոնք ծայրաստիճան ապականվել են, և նրանք բոլորն այն մարդիկ են, որոնք ապրում են նույն դարաշրջանում, իսկ ընտրվածները միայն այն մասն են, որը հավատում է և ընդունում է ճշմարտությունը, և այն մասը, որը կիրառում է ճշմարտությունը։ Այս մարդիկ միայն շատ փոքր մասն են կազմում, և նրանց մեջ ավելի շատ փառք ձեռք կբերեմ։ Ինքներդ ձեզ համեմատելով այս խոսքերի հետ՝ գիտե՞ք արդյոք՝ դուք ընտրվածների թվո՞ւմ եք։ Ինչպիսի՞ն կլինի ձեր ելքը։
Ինչպես ասել եմ՝ Ինձ հետևողները շատ են, բայց Ինձ ճշմարիտ սրտով սիրողները՝ քիչ։ Ոմանք գուցե ասեն. «Մի՞թե այդքան գին կվճարեի, եթե չսիրեի Քեզ։ Մի՞թե մինչև հիմա կհետևեի Քեզ, եթե չսիրեի Քեզ»։ Ճիշտ է, դու շատ պատճառներ ունես, և ճիշտ է, քո սերը շատ մեծ է, բայց որտե՞ղ է Իմ հանդեպ քո սիրո էությունը։ «Սերը», ինչպես այն կոչվում է, վերաբերում է մաքուր և անարատ զգացմունքի, որտեղ սիրտդ օգտագործում ես սիրելու համար և սիրտդ օգտագործում ես զգալու և հաշվի առնելու համար։ «Սիրո» մեջ չկան պայմաններ, չկան խոչընդոտներ և չկա հեռավորություն։ «Սիրո» մեջ չկա կասկած, չկա նենգություն և չկա խորամանկություն։ «Սիրո» մեջ չկան գործարքներ, և բացարձակապես չկան անմաքրություններ։ Եթե սեր ունենաս, չես խաբի, չես տրտնջա, չես դավաճանի, չես ըմբոստանա, պահանջներ չես ներկայացնի և չես ձգտի որևէ բան ձեռք բերելու, չես ձգտի որոշակի չափով ձեռք բերելու։ Եթե սեր ունենաս, հոժարակամ կնվիրվես, հոժարակամ դժվարություններ կկրես, համատեղելի կլինես Ինձ հետ և Ինձ համար կլքես այն ամենը, ինչ ունես՝ լքելով ընտանիքդ, հեռանկարներդ, երիտասարդությունդ և ամուսնությունդ։ Հակառակ դեպքում քո սերն ամենևին սեր չէր լինի, այլ նենգություն և դավաճանություն։ Ինչպիսի՞ սեր ունես։ Արդյոք այն ճշմարի՞տ սեր է։ Արդյոք այն կե՞ղծ սեր է։ Որքա՞ն ես լքել։ Որքա՞ն ես մատուցել։ Որքա՞ն սեր եմ ստացել քեզնից։ Գիտե՞ս արդյոք։ Ձեր սրտերը լի են չարով, լի են դավաճանությամբ և լի են նենգությամբ, ուստի որքա՞ն անմաքրություններ են խառնված ձեր սիրո մեջ։ Կարծում եք, թե արդեն բավականաչափ բան եք թողել Ինձ համար, կարծում եք, թե Իմ հանդեպ ձեր սերն արդեն բավարար է։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են ձեր խոսքերն ու գործողությունները միշտ ըմբոստություն և նենգություն պարունակում։ Դուք հետևում եք Ինձ, սակայն չեք ընդունում Իմ խոսքը։ Արդյոք սա սե՞ր է համարվում։ Դուք հետևում եք Ինձ, սակայն լքում եք Ինձ։ Արդյոք սա սե՞ր է համարվում։ Դուք հետևում եք Ինձ, սակայն չեք վստահում Ինձ։ Արդյոք սա սե՞ր է համարվում։ Դուք հետևում եք Ինձ, սակայն տեղ չեք տալիս Իմ գոյությանը։ Արդյոք սա սե՞ր է համարվում։ Դուք հետևում եք Ինձ, սակայն չեք վերաբերվում Ինձ այնպես, ինչպես վայել է Իմ ինքնությանը, և ամեն քայլափոխի ամեն ինչ Ինձ դժվարացնում եք համար։ Արդյոք սա սե՞ր է համարվում։ Դուք հետևում եք Ինձ, սակայն ձևականորեն եք գործ ունենում Ինձ հետ և փորձում եք խաբել Ինձ ամեն հարցում։ Արդյոք սա սե՞ր է համարվում։ Դուք ծառայում եք Ինձ, սակայն չեք երկյուղում Ինձնից։ Արդյոք սա սե՞ր է համարվում։ Դուք թշնամաբար եք տրամադրված Իմ հանդեպ ամեն հարցում և ամեն ինչում։ Արդյոք այս ամենը սե՞ր է համարվում։ Անշուշտ, դուք շատ բան եք մատուցել, սակայն երբեք չեք կիրառել այն, ինչ պահանջում եմ ձեզնից։ Կարո՞ղ է արդյոք սա սեր համարվել։ Ուշադիր հաշվարկը ցույց է տալիս, որ Իմ հանդեպ սիրո նշույլ անգամ չունեք։ Այսքան տարիների գործից և այսքան խոսքերի տրամադրումից հետո իրականում որքա՞ն եք ձեռք բերել։ Արդյոք սա արժանի չէ՞ ուշադիր վերհիշելուն։ Հորդորում եմ ձեզ։ Նրանք, ում կանչում եմ, այն մարդիկ չեն, որոնք երբեք չեն ապականվել, մինչդեռ նրանք, ում ընտրում եմ, այն մարդիկ են, որոնք ճշմարիտ սրտով են սիրում Ինձ։ Հետևաբար, պետք է զգոն լինեք ձեր խոսքերի և գործերի հանդեպ և քննեք ձեր մտադրություններն ու մտքերը, որպեսզի դրանք չհատեն սահմանը։ Վերջին օրերի ժամանակ արեք հնարավոր ամեն ինչ ձեր սերը վերցնելու և Իմ առջև մատուցելու համար։ Հակառակ դեպքում Իմ ցասումը երբեք չի՛ հեռանա ձեզնից։