Աստծու առաջ սիրտդ լռեցնելու մասին
Աստծու խոսքերի մեջ մտնելու համար չկա ավելի կարևոր քայլ, քան Նրա ներկայության մեջ սիրտդ լռեցնելը։ Սա մի դաս է, որի մեջ այժմ բոլոր մարդիկ խիստ կարիք ունեն մտնելու։ Աստծու առաջ սիրտդ լռեցնելու մեջ մտնելու ուղիները հետևյալն են․
1․ Հեռացրու՛ սիրտդ արտաքին աշխարհից։ Խաղաղ եղի՛ր Աստծու առաջ և անբաժան ուշադրությամբ աղոթի՛ր Նրան։
2․ Երբ սիրտդ խաղաղ է Աստծու առաջ, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր Աստծու խոսքերը։
3․ Մտորի՛ր և խորհրդածի՛ր Աստծու սիրո մասին և քո սրտում խորհի՛ր Աստծու գործերի մասին։
Նախ սկսի՛ր աղոթքից։ Աղոթի՛ր լիակատար ուշադրությամբ և սահմանված ժամերին։ Անկախ նրանից, թե որքան սուղ է ժամանակդ, որքան ես զբաղված աշխատանքով, կամ ինչ էլ պատահի քեզ հետ, ամեն օր աղոթի՛ր սովորականի պես և կե՛ր ու խմի՛ր Աստծու խոսքերը սովորականի պես։ Քանի դեռ ուտում ու խմում ես Աստծու խոսքերը, ինչպիսին էլ լինեն քեզ շրջապատող հանգամանքները, քո հոգում մեծ վայելք կունենաս և չես խռովվի քեզ շրջապատող մարդկանցից, իրադարձություններից կամ իրողություններից։ Երբ առհասարակ սրտումդ խորհում ես Աստծու մասին, դրսում կատարվողը չի կարող խանգարել քեզ։ Սա է նշանակում ունենալ հասակ։ Սկսի՛ր աղոթքից։ Աստծու առաջ լռությամբ աղոթելն առավել պտղաբեր է։ Այնուհետև, կե՛ր ու խմի՛ր Աստծու խոսքերը, Աստծու խոսքերի շուրջ մտորելով՝ որոնի՛ր դրանց մեջ լույսը, գտի՛ր փորձառության ուղին, ճանաչի՛ր Աստծու խոսքերի նպատակն ու ըմբռնի՛ր դրանք առանց շեղման։ Առհասարակ, քեզ համար պետք է բնական լինի սրտումդ Աստծուն մոտենալը, Նրա սիրո մասին խորհելը և Նրա խոսքերի շուրջ մտորելը՝ առանց արտաքին իրողություններով շեղվելու։ Երբ քո սիրտը հասնի խաղաղության որոշակի աստիճանի, դու կկարողանաս լռությամբ մտորել և ներսումդ խորհել Աստծու սիրո մասին և իսկապես մոտենալ Նրան՝ անկախ քեզ շրջապատող հանգամանքներից, մինչև վերջապես հասնես այն կետին, երբ փառաբանություն կհորդի քո սրտից, և դա նույնիսկ աղոթքից ավելի լավ կլինի։ Այդժամ դու կունենաս որոշակի հասակ։ Եթե կարողանաս հասնել վերևում նկարագրված վիճակներին, դա ապացույց կլինի, որ սիրտդ իսկապես խաղաղ է Աստծու առաջ։ Սա է առաջին հիմնարար դասը։ Միայն այն բանից հետո, երբ մարդիկ կարողանում են խաղաղ լինել Աստծու առաջ, նրանց կարող է դիպչել Սուրբ Հոգին և լուսավորել ու լուսաբանել, և միայն այդ ժամանակ են նրանք կարողանում ունենալ ճշմարիտ հաղորդակցություն Աստծու հետ, ինչպես նաև հասկանալ Աստծու մտադրություններն ու ընկալել Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Այդ ժամանակ նրանք արդեն մուտք գործած կլինեն իրենց հոգևոր կյանքի ճիշտ ուղին։ Երբ Աստծու առաջ ապրելու նրանց պատրաստվածությունը հասնում է որոշակի խորության, և նրանք կարողանում են ապստամբել իրենց դեմ, ատել իրենց և ապրել Աստծու խոսքերի մեջ, ապա նրանց սրտերն իսկապես խաղաղ են Աստծու առաջ։ Ինքն իրեն ատելու, ինքն իրեն անիծելու և ինքն իր դեմ ապստամբելու կարողությունն այն արդյունքն է, որը ձեռք է բերվում Աստծու գործով, և մարդիկ չեն կարող դա անել ինքնուրույն։ Ուստի, Աստծու առաջ սիրտը լռեցնելու փորձառությունը մի դաս է, որի մեջ մարդիկ պետք է անմիջապես մտնեն։ Որոշ մարդիկ ոչ միայն սովորաբար չեն կարողանում խաղաղ լինել Աստծու առաջ, այլև չեն կարողանում լռեցնել իրենց սիրտն Աստծու առաջ նույնիսկ աղոթելիս։ Սա շատ հեռու է Աստծու չափանիշներից։ Եթե քո սիրտը չի կարող խաղաղ լինել Աստծու առաջ, մի՞թե կարող ես շարժվել Սուրբ Հոգով։ Եթե դու մեկն ես, որ չի կարող խաղաղ լինել Աստծու առաջ, ապա հեշտությամբ կարող ես շեղվել, երբ ինչ-որ մեկը մոտենում է, կամ երբ ուրիշները խոսում են, և քո միտքը կարող է շեղվել, երբ ուրիշները որևէ բան են անում․ այդ դեպքում դու չես ապրում Աստծու ներկայության մեջ։ Եթե քո սիրտն իսկապես խաղաղ է Աստծու առաջ, դու չես խռովվի արտաքին աշխարհում տեղի ունեցող որևէ բանից և չես տարվի որևէ անձով, իրադարձությամբ կամ իրողությամբ։ Եթե մտնես այս վիճակի մեջ, ապա այդ բոլոր բացասական վիճակներն ու բացասական իրողությունները՝ մարդկային պատկերացումները, աշխարհիկ գործերի փիլիսոփայությունները, մարդկանց միջև անբնական հարաբերությունները, ինչպես նաև մտքերն ու գաղափարները և այլն, բնականաբար կվերանան։ Քանի որ միշտ խորհում ես Աստծու խոսքերի շուրջ, և քո սիրտը մշտապես մոտենում է Աստծուն ու միշտ զբաղված է լինում Նրա ներկայիս խոսքերով, այդ բացասական հանգամանքները քեզնից կհեռանան՝ առանց քո գիտակցելու։ Երբ տարվում ես նոր և դրական իրողություններով, հինն ու բացասականը տեղ չեն ունենա, ուստի, ուշադրություն մի՛ դարձրու այդ բացասական իրողություններին։ Դու կարիք չունես ջանք գործադրելու դրանք վերահսկելու համար։ Պետք է կենտրոնանաս Աստծու առաջ խաղաղ լինելու վրա․ որքան կարող ես, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր Աստծու խոսքերը, որքան կարող ես, շարական երգի՛ր՝ գովաբանելով Աստծուն, և թող Աստված հնարավորություն ունենա գործելու քեզ վրա, որովհետև այժմ Աստված ցանկանում է անձամբ կատարելագործել մարդկությանը և նվաճել քո սիրտը։ Նրա Հոգին շարժում է քո սիրտը, և եթե, Սուրբ Հոգու առաջնորդությանը հետևելով, ապրես Աստծու ներկայության մեջ, ապա կգոհացնես Աստծուն։ Եթե ուշադրություն դարձնես Աստծու խոսքերի մեջ ապրելուն և ավելի հաճախ հաղորդակցվես ճշմարտության շուրջ Սուրբ Հոգու լուսավորությունն ու լուսաբանումը ստանալու համար, ապա այդ բոլոր կրոնական պատկերացումները, նաև քո ինքնարդարացումն ու ինքնաբարձրացումը կվերանան, և դու կհասկանաս, թե ինչպես նվիրվես Աստծուն, ինչպես սիրես Աստծուն և ինչպես գոհացնես Նրան։ Եվ, առանց դա գիտակցելու, Աստծուց օտար բոլոր իրողություններն ամբողջությամբ կվերանան քո գիտակցությունից։
Աստծու խոսքերի շուրջ խորհելն ու աղոթելը, Նրա ներկայիս խոսքերն ուտելով ու խմելով, Աստծու առաջ խաղաղ լինելու առաջին քայլն է։ Եթե կարողանաս իսկապես խաղաղ լինել Աստծու առաջ, ապա Սուրբ Հոգու լուսավորությունն ու լուսաբանումը քեզ հետ կլինեն։ Ամբողջ հոգևոր կյանքը ձեռք է բերվում` Աստծու ներկայության մեջ խաղաղ լինելով։ Աղոթելիս պետք է խաղաղ լինես Աստծու առաջ և միայն այդ դեպքում կարող ես շարժվել Սուրբ Հոգով։ Երբ Աստծու առաջ խաղաղ ես Նրա խոսքերն ուտելիս ու խմելիս, կարող ես լուսավորվել և լուսաբանվել ու հասնել Աստծու խոսքերի ճշմարիտ ըմբռնմանը։ Երբ քո սովորական մտորման, հաղորդակցության և սրտով Աստծուն մոտենալու ընթացքում հասնում ես Աստծու ներկայության մեջ խաղաղության, դու կարողանում ես վայելել Աստծու հետ իրական մտերմություն, ունենալ Նրա սիրո և Նրա գործի ճշմարիտ ըմբռնում և իսկապես հաշվի առնել Նրա մտադրությունները։ Որքան ավելի հաճախ ես կարողանում սովորական ձևով խաղաղ լինել Աստծու առաջ, այնքան ավելի շատ ես լուսավորվում և ավելի լավ ես կարողանում հասկանալ քո ապականված խառնվածքը․ այն, ինչ քեզ պակասում է, այն, ինչի մեջ պետք է մտնես, ինչ ծառայություն պետք է կատարես, և որտեղ են քո թերությունները։ Այս ամենը ձեռք է բերվում՝ Աստծու ներկայության մեջ խաղաղ լինելով։ Եթե իսկապես խորություն ձեռք բերես Աստծու առաջ քո խաղաղության մեջ, կկարողանաս ըմբռնել հոգու որոշ գաղտնիքներ, հասկանալ, թե Աստված այժմ ինչ է ցանկանում կատարել քո մեջ, ավելի խորապես հասկանալ Աստծու խոսքերը, ըմբռնել դրանց ուղն ու ծուծը, դրանց բնույթը և Աստծու խոսքերի էությունը և ավելի հստակ ու ճշգրիտ տեսնել փորձառությամբ ապրելու ուղին։ Եթե քո հոգում խաղաղ լինելու ճանապարհին չհասնես բավարար խորության, ապա ընդամենը փոքր-ինչ կշարժվես Սուրբ Հոգով․ ներսումդ կզգաս որոշակի ուժ և որոշ չափով վայելք ու խաղաղություն, բայց որևէ բան ավելի խորը չես ըմբռնի։ Ես նախկինում ասել եմ, որ եթե մարդիկ իրենց ողջ ուժը չգործադրեն, նրանց համար դժվար կլինի լսել Իմ ձայնը կամ տեսնել Իմ դեմքը։ Սա վերաբերում է Աստծու առաջ խաղաղության մեջ խորություն ձեռք բերելուն, ոչ թե մակերեսային ջանքերին։ Այն մարդը, որն իսկապես կարողանում է խաղաղ լինել Աստծու ներկայության մեջ, կարող է ազատվել աշխարհիկ բոլոր կապանքներից և հասնել Աստծու կողմից լիակատար տիրապետությանը։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում խաղաղ լինել Աստծու ներկայության մեջ, անշուշտ, անզուսպ և անսանձ են։ Բոլոր նրանք, ովքեր կարողանում են խաղաղ լինել Աստծու առաջ, բարեպաշտ են Նրա առաջ և փափագում են Աստծուն։ Միայն նրանք, ովքեր խաղաղ են Աստծու առաջ, գնահատում են կյանքը, գնահատում են հոգևոր հաղորդակցությունը, ծարավ են Աստծու խոսքերի և փնտրում են ճշմարտությունը։ Բոլոր նրանք, ովքեր չեն գնահատում Աստծու առաջ խաղաղ լինելը և փորձառությամբ չեն ապրում դա, փուչ և մակերեսային մարդիկ են, որոնք կապված են աշխարհին և կյանք չունեն․ նույնիսկ եթե ասում են, թե հավատում են Աստծուն, նրանց միայն խոստումներ են հնչեցնում։ Նրանք, ում Աստված վերջում կատարելագործում և ամբողջացնում է, այն մարդիկ են, որոնք կարողանում են խաղաղ լինել Նրա ներկայության մեջ։ Այդ պատճառով նրանք, ովքեր խաղաղ են Աստծու առաջ, մեծ օրհնություններով են օժտված։ Այն մարդիկ, որոնք օրվա ընթացքում մի կերպ ժամանակ են գտնում Աստծու խոսքերն ուտելու և խմելու համար, զբաղված են արտաքին գործերով և քիչ արժեք են տալիս կյանքի մեջ մտնելուն, կեղծավորներ են՝ զուրկ ապագա աճի որևէ հեռանկարից։ Աստծու ժողովուրդը նրանք են, ովքեր կարողանում են խաղաղ լինել Նրա ներկայության մեջ և իսկապես հաղորդակցվել Նրա հետ։
Աստծու առաջ գալու և Նրա խոսքերը որպես քո կյանք ընդունելու համար նախ պետք է խաղաղ լինես Աստծու առաջ։ Միայն այն ժամանակ, երբ խաղաղ ես Աստծու առաջ, Աստված կլուսավորի քեզ և կտա իմաստություն։ Որքան ավելի խաղաղ են մարդիկ Աստծու առաջ, այնքան ավելի շատ կարող են ընդունել Աստծու լուսավորությունն ու պայծառեցումը։ Այս ամենը պահանջում է, որ մարդիկ ունենան երկյուղածություն և հավատք․ միայն այսպես կարող են նրանք դառնալ կատարյալ։ Հոգևոր կյանքի մեջ մտնելու հիմնական դասն Աստծու ներկայության մեջ խաղաղ լինելն է։ Միայն եթե խաղաղ ես Աստծու ներկայության մեջ, քո ամբողջ հոգևոր նախապատրաստման ընթացքն արդյունավետ կլինի։ Եթե քո սիրտն անկարող է խաղաղ լինել Աստծու առաջ, դու չես կարողանա ընդունել Սուրբ Հոգու գործը։ Եթե քո սիրտը խաղաղ է Աստծու առաջ, ինչ էլ որ անես, ապա դու մեկն ես, որն ապրում է Աստծու ներկայության մեջ։ Եթե քո սիրտը խաղաղ է Աստծու առաջ և մոտենում է Աստծուն, ինչ էլ որ անես, ապացուցում է, որ դու մեկն ես, որ խաղաղ է Աստծու առաջ։ Եթե այլոց հետ խոսելիս կամ քայլելիս կարողանում ես ասել․ «Իմ սիրտը մոտենում է Աստծուն և կենտրոնացած չէ արտաքին աշխարհի վրա, և ես կարող եմ խաղաղ լինել Աստծու առաջ», ապա դու մեկն ես, որ խաղաղ է Աստծու առաջ։ Մի՛ զբաղվիր այնպիսի բաներով, որոնք քո սիրտը քաշում են դեպի աշխարհիկը, և մի՛ շփվիր այն մարդկանց հետ, որոնք քո սիրտը հեռացնում են Աստծուց։ Ինչ էլ որ լինի, որը կարող է խանգարել՝ քո սիրտը մոտ լինի Աստծուն, մի կողմ դիր այն կամ հեռու մնա դրանից։ Սա առավել մեծ օգուտ է քո կյանքին։ Այժմ հենց Սուրբ Հոգու մեծ գործի ժամանակն է․ այն ժամանակը, երբ Աստված անձամբ է մարդկանց կատարյալ դարձնում։ Եթե այս պահին չես կարող խաղաղ լինել Աստծու առաջ, ապա այն մեկը չես, որ վերադարձել է Աստծու գահի առաջ։ Եթե Աստծուց բացի այլ բաների ես ձգտում, դու ոչ մի կերպ չես կարող Աստծու կողմից կատարյալ դառնալ։ Նրանք, ովքեր կարող են լսել նման խոսքեր Աստծուց, սակայն այսօր չեն կարողանում խաղաղ լինել Նրա առաջ, մարդիկ են, որոնք չեն սիրում ճշմարտությունն ու չեն սիրում Աստծուն։ Եթե այս պահին չես մատուցում քեզ, ապա ի՞նչին ես սպասում։ Ինքդ քեզ մատուցելը նշանակում է քո սիրտը լռեցնել Աստծու առաջ։ Դա կլինի ճշմարիտ մատուցում։ Ով այժմ իր սիրտն իսկապես մատուցում է Աստծուն, անպայման կատարյալ կդառնա Աստծու կողմից։ Ոչինչ, ինչ էլ որ լինի, չի կարող խանգարել քեզ․ լինի դա քո էտումը կամ այն, որ բախվում ես հիասթափության կամ ձախողման, քո սիրտը միշտ պետք է խաղաղ լինի Աստծու առաջ։ Անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են վերաբերվում քեզ, քո սիրտը պետք է խաղաղ լինի Աստծու առաջ։ Անկախ նրանից, թե ինչ հանգամանքների ես բախվում՝ լինի նեղություն, տառապանք, հալածանք կամ տարբեր փորձություններ, քո սիրտը միշտ պետք է խաղաղ լինի Աստծու առաջ։ Այսպիսին են կատարյալ դառնալու ճանապարհները։ Միայն այն ժամանակ, երբ իսկապես խաղաղ ես Աստծու առաջ, Աստծու ներկայիս խոսքերը պարզ կդառնան քեզ համար։ Այդ ժամանակ դու ավելի ճիշտ և առանց շեղման փորձառությամբ կապրես Սուրբ Հոգու լուսավորությունն ու պայծառեցումը, ավելի հստակ կհասկանաս Աստծու մտադրությունները, որոնք քո ծառայությանը կտան ավելի հստակ ուղղություն, ավելի ճշգրիտ կընկալես Սուրբ Հոգու շարժումն ու առաջնորդությունը և վստահ կլինես, որ ապրում ես Սուրբ Հոգու առաջնորդության ներքո։ Այսպիսիք են այն արդյունքները, որոնք ձեռք են բերվում Աստծու առաջ իսկապես խաղաղ լինելով։ Երբ մարդիկ չեն հասկանում Աստծու խոսքերը, չունեն փորձառությամբ ապրելու ուղի, չեն կարողանում ըմբռնել Աստծու մտադրությունները կամ չունեն փորձառությամբ ապրելու սկզբունքներ, այն պատճառով է, որ նրանց սրտերը խաղաղ չեն Աստծու առաջ։ Աստծու առաջ խաղաղ լինելու նպատակը մանրակրկիտ և գործնական լինելն է, Աստծու խոսքերի մեջ ճշգրտություն և հստակություն որոնելը և, վերջապես, ճշմարտությունը հասկանալուն ու Աստծուն ճանաչելուն հասնելը։
Եթե քո սիրտը հաճախ չէ խաղաղ Աստծու առաջ, Աստված ոչ մի կերպ չի կարող քեզ կատարյալ դարձնել։ Վճռականությունից զուրկ լինելը համազոր է սիրտ չունենալուն, իսկ սիրտ չունեցող մարդը չի կարող խաղաղ լինել Աստծու առաջ. այդպիսի մարդը չգիտի, թե Աստված որքան գործ է անում կամ որքան է խոսում, և չգիտի նաև, թե ինչպես պետք է փորձառությամբ ապրել։ Մի՞թե սա սիրտ չունեցող մարդ չէ։ Կարո՞ղ է արդյոք սիրտ չունեցող մարդը խաղաղ լինել Աստծու առաջ։ Աստված ոչ մի կերպ չի կարող կատարյալ դարձնել սիրտ չունեցող մարդկանց․ նրանք ոչնչով չեն տարբերվում բեռնակիր կենդանիներից։ Աստված այնքան հստակ և բաց է խոսել, սակայն քո սիրտը դեռևս անշարժ է մնում, և դու դեռևս ի վիճակի չես խաղաղ լինելու Աստծու առաջ։ Մի՞թե դու անխելք կենդանի չես։ Որոշ մարդիկ մոլորվում են Աստծու ներկայության մեջ խաղաղ լինելու փորձառության մեջ։ Երբ կերակուր պատրաստելու ժամանակն է, նրանք չեն պատրաստում, և երբ տնային գործեր անելու ժամանակն է, չեն անում այդ գործերը, այլ պարզապես շարունակում են աղոթել և խորհել։ Աստծու առաջ խաղաղ լինելը չի նշանակում չպատրաստել կերակուր, չանել տնային գործեր կամ չապրել սեփական կյանքը. ընդհակառակը, նշանակում է բոլոր բնականոն վիճակներում կարողանալ խաղաղեցնել սիրտդ Աստծու առաջ և սրտումդ տեղ ունենալ Աստծու համար։ Երբ աղոթում ես, պետք է պատշաճ կերպով ծնկի գաս Աստծու առաջ և աղոթես։ Երբ տնային գործեր ես անում կամ կերակուր ես պատրաստում, լռեցրու՛ սիրտդ Աստծու առաջ, մտածի՛ր Աստծու խոսքերի շուրջ կամ երգի՛ր օրհներգեր։ Անկախ այն բանից, թե ինչ իրավիճակում ես գտնվում, պետք է ունենաս փորձառությամբ ապրելու քո սեփական ուղին, պետք է անես հնարավոր ամեն բան Աստծուն մոտենալու համար և ամբողջ ուժով ջանաս խաղաղեցնել քո սիրտն Աստծու առաջ։ Երբ հանգամանքները թույլ են տալիս, աղոթիր միակենտրոն սրտով։ Երբ հանգամանքները թույլ չեն տալիս, սրտովդ մոտեցիր Աստծուն՝ միաժամանակ կատարելով տվյալ գործը։ Երբ կարող ես ուտել և խմել Աստծու խոսքերը, ապա կե՛ր և խմի՛ր Նրա խոսքերը։ Երբ կարող ես աղոթել, ապա աղոթի՛ր։ Երբ կարող ես խորհել Աստծու մասին, ապա խորհի՛ր Նրա մասին։ Այլ կերպ ասած՝ ըստ քո միջավայրի՝ արա՛ առավելագույնը, որպեսզի մարզես քեզ մուտքի համար։ Որոշ մարդիկ կարողանում են խաղաղ լինել Աստծու առաջ, երբ ոչ մի խնդիր չկա, բայց հենց որ որևէ բան է պատահում, նրանք մտացրիվ են դառնում։ Սա Աստծու առաջ խաղաղ լինել չէ։ Փորձառությամբ ապրելու ճիշտ ձևն է՝ ոչ մի հանգամանքում մարդու սիրտը չի հեռանում Աստծուց և չի խռովվում դրսի մարդկանցից, իրադարձություններից կամ երևույթներից, և միայն այդ ժամանակ է նա մեկն է, որն իսկապես խաղաղ է Աստծու առաջ։ Ոմանք ասում են, թե երբ ժողովներում աղոթում են, իրենց սրտերը կարող են խաղաղ լինել Աստծու առաջ, բայց երբ հաղորդակցվում են ուրիշների հետ, ունակ չեն խաղաղ լինելու Աստծու առաջ, և նրանց մտքերը վայրիվերում են։ Սա Աստծու առաջ խաղաղ լինել չէ։ Այսօր մարդկանց մեծ մասը հենց այսպիսի վիճակի մեջ է. նրանց սրտերն անկարող են մշտապես խաղաղ լինել Աստծու առաջ։ Ուստի, դուք պետք է ավելի մեծ ջանք գործադրեք այս բնագավառում մարզվելու համար, քայլ առ քայլ մտնեք կյանքի փորձառության ճիշտ ուղի և բռնեք Աստծու կողմից կատարյալ դառնալու ճանապարհը։