Բավարար բարի գործեր պատրաստիր քո նշանակության վայրի համար
Ես ձեր մեջ բազմաթիվ գործեր եմ կատարել և, իհարկե, նաև որոշ խոսքեր եմ ասել։ Սակայն չեմ կարող չզգալ, որ Իմ խոսքերն ու Իմ գործն ամբողջությամբ չեն իրագործել Իմ գործի նպատակը վերջին օրերին։ Քանի որ վերջին օրերին Իմ գործը ոչ թե որևէ անձի կամ որոշ մարդկանց համար է, այլ՝ Իմ ներհատուկ բնույթը հայտնելու համար։ Սակայն բազում պատճառներով՝ գուցե ժամանակի սղության կամ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով, մարդիկ Իմ բնույթից Ինձ ճանաչելու որևէ գիտելիք չեն ստացել։ Ուստի Ես ձեռնամուխ եմ լինում Իմ նոր ծրագրին՝ Իմ վերջին գործին, և Իմ գործում նոր էջ եմ բացում, որպեսզի բոլոր նրանք, ովքեր Ինձ տեսնում են, Իմ գոյության պատճառով կուրծք ծեծեն և անդադար լաց ու ողբ անեն։ Սա այն պատճառով է, որ Ես մարդկության վախճանը բերում եմ աշխարհ, և այս պահից ի վեր մարդկության առաջ բացահայտում եմ Իմ ամբողջ բնույթը, որպեսզի թե՛ բոլոր Ինձ ճանաչողները, թե՛ բոլոր Ինձ չճանաչողները իրենց աչքով վայելեն ու հաստատ տեսնեն, որ Ես իսկապես եկել եմ մարդկանց աշխարհ, եկել եմ այն երկիրը, որտեղ ամեն ինչ բազմանում է։ Սա է Իմ ծրագիրը և Իմ միակ «խոստովանությունը»՝ մարդկությունը ստեղծելուց ի վեր։ Թող դուք ամբողջ ուշադրությամբ հետևեք Իմ յուրաքանչյուր շարժմանը, քանզի Իմ գավազանը կրկին մոտենում է մարդկությանը, բոլոր նրանց, ովքեր դեմ են գնում Ինձ։
Ես երկինքների հետ միասին սկսում եմ այն գործը, որը ցանկանում եմ կատարել։ Այսպիսով՝ Ես ճանապարհ եմ բացում մարդկանց հոսքերի միջով և շարժվում եմ երկնքի ու երկրի միջև։ Մարդիկ երբեք չեն ընկալել Իմ շարժումները կամ երբեք ուշադրություն չեն դարձրել Իմ խոսքերին։ Ուստի Իմ ծրագիրը շարունակում է առաջ ընթանալ սահուն կերպով։ Պարզապես ձեր բոլոր օրգան կարողություններն այնքան են թմրել, որ ընդհանրապես չեք գիտակցում Իմ գործի քայլերը։ Սակայն անպայման կգա այն օրը, երբ դուք կհասկանաք Իմ նպատակները։ Այսօր Ես ապրում և տառապում եմ ձեզ հետ միասին, և վաղուց արդեն հասկացել եմ այն վերաբերմունքը, որ մարդկությունը տածում է Իմ հանդեպ։ Ես չեմ ցանկանում այս մասին այլևս խոսել, առավել ևս չեմ ցանկանում ձեզ ամոթանք տալ՝ կրկին առաջ բերելով այս ցավալի թեմայի հետ կապված նոր օրինակներ։ Ես միայն հույս ունեմ, որ դուք ձեր սրտերում կհիշեք այն ամենը, ինչ արել եք, որպեսզի այն օրը, երբ մենք կրկին հանդիպենք, կարողանանք հաշիվներ պարզել։ Ես չեմ ցանկանում ձեզնից որևէ մեկին կեղծ մեղադրել, որովհետև Ես միշտ գործել եմ անկողմնակալությամբ և ողջամտորեն և պատվով։ Իհարկե, Ես նաև հույս ունեմ, որ դուք կարող եք բաց և ազնիվ լինել և չեք անի որևէ բան, որը դեմ է երկնքին ու երկրին կամ ձեր սեփական խղճին։ Սա է միակ բանը, որ Ես պահանջում եմ ձեզանից։ Շատերն իրենց սրտերում անհանգիստ են ու ներքուստ տագնապած, որովհետև սարսափելի անիրավություններ են գործել։ Իսկ շատերն էլ ամոթ են զգում, որովհետև իրենց կյանքի ընթացքում անգամ մեկ բարի գործ չեն կատարել։ Այնուամենայնիվ, շատերն իրենց մեղքերից ամոթ զգալու փոխարեն գնալով ավելի են խորանում չարիքի մեջ՝ լիովին բացահայտելով իրենց զազրելի ու տգեղ կերպարանքը՝ այն, որ դեռ լիովին չէր բացահայտվել, որպեսզի փորձեն Իմ բնույթը։ Ես որևէ մեկի գործողություններին ո՛չ կարևորություն եմ տալիս, ո՛չ էլ ուշադրություն եմ դարձնում։ Փոխարենը՝ Ես կատարում եմ այն գործը, որը պարտավոր եմ կատարել՝ լինի դա լուրեր հավաքելը, երկրի վրա շրջելը, թե Իմ հետաքրքրություններին համապատասխան որևէ բան իրագործելը։ Վճռորոշ ժամանակներում Ես շարունակում եմ Իմ գործը մարդկանց մեջ՝ ըստ սկզբնական ծրագրի, ոչ մի վայրկյան ուշ կամ շուտ, և այն կատարում եմ և՛ հանգստությամբ, և՛ հակիրճ։ Սակայն Իմ գործի յուրաքանչյուր քայլի հետ ոմանք դուրս են մղվում, որովհետև Ես ատում եմ նրանց քծնանքի ձևերն ու կեղծ ենթակայությունը։ Նրանք, ում Ես գարշելի եմ համարում, անպայման կլքվեն. անկախ նրանից՝ մարդիկ ինչ են մտածում, ամեն դեպքում, բոլորին, ումից գարշում եմ, կմղեմ Ինձնից հեռու մնալու։ Իսկ այն չարագործներին, որ մնան Իմ տանը, չեմ խնայելու։ Քանի որ մարդու պատժի օրը մոտեցել է, Ես չեմ շտապում Իմ տնից վտարել այդ բոլոր զազրելի հոգիներին, որովհետև Իմ իսկ ծրագիրն ունեմ։
Այժմ այն ժամանակն է, երբ Ես որոշում եմ յուրաքանչյուր մարդու ելքը, ոչ թե այն փուլը, երբ սկսեցի գործել մարդու մեջ։ Ես Իմ մատյանում մեկ առ մեկ արձանագրում եմ յուրաքանչյուր մարդու խոսքերն ու գործերը, Ինձ հետևելու նրանց ընթացքը, նրանց բնածին հատկանիշները և նրանց վերջնական դրսևորումները։ Այսպես, ինչ տեսակ մարդ էլ որ լինեն, ոչ ոք չի խուսափի Իմ ձեռքից, և բոլորն Իմ բաշխման համաձայն կդասակարգվեն ըստ իրենց տեսակի։ Ես յուրաքանչյուր մարդու նշանակության վայրը սահմանում եմ ոչ թե ըստ տարիքի, ավագության կամ կրած տառապանքի չափի, և առավել ևս ոչ՝ նրա խղճուկ լինելու պատճառով, այլ ըստ այն բանի, թե արդյոք նրանք տիրապետում են ճշմարտությունը։ Սրանից բացի այլընտրանք չկա։ Դուք պետք է հասկանաք, որ բոլոր նրանք, ովքեր չեն հետևում Աստծո կամքին, առանց բացառության պիտի պատժվեն։ Սա մի բան է, որ ոչ մի մարդ չի կարող փոխել։ Ուստի բոլոր պատժվողները պատժվում են Աստծո արդարության համար և որպես հատուցում իրենց բազմաթիվ չար գործերի։ Իմ ծրագիրը իր սկզբնավորումից ի վեր ոչ մի փոփոխություն չի կրել։ Պարզապես, մարդու տեսանկյունից, նրանք, ում Ես ուղղում եմ Իմ խոսքերը, թվում է՝ նվազում են, ինչպես և նրանք, որոնց Ես ճշմարիտ հավանություն եմ տալիս։ Սակայն Ես հաստատում եմ, որ Իմ ծրագիրը երբեք չի փոխվել․ այլ մարդու հավատն ու սերն են մշտապես փոփոխական ու նվազող, ընդհուպ այն աստիճանի, որ յուրաքանչյուր անձ կարող է Ինձ հաճոյանալու վիճակից հասնել Իմ հանդեպ սառնության և անգամ Ինձ դուրս նետել։ Իմ վերաբերմունքը ձեր հանդեպ չի լինի ո՛չ տաք, ո՛չ սառը, մինչև Ես զզվանք ու գարշանք զգալով՝ վերջապես պատիժ իջեցնեմ։ Սակայն ձեր պատժի օրը Ես դեռ կտեսնեմ ձեզ, իսկ դուք այլևս Ինձ տեսնել չեք կարողանա։ Քանի որ կյանքը ձեր մեջ Ինձ համար արդեն դարձել է տաղտկալի ու անգույն, ուստի, ինքնին հասկանալի է` Ես այլ բնակություն եմ ընտրել, որպեսզի խուսափեմ ձեր չարախոս խոսքերից պատճառված ցավից և հեռու մնամ ձեր անտանելի ապականված վարքից, որպեսզի դուք այլևս Ինձ չհիմարացնեք և Ինձ հետ ձևականորեն չվարվեք։ Նախքան ձեզից հեռանալը, Ես դեռ պետք է ձեզ հորդորեմ ձեռնպահ մնալ այն ամենից, ինչ չի համապատասխանում ճշմարտությանը։ Այլ դուք պետք է անեք այն, ինչ հաճելի է բոլորին, այն, ինչ բարիք է բերում բոլորին, և այն, ինչ նպաստում է ձեր նշանակության վայրին, այլապես աղետի մեջ տառապողը հենց դուք ինքներդ կլինեք։
Իմ ողորմությունն արտահայտվում է նրանց հանդեպ, ովքեր սիրում են Ինձ և թողնում են իրենց։ Մինչդեռ չարերի վրա եկող պատիժը հենց Իմ արդար բնույթի ապացույցն է և առավել ևս՝ Իմ ցասման վկայությունը։ Երբ աղետը վրա հասնի, բոլոր Ինձ ընդդիմացողները կողբան՝ սովի ու ժանտախտի զոհ դառնալով։ Բոլոր նրանք, ովքեր երկար տարիներ հետևել են Ինձ, ովքեր ամեն տեսակ չարություն են գործել, չեն խուսափի իրենց մեղքերի հատուցումից, նրանք ևս կնետվեն այնպիսի աղետի մեջ, որի նմանը միլիոնավոր տարիների ընթացքում հազվագյուտ է եղել, և նրանք կապրեն մշտնջենական ահի ու սարսափի մեջ։ Իսկ Իմ այն հետևորդները, որոնք Իմ նկատմամբ չբաժանված հավատարմություն են դրսևորել, պիտի ցնծան և ծափահարեն, գովաբանեն Իմ մեծ զորությունը։ Նրանք անհոգ երջանկության անպատմելի տրամադրություն կփորձառեն և կբնակվեն այնպիսի ուրախության մեջ, որպիսին Ես նախկինում երբևէ չեմ շնորհել մարդկային աշխարհին։ Քանի որ Ես թանկ եմ գնահատում մարդու բարի գործերը և գարշում եմ նրա չար գործերից։ Այն ժամանակից ի վեր, երբ առաջին անգամ սկսեցի առաջնորդել մարդկությանը, Ես շատ էի հույս տածում ձեռք բերելու մարդկանց մի խումբ, որոնք Ինձ հետ նույն մտքի են։ Իսկ նրանք, ովքեր Ինձ հետ նույն մտքի չեն, Ես երբեք չեմ մոռանում․ Ես մշտապես ատում եմ նրանց Իմ սրտում՝ սպասելով այն հնարավորությանը, երբ նրանց հաշվեհարդարի կանչեմ իրենց չար գործերի համար, և այդ տեսարանը Ինձ հաճելի կլինի։ Այժմ Իմ օրը վերջապես հասել է, և Ես այլևս սպասելու կարիք չունեմ։
Իմ վերջնական գործը միայն մարդուն պատժելու համար չէ, այլև մարդու նշանակության վայրը կարգավորելու համար։ Առավել ևս՝ դա կատարվում է այն բանի համար, որպեսզի բոլոր մարդիկ ճանաչեն Իմ արարքներն ու գործողությունները։ Ես պիտի այնպես անեմ, որ յուրաքանչյուր մարդ տեսնի, որ այն ամենը, ինչ Ես արել եմ, արդար է և Իմ բնույթի արտահայտությունն է, որ դա մարդու գործը չէ, և առավել ևս բնությունը չէ, որ արարել է մարդկությունը. այլ Ես եմ, որ սնուցում եմ ամեն կենդանի էակ՝ ամեն ինչի մեջ։ Առանց Իմ գոյության մարդկությունը միայն կկորչի և կկրի աղետների ծանր պատուհասը։ Ոչ մի մարդ արարած այլևս չի տեսնի գեղեցիկ արևն ու լուսինը, ոչ էլ կանաչ աշխարհը․ մարդկությունը միայն կհանդիպի մութ, ցուրտ գիշերվան և մահվան ստվերի անողոք հովտին։ Ես եմ մարդկության միակ փրկագնումը։ Ես եմ մարդկության միակ հույսը, և առավել ևս՝ Ես եմ Նա, ում վրա հենված է ողջ մարդկության գոյությունը։ Առանց Ինձ՝ մարդկությունն անմիջապես կանգ կառնի, առանց Ինձ՝ մարդկությունը կկրի միայն կործանարար աղետ և կտրորվի ամեն տեսակ ուրվականների կողմից, թեև ոչ ոք Ինձ ուշադրություն չի դարձնում։ Ես կատարել եմ այնպիսի գործ, որն ուրիշ ոչ ոք չի կարող անել, և միայն հույս ունեմ, որ մարդը կկարողանա Ինձ փոխհատուցել մի քանի բարի գործով։ Թեպետ միայն քչերն են կարողացել Ինձ հատուցել, այնուամենայնիվ, Ես պիտի ավարտեմ Իմ ճանապարհը մարդկային աշխարհում և սկսեմ Իմ գործի հաջորդ փուլը, որը շուտով պիտի բացվի, քանի որ այսքան տարիներ մարդկանց մեջ Իմ՝ անդադար գալն ու գնալը պտուղ է տվել, և Ես շատ գոհ եմ։ Այն, ինչի մասին Ես հոգ եմ տանում, մարդկանց թիվը չէ, այլ նրանց բարի գործերը։ Ամեն դեպքում հույս ունեմ, որ դուք բավականաչափ բարի գործեր կպատրաստեք ձեր սեփական նշանակության վայրի համար։ Միայն այդ ժամանակ Ես կբավարարվեմ. հակառակ դեպքում ձեզանից ոչ ոք չի կարողանա փրկվել աղետի գրոհից։ Աղետն Ինձանից է գալիս, և Ես եմ այն ներդաշնակեցրել։ Եթե Իմ աչքում բարի չերևաք, դուք չեք խուսափի աղետից։ Նեղության մեջ ձեր վարքն ու գործերը լիովին պատշաճ չեղան, որովհետև ձեր հավատքն ու սերը դատարկ էին, և դուք միայն ցույց տվեցիք ձեզ կամ երկչոտ, կամ էլ ուժեղ։ Այս առնչությամբ Ես միայն դատողություն պիտի անեմ՝ ըստ լավի կամ վատի։ Այն, ինչ դեռևս մտահոգում է Ինձ, ձեզնից յուրաքանչյուրի գործողություններն ու գործերն են և բոլոր դրսևորումները, որոնց հիման վրա էլ պիտի որոշեմ ձեր ելքերը։ Սակայն պետք է հստակեցնեմ․ նրանց հանդեպ, ովքեր նեղության ժամանակ Ինձ չցուցաբերեցին նույնիսկ ամենափոքր հավատարմությունը, Ես այլևս ողորմածություն չեմ ցուցաբերի, որովհետև Իմ ողորմածությունն էլ սահման ունի։ Բացի այդ, Ես համակրանք չունեմ նրանց հանդեպ, ովքեր երբևէ դավաճանել են Ինձ, և առավել ևս Ինձ դուր չի գալիս առնչվել նրանց հետ, ովքեր դավաճանում են իրենց բարեկամների շահերը։ Այդպիսին է Իմ բնույթը՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը։ Սա պիտի ձեզ ասեմ․ ով ամբողջովին կոտրում է Իմ սիրտը, Ինձնից երկրորդ անգամ ներողամտություն չի ստանա, իսկ յուրաքանչյուրը, ով հավատարիմ է եղել Ինձ, հավիտյան կմնա Իմ սրտում։