Կրոնական ծառայությունը պետք է վերացվի
Տիեզերքում Իր գործը սկսելուց ի վեր Աստված նախասահմանել է շատերին Իրեն ծառայելու համար, ներառյալ կյանքի բոլոր խավերի մարդկանց, այն նպատակով, որ Իր մտադրությունները բավարարվեն, և երկրի վրա Իր գործը սահուն կերպով ավարտին հասցվի․ սա է Աստծու նպատակը, երբ Նա մարդկանց ընտրում է Իրեն ծառայելու համար։ Աստծուն ծառայող յուրաքանչյուր ոք պետք է հասկանա Նրա այս մտադրությունը։ Աստծու այս գործի միջոցով մարդիկ ավելի հստակ են տեսնում Նրա իմաստությունն ու ամենակարողությունը և երկրի վրա Նրա գործի սկզբունքները։ Գործնական կերպով Աստված եկել է երկիր Իր աշխատանքն անելու և մարդկանց հետ շփվելու համար, որպեսզի նրանք ավելի հստակ ճանաչեն Նրա գործերը։ Այսօր դուք՝ մարդկանց այս խումբը, բախտավոր եք ծառայելու Գործնական Աստծուն։ Սա անգնահատելի օրհնություն է ձեզ համար․ դա իսկապես Աստծու կողմից ձեր բարձրացումն է։ Իրեն ծառայելու համար մարդ ընտրելիս Աստված միշտ ունի Իր սկզբունքները։ Բացարձակապես այնպես չէ, ինչպես մարդիկ են պատկերացնում, թե մարդը կարող է ծառայել Աստծուն միայն խանդավառություն ունենալու դեպքում։ Այսօր դուք տեսնում եք, որ Աստծու առաջ ծառայող բոլոր մարդիկ դա անում են Աստծու առաջնորդության շնորհիվ, ունեն Սուրբ Հոգու գործը և ճշմարտությանը ձգտող մարդիկ են։ Սրանք նվազագույն պայմաններն են բոլոր նրանց համար, ովքեր ծառայում են Աստծուն։
Աստծուն ծառայելը պարզ խնդիր չէ։ Նրանք, ում ապականված բնավորությունը մնում է անփոփոխ, երբեք չեն կարող ծառայել Աստծուն։ Եթե քո բնավորությունը չի դատվել և պատժվել Աստծու խոսքերով, ապա քո բնավորությունը դեռ ներկայացնում է Սատանային, ինչն ապացուցում է, որ քո ծառայությունն Աստծուն պարզապես քո սեփական բարի մտադրությունների մատուցումն է, որ քո ծառայությունը հիմնված է քո սատանայական բնության վրա։ Դու ծառայում ես Աստծուն քո բնական բնութագրով և համաձայն քո անձնական նախասիրությունների։ Ավելին՝ դու միշտ կարծում ես, որ այն ամենն, ինչ դու պատրաստակամ ես անել, հաճելի են Աստծուն, և որ այն ամենն, ինչ չես ցանկանում անել, նողկալի են Աստծու համար․ դու աշխատում ես՝ ամբողջովին քո սեփական նախասիրությունների համաձայն։ Կարո՞ղ է արդյոք սա կոչվել Աստծուն ծառայել։ Ի վերջո, քո կյանքի բնույթի մեջ չի լինի անգամ ամենափոքր փոփոխությունը. փոխարենը՝ քո ծառայությունն այն ավելի համառ կդարձնի՝ այդպիսով խորապես արմատավորելով քո ապականված բնավորությունը, և այսպիսով, քո ներսում կձևավորվեն Աստծուն ծառայելու կանոններ, որոնք հիմնականում հիմնված են քո սեփական բնութագրի վրա, և փորձառություն, որը բխում է քո սեփական բնավորության համաձայն` քո ծառայությունից։ Սրանք մարդու փորձառությունն ու դասերն են։ Դա մարդու աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունն է։ Այսպիսի մարդիկ փարիսեցիներ և կրոնական պաշտոնյաներ են։ Եթե նրանք հիմա չարթնանան և չապաշխարեն, ապա վերջին օրերում հաստատ կվերածվեն մարդկանց մոլորեցնող կեղծ քրիստոսների և հակաքրիստոսների։ Այն կեղծ քրիստոսներն ու հակաքրիստոսները, որոնց մասին խոսվել է, ի հայտ կգան հենց այդպիսի մարդկանց միջից։ Եթե Աստծուն ծառայողները հետևեն իրենց սեփական բնութագրին և գործեն՝ իրենց սեփական կամքի համաձայն, նրանք ցանկացած պահի դուրս թողնվելու վտանգի տակ են։ Նրանք, ովքեր Աստծուն ծառայելիս ապավինում են իրենց երկար տարիների փորձառությանն ուրիշների սրտերը շահելու, նրանց խրատելու և կաշկանդելու, ինչպես նաև բարձր դիրք գրավելու համար, և ովքեր երբեք չեն ապաշխարում, երբեք չեն խոստովանում իրենց մեղքերը, երբեք չեն հրաժարվում կարգավիճակի օգուտներից, այդ մարդիկ կընկնեն Աստծու առաջ։ Նրանք Պողոսի տեսակից են՝ իրենց ավագությանն ապավինելով և իրենց վաստակով ուրիշների վրա իշխելով։ Աստված չի կատարելագործում այսպիսի մարդկանց։ Նման ծառայությունն Աստծու աշխատանքի խաթարում է։ Մարդիկ միշտ կառչում են հնից։ Նրանք կառչում են անցյալի պատկերացումներից, անցած ժամանակների ամեն ինչից։ Սա մեծ խոչընդոտ է նրանց ծառայության համար։ Եթե դու դեն չնետես դրանք, այս ամենը կկործանի քո ամբողջ կյանքը։ Նույնիսկ եթե կոտրես ոտքերդ վազվզելուց, կոտրես մեջքդ աշխատանքից կամ նույնիսկ նահատակվես հանուն Աստծուն «ծառայելու», Աստված ամենևին հավանության չի արժանացնի քեզ։ Ճիշտ հակառակը՝ Նա կասի, որ դու չարագործ ես։
Այսօրվանից սկսած՝ Աստված պաշտոնապես կկատարելագործի նրանց, ովքեր չունեն կրոնական պատկերացումներ, ովքեր պատրաստակամ են մի կողմ դնել իրենց հին եսը, և ովքեր պարզամտորեն հնազանդվում են Աստծուն։ Նա կկատարելագործի նրանց, ովքեր փափագ ունեն Աստծու խոսքերի հանդեպ։ Այս մարդիկ պետք է ոտքի կանգնեն և ծառայեն Աստծուն։ Աստծու մեջ կա անվերջանալի առատություն և անսահման իմաստություն։ Նրա զարմանահրաշ գործը և թանկարժեք խոսքերը սպասում են, որ ավելի մեծ թվով մարդիկ վայելեն դրանք։ Ներկա դրությամբ նրանք, ովքեր ունեն կրոնական պատկերացումներ, ովքեր ապավինում են իրենց ավագությանը և ովքեր չեն կարողանում մի կողմ դնել իրենց, դժվարանում են ընդունել այս նոր իրողությունները։ Սուրբ Հոգին հնարավորություն չունի կատարելագործելու այս մարդկանց։ Եթե մարդը հնազանդվելու վճռականություն չունի և չունի ծարավ Աստծու խոսքերի հանդեպ, ապա նա այս նոր իրողություններն ընդունելու ոչ մի միջոց չունի. նրանք պարզապես կդառնան ավելի ու ավելի ապստամբ, ավելի ու ավելի նենգ և այդպիսով կհայտնվեն սխալ ուղու վրա։ Այժմ Իր գործն անելիս Աստված կբարձրացնի ավելի շատ մարդկանց, որոնք ճշմարտապես սիրում են Իրեն և կարող են ընդունել նոր լույսը, և Նա ամբողջովին կտապալի այն կրոնական պաշտոնյաներին, որոնք ապավինում են իրենց ավագությանը։ Նա չի ցանկանում նման մարդկանցից և ոչ մեկին, ովքեր համառորեն դիմադրում են փոփոխությանը։ Դու ցանկանո՞ւմ ես լինել այս մարդկանցից մեկը։ Արդյո՞ք ծառայությունդ իրականացնում ես՝ քո սեփական նախասիրությունների համաձայն, թե՞ ինչպես Աստված է պահանջում։ Սա մի բան է, որ դու ինքդ պետք է իմանաս։ Կրոնական պաշտոնյա՞ ես, թե՞ նորածին մանուկ, ում Աստված կատարելագործում է։ Ծառայությանդ որքա՞ն մասն է արժանանում Սուրբ Հոգու հավանությանը։ Դրա որքա՞ն մասը բացարձակապես չի հիշվի Աստծու կողմից։ Ծառայությանդ բոլոր տարիների արդյունքում որքա՞ն մեծ է եղել փոփոխությունը քո կյանքում։ Դու հստակորեն հասկանո՞ւմ ես այս ամենը։ Եթե ճշմարտորեն հավատում ես, ապա մի կողմ կնետես անցյալից մնացած հին կրոնական պատկերացումներդ և նոր ձևով ավելի լավ կծառայես Աստծուն ։ Այժմ ոտքի կանգնելը դեռ շատ ուշ չէ։ Հին կրոնական պատկերացումները կարող են կործանել մարդու ամբողջ կյանքը։ Մարդու ձեռք բերած փորձառությունը կարող է ստիպել նրան հեռանալ Աստծուց և գործեր անելիս ապավինել ինքն իրեն ։ Եթե մի կողմ չդնես նման իրողությունները, դրանք խոչընդոտ կդառնան քո կյանքի աճի համար։ Աստված միշտ կատարելագործում է նրանց, ովքեր ծառայում են Իրեն, և հեշտությամբ չի դուրս թողնում նրանց։ Եթե դու ճշմարտապես ընդունես Աստծու խոսքերի դատաստանն ու պատիժը, եթե կարողանաս մի կողմ դնել քո անցյալի կրոնական կիրարկումներն ու կանոնները և դադարես օգտագործել քո նախկին կրոնական պատկերացումները՝ որպես Աստծու այսօրվա խոսքերի չափանիշ, միայն այդ ժամանակ կունենաս հեռանկարներ, որոնց մասին արժե խոսել։ Բայց եթե դու կառչես անցյալից մնացած հին իրողություններից, եթե դեռ թանկ գնահատես դրանք, ապա ոչ մի կերպ չես կարող փրկվել։ Աստված ուշադրություն չի դարձնում նման մարդկանց։ Եթե իսկապես պատրաստակամ ես կատարյալ դարձվելու, ապա պետք է վճռես ամբողջովին թողնել անցյալից մնանցած ամեն ինչը։ Նույնիսկ եթե նախկինում արվածը ճիշտ էր, նույնիսկ եթե դա արվել էր Աստծու կողմից, դարձյալ պետք է կարողանաս մի կողմ դնել այն և չկառչել դրանից։ Նույնիսկ եթե դա հստակորեն Սուրբ Հոգու գործն էր՝ արված անմիջապես Սուրբ Հոգու կողմից, այսօր դու պետք է մի կողմ դնես այն։ Դու չպետք է կառչես դրանից։ Սա է Աստծու պահանջը։ Ամեն ինչ պետք է նորացվի։ Աստծու գործում և Աստծու խոսքերում Նա ընդհանրապես չի հիշատակում նախկինում եղած հին իրողությունները, Նա չի անդրադառնում հին տոմարին. Աստված այն Աստվածն է, Ով միշտ նոր է և երբեք հին չէ և չի կառչում անգամ անցյալի Իր իսկ խոսքերից, ինչը ցույց է տալիս, որ Աստված չի հետևում ոչ մի կանոնի։ Ուստի, եթե դու՝ որպես մարդկային էակ, միշտ կառչում ես անցյալի իրողություններից և հրաժարվում ես բաց թողնել դրանք, և կոշտ կերպով կիրառում ես դրանք բանաձևի պես, իսկ Աստված չի գործում այն միջոցներով, որոնցով Նա նախկինում էր գործում, ապա արդյո՞ք քո խոսքերն ու գործողությունները խաթարող չեն։ Արդյո՞ք դրանք հակառակ չեն Աստծուն։ Դու պատրա՞ստ ես թույլ տալ, որ քո ամբողջ կյանքը կործանվի այս հին իրողությունների պատճառով։ Դրանք քեզ կդարձնեն մեկը, ով խաթարում է Աստծու գործը. արդյո՞ք դա այն մարդն է, որը դու ցանկանում ես լինել։ Եթե դու իսկապես չես ցանկանում դա, ապա արագ դադարեցրու՛ այն, ինչ անում ես, և շրջվի՛ր. սկսի՛ր ամեն ինչ նորից։ Աստված չի հիշի քո անցյալի ծառայությունը։