Թագավորության դարաշրջանը Խոսքի դարաշրջանն է
Թագավորության դարաշրջանում Աստված խոսքեր է օգտագործում՝ նոր դարաշրջանը բերելու, Իր աշխատանքի միջոցները փոխելու և ամբողջ դարաշրջանի գործը կատարելու համար։ Սա այն սկզբունքն է, որով Աստված գործում է Խոսքի դարաշրջանում։ Նա մսեղի դարձավ և խոսում է տարբեր տեսանկյուններից, որպեսզի մարդուն ունակ դարձնի ճշմարտապես տեսնելու Աստծուն, ով մսեղիում հայտնված Խոսքն է, և հայելու Նրա իմաստությանն ու հրաշալիությանը։ Աստված այս կերպ է գործում, որպեսզի ավելի լավ հասնի մարդկանց նվաճելու, կատարելագործելու և վերացնելու նպատակներին։ Սա է Խոսքի դարաշրջանում գործելու նպատակով խոսքեր օգտագործելու ճշմարիտ նշանակությունը։ Խոսքերի միջոցով մարդիկ սկսում են ճանաչել Աստծու գործը, Աստծու խառնվածքը, մարդու էությունը և այն, ինչի մեջ մարդը պարտավոր է մտնել։ Խոսքերի միջոցով իրականացվում է այն ամբողջ գործը, որն Աստված ցանկանում է անել Խոսքի դարաշրջանում։ Խոսքերի միջոցով մարդիկ բացահայտվում են, վերացվում և փորձվում։ Մարդիկ տեսել են այս խոսքերը, լսել դրանք և ընդունել դրանց գոյությունը։ Որպես արդյունք՝ նրանք սկսել են հավատալ Աստծու գոյությանը, Աստծու ամենակարողությանը և իմաստությանը, ինչպես նաև Աստծու սրտին, որ սիրում և փրկում է մարդուն։ «Խոսքեր» եզրույթը կարող է սովորական ու պարզ թվալ, սակայն մարմնացած Աստծու բերանից հնչած խոսքերը ցնցում են տիեզերքը, փոխակերպում մարդկանց սրտերը, նրանց պատկերացումները, հին դիրքորոշումը, այն կերպը, որով ամբողջ աշխարհը նախկինում երևում էր։ Դարերի ընթացքում միայն այսօրվա Աստված է այսպես գործում, և միայն Նա է այսպես խոսում ու այսպես փրկում մարդուն։ Այսուհետ մարդն ապրում է Աստծու խոսքերի առաջնորդությամբ, Նրա խոսքերի հովվությամբ և ապահովմամբ․ բոլոր մարդիկ ապրում են Աստծու խոսքերի աշխարհում՝ Նրա խոսքերի անեծքների և օրհնությունների միջև, իսկ մարդկանց մեծամասնությունն ապրում է Նրա խոսքերի դատաստանի և պատժի ներքո։ Այս խոսքերն ու այս գործը լիովին մարդու փրկության համար են, Աստծու կամքը կատարելու համար և հին արարված աշխարհի սկզբնական տեսքը փոխելու համար։ Աստված ստեղծեց աշխարհը՝ խոսքեր օգտագործելով, Նա խոսքեր օգտագործելով առաջնորդում է տիեզերքի բոլոր մարդկանց, խոսքերով նվաճում և փրկում է նրանց և, ի վերջո, խոսքերով վախճանին է հասցնելու ողջ հին աշխարհը՝ այսպիսով լիովին իրականացնելով Իր կառավարման ամբողջ ծրագիրը։ Թագավորության ամբողջ դարաշրջանի ընթացքում Աստված խոսքեր է օգտագործում` Իր գործը կատարելու և դրա արդյունքներին հասնելու համար։ Նա հրաշքներ չի գործում և հրաշագործություններ չի կատարում, այլ պարզապես Իր գործը կատարում է խոսքերի միջոցով։ Այս խոսքերի շնորհիվ բոլոր մարդիկ սնվում և մատակարարվում են, ձեռք բերում գիտություն և ճշմարիտ փորձառություն։ Խոսքի դարաշրջանում մարդն առանձնահատուկ կերպով օրհնված է։ Նա ֆիզիկական ցավ չի կրում, այլ պարզապես վայելում է Աստծու խոսքերի առատ մատակարարումը․ առանց կուրորեն որոնելու կամ ճամփորդելու՝ իր հանգստության մեջ տեսնում է Աստծու տեսքը, լսում, թե ինչպես է Նա Իր իսկ բերանով խոսում, ընդունում է այն, ինչ Նա մատակարարում է, և դիտում է, թե ինչպես է Նա անձամբ կատարում Իր գործը։ Սրանք բաներ են, որոնք անցյալ դարերի մարդիկ չէին կարող վայելել, և օրհնություններ են, որոնք նրանք երբեք չէին կարող ստանալ։
Աստված վճռել է մարդուն ավարտուն դարձնել, և անկախ այն բանից, թե որ տեսանկյունից է Նա խոսում, ամեն ինչ մարդկանց կատարյալ դարձնելու համար է։ Հոգու տեսանկյունից ասված խոսքերը մարդկանց համար դժվարըմբռնելի են. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում գտնել կիրարկման ուղին, որովհետև նրանց ընկալողունակությունը սահմանափակ է։ Աստծու գործը տարբեր արդյունքների է հասնում, և Նրա գործի յուրաքանչյուր քայլ ունի իր նպատակը։ Ավելին, խիստ անհրաժեշտ է, որ Նա խոսի տարբեր տեսանկյուններից, որովհետև միայն այդպես կարող է մարդուն կատարելագործել։ Եթե Նա միայն Հոգու տեսանկյունից Իր ձայնը հնչեցներ, ապա Աստծու գործի այս փուլը հնարավոր չէր լինի ավարտին հասցնել։ Նրա խոսքի հնչերանգից կարող ես տեսնել, որ Նա վճռականորեն ուզում է մարդկանց այս խմբին ավարտուն դարձնել։ Ուրեմն ո՞րը պետք է լինի նրանցից յուրաքանչյուրի առաջին քայլը, ովքեր ցանկանում են կատարյալ դարձվել։ Ամեն ինչից առավել՝ պետք է ճանաչեք Աստծու գործը։ Այսօր Աստծու գործում նոր եղանակ է սկիզբ առել․ դարաշրջանը փոխվել է, փոխվել է նաև Աստծու գործելաձևը, և փոխվել է Նրա խոսելու եղանակը։ Այսօր ոչ միայն Նրա գործի մեթոդն է փոխվել, այլև դարաշրջանը։ Այժմ Թագավորության դարաշրջանն է։ Սա նաև Աստծուն սիրելու դարաշրջանն է։ Սա Հազարամյա Թագավորության դարաշրջանի համտեսն է, որը նաև Խոսքի դարաշրջանն է, երբ Աստված խոսելու բազմաթիվ միջոցներ է օգտագործում՝ մարդուն կատարելագործելու, և տարբեր տեսանկյուններից խոսում՝ մարդուն մատակարարելու համար։ Հազարամյա թագավորության դարաշրջանը մուտք գործելուց հետո Աստված կսկսի օգտագործել խոսքերը՝ մարդուն կատարյալ դարձնելու համար՝ նրան թույլ տալով մտնել կյանքի իրականության մեջ և առաջնորդելով նրան դեպի ճիշտ ուղին։ Աստծու գործի այսքան քայլեր փորձառելուց հետո մարդը տեսել է, որ Աստծու աշխատանքն անփոփոխ չի մնում, այլ անդադար զարգանում և խորանում է։ Այն բանից հետո, երբ մարդիկ այսքան երկար ժամանակ այն փորձառել են, գործը բազմիցս շրջադարձ է կատարել՝ կրկին ու կրկին փոխվելով։ Սակայն որքան էլ այն փոխվի, երբեք չի շեղվում մարդկությանը փրկություն բերելու Աստծու նպատակից։ Թեկուզ բյուրավոր փոփոխությունների միջով անցնի, այն երբեք չի հեռանում իր սկզբնական նպատակից։ Անկախ այն բանից, թե Աստծու գործի մեթոդը որքան կարող է փոփոխվել, այս գործն երբեք ճշմարտությունից կամ կյանքից չի շեղվում։ Գործն անելու մեթոդի փոփոխությունները պարզապես գործի ձևաչափի և այն տեսանկյան փոփոխությունն են, որոնցից ելնելով՝ Աստված խոսում է․ Աստծու գործի կենտրոնական նպատակը չի փոխվում։ Նրա խոսքի հնչերանգի և գործի մեթոդի փոփոխությունները կատարվում են արդյունքի հասնելու համար։ Ձայնի հնչերանգի փոփոխությունը չի նշանակում գործի հետևում կանգնած նպատակի կամ սկզբունքի փոփոխություն։ Մարդիկ հիմնականում հավատում են Աստծուն՝ կյանքին ձգտելով․ եթե դու հավատում ես Աստծուն, բայց չես ձգտում կյանքին, ճշմարտությանը կամ Աստծուն ճանաչելուն, ապա սա Աստծու հանդեպ հավատք չէ՛։ Եվ արդյոք իրատեսակա՞ն է դեռևս ձգտել թագավոր լինելու համար թագավորություն մտնելուն։ Իրականությունը միայն այն է, որ մարդը կյանքին ձգտելով Աստծու հանդեպ ճշմարիտ սեր է ձեռք բերում․ ճշմարտությանը ձգտելն ու դա կիրարկելը՝ սրանք են ամբողջ իրականությունը։ Կարդալով Աստծու խոսքերը և փորձառելով այդ խոսքերը՝ դուք փաստացի փորձառությամբ կսկսեք ճանաչել Աստծուն, և հենց սա է ճշմարիտ ձգտումը։
Այժմ Թագավորության դարաշրջանն է։ Քո՝ այս նոր դարաշրջան մուտք գործելը կախված է այն բանից, թե արդյոք մտել ես Աստծու խոսքերի իրականության մեջ, և արդյոք Նրա խոսքերը դարձել են քո կյանքի իրականությունը։ Աստծու խոսքերը հայտնի են դարձվում յուրաքանչյուր մարդու, որպեսզի վերջում բոլոր մարդիկ ապրեն Աստծու խոսքերի աշխարհում, և Նրա խոսքերը ներսից լուսավորեն ու պայծառացնեն յուրաքանչյուրին։ Եթե այս ընթացքում դու անփույթ ես Աստծու խոսքերը կարդալու հարցում և հետաքրքրված չես Նրա խոսքերով, ապա սա ցույց է տալիս, որ քո վիճակը սխալ է։ Եթե դու չես կարողանում մտնել Խոսքի դարաշրջան, ապա Սուրբ Հոգին քո մեջ չի գործում․ եթե մտել ես այս դարաշրջան, Նա կանի Իր գործը։ Ի՞նչ կարող ես անել Խոսքի դարաշրջանի սկզբում, որպեսզի ստանաս Սուրբ Հոգու գործը։ Այս դարաշրջանում և ձեր մեջ Աստված պիտի իրականացնի հետևյալ փաստը․ յուրաքանչյուր մարդ պիտի իր կյանքով արտահայտի Աստծու խոսքերը, կարողանա ճշմարտությունը կիրարկել և ամբողջ սրտով սիրի Աստծուն․ բոլորը պիտի Աստծու խոսքերն ընդունեն որպես իրենց հիմք և իրենց իրականություն, ունենան աստվածավախ սրտեր, և Աստծու խոսքերը կիրարկելով՝ մարդն այդժամ պիտի Աստծու հետ թագավորի։ Սա այն գործն է, որ Աստված պիտի իրականացնի։ Կարո՞ղ ես առանց Աստծու խոսքերը կարդալու շարունակել ապրել։ Այսօր շատերն են զգում, որ չեն կարող նույնիսկ մեկ կամ երկու օր անցկացնել՝ առանց Նրա խոսքերը կարդալու։ Նրանք պետք է ամեն օր կարդան Նրա խոսքերը, իսկ եթե ժամանակը թույլ չի տալիս, նրանց համար լսելն էլ բավական է լինում։ Սա այն զգացումն է, որ Սուրբ Հոգին տալիս է մարդկանց, և հենց այսպես է Նա սկսում շարժել նրանց։ Այսինքն՝ Նա խոսքերի միջոցով կառավարում է մարդկանց, որպեսզի նրանք կարողանան մտնել Աստծու խոսքերի իրականության մեջ։ Եթե առանց Աստծու խոսքերը մեկ օր ուտելու և խմելու դու խավար ու ծարավ ես զգում և չես կարողանում հանդուրժել այդ վիճակը, ապա դա ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին շարժել է քեզ ու քեզանից չի հեռացել։ Ուրեմն դու այս հոսքի մեջ ես։ Սակայն, եթե մեկ կամ երկու օր առանց Աստծու խոսքերն ուտելու և խմելու ոչինչ չես զգում, ծարավ չես ունենում և տեղիցդ բոլորովին չես շարժվում, ապա դա ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին քեզնից հեռացել է։ Դա նշանակում է, որ քո ներսի վիճակն ինչ-որ բանով սխալ է․ դու չես մտել Խոսքի դարաշրջան ու նրանցից մեկն ես, ովքեր հետ են մնացել։ Աստված խոսքերով է կառավարում մարդկանց․ երբ դու ուտում և խմում ես Աստծու խոսքերը, լավ ես զգում, իսկ եթե ոչ` անելանելի վիճակում ես։ Աստծու խոսքերը դառնում են մարդկանց կերակուրը և նրանց մղող ուժը։ Աստվածաշունչն ասում է․ «Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից» (ՄԱՏԹԵՈՍ. 4:4): Այսօր Աստված այս գործն ավարտին կհասցնի և այս փաստը պիտի իրականացնի ձեր մեջ։ Ինչո՞ւ էր նախկինում հնարավոր, որ մարդիկ օրերով չկարդային Աստծու խոսքերը և այնուամենայնիվ կարողանային սովորականի պես ուտել և աշխատել, իսկ այսօր այդպես չէ. այս դարաշրջանում Աստված հիմնականում խոսքերով է կառավարում ամեն ինչ։ Մարդը դատվում, կատարելագործվում է Աստծու խոսքերով և ի վերջո հենց այդ խոսքերով է վերցվում թագավորություն։ Միայն Աստծու խոսքերը կարող են մարդու կյանքը մատակարարել, միայն Աստծու խոսքերը կարող են լույս և կիրարկման ուղի տալ, հատկապես Թագավորության դարաշրջանում։ Քանի դեռ դու չես շեղվում Աստծու խոսքերի իրականությունից և ամեն օր ուտում և խմում ես Նրա խոսքերը, Աստված քեզ կատարյալ կդարձնի։
Կյանքի ձգտումը մի բան չէ, որը կարելի է հապճեպ անել․ կյանքի աճը սոսկ մեկ-երկու օրում չի կատարվում։ Աստծու աշխատանքը բնականոն ու գործնական է և ունի իր պարտադիր անցնելիք գործընթացը։ Մարմնացած Հիսուսը երեսուներեք ու կես տարի ծախսեց՝ խաչելության Իր գործն ավարտելու համար․ ապա ի՞նչ կարելի է ասել մարդու մաքրման ու նրա կյանքի փոխակերպման մասին՝ մի գործի, որը ծայրահեղ դժվար է։ Հեշտ գործ չէ բնականոն մարդու դարձնել մեկը, ով արտահայտում է Աստծուն։ Առավել ևս՝ սա վերաբերում է մեծ կարմիր վիշապի երկրում ծնված մարդկանց, ովքեր քիչ արժանիքներ ունեն և պահանջում են Աստծու խոսքերի և գործի երկար ժամանակահատված։ Ուստի անհամբերությամբ արդյունքների մի՛ սպասեք։ Դու պետք է նախաձեռնող լինես Աստծու խոսքերն ուտելու, խմելու հարցում և Աստծու խոսքերի մեջ ավելի շատ ջանք ներդնես։ Նրա խոսքերը կարդալուց հետո պետք է կարողանաս դրանք փաստացի կիրարկել՝ աճելով Աստծու խոսքերի գիտելիքով, ներըմբռնումով, զանազանությամբ և իմաստությամբ ։ Այսպես դու կփոխվես՝ նույնիսկ չգիտակցելով դա։ Եթե Աստծու խոսքերն ուտելը, խմելը, կարդալը, սկսել ճանաչելը, փորձառելն ու կիրարկելը սկզբունքդ դարձնես, կհասնես հասունության՝ առանց դա գիտակցելու։ Ոմանք ասում են, թե նույնիսկ Աստծու խոսքերը կարդալուց հետո չեն կարողանում դրանք կիրարկել։ Ինչո՞ւ ես շտապում. երբ հասնես որոշակի հասակի, կկարողանաս Նրա խոսքերը կիրարկել։ Մի՞թե չորս կամ հինգ տարեկան երեխան կասի, թե չի կարողանում իր ծնողներին աջակցել կամ պատվել։ Դու պետք է հասկանաս, թե որքան մեծ է քո ներկայիս հասակը։ Կիրարկիր այն, ինչ կարող ես, և մի՛ եղիր մեկը, ով խաթարում է Աստծու ղեկավարումը։ Պարզապես կեր ու խմիր Աստծու խոսքերը և այսուհետ դա դարձրու քո սկզբունքը: Առայժմ մի՛ մտահոգվիր, թե արդյոք Աստված կարող է քեզ ավարտուն դարձնել։ Այդ հարցի մեջ դեռ մի՛ խորացիր։ Պարզապես կեր ու խմիր Նրա խոսքերը, երբ դրանք քեզ են հասնում, և Աստված անպայման քեզ ավարտուն կդարձնի։ Սակայն կա մի սկզբունք, որով պետք է ուտես և խմես Նրա խոսքերը․ դա կուրորեն մի՛ արա: Աստծու խոսքերն ուտելիս և խմելիս, մի կողմից՝ որոնիր այն խոսքերը, որոնք պետք է սկսես ճանաչել, այսինքն՝ տեսիլքներին վերաբերողները, իսկ մյուս կողմից՝ որոնիր այն, ինչ պետք է գործնականորեն կիրարկես, այսինքն՝ այն, ինչի մեջ պետք է մտնես։ Մի տեսանկյունը վերաբերում է գիտությանը, մյուսը՝ մտնելուն։ Հենց որ երկուսն էլ ընկալես՝ երբ ընկալես, թե ինչ պետք է իմանաս և թե ինչ պետք է կիրարկես, այդժամ կհասկանաս, թե ինչպես պետք է ուտել և խմել Աստծու խոսքերը։
Այսուհետ Աստծու խոսքերի մասին խոսելը պետք է լինի այն սկզբունքը, որով դու խոսում ես։ Սովորաբար, երբ դուք հավաքվում եք, պետք է Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցություն սկսեք՝ Աստծու խոսքերն ընդունելով որպես ձեր հաղորդակցությունների բովանդակություն, խոսելով այն բանի մասին, թե ինչ գիտեք այդ խոսքերից, ինչպես եք դրանք կիրարկում, և ինչպես է Սուրբ Հոգին գործում։ Քանի դեռ դու հաղորդակցվում ես Աստծու խոսքերի մասին, Սուրբ Հոգին կլուսավորի քեզ։ Աստծու խոսքերի աշխարհին հասնելու համար պահանջվում է մարդու համագործակցությունը։ Եթե դու սրա մեջ չմտնես, Աստված գործելու հնարավորություն չի ունենա. եթե բերանդ փակ պահես ու չխոսես Նրա խոսքերի մասին, Նա քեզ լուսավորելու հնարավորություն չի ունենա։ Ամեն անգամ, երբ այլ բանով զբաղված չես, խոսի՛ր Աստծու խոսքերի մասին և պարզապես դատարկ շաղակրատանքով մի՛ զբաղվիր։ Թող քո կյանքը լցված լինի Աստծու խոսքերով. միայն այդ ժամանակ դու կլինես բարեպաշտ հավատացյալ։ Կարևոր չէ՝ արդյոք քո հաղորդակցությունը մակերեսային է։ Առանց մակերեսայնության խորություն չի լինում։ Պետք է գործընթաց լինի։ Քո ուսուցման միջոցով դու կըմբռնես, որ Սուրբ Հոգու լուսավորությունը քեզ վրա է, և թե ինչպես արդյունավետորեն ուտել և խմել Աստծու խոսքերը։ Որոշ ժամանակ մանրամասն զննությունից հետո կմտնես Աստծու խոսքերի իրականության մեջ։ Միայն եթե համագործակցելու վճռականություն ունենաս, կկարողանաս ընդունել Սուրբ Հոգու գործը։
Աստծու խոսքերն ուտելու և խմելու սկզբունքներից մեկը վերաբերում է ճանաչելուն, իսկ մյուսը՝ մուտքին։ Ո՞ր խոսքերը պետք է սկսես ճանաչել։ Պետք է ճանաչես այն խոսքերը, որոնք վերաբերում են տեսիլքներին (օրինակ՝ այն, թե Աստծու գործն այժմ որ դարաշրջանն է մտել, ինչի է Աստված ցանկանում այժմ հասնել, ինչ է մարմնացումը և այլն. այս ամենը վերաբերում է տեսիլքներին)։ Ի՞նչ է նշանակում այն ուղին, որը մարդը պետք է բռնի: Սա վերաբերում է Աստծու այն խոսքերին, որոնք մարդը պետք է կիրարկի և որոնց մեջ պետք է մտնի։ Վերը նշվածն Աստծու խոսքերն ուտելու և խմելու երկու տեսանկյունն է։ Այսուհետ այս կերպ կերեք ու խմեք Աստծու խոսքերը։ Եթե հստակ հասկանում եք Նրա խոսքերը, որոնք վերաբերում են տեսիլքներին, ապա անընդհատ կարդալու կարիք չկա։ Առաջնահերթ կարևորություն ունի մուտքին վերաբերող խոսքերն ավելի շատ ուտելն ու խմելը, օրինակ՝ ինչպես ձեր սիրտը դարձնել դեպի Աստված, ինչպես այն հանգստացնել Աստծու առաջ, և ինչպես ապստամբել մսեղիի դեմ։ Սրանք այն բաներն են, որոնք պետք է կիրարկեք։ Առանց իմանալու, թե ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը, իսկական հաղորդակցությունն անհնար է։ Հենց որ իմանաք, թե ինչպես ուտել և խմել Նրա խոսքերը, երբ ըմբռնեք հիմնականը, հաղորդակցությունը կդառնա ազատ, և ինչ խնդիր էլ բարձրացվի, կկարողանաք հաղորդակցվել և ըմբռնել իրականությունը։ Եթե Աստծու խոսքերի մասին հաղորդակցվելիս իրականություն չունեք, ապա չեք ըմբռնել հիմնականը, ինչը ցույց է տալիս, որ չգիտես, թե ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը։ Ոմանք կարող են հոգնել Աստծու խոսքերը կարդալուց, ինչը բնականոն վիճակ չէ։ Բնականոնն այն է, որ երբեք չհոգնեք Աստծու խոսքերը կարդալուց, միշտ դրանց ծարավն ունենաք և միշտ համարեք, որ Աստծու խոսքերը լավն են։ Այսպես է նա, ով իրական մուտք ունի, ուտում և խմում Աստծու խոսքերը։ Երբ զգում ես, որ Աստծու խոսքերը չափազանց գործնական են և հենց այն են, որոնց մեջ մարդը պետք է մտնի, երբ զգում ես, որ Նրա խոսքերը մեծապես օգտակար ու շահավետ են մարդու համար, և որ դրանք մարդու կյանքի ապահովումն են, այդ զգացումը տալիս է հենց Սուրբ Հոգին, և Սուրբ Հոգին է քեզ շարժում։ Սա ապացուցում է, որ Սուրբ Հոգին գործում է քո մեջ, և որ Աստված չի հեռացել քեզանից։ Ոմանք, տեսնելով, որ Աստված մշտապես խոսում է, հոգնում են Նրա խոսքերից և կարծում, թե էական չէ՝ կկարդան դրանք, թե ոչ, ինչը բնականոն վիճակ չէ։ Նրանք չունեն իրականության մեջ մտնելու ծարավ սիրտ, և այդպիսի մարդիկ ո՛չ ծարավում են, ոչ էլ կատարելագործվելը կարևորում։ Ամեն անգամ, երբ զգում ես, որ Աստծու խոսքերի ծարավ չունես, դա ցույց է տալիս, որ դու բնականոն վիճակում չես։ Նախկինում կարելի էր որոշել՝ արդյոք Աստված հեռացել էր քեզանից, ըստ այն բանի, թե ներքուստ խաղաղ էիր և արդյոք վայելք ապրում էիր։ Այժմ առանցքայինն այն է, թե արդյոք Աստծու խոսքերի ծարավ ունես, արդյոք Նրա խոսքերը քո իրականությունն են, արդյոք դու հավատարիմ ես և արդյոք ի վիճակի ես անելու այն ամենն, ինչ կարող ես Աստծու համար։ Այլ կերպ ասած՝ մարդը դատվում է Աստծու խոսքերի իրականությամբ։ Աստված Իր խոսքերն ուղղում է ողջ մարդկությանը։ Եթե պատրաստ ես կարդալու դրանք, Նա քեզ կլուսավորի, իսկ եթե՝ ոչ, չի լուսավորի։ Աստված լուսավորում է նրանց, ովքեր արդարության քաղց ու ծարավ ունեն, և լուսավորում է նրանց, ովքեր փնտրում են Իրեն։ Ոմանք ասում են, թե Աստված նրանց չի լուսավորել նույնիսկ այն բանից հետո, երբ կարդացել են Նրա խոսքերը։ Բայց ինչպե՞ս ես կարդացել այդ խոսքերը։ Եթե Նրա խոսքերն այնպես ես կարդացել, ինչպես ձիու վրա նստած մարդը նայում է ծաղիկներին, և ոչ մի կարևորություն չես տվել իրականությանը, ինչպե՞ս կարող էր Աստված քեզ լուսավորել։ Ինչպե՞ս կարող է Աստված կատարյալ դարձնել մեկին, ով բարձր չի գնահատում Նրա խոսքերը։ Եթե դու բարձր չգնահատես Աստծու խոսքերը, ո՛չ ճշմարտություն կունենաս, ո՛չ իրականություն։ Եթե բարձր գնահատես Նրա խոսքերը, կկարողանաս կիրարկել ճշմարտությունը և միայն այդ ժամանակ կունենաս իրականություն։ Ահա թե ինչու պետք է մշտապես ուտես և խմես Աստծու խոսքերը՝ անկախ այն բանից՝ զբաղված ես, թե ոչ, անկախ այն բանից՝ հանգամանքներն անբարենպաստ են, թե ոչ, և անկախ այն բանից՝ փորձությունների մեջ ես, թե ոչ։ Ամփոփելով ասենք, որ Աստծու խոսքերը մարդու գոյության հիմքն են։ Ոչ ոք չի կարող երես դարձնել Նրա խոսքերից, բայց պետք է այնպես ուտի Նրա խոսքերը, ինչպես օրական երեք անգամ կերակուր է ուտում։ Կարո՞ղ էր արդյոք Աստծու կողմից կատարյալ դարձվելն ու ձեռք բերվելն այդքան հեշտ լինել։ Անկախ այն բանից՝ ներկայում հասկանում ես, թե ոչ, և անկախ այն բանից՝ Աստծու գործի ներսը տեսնում ես, թե ոչ, պետք է հնարավորինս շատ ուտես և խմես Աստծու խոսքերը։ Սա նախաձեռնող կերպով մուտք գործելն է։ Աստծու խոսքերը կարդալուց հետո շտապիր կիրարկել այն, ինչի մեջ կարող ես մտնել, և ժամանակավորապես մի կողմ դիր այն, ինչի մեջ չես կարող։ Սկզբում Աստծու խոսքերից շատերը գուցե չհասկանաս, բայց երկու կամ երեք ամիս հետո, գուցե նույնիսկ մեկ տարի անց, կհասկանաս։ Ինչպե՞ս կարող է դա լինել։ Պատճառն այն է, որ Աստված չի կարող մարդկանց մեկ կամ երկու օրում կատարյալ դարձնել։ Շատ դեպքերում, երբ կարդում ես Նրա խոսքերը, գուցե անմիջապես չես հասկանում։ Այդ ժամանակ դրանք կարող են սոսկ տեքստ թվալ, ոչինչ ավելին. դու պետք է որոշ ժամանակ փորձառաբար ապրես դրանք, մինչև կարողանաս հասկանալ։ Քանի որ Աստված այնքան շատ է խոսել, դու պետք է առավելագույն ջանք գործադրես՝ ուտելու և խմելու Նրա խոսքերը, և ապա, առանց դա գիտակցելու, կսկսես հասկանալ, և առանց դա գիտակցելու՝ Սուրբ Հոգին կլուսավորի քեզ։ Երբ Սուրբ Հոգին լուսավորում է մարդուն, մարդը հաճախ տեղյակ չի լինում։ Նա լուսավորում և ուղղորդում է քեզ, երբ ծարավում և փնտրում ես։ Սուրբ Հոգու գործելու սկզբունքը կենտրոնացած է Աստծու այն խոսքերի վրա, որոնք ուտում և խմում ես։ Բոլոր նրանք, ովքեր կարևորություն չեն տալիս Աստծու խոսքերին և միշտ տարբեր վերաբերմունք են ցուցաբերում Նրա խոսքերի հանդեպ՝ իրենց խառնաշփոթ մտածողությամբ համարելով, թե կարևոր չէ՝ կկարդան նրանք, թե ոչ, այն մարդիկ են, ովքեր իրականություն չունեն։ Այդպիսի մարդու մեջ ո՛չ Սուրբ Հոգու գործը, ո՛չ էլ Նրա լուսավորությունը կարելի է տեսնել։ Նման մարդիկ պարզապես հոսանքի հետ են գնում, ձևացնողներ են՝ առանց իրական որակների, ինչպես առակի Նանգու պարոնը։ [ա]
Եթե Աստծու խոսքերը ձեր իրականությունը չեն, ապա դուք իրական հասակ չունեք։ Երբ գա փորձվելու ժամանակը, դու, անկասկած, կընկնես, և այդ ժամանակ քո իրական հասակը կբացահայտվի։ Բայց նրանք, ովքեր կանոնավորապես ձգտում են մտնել իրականության մեջ, երբ փորձություններով պաշարվեն, կսկսեն հասկանալ Աստծու գործի նպատակը։ Նա, ով ունի խիղճ, և ով ծարավ է Աստծուն, պետք է գործնական քայլեր ձեռնարկի՝ Աստծուն Նրա սիրո համար հատուցելու։ Նրանք, ովքեր չունեն իրականություն, չեն կարող հաստատուն կանգնել նույնիսկ մանրուքներում։ Այսպիսին է տարբերությունն իրական հասակ ունեցողների և չունեցողների միջև։ Ինչո՞ւ են ոմանք կարողանում կանգուն մնալ փորձությունների մեջ, իսկ ուրիշները փախչում են, թեկուզ երկուսն էլ ուտում և խմում են Աստծու խոսքերը։ Ակնհայտ տարբերությունն այն է, որ ոմանք չունեն իրական հասակ. նրանք չունեն Աստծու խոսքերն որպես իրենց իրականություն ծառայեցնելու, և Նրա խոսքերը արմատ չեն գցել նրանց մեջ։ Հենց որ նրանք փորձության են ենթարկվում, հասնում են իրենց ուղու ավարտին։ Իսկ ինչո՞ւ են ոմանք կարողանում կանգուն մնալ փորձությունների մեջ։ Դրա պատճառն այն է, որ նրանք հասկանում են ճշմարտությունը, ունեն տեսություն և հասկանում են Աստծու մտադրությունները, Նրա պահանջները, ուստի կարողանում են փորձությունների միջով անցնելիս կանգուն մնալ։ Սա է իրական հասակը, և սա է նաև կյանքը։ Ոմանք կարող են նաև կարդալ Աստծու խոսքերը, բայց չեն կիրարկում դրանք, լուրջ չեն ընդունում. նրանք, ովքեր դրանք լուրջ չեն ընդունում, կարևորություն չեն տալիս կիրարկմանը։ Նրանք, ովքեր չունեն Աստծու խոսքերը որպես իրենց իրականություն ծառայեցնելու, իրական հասակ չունեն, և այդպիսի մարդիկ չեն կարող փորձությունների միջով անցնելիս կանգուն մնալ։
Երբ Աստծու խոսքերն երևան են գալիս, պետք է անմիջապես ընդունես, ուտես ու խմես դրանք։ Անկախ այն բանից, թե որքան ես հասկանում, միակ տեսակետը, որին պետք է ամուր կառչես, Նրա խոսքերն ուտելը և խմելն է, իմանալն ու կիրարկելը։ Սա մի բան է, որը պետք է կարողանաս անել։ Երբեք մի՛ մտահոգվիր, թե որքան կմեծանա քո հասակը. պարզապես կենտրոնացիր Նրա խոսքերն ուտելու և խմելու վրա։ Ահա, թե ինչպես մարդը պետք է համագործակցի։ Քո հոգևոր կյանքը հիմնականում այն է, որ փորձես մտնել Աստծու խոսքերն ուտելու, խմելու և կիրարկելու իրականության մեջ։ Որևէ այլ բանի վրա կենտրոնանալը քո գործը չէ։ Եկեղեցու առաջնորդները պետք է կարողանան ուղղորդել իրենց բոլոր եղբայրներին ու քույրերին, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը։ Սա ամեն մի եկեղեցու առաջնորդի պատասխանատվությունն է։ Անկախ այն բանից՝ նրանք երիտասարդ են, թե տարեց, բոլորը պետք է Աստծու խոսքերն ուտելուն և խմելուն մեծ կարևորություն տան և Նրա խոսքերն իրենց սրտերում պահեն։ Այս իրականության մեջ մտնելը նշանակում է մտնել Թագավորության դարաշրջան։ Այսօր մարդկանց մեծ մասը զգում է, որ չի կարող ապրել առանց Աստծու խոսքերն ուտելու, խմելու, և զգում է, որ Նրա խոսքերը թարմ են՝ ժամանակից անկախ։ Դա նշանակում է, որ նրանք սկսում են ճիշտ ուղին բռնել։ Աստված օգտագործում է խոսքերն՝ Իր գործն անելու և մարդուն ապահովելու համար։ Երբ բոլորը փափագեն ու ծարավեն Աստծու խոսքերին, մարդկությունը կմտնի Նրա խոսքերի աշխարհը։
Աստված շատ է խոսել։ Դու որքանո՞վ ես սկսել ճանաչել։ Որքանո՞վ ես մտել դրա մեջ։ Եթե եկեղեցու առաջնորդը չի ուղղորդել իր եղբայրներին ու քույրերին դեպի Աստծու խոսքերի իրականությունը, ապա անտեսե՜լ է իր պարտականությունը և չի՜ կատարել իր պարտականությունները։ Անկախ այն բանից՝ քո հասկացողությունը խոր է, թե մակերեսային, անկախ այն բանից՝ ինչ աստիճանի ես ընկալում, պետք է իմանաս, թե ինչպես ուտել և խմել Նրա խոսքերը, պետք է մեծ ուշադրություն դարձնես Նրա խոսքերին ու հասկանաս դրանք ուտելու, խմելու կարևորությունը և անհրաժեշտությունը։ Քանի որ Աստված այդքան շատ է խոսել, եթե դու չուտես և չխմես Նրա խոսքերը կամ չփորձես փնտրել կամ կիրարկել Նրա խոսքերը, սա չի կարող կոչվել Աստծուն հավատալ։ Քանի որ դու իսկապես հավատում ես Աստծուն, պետք է ուտես և խմես Նրա խոսքերը, փորձառաբար ապրես Նրա խոսքերն ու քո կյանքով արտահայտես Նրա խոսքերը։ Միայն սա՜ կարելի է անվանել Աստծուն հավատալ։ Եթե քո բերանով ասում ես, թե հավատում ես Աստծուն, բայց չես կարողանում կիրարկել Նրա խոսքերից որևէ մեկը կամ որևէ իրականություն առաջացնել, ապա սա չի կոչվում Աստծուն հավատալ։ Ավելի շուտ՝ սա «հացով կշտանալու փնտրտուք» է։ Եթե խոսում ես միայն աննշան վկայությունների, անօգուտ բաների և մակերեսային հարցերի մասին՝ առանց ունենալու նույնիսկ ամենափոքր իրականություն, ապա Աստծուն հավատալը դրանցից չի կազմված, և դու պարզապես չես ըմբռնել Աստծուն հավատալու ճիշտ ճանապարհը։ Ինչո՞ւ պետք է հնարավորինս շատ ուտես և խմես Աստծու խոսքերը։ Եթե չուտես և չխմես Նրա խոսքերը, այլ միայն ձգտես երկինք բարձրանալու, արդյո՞ք դա Աստծուն հավատալն է։ Ո՞րն է առաջին քայլը, որը պետք է անի Աստծուն հավատացողը։ Ի՞նչ ուղով է Աստված կատարելագործում մարդուն։ Կարո՞ղ ես կատարելագործվել՝ առանց Աստծու խոսքերն ուտելու և խմելու։ Կարո՞ղ ես համարվել թագավորության մարդ՝ առանց Աստծու խոսքերն որպես քո իրականություն ծառայեցնելու։ Ի՞նչ է իրականում նշանակում Աստծուն հավատալ։ Աստծուն հավատացողները պետք է առնվազն արտաքինից լավ վարք ունենան. ամենակարևորը՝ Աստծու խոսքերով տարված լինեն։ Անկախ ամեն ինչից՝ դուք երբեք չեք կարող երես թեքել Նրա խոսքերից։ Աստծուն ճանաչելուն ու Նրա մտադրությունները բավարարելուն հասնում են Նրա խոսքերի միջոցով։ Ապագայում բոլոր ազգերը, հարանվանությունները, կրոններն ու ոլորտները կնվաճվեն Աստծու խոսքերի միջոցով։ Աստված կխոսի անմիջականորեն, և բոլոր մարդիկ կպահեն Աստծու խոսքերն իրենց ձեռքերում, և այս կերպ մարդկությունը կկատարելագործվի։ Ներսից ու դրսից Աստծու խոսքերը տարածվում են ամենուր. մարդկությունն իր բերանով կասի Աստծու խոսքերը, կկիրարկի Աստծու խոսքերի համաձայն և կպահի Աստծու խոսքերն իր ներսում՝ մնալով թաթախված Աստծու խոսքերում թե՛ ներսից, թե՛ դրսից։ Ուստի մարդկությունը կկատարելագործվի։ Նրանք, ովքեր բավարարում են Աստծու մտադրությունները և կարողանում են Նրա վկայությունը կրել, այն մարդիկ են, ովքեր ունեն Աստծու խոսքերը որպես իրենց իրականություն։
Խոսքի դարաշրջան՝ Հազարամյա Թագավորության դարաշրջան մտնելն այն գործն է, որը կատարվում է այսօր։ Այսուհետ կիրարկեք Աստծու խոսքերի մասին հաղորդակցության մեջ ներգրավվելը։ Միայն Աստծու խոսքերն ուտելու, խմելու, ինչպես նաև փորձառաբար ապրելու միջոցով դու կկարողանաս քո կյանքով արտահայտել Աստծու խոսքերը։ Դու պետք է որոշ գործնական փորձառություն առաջացնես, որպեսզի համոզես ուրիշներին։ Եթե չես կարողանում քո կյանքով արտահայտել Աստծու խոսքերի իրականությունը, ոչ ոք չի համոզվի։ Բոլոր նրանք, ում օգտագործում է Աստված, կարողանում են իրենց կյանքով արտահայտել Աստծու խոսքերի իրականությունը։ Եթե չես կարողանում այս իրականությունն առաջացնել և Աստծու վկայությունը կրել, դա ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին չի գործել քո մեջ, և որ դու չես կատարելագործվել։ Սա է Աստծու խոսքերի կարևորությունը։ Արդյոք քո սիրտը ծարա՞վ է Աստծու խոսքերին։ Ովքեր ծարավ են Աստծու խոսքերին, ծարավ են ճշմարտությանը, և միայն այդպիսի մարդիկ են Աստծու կողմից օրհնված։ Ապագայում Աստված է՛լ ավելի շատ խոսքեր կասի բոլոր կրոններին և բոլոր հարանվանություններին։ Նա սկզբից խոսում և հնչեցնում է Իր ձայնը ձեր մեջ՝ ձեզ ավարտուն դարձնելու համար, նախքան կանցնի խոսելուն և Իր ձայնը հնչեցնելուն հեթանոսների մեջ՝ նրանց նվաճելու համար։ Նրա խոսքերի միջոցով բոլորն անկեղծորեն և իսպառ կհամոզվեն։ Աստծու խոսքերի և Նրա բացահայտումների միջոցով մարդու ապականված խառնվածքը նվազում է, նա ձեռք է բերում մարդկային տեսք, և նրա ապստամբ խառնվածքը պակասում է։ Խոսքերն իշխանությամբ գործում են մարդու վրա և Աստծու լույսի մեջ՝ նվաճում մարդուն։ Այն գործը, որն Աստված կատարում է ներկայիս դարաշրջանում, ինչպես նաև Նրա գործի շրջադարձային կետերը, բոլորը կարելի է գտնել Նրա խոսքերի մեջ։ Եթե դու չկարդաս Նրա խոսքերը, ոչինչ չես հասկանա։ Երբ ինքնուրույն ուտես և խմես Նրա խոսքերը, եղբայրների ու քույրերի հետ հաղորդակցվես և քո փաստացի փորձառություններն ունենաս, կհասնես Աստծու խոսքերի լիակատար գիտությանը։ Միայն այդ ժամանակ կկարողանաս իսկապես քո կյանքով արտահայտել դրանց իրականությունը։
Ծանոթագրություններ․
ա. Բնագիր տեքստում «առակի» բառը չկա։