Նրանք, ովքեր անհամատեղելի են Քրիստոսի հետ, անշուշտ, Աստծու հակառակորդներն են

Բոլոր մարդիկ ցանկանում են տեսնել Հիսուսի իրական դեմքը, և բոլորն էլ փափագում են Նրա հետ լինել։ Չեմ կարծում, որ որևէ եղբայր կամ քույր կասի, թե չի ցանկանում տեսնել Հիսուսին կամ լինել Նրա հետ։ Նախքան Հիսուսին տեսնելը, նախքան մարմնացյալ Աստծուն տեսնելը դուք ունենում եք ամեն տեսակի գաղափարներ, օրինակ՝ Հիսուսի արտաքինի, Նրա խոսելաձևի, Նրա ապրելակերպի և այլնի մասին։ Բայց հենց իրականում տեսնեք Նրան, ձեր մտքերը արագ կփոխվեն։ Ինչո՞ւ է այդպես։ Ցանկանո՞ւմ եք իմանալ։ Մարդու մտածողությունը չի կարելի անտեսել, ինչը ճիշտ է, բայց առավել ևս՝ Քրիստոսի էությունը չի հանդուրժում մարդու կողմից փոփոխություն։ Դուք Քրիստոսին համարում եք անմահ կամ իմաստուն, բայց ոչ ոք չի համարում Նրան բնականոն մարդ՝ աստվածային էությամբ։ Այդ պատճառով էլ շատերը, ովքեր օր ու գիշեր փափագում են տեսնել Աստծուն, իրականում Աստծու հետ թշնամության մեջ են և անհամատեղելի են Նրա հետ։ Մի՞թե սա մարդու սխալը չէ։ Նույնիսկ հիմա դուք դեռ կարծում եք, որ ձեր հավատքն ու նվիրվածությունը բավարար են, որպեսզի արժանի լինեք սևեռելու ձեր հայացքը Քրիստոսի դեմքի վրա, սակայն ես ձեզ հորդորում եմ զինվել գործնական ավելի շա՜տ բաներով։ Քանի որ անցյալում, ներկայում և ապագայում շատերը, ովքեր սկսում են շփվել Քրիստոսի հետ, ձախողվել են կամ ձախողվելու են. նրանք բոլորը խաղում են փարիսեցիների դերը։ Ո՞րն է ձեր ձախողման պատճառը։ Դա ճիշտ այն է, որ ձեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներում ունի մի աստված, ով բարձր է և արժանի է հիացմունքի։ Բայց ճշմարտությունն այնպիսին չէ, ինչպես մարդն է ցանկանում։ Քրիստոսը ոչ միայն բարձր չէ, այլև հատկապես փոքր։ Նա ոչ միայն մարդ է, այլև սովորական մարդ․ Նա ոչ միայն չի կարող բարձրանալ երկինք, այլև նույնիսկ չի կարող ազատորեն շարժվել երկրի վրա։ Եվ այդ պատճառով մարդիկ Նրան վերաբերվում են, ինչպես կվերաբերվեին սովորական մարդու. լինելով Նրա հետ՝ նրանք վերաբերվում են անփութորեն և խոսում անզգուշորեն՝ ամբողջ այդ ընթացքում դեռ սպասելով «ճշմարիտ Քրիստոսի» գալստյանը։ Արդեն եկած Քրիստոսին դուք ընդունում եք որպես սովորական մարդ, իսկ Նրա խոսքերը՝ որպես սովորական մարդու խոսքեր։ Այդ պատճառով դուք ոչինչ չեք ստացել Քրիստոսից և փոխարենը ամբողջովին մերկացրել եք ձեր սեփական տգեղությունը լույսի առաջ։

Մինչև Քրիստոսի հետ շփվելը դու գուցե կարծում ես, որ քո խառնվածքը լիովին փոխակերպվել է, որ դու Քրիստոսի հավատարիմ հետևորդն ես, և որ ոչ ոք քեզանից ավելի արժանի չէ ստանալու Քրիստոսի օրհնությունները, որովհետև դու անցել ես շատ ճանապարհներ, կատարել ես շատ աշխատանք և տվել ես շատ պտուղներ։ Այդ պատճառով կարծում ես, որ վերջում անպայման կլինես նրանցից մեկը, ովքեր կստանան պսակը։ Իսկ գիտե՞ս հետևյալ փաստը, որ մարդու ապականված խառնվածքն ու նրա ապստամբությունն ու դիմադրությունը մերկացվում են, երբ նա տեսնում է Քրիստոսին, և այդ պահին նրա ապստամբությունն ու դիմադրությունը մերկացվում են ավելի բացարձակ ու լիովին, քան երբևէ։ Քանի որ Քրիստոսը մարդու Որդին է՝ բնականոն մարդկայնություն ունեցող մարդու Որդի, այդ պատճառով մարդը ո՛չ պատվում է Նրան, ո՛չ էլ հարգում։ Հենց այն պատճառով, որ Աստված ապրում է մսեղիի մեջ, մարդու ապստամբությունը բացահայտվում է այնքան մանրամասն և այնքան ցայտուն կերպով։ Այսպիսով՝ ես ասում եմ, որ Քրիստոսի գալուստը հայտնաբերել է մարդկության ողջ ապստամբությունը և կտրուկ ու ընդգծված կերպով բացահայտել է մարդու բնությունը։ Դա կոչվում է «վագրին լեռից վար բերել» և «գայլին իր որջից դուրս հանել»։ Կհամարձակվե՞ս արդյոք ասել, որ հավատարիմ ես Աստծուն։ Կհամարձակվե՞ս արդյոք ասել, որ բացարձակապես հնազանդվում ես Աստծուն։ Կհամարձակվե՞ս արդյոք ասել, որ ապստամբ չես։ Ոմանք կասեն. «Երբ էլ Աստված ինձ համար միջավայր է ներդաշնակեցնում, ես երբեք չեմ բողոքում և միշտ կարողանում եմ հնազանդվել և, առավել ևս, Աստծու մասին պատկերացումներ չունեմ»։ Ոմանք էլ կասեն. «Ինչ գործ էլ Աստված ինձ հանձնարարի, ես այն կատարում եմ իմ ունակությունների ներածին չափով և երբեք մակերեսային չեմ լինում»։ Այդ դեպքում ես ձեզ հարցնում եմ. կարո՞ղ եք համատեղելի լինել Քրիստոսի հետ, երբ ապրեք Նրա կողքին։ Եվ որքա՞ն ժամանակ կարող եք համատեղելի լինել Նրա հետ. մե՞կ օր, երկո՞ւ օր, մե՞կ ժամ, երկո՞ւ ժամ։ Ձեր հավատքը կարող է արժանի լինել գովեստի, բայց ձեր հաստատակամությունը շատ քիչ է։ Երբ դու իսկապես սկսես ապրել Քրիստոսի հետ, քո ինքնարդարությունն ու մեծամտությունը աստիճանաբար կբացահայտվեն քո խոսքերի և գործողությունների միջոցով, և նույն կերպ քո անհեթեթ ցանկությունները, քո անհնազանդ մտածելակերպը և դժգոհությունը նույնպես բնականորեն կբացահայտվեն։ Վերջում ամբարտավանությունդ ավելի ու ավելի կմեծանա, մինչև որ դու Քրիստոսի հետ կլինես այնքան անհամատեղելի, որքան ջուրը` կրակի հետ, և այդ ժամանակ քո բնությունն ամբողջությամբ կմերկացվի։ Այդ պահին քո պատկերացումները այլևս չեն կարող թաքցվել, բողոքներդ էլ, բնականաբար, դուրս կգան, և քո արհամարհելի մարդկայնությունը լիովին կմերկացվի։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ դու դեռ կհրաժարվես ճանաչել քո սեփական ապստամբությունը՝ փոխարենը մտածելով, թե մարդու համար այսպիսի Քրիստոսին դժվար է ընդունել, որ Նա չափազանց խստապահանջ է, և որ դու լիովին կհնազանդվեիր, եթե Նա ավելի «լավ» Քրիստոս լիներ։ Դուք կարծում եք, թե ձեր ապստամբությունը արդարացված է, և որ դուք ապստամբում եք Նրա դեմ միայն այն ժամանակ, երբ Նա ձեզ չափազանց շատ է ճնշում։ Դուք երբեք չեք մտածել, որ չեք դիտում Քրիստոսին՝ որպես Աստված և չունեք Նրան հնազանդվելու մտադրություն։ Փոխարենը՝ համառորեն պահանջում եք, որ Քրիստոսը գործի քո ցանկություններին համապատասխան, և հենց որ Նա մի բան է անում, որը հակասում է քո մտածողությանը, դու կարծում ես, թե Նա Աստված չէ, այլ մարդ։ Արդյո՞ք ձեզանից շատերը չեն այս կերպ մրցել Նրա հետ։ Վերջապես, ո՞ւմ եք հավատում։ Եվ ի՞նչ կերպ եք ձգտում։

Դուք միշտ ցանկանում եք տեսնել Քրիստոսին, բայց ես ձեզ հորդորում եմ այդքան բարձր ձեզ չգնահատել. ցանկացած մարդ կարող է տեսնել Քրիստոսին, սակայն ես ասում եմ, որ ոչ ոք արժանի չէ տեսնելու Քրիստոսին։ Քանի որ մարդու բնությունը լի է չարությամբ, ամբարտավանությամբ և ապստամբությամբ, այն պահին, երբ տեսնես Քրիստոսին, քո բնությունը քեզ կկործանի և կդատապարտի մահվան։ Քո շփումը եղբոր (կամ քրոջ) հետ կարող է շատ բան չասել քո մասին, բայց դա այդքան էլ պարզ բան չէ, երբ շփվում ես Քրիստոսի հետ։ Ցանկացած պահի քո պատկերացումները կարող են արմատավորվել, քո ամբարտավանությունը՝ ծլել, և ապստամբությունդ՝ թուզ պտղաբերել։ Ինչպե՞ս կարող ես այսպիսի մարդկայնությամբ արժանի լինել Քրիստոսի հետ շփվելուն։ Իսկապես կարո՞ղ ես յուրաքանչյուր օր ամեն պահի վերաբերվել Նրան՝ որպես Աստծու։ Իսկապես ունե՞ս Աստծուն հնազանդվելու իրականությունը։ Դուք բոլորդ ձեր սրտերում երկրպագում եք վեհ աստծուն՝ ինչպես Եհովային, մինչդեռ տեսանելի Քրիստոսին վերաբերվում եք որպես մարդու։ Ձեր ողջամտությունը չափազանց թույլ է, իսկ ձեր մարդկայնությունը՝ չափազանց ցածր։ Դուք անկարող եք մշտապես Քրիստոսին նայել որպես Աստծու. միայն երբեմն, երբ լավ տրամադրություն ունեք, դուք «բռնում» եք Նրան և երկրպագում Նրան՝ որպես Աստծու։ Ահա թե ինչու եմ ասում, որ դուք Աստծու հավատացյալներ չեք, այլ Քրիստոսին հակառակվողների մի խումբ մեղսակիցներ։ Նույնիսկ մարդիկ, որոնք բարություն են անում ուրիշներին, հատուցում են ստանում, սակայն Քրիստոսը, ով այսպիսի գործ է կատարել ձեր մեջ, չի ստացել ո՛չ մարդու սերը, ո՛չ էլ նրա հատուցումն ու հնազանդությունը։ Մի՞թե դա ցավալի չէ։

Հնարավոր է, որ Աստծու հանդեպ քո հավատքի բոլոր տարիների ընթացքում դու երբեք ոչ մեկին չես անիծել և ոչ մի վատ արարք չես գործել, բայց Քրիստոսի հետ քո շփման մեջ դու չես կարողանում խոսել ճշմարտությունը, գործել ազնվորեն կամ հնազանդվել Քրիստոսի խոսքին. այդ դեպքում ես ասում եմ, որ դու աշխարհի ամենանենգ և չարասիրտ մարդն ես։ Դու գուցե բացառիկ սիրալիր և նվիրված ես քո հարազատների, ընկերների, կնոջ (կամ ամուսնու), որդիների, դուստրերի և ծնողների հանդեպ ու երբեք չես շահագործի ուրիշներին, բայց եթե չես կարող համատեղելի լինել Քրիստոսի հետ, եթե չես կարող Նրա հետ ներդաշնակ հարաբերություն ունենալ, ապա նույնիսկ եթե ամբողջ ունեցվածքդ ծախսես հարևաններիդ օգնելու համար կամ մանրակրկտորեն խնամես հորդ, մորդ և ընտանիքիդ անդամներին, ես կասեմ, որ դու դեռևս չար մարդ ես, և ավելին՝ խորամանկ արարքներով լի։ Մի՛ կարծիր, թե դու համատեղելի ես Քրիստոսի հետ միայն այն պատճառով, որ լավ հարաբերությունների մեջ ես ուրիշների հետ կամ մի քանի լավ գործ ես անում։ Մի՞թե կարծում ես, որ քո բարեգործական մտադրությունները կարող են խաբելով հասնել Երկնքի օրհնություններին։ Մի՞թե կարծում ես, որ մի քանի բարի գործ անելը փոխարինում է քո հնազանդությանը։ Ձեզանից ոչ մեկը չի կարող ընդունել էտված լինելը, բոլորդ դժվարանում եք ընդունել Քրիստոսի բնականոն մարդկայնությունը, և այդ ամենի հետ մեկտեղ անընդհատ բարձրաձայնում եք ձեր հնազանդությունը Աստծուն։ Ձեր հավատքի նման հավատքն արժանի պատիժ կիջեցնի։ Դադարեցրե՛ք երևակայական պատրանքներին անձնատուր լինելը և Քրիստոսին տեսնելու ցանկությունը, քանի որ դուք չափազանց փոքր եք ձեր հասակով, այնքան, որ նույնիսկ արժանի չեք Նրան տեսնելու։ Երբ դու ամբողջությամբ ձերբազատվես քո ապստամբությունից և կարողանաս ներդաշնակորեն շփվել Քրիստոսի հետ, այդ պահին Աստված բնականաբար կհայտնվի քեզ։ Եթե գնաս Աստծուն տեսնելու՝ առանց էտման կամ դատաստանի միջով անցնելու, ապա դու անպայման կդառնաս Աստծու հակառակորդը և անպայման կլինես կործանման առարկա։ Մարդու բնությունն ըստ էության թշնամական է Աստծուն, որովհետև բոլոր մարդիկ ենթարկվել են Սատանայի խորագույն ապականությանը։ Եթե մարդը փորձում է շփվել Աստծու հետ իր սեփական ապականության միջից, ապա դրանից հաստատ ոչ մի լավ բան չի կարող բխել. նրա գործողություններն ու խոսքերն անշուշտ ամեն քայլափոխին կբացահայտեն նրա ապականությունը, և Աստծու հետ շփվելիս նրա ապստամբությունը ամեն քայլափոխին կբացահայտվի։ Ակամայից մարդը սկսում է հակառակվել Քրիստոսին, խաբել Քրիստոսին և մերժել Քրիստոսին. և երբ դա տեղի ունենա, մարդը կհայտնվի առավել վտանգավոր իրավիճակում, և եթե դա շարունակվի, նա կդառնա պատժի առարկա։

Ոմանք գուցե մտածեն, որ եթե Աստծու հետ շփումն այդքան վտանգավոր է, ապա ավելի լավ կլինի Աստծուց հեռու մնալ։ Իսկ նման մարդիկ ի՞նչ կարող են ձեռք բերել։ Կարո՞ղ են նրանք հավատարիմ լինել Աստծուն։ Անշուշտ, Աստծու հետ շփվելը շատ դժվար է, բայց դա այն պատճառով է, որ մարդն է ապականված, ոչ թե այն պատճառով, որ Աստված չի կարող շփվել նրա հետ։ Ավելի լավ կլինի, եթե դուք որոշ ջանքեր գործադրեք ինքնաճանաչման ճշմարտության ուղղությամբ։ Ինչո՞ւ Աստված չի գնահատում ձեզ։ Ինչո՞ւ է ձեր խառնվածքն ատելի Նրա համար։ Ինչո՞ւ է ձեր խոսքը Նրա մեջ ատելություն առաջացնում։ Երբ մի փոքր հավատարմություն եք ցույց տալիս, ինքներդ ձեզ եք գովում. երբ փոքր ներդրում եք անում, պարգև եք պահանջում, երբ չնչին հնազանդություն եք դրսևորում, ուրիշներին վերևից եք նայում, իսկ երբ ինչ-որ մանր գործ եք անում, Աստծուն եք արհամարհում։ Աստծուն հյուրընկալելու համար դուք փող, նյութական բաներ և գովասանք եք պահանջում։ Երկու մետաղադրամ տալը ձեզ համար ցավոտ է, իսկ երբ տալիս եք տասը, օրհնություններ եք պահանջում և ցանկանում եք տարբերվել մյուսներից։ Ձեր մարդկայնության տեսակի մասին խոսելն ու լսելն իսկապես նողկալի է։ Ձեր խոսքերի և գործողությունների մեջ կա՞ արդյոք մի բան, որը գովելի է։ Նրանք, ովքեր կատարում են իրենց պարտավորությունը, և նրանք, ովքեր չեն կատարում, նրանք, ովքեր առաջնորդում են, և նրանք, ովքեր հետևում են, նրանք, ովքեր հյուրընկալում են Աստծուն, և նրանք, ովքեր չեն հյուրընկալում, նրանք, ովքեր նվիրատվություն են անում, և նրանք, ովքեր չեն անում, նրանք, ովքեր քարոզում են ճանապարհը, և նրանք, ովքեր ընդունում են ճանապարհը, և այլն, բոլոր այսպիսի մարդիկ գովում են իրենց։ Մի՞թե սա ծիծաղելի չէ։ Շատ լավ իմանալով, որ հավատում եք Աստծուն, դուք, այնուամենայնիվ, չեք կարող համատեղելի լինել Աստծու հետ։ Շատ լավ իմանալով, որ բացարձակապես արժանիք չունեք, այնուամենայնիվ, շարունակում եք պարծենալ։ Չե՞ք զգում, որ ձեր ողջամտությունը հասել է այն կետին, որ այլևս վերահսկելի չէ։ Այսպիսի ողջամտությամբ ինչպե՞ս կարող եք արժանի լինել Աստծու հետ շփվելու։ Այս պահին չե՞ք անհանգստանում ինքներդ ձեզ համար։ Ձեր խառնվածքն արդեն այնքան է վատթարացել, որ դուք անկարող եք համատեղելի լինել Աստծու հետ։ Մի՞թե ձեր հավատքը ծիծաղելի չէ այս դեպքում։ Մի՞թե ձեր հավատքը անհեթեթ չէ։ Ինչպիսի՞ն է ապագայիդ հանդեպ քո մոտեցումը։ Ինչպե՞ս ես ընտրելու ուղին, որով գնալու ես։

Նախորդը.  Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը

Հաջորդը.  Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger