Քրիստոսի արտահայտումները սկզբում․ Գլուխ 103

Մի որոտընդոստ ձայն է հնչում՝ ցնցելով ողջ տիեզերքը, խլացնելով ականջները, և մարդիկ չեն հասցնում խուսափել դրանից։ Ոմանք տապալվում են, ոմանք՝ կործանվում, ոմանք՝ դատվում։ Սա իսկապես մի տեսարան է, որը նախկինում ոչ ոք երբեք չի տեսել։ Ուշադի՛ր լսեք. որոտի ճայթյունն ուղեկցվում է ողբի ձայնով, և այդ ձայնը գալիս է հանդերձյալ աշխարհից. այն գալիս է դժոխքից։ Դա ապստամբության այն որդիների դառնագին լացն է, որոնց Ես դատել եմ։ Նրանք, ովքեր չեն լսել Իմ ասածը և ովքեր չեն կիրարկել Իմ խոսքերը, խստորեն դատվել են և ստացել Իմ ցասման անեծքը։ Իմ ձայնը դատաստան է և ցասում. այն ոչ մեկի հանդեպ ներողամտություն չի ցուցաբերում և ոչ մեկի հանդեպ ողորմածություն չի ցուցաբերում, քանզի Ես Ինքս արդար Աստված եմ, և ցասում, այրում, մաքրագործում և կործանում ունեմ։ Իմ մեջ չկա ոչ մի թաքնված բան, և չկան մսեղավոր զգացմունքներ. ընդհակառակը, կա բացություն, արդարություն, արդարադատություն և անկողմնակալություն։ Քանի որ Իմ անդրանիկ որդիներն արդեն Ինձ հետ գահին են՝ իշխելով բյուր ազգերի և ժողովուրդների վրա, բոլոր անարդար և անիրավ բաներն ու մարդիկ այժմ սկսում են դատվել։ Ես նրանց մեկ առ մեկ կքննեմ՝ ոչինչ բաց չթողնելով և ամբողջովին բացահայտելով։ Քանզի Իմ դատաստանը լիովին բացահայտվել և ամբողջովին հրապարակվել է, և Ես ընդհանրապես ոչինչ չեմ թաքցրել. Ես դուրս կնետեմ բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում Իմ մտադրություններին, և կստիպեմ նրանց հավիտյան կործանվել անհատակ անդունդում։ Այնտեղ Ես նրանց կստիպեմ ընդմիշտ այրվել։ Միայն սա է Իմ արդարությունը, և միայն սա է Իմ արդարամտությունը։ Ոչ ոք չի կարող փոխել սա, և ամեն ինչ պետք է ենթարկվի Ինձ։

Մարդկանց մեծ մասն անտեսում է Իմ խոսքերը՝ մտածելով, թե խոսքերը պարզապես խոսքեր են, իսկ փաստերը՝ փաստեր։ Նրանք կույր են։ Մի՞թե չգիտեն, որ Ես Ինքը՝ հավատարիմ Աստվածն եմ։ Իմ խոսքերն ու փաստերը միաժամանակ են տեղի ունենում։ Մի՞թե սա բացարձակապես ճշմարիտ չէ։ Մարդիկ պարզապես չեն ըմբռնում Իմ խոսքերը, և միայն նրանք, ովքեր լուսավորվել են, կարող են իսկապես հասկանալ։ Սա փաստ է։ Հենց մարդիկ տեսնում են Իմ խոսքերը, սարսափից խելքները կորցնում են և խուճապահար այս ու այն կողմ են վազվզում՝ թաքնվելու համար։ Դա առավել ևս այդպես է, երբ Իմ դատաստանն է իջնում։ Երբ Ես ստեղծեցի բոլոր բաները, երբ կործանում եմ աշխարհը և երբ ավարտուն եմ դարձնում անդրանիկ որդիներին, այս ամենը կատարվում է Իմ բերանից դուրս եկած մեկ խոսքով։ Սա այն պատճառով է, որ Իմ խոսքն ինքնին իշխանությունն է․ այն դատաստանն է։ Կարելի է ասել, որ Իմ անձն ինքն է դատաստանն ու մեծափառությունը, և ոչ ոք չի կարող փոխել դա։ Սա Իմ կառավարչական հրամանագրերի մի կողմն է․ սա մարդկանց դատելու ձևերից մեկն է։ Իմ աչքերում ամեն ինչ՝ ներառյալ բոլոր մարդիկ, բոլոր իրադարձություններն ու բոլոր բաները, գտնվում են Իմ ձեռքերում և Իմ դատաստանի ներքո։ Ոչ մի մարդ և ոչ մի բան չի համարձակվում որևէ բան անել սահմանազանց կերպով, և ամեն ինչ պետք է կատարվի Իմ արտաբերած խոսքերի համաձայն։ Մարդկային պատկերացումների շրջանակում բոլորը հավատում են Իմ անձի խոսքերին։ Երբ Իմ Հոգին է արտահայտումներ անում, բոլորը կասկածող են, զուրկ են Իմ ամենակարողության մասին որևէ գիտելիքից և նույնիսկ մեղադրանքներ են ներկայացնում Իմ դեմ։ Հիմա ասում եմ քեզ՝ ով կասկածում է Իմ խոսքերին, և ով մակերեսորեն է վերաբերվում Իմ խոսքերին, հենց նրանք են, որ պիտի կործանվեն․ նրանք կորստյան հավիտենական որդիներն են։ Սրանից կարելի է տեսնել, որ շատ քչերն են անդրանիկ որդիներ, որովհետև Ես այսպես եմ գործում։ Ինչպես նախկինում ասել եմ, Ես ամեն ինչ իրագործում եմ առանց մատս անգամ շարժելու․ Ես միայն Իմ խոսքերն եմ օգտագործում։ Ուրեմն՝ ահա թե որտեղ է Իմ ամենակարողությունը։ Իմ խոսքերի մեջ ոչ ոք չի կարող գտնել Իմ ասածների աղբյուրն ու նպատակը։ Մարդիկ անկարող են հասնել սրան։ Նրանք կարող են միայն իրենց գործողություններում հետևել Իմ օրինակին և հետևել Իմ արդարությանը՝ անելով այն ամենը, ինչը համապատասխանում է Իմ մտադրություններին, որպեսզի Իմ ընտանիքն ունենա արդարություն և խաղաղություն, ապրի հավիտյան և հավիտենապես լինի հաստատուն ու անսասան։

Իմ դատաստանն իջնում է բոլորի վրա, Իմ կառավարչական հրամանագրերը դիպչում են բոլորին, և Իմ խոսքերն ու Իմ անձը բացահայտվում են բոլորին։ Սա այն ժամանակն է, երբ Իմ Հոգին մեծ աշխատանք է կատարում (այս ժամանակ օրհնություն ստացողներն ու դժբախտություն հանդիպողները զատվում են միմյանցից)։ Հենց որ Իմ խոսքերն արտաբերվում են, Ես զատում եմ նրանց, ովքեր օրհնություն կստանան, և նրանց, ովքեր դժբախտության կհանդիպեն։ Այս ամենը բյուրեղի պես պարզ է, և Ես մի հայացքով տեսնում եմ այդ ամենը։ (Ես սա ասում եմ Իմ մարդկայնության տեսանկյունից․ հետևաբար այս խոսքերը չեն հակասում Իմ նախասահմանմանն ու ընտրությանը)։ Ես շրջում եմ լեռների ու գետերի միջով և բոլոր բաների մեջ, տիեզերքի տարածություններով մեկ՝ զննելով և մաքրելով յուրաքանչյուր վայր, որպեսզի այդ անմաքուր տեղերն ու այդ անառակ հողերն այլևս գոյություն չունենան և Իմ խոսքերի արդյունքում մոխրանան։ Ինձ համար ամեն ինչ հեշտ է։ Եթե հիմա լիներ այն ժամանակը, որը Ես նախասահմանել եմ աշխարհի կործանման համար, Ես կարող էի այն կլանել մեկ խոսքի արտաբերմամբ։ Սակայն հիմա ժամանակը չէ։ Ամեն ինչ պետք է պատրաստ լինի, նախքան Ես կկատարեմ այս աշխատանքը, որպեսզի Իմ ծրագիրը չխաթարվի, և Իմ կառավարումը չխանգարվի։ Ես գիտեմ, թե ինչպես անել դա խելամտորեն։ Ես ունեմ Իմ իմաստությունը, և Ես ունեմ Իմ սեփական կարգավորումները։ Մարդիկ չպետք է մատն անգամ շարժեն․ զգույշ եղեք, որպեսզի Իմ ձեռքով չտապալվեք։ Սա արդեն առնչվել է Իմ կառավարչական հրամանագրերին։ Սրանից կարելի է տեսնել Իմ կառավարչական հրամանագրերի խստությունը, ինչպես նաև դրանց տակ թաքնված սկզբունքները, որոնք երկու կողմ են ընդգրկում։ Մեկն այն է, որ ես տապալում եմ բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում Իմ մտադրություններին, և ովքեր խախտում են Իմ կառավարչական հրամանագրերը։ Մյուսն այն է, որ Ես ցասումնալից կերպով անիծում եմ բոլոր նրանց, ովքեր խախտում են Իմ կառավարչական հրամանագրերը։ Այս երկու կողմերն անփոխարինելի են և Իմ կառավարչական հրամանագրերի գործադիր սկզբունքներն են։ Յուրաքանչյուր մարդու հանդեպ վերաբերմունքը համապատասխանում է այս երկու սկզբունքին՝ առանց նվազագույն ներողամտության, անկախ նրանից, թե նա որքան հավատարիմ կարող է լինել։ Սա բավական է ցույց տալու Իմ արդարությունը, Իմ մեծափառությունն ու Իմ ցասումը, որոնք պիտի մոխրացնեն բոլոր երկրային բաները, բոլոր աշխարհիկ բաները և բոլոր այն բաները, որոնք չեն համապատասխանում Իմ մտադրություններին։ Իմ խոսքերի մեջ կան խորհուրդներ, որոնք թաքուն են մնում, և Իմ խոսքերի մեջ կան նաև խորհուրդներ, որոնք արդեն բացահայտվել են։ Այսպիսով, մարդկային պատկերացումների և մարդկային մտածողության համաձայն՝ Իմ խոսքերը հավիտյան անըմբռնելի են, իսկ Իմ սիրտը՝ հավիտյան անհատակ։ Այսինքն՝ Ես պետք է մարդկանց ազատեմ նրանց պատկերացումներից և մտածողությունից։ Սա Իմ կառավարման ծրագրի ամենակարևոր կետն է։ Ես պետք է այսպես վարվեմ, որպեսզի ձեռք բերեմ Իմ անդրանիկ որդիներին և իրականացնեմ այն բաները, որոնք ցանկանում եմ անել։

Աշխարհի աղետներն օրեցօր ավելի են մեծանում, իսկ Իմ տան մեջ մեծ աղետներն ավելի ու ավելի են սաստկանում։ Մարդիկ իսկապես թաքնվելու և իրենց քողարկելու տեղ չունեն։ Քանի որ անցումն այժմ է տեղի ունենում, ոչ ոք չգիտի, թե որտեղ է դնելու իր հաջորդ քայլը։ Սա կբացահայտվի միայն Իմ դատաստանից հետո։ Հիշե՛ք։ Սրանք Իմ աշխատանքի քայլերն են, և սա է այն ուղին, որով Ես գործում եմ։ Ես մեկ առ մեկ կմխիթարեմ Իմ բոլոր անդրանիկ որդիներին և քայլ առ քայլ կբարձրացնեմ նրանց․ ինչ վերաբերում է ծառայություն մատուցողներին, մեկ առ մեկ կհեռացնեմ և կլքեմ նրանց։ Սա Իմ կառավարման ծրագրի մի մասն է։ Այն բանից հետո, երբ բոլոր ծառայություն մատուցողները բացահայտվեն, Իմ անդրանիկ որդիները նույնպես կբացահայտվեն։ (Ինձ համար սա չափազանց հեշտ է։ Իմ խոսքերը լսելուց հետո բոլոր այդ ծառայություն մատուցողներն Իմ խոսքերի դատաստանի և սպառնալիքի ներքո աստիճանաբար կնահանջեն, և կմնան միայն Իմ անդրանիկ որդիները։ Սա մի բան է, որը մարդկային վերահսկողությունից վեր է, մի բան, որը մարդկային կամքով հնարավոր չէ փոխել․ սա Իմ Հոգին է անձամբ գործում)։ Սա հեռավոր իրադարձություն չէ, և դուք որոշ չափով պետք է կարողանաք դա ընկալել Իմ գործի այս փուլի և Իմ խոսքերի միջից։ Թե ինչու եմ Ես այսքանն ասում, ինչպես նաև Իմ արտահայտումների անկանխատեսելի բնույթը մարդկանց համար անըմբռնելի են։ Ես Իմ անդրանիկ որդիների հետ խոսում եմ սփոփանքի, ողորմության և սիրառատ բարության հնչերանգով (քանզի Ես միշտ լուսավորում եմ այս մարդկանց, չեմ լքի նրանց, և քանզի Ես նրանց նախասահմանել եմ), մինչդեռ Իմ անդրանիկ որդիներից բացի՝ մյուս մարդկանց հետ վարվում եմ խիստ դատաստանով, սպառնալիքներով և ահաբեկմամբ՝ ստիպելով, որ նրանք մշտապես վախ զգան այնքան, մինչև նրանց նյարդերը անդադար լարվածության մեջ լինեն։ Երբ իրավիճակը հասնի որոշակի աստիճանի, նրանք կփորձեն փախչել այս վիճակից (երբ Ես կործանեմ աշխարհը, այս մարդիկ անհատակ անդունդի մեջ կլինեն), սակայն նրանք երբեք չեն ազատվի Իմ դատաստանի ձեռքից և չեն կարողանա դուրս գալ այս վիճակից։ Ահա սա է, ուրեմն, նրանց դատաստանը․ սա է նրանց պատիժը։ Այն օրը, երբ օտարականները ժամանեն, Ես մեկ առ մեկ կբացահայտեմ այս մարդկանց։ Սրանք Իմ աշխատանքի քայլերն են։ Հիմա հասկանո՞ւմ եք այդ խոսքերի՝ Իմ նախկին արտահայտումների տակ թաքնված մտադրությունը։ Իմ կարծիքով՝ այն, ինչը դեռ չի իրականացվել, նաև մի բան է, որն իրականացվել է, սակայն այն, ինչն իրականացվել է, պարտադիր չէ, որ ձեռք բերված լինի։ Սա այն պատճառով է, որ Ես ունեմ Իմ իմաստությունն ու Իմ գործելու ձևը, որոնք մարդկանց համար պարզապես անըմբռնելի են։ Երբ Ես այս քայլով արդյունքների հասնեմ (երբ բացահայտեմ բոլոր այն չարերին, որոնք դիմակայում են Ինձ), Ես կսկսեմ հաջորդ քայլը, որովհետև Իմ կամքն անարգել է, և ոչ ոք չի համարձակվում խոչընդոտել Իմ կառավարման ծրագիրը, և ոչինչ չի համարձակվում արգելքներ ստեղծել․ բոլորը պետք է ճանապարհ բացեն։ Մեծ կարմիր վիշապի հետնորդնե՛ր, լսե՛ք Ինձ։ Ես այս աշխարհ եմ եկել Սիոնի երկրից և մսեղի եմ դարձել՝ ձեռք բերելու Իմ անդրանիկ որդիներին, նվաստացնելու ձեր հորը (այս խոսքերն ուղղված են մեծ կարմիր վիշապի հետնորդներին), աջակցելու Իմ անդրանիկ որդիներին և շտկելու Իմ անդրանիկ որդիներին հասցված վնասները։ Ուստի, հետայսու քաշե՛ք ձեր սանձերը։ Ես թույլ կտամ Իմ անդրանիկ որդիներին՝ լուծեն ձեր հարցերը։ Անցյալում Իմ որդիները ենթարկվում էին բռնության և ճնշման, ու քանի որ Հայրն իշխանություն է գործադրում Իր որդիների համար, Իմ որդիները կվերադառնան Իմ սիրառատ գիրկը՝ այլևս բռնության չենթարկվելու և չճնշվելու համար։ Ես անարդար չեմ․ սա ցույց է տալիս Իմ արդարությունը, և սա իսկապես նշանակում է «սիրել նրանց, ում Ես սիրում եմ, և ատել նրանց, ում Ես ատում եմ»։ Եթե ասում եք, որ Ես անարդար եմ, ապա պետք է շտապեք և հեռանաք։ Մի՛ եղեք անամոթ և Իմ տանը մակաբուծաբար մի՛ ապրեք։ Պետք է հնարավորինս շուտ վերադառնաս քո տունը, որպեսզի Ես այլևս ստիպված չլինեմ տեսնել քեզ։ Անհատակ անդունդը ձեր նշանակության վայրն է, և ահա թե որտեղ եք հանգստանալու։ Եթե դուք Իմ տան մեջ լինեք, ձեզ համար տեղ չի լինի, որովհետև դուք բեռնակիր անասուններ եք․ դուք այն գործիքներն եք, որոնք Ես օգտագործում եմ։ Երբ Ես այլևս ձեզանից որևէ օգուտ չունենամ, ձեզ կրակի մեջ կնետեմ՝ մոխրացնելու համար։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է։ Ես պետք է այդպես վարվեմ․ միայն սա է ցույց տալիս այն ձևը, որով Ես գործում եմ, ինչպես նաև Իմ արդարությունն ու Իմ մեծափառությունը։ Ավելի կարևորն այն է, որ միայն այս կերպ Իմ անդրանիկ որդիներին թույլ կտրվի Ինձ հետ միասին թագավորել իշխանությամբ։

Նախորդը.  Քրիստոսի արտահայտումները սկզբում․ Գլուխ 15

Հաջորդը.  Թագավորության օրհներգը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger