Գլուխ 17
Եկեղեցին կառուցվում է, և Սատանան ամեն ջանք գործադրում է այն քանդելու համար։ Ուզում է ամեն գնով քանդել Իմ կառուցածը, այդ իսկ պատճառով եկեղեցին պետք է արագ մաքրվի։ Չարիքի ոչ մի նշույլ չպետք է մնա. եկեղեցին պետք է այնպես մաքրվի, որ դառնա անարատ և շարունակի մնալ նույնքան մաքուր, որքան նախկինում էր։ Դուք պետք է միշտ արթուն լինեք ու սպասեք և պետք է ավելի շատ աղոթեք Իմ առաջ։ Պետք է թափանցեք Սատանայի տարբեր դավադրությունների և խորամանկ ծրագրերի մեջ, ճանաչեք հոգիները, ծանոթ լինեք մարդկանց և կարողանաք զանազանել բոլոր տեսակի մարդկանց, իրադարձություններն ու իրողությունները. դուք պետք է նաև ավելի շատ ուտեք և խմեք Իմ խոսքերը և, որ ավելի կարևոր է, պետք է կարողանաք ինքնուրույն ուտել և խմել դրանք։ Զինվեք ողջ ճշմարտությամբ և եկեք Իմ առաջ, որպեսզի Ես բացեմ ձեր հոգևոր աչքերը և թույլ տամ ձեզ տեսնելու հոգու մեջ եղած բոլոր խորհուրդները․․․ Երբ եկեղեցին մտնում է իր կառուցման փուլը, սրբերը մարտի են ելնում։ Սատանայի տարբեր զզվելի առանձնահատկությունները դրված են ձեր առաջ. արդյո՞ք կանգ եք առնում և նահանջում, թե՞ ոտքի եք կանգնում և, Ինձ ապավինելով, շարունակում եք առաջ շարժվել։ Հիմնովին մերկացրե՛ք Սատանայի ապականված և տգեղ առանձնահատկությունները, մի՛ խնայեք զգացմունքները և ոչ մի գթություն մի՛ ցուցաբերեք։ Կենաց ու մահու կռի՛վ մղեք Սատանայի դեմ։ Ես քո հենարանն եմ, և դու պետք է ունենաս արու զավակի հոգին։ Սատանան իր մահվան վերջին տագնապների մեջ է, բայց այնուամենայնիվ չի կարողանա խուսափել Իմ դատաստանից։ Սատանան Իմ ոտքերի տակ է, և այն նաև տրորվում է ձեր իսկ ոտքերի տակ. սա փա՛ստ է։
Բոլոր այն կրոնական խաթարողներին և նրանց, ովքեր տապալում են են եկեղեցու կառուցումը, չի կարելի նույնիսկ չնչին հանդուրժողականություն ցուցաբերել, այլ նրանք անմիջապես կդատվեն. Սատանան կմերկացվի, կտրորվի, հիմնովին կոչնչացվի և թաքնվելու տեղ չի ունենա։ Ամեն տեսակ դևերն ու ուրվականներն անշուշտ ցույց կտան իրենց իրական կերպարանքներն Իմ առաջ, և Ես նրանց բոլորին կգցեմ անհատակ անդունդը, որտեղից նրանք երբեք չեն ազատվի. նրանք բոլորը մեր ոտքերի տակ կլինեն։ Եթե ուզում եք բարի պայքար մղել հանուն ճշմարտության, ապա նախևառաջ չպետք է Սատանային գործելու որևէ հնարավորություն տաք. դրա համար դուք պետք է լինեք միաբան և կարողանաք ծառայել համագործակցությամբ, հրաժարվեք ձեր սեփական բոլոր պատկերացումներից, կարծիքներից, տեսակետներից և գործելակերպերից, հանդարտեցնեք ձեր սիրտն Իմ մեջ, կենտրոնանաք Սուրբ Հոգու ձայնի վրա, ուշադիր լինեք Սուրբ Հոգու գործին և մանրամասնորեն փորձառաբար ապրեք Աստծու խոսքերը։ Դուք պետք է ունենաք միայն մեկ մտադրություն, այն է՝ հետևել Իմ կամքին։ Դուք չպետք է ունենաք որևէ այլ մտադրություն սրանից բացի։ Պետք է ձեր ամբողջ սրտով նայեք Ինձ, ուշադիր հետևեք Իմ գործողություններին և այն ձևին, որով Ես անում եմ դրանք, և բնավ անփույթ չլինեք։ Ձեր հոգին պետք է սուր լինի, ձեր աչքերը՝ բաց։ Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է նրանց, ում մտադրություններն ու նպատակները ճիշտ չեն, ինչպես նաև նրանց, ովքեր սիրում են նկատվել այլոց կողմից, ովքեր եռանդուն են գործեր անելու մեջ, ովքեր հակված են խանգարումներ առաջացնելուն, ովքեր հմուտ են կրոնական վարդապետություն տարածելու մեջ, ովքեր Սատանայի ծառաներն են և այլն, երբ այս մարդիկ ոտքի են կանգնում, նրանք դժվարություններ են դառնում եկեղեցու համար, և դա հանգեցնում է նրան, որ իրենց եղբայրների և քույրերի՝ Աստծու խոսքերն ուտելն ու խմելն ի դերև է ելնում։ Երբ հանդիպեք նման մարդկանց, որոնք դերասանություն են անում, անմիջապես արգելե՛ք նրանց։ Եթե, չնայած բազմաթիվ հորդորներին, նրանք չփոխվեն, ապա կորուստ կկրեն։ Եթե նրանք, ովքեր համառորեն շարունակում են նույն կերպ վարվել, փորձեն պաշտպանել իրենց և կոծկել իրենց մեղքերը, եկեղեցին պետք է անմիջապես հեռացնի նրանց և մանևրելու տեղ չթողնի։ Մի՛ կորցրեք շատը՝ փորձելով փրկել քիչը. ձեր աչքը պահեք ընդհանուր պատկերի վրա։
Ձեր հոգևոր աչքերն այժմ պետք է բացվեն և կարողանան ճանաչել մի քանի տեսակի մարդկանց եկեղեցում.
Ինչպիսի՞ մարդիկ ունեն հոգևոր հասկացողություն և ճանաչում են Հոգին։
Ինչպիսի՞ մարդիկ չունեն հոգևոր հասկացողություն։
Ինչպիսի՞ մարդիկ ունեն չար հոգի։
Ինչպիսի՞ մարդկանց մեջ կա Սատանայի գործը։
Ինչպիսի՞ մարդիկ են հակված խաթարումներ առաջացնելուն։
Ինչպիսի՞ մարդկանց մեջ կա Սուրբ Հոգու գործը։
Ինչպիսի՞ մարդիկ են հաշվի առնում Աստծու հոգսը։
Ինչպիսի՞ մարդիկ կարող են հետևել Իմ կամքին։
Ովքե՞ր են Իմ հավատարիմ վկաները։
Իմացե՛ք, որ այսօրվա բարձրագույն տեսիլքն այն լուսավորումն է, որը Սուրբ Հոգին բերում է եկեղեցիներին։ Մի՛ եղեք բթամիտ այս իրողությունների հանդեպ, այլ ժամանակ տրամադրե՛ք դրանք հիմնովին հասկանալու համար. սա չափազանց վճռորոշ է ձեր կյանքի առաջընթացի համար։ Եթե չհասկանաք այս իրողությունները, որոնք հենց ձեր աչքի առաջ են, չեք կարողանա շարունակել ձեր առջև ընկած ուղին. դուք մշտապես գայթակղության և գերության մեջ ընկնելու վտանգի տակ կլինեք և կարող եք կուլ գնալ։ Այժմ գլխավոր անելիքներն այն են, որ կենտրոնանաք ձեր սրտում Ինձ մոտենալու ունակ դառնալու վրա և ավելի շատ հաղորդակցվեք Ինձ հետ։ Այն ամենն, ինչ քեզ պակասում է, կամ ինչ փնտրում ես, կլրացվի քո մեջ նման մտերմության և հաղորդակցության միջոցով։ Քո կյանքն անշուշտ կապահովվի, և դու կունենաս նոր լուսավորում։ Ես երբեք չեմ նայում, թե որքան տգետ էիր անցյալում, ոչ էլ Իմ մտքում կանգ եմ առնում ձեր անցյալի հանցանքների վրա։ Ես նայում եմ, թե ինչպես ես սիրում Ինձ. կարո՞ղ ես Ինձ սիրել ավելի շատ, քան սիրում ես որևէ այլ բան։ Ես նայում եմ տեսնելու, թե արդյոք կարո՞ղ ես ետ դառնալ և ապավինել Ինձ քո տգիտությունից հրաժարվելու համար։ Որոշ մարդիկ հակադրվում են Ինձ, բացահայտորեն անհնազանդություն են ցուցաբերում Ինձ և դատում են ուրիշներին. նրանք չգիտեն Իմ խոսքերը և առավել ևս քիչ հավանական է, որ գտնեն Իմ դեմքը։ Իմ առջև գտնվող բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն փնտրում են Ինձ, որոնց սրտերն արդարության քաղց ու ծարավ ունեն, Ես կլուսավորեմ քեզ, կհայտնվեմ քեզ, թույլ կտամ` քո սեփական աչքերով տեսնես Ինձ և անձամբ ընկալես Իմ մտադրությունները։ Իմ սիրտն անշուշտ կհայտնվի քեզ, որպեսզի դու հասկանաս։ Դու պետք է կիրարկես այն, ինչ Ես լուսավորում եմ քո մեջ՝ Իմ խոսքերի համաձայն. հակառակ դեպքում, կդատվես։ Հետևի՛ր Իմ մտադրություններին, և չես կորցնի քո ճանապարհը։
Բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են մտնել Իմ խոսքերի մեջ, շնորհն ու օրհնությունները կկրկնապատկվեն նրանց վրա, նրանք ամեն օր նոր լուսավորում և ներըմբռնումներ ձեռք կբերեն և ամեն օր ավելի թարմ կզգան Իմ խոսքերն ուտելիս և խմելիս։ Նրանք կճաշակեն այն իրենց իսկ բերաններով. որքա՜ն քաղցր է այն․․․ Դուք պետք է զգույշ լինեք և չբավարարվեք, երբ որոշակի ներըմբռնում և քաղցրության ճաշակում եք ձեռք բերել. գլխավորը շարունակ առաջ ձգտելն է։ Որոշ մարդիկ կարծում են, որ Սուրբ Հոգու գործն իսկապես հրաշալի և իրական է. սա իսկապես Ամենակարող Աստծու անձն է, որը բացահայտորեն հայտնվում է, իսկ առջևում ավելի մեծ նշաններ ու հրաշքներ կան։ Եղե՛ք զգույշ և արթուն բոլոր ժամանակներում, ձեր աչքերը հառած պահեք աղբյուրին, հանդա՛րտ եղեք Իմ առաջ, ուշադրությու՛ն դարձրեք և ուշադի՛ր լսեք և վստահ եղեք Իմ խոսքերի հարցում։ Ոչ մի երկիմաստություն չի կարող լինել. եթե առհասարակ կասկածեք, ապա վախենամ՝ դուրս կնետվեք դարպասից այն կողմ։ Ունեցե՛ք հստակ տեսիլքներ, կանգնե՛ք ամուր հողի վրա, հետևե՛ք կյանքի այս հոսքին և ուշիուշով հետևեք, ուր էլ որ այն հոսի. դուք բացարձակապես չպետք է յուրացնեք որևէ մարդկային տատանում։ Պարզապես կերե՛ք, խմե՛ք և գովաբանություն մատուցե՛ք. փնտրե՛ք մաքուր սրտով և երբեք մի՛ հանձնվեք։ Այն ամենը, ինչ չեք հասկանում, հաճախ բերե՛ք Իմ առաջ և վստա՛հ եղեք, որ ոչ մի կասկած չեք տածում, որպեսզի խուսափեք մեծ կորուստներ կրելուց։ Շարունակե՛ք առաջ գնալ։ Շարունակե՛ք առաջ գնալ։ Մո՛տ մնացեք։ Ձերբազատվե՛ք ձեր խոչընդոտներից և մի՛ տրվեք անզսպվածության ։ Առա՛ջ գնացեք, ձգտեք ամբողջ սրտով և մի՛ ընկրկեք։ Դու պետք է ընծայես քո սիրտը բոլոր ժամանակներում և երբեք բաց չթողնես ոչ մի ակնթարթ։ Սուրբ Հոգին մշտապես նոր գործ ունի անելու, ամեն օր նոր բաներ է անում և ամեն օր նաև նոր լուսավորումներ ունի. այլակերպությունը լեռան վրա, Աստծու սուրբ հոգևոր մարմինը հայտնվել է։ Արդարության Արեգակը լույս է արձակում և շողում. բոլոր ազգերն ու բոլոր ժողովուրդները տեսել են Քո փառավոր դեմքը։ Իմ լույսը կշողա բոլոր նրանց վրա, ովքեր գալիս են Իմ առաջ։ Իմ խոսքերը լույս են, որ առաջնորդում են ձեզ։ Քայլելիս դուք չեք շեղվի աջ կամ ձախ, այլ կքայլեք Իմ լույսի մեջ, և ձեր վազքն իզուր չի լինի։ Դուք պետք է հստակ տեսնեք Սուրբ Հոգու գործը. Իմ մտադրություններն այնտեղ են՝ դրա մեջ։ Բոլոր խորհուրդները թաքնված են, բայց դրանք աստիճանաբար կբացահայտվեն քեզ։ Միշտ մտքում պահեք Իմ խոսքերը և եկեք Իմ առաջ՝ ավելի շատ հաղորդակցվելու Ինձ հետ։ Սուրբ Հոգու գործն առաջ է ընթանում։ Քայլե՛ք Իմ հետքերով. առջևում մեծ հրաշքներ կան, և դրանք մեկ առ մեկ կբացահայտվեն քեզ։ Միայն նրանք, ովքեր ուշադիր են, ովքեր սպասում են և ովքեր արթուն են, կտեսնեն դրանք։ Վստահ եղեք, որ չեք թուլանա։ Աստծու տնօրինման ծրագիրը մոտենում է իր վերջնական փուլին. եկեղեցու կառուցումը կհաջողվի, հաղթանակածների թիվն արդեն սահմանված է, հաղթանակած արու զավակը կստեղծվի, և նրանք Ինձ հետ կմտնեն արքայություն, Ինձ հետ կստանձնեն թագավորությունը, երկաթե գավազանով կկառավարեն բոլոր ազգերը և միասին կլինեն փառքի մեջ։