Գլուխ 68

Իմ խոսքն իրականացվում է յուրաքանչյուր երկրում, վայրում, ազգում և հարանվանությունում, և այն կատարվում է յուրաքանչյուր անկյունում ցանկացած պահի։ Ամենուրեք տեղի ունեցող աղետները մարդկանց միջև մղվող մարտեր չեն և ոչ էլ զենքով մղվող պատերազմներ։ Դրանից հետո այլևս պատերազմներ չեն լինի։ Ամեն ինչ Իմ ձեռքում է։ Բոլորը կառերեսվեն Իմ դատաստանինև կտառապեն աղետների մեջ։ Թող նրանք, ովքեր դիմակայում են Ինձ, ինչպես նաև նրանք, ովքեր չեն նախաձեռնում համագործակցություն Ինձ հետ, կրեն զանազան աղետների ցավը։ Թող նրանք հավիտյան լաց լինեն և ատամները կրճտացնեն, հավիտյան մնան խավարի մեջ և չկարողանան գոյատևել։ Ես գործում եմ ուղղամտությամբ և վճռականությամբ ու հաշվի չեմ առնում, թե անցյալում որքան հավատարիմ եք եղել Ինձ։ Քանի դեռ դիմակայում եք Ինձ, Իմ դատաստանի ձեռքն իսկույն կբարձրանա ձեր դեմ՝ առանց որևէ ուշացման, նույնիսկ մեկ վայրկյանի, և առանց ողորմության պատառիկի։ Ես միշտ ասել եմ, որ Ես այն Աստվածն եմ, որ պահում է Իր խոսքը։ Իմ արտաբերած յուրաքանչյուր խոսք կկատարվի, և Ես ձեզ թույլ կտամ տեսնել դրանցից յուրաքանչյուրը։ Սա է իրականում նշանակում ամեն բանում մտնել իրականության մեջ։

Մեծ աղետներն անշուշտ չեն հասնի Իմ որդիներին՝ Իմ սիրելիներին։ Ես ամեն պահի և ամեն վայրկյան կհոգամ Իմ որդիների մասին։ Դուք հաստատ ստիպված չեք լինի կրել այդպիսի ցավ և տառապանք։ Փոխարենը, դրա նպատակն է կատարելագործել Իմ որդիներին և Իմ խոսքը կատարել նրանց մեջ, ովքեր կրում են աղետները, որպեսզի դուք ճանաչեք Իմ ամենակարողությունը, առավել աճեք կյանքում, ավելի շուտ ստանձնեք հոգսեր Ինձ համար և ձեր ամբողջ էությունը նվիրեք Իմ տնօրինման ծրագիրն ավարտելուն։ Դրա համար դուք պետք է լցվեք ուրախությամբ և ցնծությամբ։ Ես ամեն ինչ կհանձնեմ ձեզ՝ թույլ տալով, որ դուք ստանձնեք ղեկը։ Ես այն կդնեմ ձեր ձեռքերում։ Եթե ճիշտ է, որ որդին ժառանգում է իր հոր ամբողջ ունեցվածքը, ապա որքան ավելի ճիշտ կլինի դա ձեզ համար՝ Իմ անդրանիկ որդիներ։ Դուք իսկապես օրհնված եք։ Մեծ աղետներից տառապելու փոխարեն՝ դուք կվայելեք հավիտենական օրհնություններ։ Ի՜նչ փառք։ Ի՜նչ փառք։

Արագացրեք ձեր ընթացքը և ամենուր ու միշտ հետևեք Իմ հետքերին․ հետ մի՛ մնացեք։ Թող ձեր մտքերը հետևեն Իմ մտքերին, և թող ձեր միտքը հետևի Իմ մտքին։ Մի սրտով և մի մտքով համագործակցեք Ինձ հետ։ Ինձ հետ կերեք, Ինձ հետ ապրեք և Ինձ հետ վայելեք։ Հրաշալի օրհնություններ են սպասում ձեզ՝ դրանք վայելելու և ստանալու համար։ Իմ մեջ գոյություն ունի այսպիսի անզուգական առատություն։ Դրանից նույնիսկ մի փոքր մասը չի պատրաստվել ուրիշ որևէ մեկի համար․ Ես այս ամենն ամբողջությամբ անում եմ Իմ որդիների համար։

Ներկայում Իմ մտքում եղածը հենց այն է, ինչ պիտի կատարվի։ Այն ժամանակ, երբ Ես ավարտած լինեմ ձեզ հետ խոսելը, այդ ամենն արդեն իսկ կատարված կլինի։ Գործն իսկապես այդքան արագ է ընթանում և յուրաքանչյուր պահի փոփոխվում է։ Եթե թեկուզ մի ակնթարթ ձեր ուշադրությունը շեղվի, «կենտրոնախույս» երևույթ կառաջանա, և դուք մեծ հեռավորության վրա կշպրտվեք՝ դուրս գալով այս հոսքից։ Եթե անկեղծորեն չձգտեք, ապա չեք արդարացնի Իմ մանրակրկիտ մտադրությունները։ Ապագայում տարբեր երկրներից մարդիկ ցանկացած ժամանակ կհավաքվեն ։ Ձեր ներկայիս մակարդակով կկարողանա՞ք առաջնորդել նրանց։ Ես այս կարճ ժամանակահատվածում հիմնովին կվարժեցնեմ ձեզ, որպեսզի լավ զինվորներ դառնաք և կարողանաք կատարել Իմ հանձնարարությունը։ Ես ցանկանում եմ, որ դուք փառավորեք Իմ անունը և Ինձ համար հրաշալի վկայություն կրեք։ Թող նրանք, ում նախկինում արհամարհում էին, այսօր վեր կանգնեն նրանցից՝ նրանց առաջնորդելու և կառավարելու համար։ Հասկանո՞ւմ եք Իմ մտադրությունները։ Գիտակցե՞լ եք Իմ մանրակրկիտ մտադրությունները։ Ես այս ամենն անում եմ ձեզ համար։ Ամեն ինչ կախված է նրանից, թե կարո՞ղ եք արդյոք վայելել Իմ օրհնությունները։

Ես՝ Աստվածը, որ դիտարկում է մարդու սրտի խորքերը, շրջում եմ մինչև երկրի ծայրերը։ Ո՞վ կհամարձակվի չծառայել Ինձ։ Բոլոր երկրների միջև լարվածությունը մեծ է, և նրանք դաժան պայքար են մղում, սակայն վերջ ի վերջո չեն կարողանա խուսափել Իմ ձեռքից։ Ես վստահաբար նրանց անպատիժ չեմ թողնի։ Ես նրանց մեկ առ մեկ կկանգնեցնեմ դատաստանի առաջ՝ ըստ իրենց գործողությունների, երկրային կարգավիճակների և երկրային հաճույքների։ Ես ոչ մեկին չեմ խնայի։ Իմ ցասումն արդեն սկսել է բացահայտվել, և այն ամբողջությամբ կգա նրանց վրա։ Ամեն ինչ մեկ առ մեկ պիտի կատարվի նրանց մեջ, և այս ամենը նրանք իրենք իրենց գլխին բերած կլինեն։ Մարդիկ, որոնք անցյալում չճանաչեցին Ինձ կամ արհամարհեցին Ինձ, այժմ կառերեսվեն Իմ դատաստանին։ Իսկ նրանց, ովքեր հալածել են Իմ որդիներին, Ես հատկապես կհանդիմանեմ՝ ըստ նրանց նախկին խոսքերի և գործերի։ Ես նույնիսկ երեխաներին չեմ խնայի։ Այս բոլոր մարդիկ Սատանայի ցեղից են։ Նույնիսկ եթե ոչինչ չասեն և ոչինչ չանեն, եթե իրենց սրտի խորքում ատելություն են տածում Իմ որդիների հանդեպ, Ես նրանցից ոչ մեկին չեմ խնայի։ Ես նրանց բոլորին ցույց կտամ, որ այսօր մենք՝ մարդկանց այս խումբը, իշխում ենք և իշխանություն ունենք, ոչ թե նրանք։ Այս պատճառով դուք առավել ևս պետք է նվիրեք ձեր ողջ ուժը և անկեղծորեն ծախսվեք Ինձ համար, որպեսզի յուրաքանչյուր վայրում, անկյունում, կրոնի և հարանվանության մեջ փառաբանեք Իմ անունը, վկայություն կրեք Իմ անվան համար և տարածեք այն ամբողջ տիեզերքում ու մինչև երկրի ծայրերը։

Նախորդը.  Գլուխ 65

Հաջորդը.  Գլուխ 70

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger