Ինչ է նշանակում իսկական մարդ լինելը
Մարդուն կառավարելը միշտ եղել է Իմ պարտականությունը։ Ավելին, մարդուն նվաճելու ծրագիրն այն է, ինչ Ես սահմանեցի, երբ ստեղծեցի աշխարհը։ Մարդիկ հնարավոր է չիմանան, որ վերջին օրերին Ես ամբողջությամբ պիտի նվաճեմ մարդուն, կամ որ մարդկության մեջ ապստամբներին նվաճելը Սատանայի նկատմամբ Իմ հաղթանակի վկայությունն է։ Սակայն, երբ Իմ թշնամին Ինձ հետ պատերազմի բռնվեց, Ես ասացի նրան, որ պիտի նվաճեմ նրանց, ում Սատանան գերեվարել և դարձրել էր իր զավակները՝ իր տունը հսկող հլուհնազանդ ծառաներ։ Նվաճման սկզբնական իմաստը պարտության մատնելն է, նվաստացնելը․ իսրայելացիների լեզվով ասած՝ լիովին հաղթելը, ջախջախելը և անզորացնելը՝ Իմ դեմ հետագա հակառակության կարողությունը խլելով։ Սակայն այսօր, երբ այն դուք եք օգտագործում, դրա իմաստը նվաճումն է։ Պետք է իմանաք, որ Իմ նպատակը միշտ եղել է ամբողջությամբ ոչնչացնել և հետ շպրտել չար մարդկանց, որպեսզի նրանք այլևս չկարողանան Ինձ դավաճանել, առավել ևս ուժ չունենան Ինձ խանգարելու կամ խափանելու Իմ գործը։ Այսպիսով, ինչ վերաբերում է մարդուն, այս բառը դարձել է նվաճման համարժեքը։ Որքան էլ բառի իմաստները կարող են տարբերվել, Իմ գործը մարդկանց հաղթելն է։ Թեև ճշմարիտ է, որ մարդն Իմ տնօրինության օգնականն է, ավելի ճիշտ կլիներ ասել, որ մարդիկ ոչ այլ ինչ են, եթե ոչ Իմ թշնամիները։ Մարդիկ են այն չար արարածները, որոնք հակառակվում և ապստամբում են Իմ դեմ։ Մարդիկ ոչ այլ ինչ են, եթե ոչ Իմ կողմից անիծված չարի ժառանգները։ Մարդիկ ոչ այլ ինչ են, եթե ոչ Ինձ դավաճանած հրեշտակապետի սերունդը։ Մարդիկ ոչ այլ ինչ են, եթե ոչ չար դևի ժառանգությունը, որին Ես վաղուց մերժել եմ և այդ օրվանից նա իմ անհաշտ թշնամին է։ Քանզի ամբողջ մարդկության վերևում երկինքը մշուշոտ է ու մութ, առանց լույսի մի նշույլի, և մարդկային աշխարհը ընկղմված է սև խավարի մեջ այն աստիճանի, որ մարդը չի կարող տեսնել անգամ իր առջև մեկնած ձեռքը կամ արևն իր գլխավերևում։ Ցեխոտ և խորդուբորդ ճանապարհն օձի նման գալարվում է նրանց ոտքերի տակ. ամբողջ երկիրը լի է դիակներով։ Մութ անկյունները լցված են մեռելների մնացորդներով, իսկ սառն ու ստվերաշատ անկյուններում դևերն են բազմել։ Ամենուրեք մարդկանց աշխարհում դևերի բազմությունն է թրև գալիս։ Ամեն տեսակ կենդանիների ժառանգներ՝ կեղտով ծածկված, բռնված են կատաղի ճակատամարտի, որի աղմուկը սարսափ է հարուցում։ Այսպիսի ժամանակներում, այսպիսի աշխարհում, այսպիսի «երկրային դրախտում», որտե՞ղ կարող է մարդը գտնել կյանքի երջանկությունը։ Ու՞ր գնալ կյանքի հանգրվանը գտնելու համար։ Սատանայի ոտքի տակ վաղուց կոխկրտված մարդկությունը սկզբից ի վեր նրան կրկնoրինակող դերակատար է եղել․ ավելին՝ մարդկությունը մարմնավորում է Սատանային և ծառայում որպես պարզ ու հստակ վկայություն նրա մասին։ Ինչպե՞ս կարող է նման մարդկային ցեղը, նման այլասերված տականքների միավորումը և ապականված մարդկային ընտանիքի սերունդը վկայել Աստծուն։ Որտեղի՞ց է գալիս Իմ փառքը։ Որտե՞ղ կարող է մարդն սկսել խոսել Իմ վկայության մասին։ Քանզի մարդկությանը պղծած թշնամին կանգնած է Իմ դեմ, նա արդեն խլել և ապականել է մարդկությանն Ինձանից՝ այն մարդկությանը, որին Ես վաղուց եմ արարել, և որը լի էր Իմ փառքով ու Իմ կենդանությամբ։ Նա խլել է Իմ փառքը, և այն ամենը, ինչ նա ներարկել է մարդուն, թույն է՝ համեմված Սատանայի այլանդակությամբ և հյութ՝ բարու ու չարի գիտության ծառի պտղից։ Սկզբում Ես ստեղծեցի մարդուն, այսինք՝ մարդկության նախահայր Ադամին։ Նա օժտված էր ձևով ու պատկերով, լի կենսունակությամբ և ուժով, ավելին՝ նրան ուղեկցում էր Իմ փառքը։ Դա այն փառավոր օրն էր, երբ Ես ստեղծեցի մարդուն։ Դրան հետևեց Եվայի ստեղծումն Ադամի մարմնից, և նա մարդկության նախամայրն էր։ Ուրեմն Իմ ստեղծած մարդիկ լի էին Իմ շնչով և Իմ փառքով։ Ադամն ի սկզբանե «ծնվել» էր Իմ ձեռքով և ներկայացնում էր Իմ պատկերը։ Այսպիսով, «Ադամ» բառի սկզբնական իմաստը եղել է «Իմ կողմից ստեղծված էակ»՝ լցված Իմ կենսաուժով, Իմ փառքով, օժտված ձևով և պատկերով, հոգով ու շնչով։ Նա միակ արարածն էր, որ օժտված էր հոգով, որը կարող էր ներկայացնել Ինձ և կրել Իմ պատկերը և որը ստացել էր Իմ շունչը։ Սկզբում Եվան Իմ ստեղծած երկրորդ մարդն էր, որին օժտեցի շնչով, ուստի «Եվա» բառի սկզբնական իմաստը եղել է «արարած, որը շարունակելու էր Իմ փառքը՝ լի Իմ կենսաուժով և, առավել ևս, օժտված Իմ փառքով»։ Եվան ստեղծվեց Ադամից, ուստի նա ևս կրում էր Իմ պատկերը, քանի որ նա երկրորդ մարդն էր, որ ստեղծվեց Իմ պատկերով։ «Եվա» բառի սկզբնական իմաստը եղել է «կենդանի մարդ՝ օժտված հոգով, մսեղիով և ոսկորով»՝ Իմ երկրորդ վկայությունը, ինչպես նաև Իմ երկրորդ պատկերը՝ մարդկության մեջ։ Նրանք եղել են մարդկության թանկագին ու անաղարտ նախնիները և ի սկզբանե կենդանի էակներ էին՝ օժտված հոգով։ Սակայն չարը ոտքի տակ տվեց և գերեվարեց մարդկության նախնիների ժառանգներին՝ մարդկային աշխարհն ընկղմելով լիակատար խավարի մեջ՝ այնպես անելով, որ ժառանգներն այլևս չեն հավատում Իմ գոյությանը։ Ավելի գարշելին այն է, որ չարը, մարդկանց պղծելով և ոտնատակ տալով, դաժանորեն խլում է Իմ փառքը, Իմ վկայությունը, այն կենսունակությունը, որ Ես նրանց շնորհեցի, շունչը և կյանքը, որ Ես փչեցի նրանց մեջ, մարդկության աշխարհում եղած Իմ ամբողջ փառքը և սրտիս արյունը, որ ես տվեցի մարդկությանը։ Մարդկությունն այլևս լույսի մեջ չէ, մարդիկ կորցրել են այն ամենը, ինչը Ես նրանց շնորհել եմ և դեն են նետել Իմ տված փառքը։ Ինչպե՞ս նրանք կարող են ընդունել, որ Ես եմ բոլոր արարածների Տերը։ Ինչպե՞ս կարող են շարունակել հավատալ Իմ գոյությանը երկնքում։ Ինչպե՞ս կարող են հայտնաբերել Իմ փառքի դրսևորումները երկրի վրա։ Ինչպե՞ս կարող են այս -թոռներն ու թոռնուհիները դավանել Ինձ՝ այն Աստծուն, որից իրենց նախնիները երկյուղում էին, որպես իրենց արարող Տիրոջ։ Այս թշվառ թոռներն ու թոռնուհիները շռայլորեն չարին են «նվիրաբերել» այն փառքը, պատկերը և վկայությունը, որ ես շնորհեցի Ադամին ու Եվային, ինչպես նաև այն կյանքը, որ Ես շնորհեցի մարդկությանը, որից կախված է նրանց գոյությունը։ Նրանք բոլորովին անտեղյակ են չարի ներկայությունից և նրան են տալիս Իմ ամբողջ փառքը։ Մի՞թե սա չէ «տականք» եզրույթի անմիջական աղբյուրը։ Ինչպե՞ս կարող են այսպիսի մարդկությունը, այսպիսի չար դևերը, այսպիսի քայլող դիակները, Սատանայի այսպիսի պատկերները, Իմ այսպիսի թշնամիներն ունենալ Իմ փառքը։ Ես հետ կվերցնեմ Իմ փառքը, մարդկանց մեջ եղած Իմ վկայությունը և այն ամենը, ինչ մի ժամանակ պատկանել է Ինձ, և ինչ Ես վաղուց տվել եմ մարդկությանը․ Ես ամբողջությամբ կնվաճեմ մարդկությանը։ Սակայն պետք է իմանաս, որ Իմ ստեղծած մարդիկ անարատ մարդիկ էին, ովքեր կրում էին Իմ պատկերը և Իմ փառքը։ Նրանք չէին պատկանում Սատանային, ոչ էլ ընկան նրա ոտքերի տակ, այլ ամբողջությամբ Իմ դրսևորումն էին՝ առանց Սատանայի թույնի որևէ նշանի։ Ուստի Ես հայտնում եմ մարդկությանը, որ ուզում եմ միայն Իմ ձեռակերտ արարածներին՝ անարատներին, որոնց Ես սիրում եմ, և որոնք ուրիշ ոչ ոքի չեն պատկանում։ Ավելին՝ Ես կուրախանամ նրանցով և նրանց Իմ փառքի դրսևորումը կհամարեմ։ Սակայն Իմ ուզածն այն մարդկությունը չէ, որին Սատանան պղծել է, որն այսօր պատկանում է Սատանային և այլևս Իմ սկզբնական արարչագործությունը չէ։ Քանզի Ես ցանկանում եմ հետ վերցնել մարդկային աշխարհում եղած Իմ փառքը, Ես - ամբողջովին կնվաճեմ մարդկության մեջ մնացածներին՝ որպես վկայություն Իմ փառքի և ի նշան Սատանայի պարտության։ Ես միայն Իմ վկայությունն եմ համարում Իմ ինքնության բյուրեղացում, Իմ վայելքի առարկա։ Սա է Իմ մտադրությունը։
Տասնյակ հազարավոր տարիների պատմություն է պահանջվել, որպեսզի մարդը հասնի այսօրվա հանգրվանին, սակայն այն մարդը, որին Ես ստեղծեցի սկզբում, վաղուց արդեն ընկղմվել է այլասերության մեջ: Սա այլևս Իմ ուզած մարդկությունը չէ, և այդ պատճառով Իմ աչքում մարդիկ վաղուց դադարել են մարդկություն լինել։ Ավելի շուտ, նրանք մարդկության տականքներն են, որոնց Սատանան գերեվարել է, նեխած, քայլող դիակներ, ում մեջ բնակվում է Սատանան և որոնցով Սատանան ծածկում է ինքն իրեն։ Մարդիկ չեն վստահում Իմ գոյությանը, ոչ էլ ողջունում են Իմ գալուստը։ Մարդկությունը միայն դժկամորեն պատասխանում է Իմ պահանջներին, ժամանակավորապես համաձայնում դրանց և անկեղծորեն Ինձ հետ չի կիսում կյանքի ուրախությունները և վշտերը։ Քանզի Ես մարդկանց համար խորհրդավոր եմ, նրանք Ինձ ժլատորեն ժպտում են՝ իրենց պահվածքով շողոքորթելով ինչ-որ վերադասի․ քանի որ մարդիկ որևէ գիտելիք չունեն Իմ գործի, առավել ևս՝ Իմ ներկայիս նպատակների մասին։ Անկեղծ եմ ձեզ ասում ՝ երբ օրը գա, Ինձ երկրպագող յուաքանչյուրի տառապանքներն ավելի տանելի կլինեն, քան ձերը։ Առ Ինձ Ձեր հավատքի աստիճանն իրականում չի գերազանցում Հոբի հավատքը․ նույնիսկ իսրայելցի փարիսեցիների հավատքն ավելին է քան ձերը։ Այսպիսով, եթե հրի օրը գա, ձեր տառապանքn ավելի ծանր կլինի, քան փարիսեցիներինը, երբ Հիսուսը նրանց հանդիմանեց, քան Մովսեսին հակառակվող 250 առաջնորդի տառապանքը և քան Սոդոմի տառապանքը՝ այրող հրի տակ։ Երբ Մովսեսը հարվածեց ժայռին, և Եհովայի շնորհած ծովի ջրերը բաժանվեցին, դա նրա հավատքի շնորհիվ էր։ Երբ Դավիթը՝ սիրտը լի ուրախությամբ, նվագում էր իր քնարն ու տավիղը գովերգոլով Ինձ՝ Եհովայիս, այդ ամենը հենց նրա հավատքի շնորհիվ էր։ Երբ Հոբը կորցրեց լեռներում արածող իր անասունների հոտերը, անհամար գանձերը և երբ նրա մարմինը ծածկվեց ցավոտ խոցերով, դա նրա հավատքի պատճառով էր։ Երբ նա կարողանում էր լսել Իմ՝ Եհովայիս ձայնը և տեսնել Իմ՝ Եհովայիս փառքը, պատճառը կրկին նրա հավատքն էր։ Այն, որ Պետրոսը կարողացավ հետևել Հիսուսին, նույնպես նրա հավատքի շնորհիվ էր։ Այն, որ նա կարողացավ խաչ բարձրանալ Ինձ համար և տալ փառավոր վկայություն՝ նույնպես նրա հավատքի շնորհիվ էր։ Այն, որ Հովհաննեսը տեսավ Մարդու Որդու փառավոր պատկերը՝ նրա հավատքի շնորհիվ էր։ Որ տեսավ վերջին օրերի տեսիլքը՝ առավել ևս նրա հավատի շնորհիվ էր։ Պատճառը, որ այսպես կոչված «հեթանոսների բազմությունները» ստացան Իմ հայտնությունը և ճանաչեցին, որ Ես վերադարձա մսեղիում՝ կատարելու Իմ գործը մարդկանց մեջ՝ նույնպես նրանց հավատքն է։ Մի՞թե բոլոր նրանք, որոնց հարվածել են Իմ խիստ խոսքերը և այնուամենայնիվ դրանցում սփոփանք են գտել, իրենց հավատքի շնորհիվ չեն փրկվել։ Մի՞թե նրանք, ովքեր հավատում են Ինձ, բայց դեռ տառապանքներ են կրում, չեն մերժվել աշխարհի կողմից։ Մի՞թե նրանք, ովքեր ապրում են Իմ խոսքից դուրս, փախչելով փորձության տառապանքից, մատնված չեն կյանքի հոսանքներին։ Նրանք նման են աշնանային տերևների, որոնց քամին այստեղից այնտեղ է քշում՝ զրկված հանգստից, առավել ևս՝ Իմ մխիթարական խոսքերից։ Չնայած Ես նրանց չեմ հանդիմանում ու մաքրում, մի՞թե նրանք թշվառներ չեն, որ տեղից տեղ են դեգերում՝ շրջելով երկնային արքայության սահմաններից դուրս գտնվող փողոցներով։ Արդյո՞ք աշխարհն իսկապես քո հանգստավայրն է։ Իմ հանդիմանությունից խուսափելով՝ արդյոք կարո՞ղ ես արժանանալ աշխարհի գոհունակ ժպիտին։ Կարո՞ղ է արդյոք կարճատև հաճույքը թաքցնել քո սրտի դատարկությունը, մի դատարկություն, որն անհնար է թաքցնել։ Դու կարող ես հիմարացնել քո ընտանիքի անդամներին, բայց ոչ երբևիցե Ինձ։ Քանզի քո հավատքը չափազանց աղքատիկ է, դու մինչ օրս չես կարողանում գտնել կյանքի որևէ ուրախություն։ Իմ հորդորը՝ քեզ. ավելի լավ է անկեղծորեն կյանքիդ կեսն ապրես Ինձ համար, քան ամբողջ կյանքդ ապրես միջակությամբ և մարմնին հագուրդ տալու համար՝ կրելով մարդու համար գրեթե անտանելի բոլոր տառապանքները։ Ի՞նչ իմաստ ունի Իմ պատժից փախչելը և ինքդ քեզ այդքան փայփայելը։ Ի՞նչ իմաստ ունի Իմ կարճատև պատժից թաքնվելը և արժանանալը հավիտենական դժվար կացությանը և հավիտենական պատժին։ Իրականում Ես ոչ մեկին չեմ պարտադրում Իմ պահանջները։ Եթե որևէ մեկն անկեղծորեն պատրաստ է ենթարկվել Իմ բոլոր ծրագրերին, Ես նրան վատ չեմ վերաբերվի։ Սակայն Ես պահանջում եմ, որ բոլոր մարդիկ հավատան Ինձ, ինչպես Հոբը հավատաց Ինձ՝ Եհովայիս։ Եթե ձեր հավատքը գերազանցում է Թովմասինը, ապա այն կարժանանա Իմ հավանությանը, իսկ ձեր հավատարմությունն Ինձ երջանկություն կպատճառի, և դուք անշուշտ կգտնեք Իմ փառքը ձեր օրերում։ Սակայն մարդիկ, որոնք հավատում են աշխարհին և չար դևին, կարծրացրել են իրենց սրտերը, ինչպես Սոդոմ քաղաքի բնակիչները, որոնց աչքերը մշուշել էր ավազահողմը, որոնց բերաններում Սատանայի ընծաներն էին, որոնց մթագնած ուղեղները վաղուց արդեն պատկանում էին աշխարհը զավթած չարին։ Նրանց գրեթե բոլոր մտքերի տիրակալը հին ժամանակների չար դևն էր: ։ Ուստի, քամին քշել է մարդկության հավատքը, և նրանք նույնիսկ չեն նկատում Իմ գործը։ Միակ բանը, որին ընդունակ են՝ թույլ փարձ կատարելն է՝ Իմ գործը մակերասորեն հասկանալու համար կամ անփութորեն վերլուծելը, որովհետև նրանց մեջ վաղուց գործում է Սատանայի թույնը։
Ես կնվաճեմ մարդկությանը, քանզի մարդիկ Իմ ստեղծածն են և, առավել ևս, վայելել են Իմ արարչագործության շռայլ բարիքները։ Բայց մարդիկ նաև մերժել են Ինձ․ Ես նրանց սրտերում չեմ, և նրանք Ինձ բեռ են համարում իրենց կյանքում, նույնիսկ այն աստիճանի, որ, Ինձ իսկապես տեսած լինելով հանդերձ, Ինձ մերժում են և գլուխ են կոտրում՝ մտածելով, թե էլ ինչպես կարող են Ինձ հաղթել։ Մարդիկ Ինձ թույլ չեն տալիս իրենց լուրջ վերաբերվել և խիստ պահանջներ ներկայացնել և ոչ էլ թույլատրում են Ինձ դատել կամ պատժել՝ իրենց անիրավ արարքների համար։ Այդ ամենը նրանց հետաքրքրելու փոխարեն տհաճություն է պատճառում։ Ուստի Իմ գործն է պարտության մատնել այն մարդկությանը, որն ուտում, խմում և ուրախանում է Ինձանով, սակայն չի ճանաչում Ինձ։ Ես մարդկությանը կզինաթափեմ և ապա Իմ հրեշտակների հետ Իմ փառքով կվերադառնամ Իմ բնակության վայրը։ Քանզի մարդկանց գործողությունները վաղուց արդեն կոտրել են Իմ սիրտը և փշուր-փշուր արել Իմ գործը։ Ես մտադիր եմ hետ վերցնել չարի խլած փառքը՝ նախքան ուրախությամբ կհեռանամ՝ թողնելով, որ մարդկությունը շարունակի իր կյանքը, շարունակի «ապրել և աշխատել խաղաղությամբ և գոհունակությամբ», շարունակի «մշակել սեփական դաշտերը», և այլևս չեմ միջամտի նրանց կյանքին։ Բայց այժմ Ես մտադիր եմ ամբողջությամբ վերադարձնել Իմ փառքը չարի ձեռքից, ետ վերցնել այն ամբողջ փառքը, որ ես դաջեցի մարդու վրա աշխարհի ստեղծման ժամանակ։ Այլևս երբեք այն չեմ շնորհի երկրի վրա ապրող մարդկային ցեղին։ Քանի որ մարդիկ ոչ միայն չեն պահպանել Իմ փառքը, այլև փոխանակել են այն Սատանայի պատկերի հետ։ Մարդիկ չեն տենչում Իմ գալուստը, ոչ էլ գովաբանում են Իմ փառքի օրը։ Նրանք ուրախությամբ չեն ընդունում Իմ պատիժը, առավել ևս պատրաստ չեն Իմ փառքն Ինձ վերադարձնել, ո՛չ էլ ցանկանում են հրաժարվել չարի թույնից։ Մարդկությունը շարունակում է խաբել Ինձ նույն հին ձևով՝ հագնելով ժպտադեմ և ուրախ դիմակներ։ Նրանք չեն գիտակցում, թե ինչ խոր խավար կպատի մարդկությանը, երբ Իմ փառքը նրանցից հեռանա։ Հատկապես չեն գիտակցում, որ երբ Իմ օրը վրա հասնի մարդկությանը, նրանց համար ավելի ծանր կլինի, քան Նոյի ժամանակվա մարդկանց համար, քանի որ նրանք չգիտեն, թե որքան մթագնեց Իսրայելը, երբ Իմ փառքը հեռացավ նրանից, քանզի մարդն արշալույսին մոռանում է, թե որքան դժվար է անցնել անթափանց խավարի միջով։ Երբ արեգակը նորից թաքնվի և խավար իջնի մարդու վրա, նա նորից կողբա և ատամները կկրճտացնի մթության մեջ։ Մի՞թե մոռացել եք՝ ինչ դժվարությամբ իսրայելացիները կրեցին տառապանքները, երբ Իմ փառքը հեռացավ Իսրայելից։ Հիմա այն ժամանակն է, երբ դուք և՛ տեսնում եք Իմ փառքը, և՛ կիսում եք Իմ փառքի օրը։ Մարդը կողբա խավարի մեջ, երբ Իմ փառքը հեռանա ապականված երկրից։ Այժմ փառքի օրն է, երբ Ես կատարում եմ Իմ գործը, և այն օրն է, երբ ազատում եմ մարդուն տառապանքից, քանի որ Ես չեմ կիսի նրանց հետ տառապանքի և փորձության ժամանակները։ Ես միայն ուզում եմ ամբողջությամբ նվաճել մարդուն և կատարյալ պարտության մատնել մարդկության մեջ եղած չարերին։