Նախաբան

Թեև շատերն են հավատում Աստծուն, քչերն են հասկանում, թե ինչ է նշանակում հավատն առ Աստված, և թե ինչպես պետք է վարվեն՝ Աստծու մտադրությունների համաձայն լինելու համար։ Պատճառն այն է, որ թեև մարդիկ գիտեն «Աստված» բառը և այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «Աստծու գործը», նրանք չեն ճանաչում Աստծուն և առավել ևս՝ Նրա գործը։ Ուստի զարմանալի չէ, որ բոլոր նրանք, ովքեր չեն ճանաչում Աստծուն, խճճված են Նրա հանդեպ ունեցած իրենց հավատում։ Մարդիկ լուրջ չեն վերաբերվում առ Աստված հավատին, և դա բացառապես այն պատճառով է, որ Աստծուն հավատալը չափազանց անծանոթ և խորթ է նրանց։ Այսկերպ նրանք չափազանց հեռու են Աստծու պահանջներից։ Այլ կերպ ասած՝ եթե մարդիկ չեն ճանաչում Աստծուն և չեն ճանաչում Նրա գործը, ապա նրանք չեն կարող պիտանի լինել Աստծու համար, և առավել ևս՝ ի վիճակի չեն բավարարելու Նրա մտադրությունները։ «Աստծու հանդեպ հավատը» նշանակում է հավատալ, որ Աստված կա. սա Աստծուն հավատալու ամենապարզ հասկացությունն է։ Մի քայլ առաջ գնալով՝ նշենք, որ հավատալը, որ Աստված կա, նույնը չէ, ինչ իսկապես Աստծուն հավատալը. դա ավելի շուտ ուժեղ կրոնական հնչերանգներով պարզ հավատի մի տեսակ է։ Իսկական հավատն առ Աստված նշանակում է հետևյալը. հիմնվելով այն հավատի վրա, որ Աստված բոլոր բաների Իշխանն է, մարդը փորձառաբար ապրում է Նրա խոսքերն ու Նրա գործը, և դրանով իսկ ազատվում իր ապականված խառնվածքից, բավարարում Աստծու մտադրությունները և սկսում ճանաչել Աստծուն։ Միայն այս տեսակ ճանապարհորդությունը կարող է կոչվել «հավատ առ Աստված»։ Սակայն մարդիկ հաճախ առ Աստված հավատը դիտարկում են որպես շատ պարզ և անլուրջ մի բան։ Երբ մարդիկ այս կերպ են հավատում Աստծուն, այն կորցնում է իմաստը, և թեև նրանք կարող են շարունակել հավատալ մինչև վերջ, երբեք չեն արժանանա Աստծու հավանությանը, քանի որ քայլում են սխալ ճանապարհով։ Նրանք, ովքեր մինչ օրս հավատում են Աստծուն բառերի և դատարկ վարդապետությունների մեջ, դեռևս չգիտեն, որ զուրկ են առ Աստված հավատի էությունից և որ չեն կարող ստանալ Աստծու հավանությունը։ Այնուամենայնիվ, նրանք աղոթում են, որ Աստված օրհնի իրենց խաղաղությամբ և բավարար շնորհով։ Եկեք հանդարտեցնենք մեր սրտերը և խոր մտածենք. մի՞թե Աստծուն հավատալն աշխարհում ամենահեշտ բանն է։ Մի՞թե Աստծուն հավատալը նշանակում է ոչ ավելին, քան Աստծուց առատ շնորհ ստանալը։ Մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն՝ առանց Նրան ճանաչելու, կամ ովքեր հավատում են Աստծուն, բայց միևնույն ժամանակ հակառակվում են Նրան, իսկապես ի վիճակի՞ են բավարարելու Աստծու մտադրությունները։

Աստծու և մարդու մասին չի կարելի խոսել հավասար հարթության վրա։ Նրա էությունն ու Նրա գործը մարդու համար չափազանց անըմբռնելի և անհասկանալի են։ Եթե Աստված անձամբ չկատարի Իր գործը և չասի Իր խոսքերը մարդկության մեջ, ապա, անկախ ամեն ինչից, մարդը չի կարողանա հասկանալ Աստծու մտադրությունները։ Եվ այսպես, նույնիսկ նրանք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են Աստծուն, չէին կարողանա ստանալ Նրա հավանությունը։ Եթե Աստված գործի չանցնի, ապա որքան էլ մարդը լավ գործի, ամեն ինչ իզուր կլինի, որովհետև Աստծու մտքերը միշտ ավելի բարձր կլինեն մարդու մտքերից, և Աստծու իմաստությունը ոչ մի մարդ չի կարող ըմբռնել։ Ուստիև ես ասում եմ, որ նրանք, ովքեր «լիովին հասկանում են» Աստծուն և Նրա գործը, ոչ բանիմաց մարդիկ են. նրանք բոլորն ամբարտավան և տգետ են։ Մարդը չպետք է սահմանափակի Աստծու գործը. ավելին, մարդը չի կարող սահմանափակել Աստծու գործը։ Աստծու աչքերում մարդը պարզապես մրջյունից էլ փոքր է. ուրեմն ինչպե՞ս կարող է մարդն ըմբռնել Աստծու գործը։ Նրանք, ովքեր անընդհատ ճամարտակում են, թե՝ «Աստված այս կամ այն կերպ չի գործում», կամ՝ «Աստված այսպիսին է կամ այնպիսին», մի՞թե նրանք մեծամտաբար չեն խոսում։ Մենք բոլորս պետք է իմանանք, որ մարդը, լինելով մարմնավոր, ապականվել է Սատանայի կողմից, որ նրա իսկական բնությունն Աստծուն հակառակվելն է, և որ նա չի կարող հավասարվել Աստծուն, առավել ևս չի կարող որևէ խորհուրդ տալ Աստծու գործի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է Աստված առաջնորդում մարդուն, դա հենց Իր՝ Աստծու գործն է։ Մարդուն վայել է հնազանդվելը՝ առանց այս կամ այն տեսակետն ունենալու, քանզի մարդն ընդամենը փոշի է։ Քանի որ մեր մտադրությունն Աստծուն փնտրելն է, մենք չպետք է մեր պատկերացումները պարտադրենք Նրա գործին, որ Աստված հաշվի առնի դրանք, առավել ևս չպետք է գործի դնենք մեր ապականված խառնվածքը՝ Աստծու գործին դիտավորյալ ու եռանդուն կերպով հակառակվելու համար։ Մի՞թե դա մեզ հակաքրիստոսներ չէր դարձնի։ Ինչպե՞ս կարելի է ասել, որ նման մարդիկ ընդհանրապես հավատում են Աստծուն։ Քանի որ մենք հավատում ենք, որ կա Աստված, և քանի որ ցանկանում ենք գոհացնել ու տեսնել Նրան, մենք պետք է փնտրենք ճշմարտության և Աստծու հետ համատեղելիության ճանապարհները։ Մենք չպետք է համառորեն հակառակվենք Նրան։ Ի՞նչ օգուտ կարող է լինել նման գործողություններից։

Այսօր Աստված նոր գործ է կատարել։ Գուցե դու չկարողանաս ընդունել այս խոսքերը, և դրանք գուցե անսովոր թվան քեզ, բայց ես խորհուրդ կտայի քեզ առայժմ ի ցույց չդնել քո բնականությունը, քանի որ միայն նրանք, ովքեր Աստծու առաջ իսկապես արդարության քաղց ու ծարավ ունեն, կարող են ձեռք բերել ճշմարտությունը, և միայն նրանք, ովքեր իսկապես բարեպաշտ են, կարող են լուսավորվել և առաջնորդվել Նրա կողմից։ Արդյունքները ձեռք են բերվում՝ ճշմարտությունը սթափ հանդարտությամբ փնտրելով, այլ ոչ թե վեճ ու կռվով։ Երբ ասում եմ, որ «այսօր Աստված նոր գործ է կատարել», նկատի ունեմ Աստծու՝ մսեղի վերադառնալու հարցը։ Գուցե այս խոսքերը քեզ չեն անհանգստացնում, գուցե դու խորշում ես դրանցից, կամ գուցե դրանք մեծ հետաքրքրություն են ներկայացնում քեզ համար։ Ինչ էլ որ լինի, հուսով եմ, որ բոլոր նրանք, ովքեր իսկապես փափագում են, որ Աստված հայտնվի, կկարողանան առերեսվել այս փաստին և ուշադիր քննել այն՝ դրա վերաբերյալ հապճեպ եզրակացություններ անելու փոխարեն. հենց այդպես պետք է վարվի իմաստուն մարդը։

Նման բան քննելը դժվար չէ, բայց դրա համար պահանջվում է, որ մեզանից յուրաքանչյուրը նախ իմանա այս մեկ ճշմարտությունը. Նա, ով մարմնացած Աստվածն է, ունի Աստծու էությունը, և Նա, ով մարմնացած Աստվածն է, ունի Աստծու արտահայտությունը։ Քանի որ Աստված մսեղի է դարձել, Նա Իր հետ բերում է այն գործը, որը մտադիր է կատարել, և քանի որ Նա մարմնացած Աստված է, արտահայտում է այն, ինչ Ինքն է, և ի զորու է ճշմարտությունը բերելու մարդուն, կյանք շնորհելու և ճանապարհ ցույց տալու նրան։ Մսեղին, որը չունի Աստծու էությունը, աներկբայորեն մարմնացած Աստված չէ. սրանում կասկած չկա։ Եթե մարդը մտադիր է քննել՝ արդյոք դա Աստծու մարմնացած մսեղին է, ապա նա պետք է դա որոշի Նրա արտահայտած բնույթից և Նրա ասած խոսքերից։ Այսինքն՝ որոշելու համար, թե արդյոք դա Աստծու մարմնացած մսեղին է, և արդյոք դա ճշմարիտ ճանապարհն է, թե ոչ, պետք է տարբերակել Նրա էության հիման վրա։ Եվ այսպես, արդյոք դա Աստծու մարմնացած մսեղի՞ն է, թե ոչ․ այս հարցի պատասխանը Նրա էության (Նրա գործի, Նրա խոսքերի, Նրա բնույթի և բազմաթիվ այլ կողմերի), այլ ոչ թե արտաքին տեսքի մեջն է։ Եթե մարդը քննում է միայն Նրա արտաքին տեսքը և, որպես հետևանք, անտեսում է Նրա էությունը, դա ցույց է տալիս, որ մարդն անմիտ է և տգետ։ Արտաքին տեսքը չի կարող որոշել էությունը, ավելին՝ Աստծու գործը երբեք չի կարող համապատասխանել մարդու պատկերացումներին։ Մի՞թե Հիսուսի արտաքին տեսքը չէր հակասում մարդու պատկերացումներին։ Մի՞թե Նրա դեմքն ու հագուստն անկարող չէին ցույց տալ Նրա իսկական ինքնությունը։ Մի՞թե այն ժամանակվա փարիսեցիները չհակառակվեցին Հիսուսին հենց այն պատճառով, որ պարզապես նայեցին Նրա արտաքին տեսքին և բարեխղճորեն չընդունեցին Նրա բերանից դուրս եկած խոսքերը։ Հույս եմ տածում, որ յուրաքանչյուր եղբայր և քույր, ով փնտրում է Աստծու հայտնությունը, չի կրկնի պատմության ողբերգությունը և չի դառնա ժամանակակից փարիսեցի՝ կրկին խաչին գամելով Աստծուն։ Դուք պետք է ուշադիր մտածեք ինչպես ողջունել Աստծու վերադարձը և պետք է հստակ գիտակցեք ինչպես լինել մեկը, ով հնազանդվում է ճշմարտությանը։ Սա բոլոր նրանց պատասխանատվությունն է, ովքեր սպասում են ամպը հեծած Հիսուսի վերադարձին։ Մենք պետք է մաքրենք մեր հոգևոր աչքերը և չխրվենք երևակայության խոսքերի մեջ։ Պետք է մտածենք Աստծու իրատեսական գործի մասին և նայենք Աստծու գործնական կողմին։ Մի՛ տարվեք և մի՛ կորցրեք ձեզ անուրջների մեջ՝ միշտ հուսալով, որ Տեր Հիսուսը հանկարծ ամպի վրա կիջնի ձեր մեջ և կտանի ձեզ, որ երբեք չեք ճանաչել կամ տեսել Նրան, և չգիտեք, թե ինչպես հետևել Նրա կամքին։ Ավելի լավ է մտածել ավելի իրատեսական հարցերի մասին։

Գուցե այս գիրքը բացել ես ուսումնասիրելու նպատակով կամ ընդունելու մտադրությամբ. ինչպիսին էլ որ լինի քո վերաբերմունքը, հուսով եմ, որ կկարդաս այն մինչև վերջ և հեշտությամբ մի կողմ չես դնի։ Գուցե այս խոսքերը կարդալուց հետո քո վերաբերմունքը կփոխվի, բայց դա կախված է քո շարժառիթից և քո ըմբռնման աստիճանից։ Մի բան կա, սակայն, որը պետք է իմանաս. Աստծու խոսքը չի կարելի որպես մարդու խոսք ներկայացնել, և առավել ևս մարդու խոսքը չի կարելի որպես Աստծու խոսք ներկայացնել։ Աստծու կողմից օգտագործվող մարդը մարմնացած Աստված չէ, և մարմնացած Աստված Աստծու կողմից օգտագործվող անձնավորություն չէ։ Այստեղ կա էական տարբերություն։ Հնարավոր է՝ այս խոսքերը կարդալուց հետո դու դրանք չես ընդունում որպես Աստծու խոսքեր, այլ միայն լուսավորում, որ մարդն է ստացել։ Այդ դեպքում դու չափազանց անգետ ես։ Ինչպե՞ս կարող են Աստծու խոսքերը նույնը լինել, ինչ մարդու ստացած լուսավորումը։ Մարմնացյալ Աստծու խոսքերը բացում են նոր դարաշրջան, առաջնորդում են ողջ մարդկությանը, բացահայտում առեղծվածներ և ցույց են տալիս մարդուն այն ուղղությունը, որով նա պետք է ընթանա նոր դարաշրջանում։ Մարդու ստացած լուսավորումը ոչ այլ ինչ է, եթե ոչ որոշ պարզ կիրարկումներ կամ գիտելիքներ։ Այն չի կարող ողջ մարդկությանն ուղղորդել դեպի նոր դարաշրջան կամ բացահայտել Աստծու առեղծվածները։ Ի վերջո, Աստված Աստված է, իսկ մարդը՝ մարդ։ Աստված ունի Աստծու էությունը, իսկ մարդը՝ մարդու էությունը։ Եթե ​​մարդն Աստծու ասած խոսքերը դիտարկի որպես Սուրբ Հոգու կողմից պարզ լուսավորում, իսկ առաքյալների ու մարգարեների խոսքերն ընդունի որպես Աստծու կողմից անձամբ ասված խոսքեր, դա կլինի մարդու սխալը։ Անկախ ամեն ինչից, դու երբեք չպետք է սևն ու սպիտակը շրջես կամ բարձրը ցածր ներկայացնես կամ խորը նկարագրես որպես մակերեսային. անկախ ամեն ինչից, դու երբեք չպետք է դիտավորյալ հերքես այն, ինչը հստակ գիտես, որ ճշմարտություն է։ Յուրաքանչյուր ոք, ով հավատում է Աստծու գոյությանը, պետք է բաները քննի ճիշտ տեսանկյունից և ընդունի Աստծու նոր գործն ու Նրա նոր խոսքերն արարածի դիրքից․ հակառակ դեպքում Աստված դուրս կթողնի նրանց։

Եհովայի գործից հետո Հիսուսը մարմնացավ՝ մարդկանց մեջ Իր գործը կատարելու համար։ Նրա գործը չէր կատարվում մեկուսացված, այլ կառուցված էր Եհովայի գործի վրա։ Դա նոր դարաշրջանի համար աշխատանք էր, որն Աստված կատարեց Օրենքի դարաշրջանն ավարտելուց հետո։ Նմանապես, Հիսուսի գործի ավարտից հետո Աստված շարունակեց Իր գործը հաջորդ դարաշրջանի համար, քանի որ Աստծու ողջ տնօրինումը միշտ առաջ է շարժվում։ Երբ հին դարաշրջանն անցնի, այն կփոխարինվի նոր դարաշրջանով, և երբ հին աշխատանքն ավարտվի, կլինի նոր աշխատանք՝ Աստծու տնօրինումը շարունակելու համար։ Այս մարմնացումն Աստծու երկրորդ մարմնացումն է, որը հաջորդում է Հիսուսի գործին։ Իհարկե, այս մարմնացումը տեղի չի ունենում ինքնուրույն. այն աշխատանքի երրորդ փուլն է՝ Օրենքի դարաշրջանից և Շնորհքի դարաշրջանից հետո։ Ամեն անգամ, երբ Աստված ձեռնամուխ է լինում աշխատանքի նոր փուլի, միշտ պետք է լինի նոր սկիզբ, և դա միշտ պետք է բերի նոր դարաշրջան։ Նույն կերպ, համապատասխան փոփոխություններ են լինում Աստծու բնույթի, Նրա գործելակերպի, Նրա աշխատանքի վայրի և Նրա անվան մեջ։ Հետևաբար, զարմանալի չէ, որ մարդու համար դժվար է ընդունել Աստծու գործը նոր դարաշրջանում։ Սակայն անկախ նրանից, թե ինչպես է մարդը դիմադրում Նրան, Աստված միշտ կատարում է Իր գործը և առաջնորդում է ողջ մարդկությանը միշտ դեպի առաջ։ Երբ Հիսուսը եկավ մարդկանց աշխարհ, Նա սկիզբ դրեց Շնորհքի դարաշրջանին և ավարտեց Օրենքի դարաշրջանը։ Վերջին օրերի ընթացքում Աստված կրկին մարմնացավ, և այս մարմնացումով Նա ավարտեց Շնորհքի դարաշրջանը և սկիզբ դրեց Թագավորության դարաշրջանին։ Բոլոր նրանք, ովքեր կարող են ընդունել Աստծու երկրորդ մարմնացումը, կառաջնորդվեն դեպի Թագավորության դարաշրջան և, ավելին, ի վիճակի կլինեն անձամբ ընդունելու Աստծու առաջնորդությունը։ Թեև Հիսուսը եկավ մարդկանց մեջ և շատ աշխատանք կատարեց, Նա միայն ավարտեց ողջ մարդկության փրկագնման գործը և ծառայեց որպես մարդու մեղքի զոհ․ Նա չազատեց մարդուն իր ողջ ապականված խառնվածքներից։ Մարդուն Սատանայի ազդեցությունից լիովին փրկելու համար ոչ միայն պահանջվում էր, որ Հիսուսը դառնար մեղքի զոհ և կրեր մարդու մեղքերը, այլև Աստծուց պահանջվում էր ավելի մեծ գործ կատարել մարդուն իր՝ Սատանայի կողմից ապականված խառնվածքներից ամբողջությամբ ազատելու համար։ Եվ այսպես, մարդու մեղքերը ներելուց հետո Աստված կրկին մսեղի դարձավ՝ մարդուն նոր դարաշրջան տանելու համար և սկսեց հանդիմանության ու դատաստանի գործը։ Այս գործը մարդուն հասցրել է ավելի բարձր ոլորտի։ Բոլոր նրանք, ովքեր ենթարկվում են Նրա տիրակալությանը, կվայելեն ավելի բարձր ճշմարտություն և կստանան ավելի մեծ օրհնություններ։ Նրանք իսկապես կապրեն լույսի մեջ և կստանան ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։

Եթե մարդիկ շարունակեն մնալ Շնորհքի դարաշրջանում, ապա երբեք չեն ազատվի իրենց ապականված խառնվածքներից, առավել ևս, չեն ճանաչի Աստծու ներհատուկ բնույթը։ Եթե մարդիկ միշտ ապրեն շնորհքի առատության միջավայրում, բայց չունենան կյանքի ճանապարհ, որ թույլ տա նրանց ճանաչել Աստծուն կամ գոհացնել Նրան, ապա Նրան երբեք ճշմարտապես ձեռք չեն բերի՝ առ Նրան իրենց հավատքում։ Այս տեսակ հավատքն իսկապես խղճալի է։ Երբ ավարտած լինես այս գրքի ընթերցումը, երբ փորձառաբար ապրած լինես մարմնացած Աստծու գործի ամեն մի քայլը Թագավորության դարաշրջանում, կզգաս, որ բազում տարիներ ունեցածդ ցանկությունները վերջապես իրականացել են։ Դու կզգաս, որ միայն հիմա ես ճշմարտապես տեսել Աստծուն՝ դեմ առ դեմ, միայն հիմա ես նայել Նրա դեմքին, լսել Նրա անձնական արտահայտումները, գնահատել Նրա գործի իմաստությունը և իրապես զգացել, թե որքան գործնական ու ամենակարող է Նա։ Կզգաս, որ ձեռք ես բերել բազում բաներ, որ անցյալի մարդիկ ո՛չ տեսել են, ո՛չ ունեցել։ Այսժամ դու հստակորեն կիմանաս, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն և Աստծու մտադրությունների համաձայն լինել։ Իհարկե, եթե կառչես անցյալի տեսակետներին և մերժես և չընդունես Աստծու երկրորդ մարմնացման փաստը, ապա կմնաս ձեռնունայն՝ ոչինչ չստանալով, և, ի վերջո, մեղավոր կհայտարարվես Աստծուն դիմադրելու մեջ։ Նրանք, ովքեր ունակ են հնազանդվելու ճշմարտությանը և Աստծու գործին, կպատկանեն երկրորդ մարմնացած Աստծու՝ Ամենակարողի անվանը։ Նրանք կկարողանան ընդունել Աստծու անձնական ուղղորդումը՝ ձեռք բերելով ավելի շատ և ավելի բարձր ճշմարտություն, ինչպես նաև իրական մարդկային կյանք։ Նրանց առջև կլինի տեսիլքը, որն անցյալի մարդիկ երբևէ չեն տեսել․ «Դարձա ձայնի կողմը՝ տեսնելու, թե ո՛վ է ինձ հետ խոսողը։ Եվ ահա շրջվեցի ու տեսա յոթ ոսկե ճրագակալներ, իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ Մարդու Որդուն նման մեկին՝ մինչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկե գոտի կապած. նրա գլուխն ու մազերն սպիտակ էին ինչպես բուրդը և ինչպես ձյունը, աչքերը՝ ինչպես կրակի բոց, ոտքերը նման էին հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի, իսկ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։ Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ, բերանից էլ սրած երկսայրի սուր էր ելնում, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը» (Հայտնություն 1։12-16)։ Այս տեսիլքն Աստծու ողջ բնույթի արտահայտությունն է, իսկ Նրա ողջ բնույթի արտահայտությունը նաև Աստծու գործի արտահայտությունն է Իր այժմյան մարմնացման մեջ։ Հանդիմանությունների և դատաստանների հեղեղի մեջ մարդու Որդին արտահայտում է Իր ներհատուկ բնույթն արտահայտումներով՝ թույլ տալով բոլոր նրանց, ովքեր ընդունում են Իր հանդիմանությունը և դատաստանը, տեսնել մարդու Որդու ճշմարիտ դեմքը, որը Հովհաննեսի տեսած մարդու Որդու դեմքի արժանահավատ վերարտադրությունն է (Բնականաբար, այս ամենն անտեսանելի կլինի նրանց, ովքեր չեն ընդունում Աստծու գործը Թագավորության դարաշրջանում)։ Աստծու ճշմարիտ դեմքը չի կարող ամբողջությամբ ձևակերպվել մարդկային լեզվի միջոցով, ուստիև Աստված օգտագործում է Իր ներհատուկ բնույթն արտահայտելու մեթոդը՝ մարդուն Իր ճշմարիտ դեմքը ցույց տալու համար։ Ինչը նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր գնահատել են մարդու Որդու ներհատուկ բնույթը, տեսել են մարդու Որդու ճշմարիտ դեմքը, քանզի Աստված չափազանց մեծ է և չի կարող ամբողջովին ձևակերպվել մարդկային լեզվի միջոցով։ Թագավորության դարաշրջանում Աստծու գործի ամեն մի փուլը փորձառաբար ապրելուն պես մարդը կիմանա Հովհաննեսի բառերի իրական նշանակությունը, երբ նա խոսում էր մարդու Որդու մասին ճրագակալների մեջտեղում․ «նրա գլուխն ու մազերն սպիտակ էին ինչպես բուրդը և ինչպես ձյունը, աչքերը՝ ինչպես կրակի բոց, ոտքերը նման էին հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի, իսկ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։ Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ, բերանից էլ սրած երկսայրի սուր էր ելնում, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը»։ Այդժամ դու կիմանաս առանց որևէ կասկածի, որ այս սովորական մսեղին, որ այսքան շատ բան է ասել, անհերքելիորեն երկրորդ մարմնացած Աստված է։ Ավելին՝ դու իսկապես կգիտակցես, թե որքան օրհնյալ ես և քեզ ամենաբախտավորը կզգաս։ Մի՞թե պատրաստ չես ընդունելու այս օրհնությունը։

Հաջորդը.  Քրիստոսի արտահայտումները սկզբում․ Գլուխ 1

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger