Քրիստոսը դատաստանի գործը կատարում է ճշմարտությամբ
Վերջին օրերի գործն այն է, որ ամեն ինչ դասավորվի ըստ իր տեսակների, և ավարտվի Աստծու տնօրինության ծրագիրը, որովհետև ժամանակը մոտ է, և Աստծու օրը եկել է։ Աստված բոլոր նրանց, ովքեր մուտք են գործում Իր արքայություն, նրանց, ովքեր մնում են հավատարիմ մինչև վերջ, բերում է Իր իսկ դարաշրջան։ Սակայն մինչև Ինքն Աստծու դարաշրջանի գալուստը` Աստծու գործը մարդու արարքները քննելը չէ, ոչ էլ մարդու կյանքի մասին հարցուփորձ անելը, այլ մարդու ըմբոստությունը դատելն է, որովհետև Աստված պիտի մաքրագործի բոլոր նրանց, ովքեր գալիս են Իր գահի առաջ։ Բոլորը, ովքեր մինչ այս օրը հետևել են Աստծու հետքերին, նրանք են, որ գալիս են Աստծու գահի առաջ, և այսպիսով՝ յուրաքանչյուր մարդ, ով ընդունում է Աստծու գործը դրա վերջին փուլում, Աստծու մաքրագործման առարկան է։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է Աստծու գործը դրա վերջին փուլում, Աստծու դատաստանի առարկան է։
Անցյալում ասված «Աստծու տան մեջ սկսվող դատաստանի» մեջ «դատաստան» բառը վերաբերում է այն դատաստանին, որն Աստված այսօր իրականացնում է վերջին օրերին Իր գահի առաջ եկողների նկատմամբ։ Գուցե կան մարդիկ, որոնք կարծում են, թե երբ վերջին օրերը գան, Աստված երկինքներում մեծ սեղան կդնի, որի վրա սպիտակ սփռոց կլինի փռված, ապա կնստի մեծ գահին, և բոլոր մարդիկ կծնկեն գետնին. Նա կմերկացնի յուրաքանչյուրի մեղքերը և դրանով կորոշի՝ արդյոք նրանք պետք է բարձրանան երկինք, թե ուղարկվեն ցած՝ կրակի ու ծծմբի լիճը և նման այլ գերբնական պատկերացումներ։ Անկախ նրանից, թե ինչ է մարդը պատկերացնում՝ դա չի կարող փոխել Աստծու գործի էությունը։ Մարդու երևակայությունները պարզապես նրա մտքերի ստեղծածն են․ դրանք ծագում են մարդու ուղեղից՝ ամփոփված և իրար միացված այն ամենից, ինչ մարդը տեսել ու լսել է։ Ուստի ասում եմ՝ որքան էլ հրաշալի լինեն մարդկանց պատկերացումները, դրանք միայն ծաղրանկարներ են և ի վիճակի չեն փոխարինելու Աստծու գործի ծրագիրը։ Մարդը, ի վերջո, ապականված է Սատանայի կողմից, ուստի ինչպե՞ս կարող է խորամուխ լինել Աստծու մտքերին։ Մարդն Աստծու դատաստանի գործը երևակայում է որպես ինչ-որ արտառոց բան։ Նա հավատում է, որ քանի որ հենց Աստված Ինքն է կատարում դատաստանի գործը, ապա այս գործը պիտի լինի ամենահսկայական չափի, անհասկանալի՝ մահկանացուների համար, և պիտի հնչի երկինքներով մեկ ու սասանի երկիրը․ եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող է դա լինել Աստծու դատաստանի գործ։ Նա հավատում է, որ քանի որ սա դատաստանի գործն է, ապա Աստված պիտի գործի առանձնապես վեհազդու ու մեծաշուք կերպով, և նրանք, ովքեր դատվում են, պիտի լաց լինեն արտասուքով ու ծնկի իջած` ողորմություն աղաչեն։ Այդպիսի տեսարանները, անկասկած, պիտի լինեն շլացուցիչ և խորապես ցնցող․․․ Բոլորը պատկերացնում են Աստծու դատաստանի գործը որպես հրաշագործ բան։ Գիտե՞ս դու, սակայն, որ այն ժամանակ, երբ Աստված վաղուց արդեն սկսել է Իր դատաստանի գործը մարդկանց մեջ, դու դեռ շարունակում ես բազմել թմրած քնում, այն ժամանակ, երբ մտածում ես, թե Աստծու դատաստանի գործը պաշտոնապես սկսվել է, Աստված արդեն նորովի ստեղծա՞ծ կլինի երկինքն ու երկիրը։ Գուցե այդ ժամանակ դու նոր հասկանալիս լինես կյանքի իմաստը, սակայն Աստծու պատժի անողորմ գործը կտանի քեզ, որ դեռ խոր քնած ես, դեպի դժոխք։ Միայն այդ ժամանակ դու հանկարծ կգիտակցես և կհասկանաս, որ Աստծու դատաստանի գործն արդեն ավարտված է։
Եկեք չվատնենք մեր թանկարժեք ժամանակն ու այլևս չխոսենք այս գարշելի ու զզվելի թեմաների մասին։ Եկեք փոխարենը խոսենք այն մասին, թե ի՞նչ է դատաստանը։ Երբ լսում ես «դատաստան» բառը, հավանաբար հիշում ես այն խոսքերը, որ Եհովան ասաց՝ ուսուցանելու համար մարդկանց ամեն տեղում, և այն խոսքերը, որ Հիսուսն ասաց՝ հանդիմանելու փարիսեցիներին։ Թեև այդ խոսքերը խիստ էին, դրանք Աստծու դատաստանը չէին մարդու նկատմամբ․ դրանք պարզապես խոսքեր էին, որ Աստված ասաց տարբեր միջավայրերում, այսինքն՝ տարբեր համատեքստերում։ Այս խոսքերը նման չեն այն խոսքերին, որ Քրիստոսն ասում է վերջին օրերին, երբ Նա դատում է մարդուն։ Վերջին օրերի Քրիստոսն օգտագործում է տարբեր ճշմարտություններ՝ ուսուցանելու մարդուն, մերկացնելու մարդու բուն էությունը և քննելու նրա խոսքերն ու գործերը։ Այս խոսքերը ներառում են տարբեր ճշմարտություններ, ինչպիսին է մարդու պարտավորությունը, թե ինչպե՞ս պետք է մարդը ենթարկվի Աստծուն, ինչպե՞ս պետք է մարդը հավատարիմ լինի Աստծուն, ինչպե՞ս պետք է մարդը կյանքով արտահայտի բնականոն մարդկայնությունը, ինչպես նաև Աստծու իմաստությունն ու բնույթը։ Այս խոսքերը բոլորն ուղղված են մարդու բուն էությանը և նրա ապականված խառնվածքին։ Մասնավորապես այն խոսքերը, որ մերկացնում են, թե ինչպես է մարդը մերժում Աստծուն, առավել ևս ուղղված են այն բանին, որ մարդը Սատանայի մարմնավորումն է և Աստծուն հակառակվող թշնամական ուժ։ Իր դատաստանի գործը կատարելիս Աստված ոչ թե մի քանի խոսքով ամբողջովին բացատրում է մարդու բնությունը, այլ երկարաժամկետ կերպով մերկացնում և էտում այն։ Այս բոլոր տարբեր բացահայտման և էտման եղանակները չեն կարող փոխարինվել սովորական խոսքերով․ դրա փոխարեն օգտագործվում է այն ճշմարտությունը, որը մարդը բացարձակապես չունի, որպեսզի իրականացվի այս մերկացման և էտման աշխատանքը։ Միայն այսպիսի եղանակները կարող են կոչվել դատաստան․ միայն այսպիսի դատաստանի միջոցով կարող է մարդը տեղի տալ և ամբողջովին համոզվել Աստծու մասին և առավել ևս ձեռք բերել Աստծու իսկական ճանաչողություն։ Դատաստանի գործը հանգեցնում է մարդու՝ Աստծու ճշմարիտ դեմքի և իր սեփական ապստամբության ճշմարտության հասկացողությանը։ Դատաստանի գործը հնարավորություն է տվել մարդուն մեծապես հասկանալու Աստծու մտադրությունները, Աստծու գործի նպատակը և այն խորհուրդները, որոնք նրան անհասկանալի են։ Այն նաև հնարավորություն է տվել մարդուն հասկանալու և ճանաչելու իր ապականված էությունը և իր ապականության արմատը, ինչպես նաև բացահայտելու իր տգեղ կերպարանքը։ Այս բոլոր արդյունքները ստացվում են դատաստանի գործով, քանզի այս գործի էությունն իրականում այն է, որ բացվում են Աստծու ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Նրան։ Սա է Աստծու կատարած դատաստանի գործը։ Եթե դու այս ճշմարտությունները կարևոր չհամարես, եթե միշտ փորձես խուսափել դրանցից կամ դրանցից դուրս նոր ելք որոնել, ապա ես ասում եմ՝ դու խիստ մեղավոր ես։ Եթե դու հավատում ես Աստծուն, բայց չես որոնում ճշմարտությունը և չես փնտրում Աստծու մտադրությունները, չես սիրում այն ճանապարհը, որը քեզ ավելի մոտեցնում է Աստծուն, ապա ես ասում եմ՝ դու այն մարդն ես, որ փորձում է խուսափել դատաստանից, և դու մի խամաճիկ ու դավաճան ես, որ փախչում է Մեծ Սպիտակ Գահից։ Աստված չի խնայի որևէ ապստամբի, ով փախչում է Նրա աչքերի տակից։ Այսպիսի մարդիկ կստանան է՛լ ավելի ծանր պատիժ։ Նրանք, ովքեր գալիս են Աստծու առաջ՝ ստանալու Նրա դատաստանը, և բացի դրանից՝ մաքրագործվել են, հավիտյան կապրեն Աստծու արքայությունում։ Իհարկե, սա մի բան է, որ վերաբերում է ապագային։
Դատաստանի գործն Աստծու սեփական գործն է, ուստի այն բնականաբար պետք է կատարվի հենց Աստծու կողմից․ մարդը չի կարող կատարել այն Նրա փոխարեն։ Քանի որ դատաստանը ճշմարտության կիրառումն է՝ մարդկությանը նվաճելու համար, անկասկած է, որ Աստված կրկին երևում է մարդկանց մեջ մարմնացած պատկերով՝ այս գործը կատարելու համար։ Այլ կերպ ասած՝ վերջին օրերի Քրիստոսը ճշմարտությունը պիտի գործածի՝ ուսուցանելու մարդկանց ողջ աշխարհով մեկ և բոլոր ճշմարտությունները նրանց հայտնի դարձնելու համար։ Սա է Աստծու դատաստանի գործը։ Շատերն անհարմար են զգում Աստծու երկրորդ մարմնացման վերաբերյալ, քանի որ մարդկանց համար դժվար է հավատալ, որ Աստված մսեղի կդառնա՝ կատարելու դատաստանի գործը։ Այնուամենայնիվ, Ես պետք է քեզ ասեմ, որ Աստծու գործը հաճախ շատ ավելի է անցնում մարդու սպասելիքներից, և այն դժվար է ընդունել մարդկային մտքի համար։ Պատճառն այն է, որ մարդիկ ընդամենը որդեր են երկրի վրա, մինչդեռ Աստված այն գերագույն Մեկն է, որ լցնում է տիեզերքը․ մարդու միտքը նման է գարշահոտ ջրով լի փոսի, որ միայն որդեր է ծնում, մինչդեռ Աստծու մտքերով ուղղորդված գործի յուրաքանչյուր փուլ Աստծու իմաստության զտվածքն է։ Մարդիկ միշտ փորձում են մրցել Աստծու հետ, և Ես ասում եմ՝ ինքնին պարզ է, թե ով է վերջում պարտվելու։ Ես հորդորում եմ ձեզ բոլորիդ չմտածել, թե դուք ավելի արժեքավոր եք, քան ոսկին։ Եթե ուրիշները կարող են ընդունել Աստծու դատաստանը, ապա ինչո՞ւ դու չես կարող։ Որքանո՞վ ես դու բարձր կանգնած ուրիշներից։ Եթե ուրիշները կարող են խոնարհել իրենց գլուխը ճշմարտության առաջ, ապա ինչո՞ւ դու չես կարող։ Աստծու գործն անխուսափելի է։ Նա չի կրկնի դատաստանի գործը միայն այն «ներդրման» պատճառով, որ դու արել ես, և դու կհամակվես ափսոսանքով՝ թողնելով այսպիսի լավ հնարավորություն քո ձեռքից։ Եթե դու չես հավատում Իմ խոսքերին, ապա պարզապես սպասիր, որ երկնքում գտնվող Մեծ Սպիտակ Գահը դատաստան անի քեզ։ Դու պետք է իմանաս, որ բոլոր իսրայելացիները մերժեցին և ուրացան Հիսուսին, սակայն Հիսուսի՝ մարդկության փրկագնման փաստը, միևնույն է, տարածվեց ամբողջ տիեզերքում և մինչև երկրի ծայրերը։ Արդյո՞ք սա մի փաստ չէ, որ Աստված վաղուց իրականացրել է։ Եթե դու դեռ սպասում ես, որ Հիսուսը քեզ բարձրացնի երկինք, ապա Ես ասում եմ՝ դու անպետք պնդաճակատ մարդ ես։ Հիսուսը չի ճանաչի այնպիսի կեղծ հավատացյալի, ինչպիսին դու ես, որ անհավատարիմ է ճշմարտությանը և միայն օրհնություններ է որոնում։ Ընդհակառակը, Նա առանց գթության քեզ կգցի կրակի լիճը, որտեղ դու կվառվես տասնյակ հազարավոր տարիներ։
Հիմա արդյո՞ք հասկանում ես, թե ինչ է դատաստանը, և ինչ է ճշմարտությունը։ Եթե հասկանում ես, ապա Ես խորհուրդ եմ տալիս հնազանդությամբ ենթարկվել դատաստանին, հակառակ դեպքում, դու երբեք հնարավորություն չես ունենա Աստծու հավանությունը ստանալու կամ Նրա կողմից Նրա արքայություն բերվելու։ Նրանք, ովքեր միայն ընդունում են դատաստանը, բայց երբեք չեն մաքրագործվում, այսինքն՝ նրանք, ովքեր փախչում են դատաստանի գործի ընթացքում, հավիտյան արհամարհված կլինեն Աստծու կողմից։ Նրանց մեղքերն ավելի ծանր և ավելի շատ են, քան փարիսեցիների մեղքերը, որովհետև նրանք դավաճանել են Աստծուն և ապստամբներ են Նրա դեմ։ Այս մարդիկ, որ արժանի չեն անգամ տքնելու, ավելի խիստ պատիժ կստանան, և այդ պատիժը հավիտենական է։ Աստված չի խնայի որևէ դավաճանի, որ մի ժամանակ խոսքով հավատարմություն է ցույց տվել, բայց հետո դավաճանել է Նրան։ Նման մարդիկ հատուցում կստանան՝ պատժվելով հոգով, շնչով և մարմնով։ Արդյո՞ք սա հենց Աստծու արդար բնույթի հայտնությունը չէ։ Արդյո՞ք սա հենց Աստծու նպատակը չէ՝ դատելով և բացահայտելով մարդուն։ Աստված դատաստանի ժամանակ ամեն տեսակ չարագործություն կատարողներին հանձնում է չար ոգիներով լի վայրին և թողնում է, որ այդ չար ոգիները ոչնչացնեն նրանց մարմիններն իրենց ուզած ձևով, և նրանց մարմինները դիակների հոտ են արձակում։ Սա է նրանց արդար հատուցումը։ Աստված այդ անհավատարիմ կեղծ հավատացյալների, կեղծ առաքյալների և կեղծ աշխատողների մեղքերը մեկ առ մեկ գրի է առնում նրանց գրանցամատյաններում, և երբ ճիշտ ժամանակն է լինում, նրանց նետում է անմաքուր հոգիների մեջ՝ թողնելով, որ այդ անմաքուր հոգիները պղծեն նրանց ամբողջ մարմինը, ինչպես կամենան, և դարձնում է այնպիսին, որ նրանք երբեք չվերածնվեն և այլևս երբեք չտեսնեն լույսը։ Աստված չարերի շարքում է դասում այն կեղծավորներին, ովքեր որոշ ժամանակ ծառայություն են անում, բայց չեն մնում հավատարիմ մինչև վերջ՝ թողնելով նրանց խառնվել չար մարդկանց հետ և կազմել բազմազան չարագործների խումբ, և ի վերջո Աստված կվերացնի նրանց։ Աստված մի կողմ է նետում և ուշադրություն չի դարձնում նրանց, ովքեր երբեք հավատարիմ չեն եղել Քրիստոսին կամ երբեք որևէ ուժ չեն ներդրել, և դարաշրջանի փոփոխության ժամանակ Նա բոլորին կվերացնի։ Նրանք այլևս գոյություն չեն ունենա երկրի վրա, առավել ևս չեն մտնի Աստծու արքայություն։ Աստված Իր ժողովրդին ծառայություն մատուցողների շարքում է դասում նրանց, ովքեր երբեք անկեղծ չեն եղել Աստծու հանդեպ, բայց այլ ընտրություն չունեն և ստիպված են ձևականորեն գործ ունենալ Նրա հետ։ Նման մարդկանցից միայն քչերը կվերապրեն, իսկ մեծամասնությունը կոչնչացվի այն մարդկանց հետ միասին, որոնց ծառայությունն անգամ չափանիշներին չի համապատասխանում։ Վերջում Աստված Իր արքայություն կբերի բոլոր նրանց, ովքեր նույն սրտով և մտքով են, ինչ Աստված՝ ժողովուրդը և Աստծու որդիները և նրանք, որ Աստծու կողմից նախասահմանված են լինելու քահանաներ։ Նրանք Աստծու գործի բյուրեղացումն են։ Իսկ նրանք, ովքեր չեն կարող դասվել Աստծու կողմից սահմանված որևէ կարգի մեջ, կդասվեն անհավատների շարքում, և դուք հաստատ կարող եք պատկերացնել, թե ինչպիսին կլինի նրանց ելքը։ Ես արդեն ասել եմ ձեզ այն ամենը, ինչ պետք է ասեի․ ձեր ընտրած ճանապարհը միայն ձեր ընտրությունն է։ Այն, ինչ դուք պետք է հասկանաք, սա է․ Աստծու գործը երբեք չի սպասում այն մարդուն, ով չի կարող քայլել Նրա հետ համընթաց, և Աստծու արդար բնույթը գթություն չի ցուցաբերում ոչ մեկի հանդեպ։