Աստված Ինքը՝ Եզակին II
Աստծու արդար բնույթը
Այժմ, երբ լսել եք Աստծու իշխանության մասին նախորդ հաղորդակցությունը, վստահ եմ, որ մտովի զինված եք այս հարցի վերաբերյալ բավականին շատ խոսքերով։ Թե որքան կարող եք ընդունել, ընկալել և հասկանալ, ամբողջովին կախված է նրանից, թե որքան ջանք եք գործադրում դրա համար։ Հուսով եմ՝ լրջորեն կմոտենաք այս հարցին. ո՛չ մի դեպքում չպետք է ձևականորեն վերաբերվեք դրան։ Այժմ Աստծու իշխանությունը ճանաչելը հավասա՞ր է արդյոք Աստծու ամբողջությամբ ճանաչելուն։ Կարելի է ասել, որ Աստծու իշխանությունը ճանաչելն Իրեն՝ Աստծուն, եզակիին ճանաչելու սկիզբն է, և կարելի է նաև ասել, որ Աստծու իշխանությունը ճանաչելը նշանակում է, որ մարդն արդեն անցել է Իր՝ Աստծու, եզակիի էությունը ճանաչելու դարպասով։ Այս հասկացողությունը Աստծուն ճանաչելու մի մասն է։ Ուստի ո՞րն է մյուս մասը։ Աստծու արդար բնույթը՝ սա այն թեման է, որի շուրջ կցանկանայի հաղորդակցվել այսօր։
Ես Աստվածաշնչից երկու հատված եմ ընտրել, որոնցով կհաղորդակցվեմ այսօրվա թեմայի շուրջ։ Առաջինը վերաբերում է Աստծու՝ Սոդոմը կործանելուն, որը կարելի է գտնել Ծնունդ 19:1-11-ում և Ծնունդ 19:24-25-ում, իսկ երկրորդը վերաբերում է Աստծու՝ Նինվեն փրկելուն, որը կարելի է գտնել Հովնան 1:1-2-ում, ինչպես նաև Հովնանի գրքի երրորդ և չորրորդ գլուխներում։ Ենթադրում եմ, որ բոլորդ սպասում եք, որ լսեք, թե ինչ եմ ուզում ասել այս երկու հատվածների մասին։ Այն, ինչ ասում եմ, բնականաբար չի կարող շեղվել Իրեն՝ Աստծուն, եզակիին ճանաչելու և Նրա էությունը ճանաչելու շրջանակից, բայց ո՞րը կլինի այսօրվա հաղորդակցության կենտրոնը։ Ձեզանից որևէ մեկը գիտի՞։ Աստծու իշխանության վերաբերյալ Իմ հաղորդակցության ո՞ր մասերը գրավեցին ձեր ուշադրությունը։ Ինչո՞ւ ասացի, որ միայն Նա, ով նման իշխանություն և զորություն ունի, Աստված Ինքն է։ Ի՞նչ էի ցանկանում պարզաբանել՝ դա ասելով։ Ի՞նչ էի ցանկանում, որ սովորեք դրանից։ Արդյոք Աստծու իշխանությունն ու զորությունը Նրա էության դրսևորման մի տեսանկյո՞ւնն են։ Արդյոք դրանք Նրա էության մի մա՞սն են, մաս, որն ապացուցում է Նրա ինքնությունն ու կարգավիճակը։ Դատելով այս հարցերից՝ կարո՞ղ եք ասել, թե ինչ եմ պատրաստվում ասելու։ Ի՞նչ եմ ուզում, որ հասկանաք։ Ուշադիր մտածե՛ք այս մասին։
Աստծուն համառորեն հակադրվելու համար մարդկությունը ոչնչացվում է Աստծու ցասումով
Նախ եկեք նայենք Գրությունների մի քանի հատվածների, որոնք նկարագրում են Աստծու՝ Սոդոմը ոչնչացնելը։
Ծնունդ 19:1-11 Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի մուտքի մոտ։ Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին ու ասաց. «Համեցե՛ք, տիա՛րք, եկեք ձեր ծառայի տուն, հանգստացե՛ք, լվացե՛ք ձեր ոտքերը և վաղ առավոտյան կշարունակեք ձեր ճանապարհը»։ Նրանք ասացին. «Ո՛չ, հրապարակում կգիշերենք»։ Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։ Նրանք դեռ քուն չէին մտել, երբ Սոդոմ քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծեր, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը, Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Որտե՞ղ են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ»։ Ղովտը, դուռն իր հետևից փակելով, դուրս եկավ բակ՝ նրանց մոտ, և ասաց նրանց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը։ Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Նրանց բերեմ ձեզ մոտ, և նրանց հետ վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ»։ Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց։ Իբրև պանդուխտ ես բնակվում. մի՞թե դատաստան էլ ես ուզում տեսնել։ Հիմա քեզ ավելի շատ կչարչարենք, քան նրանց»։ Նրանք հարձակվեցին այդ մարդու՝ Ղովտի վրա, և քիչ էր մնացել, որ ջարդեին դուռը։ Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մոտ՝ տուն քաշեցին և տան դռները փակեցին, իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։
Ծնունդ 19:24-25 Ապա Եհովան Սոդոմի և Գոմորի վրա ծծումբ ու կրակ թափեց երկնքից՝ Եհովայից։ Եվ Նա տապալեց այդ քաղաքները, ողջ հարթավայրը, քաղաքների բոլոր բնակիչներին և այն ամենը, ինչ աճում էր հողի վրա։
Այս հատվածներից դժվար չէ տեսնել, որ Սոդոմի չարասիրությունն ու ապականությունն արդեն հասել էին մի աստիճանի, որը վրդովեցուցիչ էր և՛ մարդու, և՛ Աստծու համար, և որ Աստծու աչքերում քաղաքը, հետևաբար, արժանի էր ոչնչացման։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ քաղաքի ներսում նախքան դրա ոչնչացվելը։ Ի՞նչ ոգեշնչում կարող են մարդիկ քաղել այս իրադարձություններից։ Այս իրադարձությունների նկատմամբ Աստծու վերաբերմունքն ի՞նչ է ցույց տալիս մարդկանց Նրա բնույթի մասին։ Ողջ պատմությունը հասկանալու համար եկեք ուշադիր կարդանք այն, ինչ գրառված է Սուրբ Գրքում…
Սոդոմի ապականությունը. կատաղեցնող՝ մարդու համար, զայրացնող՝ Աստծու համար
Այդ գիշեր Ղովտն Աստծու երկու պատգամաբերների ընդունեց և խնջույք պատրաստեց նրանց համար։ Ուտելուց հետո՝ նախքան նրանց քուն մտնելը, մարդիկ ամբողջ քաղաքից շրջապատեցին Ղովտի կացարանը և կանչեցին նրան։ Գրությունները գրառում են նրանց խոսքերը. «Որտե՞ղ են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ»։ Ո՞վ ասաց այս խոսքերը։ Ո՞ւմ էին դրանք ուղղված։ Սրանք Սոդոմի մարդկանց այն խոսքերն էին, որ նրանք գոռում էին Ղովտի կացարանի դրսում և նախատեսված էին Ղովտի լսելու համար։ Ի՞նչ զգացողություն է առաջանում այս խոսքերը լսելիս։ Կատաղա՞ծ ես։ Այս խոսքերը զզվա՞նք են առաջացնում են քո մեջ։ Արդյոք եռո՞ւմ ես վրդովմունքից։ Մի՞թե այս մարդկանց խոսքերից չի փչում Սատանայի գործերի գարշահոտությունը։ Դրանց միջոցով կարո՞ղ ես զգալ այս քաղաքի չարասիրությունն ու խավարը։ Կարո՞ղ ես այդ մարդկանց խոսքերի միջոցով զգալ նրանց վարքագծի դաժանությունն ու բարբարոսությունը։ Կարո՞ղ ես նրանց վարքագծի միջոցով զգալ նրանց ապականության խորությունը։ Նրանց խոսքի բովանդակության միջոցով դժվար չէ տեսնել, որ նրանց բնությունը չարասեր է, իսկ նրանց խառնվածքը՝ վայրենի, այն աստիճան, որ նրանք չէին կարողանում վերահսկել իրենց։ Բացի Ղովտից՝ այս քաղաքի յուրաքանչյուր մարդ ոչնչով չէր տարբերվում Սատանայից. մեկ այլ մարդու պարզապես տեսնելը մղում էր այս մարդկանց ցանկանալ վնասելու և լափելու նրանց… Այս բաները ոչ միայն զգացողություն են տալիս քաղաքի սոսկալի և սարսափեցնող բնության, ինչպես նաև դրա շուրջ տիրող մահվան մթնոլորտի մասին, այլև զգացողություն են տալիս դրա չարասիրության և արյունռուշտ լինելու մասին։
Դեմ առ դեմ հայտնվելով անմարդկային ավազակախմբի՝ մարդկանց հետ, որոնք լցված էին մարդկային հոգիներ լափելու վայրի ցանկությամբ, ինչպե՞ս արձագանքեց Ղովտը։ Ըստ Գրությունների. «Ո՛չ, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը։ Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Նրանց բերեմ ձեզ մոտ, և նրանց հետ վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ»։ Այս խոսքերով Ղովտը նկատի ուներ հետևյալը. նա պատրաստ էր զոհաբերելու իր երկու դուստրերին՝ պատգամաբերներին պաշտպանելու համար։ Ե՛վ ողջամտությունը, և՛ զգացմունքը կթելադրեին, որ այս մարդիկ պետք է զիջեին Ղովտի պայմաններին և հանգիստ թողնեին երկու պատգամաբերներին. ի վերջո պատգամաբերները լիովին օտար էին նրանց համար՝ մարդիկ, որոնք բացարձակապես ոչ մի կապ չունեին նրանց հետ և երբեք չէին վնասել նրանց շահերը։ Սակայն, դրդված իրենց չարասեր բնությունից, նրանք հանգիստ չթողեցին այդ հարցը, այլ ավելի սաստկացրին իրենց ջանքերը։ Այստեղ նրանց խոսակցություններից ևս մեկը չի կարող մարդկանց ավելի խոր պատկերացում չտալ այս մարդկանց չարամիտ իրական դեմքի մասին, մինչդեռ միևնույն ժամանակ այն նաև հնարավորություն է տալիս մարդկանց հասկանալու և ըմբռնելու այն պատճառը, թե ինչու Աստված ցանկացավ ոչնչացնել այս քաղաքը։
Ուստի ի՞նչ ասացին նրանք այնուհետև։ Ինչպես գրված է Աստվածաշնչում. ««Հեռո՛ւ կաց։ Իբրև պանդուխտ ես բնակվում. մի՞թե դատաստան էլ ես ուզում տեսնել։ Հիմա քեզ ավելի շատ կչարչարենք, քան նրանց»։ Նրանք հարձակվեցին այդ մարդու՝ Ղովտի վրա, և քիչ էր մնացել, որ ջարդեին դուռը»։ Ինչո՞ւ էին նրանք ուզում ջարդել Ղովտի դուռը։ Պատճառն այն է, որ նրանք անհամբերությամբ ցանկանում էին վնաս հասցնել այդ երկու պատգամաբերներին։ Ի՞նչը բերեց այս պատգամաբերներին Սոդոմ։ Այնտեղ գալու նրանց նպատակը Ղովտին և նրա ընտանիքին փրկելն էր, բայց քաղաքի մարդիկ սխալմամբ կարծում էին, թե նրանք եկել են պաշտոններ ստանձնելու։ Առանց հարցնելու պատգամաբերների նպատակը, առաջնորդվելով միայն ենթադրություններով՝ քաղաքի մարդիկ ցանկանում էին վայրենաբար վնասել այս երկու պատգամաբերներին. նրանք ցանկանում էին վնասել երկու մարդու, որոնք բացարձակապես ոչ մի կապ չունեին իրենց հետ։ Պարզ է, որ այս քաղաքի մարդիկ ծայրաստիճան կորցրել էին իրենց մարդկայնությունն ու ողջամտությունը։ Նրանց խելագարության և սանձարձակության աստիճանն արդեն ոչնչով չէր տարբերվում Սատանայի չարամիտ բնությունից, որը վնասում և լափում է մարդկանց։
Երբ նրանք պահանջեցին, որ Ղովտը հանձնի այս մարդկանց, ի՞նչ արեց Ղովտը։ Տեքստից գիտենք, որ Ղովտը չհանձնեց նրանց։ Արդյոք Ղովտը ճանաչո՞ւմ էր Աստծու այս երկու պատգամաբերներին։ Իհարկե, ո՛չ։ Սակայն ինչո՞ւ նա կարողացավ փրկել այս երկու մարդկանց։ Արդյոք գիտե՞ր, թե նրանք ինչ անելու էին եկել։ Թեև նա անտեղյակ էր նրանց գալու պատճառից, գիտեր, որ նրանք Աստծու ծառաներն են, և ուստի նրանց իր տուն տարավ։ Այն, որ նա կարող էր Աստծու այս ծառաներին «տեր» տիտղոսով կոչել, ցույց է տալիս, որ Ղովտը Աստծու մշտական հետևորդ էր՝ ի տարբերություն Սոդոմի մյուս մարդկանց։ Հետևաբար, երբ Աստծու պատգամաբերները եկան նրա մոտ, նա կարողացավ վտանգել իր սեփական կյանքը՝ այս երկու ծառաներին իր տուն տանելու համար. ավելին՝ նա նաև իր երկու դուստրերին որպես փոխանակում առաջարկեց՝ այս երկու ծառաներին պաշտպանելու համար։ Սա Ղովտի արդար արարքն էր. դա Ղովտի բնական էության շոշափելի արտահայտությունն էր, և դա նաև այն պատճառն էր, որ Աստված ուղարկեց Իր ծառաներին՝ Ղովտին փրկելու։ Վտանգի բախվելիս Ղովտը պաշտպանեց այս երկու ծառաներին՝ առանց որևէ այլ բան հաշվի առնելու. նա նույնիսկ փորձեց իր երկու դուստրերին փոխանակել ծառաների անվտանգության դիմաց։ Բացի Ղովտից՝ քաղաքի ներսում կա՞ր արդյոք մեկ ուրիշը, որը նման բան կաներ։ Ինչպես փաստերն են ապացուցում՝ ոչ, չկար։ Հետևաբար Սոդոմի ներսում գտնվող յուրաքանչյուր ոք՝ բացի Ղովտից, կործանման թիրախ էր և միանգամայն արդարացիորեն. սա ինքնին հասկանալի է։
Սոդոմն անհետ բնաջնջվում է Աստծու ցասումը վիրավորելու պատճառով
Երբ Սոդոմի մարդիկ տեսան այս երկու ծառաներին, չհարցրին նրանց գալու պատճառը, ոչ էլ որևէ մեկը հարցրեց, թե արդյոք նրանք եկել էին Աստծու կամքը փոխանցելու։ Ընդհակառակը, խառնամբոխ կազմեցին և, առանց նրանց բացատրվելու որևէ հնարավորություն տալու, վայրի շների կամ դաժան գայլերի պես եկան բռնելու այս երկու ծառաներին։ Մի՞թե Աստված չէր հետևում այս բաներին, երբ դրանք տեղի էին ունենում։ Ի՞նչ էր մտածում Աստված Իր սրտում մարդկային այսպիսի վարքագծի, այսպիսի իրադարձության մասին։ Աստված որոշեց ոչնչացնել այս քաղաքը. Նա չէր վարանի կամ սպասի, ոչ էլ այլևս համբերություն կցուցաբերեր։ Նրա օրը եկել էր, և ուստի Նա ձեռնամուխ եղավ այն գործին, որը ցանկանում էր անել։ Այսպիսով՝ Ծնունդ 19:24-25-ն ասում է. «Ապա Եհովան Սոդոմի և Գոմորի վրա ծծումբ ու կրակ թափեց երկնքից՝ Եհովայից։ Եվ Նա տապալեց այդ քաղաքները, ողջ հարթավայրը, քաղաքների բոլոր բնակիչներին և այն ամենը, ինչ աճում էր հողի վրա»։ Այս երկու խոսքերը պատմում են այն մեթոդի մասին, որով Աստված ոչնչացրեց այս քաղաքը, ինչպես նաև այն բաների մասին, որոնք Աստված ոչնչացրեց։ Նախ Աստվածաշունչը պատմում է, որ Աստված կրակով այրեց քաղաքը, և որ այս կրակի չափը բավարար էր՝ ոչնչացնելու բոլոր մարդկանց և այն ամենը, ինչ աճում էր հողի վրա։ Այսինքն՝ կրակը, որն իջավ երկնքից, ոչ միայն ոչնչացրեց քաղաքը, այլև ոչնչացրեց դրա ներսում գտնվող բոլոր մարդկանց և կենդանի էակներին, մինչև որ ոչ մի հետք չմնաց։ Քաղաքի ոչնչացումից հետո հողը զրկվեց կենդանի էակներից. այլևս կյանք չկար, ոչ էլ կյանքի որևէ նշան կար։ Քաղաքը վերածվել էր ամայի վայրի՝ դատարկ մի տեղի՝ լցված մահացու լռությամբ։ Այս վայրում այլևս Աստծու դեմ չար գործեր չէին կատարվի, այլևս սպանդ կամ արյունահեղություն չէր լինի։
Ինչո՞ւ Աստված ցանկացավ այդքան հիմնովին այրել այս քաղաքը։ Ի՞նչ կարող եք տեսնել այստեղ։ Մի՞թե Աստված իսկապես կարող էր տանել՝ տեսնելով, թե ինչպես են մարդկությունը, որին Նա էր ստեղծել, և բոլոր բաները, որոնք Նա էր ստեղծել, այսպես ոչնչացվում։ Եթե կարող ես Եհովա Աստծու բարկությունը զանազանել երկնքից նետված կրակից, ապա դժվար չէ տեսնել, թե որքան մեծ էր Նրա բարկությունը՝ դատելով Նրա կործանման թիրախներից և այն աստիճանից, որով այս քաղաքը բնաջնջվեց։ Երբ Աստված ատում է որևէ քաղաք, Նա Իր պատիժը կբերի դրա վրա։ Երբ Աստված գարշում է որևէ քաղաքից, Նա բազմիցս նախազգուշացումներ կտա՝ մարդկանց Իր բարկության մասին տեղեկացնելու համար։ Սակայն, երբ Աստված որոշում է վերջ դնել որևէ քաղաքի և ոչնչացնել այն, այսինքն՝ երբ Նրա ցասումն ու մեծափառությունը վիրավորվել են, Նա այլևս պատիժներ կամ նախազգուշացումներ չի տա։ Փոխարենը Նա ուղղակիորեն կոչնչացնի այն։ Նա կստիպի, որ այն իսպառ անհետանա։ Սա Աստծու արդար բնույթն է։
Իր հանդեպ Սոդոմի համառ թշնամությունից և հակադրությունից հետո Աստված իսպառ բնաջնջում է այն
Այժմ, երբ ընդհանուր հասկացողություն ունենք Աստծու արդար բնույթի մասին, կարող ենք մեր ուշադրությունը վերադարձնել Սոդոմ քաղաքին՝ մի վայրի, որն Աստված որպես մեղքի քաղաք էր տեսնում։ Հասկանալով այս քաղաքի էությունը՝ կարող ենք հասկանալ, թե ինչու Աստված ցանկացավ ոչնչացնել այն, և թե ինչու Նա այն այդքան հիմնովին կոչնչացներ։ Սրանից կարող ենք ճանաչել Աստծու արդար բնույթը։
Մարդկային տեսանկյունից՝ Սոդոմը քաղաք էր, որը կարող էր լիովին բավարարել մարդու ցանկությունն ու մարդու չարասիրությունը։ Գրավիչ և կախարդիչ, ամեն գիշեր երաժշտությամբ ու պարով՝ դրա բարգավաճումը մարդկանց հասցնում էր հիացմունքի և խելագարության։ Դրա չարասիրությունը քայքայում էր մարդկանց սրտերը և կախարդում նրանց՝ մղելով այլասերվածության։ Սա մի քաղաք էր, որտեղ անմաքուր հոգիներն ու չար հոգիները մոլեգնում էին. այն լի էր մեղքով ու սպանդով, և օդը հագեցած էր արյունոտ, նեխած գարշահոտությամբ։ Դա մի քաղաք էր, որը սառեցնում էր մարդկանց արյունը, քաղաք, որից մարդ սարսափով հետ կքաշվեր։ Այս քաղաքում ոչ ոք՝ ո՛չ տղամարդ, ո՛չ կին, ո՛չ երիտասարդ, ո՛չ ծեր, չէր փնտրում ճշմարիտ ճանապարհը. ոչ ոք չէր տենչում լույսը կամ փափագում մեղքից հեռանալը։ Նրանք ապրում էին Սատանայի վերահսկողության տակ, ապրում էին Սատանայի ապականության ներքո և ապրում էին որպես Սատանայի հիմարներ։ Նրանք կորցրել էին իրենց մարդկայնությունը, կորցրել էին իրենց ողջամտությունը և կորցրել էին մարդու գոյության սկզբնական նպատակը։ Նրանք Աստծու դեմ դիմադրության անթիվ չար գործեր էին կատարում. մերժում էին Նրա ուղղորդումը և ընդդիմանում Նրա կամքին։ Հենց նրանց չար գործերն էին, որ նրանց, քաղաքը և դրա ներսում գտնվող յուրաքանչյուր կենդանի էակի քայլ առ քայլ տարան դեպի ոչնչացման ուղին։
Թեև այս երկու հատվածները չեն գրառում Սոդոմի մարդկանց ապականության աստիճանի վերաբերյալ մանրամասները, այլ փոխարենը գրառում են Աստծու երկու ծառաների նկատմամբ նրանց վարքագիծը վերջիններիս քաղաք ժամանելուց հետո, ընդամենը մեկ պարզ փաստ բացահայտում է, թե ինչ աստիճանի էին Սոդոմի մարդիկ ապականված, չարասեր և ինչ աստիճանի էին դիմադրում Աստծուն։ Սրանով մերկացվում են նաև քաղաքի մարդկանց իրական դեմքն ու էությունը։ Այս մարդիկ ոչ միայն հրաժարվեցին Աստծու նախազգուշացումներն ընդունելուց, այլև չվախեցան Նրա պատժից։ Ընդհակառակը, նրանք արհամարհեցին Աստծու բարկությունը։ Նրանք պարզապես համառորեն հակադրվեցին Աստծուն։ Անկախ նրանից, թե Նա ինչ արեց կամ ինչպես արեց, նրանց չարամիտ բնությունը միայն սաստկացավ, և նրանք համառորեն թշնամանք տածեցին Աստծու հանդեպ։ Սոդոմի մարդիկ թշնամաբար էին տրամադրված Աստծու գոյության, Նրա գալստյան, Նրա պատժի և առավել ևս Նրա զգուշացումների նկատմամբ։ Չկար մեկը, ում նրանք չարհամարհեին։ Նրանք կլափեին և կվնասեին ում որ կարողանային, և Աստծու ծառաները բացառություն չէին։ Սոդոմի մարդկանց՝ Աստծու ծառաներին վնասելը նրանց բոլոր չար գործերի լոկ այսբերգի գագաթն էր, և նրանց չարասեր բնությունը, որն այսպիսով բացահայտվեց, իրականում ընդամենը մի կաթիլ էր անծայրածիր ծովում։ Հետևաբար Աստված ընտրեց նրանց կրակով ոչնչացնելը։ Աստված քաղաքը ոչնչացնելու համար չօգտագործեց ջրհեղեղ, ոչ էլ փոթորիկ, երկրաշարժ կամ ցունամի, և Նա, անշուշտ, չօգտագործեց որևէ այլ մեթոդ։ Նա կրակով ոչնչացրեց քաղաքը։ Ի՞նչ էր սա նշանակում։ Կրակի օգտագործումը նշանակում էր քաղաքի լիակատար կործանում. դա նշանակում էր, որ քաղաքն ամբողջովին անհետացավ երկրի երեսից և դադարեց գոյություն ունենալուց։ Այստեղ «ոչնչացումը» ոչ միայն վերաբերում է ֆիզիկական ձևերի կամ արտաքին տեսքի անհետացմանը. այն նաև նշանակում է, որ քաղաքի ներսում գտնվող բոլոր մարդկանց հոգիները դադարեցին գոյություն ունենալուց՝ հիմնովին բնաջնջվելով։ Մի խոսքով, քաղաքի հետ կապված բոլոր մարդիկ, իրադարձությունները և բաները ոչնչացվեցին, և այդ քաղաքի մարդկանց համար չկար հաջորդ կյանք կամ վերամարմնավորում. Աստված մեկընդմիշտ բնաջնջել էր նրանց արարված մարդկության միջից։ Կրակի օգտագործումը նշանակում էր, որ մեղքն այստեղ զսպվել էր, որ այն ավարտվել էր այստեղ, և որ այն կդադարեր գոյություն ունենալուց ու չէր կարող բազմանալ։ Դա նշանակում էր, որ Սատանայի չարասիրությունը կորցրել էր աճելու հողը, ինչպես նաև այն գերեզմանոցը, որը նրան մնալու և ապրելու տեղ էր տալիս։ Դա Նրա հաղթանակի դրոշմն է, որով Սատանան նշանավորվում է Աստծու և Սատանայի միջև պատերազմում։ Սոդոմի ոչնչացումը մեծ հարված է Սատանայի այն փառասիրական ձգտմանը, որով նա ընդդիմանում է Աստծուն՝ ապականելով և լափելով մարդուն, և դա նաև ամոթալի հետք է մարդկության զարգացման մեջ, երբ մարդկությունը մերժեց Աստծու առաջնորդությունը և տրվեց արատներին։ Ավելին՝ դա Աստծու արդար բնույթի ճշմարիտ դրսևորման փաստացի գրառումն է։
Երբ Աստծու՝ երկնքից ուղարկված կրակը Սոդոմը վերածեց լոկ մոխրի, դա նշանակում էր, որ «Սոդոմ» անունով քաղաքն այնուհետև դադարեց գոյություն ունենալուց, ինչպես և քաղաքի ներսում եղած ամեն ինչ։ Այն ոչնչացվեց Աստծու բարկությունից՝ անհետանալով Աստծու ցասումի և մեծափառության մեջ։ Աստծու արդար բնույթի պատճառով Սոդոմը ստացավ իր արդար պատիժը և իր արժանի վախճանը։ Սոդոմը դադարեց գոյություն ունենալուց իր չարասիրության պատճառով և այն պատճառով, որ Աստված ցանկանում էր այլևս երբեք չնայել այս քաղաքին կամ այնտեղ ապրած մարդկանցից որևէ մեկին կամ քաղաքի ներսում աճած որևէ կյանքի։ Աստծու «այլևս երբեք նրանց վրա չնայելու ցանկությունը» Նրա ցասումն է, ինչպես նաև Նրա մեծափառությունը։ Աստված այրեց քաղաքը, որովհետև դրա չարասիրությունն ու մեղքը ստիպեցին Նրան բարկություն, ատելություն և զզվանք զգալ դրա հանդեպ և ցանկանալ այլևս երբեք չտեսնել այն կամ դրա ներսում գտնվող մարդկանցից կամ կենդանի էակներից որևէ մեկին։ Երբ քաղաքն ավարտեց այրվել՝ իր հետևից թողնելով միայն մոխիր, այն իսկապես Աստծու աչքերում դադարեց գոյություն ունենալուց. նույնիսկ Նրա հիշողությունն այդ մասին վերացավ, ջնջվեց։ Սա նշանակում է, որ երկնքից ուղարկված կրակը միայն չայրեց ողջ Սոդոմ քաղաքը, ոչ էլ միայն այրեց քաղաքի ներսում գտնվող մարդկանց, որոնք այդքան լցված էին մեղքով, ոչ էլ միայն այրեց քաղաքի ներսում գտնվող բոլոր բաները, որոնք պղծված էին մեղքով. ավելի կարևոր է այն, որ կրակն այրեց մարդկության չարասիրության և Աստծու դեմ դիմադրության թողած հիշողությունը։ Սա էր քաղաքն այրելու Աստծու նպատակը։
Այս մարդկությունը ծայրահեղ ապականված էր դարձել։ Այս մարդիկ չգիտեին, թե ով է Աստված, կամ թե իրենք որտեղից են եկել։ Եթե հիշատակեիր Աստծուն, նրանք կհարձակվեին, կզրպարտեին և կհայհոյեին։ Ավելի վատ, երբ Աստծու ծառաները եկան՝ փոխանցելու Նրա նախազգուշացումը, այս ապականված մարդիկ ոչ միայն ապաշխարության նշաններ ցույց չտվեցին և չթողեցին իրենց չար վարքագիծը, այլ ընդհակառակը, սանձարձակորեն վնասեցին Աստծու ծառաներին։ Այն, ինչ նրանք արտահայտեցին և դրսևորեցին, Աստծու հանդեպ ծայրահեղ ատելության իրենց բնական էությունն էր։ Կարող ենք տեսնել, որ Աստծու դեմ այս ապականված մարդկանց դիմադրությունն ավելին էր, քան նրանց ապականված խառնվածքների բացահայտումը, ճիշտ ինչպես դա ավելին էր, քան զրպարտության կամ ծաղրանքի մի դեպք, որը բխում էր փաստերի ըմբռնման պակասից։ Հիմարությունն ու տգիտությունը չէին նրանց չար գործերի պատճառը. նրանք այսպես չվարվեցին այն պատճառով, որ խաբվել էին, և դա, անշուշտ, այն պատճառով չէր, որ նրանք մոլորեցվել էին։ Նրանց վարքագիծը հասել էր Աստծուն հակադրվելու և ընդդիմանալու և բացահայտ, սանձարձակ կերպով Նրա դեմ աղաղակելու մակարդակին։ Անկասկած, մարդկային այսպիսի վարքագիծը կզայրացներ Աստծուն, և այն կզայրացներ Նրա բնույթը՝ բնույթ, որը վիրավորանք չի հանդուրժում։ Հետևաբար Աստված ուղղակիորեն և բացահայտորեն Իր ցասումն ու Իր մեծափառությունը թափեց նրանց վրա. սա Նրա արդար բնույթի ճշմարիտ դրսևորումն էր։ Բախվելով մեղքով ողողված այս քաղաքին՝ Աստված ցանկացավ հնարավորինս արագ կերպով ոչնչացնել այն, կատարյալ կերպով բնաջնջել դրա ներսում գտնվող մարդկանց և նրանց բոլոր մեղքերը, որպեսզի այնտեղի մարդիկ դադարեին գոյություն ունենալուց, և այնտեղի մեղքն այլևս երբեք չառաջանար։ Դա անելու ամենաարագ և կատարյալ ճանապարհն այն կրակով այրելն էր։ Սոդոմի մարդկանց նկատմամբ Աստծու վերաբերմունքը լքելու կամ անտեսելու վերաբերմունք չէր։ Ավելի շուտ, Նա ցանկանում էր օգտագործել Իր ցասումը, մեծափառությունը և իշխանությունը՝ այս մարդկանց պատժելու, տապալելու և հիմնովին ոչնչացնելու համար։ Նրանց նկատմամբ Իր վերաբերմունքի մեջ Աստված ուզում էր ոչ միայն ոչնչացնել նրանց մսեղին, այլ առավել ևս ոչնչացնել նրանց հոգիները, հավերժորեն բնաջնջել նրանց։ Ահա թե ինչ է նշանակում Աստծու աչքերում «դադարել գոյություն ունենալուց»։
Թեև Աստծու ցասումը թաքնված է և մարդուն անհայտ, այն վիրավորանք չի հանդուրժում
Ամբողջ մարդկության նկատմամբ Աստծու վերաբերմունքը, որքան էլ մարդկությունն անմիտ և տգետ է, նախևառաջ՝ ողորմության և հանդուրժողականության վերաբերմունք է։ Մյուս կողմից՝ Նրա ցասումը թաքնված է պահվում և անհայտ է մարդուն ժամանակի ճնշող մեծամասնության ընթացքում և իրադարձությունների ճնշող մեծամասնության մեջ։ Արդյունքում մարդու համար դժվար է տեսնել Աստծու ցասումի արտահայտումը և դժվար է նաև հասկանալ Նրա ցասումը։ Ուստի մարդը թեթևամտորեն է վերաբերվում Աստծու ցասումին։ Երբ մարդկանց հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու և նրանց ներելու Աստծու գործի վերջին մասն ու վերջին քայլը գալիս է նրանց վրա, այսինքն՝ երբ Աստծու ողորմության վերջին դեպքը և Նրա վերջին նախազգուշացումը գալիս է մարդկանց վրա, եթե մարդիկ դեռևս օգտագործում են նույն մեթոդները՝ Աստծուն ընդդիմանալու համար, և չեն ապաշխարում, շրջադարձ չեն կատարում կամ ամենևին չեն ընդունում Նրա ողորմությունը, ապա Աստված այլևս չի շնորհի նրանց Իր հանդուրժողականությունն ու համբերությունը։ Ընդհակառակը, այդ ժամանակ Աստված հետ կվերցնի Իր ողորմությունը։ Դրանից հետո Նա միայն կարձակի Իր ցասումը։ Նա կարող է տարբեր ձևերով արտահայտել Իր ցասումը, ճիշտ ինչպես կարող է օգտագործել տարբեր մեթոդներ՝ մարդկանց պատժելու և ոչնչացնելու համար։
Աստված կրակ օգտագործեց՝ Սոդոմ քաղաքը ոչնչացնելու համար։ Աստծու աչքերում սա մարդկությանը կամ որևէ այլ բան հիմնովին բնաջնջելու ամենաարագ մեթոդն է։ Սոդոմի մարդկային էակներին այրելը ոչ միայն նրանց ֆիզիկական մարմինները ոչնչացնելու համար էր, այլև առավել ևս նրանց շնչերի, նրանց հոգիների և նրանց մարմինների ամբողջությունը ոչնչացնելու համար՝ երաշխավորելով, որ քաղաքի ներսում գտնվող մարդկային էակները կդադարեն գոյություն ունենալուց և՛ նյութական աշխարհում, և՛ այն աշխարհում, որն անտեսանելի է մարդուն։ Սա այն ուղիներից մեկն է, որով Աստված բացահայտում և արտահայտում է Իր ցասումը։ Բացահայտման և արտահայտման այս եղանակն Աստծու ցասումի էության մի տեսանկյունն է, ճիշտ ինչպես այն բնականաբար նաև Աստծու արդար բնույթի էության բացահայտումն է։ Երբ Աստված արձակում է Իր ցասումը, Նա դադարում է որևէ ողորմություն կամ սիրառատ բարություն բացահայտելուց, ոչ էլ այլևս ցուցաբերում է Իր հանդուրժողականությունը կամ համբերությունը. չկա ոչ մի մարդ, բան կամ պատճառ, որը կարող է համոզել Նրան շարունակել համբերատար լինել, կրկին տարածել Իր ողորմությունը և ևս մեկ անգամ շնորհել Իր հանդուրժողականությունը։ Այս բաների փոխարեն, առանց մի ակնթարթ հապաղելու, Աստված արտահայտում է Իր ցասումն ու մեծափառությունը և անում է այն, ինչ մտադիր է՝ արագ և մաքուր կերպով անելով և համոզվելով, որ այն հասնում է Իր ցանկալի ելքին։ Սա այն ճանապարհն է, որով Աստված արտահայտում է Իր ցասումն ու մեծափառությունը, որը վիրավորանք չի հանդուրժում, և դա նաև Նրա արդար բնույթի դրսևորումն է։ Երբ մարդիկ տեսնում են, որ Աստված հոգատարություն և սեր է ցուցաբերում մարդու նկատմամբ, նրանք ի վիճակի չեն նկատելու Նրա ցասումը, տեսնելու Նրա մեծափառությունը կամ զգալու վիրավորանքի հանդեպ Նրա անհանդուրժողականությունը։ Այս բաները հանգեցրել են նրան, որ մարդիկ միշտ սխալմամբ հավատան, թե Աստծու արդար բնույթը բացառապես ողորմության, հանդուրժողականության և սիրո բնույթ է։ Սակայն, երբ մարդիկ տեսնում են, թե ինչպես է Աստված ոչնչացնում որևէ քաղաք, կամ տեսնում են Նրա ատելությունը մարդկության նկատմամբ, մարդկությանը ոչնչացնելու Նրա բարկությունը և Նրա մեծափառությունը թույլ են տալիս նրանց տեսնել Նրա արդար բնույթի մյուս կողմը, որն Աստծու՝ վիրավորանքի հանդեպ անհանդուրժողականությունն է։ Աստծու բնույթը, որը վիրավորանք չի հանդուրժում, գերազանցում է ցանկացած արարածի երևակայությունը, և չարարված էակների մեջ ոչ ոք ի վիճակի չէ միջամտելու դրան կամ ազդելու դրա վրա. առավել ևս այն չի կարող կեղծվել կամ ընդօրինակվել։ Այսպիսով՝ Աստծու բնույթի այս տեսանկյունն այն է, որը մարդկությունն ամենից շատ պետք է ճանաչի։ Միայն Աստված Ինքն ունի այսպիսի բնույթ, և միայն Աստված Ինքն է օժտված այսպիսի բնույթով։ Աստված օժտված է այսպիսի արդար բնույթով, որովհետև Նա ատում է չարասիրությունը, խավարը, ըմբոստությունը և այն տարբեր չար գործերը, որոնք Սատանան կատարել է՝ ապականելով և լափելով մարդկությանը, որովհետև Նա ատում է Իրեն ընդդիմացող մեղքի բոլոր արարքները, և Իր սուրբ ու անարատ էության պատճառով։ Դրա պատճառով է, որ Նա չի հանդուրժի, որ արարածներից կամ չարարված էակներից որևէ մեկը բացահայտորեն հակադրվի Իրեն կամ մրցի Իր հետ։ Նույնիսկ այն անհատը, որին Նա ժամանակին ողորմություն էր ցուցաբերել կամ որին Նա ընտրել էր, բավական է միայն զայրացնի Նրա բնույթը և վիրավորանք գործի համբերության ու հանդուրժողականության Նրա սկզբունքների դեմ, և Աստված կարձակի ու կբացահայտի Իր արդար բնույթը, որը վիրավորանք չի հանդուրժում՝ առանց նվազագույն իսկ ողորմության կամ վարանման։
Աստծու ցասումը պաշտպանություն է արդարադատության բոլոր ուժերի և բոլոր դրական բաների համար
Հասկանալով Աստծու խոսքի, մտքերի և գործողությունների այս օրինակները՝ արդյոք ի վիճակի՞ ես ճանաչելու Աստծու արդար բնույթը, բնույթ, որը մարդու կողմից վիրավորանք չի հանդուրժի։ Անկախ նրանից՝ մարդը որքան կարող է հասկանալ այն, սա հենց Աստծու բնույթի մի կողմն է, որը եզակի է Նրա համար։ Վիրավորանքի հանդեպ Աստծու անհանդուրժողականությունը Նրա եզակի էությունն է, Աստծու ցասումը Նրա եզակի բնույթն է, Աստծու մեծափառությունը Նրա եզակի էությունն է, Աստծու բարկության հիմքում ընկած սկզբունքը Նրա ինքնության և կարգավիճակի ներկայացումն է, որը միայն Ինքն ունի։ Ինքնին հասկանալի է, որ այս սկզբունքը նաև հենց եզակի Աստծու էության խորհրդանիշն է։ Աստծու բնույթը Նրա իսկ ներհատուկ էությունն է, որն ամենևին չի փոխվում ժամանակի ընթացքում և չի փոփոխվում աշխարհագրական վայրի փոփոխությունների հետ։ Նրա ներհատուկ բնույթը Նրա բուն էությունն է։ Անկախ նրանից՝ ում վրա է Նա կատարում Իր գործը, Նրա էությունը չի փոխվում, ոչ էլ Նրա արդար բնույթը։ Երբ որևէ մեկը բարկացնում է Աստծուն, այն, ինչ Աստված արձակում է, Իր ներհատուկ բնույթն է. այդ ժամանակ Նրա բարկության հիմքում ընկած սկզբունքը չի փոխվում, ոչ էլ Նրա եզակի ինքնությունն ու կարգավիճակը։ Նա չի բարկանում Իր էության փոփոխության պատճառով կամ այն պատճառով, որ Իր բնույթի մեջ տարբեր տարրեր են հայտնվում, այլ որովհետև մարդու ընդդիմությունը Նրա դեմ վիրավորում է Նրա բնույթը։ Աստծուն մարդու բացահայտ սադրելը լուրջ մարտահրավեր է հենց Աստծու ինքնությանն ու կարգավիճակին։ Աստծու տեսանկյունից, երբ մարդը մարտահրավեր է նետում Իրեն, մարդն Աստծու հետ մրցում է և հրահրում Նրա բարկությունը։ Երբ մարդը ընդդիմանում է Աստծուն, երբ մարդն Աստծու հետ մրցում է, երբ մարդը շարունակաբար հրահրում է Աստծու բարկությունը, հենց այդ ժամանակ է մեղքը մոլեգնում. նման ժամանակներում Աստծու ցասումը բնականաբար կբացահայտվի և կներկայացնի իրեն։ Հետևաբար Աստծու ցասման արձակումը այն բանի խորհրդանիշն է, որ բոլոր չար ուժերը կդադարեն գոյություն ունենալուց, և այն բանի խորհրդանիշն է, որ բոլոր թշնամական ուժերը կոչնչացվեն։ Սա է Աստծու արդար բնույթի և Աստծու ցասման եզակիությունը։ Երբ Աստծու արժանապատվությունն ու սրբությունը մարտահրավերի են ենթարկվում, երբ արդարության ուժերը խոչընդոտվում են և չեն երևում մարդուն, հենց սա է այն ժամանակը, երբ Աստված կարձակի Իր ցասումը։ Աստծու էության պատճառով երկրի վրայի բոլոր այն ուժերը, որոնք մրցում են Աստծու հետ, թշնամական են տրամադրված Նրա հանդեպ և փորձում են մրցակցել Նրա հետ, չար են, ապականված և անարդար. դրանք գալիս են Սատանայից և Սատանայից են։ Քանի որ Աստված արդարադատ է, լույսից է, սուրբ ու անարատ է, բոլոր չար, ապականված և Սատանայից եղող բաները կանհետանան, երբ Աստծու ցասումն արձակվի։
Թեև Աստծու ցասման արձակումը Նրա արդար բնույթի արտահայտման մի տեսանկյունն է, Աստծու բարկությունը բնավ անսկզբունք չէ, ոչ էլ անխտիր է իր թիրախի նկատմամբ։ Ընդհակառակը, Աստված ամենևին էլ շուտ չի բարկանում, ոչ էլ թեթևամտորեն բացահայտում է Իր ցասումն ու մեծափառությունը։ Ավելին՝ Աստծու ցասումը շատ չափավոր է և սահմանների մեջ. այն լիովին տարբերվում է մարդու բարկության պոռթկումներից և պարպումներից։ Աստվածաշնչում արձանագրված են մարդու և Աստծու միջև բազմաթիվ խոսակցություններ։ Ոմանք խոսում էին շատ մակերեսային և անմիտ կերպով՝ մանուկների պես, բայց Աստված չտապալեց նրանց, ոչ էլ դատապարտեց նրանց։ Մասնավորապես, Հոբի փորձության ժամանակ ինչպե՞ս Եհովա Աստված վարվեց Հոբի երեք ընկերների և մյուսների հետ այն բանից հետո, երբ լսեց այն խոսքերը, որոնք նրանք ասացին Հոբին։ Արդյոք Նա դատապարտե՞ց նրանց։ Արդյոք բարկացա՞վ նրանց վրա։ Նա նման ոչինչ չարե՛ց։ Փոխարենը Հոբին ասաց, որ եթե աղերսի նրանց համար և աղոթի նրանց համար, Աստված կընտրի չհիշել նրանց սխալները։ Այս բոլոր դեպքերը ներկայացնում են այն հիմնական վերաբերմունքը, որով Աստված վերաբերվում է մարդկությանը, որքան էլ այն ապականված և տգետ է։ Հետևաբար Աստծու ցասման արձակումը բնավ Նրա զգացմունքների արտահայտում չէ, ոչ էլ Իր զգացմունքները դուրս թափելու միջոց է Նրա համար։ Ի հակադրություն մարդու հասկացողության՝ Աստծու ցասումը բարկության լիակատար պոռթկում չէ։ Աստված արձակում է Իր ցասումը ոչ թե այն պատճառով, որ ի վիճակի չէ վերահսկելու Իր սեփական զգացմունքները, կամ որովհետև Նրա բարկությունը հասել է եռման կետի և պետք է դուրս թափվի։ Ընդհակառակը, Նրա ցասումը Նրա արդար բնույթի արտահայտումն ու ճշմարիտ փոխանցումն է, և այն Նրա սուրբ էության բնորոշ բացահայտումն է Նրա կողմից։ Աստված ցասում է, և Նա վիրավորանք չի հանդուրժում. սա չի նշանակում, որ Աստված բարկանում է՝ առանց պատճառը հաշվի առնելու կամ առանց սկզբունքի. Առանց պատճառը հաշվի առնելու անսկզբունք, պատահական բարկության պոռթկումներն ապականված մարդկության բացառիկ մենաշնորհն են։ Հենց որ մարդը կարգավիճակ է ունենում, հաճախ դժվարանում է վերահսկել իր զգացմունքները և ուստի սիրում է օգտվել հնարավորություններից՝ արտահայտելու իր դժգոհությունը և դուրս թափելու իր զգացմունքները. հաճախ անտեղի բարկանում է, որպեսզի ցուցադրի իր ունակությունները և մյուսներին ցույց տա, որ իր կարգավիճակն ու ինքնությունը տարբերվում են այլ մարդկանց կարգավիճակից ու ինքնությունից։ Իհարկե, առանց որևէ կարգավիճակի ապականված մարդկային էակները նույնպես հաճախ կորցնում են իրենց զգացմունքների վերահսկողությունը։ Նրանց բարկությունը հաճախ առաջանում է իրենց սեփական շահերին հասցված վնասից։ Իրենց սեփական կարգավիճակն ու արժանապատվությունը պաշտպանելու համար նրանք հաճախ դուրս են թափում իրենց զգացմունքները և բացահայտում իրենց ամբարտավան բնությունը։ Մարդը բռնկվում է բարկությամբ և դուրս թափում իր զգացմունքները՝ մեղքի գոյությունն արդարացնելու համար, և այս գործողություններն այն ուղիներն են, որոնցով մարդն արտահայտում է իր դժգոհությունը. դրանք լի են խառնուրդներով, դավերով ու ինտրիգներով, մարդու ապականությամբ և չարասիրությամբ, և ամենից առավել դրանք լի են մարդու փառասիրական ձգտումներով և նկրտումներով։ Երբ արդարադատությունը մրցում է չարասիրության հետ, մարդու բարկությունը չի բռնկվի՝ արդարացնելու արդարադատության գոյության. Ընդհակառակը, երբ արդարադատության ուժերը սպառնալիքի են ենթարկվում, հալածվում և հարձակման են ենթարկվում, մարդու վերաբերմունքն անտեսելն է, խուսափելը կամ խույս տալը։ Սակայն չար ուժերին բախվելիս մարդու վերաբերմունքը հարմարվելն է, խոնարհվելն ու քծնելը։ Հետևաբար մարդու դուրս թափելը ելք է չար ուժերի համար, մսեղավոր մարդու չար գործերի դրսևորում, որոնք մոլեգնում են և դժվար է զսպել։ Սակայն, երբ Աստված արձակում է Իր ցասումը, բոլոր չար ուժերը կկանգնեցվեն, բոլոր մեղքերը, որոնք ծանր վնաս են հասցնում մարդուն, կկանգնեցվեն, բոլոր թշնամական ուժերը, որոնք խոչընդոտում են Աստծու գործին, կբացահայտվեն, կառանձնացվեն և կանիծվեն, և Սատանայի բոլոր մեղսակիցները, որոնք հակառակում են Աստծուն, կպատժվեն և կբնաջնջվեն։ Այդ ամենի փոխարեն Աստծու գործն առաջ կընթանա առանց որևէ խոչընդոտի, Աստծու տնօրինման ծրագիրը կզարգանա քայլ առ քայլ՝ ըստ ժամանակացույցի, և Աստծու ընտրյալ ժողովուրդը այլևս չի անհանգստացվի և չի մոլորեցվի Սատանայի կողմից, մինչդեռ նրանք, ովքեր հետևում են Աստծուն, բոլորը կվայելեն Աստծու առաջնորդությունն ու ապահովումը հանգստության և խաղաղության միջավայրում։ Աստծու ցասումն այն երաշխիքն է, որը կանխում է բոլոր չար ուժերի ի հայտ գալն ու մոլեգնելը, և այն նաև այն երաշխիքն է, որն ապահովում է, որ այն ամենը, ինչ արդարադատ է, և բոլոր դրական բաները կարող են գոյություն ունենալ, կարող են տարածվել և կարող են հավերժորեն զերծ մնալ վերացվելուց կամ տապալվելուց։
Կարո՞ղ եք տեսնել Աստծու ցասման էությունը Սոդոմի Նրա կործանելու մեջ։ Արդյոք Աստծու բարկությունը խառնուրդո՞վ է։ Արդյոք Աստծու բարկությունը մաքո՞ւր է։ Մարդու խոսքերով ասած՝ արդյոք Աստծու ցասումը միայն ցասո՞ւմ է։ Արդյոք Նրա ցասման հետևում կա՞ն որևէ դավեր։ Արդյոք կա՞ որևէ դավադրություն։ Արդյոք կա՞ն անասելի գաղտնիքներ։ Կարող եմ հաստատակամորեն և խստորեն ասել ձեզ։ Աստծու ցասման մեջ չկա ոչ մի մաս, որը կարող է կասկածի տեղիք տալ։ Նրա բարկությունը միայն բարկություն է, և չի պարունակում այլ մտադրություններ կամ նպատակներ։ Նրա բարկության հետևում ընկած պատճառները մաքուր են, անմեղ և քննադատությունից վեր։ Դա Նրա սուրբ էության բնական բացահայտումն ու արտահայտումն է. դա մի բան է, որը չունի արարածներից և ոչ մեկը։ Սա Աստծու եզակի արդար բնույթի մի մասն է, և այն նաև ապշեցուցիչ տարբերություն է Արարչի և արարածների համապատասխան էությունների միջև։
Անկախ նրանից՝ մարդը բարկանում է ուրիշների ներկայությամբ, թե նրանց մեջքի հետևում, նա ունի տարբեր մտադրություններ և նպատակներ։ Գուցե նա բարձրացնում է իր հեղինակությունը, կամ գուցե պաշտպանում է իր սեփական շահերը, կամ պահպանում է իր կերպարն ու փրկում իր դեմքը։ Ոմանք զսպում են իրենց բարկությունը, մինչդեռ մյուսները չեն անում դա և անխտիր դուրս են թափում իրենց բարկությունը, երբ ցանկանում են՝ առանձնահատուկ կամակորությամբ և առանց նվազագույն իսկ զսպվածության։ Մի խոսքով՝ մարդու բարկությունը բխում է նրա ապականված խառնվածքներից։ Անկախ դրա նպատակից՝ այն մսեղիից է և բնականությունից ու ոչ մի կապ չունի արդարադատության կամ անարդարության հետ, որովհետև մարդու բնական էության մեջ ոչինչ համատեղելի չէ ճշմարտության հետ։ Հետևաբար ապականված մարդկության ջղայնությունն ու Աստծու ցասումը չպետք է հիշատակվեն նույն շնչով։ Առանց բացառության՝ Սատանայի կողմից ապականված մարդու վարքագծի դրդապատճառն ապականությունը պաշտպանելն է։ Առանց բացառության՝ այն հիմնված է ապականության վրա։ Ահա թե ինչու մարդու բարկությունը չի կարող հիշատակվել նույն շնչով, ինչ Աստծու ցասումը, որքան էլ նրա բարկությունը տեսականորեն տեղին թվա։ Երբ Աստված արձակում է Իր բարկությունը, չար ուժերը զսպվում են, և չար բաները ոչնչացվում են, մինչդեռ արդարադատ և դրական բաները ստանում են Աստծու խնամքն ու պաշտպանությունը, և նրանց թույլ է տրվում շարունակել։ Աստծու կողմից Իր ցասումն արձակելու պատճառն այն է, որ անարդար, բացասական և չար բաները խոչընդոտում, անհանգստացնում կամ ոչնչացնում են արդարադատ և դրական բաների բնականոն գործունեությունն ու զարգացումը։ Աստծու բարկության նպատակն Իր սեփական կարգավիճակն ու ինքնությունը պաշտպանելը չէ, այլ արդարադատ, դրական, գեղեցիկ ու բարի բաների գոյությունը պաշտպանելը, մարդկության բնականոն գոյության օրենքներն ու կանոնները պաշտպանելը։ Սա է Աստծու ցասման արմատական պատճառը։ Աստծու բարկությունը Նրա բնույթի շատ տեղին, բնական և ճշմարիտ բացահայտումն է։ Նրա բարկության մեջ չկան թաքնված դրդապատճառներ, ոչ էլ խորամանկություն կամ դավադրություն կա, էլ չասած՝ ցանկությունների, նենգության, չարասրտության, բռնության, չարասիրության կամ ապականված մարդկության այլ ընդհանուր տեսանկյունների մասին։ Նախքան Աստված կարձակի Իր ցասումը, Նա արդեն ընկալել է յուրաքանչյուր հարցի էությունը լիակատար հստակությամբ և կատարյալ պարզությամբ, և Նա արդեն ճշգրիտ, հստակ սահմանումներ և եզրակացություններ է ձևակերպել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Այսպիսով՝ Աստծու նպատակը բյուրեղյա հստակություն ունի այն ամենում, ինչ Նա անում է, ինչպես և Նրա վերաբերմունքը։ Նա բթամիտ, կույր, բռնկուն կամ կամայական չէ, և Նա, անշուշտ, անսկզբունք չէ։ Սա Աստծու ցասման գործնական տեսանկյունն է, և Աստծու ցասման այս գործնական տեսանկյան շնորհիվ է, որ մարդկությունը կարող է բնականոն կերպով ապրել։ Առանց Աստծու ցասման՝ մարդկությունը կընկներ անհուսալի կենսապայմանների մեջ, և բոլոր արդարադատ, գեղեցիկ ու բարի բաները կոչնչացվեին և կդադարեին գոյություն ունենալուց։ Առանց Աստծու ցասման՝ արարածների գոյության օրենքներն ու կանոնները կխախտվեին կամ նույնիսկ հիմնովին կտապալվեին։ Մարդկության արարումից ի վեր Աստված շարունակաբար օգտագործել է Իր արդար բնույթը՝ մարդկության բնականոն գոյությունը պաշտպանելու և պահպանելու համար։ Քանի որ Նրա արդար բնույթը ցասում և մեծափառություն է պարունակում, բոլոր չար մարդիկ, իրադարձությունները և բաները և բոլոր բաները, որոնք անհանգստացնում և վնասում են մարդկության բնականոն գոյությունը, պատժվում, վերահսկվում և ոչնչացվում են Նրա ցասման արդյունքում։ Անցած մի քանի հազարամյակների ընթացքում Աստված նաև շարունակաբար օգտագործել է Իր արդար բնույթը՝ տապալելու և ոչնչացնելու բոլոր տեսակի անմաքուր հոգիներին և չար հոգիներին, որոնք հակադրվում են Աստծուն և գործում են որպես Սատանայի մեղսակիցներ ու ծառաներ մարդկությանը տնօրինելու Աստծու գործում։ Այսպիսով՝ մարդկության փրկության Աստծու գործը միշտ առաջ է ընթացել ըստ Նրա ծրագրի։ Սա նշանակում է, որ Աստծու ցասման գոյության շնորհիվ մարդկության մեջ ամենաարդարադատ գործը երբեք չի ոչնչացվել։
Այժմ, երբ հասկացողություն ունեք Աստծու ցասման էության մասին, դուք, անշուշտ, ավելի շատ զանազանություն եք ձեռք բերել Սատանայի չարասիրության վերաբերյալ։
Թեև Սատանան մարդկային, արդարադատ և առաքինի է թվում, Սատանայի էությունը վայրենի է և չարասեր
Սատանան կառուցում է իր հեղինակությունը՝ խաբելով աշխարհին, և հաճախ իրեն հաստատում է որպես արդարադատության առաջամարտիկ և տիպար։ Արդարադատությունը պաշտպանելու կեղծ պատրվակներով նա վնասում է մարդկանց և կլանում նրանց հոգիները և օգտագործում է ամեն տեսակ միջոցներ՝ մարդկանց թմրեցնելու, մոլորեցնելու և հրահրելու համար, որի նպատակն է մղել մարդկանց հավանություն տալու իր չար վարքագծին և համաձայնելու դրա հետ և միանալու իրեն՝ Աստծու իշխանությանն ընդդիմանալու և Նրա գերիշխանությանն ընդդիմանալու գործում։ Սակայն, երբ մարդը թափանցում է նրա դավերի ու սադրանքների մեջ և տեսնում նրա սոսկալի դեմքը, և երբ մարդը չի ցանկանում շարունակել ոտնահարվել կամ հիմարացվել նրա կողմից կամ շարունակել ստրկաբար աշխատել նրա համար, կամ պատժվել ու ոչնչացվել նրա հետ միասին, ապա Սատանան փոխում է իր նախկին սրբանման դեմքը, պատռում է իր կեղծ դիմակը և բացահայտում իր վայրենի իրական վայրենի եսը, որը չարասեր է, դաժան և տգեղ։ Այն ամենից շատ կցանկանար բնաջնջել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են իրեն ենթարկվելուց և ովքեր ընդդիմանում են իր չար ուժերին։ Այս պահին Սատանան այլևս չի կարող վստահելի, շիտակ արտաքին ընդունել. սրան փոխարինում է նրա տգեղ իրական եսը՝ չար դևը, որը նախկինում թաքնված էր այդ «գառան մորթու» տակ։ Հենց որ Սատանայի դավերը լույս աշխարհ են գալիս, և նրա իրական եսը մերկացվում է, նա կատաղության մեջ է ընկնում և արձակում է իր բարբարոսությունը, և մարդուն վնասելու ու կլանելու նրա ցանկությունը սաստկանում է։ Նա զայրանում է նրանից, որ մարդը հասկանում է ճշմարտությունը, և հզոր ատելություն ու վրեժխնդրություն է զարգացնում մարդու նկատմամբ՝ ազատության ու լույսի հանդեպ նրա տենչանքի և իր բանտից ազատվելու նրա ձգտման համար։ Նրա կատաղությունը նախատեսված է իր չարասիրությունն արդարացնելու համար և նաև իր վայրենի բնության ճշմարիտ դրսևորումն է։
Այն ամենում, ինչ Սատանան անում է, բացահայտում է իր չարասեր բնությունը։ Բոլոր չար գործերից, որոնք Սատանան կատարել է մարդու նկատմամբ՝ սկսած մարդուն մոլորեցնելու և իրեն հետևել ստիպելու նրա վաղ ջանքերից, մինչև մարդու շահագործումը, որով նա ստիպում է նրան միանալ իր չար գործերին, մինչև մարդու նկատմամբ նրա վրեժխնդրությունն այն բանից հետո, երբ նրա իրական եսը մերկացվել է, և մարդը զանազանել ու լքել է նրան, և այսպես շարունակ, չկա մեկը, որ չմերկացնի Սատանայի չարասեր էությունը, չկա մեկը, որ չապացուցի այն փաստը, որ Սատանան ոչ մի կապ չունի դրական բաների հետ, և չկա մեկը, որը չապացուցի, որ Սատանան բոլոր չար բաների աղբյուրն է։ Նրա բոլոր գործողությունները ծառայում են իր չարասիրությունը պաշտպանելուն, իր չար գործերի շարունակականությունն ապահովելուն, արդարադատ և դրական բաներին հակառակ գնալուն և մարդկության բնականոն գոյության օրենքներն ու կանոնները ոչնչացնելուն։ Այս բոլոր գործողությունները թշնամական են Աստծու հանդեպ. դրանք բոլորն այն բաներն են, որոնք Աստծու ցասումը պետք է ոչնչացնի։ Թեև Սատանան ունի իր սեփական կատաղությունը, նրա կատաղությունը սոսկ միջոց է իր չարասեր բնությունը դուրս թափելու։ Պատճառները, թե ինչու է Սատանան զայրանում և կատաղության մեջ ընկնում, հետևյալն են. նրա անասելի դավերը մերկացվել են, քիչ հավանական է, որ նրա սադրանքները կհաջողվեն, Աստծուն փոխարինելու և իրեն որպես Աստված ներկայացնելու նրա վայրի փառասիրական ձգտումն ու նկրտումը տապալվել և արգելափակվել են, և ողջ մարդկությանը վերահսկելու նրա նպատակն այժմ ի դերև է ելել և երբեք չի կարող իրագործվել։ Այն, ինչ խանգարել է Սատանայի դավերի հաջողությանը և կասեցրել Սատանայի չարասիրության ի հայտ գալն ու մոլեգնելը, Աստծու ցասման բազմակի իջնելն է կրկին ու կրկին։ Այս պատճառով Սատանան և՛ ատում է, և՛ վախենում Աստծու ցասումից։ Ամեն անգամ, երբ Աստծու ցասումն իջնում է, այն ոչ միայն քողազերծում է Սատանայի իսկական ստոր եսը, այլև լույս աշխարհ է հանում Սատանայի չարասեր ցանկությունները, և միևնույն ժամանակ մերկացվում են մարդկության դեմ Սատանայի կատաղության պատճառները։ Սատանայի կատաղության պոռթկումը նրա չարասեր բնության ճշմարիտ բացահայտումն է և նրա դավերի մերկացումը։ Իհարկե, ամեն անգամ, երբ Սատանան զայրանում է, դա ազդարարում է չար բաների ոչնչացումը և դրական բաների պաշտպանությունն ու շարունակականությունը. դա ազդարարում է այն փաստը, որ Աստծու ցասումը չպետք է վիրավորվի։
Աստծու արդար բնույթը ճանաչելու համար չպետք է ապավինել փորձառությանը և երևակայություններին
Երբ Աստծու դատաստանն ու պատիժը գան քեզ վրա, կասե՞ս արդյոք, որ Աստծու խոսքը խառնուրդով է։ Կասե՞ս, որ Աստծու բարկության հետևում պատմություն կա, և որ այն խառնուրդով է։ Կզրպարտե՞ս Աստծուն՝ ասելով, որ Նրա բնույթն անպայման չէ, որ լիովին արդար է։ Աստծու գործողություններից յուրաքանչյուրի հետ գործ ունենալիս նախ պետք է վստահ լինես, որ Աստծու արդար բնույթը զերծ է որևէ խառնուրդից, որ այն սուրբ է և անարատ՝ ներառյալ մարդկային էակներին Աստծու տապալելը, պատժելը և ոչնչացնելը։ Առանց բացառության՝ Աստծու գործողություններից յուրաքանչյուրն արտահայտվում է ճշգրտորեն Նրա ներհատուկ բնույթի և Նրա ծրագրի համաձայն։ Դրանք չեն ներառում մարդկության գիտելիքի, ավանդույթի և փիլիսոփայության ոչ մի մաս և փոխարենն ամբողջովին Աստծու բնույթի և էության արտահայտումներ են՝ կապ չունենալով որևէ բանի հետ, որը պատկանում է ապականված մարդկությանը։ Մարդն այն պատկերացումն ունի, թե միայն Աստծու սերը, ողորմությունը և իր հանդեպ հանդուրժողականությունն են անարատ, անխառն և սուրբ, և ոչ ոք չգիտի, որ Աստծու բարկությունն ու Նրա ցասումը նմանապես անխառն են. ավելին՝ ոչ ոք չի մտածել այնպիսի հարցերի շուրջ, թե ինչու Աստված վիրավորանք չի հանդուրժում, կամ ինչու է Նրա բարկությունն այդքան մեծ։ Ընդհակառակը, ոմանք Աստծու ցասումը շփոթում են ապականված մարդկության վատ բնավորության հետ և սխալմամբ Աստծու բարկությունը հասկանում են որպես նույն բարկությունը, ինչ ապականված մարդկությանը։ Նրանք նույնիսկ սխալմամբ ենթադրում են, թե Աստծու բարկությունը ճիշտ մարդու ապականված խառնվածքների բնական բացահայտման պես է։ Նրանք սխալմամբ հավատում են, թե Աստծու ցասման արձակումը ճիշտ ապականված մարդկության բարկության պես է, երբ նրանք բախվում են որևէ տհաճ իրավիճակի, ընդհուպ մինչև այն աստիճան, որ սխալմամբ հավատում են, թե Աստծու ցասման արձակումը նաև Նրա տրամադրության արտահայտումն է։ Այս հաղորդակցությունից հետո հուսով եմ, որ ձեզանից ոչ մեկն այլևս չի ունենա որևէ թյուրըմբռնում, երևակայություն կամ ենթադրություն Աստծու արդար բնույթի վերաբերյալ։ Հուսով եմ, որ Իմ խոսքերը լսելուց հետո կկարողանաք ձեր սրտերում ճշմարիտ հաստատում ունենալ Աստծու արդար բնույթի ցասման վերաբերյալ, որ կկարողանաք մի կողմ դնել Աստծու ցասման վերաբերյալ նախկին ցանկացած թյուր հասկացողություն, և որ կկարողանաք փոխել Աստծու ցասման էության վերաբերյալ ձեր սեփական սխալ համոզմունքներն ու տեսակետերը։ Ավելին՝ հուսով եմ, որ կկարողանաք ձեր սրտերում ունենալ Աստծու բնույթի ճշգրիտ սահմանումը, որ այլևս չեք ունենա որևէ կասկած Աստծու արդար բնույթի վերաբերյալ, և որ Աստծու ճշմարիտ բնույթին չեք պարտադրի որևէ մարդկային տրամաբանություն կամ երևակայություն։ Աստծու արդար բնույթն Աստծու սեփական ճշմարիտ էությունն է։ Այն մարդու կողմից ստեղծված կամ գրված բան չէ։ Նրա արդար բնույթը Նրա արդար բնույթն է և ոչ մի առնչություն կամ կապ չունի արարածների հետ։ Աստված Ինքը Աստված Ինքն է, և Նա երբեք չի դառնա արարած։ Նույնիսկ եթե Նա դառնա արարածներից մեկը, Նրա ներհատուկ բնույթը և Նրա էությունը չեն փոխվի։ Հետևաբար Աստծուն ճանաչելը նույնը չէ, ինչ առարկա ճանաչելը. Աստծուն ճանաչելը որևէ բան մանրամասն վերլուծել չէ, ոչ էլ նույնն է, ինչ մարդուն հասկանալը։ Եթե օգտագործես առարկա ճանաչելու կամ մարդուն հասկանալու քո հասկացությունը կամ մեթոդը՝ Աստծուն ճանաչելու համար, ապա երբեք չես կարողանա հասնել Աստծու ճանաչողությանը։ Աստծուն ճանաչելը չի կարող հիմնված լինել փորձառության կամ երևակայությունների վրա, և հետևաբար Աստծուն երբեք չպետք է պարտադրես քո փորձառությունը կամ երևակայությունները։ Որքան էլ հարուստ լինեն քո փորձառությունն ու երևակայությունները, դրանք, միևնույն է, սահմանափակ են։ Ավելին՝ քո երևակայությունները համահունչ չեն փաստերին, առավել ևս՝ ճշմարտությանը, և անհամատեղելի են Աստծու ճշմարիտ բնույթի ու էության հետ։ Երբեք չես հաջողի, եթե ապավինես քո երևակայություններին՝ Աստծու էությունը հասկանալու համար։ Միակ ուղին սա է։ Ընդունի՛ր այն ամենը, ինչ գալիս է Աստծուց, ապա աստիճանաբար փորձառաբար ապրի՛ր և ճանաչի՛ր այն։ Կգա մի օր, երբ Աստված լուսավորություն կբերի քեզ՝ ճշմարտապես հասկանալու և ճանաչելու Իրեն քո համագործակցության և ճշմարտության հանդեպ քո քաղցի ու ծարավի շնորհիվ։ Եվ սրանով եկեք եզրափակենք մեր զրույցի այս մասը։
Մարդկությունը ստանում է Աստծու ողորմությունը և համբերատարությունը ճշմարիտ ապաշխարության միջոցով
Հաջորդիվ եկեք կարդանք «Աստծու՝ Նինվեն փրկելու» աստվածաշնչյան պատմությունը։
Հովնան 1:1-2 Եվ Եհովայի խոսքը հասավ Ամաթիի որդի Հովնանին՝ ասելով. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե՝ այդ մեծ քաղաքը, և աղաղակի՛ր դրա դեմ, քանզի նրանց չարագործությունները բարձրացել են Իմ առջև»։
Հովնան 3 Եվ Եհովայի խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե՝ այդ մեծ քաղաքը, և քարոզի՛ր դրան այն քարոզը, որը Ես պատվիրում եմ քեզ»։ Ուստի Հովնանը վեր կացավ և գնաց Նինվե՝ Եհովայի խոսքի համաձայն։ Իսկ Նինվեն չափազանց մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհի չափով։ Հովնանը սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [եբր․ քառասուն] օրեր, և Նինվեն կործանվելու է»։ Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։ Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ Թագավորի և իր մեծամեծների կողմից Նինվեում քարոզվեց ու հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։ Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին. «Ո՞վ գիտի, Աստված կզղջա և կդառնա իր խիստ բարկությունից, և կորստյան չենք մատնվի»։ Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։
Հովնան 4 Բայց սա խիստ տհաճ էր Հովնանին, և նա շատ բարկացավ։ Եվ աղոթեց Եհովային ու ասաց. «Աղոթում եմ Քեզ, ո՛վ Եհովա, մի՞թե սա չէր իմ ասածը, երբ դեռ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապով փախա Թարսիս, քանզի գիտեի, որ Դու գթասիրտ և ողորմած Աստված ես, բարկանալու մեջ՝ դանդաղ, և մեծ բարություն ունեցող, ու զղջում ես չարիքի համար։ Ուստի հիմա, ո՛վ Եհովա, աղաչում եմ Քեզ, վերցրո՛ւ իմ կյանքն ինձանից, քանզի ինձ համար ավելի լավ է մեռնել, քան ապրել»։ Ապա Եհովան ասաց. «Արդյոք լա՞վ ես անում, որ բարկանում ես»։ Ուստի Հովնանը դուրս եկավ քաղաքից և նստեց քաղաքի արևելյան կողմում, այնտեղ իր համար տաղավար շինեց ու նստեց դրա տակ՝ ստվերում՝ տեսնելու, թե ինչ կպատահի քաղաքին։ Եվ Եհովա Աստված մի բույս նախապատրաստեց ու այնպես արեց, որ այն բարձրանա Հովնանի վրա, որպեսզի ստվեր լինի նրա գլխին՝ նրան իր վշտից ազատելու համար։ Եվ Հովնանը չափազանց ուրախացավ այդ բույսի համար։ Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աստված հրաման տվեց որդին. վնասեց դդմենին, և չորացավ։ Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։ Ապա Եհովան ասաց. «Դու խղճացիր այն բույսին, որի համար չես տքնել և որին չես աճեցրել, որը մեկ գիշերվա մեջ դուրս եկավ ու մեկ գիշերվա մեջ կորավ։ Իսկ Ես չպե՞տք է խղճամ Նինվեին՝ այդ մեծ քաղաքին, որտեղ հարյուր քսան հազարից ավելի մարդիկ կան, որոնք իրենց աջ ձեռքը չեն կարողանում տարբերել ձախից, ինչպես նաև բազում անասուններ»։
Նինվեի պատմության համառոտ նկարագիրը
Թեև «Աստծու՝ Նինվեն փրկելու» պատմությունը կարճ է, սակայն այն թույլ է տալիս տեսնել Աստծու արդար բնույթի մյուս կողմը։ Ճշգրտորեն հասկանալու համար, թե ինչից է բաղկացած այդ կողմը, պետք է վերադառնանք Գրություններին և վերանայենք այն գործը, որն Աստված կատարեց։
Նախ եկեք դիտարկենք այս պատմության սկզբը. «Եվ Եհովայի խոսքը հասավ Ամաթիի որդի Հովնանին՝ ասելով. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե՝ այդ մեծ քաղաքը, և աղաղակի՛ր դրա դեմ, քանզի նրանց չարագործությունները բարձրացել են Իմ առջև»» (Հովնան 1:1-2)։ Գրությունների այս հատվածից գիտենք, որ Եհովա Աստված Հովնանին Նինվե ուղարկեց քաղաք։ Ինչո՞ւ Նա Հովնանին այդ քաղաք ուղարկեց։ Աստվածաշունչը շատ հստակ է այս հարցում։ Այս քաղաքի ներսում գտնվող մարդկանց չարագործությունները բարձրացել էին Եհովա Աստծու առջև, և հետևաբար Նա ուղարկեց Հովնանին՝ հռչակելու նրանց այն, ինչ Նա մտադիր էր անել։ Թեև գրառված չէ ոչինչ, որը կպատմեր մեզ, թե ով էր Հովնանը, սա, իհարկե, կապ չունի Աստծուն ճանաչելու հետ, և հետևաբար կարիք չկա, որ հասկանաք այս մարդուն՝ Հովնանին։ Պարզապես պետք է իմանաք, թե Աստված Հովնանին ինչ հրամայեց անել, և որոնք էին նման բան անելու Աստծու պատճառները։
Եհովա Աստծու նախազգուշացումը հասնում է նինվեացիներին
«Հովնանը սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք օրեր, և Նինվեն կործանվելու է»»։ Սրանք այն խոսքերն են, որոնք Աստված անմիջականորեն փոխանցեց Հովնանին՝ նինվեացիներին ասելու համար։ Իհարկե, դրանք նաև այն խոսքերն են, որոնք Եհովան ցանկանում էր նինվեացիներին ասել։ Իհարկե, դրանք նաև այն խոսքերն են, որոնք Եհովան ցանկանում էր ասել նինվեացիներին։ Այս խոսքերը մարդկանց ասում են, որ Աստված սկսեց գարշել և ատել քաղաքի մարդկանց, որովհետև նրանց չարագործությունները բարձրացել էին Իր առջև, և ուստի Նա ցանկանում էր ոչնչացնել այդ քաղաքը։ Սակայն նախքան Աստված կոչնչացներ քաղաքը, Նա հայտարարություն կաներ նինվեացիներին և միևնույն ժամանակ հնարավորություն կտար նրանց ապաշխարելու իրենց չարագործությունների համար և նորից սկսելու։ Այս հնարավորությունը կտևեր քառասուն օր։ Այլ կերպ ասած՝ եթե քաղաքի ներսում գտնվող մարդիկ ապաշխարություն ցույց չտային, եթե չխոստովանեին իրենց մեղքերը և չխոնարհվեին Եհովա Աստծու առջև քառասուն օրվա ընթացքում, Աստված կոչնչացներ քաղաքը, ինչպես ոչնչացրել էր Սոդոմը։ Սա էր այն, ինչ Եհովա Աստված ցանկանում էր ասել Նինվեի մարդկանց։ Հստակ է, որ սա պարզ հայտարարություն չէր։ Այն ոչ միայն Եհովա Աստծու բարկությունն էր փոխանցում, այլև Նրա վերաբերմունքն էր փոխանցում նինվեացիների նկատմամբ, մինչդեռ միևնույն ժամանակ ծառայում էր որպես խիստ նախազգուշացում քաղաքի ներսում ապրող մարդկանց համար։ Այս նախազգուշացումը նրանց ասում էր, որ իրենց չար գործերը վաստակել են Եհովա Աստծու ատելությունը և շուտով կբերեն իրենց իսկ բնաջնջումը։ Հետևաբար Նինվեի յուրաքանչյուր բնակչի կյանքը մոտալուտ վտանգի տակ էր։
Նինվեացիների և սոդոմացիների արձագանքների միջև խիստ հակադրությունը Եհովա Աստծու նախազգուշացմանը
Ի՞նչ է նշանակում կործանվել։ Խոսակցական լեզվով ասած՝ նշանակում է վերանալ։ Բայց ի՞նչ իմաստով։ Ո՞վ կարող էր կործանել մի ամբողջ քաղաք։ Մարդու համար, իհարկե, անհնար կլիներ նման արարք գործել։ Նինվեի մարդիկ հիմար չէին. հենց որ լսեցին այս հայտարարությունը, հասկացան իմաստը։ Նրանք գիտեին, որ հայտարարությունը եկել էր Աստծուց, գիտեին, որ Աստված գործելու էր, և գիտեին, որ իրենց չարագործությունները զայրացրել էին Եհովա Աստծուն և իրենց վրա բերել Նրա բարկությունը, այնպես որ շուտով կոչնչացվեին իրենց քաղաքի հետ միասին։ Ինչպե՞ս վարվեցին քաղաքի մարդիկ Եհովա Աստծու նախազգուշացումը լսելուց հետո։ Աստվածաշունչը մանրամասն նկարագրում է Նինվեի մարդկանց մի շարք հատուկ վարքագծեր՝ թագավորից մինչև հասարակ մարդիկ։ Գրություններում գրառված են հետևյալ խոսքերը. «Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։ Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ Թագավորի և իր մեծամեծների կողմից Նինվեում քարոզվեց ու հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։ Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ…» (Հովնան 3:5-9)։
Եհովա Աստծու հայտարարությունը լսելուց հետո Նինվեի մարդիկ ցուցաբերեցին մի վերաբերմունք, որը լիովին հակառակ էր Սոդոմի մարդկանց վերաբերմունքին. մինչդեռ Սոդոմի մարդիկ բացահայտորեն ընդդիմանում էին Աստծուն՝ գնալով չարիքից չարիք, նինվեացիներն այս խոսքերը լսելուց հետո չանտեսեցին հարցը, ոչ էլ ընդդիմացան։ Փոխարենը հավատացին Աստծուն և հնազանդվեցին Նրան և պահք քարոզեցին։ Ի՞նչ են նշանակում «հավատացին և հնազանդվեցին» բառերն այստեղ։ Բառերը բառացիորեն նշանակում են ինչ-որ բան որպես ճշմարիտ ընդունել և հնազանդություն ունենալ։ Եթե օգտագործենք նինվեացիների փաստացի վարքագիծը՝ բացատրելու այս բառերը, դա նշանակում է, որ նրանք հավատում էին, որ Աստված կարող էր և կաներ այնպես, ինչպես ասել էր, և որ նրանք պատրաստ էին ապաշխարելու։ Արդյոք Նինվեի մարդիկ սարսա՞փ զգացին մոտալուտ աղետի առջև։ Ճիշտ այն պատճառով, որ նրանք հավատացին Աստծուն և հնազանդվեցին Աստծուն իրենց սրտերում, նրանց մեջ սարսափ առաջացավ։ Ուստի ի՞նչ կարող ենք օգտագործել՝ ապացուցելու նինվեացիների հավատքը, հնազանդությունը և սարսափը։ Ինչպես Աստվածաշունչն է ասում. «…պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ»։ Սա նշանակում է, որ նինվեացիները ճշմարտապես հավատացին և հնազանդվեցին, և որ այս հավատքից ու հնազանդությունից սարսափ առաջացավ, որն այնուհետև ստիպեց նրանց ծոմ պահել և քուրձ հագնել։ Սա նրանց ապաշխարել սկսելու դրսևորումն էր։ Ի լիակատար հակադրություն Սոդոմի մարդկանց՝ նինվեացիները ոչ միայն չընդդիմացան Աստծուն, այլև ապաշխարության շոշափելի վարքագիծ և գործողություններ դրսևորեցին։ Իհարկե, միայն Նինվեի հասարակ մարդիկ չէ, որ արեցին սա. թագավորը բացառություն չէր։
Նինվեի թագավորի ապաշխարությունն արժանանում է Եհովա Աստծու հավանությանը
Երբ Նինվեի թագավորը լսեց այս լուրը, իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ Ապա նա հրաման արձակեց, որ քաղաքում ոչ ոքի չի թույլատրվելու որևէ բան համտեսել, և որ ոչ մի ոչխարի, եզան կամ որևէ այլ անասունի չի թույլատրվելու արածել կամ ջուր խմել։ Մարդիկ և անասունները հավասարապես պետք է քուրձ հագնեին, և մարդիկ պետք է ամբողջ սրտով աղաղակեին Աստծուն։ Թագավորը նաև հրամայեց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է դառնա իր չար ճանապարհներից և թողնի իր ձեռքում ունեցած բռնությունը։ Դատելով գործողությունների այս շարքից՝ Նինվեի թագավորն իր սրտի խորքում ապաշխարություն ուներ։ Իր գահից ելնելը, իր թագավորական պատմուճանը հանելը, քուրձ հագնելը և մոխրի վրա նստելը՝ այս շարքի գործողությունները, որոնք նա ձեռնարկեց, մարդկանց ասում են, որ Նինվեի թագավորը մի կողմ էր դնում իր թագավորական դիրքը և քուրձ էր հագնում հասարակ մարդկանց հետ միասին։ Սա նշանակում է, որ Նինվեի թագավորը չզբաղեցրեց իր թագավորական պաշտոնը՝ շարունակելու իր չար ճանապարհը կամ իր ձեռքերում ունեցած բռնությունը Եհովա Աստծու հայտարարությունը լսելուց հետո. ավելի շուտ, նա մի կողմ դրեց իր ունեցած իշխանությունը և ապաշխարեց Եհովա Աստծու առջև։ Այդ պահին Նինվեի թագավորը չէր ապաշխարում որպես թագավոր. նա եկել էր Աստծու առջև՝ ապաշխարելու և խոստովանելու իր մեղքերը որպես Աստծու սովորական հպատակ։ Ավելին՝ նա նաև ամբողջ քաղաքին ասաց ապաշխարել և խոստովանել իրենց մեղքերը Եհովա Աստծու առջև ճիշտ իր պես, և նա հատուկ կարգավորումներ սահմանեց, թե ինչպես դա անել, ինչպես օրինակ՝ հետևյալը. «…Մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն… և ամբողջ սրտով աղաղակեն Աստծուն. դառնա յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ունի»։ Որպես դրա կառավարիչ՝ Նինվեի թագավորը քաղաքի ներսում ուներ գերագույն կարգավիճակ և զորություն և կարող էր անել այն ամենը, ինչ ցանկանար։ Եհովա Աստծու հայտարարությանը բախվելիս նա կարող էր անտեսել հարցը կամ պարզապես ապաշխարել և խոստովանել իր մեղքերը միայնակ. ինչ վերաբերում է նրան, թե ինչ ընտրեցին քաղաքի մարդիկ, և արդյոք նրանք ապաշխարեցին, թե ոչ, նա կարող էր լիովին անտեսել հարցը։ Սակայն Նինվեի թագավորն ամենևին չարեց դա։ Նա ոչ միայն ելավ իր գահից, քուրձ ու մոխիր հագավ և ապաշխարեց ու խոստովանեց իր մեղքերը Եհովա Աստծու առջև, այլև քաղաքի ներսում գտնվող բոլոր մարդկանց և անասուններին հրամայեց նույնն անել։ Նա նույնիսկ հրամայեց մարդկանց «ամբողջ սրտով աղաղակել Աստծուն»։ Գործողությունների այս շարքի միջոցով Նինվեի թագավորն իսկապես իրագործեց այն, ինչ պետք է անի ղեկավարը։ Նրա գործողությունների շարքն այնպիսի մի բան է, որը մարդկության պատմության մեջ ոչ մի թագավորի համար հեշտ չի եղել իրագործել և իրականում ոչ մի այլ թագավոր չի հասել այդ բաներին։ Այս գործողությունները կարելի է մարդկության պատմության մեջ աննախադեպ կոչել, և դրանք արժանի են, որ մարդկությունը և՛ հիշի, և՛ ընդօրինակի։ Մարդկության ողջ պատմության ընթացքում յուրաքանչյուր թագավոր իր հպատակներին առաջնորդել է՝ դիմակայելու և հակադրվելու Աստծուն։ Ոչ ոք երբեք իր հպատակներին չի առաջնորդել աղաչելու Աստծուն, որպեսզի փոխհատուցեն իրենց չար գործերի համար, ստանան Եհովա Աստծու ներումը և խուսափեն պատժից։ Նինվեի թագավորը, սակայն, կարողացավ առաջնորդել իր հպատակներին՝ դառնալու դեպի Աստված, թողնելու իրենց սեփական չար ճանապարհները և հրաժարվելու իրենց ձեռքերում ունեցած բռնությունից։ Ավելին՝ նա նաև կարողացավ մի կողմ դնել իր գահը՝ այն բանի դիմաց, որ Եհովա Աստված մտափոխվի և մեղմանա, հետ վերցնի Իր ցասումը, որպեսզի քաղաքի մարդիկ գոյատևեն և չկործանվեն։ Պետք է ասել, որ թագավորի գործողությունները հազվագյուտ հրաշք էին մարդկության պատմության մեջ և իսկապես կարող են Աստծու առջև ապաշխարող և իրենց մեղքերը խոստովանող ապականված մարդկանց նմուշօրինակ համարվել։
Աստված տեսնում է ճշմարիտ ապաշխարությունը նինվեացիների սրտերի խորքում
Աստծու հայտարարությունը լսելուց հետո Նինվեի թագավորը և նրա հպատակները մի շարք գործողություններ կատարեցին։ Ինչպիսի՞ն էր այս գործողությունների և նրանց վարքագծի բնությունը։ Այլ կերպ ասած՝ ո՞րն էր նրանց վարքագծի էությունն ամբողջությամբ։ Ինչո՞ւ նրանք արեցին այն, ինչ արեցին։ Աստծու աչքերում նրանք ճշմարտապես ապաշխարել էին, որովհետև ոչ միայն ամբողջ սրտով աղաղակել էին Աստծուն և խոստովանել իրենց մեղքերը Նրա առջև, այլև թողել էին իրենց չար գործերը։ Նրանք այսպես վարվեցին, որովհետև Աստծու խոսքերը լսելուց հետո անհավանականորեն վախեցած էին և հավատում էին, որ Նա այնպես կանի, ինչպես ասել էր։ Ծոմ պահելով, քուրձ հագնելով և մոխրի վրա նստելով՝ նրանք ցանկանում էին արտահայտել իրենց պատրաստակամությունը՝ բարեփոխելու իրենց ճանապարհները և զերծ մնալու չար գործեր կատարելուց, և նրանք աղերսեցին Եհովա Աստծուն՝ խնդրելով Նրան չարձակել Իր բարկությունը, և աղաչեցին Նրան հետ վերցնել Իր որոշումը և այն աղետը, որը Նա մտադիր էր բերել իրենց վրա։ Եթե քննենք նրանց ողջ վարքագիծը, կարող ենք տեսնել, որ նրանք արդեն հասկանում էին, որ իրենց նախկին չար արարքները գարշելի էին Եհովա Աստծուն, և որ նրանք հասկանում էին այն պատճառը, թե ինչու էին շուտով ոչնչացվելու։ Ահա թե ինչու նրանք բոլորը ցանկանում էին լիակատար ապաշխարել, հեռանալ իրենց չար ճանապարհներից և թողնել իրենց ձեռքերում ունեցած բռնությունը։ Այլ կերպ ասած՝ հենց որ նրանք տեղեկացան Եհովա Աստծու հայտարարությանը, նրանցից յուրաքանչյուրը սարսափ զգաց իր սրտում. նրանք դադարեցրին իրենց չար վարքագիծը և այլևս չկատարեցին այն արարքները, որոնք զզվելի էին Եհովա Աստծուն։ Բացի դրանից՝ նրանք աղաչեցին Եհովա Աստծուն ներել իրենց անցյալի մեղքերը և չվարվել իրենց հետ իրենց անցյալի գործողությունների համաձայն։ Նրանք պատրաստ էին այլևս երբեք չներգրավվելու չար գործերի մեջ և գործելու ըստ Եհովա Աստծու հրահանգների, միայն թե հնարավոր լիներ այլևս երբեք չզայրացնել Եհովա Աստծուն։ Նրանց ապաշխարությունը ճշմարիտ էր և հիմնավոր։ Այն գալիս էր նրանց սրտերի խորքից և կեղծված կամ ժամանակավոր չէր։
Այն բանից հետո, երբ Նինվեի բոլոր մարդիկ՝ թագավորից մինչև հասարակ մարդիկ, իմացան, որ Եհովա Աստված բարկացած է իրենց վրա, նրանց հետագա գործողություններից յուրաքանչյուրը և նրանց վարքագիծն ամբողջությամբ, ինչպես նաև այն որոշումներն ու ընտրությունները, որոնք նրանցից յուրաքանչյուրն արեց, հստակ և պարզ տեսանելի էին Աստծուն։ Աստծու սիրտը փոխվեց նրանց վարքագծի համաձայն։ Ինչպիսի՞ն էր Աստծու հոգեվիճակն այդ պահին։ Եթե կարդաս Աստվածաշնչում գրվածը, կգտնես պատասխանը։ Գրություներում գրառված են հետևյալ խոսքերը. «Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց» (Հովնան 3:10)։ Թեև Աստված փոխեց Իր հոգեվիճակը, այդ պահին դրանում ոչ մի բարդ բան չկար։ Նա պարզապես Իր բարկությունն արտահայտելուց անցավ Իր բարկությունը հանդարտեցնելուն, և ապա որոշեց աղետ չբերել Նինվե քաղաքի վրա։ Պատճառը, թե ինչու Աստծու որոշումը՝ խնայել նինվեացիներին նշված աղետից, այդքան արագ էր, այն է, որ Աստված նկատեց Նինվեի յուրաքանչյուր մարդու սիրտը։ Այն, ինչ Աստված տեսավ, նինվեացիների ճշմարիտ ապաշխարությունն էր և իրենց սրտերի խորքում իրենց մեղքերի խոստովանությունը։ Այն, ինչ Նա տեսավ, այն էր, որ նրանք իրենց սրտերի խորքում ճշմարտապես հավատում էին Իրեն և ճշմարտապես հնազանդվում էին Իրեն։ Այն, ինչ Նա տեսավ, նրանց խոր զգացումն էր իրենց սրտերի խորքում այն մասին, թե ինչպես էին իրենց չար գործերը զայրացրել Իր բնույթը, և դրանից բխող սարսափն իրենց սրտերի խորքում Եհովա Աստծու մոտալուտ պատժի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Եհովա Աստված նաև լսեց նրանց աղերսանքները, որոնք գալիս էին նրանց սրտերի խորքից՝ պաղատելով Նրան այլևս չբարկանալ իրենց վրա, որպեսզի նրանք կարողանան խուսափել այդ աղետից։ Երբ Աստված նկատեց այս բոլոր փաստերը, կամաց-կամաց Նրա բարկությունը մարեց։ Անկախ նրանից, թե որքան մեծ էր եղել Նրա բարկությունը նախկինում, Նրա սիրտը հուզվեց, երբ տեսավ ճշմարիտ ապաշխարությունն այս մարդկանց սրտերի խորքում, և ուստի Նա չկարողացավ տանել նրանց վրա աղետ բերելը և դադարեց նրանց վրա բարկանալուց։ Փոխարենը Նա շարունակեց նրանց շնորհել Իր ողորմությունն ու համբերատարությունը և շարունակեց առաջնորդել ու ապահովել նրանց։
Եթե ճշմարտապես հավատաս Աստծուն և ճշմարտապես հնազանդվես Նրան, հաճախ կստանաս Նրա հոգատարությունը
Նինվեի մարդկանց նկատմամբ Իր մտադրությունը փոխելիս Աստված չվարանեց, և դրանում ոչ մի երկիմաստ կամ վերացական բան չկար։ Ավելի շուտ, դա անխառն բարկությունից անխառն համբերատարության անցում էր։ Սա Աստծու էության ճշմարիտ բացահայտումն է։ Աստված երբեք անվճռական կամ վարանող չէ Իր գործողություններում. Նրա գործողությունների հետևում ընկած սկզբունքներն ու նպատակները բոլորը պարզ են և թափանցիկ, մաքուր և անարատ՝ առանց դրանցում միախառնված որևէ խորամանկության կամ դավի։ Այլ կերպ ասած՝ Աստծու էությունը չի պարունակում խավար կամ չարասիրություն։ Աստված բարկացավ նինվեացիների վրա, որովհետև նրանց չար գործերը հայտնվել էին Նրա աչքերի առջև. այդ ժամանակ Նրա բարկությունը բխում էր Նրա էությունից։ Սակայն, երբ Աստծու բարկությունը փարատվեց, և Նա ևս մեկ անգամ շնորհեց Նինվեի մարդկանց Իր համբերատարություն, այն ամենը, ինչ Նա բացահայտեց, դեռևս Նրա իսկ էությունն էր։ Այս փոփոխությունն ամբողջությամբ պայմանավորված էր Աստծու նկատմամբ մարդու վերաբերմունքի փոփոխությամբ։ Այս ողջ ժամանակահատվածում Աստծու բնույթը, որը վիրավորանք չի հանդուրժում, չփոխվեց, մարդու հանդեպ համբերատար լինելու Աստծու էությունը չփոխվեց, և մարդուն սիրելու ու մարդու հանդեպ ողորմած լինելու Աստծու էությունը չփոխվեց։ Երբ մարդիկ չար գործեր են կատարում և անարգում են Աստծուն, Նա Իր բարկությունը կարձակի նրանց վրա։ Երբ մարդիկ ճշմարտապես ապաշխարում են, Աստծու սիրտը կփոխվի, և Նրա բարկությունը կդադարի։ Երբ մարդիկ շարունակում են կամակորությամբ ընդդիմանալ Աստծուն, Նրա բարկությունն անդադար կլինի, և Նրա ցասումը կճնշի նրանց քիչ-քիչ, մինչև որ նրանք ոչնչացվեն։ Սա Աստծու բնույթի էությունն է։ Այն, ինչ բացահայտում և արտահայտում է Աստծու բնույթը՝ ցասում լինի, թե ողորմություն և սիրառատ բարություն, հիմնված է մարդկանց դրսևորումների և վարքագծի, ինչպես նաև իրենց սրտերի խորքում Աստծու նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա։ Եթե Աստված շարունակաբար արձակում է Իր բարկությունը մեկ մարդու վրա, այդ մարդու սիրտն անկասկած թշնամաբար է տրամադրված Աստծու հանդեպ։ Քանի որ այդ մարդը երբեք ճշմարտապես չի ապաշխարել, «գլուխ չի խոնարհել» Աստծու առջև կամ ճշմարտապես չի հավատացել Աստծուն և ճշմարտապես չի ենթարկվել Աստծուն, նա երբեք չի ստացել Աստծու ողորմությունն ու համբերատարություն։ Եթե ինչ-որ մեկը հաճախ ստանում է Աստծու խնամքը, Նրա ողորմությունը և Նրա համբերատարությունը, ապա անկասկած այս մարդը ճշմարտապես հավատում է Աստծուն և ճշմարտապես ենթարկվում է Աստծուն իր սրտում, և նրա սիրտը թշնամաբար չէ տրամադրված Աստծու հանդեպ։ Այս մարդը հաճախ ճշմարտապես ապաշխարում է Աստծու առջև. հետևաբար, նույնիսկ եթե Աստծու կարգավարժանքը հաճախ իջնում է այս մարդու վրա, Նրա ցասումը չի իջնի։
Այս հակիրճ պատմությունը թույլ է տալիս մարդկանց տեսնել Աստծու սիրտը, տեսնել Նրա էության իրականությունը և տեսնել, որ Աստծու բարկությունը և Նրա մտադրության փոփոխություններն անպատճառ չեն։ Չնայած Իր ցասումն արձակելու և այդ պահին Իր սիրտը փոխելու միջև եղած խիստ հակադրությանը, ինչը մղում է մարդկանց հավատալու, թե կարծես մեծ անջրպետ կամ հակադրություն կա Աստծու էության այս երկու տեսանկյունների՝ Նրա բարկության և Նրա համբերատարության միջև, նինվեացիների ապաշխարության նկատմամբ Աստծու վերաբերմունքը ևս մեկ անգամ թույլ է տալիս մարդկանց տեսնել Աստծու ճշմարիտ բնույթի մյուս կողմը։ Աստծու սրտի փոփոխությունը ճշմարտապես թույլ է տալիս մարդկությանը ևս մեկ անգամ տեսնել Աստծու ողորմության և սիրառատ բարության իսկությունը և տեսնել Աստծու էության ճշմարիտ բացահայտումը՝ մարդկությանն այլ ընտրություն չթողնելով, քան ընդունել, որ Աստծու ողորմությունն ու սիրառատ բարությունը առասպելներ կամ հորինվածքներ չեն, որովհետև Աստծու զգացումն այդ պահին ճշմարիտ էր, և Աստծու սրտի փոփոխությունը ճշմարիտ էր. Աստված իսկապես ևս մեկ անգամ շնորհեց մարդկությանն Իր ողորմությունն ու համբերատարությունը։
Նինվեացիների սրտերում եղած ճշմարիտ ապաշխարությունը շահում է նրանց համար Աստծու ողորմությունը և փոխում նրանց իսկ ելքերը
Արդյոք կա՞ր որևէ հակասություն Աստծու սրտի փոփոխության և Նրա ցասման միջև։ Իհարկե, ո՛չ։ Սա այն պատճառով է, որ Աստծու համբերատարությունն այդ որոշակի ժամանակ ուներ իր պատճառը։ Ո՞րն է այդ պատճառը։ Դա Աստվածաշնչում տրվածն է. «յուրաքանչյուրը դառնա իր չար ճանապարհներից» և «թողնի անօրենությունը, որ իր ձեռքում ունի»։
Այս «չար ճանապարհը» չի վերաբերում մի բուռ չար արարքների, այլ այն չար աղբյուրին, որից բխում է մարդկանց վարքագիծը։ «Իրենց չար ճանապարհներից դառնալը» նշանակում է այլևս երբեք չկատարել այս գործողությունները, այլ կերպ ասած՝ այլևս երբեք չվարվել այս չար ձևով, այսինքն՝ փոխել իրենց գործողությունների մեթոդը, աղբյուրը, դրդապատճառը, մտադրությունը և սկզբունքը և իրենց սրտերում այլևս երբեք այդ մեթոդներին ու սկզբունքներին չվերաբերվել որպես վայելքի կամ երջանկության աղբյուրի։ «Թողնել իրենց ձեռքերում ունեցած բռնությունը» արտահայտության մեջ «թողնելը» նշանակում է վայր դնել կամ մի կողմ նետել, լիովին խզել կապն անցյալի հետ և երբեք հետ չնայել։ Երբ Նինվեի մարդիկ թողեցին իրենց ձեռքերում ունեցած անօրենությունը, դա ապացուցեց և ներկայացրեց նրանց ճշմարիտ ապաշխարությունը։ Աստված նայում է մարդկանց արտաքին տեսքին և նաև նկատում է նրանց սրտերը։ Երբ Աստված իսկապես նկատեց անկեղծ ապաշխարությունը նինվեացիների սրտերում և նաև տեսավ, որ նրանք դարձել էին իրենց չար ճանապարհներից և թողել էին իրենց ձեռքերում ունեցած անօրենությունը, միայն այդ ժամանակ Նա փոխեց Իր սիրտը։ Սա նշանակում է, որ այս մարդկանց պահվածքն ու վարքագիծը և գործեր անելու տարբեր եղանակները, ինչպես նաև իրենց սրտերում մեղքերի ճշմարիտ խոստովանության և ապաշխարության նրանց վերաբերմունքը մղեցին Աստծուն փոխելու Իր սիրտը, փոխելու Իր միտքը, հետ վերցնելու Իր որոշումը և չպատժելու կամ չոչնչացնելու նրանց։ Այսպիսով՝ նինվեացիների ելքը փոխվեց։ Նրանք փրկագնեցին իրենց իսկ կյանքը և միևնույն ժամանակ ևս մեկ անգամ շահեցին Աստծու ողորմությունն ու համբերատարություն, որի ժամանակ Աստված նաև հետ վերցրեց Իր բարկությունը։
Աստծու ողորմությունն ու համբերատարությունը դժվար չէ ձեռք բերել. մարդու ճշմարիտ ապաշխարությունն է, որ հազվադեպ է հանդիպում
Անկախ նրանից, թե որքան էր Աստված բարկացած եղել նինվեացիների վրա, հենց որ նրանք պահք քարոզեցին և քուրձ ու մոխիր հագան, Նրա սիրտը սկսեց աստիճանաբար փափկել, և Նա սկսեց փոխել Իր սիրտը։ Այն պահին, նախքան Նա կհայտարարեր նրանց, որ կոչնչացնի նրանց քաղաքը՝ իրենց մեղքերի համար նրանց խոստովանությունից և ապաշխարությունից առաջ ընկած պահին, Աստված դեռ բարկացած էր նրանց վրա։ Հենց որ նրանք ապաշխարության մի շարք արարքներ կատարեցին, Նինվեի մարդկանց նկատմամբ Աստծու բարկությունն աստիճանաբար վերածվեց նրանց հանդեպ համբերատարության և ողորմության։ Նույն իրադարձության մեջ Աստծու բնույթի այս երկու տեսանկյունների բացահայտման մեջ ոչ մի հակասական բան չկա։ Ուստի ինչպե՞ս պետք է մարդ հասկանա և ճանաչի հակասության այս բացակայությունը։ Աստված դրսևորեց և բացահայտեց այս երկու խիստ տարբեր էություններից յուրաքանչյուրը Նինվեի մարդկանց ապաշխարելուց առաջ և հետո՝ թույլ տալով մարդկանց տեսնել, որ Աստծու էությունն իրական է և վիրավորանք չի հանդուրժում։ Աստված օգտագործեց Իր վերաբերմունքը՝ մարդկանց ասելու հետևյալը։ Այնպես չէ, որ Աստված համբերատարություն չի ցուցաբերում մարդկանց, կամ որ Նա չի ցանկանում ողորմություն ցուցաբերել նրանց. ավելի շուտ, մարդիկ հազվադեպ են ճշմարտապես ապաշխարում Աստծուն և հազվադեպ են ճշմարտապես դառնում իրենց չար ճանապարհներից ու թողնում իրենց ձեռքերում ունեցած անօրենությունը։ Այլ կերպ ասած՝ երբ Աստված բարկացած է մարդու վրա, Նա հուսով է, որ մարդը կարող է ճշմարտապես ապաշխարել, և Նա հուսով է տեսնել մարդու ճշմարիտ ապաշխարությունը, որի դեպքում Նա այնուհետև առատաձեռնորեն կշարունակի մարդուն շնորհել Իր ողորմությունն ու համբերատարությունը։ Սա նշանակում է, որ մարդու չար գործերն առաջացնում են Աստծու ցասումը, մինչդեռ Աստծու ողորմությունն ու համբերատարությունը շնորհվում են նրանց, ովքեր ականջ են դնում Աստծու խոսքերին և ճշմարտապես ապաշխարում են Նրա առջև, նրանց, ովքեր կարող են հեռանալ իրենց չար ճանապարհներից և թողնել իրենց ձեռքերում ունեցած անօրենությունը։ Աստծու վերաբերմունքը շատ հստակ բացահայտվեց նինվեացիների նկատմամբ Նրա վերաբերմունքի մեջ։ Աստծու ողորմությունն ու համբերատարությունը դժվար չէ ստանալ, և այն, ինչ Նա պահանջում է, մարդու ճշմարիտ ապաշխարությունն է։ Քանի դեռ մարդիկ հեռանում են իրենց չար ճանապարհներից և թողնում են իրենց անօրենությունը, Աստված կփոխի Իր սիրտը և Իր վերաբերմունքը նրանց նկատմամբ։
Արարչի արդար բնույթը կենսունակ է և կենդանի
Երբ Աստված փոխեց Իր սիրտը Նինվեի մարդկանց նկատմամբ, արդյոք Նրա ողորմությունն ու համբերատարությունը կե՞ղծ էին։ Իհարկե, ո՛չ։ Ուստի ի՞նչ է ցույց տրվել Աստծու բնույթի այս երկու տեսանկյունների միջև անցումով այս մեկ իրավիճակում։ Աստծու բնույթը լիակատար ամբողջություն է. այն ամենևին էլ բաժանված չէ։ Անկախ նրանից՝ Նա մարդու նկատմամբ բարկություն է ցուցաբերում, թե ողորմություն և համբերատարություն, դրանք բոլորը Նրա արդար բնույթի արտահայտումներն են։ Աստծու բնույթը կենսունակ է և կենդանի, և Նա փոխում է Իր մտքերն ու վերաբերմունքն ըստ այն բանի, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Նինվեացիների նկատմամբ Նրա վերաբերմունքի փոխակերպումը մարդկությանն ասում է, որ Նա ունի Իր սեփական մտքերն ու գաղափարները, որ Նա ռոբոտ կամ կավե արձանիկ չէ, այլ կենդանի Աստված Ինքը։ Նա կարող էր բարկանալ Նինվեի մարդկանց վրա, և Նա կարող էր նաև ներել նրանց անցյալը նրանց վերաբերմունքի պատճառով. Նա կարող էր որոշել աղետ բերել նինվեացիների վրա, և Նա կարող էր նաև փոխել Իր որոշումը նրանց ապաշխարության պատճառով։ Մարդը սիրում է կոշտ կերպով կանոններ կիրառել և կանոններ օգտագործել՝ Աստծուն սահմանափակելու և սահմանելու համար, և նա նաև սիրում է բանաձևեր օգտագործել՝ փորձելով ճանաչել Աստծու բնույթը։ Հետևաբար, որքանով որ վերաբերում է մարդու մտքի տիրույթին, Աստված չի մտածում, ոչ էլ որևէ էական գաղափար ունի։ Բայց իրականում Աստծու մտքերը մշտական փոխակերպման վիճակում են՝ ըստ իրերի և միջավայրերի փոփոխությունների։ Մինչ Նրա մտքերը փոխակերպվում են, Աստծու էությունից տարբեր տեսանկյուններ են բացահայտվում։ Փոխակերպման այս գործընթացում ճիշտ այն պահին, երբ Աստված փոխում է Իր սիրտը, այն, ինչ Նա ցույց է տալիս մարդկությանը, Իր կյանքի իրական գոյությունն է, և որ Իր արդար բնույթը կենսունակ է և կենդանի։ Միևնույն ժամանակ Աստված օգտագործում է Իր իսկ ճշմարիտ բացահայտումները՝ մարդկությանն ապացուցելու Իր ցասման, Իր ողորմության և սիրառատ բարության և Իր համբերատարություն գոյության իրականությունը։ Նրա էությունն Նրանից կբացահայտվի ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ համաձայն այն բանի, թե ինչպես են իրադարձությունները զարգանում։ Նա ունի առյուծի ցասում և մոր ողորմություն ու համբերատարություն։ Նրա արդար բնույթը որևէ մարդու կողմից որևէ հարցադրում, խախտում, փոփոխություն կամ խեղաթյուրում չի հանդուրժում։ Բոլոր իրադարձությունների և բաների մեջ Աստծու արդար բնույթը, այսինքն՝ Աստծու ցասումը և Աստծու ողորմությունը, կարող են Նրանից բացահայտվել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Նա կենդանի արտահայտում է տալիս Իր արդար բնույթին ողջ արարչագործության յուրաքանչյուր անկյունում, և Նա կենսունակությամբ իրագործում է Իր արդար բնույթը յուրաքանչյուր անցնող ակնթարթում։ Աստծու արդար բնույթը սահմանափակված չէ ժամանակով կամ տարածությամբ. այլ կերպ ասած՝ Աստծու արդար բնույթը մեխանիկորեն չի արտահայտվում կամ բացահայտվում Նրանից՝ ըստ ժամանակի կամ տարածության սահմանափակումների, այլ ավելի շուտ կատարյալ հեշտությամբ և ցանկացած ժամանակ ու վայրում։ Երբ տեսնում ես, որ Աստված փոխում է Իր սիրտը, դադարում է Իր ցասումն արտահայտելուց և զերծ է մնում Նինվե քաղաքը ոչնչացնելուց, կարո՞ղ ես ասել, որ Աստված միայն ողորմած է և սիրող։ Կարո՞ղ ես ասել, որ Աստծու ցասումը բաղկացած է դատարկ խոսքերից։ Երբ Աստված արձակում է Իր ցասումը և հետ է վերցնում Իր ողորմությունը, կարո՞ղ ես ասել, որ Նա ճշմարիտ սեր չունի մարդկության հանդեպ։ Աստված Իր ցասումն արձակում է ի պատասխան մարդու չար գործերի. Նրա ցասումն արատավոր չէ։ Աստծու սիրտը ներգործվում է ի պատասխան մարդու ապաշխարության, և դրա պատճառով Նա փոխում է Իր սիրտը։ Աստծու հուզվելը, Աստծու սրտի փոփոխությունը և Աստծու կողմից Իր ողորմությունն ու համբերատարությունը մարդու նկատմամբ ցուցաբերելը բոլորը լիովին անարատ են. դրանք մաքուր են, անխառն, անարատ և զերծ խառնուրդներից։ Աստծու համբերատարությունը պարզապես համբերատարություն է, իսկ Նրա ողորմությունը պարզապես ողորմություն է։ Նրա բնույթը բացահայտում է ցասում և արտահայտում է ողորմություն ու համբերատարություն՝ համաձայն մարդու ապաշխարության և նրա տարբեր դրսևորումների։ Անկախ նրանից՝ ինչ է Նա բացահայտում և արտահայտում, այն ամբողջովին մաքուր է և ուղիղ. այն տարբերվում է ցանկացած արարածի էությունից։ Գործողության այն սկզբունքների մեջ, որոնք Աստված արտահայտում է, Նրա մտքերն ու գաղափարները, ինչպես նաև յուրաքանչյուր որոշում, որ Նա կայացնում է, և յուրաքանչյուր գործողություն, որ Նա ձեռնարկում է, բացարձակապես չունեն արատներ կամ թերություններ։ Քանի որ Աստված այսպես է որոշել, և քանի որ Նա այսպես է գործել, դա այն է, ինչ Նա իրագործում է, և այս արդյունքը ճիշտ է և անսխալ, քանի որ դրա աղբյուրն անարատ է և անթերի։ Աստծու ցասումն անարատ է։ Նմանապես, Աստծու ողորմությունն ու համբերատարությունը չունեն արարածները, դրանք սուրբ են և անարատ, և դիմանում են զննմանն ու անմիջական փորձառությանը։
Իմանալով Նինվեի պատմության մասին՝ արդյոք այժմ տեսնո՞ւմ եք Աստծու արդար բնույթի էության մյուս կողմը։ Տեսնո՞ւմ եք Աստծու եզակի արդար բնույթի մյուս կողմը։ Մարդկության մեջ որևէ մեկն ունի՞ այսպիսի բնույթ։ Որևէ մեկն ունի՞ այսպիսի ցասում՝ Աստծու ցասումը։ Որևէ մեկն ունի՞ ողորմություն և համբերատարություն, ինչպիսին ունի Աստված։ Արարածների մեջ ո՞վ կարող է արձակել նման ցասում և որոշել ոչնչացնել կամ աղետ բերել մարդկության վրա։ Եվ ո՞վ է որակավորված ողորմություն և համբերատարություն շնորհելու մարդկությանը, ներելու մարդկությանը և դրանով իսկ փոխելու մարդկությանը ոչնչացնելու իր որոշումը։ Արարիչն արտահայտում է Իր արդար բնույթն Իր իսկ եզակի մեթոդների և սկզբունքների միջոցով, և Նա ենթակա չէ որևէ մարդու, իրադարձության կամ բանի կողմից պարտադրված վերահսկողության կամ սահմանափակումների։ Նրա եզակի բնույթի մեջ ոչ ոք ի վիճակի չէ փոխելու Նրա մտքերն ու գաղափարները, ոչ էլ որևէ մեկն ի վիճակի է համոզելու Նրան և փոխելու Նրա որոշումներից որևէ մեկը։ Արարածների բոլոր վարքագծերն ու մտքերը Նրա արդար բնույթի դատավճռի ներքո գոյություն ունեն։ Ոչ ոք չի կարող վերահսկել՝ արդյոք Նա ցասում է արձակում, թե ողորմություն է շնորհում. միայն Արարչի էությունը, կամ այլ կերպ ասած՝ Արարչի արդար բնույթը կարող է որոշել սա։ Այսպիսին է Արարչի արդար բնույթի եզակի բնույթը։
Մեկնաբանելով Նինվեի մարդկանց նկատմամբ Աստծու վերաբերմունքի փոխակերպումը՝ ի վիճակի՞ եք արդյոք օգտագործելու «եզակի» բառը՝ նկարագրելու այն ողորմությունը, որն առկա է Աստծու արդար բնույթի մեջ։ Մենք նախկինում ասացինք, որ Աստծու ցասումը Նրա եզակի արդար բնույթի էության մի տեսանկյունն է։ Այժմ որպես Նրա արդար բնույթ ես կսահմանեմ երկու տեսանկյուն՝ Աստծու ցասումը և Աստծու ողորմությունը։ Աստծու արդար բնույթը սուրբ է. այն չի հանդուրժում վիրավորանք, ոչ էլ հանդուրժում է հարցականի տակ դրվել որևէ մեկի կողմից. այն մի բան է, որը արարածներից կամ չարարված էակներից և ոչ մեկը չունի։ Այն Աստծու համար և՛ եզակի է, և՛ բացառիկ։ Սա նշանակում է, որ Աստծու ցասումը սուրբ է և վիրավորանք չի հանդուրժում։ Նույն կերպ Աստծու արդար բնույթի մյուս տեսանկյունը՝ Աստծու ողորմությունը, նույնպես սուրբ է և վիրավորանք չի հանդուրժում։ Արարածներից կամ չարարված էակներից ոչ մեկը չի կարող փոխարինել կամ ներկայացնել Աստծուն այն անելիս, ինչ Նա մտադիր է անել, ոչ էլ նրանցից որևէ մեկը Նրան Սոդոմի ոչնչացման կամ Նինվեի փրկության ժամանակ կարող էր փոխարինել կամ ներկայացնել։ Սա Աստծու եզակի արդար բնույթի ճշմարիտ արտահայտումն է։
Արարչի ճշմարիտ զգացմունքը մարդկության հանդեպ
Մարդիկ հաճախ ասում են, որ Աստծուն ճանաչելը հեշտ բան չէ։ Սակայն Ես ասում եմ, որ Աստծուն ճանաչելը դժվար հարց չէ։ Սա այն պատճառով է, որ Աստված հաճախ ցուցադրում է Իր գործերը, որպեսզի մարդը տեսնի, Նա երբեք չի դադարեցրել Իր երկխոսությունը մարդկության հետ, Նա երբեք չի թաքնվել մարդկությունից, ոչ էլ թաքցրել է Իրեն, և Նրա մտքերը, Նրա գաղափարները, Նրա խոսքերը և Նրա գործերը բոլորը բաց են մարդկության համար։ Հետևաբար, քանի դեռ մարդկությունը ցանկանում է ճանաչել Աստծուն, կարող է հասկանալ և ճանաչել Նրան ամեն տեսակ միջոցներով և մեթոդներով։ Պատճառը, թե ինչու է մարդկությունը համառորեն կարծում, թե Աստված միտումնավոր խուսափել է իրենցից, թե Աստված միտումնավոր թաքցրել է Իրեն իրենցից, թե Աստված մտադրություն չունի թույլ տալու մարդուն հասկանալ և ճանաչել Իրեն, այն է, որ մարդկությունը չգիտի, թե ով է Աստված, և չի ցանկանում հասկանալ Աստծուն։ Ավելին՝ մարդկությունը չի մտահոգվում նրանով, թե ինչ է մտածում Արարիչը, կամ ինչ է ասել և արել Արարիչը… Ճիշտն ասած՝ եթե մարդը սոսկ օգտագործի իր ազատ ժամանակը՝ նկատելու և հասկանալու Արարչի խոսքերը կամ գործերը, և եթե նա փոքր-ինչ ուշադրություն դարձնի Արարչի մտքերին և Նրա սրտի ձայնին, մարդու համար դժվար չի լինի գիտակցել, որ Արարչի մտքերը, խոսքերը և գործերը բոլորը բաց են և թափանցիկ։ Նմանապես, քիչ ջանք կպահանջվի գիտակցելու համար, որ Արարիչը մշտապես մարդկության մեջ է, որ Նա միշտ զրուցում է բոլոր բաների և մարդկության հետ, և որ Նա ամեն օր նոր գործեր է կատարում։ Նրա էությունն ու բնույթն արտահայտվում են մարդկության հետ Նրա երկխոսության մեջ, իսկ Նրա մտքերն ու գաղափարներն ամբողջությամբ բացահայտվում են Նրա գործերում։ Նա մշտապես ուղեկցում և հետևում է մարդկությանը։ Նա օգտագործում է Իր լուռ խոսքերը՝ հանդարտորեն բոլոր բաներին և մարդկությանն ասելու. «Ես երկնքում եմ, և Ես բոլոր բաների մեջ եմ։ Ես հետևում եմ քեզ, Ես սպասում եմ, Ես քո կողքին եմ…»։ Նրա ձեռքերը ջերմ են ու ուժեղ, Նրա ոտնահետքերը թեթև են, Նրա ձայնը մեղմ է ու նրբագեղ, Նրա կերպարանքը շարժվում է առաջ ու ետ և անվերջ պտտվում՝ պարուրելով ողջ մարդկությանը, Նրա դեմքը գեղեցիկ է ու նուրբ։ Նա երբեք չի հեռացել, երբեք չի անհետացել։ Գիշեր ու ցերեկ Նա մարդկության մշտական ուղեկիցն է՝ երբեք չհեռանալով նրանց կողքից։ Մարդկության հանդեպ Նրա նվիրված հոգատարությունն ու առանձնահատուկ զգացմունքը, ինչպես նաև մարդկության հանդեպ Նրա ճշմարիտ մտահոգությունն ու սերը քիչ-քիչ ցուցադրվեցին, երբ Նա փրկեց Նինվե քաղաքը։ Մասնավորապես՝ Արարչի գորովանքն այն մարդկության հանդեպ, որն Ինքն էր ստեղծել, լիովին բացահայտվեց Եհովա Աստծու և Հովնանի միջև մի քանի նախադասությունների փոխանակումից։ Այդ խոսքերի միջոցով կարող ես խորապես գնահատել Աստծու ճշմարիտ զգացմունքը մարդկության հանդեպ…
Հետևյալ հատվածն արձանագրված է Հովնանի գրքի 4։10-11-ում. «Ապա Եհովան ասաց. «Դու փայփայեցիր այն բույսը, որի համար չես տքնել և որը չես աճեցրել, որը մեկ գիշերվա մեջ դուրս եկավ ու մեկ գիշերվա մեջ կորավ։ Իսկ Ես չպե՞տք է փայփայեմ Նինվեն՝ այդ մեծ քաղաքը, որտեղ հարյուր քսան հազարից ավելի մարդիկ կան, որոնք իրենց աջ ձեռքը չեն կարողանում տարբերել ձախից, ինչպես նաև բազում անասուններ»»։ Սրանք Եհովա Աստծու իրական խոսքերն են՝ Աստծու և Հովնանի միջև զրույցից։ Թեև այս փոխանակումը հակիրճ է, այն լի է մարդկությունից հրաժարվելու Արարչի դժկամությամբ և մարդկության հանդեպ Նրա հոգատարությամբ։ Այս խոսքերն արտահայտում են այն ճշմարիտ վերաբերմունքն ու զգացմունքը, որոնք Աստված տածում է Իր սրտում Իր արարածների հանդեպ։ Դրանք նաև պարզ լեզվով արտահայտում են Աստծու ճշմարիտ մտադրությունները մարդկության նկատմամբ. մի բան, որը մարդկությունը հազվադեպ է հնարավորություն ունենում լսելու։ Այս փոխանակումը ներկայացնում է մի վերաբերմունք, որն Աստված ուներ Նինվեի մարդկանց նկատմամբ. բայց ի՞նչ վերաբերմունք է դա։ Դա այն վերաբերմունքն է, որը Նա ուներ Նինվեի մարդկանց նկատմամբ նրանց ապաշխարությունից առաջ և հետո։ Այս վերաբերմունքը նաև այն է, որով Նա վերաբերվում է մարդկությանը։ Այս խոսքերի մեջ են Նրա մտքերը և Նրա բնույթը։
Աստծու ի՞նչ մտքեր են բացահայտվում այս խոսքերում։ Եթե ուշադիր կարդաս դրանք, դժվար չի լինի նկատել, որ այստեղ Աստված օգտագործել է «փայփայել» բառը։ Նա օգտագործեց այս բառը՝ ցույց տալու Իր ճշմարիտ վերաբերմունքը մարդկության նկատմամբ։
Բառացի իմաստով մարդիկ «փայփայել» բառը տարբեր կերպ են մեկնաբանում։ Նախ՝ այն նշանակում է «սիրել և պաշտպանել, քնքշություն զգալ ինչ-որ բանի հանդեպ», երկրորդ՝ նշանակում է «խորապես սիրել» և, ավելին, «չցանկանալ ինչ-որ բան վնասել և ի վիճակի չլինել դա տանելու»։ Կարճ ասած՝ այս բառն արտահայտում է քնքուշ զգացմունք և քնքուշ սեր, ինչպես նաև ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից հրաժարվելու դժկամություն, ինչը ցույց է տալիս Աստծու ողորմածությունն ու համբերատարությունը մարդու հանդեպ։ Թեև Աստված օգտագործեց այս բառը, որը սովորաբար մարդիկ են խոսում, երբ Նա ասաց այն, Նրա սրտի ձայնը և Նրա վերաբերմունքը մարդկության հանդեպ լիովին բացահայտվեցին։
Թեև Նինվե քաղաքը լցրած մարդիկ նույնքան ապականված, չարակամ և բռնարար էին, որքան Սոդոմի մարդիկ, նրանց ապաշխարությունն Աստծուն ստիպեց փոխել Իր սիրտը և որոշել չկործանել նրանց։ Քանի որ Աստծու խոսքերի և հրահանգների նկատմամբ նրանց վերաբերմունքը ցույց տվեց մի դիրքորոշում, որը բացարձակապես հակադրվում էր Սոդոմի քաղաքացիների դիրքորոշմանը, և առ Աստված նրանց անկեղծ հնազանդության և անկեղծ ապաշխարության, ինչպես նաև բոլոր առումներով նրանց ճշմարիտ և անկեղծ վարքի պատճառով, Աստծու փայփայանքը նրանց հանդեպ կրկին բխեց Նրա սրտից, և Նա այն նրանց շնորհեց։ Ոչ ոք չի կարող մարդկությանը բաներ շնորհել և նրանց փայփայել այնպես, ինչպես Աստված, և ոչ մի մարդ չունի Աստծու ողորմածությունը, Նրա համբերատարությունը կամ Նրա ճշմարիտ զգացմունքը մարդկության հանդեպ։ Արդյոք կա՞ որևէ մեկը, ում դու համարում ես մեծ մարդ կամ գերմարդ, որը կարող էր բարձրունքից, մեծ մարդու տեսանկյունից կամ ամենաբարձր կետից այսպիսի հայտարարություն անել մարդկությանը կամ արարածներին։ Մարդկության մեջ ո՞վ կարող է իր հինգ մատի պես իմանալ մարդկային գոյության վիճակը։ Ո՞վ ունի հոգսի և պատասխանատվության զգացում մարդկության գոյության համար։ Ո՞վ է որակավորված հայտարարելու քաղաքի ոչնչացումը։ Եվ ո՞վ է որակավորված ներելու քաղաքին։ Ո՞վ կարող է ասել, որ խղճում է իր իսկ արարչագործությանը։ Միայն Արարիչը։ Միայն Արարիչն է քնքուշ սեր տածում այս մարդկության հանդեպ։ Միայն Արարիչն է քնքուշ զգացմունք ցուցաբերում այս մարդկության հանդեպ։ Միայն Արարիչն ունի ճշմարիտ զգացմունք այս մարդկության հանդեպ, որը դժվար է խզել։ Նաև միայն Արարիչը կարող է Իր ողորմությունը շնորհել այս մարդկությանը, և միայն Նա է փայփայում Իր բոլոր ստեղծված էակներին։ Մարդկության յուրաքանչյուր գործողություն հուզում է Նրա սիրտը։ Նա բարկանում, անհանգստանում և տխրում է մարդկության չարասիրությունից ու ապականությունից, Նա գոհունակություն և ուրախություն է զգում, փոխում է Իր սիրտը և ցնծում է մարդկության ապաշխարությունից և նրանց հավատքից ու հնազանդությունից։ Նրա յուրաքանչյուր միտք ու գաղափար գոյություն ունի հանուն մարդկության և պտտվում է նրա շուրջ։ Այն, ինչ Նա ունի և է, արտահայտվում է ամբողջովին հանուն մարդկության։ Նրա ողջ զգացմունքները միահյուսված են մարդկության գոյության հետ։ Հանուն մարդկության՝ Նա ճամփորդում և շտապում է այսուայնկողմ, Նա լուռ տալիս է Իր կյանքի յուրաքանչյուր մասնիկը, Նա նվիրում է Իր կյանքի յուրաքանչյուր րոպեն և յուրաքանչյուր վայրկյանը… Նա երբեք չի իմացել՝ ինչպես արժևորել Իր սեփական կյանքը, սակայն միշտ խղճացել է այն մարդկությանը, որն Ինքն է ստեղծել… Նա Իր ամեն ինչը տալիս է այս մարդկությանը… Նա շնորհում է Իր ողորմությունն ու համբերատարությունն անվերապահորեն և առանց որևէ բան պահանջելու դրա դիմաց։ Նա անում է սա միայն նրա համար, որ մարդկությունը կարողանա շարունակել ողջ մնալ Իր աչքերի առջև և կյանքի Իր ապահովման ներքո։ Նա անում է սա միայն նրա համար, որպեսզի մարդկությունը մի օր անձնատուր լինի Իր առջև և ընդունի, որ Ինքն է է մարդկության գոյությունը սնուցողը և ողջ արարչագործությանը կյանքով ապահովողը։
Արարչի ճշմարիտ զգացմունքների արտահայտումը մարդկության հանդեպ
Եհովա Աստծու և Հովնանի միջև այս զրույցն, անկասկած, մարդկության հանդեպ Արարչի ճշմարիտ զգացմունքների արտահայտումն է։ Մի կողմից՝ այն տեղեկացնում է մարդկանց Իր գերիշխանության տակ գտնվող ողջ արարչագործության վերաբերյալ Արարչի հասկացողության մասին։ Ինչպես Եհովա Աստված ասաց. «Իսկ Ես չպե՞տք է փայփայեմ Նինվեն՝ այդ մեծ քաղաքը, որտեղ հարյուր քսան հազարից ավելի մարդիկ կան, որոնք իրենց աջ ձեռքը չեն կարողանում տարբերել ձախից, ինչպես նաև բազում անասուններ»։ Այլ կերպ ասած՝ Աստված ոչ միայն ընդհանուր հասկացողություն ուներ Նինվեի մասին։ Նա ոչ միայն գիտեր քաղաքի ներսում գտնվող կենդանի էակների (ներառյալ մարդկանց և անասունների) քանակը, այլև գիտեր, թե քանիսը չէին կարողանում տարբերել իրենց աջ և ձախ ձեռքերը, այլ կերպ ասած՝ քանի երեխա կամ անչափահաս կար այնտեղ։ Սա մարդկության վերաբերյալ Աստծու համապարփակ հասկացողության հստակ ապացույցն է։ Մյուս կողմից՝ այս զրույցը մարդկանց տեղեկացնում է մարդկության նկատմամբ Արարչի վերաբերմունքի մասին, այսինքն՝ Արարչի սրտում մարդկության ունեցած կշռի մասին։ Դա ճիշտ այնպես է, ինչպես Եհովա Աստված ասաց. «Դու փայփայեցիր այն բույսը, որի համար չես տքնել և որը չես աճեցրել, որը մեկ գիշերվա մեջ դուրս եկավ ու մեկ գիշերվա մեջ կորավ։ Իսկ Ես չպե՞տք է փայփայեմ Նինվեն՝ այդ մեծ քաղաքը…»։ Սրանք Հովնանին ուղղված Եհովա Աստծու հանդիմանության խոսքերն են, բայց դրանք բոլորը ճշմարիտ են։
Թեև Հովնանին հանձնարարված էր հռչակել Եհովա Աստծու խոսքերը Նինվեի մարդկանց, նա չհասկացավ Եհովա Աստծու մտադրությունը, ոչ էլ հասկացավ քաղաքի մարդկանց համար Նրա հոգատարությունն ու ակնկալիքները։ Այս հանդիմանությամբ Աստված ուզում էր ասել նրան, որ մարդկությունը ստեղծվել է Աստծու իսկ ձեռքերով, որ Նա ծախսել է Իր սրտի արյունը յուրաքանչյուր մարդու վրա, որ Նա Իր ակնկալիքներն է դրել յուրաքանչյուր մարդու վրա, որ յուրաքանչյուր մարդ վայելում էր կյանքի Աստծու ապահովումը, և որ յուրաքանչյուր մարդու համար Աստծու սրտի արյունով է վճարվել։ Այս նկատողությունը Հովնանին նաև ասաց, որ Աստված խղճում էր մարդկությանը, որը ստեղծվել էր Իր իսկ ձեռքերով, ճիշտ ինչպես Հովնանն ինքն էր փայփայել բույսը, և որ մինչև վերջին հնարավոր պահը Աստված ոչ մի դեպքում թեթևամտորեն չէր լքի մարդկությանը, հատկապես քանի որ քաղաքի ներսում այդքան շատ երեխաներ և անմեղ անասուններ կային։ Երբ Աստված գործ ուներ այս արարված մարդկանց հետ, որոնք նույնիսկ աջ ձեռքը չէին կարողանում տարբերել իրենց ձախ ձեռքից և դեռևս անգիտության տարիքում էին, Նրա համար էլ ավելի անհնար էր այդքան անփութորեն վերջ տալ նրանց կյանքին և որոշել նրանց ելքերը։ Աստված հուսով էր տեսնել նրանց մեծանալը։ Նա հուսով էր, որ նրանք չեն քայլի նույն ճանապարհներով, ինչ իրենց նախնիները, որ նրանք նորից չեն լսի Եհովա Աստծու նախազգուշացումը, և որ նրանք կվկայեն Նինվեի անցյալի մասին։ Ավելին՝ Աստված հուսով էր տեսնել ապաշխարած Նինվեն, տեսնել ապաշխարած Նինվեի ապագան, և ավելի կարևոր է՝ տեսնել Նինվեն, որը ևս մեկ անգամ ապրում էր Աստծու ողորմության ներքո։ Հետևաբար՝ Աստծու աչքերում այն արարված մարդիկ, որոնք չէին կարողանում տարբերել իրենց աջ և ձախ ձեռքերը, Նինվեի ապագան էին։ Նրանք իրենց ուսերին կկրեին Նինվեի զզվելի անցյալը, ճիշտ ինչպես իրենց ուսերին կկրեին Եհովա Աստծու առաջնորդության ներքո Նինվեի և՛ անցյալի, և՛ ապագայի մասին վկայելու կարևոր պարտավորությունը։ Իր ճշմարիտ զգացմունքների այս արտահայտման մեջ Եհովա Աստված Արարչի ողորմությունը ներկայացրեց մարդկության հանդեպ իր ամբողջության մեջ։ Այն ցույց տվեց մարդկությանը, որ «Արարչի ողորմությունը» դատարկ արտահայտություն չէ, ոչ էլ սին խոստում է։ Այն ունի հստակ սկզբունքներ, մեթոդներ և նպատակներ, և, ավելին, ճշմարիտ է և իրական՝ առանց որևէ կեղծիքի կամ քողարկման։ Այսպիսով՝ Նրա ողորմությունն անվերջ շնորհվում է մարդկությանը յուրաքանչյուր ժամանակում և դարաշրջանում։ Սակայն, մինչև օրս Արարչի զրույցը Հովնանի հետ Նրա միակ, բացառիկ խոսքով արտահայտված հայտարարությունն է այն մասին, թե ինչու է Նա ողորմություն ցուցաբերում մարդկության հանդեպ, ինչպես է Նա ողորմություն ցուցաբերում մարդկության հանդեպ, որքան համբերատարություն է Նա ցուցաբերում մարդկության հանդեպ, և մարդկության հանդեպ Իր ճշմարիտ զգացմունքի մասին։ Այս զրույցի ընթացքում Եհովա Աստծու հակիրճ խոսքերն արտահայտում են Նրա լիակատար մտքերը մարդկության մասին։ Դրանք Իր սրտում մարդկության նկատմամբ Նրա վերաբերմունքի ճշմարիտ արտահայտումն են և նաև մարդկության վրա առատ ողորմություն շնորհելու Նրա հստակ ապացույցն են։ Նրա ողորմությունը ոչ միայն շնորհվում է մարդկության վաղ սերունդներին, այլև տրվում է մարդկության հետագա սերունդներին, ճիշտ ինչպես միշտ եղել է՝ սերնդեսերունդ։ Թեև Աստծու ցասումը հաճախ իջնում է մարդկության որոշակի անկյունների և որոշակի դարաշրջանների վրա, Աստծու ողորմությունը երբեք չի դադարել։ Իր ողորմությամբ Նա առաջնորդում և ուղղորդում է արարված մարդկային էակների սերունդներին մեկը մյուսի հետևից, և ապահովում ու սնուցում է արարված մարդկային էակների սերունդներին մեկը մյուսի հետևից, որովհետև մարդկության հանդեպ Նրա ճշմարիտ գորովանքը երբեք չի փոխվի։ Ճիշտ ինչպես Եհովա Աստված ասաց. «Իսկ Ես չպե՞տք է փայփայեմ…»։ Նա միշտ փայփայել է բոլոր բաները, որոնք ստեղծել է Իր իսկ ձեռքերով։ Սա Արարչի արդար բնույթի ողորմությունն է և նաև Արարչի բացարձակ եզակիությունն է։
Հինգ տեսակի մարդիկ
Առայժմ ես այստեղ կթողնեմ Աստծու արդար բնույթի մասին մեր հաղորդակցությունը։ Անցնելով առաջ՝ Աստծու հետևորդներին կդասակարգեմ մի քանի կարգերի՝ ըստ Աստծու մասին նրանց ճանաչողության և Նրա արդար բնույթի մասին նրանց ճանաչողության ու փորձառության, որպեսզի կարողանաք իմանալ, թե որ փուլում եք գտնվում ներկայումս, ինչպես նաև ձեր ընթացիկ հասակը։ Ինչ վերաբերում է Աստծու մասին մարդկանց ճանաչողությանը և Նրա արդար բնույթի մասին անմիջական հասկացողությանը, տարբեր փուլերը, որոնք մարդիկ զբաղեցնում են, և նրանց հասակները տարբեր փուլերում կարող են ընդհանուր առմամբ բաժանվել հինգ տեսակների։ Այս թեման հիմնված է եզակի Աստծուն և Նրա արդար բնույթը ճանաչելու վրա։ Հետևաբար, երբ կարդաք հետևյալ բովանդակությունը, պետք է ուշադիր խորհեք, թե հստակորեն որքան անմիջական հասկացողություն և հստակորեն որքան ճանաչողություն ունեք Աստծու եզակիության և Նրա արդար բնույթի վերաբերյալ, և ապա պետք է օգտագործեք արդյունքը՝ դատելու համար, թե ճշմարտապես որ փուլին եք պատկանում, ճշմարտապես որքան մեծ է ձեր հասակը, և ճշմարտապես որ տեսակի մարդն եք դուք։
Առաջին տեսակ. բարուրի մեջ փաթաթված մանկան փուլը
Ի՞նչ է նշանակում «բարուրի մեջ փաթաթված մանուկ»։ Բարուրի մեջ փաթաթված մանուկն այն մանուկն է, որը նոր է լույս աշխարհ եկել՝ նորածինը։ Դա այն ժամանակն է, երբ մարդիկ իրենց ամենաանհասուն վիճակում են։
Այս փուլում գտնվող մարդիկ էապես չունեն որևէ գիտակցություն կամ ըմբռնում Աստծուն հավատալու հետ կապված որևէ բանի վերաբերյալ։ Նրանք տգետ են և շփոթված ամեն ինչի վերաբերյալ։ Այս մարդիկ գուցե երկար ժամանակ են հավատացել Աստծուն, կամ գուցե ամենևին էլ ոչ շատ երկար ժամանակ, բայց նրանց տգետ և շփոթված վիճակը և նրանց ճշմարիտ հասակը նրանց դնում են բարուրի մեջ փաթաթված մանկան փուլում։ Բարուրի մեջ փաթաթված մանկան փուլում գտնվող մարդու վիճակի ճշգրիտ սահմանումն այսպիսին է. անկախ նրանից՝ որքան ժամանակ է այս տեսակի մարդը հավատացել Աստծուն, նա միշտ բթամիտ է, մշուշոտ, աննպատակ և շշմած. նա չգիտի, թե ինչու է հավատում Աստծուն, ոչ էլ գիտի, թե Աստված ով է, կամ ով է Աստված։ Թեև նա հետևում է Աստծուն, նրա սրտում չկա Աստծու ճշգրիտ սահմանում, և նա չի կարող որոշել՝ արդյոք Նա, ում ինքը հետևում է, Աստված է, էլ չասած՝ արդյոք ինքը ճշմարտապես պետք է հավատա Աստծուն և հետևի Նրան։ Սա այս տեսակի մարդու ճշմարիտ վիճակն է։ Այս տեսակի մարդու մտքերը մթագնած են, և մի խոսքով, նրա հավատքը խառնաշփոթ է։ Նա միշտ գոյություն ունի տգիտության և դատարկության վիճակում։ Նրա վիճակը կարելի է ամփոփել որպես բթամիտ, մշուշոտ, աննպատակ և շշմած։ Նա երբեք չի տեսել կամ զգացել Աստծու գոյությունը, և հետևաբար նրա հետ Աստծուն ճանաչելու մասին խոսելը նույնն է, ինչ նրան մղելը հիերոգլիֆներով գրված գիրք կարդալու. նա չի կարող ո՛չ հասկանալ, ո՛չ էլ ընդունել այն։ Նրա համար Աստծուն ճանաչելը նույնն է, ինչ լեգենդար պատմություն պատմելը։ Թեև նրա մտքերը մթագնած են, իրականում նա հաստատապես հավատում է, որ Աստծուն ճանաչելը մտավոր ջանքերի վատնում է, ապարդյուն և անպտուղ ճիգ։ Սա առաջին տեսակի մարդն է՝ բարուրի մեջ փաթաթված մանուկը։
Երկրորդ տեսակ. կաթնակեր մանկան փուլը
Համեմատած բարուրի մեջ փաթաթված մանկան հետ՝ այս տեսակի մարդը որոշակի առաջընթաց է գրանցել։ Ցավոք, նա դեռևս բացարձակապես չունի Աստծու մասին ճանաչողություն։ Նա դեռևս չունի Աստծու մասին հստակ ճանաչողություն և Աստծու վերաբերյալ պատկերացում և այնքան էլ հստակ չգիտե, թե ինչու պետք է հավատա Աստծուն, սակայն իր սրտում ունի իր հաստատուն որոշումները և փոքրիկ հաշվարկները։ Նա չի մտահոգվում այն բանով, թե արդյոք ճիշտ է Աստծուն հավատալը։ Այն նպատակն ու դիտավորությունը, որին նա ձգտում է Աստծուն հավատալու միջոցով, Նրա շնորհը վայելելն է, ուրախություն և խաղաղություն ունենալը, հարմարավետ կյանքով ապրելը, Աստծու հոգատարությունն ու պաշտպանությունը վայելելը և Աստծու օրհնությունների ներքո ապրելը։ Նա չի մտահոգվում այն աստիճանով, որով ճանաչում է Աստծուն. նա ցանկություն չունի ձգտելու Աստծու ճանաչողությանը, ոչ էլ մտահոգվում է նրանով, թե ինչ է անում Աստված, կամ ինչ է Նա ցանկանում անել։ Միայն համառորեն ձգտում է վայելելու Նրա շնորհը և Նրա օրհնություններից ավելին ստանալու. նա ձգտում է հարյուրապատիկ շահել այս կյանքում և հավիտենական կյանք շահել գալիք աշխարհում։ Այն, ինչ նա մտածում է, այն, ինչ նա ծախսում և ներդնում է իրենից, ինչպես նաև նրա տառապանքը, բոլորն ունեն նույն նպատակը՝ ստանալ Աստծու շնորհն ու օրհնությունները։ Նա ոչ մի այլ բանի համար հոգս չի կրում։ Այս տեսակի մարդը վստահ է միայն, որ Աստված կարող է ապահով պահել մարդկանց և նրանց Իր շնորհը շնորհել։ Երբ խոսքը վերաբերում է նրան, թե ինչու է Աստված ցանկանում փրկել մարդուն, և այն արդյունքներին, որոնք Աստված ցանկանում է ստանալ Իր խոսքերով և գործով, կարելի է ասել, որ նա հետաքրքրված չէ կամ շատ հստակ չգիտի այս ամենի մասին։ Նա երբեք որևէ ջանք չի գործադրել՝ ճանաչելու Աստծու էությունը և արդար բնույթը, ոչ էլ կարող է հետաքրքրություն ցուցաբերել դա անելու համար։ Նա հակված չէ ուշադրություն դարձնելու այս բաներին, ոչ էլ ցանկանում է տեղյակ լինել դրանց մասին։ Նա չի ցանկանում հարցնել Աստծու գործի, մարդուց Աստծու պահանջների, Աստծու մտադրությունների կամ Աստծու հետ կապված որևէ այլ բանի մասին, և նա նաև հակված չէ հարցնելու այդ բաների մասին։ Սա այն պատճառով է, որ նա հավատում է, որ այս հարցերը կապ չունեն Աստծու շնորհն իր վայելելու հետ։ Նա մտահոգված է միայն մի աստծով, որը կապված է իր սեփական շահերի հետ, և որը կարող է շնորհ պարգևել մարդուն։ Նա բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունի որևէ այլ բանի նկատմամբ։ Հետևաբար չի կարող մտնել ճշմարտության իրականության մեջ՝ անկախ նրանից, թե քանի տարի է հավատացել Աստծուն։ Առանց որևէ մեկի, որը հաճախ կջրի կամ կսնուցի նրան, նրա համար դժվար է շարունակել Աստծուն հավատալու ուղիով։ Եթե նա չի կարողանում վայելել իր նախկին ուրախությունն ու խաղաղությունը կամ Աստծու շնորհը, ապա միանգամայն հակված է հեռանալուն։ Սա երկրորդ տեսակի մարդն է՝ այն մարդը, որը գոյություն ունի կաթնակեր մանկան փուլում։
Երրորդ տեսակ. կրծքից կտրվող մանկան փուլը, կամ մանկահասակ երեխայի փուլը
Մարդկանց այս խումբը որոշակի հստակ գիտակցություն ունի։ Նրանք գիտակցում են, որ Աստծու շնորհը վայելելը չի նշանակում, որ իրենք ճշմարիտ փորձառություն ունեն, և նրանք գիտակցում են, որ եթե միշտ անխոնջ կերպով ուրախության ու խաղաղության են ձգտում և շնորհի են ձգտում, կամ եթե ի վիճակի են վկայելու՝ կիսելով Աստծու շնորհը վայելելու իրենց փորձառությունները կամ փառաբանելով Աստծուն այն օրհնությունների համար, որոնք Նա շնորհել է իրենց, սա չի նշանակում, որ նրանք ունեն կյանք, ոչ էլ նշանակում է, որ ճշմարտության իրականությունն ունեն։ Իրենց մտքում նրանք սկսում են դադարել վայրի հույսեր փայփայելուց, թե իրենց միայն Աստծու շնորհը կուղեկցի. ավելի շուտ, մինչ վայելում են Աստծու շնորհը, նրանք միաժամանակ ցանկանում են ինչ-որ բան անել Աստծու համար։ Նրանք պատրաստ են կատարելու իրենց պարտավորությունը, դիմանալու մի փոքր դժվարության և հոգնածության, և որոշակի չափով համագործակցելու Աստծու հետ։ Սակայն, քանի որ Աստծուն հավատալու նրանց ձգտումը չափազանց խառնուրդով է, քանի որ նրանց տածած անհատական մտադրություններն ու ցանկությունները չափազանց ուժեղ են, քանի որ նրանց բնավորությունը չափազանց ամբարտավան է, նրանց համար շատ դժվար է բավարարել Աստծու մտադրությունները կամ հավատարիմ լինել Աստծուն։ Հետևաբար նրանք հաճախ չեն կարողանում իրականացնել իրենց անհատական ցանկությունները կամ հարգել Աստծուն տված իրենց խոստումները։ Նրանք հաճախ հայտնվում են հակասական վիճակներում. նրանք շատ են ցանկանում հնարավորինս մեծ չափով գոհացնել Աստծուն, սակայն իրենց ողջ ուժն օգտագործում են Նրան ընդդիմանալու համար. նրանք հաճախ ուխտեր են անում Աստծու հետ, բայց հետո արագորեն դրժում են իրենց երդումները։ Էլ ավելի հաճախ նրանք հայտնվում են այլ հակասական վիճակներում. նրանք անկեղծորեն հավատում են Աստծուն, սակայն միշտ ուրանում են Նրան և այն ամենը, ինչ գալիս է Նրանից. նրանք անհամբերությամբ ակնկալում են, որ Աստված լուսավորություն կբերի իրենց, կուղղորդի իրենց, կապահովի իրենց և կօգնի իրենց, սակայն դեռևս իրենց սեփական ելքն են փնտրում։ Նրանք ցանկանում են հասկանալ և ճանաչել Աստծուն, սակայն պատրաստ չեն մոտենալու Նրան։ Փոխարենը միշտ խուսափում են Աստծուց, և նրանց սիրտը փակ է Նրա համար։ Թեև նրանք մակերեսային ճանաչողություն և փորձառություն ունեն Աստծու խոսքերի տառացի իմաստի և ճշմարտության վերաբերյալ և մակերեսային պատկերացում ունեն Աստծու և ճշմարտության մասին, ենթագիտակցաբար նրանք դեռ չեն կարողանում հաստատել կամ որոշել՝ արդյոք Աստված ճշմարտությունն է, ոչ էլ հաստատել՝ արդյոք Աստված ճշմարտապես արդարադատ է։ Նրանք նաև չեն կարող որոշել Աստծու բնույթի և էության իրականությունը, էլ չասած՝ Նրա ճշմարիտ գոյությունը։ Աստծու հանդեպ նրանց հավատքը միշտ կասկածներ և թյուրըմբռնումներ է պարունակում և նաև երևակայություններ և պատկերացումներ է պարունակում։ Մինչ նրանք վայելում են Աստծու շնորհը, նաև դժկամությամբ փորձառաբար ապրում կամ կիրառում են մի քանի ճշմարտություններ, որոնք իրագործելի են համարում, որպեսզի հարստացնեն իրենց հավատքը, ավելացնեն իրենց փորձառությունն Աստծուն հավատալու մեջ, հաստատեն Աստծուն հավատալու իրենց հասկացողությունը և բավարարեն իրենց սնափառությունը՝ քայլելով կյանքի այն ուղիով, որն իրենք են հաստատել, և իրագործելով մարդկության արդարադատ գործը։ Միևնույն ժամանակ նրանք նաև անում են այս բաները, որպեսզի բավարարեն օրհնություններ ստանալու իրենց սեփական ցանկությունը, խաղադրույք կատարեն այն բանի վրա, որ կկարողանան ստանալ մարդկությանը տրված ավելի մեծ օրհնությունները, և իրագործեն իրենց փառասիրական ձգտումն ու ողջ կյանքի ցանկությունը՝ չհանգստանալ, մինչև որ ձեռք չբերեն Աստծուն։ Այս մարդիկ հազվադեպ են ի վիճակի ստանալու Աստծու լուսավորությունը, քանզի օրհնություններ ստանալու նրանց ցանկությունը և նրանց մտադրությունը չափազանց կարևոր են իրենց համար։ Նրանք ցանկություն չունեն բաց թողնելու այս բաները և չէին կարողանա տանել դա անելը։ Նրանք վախենում են, որ առանց օրհնություններ ստանալու ցանկության, առանց երկար փայփայած փառասիրական ձգտման՝ չհանգստանալ, մինչև որ ձեռք չբերեն Աստծուն, կկորցնեն Աստծուն հավատալու շարժառիթը։ Հետևաբար նրանք չեն ցանկանում առերեսվել իրականությանը։ Նրանք չեն ցանկանում առերեսվել Աստծու խոսքերին կամ Աստծու գործին։ Նրանք չեն ցանկանում առերեսվել Աստծու բնույթին կամ էությանը, էլ չասած՝ Աստծուն ճանաչելու թեման հիշատակելու մասին։ Սա այն պատճառով է, որ հենց որ Աստված, Նրա էությունը և Նրա արդար բնույթը փոխարինեն նրանց երևակայություններին, նրանց երազանքներն ի դերև կելնեն, և նրանց այսպես կոչված մաքուր հավատքն ու այն «արժանիքները», որոնք կուտակել են տարիների քրտնաջան աշխատանքի միջոցով, կանհետանան և ի չիք կդառնան։ Նմանապես, նրանց «տարածքը», որը տարիների ընթացքում իրենց քրտինքով ու արյունով են նվաճել, կկանգնի փլուզման վտանգի առաջ։ Այս ամենը կնշանակի, որ նրանց քրտնաջան աշխատանքը և այն, ինչ նրանք ներդրել են երկար տարիների ընթացքում, ապարդյուն են եղել և որ պետք է ամեն ինչ նորից սկսեն ոչնչից։ Սա նրանց համար ամենադժվար ցավն է իրենց սրտերում տանելու համար և այն արդյունքն է, որը նրանք ամենաքիչն են ցանկանում տեսնել, ահա թե ինչու նրանք միշտ փակված են այսպիսի փակուղու մեջ՝ հրաժարվելով հետ դառնալ։ Սա երրորդ տեսակի մարդն է՝ այն մարդը, որը գոյություն ունի կրծքից կտրվող մանկան փուլում։
Վերը նկարագրված երեք տեսակի մարդիկ, այսինքն՝ այն մարդիկ, որոնք գոյություն ունեն այս երեք փուլերում, չունեն որևէ ճշմարիտ հավատք Աստծու ինքնության և կարգավիճակի կամ Նրա արդար բնույթի նկատմամբ, և նրանք նաև չունեն որևէ հստակ, ճշգրիտ ճանաչում կամ հաստատում այս բաների վերաբերյալ։ Հետևաբար այս երեք տեսակի մարդկանց համար շատ դժվար է մտնել ճշմարտության իրականության մեջ, և նրանց համար նաև դժվար է ստանալ Աստծու ողորմությունը, լուսավորությունը կամ լուսավորումը, որովհետև այն եղանակը, որով նրանք հավատում են Աստծուն, և Աստծու նկատմամբ նրանց սխալ վերաբերմունքն անհնար են դարձնում Նրա համար նրանց սրտերում գործ կատարելը։ Աստծու վերաբերյալ նրանց կասկածները, թյուրըմբռնումները և երևակայությունները գերազանցում են Աստծու հանդեպ նրանց հավատքին ու ճանաչողությանը։ Սրանք երեք տեսակի մարդիկ են, որոնք մեծ վտանգի տակ են, և երեք շատ վտանգավոր փուլեր են։ Երբ մարդը կասկածի վերաբերմունք է պահպանում Աստծու, Աստծու էության, Աստծու ինքնության, այն հարցի նկատմամբ, թե արդյոք Աստված ճշմարտությունն է, և Նրա գոյության իրականության նկատմամբ, և երբ մարդը չի կարող վստահ լինել այս բաներում, ինչպե՞ս կարող է ընդունել այն ամենը, ինչ Աստծուց է գալիս։ Ինչպե՞ս կարող է նա ընդունել այն փաստը, որ Աստված ճշմարտությունն է, ճանապարհը և կյանքը։ Ինչպե՞ս կարող է ընդունել Աստծու պատիժն ու դատաստանը։ Ինչպե՞ս կարող է ընդունել Աստծու փրկությունը։ Ինչպե՞ս կարող է այս տեսակի մարդը ստանալ Աստծու ճշմարիտ ուղղորդումն ու ապահովումը։ Նրանք, ովքեր այս երեք փուլերում են, կարող են ցանկացած ժամանակ հակադրվել Աստծուն, և նրանք կարող են ցանկացած ժամանակ դատել Աստծուն, հայհոյել Աստծուն կամ դավաճանել Աստծուն։ Նրանք կարող են ցանկացած ժամանակ թողնել ճշմարիտ ճանապարհը և երես թեքել Աստծուց։ Կարելի է ասել, որ այս երեք փուլերում գտնվող մարդիկ գոյություն ունեն վտանգավոր ժամանակաշրջանում, քանզի նրանք չեն մտել Աստծուն հավատալու ճիշտ ուղու մեջ։
Չորրորդ տեսակ. երեխայի աճի փուլը, կամ մանկության փուլը
Այն բանից հետո, երբ մարդը կտրվում է կրծքից, այսինքն՝ այն բանից հետո, երբ նա առատ շնորհ է վայելում, սկսում է ուսումնասիրել Աստծուն հավատալու նշանակությունը, նա սկսում է ցանկանալ տարբեր հարցեր հասկանալ, ինչպես օրինակ՝ ինչու է մարդն ապրում, ինչպես պետք է մարդն ապրի, և ինչու է Աստված Իր գործը կատարում մարդու վրա։ Այս շփոթությունն ու տարակուսանքը զարգացնելուց հետո նա շարունակաբար ջրում է ստանում և նաև ի վիճակի է կատարելու իր պարտավորությունը՝ միաժամանակ իր հետ կրելով այս շփոթությունն ու տարակուսանքը։ Այս ժամանակահատվածում նա այլևս որևէ կասկած չունի Աստծու գոյության իրականության վերաբերյալ և Աստծուն հավատալու նշանակության ճշգրիտ ընկալում ունի։ Այս հիմքի վրա նա Աստծու աստիճանական ճանաչողություն է ձեռք բերում և ն աստիճանաբար որոշ պատասխաններ է ստանում Աստծու բնույթի և էության վերաբերյալ իր շփոթության և տարակուսանքի մի մասի համար։ Ինչ վերաբերում է իրենց բնավորության փոփոխություններին, ինչպես նաև Աստծու մասին իրենց ճանաչողությանը, այս փուլում գտնվող մարդիկ սկսում են բռնել ճիշտ ուղին և անցումային շրջան են մտնում։ Հենց այս փուլում է մարդը սկսում կյանք ունենալ։ Կյանք ունենալու կոնկրետ դրսևորումներն Աստծուն ճանաչելու հետ կապված տարբեր հարցերի աստիճանական լուծումն են, որոնք մարդիկ ունեն իրենց սրտերում, ինչպես օրինակ՝ թյուրըմբռնումները, երևակայությունները, պատկերացումները և Աստծու երևակայական սահմանումները, և որ նրանք ոչ միայն սկսում են իսկապես հավատալ և ընդունել Աստծու գոյության իրականությունը, այլև սկսում են իրենց սրտերում ունենալ Աստծու ճշգրիտ սահմանումը և Նրա ճշգրիտ դիրքավորումը, և Աստծուն ճշմարտապես հետևելը փոխարինում է նրանց երևակայական հավատքին։ Այս փուլի ընթացքում մարդիկ աստիճանաբար սկսում են ճանաչել Աստծու վերաբերյալ իրենց թյուրըմբռնումները և իրենց սխալ ձգտումներն ու հավատքի ուղիները։ Նրանք սկսում են ծարավ լինել ճշմարտությանը, ծարավ լինել Աստծու դատաստանը, խրատումը և կարգավարժանքը փորձառաբար ապրելուն և ծարավ լինել իրենց բնավորության փոփոխությանը։ Այս փուլի ընթացքում նրանք աստիճանաբար բաց են թողնում Աստծու վերաբերյալ ամեն տեսակ պատկերացումներն ու երևակայությունները, և միևնույն ժամանակ փոխում և ուղղում են Աստծու մասին իրենց սխալ ճանաչողությունը և Աստծու մասին որոշակի մաքուր և հիմնարար ճանաչողություն են ձեռք բերում։ Թեև այս փուլում մարդկանց ունեցած ճանաչողության մի մասը շատ կոնկրետ կամ ճշգրիտ չէ, նրանք առնվազն աստիճանաբար սկսում են բաց թողնել իրենց պատկերացումները, սխալ ճանաչողությունը և Աստծու վերաբերյալ թյուրըմբռնումները. նրանք այլևս չեն պահպանում Աստծու վերաբերյալ իրենց սեփական պատկերացումներն ու երևակայությունները։ Սկսում են սովորել՝ ինչպես թողնել, թողնել իրենց սեփական պատկերացումների մեջ գտնվող բաները, գիտելիքից եկող բաները և Սատանայից եկող բաները. նրանք սկսում են պատրաստ լինել ենթարկվելու ճիշտ և դրական բաներին, նույնիսկ այն բաներին, որոնք գալիս են Աստծու խոսքերից և որոնք համահունչ են ճշմարտությանը։ Նաև սկսում են փորձել փորձառաբար ապրել Աստծու խոսքերը, անձամբ ճանաչել և իրագործել Նրա խոսքերը, և Նրա խոսքերը որպես իրենց գործողությունների սկզբունքներ և որպես իրենց բնավորությունը փոխելու հիմք ընդունել։ Այս ժամանակահատվածում մարդիկ անգիտակցաբար ընդունում են Աստծու դատաստանն ու պատիժը և անգիտակցաբար ընդունում են Աստծու խոսքերը որպես իրենց կյանք։ Մինչ նրանք ընդունում են Աստծու դատաստանը, պատիժը և խոսքերը, նրանք ավելի ու ավելի են գիտակցում և ի վիճակի են զգալու, որ այն Աստված, ում նրանք հավատում են իրենց սրտերում, ճշմարտապես գոյություն ունի։ Աստծու խոսքերում, իրենց փորձառություններում և իրենց կյանքում նրանք էլ ավելի են զգում, որ Աստված միշտ գերիշխանություն է ունեցել մարդու ճակատագրի նկատմամբ և միշտ առաջնորդել ու ապահովել է մարդուն։ Աստծու հետ իրենց շփման միջոցով նրանք աստիճանաբար հաստատում են Աստծու գոյությունը։ Հետևաբար՝ նախքան նրանք կգիտակցեն դա, նրանք արդեն ենթագիտակցաբար հավանություն են տվել և սկսել են հաստատապես հավատալ Աստծու գործին, և նրանք հավանություն են տվել Աստծու խոսքերին։ Հենց որ մարդիկ հավանություն են տալիս Աստծու խոսքերին և գործին, նրանք անդադար ուրանում են իրենց, ուրանում են իրենց սեփական պատկերացումները, ուրանում են իրենց սեփական ճանաչողությունը, ուրանում են իրենց սեփական երևակայությունները, և միևնույն ժամանակ նաև անդադար փնտրում են, թե որն է ճշմարտությունը, և որոնք են Աստծու մտադրությունները։ Աստծու մասին մարդկանց ճանաչողությունը բավականին մակերեսային է աճի այս ժամանակահատվածում. նրանք նույնիսկ ի վիճակի չեն բառերով հստակորեն արտահայտելու այս ճանաչողությունը, ոչ էլ կարող են այն կոնկրետ արտահայտել, և նրանք միայն զգացմունքի վրա հիմնված հասկացողություն ունեն. սակայննախորդ երեք փուլերի հետ համեմատելիս, քանի որ նրանք ստացել են ջրում և Աստծու խոսքերի ապահովումը, մարդկանց անհասուն կյանքերն արդեն սկսել են ծլել այս ժամանակահատվածում։ Նրանց կյանքերը նման են հողի մեջ թաղված սերմի. խոնավություն և սննդանյութեր ստանալուց հետո այն ճեղքում է հողը, և նրա ծլելը ներկայացնում է նոր կյանքի ծնունդը։ Այս ծնունդը թույլ է տալիս տեսնել կյանքի նշանները։ Երբ մարդիկ կյանք ունեն, նրանք աճում են։ Հետևաբար, այս հիմքերի վրա, աստիճանաբար բռնելով Աստծուն հավատալու ճիշտ ուղին, բաց թողնելով իրենց սեփական պատկերացումները և ստանալով Աստծու առաջնորդությունը, մարդկանց կյանքերն անխուսափելիորեն քիչ-քիչ կաճեն։ Ի՞նչ հիմքի վրա է չափվում այս աճը։ Այն չափվում է ըստ Աստծու խոսքերի հետ մարդու փորձառության և Աստծու արդար բնույթի նրա ճշմարիտ փորձառական հասկացողության։ Թեև նրանց համար շատ դժվար է օգտագործել իրենց սեփական բառերը՝ ճշգրտորեն նկարագրելու Աստծու և Նրա էության մասին իրենց ճանաչողությունն աճի այս ժամանակահատվածում, ինչ վերաբերում է նրանց սուբյեկտիվ ցանկություններին, մարդկանց այս խումբն այլևս պատրաստ չէ ձգտելու Աստծու շնորհի վայելքն ընդունելու որպես իրենց հաճույք, կամ ձգտելու Աստծու շնորհը ստանալն ընդունելու որպես իրենց նպատակ Աստծուն հավատալու մեջ, այլ պատրաստ է ձգտել ապրելու Աստծու խոսքով և դառնալու Աստծու փրկության առարկաները։ Ավելին՝ նրանք վստահ են և պատրաստ են ընդունելու Աստծու դատաստանն ու պատիժը։ Սա աճի փուլում գտնվող մարդու նշանն է։
Թեև այս փուլում գտնվող մարդիկ որոշակի ճանաչողություն ունեն Աստծու արդար բնույթի մասին, այն շատ մշուշոտ է և ոչ կոնկրետ։ Թեև նրանք չեն կարող հստակորեն արտահայտել այս ճանաչողությունը, զգում են, որ արդեն ինչ-որ բան են ձեռք բերել ներքուստ, քանզի նրանք ստացել են որոշակի չափով ճանաչողություն և անմիջական հասկացողություն Աստծու արդար բնույթի վերաբերյալ Աստծու պատժի և դատաստանի միջոցով։ Պարզապես այդ ամենը բավականին մակերեսային է և դեռևս տարրական փուլում է։ Մարդկանց այս խումբն ունի կոնկրետ տեսակետ, որով նրանք վերաբերվում են Աստծու շնորհին, ինչն արտահայտվում է այն նպատակների փոփոխություններով, որոնց նրանք ձգտում են, և նրանց ձգտման մեթոդներով։ Նրանք արդեն տեսել են Աստծու խոսքերում և գործում, մարդուց Նրա բոլոր տեսակի պահանջներում և մարդու Նրա մերկացումներում, որ եթե նրանք դեռևս չեն ձգտում ճշմարտությանը, եթե նրանք դեռևս չեն փնտրում մտնել իրականության մեջ, եթե նրանք դեռևս չեն փնտրում գոհացնել և ճանաչել Աստծուն, մինչ փորձառաբար ապրում են Նրա խոսքերը, ապա կկորցնեն Աստծուն հավատալու իմաստը։ Նրանք տեսնում են, որ անկախ նրանից, թե որքան են վայելում Աստծու շնորհը, չեն կարող փոխել իրենց բնավորությունը, գոհացնել Աստծուն կամ ճանաչել Աստծուն, և որ եթե մարդը շարունակաբար ապրում է Աստծու շնորհի ներքո, ապա նա երբեք աճի չի հասնի, ձեռք կյանք չի բերի և ի վիճակի չի լինի հասնելու փրկության։ Մի խոսքով, եթե մարդն ի վիճակի չէ Աստծու խոսքերի վերաբերյալ ճշմարիտ փորձառություններ ունենալու և ի վիճակի չէ ճանաչելու Աստծուն Նրա խոսքերի միջոցով, ապա հավերժ կմնա մանկան փուլում և երբեք ոչ մի քայլ առաջ չի անի իր կյանքի աճի մեջ։ Եթե դու հավերժ գոյություն ունենաս մանկան փուլում, եթե երբեք ի վիճակի չլինես մտնելու Աստծու խոսքի իրականության մեջ, եթե երբեք ի վիճակի չլինես Աստծու խոսքը որպես քո կյանք ունենալու և եթե երբեք ի վիճակի չլինես ճշմարիտ հավատք և Աստծու ճանաչողություն ունենալու, ապա արդյոք կա՞ որևէ հույս, որ կատարյալ կդարձվես Աստծու կողմից։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր մտնում են Աստծու խոսքի իրականության մեջ, բոլոր նրանք, ովքեր ընդունում են Աստծու խոսքը որպես իրենց կյանք, բոլոր նրանք, ովքեր սկսում են ընդունել Աստծու պատիժն ու դատաստանը, բոլոր նրանք, ում ապականված խառնվածքները սկսում են փոխվել, ովքեր ունեն սրտեր, որոնք ծարավ են ճշմարտությանը, և ովքեր ունեն Աստծուն ճանաչելու ցանկություն և Աստծու փրկությունն ընդունելու ցանկություն, միայն այս մարդիկ են ճշմարտապես կյանք ունեցողները։ Միայն նրանք են ճշմարտապես չորրորդ տեսակի մարդը, այսինքն՝ այն տեսակը, որը գտնվում է երեխայի աճի փուլում, մանկության փուլում։
Հինգերորդ տեսակ. կյանքի հասունացման փուլը, կամ չափահասության փուլը
Մանկության՝ տոտիկ անելու փուլը՝ կրկնություններով լի աճի փուլը փորձառաբար ապրելուց հետո մարդկանց կյանքերը կայունանում են, նրանց առաջընթաց քայլերն այլևս կանգ չեն առնում, և ոչ ոք ի վիճակի չէ խոչընդոտելու նրանց։ Թեև առջևում ընկած ճանապարհը դեռևս խորդուբորդ է և դժվարին, նրանք այլևս թույլ կամ վախեցած չեն, և այլևս խարխափելով առաջ չեն գնում կամ չեն կորցնում իրենց կողմնորոշումը։ Նրանց հիմքերն արմատավորված են Աստծու խոսքի իրական փորձառության խորքում, և նրանց սրտերը գրավվել են Աստծու վեհությամբ և մեծությամբ։ Նրանք տենչում են հետևել Աստծու ոտնահետքերին, ճանաչել Աստծու էությունը և ամեն ինչ իմանալ Աստծու մասին։
Այս փուլում գտնվող մարդիկ արդեն հստակ գիտեն, թե ում են հավատում, և հստակ գիտեն, թե ինչու պետք է հավատան Աստծուն և իրենց իսկ ապրելու իմաստը, և հստակ գիտեն, որ այն ամենը, ինչ Աստված արտահայտում է, ճշմարտությունն է։ Իրենց բազմամյա փորձառության մեջ նրանք գիտակցում են, որ առանց Աստծու դատաստանի և պատժի՝ մարդը երբեք ի վիճակի չի լինի գոհացնելու կամ ճանաչելու Աստծուն և երբեք ի վիճակի չի լինի ճշմարտապես գալու Աստծու առջև։ Այս մարդկանց սրտերում ուժեղ ցանկություն կա, որ Աստծու փորձություններն իջնեն իրենց վրա, որպեսզի նրանք կարողանան տեսնել Աստծու արդար բնույթն Աստծու փորձությունների մեջ, որպեսզի կարողանան հասնել ավելի մաքուր սիրո և միևնույն ժամանակ ի վիճակի լինեն ավելի ճշմարտապես հասկանալու և ճանաչելու Աստծուն։ Այս փուլում գտնվող մարդիկ արդեն ամբողջովին հրաժեշտ են տվել մանկան փուլին և Աստծու շնորհը վայելելու ու հացով կշտանալու փուլին։ Այլևս չափազանցված հույսեր չեն դնում այն բանի վրա, որ Աստված ողորմություն և համբերատարություն կցուցաբերի իրենց նկատմամբ. ավելի շուտ, վստահ են ընդունելու և հուսալու Աստծու անդադար պատժին ու դատաստանին, որպեսզի ազատվեն իրենց ապականված խառնվածքներից և գոհացնեն Աստծուն։ Աստծու մասին նրանց ճանաչողությունը և նրանց ձգտումները, կամ նրանց ձգտումների վերջնական նպատակները բոլորը շատ հստակ են նրանց սրտերում։ Հետևաբար չափահասության փուլում գտնվող մարդիկ արդեն լիովին հրաժեշտ են տվել երևակայական հավատքի փուլին, այն փուլին, որում ապավինում են շնորհին փրկության համար, անհասուն կյանքի փուլին, որը չի կարող դիմանալ փորձություններին, մշուշոտության փուլին, խարխափելով առաջ գնալու փուլին, հաճախ քայլելու ուղի չունենալու փուլին, տաք ու սառը լինելու անկայուն ժամանակաշրջանին և այն փուլին, որտեղ փակ աչքերով հետևում են Աստծուն։ Այս տեսակի մարդիկ հաճախ ստանում են Աստծու լուսավորությունն ու լուսավորումը և հաճախ ներգրավվում են Աստծու հետ ճշմարիտ շփման և հաղորդակցության մեջ։ Կարելի է ասել, որ այս փուլում ապրող մարդիկ արդեն ընկալել են Աստծու մտադրությունների մի մասը, որ ի վիճակի են գտնելու ճշմարտության սկզբունքներն այն ամենում, ինչ անում են, և որ գիտեն ինչպես բավարարել Աստծու մտադրությունները։ Ավելին՝ նաև գտել են Աստծուն ճանաչելու ուղին և սկսել են վկայել Աստծու մասին իրենց ճանաչողության համար։ Աստիճանական աճի գործընթացում նրանք աստիճանաբար անմիջական հասկացողություն և ճանաչողություն են ձեռք բերում Աստծու մտադրությունների, մարդկությանը ստեղծելու Նրա մտադրության և մարդկությանը տնօրինելու Նրա մտադրության վերաբերյալ։ Նաև աստիճանաբար էական անմիջական հասկացողություն և ճանաչողություն են ձեռք բերում Աստծու արդար բնույթի վերաբերյալ։ Ոչ մի մարդկային պատկերացում կամ երևակայություն չի կարող փոխարինել այս ճանաչողությանը։ Թեև հինգերորդ փուլում գտնվող մարդու կյանքը չի կարելի ասել, որ լիովին հասուն է, և նա չի կարող կոչվել արդար մարդ կամ կատարյալ մարդ, այս տեսակի մարդն այնուամենայնիվ արդեն քայլ է արել դեպի կյանքի հասունության փուլը և արդեն ի վիճակի է գալու Աստծու առջև և դեմ առ դեմ կանգնելու Աստծու խոսքի և Աստծու հետ։ Քանի որ այս տեսակի մարդն այդքան շատ է փորձառաբար ապրել Աստծու խոսքը, փորձառաբար ապրել անթիվ փորձություններ և փորձառաբար ապրել Աստծուց եկող կարգավարժանքի և դատաստանի ու պատժի անթիվ դեպքեր, նրա ենթարկումն Աստծուն հարաբերական չէ, այլ բացարձակ է։ Աստծու մասին նրա ճանաչողությունը ենթագիտակցականից վերածվել է հստակ և ճշգրիտ ճանաչողության, մակերեսայինից՝ խորի, մշուշոտից և աղոտից՝ մանրակրկիտի և կոնկրետի։ Դժվարությամբ խարխափելով առաջ գնալուց և պասիվ կերպով փնտրելուց նա անցել է հեշտությամբ ճանաչելուն և ակտիվորեն վկայելուն։ Կարելի է ասել, որ այս փուլում գտնվող մարդիկ ունեն Աստծու խոսքի ճշմարտության իրականությունը, որ ոտք են դրել կատարյալ դարձվելու նույն ուղու վրա, ինչ Պետրոսը։ Սա հինգերորդ տեսակի մարդն է, այն տեսակի մարդը, որն ապրում է կյանքի հասունացման փուլում, կամ չափահասության փուլում։
14 դեկտեմբերի, 2013 թ.