Աստված Ինքը՝ եզակին IV
Աստծու սրբությունը (I)
Նախորդ հավաքույթի ժամանակ որոշ լրացուցիչ հաղորդակցություն ունեցանք Աստծու իշխանության մասին։ Առայժմ չենք քննարկի Աստծու արդարության թեման։ Այն, ինչի մասին կխոսենք այսօր, միանգամայն նոր թեմա է՝ Աստծու սրբությունը։ Աստծու սրբությունն Աստծու եզակի էության ևս մեկ կողմ է, ուստի անհրաժեշտ է, որ հաղորդակցվենք այս թեմայի շուրջ։ Ես նախկինում հաղորդակցվել եմ Աստծու էության երկու այլ կողմերի՝ Աստծու արդար բնույթի և Աստծու իշխանության մասին։ Արդյոք այս կողմերը և այն կողմը, որի մասին հաղորդակցվելու եմ այսօր, բոլորը եզակի՞ են։ (Այո՛։) Աստծու սրբությունը նույնպես եզակի է, ուստի մեր այսօրվա հաղորդակցության թեման կլինի այն, թե ինչն է կազմում այս եզակիության հիմքն ու արմատը։ Այսօր հաղորդակցվելու ենք Աստծու եզակի էության՝ Աստծու սրբության մասին։ Գուցե ձեզանից ոմանք հարցեր ունեն և հարցնում են. «Ինչո՞ւ պետք է հաղորդակցվենք Աստծու սրբության մասին»։ Մի՛ անհանգստացեք, քայլ առ քայլ կբացատրեմ ձեզ։ Երբ լսեք այն, ինչ պետք է ասեմ, կիմանաք, թե ինչու է անհրաժեշտ, որ Ե ս հաղորդակցվեմ այս թեմայի շուրջ։
Նախ՝ եկեք սահմանենք «սուրբ» բառը։ Ձեր մտքերի ու պատկերացումների և ձեր ձեռք բերած ողջ գիտելիքի շրջանակում ի՞նչ է «սուրբ» հասկացության սահմանումը ձեր ընկալմամբ։ («Սուրբ» նշանակում է անբիծ, լիովին զերծ մարդկային ապականությունից կամ արատներից։ Լինի դա մտքում, խոսքում, վարքագծում, թե գործում, սրբությունից միայն դրական բաներ են դրսևորվում։) Շա՛տ լավ։ («Սուրբ»-ն աստվածային է, առանց աղտեղության և մարդու կողմից վիրավորանք չի հանդուրժում։ Այն եզակի է, Աստծուն բնորոշ խորհրդանիշն է։) Սա ձեր սահմանումն է։ Յուրաքանչյուր մարդու սրտում «սուրբ» բառն ունի շրջանակ, սահմանում և մեկնաբանություն։ Համենայն դեպս, երբ տեսնում եք «սուրբ» բառը, ձեր միտքը դատարկ չէ։ Դուք սահմանման որոշակի շրջանակ ունեք այս բառի համար, և ոմանց ասածները որոշ չափով մոտ են Աստծու բնույթի էությունը սահմանող արտահայտություններին։ Սա շատ լավ է։ Մարդկանց մեծամասնությունը հավատում է, որ «սուրբ» բառը դրական է, և սա հաստատ է։ Բայց այսօր, երբ հաղորդակցվում ենք Աստծու սրբության մասին, Ես չեմ խոսելու լոկ սահմանումների կամ բացատրությունների մասին։ Փոխարենը որպես ապացույց՝ փաստեր կներկայացնեմ, որպեսզի քեզ ցույց տամ, թե ինչու եմ ասում, որ Աստված սուրբ է, և ինչու եմ օգտագործում «սուրբ» բառը՝ Աստծու էությունը նկարագրելու համար։ Մեր հաղորդակցության ավարտին դու կզգաս, որ «սուրբ» բառն Աստծու էությունը սահմանելու և Աստծու մասին խոսելու համար օգտագործելը լիովին արդարացված է և առավելագույնս տեղին։ Համենայն դեպս, ներկայիս մարդկային լեզվի համատեքստում այս բառն Աստծուն վերագրելը հատկապես դիպուկ է. այն մարդկային լեզվում Աստծուն բնութագրելու համար միակ ամենահամապատասխան բառն է։ Երբ այս բառն օգտագործվում է Աստծու մասին խոսելու համար, այն դատարկ բառ չէ, ոչ էլ անհիմն գովասանքի կամ դատարկ շողոքորթության եզրույթ է։ Մեր հաղորդակցության նպատակն է թույլ տալ յուրաքանչյուր մարդու ճանաչել Աստծու էության այս կողմի ճշմարտացիությունը։ Աստված չի վախենում, որ մարդը կհասկանա, այլ վախենում է, որ սխալ կհասկանա։ Աստված ցանկանում է, որ յուրաքանչյուր մարդ ճանաչի Իր էությունը և այն, ինչ Նա ունի և է։ Ուստի ամեն անգամ, երբ նշում ենք Աստծու էության որևէ կողմ, կարող ենք վկայակոչել բազմաթիվ փաստեր, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Աստծու էության այս կողմն իսկապես գոյություն ունի։
Հիմա, երբ ունենք «սուրբ» բառի սահմանումը, եկեք քննարկենք մի քանի օրինակ։ Մարդիկ իրենց պատկերացումներում շատ բաներ և մարդկանց որպես «սուրբ» են երևակայում։ Օրինակ՝ կույս տղաներն ու աղջիկները մարդկության բառարաններում սահմանվում են որպես սուրբ։ Բայց արդյոք նրանք իրականում սո՞ւրբ են։ Արդյոք այսպես կոչված «սուրբը» և այն «սուրբը», որի մասին այսօր կհաղորդակցվենք, նո՞ւյնն են։ Այն մարդիկ, որոնք ունեն բարձր բարոյական նկարագիր, և որոնց խոսքը նրբին է, կիրթ, երբեք ոչ մեկին չի վիրավորել և մյուսներին թույլ է տալիս հարմարավետ զգալ ու հավանություն տալ դրան. արդյոք նրանք սո՞ւրբ են։ Նրանք, ովքեր հաճախ բարիք են գործում, բարեգործ են և մեծ օգնություն են ցուցաբերում ուրիշներին, և ովքեր մեծ բավականություն են բերում մարդկանց կյանք, արդյոք նրանք սո՞ւրբ են։ Նրանք, ովքեր շահադիտական մտքեր չունեն, ովքեր ոչ մեկին խիստ պահանջներ չեն ներկայացնում, ովքեր շատ ներողամիտ են բոլորի նկատմամբ, արդյոք նրանք սո՞ւրբ են։ Նրանք, ովքեր երբեք չեն վիճել կամ չեն օգտվել ոչ մեկի իրավիճակից, արդյոք նրանք սո՞ւրբ են։ Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր աշխատում են հանուն ուրիշների բարօրության, ովքեր օգուտ են տալիս ուրիշներին և ամեն կերպ կրթում են ուրիշներին․ արդյոք նրանք սո՞ւրբ են։ Նրանք, ովքեր իրենց ողջ կյանքի խնայողությունները տալիս են ուրիշներին, իսկ իրենք հասարակ կյանքով են ապրում, ովքեր խիստ են իրենց հանդեպ, բայց հանդուրժող են ուրիշների հանդեպ, արդյոք նրանք սո՞ւրբ են։ (Ո՛չ։) Ձեր աչքում ձեր մայրերը հոգատարություն են ցուցաբերել ձեր հանդեպ, խնամել են ձեզ և պաշտպանել ձեզ ամեն հնարավոր ձևով. արդյոք նրանք սո՞ւրբ են։ Ձեր սրտերում եղած կուռքերը՝ լինեն դրանք հայտնի մարդիկ, աստղեր, թե մեծանուն գործիչներ. արդյոք նրանք սո՞ւրբ են։ (Ո՛չ։) Եկեք այժմ դիտարկենք Աստվածաշնչի այն մարգարեներին, որոնք կարողանում էին շատ բաներ ասել ապագայի մասին, որ անհայտ էին մյուս մարդկանց. արդյոք այս մարդիկ սո՞ւրբ էին։ Այն մարդիկ, որոնք կարողացան Աստվածաշնչում արձանագրել Աստծու խոսքերը և Նրա գործի փաստերը. արդյոք նրանք սո՞ւրբ էին։ Արդյոք Մովսեսը սո՞ւրբ էր։ Արդյոք Աբրահամը սո՞ւրբ էր։ (Ոչ։) Իսկ ի՞նչ կասեք Հոբի մասին։ Արդյոք նա սո՞ւրբ էր։ (Ո՛չ։) Աստված Հոբին արդար մարդ էր կոչում, ուստի ինչո՞ւ է նույնիսկ նրա մասին ասվում, որ սուրբ չէ։ Մի՞թե այն մարդիկ, որոնք երկյուղում են Աստծուց և խուսափում չարից, իսկապես սուրբ չեն։ Սո՞ւրբ են, թե՞ ոչ։ (Ո՛չ։) Մի փոքր անվստահ եք և համոզված չեք պատասխանի հարցում։ Չեք համարձակվում ասել «ոչ», բայց չեք էլ համարձակվում ասել «այո», ուստի ի վերջո անվճռականորեն ասում եք «ոչ»։ Թո՛ւյլ տվեք ևս մեկ հարց տալ։ Աստծու պատգամաբերները՝ այն պատգամաբերները, որոնց Աստված ուղարկում է երկիր. արդյոք նրանք սո՞ւրբ են։ Արդյոք հրեշտակները սո՞ւրբ են։ (Ո՛չ։) Արդյոք մարդկությունը սո՞ւրբ էր նախքան Սատանայի կողմից ապականվելը։ (Ո՛չ։) Յուրաքանչյուր հարցի շարունակում եք պատասխանել «ոչ»։ Ինչի՞ հիման վրա։ Շփոթված եք, այնպես չէ՞։ Ուստի ինչո՞ւ է նույնիսկ հրեշտակների մասին ասվում, որ սուրբ չեն։ Հիմա անվստահ եք զգում, այնպես չէ՞։ Կարո՞ղ եք գլխի ընկնել, թե ինչի հիման վրա նախկինում մեր նշած մարդիկ, բաները կամ չարարված էակները սուրբ չեն։ Կարծում եմ՝ միանշանակ չեք կարող։ Ուստի մի՞թե ձեր «ոչ» ասելն այդ դեպքում մի փոքր անպատասխանատու չէ։ Մի՞թե դա մի տեսակ կույր ենթադրություն չէ։ Ոմանք մտածում են․ «Քանի որ Դու հարցն այսպես ես ձևակերպել, պատասխանը հաստատ պետք է լինի «ոչ»։ Կույր ենթադրություն մի՛ արեք։ Լա՛վ մտածեք, թե արդյոք պատասխանն «այո» է, թե «ոչ»։ Կիմանաք, թե ինչու է պատասխանը «ոչ», երբ հաղորդակցվենք հետևյալ թեմայի շուրջ։ Քիչ անց կտամ ձեզ պատասխանը։ Նախ՝ եկեք կարդանք Սուրբ Գրքից։
Եհովա Աստծու պատվերը մարդուն
Ծնունդ 2:15-17 Եվ Եհովա Աստված առավ մարդուն ու դրեց Եդեմի պարտեզում, որ մշակի ու պահի այն։ Եվ Եհովա Աստված պատվիրեց մարդուն և ասա. «Ազատորեն կարող ես ուտել պարտեզի բոլոր ծառերից։ Սակայն բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, քանզի այն օրը, երբ ուտես դրանից, անշուշտ, կմեռնես»։
Օձի կողմից կնոջ գայթակղումը
Ծնունդ 3:1-5 Այժմ օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի որևէ այլ գազան, որին Եհովա Աստված ստեղծել էր։ Եվ նա ասաց կնոջը. «Մի՞թե Աստված ասել է, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»։ Կինը պատասխանեց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. “Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան”, որպեսզի չմեռնենք»։ Եվ օձը կնոջն ասաց. «Դուք պարտադիր չէ, որ մեռնեք. քանզի աստված գիտի, որ այն օրը, երբ ճաշակեք դրանից, այդժամ ձեր աչքերը կբացվեն, և դուք աստծու պես կլինեք՝ գիտենալով բարին ու չարը։
Այս երկու հատվածները քաղվածքներ են Աստվածաշնչի Ծննդոց գրքից։ Արդյոք բոլո՞րդ եք ծանոթ այս երկու հատվածներին։ Դրանք պատմում են այն իրադարձությունների մասին, որոնք տեղի ունեցան սկզբում, երբ մարդկությունն արարվեց։ Այս իրադարձություններն իրական էին։ Նախ՝ եկեք տեսնենք, թե ինչպիսի պատվեր տվեց Եհովա Աստված Ադամին և Եվային։ Այս պատվերի բովանդակությունը շատ կարևոր է մեր այսօրվա թեմայի համար։ «Եվ Եհովա Աստված պատվիրեց մարդուն և ասաց։ «Ազատորեն կարող ես ուտել պարտեզի բոլոր ծառերից։ Սակայն բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, քանզի այն օրը, երբ ուտես դրանից, անշուշտ, կմեռնես»»։ Ի՞նչ է ներառում Աստծու պատվերը մարդուն այս հատվածում։ Նախ՝ Աստված ասում է մարդուն, թե նա ինչ կարող է ուտել, այն է՝ բազմաթիվ տեսակների ծառերի պտուղները։ Ոչ մի վտանգ և ոչ մի թույն չկա։ Բոլորը կարող են սնունդ ծառայել մարդու համար, և դրանք կարելի է ազատորեն ուտել՝ առանց որևէ մտավախության։ Սա Աստծու պատվերի մի մասն է։ Մյուս մասը նախազգուշացում է։ Այս նախազգուշացման մեջ Աստված ասում է մարդուն, որ նա չպետք է ուտի բարու և չարի գիտության ծառի պտուղը։ Ի՞նչ կպատահի, եթե նա ուտի այս ծառից։ Աստված ասաց մարդուն․ «Եթե ուտես դրանից, անշուշտ, կմեռնես»։ Մի՞թե այս խոսքերը պարզ չեն։ Եթե Աստված ասեր քեզ սա, բայց դու չհասկանայիր, թե ինչու, արդյոք Նրա խոսքերին կվերաբերվեի՞ր որպես կանոնի կամ հրամանի, որին պետք է ենթարկվել։ Պետք է ենթարկվես դրանց։ Բայց անկախ նրանից՝ մարդն ի վիճակի է ենթարկվելու, թե ոչ, Աստծու խոսքերը միանշանակ են։ Աստված շատ հստակ ասաց մարդուն, թե ինչ կարող է ուտել և ինչ չի կարող ուտել, և թե ինչ կպատահի, եթե նա ուտի այն, ինչ չի կարելի ուտել։ Աստծու ասած այս հակիրճ խոսքերում կարո՞ղ ես արդյոք որևէ բան տեսնել Աստծու բնույթից։ Արդյոք Աստծու այս խոսքերը ճշմարի՞տ են։ Կա՞ արդյոք որևէ խաբեություն։ Կա՞ որևէ կեղծիք։ Կա՞ ահաբեկում։ (Ո՛չ։) Աստված ազնվորեն, ճշմարտացիորեն և անկեղծորեն ասաց մարդուն, թե նա ինչ կարող է ուտել և ինչ չի կարող ուտել։ Աստված խոսեց հստակ և պարզ։ Կա՞ արդյոք որևէ թաքնված իմաստ այս խոսքերում։ Մի՞թե այս խոսքերը հստակ չեն։ Կա՞ ենթադրություններ անելու կարիք։ Գուշակելու կարիք չկա։ Դրանց իմաստն ակնհայտ է առաջին իսկ հայացքից։ Դրանք կարելի է անմիջապես հասկանալ, ինչը մարդկանց դրանց իմաստի վերաբերյալ հստակության ուժեղ զգացում է տալիս։ Այսինքն՝ այն, ինչ Աստված ուզում է ասել, և այն, ինչ Նա ուզում է արտահայտել, բխում է Նրա սրտից։ Այն բաները, որոնք Աստված արտահայտում է, շատ մաքուր են, պարզ և հստակ։ Չկան քողարկված խայթոցներ, ոչ էլ թաքնված իմաստներ։ Նա ուղղակիորեն խոսում է մարդու հետ՝ ասելով նրան, թե ինչ կարող է ուտել և ինչ չի կարող ուտել։ Այսինքն՝ Աստծու այս խոսքերի միջոցով մարդը կարող է տեսնել, որ Աստծու սիրտը թափանցիկ է և ճշմարիտ։ Այստեղ կեղծիքի ոչ մի նշույլ չկա։ Սա այն դեպքը չէ, երբ քեզ ասվում է, որ չես կարող ուտել այն, ինչն ուտելի է, կամ քեզ ասվում է՝ «Ի՛նքդ որոշիր» այն բաների վերաբերյալ, որոնք չես կարող ուտել։ Սա այն չէ, ինչ Աստված նկատի ունի։ Աստված ինչ մտածում է Իր սրտում, դա էլ ասում է։ Եթե Ես ասեմ, որ Աստված սուրբ է, որովհետև Նա այսպես է ցույց տալիս և դրսևորում Իրեն այս խոսքերում, գուցե զգաս, որ Ես ճանճից փիղ եմ սարքել կամ որ մի փոքր չափազանցրել եմ։ Եթե այդպես է, մի՛ անհանգստացիր, մենք դեռ չենք ավարտել։
Այժմ խոսենք «Օձի կողմից կնոջ գայթակղման» մասին։ Ո՞վ է այդ հնագույն օձը։ Սատանան։ Նա հակադրող կերպարի դեր է խաղում Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրում, և դա մի դեր է, որի մասին պետք է հիշատակենք Աստծու սրբության շուրջ հաղորդակցվելիս։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Եթե մարդը չգիտի Սատանայի չարասեր խառնվածքը և չգիտի, թե որն է Սատանայի բնական էությունը, ապա նա չգիտի, թե որն է ճշմարիտ սրբությունը։ Մարդը միշտ շփոթված է և նույնիսկ հավատում է, որ Սատանայի արածը ճիշտ է, որովհետև նա ապրում է այս տեսակ ապականված խառնվածքի մեջ։ Առանց հակադրող կերպարի, առանց համեմատության եզրի՝ մարդը չի կարող իմանալ, թե ինչ է սրբությունը։ Ահա թե ինչու մենք պետք է այստեղ նշենք, թե ինչպես է Սատանան գայթակղում մարդուն՝ մեղքեր գործելու։ Սատանայի խոսքերի և գործերի միջոցով կտեսնենք, թե ինչպես է Սատանան ապականում մարդկությանը, ինչպիսին է Սատանայի բնությունը, և ինչպիսին է Սատանայի դեմքը։ Այսպիսով, ի՞նչ ասաց կինն օձին։ Կինը պատմեց օձին այն, ինչ Եհովա Աստված ասել էր իրեն։ Երբ նա ասաց այս խոսքերը, արդյոք վստա՞հ էր, որ այն, ինչ Աստված ասել էր իրեն, ճշմարիտ էր։ Նա չէր կարող վստահ լինել։ Որպես մեկը, ով նոր էր արարվել, նա բարին չարից զանազանելու ունակություն չուներ, ոչ էլ որևէ ճանաչողական ունակություն ուներ որևէ բանի վերաբերյալ։ Դատելով այն խոսքերից, որոնք նա ասաց օձին, նա իր սրտում վստահ չէր, որ Աստծու խոսքերը ճիշտ էին. այսպիսին էր նրա վերաբերմունքը։ Ուստի, երբ օձը տեսավ, որ կինը վստահ դիրքորոշում չուներ Աստծու խոսքերի նկատմամբ, ասաց. «Դուք պարտադիր չէ, որ մեռնեք. քանզի աստված գիտի, որ այն օրը, երբ ճաշակեք դրանից, այդժամ ձեր աչքերը կբացվեն, և դուք աստծու պես կլինեք՝ գիտենալով բարին ու չարը»։ Կա՞ արդյոք որևէ խնդրահարույց բան այս խոսքերում։ Երբ կարդում եք այս նախադասությունը, կռահո՞ւմ եք արդյոք օձի մտադրությունը։ Ո՞րն է այդ մտադրությունը։ Նա ուզում էր գայթակղել այս կնոջը, որպեսզի նա դադարի Աստծու խոսքերին ականջ դնելուց։ Բայց նա դա ուղղակիորեն չասաց։ Ահա թե ինչու է ասվում, որ նա շատ խորամանկ է։ Նա իր միտքն արտահայտում է հնարամիտ կերպով և այդպիսով հասնում է իր թաքնված մտադրությանն ու նպատակին, որը մարդը չի կարող ընկալել. այսպիսին է օձի խորամանկությունը։ Սա է միշտ եղել Սատանայի խոսելու և գործելու եղանակը։ Նա ասաց «պարտադիր չէ»՝ առանց հաստատելու այս կամ այն կերպ։ Բայց սա լսելով՝ այս տգետ կնոջ սիրտը շարժվեց։ Օձը գոհ էր, որովհետև նրա խոսքերն ունեցել էին ցանկալի ազդեցությունը. այսպիսին էր օձի խորամանկ դրդապատճառը։ Ավելին՝ կնոջը գայթակղելու համար նա օգտագործեց մի արդյունք, որը մարդը լավն է համարում, ասելով. «Այն օրը, երբ ճաշակեք դրանից, այդժամ ձեր աչքերը կբացվեն»։ Ուստի կինը խորհեց. «Աչքերս բացվելը լավ բան է»։ Եվ ապա օձն ասաց մի բան, որն է՛լ ավելի ազդեցիկ էր, խոսքեր, որոնք նախկինում երբեք հայտնի չէին մարդուն, խոսքեր, որոնք մեծ գայթակղիչ ուժ ունեն դրանք լսողների համար. «Դուք աստծու պես կլինեք՝ գիտենալով բարին ու չարը»։ Մի՞թե այս խոսքերը չափազանց գայթակղիչ չեն մարդու համար։ Դա նման է նրան, որ ինչ-որ մեկն ասի քեզ. «Դեմքիդ ձևը հրաշալի է, միայն թե քթիդ մեջքը մի փոքր կարճ է։ Եթե դա շտկես, ապա համաշխարհային կարգի գեղեցկուհի կդառնաս»։ Արդյոք այս խոսքերը կշարժեի՞ն մեկի սիրտը, ով նախկինում երբեք պլաստիկ վիրահատություն անելու ցանկություն չէր ունեցել։ Մի՞թե այս խոսքերը գայթակղության ձև չեն։ Քեզ համար մի՞թե այս գայթակղությունը հրապուրանք չէ։ Եվ մի՞թե դա նաև փորձություն չէ։ (Այո՛։) Արդյոք Աստված ասո՞ւմ է նման բաներ։ Կա՞ր արդյոք սրա մասին որևէ ակնարկ Աստծու այն խոսքերում, որոնք հենց նոր կարդացինք։ Արդյոք Աստված չի՞ ասում այն, ինչ մտածում է Իր սրտում։ Կարո՞ղ է արդյոք մարդը տեսնել Աստծու սիրտը Նրա խոսքերի միջոցով։ (Այո՛։) Բայց երբ օձն այդ խոսքերն ասաց կնոջը, կարողացա՞ր արդյոք տեսնել նրա սիրտը։ Ո՛չ։ Եվ մարդու տգիտության պատճառով մարդը հեշտությամբ գայթակղվեց օձի խոսքերից և հեշտությամբ խաբվեց։ Ուրեմն, կարողացա՞ր արդյոք տեսնել Սատանայի մտադրությունը։ Կարողացա՞ր արդյոք տեսնել նրա ասածի հետևում թաքնված նպատակը։ Կարողացա՞ր արդյոք տեսնել Սատանայի դավերն ու խարդավանքները։ (Ո՛չ։) Ինչպիսի՞ խառնվածք է ներկայացվում Սատանայի խոսելաձևով։ Ինչպիսի՞ էություն ես տեսել Սատանայի մեջ այս խոսքերի միջոցով։ Մի՞թե այն նենգ չէ։ Գուցե արտաքուստ նա ժպտում է քեզ, կամ գուցե ընդհանրապես դեմքի ոչ մի արտահայտություն ցույց չի տալիս։ Բայց իր սրտում նա դավեր է նյութում՝ իր նպատակին հասնելու համար, իսկ դու ի վիճակի չես ընկալելու նրա նպատակը։ Քեզ տված նրա բոլոր խոստումները, նրա նկարագրած բոլոր առավելությունները գայթակղության մի ձև են դառնում քեզ համար։ Դու այդ բաները լավն ես համարում, ուստի զգում ես, որ նրա ասածն ավելի օգտակար է, ավելի էական, քան Աստծու ասածը։ Երբ դա տեղի է ունենում, մի՞թե դու արդեն չես գերվել և հնազանդեցվել։ Մի՞թե Սատանայի կիրառած այս ռազմավարությունը դիվային չէ։ Այն ստիպել է քեզ հոժարակամորեն ընկղմվել այլասերվածության մեջ։ Առանց մատը մատին տալու, այլ պարզապես այս երկու նախադասությունն ասելով՝ Սատանան ստիպել է քեզ հետևել իրեն, ենթարկվել իրեն։ Այսպիսով, Սատանան հասել է իր նպատակին։ Մի՞թե այս դրդապատճառը չարագույժ չէ։ Մի՞թե սա Սատանայի բուն դեմքը չէ։ Սատանայի խոսքերից մարդը կարող է տեսնել նրա չարագույժ դրդապատճառը, տեսնել նրա գարշելի դեմքը և տեսնել նրա էությունը։ Այդպե՞ս չէ։ Համեմատելով այս նախադասությունները՝ առանց վերլուծության գուցե մտածես, որ Եհովա Աստծու խոսքերը սովորական են, հասարակ և պարզ, որ դրանք չեն արդարացնում քնարական զեղումներով Աստծու ազնվությունն այստեղ գովաբանելը։ Սակայն, երբ դիտարկում ենք Սատանայի խոսքերը և Սատանայի գարշելի դեմքը՝ որպես հակադրող կերպար, մի՞թե Աստծու այս խոսքերը զգալի կշիռ չունեն այսօրվա մարդկանց համար։ (Այո՛։) Այս հակադրող կերպարի միջոցով մարդը կարող է զգալ Աստծու մաքրությունն ու անարատությունը։ Սատանայի ասած յուրաքանչյուր բառը, ինչպես նաև Սատանայի դրդապատճառները, մտադրությունները և նրա խոսելաձևը,— բոլորն անմաքուր են։ Ո՞րն է Սատանայի հիմնական խոսելաձևը։ Նա գայթակղում է քեզ անուղղակիորեն՝ այնպես անելով, որ չկարողանաս հասկանալ, որ, նրան լսելով, չկարողանաս զանազանել նրա նպատակը, և ստիպելով քեզ ինքնակամ կուլ տալ խայծը, ընդ որում՝ դու նույնիսկ պետք է փառաբանել նրան և երգես նրա գովքը։ Մի՞թե այս հնարքը Սատանայի սովորական մարտավարությունը չէ։ (Այո՛։) Այժմ տեսնենք, թե Սատանայի այլ ինչ խոսքեր և դրսևորումներ են մարդուն թույլ տալիս տեսնել նրա գարշելի դեմքը։ Եկեք ևս մի քանի հատված կարդանք Սուրբ Գրքից։
3. Սատանայի և Եհովա Աստծու միջև երկխոսությունը
Հոբ 1:6-11 Եվ մի օր Աստծու որդիները եկան Եհովայի առջև ներկայանալու, և նրանց մեջ եկավ նաև Սատանան։ Եվ Եհովան ասաց Սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»։ Ապա Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Երկրի վրա այսուայնկողմ գնալուց և նրա մեջ շրջելուց»։ Եվ Եհովան ասաց Սատանային. «Ուշադրություն դարձրե՞լ ես Իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը վախենում է Աստծուց և խուսափում է չարից»։ Ապա Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Մի՞թե Հոբը հենց այնպես է վախենում Աստծուց։ Մի՞թե բոլոր կողմերից ցանկապատով չես պատել նրան, նրա տունը և այն ամենը, ինչ նա ունի։ Դու օրհնել ես նրա ձեռքի գործը, և նրա ունեցվածքը բազմացել է երկրի վրա։ Բայց հիմա մեկնի՛ր ձեռքդ և դիպչի՛ր այն ամենին, ինչ նա ունի, և նա քո երեսին կուրանա քեզ»։
Հոբ 2:1-5 Դարձյալ մի օր Աստծու որդիները եկան Եհովայի առջև ներկայանալու, և նրանց մեջ եկավ նաև Սատանան՝ Եհովայի առջև ներկայանալու։ Եվ Եհովան ասաց Սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Երկրի վրա այսուայնկողմ գնալուց և նրա մեջ շրջելուց»։ Եվ Եհովան ասաց Սատանային. «Ուշադրություն դարձրե՞լ ես Իմ ծառա Հոբին, որ երկրի վրա նրա նմանը չկա, կատարյալ և ուղղամիտ մի մարդ, որը վախենում է Աստծուց և խուսափում է չարից։ Եվ նա դեռ ամուր պահում է իր անաղարտությունը, թեև դրդեցիր Ինձ նրա դեմ, որպեսզի անհիմն ոչնչացնեմ նրան»։ Եվ Սատանան պատասխանեց Եհովային ու ասաց. «Կաշվի դիմաց՝ կաշի, այո, մարդն իր ունեցած ամեն ինչ կտա իր կյանքի համար։ Բայց հիմա մեկնի՛ր ձեռքդ և դիպչի՛ր նրա ոսկորին ու նրա մարմնին, և նա քո երեսին կուրանա քեզ»։
Այս երկու հատվածներն ամբողջությամբ բաղկացած են Աստծու և Սատանայի միջև երկխոսությունից. դրանք արձանագրում են այն, ինչ ասաց Աստված, և այն, ինչ ասաց Սատանան։ Աստված շատ չխոսեց, և Նա շատ պարզ խոսեց։ Կարո՞ղ ենք արդյոք տեսնել Աստծու սրբությունը Նրա պարզ խոսքերի մեջ։ Ոմանք կասեն, որ դա հեշտ չէ անել։ Ուրեմն, կարո՞ղ ենք արդյոք Սատանայի պատասխաններում տեսնել նրա գարշելիությունը։ Նախ՝ տեսնենք, թե Եհովա Աստված ինչ հարց տվեց Սատանային։ «Որտեղի՞ց ես գալիս»։ Մի՞թե սա ուղղակի հարց չէ։ Կա՞ արդյոք որևէ թաքնված իմաստ։ Ո՛չ, սա պարզապես ուղղակի հարց է։ Եթե Ես հարցնեի ձեզ՝ «Որտեղի՞ց ես գալիս», ապա ինչպե՞ս կպատասխանեիք։ Դժվա՞ր է պատասխանել այս հարցին։ Կասեի՞ք արդյոք՝ «Երկրի վրա այսուայնկողմ գնալուց և նրա մեջ շրջելուց»։ (Ո՛չ։) Այսպես չէիք պատասխանի։ Ուրեմն, ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք, որ Սատանան այսպես է պատասխանում։ (Զգում ենք, որ Սատանան անհեթեթ է և նենգ։) Կարո՞ղ եք ասել, թե Ես ինչ եմ զգում։ Ամեն անգամ, երբ տեսնում եմ Սատանայի այս խոսքերը, զզվանք եմ զգում, որովհետև դա նույնիսկ պատշաճ նախադասություն չէ։ Արդյոք Սատանան պատասխանե՞ց Աստծու հարցին։ Ո՛չ, Սատանայի ասած խոսքերը պատասխան չէին, դրանք ոչինչ չտվեցին։ Դրանք Աստծու հարցի պատասխանը չէին։ «Երկրի վրա այսուայնկողմ գնալուց և նրա մեջ շրջելուց»։ Ի՞նչ ես հասկանում այս խոսքերից։ Ի վերջո, որտեղի՞ց է գալիս Սատանան։ Արդյոք ստացե՞լ եք հարցի պատասխանը։ (Ո՛չ։) Սա է Սատանայի խարդավանքների «հանճարեղությունը»՝ թույլ չտալ, որ որևէ մեկը բացահայտի, թե իրականում ինչ է նա ասում։ Այս խոսքերը լսելուց հետո էլ չես կարողանում զանազանել, թե ինչ է նա ասել, թեև ավարտել է պատասխանելը։ Սակայն Սատանան հավատում է, որ կատարյալ պատասխան է տվել։ Իսկ դու ի՞նչ ես զգում։ Զզվա՞նք։ (Այո՛։) Հիմա սկսում ես զզվանք զգալ՝ ի պատասխան այս խոսքերի։ Սատանայի խոսքերն ունեն որոշակի բնութագիր․ այն, ինչ ասում է Սատանան, քեզ տարակուսանքի մեջ է գցում՝ անկարող դարձնելով ընկալել նրա խոսքերի աղբյուրը։ Երբեմն Սատանան մտադրություններ ունի և խոսում է կանխամտածված, իսկ երբեմն էլ, ղեկավարվելով նրա բնությամբ, նման խոսքերն ինքնաբերաբար են ի հայտ գալիս և դուրս թռչում ուղիղ Սատանայի բերանից։ Սատանան երկար ժամանակ չի ծախսում նման խոսքերը կշռադատելու վրա․ ընդհակառակը՝ դրանք արտահայտվում են առանց մտածելու։ Երբ Աստված հարցրեց, թե որտեղից է նա գալիս, Սատանան պատասխանեց մի քանի երկիմաստ բառով։ Դու խիստ տարակուսում ես՝ այդպես էլ հստակ չիմանալով, թե որտեղից է Սատանան։ Ձեր մեջ կա՞ն այնպիսիք, ովքեր այսպես են խոսում։ Խոսելու ի՞նչ ձև է սա։ (Երկիմաստ է և հստակ պատասխան չի տալիս։) Ինչպիսի՞ բառեր պետք է օգտագործենք՝ խոսելու այս ձևը նկարագրելու համար։ Այն շեղող է և մոլորեցնող։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկը չի ուզում, որ ուրիշներն իմանան, թե ինչ է արել երեկ։ Դու հարցնում ես նրան․ «Երեկ տեսա քեզ։ Ո՞ւր էիր գնում»։ Նա ուղղակիորեն չի ասում քեզ, թե ուր է գնացել։ Փոխարենն ասում է․ «Ինչպիսի՜ օր էր երեկ։ Այնքա՜ն հոգնեցուցիչ էր»։ Արդյոք նա պատասխանե՞ց քո հարցին։ Պատասխանեց, բայց չտվեց այն պատասխանը, որն ուզում էիր։ Սա է մարդու խոսքի խորամանկության մեջ թաքնված «հանճարեղությունը»։ Երբեք չես կարող պարզել, թե ինչ նկատի ունի, ոչ էլ ընկալել նրա խոսքերի աղբյուրը կամ մտադրությունը։ Չգիտես, թե ինչից է փորձում խուսափել, որովհետև իր սրտում ունի իր սեփական պատմությունը․ սա նենգություն է։ Ձեր մեջ կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր նույնպես հաճախ են այսպես խոսում։ (Այո՛։) Այդ դեպքում ո՞րն է ձեր նպատակը։ Երբեմն ձեր սեփական շահերը պաշտպանելու համա՞ր է, երբեմն էլ՝ ձեր սեփական հպարտությունը, դիրքն ու կերպարը պահպանելու, ձեր անձնական կյանքի գաղտնիքները պաշտպանելո՞ւ համար։ Ինչպիսին էլ լինի նպատակը, այն անբաժանելի է ձեր շահերից, կապված է ձեր շահերի հետ։ Մի՞թե սա չէ մարդու բնությունը։ Բոլոր նրանք, ովքեր ունեն նման բնություն, Սատանայի մերձավոր ազգականն են, եթե ոչ նրա անմիջական ընտանիքը։ Կարող ենք այսպես ասել, այնպես չէ՞։ Ընդհանուր առմամբ, այս դրսևորումը գարշելի է և նողկալի։ Դուք նույնպես հիմա զզվանք եք զգում, այնպես չէ՞։ (Այո՛։)
Եկեք դիտարկենք հետևյալ համարները։ Սատանան կրկին պատասխանում է Եհովային՝ ասելով․ «Մի՞թե Հոբը հենց այնպես է վախենում Աստծուց»։ Սատանան հարձակում է սկսում Հոբի վերաբերյալ Եհովայի գնահատականի վրա, և այս հարձակումը թշնամության երանգ ունի։ «Մի՞թե բոլոր կողմերից ցանկապատով չես պատել նրան, նրա տունը և այն ամենը, ինչ նա ունի»։ Սա Հոբի հանդեպ Եհովայի գործողությունների վերաբերյալ Սատանայի հասկացողությունն ու գնահատականն է։ Սատանան այսպես է գնահատում դա՝ ասելով․ «Դու օրհնել ես նրա ձեռքի գործը, և նրա ունեցվածքը բազմացել է երկրի վրա։ Բայց հիմա մեկնի՛ր ձեռքդ և դիպչի՛ր այն ամենին, ինչ նա ունի, և նա Քո երեսին կուրանա Քեզ»։ Սատանան միշտ երկիմաստորեն է խոսում, բայց այստեղ հստակ արտահայտություններ է օգտագործում։ Սակայն այս խոսքերը, թեև հստակորեն են ասված, հարձակում, հայհոյանք և անհնազանդություն են Եհովա Աստծու, հենց Իր՝ Աստծու հանդեպ։ Ի՞նչ եք զգում այս խոսքերը լսելիս։ Արդյոք հակակրա՞նք եք զգում։ Կարողանո՞ւմ եք կռահել Սատանայի մտադրությունները։ Նախ և առաջ՝ Սատանան մերժում է Հոբի վերաբերյալ Եհովայի գնահատականը՝ որպես Աստծուց երկյուղ ունեցող և չարից խուսափող մարդու։ Ապա Սատանան ժխտում է այն, ինչ Հոբն ասում և անում է, այսինքն՝ հերքում է Եհովայի հանդեպ նրա երկյուղը։ Մի՞թե սա մեղադրական չէ։ Սատանան մեղադրում, հերքում և կասկածի տակ է դնում այն, ինչ Եհովան անում և ասում է։ Նա չի հավատում՝ ասելով․ «Դու ասում ես, որ ամեն ինչ այդպես է, բայց այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ ես դա չեմ տեսել։ Դու նրան այնքա՜ն շատ օրհնություններ ես տվել, ուստի ինչպե՞ս կարող է չերկյուղել Քեզնից»։ Մի՞թե սա Աստծու արածի հերքում չէ։ Մեղադրանք, հերքում, հայհոյանք. մի՞թե Սատանայի խոսքերը հարձակում չեն։ Մի՞թե դրանք Սատանայի սրտում եղած մտքերի ճշմարիտ արտահայտությունը չեն։ Այս խոսքերը, անշուշտ, նույնը չեն, ինչ քիչ առաջ մեր կարդացած խոսքերը՝ «Երկրի վրա այսուայնկողմ գնալուց և նրա մեջ շրջելուց»։ Դրանք բոլորովին տարբեր են։ Այս խոսքերի միջոցով Սատանան ամբողջությամբ մերկացնում է իր սրտի պարունակությունը՝ Աստծու նկատմամբ իր վերաբերմունքը և Աստծուց Հոբի երկյուղի նկատմամբ իր ատելությունը։ Երբ դա տեղի է ունենում, նրա չարասրտությունն ու չարասեր բնությունն ամբողջությամբ մերկացվում են։ Նա ատում է նրանց, ովքեր վախենում են Աստծուց, ատում է նրանց, ովքեր խուսափում են չարից, և առավել ևս ատում է Եհովային՝ մարդուն օրհնություններ շնորհելու համար։ Նա ուզում է օգտագործել այս հնարավորությունը՝ ոչնչացնելու Հոբին, որին Աստված բարձրացրել է Իր իսկ ձեռքով, կործանելու նրան, և ուստի ասում է․ «Դու ասում ես, որ Հոբը երկյուղում է քեզնից և խուսափում է չարից։ Ես այլ կերպ եմ տեսնում դա»։ Նա տարբեր եղանակներ է կիրառում՝ Եհովային սադրելու և փորձելու համար, և տարբեր հնարքներ է գործի դնում, որպեսզի Եհովա Աստված Սատանային հանձնի Հոբին, որպեսզի Սատանան նրան մանիպուլացնի, ծանր վնաս պատճառի և վերաբերվի այնպես, ինչպես կամենա։ Նա ուզում է օգտվել այս հնարավորությունից՝ ոչնչացնելու այս մարդուն, որն արդար և կատարյալ է Աստծու աչքում։ Մի՞թե պարզապես ակնթարթային մղումն է ստիպում Սատանային ունենալ այսպիսի սիրտ։ Ո՛չ։ Դա վաղուց էր հասունանում։ Երբ Աստված գործում է, երբ Աստված հոգ է տանում մարդու մասին և զննում է նրան, և երբ Նա արժանի է համարում ու հավանություն է տալիս նրան, Սատանան կրնկակոխ հետևում է՝ փորձելով մոլորեցնել և ծանր վնաս հասցնել նրան։ Քանի որ Աստված ցանկանում է ձեռք բերել այս մարդուն, Սատանան անում է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի խոչընդոտներ ստեղծի՝ օգտագործելով տարբեր չարասեր մեթոդներ՝ գայթակղելու, խանգարելու և Աստծու գործը վնասելու համար, որպեսզի հասնի իր անասելի նպատակին։ Ո՞րն է այս նպատակը։ Նա չի ուզում, որ Աստված որևէ մեկին ձեռք բերի. ուզում է խլել նրանց, ում Աստված մտադիր է ձեռք բերել, որպեսզի կարողանա տիրել նրանց, վերահսկել նրանց և ղեկավարել նրանց, որպեսզի նրանք երկրպագեն իրեն և միանան իրեն՝ չարիք գործելու և Աստծուն դիմադրելու համար։ Մի՞թե սա Սատանայի չարագույժ դրդապատճառը չէ։ Հաճախ եք ասում, թե որքան չարասեր ու վատն է Սատանան, բայց արդյոք իսկապես տեսե՞լ եք դա։ Կարող եք տեսնել, թե որքան վատն է մարդկությունը. դուք չեք տեսել, թե որքան վատն է իրական Սատանան։ Սակայն Հոբի հարցում հստակորեն նկատել եք, թե որքան չարասեր է Սատանան։ Այս հարցը շատ հստակ է դարձրել Սատանայի գարշելի դեմքն ու նրա էությունը։ Աստծու հետ պատերազմելիս և Նրան կրնկակոխ հետևելիս Սատանայի նպատակն է ոչնչացնել այն ողջ գործը, որն Աստված ուզում է անել, և տիրել ու վերահսկել նրանց, ում Աստված ուզում է ձեռք բերել։ Նա ուզում է ոչնչացնել բոլոր նրանց, ում Աստված ուզում է ձեռք բերել, կամ տիրել և օգտագործել նրանց, եթե նրանք չեն ոչնչացվում։ Սա է նրա նպատակը։ Իսկ ի՞նչ է անում Աստված։ Այս հատվածում Աստված ընդամենը մեկ պարզ նախադասություն է ասում. այլևս ոչ մի արձանագրություն չկա այն մասին, թե ինչպես է Աստված գործում, բայց տեսնում ենք, որ կան շատ ավելի շատ արձանագրություններ այն մասին, թե ինչ է անում և ասում Սատանան։ Սուրբ Գրքի հետևյալ հատվածում Եհովան հարցնում է Սատանային․ «Որտեղի՞ց ես գալիս»։ Ո՞րն է Սատանայի պատասխանը։ (Դարձյալ սա է․ «Երկրի վրա այսուայնկողմ գնալուց և նրա մեջ շրջելուց»։) Դարձյալ նույն նախադասությունն է։ Ինչպե՞ս է այն դարձել Սատանայի նշանաբանը կամ այցեքարտը։ Մի՞թե Սատանան նողկալի չէ։ Անշուշտ, բավական է միայն մեկ անգամ արտասանել այս զզվելի նախադասությունը։ Ինչո՞ւ է Սատանան շարունակ կրկնում այն։ Սա ապացուցում է մեկ բան․ Սատանայի բնությունն անփոփոխ է։ Սատանան չի կարող ձևացնել՝ իր գարշելի դեմքը թաքցնելու համար։ Աստված նրան հարց է տալիս, և ահա թե ինչպես է նա պատասխանում։ Քանի որ սա այսպես է, ապա պատկերացրե՛ք, թե նա ինչպես պետք է վարվի մարդու հետ։ Սատանան չի վախենում Աստծուց, երկյուղ չունի Աստծուց և հակառակվում է Աստծուն։ Ուստի համարձակվում է սանձարձակորեն հանդուգն լինել Աստծու առջև, օգտագործել այս նույն բառերը՝ Աստծու հարցն անտեսելու համար, բազմիցս օգտագործել այս նույն պատասխանն Աստծու հարցին, փորձել օգտագործել այս պատասխանը՝ Աստծուն շփոթեցնելու համար. սա է Սատանայի տգեղ դեմքը։ Նա չի հավատում Աստծու ամենակարողությանը, չի հավատում Աստծու իշխանությանը և հատկապես չի ցանկանում հնազանդվել Աստծու տիրակալությանը։ Մշտապես հակադրվում է Աստծուն, մշտապես հարձակվում է այն ամենի վրա, ինչ Աստված անում է, փորձելով կործանել այն ամենը, ինչ Աստված անում է. սա է նրա չարասեր նպատակը։
Ինչպես արձանագրված է Հոբի գրքում, Սատանայի ասած այս երկու հատվածները և Սատանայի արած բաները ներկայացնում են նրա դիմադրությունն Աստծուն Նրա վեցհազարամյա տնօրինման ծրագրի ընթացքում. սա է Սատանայի ճշմարիտ դեմքը։ Իրական կյանքում տեսե՞լ ես արդյոք Սատանայի խոսքերն ու գործերը։ Երբ իսկապես տեսնում ես դրանք, գուցե չմտածես, որ դրանք Սատանայի ասած բաներն են, այլ փոխարենը մտածես, որ դրանք մարդու ասած բաներն են։ Ի՞նչ է ներկայացվում, երբ նման բաներն ասվում են մարդու կողմից։ Սատանան է ներկայացվում։ Նույնիսկ եթե գիտակցում ես դա, միևնույնն է, չես կարող ընկալել, որ իրականում դա ասվում է Սատանայի կողմից։ Բայց այստեղ և հիմա դուք միանշանակորեն տեսաք, թե ինչ է ասել հենց ինքը՝ Սատանան։ Այժմ դու միանշանակ, բյուրեղյա հստակությամբ հասկացողություն ունես Սատանայի գարշելի դեմքի և չարասիրության վերաբերյալ։ Ուրեմն մի՞թե Սատանայի ասած այս երկու հատվածներն արժեքավոր չեն այն առումով, որ օգնում են այսօր մարդկանց գիտելիք ձեռք բերելու Սատանայի բնության մասին։ Մի՞թե այս երկու հատվածներն արժե գնահատել, որպեսզի այսօր մարդկությունը կարողանա ճանաչել Սատանայի գարշելի դեմքը, ճանաչել Սատանայի սկզբնական, ճշմարիտ դեմքը։ Այս ձևակերպումը կարծես թե այնքան էլ տեղին չէ, բայց, այնուամենայնիվ, կարող է համարվել դա արտահայտելու ճշգրիտ ձև։ Իրոք, սա միակ ձևն է, որով Ես կարող եմ արտահայտել այս գաղափարը, և դա միանգամայն ընդունելի է, քանի դեռ կարողանում եք հասկանալ այն։ Նորից ու նորից Սատանան հարձակվում է Եհովայի արածների վրա՝ մեղադրանքներ հնչեցնելով Եհովա Աստծուց Հոբի երկյուղի վերաբերյալ։ Սատանան փորձում է սադրել Եհովային տարբեր մեթոդներով՝ փորձելով այնպես անել, որ Եհովան նրան թույլ տա փորձել Հոբին։ Հետևաբար, նրա խոսքերը խիստ սադրիչ բնույթ ունեն։ Ուրեմն, ասացե՛ք Ինձ, երբ Սատանան ասաց այս խոսքերը, կարո՞ղ էր արդյոք Աստված հստակ տեսնել, թե ինչ է ուզում անել Սատանան։ (Այո՛։) Աստծու սրտում այս մարդը՝ Հոբը, որին Աստված զննում է, Աստծու այս ծառան, որին Աստված համարում է արդար մարդ, կատարյալ մարդ, կարո՞ղ է արդյոք դիմանալ այս տեսակ փորձությանը։ (Այո՛։) Ինչո՞ւ է Աստված այդքան վստահ դրանում։ Արդյոք Աստված միշտ զննո՞ւմ է մարդու սիրտը։ (Այո՛։) Իսկ Սատանան կարո՞ղ է քննել մարդու սիրտը։ Սատանան չի կարող։ Նույնիսկ եթե Սատանան կարողանար տեսնել քո սիրտը, հաշվի առնելով նրա չարասեր բնությունը, Սատանան երբեք չէր հավատա, որ սուրբ բաները սուրբ են, կամ որ կեղտոտ բաները կեղտոտ են։ Չարասեր Սատանան երբեք չի կարող գնահատել որևէ բան, որը սուրբ է, արդարադատ կամ լուսավոր։ Սատանան պարզապես անդադրում և ինքնաբերաբար գործում է իր բնության, իր չարասիրության համաձայն և այս տեսակ մեթոդների միջոցով։ Նույնիսկ Աստծու կողմից պատժվելու կամ ոչնչացվելու գնով նա չի վարանում համառորեն հակադրվել Աստծուն։ Սա չարասիրություն է, սա է Սատանայի բնությունը։ Ուստի այս հատվածում Սատանան ասում է․ «Կաշվի դիմաց՝ կաշի, այո, մարդն իր ունեցած ամեն ինչ կտա իր կյանքի համար։ Բայց հիմա մեկնի՛ր ձեռքդ և դիպչի՛ր նրա ոսկորին ու նրա մարմնին, և նա քո երեսին կուրանա քեզ»։ Սատանան կարծում է, որ Աստծու հանդեպ մարդու երկյուղն այն պատճառով է, որ մարդն այդքան շատ օգուտներ է ստացել Աստծուց։ Մարդն օգուտներ է ստանում Աստծուց, ուստի ասում է, որ Աստված բարի է։ Բայց դա այն պատճառով չէ, որ Աստված բարի է, պարզապես մարդն այնքան շատ օգուտներ է ստանում, որ կարող է այսպես վախենալ Աստծուց։ Հենց որ Աստված զրկի նրան այս օգուտներից, նա անմիջապես կլքի Աստծուն։ Իր չարասեր բնությամբ Սատանան չի հավատում, որ մարդու սիրտը կարող է իսկապես երկյուղել Աստծուց։ Իր չարասեր բնության պատճառով նա չգիտի, թե ինչ է սրբությունը, առավել ևս՝ ինչ է երկյուղը։ Նա չգիտի, թե ինչ է Աստծուն հնազանդվելը, կամ ինչ է Աստծուց երկյուղելը։ Քանի որ նա չգիտի այս բաները, կարծում է, որ մարդը նույնպես չի կարող վախենալ Աստծուց։ Ասացե՛ք Ինձ, մի՞թե Սատանան չարասեր չէ։ Տեսե՛ք, թե ինչպես մեր եկեղեցուց դուրս տարբեր կրոններից և հարանվանություններից կամ կրոնական ու հասարակական խմբերից ոչ մեկը չի հավատում Աստծու գոյությանը, և առավել ևս չի հավատում, որ Աստված մսեղի է դարձել և անում է դատաստանի գործը. հետևաբար, նրանք կարծում են, որ Նա, ում դու հավատում ես, Աստված չէ։ Նա, ով զբաղվում է անառակությամբ, բոլորին իր պես անառակ է համարում։ Խաբեբա մարդը բոլորին համարում է անազնիվ ու ստախոս։ Չար մարդը բոլորին չար է համարում և ուզում է կռվել բոլոր նրանց հետ, ում տեսնում է։ Համեմատաբար պարզասիրտ մարդիկ մյուս բոլորին համարում են պարզասիրտ, ուստի միշտ խաբվում են, միշտ խաբեության զոհ դառնում և երբեք չեն կարողանում պաշտպանվել դրանից։ Այս մի քանի օրինակը բերում եմ՝ ձեր համոզմունքն ամրապնդելու համար․ Սատանայի չարասեր բնությունը վաղանցիկ մղում չէ կամ պարտադրված չէ հանգամանքներով, ոչ էլ որևէ պատճառից կամ իրավիճակային գործոններից բխող ժամանակավոր դրսևորում է։ Ամենևի՛ն։ Սատանան պարզապես չի կարող այլ կերպ լինել։ Նա ոչ մի լավ բան չի կարող անել։ Նույնիսկ երբ ականջի համար հաճելի ինչ-որ բան է ասում, դա պարզապես քեզ գայթակղելու համար է։ Որքան ավելի հաճելի, որքան ավելի նրբանկատ, որքան ավելի մեղմ են նրա խոսքերը, այնքան ավելի չարասիրտ են այդ խոսքերի հետևում թաքնված չարագույժ մտադրությունները։ Ինչպիսի՞ դեմք, ինչպիսի՞ բնություն է ցույց տալիս Սատանան այս երկու հատվածներում։ (Նենգ, չարասիրտ և չարասեր։) Սատանայի հիմնական բնորոշ գիծը չարասիրությունն է․ նա առանձնապես չարասեր է և չարասիրտ։
Այժմ, երբ ավարտեցինք Սատանայի վերաբերյալ մեր քննարկումը, եկեք վերադառնանք մեր Աստծու մասին խոսելուն։ Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրի ընթացքում Աստծու ուղղակի խոսքից շատ քիչ բան է արձանագրվել Աստվածաշնչում, իսկ արձանագրվածը շատ պարզ է։ Ուստի եկեք սկսենք սկզբից։ Մարդկությանն ստեղծելուց ի վեր Աստված միշտ ուղղորդել է մարդկության կյանքը` լինի դա մարդկությանն օրհնություններ շնորհելով, մարդկության համար օրենքներ և պատվիրաններ հաստատելով, թե կյանքի համար տարբեր կանոնակարգեր սահմանելով. ո՞րն է Աստծու մտադրությունն ու նպատակն այս բաներն անելիս։ Գիտե՞ք արդյոք, թե որն է այն։ Նախ՝ կարո՞ղ եք վստահաբար ասել, որ Աստծու արած այս բոլոր բաները հանուն մարդու բարօրության են։ Այս պնդումը գուցե բավականին ընհանրական և դատարկ թվա ձեզ, բայց եթե հենց մանրամասները դիտարկենք, մի՞թե Աստծու արած այս բոլոր բաները չեն առաջնորդում և ուղղորդում մարդուն՝ ապրելու բնականոն կյանքով։ Անկախ նրանից՝ մարդը հետևում է կանոններին, թե պահպանում է օրենքները, Աստծու նպատակն այն է, որ մարդը չսկսի Սատանային երկրպագել և չվնասվի Սատանայի կողմից․ սա է Նրա ամենահիմնական նպատակը, և դա Նրա սկզբնական նպատակն է։ Ամենասկզբում, երբ մարդը չէր հասկանում Աստծու մտադրությունները, Աստված որոշ պարզ կանոններ սահմանեց, ինչպիսիք են օրենքներն ու կանոնակարգերը, որոնք ընդգրկում էին տարբեր բնագավառներ։ Այս կանոնները բավականին պարզ են, սակայն պարունակում են Աստծու մտադրությունները։ Աստված բարձր է գնահատում, փայփայում և խորապես սիրում է մարդկությանը։ Ուստի կարո՞ղ ենք ասել, որ Աստծու այս սիրտը սուրբ է, որ այն մաքուր է։ (Այո՛։) Աստված որևէ լրացուցիչ դրդապատճառ ունի՞ արդյոք։ (Ո՛չ։) Ուրեմն, Նրա այս նպատակը ճիշտ է և դրակա՞ն։ Անկախ նրանից, թե ինչպիսի կանոններ է սահմանում Աստված, այն արդյունքները, որոնց Նա մտադիր է, որ այս բոլոր կանոնները հասնեն Իր գործի ընթացքում, դրական են մարդու համար և ծառայում են նրան ուղղորդելուն։ Ուստի կա՞ն արդյոք որևէ եսասիրական մտքեր Աստծու մտքում։ Աստված մարդու վերաբերյալ որևէ լրացուցիչ նպատա՞կ ունի կամ ուզում է ինչ-որ կերպ օգտագործե՞լ մարդուն։ Ամենևի՛ն։ Աստված գործում է Իր ասածի համաձայն, և Նրա խոսքերն ու գործողությունները համապատասխանում են Նրա սրտի մտքերին։ Այն չունի ոչ մի անմաքրություն, ոչ մի եսասիրական միտք։ Նա գործում է ոչ թե հանուն Իրեն, այլ ամբողջովին հանուն մարդու՝ առանց որևէ անձնական նպատակի։ Թեև Նա մարդու վերաբերյալ ծրագրեր և մտադրություններ ունի, դա հանուն Իրեն չէ։ Բոլոր այս բաները, որ Նա անում է, արվում են բացառապես մարդկության համար՝ մարդկությանը պաշտպանելու, մարդկությանը մոլորվելուց հետ պահելու համար։ Ուստի մի՞թե Նրա այս սիրտը թանկագին չէ։ Մի՞թե կարող ես Սատանայի մեջ տեսնել նման թանկագին սրտի նույնիսկ ամենափոքր նշան։ Դու չես կարող տեսնել դրա ամենաչնչին իսկ նշույլը Սատանայի մեջ, ամենևին չես կարող տեսնել այն։ Այն ամենը, ինչ Աստված անում է, դրսևորվում է բնականոն կերպով։ Այժմ, դատելով Աստծու գործելակերպից, ինչպե՞ս է Նա կատարում Իր գործը։ Արդյոք Աստված այս օրենքներն ու Իր խոսքերը վերցնում և գլխակապը սեղմող կախարդանքի պես ամուր փաթաթում է յուրաքանչյուր մարդու գլխի՞ն[ա]՝ պարտադրելով դրանք յուրաքանչյուր մարդկային էակի։ Արդյոք Նա այսպե՞ս է գործում։ (Ո՛չ։) Ուրեմն, ի՞նչ կերպ է Աստված կատարում Իր գործը։ Արդյոք Նա սպառնո՞ւմ է։ Խուսանավո՞ւմ է, երբ խոսում է ձեզ հետ։ (Ո՛չ։) Երբ դու չես հասկանում ճշմարտությունը, ինչպե՞ս է Աստված ուղղորդում քեզ։ Նա լուսավորություն է բերում և լուսավորում է քեզ՝ հստակորեն ասելով քեզ, որ այն, ինչ անում ես, չի համապատասխանում ճշմարտությանը, և թե ինչ պետք է անես։ Հիմնվելով այն ուղիների վրա, որոնցով Աստված գործում է, ի՞նչ ես զգում, ի՞նչ տեսակ հարաբերություն ունես Աստծու հետ։ Արդյոք դրանք ստիպում են քեզ զգալ, որ Աստված անհասանելի է՞։ (Ո՛չ։) Ուրեմն, ի՞նչ են դրանք ստիպում քեզ զգալ։ Դրանք ստիպում են քեզ զգալ, որ Աստծու խոսքերը հատկապես իրական են, որ Նրա հարաբերությունը մարդու հետ հատկապես բնականոն է, որ Աստված բացառիկ մոտ է քեզ, և որ քո և Աստծու միջև ոչ մի հեռավորություն չկա։ Երբ Աստված ուղղորդում է քեզ, երբ Նա ապահովում է քեզ, օգնում է քեզ և աջակցում է քեզ, դու զգում ես Աստծու բարյացակամությունն ու հարգարժանությունը, դու զգում ես Նրա սիրելիությունն ու Նրա ջերմությունը։ Բայց երբ Աստված նախատում է քեզ քո ապականության համար, կամ երբ Նա դատում և կարգավարժում է քեզ քո ըմբոստության համար, ի՞նչ մեթոդներ է Նա կիրառում։ Արդյոք Նա քեզ խոսքերո՞վ է նախատում։ Կարգավարժո՞ւմ է քեզ միջավայրերի և մարդկանց, իրադարձությունների ու բաների միջոցով։ (Այո՛։) Ի՞նչ չափով է Աստված կարգավարժում քեզ։ Արդյոք Աստված կարգավարժում է քեզ նույն չափո՞վ, որով Սատանան ծանր վնաս է հասցնում մարդկանց։ (Ո՛չ, Աստված կարգավարժում է մարդկանց միայն այն չափով, որքանով նրանք կարող են դիմանալ։) Աստված գործում է մեղմ, նուրբ, սիրող և հոգատար կերպով՝ այնպիսի եղանակով, որն արտակարգ չափված և տեղին է, և որը քո մեջ չի հրահրի այնպիսի բուռն զգացումներ, ինչպիսիք են՝ «Աստված ստիպում է ինձ այս անել» կամ «Աստված ստիպում է ինձ այն անել»։ Աստված երբեք չի տա քեզ այնպիսի բուռն գիտակցում կամ զգացում, որին քո սիրտը չի կարող դիմանալ։ Այդպես չէ՞։ Նույնիսկ երբ ընդունում ես Աստծու դատաստանի և հանդիմանության խոսքերը, ինչպե՞ս ես զգում այն ժամանակ։ Երբ զգում ես Աստծու իշխանությունն ու զորությունը, ի՞նչ ես զգում այն ժամանակ։ Արդյոք զգո՞ւմ ես, որ Աստված աստվածային է և անձեռնմխելի։ Այդ պահերին հեռավորություն զգո՞ւմ ես քո և Աստծու միջև։ Զգո՞ւմ ես, թե որքան վախեցնող է Աստված։ Ո՛չ. փոխարենը դու երկյուղ ես զգում Աստծու հանդեպ։ Մի՞թե Աստծու գործի պատճառով չեն մարդիկ զգում այս բոլոր բաները։ Կունենայի՞ն արդյոք նրանք այս զգացումները, եթե Սատանան լիներ գործողը։ Բնա՛վ։ Աստված օգտագործում է Իր խոսքերը, ճշմարտությունը և Իր կյանքը՝ մարդուն շարունակաբար ապահովելու, մարդուն աջակցելու համար։ Երբ մարդը թույլ է, երբ մարդը բացասական է զգում, Աստված բռնի կերպով չի ասում քեզ․ «Բացասական մի՛ զգա։ Ինչի՞ համար բացասական լինել։ Ինչո՞ւ ես թույլ։ Ի՞նչ պատճառ կա թույլ լինելու։ Դու միշտ այնքա՜ն թույլ ես և միշտ այնքա՜ն բացասական ես․ ի՞նչ օգուտ կա քո ողջ լինելուց։ Պարզապես մեռի՛ր, ուրեմն»։ Մի՞թե Աստված այսպես կգործեր։ (Ո՛չ։) Աստված նման կերպ վարվելու իշխանություն ունի՞ արդյոք։ Այո՛, ունի։ Սակայն Աստված այս կերպ չի գործում։ Այն, որ Աստված այս կերպ չի գործում, Նրա էության պատճառով է, Նրա էության, որը սրբություն է։ Մարդու հանդեպ Նրա սերը, Նրա՝ մարդուն բարձր գնահատելն ու փայփայելը չեն կարող մարդու կողմից հստակորեն արտահայտվել ընդամենը մեկ կամ երկու նախադասությամբ։ Սրանք այնպիսի բաներ չեն, որոնք առաջ են գալիս մարդու պարծենկոտությունից, այլ բաներ են, որոնք Ինքը՝ Աստված է առաջ բերում փաստացի գործողությամբ. դրանք Աստծու էության դրսևորումն են։ Կարո՞ղ են արդյոք այս բոլոր ուղիները, որոնցով Աստված գործում է, պատճառ դառնալ, որ մարդը տեսնի Աստծու սրբությունը։ Հաշվի առնելով այս բոլոր ուղիները, որոնցով Աստված գործում է, այն արդյունքները, որոնց Նա նպատակ ունի հասնելու մարդու մեջ, այն տարբեր մեթոդները, որոնք Նա կիրառում է՝ մարդու վրա գործելու համար, այն գործը, որը Նա կատարում է մարդու վրա, և այն, ինչ Նա հնարավորություն է տալիս մարդուն հասկանալու, այս բաներից որևէ մեկում կա՞ արդյոք որևէ չարասիրություն կամ նենգություն Նրա մանրակրկիտ մտադրություններում։ (Ո՛չ։) Ուրեմն, այն ամենում, ինչ Աստված անում է, այն ամենում, ինչ Աստված ասում է, այն ամենում, ինչ Նա մտածում է Իր սրտում, ինչպես նաև Աստծու ողջ էության մեջ, որը Նա դրսևորում է, կարո՞ղ ենք Աստծուն սուրբ կոչել։ (Այո՛։) Որևէ մարդ երբևէ տեսե՞լ է այս սրբությունն աշխարհում կամ իր ներսում։ Աստծուց բացի՝ երբևէ տեսե՞լ ես այն որևէ մարդկային էակի կամ Սատանայի մեջ։ (Ո՛չ։) Հիմնվելով մինչ այժմ մեր քննարկման վրա՝ կարո՞ղ ենք ասել, որ Աստված հենց Ինքը՝ եզակի և սուրբ Աստվածն է։ (Այո՛։) Բոլոր բաները, որ Աստված տալիս է մարդուն, ներառյալ՝ Աստծու խոսքերը, այն, ինչ Աստված տարբեր միջոցներով գործում է մարդու վրա, այն, ինչ Աստված ասում է մարդուն, այն, ինչ Աստված հիշեցնում և հորդորում է մարդուն, ծագում են մեկ էությունից՝ Աստծու սրբությունից։ Եթե չլիներ նման սուրբ Աստված, ոչ մի մարդ չէր կարող զբաղեցնել Նրա տեղը՝ կատարելու այն գործը, որը Նա կատարում է։ Եթե Աստված ձեզ բոլորիդ ամբողջությամբ հանձնած լիներ Սատանային, երբևէ մտածե՞լ եք, թե այսօր ինչպիսի վիճակում կլինեիք բոլորդ։ Արդյոք բոլորդ նստած կլինեի՞ք այստեղ անվնաս և ողջ-առողջ։ Արդյոք դուք նո՞ւյնպես կասեիք՝ «Երկրի վրա այսուայն կողմ գնալուց և նրա մեջ շրջելուց»։ Կկարողանայի՞ք խրոխտ շրջել՝ այդպիսի լկտի, ինքնավստահ և պարծենկոտ կեցվածքով նման բաներ ասելով Աստծու առաջ։ Միանշանակորեն կկարողանայիք, առանց կասկածի նշույլի։ Սատանայի վերաբերմունքը մարդու հանդեպ թույլ է տալիս մարդուն տեսնել, որ Սատանայի բնական էությունը միանգամայն տարբերվում է Աստծու էությունից։ Սատանայի էության մեջ ի՞նչն է, որ Աստծու սրբության հակադրությունն է։ (Սատանայի չարասիրությունը։) Սատանայի չարասեր բնությունն է Աստծու սրբության հակադրությունը։ Պատճառը, թե ինչու մարդկանց մեծամասնությունը չի ճանաչում Աստծու այս դրսևորումը և Աստծու սրբության այս էությունը, այն է, որ նրանք ապրում են Սատանայի իշխանության տակ, Սատանայի ապականության մեջ և Սատանայի կյանքի ոլորտում։ Նրանք չգիտեն, թե ինչ է սրբությունը, կամ ինչպես սահմանել սրբությունը։ Նույնիսկ երբ ընկալում ես Աստծու սրբությունը, միևնույնն է, չես կարող վստահությամբ սահմանել այն որպես Աստծու սրբություն։ Սա Աստծու սրբության մասին մարդու գիտելիքի պակասն է։
Ինչո՞վ է բնորոշվում Սատանայի գործը մարդու վրա։ Պետք է որ կարողանաք որոշ չափով իմանալ սա ձեր սեփական փորձառությունների միջոցով. դա Սատանայի նախատիպային հատկանիշն է՝ այն, ինչ նա բազմիցս անում է, այն, ինչ նա փորձում է անել յուրաքանչյուր մարդու հետ։ Գուցե չեք կարողանում տեսնել այս հատկանիշը, ուստի չեք զգում, որ Սատանան այդքան սարսափելի և գարշելի է։ Որևէ մեկը գիտի՞, թե որն է այս հատկանիշը։ (Այն հրապուրում, գայթակղում և փորձում է մարդուն։) Ճիշտ է։ Սրանք այն մի քանի եղանակներն են, որոնցով այս հատկանիշը դրսևորվում է։ Սատանան նաև մոլորեցնում, հարձակվում և մեղադրում է մարդուն․ սրանք բոլորը դրսևորումներ են։ Կա՞ն արդյոք այլ դրսևորումներ։ (Նա ստեր է ասում։) Խաբելն ու ստելն ամենաբնական բաներն են Սատանայի համար։ Նա հաճախ է անում այս բաները, ինչպես նաև սադրանքը, հրահրումը, մարդկանց ստիպելը, որ ինչ-որ բաներ անեն, նրանց հրամայելը և նրանց բռնի կերպով տիրելը։ Այժմ կնկարագրեմ ձեզ մի բան, որից ձեր մազերը բիզ-բիզ կկանգնեն, բայց դա չեմ անում ձեզ վախեցնելու համար։ Երբ Աստված աշխատում է մարդու վրա, Նա փայփայում է մարդուն և՛ Իր վերաբերմունքով, և՛ Իր սրտում։ Սատանան, մյուս կողմից, ամենևին չի փայփայում մարդուն և իր ողջ ժամանակը ծախսում է՝ մտածելով, թե ինչպես վնասի մարդուն։ Մի՞թե այդպես չէ։ Երբ նա մտածում է մարդուն վնասելու մասին, արդյոք նրա հոգեվիճակը հրատապությա՞ն վիճակ է։ (Այո՛։) Այսպիսով, ինչ վերաբերում է մարդու վրա Սատանայի գործին, Ես երկու արտահայտություն ունեմ, որոնք կարող են լիովին նկարագրել Սատանայի չարասիրությունն ու չարասրտությունը, և որոնք թույլ կտան ձեզ իսկապես հասկանալ Սատանայի գարշելիությունը։ Մարդու նկատմամբ իր մոտեցման մեջ Սատանան միշտ ուզում է բռնի կերպով զավթել և տիրել մարդուն՝ բոլորին մեկ առ մեկ, այն աստիճան, որ կարողանա լիակատար վերահսկողություն ձեռք բերել մարդու նկատմամբ և ծանր վնաս հասցնել մարդուն, որպեսզի կարողանա հասնել այս նպատակին և իրականացնել այս փառասիրական ձգտումը։ Ի՞նչ է նշանակում «բռնի կերպով զավթել»։ Արդյոք դա մի բան է, որը տեղի է ունենում քո համաձայնությա՞մբ, թե՞ առանց քո համաձայնության։ Տեղի է ունենում քո գիտությա՞մբ, թե՞ առանց քո գիտության։ Դու ընդհանրապես տեղյակ չես դրանից։ Մինչ դու անտեղյակ ես, գուցե նույնիսկ առանց քեզ որևէ բան ասելու կամ անելու, առանց որևէ նախադրյալի, առանց որևէ համատեքստի՝ Սատանան այնտեղ է, պտտվում է քո շուրջը, շրջապատում է քեզ։ Նա հնարավորություն է փնտրում, որպեսզի օգտվի դրանից, և ապա բռնի կերպով զավթում է քեզ, տիրում է քեզ՝ հասնելով քո նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելու և քեզ ծանր վնաս հասցնելու իր նպատակին։ Սա մարդկության համար Աստծու հետ մրցելիս Սատանայի ամենահատկանշական մտադրություններից և դրսևորումներից մեկն է։ Ի՞նչ եք զգում, երբ լսում եք սա։ (Մեր մազերը բիզ-բիզ են կանգնում, և մեր սրտերում վախ կա։) Զզվա՞նք եք զգում։ (Այո՛։) Երբ այս զզվանքն եք զգում, արդյոք մտածո՞ւմ եք, որ Սատանան անամոթ է։ Երբ մտածում եք, որ Սատանան անամոթ է, այնուհետև զզվա՞նք եք զգում ձեզ շրջապատող այն մարդկանց հանդեպ, որոնք միշտ ուզում են վերահսկել ձեզ, նրանց հանդեպ, ովքեր հսկայական փառասիրական ձգտումներ են տածում կարգավիճակի և անձնական շահի հանդեպ։ (Այո՛։) Ուրեմն, ձեզ համար պա՞րզ է, թե ինչ մեթոդներ է կիրառում Սատանան՝ մարդուն բռնի կերպով տիրելու և զավթելու համար։ Ամեն անգամ, երբ լսում եք այս երկու եզրույթները՝ «բռնի զավթում» և «տիրում», զզվանք եք զգում և կարող եք զգալ այս բառերի չարասիրությունը։ Առանց քո համաձայնության կամ քո գիտության՝ Սատանան տիրում է քեզ, բռնի կերպով զավթում է քեզ և ապականում է քեզ։ Ի՞նչ զգացում է դա առաջացնում քո սրտում։ Ատելություն և զզվա՞նք ես զգում։ (Այո՛։) Երբ այս ատելությունն ու զզվանքն ես զգում Սատանայի այս գործելակերպի հանդեպ, ի՞նչ զգացում ես ունենում Աստծու հանդեպ։ (Երախտագիտություն։) Երախտագիտություն Աստծու հանդեպ՝ քեզ փրկելու համար։ Ուրեմն, հիմա՝ այս պահին, ցանկություն կամ վճռականություն ունե՞ս թույլ տալու, որ Աստված ստանձնի և գերիշխանություն ունենա քեզ վերաբերող ամեն ինչի նկատմամբ։ (Այո՛։) Ի՞նչ համատեքստում ես այդպես անում։ Արդյոք դա Սատանայի կողմից բռնի կերպով զավթվելու և տիրվելու վախի համատեքստո՞ւմ է։ (Այո՛։) Դու չպետք է ունենաս այսպիսի մտածելակերպ. դա ճիշտ չէ։ Մի՛ վախեցիր։ Աստված այստեղ է։ Մենք վախենալու ոչինչ չունենք։ Երբ հասկանաս Սատանայի չարասեր էությունը, ինչ վերաբերում է Աստծու սիրուն, Աստծու մանրակրկիտ մտադրություններին, մարդու հանդեպ Աստծու ողորմությանն ու երկայնամտությանը և Նրա արդար բնույթին, դու պետք է ավելի ճշգրիտ հասկացողություն ունենաս այս բաների վերաբերյալ կամ գնահատես դրանք։ Սատանան այնքա՜ն գարշելի է, սակայն եթե նույնիսկ սա չի ոգեշնչում Աստծու հանդեպ քո սերը և քո ապավինումն Աստծուն ու վստահությունը նրա հանդեպ, ապա ի՞նչ տեսակ մարդ ես դու։ Պատրա՞ստ ես արդյոք թույլ տալ, որ Սատանան այդպես վնասի քեզ։ Տեսնելով Սատանայի չարասիրությունն ու այլանդակությունը՝ մենք շրջվում ենք և ապա նայում Աստծուն։ Արդյոք Աստծու մասին քո գիտելիքն այժմ որևէ փոփոխություն կրե՞լ է։ Կարո՞ղ ենք ասել, որ Աստված սուրբ է։ Կարո՞ղ ենք ասել, որ Աստված անթերի է։ «Աստված եզակիորեն սուրբ է». կարո՞ղ է արդյոք Աստված արդարացնել այս կոչումը։ (Այո՛։) Ուստի աշխարհում և բոլոր բաների մեջ մի՞թե միայն Ինքը՝ Աստված չէ, որ կարող է արդարացնել Աստծու մասին մարդու ունեցած այս հասկացողությունը։ (Այո՛։) Ուրեմն, հատկապես ի՞նչ է Աստված տալիս մարդուն։ Մի՞թե Նա միայն մի փոքր խնամք, հոգատարություն և ուշադրություն է տալիս քեզ՝ առանց քո գիտակցելու։ Ի՞նչ է Աստված տվել մարդուն։ Աստված կյանք է տվել մարդուն, տվել է մարդուն ամեն ինչ և մարդուն շնորհում է այս ամենն անվերապահորեն՝ առանց որևէ բան պահանջելու, առանց որևէ մտադրության։ Նա օգտագործում է ճշմարտությունը, Իր խոսքերը և Իր կյանքը՝ մարդուն առաջնորդելու և ուղղորդելու համար՝ հեռացնելով մարդուն Սատանայի ծանր վնասից, Սատանայի գայթակղություններից և հրապուրանքներից, թույլ տալով մարդուն թափանցել Սատանայի չարասեր բնության և այլանդակ դեմքի մեջ ու հստակորեն տեսնել դրանք։ Արդյոք մարդկության հանդեպ Աստծու սերն ու հոգատարությունը ճշմարի՞տ են։ Արդյոք դա մի բան է, որը ձեզանից յուրաքանչյուրը կարող է փորձառաբար ապրե՞լ։ (Այո՛։)
Այժմ մի պահ հետադարձ հայա՛ցք գցիր այն ողջ գործի վրա, որ Աստված կատարել է քեզ վրա քո հավատքի բոլոր տարիների ընթացքում։ Անկախ նրանից՝ տպավորություններդ խորն են, թե մակերեսային, մի՞թե սա այն չի եղել, ինչի կարիքն ամենաշատն ես ունեցել։ Մի՞թե դա այն չէր, ինչ պետք է ձեռք բերեիր ամեն ինչից առավել։ (Այո՛։) Մի՞թե սա ճշմարտությունը չէ։ Մի՞թե սա կյանքը չէ։ (Այո՛։) Աստված երբևէ լուսավորե՞լ է քեզ այն մասին, թե ինչ կցանկանար, որ փոխարենը տայիր Իրեն, կամ ինչպես կցանկանար, որ հատուցեիր Իրեն քեզ այս բաները տալուց հետո։ (Ո՛չ։) Ուրեմն, ո՞րն է Աստծու նպատակը։ Ինչո՞ւ է Աստված անում սա։ Մի՞թե Աստված նույնպես քեզ զավթելու նպատակ ունի։ (Ո՛չ։) Արդյոք Աստված ուզո՞ւմ է Իր գահին բարձրանալ մարդու սրտում։ (Այո՛։) Ուրեմն, ո՞րն է տարբերությունն Աստծու՝ Իր գահին բարձրանալու և Սատանայի բռնի զավթման միջև։ Աստված ուզում է շահել մարդու սիրտը, Նա ուզում է զավթել մարդու սիրտը․ ի՞նչ է սա նշանակում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստված ուզում է, որ մարդը դառնա Իր խամաճիկը, Իր մեքենան։ (Ո՛չ։) Ուրեմն, ո՞րն է Աստծու նպատակը։ Կա՞ արդյոք տարբերություն մարդու սիրտը զավթելու Աստծու ցանկության և Սատանայի կողմից մարդուն բռնի կերպով զավթելու ու տիրելու միջև։ (Այո՛։) Ո՞րն է տարբերությունը։ Կարո՞ղ եք Ինձ հստակորեն ասել։ (Սատանան պարտադրում է մարդուն, մինչդեռ Աստված թույլ է տալիս մարդուն ազատորեն ընտրել։) Սա՞ է տարբերությունը։ Աստծու ինչի՞ն է պետք քո սիրտը։ Եվ Աստծու ինչի՞ն է պետք քեզ զավթելը։ Ինչպե՞ս եք ձեր սրտերում հասկանում «Աստված զավթում է մարդու սիրտը» արտահայտությունը։ Այստեղ մենք պետք է Աստծու անունից հստակեցնենք իրավիճակը, հակառակ դեպքում մարդիկ միշտ սխալ կհասկանան և կմտածեն․ «Աստված միշտ ուզում է զավթել ինձ։ Ինչի՞ համար է Նա ուզում զավթել ինձ։ Ես չեմ ուզում զավթված լինել, ես պարզապես ուզում եմ ինքս իմ տերը լինել։ Ասում ես՝ Սատանան զավթում է մարդկանց, բայց Աստված նույնպես զավթում է մարդկանց։ Մի՞թե երկու դեպքում էլ նույնը չէ։ Ես չեմ ուզում թույլ տալ որևէ մեկին զավթել ինձ։ Ես ես եմ»։ Ո՞րն է տարբերությունն այստեղ։ Մի փոքր մտածե՛ք դրա մասին։ Հարցնում եմ ձեզ՝ արդյոք «Աստված զավթում է մարդուն» արտահայտությունը դատարկ խո՞սք է։ Արդյոք «զավթման» իմաստը հետևյա՞լն է․ Աստծու կողմից մարդուն զավթելն այն է, երբ Նա ապրում է քո սրտում և վերահսկում է քո ամեն մի խոսքն ու ամեն մի շարժումը, այնպես որ, եթե Նա ասում է քեզ նստել, դու չես համարձակվում կանգնել, իսկ եթե Նա ասում է քեզ գնալ արևելք, դու չես համարձակվում գնալ արևմուտք։ (Ո՛չ, այդպես չէ։ Աստված ուզում է, որ մարդը կյանքով արտահայտի այն, ինչ Աստված ունի և է։) Այս տարիների ընթացքում, երբ Աստված տնօրինել է մարդուն, և մինչև հիմա՝ այս վերջին փուլում, մարդու վրա Նրա կատարած գործի ընթացքում մարդու մեջ ի՞նչ արդյունքի հասնելուն են նպատակաուղղված Նրա ասած այս բոլոր խոսքերը։ Այն բանի՞ն, որ մարդը կյանքով արտահայտի այն, ինչ Աստված ունի և է։ Երբ դիտարկում ենք «Աստված զավթում է մարդու սիրտը» արտահայտության բառացի իմաստը, թվում է, թե Աստված վերցնում է մարդու սիրտը և զավթում այն, ապրում է դրանում և այլևս դուրս չի գալիս։ Նա դառնում է մարդու տերը և ի վիճակի է ըստ ցանկության իշխելու և մանիպուլացնելու մարդու սիրտը, իսկ մարդը պետք է անի այն ամենը, ինչ Աստված ասում է նրան։ Այս իմաստով կարող էր թվալ, թե յուրաքանչյուր մարդ կարող է աստված դառնալ և ունենալ նրա էությունն ու բնույթը։ Ուստի այս դեպքում կարո՞ղ էր արդյոք մարդը նաև աստծու գործերը կատարել։ Կարելի՞ է «զավթումն» այս կերպ բացատրել։ (Ո՛չ։) Ուրեմն, ի՞նչ է դա։ Հարցնում եմ ձեզ՝ արդյոք բոլոր խոսքերն ու ճշմարտությունը, որոնք Աստված մատակարարում է մարդուն, Աստծու էության և այն բանի դրսևորումն են, ինչ Նա ունի և է՞։ (Այո՛։) Սա, անշուշտ, ճիշտ է։ Բայց արդյոք այս խոսքերը, որոնք Աստված մատակարարում է մարդուն, մի բան են, որն Ինքը պետք է կիրառի և ունենա՞։ Մի փոքր մտածե՛ք սրա մասին։ Երբ Աստված դատում է մարդուն, ինչո՞ւ է Նա դատում։ Ինչպե՞ս են առաջացել այս խոսքերը։ Ո՞րն է այս խոսքերի բովանդակությունը, որոնք Աստված ասում է, երբ դատում է մարդուն։ Ինչի՞ վրա են դրանք հիմնված։ Արդյոք մարդու ապականված խառնվածքի վրա՞ են հիմնված։ (Այո՛։) Ուրեմն, Աստծու կողմից մարդու դատաստանի միջոցով ձեռք բերված արդյունքը հիմնված է Աստծու էության վրա՞։ (Այո՛։) Ուրեմն, մի՞թե «Աստված ուզում է զավթել մարդուն» արտահայտությունը դատարկ խոսք է։ Հաստատապես այդպես չէ։ Ուրեմն, ինչո՞ւ է Աստված այս խոսքերն ասում մարդուն։ Ո՞րն է Նրա նպատակն այս խոսքերն ասելիս։ Արդյոք Նա ուզում է այս խոսքերը դարձնել մարդու կյա՞նքը։ (Այո՛։) Աստված ուզում է Իր ասած այս ողջ ճշմարտությունը դարձնել մարդու կյանքը։ Երբ մարդը վերցնում է այս ողջ ճշմարտությունը և Աստծու խոսքը և վերածում դրանք իր սեփական կյանքի, կարո՞ղ է արդյոք մարդն այնուհետև հնազանդվել Աստծուն։ Կարո՞ղ է մարդն այնուհետև վախենալ Աստծուց։ Կարո՞ղ է մարդն այնուհետև խուսափել չարից։ Երբ մարդը հասել է այս կետին, կարո՞ղ է նա այնուհետև հնազանդվել Աստծու գերիշխանությանն ու կարգավորմանը։ Արդյոք մարդն այնուհետև ի վիճակի՞ է հնազանդվելու Աստծու իշխանությանը։ Երբ Հոբի կամ Պետրոսի պես մարդիկ հասնում են իրենց ճանապարհի ավարտին, երբ կարելի է համարել, որ նրանց կյանքը հասել է հասունության, երբ նրանք իրական հասկացողություն ունեն Աստծու մասին, կարո՞ղ է արդյոք այնուհետև Սատանան դարձյալ հեռու տանել նրանց։ Կարո՞ղ է Սատանան այնուհետև դարձյալ զավթել նրանց։ Կարո՞ղ է Սատանան դարձյալ բռնի կերպով տիրել նրանց։ (Ո՛չ։) Ուստի ինչպիսի՞ մարդ է սա։ Արդյոք սա մեկն է, ով ամբողջությամբ ձեռք է բերվել Աստծու կողմի՞ց։ (Այո՛։) Իմաստի այս մակարդակում ինչպե՞ս եք տեսնում այս տեսակ մարդուն, որն ամբողջությամբ ձեռք է բերվել Աստծու կողմից։ Աստծու տեսանկյունից՝ այս հանգամանքներում Նա արդեն զավթել է այս մարդու սիրտը։ Բայց ի՞նչ է զգում այս մարդը։ Արդյոք ա՞յն, որ Աստծու խոսքը, Աստծու իշխանությունը և Աստծու ճանապարհը կյանք են դառնում մարդու ներսում, և որ այս կյանքն այնուհետև զավթում է մարդու ողջ էությունը՝ հնարավորություն տալով, որ այն բաները, որոնք նա կյանքով արտահայտում է, և նրա էությունը գոհացնեն Աստծուն։ Աստծու տեսանկյունից՝ մարդկության սիրտը հենց այս պահին զավթվա՞ծ է Նրա կողմից։ (Այո՛։) Ինչպե՞ս եք հիմա հասկանում իմաստի այս մակարդակը։ Արդյոք Աստծու Հոգի՞ն է զավթում քեզ։ (Ո՛չ, Աստծու խոսքն է զավթում մեզ։) Աստծու ճանապարհն ու Աստծու խոսքն են դարձել քո կյանքը, և ճշմարտությունն է դարձել քո կյանքը։ Այս ժամանակ մարդն այնուհետև ունենում է այն կյանքը, որը բխում է Աստծուց, բայց մենք չենք կարող ասել, որ այս կյանքն Աստծու կյանքն է։ Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող ասել, որ այն կյանքը, որը մարդը պետք է ստանա Աստծու խոսքից, Աստծու կյանքն է։ Ուստի, անկախ նրանից, թե որքան երկար է մարդը հետևում Աստծուն, անկախ նրանից, թե որքան խոսքեր է մարդը ստանում Աստծուց, մարդը երբեք չի կարող աստված դառնալ։ Նույնիսկ եթե մի օր Աստված ասեր՝ «Ես զավթել եմ քո սիրտը, դու այժմ ունես Իմ կյանքը», արդյոք այն ժամանակ կզգայի՞ր, թե դու աստված ես։ (Ո՛չ։) Ի՞նչ կդառնայիր այն ժամանակ։ Մի՞թե բացարձակ հնազանդություն չէիր ունենա Աստծու հանդեպ։ Մի՞թե քո սիրտը չէր լցվի այն կյանքով, որն Աստված շնորհել է քեզ։ Սա շատ բնականոն դրսևորում կլիներ այն բանի, ինչ տեղի է ունենում, երբ Աստված զավթում է մարդու սիրտը։ Սա փաստ է։ Ուստի այս իմաստով կարո՞ղ է արդյոք մարդն աստված դառնալ։ Երբ մարդն ի վիճակի է կյանքով արտահայտելու Աստծու խոսքերի իրականությունը և դառնում է մեկը, ով երկյուղում է Աստծուց և խուսափում չարից, կարո՞ղ է արդյոք մարդն այնուհետև ունենալ Աստծու կյանքի էությունը և սրբությունը։ Ամենևի՛ն։ Անկախ ժամանակից՝ վերջին հաշվով մարդը, միևնույնն է, մարդ է։ Դու արարած ես։ Երբ Աստծուց ստացել ես Աստծու խոսքը և ստացել ես Աստծու ճանապարհը, դու միայն ունես այն կյանքը, որը բխում է Աստծու խոսքերից, դու դառնում ես մեկը, ով հավանության է արժանանում Աստծու կողմից, բայց երբեք չես ունենա Աստծու կյանքի էությունը, առավել ևս՝ Աստծու սրբությունը։
Այժմ կվերադառնանք այն թեմային, որը հենց նոր քննարկեցինք։ Քիչ առաջ ձեզ մի հարց տվեցի՝ արդյոք Աբրահամը սո՞ւրբ է։ Հոբը սո՞ւրբ է։ (Ո՛չ։) Այս «սրբությունը» ներկայացնում է Աստծու էությունը և բնույթը, իսկ մարդկությանը դրանք խիստ պակասում են։ Մարդը չունի Աստծու էությունը կամ Աստծու բնույթը։ Նույնիսկ երբ մարդը փորձառաբար ապրել է Աստծու բոլոր խոսքերը և ունի դրանց իրականությունը, մարդը, միևնույնն է, երբեք չի կարող ունենալ Աստծու սուրբ էությունը․ մարդը մարդ է։ Հասկանո՞ւմ եք, այնպես չէ՞։ Այդ դեպքում հիմա ի՞նչ հասկացողություն ունեք այս արտահայտության վերաբերյալ՝ «Աստված զավթում է մարդու սիրտը»։ (Դա նշանակում է, որ Աստծու խոսքերը, Աստծու ճանապարհը և ճշմարտությունը դառնում են մարդու կյանքը։) Դուք անգիր եք արել այս խոսքերը։ Հուսով եմ, որ ավելի խորը հասկացողություն կունենաք։ Ոմանք գուցե հարցնեն՝ «Այդ դեպքում ինչո՞ւ ասել, որ Աստծու պատգամաբերներն ու հրեշտակները սուրբ չեն»։ Ի՞նչ եք մտածում այս հարցի մասին։ Գուցե նախկինում չեք մտածել դրա մասին։ Ես կբերեմ մի պարզ օրինակ․ երբ միացնում ես ռոբոտին, այն կարող է և՛ պարել, և՛ խոսել, և կարող ես հասկանալ, թե ինչ է ասում։ Գուցե անվանես նրան սիրունիկ և աշխույժ, բայց այն չի հասկանա, որովհետև կյանք չունի։ Երբ անջատում ես դրա հոսանքի աղբյուրը, այն դեռ կարո՞ղ է շարժվել։ Երբ այս ռոբոտը միացված է, կարող ես տեսնել, որ այն աշխույժ է ու սիրունիկ։ Դու գնահատական ես տալիս դրան, լինի դա հիմնավոր, թե մակերեսային, բայց ցանկացած դեպքում կարող ես տեսնել, որ այն շարժվում է։ Բայց երբ անջատում ես դրա հոսանքի աղբյուրը, դրա մեջ որևէ տեսակի անհատականություն տեսնո՞ւմ ես։ Տեսնո՞ւմ ես, որ այն որևէ տեսակի էություն ունի։ Հասկանո՞ւմ ես Իմ ասածի իմաստը։ Այսինքն՝ թեև այս ռոբոտը կարող է շարժվել և կանգ առնել, երբեք չէիր կարողանա ասել, որ այն որևէ տեսակի էություն ունի։ Մի՞թե սա փաստ չէ։ Այժմ այլևս չենք խոսի այս մասին։ Բավական է, որ ընդհանուր հասկացողություն ունենաք իմաստի վերաբերյալ։ Մեր հաղորդակցությունն ավարտենք այստեղ։ Ցտեսությո՛ւն։
17 դեկտեմբերի, 2013 թ.
Ծանոթագրություններ.
ա. «Գլխակապը սեղմող կախարդանքը» կախարդանք է, որը կիրառում է վանական Թան Սանցանը «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» չինարեն վեպում։ Նա կիրառում է այս կախարդանքը Սուն Ուքոնգին վերահսկելու համար՝ վերջինիս գլխին սեղմելով մետաղե գլխակապը, ինչը նրան սաստիկ գլխացավեր է պատճառում, և այդպիսով ենթարկեցնելով նրան։ Այն դարձել է փոխաբերություն՝ նկարագրելու համար մի բան, որը կաշկանդում է մարդուն։