Աստված Ինքը՝ Եզակին V
Աստծու սրբությունը (II)
Այսօր, եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք մի օրհներգ երգենք։ Գտե՛ք մեկը, որը ձեզ դուր է գալիս, և որը հաճախ եք երգում։ (Կերգենք Աստծու խոսքերի օրհներգը՝ «Մաքուր և անբասիր սեր»։)
1 Ինչպես ասել եմ, Ինձ հետևողները բազմաթիվ են, բայց Ինձ ճշմարտապես սիրողները՝ սակավաթիվ։ Գուցե ոմանք ասեն՝ «Եթե Քեզ չսիրեի, այդքան մեծ գին կվճարեի՞ արդյոք։ Եթե Քեզ չսիրեի, արդյոք մինչև հիմա կհետևեի՞»։ Անշուշտ, շատ պատճառներ ունես, և քո սերը շատ մեծ է, բայց որտե՞ղ է Իմ հանդեպ քո սիրո էությունը։ «Սեր» ասվածը մաքուր և անբասիր կապվածություն է, երբ սրտով ես սիրում, զգում և հոգատարություն ցուցաբերում։ Սիրո մեջ չկան պայմաններ, արգելքներ և հեռավորություն։ Սիրո մեջ չկա կասկած, խաբեություն և խորամանկություն։ Սիրո մեջ չկան գործարքներ, և բացարձակապես չկան կեղծիքներ։ Եթե սեր ունես, ապա չես խաբի, չես տրտնջա, չես դավաճանի, չես ըմբոստանա, չես պահանջի, չես ձգտի որևէ բան կամ որոշակի չափով որևէ բան շահել։ Եթե սեր ունես, ապա ուրախությամբ կնվիրաբերես քեզ և ուրախությամբ նեղություն կկրես, համատեղելի կլինես Ինձ հետ և Ինձ համար կլքես այն ամենը, ինչ ունես՝ լքելով ընտանիքդ, ապագադ, երիտասարդությունդ և ամուսնությունդ։ Հակառակ դեպքում քո սերն ամենևին էլ սեր չէր լինի, այլ՝ նենգություն և դավաճանություն։
2 Ինչպիսի՞ն է քո սերը։ Արդյոք այն ճշմարի՞տ սեր է։ Թե՞ կեղծ։ Որքա՞ն բան ես լքել։ Որքա՞ն ես ընծայել։ Որքա՞ն սեր եմ Ես ստացել քեզանից։ Գիտե՞ս արդյոք։ Ձեր սրտերը լի են չարիքով, դավաճանությամբ և նենգությամբ․ ուրեմն որքա՞ն խառնուրդ կա ձեր սիրո մեջ։ Կարծում եք, թե արդեն բավականաչափ բաների՞ց եք հրաժարվել Ինձ համար, կարծում եք, թե Իմ հանդեպ ձեր սերն արդեն բավակա՞ն է։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են ձեր խոսքերն ու արարքները միշտ ըմբոստություն և նենգություն պարունակում։ Հետևում եք Ինձ, սակայն չեք ընդունում Իմ խոսքը։ Մի՞թե սա սեր է։ Հետևում եք Ինձ, սակայն հետո մերժում եք Ինձ։ Մի՞թե սա սեր է։ Հետևում եք Ինձ, սակայն չեք վստահում Ինձ։ Մի՞թե սա սեր է։ Հետևում եք Ինձ, սակայն չեք կարողանում ընդունել Իմ գոյությունը։ Մի՞թե սա սեր է։ Հետևում եք Ինձ, սակայն Ինձ չեք վերաբերվում այնպես, ինչպես վայել է Իմ ով լինելուն, և ամեն քայլափոխի դժվարություններ եք ստեղծում Ինձ համար։ Մի՞թե սա սեր է։ Հետևում եք Ինձ, սակայն փորձում եք հիմարացնել Ինձ և խաբել Ինձ ամեն հարցում։ Մի՞թե սա սեր է։
3 Ծառայում եք Ինձ, սակայն չեք սարսափում Ինձնից։ Մի՞թե սա սեր է։ Հակառակվում եք Ինձ բոլոր առումներով և բոլոր հարցերում։ Մի՞թե այս ամենը սեր է։ Ճիշտ է, շատ բան եք նվիրաբերել, սակայն երբեք չեք կիրառել այն, ինչ Ես պահանջում եմ ձեզանից։ Մի՞թե սա կարող է սեր լինել։ Իմ հանդեպ սիրո նշույլ իսկ չունեք։ Այսքան տարիների գործից և Իմ տված այսքան խոսքերից հետո իրականում որքա՞ն բան եք ձեռք բերել։ Մի՞թե սա արժանի չէ ուշադիր հետադարձ հայացքի։ Հորդորում եմ ձեզ՝ նրանք, ում Ես կանչում եմ Ինձ մոտ, նրանք չեն, ովքեր երբեք չեն ապականվել. ընդհակառակը` նրանք, ում Ես ընտրում եմ, ճշմարտապես Ինձ սիրողներն են։ Հետևաբար պետք է զգոն լինեք ձեր խոսքերում ու գործերում և քննեք ձեր մտադրություններն ու մտքերը, որպեսզի դրանք սահմանը չանցնեն։ Վերջին օրերին առավելագո՛ւյնս ջանացեք՝ ձեր սերն Իմ առջև մատուցելու համար, այլապես Իմ ցասումը երբե՛ք չի հեռանա ձեզանից։
— «Խոսքը», հատոր 1․ Աստծու հայտնվելը և գործը։ Կանչվածները բազմաթիվ են, ընտրվածները՝ սակավաթիվ։
Այս օրհներգը լավ ընտրություն էր։ Բոլորդ սիրո՞ւմ եք երգել այն։ Ի՞նչ եք զգում այն երգելուց հետո։ Կարողանո՞ւմ եք արդյոք զգալ, որ ճշմարիտ սեր ունեք Աստծու հանդեպ։ (Դեռ ո’չ։) Դրա ո՞ր խոսքերն են քո մեջ ամենախոր զգացմունքներն արթնացնում։ («Սիրո մեջ չկան պայմաններ, արգելքներ և հեռավորություն։ Սիրո մեջ չկա կասկած, խաբեություն և խորամանկություն։ Սիրո մեջ չկան գործարքներ, և բացարձակապես չկան կեղծիքներ»։ Բայց իմ ներսում դեռ շատ կեղծիքներ եմ տեսնում, և Աստծու հետ գործարքներ կնքելու ցանկության շատ տարրեր։ Ես իսկապես չեմ հասել այնպիսի սիրո, որը մաքուր է և անբասիր։) Եթե չես հասել մաքուր և անբասիր սիրո, ապա ո՞րն է քո սիրո աստիճանը։ (Ես ընդամենն այն փուլում եմ, երբ պատրաստակամ եմ ձգտելու, երբ փափագում եմ։) Ելնելով քո իսկ հասակից և խոսելով քո սեփական փորձառությունից՝ ի՞նչ աստիճանի ես հասել։ Ունե՞ս արդյոք նենգություն։ Ունե՞ս արդյոք դժգոհություններ։ Սրտումդ դեռ պահանջներ ունե՞ս արդյոք։ Դեռ Աստծուց ինչ-որ բաներ խնդրում և ցանկանո՞ւմ ես արդյոք։ (Այո՛, ունեմ այս կեղծիքներն իմ ներսում։) Ի՞նչ հանգամանքներում են դրանք ի հայտ գալիս։ (Երբ Աստծու կողմից ինձ համար դասավորված իրավիճակը չի համապատասխանում իմ պատկերացումներին, կամ երբ իմ ցանկությունները չեն իրականանում, նման պահերին բացահայտում եմ այսպիսի ապականված խառնվածք։) Թայվանից եկած եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք նո՞ւյնպես հաճախ եք երգում այս օրհներգը։ Կարո՞ղ եք մի փոքր խոսել այն մասին, թե ինչպես եք հասկանում «մաքուր և անբասիր սերը»։ Ինչո՞ւ է Աստված սերն այսպես սահմանում։ (Ինձ շատ է դուր գալիս այս օրհներգը, որովհետև դրանից իսկապես կարող եմ տեսնել, որ այս սերը կատարյալ սեր է։ Սակայն դեռ բավականին երկար ճանապարհ ունեմ անցնելու՝ այդ չափանիշին համապատասխանելու համար, և դեռ շատ հեռու եմ ճշմարիտ սիրո հասնելուց։ Կան որոշ բաներ, որոնցում կարողացել եմ Աստծու խոսքերի տված ուժի և աղոթքի միջոցով իմ համագործակցության մեջ ձգտել դեպի վեր։ Սակայն, երբ բախվում եմ որոշակի փորձությունների կամ բացահայտվում եմ, զգում եմ, որ ապագա կամ ճակատագիր չունեմ, որ նշանակության վայր չունեմ։ Նման պահերին ինձ շատ թույլ եմ զգում, և այս խնդիրը հաճախ անհանգստացնում է ինձ։) Ի վերջո, ի՞նչ նկատի ունես, երբ ասում ես «ապագա և ճակատագիր»։ Արդյոք որևէ կոնկրետ բա՞ն նկատի ունես։ Արդյոք դա մի պատկե՞ր է կամ մի բան, որը երևակայե՞լ ես, թե՞ իրականում տեսել ես այս «ապագան և ճակատագիրը»։ Արդյոք դա իրական առարկա՞ է։ Ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մտածի դրա մասին․ կոնկրետ ինչի՞ն են վերաբերում այն ապագան ու ճակատագիրը, որոնցով մտահոգված եք։ (Փրկվել կարողանալուն, որպեսզի կարողանամ ողջ մնալ։) Մյուս եղբայրնե՛ր և քույրե՛ր, դուք նույնպես մի փոքր խոսե՛ք «մաքուր և անբասիր սիրո» ձեր հասկացողության մասին։ (Դա նշանակում է չաղտոտվել անձնական կեղծիքներով, չկաշկանդվել սեփական ապագայով և ճակատագրով, և անկախ նրանից, թե Աստված ինչպես է վերաբերվում քեզ, կարողանալ ամբողջ սրտով հնազանդվել Աստծու գործին, հնազանդվել Նրա ներդաշնակեցումներին և մինչև վերջ հետևել Նրան։ Միայն Աստծու հանդեպ այսպիսի սերն է մաքուր և անբասիր սեր։ Ինքս ինձ դրա հետ համեմատելով՝ հայտնաբերել եմ, որ թեև Աստծուն հավատալու այս մի քանի տարիների ընթացքում արտաքուստ ծախսվել եմ և որոշ բաներ եմ լքել, սակայն չեմ կարողացել իսկապես իմ սիրտը տալ Նրան։ Երբ բացահայտվում եմ Աստծու կողմից, զգում եմ, որ չեմ կարող փրկվել, և այդ ժամանակ ապրում եմ բացասական վիճակում։ Տեսնում եմ, որ իմ պարտավորությունը կատարելիս փորձում եմ գործարքներ կնքել Աստծու հետ՝ անկարող լինելով ամբողջ սրտով սիրել Աստծուն և միշտ մտահոգված լինելով իմ նշանակության վայրով, ապագայով և ճակատագրով։) Կարծես թե բոլորդ որոշակիորեն ըմբռնել եք այս օրհներգը և որոշակի կապեր եք ստեղծել դրա և ձեր փաստացի փորձառությունների միջև։ Սակայն ձեր ըմբռնման աստիճանները տարբեր են, երբ խոսքը վերաբերում է «Մաքուր և անբասիր սեր» օրհներգի յուրաքանչյուր արտահայտությանը։ Ոմանք կենտրոնանում են իրենց նվիրաբերելու և տառապանք կրելու պատրաստակամության վրա, ոմանք կենտրոնանում են իրենց ապագան թողնելու ձգտման վրա, ոմանք ձգտում են թողնել իրենց ընտանիքները, իսկ ոմանք էլ չեն ձգտում որևէ բան շահել։ Մյուսներն իրենք իրենցից պահանջում են չունենալ նենգություն, դժգոհություններ կամ ըմբոստություն։ Ուրեմն ինչո՞ւ պետք է Աստված բարձրացներ այսպիսի սիրո հարցը և պահանջեր, որ մարդիկ Իրեն այսպես սիրեն։ Արդյոք մարդիկ կարո՞ղ են հասնել այսպիսի սիրո։ Այսինքն՝ հնարավո՞ր է արդյոք, որ մարդիկ հասնեն այսպիսի սիրո։ Մարդկանց աչքում դա կարող է անհնարին թվալ, որովհետև այս սիրո նույնիսկ չնչին մասը չունեն։ Այն հանգամանքներում, երբ մարդիկ չունեն դա և պարզապես չգիտեն, թե ինչ է սերը, Աստված ասում է այս խոսքերը, և այս խոսքերն անծանոթ են մարդկանց։ Քանի որ մարդիկ ապրում են այս աշխարհում և ապականված խառնվածքների մեջ, եթե մարդիկ այս տեսակ սեր ունենային, կամ եթե որևէ մարդ այս տեսակ սեր ունենար՝ չունենալով ոչ մի պահանջ, չձգտելով որևէ բան շահել, պատրաստակամ լինելով նվիրաբերել իրեն ու տառապանք կրել և հրաժարվել իր ունեցած ամեն ինչից, ապա ի՞նչ կմտածեին նրա մասին մյուս մարդիկ։ Մի՞թե այդպիսի մարդը կատարյալ չէր լինի։ (Այո՛։) Այդպիսի կատարյալ մարդ գոյություն ունի՞ արդյոք այս աշխարհում։ Այս տեսակ մարդ պարզապես գոյություն չունի այս աշխարհում։ Սա բացարձակ փաստ է։ Հետևաբար որոշ մարդիկ իրենց փորձառությունների ընթացքում մեծ ջանքեր են գործադրում՝ իրենց այս խոսքերի հետ համեմատելու համար։ Էտում են իրենց, զսպում են իրենց և նույնիսկ մշտապես ըմբոստանում են իրենք իրենց դեմ՝ ստիպելով իրենց տառապանք կրել և փորձելով մի կողմ դնել իրենց պատկերացումները, ըմբոստությունը և սեփական ցանկություններն ու պահանջները։ Բայց ի վերջո, երբ համեմատում են իրենց այս խոսքերի հետ, նրանք դեռ չեն հասել այսպիսի սիրո։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Աստված ասում է այս բաները՝ մարդկանց համար չափանիշ սահմանելու նպատակով, որպեսզի մարդիկ իմանան, թե որն է Աստծու պահանջած չափանիշն իրենց համար։ Բայց արդյոք Աստված երբևէ ասո՞ւմ է, որ մարդիկ պետք է անմիջապես հասնեն դրան։ Արդյոք Աստված երբևէ ասո՞ւմ է, որ մարդիկ պետք է դրան հասնեն որոշակի ժամանակահատվածում։ (Ո՛չ։) Ուրեմն արդյոք Աստված երբևէ ասո՞ւմ է, որ մարդիկ պետք է այսպիսի սիրով սիրեն Իրեն։ Արդյոք տեքստի այս հատվածում այդպե՞ս է ասվում։ Ո՛չ, չի ասվում։ Աստված պարզապես ասում է մարդկանց, թե ինչին է վերաբերում այն սերը, որի մասին Նա խոսում է։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մարդիկ ի վիճակի են Աստծուն այսպիսի սիրով սիրելու և վերաբերվելու, ի՞նչ է Աստված պահանջում մարդկանցից։ Նա չի պահանջում, որ մարդիկ դրան հասնեն ակնթարթորեն, միանգամից, որովհետև դա վեր կլիներ նրանց ուժերից։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսի պայմանների պետք է բավարարի մարդը՝ այսպիսի սիրո հասնելու համար։ Արդյոք այնպե՞ս է, որ եթե հաճախակի կարդան այս խոսքերը, աստիճանաբար ձեռք կբերեն այսպիսի սեր։ (Ո՛չ։) Ապա որո՞նք են պայմանները։ Նախ՝ ինչպե՞ս կարող է մարդն ազատվել Աստծու հանդեպ կասկածներից։ (Դրան հասնելու համար պետք է ազնիվ մարդ լինել։) Իսկ ի՞նչ կասեք նենգությունից զերծ լինելու մասին։ (Նույնպես պետք է ազնիվ մարդ լինել։) Իսկ ի՞նչ կասեք նրա մասին, որ պետք չէ փորձել Աստծու հետ գործարքներ կնքել։ Նույնպես պետք է ազնիվ մարդ լինել։ Իսկ ի՞նչ կասեք խորամանկությունից զերծ լինելու մասին։ Ի՞նչ է նշանակում սիրո մեջ սեփական ընտրություն չկատարելը։ Մի՞թե այս բոլոր բաները չեն վերաբերում ազնիվ մարդ լինելուն։ Այստեղ շատ մանրամասներ կան։ Ի՞նչ է ապացուցվում նրանով, որ Աստված բարձրացնում է այսպիսի սիրո հարցը, կամ որ Աստված այսպես է սահմանում սերը և այսպես է նկարագրում այն։ Կարելի՞ է արդյոք ասել, որ Աստված ունի այսպիսի սեր։ (Այո՛։) Որտե՞ղ կարող եք դա տեսնել։ (Այն սիրո մեջ, որն Աստված ունի մարդկության հանդեպ։) Արդյոք Աստծու սերը մարդու հանդեպ պայմանակա՞ն է։ Աստծու կողմից արդյոք կա՞ն որևէ արգելքներ կամ հեռավորություն Իր և մարդու միջև։ Արդյոք Աստված կասկածներ ունի՞ մարդու վերաբերյալ։ (Ո՛չ։) Աստված զննում է մարդուն և հասկանում է մարդուն․ Նա իսկապես հասկանում է մարդուն։ Արդյոք Աստված նենգությո՞ւն է տածում մարդու հանդեպ։ (Ո՛չ։) Քանի որ Աստված այսքան կատարյալ կերպով է խոսում սիրո մասին, արդյոք Նրա սիրտը և Նրա էությունը նո՞ւյնպես այսքան կատարյալ են։ (Այո՛։) Անշուշտ, այդպես է․ երբ մարդիկ իրենց փորձառությունների ընթացքում հասնում են որոշակի կետի, կարող են զգալ դա։ Արդյոք որևէ մարդ երբևէ այսպե՞ս է սահմանել սերը։ Ի՞նչ հանգամանքներում են մարդիկ սահմանում սերը։ Ինչպե՞ս են մարդիկ նկարագրում սերը։ Մի՞թե այն չեն նկարագրում տալու կամ ինքն իրեն նվիրաբերելու տեսանկյունից։ (Այո՛։) Սա սիրո պարզունակ նկարագրություն է. դրա մեջ ոչ մի էություն չկա։
Աստծու կողմից սիրո սահմանումը և Աստծու կողմից սիրո նկարագրությունը կապված են Նրա էության մի կողմի հետ։ Ո՞ր կողմն է դա։ Անցյալ անգամ հաղորդակցվեցինք մի շատ կարևոր թեմայի շուրջ՝ մի թեմայի, որը մարդիկ նախկինում հաճախ են քննարկել։ Այս թեման բաղկացած է մի բառից, որի մասին Աստծուն հավատալու ընթացքում հաճախ է խոսվում, և այնուամենայնիվ դա մի բառ է, որը բոլորին և՛ ծանոթ, և՛ անծանոթ է թվում։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Դա մի բառ է, որը գալիս է մարդկային լեզուներից, սակայն մարդկանց շրջանում դրա սահմանումը և՛ հստակ է, և՛ անորոշ։ Ո՞րն է այս բառը։ (Սրբություն։) Սրբություն․ սա էր մեր թեման, երբ հաղորդակցվեցինք անցյալ անգամ։ Հաղորդակցվեցինք այս թեմայի մի մասի շուրջ։ Մեր անցյալ հաղորդակցության միջոցով արդյոք բոլո՞րը ձեռք բերեցին որոշակի բոլորովին նոր հասկացողություն Աստծու սրբության էության վերաբերյալ։ Այս հասկացողության ո՞ր կողմերն եք նոր համարում։ Այսինքն՝ այս հասկացողության կամ այդ խոսքերի մեջ ի՞նչն էր, որ ձեզ ստիպեց զգալ, որ Աստծու սրբության մասին ձեր հասկացողությունը տարբերվում կամ շեղվում էր Աստծու սրբությունից, որի մասին Ես խոսեցի հաղորդակցության ժամանակ։ Ունե՞ք արդյոք որևէ տպավորություն այս մասին։ (Աստված ասում է այն, ինչ զգում է Իր սրտում․ Նրա խոսքերն անարատ են։ Սա սրբության դրսևորումներից մեկն է։) (Երբ Աստված ցասումնալից է մարդու հանդեպ, Նրա ցասումը նույնպես սուրբ է և անբասիր։) (Ինչ վերաբերում է Աստծու սրբությանը, հասկանում եմ, որ Նրա արդար բնույթի մեջ կա և՛ Նրա ցասումը, և՛ Նրա ողորմությունը։ Սա շատ ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա։ Նշվեց նաև, որ Աստծու արդար բնույթը եզակի է. նախկինում ես սա չէի հասկանում։ Միայն լսելով այն, ինչի մասին Աստված հաղորդակցվել էր, հասկացա, որ Աստծու ցասումը տարբերվում է մարդկային բարկությունից։ Աստծու ցասումը դրական բան է, և այն սկզբունքային է․ այն ի հայտ է գալիս Աստծու ներհատուկ էության պատճառով։ Աստված տեսնում է ինչ-որ բացասական բան և ուստի արձակում է Իր ցասումը։ Սա մի բան է, որը չունի ոչ մի արարած։) Այսօրվա մեր թեման Աստծու սրբությունն է։ Մարդիկ բոլորը որոշ բաներ լսել և սովորել են Աստծու արդար բնույթի մասին։ Ավելին՝ շատերը հաճախ միաժամանակ են խոսում Աստծու սրբության և Աստծու արդար բնույթի մասին․ ասում են, որ Աստծու արդար բնույթը սուրբ է։ «Սուրբ» բառը ոչ ոքի անծանոթ չէ․ այն լայնորեն գործածվող բառ է։ Բայց ինչ վերաբերում է այդ բառի իմաստներին, Աստծու սրբության ի՞նչ դրսևորումներ են մարդիկ ի վիճակի տեսնելու հենց Իր՝ Աստծու մեջ։ Աստծուց ի՞նչ է բացահայտվել, որ մարդիկ կարող են ճանաչել։ Վախենամ՝ սա մի բան է, որ ոչ ոք չգիտի։ Աստծու բնույթն արդար է, բայց եթե վերցնես Աստծու արդար բնույթը և ասես, որ այն սուրբ է, դա մի փոքր անորոշ, մի փոքր խճճված է թվում․ ինչո՞ւ է այսպես։ Ասում ես, որ Աստծու բնույթն արդար է, կամ ասում ես, որ Նրա արդար բնույթը սուրբ է, ուստի ձեր սրտերում ինչպե՞ս եք բնորոշում Աստծու սրբությունը, ինչպե՞ս եք հասկանում այն։ Այսինքն՝ ի՞նչը մարդիկ կճանաչեին որպես սուրբ՝ ելնելով նրանից, ինչ բացահայտվել է Աստծուց, կամ նրանից, ինչ Նա ունի և է։ Նախկինում մտածե՞լ եք արդյոք այս մասին։ Իմ տեսածն այն է, որ մարդիկ հաճախ արտասանում են լայնորեն գործածվող բառեր կամ հաճախ հնչող արտահայտություններ և նույնիսկ չգիտեն, թե ինչ են ասում։ Պարզապես բոլորն այդպես են ասում և ասում են դա սովորության համաձայն, ուստի դա նրանց համար դառնում է կայուն բառակապակցություն։ Սակայն եթե մարդիկ հանգամանորեն հետազոտեին և ուսումնասիրեին մանրամասները, ոչ ոք չէր իմանա, թե որն է իրական իմաստը կամ ինչին է այն վերաբերում։ Ճիշտ ինչպես «սուրբ» բառը, ոչ ոք հստակ չգիտի, թե Աստծու էության որ կողմին է հղում արվում՝ կապված Նրա սրբության հետ, որի մասին խոսում են, և ոչ ոք չգիտի, թե ինչպես է «սուրբ» բառը դրսևորվում Աստծու մեջ։ Մարդիկ իրենց սրտերում շփոթված են և պարզապես անորոշ կերպով հավատում են, որ Աստված սուրբ է։ Իսկ թե ինչպես է Աստված սուրբ, ոչ ոքի համար այնքան էլ պարզ չէ։ Այսօր կհաղորդակցվենք այս թեմայի շուրջ, որպեսզի տեսնենք, թե ինչպես է «սուրբ» բառը դրսևորվում Աստծու մեջ, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել Աստծու սրբության էության իրական բովանդակությունը։ Սա կկանխի, որ ոմանք հաճախ անփութորեն օգտագործեն այս բառը և հաճախ պատահական բաներ ասեն՝ չիմանալով, թե ինչ են դրանք նշանակում կամ արդյոք ճիշտ են և ճշգրիտ։ Մարդիկ միշտ այսպես են խոսել․ դու ես այդպես խոսել, նա է այդպես խոսել, և այսպիսով դա դարձել է խոսելաձև։ Սա ակամա արատավորում է նման եզրույթը։
Արտաքուստ թվում է, թե «սուրբ» բառը շատ հեշտ է հասկանալ, այնպես չէ՞։ Մարդիկ առնվազն հավատում են, որ «սուրբ» բառը նշանակում է մաքուր, անաղարտ, սրբազան և անխառն։ Կամ, ճիշտ ինչպես ավելի վաղ ձեր երգած «Մաքուր և անբասիր սեր» օրհներգի դեպքում, կան մարդիկ, որոնք «սրբությունը» կապում են «սիրո» հետ։ Սրա հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Աստծու սերը Նրա էության մի մասն է, բայց ոչ ամբողջությունը։ Սակայն երբ մարդիկ տեսնում են բառն իր բառացի իմաստով, իրենց պատկերացումներում հաճախ այն կապում են այնպիսի բաների հետ, որոնք մաքուր և անխառն են համարում, կամ այն բաների հետ, որոնք անձամբ երևակայում են որպես այսպես կոչված «անպիղծ բաներ» կամ «անաղարտ բաներ»։ Օրինակ՝ որոշ մարդիկ ասել են, որ լոտոսի ծաղիկը մաքուր է, և որ այն անբասիր է ծաղկում կեղտոտ տիղմի միջից։ Ուստի մարդիկ սկսեցին «սուրբ» բառը կիրառել լոտոսի ծաղկի նկատմամբ։ Ոմանք էլ հորինված սիրո պատմություններն են սուրբ համարում կամ կարող են որոշ գեղարվեստական, մեծ կերպարների սուրբ համարել։ Ոմանք նույնիսկ սուրբ են համարում այնպիսի անձանց՝ Աստվածաշնչում կամ հոգևոր գրքերում արձանագրված հոգևոր փորձառությունները, ինչպիսիք են սրբերը, առաքյալները կամ ուրիշներ, որոնք ժամանակին հետևել են Աստծուն, մինչ Նա կատարում էր Իր գործը։ Սրանք բոլորը մարդկային երևակայություններ և պատկերացումներ են։ Ինչո՞ւ են մարդիկ այսպիսի պատկերացումներ ունենում։ Պատճառը շատ պարզ է․ որովհետև մինչ մարդիկ ապրում են ապականված խառնվածքների մեջ և բնակվում են չարիքի ու աղտեղության աշխարհում, այն ամենը, ինչ տեսնում են, այն ամենը, ինչին դիպչում են, այն ամենը, ինչ փորձառաբար ապրում են, Սատանայի չարասիրությունն ու ապականությունն է, ինչպես նաև այն խարդավանքները, երկպառակությունն ու պատերազմը, որոնք տեղի են ունենում մարդկանց միջև Սատանայի ազդեցության տակ։ Հետևաբար, նույնիսկ երբ Աստված Իր գործն է կատարում մարդկանց վրա և նույնիսկ երբ խոսում է նրանց հետ և բացահայտում Իր բնույթն ու էությունը, նրանք ի վիճակի չեն տեսնելու կամ ճանաչելու Աստծու սրբությունն ու էությունը։ Մարդիկ հաճախ ասում են, որ Աստված սուրբ է, բայց ճշմարիտ հասկացողություն չունեն․ պարզապես դատարկ խոսքեր են ասում։ Մարդիկ ապրում են աղտեղության, ապականության մեջ, Սատանայի իշխանության տակ, չեն կարողանում տեսնել լույսը և չգիտեն, թե որոնք են դրական բաներն ու դրական երևույթները, առավել ևս՝ ինչ է ճշմարտությունը, ուստի ոչ ոք ճշմարտապես չգիտի, թե ինչ է նշանակում «սուրբ»։ Այդ դեպքում այս ապականված մարդկության մեջ կա՞ն արդյոք որևէ սուրբ բաներ կամ սուրբ մարդիկ։ Կարող ենք վստահաբար ասել՝ ո՛չ, չկան, որովհետև միայն Աստծու էությունն է սուրբ։
Անցյալ անգամ հաղորդակցվեցինք Աստծու էության սուրբ լինելու վերաբերյալ բովանդակության մի մասի շուրջ։ Սա որոշակիորեն ոգեշնչեց մարդկանց՝ Աստծու սրբության մասին ճանաչողություն ձեռք բերելու համար, սակայն դա բավարար չէ։ Այն չի կարող բավարար չափով հնարավորություն տալ մարդկանց լիովին ճանաչելու Աստծու սրբությունը կամ հասկանալու, որ Աստծու սրբությունը եզակի է, առավել ևս՝ հասկանալու սրբության ճշմարիտ իմաստի այն կողմը, որը լիովին մարմնավորված է Աստծու մեջ։ Հետևաբար անհրաժեշտ է, որ շարունակենք մեր հաղորդակցությունն այս թեմայի շուրջ։ Անցյալ անգամ մեր հաղորդակցությունն անդրադարձավ երեք թեմայի, ուստի այժմ պետք է հաղորդակցվենք չորրորդի շուրջ։ Կսկսենք Սուրբ Գրքից կարդալով։
Սատանայի փորձությունը
Մատթեոս 4:1-4 Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղցեց։ Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։
Սրանք այն խոսքերն են, որոնցով դևն առաջին անգամ փորձեց գայթակղել Տեր Հիսուսին։ Ո՞րն է դևի ասածի բովանդակությունը։ («Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։) Դևի ասած այս խոսքերը բավականին պարզ են, բայց արդյոք դրանց էության մեջ խնդիր կա՞։ Դևն ասաց՝ «Եթե Աստծու որդին ես», բայց իր սրտում գիտե՞ր արդյոք, թե՞ չգիտեր, որ Հիսուսն Աստծու Որդին է։ Գիտե՞ր արդյոք, թե՞ չգիտեր, որ Նա Քրիստոսն է։ (Գիտեր։) Ապա ինչո՞ւ ասաց՝ «Եթե ․․․ ես»։ (Փորձում էր գայթակղել Աստծուն։) Ո՞րն էր նրա նպատակն այդպես վարվելիս։ Նա ասաց՝ «Եթե Աստծու որդին ես»։ Իր սրտում գիտեր, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է, իր սրտում շատ հստակ գիտեր այդ մասին, բայց որքան էլ հստակ իմանար, արդյոք հնազանդվե՞ց Նրան և երկրպագե՞ց Նրան։ (Ո՛չ։) Ի՞նչ էր նա ուզում անել։ Ուզում էր օգտագործել այս մեթոդն ու այս խոսքերը՝ Տեր Հիսուսին զայրացնելու համար, և ապա հրապուրելով Նրան՝ իր ծուղակը գցել՝ Տեր Հիսուսին ստիպելով գործել իր մտադրություններին համապատասխան։ Մի՞թե սա չէր դևի խոսքերի տակ թաքնված իմաստը։ Իր սրտում Սատանան հստակ գիտեր, որ սա Տեր Հիսուս Քրիստոսն է, բայց, այդուհանդերձ, ասաց այս խոսքերը։ Մի՞թե սա Սատանայի բնությունը չէ։ Ո՞րն է Սատանայի բնությունը։ (Խորամանկ, չարասեր լինելը և Աստծուց երկյուղ չունենալը։) Ի՞նչ հետևանքներ կառաջանային Աստծուց երկյուղ չունենալուց։ Մի՞թե դա այն չէր, որ նա ուզում էր հարձակվել Աստծու վրա։ Ուզում էր օգտագործել այս մեթոդը՝ Աստծու վրա հարձակվելու համար, և ապա ասաց․ «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ Մի՞թե սա Սատանայի չարագույժ մտադրությունը չէ։ Իրականում ի՞նչ էր նա փորձում անել։ Նրա նպատակը շատ ակնհայտ է․ փորձում էր օգտագործել այս մեթոդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի կարգավիճակն ու ինքնությունը ժխտելու համար։ Այդ խոսքերով Սատանան նկատի ուներ հետևյալը. «Եթե Աստծու որդին ես, այս քարերը հա՛ց դարձրու։ Եթե չես կարող դա անել, ուրեմն Աստծու որդին չես, ուստի այլևս չպետք է կատարես Քո գործը»։ Այդպես չէ՞։ Նա ուզում էր օգտագործել այս մեթոդը՝ Աստծու վրա հարձակվելու համար, ուզում էր քանդել և ոչնչացնել Աստծու գործը․ սա է Սատանայի չարասրտությունը։ Նրա չարասրտությունը նրա բնության բնական արտահայտությունն է։ Թեև նա գիտեր, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է՝ մարմնացած Աստված Ինքը, չէր կարող չանել նման բան՝ թիկունքից կրնկակոխ հետևելով Աստծուն, շարունակելով հարձակվել Նրա վրա և անխոնջ կերպով խանգարել ու խափանել Աստծու գործը։
Արդ, եկեք մանրամասն վերլուծենք Սատանայի արած այս արտահայտությունը՝ «Ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ Քարերը հաց դարձնելը որևէ իմաստ ունի՞ արդյոք։ Եթե ուտելիք կա, ինչո՞ւ չուտել։ Ինչո՞ւ է պետք քարերն ուտելիք դարձնել։ Մի՞թե սա անիմաստ չէ։ Թեև Նա այդ ժամանակ ծոմ էր պահում, մի՞թե Տեր Հիսուսն ուտելիք չուներ։ (Ուներ։) Ուստի այստեղ կարող ենք տեսնել Սատանայի խոսքերի անհեթեթությունը։ Չնայած Սատանայի ողջ նենգամտությանն ու չարասրտությանը՝ մենք, միևնույնն է, կարող ենք տեսնել նրա անհեթեթությունն ու անմտությունը։ Երբ Սատանան որոշակի բաներ է անում, կարող ես տեսնել նրա չարասիրտ բնությունը, կարող ես տեսնել, որ այնպիսի բաներ է անում, որոնք խափանում են Աստծու գործը, և զգում ես, որ դա ատելի է ու զայրացուցիչ։ Բայց, մյուս կողմից, մի՞թե նրա խոսքերի ու գործերի հետևում մանկամիտ, ծիծաղելի բնություն չես տեսնում։ Սա Սատանայի բնության դրսևորումն է․ քանի որ նա այսպիսի բնություն ունի, նման բաներ կանի։ Այսօրվա մարդկանց համար Սատանայի այս խոսքերն անհեթեթ են ու ծիծաղելի։ Բայց Սատանան իսկապես ունակ է նման խոսքեր արտասանելու։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ նա տգետ է ու անմիտ։ Սատանայի չարասիրությունն ամենուր է և մշտապես դրսևորվում է։ Իսկ ինչպե՞ս Տեր Հիսուսը պատասխանեց նրան։ («Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից»։) Արդյոք այս խոսքերը որևէ զորություն ունե՞ն։ (Ունեն։) Ինչո՞ւ ենք ասում, որ դրանք զորություն ունեն։ Որովհետև այս խոսքերը ճշմարտությունն են։ Արդ, մի՞թե մարդ միայն հացով է ապրում։ Տեր Հիսուսը ծոմ պահեց քառասուն օր ու քառասուն գիշեր։ Մի՞թե Նա սովամահ եղավ։ Նա սովամահ չեղավ, ուստի Սատանան մոտեցավ Նրան՝ դրդելով Նրան քարերն ուտելիք դարձնել՝ ասելով այնպիսի բաներ, ինչպես օրինակ՝ «Եթե քարերն ուտելիք դարձնես, մի՞թե ուտելու բան չես ունենա։ Մի՞թե այն ժամանակ ստիպված չես լինի ծոմ չպահել, ստիպված չես լինի քաղցած մնալ»։ Բայց Տեր Հիսուսն ասաց՝ «Ոչ միայն հացով է ապրում մարդ», ինչը նշանակում է, որ թեև մարդն ապրում է ֆիզիկական մարմնում, ուտելիքը չէ, որ թույլ է տալիս նրա ֆիզիկական մարմնին ապրել ու շնչել, այլ Աստծու բերանից արտասանված յուրաքանչյուր խոսքը։ Մի կողմից՝ այս խոսքերը ճշմարտությունն են․ դրանք մարդկանց հավատ են տալիս՝ ստիպելով նրանց զգալ, որ կարող են ապավինել Աստծուն, և որ Նա ճշմարտությունն է։ Մյուս կողմից՝ արդյոք այս խոսքերն ունե՞ն գործնական կողմ։ Մի՞թե Տեր Հիսուսը քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո դեռ կանգնած չէր, դեռ ողջ չէր։ Մի՞թե սա իրական օրինակ չէ։ Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ոչ մի ուտելիք չէր կերել, և, այնուամենայնիվ, դեռ ողջ էր։ Սա հզոր ապացույց է, որը հաստատում է Նրա խոսքերի ճշմարտացիությունը։ Այս խոսքերը պարզ են, բայց ինչ վերաբերում է Տեր Հիսուսին, արդյոք Նա դրանք ասաց միայն այն ժամանակ, երբ Սատանան փորձե՞ց Նրան, թե՞ դրանք արդեն բնականորեն Նրա մի մասն էին։ Այլ կերպ ասած՝ Աստված ճշմարտությունն է, և Աստված կյանքն է։ Արդյոք Աստծու ճշմարտությունն ու կյանքը հետագայո՞ւմ ավելացված բաներ էին։ Արդյոք դրանք ծնվել էին հետագա փորձառությունի՞ց։ Ո՛չ․ դրանք ներհատուկ են Աստծուն։ Այսինքն՝ Աստծու էությունը ճշմարտությունն ու կյանքն է։ Ինչ էլ որ պատահի Նրան, այն ամենը, ինչ Նա դրսևորում է, ճշմարտությունն է։ Այս ճշմարտությունը, այս խոսքերը, անկախ նրանից՝ Նրա խոսքի բովանդակությունը երկար է, թե կարճ, կարող են հնարավորություն տալ մարդուն ապրելու և կյանք տալ մարդուն․ դրանք կարող են հնարավորություն տալ մարդկանց ձեռք բերելու ճշմարտությունը և հստակություն մարդկային կյանքի ճանապարհի վերաբերյալ և նրանց հնարավորություն տալ հավատ ունենալու Աստծու հանդեպ։ Այլ կերպ ասած՝ Աստծու կողմից այս խոսքերն ասելու աղբյուրը դրական է։ Ուստի կարո՞ղ ենք ասել, որ այս դրական բանը սուրբ է։ (Այո՛։) Սատանայի այդ խոսքերը բխում են Սատանայի բնությունից։ Սատանան ամենուր, մշտապես դրսևորում է իր չարասեր և չարասիրտ բնությունը։ Արդյոք Սատանան բնականորե՞ն է անում այս դրսևորումները։ Արդյոք որևէ մեկը հրահանգո՞ւմ է նրան դա անել։ Արդյոք որևէ մեկն օգնո՞ւմ է նրան։ Արդյոք որևէ մեկը հարկադրո՞ւմ է նրան։ Ո՛չ։ Այս բոլոր դրսևորումները նա անում է իր իսկ կամքով։ Սա Սատանայի չարասեր բնությունն է։ Ինչ էլ որ Աստված անի, և ինչպես էլ որ Նա դա անի, Սատանան հետևում է Նրան կրնկակոխ։ Սատանայի ասած և արած այս բաների էությունն ու իրական բնությունը Սատանայի էությունն են՝ էություն, որը չարասեր է և չարասիրտ։ Արդ, երբ շարունակում ենք կարդալ, էլ ի՞նչ ասաց Սատանան։ Եկեք կարդանք։
Մատթեոս 4:5-7 Ապա սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, կանգնեցրեց տաճարի ամենաբարձր տեղը և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես”»։ Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն։
Նախ տեսնենք այն խոսքերը, որոնք Սատանան ասաց այստեղ։ Սատանան ասաց՝ «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր», և ապա մեջբերեց Սուրբ Գիրքը. «Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես»։ Ի՞նչ ես զգում, երբ լսում ես Սատանայի խոսքերը։ Մի՞թե դրանք շատ մանկամիտ չեն։ Դրանք մանկամիտ են, անհեթեթ և զզվելի։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Սատանան հաճախ հիմար բաներ է անում և իրեն շատ խելացի է համարում։ Հաճախ մեջբերում է Սուրբ Գիրքը՝ նույնիսկ հենց Աստծու ասած խոսքերը՝ փորձելով այդ խոսքերն ուղղել Աստծու դեմ՝ Նրա վրա հարձակվելու և Նրան գայթակղելու համար՝ փորձելով հասնել Աստծու գործի ծրագիրը խափանելու իր նպատակին։ Կարո՞ղ ես որևէ բան տեսնել Սատանայի ասած այս խոսքերում։ (Սատանան չարասեր մտադրություններ է փայփայում։) Իր բոլոր արարքներում Սատանան միշտ ձգտել է գայթակղել մարդուն։ Սատանան ոչ թե խոսում է ուղղակիորեն, այլ անուղղակի կերպով՝ օգտագործելով փորձություն, գայթակղություն և հրապուրանք։ Սատանան գայթակղում է Աստծուն այնպես, ասես Նա սովորական մարդ լինի։ Կարծում է, թե Աստված, մարդու պես, նույնպես տգետ է, հիմար, անկարող է հստակ տարբերել բաների իրական կերպարանքը, անկարող է ճանաչել նրա էությունը և անկարող է ճանաչել նրա նենգությունն ու չարագույժ մտադրությունը։ Մի՞թե սա չէ Սատանայի հիմարությունը։ Ավելին՝ Սատանան բացահայտորեն մեջբերում է Սուրբ Գիրքը՝ հավատալով, որ իր ասածները հիմնավորված են, և որ չես կարողանա որևէ թերություն գտնել նրա խոսքերում կամ խուսափել հիմարացված լինելուց։ Մի՞թե սա չէ Սատանայի անհեթեթությունն ու մանկամտությունը։ Սա նման է այն բանին, երբ մարդիկ քարոզում են ավետարանը և վկայում Աստծու համար։ Մի՞թե անհավատները չեն ասի Սատանայի ասածին նման մի բան։ Լսե՞լ եք արդյոք, որ մարդիկ նման բան ասեն։ Ի՞նչ ես զգում, երբ նման բաներ ես լսում։ Արդյոք զզվա՞նք ես զգում։ (Այո՛։) Երբ զզվանք ես զգում, արդյոք նաև գարշանքի ու ատելության զգացումնե՞ր ես ունենում։ Երբ ունենում ես այս զգացումները, ի վիճակի՞ ես գիտակցելու, որ Սատանան և ապականված խառնվածքները, որոնք Սատանան մշակում է մարդու մեջ, չարասեր են։ Երբ ունենում ես այս զգացումները, քո սրտում երբևէ ունենո՞ւմ ես արդյոք այս գիտակցումը․ «Երբ Սատանան խոսում է, իր խոսքերը հարձակում և գայթակղություն են պարունակում։ Սատանայի խոսքերն անհեթեթ են, ծիծաղելի, մանկամիտ և զզվելի։ Սակայն Իր ասածներում և արածներում Աստված երբեք չի օգտագործել նման մեթոդ՝ խոսելու կամ գործելու համար, և երբեք նման մեթոդ չի եղել»։ Իհարկե, այս իրավիճակում մարդիկ միայն կարողանում են աղոտ կերպով զգալ դա և դեռ չեն գիտակցում Աստծու սրբությունը։ Ձեր ներկայիս հասակով դուք պարզապես զգում եք, որ «Այն ամենը, ինչ Աստված ասում է, ճշմարտություն է, օգտակար է մեզ, և մենք պետք է ընդունենք այն»։ Անկախ նրանից՝ ի վիճակի եք ընդունել Նրա ասածը, թե ոչ, անխտիր ասում եք, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և որ Աստված ճշմարտությունն է, բայց չգիտեք, որ ճշմարտությունն ինքնին սուրբ է, և որ Աստված սուրբ է։
Այսպիսով, ի՞նչ պատասխան տվեց Հիսուսը Սատանայի այս խոսքերին։ Հիսուսն ասաց նրան․ «Գրված է դարձյալ․ “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն”։ Արդյոք ճշմարտություն կա՞ Հիսուսի ասած այս խոսքերում։ Անշուշտ, կա։ Արտաքուստ այս խոսքերը հրաման են, որին մարդիկ պետք է հետևեն, պարզ մի արտահայտություն, սակայն, այնուհանդերձ, և՛ մարդը, և՛ Սատանան հաճախ են խախտել այս խոսքերը։ Ուստի Տեր Հիսուսն ասաց Սատանային․ «Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն», որովհետև Սատանան հաճախ էր դա անում և անում էր անխոնջ կերպով, ու կարելի է ասել, որ Սատանան դա անում էր լկտիաբար և առանց ամոթի։ Սատանայի բնական էության մեջ է Աստծուց չվախենալը և աստվածավախ սիրտ չունենալը։ Նույնիսկ երբ Սատանան կանգնած էր Աստծու կողքին և կարող էր տեսնել Նրան, չէր կարող չգայթակղել Աստծուն։ Հետևաբար Տեր Հիսուսն ասաց Սատանային. «Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն»։ Սրանք խոսքեր են, որոնք Աստված հաճախ է ասել Սատանային։ Ուրեմն տեղի՞ն է արդյոք այս արտահայտությունը կիրառել մեր օրերում։ (Այո՛, քանի որ մենք նույնպես հաճախ ենք փորձում Աստծուն։) Ինչո՞ւ են մարդիկ հաճախ փորձում Աստծուն։ Մի՞թե այն պատճառով չէ, որ մարդիկ լի են Սատանայի ապականված խառնվածքներով։ (Այո՛։) Ուստի մի՞թե Սատանայի վերոնշյալ խոսքերն այն չեն, ինչ մարդիկ հաճախ են ասում։ Իսկ ի՞նչ իրավիճակներում են մարդիկ ասում այս խոսքերը։ Կարելի է ասել, որ մարդիկ նման բաներ են ասում՝ անկախ ժամանակից և վայրից։ Սա ապացուցում է, որ մարդկանց խառնվածքը չի տարբերվում Սատանայի ապականված խառնվածքից։ Տեր Հիսուսն ասաց մի քանի պարզ խոսքեր՝ խոսքեր, որոնք ներկայացնում են ճշմարտությունը, խոսքեր, որոնց կարիքը մարդիկ ունեն։ Սակայն արդյոք Տեր Հիսուսն առհասարակ վիճո՞ւմ էր Սատանայի հետ։ Արդյոք Սատանային Նրա ասածներում որևէ առճակատող բան կա՞ր։ (Ո՛չ։) Ինչպե՞ս էր Տեր Հիսուսն Իր սրտում զգում Սատանայի փորձության վերաբերյալ։ Արդյոք Նա զզվանք և գարշա՞նք էր զգում։ Տեր Հիսուսը գարշանք և զզվանք էր զգում, և, այնուամենայնիվ, Նա չվիճեց Սատանայի հետ և առավել ևս չխոսեց որևէ վեհ սկզբունքների մասին։ Ինչո՞ւ։ (Որովհետև Սատանան միշտ այսպիսին է, երբեք չի կարող փոխվել։) Կարելի՞ է ասել, որ Սատանան խուլ է բանականության հանդեպ։ (Այո՛։) Կարո՞ղ է արդյոք Սատանան ընդունել, որ Աստված է ճշմարտությունը։ Սատանան երբեք չի ընդունի, որ Աստված է ճշմարտությունը, և երբեք չի խոստովանի, որ Աստված է ճշմարտությունը․ սա է նրա բնությունը։ Սատանայի բնության մեջ կա ևս մեկ զզվելի կողմ։ Ո՞րն է դա։ Տեր Հիսուսին գայթակղելու իր ջանքերում Սատանան մտածում էր, որ նույնիսկ եթե անհաջողության մատնվեր, միևնույնն է, կփորձեր դա անել։ Նույնիսկ եթե պատժվեր, միևնույնն է, կփորձեր։ Նույնիսկ եթե դրանից ոչ մի օգուտ չստանար, այնուամենայնիվ, կփորձեր՝ համառելով իր ջանքերում և հակառակվելով Աստծուն մինչև վերջ։ Ինչպիսի՞ բնություն է սա։ Մի՞թե սա չարասիրություն չէ։ Ենթադրենք՝ մեկը կատաղում կամ բարկանում է, երբ հիշատակում են Աստծուն։ Արդյոք նա տեսե՞լ է Աստծուն։ Գիտի՞, թե ով է Աստված։ Նա չգիտի, թե ով է Աստված, չի հավատում Նրան, Աստված չի խոսել նրա հետ, և Աստված երբեք չի հրահրել նրան․ ուստի ինչո՞ւ պետք է բարկանա։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ այս մարդը չարասեր է։ Աշխարհիկ միտումները, ուտելը, խմելը և հաճույք փնտրելը, ինչպես նաև հայտնիներին երկրպագելը, — այս բաներից ոչ մեկը չէր բարկացնի նման մարդուն։ Սակայն «Աստված» բառի կամ Աստծու խոսքերի ճշմարտության առաջին իսկ հիշատակման դեպքում նա բարկանում է։ Մի՞թե սա չի նշանակում չարասեր բնություն ունենալ։ Սա բավարար է ապացուցելու, որ սա նրա չարասեր բնությունն է։ Մտածեք, թե արդյոք երբևէ ունենում եք այսպիսի պահեր․ երբ հիշատակվում է ճշմարտությունը, կամ երբ հիշատակվում են մարդու հանդեպ Աստծու փորձությունները կամ մարդու հանդեպ Աստծու դատաստանի խոսքերը, հակակրանք կամ մի տեսակ գարշանք եք զգում և չեք ուզում լսել նման բաներ ու մտածում եք․ «Մի՞թե բոլոր մարդիկ չեն ասում, որ Աստված ճշմարտությունն է։ Նրա որոշ խոսքեր ճշմարտություն չե՛ն։ Դրանք ակնհայտորեն պարզապես Աստծու խոսքերն են, որոնք նախատում են մարդուն»։ Ձեզանից ոմանք նույնիսկ հակակրանք են զգում իրենց սրտերում և մտածում․ «Այս մասին խոսվում է ամեն օր՝ Նրա փորձությունները, Նրա դատաստանը, ե՞րբ է սա ավարտվելու։ Ե՞րբ ենք ստանալու լավ նշանակության վայրը»։ Այս անբացատրելի բարկությունն առաջանում է ոչնչից։ Ինչպիսի՞ բնություն է սա։ (Չարասեր բնություն։) Այն ուղղորդվում է Սատանայի չարասեր բնության կողմից։ Աստծու տեսանկյունից՝ ինչ վերաբերում է Սատանայի չարասեր բնությանը և մարդու ապականված խառնվածքներին, Նա երբեք չի վիճում կամ հաշիվ չի պահում և երբեք աղմուկ չի բարձրացնում, երբ մարդիկ հիմարաբար են վարվում։ Երբեք չես տեսնի, որ Աստված մարդկանց նման տեսակետներ ունենա բաների վերաբերյալ, և առավել ևս չես տեսնի, որ Նա հարցերը լուծելու համար օգտագործի մարդկության տեսակետները, գիտելիքը, գիտությունը, փիլիսոփայությունը կամ երևակայությունը։ Ընդհակառակը՝ այն ամենը, ինչ Աստված անում է, և այն ամենը, ինչ Նա դրսևորում է, կապված է ճշմարտության հետ։ Այսինքն՝ Նրա ասած յուրաքանչյուր խոսք և Նրա կատարած յուրաքանչյուր գործողություն առնչվում է ճշմարտությանը։ Այս ճշմարտությունը որևէ անհիմն երևակայության արդյունք չէ․ այս ճշմարտությունը և այս խոսքերը դրսևորվում են Աստծու էությունից և Աստծու կյանքից։ Քանի որ այս խոսքերը և Աստծու արած ամեն ինչի էությունը ճշմարտությունն են, կարող ենք ասել, որ Աստծու էությունը սուրբ է։ Այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչ Աստված ասում և անում է, մարդկանց կենսունակություն և լույս է բերում, մարդկանց հնարավորություն է տալիս տեսնելու դրական բաները և այդ դրական բաների իրականությունը և ցույց է տալիս ճանապարհը մարդկության համար, որպեսզի նրանք կարողանան քայլել ճիշտ ճանապարհով։ Այս բաները բոլորը որոշվում են Աստծու էությամբ և Աստծու սրբության էությամբ։ Հիմա տեսնում եք սա, այնպես չէ՞։ Այժմ կշարունակենք Սուրբ Գրքից մեկ այլ հատվածի ընթերցմամբ։
Մատթեոս 4:8-11 Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ»։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։ Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան»։
Դև Սատանան, ձախողվելով իր նախորդ երկու հնարքներում, ևս մեկը փորձեց։ Նա Տեր Հիսուսին ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը և խնդրեց Նրան երկրպագել իրեն։ Այս իրավիճակից ի՞նչ կարող ես տեսնել դևի իրական դեմքի մասին։ Մի՞թե դև Սատանան բացարձակապես անամոթ չէ։ (Այո՛։) Ինչո՞վ է նա անամոթ։ Բոլոր բաները ստեղծվել են Աստծու կողմից, և, այնուամենայնիվ, Սատանան շրջվեց ու ցույց տվեց բոլոր բաներն Աստծուն՝ ասելով․ «Նայի՛ր այս բոլոր թագավորությունների հարստությանն ու փառքին։ Եթե երկրպագես ինձ, ես դրանք բոլորը քեզ կտամ»։ Մի՞թե սա դերերի լիակատար փոխանակում չէ։ Մի՞թե Սատանան անամոթ չէ։ Աստված ստեղծեց բոլոր բաները, բայց արդյոք Նա վայելո՞ւմ է այս բաները։ Աստված բոլոր բաները շնորհեց մարդկությանը, բայց Սատանան ուզում էր զավթել դրանք և, զավթելով դրանք, ասաց Աստծուն․ «Երկրպագի՛ր ինձ։ Երկրպագի՛ր ինձ, և ես այս ամենը քեզ կտամ»։ Սա Սատանայի տգեղ դեմքն է. նա բացարձակապես անամոթ է։ Սատանան նույնիսկ չգիտի «ամոթ» բառի իմաստը։ Սա պարզապես նրա չարասիրության ևս մեկ օրինակ է։ Նա նույնիսկ չգիտի, թե ինչ է ամոթը։ Սատանան հստակորեն գիտի, որ Աստված է ստեղծել բոլոր բաները, և որ Նա է տնօրինում ու գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Գիտի, որ բոլոր բաները պատկանում են ոչ թե մարդուն և առավել ևս՝ ոչ թե Սատանային, այլ Աստծուն, և, այնուամենայնիվ, դև Սատանան լկտիաբար ասաց, որ բոլոր բաները կտա Աստծուն։ Մի՞թե սա Սատանայի անմտորեն և անամոթաբար գործելու ևս մեկ օրինակ չէ։ Սա պատճառ դարձավ, որ Աստված է՛լ ավելի գարշի Սատանայից, այնպես չէ՞։ Սակայն ինչ էլ որ Սատանան փորձեց, արդյոք նա հիմարացրե՞ց Տեր Հիսուսին։ Ի՞նչ ասաց Տեր Հիսուսը։ («Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես»։) Արդյոք այս խոսքերը գործնական իմաստ ունե՞ն։ (Այո՛։) Ինչպիսի՞ գործնական իմաստ։ Սատանայի խոսքում մենք տեսնում ենք նրա չարասիրությունն ու անամոթությունը։ Ուստի, եթե մարդը երկրպագեր Սատանային, ինչպիսի՞ն կլիներ ելքը։ Արդյոք նա կստանա՞ր բոլոր թագավորությունների հարստությունն ու փառքը։ (Ո՛չ։) Ի՞նչ կստանար։ Արդյոք կդառնա՞ր նույնքան անամոթ և ծիծաղելի, որքան Սատանան։ (Այո՛։) Այդ դեպքում նա ոչնչով չէր տարբերվի Սատանայից։ Հետևաբար Տեր Հիսուսի այս խոսքերը շատ կարևոր են յուրաքանչյուր մարդու համար․ «Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես»։ Սա նշանակում է, որ բացի Տիրոջից, բացի հենց Իրենից՝ Աստծուց, եթե ծառայեիր մեկ ուրիշին, եթե երկրպագեիր դև Սատանային, ապա կթավալվեիր նույն կեղտի մեջ, ինչ Սատանան։ Այն ժամանակ կկիսեիր Սատանայի անամոթությունն ու նրա չարասիրությունը և ճիշտ Սատանայի պես կփորձեիր Աստծուն ու կհարձակվեիր Աստծու վրա։ Այդ դեպքում ինչպիսի՞ն կլիներ ելքը քեզ համար։ Աստված կնողկար քեզանից, կտապալվեիր Աստծու կողմից և կոչնչացվեիր Աստծու կողմից։ Այն բանից հետո, երբ Սատանան մի քանի անգամ անհաջող կերպով փորձեց Տեր Հիսուսին, արդյոք նա կրկի՞ն փորձեց։ Սատանան կրկին չփորձեց և ապա հեռացավ։ Ի՞նչ է սա ապացուցում։ Սա ապացուցում է, որ Սատանայի չարասեր բնությունը, նրա չարասրտությունը և նրա անմտությունն ու անհեթեթությունն Աստծու առջև նույնիսկ հիշատակման արժանի չեն։ Տեր Հիսուսը հաղթեց Սատանային ընդամենը երեք նախադասությամբ, ինչից հետո պոչը քաշած փախավ՝ չափազանց ամոթահար, որպեսզի իր երեսը ցույց տա, և այլևս չգայթակղեց Տեր Հիսուսին։ Քանի որ Տեր Հիսուսը հաղթել էր Սատանայի այս գայթակղությանը, Նա այժմ կարող էր առանց խոչընդոտի շարունակել այն գործը, որը պետք է աներ, այն գործը, որը պետք է Իր ուսերին վերցներ։ Արդյոք այն ամենը, ինչ Տեր Հիսուսն արեց և ասաց այս իրավիճակում, որևէ գործնական իմաստ ունի՞ ներկայիս յուրաքանչյուր մարդու համար։ (Այո՛։) Ինչպիսի՞ գործնական իմաստ։ Արդյոք Սատանային հաղթելը հե՞շտ բան է։ Արդյոք մարդիկ պե՞տք է հստակ հասկացողություն ունենան Սատանայի չարասեր բնության մասին։ Արդյոք մարդիկ պե՞տք է ճշգրիտ հասկացողություն ունենան Սատանայի փորձությունների մասին։ (Այո՛։) Երբ փորձառաբար ապրում ես Սատանայի գայթակղությունները, եթե ի վիճակի ես ճանաչելու Սատանայի չարասեր բնությունը, մի՞թե չես կարողանա հաղթել նրան։ Եթե գիտես Սատանայի անմտության և անհեթեթության մասին, արդյոք դեռ կկանգնե՞ս նրա կողքին և Սատանայի հետ միասին կհարձակվե՞ս Աստծու վրա։ Եթե հասկանում ես, որ Սատանայի չարասրտությունն ու անամոթությունը դրսևորվում են քո մեջ, եթե հստակ գիտակցում և հասկանում ես այս փաստը, արդյոք դեռ կհարձակվե՞ս և կփորձե՞ս Աստծուն այս կերպ։ (Ո՛չ, չենք անի։) Ի՞նչ կանես։ (Կըմբոստանանք Սատանայի դեմ և դեն կնետենք նրան։) Արդյոք դա հե՞շտ է անել։ Հեշտ չէ։ Դա անելու համար մարդիկ պետք է հաճախ աղոթեն․ պետք է հաճախ գան Աստծու առաջ և քննեն իրենց։ Եվ պետք է թույլ տան, որ Աստծու կարգավարժանքը և Նրա դատաստանն ու հանդիմանությունը հասնեն իրենց։ Միայն այս կերպ մարդիկ աստիճանաբար կազատվեն Սատանայի կողմից մոլորեցվելուց և վերահսկվելուց։
Այժմ, դիտարկելով Սատանայի ասած այս բոլոր խոսքերը, կամփոփենք այն բաները, որոնք կազմում են Սատանայի էությունը։ Նախ՝ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Սատանայի էությունը չարասեր է՝ ի հակադրություն Աստծու սրբության։ Ինչո՞ւ եմ ասում, որ Սատանայի էությունը չարասեր է։ Այս հարցին պատասխանելու համար պետք է քննել մարդկանց հանդեպ Սատանայի արածի հետևանքները։ Սատանան ապականում և վերահսկում է մարդուն, իսկ մարդը գործում է սատանայական ապականված խառնվածքների ազդեցության տակ և ապրում Սատանայի կողմից ապականված մարդկանց աշխարհում։ Մարդկությունն ակամա ընկնում է Սատանայի տիրապետության տակ և ձուլվում նրա կողմից․ հետևաբար մարդն ունի Սատանայի ապականված խառնվածքները, որոնք հենց Սատանայի բնությունն են։ Սատանայի ասած և արած ամեն ինչում տեսե՞լ ես արդյոք նրա ամբարտավանությունը։ Տեսե՞լ ես արդյոք նրա նենգությունն ու չարասրտությունը։ Ինչպե՞ս է հիմնականում դրսևորվում Սատանայի ամբարտավանությունը։ Մի՞թե այն չի դրսևորվում նրանով, որ Սատանան միշտ ուզում է տիրանալ Աստծու կարգավիճակին։ Սատանան միշտ ուզում է վերացնել Աստծու գործն ու Աստծու կարգավիճակը և իրեն վերցնել Նրա կարգավիճակը, որպեսզի մարդիկ հետևեն, աջակցեն և երկրպագեն իրեն․ սա Սատանայի ամբարտավան բնությունն է։ Երբ Սատանան ապականում է մարդկանց, արդյոք ուղղակիորե՞ն է ասում նրանց, թե ինչ պետք է անեն։ Երբ Սատանան գայթակղում է Աստծուն, արդյոք բացահայտորե՞ն է ասում․ «Ես պատրաստվում եմ գայթակղել քեզ, ես պատրաստվում եմ հարձակվել քո վրա»։ Ամենևի՛ն։ Ուրեմն ի՞նչ մեթոդ է օգտագործում Սատանան։ Հրապուրում է, գայթակղում, հարձակվում ու ծուղակներ լարում և նույնիսկ մեջբերում է Սուրբ Գիրքը։ Սատանան խոսում և գործում է տարբեր ձևերով՝ իր չարագույժ մտադրություններին ու նպատակներին հասնելու համար։ Այն բանից հետո, երբ Սատանան անում է սա, ի՞նչ կարելի է տեսնել նրանից, ինչ դրսևորվում է մարդու մեջ։ Մի՞թե մարդիկ նույնպես ամբարտավան չեն։ Մարդը հազարավոր տարիներ կրել է Սատանայի ապականությունը և ուստի դարձել է ամբարտավան, նենգ, չարասիրտ և ողջամտությունից զուրկ։ Այս բոլոր բաներն առաջանում են Սատանայի բնության պատճառով։ Քանի որ Սատանայի բնությունը չարասեր է, նա մարդուն տվել է այս չարասեր բնությունը և մարդուն բերել այս չարասեր, ապականված խառնվածքները։ Հետևաբար մարդն ապրում է սատանայական ապականված խառնվածքների ազդեցության տակ և Սատանայի պես դիմակայում է Աստծուն, հարձակվում Աստծու վրա և գայթակղում Նրան, այնպես, որ մարդը չի կարողանում երկրպագել Աստծուն և չի ունենում աստվածավախ սիրտ։
Մարդուն ապականելու Սատանայի հինգ եղանակները
Ինչ վերաբերում է Աստծու սրբությանը, թեև դա կարող է ծանոթ թեմա լինել, սակայն երբ դրա մասին խոսում են, որոշ մարդկանց համար այն կարող է փոքր-ինչ վերացական դառնալ և մի փոքր խորն ու անհասանելի լինել նրանց համար։ Բայց անհանգստանալու կարիք չկա։ Ես կօգնեմ ձեզ հասկանալ, թե ինչ է Աստծու սրբությունը։ Հասկանալու համար, թե ինչպիսին է այս կամ այն մարդը, նայե՛ք նրա արարքներին ու դրանց արդյունքներին և այդ ժամանակ կկարողանաք տեսնել այդ մարդու էությունը։ Կարելի՞ է արդյոք այսպես ասել։ (Այո՛։) Ուրեմն, եկեք նախ այս տեսանկյունից հաղորդակցվենք Աստծու սրբության մասին։ Կարելի է ասել, որ Սատանայի էությունը չարասեր է, և ուստի մարդկության հանդեպ Սատանայի գործողությունները եղել են նրան անդադար ապականելը։ Սատանան չարասեր է, ուստի նրա ապականած մարդիկ, անշուշտ, չարասեր են։ Մի՞թե որևէ մեկը կասեր. «Սատանան չարասեր է, բայց գուցե նրա ապականած որևէ մեկը սո՞ւրբ է»։ Դա կատակ կլիներ, այնպես չէ՞։ Հնարավո՞ր է արդյոք նման բան։ (Ո՛չ։) Սատանան չարասեր է, և նրա չարասիրության մեջ կա թե՛ էական, թե՛ գործնական կողմ։ Սրանք դատարկ խոսքեր չեն։ Մենք չենք փորձում վարկաբեկել Սատանային․ մենք պարզապես հաղորդակցվում ենք փաստերի և իրականության մասին։ Այս կողմի իրականության շուրջ հաղորդակցվելը կարող է ցավ պատճառել որոշ մարդկանց կամ մարդկանց որոշակի խմբի, բայց դրանում չարամիտ դիտավորություն չկա. գուցե այսօր լսեք սա և մի փոքր անհարմար զգաք, բայց մոտ ապագայում, երբ կարողանաք գիտակցել դա, կատեք ինքներդ ձեզ և կզգաք, որ այն, ինչի մասին Ես այսօր խոսում եմ, շատ օգտակար է ձեզ համար և շատ արժեքավոր։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ քանի որ Սատանայի էությունը չարասեր է, Սատանայի գործողությունների արդյունքներն անխուսափելիորեն չարասեր են կամ առնվազն առնչություն ունեն նրա չարասիրության հետ։ (Այո՛։) Այդ դեպքում ինչպե՞ս է Սատանան ապականում մարդուն։ Այս աշխարհում և մարդկության մեջ Սատանայի չարասիրության հատկապես ո՞ր կողմերն են տեսանելի և ընկալելի մարդկանց համար։ Նախկինում երբևէ մտածե՞լ եք արդյոք այս մասին։ Գուցե շատ չեք մտածել այդ մասին, ուստի թույլ տվեք նշել մի քանի հիմնական կետ։ Բոլորը գիտեն Սատանայի առաջ քաշած էվոլյուցիայի տեսության մասին, այնպես չէ՞։ Սա մարդու կողմից ուսումնասիրվող գիտելիքի ոլորտ է, այնպես չէ՞։ (Այո՛։) Այսպիսով, Սատանան նախ գիտելիքն է օգտագործում՝ մարդուն ապականելու համար, և օգտագործում է իր սատանայական մեթոդները՝ նրան գիտելիք փոխանցելու համար։ Ապա մարդուն ապականելու համար օգտագործում է գիտությունը՝ արթնացնելով նրա հետաքրքրությունը գիտելիքի, գիտության, առեղծվածների կամ այն հարցերի նկատմամբ, որոնք մարդիկ ցանկանում են ուսումնասիրել։ Հաջորդ բաները, որոնք Սատանան օգտագործում է մարդուն ապականելու համար, ավանդական մշակույթն ու սնահավատությունն են, իսկ դրանցից հետո՝ սոցիալական միտումները։ Սրանք բոլորն այնպիսի բաներ են, որոնց մարդիկ բախվում են առօրյա կյանքում, և բոլորը գոյություն ունեն մարդկանց անմիջական շրջապատում․ դրանք բոլորը կապված են այն բաների հետ, որոնք մարդիկ տեսնում են, լսում են, շոշափում են և փորձառաբար ապրում են։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարդկային էակ իր կյանքն ապրում է՝ այս բաներով շրջապատված, անկարող լինելով փախչել կամ ազատվել դրանցից, նույնիսկ եթե ցանկանար։ Մարդկությանն այլ բան չի մնում, քան ենթարկվել այս բաների ազդեցությանը, վարակվել դրանցով, վերահսկվել ու կաշկանդվել դրանց կողմից, և նա անզոր է դրանցից ազատվելու հարցում։
ա. Ինչպես է Սատանան օգտագործում գիտելիքը՝ մարդուն ապականելու համար
Նախ՝ կխոսենք գիտելիքի մասին։ Արդյոք գիտելիքն այնպիսի բա՞ն է, որը բոլորը դրական են համարում։ Մարդիկ առնվազն կարծում են, որ «գիտելիք» բառն ունի դրական իմաստային երանգ, այլ ոչ թե բացասական։ Ուրեմն, ինչո՞ւ ենք այստեղ նշում, որ Սատանան օգտագործում է գիտելիքը՝ մարդուն ապականելու համար։ Մի՞թե էվոլյուցիայի տեսությունը գիտելիքի մի կողմը չէ։ Մի՞թե Նյուտոնի օրենքները գիտելիքի մաս չեն։ Երկրի ձգողականությունը նույնպես գիտելիքի մաս է, այնպես չէ՞։ (Այո՛։) Ուստի ինչո՞ւ է գիտելիքը դասվում այն բաների շարքին, որոնք Սատանան օգտագործում է՝ մարդկությանն ապականելու համար։ Ի՞նչ տեսակետ ունեք այս մասին։ Արդյոք գիտելիքի մեջ ճշմարտության թեկուզ մի նշույլ կա՞։ (Ո՛չ։) Ապա ո՞րն է գիտելիքի էությունը։ Ո՞րն է մարդկանց ձեռք բերած ողջ գիտելիքի հիմքը։ Մի՞թե այն հիմնված չէ էվոլյուցիայի տեսության վրա։ Մի՞թե այն գիտելիքը, որ մարդը ձեռք է բերել ուսումնասիրության և ընդհանրացման միջոցով, հիմնված չէ աթեիզմի վրա։ Արդյոք այս գիտելիքից որևէ բան կապ ունի՞ Աստծու հետ։ Արդյոք այն կապվա՞ծ է Աստծուն երկրպագելու հետ։ Արդյոք կապվա՞ծ է ճշմարտության հետ։ (Ո՛չ։) Այդ դեպքում ինչպե՞ս է Սատանան օգտագործում գիտելիքը՝ մարդուն ապականելու համար։ Ես հենց նոր ասացի, որ այս գիտելիքի որևէ մասը կապված չէ Աստծուն երկրպագելու կամ ճշմարտության հետ։ Ոմանք այսպես են մտածում դրա մասին. «Գիտելիքը գուցե ոչ մի կապ չունի ճշմարտության հետ, բայց, այնուամենայնիվ, չի ապականում մարդկանց»։ Ի՞նչ տեսակետ ունեք այս մասին։ Արդյոք գիտելիքը քեզ սովորեցրե՞լ է, որ մարդն իր երջանկությունը ստեղծում է իր իսկ ձեռքերով։ Արդյոք գիտելիքը քեզ սովորեցրե՞լ է, որ մարդու ճակատագիրն իր իսկ ձեռքերում է։ (Այո՛։) Ի՞նչ խոսքեր են սրանք։ (Դիվային խոսքեր են։) Միանգամայն ճի՛շտ է։ Սրանք դիվային խոսքեր են։ Գիտելիքն իրականում բավականին բարդ է։ Պարզ ասած՝ անկախ նրանից, թե որ ոլորտին է պատկանում, գիտելիքն այնպիսի բան է, որը մարդիկ լավն են համարում։ Ինչպե՞ս է առաջանում գիտելիքը։ Ամբողջ գիտելիքը ստացվել է անհավատների կողմից, որոնք չեն ճանաչում Աստծուն և չեն երկրպագում Նրան։ Երբ մարդիկ ուսումնասիրում են գիտելիքի այս ոլորտը, չեն կարողանում տեսնել, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ․ չեն կարողանում տեսնել, որ Աստված է ղեկավարում կամ տնօրինում բոլոր բաները։ Փոխարենը նրանց արածն ընդամենը գիտելիքի ոլորտում անվերջ ուսումնասիրելն ու հետազոտելն է և այնպիսի պատասխաններ փնտրելը, որոնք գիտելիք են։ Սակայն մի՞թե ճիշտ չէ, որ եթե մարդիկ չեն հավատում Աստծուն և փոխարենը միայն հետազոտություններով են զբաղվում, երբեք չեն գտնի ճշմարիտ պատասխանները։ Այն ամենը, ինչ գիտելիքը կարող է տալ քեզ, ապրուստի միջոցն է, աշխատանքը և եկամուտը, որպեսզի քաղցած չմնաս, բայց այն երբեք չի ստիպի քեզ երկրպագել Աստծուն և երբեք չի ստիպի քեզ խուսափել չարից։ Որքան շատ են մարդիկ գիտելիք ձեռք բերում, այնքան ավելի շատ են ցանկանում ըմբոստանալ Աստծու դեմ, զննել Աստծուն, փորձել Աստծուն և հակադրվել Աստծուն։ Այսպիսով, այժմ ի՞նչ ենք տեսնում, ի՞նչ է գիտելիքը սովորեցնում մարդկանց։ Դա ամբողջությամբ Սատանայի փիլիսոփայությունն է։ Ապականված մարդկության մեջ Սատանայի տարածած գոյատևման փիլիսոփայություններն ու օրենքները որևէ կապ ունե՞ն արդյոք ճշմարտության հետ։ Դրանք ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ և իրականում հակասում են ճշմարտությանը։ Մարդիկ հաճախ ասում են. «Կյանքը շարժում է» և «Մարդը երկաթ է, բրինձը՝ պողպատ, մարդը սովամահ կլինի, եթե մի անգամ հաց չուտի»․ ի՞նչ խոսքեր են սրանք։ Դրանք մոլորություններ են, և դրանք լսելիս զզվանքի զգացում է առաջանում։ Մարդու այսպես կոչված գիտելիքի մեջ Սատանան ներդրել է աշխարհիկ գործելակերպի իր փիլիսոփայության և իր մտածելակերպի մի զգալի մասը։ Եվ դա անելով՝ Սատանան թույլ է տալիս մարդուն իր մտածելակերպի, փիլիսոփայության և տեսակետների միջոցով ժխտել Աստծու գոյությունը և ժխտել Աստծու գերիշխանությունը բոլոր բաների և մարդու ճակատագրի նկատմամբ։ Ուստի, երբ մարդն ավելին է սովորում և ավելի շատ գիտելիք է ձեռք բերում, զգում է, որ Աստծու գոյությունն աղոտ է դառնում, և գուցե նույնիսկ այլևս չզգա, որ Աստված գոյություն ունի։ Քանի որ Սատանան որոշակի մտքեր, տեսակետներ և պատկերացումներ է սերմանել մարդու մեջ, մի՞թե մարդը չի մոլորվում և ապականվում Սատանայի կողմից, երբ Սատանան սերմանում է այս թույները մարդու ներսում։ Ուրեմն, ի՞նչ կասեք, ինչո՞վ են ապրում այսօրվա մարդիկ։ Մի՞թե չեն ապրում Սատանայի սերմանած գիտելիքով և մտքերով։ Իսկ այս գիտելիքի և այս մտքերի մեջ թաքնված բանե՞րը․ մի՞թե դրանք Սատանայի փիլիսոփայություններն ու թույները չեն։ Մարդն ապրում է Սատանայի փիլիսոփայություններով և թույներով։ Իսկ ի՞նչն է ընկած Սատանայի կողմից մարդու ապականման հիմքում։ Սատանան ուզում է ստիպել մարդուն ժխտել, դիմադրել և հակադրվել Աստծուն այնպես, ինչպես ինքն է անում․ սա է մարդուն ապականելու Սատանայի նպատակը, ինչպես նաև Սատանայի կողմից մարդու ապականման հետևանքը։
Կսկսենք՝ անդրադառնալով գիտելիքի ամենամակերեսային կողմին։ Արդյոք լեզուների քերականությունը կամ գրանշանները կարո՞ղ են ապականել մարդկանց։ Արդյոք կարո՞ղ են բառերն ապականել մարդկանց։ Բառերը չեն կարող ապականել մարդկանց․ դրանք գործիք են, որը մարդիկ օգտագործում են խոսելու համար, և նաև այն գործիքն են, որով մարդիկ հաղորդակցվում են Աստծու հետ, էլ չասած, որ ներկայումս լեզուն և բառերն այն միջոցն են, որով Աստված հաղորդակցվում է մարդկանց հետ։ Դրանք գործիքներ են և անհրաժեշտություն են։ Մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, իսկ երկուսը բազմապատկած երկուսով հավասար է չորսի․ մի՞թե սա գիտելիք չէ։ Բայց կարո՞ղ է արդյոք սա ապականել քեզ։ Սա ընդհանուր գիտելիք է՝ հաստատուն օրինաչափություն, և չի կարող ապականել մարդկանց։ Այդ դեպքում ի՞նչ տեսակի գիտելիքն է ապականում մարդկանց։ Դրանք այն տեսակետներն ու մտքերն են, որոնք Սատանան խառնում է գիտելիքին։ Նա ձգտում է գիտելիքի միջոցով սերմանել այս տեսակետներն ու մտքերը մարդկության մեջ։ Օրինակ՝ որևէ հոդվածում գրված բառերն ինքնին ոչ մի վատ բան չեն պարունակում։ Խնդիրը հեղինակի տեսակետներն ու մտադրությունն են հոդվածը գրելիս, ինչպես նաև նրա մտքերի բովանդակությունը։ Այս բաները ստեղծագործության հոգին են և ի վիճակի են ապականելու մարդկանց։ Օրինակ՝ եթե հեռուստահաղորդում դիտեիր, դրանում եղած ի՞նչ տեսակ բաները կարող էին փոխել մարդկանց տեսակետը։ Արդյոք դերասանների ասածը՝ բուն բառերը, ի վիճակի կլինեի՞ն ապականելու մարդկանց։ (Ո՛չ։) Ի՞նչ տեսակ բաները կապականեին մարդկանց։ Դրանք կլինեին հաղորդման առանցքային մտքերն ու բովանդակությունը, որոնք կներկայացնեին ռեժիսորի տեսակետները։ Այս տեսակետներում պարունակվող տեղեկությունը կարող էր ազդել մարդկանց սրտերի և մտքերի վրա։ Այդպես չէ՞։ Հիմա գիտեք, թե ինչ նկատի ունեմ, երբ խոսում եմ այն մասին, որ Սատանան օգտագործում է գիտելիքը՝ մարդկանց ապականելու համար։ Սխալ չեք մեկնաբանի սա, այնպես չէ՞։ Ուստի հաջորդ անգամ, երբ վեպ կամ հոդված կարդաս, կկարողանա՞ս գնահատել՝ արդյոք գրված բառերում արտահայտված մտքերն ապականում են, թե կրթում մարդկանց։ (Այո՛, որոշ չափով։) Սա մի բան է, որը պետք է ուսումնասիրել և փորձառաբար ապրել դանդաղորեն, և այնպիսի բան չէ, որ հնարավոր է անմիջապես ճանաչել։ Օրինակ՝ երբ հետազոտում կամ ուսումնասիրում ես գիտելիքի որևէ ոլորտ, այդ գիտելիքի որոշ դրական կողմեր կարող են օգնել քեզ հասկանալու այդ ոլորտի վերաբերյալ որոշակի ընդհանուր գիտելիքներ՝ միաժամանակ հնարավորություն տալով քեզ իմանալու, թե ինչից պետք է խուսափեն մարդիկ։ Օրինակ՝ վերցնենք «էլեկտրականությունը»․ սա գիտելիքի ոլորտ է, այնպես չէ՞։ Մի՞թե տգետ չէիր լինի, եթե չիմանայիր, որ էլեկտրականությունը կարող է հոսանքահարել և վնասել մարդկանց։ Բայց երբ հասկանաս գիտելիքի այս ոլորտը, անզգույշ չես լինի էլեկտրական հոսանք ունեցող առարկաներին դիպչելիս և կիմանաս, թե ինչպես օգտագործել էլեկտրականությունը։ Սրանք երկուսն էլ դրական բաներ են։ Հիմա ձեզ համար պա՞րզ է, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ գիտելիքն ապականում է մարդկանց։ Աշխարհում ուսումնասիրվող գիտելիքի շատ տեսակներ կան, և պետք է ժամանակ տրամադրեք՝ դրանք ինքնուրույն տարբերակելու համար։
բ. Ինչպես է Սատանան օգտագործում գիտությունը՝ մարդուն ապականելու համար
Ի՞նչ է գիտությունը։ Մի՞թե յուրաքանչյուր մարդու մտքում գիտությունը բարձր հեղինակություն չի վայելում և խորիմաստ չի համարվում։ Երբ հիշատակվում է գիտությունը, մի՞թե մարդիկ չեն զգում․ «Սա մի բան է, որն անհասանելի է սովորական մարդկանց համար։ Սա մի թեմա է, որին կարող են անդրադառնալ միայն գիտական հետազոտություններով զբաղվող անձնակազմը կամ հետազոտություններ կատարող մասնագետները․ այն ոչ մի կապ չունի մեզ՝ սովորական մարդկանց հետ»։ Արդյոք այն որևէ կապ ունի՞ սովորական մարդկանց հետ։ (Այո՛։) Ինչպե՞ս է Սատանան օգտագործում գիտությունը՝ մարդկանց ապականելու համար։ Եկեք չխորանանք այլ հարցերի մեջ, այլ խոսենք միայն այն բաների մասին, որոնց մարդիկ հաճախ են բախվում։ Լսե՞լ եք արդյոք «գեներ» բառը։ Բոլորդ գիտեք այն։ Մի՞թե գեները չեն հայտնաբերվել գիտության կողմից։ Ի՞նչ են անում այս «գեները» մարդկանց համար։ Մի՞թե չեն ստիպում մարդկանց զգալ, որ մարմինը խորհրդավոր բան է։ Երբ մարդիկ ծանոթանում են այս թեմային, մի՞թե նրանցից ոմանք, հատկապես հետաքրքրասերները, չեն ցանկանա ավելին և ավելի շատ մանրամասներ իմանալ։ Այս հետաքրքրասեր մարդիկ իրենց եռանդը կնվիրեն այս թեմային, իսկ երբ այլ անելիքներ չունենան, տեղեկություններ կփնտրեն բազմապիսի գրականության մեջ և համացանցում՝ ցանկանալով իմանալ դրա հետ կապված ավելի մանրամասն հարցերի մասին։ Ի՞նչ է գիտությունը։ Պարզ ասած՝ գիտությունը մի տեսակ երևակայություն և տեսություն է այն բաների վերաբերյալ, որոնք հետաքրքրում են մարդուն, որոնք անհայտ են, որոնք Աստված չի ասել նրան, և այն առեղծվածների վերաբերյալ, որոնք մարդն ուսումնասիրում է։ Ո՞րն է գիտության շրջանակը։ Կարելի է ասել, որ այն բավականին լայն է. մարդը վերցնում է այն ամենը, ինչով հետաքրքրված է և հետազոտում է՝ ուսումնասիրելով դրա մանրամասներն ու օրենքները և ապա առաջ քաշելով ճշմարտանման եզրակացություններ, որոնք բոլորին ստիպում են մտածել․ «Այս գիտնականներն իսկապես հիանալի են։ Այնքա՜ն շատ բան գիտեն։ Որքա՜ն գիտելիք պետք է ունենան՝ այս բաները հասկանալու համար»։ Նրանք մեծապես հիանում են գիտնականներով, այնպես չէ՞։ Ի՞նչ տեսակետներ ունեն գիտական հետազոտություններով զբաղվող մարդիկ։ Մի՞թե նրանք չեն ցանկանում հետազոտել բոլոր բաները, հետազոտել իրենց հետաքրքրող ոլորտի առեղծվածները։ Ո՞րն է դրա վերջնական արդյունքը։ Դրա մի մասը հիմնված է ենթադրությունների վրա, իսկ մյուս մասը ստացվել է՝ հիմնվելով մարդկային փորձի վրա։ Մինչդեռ մյուսներն էլ ստացվել են՝ հիմնվելով պատմական և ընհանրական դիտարկումների վրա։ Այդպես չէ՞։ Ուրեմն, ի՞նչ է անում գիտությունը մարդկանց համար։ Գիտությունը թույլ է տալիս մարդկանց ընդամենը տեսնել ֆիզիկական աշխարհի առարկաները՝ լոկ բավարարելով մարդու հետաքրքրասիրությունը, բայց այն չի կարող մարդուն հնարավորություն տալ տեսնելու այն օրենքները, որոնցով Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Թվում է, թե մարդը պատասխաններ է գտել գիտության մեջ, և այդ պատասխանները մոլորեցնող են ու ժամանակավոր բավարարվածություն են բերում՝ բավարարվածություն, որը ծառայում է մարդու սիրտը նյութական աշխարհով սահմանափակելուն։ Մարդուն թվում է, թե պատասխաններ է ստացել գիտությունից, ուստի ինչ հարց էլ որ ծագի, գիտական տեսակետներն օգտագործում է որպես հիմք՝ այդ հարցը ստուգելու և ընդունելու համար։ Մարդու սիրտը գայթակղվում է գիտությամբ և համակվում դրանով, և որպես արդյունք՝ մարդն այլևս միտք չունի ճանաչելու Աստծուն, երկրպագելու Աստծուն և հավատալու, որ բոլոր բաները գալիս են Աստծուց, և որ մարդը բոլոր պատասխանները պետք է ստանա Աստծուց։ Այդպես չէ՞։ Որքան շատ է մարդը հավատում գիտությանը, այնքան ավելի անհեթեթ է նա՝ հավատալով, որ ամեն ինչ ունի գիտական լուծում, որ հետազոտությունը կարող է լուծել ցանկացած բան։ Նա չի փնտրում Աստծուն և չի հավատում, որ Նա գոյություն ունի։ Կան Աստծուն երկար տարիներ հավատացող բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկացած խնդրի բախվելիս համակարգիչ են օգտագործում՝ ինչ-որ բաներ փնտրելու և պատասխաններ գտնելու համար։ Հավատում են միայն գիտական գիտելիքին։ Չեն հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտություն են, չեն հավատում, որ Աստծու խոսքերը կարող են լուծել մարդկության բոլոր խնդիրները, և մարդկության յուրաքանչյուր խնդրի չեն նայում ճշմարտության տեսանկյունից։ Ինչ խնդրի էլ որ բախվեն, երբեք չեն աղոթում Աստծուն կամ չեն փորձում լուծել այն՝ Աստծու խոսքերում ճշմարտությունը փնտրելով։ Շատ հարցերում դեռ հավատում են, որ գիտելիքը կարող է լուծել խնդիրը, և որ գիտությունն է վերջնական պատասխանը։ Աստված լիովին բացակայում է նման մարդկանց սրտերից։ Նրանք չհավատացողներ են, և Աստծուն հավատալու վերաբերյալ նրանց տեսակետները չեն տարբերվում շատ բարձրաստիճան մտավորականների և գիտնականների տեսակետներից, որոնք միշտ փորձում են Աստծուն ուսումնասիրել՝ օգտագործելով գիտական մեթոդներ։ Օրինակ՝ կան շատ կրոնական փորձագետներ, որոնք գնացել և զննել են այն լեռը, որտեղ հանգրվանել է տապանը, և այդպիսով ապացուցել են տապանի գոյությունը։ Բայց տապանի արտաքին տեսքի մեջ նրանք չեն տեսնում Աստծու գոյությունը։ Հավատում են միայն պատմվածքներին և պատմությանը. սա նյութական աշխարհի վերաբերյալ նրանց գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքն է։ Եթե հետազոտես նյութական բաները, լինի դա մանրէաբանություն, աստղագիտություն, թե աշխարհագրություն, երբեք չես գտնի այնպիսի արդյունք, որը կորոշի, որ Աստված գոյություն ունի, կամ որ Նա գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Ուրեմն, ի՞նչ է անում գիտությունը մարդու համար։ Մի՞թե չի հեռացնում մարդուն Աստծուց։ Մի՞թե մարդկանց չի ստիպում ուսումնասիրությունների ենթարկել Աստծուն։ Մի՞թե այն մարդկանց ավելի կասկածամիտ չի դարձնում Աստծու գոյության և գերիշխանության նկատմամբ և այդպիսով չի ստիպում նրանց ժխտել ու դավաճանել Աստծուն։ Սա է հետևանքը։ Ուրեմն, երբ Սատանան օգտագործում է գիտությունը՝ մարդուն ապականելու համար, ի՞նչ նպատակի է փորձում հասնել։ Ուզում է օգտագործել գիտական եզրակացությունները՝ մարդկանց մոլորեցնելու և թմրեցնելու համար, և օգտագործել երկիմաստ պատասխաններ՝ մարդկանց սրտերը զբաղեցնելու համար, որպեսզի չփնտրեն Աստծու գոյությունը և չհավատան դրան։ Ահա թե ինչու եմ Ես ասում, որ գիտությունը նույնպես այն եղանակներից մեկն է, որով Սատանան ապականում է մարդկանց։
գ. Ինչպես է Սատանան օգտագործում ավանդական մշակույթը՝ մարդուն ապականելու համար
Արդյոք շա՞տ բաներ կան, որոնք համարվում են ավանդական մշակույթի մաս, թե՞ ոչ։ (Կա՛ն։) Ի՞նչ է նշանակում այս «ավանդական մշակույթը»։ Ոմանք ասում են, որ դա այն է, ինչ փոխանցվել է նախնիներից. սա դրա կողմերից մեկն է։ Սկզբից ի վեր կենսակերպը, սովորույթները, ասացվածքներն ու կանոնները փոխանցվել են ընտանիքներում, էթնիկ խմբերում ու նույնիսկ ողջ մարդկային ցեղում, և սերմանվել են մարդկանց մտքերում։ Մարդիկ դրանք համարում են իրենց կյանքի անբաժանելի մասը և դիտարկում որպես կանոններ՝ պահպանելով դրանք այնպես, կարծես հենց կյանքը լինեն, այն աստիճան, որ երբեք չեն ցանկանում փոխել կամ թողնել այդ բաները, քանի որ փոխանցվել են իրենց նախնիներից։ Կան ավանդական մշակույթի այլ կողմեր, որոնք արմատավորված են մարդկանց ոսկորների մեջ, ինչպես Կոնֆուցիոսից և Մենցիուսից փոխանցված բաները և այն բաները, որոնք մարդկանց սովորեցրել են չինական դաոսականությունն ու կոնֆուցիականությունը։ Այդպես չէ՞։ Ի՞նչ բաներ է ներառում ավանդական մշակույթը։ Արդյոք այն ներառո՞ւմ է մարդկանց նշած տոները։ Օրինակ՝ Գարնան տոնը, Լապտերների տոնը, Գերեզմանների մաքրման օրը, Վիշապանավակների տոնը, Ուրվականների տոնը, Աշնան կեսի տոնը, իսկ որոշ ընտանիքներում՝ նույնիսկ տարեցների նշանակալի տարեդարձները, երեխաների մեկ ամսականի կամ հարյուր օրվա տոնակատարությունները և այլն։ Սրանք բոլորն ավանդական տոներ են։ Մի՞թե այս տոների հիմքում ավանդական մշակույթը չէ։ Ո՞րն է ավանդական մշակույթի կորիզը։ Արդյոք այն որևէ կապ ունի՞ Աստծուն երկրպագելու հետ։ Արդյոք այն որևէ կապ ունի՞ մարդկանց ճշմարտությունը կիրառելը ստիպելու հետ։ Կա՞ն արդյոք տոներ, որոնց ժամանակ մարդիկ զոհեր են մատուցում Աստծուն, գնում Աստծու զոհասեղանի մոտ և ստանում Նրա ուսմունքները։ Կա՞ն արդյոք նման տոներ։ (Ո՛չ։) Ի՞նչ օգուտ ունեն այս բոլոր տոները։ Մեր օրերում դրանք դիտվում են որպես ուտելու, խմելու և զվարճանալու առիթներ։ Ո՞րն է ավանդական մշակույթի հիմքում ընկած աղբյուրը։ Ումի՞ց է գալիս ավանդական մշակույթը։ Այն գալիս է Սատանայից։ Այս ավանդական տոների ետնաբեմում Սատանան որոշակի բաներ է սերմանում մարդու մեջ։ Ի՞նչ բաներ են սրանք։ Ապահովելը, որ մարդիկ հիշեն իրենց նախնիներին․ մի՞թե սա մի օրինակ չէ։ Օրինակ՝ Գերեզմանների մաքրման օրը մարդիկ մաքրում են գերեզմանները և ընծաներ են մատուցում իրենց նախնիներին։ Սա Սատանան է ստիպում մարդկանց չմոռանալ իրենց նախնիներին։ Կամ վերցնենք Վիշապանավակերի տոնը, որի ժամանակ Սատանան այնպես է անում, որ մարդիկ հիշեն հայրենասեր լինելու մասին։ Իսկ ի՞նչ կասեք Աշնան կեսի տոնի մասին։ (Ընտանեկան հավաքույթներ։) Ո՞րն է ընտանեկան հավաքույթների նախապատմությունը։ Ո՞րն է դրանց պատճառը։ Միմյանց հետ շփվելն ու հուզական կապ հաստատելն է։ Իհարկե, լինի դա Լուսնային Նոր տարվա նախօրեն, թե Լապտերների տոնը նշելը, այս տոնակատարությունների հետ կապված բավականին շատ ասացվածքներ կան։ Այս բոլոր ասացվածքները Սատանայի փիլիսոփայության և Սատանայի մտքի մի տեսակ են, որոնք Սատանան սերմանում է մարդկանց մեջ։ Նա այս բաները սերմանում է, որպեսզի մարդիկ հեռանան Աստծուց, նախընտրելի է՝ նույնիսկ չիմանալով, որ Աստված գոյություն ունի, և զոհեր մատուցեն կա՛մ իրենց նախնիներին, կա՛մ Սատանային, կամ պարզապես ուտեն, խմեն և զվարճանան հանուն մսեղիի։ Այս տոներից յուրաքանչյուրը նշելու հետ Սատանայի մտքերն ու տեսակետները խորապես արմատավորվում են մարդկանց մտքերում՝ առանց նրանց իմանալու։ Երբ մարդիկ հասնում են քառասուն, հիսուն տարեկան կամ նույնիսկ ավելի բարձր տարիքի, Սատանայի այս մտքերն ու տեսակետներն արդեն սերմանված և խորապես արմատավորված են լինում նրանց սրտերում։ Ավելին՝ մարդիկ ամեն կերպ ջանում են, որպեսզի այս տեսակետները, լինեն դրանք ճիշտ, թե սխալ, փոխանցեն հաջորդ սերնդին՝ անխտիր և առանց վերապահումների։ Այդպես չէ՞։ (Այո՛։) Ինչպե՞ս են ավանդական մշակույթը և այս տոներն ապականում մարդկանց։ Գիտե՞ք արդյոք։ (Մարդիկ սահմանափակվում և կաշկանդվում են այս կանոններով, այնպես որ ժամանակ կամ եռանդ չեն ունենում՝ Աստծուն փնտրելու համար։) Սա կողմերից մեկն է։ Օրինակ՝ բոլորը տոնում են Լուսնային Նոր տարին․ եթե չտոնեիր, մի՞թե չէիր տխրի։ Ունե՞ս արդյոք որևէ նախապաշարմունք քո սրտում։ Գուցե զգաս․ «Չնշեցի Նոր տարին, և քանի որ Լուսնային Նոր տարվա օրը վատ օր էր, մի՞թե մնացած ամբողջ տարին նույնպես վատ չի լինի»։ Մի՞թե անհանգիստ չէիր զգա և փոքր-ինչ չէիր վախենա։ Կան նույնիսկ մարդիկ, որոնք տարիներ շարունակ զոհեր չեն մատուցել իրենց նախնիներին և հանկարծ երազ են տեսնում, որում մահացած մեկը փող է խնդրում իրենցից։ Ի՞նչ կզգային։ «Ի՜նչ ցավալի է, որ այս մահացած մարդուն ծախսելու փող է պետք։ Նրա համար թղթադրամներ կայրեմ։ Եթե չանեմ, պարզապես ճիշտ չի լինի։ Կարող է խնդիրներ առաջացնել մեզ՝ ողջերիս համար․ ո՞վ կարող է ասել, թե երբ դժբախտություն կպատահի»։ Նրանց սրտերում միշտ կլինի վախի և անհանգստության այս փոքրիկ ամպը։ Ո՞վ է նրանց տալիս այս անհանգստությունը։ Սատանան է այս անհանգստության աղբյուրը։ Մի՞թե սա այն եղանակներից մեկը չէ, որոնցով Սատանան ապականում է մարդուն։ Նա տարբեր միջոցներ և պատրվակներ է օգտագործում՝ քեզ վերահսկելու, սպառնալու և կաշկանդելու համար, որպեսզի ընկնես շփոթված վիճակի մեջ, զիջես և տեղի տաս նրան․ ահա այսպես է Սատանան ապականում մարդուն։ Հաճախ, երբ մարդիկ թույլ են կամ չեն գիտակցում իրավիճակը, կարող են ակամա անմիտ բաներ անել։ Այսինքն՝ ակամա և անգիտակցաբար գերեվարվում են Սատանայի կողմից և անգիտակցաբար որոշակի բաներ են անում՝ առանց նույնիսկ իմանալու։ Ահա այս եղանակով է Սատանան ապականում մարդուն։ Հիմա նույնիսկ բավականին շատ մարդիկ կան, որոնք դեռ դժկամությամբ են բաժանվում արմատացած ավանդական մշակույթից, և որոնք պարզապես չեն կարող հրաժարվել դրանից։ Հատկապես թույլ և բացասական վիճակում են նրանք ցանկանում նշել այս տեսակի տոները և հանդիպել Սատանային ու կրկին գոհացնել նրան՝ իրենց սրտերին մխիթարություն բերելու համար։ Ի՞նչ է թաքնված այս ավանդական մշակույթի հետևում։ Արդյոք Սատանայի սև ձե՞ռքն է քաշում թելերը ետնաբեմում։ Արդյոք Սատանայի չարասեր բնությո՞ւնն է մանիպուլացնում և վերահսկում։ Արդյոք Սատանա՞ն է իշխում այս ամենի վրա։ (Այո՛։) Երբ մարդիկ ապրում են ավանդական մշակույթում և նշում են այս տեսակի ավանդական տոները, կարո՞ղ ենք արդյոք ասել, որ այս միջավայրում նրանք խաբվում և ապականվում են Սատանայի կողմից և որ դա անում են ուրախությամբ։ (Այո՛։) Սա մի բան է, որը բոլորդ ընդունում եք, մի բան, որի մասին գիտեք։
դ. Ինչպես է Սատանան օգտագործում սնահավատությունը՝ մարդուն ապականելու համար
Ծանոթ եք «սնահավատություն» տերմինին, այնպես չէ՞։ Սնահավատության և ավանդական մշակույթի միջև կա որոշակի ընդհանրություն, բայց այսօր չենք խոսի այդ մասին։ Փոխարենը կքննարկեմ սնահավատության այն ձևերը, որոնց մարդիկ հաճախ են բախվում՝ գուշակություն, բախտագուշակություն, խունկ ծխել և Բուդդային երկրպագել։ Ոմանք զբաղվում են գուշակությամբ, մյուսները երկրպագում են Բուդդային և խունկ ծխում, իսկ մյուսներն իրենց բախտն են գուշակել տալիս կամ խնդրում են ինչ-որ մեկին կարդալ իրենց դիմագծերը և այդ կերպ գուշակել իրենց բախտը։ Ձեզանից քանիսի՞ բախտն են գուշակել կամ դիմագծերով գուշակություն արել։ Սա մի բան է, որով մարդկանց մեծ մասը հետաքրքրված է, այնպես չէ՞։ (Այո՛։) Ինչո՞ւ։ Ի՞նչ օգուտ են ստանում մարդիկ բախտագուշակությունից և գուշակությունից։ Ի՞նչ բավարարվածություն են նրանք ստանում դրանից։ (Հետաքրքրասիրություն։) Արդյոք դա պարզապես հետաքրքրասիրությո՞ւն է։ Իմ կարծիքով՝ պարտադիր չէ, որ այդպես լինի։ Ո՞րն է գուշակության և բախտագուշակության նպատակը։ Ինչո՞ւ է դա արվում։ Մի՞թե ապագան տեսնելու համար չէ արվում։ Ոմանք իրենց դիմագծերով գուշակություն անել են տալիս՝ ապագան կանխատեսելու համար, մյուսներն անում են դա՝ իրենց հաջողությունների և դժբախտությունների մասին իմանալու համար։ Ոմանք անում են դա, որպեսզի տեսնեն, թե ինչպիսին կլինի իրենց ամուսնությունը, իսկ մյուսներն անում են դա՝ տեսնելու համար, թե ինչ հաջողություն կբերի գալիք տարին։ Ոմանք իրենց դիմագծերով գուշակություն են անել տալիս, որպեսզի տեսնեն, թե ինչպիսին կլինեն իրենց և իրենց որդիների կամ դուստրերի հեռանկարները, իսկ որոշ գործարարներ անում են դա՝ տեսնելու համար, թե որքան գումար կվաստակեն՝ փնտրելով դիմագծերով գուշակողի ուղղորդումը այն հարցում, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն։ Ուրեմն արդյոք սա արվում է միայն հետաքրքրասիրությունը բավարարելու համա՞ր։ Երբ մարդիկ իրենց դիմագծերով գուշակություն են անել տալիս կամ անում են այս տեսակի բաներ, դա իրենց ապագա անձնական օգուտի համար է։ Նրանք հավատում են, որ այս ամենը սերտորեն կապված է իրենց իսկ ճակատագրի հետ։ Արդյոք այս ամենից որևէ բան օգտակա՞ր է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ օգտակար չէ։ Մի՞թե լավ բան չէ այս բաների միջոցով որոշակի գիտելիք ձեռք բերելը։ Այդ կերպ անակնկալի չես գա, երբ աղետը հարվածի։ Եթե նախապես իմանայիր, մի՞թե չէիր կարող խուսափել դրանից։ Եթե քո բախտը գուշակել տաս, գուցե դա քեզ ցույց տա, թե ինչպես գտնել լաբիրինթոսից դուրս գալու ճիշտ ճանապարհը, որպեսզի կարողանաս հաջողություն ունենալ գալիք տարում և մեծ հարստություն ձեռք բերել քո բիզնեսի միջոցով։ Ուրեմն արդյոք այն օգտակար է՞, թե՞ ոչ։ Օգտակար է, թե ոչ, մեզ հետ ոչ մի կապ չունի, և մեր այսօրվա հաղորդակցությունը չի ներառի այս թեման։ Ինչպե՞ս է Սատանան օգտագործում սնահավատությունը՝ մարդուն ապականելու համար։ Բոլոր մարդիկ ուզում են իմանալ իրենց ճակատագիրը, ուստի Սատանան օգտվում է նրանց հետաքրքրասիրությունից՝ նրանց հրապուրելու համար։ Մարդիկ զբաղվում են գուշակությամբ, բախտագուշակությամբ և դիմագծերով գուշակությամբ, որպեսզի իմանան իրենց ապագա բախտը, և թե ինչպիսի ճանապարհ է սպասվում իրենց։ Բայց, ի վերջո, ո՞ւմ ձեռքում են ճակատագիրն ու հեռանկարները, որոնցով մարդիկ այդքան մտահոգված են։ (Աստծու ձեռքերում։) Այս բոլոր բաներն Աստծու ձեռքում են։ Այս մեթոդներն օգտագործելով՝ ի՞նչ է ուզում Սատանան, որ մարդիկ իմանան։ Սատանան ուզում է օգտագործել դիմագծերով գուշակությունն ու բախտագուշակությունը՝ մարդկանց ասելու համար, որ ինքը գիտի նրանց ապագա բախտը և որ ոչ միայն գիտի այս բաները, այլև վերահսկում է դրանք։ Սատանան ուզում է օգտվել այս հնարավորությունից և օգտագործել այս մեթոդները՝ մարդկանց վերահսկելու համար, այնպես որ մարդիկ կուրորեն հավատան նրան և ենթարկվեն նրա յուրաքանչյուր խոսքին։ Օրինակ՝ եթե քո դիմագծերով գուշակություն անել տաս, եթե դիմագծերով գուշակողը փակի աչքերը և կատարյալ հստակությամբ ասի քեզ այն ամենը, ինչ պատահել է քեզ հետ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, ի՞նչ կզգայիր ներքուստ։ Անմիջապես կզգայիր․ «Նա այնքա՜ն ճշգրիտ է։ Նախկինում երբեք ոչ մեկին չեմ պատմել իմ անցյալի մասին։ Ինչպե՞ս նա իմացավ դրա մասին։ Այս դիմագծերով գուշակողն իսկապես հիացնում է ինձ»։ Սատանայի համար մի՞թե չափազանց հեշտ չէ իմանալ քո անցյալի մասին։ Աստված առաջնորդել է քեզ այնտեղ, որտեղ այսօր ես, իսկ այդ ողջ ընթացքում Սատանան ապականել է մարդկանց ու հետևել քեզ։ Քո կյանքի տասնամյակների ընթացքը ոչինչ է Սատանայի համար, և նրա՝ այս բաներն իմանալը մեծ բան չէ։ Երբ իմանում ես, որ այն ամենը, ինչ ասում է Սատանան, ճշգրիտ է, մի՞թե սիրտդ նրան չես հանձնում։ Մի՞թե չես ապավինում նրան, որ վերահսկի քո ապագան և քո բախտը։ Մի ակնթարթում սիրտդ որոշակի ակնածանք կամ հարգանք կզգա նրա հանդեպ, իսկ որոշ մարդկանց հոգիներն այդ պահին գուցե արդեն հափշտակված լինեն նրա կողմից։ Եվ նրանք անմիջապես կհարցնեն դիմագծերով գուշակողին. «Ի՞նչ պետք է անեմ հաջորդիվ։ Ինչի՞ց պետք է խուսափեմ գալիք տարում։ Ի՞նչ բաներ չպետք է անեմ»։ Իսկ հետո նա կասի. «Չպետք է գնաս այնտեղ, չպետք է անես սա, մի՛ հագիր որոշակի գույնի հագուստ, պետք է ավելի քիչ գնաս որոշակի վայրեր, ավելի շատ անես որոշակի բաներ...»։ Մի՞թե նրա ասած ամեն բան անմիջապես սրտիդ մոտ չես ընդունի։ Նրա խոսքերն ավելի արագ կմտապահեիր, քան Աստծու խոսքերը։ Ինչո՞ւ այդքան արագ կմտապահեիր դրանք։ Որովհետև կցանկանայիր ապավինել Սատանային՝ հաջողության հասնելու համար։ Մի՞թե հենց այդ ժամանակ չէ, երբ նա գրավում է քո սիրտը։ Երբ նրա կանխատեսումները մեկը մյուսի հետևից իրականանան, մի՞թե չէիր ցանկանա անմիջապես վերադառնալ նրա մոտ՝ պարզելու, թե ինչ բախտ կբերի հաջորդ տարին։ (Այո՛։) Կանեիր այն ամենը, ինչ Սատանան ասում է քեզ անել, և կխուսափեիր այն բաներից, որոնցից ասում է խուսափել։ Այս կերպ, մի՞թե չես ենթարկվում նրա ասած ամեն բանին։ Շատ արագ կընկնես նրա գիրկը, կմոլորվես և կհայտնվես նրա վերահսկողության տակ։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ հավատում ես, որ նրա ասածն իրական է, և հավատում ես, որ նա գիտի քո անցյալ կյանքերի, այս կյանքի և այն մասին, թե ինչ կբերի ապագան։ Սա այն մեթոդն է, որը Սատանան օգտագործում է՝ մարդկանց վերահսկելու համար։ Բայց իրականում ո՞վ է իսկապես վերահսկում։ Աստված Ինքն է վերահսկում, ոչ թե Սատանան։ Այս դեպքում Սատանան պարզապես օգտագործում է իր խորամանկ հնարքները՝ տգետ մարդկանց խաբելու, միայն նյութական աշխարհը տեսնող մարդկանց խաբելու համար, որպեսզի հավատան և ապավինեն իրեն։ Այնուհետև նրանք գերեվարվում են Սատանայի կողմից և ենթարկվում նրա յուրաքանչյուր խոսքին։ Բայց արդյոք Սատանան երբևէ թուլացնո՞ւմ է իր ճիրանները, երբ մարդիկ ցանկանում են հավատալ և հետևել Աստծուն։ Սատանան դա չի անում։ Այս իրավիճակում մարդիկ իսկապես գերեվարվել են Սատանայի կողմից, այնպես չէ՞։ (Այո՛։) Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Սատանայի պահվածքն այս առումով անամոթ է։ (Այո՛։) Ինչո՞ւ այդպես կասեինք։ Որովհետև սրանք խարդախ և խաբեբայական մարտավարություններ են։ Սատանան անամոթ է և մոլորեցնում է մարդկանց՝ ստիպելով մտածել, թե ինքն է իշխում նրանց վերաբերող ամեն ինչի վրա և խորամանկորեն ղեկավարում է հենց նրանց ճակատագիրը։ Սա ստիպում է տգետ մարդկանց լիովին ենթարկվել նրան։ Նա ընդամենը երկու-երեք բան է ասում և խաբելով մարդկանց գցում է շշմած վիճակի մեջ. երբ մարդիկ հայտնվում են այս շշմած վիճակի մեջ, խոնարհվում են նրա առաջ։ Այսպիսով, ի՞նչ մեթոդներ է օգտագործում Սատանան, ի՞նչ է ասում, որպեսզի ստիպի քեզ հավատալ իրեն։ Օրինակ՝ գուցե դու չես ասել Սատանային, թե քանի հոգի կա քո ընտանիքում, բայց նա, միևնույնն է, գուցե կարողանա ասել քեզ, թե քանի հոգի կա, և քո ծնողների ու երեխաների տարիքը։ Թեև մինչ այդ գուցե ունեիր քո կասկածներն ու տարակույսները Սատանայի վերաբերյալ, բայց լսելով, թե ինչպես է ասում այս բաները, մի՞թե չէիր զգա, որ նա մի փոքր ավելի արժանահավատ է։ Այնուհետև Սատանան գուցե ասի, թե վերջերս որքան դժվար է եղել աշխատանքը քեզ համար, որ քո վերադասները չեն գնահատում և միշտ խոչընդոտում են քեզ և այլն։ Դա լսելուց հետո կմտածեիր. «Միանգամայն ճի՛շտ է։ Աշխատավայրում գործերը հարթ չեն ընթանում»։ Մի՞թե սա չէր ստիպի քեզ է՛լ ավելի հավատալ նրան։ Այնուհետև նա մեկ այլ բան կասեր՝ քեզ մոլորեցնելու համար՝ ստիպելով քեզ է՛լ ավելի հավատալ նրան։ Կամաց-կամաց կամքիդ հակառակ այլևս անզոր կդառնայիր դիմադրելու կամ կասկածամիտ մնալու նրա հանդեպ։ Սատանան ընդամենը մի քանի սովորական հնարք է օգտագործում՝ նույնիսկ աննշան հնարքներ, և այս կերպ մոլորեցնում է քեզ։ Երբ մոլորվես, անկարող կլինես կողմնորոշվել, չես իմանա, թե ինչ անել, և կսկսես ականջ դնել Սատանայի յուրաքանչյուր խոսքին։ Այսպես է Սատանան մարդկանց ապականելու «հանճարեղ» եղանակ օգտագործում՝ ստիպելով քեզ անզգուշաբար կուլ տալ խայծը և գայթակղվել։ Սատանան քեզ մի քանի բան է ասում, որոնք մարդիկ երևակայում են, թե լավն են, և ապա ասում է քեզ, թե ինչ անել և ինչից խուսափել։ Ահա այսպես ես անզգուշաբար խաբվում։ Հենց ընկար ծուղակը, ամեն ինչ կբարդանա քեզ համար․ անընդհատ կմտածես Սատանայի ասածի մասին, և թե քեզ ինչ ասաց անել, և անգիտակցաբար կհամակվես նրանով։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև մարդկությունը չի տիրապետում ճշմարտությանը և ուստի անզոր է դիմադրել Սատանայի գայթակղությանն ու հրապուրանքին։ Սատանայի չարասիրության, նրա նենգության, դարանակալության և դաժանության առջև մարդիկ այնքա՜ն տգետ են, մանկամիտ և թույլ. այնպես չէ՞։ Մի՞թե սա այն եղանակներից մեկը չէ, որով Սատանան ապականում է մարդուն։ (Այո՛։) Մարդն անզգուշաբար կամաց-կամաց հրապուրվում է և խաբվում Սատանայի տարբեր մեթոդներով, որովհետև չունի դրականն ու բացասականը տարբերակելու կարողություն. չունի այս հասակը, ոչ էլ Սատանային հաղթելու կարողությունը։
ե. Ինչպես է Սատանան օգտագործում սոցիալական միտումները՝ մարդուն ապականելու համար
Ե՞րբ են առաջացել սոցիալական միտումները։ Արդյոք միայն մեր օրերո՞ւմ են ի հայտ եկել։ Կարելի է ասել, որ սոցիալական միտումներն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ Սատանան սկսել է ապականել մարդկանց։ Ի՞նչ են ներառում սոցիալական միտումները։ (Հագուկապ և հարդարում։) Սրանք այն բաներն են, որոնց մարդիկ հաճախ են առնչվում։ Հագուկապ և հարդարում, նորաձևություն և հագուստին առնչվող միտումներ,— այս բաները մի փոքր կողմն են կազմում միայն։ Կա՞ արդյոք այլ բան։ Արդյոք այն հայտնի արտահայտությունները, որոնք մարդիկ հաճախ են օգտագործում, նո՞ւյնպես դրանց թվին են պատկանում։ Իսկ այն կենսակերպե՞րը, որոնք մարդիկ ցանկանում են։ Իսկ մարդկանց սիրած երաժշտական աստղե՞րը, հայտնինե՞րը, ամսագրերն ու վեպե՞րը։ (Այո՛։) Ձեր կարծիքով՝ սոցիալական միտումների ո՞ր կողմն է ի վիճակի ապականելու մարդուն։ Այս միտումներից ո՞րն է ամենագրավիչը ձեզ համար։ Ոմանք ասում են. «Բոլորս հասել ենք որոշակի տարիքի, հիսուն կամ վաթսուն, յոթանասուն կամ ութսուն տարեկան ենք, չենք հետևում այս միտումներին, և միտումները մեզ համար գայթակղություն չեն»։ Արդյոք սա ճի՞շտ է։ Մյուսներն ասում են. «Չենք հետևում հայտնիներին, դա մի բան է, որն անում են քսան տարեկան երիտասարդները։ Նաև նորաձև հագուստ չենք կրում, դա մի բան է, որն անում են իրենց արտաքինին ուշադրություն դարձնող մարդիկ»։ Ուրեմն ինչպիսի՞ բաներն են ի վիճակի ապականելու ձեզ։ (Հայտնի ասացվածքները։) Կարո՞ղ են արդյոք այս ասացվածքներն ապականել մարդկանց։ Մի օրինակ կբերեմ, և կտեսնեք՝ արդյոք այն ապականում է մարդկանց, թե ոչ. «Փողն է աշխարհը պտտեցնում»․ արդյոք սա միտո՞ւմ է։ Ձեր նշած նորաձևության և նրբաճաշակ խորտիկների միտումների համեմատ՝ մի՞թե սա ավելի ազդեցիկ չէ։ «Փողն է աշխարհը պտտեցնում» արտահայտությունը Սատանայի փիլիսոփայությունն է։ Այն շատ տարածված է մարդկանց շրջանում՝ յուրաքանչյուր հասարակության մեջ։ Կարելի է ասել, որ դա միտում է։ Դա այն պատճառով է, որ այն սերմանվել է յուրաքանչյուր մարդու սրտում, որը սկզբում չէր ընդունում այս ասացվածքը, բայց հետո լռելյայն ընդունեց, երբ բախվեց իրական կյանքին և սկսեց զգալ, որ այս խոսքերն իրականում ճշմարիտ են։ Մի՞թե սա Սատանայի կողմից մարդուն ապականելու գործընթաց չէ։ Գուցե մարդիկ չունեն այս ասացվածքի վերաբերյալ անմիջական գիտելիքի միևնույն աստիճանը, բայց յուրաքանչյուրն ունի այս ասացվածքի մեկնաբանման և ընդունման տարբեր աստիճաններ՝ հիմնվելով իր շուրջը տեղի ունեցած բաների և այն ամենի վրա, ինչ անձամբ փորձառաբար ապրել է։ Այդպես չէ՞։ Անկախ նրանից, թե որքան խորն է մարդու փորձառությունը՝ այս ասացվածքի հետ կապված, ի՞նչ բացասական ազդեցություն է այն թողել նրա սրտի վրա։ Այն, որ այս աշխարհի մարդիկ, և կարելի է ասել, որ սա ներառում է ձեզանից յուրաքանչյուրին, ինչ-որ բան են դրսևորում իրենց խառնվածքից։ Ի՞նչ է դա։ Փողի պաշտամունքն է։ Հե՞շտ է արդյոք հեռացնել սա մարդկանց սրտերից։ Ո՛չ, հեշտ չէ։ Սա ցույց է տալիս, որ Սատանայի կողմից մարդու ապականումն իսկապես խորն է։ Սատանան օգտագործում է փողը՝ մարդկանց հրապուրելու համար, և ապականում է նրանց բոլորին՝ վերածելով փողն ու նյութական ցանկությունները պաշտող էակների։ Իսկ ինչպե՞ս է փողի այս պաշտամունքը դրսևորվում մարդկանց մեջ։ Մի՞թե չեք կարծում, որ այս աշխարհում առանց փողի չէիք կարող գոյատևել և որ առանց դրա նույնիսկ մեկ օր չէիք կարող անցկացնել։ Այն, թե որքան փող ունեն մարդիկ, որոշում է, թե որքան բարձր է նրանց կարգավիճակը, և որքան ականավոր են նրանք։ Աղքատները չեն զգում, որ կարող են գլուխները բարձր պահել և հպարտ լինել, մինչդեռ հարուստները բարձր կարգավիճակ ունեն, գլուխները բարձր են պահում ու հպարտ են, կարող են բարձրաձայն խոսել և ապրել ամբարտավան ու սանձարձակ կերպով։ Ի՞նչ են այս ասացվածքը և միտումը բերում մարդկանց։ Մի՞թե ճիշտ չէ, որ շատ մարդիկ պատրաստ են ցանկացած զոհողության գնալ՝ փող աշխատելու համար։ Մի՞թե շատ մարդիկ ավելի շատ փողի ձգտելիս չեն կորցնում իրենց արժանապատվությունն ու ազնվությունը։ Մի՞թե շատ մարդիկ հանուն փողի չեն կորցնում իրենց պարտավորությունը կատարելու և Աստծուն հետևելու հնարավորությունը։ Մի՞թե ճշմարտությունը ձեռք բերելու և փրկվելու հնարավորությունը կորցնելը մարդկանց համար ամենամեծ կորուստը չէ։ Միայն այս մեթոդը և այս ասացվածքն օգտագործելով՝ Սատանան ապականում է մարդուն նման աստիճանի։ Մի՞թե Սատանայի մտադրությունը չարագույժ չէ։ Մի՞թե սա չարասիրտ հնարք չէ։ Երբ այս ասացվածքը հայտնի է դառնում, դու սկզբում չես համաձայնում դրան, բայց ի վերջո սկսում ես հավատալ, որ դա ճշմարտություն է, իսկ այդ պահին քո սիրտն արդեն ամբողջովին Սատանայի ճիրաններում է, և հետևաբար ակամա սկսում ես ապրել այդ ասացվածքով։ Որքանո՞վ է այս ասացվածքն ազդել քեզ վրա։ Գուցե գիտես ճշմարիտ ճանապարհը և գուցե գիտես ճշմարտությունը, բայց անզոր ես դրան ձգտել։ Գուցե հստակ գիտես, որ Աստծու խոսքերը ճշմարտություն են, բայց չես ցանկանում գին վճարել կամ տառապել՝ ճշմարտությունը ձեռք բերելու համար։ Փոխարենը կնախընտրեիր զոհաբերել քո սեփական ապագան և ճակատագիրը՝ Աստծուն մինչև վերջ հակադրվելու համար։ Անկախ նրանից, թե ինչ է ասում Աստված, անկախ նրանից, թե ինչ է անում Աստված, անկախ նրանից, թե որքան խորն ու մեծ է Աստծու սերը քո հանդեպ, որքանով որ ի վիճակի ես հասկանալու այն, դու համառորեն կպնդեիր ջանքեր գործադրել այս ասացվածքի պատճառով։ Այսինքն՝ այս ասացվածքն արդեն մոլորեցրել և վերահսկել է քո մտքերը, արդեն ղեկավարել է քո վարքագիծը, և կնախընտրեիր թույլ տալ, որ այն իշխի քո ճակատագրի վրա, քան հրաժարվել հարստության ձգտելուց։ Այն, որ դու կարող ես այսպես վարվել, որ Սատանայի խոսքերը կարող են վերահսկել և խորամանկորեն ղեկավարել քեզ, մի՞թե սա չի նշանակում, որ Սատանան մոլորեցրել և ապականել է քեզ։ Մի՞թե սա չի նշանակում, որ Սատանայի փիլիսոփայությունն ու մտքերը և Սատանայի խառնվածքն արմատավորվել են քո սրտում։ Երբ նպատակասլացորեն ձգտում ես հարստության և հրաժարվում ես ճշմարտությանը ձգտելուց, մի՞թե Սատանան չի հասել քեզ մոլորեցնելու իր նպատակին։ Հենց այդպես էլ կա։ Ուրեմն, կարո՞ղ ես զգալ, թե երբ է Սատանան մոլորեցնում և ապականում քեզ։ Չես կարող։ Եթե չես կարող տեսնել Սատանային՝ հենց քո առջև կանգնած, կամ զգալ, որ Սատանան է գործում գաղտնի, կկարողանայի՞ր արդյոք տեսնել Սատանայի չարասիրությունը։ Կկարողանայի՞ր արդյոք իմանալ, թե ինչպես է Սատանան ապականում մարդկությանը։ Սատանան ապականում է մարդկանց բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում։ Սատանան այնպես է անում, որ նրանց համար անհնար է դառնում այս ապականությունից պաշտպանվելը, և նրանց անօգնական է դարձնում դրա դեմ։ Սատանան մարդկանց ստիպում է ընդունել իր մտքերը, իր տեսակետները և իրենից բխող չարասեր բաներն այնպիսի իրավիճակներում, երբ նրանք անտեղյակ են և չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց հետ, և այս բաներն ընդունելուց հետո մարդիկ դրանց դեմ որևէ առարկություն չեն ունենում։ Փայփայում և կառչում են այս բաներից ինչպես գանձից, թույլ են տալիս, որ այս բաները մանիպուլացնեն իրենց և խաղան իրենց հետ. ահա այսպես են մարդիկ ապրում Սատանայի իշխանության տակ և անգիտակցաբար ենթարկվում Սատանային, և Սատանայի կողմից մարդու ապականումն ավելի ու ավելի է խորանում։
Սատանան այս մի քանի մեթոդներն է օգտագործում՝ մարդուն ապականելու համար։ Մարդն ունի գիտելիք և հասկանում է որոշ գիտական սկզբունքներ․ մարդն ապրում է ավանդական մշակույթի ազդեցության տակ։ Յուրաքանչյուր մարդ ավանդական մշակույթի ժառանգորդ է և որպես իր պարտավորություն՝ շարունակում է այն ավանդական մշակույթը, որը Սատանան տվել է մարդուն։ Մարդը նաև համագործակցում է այն սոցիալական միտումների հետ, որոնք Սատանան բերում է մարդկությանը։ Բոլոր մարդիկ հետևում են Սատանային և անքակտելիորեն կապված են Սատանայի հետ, մշտապես համագործակցում են այն ամենի հետ, ինչ անում է Սատանան, և ընդունում են տարբեր չարասեր մտքեր ու տեսակետներ և տարբեր թույներ, որոնք Սատանան բերում է նրանց, և բոլորը ժխտում ու դիմադրում են Աստծուն։ Արդյոք այս կերպ Սատանայի իշխանության տակ ապրելը մարդկանց համար երջանկությո՞ւն է, թե՞ ողբերգություն։ (Ողբերգություն։) Ինչո՞ւ եք այդպես ասում։ (Որովհետև մարդը կաշկանդված է և վերահսկվում է այս ապականված բաների կողմից, ապրում է մեղքի մեջ և կլանված է դժվարին պայքարով։) Որոշ մարդիկ ակնոց են կրում և շատ ինտելեկտուալ տեսք ունեն․ գուցե խոսեն շատ հարգալից, պերճախոսությամբ և ողջամտությամբ։ Քանի որ շատ բաների միջով են անցել, գուցե փորձառու լինեն և շատ բան տեսած լինեն կյանքում։ Գուցե կարողանան բացատրել մեծ ու փոքր հարցերի մանրամասները։ Գուցե նաև կարողանան գնահատել բաների իսկությունն ու ողջամտությունը։ Ոմանք գուցե նայեն այս մարդկանց վարքագծին և արտաքին տեսքին, ինչպես նաև նրանց ազնվությանը, մարդկայնությանը, անձնական վարքին և այլնին և ոչ մի թերություն չգտնեն նրանց մեջ։ Նման մարդիկ հատկապես լավ են կարողանում հարմարվել ներկայիս սոցիալական միտումներին։ Թեև այս մարդիկ գուցե ավելի տարեց լինեն, երբեք հետ չեն մնում ժամանակի միտումներից և երբեք չափազանց ծեր չեն սովորելու համար։ Արտաքուստ ոչ ոք չի կարող թերություն գտնել նման մարդու մեջ, սակայն իր ներքին էությամբ նա մեկն է, որ լիովին և ամբողջությամբ ապականվել է Սատանայի կողմից։ Թեև նման մարդու մեջ ոչ մի արտաքին թերություն հնարավոր չէ գտնել, թեև արտաքուստ նա մեղմ է, նրբակիրթ, ունի գիտելիք ու որոշակի բարոյականություն, ունի ազնվություն և թեև գիտելիքի առումով ոչնչով չի զիջում երիտասարդներին, այնուամենայնիվ իրենց բնական էության առումով նման մարդը ծայրից ծայր Սատանայի կենդանի տիպար է և ոչնչով չի տարբերվում Սատանայից։ Սա մարդու՝ Սատանայի կողմից ապականման «պտուղն» է։ Այն, ինչ ասացի, գուցե ցավ պատճառի ձեզ, բայց ամբողջովին ճշմարիտ է։ Մարդու ուսումնասիրած գիտելիքը, նրա հասկացած գիտությունը և սոցիալական միտումներին հարմարվելու համար նրա ընտրած միջոցները, առանց բացառության, Սատանայի կողմից մարդուն ապականելու գործիքներ են։ Սա բացարձակապես ճշմարիտ է։ Հետևաբար մարդն ապրում է նման լիակատար սատանայական ապականված խառնվածքի մեջ և ոչ մի կերպ չի կարող իմանալ, թե ինչ է Աստծու սրբությունը, կամ ինչ է Աստծու էությունը։ Դա այն պատճառով է, որ ապականված մարդկության աչքում հնարավոր չէ որևէ թերություն գտնել այն բաների մեջ, որոնք Սատանան օգտագործում է մարդուն ապականելու համար, և արտաքուստ մարդկանց վարքագծի մեջ ոչ մի աննորմալ բան չկա։ Բոլորը բնականոն կերպով զբաղվում են իրենց աշխատանքով և ապրում են բնականոն կյանքով, բնականոն կերպով կարդում են գրքեր և թերթեր, սովորում և խոսում են բնականոն կերպով, իսկ ոմանք սովորել են որոշակի բարոյականություն և լավ են խոսում, հասկացող են և ընկերասեր, օգնող են ու բարեգործ կամ չեն զբաղվում մանրուքների վերաբերյալ հաշիվներ պահելով կամ չեն օգտվում մարդկանց իրավիճակից։ Սակայն մարդկանց՝ Սատանայի կողմից ապականված խառնվածքները խորապես արմատավորված են նրանց ներսում, և այս էությունը հնարավոր չէ փոխել՝ ապավինելով արտաքին ջանքերին։ Այս էության պատճառով մարդն ի վիճակի չէ ճանաչելու Աստծու սրբությունը, և թեև Աստծու սրբության էությունը բաց է մարդու համար, մարդը դրան լուրջ չի վերաբերվում։ Դա այն պատճառով է, որ Սատանան տարբեր միջոցներով արդեն սկսել է լիովին տիրանալ մարդու մտքերին և գաղափարներին, տեսակետներին և մտածելակերպին։ Այս տիրապետումն ու ապականումը ժամանակավոր կամ պատահական չեն, այլ առկա են ամենուր և բոլոր ժամանակներում։ Այսպիսով, շատ մարդիկ, որոնք հավատացել են Աստծուն երեք կամ չորս տարի, կամ նույնիսկ հինգ կամ վեց տարի, դեռևս որպես գանձ են ընդունում այս չարասեր մտքերը, տեսակետները, տրամաբանությունը և փիլիսոփայությունները, որոնք Սատանան սերմանել է նրանց մեջ, և ի վիճակի չեն թողնելու դրանք։ Ճիշտ այն պատճառով, որ այն ամենը, ինչ մարդն ընդունել է, բաղկացած է Սատանայի բնությունից բխող չարասեր, ամբարտավան և չարասիրտ բաներից, մարդու միջանձնային հարաբերություններում անխուսափելիորեն լինում են հաճախակի հակամարտություններ, մանրուքների վերաբերյալ հաճախակի հաշիվներ պահել և փոխադարձ անհամատեղելիություն, որոնք բոլորն առաջանում են որպես Սատանայի ամբարտավան բնության արդյունք։ Եթե Սատանան մարդկությանը դրական բաներ տար, օրինակ՝ եթե կոնֆուցիականության և դաոսականության ավանդական մշակույթը, որը մարդն ընդունել է, լավը լիներ, ապա այդ բաներն ընդունելուց հետո նմանատիպ մարդիկ պետք է կարողանային համատեղելի լինել, երբ միասին են։ Ուրեմն ինչո՞ւ է այնպես, որ նույն բաներն ընդունած մարդիկ է՛լ ավելի են պառակտվում, երբ միասին են լինում։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև այս բաները գալիս են Սատանայից, իսկ Սատանան պառակտում է ստեղծում մարդկանց միջև։ Անկախ նրանից, թե արտաքուստ որքան արժանապատիվ կամ հրաշալի կարող են թվալ Սատանայից բխող բաները, այն, ինչ դրանք բերում են մարդուն և մարդկանց դրդում կյանքով արտահայտել, ամբողջությամբ ամբարտավանություն է, ամբողջությամբ նենգ, չարասեր բնություն։ Այդպես չէ՞։ Անկախ նրանից, թե որքան հմուտ է մարդը ծպտվելու հարցում, որքան բանիմաց է կամ որքան դաստիարակված է, միևնույնն է, դժվարությամբ կթաքցներ իր սատանայական ապականված խառնվածքները։ Այսինքն՝ կարևոր չէ, թե որքան հմուտ է մարդն արտաքուստ ձևացնելու հարցում, անկախ նրանից՝ նրան սուրբ ես համարում, կատարյալ ես համարում թե հրեշտակ, անկախ նրանից, թե որքան մաքուր ես համարում նրան, երբ նայում ես նրա կյանքին ետնաբեմում և նրա խառնվածքում դրսևորվող էությանը, ի՞նչ է այդ ամենը։ Այդ ամենը, առանց բացառության, ամբողջությամբ Սատանայի չարասեր բնությունն է։ Կարելի՞ է արդյոք այդպես ասել։ (Այո՛։) Օրինակ՝ վերցրու քո շրջապատից մեկին, որին ժամանակին լավ մարդ էիր համարում, կուռք, որին ժամանակին երկրպագում էիր։ Հաշվի առնելով քո ներկայիս հասակը՝ ինչպե՞ս ես հիմա նայում նման մարդուն։ Նախ՝ նայում ես, թե արդյոք այս տեսակ մարդն ունի մարդկայնություն, թե ոչ, արդյոք ազնիվ է, արդյոք ճշմարիտ սեր ունի մարդկանց հանդեպ, և արդյոք նրա խոսքերն ու գործերը կրթում կամ օգնում են ուրիշներին։ (Ո՛չ։) Ի՞նչ է այսպես կոչված բարությունը, սերը կամ լավությունը, որոնք նա դրսևորում է։ Այդ ամենը կեղծիք է, ամբողջությամբ խաբուսիկ արտաքին։ Այս խաբուսիկ արտաքինի հետևում թաքնված է չարասեր հետին նպատակ՝ ստիպել մարդկանց երկրպագել իրեն և իրեն կուռք համարել։ Արդյոք հստակ տեսնո՞ւմ եք սա։ (Այո՛։)
Ի՞նչ են բերում մարդկությանն այն մեթոդները, որոնք Սատանան օգտագործում է մարդկանց ապականելու համար։ Արդյոք որևէ դրական բա՞ն են բերում։ Նախ՝ կարո՞ղ է արդյոք մարդը տարբերակել բարին ու չարը։ Նայե՛ք այս աշխարհին․ լինի դա որևէ հայտնի մարդ կամ խոշոր գործիչ, թե որևէ ամսագիր կամ հրատարակություն, արդյոք բարին ու չարը, ճիշտն ու սխալը դատելու նրանց չափանիշները ճշգրի՞տ են։ Արդյոք իրադարձությունների և մարդկանց վերաբերյալ նրանց գնահատականներն արդա՞ր են։ Արդյոք դրանք ճշմարտությո՞ւն են պարունակում։ Արդյոք այս աշխարհը, այս մարդկությունը դրական և բացասական բաները գնահատում է՝ հիմնվելով ճշմարտության չափանիշի՞ վրա։ (Ո՛չ։) Ինչո՞ւ մարդիկ չունեն այդ կարողությունը։ Մարդիկ այնքա՜ն շատ գիտելիք են ձեռք բերել և այնքա՜ն շատ բան գիտեն գիտության մասին, ուստի օժտված են մեծ կարողություններով, այնպես չէ՞։ Ուրեմն, ինչո՞ւ ունակ չեն տարբերակելու դրական և բացասական բաները։ Ինչո՞ւ է այսպես։ (Որովհետև մարդիկ չունեն ճշմարտություն. գիտությունը և գիտելիքը ճշմարտություն չեն։) Այն ամենը, ինչ Սատանան բերում է մարդկությանը, չարասիրություն և ապականություն է. դրանում չկա ո’չ ճշմարտություն, ո’չ կյանք և ո’չ էլ ճանապարհ։ Սատանայի՝ մարդուն բերած չարության և ապականության պայմաններում կարո՞ղ ես արդյոք ասել, որ Սատանան սեր ունի։ Կարո՞ղ ես արդյոք ասել, որ այս մարդկությունը սեր ունի։ Ոմանք գուցե ասեն. «Սխալվում ես. ամբողջ աշխարհում շատ մարդիկ կան, որոնք օգնում են աղքատներին կամ անօթևաններին։ Մի՞թե նրանք լավ մարդիկ չեն։ Կան նաև բարեգործական կազմակերպություններ, որոնք բարի գործ են անում. մի՞թե դա բարի արարք չէ»։ Ի՞նչ կասեիր դրան։ Սատանան օգտագործում է բազմաթիվ տարբեր մեթոդներ և տեսություններ՝ մարդուն ապականելու համար. արդյոք մարդու այս ապականումը անորոշ հասկացությո՞ւն է։ Ո՛չ, անորոշ չէ։ Սատանան նաև անում է որոշ գործնական բաներ և նաև այս աշխարհում ու հասարակության մեջ առաջ է քաշում որևէ տեսակետ կամ տեսություն։ Յուրաքանչյուր դինաստիայի օրոք և յուրաքանչյուր դարաշրջանում նա առաջ է քաշում որևէ տեսություն և մտքեր է սերմանում մարդու ուղեղում։ Այս մտքերն ու տեսություններն աստիճանաբար արմատավորվում են մարդկանց սրտերում, և այնուհետև նրանք սկսում են ապրել դրանցով։ Երբ սկսում են ապրել այս բաներով, մի՞թե ակամա չեն դառնում Սատանաներ։ Մի՞թե մարդիկ այդ ժամանակ Սատանայի հետ մեկ չեն դառնում։ Երբ մարդիկ Սատանայի հետ մեկ են դառնում, ի վերջո ի՞նչ վերաբերմունք են ունենում Աստծու հանդեպ։ Մի՞թե դա նույն վերաբերմունքը չէ, որը Սատանան ունի Աստծու հանդեպ։ Ոչ ոք չի համարձակվում խոստովանել սա, այնպես չէ՞։ Որքա՜ն սարսափելի է։ Ինչո՞ւ եմ ասում, որ Սատանայի բնությունը չարասեր է։ Սա Սատանայի բնորոշումն ու մանրամասն վերլուծությունն է՝ հիմնված նրա արածի և դրսևորած բաների վրա․ սա անհիմն չեմ ասում։ Եթե պարզապես ասեի, որ Սատանան չարասեր է, ի՞նչ կմտածեիք։ Կմտածեիք. «Ակնհայտ է, որ Սատանան չարասեր է»։ Ուստի հարցնում եմ քեզ. «Սատանայի ո՞ր կողմերն են չարասեր»։ Կասեիր. «Աստծու դեմ Սատանայի դիմադրությունն է չարասեր»։ Բայց, միևնույնն է, չէիր կարողանա հստակ բացատրել դա։ Հիմա, երբ այսպես խոսեցի մանրամասների մասին, արդյոք հասկանո՞ւմ եք Սատանայի չարասեր էության կոնկրետ բովանդակությունը։ (Այո՛։) Եթե կարողանաք հստակ տեսնել Սատանայի չարասեր բնությունը, ապա կտեսնեք ձեր իսկ վիճակները։ Կա՞ արդյոք որևէ կապ այս երկու բաների միջև։ Արդյոք սա օգտակա՞ր է ձեզ համար, թե՞ ոչ։ (Այո՛, օգտակար է։) Երբ հաղորդակցվում եմ Աստծու սրբության էության մասին, արդյոք անհրաժե՞շտ է, որ հաղորդակցվեմ Սատանայի չարասեր էության մասին։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ (Այո՛, անհրաժեշտ է։) Ինչո՞ւ։ (Սատանայի չարասիրությունն ընդգծում է Աստծու սրբությունը որպես հակադրություն։) Արդյոք այդպե՞ս է։ Սա մասամբ ճիշտ է այն իմաստով, որ առանց Սատանայի չարասիրության մարդիկ չէին իմանա, որ Աստված սուրբ է. ճիշտ է այսպես ասել։ Սակայն եթե ասես, որ Աստծու սրբությունը գոյություն ունի միայն Սատանայի չարասիրության հետ հակադրության շնորհիվ, արդյոք սա ճի՞շտ է։ Եթե այս դիալեկտիկական եղանակով ես խոսում, ապա դա սխալ է։ Աստծու սրբությունն Աստծու ներհատուկ էությունն է։ Նույնիսկ երբ Աստված դրսևորում է այն Իր գործերի միջոցով, սա, միևնույնն է, Աստծու էության բնական դրսևորումն է, և այն, միևնույնն է, Աստծու ներհատուկ էությունն է։ Այն միշտ գոյություն է ունեցել և բնորոշ ու բնածին է հենց Իրեն՝ Աստծուն։ Պարզապես մարդը չի կարող տեսնել այն, որովհետև ապրում է սատանայական ապականված խառնվածքների մեջ ու Սատանայի ազդեցության տակ և չգիտի, թե ինչ է սուրբը, առավել ևս՝ Աստծու սրբության կոնկրետ բովանդակության մասին։ Ուստի արդյոք էակա՞ն է, որ նախ հաղորդակցվենք Սատանայի չարասեր էության մասին։ (Այո՛, էական է։) Ոմանք գուցե կասկած հայտնեն. «Դու հաղորդակցվում ես հենց Իր՝ Աստծու մասին, ուստի ինչո՞ւ ես միշտ խոսում այն մասին, թե ինչպես է Սատանան ապականում մարդկանց, և միշտ խոսում ես Սատանայի չարասեր բնության մասին»։ Հիմա փարատել եք այս կասկածը, այնպես չէ՞։ Երբ մարդիկ տարբերակում են Սատանայի չարասիրությունը և երբ ունենում են դրա ճշգրիտ սահմանումը, երբ մարդիկ կարողանում են հստակ տեսնել չարասիրության կոնկրետ բովանդակությունն ու դրսևորումը, չարասիրության աղբյուրն ու էությունը, միայն այդ ժամանակ Աստծու սրբության քննարկման միջոցով մարդիկ կարող են հստակ գիտակցել կամ ճանաչել, թե ինչ է Աստծու սրբությունը, թե ինչ է սրբությունը։ Եթե չքննարկեմ Սատանայի չարասիրությունը, ոմանք սխալմամբ կհավատան, որ որոշ բաներ, որոնք մարդիկ անում են հասարակության մեջ և մարդկության շրջանում, կամ որոշ բաներ, որոնք գոյություն ունեն այս աշխարհում, կարող են ինչ-որ կապ ունենալ սրբության հետ։ Մի՞թե սա սխալ տեսակետ չէ։ (Այո՛, սխալ է։)
Հիմա, երբ այսպես հաղորդակցվեցի Սատանայի էության մասին, Աստծու սրբության վերաբերյալ ի՞նչ հասկացողություն եք ձեռք բերել վերջին մի քանի տարիների ձեր փորձառությունների միջոցով՝ կարդալով Աստծու խոսքը և փորձառաբար ապրելով Նրա գործը։ Խնդրեմ, խոսե՛ք դրա մասին։ Պարտադիր չէ ականջին հաճելի բառեր օգտագործել, այլ պարզապես խոսի՛ր քո իսկ փորձառություններից։ Արդյոք Աստծու սրբությունը բաղկացած է բացառապես Նրա սիրո՞ւց։ Արդյոք միայն Աստծու սե՞րը կարելի է սրբություն անվանել։ Դա չափազանց միակողմանի կլիներ, այնպես չէ՞։ Աստծու սիրուց բացի՝ կա՞ն արդյոք Աստծու էության այլ կողմեր։ Տեսե՞լ եք արդյոք դրանք։ (Այո՛։ Աստված ատում է տոներն ու տոնական օրերը, սովորույթներն ու սնահավատությունները։ Սա նույնպես Աստծու սրբությունն է։) Աստված սուրբ է, ուստի ատում է այս բաները։ Արդյոք սա՞ նկատի ունեք։ Ի վերջո, ի՞նչ է Աստծու սրբությունը։ Արդյոք դա ա՞յն է, որ Աստծու սրբությունը չունի իրական բովանդակություն, այլ միայն ատելություն։ Արդյոք ձեր մտքում մտածո՞ւմ եք. «Քանի որ Աստված ատում է այս չարասեր բաները, կարելի է ասել, որ Աստված սուրբ է»։ Մի՞թե սա տրամաբանության մի տեսակ չէ։ Մի՞թե սա էքստրապոլյացիայի և դատողության մի ձև չէ։ Ո՞րն է ամենամեծ արգելքը, երբ խոսքը վերաբերում է Աստծու էությունը հասկանալուն։ (Այն է, երբ հետևում ենք թողնում իրականությունը և փոխարենը խոսում ենք վարդապետությունների մասին։) Սա ամենամեծ արգելքն է։ Կա՞ արդյոք այլ բան։ (Տրամաբանություն և երևակայություն։) Սրանք նույնպես լուրջ արգելքներ են։ Ինչո՞ւ չպետք է օգտագործվեն տրամաբանությունն ու երևակայությունը։ Արդյոք այն բաները, որոնք տրամաբանում և երևակայում ես, այն բանե՞րն են, որոնք իսկապես կարող ես տեսնել։ Արդյոք դրանք Աստծու ճշմարիտ էությո՞ւնն են։ (Ո՛չ։) Էլ ինչի՞ց պետք է խուսափել։ Արդյոք արգելվա՞ծ է օգտագործել հաճելի հնչող բառեր՝ Աստծու էությունը թվարկելու և նկարագրելու համար։ (Այո՛։) Մի՞թե սա վերամբարձ չէ։ Մի՞թե սա անհեթեթություն խոսել չէ։ Դատողությունից և տրամաբանությունից բխող խոսակցությունն անհեթեթություն է, և բացառապես հաճելի հնչող բառեր ընտրելն անհեթեթություն խոսել է։ Դատարկ գովաբանությունը նույնպես անհեթեթություն խոսել է, այնպես չէ՞։ Արդյոք Աստված հաճո՞ւյք է ստանում՝ լսելով, թե ինչպես են մարդիկ խոսում այս տեսակի անհեթեթություն։ (Ո՛չ, հաճույք չի ստանում։) Նա անհարմար է զգում, երբ լսում է դա։ Աստված առաջնորդում և փրկում է մի խումբ մարդկանց։ Նրա խոսքերը լսելուց հետո մարդկանց այս խումբը երբեք չի հասկանում, թե ինչ նկատի ունի Նա։ Ինչ-որ մեկը գուցե հարցնի. «Արդյոք Աստված բարի՞ է», և կպատասխանեն. «Այո՛»։ «Որքա՞ն բարի է»։ «Շա՜տ բարի է»։ «Արդյոք Աստված սիրո՞ւմ է մարդուն»։ «Այո՛»։ «Որքա՞ն։ Կարո՞ղ ես նկարագրել»։ «Այնքա՜ն շատ է սիրում։ Աստծու սերն ավելի խորն է, քան ծովը, ավելի բարձր, քան երկինքը»։ Մի՞թե այս խոսքերն անհեթեթություն չեն։ Եվ մի՞թե այս անհեթեթությունը նման չէ նրան, ինչ հենց նոր ասացիք. «Աստված ատում է Սատանայի ապականված խառնվածքները, և ուստի Աստված սուրբ է»։ (Այո՛։) Մի՞թե այն, ինչ հենց նոր ասացիք, անհեթեթություն չէ։ Եվ որտեղի՞ց է գալիս ասված անհեթեթությունների մեծ մասը։ Ասված անհեթեթությունները հիմնականում գալիս են մարդկանց անպատասխանատվությունից և Աստծու հանդեպ երկյուղի պակասից։ Կարո՞ղ ենք արդյոք այդպես ասել։ Դու ոչ մի հասկացողություն չունեիր, և, այնուամենայնիվ, անհեթեթություն էիր խոսում։ Մի՞թե դա անպատասխանատու չէ։ Մի՞թե դա անհարգալից չէ Աստծու հանդեպ։ Ձեռք ես բերել որոշակի գիտելիք, հասկացել ես որոշակի ողջամտություն ու տրամաբանություն և ապա գնացել ու օգտագործել ես այս բաները և ավելին՝ արել ես դա որպես Աստծուն ճանաչելու միջոց։ Ի՞նչ ես կարծում, արդյոք Աստված վշտանո՞ւմ է, երբ լսում է, որ այդպես ես խոսում։ Ինչպե՞ս կարող եք փորձել ճանաչել Աստծուն՝ օգտագործելով այս մեթոդները։ Երբ խոսում եք այդպես, մի՞թե անհարմար չի հնչում։ Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է Աստծու վերաբերյալ ճանաչողությանը, պետք է զգույշ և շրջահայաց լինել։ Խոսե՛ք միայն այնքանով, որքանով ճանաչում եք Աստծուն։ Խոսե՛ք ազնվորեն և գործնականորեն։ Մի՛ դիմեք դատարկ հաճոյախոսությունների և մի՛ շողոքորթեք։ Աստված դրա կարիքը չունի։ Այս տեսակ բաները գալիս են Սատանայից։ Սատանայի խառնվածքն ամբարտավան է։ Սատանան սիրում է, երբ իրեն շողոքորթում են, և սիրում է լսել հաճելի բառեր։ Սատանան գոհ և ուրախ կլինի, եթե մարդիկ արտասանեն իրենց սովորած բոլոր հաճելի բառերը և օգտագործեն դրանք Սատանայի համար։ Բայց Աստված դրա կարիքը չունի․ Աստված քծնանքի կամ շողոքորթության կարիք չունի, և Նա կարիք չունի, որ մարդիկ փակեն իրենց աչքերը և անհեթեթություն խոսեն ու կուրորեն գովաբանեն Իրեն։ Աստված ատում է և նույնիսկ չի լսի այն գովաբանությունն ու շողոքորթությունը, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Ուստի, երբ ոմանք անկեղծորեն ու կուրորեն գովաբանում են Աստծուն, երդումներ են տալիս և աղոթում են Նրան, Աստված բնավ չի լսում։ Պետք է պատասխանատվություն կրես քո ասածի համար։ Եթե ինչ-որ բան չգիտես, պարզապես ասա՛, որ չգիտես։ Եթե ինչ-որ բան գիտես, արտահայտի՛ր այն գործնականորեն։ Ուրեմն, արդյոք ճշմարիտ հասկացողություն ունե՞ք այն մասին, թե ինչ կոնկրետ և իրական բովանդակություն է պարունակում Աստծու սրբությունը։ (Երբ ըմբոստություն դրսևորեցի, երբ հանցանքներ գործեցի, Աստծու դատաստանն ու հանդիմանությունը եկան ինձ վրա, և դրանում ես տեսա Աստծու սրբությունը։ Եվ երբ բախվեցի այնպիսի միջավայրերի, որոնք չէին համապատասխանում իմ սեփական կամքին, աղոթեցի այս բաների մասին ու փնտրեցի Աստծու մտադրությունները, և երբ Աստված լուսավորեց ու առաջնորդեց ինձ Իր խոսքերով, տեսա Աստծու սրբությունը։) Սա մի բան է, որը սկսել ես գնահատել փորձառության միջոցով։ (Այն ամենից, ինչ ասել է Աստված, ես տեսել եմ, թե ինչի է վերածվել մարդը Սատանայի կողմից ապականվելուց և վնասվելուց հետո։ Այնուամենայնիվ, Աստված չի վարանում վճարել ցանկացած գին՝ մեզ փրկելու համար, և սրանից եմ ես տեսնում Աստծու սրբությունը։) Խոսելու այս եղանակը բավականին գործնական է։ Դա ճշմարիտ ճանաչողություն է։ Կա՞ն արդյոք սա հասկանալու այլ եղանակներ։ (Սատանայի չարասիրությունը ես տեսնում եմ այն խոսքերից, որոնք նա ասաց, որպեսզի Եվային դրդի մեղք գործելու, և տեսնում եմ Տեր Հիսուսին Սատանայի գայթակղելուց։ Այն խոսքերից, որոնք Աստված ասաց Ադամին և Եվային, թե ինչ կարող են և ինչ չեն կարող ուտել, տեսնում եմ, որ Աստված խոսում է ուղղակիորեն, մաքուր և վստահելի կերպով։ Սրանից տեսնում եմ Աստծու սրբությունը։) Վերոնշյալ դիտողությունները լսելուց հետո ո՞ւմ խոսքերն են ձեզ ամենաշատը ոգեշնչում ասելու «ամեն»։ Ո՞ւմ հաղորդակցությունն էր ավելի մոտ այսօրվա հաղորդակցության թեմային և ավելի գործնական։ Ինչպիսի՞ն էր վերջին քրոջ հաղորդակցությունը։ (Լավ։) Դուք «ամեն» եք ասում նրա ասածին։ Ի՞նչ ասաց նա, որ հենց թիրախին հարվածեց։ (Այն խոսքերում, որոնք քույրը հենց նոր ասաց, լսեցի, որ Աստված խոսում է շատ ուղղակիորեն և պարզ, և որ դա բնավ նման չէ Սատանայի՝ հեռվից գալուն։ Սրանում ես տեսա Աստծու սրբությունը։) Սա դրա մի մասն է։ Արդյոք դա ճի՞շտ էր։ (Այո՛։) Շատ լավ։ Տեսնում եմ, որ այս վերջին երկու հաղորդակցությունների ընթացքում ինչ-որ բան եք ձեռք բերել, բայց պետք է շարունակեք քրտնաջան աշխատել, որովհետև Աստծու էությունը ճանաչելը շատ խորիմաստ դաս է։ Դա մի բան չէ, որը կարելի է հստակ բացատրել մեկ-երկու օրում կամ մեկ-երկու նախադասությամբ։
Մարդկանց սատանայական ապականված խառնվածքների, գիտելիքի, փիլիսոփայության, մարդկանց մտքերի և տեսակետների յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև առանձին մարդկանց որոշակի անձնական կողմեր մեծապես խանգարում են նրանց՝ ճանաչելու Աստծու էությունը. ուստի, երբ լսում եք այս թեմաները, դրանցից մի քանիսը գուցե անհասանելի լինեն ձեզ համար։ Որոշները գուցե չհասկանաք, մինչդեռ որոշները գուցե հիմնովին ի վիճակի չլինեք համադրելու իրականության հետ։ Ինչևէ, ես լսել եմ Աստծու սրբության վերաբերյալ ձեր հասկացողության մասին և գիտեմ, որ ձեր սրտերում սկսում եք ընդունել այն, ինչ ասել և հաղորդակցվել եմ Աստծու սրբության մասին։ Գիտեմ, որ ձեր սրտերում Աստծու սրբության էությունը ճանաչելու ցանկությունը սկսում է ծլարձակել։ Ինձ է՛լ ավելի է ուրախացնում այն, որ ձեզանից ոմանք արդեն ի վիճակի են ամենապարզ բառերով նկարագրելու Աստծու սրբության վերաբերյալ իրենց ճանաչողությունը։ Թեև պարզ բան եմ ասում և նախկինում էլ ասել եմ սա, սակայն ձեր մեծ մասն իրենց սրտերում դեռ չի ընդունում այս խոսքերը, և դրանք ոչ մի տպավորություն չեն թողել ձեր մտքում։ Այնուամենայնիվ, ձեզանից ոմանք մտապահել են այս խոսքերը։ Սա շատ լավ է և շատ խոստումնալից սկիզբ է։ Հուսով եմ, որ կշարունակեք խորհել և ավելի ու ավելի շատ հաղորդակցվել այն թեմաների շուրջ, որոնք խորիմաստ եք համարում, կամ այն թեմաների շուրջ, որոնք անհասանելի են ձեզ համար։ Այն ոլորտների համար, որոնք անհասանելի են ձեզ համար, կլինի մեկը, ով ձեզ ավելի շատ ուղղորդում կտա։ Պարզապես ավելի շատ հաղորդակցվե՛ք այն մասի շուրջ, որն այժմ հասանելի է ձեզ. մինչ դուք հաղորդակցվում եք, Սուրբ Հոգին կգործի և հնարավորություն կտա ձեզ ավելին հասկանալու։ Աստծու էությունը հասկանալը և Աստծու էությունը ճանաչելը չափազանց կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքի մուտքի համար։ Հուսով եմ, որ չեք անտեսի սա կամ չեք վերաբերվի որպես խաղի, որովհետև Աստծուն ճանաչելը մարդու հավատի հիմքն է և մարդու համար ճշմարտությանը ձգտելու և փրկության հասնելու բանալին։ Եթե մարդիկ հավատում են Աստծուն, սակայն չեն ճանաչում Նրան, եթե ապրում են միայն բառերով և վարդապետություններով, նրանց համար երբեք հնարավոր չի լինի հասնել փրկության, նույնիսկ եթե գործում և ապրում են ճշմարտության մակերեսային իմաստի համաձայն։ Այսինքն, եթե հավատում ես Աստծուն, բայց չես ճանաչում Նրան, ապա քո հավատն իզուր է և իրականությունից ոչինչ չի պարունակում։ Հասկանում եք, այնպես չէ՞։ (Այո՛, հասկանում ենք։) Մեր հաղորդակցությունն այսօր այստեղ կավարտենք։
4 Հունվարի, 2014 թ.