Աստված Ինքը՝ Եզակին X
Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է (IV)
Այսօր հաղորդակցվում ենք մի հատուկ թեմայի շուրջ։ Յուրաքանչյուր հավատացյալի համար կա միայն երկու հիմնական բան, որոնք պետք է իմանալ, փորձառաբար ապրել և հասկանալ։ Որո՞նք են այս երկու բաները։ Առաջինը անհատական կյանքի մուտքն է, իսկ երկրորդը՝ Աստծուն ճանաչելը։ Ինչ վերաբերում է այն թեմային, որի շուրջ վերջերս հաղորդակցվում էինք՝ Աստծուն ճանաչելուն, արդյո՞ք կարծում եք, որ դա հասանելի է։ Ավելի ստույգ՝ այն անհասանելի է մարդկանց մեծամասնությանը։ Գուցե չհամոզվեք Իմ խոսքերով։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Ասում եմ, որովհետև, երբ լսում էիք այն, ինչ ասում էի նախկինում, անկախ այն բանից, թե ինչպես էի ասում կամ ինչ բառերով, կարողանում էիք և՛ բառացիորեն, և՛ վարդապետության առումով իմանալ, թե ինչի մասին էին այդ խոսքերը։ Սակայն բոլորիդ համար մի շատ լուրջ խնդիր այն էր, որ չէիք հասկանում, թե ինչու էի այդպիսի բաներ ասում կամ ինչու էի խոսում այդպիսի թեմաների շուրջ։ Սա է խնդրի բուն էությունը։ Այսպիսով, լսելով այս բաները, թեև Աստծու և Նրա գործերի վերաբերյալ ձեր հասկացողությունը որոշ չափով աճել և հարստացել է, բայց դեռ զգում եք, որ Աստծուն ճանաչելը մեծ ջանքեր է պահանջում։ Այսինքն՝ լսելով այն, ինչ ասում եմ, ձեզանից շատերը չեն հասկանում, թե ինչու եմ դա ասել կամ դա ինչ կապ ունի Աստծուն ճանաչելու հետ։ Պատճառը, որ չեք կարողանում հասկանալ Աստծուն ճանաչելու հետ դրա կապը, այն է, որ ձեր կյանքի փորձառությունը չափազանց մակերեսային է։ Եթե Աստծու խոսքերի վերաբերյալ մարդկանց ճանաչողությունն ու փորձառությունը մնում են շատ հում և մակերեսային մակարդակի վրա, ապա Նրա մասին նրանց ճանաչողությունը մեծ մասամբ անորոշ և վերացական կլինի։ Ամբողջը կլինի ընդհանուր, վարդապետական և տեսական։ Տեսականորեն կարող է տրամաբանական և խելամիտ թվալ կամ հնչել, բայց Աստծու մասին գիտելիքը, որը դուրս է գալիս մարդկանց մեծամասնության շուրթերից, իրականում դատարկ է։ Իսկ ինչո՞ւ եմ ասում, որ դատարկ է։ Որովհետև երբ խոսքը վերաբերում է քո շուրթերից հնչած խոսքերին՝ քո շուրթերից հնչած Աստծու մասին գիտելիքին, իրականում սրտումդ հստակ չգիտես՝ արդյոք դա ճիշտ է, թե սխալ, կամ արդյոք դա իրապես ճշգրիտ է։ Որպես այդպիսին, թեև մարդկանց մեծամասնությունը Աստծուն ճանաչելու մասին շատ տեղեկություններ և թեմաներ է լսել, բայց Աստծու մասին նրանց գիտելիքը դեռևս չի անցել տեսության և անորոշ ու վերացական վարդապետության սահմանները։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Եթե մարդը չի ձգտում ճշմարտությանը, արդյոք կարո՞ղ է իրականություն ունենալ։ Եթե մարդը չի ձգտում ճշմարտությանը, ապա նա անկասկած զուրկ է իրականությունից և հետևաբար, հաստատապես չունի Աստծու խոսքերի վերաբերյալ գիտելիք կամ փորձառություն։ Կարո՞ղ են Աստծու խոսքերը չհասկացողներն Աստծուն ճանաչել։ Բացարձակապես ո՛չ։ Այդ երկուսը փոխկապակցված են։ Հետևաբար, մարդկանց մեծամասնությունն ասում է. «Ինչո՞ւ է Աստծուն ճանաչելն այդքան դժվար։ Երբ խոսում եմ ինքս ինձ ճանաչելու մասին, կարող եմ ժամերով շարունակել, բայց երբ բանը հասնում է Աստծուն ճանաչելուն, բառեր չեմ գտնում։ Նույնիսկ երբ կարողանում եմ այդ թեմայով մի քանի բան ասել, խոսքերս հարկադրված են և միապաղաղ են հնչում։ Նույնիսկ անհարմար է հնչում, երբ ինքս լսում եմ իմ ասածը»։ Սա է արմատական պատճառը։ Եթե զգում ես, որ Աստծուն ճանաչելը չափազանց դժվար է, որ Աստծուն ճանաչելն իսկական պայքար է քեզ համար, եթե չունես բարձրաձայնելու թեմաներ և չես կարող որևէ գործնական բան բերել հաղորդակցության մեջ՝ ուրիշների և քեզ համար, ապա սա ապացուցում է, որ դու այն մարդը չես, ով Աստծու խոսքերի փորձառություն ունի։ Որո՞նք են Աստծու խոսքերը։ Մի՞թե Աստծու խոսքերն արտահայտությունները չեն այն բանի, ինչ Նա ունի և է։ Եթե փորձառաբար չես ապրել Աստծու խոսքերը, կարո՞ղ ես ինչ-որ գիտելիք ունենալ այն մասին, ինչ Նա ունի և է։ Անշուշտ ո՛չ։ Այս բաները բոլորը փոխկապակցված են։ Եթե Աստծու խոսքերի փորձառություն չունես, ապա չես կարող ընկալել Աստծու մտադրությունները, ոչ էլ գիտես, թե որն է Նրա բնույթը, ինչ է Նա սիրում, ինչից է գարշում, ինչ են Նրա պահանջները մարդկանցից, ինչպիսի վերաբերմունք ունի Նա բարիների նկատմամբ և ինչպիսի վերաբերմունք ունի չարերի նկատմամբ։ Այս ամենն անշուշտ երկիմաստ և անհասկանալի է քեզ համար։ Եթե Աստծուն հավատում ես նման անհայտության մեջ, ապա երբ պնդում ես, թե ճշմարտությանը ձգտողներից և Աստծուն հետևողներից մեկն ես, արդյոք նման պնդումներն իրատեսակա՞ն են։ Իրատեսական չեն։ Եկեք շարունակենք հաղորդակցվել Աստծուն ճանաչելու մասին։
Բոլորդ անհամբեր սպասում եք լսելու այսօրվա հաղորդակցության թեման, այնպես չէ՞։ Այս թեման նույնպես առնչվում է «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» թեմային, որը վերջերս քննարկում էինք։ Շատ ենք խոսել այն մասին, թե ինչպես է «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրը»՝ օգտագործելով տարբեր միջոցներ և տեսանկյուններ՝ մարդկանց տեղեկացնելու համար, թե Աստված ինչպես գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, ինչ միջոցներով է դա անում և ինչ սկզբունքներով է Նա կառավարում բոլոր բաները, որպեսզի դրանք կարողանան գոյություն ունենալ այս մոլորակի վրա, որն Աստված ստեղծել է։ Շատ ենք խոսել նաև այն մասին, թե ինչպես է Աստված ապահովում մարդկությանը՝ ինչ միջոցներով է տալիս այդ ապահովումը, ինչպիսի կենսապայմաններ է ապահովում մարդկանց համար և ինչ միջոցներով ու որ ելակետերից է կայուն կենսապայմաններ ապահովում մարդու համար։ Թեև ուղղակիորեն չեմ ասել ձեզ, թե ինչ կապ ունի բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանությունն ու կառավարումը Նրա տնօրինման հետ, բայց անուղղակիորեն քննարկել եմ այն բանի մի հատվածը, թե ինչու է Նա այսպես կառավարում բոլոր բաները, ինչպես նաև այն բանի մի հատվածը, թե ինչու է Նա այս կերպ ապահովում և սնուցում մարդկությանը։ Այս ամենն առնչվում է Նրա տնօրինմանը։ Այն բովանդակությունը, որի մասին խոսել ենք, շատ ընդգրկուն է եղել՝ մակրոմիջավայրից մինչև այնպիսի փոքր կողմեր, ինչպիսիք են մարդկանց հիմնական կարիքներն ու սննդակարգը, այն բանից, թե ինչպես է Աստված գերիշխանություն գործադրում բոլոր բաների նկատմամբ և դրանց գործել տալիս կանոնների շրջանակներում, մինչև այն, թե ինչպես է Նա ճիշտ և պատշաճ կենսամիջավայր հաստատել յուրաքանչյուր ռասայի մարդկանց համար, և այլն։ Այս բազմազան կողմերը բոլորն առնչվում են նրան, թե ինչպես են մարդիկ ապրում մարմնում, այսինքն՝ դրանք բոլորն առնչվում են նյութական աշխարհի այն բաներին, որոնք անզեն աչքով տեսանելի են, և որոնք մարդիկ կարող են զգալ, ինչպես օրինակ՝ լեռները, գետերը, օվկիանոսները, հարթավայրերը և այլն։ Սրանք բոլորն այնպիսի բաներ են, որոնք կարելի է տեսնել և շոշափել։ Երբ խոսում եմ օդի և ջերմաստիճանի մասին, կարող եք ձեր շնչառությամբ ուղղակիորեն զգալ օդի գոյությունը, իսկ ձեր մարմնով զգալ, թե արդյոք ջերմաստիճանը բարձր է, թե ցածր։ Ծառերը, խոտը և անտառների թռչուններն ու գազանները՝ այն բաները, որոնք թռչում են օդում և քայլում ցամաքում, և տարբեր փոքրիկ կենդանիները, որոնք դուրս են գալիս բներից, մարդիկ կարող են տեսնել իրենց սեփական աչքերով և լսել իրենց սեփական ականջներով։ Թեև այս բոլոր բաների ընդգրկած շրջանակը բավականին ընդարձակ է, բայց Աստծու ստեղծած բոլոր բաներից դրանք ներկայացնում են միայն նյութական աշխարհը։ Նյութական բաներն այն են, ինչ մարդիկ կարող են տեսնել և զգալ, ինչը նշանակում է, որ երբ դիպչում ես դրանց, զգում ես դրանք, և երբ աչքերդ տեսնում են դրանք, ուղեղդ քեզ համար պատկեր, նկար է ձեւավորում։ Դրանք բաներ են, որոնք իրական են և փաստացի։ Քեզ համար դրանք վերացական չեն, այլ ձև ունեն։ Դրանք կարող են լինել քառակուսի կամ կլոր կամ բարձր կամ ցածր, և յուրաքանչյուր առարկա քեզ ուրիշ տպավորություն է հաղորդում։ Այս բոլոր բաները ներկայացնում են բոլոր բաների նյութական կողմը։ Եվ այսպես, Աստծու համար ի՞նչ են ներառում «բոլոր բաները»՝ «Աստծու գերիշխանությունը բոլոր բաների նկատմամբ» արտահայտության մեջ։ Դրանք չեն ներառում պարզապես այն բաները, որոնք մարդիկ կարող են տեսնել և շոշափել, դրանք ներառում են նաև այն բաները, որոնք մարդիկ չեն կարող տեսնել կամ շոշափել։ Սա բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության ճշմարիտ իմաստներից մեկն է։ Նույնիսկ եթե մարդիկ չեն կարող տեսնել կամ շոշափել ինչ-որ բան, Աստծու համար, քանի դեռ այն զննվում է Նրա աչքերով և գտնվում է Նրա գերիշխանության շրջանակում, իրականում գոյություն ունի։ Չնայած այն փաստին, որ այն վերացական է և աներևակայելի, և ավելին՝ մարդիկ չեն կարող տեսնել կամ շոշափել այն, Աստծու համար այն փաստացի և ճշմարտապես գոյություն ունի։ Սա մեկ այլ աշխարհ է այն բոլոր բաների մեջ, որոնց նկատմամբ Աստված գերիշխան է, և մեկ այլ մասն է այն բոլոր բաների շրջանակի, որոնց նկատմամբ Նա գերիշխան է։ Սա է հաղորդակցվելու այսօրվա թեման՝ ինչպես Աստված գերիշխանություն ունի հոգևոր ոլորտի նկատմամբ և ինչպես է կառավարում այն։ Քանի որ այս թեման ընդգրկում է այն, թե ինչպես Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ և ինչպես է կառավարում դրանք, այն առնչվում է նյութական աշխարհից դուրս գտնվող աշխարհին՝ հոգևոր ոլորտին, և, հետևաբար, բացարձակապես անհրաժեշտ է, որ հասկանանք դա։ Միայն այս բովանդակության շուրջ հաղորդակցվելուց և մարդկանց կողմից դա հասկանալուց հետո նրանք կարող են իսկապես ըմբռնել «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» խոսքերի ճշմարիտ իմաստը։ Սա է պատճառը, որ պատրաստվում ենք քննարկել այս թեման։ Դրա նպատակն է ամբողջացնել «Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և Աստված կառավարում է բոլոր բաները» թեման։ Գուցե, երբ լսեք այս թեման, այն աներևակայելի կամ տարօրինակ թվա ձեզ, բայց անկախ այն բանից, թե ինչ եք զգում, քանի որ հոգևոր ոլորտը մի մասն է բոլոր բաների, որոնց նկատմամբ Աստված գերիշխանություն ունի, անհրաժեշտ է, որ որոշակի հասկացողություն ձեռք բերեք այս թեմայի վերաբերյալ։ Հենց որ անեք դա, ավելի խորապես կարժևորեք, կհասկանաք և կգիտենաք «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» արտահայտությունը։
Ինչպես է Աստված իշխում և կառավարում հոգևոր ոլորտը
Նյութական աշխարհի դեպքում, երբ մարդիկ չեն հասկանում որոշ բաներ կամ երևույթներ, կարող են համապատասխան տեղեկատվություն փնտրել կամ օգտագործել տարբեր ուղիներ՝ այդ բաների ծագումն ու ներքին գործընթացները պարզելու համար։ Բայց երբ խոսքը վերաբերում է մյուս աշխարհին, որի մասին խոսում ենք այսօր՝ հոգևոր ոլորտին, որը գոյություն ունի նյութական աշխարհից դուրս, մարդիկ բացարձակապես ոչ մի միջոց կամ ուղի չունեն դրա մասին որևէ բան իմանալու համար։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Ասում եմ, որովհետև, որքանով խոսքը վերաբերում է մարդկանց, մարդկության աշխարհում նյութական աշխարհի յուրաքանչյուր բան անփոխարինելի է մարդու ֆիզիկապես ողջ մնալու համար։ Քանի որ մարդիկ զգում են, որ նյութական աշխարհի ամեն ինչ անփոխարինելի է իրենց ֆիզիկական կենդանության և ֆիզիկական կյանքի համար, մարդկանց մեծամասնությունը տեղյակ է կամ տեսնում է միայն իրենց աչքի առաջ եղած նյութական բաները, որոնք տեսանելի են իրենց։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է հոգևոր ոլորտին, այսինքն՝ այն ամենին, ինչն այդ մյուս աշխարհինն է, ավելի ստույգ՝ մարդկանց մեծամասնությունը չի հավատում։ Քանի որ մարդիկ չեն կարող տեսնել այն և հավատում են, որ կարիք չկա հասկանալու կամ որևէ բան իմանալու դրա մասին, էլ չասած այն մասին, թե ինչպես էհոգևոր ոլորտը նյութական աշխարհից լիովին տարբերվող աշխարհ՝ բաց Աստծու համար, բայց թաքնված ու փակ մարդկանց համար, մարդիկ շատ են դժվարանում ուղի գտնել՝ հասկանալու այս աշխարհի տարբեր կողմերը։ Հոգևոր ոլորտի տարբեր կողմերը, որոնց մասին պատրաստվում եմ խոսել, վերաբերում են միայն Աստծու կառավարմանը և գերիշխանությանը։ Ոչ մի առեղծված չեմ բացահայտում, ոչ էլ ձեզ որևէ գաղտնիք եմ ասում, որը ցանկանում եք իմանալ։ Քանի որ սա վերաբերում է Աստծու գերիշխանությանը, Աստծու կառավարմանը և Աստծու ապահովմանը, ուստի կխոսեմ միայն այնքանի մասին, որքան անհրաժեշտ է, որ իմանաք։
Նախ թույլ տվեք ձեզ մի հարց տալ՝ ձեր մտքում ի՞նչ է հոգևոր ոլորտը։ Լայն իմաստով այն նյութական աշխարհից դուրս գտնվող աշխարհ է, որը և՛ անտեսանելի է, և՛ անշոշափելի մարդկանց համար։ Բայց ձեր երևակայության մեջ ինչպիսի՞ աշխարհ պետք է լինի հոգևոր ոլորտը։ Գուցե այն չտեսնելու հետևանքով ընդունակ չեք մտածելու դրա մասին։ Սակայն, երբ լսում եք ինչ-որ լեգենդներ, միևնույն է, մտածում եք դրա մասին և չեք կարողանում դադարել մտածել դրա մասին։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Կա մի բան, որը պատահում է շատ մարդկանց հետ, երբ նրանք երիտասարդ են։ Երբ ինչ-որ մեկը նրանց ուրվականների կամ ոգիների մասին սարսափելի պատմություն է պատմում, նրանք մահու չափ վախենում են։ Ինչո՞ւ են վախենում։ Որովհետև պատկերացնում են այդ բաները։ Թեև չեն կարող տեսնել դրանք, բայց զգում են, որ դրանք իրենց սենյակների չորսբոլորն են՝ ինչ-որ ծածուկ կամ մութ անկյունում, և այնքան են վախենում, որ չեն համարձակվում քնել։ Հատկապես գիշերը չափազանց վախենում են մենակ մնալ իրենց սենյակներում կամ մենակ դուրս գալ բակ։ Դա ձեր երևակայության հոգևոր ոլորտն է և մի աշխարհ է, որը մարդիկ սարսափելի են համարում։ Փաստն այն է, որ բոլորն էլ որոշ չափով պատկերացնում են այն, և բոլորն էլ կարող են մի փոքր զգալ այն։
Եկեք սկսենք հոգևոր ոլորտի մասին խոսելով։ Ի՞նչ է այն։ Թույլ տվեք մի պարզ և հակիրճ բացատրություն տալ ձեզ. հոգևոր ոլորտը կարևոր վայր է, որը տարբերվում է նյութական աշխարհից։ Ինչո՞ւ եմ ասում, որ այն կարևոր է։ Մենք պատրաստվում ենք մանրամասն քննարկել սա։ Հոգևոր ոլորտի գոյությունն անքակտելիորեն կապված է մարդկության նյութական աշխարհի հետ։ Այն մեծ դեր է խաղում մարդկային կյանքի և մահվան շրջապտույտում այն բոլոր բաների մեջ, որոնց նկատմամբ Աստված գերիշխանություն ունի։ Սա է դրա դերը, և սա դրա գոյության կարևոր կողմ է։ Քանի որ այն մի վայր է, որն աննշմարելի է հինգ զգայարանների համար, ոչ ոք չի կարող ճշգրտորեն դատել՝ արդյոք հոգևոր ոլորտը գոյություն ունի, թե ոչ։ Դրա տարբեր շարժընթացները սերտորեն կապված են մարդու ողջ մնալու հետ, ինչի արդյունքում մարդկության կյանքի կարգը նույնպես հսկայական ազդեցություն է կրում հոգևոր ոլորտից։ Արդյոք սա ներառո՞ւմ է Աստծու գերիշխանությունը, թե՞ ոչ։ Ներառում է։ Երբ Ես ասում եմ սա, դուք հասկանում եք, թե ինչու եմ քննարկում այս թեման, որովհետև այն վերաբերում է Աստծու գերիշխանությանը, ինչպես նաև Նրա կառավարմանը։ Այդպիսի աշխարհում, որն անտեսանելի է մարդկանց համար, դրա յուրաքանչյուր երկնային հրամանագիր, կանոնադրություն և կառավարչական համակարգ շատ ավելի բարձր է նյութական աշխարհի որևէ ազգի օրենքներից և համակարգերից, և այս աշխարհում ապրող ոչ մի էակ չէր համարձակվի գերազանցել կամ խախտել դրանք։ Արդյոք սա առնչվո՞ւմ է Աստծու գերիշխանությանը և կառավարմանը։ Հոգևոր ոլորտում կան հստակ կառավարչական հրամանագրեր, հստակ երկնային հրովարտակներ և հստակ կանոնադրություններ։ Տարբեր մակարդակներում և տարբեր ոլորտներում աշխատող սպասավորները խստորեն կատարում են իրենց պարտավորությունները և իրենց տարբեր պաշտոններում պահպանում են կանոններն ու կարգերը, քանի որ գիտեն, թե ինչ է երկնային հրամանագիր խախտելու հետևանքը։ Նրանք հստակ գիտակցում են, թե ինչպես է Աստված պատժում չարը և վարձք տալիս բարուն և թե ինչպես է կառավարում և գերիշխանություն ունենում բոլոր բաների նկատմամբ։ Ավելին, նրանք հստակ տեսնում են, թե Նա ինչպես է իրագործում Իր երկնային հրամանագրերն ու կանոնադրությունները։ Արդյոք սրանք տարբերվո՞ւմ են մարդկության կողմից բնակեցված նյութական աշխարհից։ Դրանք հսկայական չափով տարբերվում են։ Հոգևոր ոլորտը նյութական աշխարհից լիովին տարբերվող աշխարհ է։ Քանի որ կան երկնային հրամանագրեր և կանոնադրություններ, սա առնչվում է Աստծու գերիշխանությանը, կառավարմանը և, առավել ևս, Նրա բնույթին և այն բանին, ինչ Նա ունի և է։ Սա լսելուց հետո մի՞թե չեք զգում, որ խիստ անհրաժեշտ է խոսել այս թեմայի շուրջ։ Մի՞թե չեք ցանկանում իմանալ դրանում եղած առեղծվածները։ (Այո։) Այսպիսին է հոգևոր ոլորտի հասկացությունը։ Թեև այն գոյակցում է նյութական աշխարհի հետ և միաժամանակ ենթակա է Աստծու կառավարմանն ու գերիշխանությանը, բայց այս աշխարհի նկատմամբ Աստծու կառավարումն ու գերիշխանությունը շատ ավելի խիստ են, քան նյութական աշխարհի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մանրամասներին, պետք է սկսենք նրանից, թե ինչպես է հոգևոր ոլորտը պատասխանատու մարդկության կյանքի և մահվան շրջապտույտի աշխատանքի համար, քանի որ սա հոգևոր ոլորտի էակների գլխավոր առաջադրանքն է։
Մարդկության մեջ բոլոր մարդկանց դասակարգում եմ երեք տեսակի։ Առաջինն անհավատներն են, որոնք կրոնական համոզմունքներ չունեցողներն են։ Նրանք կոչվում են անհավատներ։ Անհավատների ճնշող մեծամասնությունը հավատում է միայն փողին և երկրպագում է միայն սեփական շահերը։ Նրանք նյութապաշտներ են և հավատում են միայն նյութական աշխարհին, չեն հավատում կյանքի և մահվան շրջապտույտին կամ աստվածությունների ու ուրվականների մասին ասված որևէ բանի։ Այս մարդկանց դասակարգում եմ որպես անհավատներ, և սա առաջին տեսակն է։ Երկրորդ տեսակը ներառում է հավատք ունեցող տարբեր մարդկանց, բացի անհավատներից։ Մարդկության մեջ հավատք ունեցող այս մարդկանց Ես բաժանում եմ մի քանի հիմնական խմբերի. առաջինը հրեաներն են, երկրորդը՝ կաթոլիկները, երրորդը՝ քրիստոնյաները, չորրորդը՝ մահմեդականները, իսկ հինգերորդը՝ բուդդայականները։ Կա հինգ տեսակ։ Սրանք հավատք ունեցող մարդկանց տարբեր տեսակներն են։ Երրորդ տեսակն Աստծուն հավատացողներն են, և սա վերաբերում է ձեզ։ Այդպիսի հավատացյալներն այն մարդիկ են, որոնք այսօր հետևում են Աստծուն։ Այս մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ Աստծու ընտրյալ մարդիկ և ծառայություն մատուցողներ։ Այս հիմնական տեսակները հստակ տարբերակվել են։ Այսպիսով, այժմ ի վիճակի եք ձեր մտքում հստակ տարբերակելու մարդկանց տեսակներն ու դասակարգումները, այնպես չէ՞։ Առաջին տեսակը բաղկացած է անհավատներից, և Ես ասել եմ, թե ինչ են նրանք։ Արդյոք Երկնքում գտնվող Ծերուկին հավատացողները համարվո՞ւմ են անհավատներ։ Շատ անհավատներ հավատում են միայն Երկնքում գտնվող Ծերուկին, հավատում են, որ քամին, անձրևը, որոտը և այլն այս Ծերուկի գործն են, և որ հողագործությունն ու բերքահավաքը կախված են Նրանից, սակայն երբ նշվում է առ Աստված հավատի մասին, չեն ընդունում դա։ Սա կարո՞ղ է կոչվել հավատք ունենալ։ Նման մարդիկ ներառված են անհավատների մեջ։ Հասկանում եք սա, այնպես չէ՞։ Մի՛ շփոթեք այս կարգերը։ Երկրորդ տեսակը ներառում է հավատք ունեցող մարդկանց, իսկ երրորդ տեսակն այն մարդիկ են, որոնք ներկայումս հետևում են Աստծուն։ Այդ դեպքում ինչո՞ւ եմ բոլոր մարդկանց բաժանել այս տեսակների։ (Որովհետև տարբեր տեսակի մարդիկ ունեն տարբեր ելքեր և նշանակության վայրեր։) Սա դրա մի կողմն է։ Որովհետև այս տարբեր ռասաները և տարբեր տեսակի մարդիկ տարբեր վայրեր ունեն գնալու, երբ վերադառնում են հոգևոր ոլորտ և որովհետև ենթակա են կյանքի և մահվան շրջապտույտի տարբեր օրենքների։ Սա է պատճառը, որ մարդկանց դասակարգել եմ այս հիմնական տեսակների։
ա. Անհավատների կյանքի և մահվան շրջապտույտը
Եկեք սկսենք անհավատների կյանքի և մահվան շրջապտույտից։ Մահանալուց հետո մարդուն տանում է հոգևոր ոլորտի սպասավորը։ Կոնկրետ ի՞նչ է տարվում։ Ոչ թե մարդու մարմինը, այլ նրա հոգին։ Երբ մարդու հոգին տարվում է, մարդը հասնում է մի վայր, որը հոգևոր ոլորտի կառույց է՝ հատուկ նախատեսված նոր մահացած մարդկանց հոգիներն ընդունելու համար։ Դա առաջին վայրն է, ուր յուրաքանչյուր ոք գնում է մահանալուց հետո, և որն անծանոթ է հոգուն։ Երբ մարդուն տանում են այս վայրը, մի պաշտոնյա իրականացնում է առաջին ստուգումները՝ հաստատելով նրա անունը, հասցեն, տարիքը և այն ամենը, ինչ արել է կենդանության օրոք։ Գրքում գրանցում են նրա ողջ կյանքի արարքները և ստուգում դրանց ճշգրտությունը։ Ամեն ինչ ստուգելուց հետո մարդու ողջ կյանքի վարքագիծն ու գործողություններն օգտագործվում են որոշելու համար՝ արդյոք նա կպատժվի՞, թե՞ կշարունակի վերամարմնավորվել որպես մարդ. սա առաջին փուլն է։ Արդյոք այս առաջին փուլը վախեցնո՞ղ է։ Այնքան էլ վախեցնող չէ, որովհետև մարդն ուղղակի հասել է մի մութ ու անծանոթ վայր։
Երկրորդ փուլում, եթե այս մարդն իր ողջ կյանքի ընթացքում շատ վատ բաներ է արել և բազմաթիվ չար գործեր է կատարել, ապա նրան տանում են պատժի վայր՝ նրանով զբաղվելու համար։ Դա այն վայրն է, որը հատուկ նախատեսված է մարդկանց պատժելու համար։ Թե կոնկրետ ինչպես են պատժվում, կախված է այն բանից, թե որքան մեղք են գործել և որքան չար բաներ են արել մահանալուց առաջ։ Սա առաջին իրավիճակն է, որը տեղի է ունենում այս երկրորդ փուլում։ Մահանալուց առաջ արած վատ բաների և գործած չարիքի պատճառով, երբ պատժից հետո վերամարմնավորվում են, երբ ևս մեկ անգամ ծնվում են նյութական աշխարհում, ոմանք կշարունակեն մարդ լինել, մինչդեռ մյուսները կդառնան կենդանիներ։ Այսինքն՝ հոգևոր ոլորտ վերադառնալուց հետո մարդը պատժվում է իր գործած չարիքի պատճառով։ Ավելին՝ կատարած չար բաների պատճառով հաջորդ վերամարմնավորման ժամանակ հավանաբար չի վերադառնա որպես մարդ, այլ՝ որպես կենդանի։ Կենդանիների շարքը, որոնց կարող են վերածվել, ներառում է խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, խոզեր և շներ։ Ոմանք կարող են վերածնվել որպես թռչուններ կամ բադեր կամ սագեր... Որպես կենդանիներ վերամարմնավորվելուց հետո, երբ նորից մահանան, կվերադառնան հոգևոր ոլորտ։ Այնտեղ, ինչպես նախկինում, հիմնվելով մահվանից առաջ նրանց վարքագծի վրա՝ հոգևոր ոլորտը կորոշի՝ արդյոք կվերամարմնավորվեն որպես մարդիկ, թե ոչ։ Մարդկանց մեծամասնությունը չափազանց շատ չարիք է գործում, և նրանց մեղքերը չափազանց ծանր են, ուստի երբ վերամարմնավորվում են, ստիպված են լինում յոթից տասներկու անգամ վերադառնալ որպես կենդանիներ։ Յոթից տասներկու անգամ՝ միթե դա սարսափելի չէ՞։ (Սարսափելի է։) Ի՞նչն է ձեզ սարսափեցնում։ Մարդու՝ կենդանի դառնալը. դա սարսափելի է։ Իսկ մարդու համար որո՞նք են կենդանի դառնալու ամենացավալի բաները. լեզու չունենալը, միայն պարզունակ մտքեր ունենալը, միայն այն բաներն անել կարողանալը, որոնք կենդանիներն են անում, և այն կերակուրն ուտելը, որը կենդանիներն են ուտում, կենդանու պարզունակ մտածողությունն ու մարմնի լեզուն ունենալը, ուղիղ քայլել չկարողանալը, մարդկանց հետ հաղորդակցվել չկարողանալը և այն փաստը, որ մարդկանց վարքագծից կամ գործունեություններից ոչ մեկը որևէ առնչություն չունի կենդանիների հետ։ Այսինքն՝ բոլոր բաների մեջ կենդանին շատ ցածր մակարդակի կենդանի էակ է, և կենդանի լինելը շատ ավելի մեծ տառապանք է ենթադրում, քան մարդ լինելը։ Սա հոգևոր ոլորտի պատժի մի կողմ է նրանց համար, ովքեր շատ չարիք և մեծ մեղքեր են գործել։ Ինչ վերաբերում է նրանց պատժի խստությանը, ապա դա որոշվում է՝ կախված այն բանից, թե ինչ տեսակի կենդանի են դառնում։ Օրինակ՝ արդյո՞ք խոզ լինելն ավելի լավ է, քան շուն լինելը։ Խոզն ավելի լա՞վ է ապրում, թե՞ ավելի վատ, քան շունը։ Ավելի վատ, այնպես չէ՞։ Եթե մարդիկ խոշոր եղջերավոր անասուններ կամ ձիեր դառնան, ավելի լա՞վ կապրեն, թե՞ ավելի վատ, քան որպես խոզեր։ (Ավելի լավ։) Արդյո՞ք մարդուն ավելի հարմար կլինի՝ վերածնվելով որպես կատու։ Կենդանի լինելու առումով՝ կատու լինելը շատ ավելի հեշտ կլիներ, քան կով կամ ձի լինելը, որովհետև կատուներն իրենց ժամանակի մեծ մասը ծուլորեն անցկացնում են ննջելով։ Կով կամ ձի լինելն ավելի ծանր աշխատանք է պահանջում։ Հետևաբար, եթե մարդը վերամարմնավորվում է որպես կով կամ ձի, ստիպված է քրտնաջան աշխատել, ինչը դաժան պատիժ է թվում։ Շուն դառնալը մի փոքր ավելի լավ կլիներ, քան կով կամ ձի դառնալը, որովհետև շունն ավելի մտերիմ հարաբերություններ ունի իր տիրոջ հետ։ Որոշ շներ, մի քանի տարի պահվելուց հետո, ի վիճակի են հասկանալու իրենց տիրոջ ասածներից շատ բաներ։ Երբեմն կարող են հարմարվել իրենց տերերի տրամադրություններին և պահանջներին։ Այդ ժամանակ տերերն ավելի լավ են վերաբերվում նրանց, ուստի կարող են ավելի լավ ուտել և խմել և ավելի շատ խնամք ստանալ, երբ հիվանդ են։ Մի՞թե այդ դեպքում երջանիկ կյանք չեն վայելում։ Այսպիսով, շուն լինելն ավելի լավ է, քան կով կամ ձի լինելը։ Ահա թե ինչպես է մարդու պատժի խստությունը որոշում, թե նա քանի անգամ է վերամարմնավորվում որպես կենդանի, ինչպես նաև՝ ինչ տեսակի։
Կենդանության օրոք այնքան շատ մեղքեր գործելու պատճառով յոթից տասներկու անգամ որպես կենդանիներ վերամարմնավորվելով պատժվելուց հետո մարդիկ բավականաչափ պատժված են լինում։ Հոգևոր ոլորտ վերադառնալուն պես տարվում են մեկ այլ տեղ՝ մի վայր, որտեղ տարբեր հոգիներն արդեն պատժվել են և այն տեսակից են, որոնք պատրաստվում են վերամարմնավորվել որպես մարդիկ։ Այս վայրում յուրաքանչյուր հոգի դասակարգվում է ըստ տեսակի՝ համաձայն այն բանի, թե ինչպիսի ընտանիքում է ծնվելու, ինչպիսի դեր է խաղալու վերամարմնավորվելուց հետո և այլն։ Օրինակ՝ ոմանք, այս աշխարհ գալով, երգիչներ են դառնալու, ուստի տեղավորվում են երգիչների շարքում։ Ոմանք, այս աշխարհ գալով, գործարարներ են դառնալու, ուստի տեղավորվում են գործարարների շարքում։ Իսկ եթե որևէ մեկը մարդ դառնալուց հետո գիտաշխատող է դառնալու, ապա տեղավորվում է գիտաշխատողների շարքում։ Դասակարգվելուց հետո տարբեր ժամանակահատվածներում և նշանակված օրերին մեկ առ մեկ ուղարկվում են, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ այսօր էլեկտրոնային նամակներ են ուղարկում։ Սրանով ավարտվում է կյանքի և մահվան մեկ շրջապտույտը։ Սկսած սյն օրվանից, երբ մարդը հասնում է հոգևոր ոլորտ, մինչև այն պահը, երբ պատժի ավարտից կամ որպես կենդանի բազմիցս վերամարմնավորվելուց հետո կրկին պատրաստվում է վերամարմնավորվել որպես մարդ, այս գործընթացը մեկ ամբողջական շրջապտույտ է։
Ինչ վերաբերում է նրանց, ում պատիժն ավարտվել է, և չեն վերամարմնավորվում որպես կենդանիներ, արդյոք նրանք արագ կուղարկվե՞ն նյութական աշխարհ՝ որպես մարդ վերամարմնավորվելու համար։ Կամ ավելի շուտ՝ որքա՞ն ժամանակ կանցնի, մինչև կարողանան հասնել մարդկային աշխարհ։ Ի՞նչ հաճախականությամբ դա կարող է տեղի ունենալ։ Դրա համար կան ժամանակային սահմանափակումներ։ Այն ամենը, ինչ արվում է հոգևոր ոլորտում, ենթակա է ճշգրիտ ժամանակային սահմանափակումների և կանոնների։ Եթե այս կանոնները բացատրվեն թվերի միջոցով, կհասկանաք։ Նրանց համար, ովքեր վերամարմնավորվում են կարճ ժամանակահատվածում, երբ մահանան, արդեն իսկ նախապատրաստություններ տեսնված կլինեն, որպեսզի նրանք վերամարմնավորվեն որպես մարդ։ Դա տեղի ունենալու ամենակարճ ժամանակը երեք օրն է։ Որոշ մարդկանց համար դա տևում է երեք ամիս, ոմանց համար՝ երեք տարի, ոմանց համար՝ երեսուն տարի, ոմանց համար՝ երեք հարյուր տարի և այլն։ Ուստի ո՞րն է այս ժամանակային կանոնների հիմքը կամ տրամաբանությունը։ Դրանք հիմնված են նյութական աշխարհում՝ մարդու աշխարհում, որոշակի հոգու պահանջարկի և այն դերի վրա, որն այդ հոգին պետք է խաղա այս աշխարհում։ Երբ մարդիկ վերամարմնավորվում են որպես սովորական մարդիկ, նրանց մեծ մասը շատ արագ է վերամարմնավորվում, որովհետև մարդու աշխարհը նման սովորական մարդկանց հրատապ կարիք ունի, ուստի երեք օր անց նրանք կրկին ուղարկվում են մի ընտանիք, որը լիովին տարբերվում է նրանից, որում ապրում էին մահանալուց առաջ։ Սակայն կան այնպիսիք, ովքեր հատուկ դեր են խաղում այս աշխարհում։ «Հատուկ» նշանակում է, որ մարդու աշխարհում այսպիսի մարդկանց մեծ պահանջարկ չկա, նման դեր խաղալու համար շատ մարդիկ պետք չեն, ուստի դա կարող է երեք հարյուր տարի տևել։ Այլ կերպ ասած՝ նման հոգին կգա միայն երեք հարյուր տարին մեկ կամ նույնիսկ երեք հազար տարին մեկ անգամ։ Ինչո՞ւ է այսպես։ Դա պայմանավորված է այն փաստով, որ երեք հարյուր կամ երեք հազար տարի նման դեր չի պահանջվում մարդու աշխարհում, ուստի նրանք պահվում են հոգևոր ոլորտում ինչ-որ տեղ։ Օրինակ՝ վերցնենք Կոնֆուցիոսին. նա խոր ազդեցություն ունեցավ չինական ավանդական մշակույթի վրա, և նրա գալուստը խորապես ազդեց այն ժամանակվա մարդկանց մշակույթի, գիտելիքների, ավանդույթի և մտածելակերպի վրա։ Սակայն այսպիսի մարդ ամեն դարաշրջանում պետք չէ, ուստի նա ստիպված է մնալ հոգևոր ոլորտում՝ սպասելով այնտեղ երեք հարյուր կամ երեք հազար տարի նախքան վերամարմնավորվելը։ Քանի որ մարդու աշխարհը նման մեկի կարիքը չունի, նա ստիպված է անգործ սպասել։ Նրա դերի պես դերերը շատ քիչ են, և նա շատ քիչ բան ունի անելու, ուստի այդ ժամանակի մեծ մասը նա ստիպված է անգործ պահվել հոգևոր ոլորտում ինչ-որ տեղ՝ ուղարկվելու համար միայն այն ժամանակ, երբ մարդու աշխարհը նրա կարիքն ունենա։ Այսպիսին են հոգևոր ոլորտի ժամանակային կանոնները մարդկանց մեծամասնության վերամարմնավորման հաճախականության համար։ Անկախ այն բանից՝ մարդիկ սովորական են, թե հատուկ, հոգևոր ոլորտը համապատասխան կանոններ և ճիշտ գործելակերպ ունի նրանց վերամարմնավորումները մշակելու համար։ Այս կանոններն ու գործելակերպերն ուղարկված են Աստծուց, և հոգևոր ոլորտի որևէ սպասավոր կամ էակ չի կարող որոշել կամ վերահսկել դրանք։ Հիմա հասկանում եք սա, այնպես չէ՞։
Ցանկացած հոգու համար դրա վերամարմնավորումը, թե որն է դրա դերն այս կյանքում, ինչպիսի ընտանիքում է ծնվում և ինչպիսին է կյանքը, սերտորեն կապված են հոգու նախորդ կյանքերի հետ։ Երբ ամեն տեսակի մարդիկ գալիս են մարդու աշխարհ, նրանց խաղացած դերերը, ինչպես նաև կատարած առաջադրանքները տարբերվում են։ Իսկ ի՞նչ առաջադրանքներ են դրանք։ Ոմանք եկել են վերադարձնելու այն, ինչ պարտք են։ Անցյալ կյանքում նրանք չափազանց շատ էին պարտք ուրիշներին, ուստի գալիս են այս կյանքում վերադարձնելու դա։ Մինչդեռ ոմանք եկել են հետ ստանալու այն, ինչ պարտք են իրենց։ Նախորդ կյանքում նրանցից չափազանց շատ բան և փող են շորթել։ Արդյունքում, հոգևոր ոլորտ հասնելուց հետո, այն արդարություն է հաստատում նրանց համար և թույլ է տալիս այս կյանքում հետ ստանալ պարտքը։ Ոմանք եկել են վերադարձնելու երախտագիտության պարտքերը։ Նրանց նախորդ կյանքի՝ այսինքն՝ նախորդ վերամարմնավորման ընթացքում, ինչ-որ մեկը նրանց լավություն է արել, և այս կյանքում վերամարմնավորվելու մեծ հնարավորություն ստանալով՝ վերածնվում են վերադարձնելու այդ երախտագիտության պարտքերը։ Մինչդեռ մյուսներն այս կյանքում վերածնվել են կյանքեր խլելու համար։ Իսկ ո՞ւմ կյանքերն են խլում։ Խլում են այն մարդկանց կյանքերը, ովքեր սպանել են իրենց նախորդ կյանքերում։ Մի խոսքով, յուրաքանչյուր մարդու ներկա կյանքի և նախորդ կյանքերի միջև կա ամուր և անքակտելի կապ։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարդու ներկա կյանքը մեծապես կրում է նախորդների ազդեցությունը։ Օրինակ՝ ենթադրենք, որ մահանալուց առաջ Չժանը Լիից մեծ գումար է շորթել։ Արդյոք Չժանն այդ դեպքում պա՞րտք է Լիին։ Պարտք է, ուստի միթե միանգամայն տեղին չէ՞, որ Լին Չժանից հետ պահանջի իր պարտքը։ Որպես այդպիսին՝ մահանալուց հետո նրանց միջև կա պարտք, որը պետք է մարվի։ Երբ նրանք վերամարմնավորվում են, և Չժանը մարդ է դառնում, ինչպե՞ս է Լին նրանից հետ պահանջում իր պարտքը։ Մի մեթոդը որպես Չժանի որդի վերածնվելն է։ Չժանը մեծ գումար է վաստակում, որն այնուհետև վատնում է Լին։ Անկախ այն բանից, թե որքան գումար է վաստակում Չժանը, նրա որդի Լին վատնում է դա, և Չժանը երբեք բավարար չի վաստակում։ Պարզ չէ, թե ինչու, բայց Լին միշտ տարբեր ճանապարհներ և միջոցներ է օգտագործում՝ հոր փողերը քամուն տալու համար։ Չժանը տարակուսած է և մտածում է. «Ինչո՞ւ է այս որդիս այսպիսի պատուհաս։ Ինչո՞ւ են ուրիշների որդիներն այդքան լավը։ Ինչո՞ւ իմ սեփական որդին փառասիրական ձգտում չունի, ինչո՞ւ արհեստ չի սովորել, ինչո՞ւ ընդունակ չէ գումար վաստակելու, և ինչո՞ւ եմ միշտ ստիպված պահել նրան։ Կպահեմ, եթե ստիպված եմ, բայց ինչո՞ւ անկախ տվածս գումարի չափից՝ միշտ ավելիի կարիք ունի։ Ինչո՞ւ ընդունակ չէ ազնիվ աշխատանք կատարելու և միշտ պարապ թափառում է՝ զբաղվելով ամեն տեսակ բաներով՝ ուտելով, խմելով, պոռնկություն ու խաղադրույքներ անելով։ Ի վերջո ի՞նչ է կատարվում։» Ապա Չժանը մի պահ մտածում է. «Հնարավոր է, որ նախորդ կյանքից պարտք եմ նրան։ Դե ինչ, կմարեմ այն։ Սա չի ավարտվի, մինչև ամբողջությամբ չվճարեմ։» Կարող է գալ այն օրը, երբ Լին իսկապես հետ ստանա իր պարտքը, և երբ դառնա քառասուն կամ հիսուն տարեկան, կարող է հանկարծ խելքի գալ՝ գիտակցելով. «Կյանքիս ողջ առաջին կեսի ընթացքում ոչ մի լավ բան չեմ արել։ Վատնել եմ հորս վաստակած ողջ գումարը։ Պետք է սկսեմ պատշաճ կերպով պահել ինձ։ Նոր վճռականությամբ կձգտեմ լինել մեկը, ով ազնիվ աշխատանք է կատարում և ապրում է պատշաճ կերպով, և այլևս երբեք վիշտ չեմ պատճառի հորս։» Ինչո՞ւ է այսպես մտածում։ Ինչո՞ւ է հանկարծ դեպի լավը փոխվում։ Դրա համար պատճառ կա՞։ Ի՞նչ է պատճառը։ (Այն է, որ Լին հետ է ստացել իր պարտքը, իսկ Չժանը վճարել է իրենը։) Սրանում պատճառ և հետևանք կա։ Պատմությունն սկսվել է շատ, շատ վաղուց՝ նրանց ներկա կյանքերից առաջ։ Նրանց անցյալ կյանքերի այս պատմությունը բերվել է ներկա, և ոչ մեկը չի կարող մեղադրել մյուսին։ Անկախ այն բանից, թե Չժանն ինչ էր սովորեցնում որդուն, որդին երբեք չէր լսում և ազնիվ աշխատանք չէր կատարում։ Սակայն այն օրը, երբ պարտքը մարվեց, որդուն սովորեցնելու կարիք չկար. նա բնական ճանապարհով հասկացավ։ Սա պարզ օրինակ է։ Արդյոք կա՞ն շատ նման օրինակներ։ (Այո՛, կան։) Դա ի՞նչ է ասում մարդկանց։ (Որ պետք է լավը լինեն և չարիք չգործեն։) Որ չպետք է չարիք գործեն, և որ չար գործերի համար հատուցում կլինի։ Անհավատների մեծ մասը շատ չարիք է գործում, և նրանց չար գործերն արժանանում են հատուցման, ճի՞շտ է։ Այդ դեպքում, արդյոք նման հատուցումը կամայակա՞ն է։ Յուրաքանչյուր հատուցման հետևում կա նախապատմություն և պատճառ։ Կարծում ես, թե ոչինչ չի՞ պատահի քեզ ինչ-որ մեկից փող շորթելուց հետո։ Կարծում ես, թե դա անելուց և նրանց փողը ստանալուց հետո որևէ հետևանքի չե՞ս բախվի։ Անհնար կլիներ։ Իսկապես հետևանքներ կլինեն։ Անկախ այն բանից, թե ովքեր են նրանք, կամ հավատում են, որ կա Աստված, թե ոչ, բոլոր անհատները պետք է պատասխանատվություն կրեն սեփական վարքագծի համար և կրեն իրենց գործողությունների հետևանքները։ Ինչ վերաբերում է այս պարզ օրինակին՝ Չժանի պատժվելուն և Լիի փոխհատուցմանը, միթե դա արդար չէ՞։ Երբ մարդիկ նման բաներ են անում, այսպիսի արդյունք ստանալն անբաժանելի է հոգևոր ոլորտի կառավարումից։ Չնայած անհավատներ լինելուն՝ ովքեր չեն հավատում Աստծուն, նրանք, միևնույն է, ապրում են այս տեսակ երկնային հրամանագրերի և կանոնադրությունների ներքո։ Ոչ ոք չի կարող խուսափել դրանցից, և ոչ ոք չի կարող խուսափել այս իրականությունից։
Հավատք չունեցողները հաճախ հավատում են, որ մարդկանց համար տեսանելի ամեն ինչ գոյություն ունի, մինչդեռ այն ամենը, ինչ հնարավոր չէ տեսնել, կամ ինչը շատ հեռու է մարդկանցից, գոյություն չունի։ Նրանք նախընտրում են հավատալ, որ չկա «կյանքի և մահվան շրջապտույտ», և որ չկա «պատիժ»։ Ուստի անզուսպ կերպով մեղք և չարիք գործում։ Դրանից հետո պատժվում կամ վերամարմնավորվում են որպես կենդանիներ։ Անհավատների մեջ տարբեր տեսակի մարդկանց մեծամասնությունն ընկնում է այս արատավոր շրջանի մեջ։ Պատճառն այն է, որ չգիտեն՝ հոգևոր ոլորտը խիստ է բոլոր կենդանի էակների իր կառավարման մեջ։ Անկախ այն բանից՝ հավատում ես, թե ոչ, այս փաստը գոյություն ունի, որովհետև այն շրջանակում, որն Աստված զննում է Իր աչքերով, ոչ մի մարդ կամ առարկա չի կարող խուսափել նման շրջանակից, և ոչ մի մարդ կամ առարկա չի կարող խուսափել Նրա երկնային հրամանագրերի և կանոնադրությունների կանոններից ու շրջանակից։ Այսպիսով, այս պարզ օրինակը բոլորին ասում է, որ անկախ այն բանից՝ հավատում ես Աստծուն, թե ոչ, մեղք և չարիք գործելն անընդունելի է և հետևանքներ է ունենում։ Եթե մարդուն նման պատիժ է տրվում միայն այն բանի համար, որ նա խաբեությամբ ուրիշից գումար է կորզել, ապա այդ պատիժը խելամիտ է։ Հոգևոր ոլորտը և Աստծու կանոնադրություններն ու երկնային հրամանագրերը պատժում են նման տարածված վարքագիծը։ Հետևաբար, ծանր հանցավոր և չար վարքագիծը՝ բռնաբարություն և թալան, խարդախություն և խաբեություն, գողություն և կողոպուտ, սպանություն և հրկիզում և այլն, առավել ևս ենթակա է տարբեր աստիճանի խստության մի շարք պատիժների։ Ի՞նչ են ներառում տարբեր աստիճանի խստության այս պատիժները։ Ոմանց համար պատժի խստությունը սահմանվում է ժամանակի միջոցով։ Ոմանց համար պատժի խստությունը սահմանվում է պատժի տարբեր ձևերի միջոցով։ Իսկ մյուսների համար պատժի խստությունը սահմանվում է նրանց վերամարմնավորման վայրի միջոցով։ Օրինակ՝ ոմանք հայհոյախոս են։ Ինչի՞ն է վերաբերում «հայհոյախոս» լինելը։ Դա նշանակում է հաճախ հայհոյել ուրիշներին և օգտագործել ուրիշներին անիծող չար լեզու։ Ի՞նչ է նշանակում չար լեզուն։ Դա ցույց է տալիս, որ մարդը չարասիրտ է։ Ուրիշներին անիծող չար խոսքերը հաճախ դուրս են գալիս նման մարդկանց բերանից, և նման չարամիտ խոսքերը ծանր հետևանքներ են բերում։ Մահանալուց և համապատասխան պատիժ ստանալուց հետո այս մարդիկ կարող են վերածնվել որպես համրեր։ Ոմանք կենդանության օրոք շատ հաշվենկատ են։ Հաճախ շահագործում են ուրիշներին, նրանց փոքրիկ դավերը հատկապես լավ են ծրագրված, և շատ բաներ են անում, որոնք վնասում են մարդկանց։ Երբ վերածնվում են, կարող են լինել տկարամիտներ կամ մտավոր խանգարում ունեցողներ։ Ոմանք հաճախ խառնվում են ուրիշների անձնական գործերին։ Նրանց աչքերը տեսնում են շատ բաներ, որոնք չպետք է տեսնեին, և իմանում են շատ բաներ, որոնք չպետք է իմանային։ Երբ վերածնվում են, կարող են կույր լինել։ Որոշ մարդիկ կենդանության օրոք շատ ճարպիկ են։ Հաճախ կռվում են և շատ չարիք են գործում։ Երբ վերածնվում են, կարող են հաշմանդամ լինել՝ կաղ ոտքով կամ բացակայող թևով, սապատավոր կամ ծուռ վզով, կամ կարող են կաղալով քայլել, մի ոտքը մյուսից կարճ լինի և այլն։ Սրանք են տարբեր պատիժները՝ հիմնված կենդանության օրոք նրանց գործած չարիքի մակարդակների վրա։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ որոշ մարդիկ շլություն ունեն։ Արդյոք շա՞տ են այդպիսի մարդիկ։ Այս օրերին նրանք քիչ չեն։ Ոմանք շլություն ունեն, որովհետև նախորդ կյանքում չափազանց շատ են օգտվել իրենց աչքերից և չափազանց շատ են վատ բաներ արել, ուստի այս կյանքում ծնվել են շլությամբ, իսկ լուրջ դեպքերում նույնիսկ կույր են ծնվել։ Սա հատուցում է։ Ոմանք մահանալուց առաջ լավ են լեզու գտնում ուրիշների հետ։ Շատ լավ բաներ են անում իրենց հարազատների, ընկերների, գործընկերների կամ իրենց հետ կապված մարդկանց համար։ Բարեգործություն են անում, օգնում և հոգ են տանում ուրիշների մասին կամ նյութական աջակցություն են ցուցաբերում նրանց, և մարդիկ ջերմությամբ են հիշում նրանց։ Երբ նման մարդիկ վերադառնում են հոգևոր ոլորտ, չեն պատժվում։ Անհավատի համար որևէ կերպ չպատժվելը նշանակում է, որ նա շատ լավ մարդ է եղել։ Աստծու գոյությանը հավատալու փոխարեն՝ հավատում են միայն Երկնքի Ծերուկին։ Նման մարդը հավատում է միայն, որ իրենից երեք ոտնաչափ վերև աստված կա։ Սա այն ամենն է, ինչին այս մարդը հավատում է։ Արդյունքն այն է, որ այս մարդը շատ ավելի քիչ վատ արարքներ է գործում։ Այս մարդը բարեսիրտ է և բարեգործ, և երբ ի վերջո վերադառնում է հոգևոր ոլորտ, այն շատ լավ է վարվում նրա հետ, և նա շուտով վերամարմնավորվելու է։ Երբ նա վերածնվում է, ինչպիսի՞ ընտանիք է ընկնում։ Դա հարուստ ընտանիք չէ, բայց խաղաղ և ներդաշնակ է։ Դրա անդամներն ապահով և ուրախ կյանքով են ապրում, նրանք մեծ երջանիկ ընտանիք են, և կյանքը լավ է։ Երբ այս մարդը չափահաս է դառնում և մտնում իր կյանքի երկրորդ կեսը, նրա ընտանիքը մեծանում է, երեխաները կայանում են, և ընտանիքը վայելում է բարեկեցություն։ Նման արդյունքը մեծապես կապված է նրա նախորդ կյանքի հետ։ Այսինքն՝ թե մարդիկ որտեղ են վերամարմնավորվում մահանալուց հետո, արդյոք տղամարդ են, թե կին, որոնք են նրանց առաքելությունները, ինչի միջով կանցնեն կյանքում, ինչ անհաջողությունների կդիմանան, ինչ օրհնություններ կվայելեն, ում կհանդիպեն և ինչ կպատահի նրանց հետ՝ ոչ ոք չի կարող կանխատեսել այս բաները, խուսափել դրանցից կամ թաքնվել դրանցից։ Այլ կերպ ասած՝ երբ քո կյանքը սահմանվել է, ինչ էլ որ պատահի քեզ, որքան էլ և ինչ միջոցներով էլ փորձես խուսափել դրանից, ոչ մի կերպ չես կարող խախտել կյանքի այն ընթացքը, որն Աստված սահմանել է քեզ համար հոգևոր ոլորտում։ Քանի որ երբ վերամարմնավորվում ես, կյանքիդ ճակատագիրն արդեն սահմանված է լինում։ Լինի դա լավ, թե վատ, յուրաքանչյուր ոք պետք է առերեսվի դրան և շարունակի առաջ շարժվել։ Սա խնդիր է, որից այս աշխարհում ապրող ոչ ոք չի կարող խուսափել, և ոչ մի խնդիր ավելի իրական չէ։ Դուք բոլորդ հասկացաք այն ամենը, ինչ ասում էի, այնպես չէ՞։
Այս բաները հասկանալով՝ հիմա տեսա՞ք, որ Աստված շատ խիստ և բծախնդիր ստուգումներ ու կառավարում ունի անհավատների կյանքի և մահվան շրջապտույտի համար։ Նախ՝ Նա հոգևոր ոլորտում հաստատել է տարբեր երկնային հրամանագրեր, կանոնադրություններ և համակարգեր, և հենց դրանք հայտարարվում են, հոգևոր ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնող էակները խստորեն իրականացնում են դրանք՝ ըստ Աստծու սահմանածի, և ոչ ոք չի համարձակվի խախտել դրանք։ Հետևաբար, մարդու աշխարհում մարդկության կյանքի և մահվան շրջապտույտը, անկախ այն բանից՝ նա որպես կենդանի է վերամարմնավորվում, թե որպես մարդ, հետևում է հաստատուն օրենքների։ Քանի որ այս օրենքները գալիս են Աստծուց, ոչ ոք չի համարձակվում խախտել դրանք, ոչ էլ որևէ մեկն ի վիճակի է խախտելու դրանք։ Աստծու այս գերիշխանության շնորհիվ ու նման օրենքներ գոյություն ունենալու պատճառով է մարդկանց համար տեսանելի նյութական աշխարհը կանոնավոր և լավ կազմակերպված։ Աստծու այս գերիշխանության շնորհիվ է, որ մարդիկ ի վիճակի են խաղաղ գոյակցելու մյուս աշխարհի հետ, որը լիովին անտեսանելի է իրենց համար, և ի վիճակի են ներդաշնակ ապրելու դրա հետ։ Այս ամենն անքակտելի է Աստծու գերիշխանությունից։ Մարդու մարմնավոր կյանքի մահից հետո հոգին դեռ կյանք ունի, ուստի ի՞նչ կպատահեր, եթե այն առանց կառավարման մնար։ Հոգին կթափառեր ամենուր՝ ներխուժելով ամեն տեղ, և նույնիսկ կվնասեր մարդկային աշխարհի կենդանի էակներին։ Նման վնաս կկրեր ոչ միայն մարդկությունը, այլև կարող էին վնասվել բույսերն ու կենդանիները, սակայն առաջինը կվնասվեին մարդիկ։ Եթե սա տեղի ունենար, եթե նման հոգին մնար առանց կառավարման, իսկապես վնասեր մարդկանց և իրականում չար բաներ աներ, ապա հոգևոր ոլորտը պատշաճ կերպով կզբաղվեր այս հոգով։ Եթե իրավիճակը լուրջ լիներ, հոգին շուտով կդադարեր գոյություն ունենալ և կոչնչացվեր։ Հնարավորության դեպքում այն կտեղավորվեր ինչ-որ տեղ և ապա կվերամարմնավորվեր։ Այսինքն՝ հոգևոր ոլորտում տարբեր հոգիների կառավարումը կանոնավոր է և իրականացվում է քայլերին ու կանոններին համապատասխան։ Նման կառավարման շնորհիվ է, որ մարդու նյութական աշխարհը քաոսի չի վերածվել, որ նյութական աշխարհի մարդիկ ունեն բնականոն մտածելակերպ, բնականոն ողջամտություն և կանոնավոր մարմնավոր կյանք։ Միայն մարդկության բնականոն կյանք ունենալուց հետո մարմնում ապրողները կկարողանան շարունակել բազմանալ և ապրել սերնդեսերունդ։
Ի՞նչ եք մտածում այն թեմայի մասին, որը հենց նոր լսեցիք։ Արդյոք այն նո՞ր է ձեզ համար։ Ի՞նչ տպավորություններ է թողել ձեզ վրա այսօրվա հաղորդակցության թեման։ Դրա նորույթ լինելուց բացի, ուրիշ բան զգո՞ւմ եք։ (Մարդիկ պետք է դաստիարակված լինեն, և մենք կարող ենք տեսնել, որ Աստված մեծ է, և պետք է երկյուղել Նրանից։) (Հենց նոր լսելով Աստծու հաղորդակցությունն այն մասին, թե ինչպես է Աստված կարգավորում տարբեր տեսակի մարդկանց ելքերը, մի կողմից զգում եմ, որ Նրա բնույթը չպետք է վիրավորվի, և որ ես պետք է աստվածավախ սիրտ ունենամ։ Մյուս կողմից՝ գիտակցում եմ, թե Աստված ինչպիսի մարդկանց է հավանում և ինչպիսիներին՝ ոչ, ուստի ուզում եմ լինել նրանցից մեկը, ում Նա հավանում է։) Այստեղից տեսնո՞ւմ եք, որ Աստված շատ սկզբունքային է Իր գործողություններում։ Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով Նա գործում է։ (Նա սահմանում է մարդկանց ելքերը՝ համաձայն այն ամենի, ինչ նրանք անում են։) Սա վերաբերում է անհավատների տարբեր ելքերին, որոնց մասին հենց նոր խոսեցինք։ Երբ խոսքը վերաբերում է անհավատներին, արդյոք Աստծու գործողությունների հիմքում ընկած սկզբունքը բարուն վարձք տալն ու չարին պատժե՞լն է։ Արդյո՞ք այն դուրս է գալիս այս շրջանակից։ (Ոչ։) Տեսնո՞ւմ եք, որ Աստծու գործողությունների հիմքում սկզբունք կա։ Անհավատներն իրականում չեն հավատում Աստծուն, ոչ էլ հնազանդվում են Նրա ներդաշնակեցումներին։ Բացի այդ, չեն գիտակցում Նրա գերիշխանությունը, առավել ևս չեն ճանաչում Նրան։ Ավելի լուրջն այն է, որ հայհոյում են Աստծուն և անիծում Նրան և թշնամաբար են տրամադրված նրանց հանդեպ, ովքեր հավատում են Աստծուն։ Չնայած Աստծու նկատմամբ նրանց այս վերաբերմունքին՝ Աստծու կողմից նրանց կառավարումը, միեւնույն է, չի շեղվում Նրա սկզբունքներից։ Նա կառավարում է նրանց կանոնավոր կերպով՝ Իր սկզբունքների և Իր բնույթի համաձայն։ Աստված ինչպե՞ս է վերաբերվում նրանց թշնամությանը. որպես տգիտության։ Արդյունքում Նա այս մարդկանց ստիպել է (այսինքն՝ անհավատների ճնշող մեծամասնությանը) անցյալում վերամարմնավորվել որպես կենդանիներ։ Ուստի Աստծու աչքին կոնկրետ ի՞նչ են անհավատները։ Բոլորը կենդանիներ են։ Աստված կառավարում է կենդանիներին, ինչպես նաև մարդկությանը, և նման մարդկանց համար Նա ունի նույն սկզբունքները։ Նրա կողմից այս մարդկանց կառավարման մեջ դեռևս կարելի է տեսնել Նրա բնույթը, ինչպես նաև բոլոր բաների վրա Նրա գերիշխանության օրենքները։ Եվ այսպես, արդյոք տեսնո՞ւմ եք Աստծու գերիշխանությունն այն սկզբունքներում, որոնցով Նա կառավարում է իմ կողմից հենց նոր նշված անհավատներին։ Արդյոք տեսնո՞ւմ եք Աստծու արդար բնույթը։ (Այո՛, տեսնում ենք։) Այլ կերպ ասած՝ բոլոր բաների մեջ ինչի հետ էլ Աստված գործ ունենա, Նա գործում է Իր սեփական սկզբունքների և բնույթի համաձայն։ Սա Աստծու էությունն է։ Նա երբեք պատահմամբ չէր խախտի Իր սահմանած կանոնադրությունները կամ երկնային հրամանագրերը միայն այն պատճառով, որ նման մարդկանց որպես կենդանիներ է դիտարկում։ Աստված գործում է սկզբունքով, ամենևին ոչ անխոհեմաբար, և Նրա գործողությունների վրա որևէ գործոն չի ազդում։ Ինչ էլ որ Նա անի, միշտ հետևում է Իր սեփական սկզբունքներին։ Սա այն պատճառով է, որ Աստված օժտված է հենց Իր՝ Աստծու էությամբ։ Սա Նրա էության մի կողմն է, որը չունի ոչ մի արարած։ Աստված բարեխիղճ և պատասխանատու է Իր ստեղծած բոլոր բաների մեջ յուրաքանչյուր առարկայի, մարդու և կենդանի էակի նկատմամբ Իր վերաբերմունքի, մոտեցման, տնօրինման, կառավարման և գերիշխանության հարցում, և սրանում Նա երբեք անփույթ չի եղել։ Բարիներին Նա շնորհ է ցուցաբերում և բարի է, իսկ չարերին անողոք պատժի է ենթարկում։ Իսկ տարբեր կենդանի էակների համար Նա ժամանակին և կանոնավոր կերպով համապատասխան կարգավորումներ է անում՝ համաձայն տարբեր ժամանակներում մարդկային աշխարհի փոփոխվող պահանջների, այնպես որ այս տարբեր կենդանի էակները կանոնավոր կերպով վերամարմնավորվում են՝ ըստ իրենց խաղացած դերերի,՝ և մեթոդական կերպով շարժվում են նյութական աշխարհի և հոգևոր ոլորտի միջև։
Կենդանի էակի մահը՝ ֆիզիկական կյանքի ավարտը, նշանակում է, որ կենդանի էակը նյութական աշխարհից անցել է հոգևոր ոլորտ, մինչդեռ նոր ֆիզիկական կյանքի ծնունդը նշանակում է, որ կենդանի էակը հոգևոր ոլորտից եկել է նյութական աշխարհ և սկսել ստանձնել ու խաղալ իր դերը։ Լինի դա էակի հեռանալը, թե գալուստը, երկուսն էլ անբաժանելի են հոգևոր ոլորտի գործից։ Մինչև այն պահը, երբ ինչ-որ մեկը գալիս է նյութական աշխարհ, Աստված հոգևոր ոլորտում արդեն համապատասխան կարգավորումներ է արել և որոշումներ է կայացրել այն մասին, թե որ ընտանիք է գնալու այդ մարդը, որ դարաշրջանում է գալու, որ ժամին է գալու և ինչ դեր է խաղալու։ Ուստի այս մարդու ողջ կյանքը, այն բաները, որ նա անում է, և այն ուղիները, որոնցով քայլում է, կընթանա հոգևոր ոլորտում արված կարգավորումների համաձայն՝ առանց ամենաչնչին շեղման։ Ավելին՝ այն ժամանակը, երբ ֆիզիկական կյանքն ավարտվում է, և այն ձևն ու վայրը, որտեղ այն ավարտվում է, պարզ և լիովին հայտնի են հոգևոր ոլորտին։ Աստված գերիշխանություն ունի նյութական աշխարհի նկատմամբ, ինչպես նաև գերիշխանություն ունի հոգևոր ոլորտի նկատմամբ և չի հետաձգի հոգու կյանքի և մահվան բնականոն շրջապտույտը, ոչ էլ երբևէ որևէ սխալ թույլ կտա այդ շրջապտույտի կարգավորումներում։ Հոգևոր ոլորտի պաշտոնները զբաղեցնող սպասավորներից յուրաքանչյուրն իրականացնում է իր անհատական առաջադրանքները և անում է այն, ինչ պարտավոր է անել՝ համաձայն Աստծու հրահանգների և այն բանի, ինչ Աստված սահմանել է։ Այսպիսով, մարդկության աշխարհում յուրաքանչյուր նյութական երևույթ, որը մարդը տեսնում է, կանոնավոր է և ոչ մի քաոս չի պարունակում։ Այս ամենը բոլոր բաների վրա Աստծու կանոնավոր գերիշխանության, ինչպես նաև այն փաստի շնորհիվ է, որ Նրա իշխանությունը գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ։ Այն, ինչի նկատմամբ Նա գերիշխանություն ունի, ներառում է նյութական աշխարհը, որում ապրում է մարդը, և ավելին՝ մարդկության հետևում գտնվող անտեսանելի հոգևոր ոլորտը։ Հետևաբար, եթե մարդիկ ցանկանում են լավ կյանք ունենալ և հույս ունեն ապրելու լավ միջավայրում, բացի ողջ տեսանելի նյութական աշխարհով ապահովված լինելուց, առավել ևս կարիք ունեն ապահովված լինելու հոգևոր ոլորտով, որը ոչ ոք չի կարող տեսնել, որը հանուն մարդկության կառավարում է յուրաքանչյուր կենդանի էակի, և որը կանոնավոր է։ Ուստի երբ խոսքը վերաբերում է այն պնդմանը, որ Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է, մի՞թե ևս մեկ բան չսովորեցինք և չհասկացանք «բոլոր բաների» մասին։ (Այո՛։)
բ. Տարբեր հավատքի մարդկանց կյանքի և մահվան շրջապտույտը
Հենց նոր քննարկեցինք առաջին կարգին պատկանող մարդկանց՝ անհավատների կյանքի և մահվան շրջապտույտը։ Այժմ եկեք քննարկենք երկրորդ կարգին պատկանողների՝ տարբեր հավատքի մարդկանց կյանքի և մահվան շրջապտույտը։ «Տարբեր հավատքի մարդկանց կյանքի և մահվան շրջապտույտը» ևս մեկ շատ կարևոր թեմա է, և խիստ անհրաժեշտ է, որ որոշակի հասկացողություն ունենաք դրա վերաբերյալ։ Նախ՝ եկեք խոսենք այն մասին, թե որ հավատքներին է վերաբերում «հավատքի մարդիկ» արտահայտության «հավատք» բառը։ Դրանք են հինգ հիմնական կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը, կաթոլիկությունը, իսլամը և բուդդայականությունը։ Անհավատներից բացի, այս հինգ կրոններին հավատացող մարդիկ կազմում են աշխարհի բնակչության մի մեծ մաս։ Այս հինգ կրոններում շատ չեն լիաժամկետ հավատացյալները, սակայն այս կրոններն ունեն շատ հետևորդներ։ Մահանալուց հետո նրանք կգնան մեկ այլ՝ տարբերվող վայր։ Ումի՞ց տարբերվող։ Անհավատներից՝ հավատք չունեցող մարդկանցից, որոնց մասին հենց նոր խոսում էինք։ Մահանալուց հետո այս հինգ կրոնների հավատացյալները գնում են այլ տեղ, մի վայր, որը տարբերվում է այն վայրից, ուր գնում են անհավատները։ Գործընթացը նույնն է։ Հոգևոր ոլորտը նմանապես կդատի նրանց՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ արել են մահանալուց առաջ, որից հետո նրանց հետ կվարվեն համապատասխան կերպով։ Սակայն ինչո՞ւ են այս մարդիկ ուղարկվում այլ վայր՝ համապատասխան կերպով տնօրինվելու համար։ Սրա համար կա մի կարևոր պատճառ։ Ի՞նչ է դա։ Ես դա կբացատրեմ ձեզ մի օրինակով։ Սակայն նախքան դա անելը՝ գուցե ինքներդ ձեզ մտածեք. «Գուցե պատճառն այն է, որ նրանք մի փոքր հավատք ունեն Աստծու հանդեպ։ Նրանք լիակատար անհավատներ չեն»։ Սա չէ պատճառը, և կա շատ կարևոր մի պատճառ։
Որպես օրինակ վերցնենք բուդդայականությունը։ Ձեզ մի փաստ կասեմ։ Բուդդայականը նախ և առաջ մեկն է, ով ընդունել է բուդդայականություն և գիտի, թե ինչ է իր հավատքը։ Երբ բուդդայականները կտրում են իրենց մազերը և դառնում վանականներ կամ միանձնուհիներ, դա նշանակում է, որ առանձնացել են աշխարհիկ կյանքից՝ հետևում թողնելով մարդկային աշխարհի աղմուկը։ Ամեն օր նրանք սուտրաներ են արտասանում և վանկարկում Բուդդաների անունները, ուտում են միայն բուսական սնունդ, ապրում ճգնավորի կյանքով և իրենց օրերն անցկացնում միայն յուղե ճրագի սառը, թույլ լույսի ուղեկցությամբ։ Այսպես են անցկացնում իրենց ողջ կյանքը։ Երբ բուդդայականի ֆիզիկական կյանքն ավարտվում է, նա ամփոփում է իր կյանքը, բայց սրտում չգիտի, թե ուր է գնալու մահանալուց հետո, ում է հանդիպելու կամ ինչպիսին է լինելու իր ելքը։ Հոգու խորքում հստակ պատկերացում չունի նման բաների մասին։ Նա ոչինչ չի արել, քան իր կյանքը որոշակի հավատքով կուրորեն ապրելը, որից հետո մարդկային աշխարհից հեռանում է իր կույր ցանկություններով և ձգտումներով։ Այսպիսին է բուդդայականի ֆիզիկական կյանքի ավարտը, երբ լքում է ապրողների աշխարհը։ Դրանից հետո վերադառնում է հոգևոր ոլորտում իր սկզբնական վայրը։ Այն, թե արդյոք այս մարդը կկարողանա վերամարմնավորվել և շարունակել իր ինքնազարգացումը, կախված է մահվանից առաջ նրա վարքագծից և կիրառումից։ Եթե իր կյանքի ընթացքում ոչ մի սխալ բան չի արել, արագ հետ է ուղարկվում մարդկային աշխարհ՝ երկրորդ վերամարմնավորման համար, որտեղ այս մարդը ևս մեկ անգամ դառնում է վանական կամ միանձնուհի։ Այսինքն՝ ֆիզիկական կյանքի ընթացքում ինքնազարգացում է կիրառում այնպես, ինչպես առաջին անգամ էր կիրառել, և ապա ֆիզիկական կյանքի ավարտից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, որտեղ քննվում է։ Դրանից հետո, եթե ոչ մի խնդիր չի հայտնաբերվում, կարող է ևս մեկ անգամ վերադառնալ մարդու աշխարհ և նորից ընդունել բուդդայականություն՝ այդպիսով շարունակելով իր կիրառումը։ Երեքից յոթ անգամ վերամարմնավորվելուց հետո ևս մեկ անգամ կվերադառնա հոգևոր ոլորտ, ուր գնում է յուրաքանչյուր ֆիզիկական կյանքի ավարտից հետո։ Եթե նրա տարբեր որակավորումները և վարքագիծը մարդկային աշխարհում համապատասխանել են հոգևոր ոլորտի երկնային հրամանագրերին, ապա այս պահից սկսած կմնա այնտեղ։ Այլևս չի վերամարմնավորվի որպես մարդ, ոչ էլ մարդկային աշխարհում չարագործություն անելու համար պատժվելու վտանգ կլինի։ Այլևս երբեք չի անցնի այս գործընթացի միջով։ Փոխարենը, կախված իր հանգամանքներից, հոգևոր ոլորտում պաշտոն կստանձնի։ Սա այն է, ինչ բուդդայականներն անվանում են «պտուղին հասնել»։ Պտուղին հասնելը հիմնականում նշանակում է ի վիճակի լինել ծառայելու որպես հոգևոր ոլորտի պաշտոնյա և այլևս չվերամարմնավորվել կամ պատժվելու վտանգի տակ չլինել։ Ավելին, դա նշանակում է այլևս չկրել որպես մարդ վերամարմնավորվելու տառապանքները։ Ուստի արդյոք դեռ կա՞ որպես կենդանի վերամարմնավորվելու որևէ հավանականություն։ (Ոչ։) Սա նշանակում է, որ նրանք կմնան հոգևոր ոլորտում դեր ստանձնելու համար և այլևս չեն վերամարմնավորվի։ Սա բուդդայականության մեջ պտուղին հասնելու մի օրինակ է։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն հասնում պտուղին, հոգևոր ոլորտ վերադառնալուն պես համապատասխան սպասավորը քննում և ստուգում է նրանց ու հայտնաբերում, որ իրենց կենդանության օրոք ջանասիրաբար չեն կիրառել ինքնազարգացում կամ բարեխիղճ չեն եղել սուտրաներ արտասանելիս և Բուդդաների անունները վանկարկելիս, ինչպես սահմանված է բուդդայականությամբ, և փոխարենը բազմաթիվ չար արարքներ են գործել և ներգրավվել շատ չար վարքագծերի մեջ։ Ապա հոգևոր ոլորտում նրանց չարագործության վերաբերյալ դատաստան է կայացվում, և դրանից հետո անպայման կպատժվեն։ Այս հարցում բացառություններ չկան։ Ուստի նման մարդը ե՞րբ կարող է պտուղին հասնել։ Այն բանից հետո, երբ հասնում է մի կյանքի, որում ոչ մի չարիք չի գործում, հոգևոր ոլորտ վերադառնալիս երևում է, որ մահանալուց առաջ ոչ մի սխալ բան չի արել։ Ապա շարունակում է վերամարմնավորվել՝ շարունակելով արտասանել սուտրաները և վանկարկել Բուդդաների անունները, իր օրերն անցկացնելով յուղե ճրագի սառը, թույլ լույսի ներքո, զերծ մնալով որևէ կենդանի էակ սպանելուց կամ միս ուտելուց։ Չի մասնակցում մարդկային աշխարհի գործերին՝ դրա խնդիրները հետեւում թողնելով և ուրիշների հետ վեճեր չունենալով։ Այս ընթացքում ոչ մի չարիք չի գործում, և ապա հոգևոր ոլորտ վերադառնալուց ու նրա բոլոր գործողություններն ու վարքագիծը քննվելուց հետո ևս մեկ անգամ ուղարկվում է մարդկային ոլորտ՝ մի շրջապտույտով, որը շարունակվում է երեքից յոթ անգամ։ Եթե այս ընթացքում ոչ մի զանցանք չի գործվում, ապա նրա պտուղին հասնելն ազդեցության չի ենթարկվի և չի հետաձգվի։ Բոլոր հավատքի մարդկանց կյանքի և մահվան շրջապտույտի վերաբերյալ կա այս տարբերակիչ առանձնահատկությունը։ Նրանք կարող են «պտուղին հասնել» և պաշտոն ստանձնել հոգևոր ոլորտում։ Սա է նրանց տարբերում անհավատներից։ Նախ՝ երկրի վրա ապրելիս ինչպե՞ս են իրենց դրսևորում նրանք, ովքեր ի վիճակի են պաշտոն ստանձնելու հոգևոր ոլորտում։ Պետք է վստահ լինեն, որ ընդհանրապես ոչ մի չարիք չեն գործում։ Չպետք է սպանեն, հրկիզեն, բռնաբարեն կամ թալանեն։ Եթե ներգրավվում են խարդախության, խաբեության, գողության կամ կողոպուտի մեջ, ապա չեն կարող պտուղին հասնել։ Այլ կերպ ասած, եթե որևէ կապ կամ առնչություն ունեն չարագործության հետ, չեն կարողանա խուսափել իրենց համար հոգևոր ոլորտի սահմանած պատժից։ Հոգևոր ոլորտը համապատասխան կարգավորումներ է անում այն բուդդայականների համար, որոնք հասնում են պտուղին։ Այս բուդդայականներին կարող է հանձնարարվել կառավարել նրանց, ովքեր կարծես թե հավատում են բուդդայականությանը, բայց կարծես թե նաեւ հավատում են Երկնքի Ծերուկին, և այս բուդդայականներին կարող է հատկացվել իրավասության տարածք։ Կարող են նաև պարզապես պատասխանատու լինել անհավատների համար կամ ծառայել լոկ որպես ցածրաստիճան սպասավորներ։ Նման բաշխումը տեղի է ունենում ըստ նրանց հոգիների տարբեր բնությունների։ Սա բուդդայականության մի օրինակ է։
Այն հինգ կարգի հավատքների մեջ, որոնց մասին խոսեցինք, քրիստոնեությունը համեմատաբար յուրահատուկ է։ Ինչո՞վ է քրիստոնեությունը յուրահատուկ։ Քրիստոնյաները հավատում են ճշմարիտ Աստծուն։ Ինչպե՞ս կարող են ճշմարիտ Աստծուն հավատացողներն այստեղ թվարկվել։ Ասել, թե քրիստոնեությունը հավատքի մի տեսակ է, անկասկած կառնչվեր միայն հավատքին՝ լինելով լոկ արարողության մի տեսակ, կրոնի մի տեսակ և լիովին տարբեր բան նրանց հավատքից, ովքեր անկեղծորեն հետևում են Աստծուն։ Քրիստոնեությունը հինգ հիմնական կրոնների շարքում թվարկելու պատճառն, այն է, որ այն իջեցվել է նույն մակարդակին, ինչ հուդայականությունը, բուդդայականությունը և իսլամը։ Այստեղ մարդկանց մեծամասնությունը չի հավատում, որ կա Աստված, կամ որ Նա գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, էլ ուր մնաց հավատան Նրա գոյությանը։ Փոխարենը լոկ օգտագործում են Սուրբ Գրերը՝ աստվածաբանություն բացատրելու համար, և օգտագործում են աստվածաբանությունը՝ մարդկանց սովորեցնելու լինել բարի, դիմանալ տառապանքին և բարի գործեր անել։ Հենց այսպիսի կրոն է քրիստոնեությունը։ Այն կենտրոնանում է միայն աստվածաբանական տեսությունների վրա՝ բացարձակապես ոչ մի կապ չունենալով մարդուն տնօրինելու և փրկելու Աստծու գործի հետ։ Այն մի կրոն է այն մարդկանց համար, որոնք հետևում են Աստծուն, բայց որոնց Աստված չի ճանաչում։ Սակայն Աստված նույնպես սկզբունք ունի նման մարդկանց հանդեպ Իր մոտեցման մեջ։ Նա պատահական չի տնօրինում կամ վարվում նրանց հետ Իր հայեցողությամբ, ինչպես անում է անհավատների հետ։ Նրանց վերաբերվում է այնպես, ինչպես վերաբերվում է բուդդայականներին։ Եթե իր կենդանության օրոք քրիստոնյան կարողանում է ինքնակարգավարժանք դրսևորել, եթե կարողանում է իր վարքագիծը խստորեն կարգավորել Տասը պատվիրանների, օրենքների ու պատվիրանների համաձայն և իր ողջ կյանքում հետևել դրանց, ապա նույնպես պետք է նույնքան ժամանակ ծախսի՝ անցնելով կյանքի և մահվան շրջապտույտների միջով՝ նախքան կկարողանա իսկապես հասնել այսպես կոչված «հափշտակությանը»։ Այս հափշտակությանը հասնելուց հետո մնում է հոգևոր ոլորտում, որտեղ պաշտոն է ստանձնում և դառնում դրա սպասավորներից մեկը։ Նմանապես, եթե նա երկրի վրա չարիք է գործում, եթե չափազանց մեղսավոր է և չափազանց շատ մեղքեր է գործում, ապա անխուսափելիորեն կպատժվի և կտնօրինվի տարբեր խստությամբ։ Բուդդայականության մեջ պտուղին հասնելը նշանակում է անցնել Գերագույն Երանության Մաքուր Երկիր, բայց ինչպե՞ս են դա անվանում քրիստոնեության մեջ։ Դա կոչվում է «երկինք մտնել» և «հափշտակվել»։ Նրանք, ովքեր ճշմարտապես հափշտակվում են, նույնպես երեքից յոթ անգամ անցնում են կյանքի և մահվան շրջապտույտի միջով, որից հետո, մահանալով, գալիս են հոգևոր ոլորտ, ասես քուն մտած լինեին։ Եթե համապատասխանում են չափանիշին, կարող են մնալ այնտեղ պաշտոն ստանձնելու համար և այսպիսով այլևս չեն ենթարկվի պարզ կամ սովորական վերամարմնավորման, ինչպես աշխարհիկ մարդիկ։
Այս բոլոր կրոններում այն ելքերը, որոնց մասին խոսում են և որոնց ձգտում են, ձևով տարբեր են, բայց էությամբ նման են բուդդայականության մեջ պտուղին հասնելուն։ Դրանք հիմնականում նույնն են։ Այս կրոնների հետևորդների այն մասի համար, ովքեր ի վիճակի են իրենց վարքագծում խստորեն պահպանելու կրոնական պատվիրանները, Աստված ապահովում է համապատասխան նշանակության վայր՝ գնալու համապատասխան տեղ, և պատշաճ կերպով տնօրինում է նրանց։ Սա միանգամայն խելամիտ է, բայց չի համապատասխանում մարդկանց պատկերացումներին։ Այժմ, լսելով քրիստոնեության մեջ մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին, ի՞նչ եք զգում։ Արդյո՞ք զգում եք, որ նրանց ծանր վիճակն անարդար է։ Կարեկցո՞ւմ եք նրանց։ (Մի փոքր։) Ոչինչ հնարավոր չէ անել։ Միայն իրենք իրենց պետք է մեղադրեն։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Աստծու գործը ճշմարիտ է։ Նա կենդանի է ու գործնական, և Նրա գործն ուղղված է ողջ մարդկությանը և յուրաքանչյուր անհատի։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն ընդունում ճշմարտությունը։ Ինչո՞ւ են անգամ մոլեռանդորեն դատապարտում և ժխտում Աստծու գործը։ Ինչո՞ւ են անգամ ձերբակալում և հալածում այն քրիստոնյաներին, որոնք ավետարան են քարոզում իրենց։ Նրանց համար բավականին լավ է այսպիսի ելք ունենալը, ուստի ինչո՞ւ եք խղճում նրանց։ Նրանց այս կերպ տնօրինելը մեծ երկայնամտություն է ցույց տալիս։ Հաշվի առնելով, թե նրանք ինչ աստիճանի են հակառակվում Աստծուն, բոլորը պետք է ոչնչացվեն, սակայն Աստված չի անում դա։ Փոխարենը Նա պարզապես քրիստոնեությանը վերաբերվում է որպես սովորական կրոնի։ Ուստի կարիք կա՞ արդյոք ավելի մանրամասնելու մյուս կրոնների մասին։ Այս բոլոր կրոնների էությունն այն է, որ մարդիկ ավելի շատ դժվարություններ կրեն, չարիք չգործեն, բարի գործեր անեն, չհայհոյեն ուրիշներին, չդատեն ուրիշներին, հեռու մնան վեճերից և լավ մարդիկ լինեն։ Կրոնական ուսմունքների մեծ մասն այսպիսին է։ Հետևաբար, եթե այս հավատքի մարդիկ՝ տարբեր կրոնների և հարանվանությունների այս հետևորդները, ի վիճակի են խստորեն պահպանելու իրենց կրոնական պատվիրանները, ապա երկրի վրա գտնվելու ընթացքում մեծ սխալներ կամ մեղքեր չեն գործի։ Եվ երեքից յոթ անգամ վերամարմնավորվելուց հետո այս մարդիկ՝ նրանք, ովքեր ի վիճակի են խստորեն պահպանելու կրոնական պատվիրանները, մեծ մասամբ կմնան հոգևոր ոլորտում պաշտոն ստանձնելու։ Շա՞տ են արդյոք նման մարդիկ։ (Ո՛չ, շատ չեն։) Ինչի՞ վրա եք հիմնում ձեր պատասխանը։ Հեշտ չէ բարիք գործել և պահպանել կրոնական կանոններն ու օրենքները։ Բուդդայականությունը մարդկանց թույլ չի տալիս միս ուտել։ Կկարողանայի՞ր հանձն առնել դա։ Եթե ստիպված լինեիր մոխրագույն պարեգոտ կրել և ողջ օրը բուդդայական տաճարում սուտրաներ արտասանել ու Բուդդաների անունները վանկարկել, կկարողանայի՞ր հանձն առնել դա։ Հեշտ չէր լինի։ Քրիստոնեությունն ունի Տասը պատվիրանները, պատվիրաններն ու օրենքները։ Արդյոք հե՞շտ է դրանք պահպանելը։ Հեշտ չէ, այնպես չէ՞։ Վերցնենք օրինակ՝ ուրիշներին չհայհոյելը։ Մարդիկ անընդունակ են պահպանելու անգամ այս կանոնը։ Չկարողանալով զսպել իրենց՝ հայհոյում են, իսկ հայհոյելուց հետո չեն կարող հետ վերցնել այդ խոսքերը, ուստի ի՞նչ են անում։ Գիշերը խոստովանում են իրենց մեղքերը։ Երբեմն ուրիշներին հայհոյելուց հետո դեռ իրենց սրտերում ատելություն են տածում և անգամ հասնում են այն բանին, որ ժամանակ են ծրագրում՝ այդ մարդկանց էլ ավելի վնասելու համար։ Մի խոսքով, նրանց համար, ովքեր ապրում են այս մեռած դոգմայի մեջ, հեշտ չէ զերծ մնալ մեղք կամ չարիք գործելուց։ Հետևաբար, յուրաքանչյուր կրոնում ընդամենը մի բուռ մարդ է իրականում ի վիճակի պտուղին հասնելու։ Արդյո՞ք ենթադրո՞ւմ ես, թե քանի որ այդքան շատ մարդ է հետևում այս կրոններին, մի ստվար հատված կկարողանա մնալ՝ հոգևոր ոլորտում դեր ստանձնելու համար։ Նրանք այդքան շատ չեն։ Ընդամենը մի քանիսն են իրականում ի վիճակի հասնելու դրան։ Ընդհանուր առմամբ սա է հավատքի մարդկանց կյանքի և մահվան շրջապտույտը։ Նրանց յուրահատկությունն այն է, որ կարող են պտուղին հասնել, և սա է նրանց առանձնացնում անհավատներից։
գ. Աստծուն հետևողների կյանքի և մահվան շրջապտույտը
Այժմ խոսենք Աստծուն հետևողների կյանքի և մահվան շրջապտույտի մասին։ Սա վերաբերում է ձեզ, ուստի ուշադի՛ր եղեք։ Նախ մտածեք այն մասին, թե ինչպես կարող են դասակարգվել Աստծուն հետևողները։ (Աստծու ընտրյալ մարդիկ և ծառայություն մատուցողներ։) Կա երկու խումբ՝ Աստծու ընտրյալ մարդիկ և ծառայություն մատուցողները։ Նախ խոսենք Աստծու ընտրյալ մարդկանց մասին, որոնք սակավաթիվ են։ Ո՞ւմ է վերաբերում «Աստծու ընտրյալ մարդիկ» արտահայտությունը։ Դա վերաբերում է մարդկանց այն խմբին, որ Աստված ընտրել է Իրեն հետևելու համար այն ժամանակ, երբ Նա ստեղծեց բոլոր բաները, և մարդկությունը գոյության կոչվեց, որոնք կարճ կոչվում են «Աստծու ընտրյալ մարդիկ»։ Աստծու կողմից այս մարդկանց ընտրությունն ունի հատուկ շրջանակ և հատուկ նշանակություն։ Շրջանակն այնպիսին է, որ մարդկանց այս խումբը պետք է գա ամեն անգամ, երբ Աստված կարևոր գործ է իրականացնում։ Սա առաջին հատուկ բնութագիրն է։ Իսկ ի՞նչ է նշանակությունը։ Քանի որ նրանք Աստծու կողմից ընտրված խումբ են, նշանակությունը մեծ է։ Այսինքն՝ Աստված ցանկանում է ավարտուն դարձնել այս մարդկանց և կատարելագործել նրանց։ Երբ Նրա տնօրինման գործն ավարտվի, Նա ձեռք կբերի այս մարդկանց։ Մի՞թե այս նշանակությունը մեծ չէ։ Ուստի այս ընտրյալ մարդիկ մեծ կարևորություն ունեն Աստծու համար, քանի որ նրանք են, ում Աստված մտադիր է ձեռք բերել։ Ինչ վերաբերում է ծառայություն մատուցողներին, եկեք մի պահ դադար տանք Աստծու կանխորոշման թեմային և նախ խոսենք նրանց ծագման մասին։ «Ծառայություն մատուցողը» բառացիորեն նա է, ով ծառայում է։ Նրանք, ովքեր ծառայում են, անցողիկ են, նրանք դա երկարաժամկետ կտրվածքով կամ ընդմիշտ չեն անում, այլ վարձվում կամ հավաքագրվում են ժամանակավորապես։ Նրանց մեծ մասի ծագումն այն է, որ ընտրվել են անհավատների միջից։ Երբ նրանք ծնվեցին, սահմանվեց, որ Աստծու գործում կստանձնեն ծառայություն մատուցողների դերը։ Նախորդ կյանքում գուցե կենդանիներ են եղել, բայց գուցե նաև անհավատներ են եղել։ Այսպիսին է ծառայություն մատուցողների ծագումը։
Շարունակենք խոսել Աստծու ընտրյալ մարդկանց մասին։ Երբ նրանք մահանում են, գնում են մի վայր։ Այս վայրը լիովին տարբերվում է անհավատների և հավատքի տարբեր մարդկանց վայրից։ Դա մի վայր է, որտեղ նրանց ուղեկցում են հրեշտակներն ու Աստծու պատգամաբերները, դա մի վայր է, որն անձամբ կառավարում է Աստված։ Թեև Աստծու ընտրյալ մարդիկ չեն կարող այս վայրում իրենց աչքերով տեսնել Աստծուն, բայց այն նման չէ հոգևոր ոլորտի որևէ այլ վայրի, սա տարբերվող վայր է, ուր մահանալուց հետո գնում է մարդկանց այս մասը։ Երբ նրանք մահանում են, Աստծու պատգամաբերները նրանց ևս խիստ քննության են ենթարկում։ Իսկ ի՞նչն է քննվում։ Աստծու պատգամաբերները քննում են այն ուղիները, որոնք այս մարդիկ անցել են իրենց ողջ կյանքի ընթացքում՝ առ Աստված իրենց հավատի մեջ, արդյոք այդ ընթացքում երբևէ ընդդիմացե՞լ են Աստծուն կամ անիծե՞լ են Նրան և արդյոք որևէ ծանր մեղք կամ չարիք գործե՞լ են։ Այս քննությունը կլուծի այն հարցը, թե արդյոք տվյալ անձին թույլատրվում է մնալ, թե նա պետք է հեռանա։ Ի՞նչ է նշանակում «հեռանալ»։ Իսկ ի՞նչ է նշանակում «մնալ»։ «Հեռանալ» նշանակում է, թե արդյոք, ելնելով իրենց վարքագծից, նրանք մնում են Աստծու ընտրյալ մարդկանց շարքերում, «մնալ» նշանակում է, որ կարող են մնալ նրանց շարքերում, ում Աստված ավարտուն կդարձնի վերջին օրերին։ Նրանց համար, ովքեր մնում են, Աստված հատուկ կարգավորումներ ունի։ Իր գործի յուրաքանչյուր ժամանակաշրջանում Նա նման մարդկանց կուղարկի որպես առաքյալներ գործելու կամ եկեղեցիների զարթոնքի կամ հովվելու գործն անելու։ Սակայն նման աշխատանքի ընդունակ մարդիկ չեն վերամարմնավորվում այնքան հաճախ, որքան անհավատները, որոնք վերածնվում են սերնդեսերունդ, այլ վերամարմնավորվում են Աստծու գործի կարիքներին և քայլերին համապատասխան և հաճախ չեն վերամարմնավորվում։ Ուստի կա՞ն արդյոք կանոններ, թե նրանք երբ են վերամարմնավորվում։ Արդյոք գալի՞ս են մի քանի տարին մեկ։ Գալի՞ս են նման հաճախականությամբ։ Չեն գալիս։ Այս ամենը հիմնված է Աստծու գործի, դրա քայլերի և Նրա կարիքների վրա, և սահմանված կանոններ չկան։ Միակ կանոնն այն է, որ երբ Աստված վերջին օրերին անի Իր գործի վերջին փուլը, այս ընտրյալ մարդիկ բոլորը կգան, և այս գալուստը կլինի նրանց վերջին վերամարմնավորումը։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Սա հիմնված է այն ելքի վրա, որին պետք է հասնել Աստծու գործի վերջին փուլի ընթացքում, քանի որ գործի այս վերջին փուլի ընթացքում Աստված այս ընտրյալ մարդկանց լիովին ավարտուն կդարձնի։ Սա ի՞նչ է նշանակում։ Եթե այս վերջին փուլի ընթացքում այս մարդիկ ավարտուն դառնան և կատարելագործվեն, ապա չեն վերամարմնավորվի նախկինի պես. մարդ լինելու, ինչպես նաև նրանց վերամարմնավորման գործընթացը լիովին ավարտված կլինի, ։ Սա վերաբերում է նրանց, ովքեր կմնան։ Ուստի ո՞ւր են գնում նրանք, ովքեր չեն կարող մնալ։ Նրանք, ում չի թույլատրվում մնալ, համապատասխան վայր ունեն գնալու։ Նախևառաջ իրենց չարագործության, թույլ տված սխալների և գործած մեղքերի արդյունքում նրանք ևս կպատժվեն։ Պատժվելուց հետո Աստված, ըստ հանգամանքների, կա՛մ կկարգավորի, որ նրանք ուղարկվեն անհավատների մեջ, կա՛մ կկարգավորի, որ գնան հավատքի տարբեր մարդկանց մեջ։ Այլ կերպ ասած՝ պատժվելուց և կրկին վերամարմնավորվելուց հետո նրանք կարող են կա՛մ ապրել ինչ-որ կրոնի մարդկանց մեջ, կա՛մ դառնալ անհավատներ։ Եթե դառնան անհավատներ, ապա կկորցնեն բոլոր հնարավորությունները, ինչևէ, եթե դառնան հավատքի մարդիկ, եթե օրինակ՝ դառնան քրիստոնյաներ, ապա դեռ Աստծու ընտրյալ մարդկանց շարքերը վերադառնալու հնարավորություն կունենան։ Սրա հետ կապված շատ բարդ հարաբերություններ կան։ Կարճ ասած՝ եթե Աստծու ընտրյալ մարդկանցից մեկը մի բան անի, որով վիրավորանք կհասցնի Աստծուն, կպատժվի ճիշտ այնպես, ինչպես բոլորը։ Օրինակ՝ վերցնենք Պողոսին, ում մասին նախկինում խոսել ենք։ Պողոսը պատժվող մարդու օրինակ է։ Գաղափար կազմո՞ւմ եք, թե ինչի մասին եմ խոսում։ Արդյոք Աստծու ընտրյալ մարդկանց շրջանակը հաստատո՞ւն խումբ է։ (Մեծամասամբ այդպես է։) Մեծամասամբ հաստատուն է, բայց ինչո՞ւ այս խմբի մի փոքր մասը հաստատուն չէ։ Այստեղ Ես նշել եմ ամենաակնհայտ պատճառը՝ չարիք գործելը։ Երբ նրանք չարիք են գործում, Աստված չի ուզում նրանց, իսկ երբ Աստված չի ուզում նրանց, նետում է տարբեր ռասաների և տեսակի մարդկանց մեջ։ Սա նրանց զրկում է հույսից և դժվարացնում է նրանց վերադարձը։ Այս ամենը վերաբերում է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի և մահվան շրջապտույտին։
Այս հաջորդ մասը վերաբերում է ծառայություն մատուցողների կյանքի և մահվան շրջապտույտին։ Հենց նոր խոսեցինք ծառայություն մատուցողների ծագման՝ այսինքն այն փաստի մասին, որ իրենց նախորդ կյանքերում հերթով վերամարմնավորվել են անհավատների և կենդանիների միջև։ Գործի վերջին փուլում Աստված անհավատների միջից ընտրել է նման մարդկանց մի խումբ, և այս խումբը հատուկ է։ Այս մարդկանց ընտրելու Աստծու նպատակն այն է, որ նրանք ծառայություն մատուցեն Իր գործի համար։ «Ծառայություն» բառը շատ նրբագեղ չի հնչում, ոչ էլ համապատասխանում է բոլորի ցանկություններին, բայց պետք է նայենք, թե այն ում է ուղղված։ Աստծու ծառայություն մատուցողների գոյությունը նույնպես հատուկ նշանակություն ունի։ Իրենց խաղացած դերում ոչ ոք չէր կարող նրանց տեղը զբաղեցնել, քանի որ Աստված է ընտրել նրանց։ Իսկ ի՞նչ է ծառայություն մատուցողների դերը։ Դա Աստծու ընտրյալ մարդկանց ծառայելն է, հիմնականում Աստծու գործի համար ծառայություն մատուցելն է, այսինքն՝ Աստծու գործի հետ համագործակցելը և Աստծու կողմից Իր ընտրյալ մարդկանց ավարտուն դարձնելու հետ համագործակցելը։ Անկախ այն բանից՝ տքնում են, աշխատանքի որևէ կողմ են իրականացնում, թե որոշակի պաշտոններ են զբաղեցնում, ի՞նչ է Աստծու պահանջն այս ծառայություն մատուցողներից։ Արդյոք Նա շա՞տ խիստ ապահանջներ է ներկայացնում նրանց։ (Ո՛չ, պահանջում է, որ նրանք հավատարիմ լինեն։) Ծառայություն մատուցողները նույնպես պետք է հավատարիմ լինեն։ Անկախ քո ծագումից կամ այն փաստից, թե Աստված ինչու է ընտրել քեզ, դու պետք է հավատարիմ լինես Աստծուն, ցանկացած հանձնարարության, որն Աստված վստահում է քեզ, և այն աշխատանքին, որը ստանձնում ես, ու այն պարտավորությանը, որը կատարում ես։ Այն ծառայություն մատուցողների դեպքում, որոնք ունակ են հավատարիմ լինելու և Աստծուն բավարարելու, որո՞նք կլինեն նրանց ելքերը։ Նրանք կկարողանան ողջ մնալ։ Արդյոք օրհնությո՞ւն է լինել ծառայություն մատուցող, որը ողջ է մնում։ Ի՞նչ է նշանակում ողջ մնալ։ Ի՞նչ է այս օրհնության իմաստը։ Կարգավիճակով նրանք կարծես նման չեն Աստծու ընտրյալ մարդկանց, կարծես տարբեր են։ Բայց իրականում, մի՞թե այն, ինչ նրանք վայելում են այս կյանքում, նույնը չէ, ինչ վայելում են Աստծու ընտրյալ մարդիկ։ Դա, առնվազն, նույնն է այս կյանքում։ Չեք հերքում սա, այնպես չէ՞։ Աստծու արտահայտումները, Աստծու շնորհը, Աստծու ապահովումը, Աստծու օրհնությունները՝ ո՞վ չի վայելում այս բաները։ Բոլորը վայելում են նման առատություն։ Ծառայություն մատուցողի ինքնությունը մեկն է, ով ծառայություն է մատուցում, բայց Աստծու համար նա պարզապես Իր արարածներից մեկն է, պարզապես նրա դերը ծառայություն մատուցողի դերն է։ Քանի որ երկուսն էլ Աստծու արարածներ են, արդյոք կա՞ որևէ տարբերություն ծառայություն մատուցողի և Աստծու ընտրյալ մարդկանցից մեկի միջև։ Իրականում՝ չկա։ Անվանապես կա տարբերություն. էությամբ և իրենց խաղացած դերի առումով տարբերություն կա, բայց Աստված անարդարացիորեն չի վերաբերվում մարդկանց այս խմբին։ Ուստի ինչո՞ւ են այս մարդիկ սահմանվում որպես ծառայություն մատուցողներ։ Դուք պետք է որոշակի հասկացողություն ունենաք սրա վերաբերյալ։ Ծառայություն մատուցողները գալիս են անհավատների միջից։ Խոսելով անհավատների միջից գալու մասին՝ այս մարդիկ իրենց հոգու խորքում վատն են։ Բոլորն աթեիստներ են և աթեիստներ են իրենց հոգու խորքում, չեն հավատում Աստծուն և թշնամաբար են տրամադրված Նրա, ճշմարտության և բոլոր դրական բաների հանդեպ։ Չեն հավատում Աստծուն կամ Նրա գոյությանը։ Որպես այդպիսին, նրանք ունա՞կ են հասկանալու Աստծու խոսքերը։ Արդարացի է ասել, որ մեծամասամբ ունակ չեն։ Ճիշտ ինչպես կենդանիներն ունակ չեն հասկանալու մարդկային խոսքերը, ծառայություն մատուցողները չեն կարող հասկանալ, թե ինչ է ասում Աստված, ինչ է պահանջում կամ ինչու է Նա նման պահանջներ դնում։ Չեն հասկանում, այս բաներն անըմբռնելի են նրանց համար, և նրանք մնում են չլուսավորված։ Այս պատճառով այս մարդիկ չունեն այն կյանքը, որի մասին խոսել ենք։ Առանց կյանքի՝ մարդիկ կարո՞ղ են հասկանալ ճշմարտությունը։ Արդյոք զինվա՞ծ են ճշմարտությամբ։ Ունե՞ն Աստծու խոսքերի փորձառություն և գիտելիք։ (Ոչ։) Այսպիսին է ծառայություն մատուցողների ծագումը։ Սակայն, քանի որ Աստված այս մարդկանց ծառայություն մատուցել է տալիս և ունի չափանիշներ ու նրանցից պահանջում է բավարարել դրանք, Նա արհամարհանքով չի նայում նրանց, ոչ էլ ձևականորեն է վերաբերվում նրանց։ Թեև նրանք չեն ընկալում Աստծու խոսքերը և չունեն կյանք, բայց Աստված, միևնույն է, բարությամբ է վերաբերվում նրանց և ունի չափանիշներ, որոնք նրանցից պահանջում բավարարել։ Հենց նոր խոսեցիք այս պահանջվող չափանիշների մասին։ Նրանք պետք է հավատարիմ լինեն Աստծուն, ի վիճակի լինեն ենթարկվելու Նրան, ծառայություն մատուցեն ճիշտ այնպես, ինչպես պետք է, և ծառայություն մատուցեն ընդհուպ մինչև վերջ։ Եթե կարողանաս հավատարիմ ծառայություն մատուցող լինել, ի վիճակի լինես ծառայելու ընդհուպ մինչև վերջ և կարողանաս կատարել Աստծու վստահած հանձնարարությունը, ապա արժեքավոր կյանք կունենաս և կկարողանաս ողջ մնալ։ Եթե մի փոքր ավելի շատ ջանք գործադրես, եթե մի փոքր ավելի շատ փորձես, կարողանաս կրկնապատկել Աստծուն ճանաչելու ջանքերդ, կարողանաս մի փոքր խոսել Աստծուն ճանաչելու մասին, կարողանաս վկայել Նրա համար և, ավելին, եթե կարողանաս ինչ-որ բան հասկանալ Նրա մտադրություններից, կարողանաս համագործակցել Աստծու գործի հետ և կարողանաս փոքր-ինչ հաշվի առնել Աստծու մտադրությունները, ապա որպես ծառայություն մատուցող՝ ճակատագրի փոփոխություն կվերապրես։ Իսկ ի՞նչ է լինելու ճակատագրի այս փոփոխությունը։ Այլևս պարզապես ողջ մնալով չես սահմանափակվի։ Կախված քո վարքագծից և անձնական հոժարությունից ու ձգտումից՝ Աստված քեզ կդարձնի Աստծու ընտրյալ մարդկանցից մեկը։ Սա կլինի ճակատագրի քո փոփոխությունը։ Ծառայություն մատուցողների համար լավագույնն ի՞նչն այս հարցում։ Այն, որ նրանք կարող են դառնալ Աստծու ընտրյալ մարդիկ։ Եթե անեն դա, նշանակում է, որ այլևս չեն վերամարմնավորվի որպես կենդանիներ, ինչպես անհավատներն են անում։ Արդյոք դա լա՞վ է։ Այո և նաև լավ նորություն է։ Դա նշանակում է, որ ծառայություն մատուցողները կարող են կերտվել։ Խոսքն այն մասին չէ, որ եթե Աստված կանխորոշել է որևէ մեկին ծառայություն մատուցելու համար, ապա նա հավիտյան պետք է ծառայի։ Դա պարտադիր այդպես չէ։ Աստված կտնօրինի նրանց հետ և կարձագանքի այնպես, որ կհամապատասխանի այդ անձի անհատական վարքագծին։
Սակայն կան ծառայություն մատուցողներ, որոնք ի վիճակի չեն ծառայելու ընդհուպ մինչև վերջ, այսինքն՝ կան այնպիսիք, որոնք իրենց ծառայության ընթացքում կիսատ են թողնում այն և լքում Աստծուն, ինչպես նաև մարդիկ, որոնք բազմաթիվ անօրինություններ են գործում։ Կան նույնիսկ այնպիսիք, որոնք իրենց ծառայության ընթացքում հսկայական վնաս են հասցնում և հսկայական կորուստներ են պատճառում Աստծու գործին, և կան նույնիսկ ծառայություն մատուցողներ, որոնք անիծում են Աստծուն և այլն։ Ի՞նչ են ցույց տալիս այս անուղղելի հետևանքները։ Ցանկացած նման չար արարք կնշանակի նրանց ծառայության ավարտը։ Քանի որ քո վարքագիծը ծառայության ընթացքում չափազանց վատ է եղել, և քանի որ չափազանց հեռուն ես գնացել, տեսնելով, որ քո ծառայությունը չափանիշից շատ ցածր է, Աստված քեզ կզրկի ծառայելու իրավասությունից։ Նա այլևս թույլ չի տա քեզ ծառայել, Նա կհեռացնի քեզ Իր աչքի առջևից և Աստծու տնից։ Մի՞թե անհոժար չես ծառայում։ Մի՞թե անընդհատ չես ուզում չարիք գործել։ Մի՞թե մշտապես անհավատարիմ չես։ Դե ուրեմն, կա հեշտ լուծում։ Կզրկվես ծառայելու իրավասությունիցդ։ Աստծու համար ծառայություն մատուցողին ծառայելու իրավասությունից զրկելը նշանակում է, որ այս ծառայություն մատուցողի ելքը հռչակվել է, և նա այլևս իրավասու չի լինի ծառայելու Աստծուն։ Աստված այլևս չի օգտագործում նրանց ծառայելու համար, և անկախ այն բանից, թե նրանք ինչ լավ բաներ կարող են ասել, այդ խոսքերն ապարդյուն կլինեն։ Երբ բանն այս կետին հասնի, իրավիճակն անուղղելի կդառնա։ Նման ծառայություն մատուցողները վերադարձի ճանապարհ չեն ունենա։ Իսկ Աստված ինչպե՞ս է վարվում նրանց հետ։ Արդյոք ուղղակի արգելո՞ւմ է նրանց ծառայել։ Ո՛չ։ Արդյոք պարզապես նրանց թույլ չի՞ տալիս մնալ։ Թե՞ մի կողմ է դնում նրանց և սպասում, որ շրջադարձ կատարեն։ Նա այդպես չի անում։ Աստված այնքան էլ սիրառատ չէ, երբ խոսքը վերաբերում է ծառայություն մատուցողներին՝ սա ճշմարիտ է։ Եթե մարդն այսպիսի վերաբերմունք ունի Աստծուն մատուցած իր ծառայության մեջ, Աստված, այս վերաբերմունքի արդյունքում, նրան կզրկի ծառայելու իրավասությունից և ևս մեկ անգամ հետ կնետի անհավատների մեջ։ Եվ երբ այս ծառայություն մատուցողը հետ նետվի անհավատների մեջ, ի՞նչ կլինի նրա ճակատագիրը։ Դա նույնն է, ինչ անհավատներինը։ Կվերամարմնավորվի որպես կենդանի և հոգևոր ոլորտում կստանա նույն պատիժը, ինչ անհավատը։ Ինչ վերաբերում է պատժի ձեւին, ապա Աստված չի անհանգստանա դրանով, քանի որ նման մարդն այլևս որևէ առնչություն չունի Աստծու գործի հետ։ Սա ոչ միայն առ Աստված նրա հավատքի կյանքի ավարտն է, այլև նրան սեփական ճակատագրի ավարտը, ինչպես նաև նրան ճակատագրի հռչակումը։ Ուստի եթե ծառայություն մատուցողները վատ ծառայեն, ստիպված կլինեն իրենք կրել հետևանքները։ Եթե ծառայություն մատուցողն ընդունակ չէ ծառայելու ընդհուպ մինչև վերջ կամ ճանապարհի կեսին զրկվում է ծառայելու իրավասությունից, ապա կնետվի անհավատների մեջ, և եթե դա տեղի ունենա, ապա նման մարդու հետ կվարվեն այնպես, ինչպես կենդանիների հետ, այնպես, ինչպես անմիտք և առանց բանականության մարդկանց հետ։ Երբ Ես այսպես եմ ձեւակերպում, կարողանում եք հասկանալ, այնպես չէ՞։
Վերոնշյալն այն է, թե ինչպես է Աստված տնօրինում Իր ընտրյալ մարդկանց և ծառայություն մատուցողների կյանքի և մահվան շրջապտույտը։ Սա լսելուց հետո ինչպե՞ս եք զգում։ Այս թեմայի մասին, որի շուրջ հենց նոր խոսեցի՝ Աստծու ընտրյալ մարդկանց և ծառայություն մատուցողների թեմայի մասին արդյոք նախկինում խոսե՞լ եմ։ Իրականում խոսել եմ, բայց չեք հիշում։ Աստված արդար է Իր ընտրյալ մարդկանց և ծառայություն մատուցողների հանդեպ։ Բոլոր առումներով Նա արդար է։ Կարո՞ղ եք արդյոք որեւէ կետում թերություն գտնել սրա մեջ։ Կա՞ն մարդիկ, որոնք կասեն. «Ինչո՞ւ է Աստված այդքան երկայնամիտ ընտրյալ մարդկանց հանդեպ։ Եվ ինչո՞ւ է լոկ մի փոքր համբերատար ծառայություն մատուցողների հանդեպ»։ Արդյոք որևէ մեկը ցանկանո՞ւմ է պաշտպանել ծառայություն մատուցողներին։ «Աստված կարո՞ղ է ավելի շատ ժամանակ տալ ծառայություն մատուցողներին և ավելի համբերատար ու երկայնամիտ լինել նրանց հանդեպ»։ Արդյոք ճի՞շտ է նման հարց բարձրաձայնելը։ (Ո՛չ, ճիշտ չէ։) Իսկ ինչո՞ւ ոչ։ (Որովհետև ծառայություն մատուցող լինելն իրականում մեզ ցուցաբերված բարեհաճություն է։) Ծառայություն մատուցող լինելն իրականում նրանց ցուցաբերված բարեհաճություն է։ Առանց «ծառայություն մատուցողներ» կոչման և առանց ծառայություն մատուցողներին ներառող այս աշխատանքի՝ որտե՞ղ կլինեին այս մարդիկ։ Անհավատների մեջ կլինեին՝ ապրելով և մահանալով կենդանիների հետ։ Ինչպիսի՜ մեծ շնորհներ են նրանք այսօր վայելում՝ թույլտվություն ունենալով գալ Աստծու առջև և գալ Աստծու տուն։ Սա այնպիսի հսկայական շնորհ է։ Եթե Աստված քեզ ծառայելու հնարավորություն չտար, դու երբեք Նրա առջև գալու հնարավորություն չէիր ունենա։ Մեղմ ասած՝ նույնիսկ եթե բուդդայական ես և հասել ես պտուղին, առավելագույնն ընդամենը կամակատար ես հոգևոր ոլորտում. դու երբեք չես հանդիպի Աստծուն, չես լսի Նրա ձայնը կամ Նրա խոսքերը կամ չես զգա Նրա սերն ու օրհնությունները, ոչ էլ երբևէ կկարողանաս դեմ առ դեմ հանդիպել Նրան։ Միակ բաները, որ նման մարդիկ ունեն իրենց առջև, պարզ առաջադրանքներն են։ Նրանք չեն կարող ճանաչել Աստծուն և միայն ենթարկվում ու հնազանդվում են, մինչդեռ ծառայություն մատուցողներն այնքա՜ն շատ բան են ձեռք բերում աշխատանքի այս փուլի ընթացքում։ Նախ նրանք ի վիճակի են դեմ առ դեմ հանդիպել Աստծուն, լսել Նրա ձայնը, լսել Նրա խոսքերը և փորձառաբար ապրել այն շնորհներն ու օրհնությունները, որոնք Նա պարգեւում է մարդկանց։ Ավելին՝ նրանք ի վիճակի են վայելելու Աստծու շնորհած խոսքերն ու ճշմարտությունները։ Ծառայություն մատուցողներն իրապես շատ բան են ձեռք բերում։ Ուստի, եթե որպես ծառայություն մատուցող նույնիսկ չես կարողանում պատշաճ կերպով կատարել քո պարտավորությունը, ապա Աստված կարո՞ղ է դեռ պահել քեզ։ Նա չի կարող պահել քեզ։ Նա շատ բան չի պահանջում քեզանից, սակայն դու պատշաճ կերպով չես անում ոչինչ, ինչ Նա պահանջում է, հավատարիմ չես մնացել քո պարտավորությանը։ Որպես այդպիսին, անկասկած, Աստված չի կարող պահել քեզ։ Այսպիսին է Աստծու արդար բնույթը։ Աստված չի երես չի տալիս, բայց ոչ էլ խտրականություն է դնում քո հանդեպ։ Սրանք են այն սկզբունքները, որոնցով Աստված գործում է։ Աստված այս կերպ է վերաբերվում բոլոր մարդկանց և արարածներին։
Երբ խոսքը վերաբերում է հոգևոր ոլորտին, եթե դրանում գտնվող տարբեր էակները սխալ բան են անում կամ ճիշտ չեն կատարում իրենց գործը, Աստված նույնպես ունի համապատասխան երկնային հրամանագրեր և կանոնադրություններ նրանց հետ վարվելու համար։ Սա միանգամայն հաստատ է։ Հետևաբար, Աստծու մի քանի հազարամյա տնօրինման գործի ընթացքում որոշ սպասավորներ, որոնք անօրինություններ են գործել, ոչնչացվել են, մինչդեռ ոմանք մինչ օրս դեռևս կալանավորված են և պատժվում են։ Սա այն է, ինչին պետք է բախվի յուրաքանչյուր էակ։ Եթե նրանք սխալ բան են անում կամ չարիք են գործում, ապա պետք է պատժվեն, և սա նույնն է, ինչ Աստծու մոտեցումն Իր ընտրյալ մարդկանց և ծառայություն մատուցողների հանդեպ։ Այսպիսով, լինի հոգևոր ոլորտում, թե նյութական աշխարհում, սկզբունքները, որոնցով Աստված գործում է, մնում են նույնը։ Անկախ այն բանից՝ կարող ես տեսնել Աստծու գործողությունները, թե ոչ, դրանց սկզբունքները չեն փոխվում։ Աստված մշտապես գործել է Իր սկզբունքների համաձայն՝ բոլոր բաների հանդեպ Իր վերաբերմունքի և դրանք տնօրինելու մեջ։ Սա անփոփոխ է։ Աստված բարի է այն համեմատաբար լավ մարդկանց հանդեպ, որոնք ապրում են անհավատների մեջ, և հնարավորություններ է պահպանում յուրաքանչյուր կրոնի այն մարդկանց համար, որոնք իրենց լավ են պահում և չարիք չեն գործում՝ նրանց թույլ տալով խաղալ իրենց դերերը և անել այն, ինչ պետք է անեն Աստծու տնօրինած բոլոր բաների մեջ։ Նմանապես, Աստծուն հետևողների և Նրա ընտրյալ մարդկանց մեջ Աստված հետևում է Իր այս սկզբունքներին և խտրականություն չի դնում որևէ անձի հանդեպ։ Նա բարի է բոլոր նրանց հանդեպ, ովքեր ի վիճակի են անկեղծորեն հետևելու Իրեն, և Նա սիրում է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն հետևում են Իրեն։ Պարզապես մարդկանց այս մի քանի տեսակների՝ անհավատների, հավատքի տարբեր մարդկանց և Աստծու ընտրյալ մարդկանց համար, այն, ինչ Նա շնորհում է նրանց, տարբերվում է։ Օրինակ՝ վերցնենք անհավատներին. թեև նրանք չեն հավատում Աստծուն, իսկ Աստված նրանց որպես կենդանիներ է տեսնում, բայց բոլոր բաների մեջ նրանցից յուրաքանչյուրն ունի ուտելիք, իր սեփական տեղը և կյանքի ու մահվան բնականոն շրջապտույտ։ Նրանք, ովքեր չարիք են գործում, պատժվում են, իսկ նրանք, ովքեր բարիք են գործում, օրհնվում են և Աստծու բարությանն արժանանում։ Մի՞թե այսպես չէ։ Հավատքի մարդկանց դեպքում, եթե նրանք ի վիճակի են վերածնունդ վերածննդից հետո խստորեն հետևելու իրենց կրոնական պատվիրաններին, ապա այդ բոլոր վերամարմնավորումներից հետո Աստված ի վերջո Իր վճիռը կտա նրանց։ Նմանապես այսօր ձեզ համար, լինեք Աստծու ընտրյալ մարդկանցից մեկը, թե ծառայություն մատուցող, Աստված նմանապես կկարգավորի ձեզ և կորոշի ձեր ելքը՝ Իր սահմանած կանոնակարգերի և կառավարչական հրամանագրերի համաձայն։ Հավատքի մարդկանց այս տարբեր խմբերին, այսինքն՝ տարբեր կրոնների պատկանող մարդկանց, Աստված ապրելու տեղ հատկացրե՞լ է։ Որտե՞ղ են հրեաները։ Արդյոք Աստված միջամտե՞լ է նրանց հավատքին։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ կասեք քրիստոնյաների մասին։ Նա չի միջամտել նաև նրանց։ Նրանց թույլ է տալիս հետևել իրենց սեփական կարգին, չի խոսում նրանց հետ կամ որևէ հայտնություն չի տալիս նրանց և, ավելին, Նա ոչինչ չի հայտնում նրանց։ Եթե կարծում ես, որ դա ճիշտ է, ապա հավատա՛ այս կերպ։ Կաթոլիկները հավատում են Մարիամին, և որ նրա միջոցով է ուղերձը փոխանցվել Հիսուսին։ Այսպիսին է նրանց հավատքի ձևը։ Արդյոք Աստված երբևէ ուղղե՞լ է նրանց հավատքը։ Նա նրանց ազատություն է տալիս, ուշադրություն չի դարձնում նրանց և նրանց տալիս է որոշակի տարածք ապրելու համար։ Ինչ վերաբերում է մահմեդականներին և բուդդայականներին, մի՞թե Նա նույնը չէ։ Նա սահմաններ է դրել նաև նրանց համար և նրանց թույլ է տալիս ունենալ իրենց սեփական կենսատարածքը՝ առանց միջամտելու նրանց համապատասխան համոզմունքներին։ Ամեն բան լավ կարգավորված է։ Եվ ի՞նչ եք տեսնում այս ամենի մեջ։ Որ Աստված օժտված է իշխանությամբ, բայց չի չարաշահում դա։ Աստված կատարյալ կարգով է կարգավորում բոլոր բաները և դա անում է կանոնավոր կերպով, և սրանում է Նրա իմաստությունն ու ամենակարողությունը։
Այսօր շոշափեցինք մի նոր և հատուկ թեմա, որը վերաբերում է հոգևոր ոլորտի որոշ հարցերի՝ Աստծու կողմից հոգևոր ոլորտի կառավարման և գերիշխանության հարցերին։ Նախքան այս բաները հասկանալը գուցե ասեիք. «Այս հարցերը բոլորը խորհուրդներ են և ոչ մի կապ չունեն մեր կյանքի մուտքի հետ, այս բաները կտրված են մարդկանց իրական կյանքից, և կարիք չկա, որ հասկանանք դրանք, ոչ էլ ցանկանում ենք լսել դրանց մասին։ Դրանք բացարձակապես ոչ մի կապ չունեն Աստծուն ճանաչելու հետ»։ Հիմա արդյոք կարծո՞ւմ եք, որ նման մտածելակերպի հետ կապված խնդիր կա։ Արդյոք դա ճի՞շտ է։ (Ոչ։) Նման մտածելակերպը ճիշտ չէ և լուրջ խնդիրներ ունի։ Դրա պատճառն այն է, որ եթե ցանկանում ես ըմբռնել, թե Աստված ինչպես գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, չես կարող պարզապես և միայն հասկանալ այն, ինչ կարող ես տեսնել, և ինչ միտքդ կարող է ընկալել, պետք է նաև ինչ-որ բան հասկանաս մյուս աշխարհի մասին, որն անտեսանելի է քեզ համար, բայց որն անքակտելիորեն կապված է այս աշխարհի հետ, որը կարող ես տեսնել։ Սա վերաբերում է Աստծու գերիշխանությանը և վերաբերում է «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» թեմային։ Այս բովանդակությունն այդ թեմայի մի մասն է։ Առանց այս բովանդակության մարդկանց գիտելիքներում թերություններ ու բացեր կլինեին այն հարցում, թե ինչպես է Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրը։ Ուստի այն, ինչի մասին այսօր խոսեցինք, կարելի է ասել, որ ամբողջացրեց այն ողջ բովանդակությունը, որը նախկինում քննարկել էինք, ինչպես նաև «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» թեմայի բովանդակությունը։ Սա հասկանալուց հետո արդյոք այժմ ի վիճակի՞ եք ճանաչելու Աստծուն այս բովանդակության միջոցով։ Ավելի կարևոր է այն, որ այսօր ձեզ փոխանցեցի ծառայություն մատուցողների վերաբերող մի շատ վճռորոշ տեղեկություն։ Գիտեմ, որ իսկապես սիրում եք լսել նման թեմաներ և որ իսկապես հետաքրքրված եք այս բաներով։ Ուստի արդյոք բավարարվա՞ծ եք նրանով, ինչի մասին այսօր խոսեցի։ (Այո։) Մյուս բաներից մի քանիսը գուցե ուժեղ տպավորություն չեն թողել ձեզ վրա, բայց այն, ինչ ասացի ծառայություն մատուցողների մասին, հատկապես ուժեղ տպավորություն է թողել, քանի որ այս թեման դիպչում է ձեզանից յուրաքանչյուրի հոգուն։
Աստծու պահանջները մարդկությունից
ա. Իր՝ Աստծու ինքնությունը և կարգավիճակը
Մենք հասել ենք «Աստված բոլոր բաների կյանքի աղբյուրն է» թեմայի ավարտին։ Առայժմ ավարտել ենք նաև «Աստված եզակի Աստվածն Ինքն է» թեմայի քննարկումը։ Դա անելուց հետո պետք է ամփոփենք ամեն ինչ։ Ինչպիսի՞ ամփոփում պետք է անենք։ Դա եզրակացություն է Իր՝ Աստծու մասին։ Այդ դեպքում այն պետք է անխուսափելիորեն կապված լինի Աստծու յուրաքանչյուր կողմի, ինչպես նաև այն բանի հետ, թե մարդիկ ինչպես են հավատում Աստծուն։ Ուստի նախ պետք է հարցնեմ ձեզ. այս քարոզները լսելուց հետո ո՞վ է Աստված ձեր մտապատկերում։ (Արարիչը։) Աստված ձեր մտապատկերում Արարիչն է։ Ուրիշ բան կա՞։ Աստված բոլոր բաների Գերիշխանն է։ Արդյոք այս խոսքերը տեղի՞ն են։ (Այո։) Աստված Նա է, ով գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ և կառավարում է բոլոր բաները։ Նա ստեղծել է այն ամենը, ինչ կա, և կառավարում է այն ամենը, ինչ կա։ Միևնույն ժամանակ Նա գերիշխանություն ունի այն ամենի նկատմամբ, ինչ կա, և ապահովում է այն ամենին, ինչ կա։ Սա Աստծու կարգավիճակն է, և սա Նրա ինքնությունն է։ Բոլոր բաների և այն ամենի համար, ինչ կա, Աստծու ճշմարիտ ինքնությունն Արարիչն ու բոլոր բաների Գերիշխանն է։ Այսպիսին է այն ինքնությունը, որն ունի Աստված, որ եզակի է բոլոր բաների մեջ։ Արարածներից ոչ մեկը՝ լինեն նրանք մարդկության մեջ, թե հոգևոր ոլորտում, չի կարող որևէ միջոց կամ պատրվակ օգտագործել՝ Աստծու ինքնությունն ու կարգավիճակը նմանակելու կամ փոխարինելու համար, քանի որ բոլոր բաների մեջ կա միայն Մեկը, ով օժտված է այս ինքնությամբ, զորությամբ, իշխանությամբ և բոլոր բաների նկատմամբ գերիշխանություն ունենալու կարողությամբ՝ մեր եզակի Աստված Ինքը։ Նա ապրում և քայլում է բոլոր բաների մեջ։ Նա կարող է նաև բարձրանալ ամենաբարձր տեղը՝ բոլոր բաներից վեր։ Նա կարող է խոնարհեցնել Իրեն և մարդ դառնալ, դառնալ մսից ու արյունից եղողներից մեկը, դեմ առ դեմ հանդիպել մարդկանց և կիսել նրանց ուրախությունն ու վիշտը, մինչդեռ միևնույն ժամանակ ղեկավարում է այն ամենը, ինչ կա, և որոշում է այն ամենի ճակատագիրը, ինչ կա, և թե ինչ ուղղությամբ է այդ ամենն ընթանում։ Ավելին, Նա ուղղորդում է ողջ մարդկության ճակատագիրը և ղեկավարում այն ուղղությունը, որով մարդկությունն ընթանում է։ Կյանք ունեցող բոլոր մարդիկ պետք է պաշտեն, հնազանդվեն և ճանաչեն այսպիսի Աստծուն։ Այսպիսով, անկախ այն բանից, թե մարդկության մեջ որ խմբին կամ տեսակին ես պատկանում, Աստծուն հավատալը, Աստծուն հետևելը, Աստծուց երկյուղելը, Նրա գերիշխանությունն ընդունելը և քո ճակատագրի համար Նրա կարգավորումներն ընդունելը միակ ընտրությունն է՝ անհրաժեշտ ընտրությունը ցանկացած մարդու համար, կյանք ունեցող ցանկացածի համար։ Աստծու եզակիության մեջ մարդիկ տեսնում են, որ Նրա իշխանությունը, Նրա արդար բնույթը, Նրա էությունը և այն միջոցները, որոնցով Նա ապահովում է բոլոր բաները, բոլորն էլ եզակի են։ Այս եզակիությունը որոշում է Իր՝ Աստծու ճշմարիտ ինքնությունը և նաև որոշում է Նրա կարգավիճակը։ Հետևաբար, բոլոր արարածների մեջ, եթե հոգևոր ոլորտում կամ մարդկության մեջ որևէ կենդանի էակ ցանկանար կանգնել Աստծու տեղը, հաջողությունն անհնար կլիներ, ինչպես անհնար կլիներ Աստծուն նմանակելու ցանկացած փորձ։ Սա փաստ է։ Այն, ինչ մարդկությունից պահանջում է նման Արարիչն ու Գերիշխանը, որն ունի Իր՝ Աստծու ինքնությունը, զորությունը և կարգավիճակը, մի բան է, որը յուրաքանչյուրը պետք է հստակ հասկանա և հիշի. սա շատ կարևոր է և՛ Աստծու, և՛ մարդու համար։
բ. Մարդկության տարբեր վերաբերմունքներն Աստծու նկատմամբ
Աստծու հանդեպ մարդկանց վերաբերմունքը որոշում է նրանց ճակատագիրը, նաև այն, թե Աստված ինչպես կվերաբերվի և կվարվի նրանց հետ։ Այս պահին կթվարկեմ մարդկանց կողմից Աստծուն վերաբերվելու որոշ ձևեր։ Լսե՛ք և տեսե՛ք՝ արդյոք այն եղանակներն ու վերաբերմունքը, որոնցով նրանք վերաբերվում են Աստծուն, ճիշտ են, թե ոչ։ Եկեք դիտարկենք հետևյալ յոթ տեսակի մարդկանց վարքագիծը։
1) Կա մարդկանց մի տեսակ, որի վերաբերմունքն Աստծու նկատմամբ հատկապես անհեթեթ է։ Այս մարդիկ կարծում են, որ Աստված նման է բոդհիսատվայի կամ մարդկային ավանդազրույցներում հիշատակվող սուրբ էակի, և կարիք ունի, որ Իրեն հանդիպելիս մարդիկ երեք անգամ խոնարհվեն և խունկ ծխեն ամեն ճաշից հետո։ Արդյունքում, երբ նրանք խորապես երախտապարտ են Նրա շնորհի համար և երախտագիտություն են տածում Նրա հանդեպ, հաճախ ունենում են այսպիսի մղում։ Այնքան են ցանկանում, որ Աստվածը, որին հավատում են այսօր, կարողանա իրենց սրտերում փափագած սուրբ էակի պես ընդունել այն, որ Իրեն հանդիպելիս երեք անգամ խոնարհվում են և յուրաքանչյուր ճաշից հետո խունկ են ծխում։
2) Ոմանք Աստծուն տեսնում են որպես կենդանի Բուդդայի, որն ունակ է բոլոր կենդանի էակներին ազատագրելու տառապանքից և նրանց փրկելու։ Նրան տեսնում են որպես կենդանի Բուդդայի, որն ունակ է իրենց հեռացնելու տառապանքի ծովից։ Այս մարդիկ Աստծուն հավատում են այնպես, ասես Բուդդային են երկրպագում։ Թեև նրանք խունկ չեն ծխում, չեն խոնարհվում կամ ընծաներ չեն տալիս, բայց այս մարդկանց սրտերում իրենց աստված պարզապես այնպիսի մի Բուդդա է, որը միայն խնդրում է, որ նրանք բարիք գործեն, ողորմություն տան, չսպանեն ոչ մի կենդանի էակի, զերծ մնան ուրիշներին հայհոյելուց և արտաքնապես ապրեն բարեկիրթ կյանքով ու ոչ մի անօրինություն չգործեն, և վերջ։ Սա է աստվածը նրանց սրտերում։
3) Ոմանք Աստծուն համարում են մեծ կամ հայտնի անձնավորություն, որին իրենք երկրպագում են։ Օրինակ՝ ինչպես էլ որ այս մեծ մարդը սիրի խոսել, ինչ առոգանությամբ էլ խոսի, ինչ բառապաշար էլ օգտագործի, նրա ձևակերպումները, նրա տոնայնությունը, նրա ձեռքի շարժումները, նրա խոսքերն ու գործողությունները, նրա կեցվածքը՝ ընդօրինակում են այդ ամենը, և Աստծուն հավատալու ընթացքում պետք է ամբողջությամբ նմանվեն այս մարդուն։
4) Ոմանք Աստծուն տեսնում են որպես կառավարչի՝ զգալով, որ Նա վեր է ամեն ինչից, և որ ոչ ոք չի համարձակվում Նրա դեմ հանցանք գործել, և որ եթե որևէ մեկը Նրա դեմ դուրս գա, այդ մարդը կպատժվի։ Երկրպագում են նման կառավարչի, որովհետև այս տեսակ կառավարիչը որոշակի տեղ է զբաղեցնում նրանց սրտերում։ Նրա մտքերը, վարվելակերպը, իշխանությունը և բնությունը, նույնիսկ Նրա հետաքրքրություններն ու անձնական կյանքը՝ բոլորը դառնում են մի բան, որն այս մարդիկ զգում են, որ պետք է հասկանան։ Դրանք դառնում են խնդիրներ և հարցեր, որոնցով նրանք մտահոգվում են։ Արդյունքում նրանք Աստծուն երկրպագում են որպես կառավարչի։ Հավատքի նման ձևն անհեթեթ է։
5) Ոմանք խորապես հավատում են Աստծու գոյությանը և հավատում են հաստատակամորեն ու առանց որևէ կասկածի։ Քանի որ Աստծու մասին նրանց գիտելիքն այնքան մակերեսային է, և Նրա խոսքերի մեծ փորձառություն չունեն, Նրան երկրպագում են որպես կուռք։ Նրանց սրտերում այս կուռքն իրենց աստվածն է։ Դա մի բան է, որից պետք է երկյուղեն և որի առաջ պետք է խոնարհվեն և որին պետք է հետևեն ու ընդօրինակեն։ Նրանք Աստծուն տեսնում են որպես իրենց կուռք և այս կուռքը համարում են մի բան, որին պետք է հետևեն իրենց ողջ կյանքում։ Ընդօրինակում են այն տոնայնությունը, որով Աստված խոսում է, և արտաքնապես նմանակում են նրանց, ում Աստված հավանում է։ Հաճախ անում են բաներ, որ միամիտ, մաքուր և ազնիվ են թվում, և նույնիսկ այս կուռքին այնպես են հետևում, ասես դա զուգընկեր կամ ուղեկից լինի, որից երբեք չեն կարող բաժանվել։ Այսպիսին է նրանց հավատքի ձևը։
6) Կան մի տեսակ մարդիկ, որոնք, չնայած կարդացել են Աստծու բազմաթիվ խոսքեր և լսել բազմաթիվ քարոզներ, իրենց սրտերում զգում են, որ Աստծու հետ վարվելու իրենց միակ ուղղորդող սկզբունքն այն է, որ պետք է ստորաքարշ լինեն և շողոքորթությամբ զբաղվեն կամ զբաղվեն անիրատեսական գովաբանությամբ և դրվատանքով։ Նրանք հավատում են, որ Աստված այնպիսի Աստված է, որն իրենցից պահանջում է այդպես վարվել։ Ավելին, նրանք հավատում են, որ եթե այդպես չվարվեն, ապա ցանկացած պահի կարող են Նրա բարկությունը հարուցել կամ վիրավորել Նրան, և որ այս «վիրավորանքի» արդյունքում Աստված կպատժի իրենց։ Այսպիսին է աստվածը նրանց սրտում։
7) Եվ կա նաև մարդկանց ճնշող մեծամասնությունը, որն Աստծուն վերաբերվում է որպես սեփական հոգևոր սնունդ։ Սա այն պատճառով է, որ ապրելով այս աշխարհում՝ չունեն խաղաղություն կամ երջանկություն և ոչ մի տեղ մխիթարություն չեն գտնում։ Աստծուն գտնելուն պես, Նրա խոսքերը տեսնելուց և լսելուց հետո սկսում են ծածուկ ուրախություն տածել և իրենց սրտերում բախտավոր զգալ։ Սա այն պատճառով է, որ կարծում են, թե վերջապես գտել են մի վայր, որն ուրախություն կպարգևի իրենց հոգիներին, և որ վերջապես գտել են մի աստծու, որն իրենց հոգևոր սնունդ կտա։ Աստծուն ընդունելուց և Նրան հետևել սկսելուց հետո երջանկանում են, և նրանց կյանքը լիարժեք է դառնում։ Այլևս իրենց օրերը չեն անցկացնում հարբած թմբիրի մեջ՝ անհավատների պես անասունի կյանք վարելով, և զգում են, որ կյանքում անհամբեր սպասելու բան ունեն։ Այսպիսով, մտածում են, որ այս աստված կարող է խորապես բավարարել իրենց հոգևոր կարիքները և մեծ երջանկություն բերել իրենց և՛ մտքում, և՛ հոգում։ Առանց գիտակցելու՝ անկարող են դառնում հեռանալ այս աստծուց, որն իրենց նման հոգևոր սնունդ է տալիս, և որը երջանկություն է բերում իրենց հոգիներին ու իրենց ընտանիքների բոլոր անդամներին։ Հավատում են, որ առ Աստված հավատը բավարարվում է լոկ հոգևոր սնունդ ունենալով և ուրիշ ոչնչի կարիք չունի։
Ձեզանից որևէ մեկն ունի՞ Աստծու նկատմամբ վերոհիշյալ այս տարբեր վերաբերմունքները։ (Այո։) Եթե Աստծուն հավատալիս մարդու սիրտը տածում է այդ վերաբերմունքներից որևէ մեկը, արդյոք նա ի վիճակի՞ է ճշմարտապես Աստծու առաջ գալու։ Եթե որևէ մեկն իր սրտում ունի այս վերաբերմունքներից ցանկացած մեկը, արդյոք նա հավատո՞ւմ է Աստծուն։ Հավատո՞ւմ է Իրեն՝ եզակի Աստծուն։ (Ոչ։) Քանի որ այն, ինչին հավատում ես, Ինքը՝ եզակի Աստված չէ, ապա ո՞ւմ ես հավատում։ Եթե այն, ինչին հավատում ես, Ինքը՝ եզակի Աստված չէ, ապա հնարավոր է, որ հավատում ես մի կուռքի, մի մեծ մարդու կամ բոդհիսատվայի, կամ երկրպագում ես այն Բուդդային, որը քո սրտում է։ Ավելին, հնարավոր է, որ հավատում ես սովորական մարդու։ Կարճ ասած՝ մարդկանց հավատքի տարբեր ձևերի և Աստծու նկատմամբ նրանց վերաբերմունքի պատճառով իրենց սրտում տեղ են տալիս իրենց պատկերացումներում գոյություն ունեցող աստծուն, Աստծուն պարտադրում են իրենց երևակայությունները, Աստծու վերաբերյալ իրենց վերաբերմունքն ու երևակայությունները դնում են Իր՝ եզակի Աստծու կողքին և ապա դրանք բարձրացնում են որպես սրբագործման ենթակա։ Ի՞նչ է նշանակում, երբ մարդիկ նման անպատշաճ վերաբերմունք ունեն Աստծու նկատմամբ։ Նշանակում է, որ նրանք մերժել են Իրեն՝ ճշմարիտ Աստծուն, և երկրպագում են կեղծ աստծու։ Դա ցույց է տալիս, որ Աստծուն հավատալով հանդերձ՝ նրանք մերժում և ընդդիմանում են Նրան և որ ժխտում են ճշմարիտ Աստծու գոյությունը։ Եթե մարդիկ շարունակեն կառչել հավատքի նման ձևերից, ի՞նչ հետևանքների կբախվեն։ Հավատքի նման ձևերով արդյոք կկարողանա՞ն ավելի ու ավելի մոտենալ Աստծու պահանջներին։ (Ո՛չ, չեն կարողանա։) Ընդհակառակը՝ իրենց պատկերացումների և երևակայությունների պատճառով նրանք ավելի ու ավելի կհեռանան Աստծու ճանապարհից, քանի որ այն ուղղությունը, որը նրանք փնտրում են, հակառակ է այն ուղղությանը, որն Աստված նրանցից պահանջում է բռնել։ Երբևէ լսե՞լ եք «կառքը դեպի հյուսիս վարելով՝ հարավ գնալու» պատմությունը։ Սա կարող է լինել կառքը դեպի հյուսիս վարելով՝ հարավ գնալու հենց այդպիսի դեպք։ Եթե մարդիկ Աստծուն հավատում են նման անհեթեթ ձևով, ապա որքան շատ ջանան, այնքան շատ կհեռանան Աստծուց։ Ուստի Ես ձեզ հորդորում եմ հետեւյալը. նախքան գործի անցնելը, նախ պետք է զանազանես՝ արդյոք իրականում ճիշտ ուղղությա՞մբ ես գնում։ Անխոհեմաբար մի՛ ջանա և անպայման հարցրո՛ւ ինքդ քեզ. «Արդյոք Աստված, որին ես հավատում եմ, բոլոր բաների Գերիշխա՞նն է։ Արդյոք Աստված, որին ես հավատում եմ, լոկ իմ հոգևոր սնո՞ւնդն է։ Արդյոք Նա իմ կո՞ւռքն է։ Ի՞նչ է ինձնից պահանջում այս Աստված, որին ես հավատում եմ։ Արդյոք Աստված հավանություն տալի՞ս է այն ամենին, ինչ ես անում եմ։ Արդյոք իմ բոլոր գործողություններն ու ձգտումներն Աստծուն ճանաչելո՞ւն են միտված։ Արդյոք դրանք նպատակաուղղվա՞ծ են իմ հանդեպ Աստծու պահանջները բավարարելուն։ Արդյոք Աստված ճանաչում և հավանություն տալի՞ս է այն ուղուն, որով ես քայլում եմ։ Արդյոք Նա գո՞հ է իմ հավատքից»։ Պետք է հաճախ և բազմիցս քեզ տաս այս հարցերը։ Եթե ցանկանում ես փնտրել Աստծու ճանաչողությունը, ապա պետք է հստակ գիտակցություն և հստակ նպատակներ ունենաս, նախքան կկարողանաս հաջողության հասնել Նրան գոհացնելու հարցում։
Արդյոք հնարավո՞ր է, որ Իր երկայնամտության արդյունքում Աստված դժկամությամբ ընդունի Աստծու նկատմամբ այս անպատշաճ վերաբերմունքը, որի մասին հենց նոր խոսեցի։ Կարո՞ղ է Աստված հավանություն տալ մարդկանց այս վերաբերմունքին։ (Ոչ։) Որո՞նք են մարդկանցից և Նրան հետևողներից Աստծու պահանջները։ Նա մարդկանցից ինչպիսի՞ վերաբերմունք է պահանջում։ Հստակ գաղափար ունե՞ք սրանց մասին։ Այս կետում այնքան շատ բան եմ ասել, շատ եմ խոսել Իր՝ Աստծու, ինչպես նաև Նրա գործերի և այն մասին, թե ինչ Նա ունի և է։ Հիմա գիտե՞ք, թե Աստված ինչ է ցանկանում ձեռք բերել մարդկանցից։ Գիտե՞ս, թե Նա ինչ է ուզում քեզանից։ Խոսե՛ք։ Եթե փորձառություններից և կիրառումից ձեր գիտելիքը դեռևս բացեր ունի կամ դեռ շատ մակերեսային է, ապա կարող եք ինչ-որ բան ասել այս խոսքերի վերաբերյալ ձեր գիտելիքի մասին։ Ամփոփ գիտելիք ունե՞ք։ Աստված ի՞նչ է ուզում մարդուց։ (Այս մի քանի հաղորդակցության ընթացքում Աստված հատկապես պահանջել է, որ ճանաչենք Նրան, ճանաչենք Նրա գործերը, իմանանք, որ Նա բոլոր բաների կյանքի աղբյուրն է, և ճանաչենք Նրա կարգավիճակն ու ինքնությունը։) Ո՞րն է այն վերջնական արդյունքը, որին Աստված հասնում է՝ մարդկանցից պահանջելով ճանաչել Իրեն։ (Նրանք հասկանում են, որ Աստված Արարիչն է, և որ մարդիկ արարածներ են։) Երբ մարդիկ նման գիտելիք են ձեռք բերում, ի՞նչ փոփոխություններ են լինում Աստծու նկատմամբ նրանց վերաբերմունքի, նրանց պարտավորությունների կատարման կամ նրանց կյանքի խառնվածքի մեջ։ Երբևէ մտածե՞լ եք սրա մասին։ Կարելի՞ է ասել, որ Աստծուն ճանաչելով և Նրան հասկանալով՝ նրանք լավ մարդիկ են դառնում։ (Աստծուն հավատալը չի ենթադրում լավ մարդ դառնալու ձգտում։ Ավելի շուտ, դա չափանիշին համապատասխանող արարած և ազնիվ մարդ դառնալու ձգտումն է։) Ուրիշ բան կա՞։ (Աստծուն ճշմարտապես և ճիշտ ճանաչելուց հետո մենք ի վիճակի ենք Նրան վերաբերվելու որպես Աստված, մենք գիտենք, որ Աստված միշտ Աստված է, որ մենք արարածներ ենք, որ պետք է երկրպագենք Աստծուն։ Մենք ի վիճակի ենք մնալու մեր ճիշտ տեղերում։) Շատ լավ։ Եկեք լսենք ուրիշներին։ (Մենք ճանաչում ենք Աստծուն և ի վերջո ի վիճակի ենք լինելու մարդիկ, որոնք ճշմարտապես հնազանդվում են Աստծուն, երկյուղում են Աստծուց և խուսափում չարից։) Ճի՛շտ է։
գ. Այն վերաբերմունքը, որն Աստված մարդկությունից պահանջում է ունենալ Իր հանդեպ
Իրականում Աստված շատ պահանջկոտ չէ մարդկության նկատմամբ, կամ համենայն դեպս, այնքան պահանջկոտ չէ, որքան մարդիկ են պատկերացնում։ Եթե Աստված ոչ մի խոսք արտահայտած չլիներ և եթե արտահայտած չլիներ Իր բնույթը կամ որևէ գործ, ապա Աստծուն ճանաչելը չափազանց դժվար կլիներ ձեզ համար, քանի որ մարդիկ ստիպված կլինեին ենթադրել Նրա ցանկություններն ու մտադրությունները։ Սա շատ դժվար կլիներ անել։ Սակայն Իր գործի վերջին փուլում Աստված շատ խոսքեր է ասել, մեծ քանակությամբ գործ է արել և բազմաթիվ պահանջներ է դրել մարդու առաջ։ Իր խոսքերում և Իր մեծաքանակ գործի մեջ Նա տեղեկացրել է մարդկանց, թե ինչ է հավանում, ինչից է գարշում, և ինչպիսի մարդիկ է Աստված պահանջում, որ նրանք լինեն։ Այս բաները հասկանալուց հետո մարդիկ պետք է իրենց սրտերում ճշգրիտ գաղափար ունենան Աստծու պահանջների մասին, քանի որ Աստծուն չեն հավատում անորոշության մեջ և այլևս չեն հավատում երևակայական աստծու, ոչ էլ Աստծուն հետևում են անորոշության կամ ոչնչության մեջ։ Ավելի շուտ, ի վիճակի են լսելու Նրա արտահայտումները, հասկանալու Նրա պահանջների չափանիշները և հասնելու դրանց, և Աստված օգտագործում է մարդկության լեզուն՝ նրանց ասելու այն ամենը, ինչ նրանք պետք է իմանան և հասկանան։ Այսօր, եթե մարդիկ դեռ չգիտեն, թե ինչ է Իրենից ներկայացնում Աստված, ոչ էլ այն, թե Նա ինչ է պահանջում իրենցից, եթե չգիտեն, թե ինչու պետք է հավատան Աստծուն, ոչ էլ այն, թե ինչպես հավատան Նրան կամ վերաբերվեն Նրան, ապա սրա հետ կապված խնդիր կա։ Հենց նոր ձեզանից յուրաքանչյուրը խոսեց մեկ որոշակի կողմի մասին։ Դուք տեղյակ եք որոշ բաներից՝ լինեն դրանք հատուկ, թե ընդհանուր բաներ։ Սակայն ցանկանում եմ ձեզ ասել այն ճշգրիտ, ամբողջական և հատուկ պահանջները, որոնք Աստված ունի մարդկությունից։ Դրանք ընդամենը մի քանի բառ են և շատ պարզ։ Գուցե արդեն գիտեք դրանք։ Աստծու ճշգրիտ պահանջները մարդկությունից և Աստծուն հետևողներից հետևյալն են. Նա հինգ բան է պահանջում Իրեն հետևողներից՝ անկեղծ հավատք, հավատարիմ հետևորդություն, բացարձակ հնազանդություն, ճշմարիտ ճանաչողություն և սրտանց երկյուղ։
Այս հինգ բաներում Աստված պահանջում է, որ մարդիկ այլևս չկասկածեն Իրեն կամ Իրեն չհետևեն՝ օգտագործելով իրենց պատկերացումները կամ երեւակայական տեսակետները, չպետք է հետևեն Աստծուն՝ հիմնվելով որևէ երևակայության կամ պատկերացման վրա։ Նա պահանջում է, որ Իրեն հետևողներից յուրաքանչյուրը դա անի հավատարմորեն, ոչ թե կիսատ-պռատ կամ երկմտելով։ Երբ Աստված որևէ պահանջ է դնում քո առաջ, փորձում է քեզ, դատում է քեզ, էտում է քեզ կամ կարգավարժում և հարվածում է քեզ, պետք է բացարձակապես հնազանդվես Նրան։ Չպետք է հիմնավորում պահանջես կամ պայմաններ դնես, առավել ևս չպետք է խոսես պատճառների մասին։ Քո հնազանդությունը պետք է բացարձակ լինի։ Աստծու ճանաչողությունն այն ոլորտն է, որում մարդիկ ամենաշատն են թերանում։ Հաճախ Աստծուն են վերագրում բառեր, ասույթներ և պնդումներ, որոնք կապ չունեն Նրա հետ, հավատալով, որ նման խոսքերն Աստծու ճանաչողության ամենաճշգրիտ սահմանումն են։ Նրանք գաղափար անգամ չունեն, որ այս ասույթները, որոնք բխում են մարդկային երևակայություններից, իրենց սեփական տրամաբանությունից և իրենց սեփական գիտելիքից, ամենաչնչին կապն անգամ չունեն Աստծու էության հետ։ Ուստի ուզում եմ ասել քեզ, որ երբ խոսքը վերաբերում է այն գիտելիքին, որն Աստված ցանկանում է, որ մարդիկ ունենան, Նա ոչ միայն պահանջում է, որ ճանաչես Իրեն և Իր խոսքերը, այլև որ Նրա մասին քո գիտելիքը ճիշտ լինի։ Նույնիսկ եթե կարող ես ընդամենը մեկ նախադասություն ասել կամ ընդամենը չնչին բան գիտես, այս չնչին գիտելիքը ճիշտ է և ճշմարիտ և համահունչ է Իր՝ Աստծու էությանը։ Սա այն պատճառով է, որ Աստված գարշում է Իր մասին ցանկացած գովաբանությունից կամ դրվատանքից, որն անիրատեսական է կամ կամայական։ Ավելին, Նա գարշում է, երբ մարդիկ Իրեն օդի պես են վերաբերվում։ Նա գարշում է, երբ Աստծու մասին թեմաներ քննարկելիս մարդիկ անհիմն պնդումներ են անում՝ խոսելով և քննարկելով իրենց հայեցողությամբ և առանց փոքր-ինչ խղճի խայթի։ Նա էլ ավելի է գարշում նրանցից, ովքեր կարծում են, թե ճանաչում են Աստծուն և մեծ-մեծ խոսում են Նրան ճանաչելու հարցում՝ քննարկելով Նրան վերաբերող թեմաներ առանց զսպվածության կամ խղճի խայթի։ Վերոհիշյալ հինգ պահանջներից վերջինը սրտանց երկյուղն է. սա Աստծու վերջնական պահանջն է բոլոր նրանցից, ովքեր հետևում են Իրեն։ Երբ ինչ-որ մեկն Աստծու մասին ճիշտ և ճշմարիտ գիտելիք ունի, ի վիճակի է ճշմարտապես երկյուղելու Աստծուց և խուսափելու չարից։ Այս երկյուղը բխում է նրանց սրտի խորքից։ Այս երկյուղը բխում է նրանց սեփական հոժարությունից, և Աստված դա չի պարտադրում։ Աստված կարիք չունի, որ որպես ողորմություն Նրան որևէ լավ վերաբերմունք, որևէ լավ վարվելակերպ կամ որևէ արտաքին լավ վարքագիծ ցույց տաս։ Այլ՝ կարիք ունի, որ սրտիդ խորքում երկյուղես Նրանից և վախենաս Նրանից։ Նման երկյուղի հասնում ես քո կյանքի խառնվածքի փոփոխությունների, Աստծու ճանաչողություն և Աստծու գործերի հասկացողություն ձեռք բերելու, Աստծու էությունը հասկանալու և այն փաստի ընդունման արդյունքում, որ դու Նրա արարածներից մեկն ես։ Հետևաբար, այստեղ երկյուղը սահմանելու համար «սրտանց» բառն օգտագործելու Իմ նպատակն այն է, որ մարդիկ հասկանան, որ Աստծու հանդեպ երկյուղը, որը մարդիկ պետք է ունենան, բխում է նրանց սրտերի խորքից։
Այժմ դիտարկեք այդ հինգ պահանջները։ Ձեզանից որևէ մեկն ընդունա՞կ է հասնելու առաջին երեքին։ Սա ասելով՝ նկատի ունեմ անկեղծ հավատքը, հավատարիմ հետևորդությունը և բացարձակ հնազանդությունը։ Ձեզանից որևէ մեկն ընդունա՞կ է անելու այս բաները։ Գիտեմ, որ եթե ասեի բոլոր հինգը, անկասկած ձեզանից ոչ մեկն ընդունակ չէր լինի, բայց թիվը կրճատել եմ մինչև երեք։ Ծանրութեթեւ արեք՝ արդյոք հասե՞լ եք այս բաներին, թե՞ ոչ։ Արդյոք հե՞շտ է հասնել «անկեղծ հավատքի»։ (Ո՛չ, հեշտ չէ։) Հեշտ չէ, քանի որ մարդիկ հաճախ կասկածում են Աստծուն։ Իսկ ի՞նչ կասեք «հավատարիմ հետևորդության» մասին։ Ինչի՞ն է վերաբերում այս «հավատարիմ»-ը։ (Ոչ թե կիսատ-պռատ լինելուն, այլ սրտանց լինելուն։) Ոչ թե կիսատ-պռատ լինելուն, այլ սրտանց լինելուն։ Լա՛վ է ասված։ Ուստի ընդունա՞կ եք հասնելու այս պահանջին։ Պետք է ավելի շատ ջանաք, այնպես չէ՞։ Այս պահին դեռ չեք հաջողել այս պահանջի հարցում։ Իսկ ի՞նչ կասեք «բացարձակ հնազանդության» մասին, հասե՞լ եք դրան։ (Ոչ։) Դրան նույնպես չեք հասել։ Հաճախ չեք հնազանդվում և հաճախ ըմբոստ եք՝ հաճախ չեք լսում, չեք ցանկանում հնազանդվել կամ չեք ուզում լսել։ Սրանք այն երեք ամենահիմնական պահանջներն են, որոնց մարդիկ բավարարում են կյանքի մուտք ձեռք բերելուց հետո, բայց դուք դեռ պետք է հասնեք դրանց։ Ուստի այս պահին մեծ ներուժ ունե՞ք։ Այսօր, Իմ ասած այս խոսքերը լսելուց հետո անհանգստությո՞ւն եք զգում։ (Այո։) Ճիշտ է, որ պետք է անհանգստություն զգաք։ Չի կարելի չանհանգստանալ։ Ես անհանգստություն եմ զգում ձեր փոխարեն։ Չեմ խորանա մյուս երկու պահանջների մեջ, անկասկած, ձեզանից ոչ մեկն ունակ չէ հասնելու դրանց։ Անհանգիստ եք։ Ուստի որոշե՞լ եք ձեր նպատակները։ Ի՞նչ նպատակներով և ի՞նչ ուղղությամբ պետք է ձգտեք և գործադրեք ձեր ջանքերը։ Նպատակ ունե՞ք։ Ճշմարտությունն եմ ասում ձեզ. հենց որ հասնեք այս հինգ պահանջներին, գոհացրած կլինեք Աստծուն։ Դրանցից յուրաքանչյուրը ցուցանիշ է՝ մարդու կյանքի մուտքի հասունացման ցուցանիշ և վերջնական նպատակ։ Եթե վերցնեի այս պահանջներից որևէ մեկը՝ մանրամասն խոսելու համար, և պահանջեի, որ բավարարեք այն, հեշտ չէր լինի հասնել դրան. պետք է որոշակի դժվարության դիմանաք և որոշակի ջանք գործադրեք։ Ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենաք։ Դա պետք է նույնը լինի, ինչ վիրահատական սեղանին բարձրանալուն սպասող քաղցկեղով հիվանդինը։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Եթե ուզում ես հավատալ Աստծուն և ուզում ես ձեռք բերել Աստծուն ու ձեռք բերել Նրա գոհունակությունը, ապա պետք է որոշ դժվարության դիմանաս և որոշակի ջանք գործադրես, այլապես չես կարողանա ձեռք բերել այս բաները։ Թեև շատ քարոզներ ես լսել, բայց ուղղակի լսելը չի նշանակում, որ դրանք քոնն են, պետք է յուրացնես դրանք և վերածես մի բանի, որը քեզ է պատկանում։ Պետք է դրանք ձուլես կյանքիդ և բերես գոյությանդ մեջ՝ թույլ տալով, որ այս խոսքերն ու քարոզներն ուղղորդեն քո ապրելակերպի ուղղությունը, քո կյանքը լցնեն գոյության արժեքով և ողջ լինելու իմաստով։ Այս կերպ այս խոսքերը լսելը քեզ համար արժեք կունենա։ Եթե Իմ ասած խոսքերը շրջադարձային կետ չեն բերում քո առօրյա կյանքում կամ գոյության արժեքը չեն ավելացնում քո կյանքին, ապա իզուր ես լսում դրանք։ Հասկանում եք սա, այնպես չէ՞։ Հասկանալուց հետո մնացածը ձեզանից է կախված։ Պետք է որոշակի ջանք գործադրեք։ Պետք է ամեն ինչին լրջորեն վերաբերվեք։ Մի՛ եղեք բթամիտ, ժամանակը թռչում է։ Ձեզանից շատերն արդեն ավելի քան մեկ տասնամյակ հավատում են Աստծուն։ Հետ նայեք այս ժամանակին՝ որքա՞ն բան եք ձեռք բերել։ Էլի քանի՞ տասնամյակ է մնացել ձեզ այս կյանքում։ Շատ ժամանակ չունեք։ Չնշենք, թե արդյոք Աստծու գործը սպասում է քեզ, արդյոք Նա քեզ հնարավորություն է թողել, կամ արդյոք Նա նորից կանի նույն գործը. առայժմ մի կողմ դիր այս բաները։ Կարո՞ղ ես հետ տալ կյանքիդ անցած տասը տարիները։ Ամեն անցնող օրվա և քո արած ամեն քայլի հետ մեկ օր պակաս ունես։ Ժամանակը ոչ մեկին չի սպասում։ Պետք է Աստծուն հավատալուն վերաբերվես որպես քո կյանքի գլխավոր հարցի՝ ավելի կարևոր, քան ուտելիքը, հագուստը կամ որևէ այլ բան, այս կերպ արդյունքներ կքաղես։ Եթե հավատում ես միայն քո ազատ ժամանակ և չես նվիրվում հավատալուն ու միշտ բթացած ես, ապա ոչինչ ձեռք չես բերի։ Հասկանում եք սա, այնպես չէ՞։ Այսօր կանգ կառնենք այստեղ։ Կհանդիպենք հաջորդ անգամ։
15 փետրվարի, 2014 թ.