Աստված և մարդը հանգստի մեջ կմտնեն միասին

Սկզբում Աստված հանգստի մեջ էր։ Այդ ժամանակ երկրի վրա չկային մարդիկ, չկար ոչինչ, և Աստված դեռ չէր կատարել որևէ գործ։ Նա տնօրինման Իր գործն սկսեց միայն այն ժամանակ, երբ մարդկությունը սկսեց գոյություն ունենալ, և երբ մարդկությունն ապականվեց։ Այդ պահից սկսած՝ Նա այլևս չհանգստացավ, այլ սկսեց զբաղվել մարդկության մեջ։ Մարդկության ապականության, ինչպես նաև հրեշտակապետի դավաճանության պատճառով էր, որ Աստված կորցրեց Իր հանգիստը։ Եթե Աստված չհաղթի Սատանային և չփրկի ապականված մարդկությանը, Նա այլևս երբեք չի կարողանա մտնել հանգստի մեջ։ Ինչպես մարդն չունի հանգիստ, այնպես էլ՝ Աստված, և երբ Նա կրկին հանգստանա, մարդիկ նույնպես կհանգստանան։ Հանգստի մեջ կյանք նշանակում է կյանք առանց պատերազմի, առանց կեղտի և առանց անարդարության։ Այսինքն՝ դա մի կյանք է, որը զուրկ է Սատանայի անհանգստություններից (այստեղ «Սատանա»-ն վերաբերում է թշնամական ուժերին) և Սատանայի ապականություններից, ու այնտեղ չկա Աստծուն հակառակ որևէ ուժի միջամտություն։ Դա մի կյանք է, որտեղ ամեն ինչ դասավորված է իր տեսակին համապատասխան և կարող է երկրպագել Արարչին, և որտեղ երկինքը և երկիրը լիովին խաղաղ են։ է մարդկանց համար հանգիստ կյանքը։ Երբ Աստված հանգստանա, երկրի վրա այլևս գոյություն չի ունենա անարդարություն, ոչ էլ կլինեն թշնամական ուժերի նոր ներխուժումներ, և մարդկությունը մուտք կգործի մի նոր թագավորություն. չի լինի Սատանայի կողմից ապականված մարդկություն, այլ կլինի մարդկություն, որը փրկվել է Սատանայի կողմից ապականված լինելուց հետո։ Մարդկության հանգստի օրը կլինի նաև Աստծու հանգստի օրը։ Աստված կորցրեց Իր հանգիստը մարդկանց՝ հանգստի մեջ մտնելու անկարողության պատճառով․ այնպես չէ, որ Նա ի սկզբանե հանգիստ չուներ։ Հանգստի մեջ մտնելը չի նշանակում, որ ամեն ինչի գործունեությունը դադարում է, կամ բոլոր հարցերի զարգացումը կանգ է առնում, ոչ էլ նշանակում է, որ Աստված դադարում է գործել, կամ մարդիկ դադարում են ապրել։ Հանգստի մեջ մտնելու նշանն այն է, որ Սատանան կործանվել է, որ այն չար մարդիկ, որոնք միացել են նրան իր չար գործերում, պատժվել և ոչնչացվել են, և որ Աստծու հանդեպ թշնամական բոլոր ուժերը դադարում են գոյություն ունենալ։Աստծու՝ հանգստի մեջ մտնելը նշանակում է, որ Նա այլևս չի կատարի մարդկությունը փրկելու Իր գործը։ Մարդկության՝ հանգստի մեջ մտնելը նշանակում է Աստծու լույսի և Նրա օրհնությունների ներքո բոլոր մարդկանց ապրելը՝ զերծ Սատանայի ապականությունից․ այլևս որևէ անարդարություն տեղի չի ունենա, բոլոր մարդիկ երկրի վրա կապրեն բնականոն կյանքով՝ Աստծու հոգածության ներքո։ Երբ Աստված և մարդիկ հանգստի մեջ են մտնում միասին, նշանակում է, որ մարդկությունը փրկվել է, և Սատանան՝ կործանվել, և որ Աստծու գործը մարդկության վրա ամբողջությամբ ավարտվել է։ Աստված այլևս չի շարունակի գործել մարդկանց վրա, և նրանք այլևս չեն ապրի Սատանայի իշխանության ներքո։ Այդ պատճառով Աստված այլևս զբաղված չի լինի, և մարդիկ այլևս անդադար շարժման մեջ չեն լինի. Աստված և մարդիկ հանգստի մեջ կմտնեն միաժամանակ։ Աստված կվերադառնա Իր նախնական տեղը, և յուրաքանչյուր անձ կվերադառնա իր համապատասխան վայրը։ Սրանք կլինեն Աստծու և մարդկանց համապատասխան նշանակության վայրերը, երբ Աստծու տնօրինությունն ամբողջությամբ ավարտվի։ Աստված ունի Իր նշանակության վայրը, և մարդիկ էլ ունեն գնալու իրենց տեղը։ Հանգստի մեջ էլ Աստված կշարունակի բոլոր մարդկանց առաջնորդել՝ ապրելու երկրի վրա, և լինելով Նրա լույսի ներքո՝ նրանք կպաշտեն երկնքում գտնվող միակ ճշմարիտ Աստծուն։ Աստված չի ապրի մարդկանց մեջ, ոչ էլ մարդիկ ունակ կլինեն ապրելու Աստծու հետ՝ Նրա նշանակության վայրում։ Աստված և մարդիկ չեն կարող ապրել միևնույն ոլորտում, ավելի ճիշտ՝ նրանք երկուսն էլ ունեն իրենց համապատասխան ապրելակերպը։ Աստված այն Մեկն է, որ առաջնորդում է ամբողջ մարդկությանը, իսկ ամբողջ մարդկությունն Աստծու տնօրինման գործի բյուրեղացումն է։ Մարդիկ նրանք են, ում առաջնորդում են, և նրանք չունեն նույն բուն էությունը, ինչ Աստված։ «Հանգստանալ» նշանակում է վերադառնալ ինչ-որ մեկի նախնական վայրը։ Հետևաբար, երբ Աստված հանգստի մեջ է մտնում, նշանակում է, որ Նա վերադառնում է Իր նախնական վայրը։ Նա այլևս չի ապրի երկրի վրա կամ մարդկանց մեջ՝ կիսելու նրանց ուրախությունը և տառապանքը։ Երբ մարդիկ են մտնում հանգստի մեջ, նշանակում է, որ նրանք դարձել են ճշմարիտ արարված էակներ. նրանք կպաշտեն Աստծուն երկրի վրա և կապրեն բնականոն մարդկային կյանքով։ Մարդիկ այլևս չեն ապստամբի Աստծու դեմ կամ չեն հակառակվի Նրան և կվերադառնան Ադամի ու Եվայի նախնական կյանքին։ Սրանք կլինեն Աստծու և մարդկանց համապատասխան կյանքը և նշանակության վայրերը՝ հանգստի մեջ մտնելուց հետո։ Սատանայի պարտությունը նրա և Աստծու միջև պատերազմի անխուսափելի ուղին է։ Որպես այդպիսին՝ Իր տնօրինման գործն ավարտելուց հետո հանգստի մեջ Աստծու մտնելը և մարդկության ամբողջական փրկությունն ու հանգստի մեջ մտնելը նմանապես դառնում են անխուսափելի ուղղություններ։ Մարդկության հանգստի վայրը երկրի վրա է, իսկ Աստծու հանգստի վայրը՝ երկնքում։ Մարդիկ կպաշտեն Աստծուն՝ հանգստի մեջ լինելով և երկրի վրա ապրելով։ Աստված կառաջնորդի մնացած մարդկությանը, երբ Նա հանգստի մեջ լինի. Նա կառաջնորդի նրանց երկնքից, այլ ոչ թե երկրից։ Աստված կշարունակի լինել Հոգի, իսկ մարդիկ կշարունակեն լինել մսեղի։ Աստված և մարդիկ ունեն հանգստանալու իրենց համապատասխան ձևերը։ Երբ Աստված հանգստանա, Նա կգա և կհայտնվի մարդկանց մեջ, երբ մարդիկ հանգստանան, Աստված նրանց կառաջնորդի այցելելու երկինք, ինչպես նաև վայելելու այնտեղի կյանքը։ Այն բանից հետո, երբ Աստված և մարդկությունը հանգստի մեջ մտնեն, Սատանան այլևս գոյություն չի ունենա․ նմանապես այդ չար մարդիկ նույնպես կդադարեն գոյություն ունենալ։ Նախքան Աստծու և մարդկանց հանգստանալը, այն չար անհատները, որոնք հետապնդել են Աստծուն երկրի վրա, ինչպես նաև թշնամիները, որոնք Նրա դեմ ապստամբել են այնտեղ, արդեն ոչնչացված կլինեն, նրանք արմատախիլ արված կլինեն վերջին օրերի մեծ արհավիրքներից։ Հենց այդ չար մարդիկ կատարելապես բնաջնջված լինեն, երկիրն այլևս չի իմանա՝ ինչ են Սատանայի անհանգստությունները։ Միայն այդժամ մարդկությունը կհասնի ամբողջական փրկության, և Աստծու գործը լիովին ավարտված կլինի։ Սրանք են հանգստի մեջ մտնելու նախապայմաններն Աստծու և մարդկանց համար։

Ամեն բաների ելքերին մոտենալը վկայում է Աստծու գործի, ինչպես նաև մարդկության զարգացման ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մարդիկ, ապականված լինելով Սատանայի կողմից, հասել են իրենց զարգացման ավարտին, և որ Ադամի և Եվայի սերունդները բազմացել են մինչև վերջ։ Դա նաև նշանակում է, որ Սատանայի կողմից ապականված նման մարդկության համար անհնար կլինի շարունակել զարգանալը։ Սկզբում Ադամը և Եվան ապականված չէին, սակայն Եդեմի Պարտեզից վտարված Ադամը և Եվան ապականվեցին Սատանայի կողմից։ Երբ Աստված և մարդիկ միասին մտնեն հանգստի մեջ, Եդեմի պարտեզից վտարված Ադամն ու Եվան և նրանց սերունդները կհասնեն իրենց ավարտին։ Ապագայի մարդկությունը կշարունակի բաղկացած լինել Ադամի և Եվայի սերունդներից, բայց նրանք Սատանայի իշխանության ներքո ապրող մարդիկ չեն լինի։ Հակառակը՝ նրանք կլինեն մարդիկ, որոնք փրկվել և մաքրագործվել են։ Դա կլինի դատաստանի և պատժի ենթարկված մարդկություն, և մեկը, որ սրբագործվել է։ Այս մարդիկ չեն լինի սկզբի մարդկության նման, կարելի է գրեթե ասել, որ նրանք կլինեն սկզբի Ադամից ու Եվայից ամբողջովին տարբեր տեսակի մարդիկ։ Այս մարդիկ ընտրված կլինեն բոլոր նրանցից, ովքեր ապականվել են Սատանայի կողմից, և նրանք կլինեն այն մարդիկ, ովքեր վերջ ի վերջո հաստատուն են մնացել Աստծու դատաստանի և պատժի ընթացքում. նրանք կլինեն վերջին մնացած մարդկանց խումբը՝ ապականված մարդկության մեջ։ Միայն այս մարդիկ ունակ կլինեն Աստծու հետ մտնելու վերջնական հանգստի մեջ։ Նրանք, ովքեր կկարողանան հաստատուն մնալ վերջին օրերին Աստծու դատաստանի և պատժի գործի ընթացքում, այսինքն՝ մաքրագործման վերջնական գործի ընթացքում, կլինեն այն մարդիկ, որոնք Աստծու հետ կմտնեն վերջնական հանգստի մեջ. հետևաբար բոլոր նրանք, ովքեր կմտնեն հանգստի մեջ, ազատված կլինեն Սատանայի ազդեցությունից և ձեռք բերված կլինեն Աստծու կողմից՝ միայն վերջնական մաքրագործման Նրա գործին ենթարկվելուց հետո։ Այն մարդիկ, որոնք վերջնականապես ձեռք բերված կլինեն Աստծու կողմից, կմտնեն վերջնական հանգստի մեջ։ Ըստ էության՝ Աստված կատարում է դատաստանի և պատժի գործը՝ մարդկությանը մաքրագործելու համար և հանուն հանգստի վերջնական օրվա. հակառակ դեպքում մարդկության որևէ անդամ չէր կարողանա դասակարգվել՝ իր տեսակին համապատասխան կամ մուտք գործել հանգստի մեջ։ Այս գործը հանգստի մեջ մտնելու՝ մարդկության միակ ուղին է։ Միայն Աստծու կողմից մաքրագործման աշխատանքը կմաքրագործի մարդկանց իրենց անարդարացիությունից, և միայն պատժի և դատաստանի Նրա գործը կբացահայտի մարդկության այդ ապստամբ տարրերը՝ դրանով առանձնացնելով նրանց, ովքեր կարող են փրկվել, այն մարդկանցից, որոնք չեն կարող, ինչպես նաև նրանց, ովքեր կարող են մնալ, այն մարդկանցից, որոնք չեն կարող։ Երբ այս գործն ավարտվի, մարդիկ, որոնք կարող են մնալ, կմաքրագործվեն և կմտնեն մարդկության ավելի բարձր տիրույթ, որտեղ նրանք կվայելեն ավելի հիասքանչ երկրորդ մարդկային կյանք երկրի վրա. այլ կերպ ասած՝ նրանք կմտնեն մարդկության հանգստի օրվա մեջ և կապրեն Աստծու հետ միասին։ Երբ նրանք, ովքեր չեն կարողանա մնալ, պատժվեն և դատաստանի ենթարկվեն, նրանց իրական գույներն ամբողջությամբ ի ցույց կդրվեն, ինչից հետո նրանք բոլորը կոչնչացվեն և, ինչպես Սատանային, նրանց այլևս թույլ չի տրվի ողջ մնալ երկրի վրա։ Ապագայի մարդիկ այլևս չեն ընդգրկի նման տեսակի մարդկանցից որևէ մեկին. նման մարդիկ արժանի չեն մուտք գործելու վերջնական հանգստի երկիր, ոչ էլ արժանի են մուտք գործելու հանգստի այն օրը, որ Աստված և մարդիկ են կիսելու, քանի որ նրանք պատժի թիրախում են, նրանք չար մարդիկ են, ոչ թե արդար մարդիկ։ Նրանք մեկ անգամ արդեն փրկագնվել են, ինչպես նաև դատաստանի են ենթարկվել և պատժվել. նրանք նաև ժամանակին տքնել են Աստծու համար։ Այնուամենայնիվ, երբ վերջնական օրը գա, նրանք դեռ դուրս կթողնվեն և կոչնչացվեն՝ իրենց միջի չարի պատճառով և որպես իրենց ապստամբության ու անուղղելիության արդյունք. նրանք երբեք կրկին չեն ապրի ապագայի աշխարհում և չեն ապրի ապագայի մարդկության մեջ։ Լինեն նրանք մահացածների հոգիներ, թե մսեղիում դեռևս բնակվողներ, բոլոր չարագործները և նրանք, ովքեր չեն փրկվել, կոչնչացվեն, երբ մարդկանց միջից սրբացվածները մտնեն հանգստի մեջ։ Ինչ վերաբերում է այս չարագործ հոգիներին և մարդկանց կամ արդարամիտ մարդկանց հոգիներին, ինչպես նաև արդարամտորեն գործողներին, անկախ նրանից, թե ինչ դարաշրջանում են նրանք, բոլոր չարերը կոչնչացվեն, իսկ արդարամիտները կապրեն։ Թե արդյոք որևէ անձ կամ հոգի փրկություն կստանա, ամբողջությամբ չի որոշվում վերջնական դարաշրջանի գործի հիման վրա․ այլ որոշվում է այն հիմքով, թե արդյո՞ք նրանք դիմադրել կամ ըմբոստացել են Աստծու դեմ։ Անցյալ դարաշրջանի մարդիկ, որոնք չարիք են գործել և չեն կարողացել փրկվել, անկասկած, կլինեն պատժի թիրախում, իսկ ընթացիկ դարաշրջանի մարդիկ, որոնք չարիք են գործում և չեն կարող փրկվել, նույնպես, անկասկած, կլինեն պատժի թիրախում։ Մարդիկ դասակարգվում են բարու և չարի հիման վրա, այլ ոչ թե իրենց ապրած դարաշրջանի։ Երբ նրանք դասակարգվեն, անմիջապես չեն պատժվի կամ պարգևատրվի, ավելի շուտ՝ Աստված չարին պատժելու և բարուն պարգևատրելու Իր գործը կանի, երբ ավարտի վերջին օրերի նվաճման Իր գործը։ Իրականում Նա մարդկանց բաժանելիս է եղել բարիների և չարերի այն ժամանակից ի վեր, երբ սկսել է մարդկությանը փրկելու Իր գործը։ Պարզապես Նա կպարգևատրի արդարամիտներին և կպատժի չարերին, միայն երբ Նրա գործն ավարտվի, այլ ոչ թե Նա կբաժանի նրանց դասակարգերի Իր գործի ավարտից հետո և հետո անմիջապես կսկսի չարին պատժելու և բարուն պարգևատրելու գործը։ Ավելի շուտ՝ այս գործը կկատարվի, միայն երբ Նրա աշխատանքն ամբողջությամբ ավարտվի։ Չարին պատժելու և բարուն պարգևատրելու Աստծու վերջնական գործի միակ նպատակը բոլոր մարդկանց լիովին մաքրագործելն է, որպեսզի Նա կարողանա կատարելապես սրբագործված մարդկությանն առաջնորդել դեպի հավերժական հանգիստ։ Նրա գործի այս փուլն ամենավճռականն է։ Այն Նրա տնօրինման ողջ գործի վերջնական փուլն է։ Եթե Աստված չոչնչացներ չարերին, այլ փոխարենը թույլ տար նրանց մնալ, ապա ամբողջ մարդկությունը դեռ անկարող կլիներ մտնել հանգստի մեջ, և Աստված չէր կարողանա բերել նրանց դեպի ավելի հիասքանչ ոլորտ։ Նման գործն ամբողջությամբ չէր ավարտվի։ Երբ Նրա աշխատանքն ավարտվի, ամբողջ մարդկությունը լիովին կսրբագործվի. միայն այս կերպ Աստված կկարողանա հանգստի մեջ ապրել խաղաղ։

Մերօրյա մարդիկ դեռևս անկարող են հրաժարվել մսեղիի բաներից. նրանք չեն կարողանում թողնել մսեղիի վայելքները, աշխարհը, փողը կամ իրենց ապականված խառնվածքները։ Մարդկանց մեծ մասն իր ձգտումներով է զբաղվում ձևականորեն։ Իրականում այս մարդիկ ընդհանրապես չունեն Աստծուն իրենց սրտերում․ նույնիսկ ավելի վատ՝ նրանք չեն երկյուղում Աստծուց։ Նրանք չունեն Աստծուն իրենց սրտերում և ուստի չեն կարող հստակորեն տեսնել այն ամենը, ինչ Աստված անում է, առավել ևս՝ անկարող են հավատալ Նրա արտաբերած խոսքերին։ Նման մարդիկ չափազանց մսեղավոր են․ նրանք չափազանց խոր ապականված են և զուրկ են որևէ ճշմարտությունից, և նույնիսկ ավելի վատ՝ նրանք չեն հավատում, որ Աստված կարող է մարմնանալ։ Որևէ մեկը, որ չի հավատում Աստծու մարմնացմանը՝ այսինքն՝ որևէ մեկը, որ չի հավատում տեսանելի Աստծու գործին ու խոսքերին կամ չի հավատում տեսանելի Աստծուն և փոխարենը՝ պաշտում է երկնքում գտնվող անտեսանելի աստծուն՝ մարդ է, որ չունի Աստծուն իր սրտում, մեկն է, որ ապստամբ և դիմակայող է Աստծու հանդեպ։ Նման մարդիկ չունեն մարդկայնություն կամ ողջամտություն, էլ չասած ճշմարտության մասին։ Այս մարդկանց համար տեսանելի և շոշափելի Աստծուն առավել ևս հնարավոր չէ հավատալ, սակայն նրանք անտեսանելի և անշոշափելի աստծուն համարում են ամենավստահելին և ամենաուրախացնողը։ Նրանց փնտրածն իրական ճշմարտությունը չէ, ոչ էլ կյանքի ճշմարիտ իմաստն է, առավել ևս Աստծու մտադրությունները չեն։ Ավելի շուտ՝ նրանք ոգևորություն են փնտրում։ Այն ամենը, ինչն ամենաշատն է հնարավորություն տալիս նրանց բավարարելու իրենց սեփական ցանկությունները, անկասկած, նրանց հավատքն ու ձգտումն են։ Նրանք Աստծուն հավատում են, որպեսզի բավարարեն իրենց սեփական ցանկությունները, այլ ոչ թե փնտրեն ճշմարտությունը։ Մի՞թե նման մարդիկ չարագործ չեն։ Նրանք չափազանց ինքնավստահ են և բոլորովին չեն հավատում, որ երկնքում գտնվող Աստված կոչնչացնի նման «բարի մարդկանց», ինչպիսիք իրենք են։ Փոխարենը՝ նրանք հավատում են, որ Աստված թույլ կտա իրենց մնալ և, ավելին, շռայլորեն կպարգևատրի իրենց։ Սա այն պատճառով է, որ նրանք կարծում են, թե Աստծու համար շատ բան են արել և զգալի «նվիրում» են ցուցաբերել Նրա հանդեպ։ Եթե նրանք նաև ձգտեին տեսանելի Աստծուն, հենց որ իրենց նկրտումները չբավարարվեին, անմիջապես հակահարված կտային Աստծուն կամ կբռնկվեին ցասումով։ Այս բոլոր մարդիկ պիղծ և արհամարհելի են, որոնք պարզապես ձգտում են բավարարել իրենց սեփական նկրտումները․ նրանք ճշմարտությանը ձգտող ազնվության մարդիկ չեն։ Նման մարդիկ Քրիստոսին հետևող այսպես կոչված չարերն են։ Ճշմարտությունը չփնտրող մարդիկ առհասարակ չեն կարող հավատալ ճշմարտությանը և, առավել ևս, անկարող են հստակորեն տեսնել մարդկության ապագա ելքը, քանզի նրանք չեն հավատում տեսանելի Աստծու որևէ գործին կամ խոսքին, ոչ էլ հավատում են, թե որը կլինի մարդկության ապագա նշանակության վայրը։ Հետևաբար, նույնիսկ եթե նրանք հետևեն տեսանելի Աստծուն, նրանք դեռևս չարիք կգործեն և բոլորովին չեն ձգտի ճշմարտության, ոչ էլ կկիրարկեն Իմ պահանջած ճշմարտությունը։ Մարդիկ, որոնք չեն հավատում, որ կոչնչացվեն, հակառակը՝ հենց այն մարդիկ են, որ կոչնչացվեն։ Նրանք իրենց այնքա՜ն խելացի են համարում և կարծում են, թե իրենք են այն մարդիկ, որ կիրարկում են ճշմարտությունը։ Նրանք փայփայում են իրենց չար գործերը՝ որպես ճշմարտությունը։ Նման չար մարդիկ շատ ինքնավստահ են․ նրանք ճշմարտությունը համարում են վարդապետություն, իսկ իրենց չար գործերը՝ ճշմարտությունը, և ի վերջո նրանք կարող են միայն հնձել այն, ինչ ցանել են։ Որքան մարդիկ ավելի ինքնավստահ և ամբարտավան են, այնքան ավելի անկարող են ձեռք բերել ճշմարտությունը։ Որքան մարդիկ ավելի շատ են հավատում երկնքում գտնվող աստծուն, այնքան ավելի են դիմակայում Աստծուն։ Սրանք այն մարդիկ են, ովքեր կպատժվեն։ Նախքան մարդկությունը կմտնի հանգստի մեջ, յուրաքանչյուր տեսակի անձի պատժվելը կամ պարգևատրվելը կորոշվի համապատասխանաբար` արդյոք նրանք փնտրում են ճշմարտությունը, ճանաչում են Աստծուն և արդյոք կարող են հնազանդվել տեսանելի Աստծուն։ Նրանք, ովքեր տքնել են, սակայն ո՛չ ճանաչում են տեսանելի Աստծուն, ո՛չ էլ հնազանդվում են Նրան, չունեն ճշմարտությունը։ Նման մարդիկ չարագործներ են, և չարագործներն, անկասկած, կենթարկվեն պատժի․ ավելին՝ նրանք պետք է պատժվեն իրենց չար գործերին համապատասխան։ Աստված մարդկանց հավատի համար է և Նա արժանի է նրանց հնազանդությանը։ Նրանք, ովքեր հավատում են միայն մշուշոտ և անտեսանելի աստծուն, մարդիկ են, որոնք չեն հավատում Աստծուն և ի վիճակի չեն հնազանդվելու Աստծուն։ Եթե այս մարդիկ Նրա նվաճման գործի ավարտին դեռևս չկարողանան հավատալ տեսանելի Աստծուն և շարունակեն ապստամբել ու հակառակվել մսեղիում տեսանելի Աստծուն, ապա այդ «մշուշոտ աստվածների հետևորդները», անկասկած, կործանման կենթարկվեն։ Նույնը ձեր մեջ է. բոլոր նրանք, ովքեր բանավոր ընդունում են մարմնացյալ Աստծուն, սակայն չեն կարողանում կիրարկել մարմնացյալ Աստծուն հնազանդվելու ճշմարտությունը, վերջ ի վերջո դուրս կթողնվեն և կոչնչացվեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր բանավոր ընդունում են տեսանելի Աստծուն, ուտում և խմում են Նրա արտահայտած ճշմարտությունը, սակայն ձգտում են մշուշոտ և անտեսանելի աստծուն, առավել ևս՝ կենթարկվեն ոչնչացման։ Այս մարդկանցից ոչ ոք չի կարողանա մնալ մինչև հանգստի ժամանակը, որը կգա Աստծու գործի ավարտից հետո, ոչ էլ կկարողանա նման որևէ անհատ մնալ մինչև հանգստի այդ ժամանակը։ Դևերից եղած մարդիկ չեն կիրարկում ճշմարտությունը․ նրանց էության մեջ են դիմակայությունն ու ապստամբությունն Աստծու նկատմամբ, և նրանք չունեն Նրան հնազանդվելու անգամ նվազագույն մտադրություն։ Նման բոլոր մարդիկ կոչնչացվեն։ Ունես ճշմարտությունը, թե հակառակվում ես Աստծուն, կախված է քո էությունից, այլ ոչ թե արտաքին տեսքից կամ նրանից, թե ինչպես ես երբեմն խոսում կամ գործում։ Որևէ անհատ կոչնչացվի, թե ոչ, կորոշվի նրա էությամբ. դա որոշվում է էության համաձայն, որը բացահայտվում է նրանց պահվածքով և ճշմարտությանը նրանց հետամուտ լինելով։ Գործեր կատարող և միևնույն քանակի գործ կատարող մարդկանց միջև նրանց, ովքեր ունեն մարդկային բարի էություն և տիրապետում են ճշմարտությանը, կթույլատրվի մնալ, սակայն մարդկային չար էություն ունեցողները, որոնք ապստամբում են տեսանելի Աստծու դեմ, կոչնչացվեն։ Աստծու բոլոր գործերը և խոսքերը, որոնք առնչվում են մարդկության նշանակության վայրին, մարդկանց կվերաբերվեն պատշաճ կերպով՝ համաձայն յուրաքանչյուր անհատի էության. ամենափոքր շեղում անգամ տեղի չի ունենա, և նույնիսկ ավելին՝ գեթ մեկ սխալ չի կատարվի։ Մարդկային զգացմունքները և գաղափարները խառնվում են միայն այն ժամանակ, երբ մարդիկ գործ են կատարում։ Աստծու կատարած գործն ամենապատշաճն է. Նա բացարձակապես որևէ արարածի կեղծ մեղադրանքներ չի ներկայացնում։ Ներկայումս շատ մարդիկ կան, որոնք չեն կարողանում հստակորեն տեսնել մարդկության ապագա նշանակության վայրը և որոնք չեն հավատում Իմ արտահայտած խոսքերին։ Բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, ինչպես նաև նրանք, ովքեր չեն կիրարկում ճշմարտությունը, դևեր են։

Այսօր ձգտողները և չձգտողները երկու տարբեր տեսակի մարդիկ են, որոնց նշանակության վայրերը տարբեր են։ Ճշմարտությունը ճանաչելուն և կիրարկելուն ձգտողները նրանք են, ում Աստված փրկություն կշնորհի։ Ճշմարիտ ճանապարհը չճանաչողները դևեր և թշնամիներ են. նրանք հրեշտակապետի սերունդներն են և ենթակա են լինելու կործանման։ Մի՞թե նույնիսկ մշուշոտ աստծու բարեպաշտ հավատացյալները նույնպես դևեր չեն։ Մարդիկ, որոնք ունեն մաքուր խիղճ, սակայն չեն ընդունում ճշմարիտ ճանապարհը, դևեր են. նրանց էությունն Աստծուն հակառակվելն է։ Ճշմարիտ ճանապարհը չընդունողներն Աստծուն հակառակվողներն են, և եթե նույնիսկ նման մարդիկ տանեն շատ տառապանք, միևնույն է, նրանք կկործանվեն։ Աշխարհը լքել չցանկացողները, իրենց ծնողներից բաժանվել չկարողացողները և սեփական մսեղիի հաճույքներից հրաժարվել չկարողացողներն Աստծու դեմ ապստամբողներ են և ենթակա են կործանման։ Մարմնացած Աստծուն չհավատացող յուրաքանչյուր ոք դև է, դեռ ավելին՝ կկործանվի։ Նրանք, ովքեր հավատում են, բայց չեն կիրարկում ճշմարտությունը, նրանք, ովքեր չեն հավատում Աստծու մարմնացմանը, և նրանք, ովքեր ընդհանրապես չեն հավատում Աստծու գոյությանը, բոլորը ենթակա կլինեն կործանման։ Բոլոր մնալ կարողացողները մարդիկ են, որոնք անցել են զտման տառապանքի միջով և հաստատուն են կանգնել․ սրանք այն մարդիկ են, որոնք իսկապես անցել են փորձությունների միջով։ Աստծուն չընդունող յուրաքանչյուր ոք թշնամի է, այսինքն՝ մարմնացած Աստծուն չընդունող յուրաքանչյուր ոք՝ լինի այս հոսքի ներսում, թե հոսքից դուրս, Նեռ է։ Ովքե՞ր են Սատանաները, ովքե՞ր են դևերը, և ովքե՞ր են Աստծու թշնամիները։ Մի՞թե այդ դիմակայողները չեն, որ չեն հավատում Աստծուն։ Մի՞ թե նրանք Աստծու դեմ ապստամբողները չեն։ Մի՞թե նրանք չեն, ովքեր պնդում են, թե ունեն հավատք, սակայն չունեն ճշմարտությունը։ Մի՞ թե նրանք չեն, ովքեր ձգտում ունեն՝ պարզապես օրհնություններ ստանալու համար, սակայն անկարող են վկայել Աստծուն։ Դու այսօր դեռևս ընկերություն ես անում այդ դևերի հետ և նրանց վերաբերվում խղճով և սիրով, սակայն մի՞թե դա Սատանայի հանդեպ բարության ցուցաբերում չէ։ Մի՞թե դու դևերի դաշնակիցը չես։ Եթե մարդիկ հասել են այս կետին և դեռևս անկարող են տարբերել չարը և բարին, շարունակում են կուրորեն լինել սիրող և գթասիրտ՝ առանց Աստծու սրտին ձգտելու որևէ ցանկության, կամ ունակ լինելու որևէ կերպ Աստծու սիրտն ընդունել որպես իրենցը, ուրեմն նրանց ելքերն առավել ևս ողբալի կլինեն։ Մսեղի դարձած Աստծուն չհավատացող ամեն ոք Աստծու թշնամին է։ Եթե դու կարողանում ես Աստծու թշնամիներին վերաբերվել խղճով և սիրով, մի՞թե արդարության զգացումից զուրկ չես։ Եթե դու համատեղելի ես նրանց հետ, որոնց Ես ատում եմ և որոնց ընդդիմանում, և դեռ նրանց վերաբերվում ես սիրով կամ նրանց նկատմամբ անձնական զգացմունքներ ես տածում, մի՞թե դու ապստամբ չես։ Մի՞թե դու միտումնավոր չես դիմադրում Աստծուն։ Արդյո՞ք նման անձն ունի ճշմարտություն։ Եթե մարդիկ Աստծու թշնամիներին վերաբերվում են խղճով, դևերին՝ սիրով և Սատանային՝ գթասրտությամբ, մի՞թե նրանք միտումնավոր կերպով չեն խաթարում Աստծու գործը։ Մարդիկ, որոնք հավատում են միայն Հիսուսին և չեն հավատում վերջին օրերի մարմնացյալ Աստծուն, ինչպես նաև նրանք, ովքեր բանավոր պնդում են, թե հավատում են մարմնացյալ Աստծուն, սակայն չարիք են գործում, բոլորը Նեռեր են, էլ չասած նրանց մասին, ովքեր չեն հավատում Աստծուն։ Այդ բոլոր մարդիկ ենթակա կլինեն կործանման։ Չափանիշը, որով մարդիկ դատում են այլ մարդկանց, հիմնված է նրանց պահվածքի վրա. լավ պահվածք ունեցողներն արդար են, իսկ զզվելի պահվածք ունեցողները՝ չար։ Չափանիշը, որով Աստված է դատում մարդկանց, հիմնված է նրա վրա, թե արդյո՞ք նրանց էությունը հնազանդվում է Իրեն։ Աստծուն հնազանդվողն արդար մարդ է, իսկ չհնազանդվողը՝ թշնամի և չար՝ անկախ նրանից՝ այդ անձի պահվածքը լավն է, թե վատը, և անկախ նրանից՝ նրանց խոսքը ճիշտ է, թե սխալ։ Որոշ մարդիկ ցանկանում են օգտագործել բարի արարքները՝ ապագայում դրական նշանակության վայր ստանալու համար, իսկ ոմանք ցանկանում են օգտագործել լավ խոսքերը՝ դրական նշանակության վայր ձեռք բերելու նպատակով։ Յուրաքանչյուրը սխալմամբ կարծում է, թե Աստված վճռում է մարդկանց ելքերը՝ նրանց պահվածքի կամ խոսքի հիման վրա, ուստի շատ մարդիկ ցանկանում են օգուտ քաղել դրանից՝ խարդախությամբ իրենց համար ակնթարթային շնորհ վաստակելու համար։ Գալիք հանգստի ժամանակ գոյություն ունեցող բոլոր մարդիկ համբերությամբ տարած կլինեն տառապանքի օրը և վկայած կլինեն Աստծուն։ Նրանք բոլորը կլինեն այն մարդիկ, որոնք կատարել են իրենց պարտավորությունները և գիտակցված կերպով հնազանդվել Աստծուն։ Ովքեր պարզապես ցանկանում են օգտվել ծառայություն մատուցելու հնարավորությունից՝ ճշմարտությունը կիրարկելուց խուսափելու նպատակով, չեն մնա։ Աստված յուրաքանչյուր անհատի ելքը կարգավորելու համար ունի պատշաճ չափանիշներ. Նա այդ որոշումները չի կայացնում պարզապես ինչ-որ մեկի բառերին և վարքին համապատասխան, ոչ էլ Նա կայացնում է դրանք՝ որևէ ժամանակահատվածում որևէ մեկի գործերի հիման վրա։ Նա բացարձակապես ներողամիտ չի լինի Իրեն անցյալում մատուցած ծառայության պատճառով ինչ-որ մեկի բոլոր չար գործերի հանդեպ, ոչ էլ մահվանից կխնայի որևէ մեկին, որովհետև նրանք ինչ-որ ժամանակ ծախսել են իրենց Նրա համար։ Ոչ ոք չի կարող խույս տալ իր չարագործության համար արժանի պատժից, և ոչ ոք չի կարող քողարկել իր չարագործությունները և, հետևաբար, խուսափել կործանման տառապանքից։ Եթե մարդիկ կարողանան ճշմարտապես կատարել իրենց պարտականությունները, դա նշանակում է, որ նրանք հավիտյան հավատարիմ կլինեն Աստծուն և չեն ձգտի պարգևների՝ անկախ նրանից, իրենք օրհնություններ են ստանում, թե տառապում պատուհասից։ Եթե մարդիկ հավատարիմ են Աստծուն, երբ օրհնություններ են տեսնում, սակայն կորցնում են իրենց հավատարմությունը, երբ չեն տեսնում որևէ օրհնություն, և եթե այն մարդիկ, որոնք ժամանակին հավատարմորեն տքնել են Աստծու համար, վերջ ի վերջո դեռ անկարող լինեն վկայելու Աստծուն կամ կատարելու իրենց վրա դրված պարտավորությունները, ապա նման մարդիկ դեռ ենթակա կլինեն կործանման։ Կարճ ասած՝ չար մարդիկ չեն կարողանա գոյատևել ընդմիշտ, ոչ էլ կկարողանան մտնել հանգստի մեջ. միայն արդարները կլինեն հանգստի տերերը։ Երբ մարդկությունը ճիշտ ուղու վրա լինի, մարդիկ կունենան բնականոն մարդկային կյանք։ Նրանք բոլորը կկարողանան կատարել սեփական պարտականությունները և բացարձակ հավատարիմ լինել Աստծուն։ Նրանք կատարելապես կազատվեն իրենց ապստամբությունից և ապականված խառնվածքներից և կապրեն Աստծու համար և Աստծու շնորհիվ՝ զուրկ ապստամբությունից և դիմակայությունից։ Նրանք կկարողանան լիովին հնազանդվել Աստծուն։ Դա կլինի Աստծու և մարդկության կյանքը. դա կլինի թագավորության կյանքը և դա կլինի հանգստի կյանքը։

Նրանք, ովքեր իրենց լիովին անհավատ զավակներին և հարազատներին քաշելով բերում են եկեղեցի, բոլորը չափազանց եսասեր են և պարզապես բարություն են ցուցադրում։ Այս մարդիկ կենտրոնանում են միայն սիրող լինելու վրա՝ անկախ նրանից՝ հավատում են, թե ոչ, և անկախ նրանից, թե արդյոք դա Աստծու մտադրությունն է։ Ոմանք իրենց կանանց են բերում Աստծու առաջ կամ էլ իրենց ծնողներին են քաշելով բերում Աստծու առաջ, և անկախ նրանից՝ Սուրբ Հոգին համաձայն է դրա հետ, թե ոչ, և արդյոք Սուրբ Հոգին գործում է նրանց վրա, թե ոչ, նրանք կուրորեն «որդեգրում են տաղանդավոր մարդիկ» Աստծու համար։ Ի՞նչ օգուտ կարելի է հավանականորեն ձեռք բերել այս անհավատների հանդեպ բարություն ցուցաբերելուց։ Նույնիսկ եթե Սուրբ Հոգու ներկայությունից զուրկ այս չհավատացողները դժկամությամբ հետևեն Աստծուն, նրանք, միևնույն է, չեն կարող փրկվել այնպես, ինչպես մարդիկ են պատկերացնում։ Նրանց համար, ովքեր կարող են փրկություն ստանալ, իրականում այդքան էլ հեշտ չէ ձեռք բերվել։ Մարդիկ, որոնք չեն անցել Սուրբ Հոգու գործի ու փորձությունների միջով և չեն կատարելագործվել մարմնացած Աստծու կողմից, լիովին անկարող են ավարտուն դարձվել։ Հետևաբար այն պահից, երբ նրանք սկսում են ձևականորեն հետևել Աստծուն, այդ մարդիկ զուրկ են Սուրբ Հոգու ներկայությունից։ Հաշվի առնելով նրանց իրադրություններն ու իրական վիճակները՝ նրանք պարզապես չեն կարող ավարտուն դարձվել։ Որպես այդպիսին՝ Սուրբ Հոգին մտադիր չէ շատ էներգիա ծախսել նրանց վրա, ոչ էլ Նա որևէ լուսավորություն է տալիս կամ որևէ կերպ ուղղորդում է նրանց․ Նա պարզապես նրանց թույլ է տալիս հետևել և ի վերջո կբացահայտի նրանց ելքերը, սա բավական է։ Մարդկանց ոգևորությունն ու ցանկությունները գալիս են Սատանայից, և այս ամենը ոչ մի կերպ չի կարող ավարտին հասցնել Սուրբ Հոգու գործը։ Անկախ նրանից, թե ինչին են նման մարդիկ, նրանք պետք է ունենան Սուրբ Հոգու գործը։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ ավարտուն դարձնել մարդկանց։ Ինչո՞ւ է ամուսինը սիրում իր կնոջը։ Ինչո՞ւ է կինը սիրում իր ամուսնուն։ Ինչո՞ւ են զավակները որդիական ակնածանք ցուցաբերում իրենց ծնողների հանդեպ։ Ինչո՞ւ են ծնողներն անսահման սիրում իրենց զավակներին։ Ո՞րն է այն մտադրությունը, որ բոլոր մարդիկ տածում են։ Մի՞թե դա իրենց սեփական ծրագրերն ու եսասիրական նկրտումներն իրականացնելու համար չէ։ Մի՞թե դա իսկապես հանուն Աստծու տնօրինման ծրագրի գործելն է։ Մի՞թե դա իսկապես հանուն Աստծու գործի գործելն է։ Մի՞թե դա արարածի պարտավորությունները կատարելու համար է։ Նրանք, ովքեր Աստծուն հավատալու պահից ի վեր անկարող են եղել ստանալ Սուրբ Հոգու ներկայությունը, երբեք չեն կարող ստանալ Սուրբ Հոգու գործը․ այս մարդիկ հաստատապես կործանման ենթակա են։ Անկախ նրանից, թե որքան սեր ունի մարդը նրանց հանդեպ, այն չի կարող փոխարինել Սուրբ Հոգու գործին։ Մարդկանց ոգևորությունն ու սերը ներկայացնում են մարդկային ցանկությունները, բայց չեն կարող ներկայացնել Աստծու ցանկությունները, ոչ էլ կարող են փոխարինել Աստծու գործին։ Նույնիսկ եթե մարդը հնարավոր ամենամեծ սերն ու ողորմությունը ցուցաբերի Աստծուն ձևականորեն հավատացող և այն մարդկանց հանդեպ, որոնք ձևացնում են, թե հետևում են Նրան՝ առանց իմանալու, թե իրականում ինչ է նշանակում հավատալ Աստծուն, նրանք, միևնույն է, չեն արժանանա Աստծու համակրանքին, ոչ էլ կստանան Սուրբ Հոգու գործը։ Նույնիսկ եթե Աստծուն անկեղծորեն հետևող մարդիկ ունեն ցածր որակ և անկարող են հասկանալ շատ ճշմարտություններ, նրանք դեռ կարող են երբեմն ստանալ Սուրբ Հոգու գործը․ սակայն նրանք, ովքեր ունեն բավականին լավ որակ, բայց անկեղծորեն չեն հավատում, պարզապես չեն կարող ընդունել Սուրբ Հոգու ներկայությունը։ Նման մարդկանց համար փրկության բացարձակապես ոչ մի հնարավորություն չկա։ Նույնիսկ եթե նրանք կարդան Աստծու խոսքերը կամ երբեմն լսեն քարոզներ կամ գովերգեն Աստծուն, նրանք ի վերջո չեն կարողանա գոյատևել մինչև հանգստի ժամանակը։ Մարդկանց՝ ճշմարիտ սրտով ձգտելը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչպես են ուրիշները դատում նրանց, կամ ինչպես են շրջապատի մարդիկ նայում նրանց, այլ նրանով, թե արդյոք Սուրբ Հոգին գործում է նրանց վրա, և արդյոք ունեն Սուրբ Հոգու ներկայությունը։ Առավել ևս՝ դա կախված է նրանից, թե արդյոք որոշակի ժամանակահատվածում Սուրբ Հոգու գործին ենթարկվելուց հետո նրանց խառնվածքները փոխվել են, և նրանք ձեռք են բերել Աստծու մասին որոշակի ճանաչողություն։ Եթե Սուրբ Հոգին գործում է մարդու վրա, այդ մարդու խառնվածքն աստիճանաբար կփոխվի, և Աստծուն հավատալու վերաբերյալ նրա տեսակետի հասկացողությունն աստիճանաբար ավելի մաքուր կդառնա։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ են մարդիկ հետևում Աստծուն, քանի դեռ նրանք որոշակի փոփոխության են ենթարկվել, նշանակում է, որ Սուրբ Հոգին գործում է նրանց վրա։ Եթե նրանք չեն փոխվել, նշանակում է, որ Սուրբ Հոգին չի գործում նրանց վրա։ Նույնիսկ եթե այս մարդիկ որոշակի ծառայություն են մատուցում, այդպես վարվելու նրանց դրդապատճառն օրհնություններ ստանալու մտադրությունն է։ Հազվադեպ ծառայության մատուցումը չի կարող փոխարինել խառնվածքային փոփոխությանը։ Ի վերջո նրանք, միևնույն է, կկործանվեն, քանզի թագավորության մեջ ծառայություն մատուցողների կարիք չի լինի, ոչ էլ կարիք կլինի, որ որևէ մեկը, ում խառնվածքը չի փոխվել, ծառայություն մատուցի կատարելագործված և Աստծուն հավատարիմ մարդկանց։ Անցյալում ասված այն խոսքերը, թե՝ «Մեկ մարդու հավատն առ Տերը օրհնություններ է բերում ողջ ընտանիքին», կիրառելի էին Շնորհքի դարաշրջանի համար, բայց կապ չունեն մարդու նշանակության վայրի հետ։ Դրանք կիրառելի էին միայն Շնորհքի դարաշրջանի մի փուլի համար։ Այդ խոսքերի լրացուցիչ իմաստն ուղղված էր մարդկանց վայելած խաղաղությանն ու նյութական օրհնություններին․ դրանք չէին նշանակում, որ Տիրոջը հավատացողի ողջ ընտանիքը կփրկվի, ոչ էլ նշանակում էին, որ երբ մեկն օրհնություններ է ստանում, նրա ողջ ընտանիքը նույնպես կարող է բերվել հանգստի մեջ։ Մարդու՝ օրհնություններ ստանալը կամ պատուհաս կրելը որոշվում է ըստ իր էության, այլ ոչ թե ըստ ուրիշների հետ հնարավոր կիսած որևէ ընդհանուր էության։ Այդ տեսակի ասացվածքը կամ կանոնը պարզապես տեղ չունի թագավորության մեջ։ Եթե մարդն ի վերջո ի վիճակի է ողջ մնալու, այն պատճառով է, որ նա բավարարել է Աստծու պահանջները, իսկ եթե նա ի վերջո անկարող է մնալ մինչև հանգստի ժամանակը, այն պատճառով է, որ ապստամբ է եղել Աստծու դեմ և չի բավարարել Աստծու պահանջները։ Յուրաքանչյուր ոք ունի համապատասխան նշանակության վայր, որը որոշվում է ըստ յուրաքանչյուր անհատի էության և բացարձակապես ոչ մի կապ չունի այլ մարդկանց հետ։ Զավակի չար գործերը չեն կարող փոխանցվել նրա ծնողներին, ոչ էլ զավակի արդարությունը կարող է կիսվել նրա ծնողների հետ։ Ծնողի չար գործերը չեն կարող փոխանցվել նրա զավակներին, ոչ էլ ծնողի արդարությունը կարող է կիսվել նրա զավակների հետ։ Յուրաքանչյուր ոք կրում է իր համապատասխան մեղքերը և վայելում է իր համապատասխան օրհնությունները։ Ոչ ոք չի կարող փոխարինել մեկ այլ մարդու։ Սա է արդարությունը։ Նայելով մարդու տեսանկյունից, եթե ծնողներն օրհնություններ են ստանում, ապա նրանց զավակները նույնպես պետք է կարողանան ստանալ, իսկ եթե զավակները չարիք են գործում, ապա նրանց ծնողները պետք է քավեն այդ մեղքերը։ Սա մարդկային տեսանկյուն է և արարքներ գործելու մարդկային ձև․ դա Աստծու տեսանկյունը չէ։ Յուրաքանչյուրի ելքը որոշվում է ըստ իր գործերի էության, և այն միշտ պատշաճ կերպով է որոշվում։ Ոչ ոք չի կարող կրել մեկ ուրիշի մեղքերը, առավել ևս՝ ոչ ոք չի կարող պատիժ ստանալ մեկ ուրիշի փոխարեն։ Սա անհերքելի է։ Ծնողի նվիրված հոգատարությունն իր զավակների հանդեպ չի նշանակում, որ նա կարող է արդար գործեր կատարել իր զավակների փոխարեն, ոչ էլ զավակի որդիական ակնածանքն իր ծնողների հանդեպ նշանակում է, որ նա կարող է արդար գործեր կատարել իր ծնողների փոխարեն։ Ահա թե ինչ են ճշմարտապես նշանակում այն խոսքերը․ «Այդ ժամանակ, եթե արտում երկու հոգի լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Եվ եթե երկու կին մի երկանքով աղալիս լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի»։ Մարդիկ չեն կարող իրենց չարագործ զավակներին տանել հանգստի մեջ՝ հիմնվելով նրանց հանդեպ իրենց խոր սիրո վրա, ոչ էլ որևէ մեկը կարող է իր կնոջը (կամ ամուսնուն) տանել հանգստի մեջ՝ հիմնվելով իր սեփական արդար գործերի վրա։ Սա կառավարչական կանոն է․ ոչ մեկի համար բացառություններ չեն կարող լինել։ Արդար գործեր կատարողներն ի վերջո արդար գործեր կատարողներ են, իսկ չարագործներն ի վերջո չարագործներ են։ Արդար գործեր կատարողներն ի վերջո կկարողանան ողջ մնալ, մինչդեռ չարագործները կկործանվեն։ Սրբերը սուրբ են․ նրանք պիղծ չեն։ Պիղծերը պիղծ են, և նրանց ոչ մի մասը սուրբ չէ։ Կործանվող բոլոր մարդիկ չարերն են, իսկ բոլոր ողջ մնացողներն արդարներն են․ նույնիսկ եթե չարերի զավակներն արդար գործեր կատարողներ են, իսկ արդարների ծնողները՝ չար գործեր կատարողներ։ Իրականում հավատացող ամուսնու և չհավատացող կնոջ միջև ոչ մի կապ չկա, նաև հավատացող զավակների ու չհավատացող ծնողների միջև ոչ մի կապ չկա․ այս երկու տեսակի մարդիկ անհամատեղելի են։ Նախքան հանգստի մեջ մտնելը մարդիկ ունեն մսեղավոր, ընտանեկան կապվածություն, բայց երբ մտնեն հանգստի մեջ, այլևս խոսելու ոչ մի մսեղավոր, ընտանեկան կապվածություն չի լինի։ Իրենց պարտավորությունը կատարողները բնույթով թշնամիներ են նրանց, ովքեր չեն կատարում․ Աստծուն սիրողները և ատողներն էապես հակադրվում են միմյանց։ Հանգստի մեջ մտնողները և կործանվողները արարված էակների երկու անհամատեղելի տեսակներ են։ Իրենց պարտավորությունները կատարող արարածները կկարողանան ողջ մնալ, մինչդեռ իրենց պարտավորությունները չկատարողները կործանման կենթարկվեն, ավելին՝ սա կտևի հավիտյան։ Արդյոք սիրո՞ւմ ես քո ամուսնուն, որպեսզի կատարես որպես արարած քո պարտավորությունը։ Արդյոք սիրո՞ւմ ես քո կնոջը, որպեսզի կատարես որպես արարած քո պարտավորությունը։ Արդյոք որդիական ակնածա՞նք ես ցուցաբերում քո անհավատ ծնողների հանդեպ, որպեսզի կատարես որպես արարած քո պարտավորությունը։ Արդյոք Աստծուն հավատալու վերաբերյալ մարդկանց տեսակետներն իրականում ճի՞շտ են, թե՞ սխալ։ Հատկապես ինչի՞ համար ես հավատում Աստծուն։ Հատկապես ի՞նչ ես ցանկանում ձեռք բերել։ Հատկապես ինչպե՞ս ես սիրում Աստծուն։ Նրանք, ովքեր չեն կարող կատարել իրենց պարտավորությունները՝ որպես արարածներ, և ովքեր չեն կարող գործադրել իրենց ողջ ջանքը, կենթարկվեն կործանման։ Այսօրվա մարդկանց միջև գոյություն ունեն մսեղավոր հարաբերություններ, ինչպես նաև արյունակցական կապեր, բայց ապագայում դրանք բոլորը կխզվեն։ Հավատացողներն ու չհավատացողները բնույթով համատեղելի չեն, ավելի շուտ՝ նրանք հակադրվում են միմյանց։ Բոլոր հանգստի մեջ գտնվողները այն մարդիկ կլինեն, որոնք հավատում են, որ կա Աստված, և հնազանդվում են Աստծուն, մինչդեռ նրանք, ովքեր ապստամբ են Աստծու դեմ, բոլորը կործանված կլինեն։ Երկրի վրա այլևս ընտանիքներ չեն լինի․ ինչպե՞ս կարող են լինել ծնողներ կամ զավակներ կամ ամուսնական հարաբերություններ։ Հավատքի և անհավատության հենց այդ անհամատեղելիությունը լիովին խզած կլինի նման մսեղավոր հարաբերությունները։

Ի սկզբանե մարդկության մեջ ընտանիքներ չկային․ կային միայն տղամարդիկ և կանայք՝ մարդկանց երկու տարբեր տեսակներ։ Չկային երկրներ, էլ չասած ընտանիքների մասին, բայց մարդկության ապականության արդյունքում բոլոր տեսակի մարդիկ ձևավորեցին առանձին տոհմեր, որոնք հետագայում զարգացան՝ դառնալով երկրներ և ազգություններ։ Այս երկրներն ու ազգությունները բաղկացած էին փոքրիկ առանձին ընտանիքներից, և այս կերպ բոլոր տեսակի մարդիկ բաշխվեցին տարբեր ցեղերի միջև՝ ըստ լեզվի և սահմանների տարբերությունների։ Իրականում անկախ նրանից, թե քանի ցեղ կարող է լինել աշխարհում, մարդկությունն ի վերջո ունի մեկ նախահայր։ Սկզբում կար միայն երկու տեսակի մարդ, և այս երկու տեսակներն էին տղամարդիկ և կանայք։ Սակայն, Աստծու գործի առաջընթացի, պատմության շարժման և աշխարհագրական փոփոխությունների պատճառով, մարդկանց այս երկու տեսակները տարբեր աստիճաններով վերածվեցին էլ ավելի շատ տեսակի մարդկանց։ Անկախ նրանից, թե քանի ցեղերից կարող է բաղկացած լինել մարդկությունը, իրականում ողջ մարդկությունը դեռևս Աստծու արարչագործությունն է։ Անկախ նրանից, թե մարդիկ որ ցեղերին են պատկանում, նրանք բոլորն էլ Աստծու արարածներն են․ նրանք բոլորն Ադամի և Եվայի սերունդներն են։ Թեև չեն ստեղծվել Աստծու ձեռքերով, նրանք Ադամի և Եվայի սերունդներն են, որոնց Աստված անձամբ է ստեղծել։ Անկախ նրանից, թե մարդիկ որ տեսակի էակներին են պատկանում, նրանք բոլորը Նրա արարածներն են, քանի որ արարված մարդիկ են, նրանք պետք է ունենան մարդկանց հատուկ նշանակության վայրերը և կբաժանվեն՝ համաձայն մարդկանց համար կարգավորումներ սահմանելու կանոնների։ Այսինքն՝ բոլոր չարագործները և արդար գործեր կատարողներն ի վերջո արարածներ են։ Չարիք գործող արարածներն ի վերջո կկործանվեն, իսկ արդար գործեր կատարող արարածները ողջ կմնան։ Սա ամենահարմար կարգավորումն է այս երկու տեսակի արարածների համար։ Չարագործներն իրենց ապստամբության պատճառով չեն կարող հերքել, որ Աստծու արարածներն են, սակայն գերեվարվել են Սատանայի կողմից և ուստի չեն կարող փրկվել։ Արդար գործեր կատարող արարածները, հիմնվելով այն փաստի վրա, որ ողջ կմնան, չեն կարող հերքել, որ արարվել են Աստծու կողմից և այնուամենայնիվ փրկություն են ստացել Սատանայի կողմից ապականվելուց հետո։ Չարագործներն այն արարածներն են, որոնք ապստամբ են Աստծու դեմ․ նրանք այն արարածներն են, որոնք չեն կարող փրկվել և արդեն հիմնովին գերեվարվել են Սատանայի կողմից։ Չարագործները նույնպես մարդիկ են․ նրանք սաստիկ ապականված մարդիկ են և չեն կարող փրկվել։ Լինելով նմանապես արարածներ՝ արդար գործեր կատարող մարդիկ նույնպես ապականվել են, բայց նրանք այնպիսի մարդիկ են, որ պատրաստակամ են ազատվել իրենց ապականված խառնվածքներից և ունակ են դարձել հնազանդվելու Աստծուն։ Արդար գործեր կատարող մարդիկ լի չեն արդարությամբ։ Ավելի շուտ՝ նրանք մարդիկ են, որոնք հասել են փրկության, ազատվել են իրենց ապականված խառնվածքներից և հնազանդվել են Աստծուն, ի վերջո հաստատուն կկանգնեն։ Այնպես չէ, որ նրանք մարդիկ են, որոնք երբեք չեն ապականվել Սատանայի կողմից։ Աստծու գործի ավարտից հետո բոլոր արարածների մեջ կլինեն այնպիսիները, որոնք կկործանվեն և որոնք էլ՝ կգոյատևեն։ Սա Նրա տնօրինման գործի անխուսափելի միտումն է․ ոչ ոք չի կարող հերքել դա։ Չարագործներին թույլ չի տրվի ողջ մնալ․ Աստծուն մինչև վերջ հնազանդվողներն ու հետևողները, անկասկած, ողջ կմնան։ Քանի որ այս գործը մարդկության տնօրինման գործն է, կլինեն այնպիսիները, որոնք կմնան, և որոնք էլ դուրս կթողնվեն։ Սրանք տարբեր ելքեր են տարբեր տեսակի մարդկանց համար և ամենահարմար կարգավորումներն են արարածների համար։ Մարդկության համար Աստծու վերջնական կարգավորումը նրանց բաժանելն է՝ քանդելով ընտանիքները, վերացնելով ազգությունները և տապալելով ազգային սահմանները մի կարգավորման մեջ, որտեղ չկան ընտանիքներ կամ ազգային սահմաններ, քանզի ի վերջո մարդիկ սերել են մեկ նախահորից և Աստծու արարածներն են։ Կարճ ասած՝ չարիք գործող բոլոր արարածները կկործանվեն, իսկ Աստծուն հնազանդվող արարածները ողջ կմնան։ Այսպիսով՝ գալիք հանգստի ժամանակ չեն լինի ընտանիքներ, երկրներ և հատկապես չեն լինի ազգություններ․ այս տեսակի մարդկությունը կլինի ամենասուրբը։ Ադամն ու Եվան ի սկզբանե այնպես էին արարվել, որպեսզի մարդկությունը կարողանար տնօրինել երկրի վրա ամեն ինչ․ այլ կերպ ասած՝ մարդիկ ի սկզբանե ամեն ինչի տերն էին։ Մարդկանց արարելիս Եհովայի ցանկությունն էր, որ նրանք գոյություն ունենան երկրի վրա և տնօրինեն այդտեղ ամեն բան, որովհետև մարդկությունն ի սկզբանե ապականված չէր և անկարող էր չարիք գործել։ Սակայն երբ մարդիկ ապականվեցին, նրանք այլևս ամեն բանի տնտեսները չէին։ Աստծու փրկության նպատակը մարդկության այս գործառույթը, մարդկության նախնական ողջամտությունը և նախնական հնազանդությունը վերականգնելն է․ հանգստի մեջ գտնվող մարդկությունը կլինի հենց այն արդյունքի մարմնավորումը, որին Աստված հույս ունի հասնել փրկության Իր գործով։ Թեև դա այլևս չի լինի Եդեմի պարտեզում եղած կյանքի նման, սակայն նրանց էությունը նույնը կլինի․ պարզապես մարդկությունն այլևս չի լինի այն չապականված մարդկությունը, այլ, փոխարենը, կլինի ապականված և հետագայում փրկություն ստացած մարդկություն։ Փրկություն ստացած այս մարդիկ ի վերջո (այսինքն՝ Աստծու գործն ավարտվելուց հետո) կմտնեն հանգստի մեջ։ Նմանապես վերջում նաև լիովին կբացահայտվեն նրանց ելքերը, որոնք պետք է պատժվեն, և նրանք կկործանվեն միայն Աստծու գործի ավարտից հետո։ Այլ կերպ ասած՝ Նրա գործի ավարտից հետո բոլոր այդ չարագործները և փրկվածները կբացահայտվեն, քանզի բոլոր տեսակի մարդկանց բացահայտելու գործը (անկախ նրանից՝ չարագործներ են, թե փրկվածների թվում են) կիրականացվի բոլորի վրա միաժամանակ։ Չարագործները դուրս կթողնվեն, իսկ ողջ մնալու թույլտվություն ունեցողները կբացահայտվեն միաժամանակ։ Հետևաբար բոլոր տեսակի մարդկանց ելքերը կբացահայտվեն միևնույն ժամանակ։ Աստված թույլ չի տա, որ փրկության արժանացած մարդկանց մի խումբ մտնի հանգստի մեջ՝ նախքան չարագործներին մի կողմ դնելը և նրանց քիչ-քիչ դատելը կամ պատժելը․ դրանք փաստերը չեն։ Երբ չարագործները կործանվեն, և ողջ մնալու թույլտվություն ունեցողները մտնեն հանգստի մեջ, Աստծու գործը տիեզերքում ավարտված կլինի։ Օրհնություններ ստացողների և պատուհասի մատնվողների միջև առաջնահերթության կարգ չի լինի․ օրհնություններ ստացողները կապրեն հավիտյան, մինչդեռ պատուհասի մատնվողները կկործանվեն հավիտյանս հավիտենից։ Գործի այս երկու քայլերը կավարտվեն միաժամանակ։ Հենց ապստամբ մարդկանց գոյության շնորհիվ է, որ հնազանդվողների արդարությունը կբացահայտվի, և հենց այն պատճառով է, որ կան օրհնություններ ստացածներ, կբացահայտվի իրենց չար գործերի համար չարագործների կրած պատուհասը։ Եթե Աստված չբացահայտեր չարագործներին, ապա Աստծուն անկեղծորեն հնազանդվող մարդիկ երբեք չէին տեսնի արևը։ Եթե Աստված Իրեն հնազանդվողներին չտաներ համապատասխան նշանակության վայր, ապա Աստծու դեմ ապստամբողները չէին կարողանա ստանալ իրենց արժանի հատուցումները։ Սա է Աստծու գործի ընթացքը։ Եթե Նա չիրականացներ չարին պատժելու և բարուն պարգևատրելու այս գործը, ապա արարածները երբեք չէին կարողանա մտնել իրենց համապատասխան նշանակության վայրերը։ Երբ մարդկությունը մտնի հանգստի մեջ, չարագործները կործանված կլինեն, և ողջ մարդկությունը ճիշտ ուղու վրա կլինի. բոլոր տեսակի մարդիկ կդասակարգվեն ըստ իրենց տեսակի՝ հիմնվելով այն գործառույթների վրա, որոնք նրանք պետք է իրականացնեն։ Միայն սա կլինի մարդկության հանգստի օրը, և միայն սա է մարդկության զարգացման անխուսափելի միտումը։ Միայն երբ մարդկությունը մտնի հանգստի մեջ, Աստծու մեծ գործը վերջնականապես ավարտին կհասցվի. սա կլինի Նրա գործի վերջին մասը։ Այս գործը վերջ կդնի ողջ մարդկության մսեղիի անկումային կյանքին, ինչպես նաև ապականված մարդկության կյանքին։ Այդ ժամանակից մարդիկ մուտք կգործեն նոր ոլորտ։ Թեև բոլոր մարդիկ կապրեն մսեղիում, այս կյանքի էությունը և ապականված մարդկության կյանքը զգալիորեն տարբեր կլինեն։ Այս գոյության նշանակությունը և ապականված մարդկության գոյության նշանակությունը նույնպես տարբերվում են։ Թեև սա նոր տեսակի մարդու կյանքը չի լինի, կարելի է ասել, որ այն փրկված մարդկության կյանքն է, ինչպես նաև կյանք, որում մարդկայնությունն ու ողջամտությունը վերականգնվել են։ Սրանք կլինեն մարդիկ, որոնք ժամանակին ապստամբել են Աստծու դեմ, որոնք նվաճվել են Աստծու կողմից և ապա՝ փրկվել Նրա կողմից. սրանք կլինեն մարդիկ, որոնք անպատվություն բերեցին Աստծու վրա և հետագայում վկայություն կրեցին Նրա համար։ Անցնելով Նրա կողմից փորձվելու միջով և մնալով՝ նրանց գոյությունը կլինի ամենաիմաստալի գոյությունը. նրանք կլինեն մարդիկ, որոնք Սատանայի առջև վկայություն կրեցին Աստծու համար, և մարդիկ, որոնք արժանի են ապրելու։ Նրանք, ովքեր կկործանվեն, այն մարդիկ են, որոնք չեն կարող հաստատուն կանգնել Աստծու՝ իրենց վկայության մեջ և ապրել շարունակելու պիտանի չեն։ Նրանց կործանումը կլինի իրենց չար գործերի արդյունքը, և նման ոչնչացումը լավագույն նշանակության վայրն է նրանց համար։ Ապագայում, երբ մարդկությունը մտնի այդ գեղեցիկ ոլորտը, չեն լինի ամուսնու և կնոջ, հոր և դստեր կամ մոր և որդու միջև այն հարաբերությունները, որոնք մարդիկ պատկերացնում են, թե կունենան։ Այդ ժամանակ յուրաքանչյուր մարդ կդասավորվի ըստ իր տեսակի, և ընտանիքներն արդեն քանդված կլինեն։ Լիովին ձախողվելով՝ Սատանան այլևս երբեք չի անհանգստացնի մարդկությանը, և ուստի մարդիկ այլևս սատանայական ապականված խառնվածքներ չեն ունենա։ Այդ ապստամբ մարդիկ արդեն կործանված կլինեն, և ողջ կմնան միայն այն մարդիկ, որոնք հնազանդվում են։ Որպես այդպիսին՝ շատ քիչ ընտանիքներ ամբողջությամբ ողջ կմնան, ուստի, ինչպե՞ս կարող են շարունակել գոյություն ունենալ մսեղավոր հարաբերություններ։ Մարդկության՝ մսեղիի նախկին կյանքը լիովին կարգելվի. ուրեմն ինչպե՞ս կարող են մարդկանց միջև գոյություն ունենալ մսեղավոր հարաբերություններ։ Առանց սատանայական ապականված խառնվածքների՝ մարդկային կյանքն այլևս անցյալի հին կյանքը չի լինի, այլ, ավելի շուտ, կլինի նոր կյանք։ Ծնողները կկորցնեն զավակներին, իսկ զավակները կկորցնեն ծնողներին։ Ամուսինները կկորցնեն կանանց, իսկ կանայք կկորցնեն ամուսիններին։ Ներկայում մարդկանց միջև գոյություն ունեն մսեղավոր հարաբերություններ, բայց դրանք այլևս գոյություն չեն ունենա, երբ բոլորը մտնեն հանգստի մեջ։ Միայն այս տեսակի մարդկությունը կունենա արդարություն և սրբություն. միայն այս տեսակի մարդկությունը կարող է երկրպագել Աստծուն։

Աստված ստեղծեց մարդկանց, Նա դրեց նրանց երկրի վրա և այդ ժամանակվանից ի վեր առաջնորդեց նրանց։ Այնուհետև Նա փրկեց նրանց և ծառայեց որպես մարդկության մեղքի զոհ և վերջում Նա դեռ պետք է նվաճի մարդկությանը, փրկի մարդկանց ամբողջությամբ և վերադարձնի նրանց իրենց նախնական նմանությունը։ Սա է այն գործը, որում Նա ներգրավված է եղել սկզբից մինչև վերջ, այն է՝ վերականգնել մարդկությանն իր նախնական պատկերին և նմանությանը։ Աստված կհաստատի Իր թագավորությունը և կվերականգնի մարդկանց նախնական նմանությունը, ինչը նշանակում է, որ Աստված կվերականգնի Իր իշխանությունը երկրի վրա և բոլոր արարածների մեջ։ Սատանայի կողմից ապականվելուց հետո մարդիկ կորցրին իրենց աստվածավախ սրտերը, ինչպես նաև այն գործառույթը, որն արարածները պետք է ունենային։ Նրանք բոլորը դարձան Աստծու դեմ ապստամբող թշնամիներ, ապրեցին Սատանայի իշխանության տակ և ենթարկվեցին Սատանայի մանիպուլյացիային․ ուստի Աստված ոչ մի կերպ չէր կարող գործել Իր արարածների մեջ և, առավել ևս, անկարող դարձավ ձեռք բերել նրանց երկյուղը։ Մարդկանց ստեղծել է Աստված, և նրանք պետք է պաշտեն Աստծուն, սակայն իրականում նրանք մեջքով են շրջվել դեպի Նրան և փոխարենը՝ պաշտել են Սատանային։ Սատանան դարձել է նրանց սրտի կուռքը։ Ուստի Աստված կորցրել է Իր տեղը նրանց սրտերում, այսինքն՝ Նրա կողմից մարդկության արարչագործության իմաստը կորել է։ Հետևաբար, որպեսզի վերականգնի Իր կողմից մարդկության արարման իմաստը, Նա պետք է վերականգնի նրանց նախնական նմանությունը և ազատի մարդկությանը նրա ապականված խառնվածքից։ Մարդկանց Սատանայից վերանվաճելու համար Նա պետք է նրանց փրկի մեղքից։ Միայն այսպիսով Աստված կարող է աստիճանաբար վերականգնել նրանց նախնական նմանությունը և գործառույթը և ի վերջո՝ վերականգնել Իր թագավորությունը։ Վերջում ապստամբության որդիների ամբողջական կործանումը կլինի հանուն այն բանի, որպեսզի մարդիկ ավելի լավ պաշտեն Աստծուն և ավելի լավ ապրեն երկրի վրա։ Քանի որ Աստված է արարել մարդկանց, Նա կստիպի պաշտել Իրեն, քանի որ Նա ցանկանում է վերականգնել մարդկության նախնական գործառույթը, Նա ամբողջությամբ կվերականգնի այն՝ առանց կեղծիքի։ Նրա իշխանության վերականգնումը նշանակում է ստիպել մարդկանց պաշտել Նրան և հնազանդվել Նրան. դա նշանակում է, որ Աստված այնպես կանի, որպեսզի մարդիկ ապրեն Իր շնորհիվ, և Նրա թշնամիներին կկործանի՝ որպես Նրա իշխանության արդյունք։ Դա նշանակում է, որ Աստված այնպես կանի, որ Իր հետ կապված ամեն ինչը շարունակի գոյություն ունենալ մարդկանց մեջ՝ առանց որևէ մեկի կողմից հակառակության։ Թագավորությունը, որն Աստված կամենում է ստեղծել, Իր սեփական թագավորությունն է։ Նրա կամեցած մարդկությունն այն է, որը պաշտում է Իրեն, հնազանդվում է Իրեն լիովին և ունի Իր փառքը։ Եթե Աստված չփրկեր ապականված մարդկությանը, ապա Նրա կողմից մարդկության արարման իմաստը կկորչեր. Նա այլևս իշխանություն չէր ունենա մարդկանց մեջ, և Նրա թագավորությունն այլևս չէր կարողանա գոյություն ունենալ երկրի վրա։ Եթե Աստված չկործաներ այն թշնամիներին, որոնք ապստամբ են Իր դեմ, Նա անկարող կլիներ ձեռք բերել Իր ամբողջական փառքը, ոչ էլ կկարողանար հաստատել Իր թագավորությունը երկրի վրա։ Մարդկության միջից Իր դեմ ապստամբողներին լիովին կործանելը և ավարտուն դարձվածներին հանգստի մեջ բերելը՝ սրանք կլինեն Նրա գործի ավարտի և Նրա մեծ իրագործման նշանները։ Երբ մարդիկ վերադառնան իրենց նախնական նմանությանը և կարողանան իրականացնել իրենց համապատասխան պարտավորությունները, պահպանել իրենց իսկ պատշաճ տեղերը և հնազանդվել Աստծու բոլոր կարգավորումներին, Աստված երկրի վրա ձեռք բերած կլինի մի խումբ, որը պաշտում է Իրեն, և Նա երկրի վրա հիմնած կլինի թագավորություն, որը պաշտում է Իրեն։ Նա երկրի վրա հավերժական հաղթանակ կունենա, իսկ բոլոր Նրան հակառակվողները կկորչեն հավիտյան։ Դա կվերականգնի մարդկությանը ստեղծելու Նրա նախնական մտադրությունը. դա կվերականգնի ամեն բան ստեղծելու Նրա մտադրությունը և կվերականգնի Նրա իշխանությունը երկրի վրա, ամեն բանի մեջ և Նրա թշնամիների շրջանում։ Սրանք կլինեն Նրա ամբողջական հաղթանակի նշանները։ Այնուհետև մարդկությունը կմտնի հանգստի մեջ և կսկսի ապրել կյանքով, որը ճիշտ ուղու վրա է։ Աստված նույնպես մարդկության հետ կմտնի հավերժական հանգստի մեջ և կսկսի ապրել հավերժական կյանքով՝ կիսելով այն Իր և մարդկանց միջև։ Կեղտը և ըմբոստությունը երկրի վրայից վերացած կլինեն, և ողջ ողբը ցրված կլինի, և ամեն ինչ այս աշխարհում, որը հակառակ է Աստծուն, դադարած կլինի գոյություն ունենալ։ Միայն Աստված և այն մարդիկ, որոնց Նա փրկություն է բերել, կմնան. միայն Նրա արարչագործությունը կմնա։

Նախորդը.  Մարդու բնականոն ապրելակերպի վերականգնումը և նրան հրաշալի նշանակության վայր տանելը

Հաջորդը.  Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger