Գլուխ 1
Նրանք, ովքեր տեսել են Իմ խոսքերը, արդյո՞ք իսկապես ընդունում են դրանք։ Դուք իսկապես ճանաչո՞ւմ եք Ինձ։ Արդյո՞ք իսկապես սովորել եք հնազանդվել։ Անկեղծորեն նվիրաբերվո՞ւմ եք Ինձ։ Մեծ կարմիր վիշապի առջև արդյո՞ք իսկապես ուժեղ և հզոր վկայություն եք տվել Իմ մասին։ Ձեր հավատարմությունն իսկապե՞ս ամոթի մեջ է գցում մեծ կարմիր վիշապին։ Միայն Իմ խոսքերի փորձության միջոցով կարող եմ հասնել Իմ նպատակին՝ մաքրելու եկեղեցին և ընտրելու նրանց, ովքեր անկեղծորեն սիրում են Ինձ։ Եթե Ես այդ կերպ չգործեի, մի՞թե որևէ մեկը կկարողանար ճանաչել Ինձ։ Ո՞վ կճանաչեր Իմ մեծությունը, Իմ ցասումը, Իմ իմաստությունն Իմ խոսքերի միջոցով։ Սկսելով Իմ գործը՝ Ես անպայման այն կհասցնեմ ավարտին, սակայն հենց Ես եմ, որ խորությամբ քննում եմ մարդկանց սրտերը։ Ճիշտն ասած՝ մարդկանց մեջ չկա մեկը, ով լիովին ճանաչում է Ինձ, ուստի Ես օգտագործում եմ խոսքերը՝ ուղղորդելու բոլորի մարդկանց, տանելու նրանց դեպի նոր դարաշրջան։ Վերջում Ես խոսքերի միջոցով կկատարեմ Իմ ամբողջ գործը՝ այնպես անելով, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են Ինձ, հանձնվեն Իմ արքայությանը և ապրեն Իմ գահի առաջ։ Այսօր իրավիճակն այլևս նախկինը չէ, և Իմ գործը մտել է նոր մեկնակետ։ Ուստի կլինի նոր մոտեցում․ բոլոր նրանք, ովքեր տեսնում են Իմ խոսքը և ընդունում այն որպես իրենց իսկ կյանքը, Իմ արքայության մարդիկ են, և լինելով Իմ արքայության մեջ՝ նրանք Իմ արքայության ժողովուրդն են։ Քանի որ ընդունում են Իմ խոսքերի առաջնորդությունը, թեև կոչվում են Իմ ժողովուրդ, այդ կոչումը որևէ կերպ չի զիջում «Իմ որդիներ» կոչվելուն։ Աստծու ժողովուրդ դառնալուց հետո բոլորը պետք է հավատարմություն ցուցաբերեն Իմ թագավորության մեջ և կատարեն իրենց պարտավորություններն Իմ թագավորության մեջ։ Ով խախտում է Իմ կառավարչական հրամանագրերը, պետք է ստանա Իմ հանդիմանությունը։ Սա Իմ խորհուրդն է բոլորին։
Այժմ մուտք է գործվել նոր ճանապարհ, և անցյալն այլևս պիտանի չէ կրկին հիշատակելու։ Բայց Ես սա նախկինում էլ ասել եմ․ Ես նկատի ունեմ այն, ինչ ասում եմ, և այն, ինչ նկատի ունեմ, պետք է կատարվի, և ոչ ոք չի կարող սա փոխել․ դա բացարձակ է։ Թե՛ այն խոսքերը, որ Ես ասել եմ անցյալում, թե՛ այն խոսքերը, որ պիտի ասեմ ապագայում, բոլորը մեկը մյուսի հետևից կկատարվեն, և Ես թույլ կտամ ողջ մարդկությանը տեսնել սա։ Սա է Իմ խոսքերի և Իմ գործի սկզբունքը։ Քանի որ եկեղեցու կառուցումն արդեն իրականացվել է, այժմ այլևս եկեղեցաշինության ժամանակը չէ, այլ այն ժամանակը, երբ թագավորությունը հաջողությամբ կառուցվում է։ Սակայն, քանի որ դուք դեռևս երկրի վրա եք, երկրի վրա մարդկանց ժողովները կշարունակեն կոչվել «եկեղեցի»։ Այնուամենայնիվ, եկեղեցու էությունն այլևս այն չէ, ինչ նախկինում էր. այն եկեղեցի է, որն արդեն հաջողությամբ կառուցված է։ Ուստի ասում եմ՝ Իմ արքայությունն արդեն իջել է երկրի վրա։ Ոչ ոք չի կարող ըմբռնել Իմ խոսքերի արմատը, և նրանք չգիտեն Իմ խոսելու նպատակը։ Հենց որ այսօր խոսեմ ձեզ հետ, փորձառաբար կապրեք հայտնություն։ Ոմանք կարող են բարձրաձայն և դառնորեն լաց լինել, ոմանք կարող են վախենալ, թե հենց այսպես եմ Ես խոսում, ոմանք կարող են կառչած մնալ իրենց հին հայացքներին՝ հետևելով Իմ յուրաքանչյուր քայլին։ Ոմանք կարող են զղջալ, որ ժամանակին արտահայտել են իրենց դժգոհությունները կամ հակառակվել են Ինձ։ Ոմանք կարող են գաղտնի ուրախանալ, որ երբեք չեն շեղվել Իմ անունից և այսօր նրանք վերակենդանանում են։ Կարող են լինել ոմանք, ովքեր վաղուց Իմ խոսքերից «տանջվել են» այնքան, որ կիսամեռ վիճակի են հասել, վհատված ու ընկճված են և այլևս սիրտ չունեն ականջ դնելու Իմ ասած խոսքերին, թեև Ես փոխել եմ Իմ խոսելու ձևը. կամ կարող են լինել ուրիշները, ովքեր որոշ աստիճանի հավատարիմ են եղել՝ երբեք չբողոքելով և չկասկածելով և այսօր բավականին բախտավոր են ազատություն ստանալու և իրենց սրտերում Իմ հանդեպ անարտահայտելի երախտագիտություն զգալու համար։ Վերը նշված բոլոր վիճակները, տարբեր աստիճաններով, վերաբերում են յուրաքանչյուր մարդ արարածին։ Բայց ի վերջո անցյալն անցյալ է։ Քանի որ ներկան արդեն այստեղ է, հետևաբար այլևս կարիչ չկա կառչելու երեկվա օրվան կամ մտահոգվելու ապագայի մասին։ Մարդ լինելով՝ ով որ հակադրվում է իրականությանը և չի գործում Իմ ուղղորդման համաձայն, բարի վախճան չի ունենա, այլ միայն փորձանք կբերի իր գլխին։ Տիեզերքի մեջ չկա ոչինչ, որի վերաբերյալ Ես վերջին խոսքը չունենամ։ Կա՞ արդյոք մի բան, որ Իմ ձեռքերում չէ։ Երբ Ես ասում եմ, որ ինչ-որ բան պետք է արվի, այդպես էլ արվում է, և մարդկանցից ո՞վ կարող է փոխել Իմ վճիռը։ Մի՞թե դա այն ուխտն է, որ Ես հաստատել եմ երկրի վրա։ Ոչինչ չի կարող խոչընդոտել Իմ ծրագրի առաջընթացը։ Բոլոր ժամանակներում Ես իրականացնում եմ Իմ գործը, և բոլոր ժամանակներում Ես ծրագրում եմ Իմ տնօրինությունը։ Մարդկանցից ո՞վ կարող է իրեն ներգրավել։ Մի՞թե Ես չեմ անձամբ կարգավորել ամեն ինչ։ Այսօր այս արքայություն մտնելը նույնպես դուրս չէ Իմ ծրագրից կամ Իմ կանխատեսածից. Ես դա վաղուց էի Իմ կողմից նախասահմանել։ Ձեզնից ո՞վ կարող է ըմբռնել այս քայլը։ Իմ ժողովուրդն, անշուշտ, կլսի Իմ ձայնը, և բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են Ինձ, անշուշտ, պիտի վերադառնան Իմ գահի առաջ։
20-ը փետրվարի, 1992թ.