Գլուխ 10

Թագավորության դարաշրջանն ի վերջո տարբերվում է անցյալ ժամանակներից։ Այն չի վերաբերում նրան, թե ինչպես է մարդկությունը գործում. այլ, որ Ես իջել եմ երկիր՝ անձամբ կատարելու Իմ գործը, մի բան, որը մարդիկ չեն կարող ո՛չ պատկերացնել, ո՛չ էլ իրագործել։ Այսքան տարի՝ աշխարհի արարումից ի վեր, գործը միայն եկեղեցու կառուցման մասին է եղել, բայց թագավորության կառուցման մասին երբեք չի լսվել։ Թեև Ես Իմ սեփական բերանով եմ խոսում այս մասին, կա՞ արդյոք մեկը, ով գիտի դրա բուն էությունը։ Ես մի անգամ իջա մարդկանց աշխարհ, փորձառաբար ապրեցի ու տեսա նրանց տառապանքը, բայց դա արեցի՝ առանց Իմ մարմնացման նպատակն իրագործելու։ Հենց որ թագավորության կառուցումը սկսվեց, Իմ մարմնացած մսեղին պաշտոնապես սկսեց կատարել Իմ սպասավորությունը. այսինքն՝ թագավորության Թագավորը պաշտոնապես ստանձնեց Իր գերիշխանությունը։ Այստեղից ակնհայտ է, որ թագավորության իջնելը մարդկային աշխարհ միայն բառացի կողմ չունի. Ավելին՝ այն նաև գործնական կողմ ունի, ինչը «կիրարկման իրականություն» արտահայտության նշանակության մի մասն է։ Մարդիկ երբեք չեն տեսել Իմ գործերից և ոչ մեկը, ոչ էլ երբևէ Իմ արտահայտումներից որևէ մեկն են լսել։ Նույնիսկ եթե նրանք տեսած լինեին Իմ գործերը, ի՞նչ կհայտնաբերեին։ Եվ եթե լսած լինեին Իմ խոսելը, ի՞նչ կհասկանային։ Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր ոք գոյություն ունի Իմ ողորմության և գթասրտության մեջ, բայց ողջ մարդկությունը նաև Իմ դատաստանի ներքո է և նույնպես ենթակա է Իմ փորձություններին։ Ես ողորմած ու սիրող եմ եղել մարդկանց հանդեպ անգամ այն ժամանակ, երբ նրանք բոլորը որոշակի աստիճանի ապականված են եղել. Ես պատիժ եմ սահմանել նրանց համար անգամ այն ժամանակ, երբ նրանք բոլորը հանձնվել են Իմ գահի առջև։ Սակայն կա՞ արդյոք որևէ մարդ, որն Իմ ուղարկած տառապանքի և զտման մեջ չէ։ Այնքան շատ մարդիկ, խավարի մեջ խարխափելով, լույս են փնտրում, և այնքան շատերն են դառնորեն պայքարում իրենց փորձությունների միջով։ Հոբը հավատք ուներ, բայց մի՞թե նա իր համար ելք չէր փնտրում։ Թեև Իմ ժողովուրդը կարող է փորձություններին դեմ հանդիման հաստատուն կանգնել, կա՞ արդյոք մեկը, ով, առանց դա բարձրաձայն արտահայտելու, հոգու խորքում նույնպես հավատ ունի։ Մի՞թե ավելի շուտ այնպես չէ, որ մարդիկ պնդում են, թե հավատք ունեն, մինչդեռ իրենց սրտերում դեռ կասկածներ են տածում։ Չկան մարդիկ, որոնք հաստատուն կանգնել են փորձության մեջ կամ որոնք անկեղծորեն հնազանդվում են, երբ փորձվում են։ Եթե Ես չծածկեի Իմ դեմքը՝ այս աշխարհին նայելուց խուսափելու համար, ողջ մարդկային ցեղը կտապալվեր Իմ այրող սևեռուն հայացքի ներքո, քանզի Ես ոչինչ չեմ պահանջում մարդկությունից։

Երբ հնչում է թագավորության համազարկը, որը նաև այն ժամանակն է, երբ թնդում են յոթ որոտները, այս ձայնը ցնցում է երկինքն ու երկիրը՝ սասանելով երկնակամարը և յուրաքանչյուր մարդու սրտի լարերին մղելով թրթռալու։ Թագավորության օրհներգը պաշտոնապես բարձրանում է մեծ կարմիր վիշապի երկրում՝ ապացուցելով, որ Ես կործանել եմ այդ երկիրը և հաստատել Իմ թագավորությունը։ Ավելի կարևոր է, որ Իմ թագավորությունը հաստատված է երկրի վրա։ Այս պահին Իմ հրեշտակները սկսում են ուղարկվել՝ շրջելու աշխարհի յուրաքանչյուր երկրում, որպեսզի հովվեն Իմ որդիներին և Իմ մարդկանց. սա նաև Իմ գործի հաջորդ քայլի պահանջները բավարարելու համար է։ Սակայն Ես անձամբ եմ գալիս այն վայրը, որտեղ մեծ կարմիր վիշապն է գալարված, և «վերջ եմ դնում» դրան։ Հենց որ բոլոր մարդիկ ճանաչեն Ինձ մսեղիի մեջ և կարողանան տեսնել Իմ գործերը մսեղիի մեջ, մեծ կարմիր վիշապի որջը մոխրի կվերածվի և անհետանա։ Որպես Իմ թագավորության մարդիկ՝ քանի որ դուք մինչև ուղն ու ծուծն ատում եք մեծ կարմիր վիշապին, դուք պետք է ձեր գործերով բավարարեք Իմ սիրտը և այսկերպ ամոթ բերեք վիշապի վրա։ Դուք անկեղծորեն զգո՞ւմ եք, որ մեծ կարմիր վիշապն ատելի է։ Դուք իսկապե՞ս զգում եք, որ նա թագավորության Թագավորի թշնամին է։ Դուք իսկապե՞ս հավատք ունեք, որ կարող եք հրաշալի վկայություն տալ Ինձ համար։ Դուք իսկապե՞ս հավատք ունեք՝ հաղթելու մեծ կարմիր վիշապին։ Ձեզնից Իմ պահանջածը սա է. Ինձ պետք է միայն որ դուք կարողանաք հասնել այս քայլին։ Կկարողանա՞ք արդյոք անել սա։ Հավատք ունե՞ք, որ կարող եք հասնել սրան։ Իրականում ի՞նչ են ընդունակ անելու մարդիկ։ Մի՞թե ավելի շուտ այնպես չէ, որ Ես Ինքս եմ դա անում։ Ինչո՞ւ եմ ասում, որ Ես անձամբ եմ գալիս այն վայրը, որտեղ ճակատամարտ է մղվում։ Իմ ուզածը ձեր հավատքն է, ոչ թե ձեր գործերը։ Մարդիկ բոլորն անկարող են ուղիղ կերպով հասկանալ Իմ խոսքերը և դրա փոխարեն պարզապես կողքից են նայում դրանց։ Սա օգնե՞լ է ձեզ հասնելու ձեր նպատակներին։ Դուք այսկե՞րպ եք ճանաչել Ինձ։ Անկեղծ ասած՝ երկրի վրայի մարդկանցից ոչ մեկն ընդունակ չէ ուղիղ նայելու Իմ դեմքին, և ոչ մեկն ի վիճակի չէ մաքուր կերպով ըմբռնելու Իմ խոսքերի իմաստը։ Ուստի Ես աննախադեպ ծրագիր եմ սկսել երկրի վրա՝ Իմ նպատակներին հասնելու և թույլ տալու, որ Իմ ճշմարիտ պատկերն իր տեղը զբաղեցնի մարդկանց սրտերում։ Այսկերպ Ես վերջ կդնեմ այն դարաշրջանին, որտեղ պատկերացումներն իշխանություն ունեն մարդկանց վրա։

Այսօր Ես ոչ միայն իջնում եմ մեծ կարմիր վիշապի երկիր, այլև շրջվում եմ դեմքով դեպի ողջ տիեզերքը՝ ողջ երկնակամարին մղելով ցնցվելու։ Կա՞ արդյոք որևէ տեղ, որը ենթակա չէ Իմ դատաստանին։ Կա՞ արդյոք որևէ տեղ, որը գոյություն չունի այն աղետների մեջ, որոնք Ես տեղում եմ դրա վրա։ Ուր էլ որ գնամ, ամեն տեսակ «աղետի սերմեր» եմ ցրել։ Սա այն ուղիներից մեկն է, որով Ես գործում եմ, և, անկասկած, փրկության գործողություն է մարդկության համար, և այն, ինչ Ես ցույց եմ տալիս նրանց, դեռևս գթասրտության մի տեսակ է։ Ես թույլ կտամ է՛լ ավելի շատ մարդկանց ճանաչել Ինձ ու տեսնել Ինձ և այսկերպ սկսել վախենալ Աստծուց, ում նրանք այսքան տարի չէին կարող տեսնել, բայց ով հենց հիմա գործնական է։ Ի՞նչ պատճառով Ես արարեցի աշխարհը։ Ինչո՞ւ մարդկանց ապականվելուց հետո Ես ամբողջովին չոչնչացրի նրանց։ Ի՞նչ պատճառով է ողջ մարդկային ցեղն ապրում աղետների մեջ։ Ո՞րն էր Իմ նպատակը՝ անձամբ մսեղին հագնելիս։ Երբ Ես կատարում եմ Իմ գործը, մարդկությունը ոչ միայն դառնության, այլև քաղցրության համն է սովորում։ Աշխարհի բոլոր մարդկանցից ո՞վ չի ապրում Իմ շնորհքի մեջ։ Եթե Ես մարդկանց չօժտեի նյութական օրհնություններով, ո՞վ կկարողանար բարգավաճել աշխարհում։ Մի՞թե ձեզ թույլ տալը, որ հասնեք Իմ ժողովրդի կարգավիճակին, օրհնություն է։ Եթե դուք լինեիք ոչ թե Իմ ժողովուրդը, այլ, ավելի շուտ, ծառայություն մատուցողներ, մի՞թե դեռ գոյություն չէիք ունենա Իմ օրհնությունների ներսում։ Ձեզանից ոչ մեկն ընդունակ չէ ըմբռնելու Իմ խոսքերի ծագումը։ Մարդիկ չեն գնահատում այն տիտղոսները, որոնք Ես շնորհում եմ նրանց։ Այնքան շատ մարդիկ «ծառայություն մատուցող» տիտղոսի պատճառով դժգոհություններ են տածում իրենց սրտերում, և այնքան շատերն «Իմ մարդիկ» տիտղոսի պատճառով իրենց սրտերում Իմ հանդեպ սեր են զարգացնում։ Ոչ ոք չպետք է փորձի հիմարացնել Ինձ. իմ աչքերով Ես զննում եմ ամեն բան։ Ձեզանից ո՞վ է հոժարակամորեն ընդունում և կատարյալ հնազանդություն ունի։ Եթե թագավորության համազարկը չհնչեր, դուք իսկապե՞ս կկարողանայիք հնազանդվել մինչև վերջ։ Այն, ինչ մարդիկ ունակ են անելու և մտածելու, և թե որքան հեռու նրանք կարող են գնալ, այս բոլոր բաները Ես վաղուց եմ նախասահմանել։

Մարդկանց ճնշող մեծամասնությունն Իմ այրումն ընդունում է Իմ դեմքի լույսի ներքո։ Մարդկանց ճնշող մեծամասնությունն Իմ քաջալերանքի ներքո արթնանում է և առաջ մղվում ձգտման մեջ։ Երբ Սատանայի ուժերը հարձակվում են Իմ մարդկանց վրա, Ես այնտեղ եմ՝ նրանց ետ մղելու համար. երբ Սատանայի դավերն ավերածություններ են առաջացնում նրանց կյանքում, Ես նրան ստիպում եմ խուճապահար փախչել անվերադարձ։ Երկրի վրա ամեն տեսակ չար ոգիներ հավերժ թափառում են՝ հանգստանալու տեղ փնտրելով. նրանք անվերջ փնտրում են նրանց դիակները, ում կարող են խժռել։ Ի՛մ մարդիկ։ Դուք պետք է մնաք Իմ խնամքի և պաշտպանության ներքո։ Երբե՛ք սանձարձակ մի եղեք։ Երբե՛ք անխոհեմ մի վարվեք։ Դու քո հավատարմությունը պետք է ընծայես Իմ տանը և միայն հավատարմությամբ կարող ես հակահարված տալ դևերի դավերին։ Ոչ մի դեպքում չպետք է վարվես այնպես, ինչպես անցյալում էիր անում՝ մի բան Իմ առջև անելով, իսկ մեկ այլ բան՝ Իմ թիկունքում. եթե այսպես վարվես, ապա արդեն անդառնալիորեն կորած ես։ Մի՞թե այսպիսի խոսքեր ավելի քան բավարար չեմ արտահայտել։ Հենց այն պատճառով, որ մարդկության հին բնությունն անուղղելի է, Ես ստիպված եմ եղել մարդկանց կրկնակի հիշեցումներ տալ։ Մի՛ ձանձրացեք։ Այն, ինչ Ես ասում եմ, ամբողջովին հանուն ձեր ճակատագրի է։ Գարշելի ու կեղտոտ վայրը հենց այն է, ինչ պետք է Սատանային. որքան անհուսալիորեն անուղղելի և սանձարձակ եք՝ հրաժարվելով զսպվածությանը ենթարկվելուց, այնքան ավելի շատ ամեն տեսակ անմաքուր հոգիներ կօգտվեն ցանկացած առիթից՝ ձեր մեջ ներթափանցելու համար։ Եթե դուք հասել եք այս կետին, ապա ձեր հավատարմությունը կլինի ոչ այլ ինչ, քան դատարկ շատախոսություն՝ առանց որևէ իրականության, և ձեր վճռականությունը կխժռվի անմաքուր հոգիների կողմից ու կվերածվի ապստամբության և Սատանայի դավերի՝ խաթարելու Իմ գործը՝ թողնելով, որ դուք տապալվեք Իմ կողմից ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Ոչ ոք չի հասկանում այս իրավիճակի լրջությունը. նրանք բոլորը պարզապես խուլ են ձևանում դրա հանդեպ և ամենևին զգույշ չեն։ Ես չեմ հիշում, թե ինչ է արվել անցյալում. դու իրականում դեռ սպասո՞ւմ ես, որ Ես ներողամիտ լինեմ քո հանդեպ՝ ևս մեկ անգամ «չհիշելով»։ Թեև մարդիկ հակադրվել են Ինձ, Ես դա նրանց դեմ չեմ օգտագործի, քանզի նրանց հասակը չափազանց փոքր է, և ուստի Ես չափազանց բարձր պահանջներ չեմ սահմանել նրանց համար։ Այն ամենը, ինչ Ես պահանջում եմ, նրանք սանձարձակ չլինելն է և զսպվածությանը ենթարկվելը։ Հնարավո՞ր է, որ այս մեկ պայմանը բավարարելը ձեր կարողությունից վեր է։ Մարդկանց մեծ մասն սպասում է, որ Ես է՛լ ավելի շատ խորհուրդներ բացահայտեմ, որպեսզի նրանք հաճույքով նայեն։ Սակայն, նույնիսկ եթե դու հասկանայիր երկնքի բոլոր խորհուրդները, հետո՞ ինչ։ Դա կմեծացնե՞ր քո սերն Իմ հանդեպ։ Դա կարթնացնե՞ր քո սերն Իմ հանդեպ։ Ես չեմ թերագնահատում մարդկանց, ոչ էլ թեթևամտորեն դատողություններ եմ անում նրանց մասին։ Եթե սրանք չլինեին մարդկանց իրական հանգամանքները, Ես երբեք նրանց այսքան անփութորեն չէի պիտակավորի։ Մտաբերեք անցյալը։ Քանի՞ անգամ եմ Ես զրպարտել ձեզ։ Քանի՞ անգամ եմ Ես թերագնահատել ձեզ։ Քանի՞ անգամ եմ զննել ձեզ՝ առանց հաշվի առնելու ձեր իրական հանգամանքները։ Քանի՞ անգամ են Իմ արտահայտումները ձախողել ձեզ ամբողջ սրտով ձեռք բերել։ Քանի՞ անգամ եմ խոսել՝ առանց ձեր ներսում խորապես արձագանքող լարի դիպչելու։ Ձեզնից ո՞վ է կարդացել Իմ խոսքերն առանց վախի ու դողի՝ խորապես վախենալով, որ Ես կտապալեմ ձեզ անհատակ անդունդը։ Ո՞վ փորձություններ չի կրում Իմ խոսքերից։ Իմ արտահայտումների մեջ իշխանություն է բնակվում, բայց սա մարդկանց վրա պատահական դատաստան կայացնելու համար չէ. ավելի շուտ, ելնելով նրանց իրական հանգամանքներից, Ես մշտապես բացահայտում եմ նրանց Իմ խոսքերին ներհատուկ իմաստը։ Իրականում կա՞ արդյոք մեկը, ով ունակ է Իմ խոսքերից ճանաչելու Իմ ամենակարողությունը։ Կա՞ արդյոք մեկը, ով կարող է հասկանալ մաքուր ոսկին Իմ խոսքերում. ես անթիվ չասված խոսքեր եմ ասել. որևէ մեկը երբևէ գնահատե՞լ է դրանք։

Մարտի 3, 1992

Նախորդը.  Գլուխ 8

Հաջորդը.  Թագավորության օրհներգը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger