Թագավորության օրհներգը

Իմ ժողովրդի բազմությունը ցնծությամբ կանչում է Ինձ, Իմ ժողովրդի բազմությունը գովաբանում է Ինձ. բյուրավոր բերաններ տալիս են միակ ճշմարիտ Աստծու անունը, բյուրավոր մարդիկ բարձրացնում են իրենց աչքերը՝ հեռուն նայելով, որպեսզի դիտեն Իմ գործերը։ Թագավորությունն իջնում է մարդկանց աշխարհի վրա, Իմ անձը հարուստ է և առատ։ Ո՞վ չի ուրախանա սրանից։ Ո՞վ չի պարի ուրախությունից։ Օ՜, Սիո՛ն։ Բարձրացրո՛ւ քո հաղթական դրոշը՝ Ինձ տոնելու համար։ Երգի՛ր քո հաղթանակի երգը՝ Իմ սուրբ անունը հռչակելու համար։ Ո՛ղջ արարչություն մինչև երկրի ծայրերը։ Շտապե՛ք մաքրվել, որպեսզի ընծաներ դառնաք Ինձ համար։ Վերևի աստղերի՛ բազմություն։ Շտապե՛ք վերադառնալ ձեր տեղերը՝ երկնակամարում Իմ հզոր ուժը ցույց տալու համար։ Ես ականջ եմ դնում՝ ուշադրությամբ լսելու երկրի վրա Իմ ժողովրդի ձայները, ովքեր երգի մեջ թափում են իրենց անսահման սերն ու ակնածանքն Իմ հանդեպ։ Այս օրը, երբ ողջ արարչությունը վերակենդանանում է, Ես իջնում եմ մարդկանց աշխարհ։ Հենց այս պահին բոլոր ծաղիկները փարթամորեն ծաղկում են, բոլոր թռչունները երգում են միաձայն, բոլոր բաները լցվում են ուրախությամբ։ Թագավորության թնդանոթային համազարկերի ներքո Սատանայի թագավորությունը տապալվում է, ոչնչանում թագավորության օրհներգի որոտի մեջ՝ այլևս երբեք ոտքի չելնելու համար։

Երկրի վրա ո՞վ կհամարձակվի վեր կենալ և դիմադրել։ Երբ Ես իջնում եմ երկիր, Ես բերում եմ այրում, բերում եմ ցասում, բերում եմ բոլոր աղետները։ Երկրային թագավորություններն այժմ Իմ թագավորությունն են։ Վերևում՝ երկնքում, ամպերը խառնվում և ալեկոծվում են. երկնքի տակ լճերն ու գետերը ծփում են և ուրախությամբ հնչեցնում են հուզիչ մի մեղեդի։ Հանգստացող կենդանիները դուրս են գալիս իրենց որջերից, և Ես արթնացնում եմ Իմ բյուրավոր մարդկանց իրենց նիրհից։ Իմ բյուրավոր մարդկանց կողմից սպասված օրը վերջապես եկե՛լ է։ Նրանք մատուցում են Ինձ ամենագեղեցիկ երգերը։

Այս գեղեցիկ ակնթարթին, այս խնդագին պահին,

գովաբանությունը հնչում է ամենուր՝ վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։ Ո՞վ չի ոգևորվի սրանից։

Ու՞մ սիրտը չի թեթևանա։ Ո՞վ չի արտասվի այս տեսարանից։

Երկինքն այլևս հին երկինքը չէ, այժմ այն թագավորության երկինքն է։

Երկիրն այլևս այն երկիրը չէ, որ կար, այժմ այն սուրբ երկիրն է։

Հորդառատ անձրևի դադարից հետո կեղտոտ հին աշխարհն ամբողջովին նորոգվում է։

Լեռները փոխվում են... ջրերը փոխվում են...

մարդիկ նույնպես փոխվում են... բոլոր բաները փոխվում են...

Ա՜հ, դո՛ւք, լուռ լեռներ։ Վե՛ր կացեք և պարե՛ք Ինձ համար։

Ա՜հ, դո՛ւք, հանդարտ ջրեր։ Շարունակե՛ք հոսել։

Դո՛ւք, երազներ տեսնող մարդիկ։ Արթնացե՛ք և հետամո՛ւտ եղեք։

Ես եկել եմ... Ես Թագավոր եմ...

Բոլորն իրենց սեփական աչքերով կտեսնեն Իմ դեմքը, իրենց սեփական ականջներով կլսեն Իմ ձայնը,

իրենք իրենց համար կապրեն թագավորության կյանքով...

Որքա՜ն քաղցր է... որքա՜ն գեղեցիկ...

Անմոռանալի... անհնար է մոռանալ...


Իմ ցասման այրման մեջ մեծ կարմիր վիշապը պայքարում է.

Իմ մեծափառ դատաստանի մեջ դևերը ցույց են տալիս իրենց իրական կերպարանքները.

Իմ խիստ խոսքերից մարդիկ բոլորը խոր ամոթ են զգում և թաքնվելու տեղ չունեն։

Նրանք հիշում են անցյալը, թե ինչպես էին ծաղրում և ձեռք առնում Ինձ,

թե ինչպես երբեք չկար մի ժամանակ, երբ նրանք ի ցույց չդնեին իրենց, երբեք չկար մի ժամանակ, երբ նրանք չապստամբեին Իմ դեմ։

Եվ սակայն այսօր ո՞վ չի արտասվում։ Ո՞վ չի դատապարտում ինքն իրեն։

Ողջ տիեզերական աշխարհը լցված է լացով...

լցված է ցնծության ձայներով... լցված է բերկրալից ձայներով...

Անհամեմատելի հաճույք... հաճույք` առանց համեմատության...

Մանր անձրև է տկտկում... ճախրող ձյան ծանր փաթիլներ...

Մարդկանց ներսում վիշտն ու ուրախությունը միախառնվում են... ոմանք ծիծաղում են...

ոմանք հեկեկում են... իսկ ոմանք՝ ցնծությամբ բացականչում...


Կարծես բոլորը մոռացել են... արդյոք սա գարո՞ւն է՝ լի անձրևով ու ամպերով,

ամա՞ռ է՝ ծաղիկներով, որոնք փարթամորեն ծաղկում են, աշո՞ւն է՝ հարուստ բերքով,

թե՞ ձմեռ է՝ ցուրտ ու սառնաշունչ, ոչ ոք չգիտի...

Երկնքում ամպերը լողում են, երկրի վրա օվկիանոսները փոթորկվում են։

Իմ որդիների բազմությունը թափահարում է իրենց ձեռքերը... Իմ ժողովրդի բազմությունը շարժում է իրենց ոտքերը պարի մեջ...

Հրեշտակներն աշխատում են... հրեշտակները հովվում են...

Երկրի վրայի մարդիկ բոլորը եռուզեռի մեջ են, և երկրի վրայի բոլոր բաները բազմանում են։

Նախորդը.  Գլուխ 1

Հաջորդը.  Գլուխ 19

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger