Գլուխ 12
Երբ կայծակը փայլատակում է Արևելքից, ինչը նաև ճիշտ այն պահն է, երբ Ես սկսում եմ արտաբերել Իմ խոսքերը, երբ կայծակը փայլատակում է, ողջ երկնակամարը լուսավորվում է, և բոլոր աստղերի մեջ կերպարանափոխություն է տեղի ունենում։ Ողջ մարդկային ցեղն ասես մաքրման միջով անցած լինի։ Արևելքից եկող լույսի այս շողի ներքո ողջ մարդկությունը բացահայտվում է իր իսկական կերպարանքով՝ շլացած աչքերով, չիմանալով՝ ինչ անել և առավել ևս չիմանալով, թե ինչպես թաքցնել իր տգեղ դիմագծերը։ Նրանք նաև կենդանիների են նմանվում՝ փախչելով Իմ լույսից և ապաստանելով լեռնային քարանձավներում, սակայն Իմ լույսի միջից ոչինչ չի կարող ջնջվել։ Բոլոր մարդիկ ապշած են, բոլորը սպասում են, բոլորը հետևում են. Իմ լույսի գալստյամբ բոլորն իրենց բախտավոր են զգում ծնված լինելու համար, և նույն կերպ բոլորն անիծում են իրենց ծննդյան օրը։ Հակասական զգացմունքները դժվար է արտահայտել. ինքնախարազանման արցունքները գետերի են վերածվում և քշվում մեկը մյուսին հաջորդող հորդահոս հեղեղներով՝ մեկ ակնթարթում անհետ չքվելով։ Իմ օրը կրկին վրա է հասնում ողջ մարդկությանը՝ կրկին արթնացնելով մարդկային ցեղին, մարդկությանը պարգևելով ևս մեկ նոր սկիզբ։ Սիրտս լցվում է, և լեռները ցատկոտում են ռիթմիկ, ուրախ նվագակցությամբ, ջրերը պարում են բերկրանքից, իսկ ալիքները զարկվում են ժայռոտ խութերին։ Դժվար է արտահայտել այն, ինչ Իմ սրտում է։ Իմ հայացքի ներքո Ես մոխիր կդարձնեմ բոլոր անմաքուր բաները. այնպես կանեմ, որ ըմբոստության բոլոր որդիները չքվեն Իմ աչքի առջևից, որպեսզի նրանք այլևս երբեք գոյություն չունենան։ Ես ոչ միայն նոր սկիզբ եմ դրել մեծ կարմիր վիշապի բնակատեղիում, այլև նոր գործ եմ սկսել տիեզերքում։ Շուտով երկրի թագավորությունները կդառնան Իմ թագավորությունը. շուտով երկրի թագավորություններն ընդմիշտ կդադարեն գոյություն ունենալ Իմ թագավորության պատճառով, որովհետև Ես արդեն հաղթանակ եմ տարել, որովհետև Ես վերադարձել եմ հաղթականակած։ Մեծ կարմիր վիշապը սպառել է Իմ ծրագիրը խաթարելու բոլոր հնարավոր միջոցները՝ հուսալով ջնջել Իմ գործը երկրի վրա, բայց մի՞թե նրա նենգ խարդավանքները կարող են վհատեցնել Ինձ։ Մի՞թե նրա սպառնալիքները կարող են վախեցնել Ինձ այնպես, որ կորցնեմ վստահությունս։ Երկնքում կամ երկրի վրա երբևէ չի եղել մի էակ, որին Ես չեմ պահել Իմ ափի մեջ, ուր մնաց՝ մեծ կարմիր վիշապը, որը որպես հակադրող կերպար է ծառայում Ինձ համար։ Մի՞թե այն նույնպես Իմ ձեռքերում գտնվող մի առարկա չէ, որին Ես հմտորեն բանեցնում եմ։
Մարդկային աշխարհում Իմ մարմնացման ընթացքում մարդկությունն Իմ ուղղորդմամբ ակամա հասել է մինչև այսօր և ակամա սկսել է ճանաչել Ինձ։ Բայց թե ինչպես քայլել առջևում ընկած ուղիով, ոչ ոք գաղափար չունի, ոչ ոք տեղյակ չէ, և առավել ևս ոչ ոք պատկերացում չունի, թե որ ուղղությամբ կտանի իրեն այդ ուղին։ Միայն Ամենակարողի հսկողության ներքո որևէ մեկը կկարողանա մինչև վերջ անցնել այդ ճանապարհը. միայն Արևելքի կայծակի ուղղորդմամբ մարդը կկարողանա անցնել այն շեմը, որը տանում է դեպի Իմ թագավորություն։ Մարդկանց մեջ երբևէ չի եղել մեկը, որ տեսել է Իմ դեմքը, որևէ մեկը, որ տեսել է Արևելքի կայծակը. առավել ևս չի եղել մեկը, որ լսել է Իմ գահից հնչող արտահայտումները։ Իրականում հնագույն ժամանակներից ի վեր ոչ մի մարդ անմիջական շփում չի ունեցել Իմ անձի հետ. միայն այսօր, երբ Ես աշխարհ եմ եկել, մարդիկ հնարավորություն ունեն տեսնելու Ինձ։ Բայց նույնիսկ հիմա մարդիկ դեռ չեն ճանաչում Ինձ, ճիշտ այնպես, ինչպես որ միայն նայում են Իմ դեմքին և միայն լսում են Իմ ձայնը, սակայն չեն հասկանում Իմ մտադրությունը։ Բոլոր մարդիկ այսպիսին են։ Լինելով Իմ մարդկանցից մեկը՝ մի՞թե խորին հպարտություն չեք զգում, երբ տեսնում եք Իմ դեմքը։ Եվ մի՞թե ամոթ չեք զգում, որովհետև չեք ճանաչում Ինձ։ Ես քայլում եմ մարդկանց մեջ և ապրում եմ նրանց մեջ, քանզի Ես մարմնացել եմ և եկել եմ մարդկային աշխարհ։ Իմ նպատակը սոսկ այն չէ, որ մարդկությանը հնարավորություն տամ նայելու Իմ մսեղիին. ավելի կարևոր է այն, որ մարդկությանը հնարավորություն տամ ճանաչելու Ինձ։ Ավելին՝ Ես Իմ մարմնացած մսեղիի միջոցով կդատապարտեմ մարդկությանն իր մեղքերի համար. Ես Իմ մարմնացած մսեղիի միջոցով կհաղթեմ մեծ կարմիր վիշապին և կոչնչացնեմ նրա որջը։
Թեև երկրի վրա բնակվող մարդիկ աստղերի պես անհամար են, Ես նրանց բոլորին ճանաչում եմ այնպես հստակորեն, ինչպես Իմ սեփական ձեռքի ափը։ Եվ թեև Ինձ «սիրող» մարդիկ նույնպես անթիվ են, ինչպես ծովի ավազահատիկները, միայն քչերն են Իմ կողմից ընտրվածները՝ միայն նրանք, ովքեր ձգտում են պայծառ լույսին, ովքեր առանձնանում են Ինձ «սիրողներից»։ Ես չեմ գերագնահատում մարդուն, ոչ էլ թերագնահատում եմ նրան, այլ պահանջներ եմ ներկայացնում մարդուն՝ նրա բնածին հատկանիշներին համապատասխան, և ուստի Իմ ուզածն այն տեսակ մարդն է, որ անկեղծորեն փնտրում է Ինձ, որպեսզի Ես կարողանամ հասնել մարդկանց ընտրելու Իմ նպատակին։ Լեռներում անթիվ վայրի գազաններ կան, բայց դրանք բոլորը ոչխարի պես հնազանդ են Իմ առջև։ Ալիքների տակ անըմբռնելի առեղծվածներ են թաքնված, բայց դրանք ներկայանում են Ինձ նույնքան պարզորեն, որքան երկրի երեսի բոլոր բաները։ Վերևում՝ երկնքում, կան ոլորտներ, որոնց մարդը երբեք չի կարող հասնել, սակայն Ես ազատորեն շրջում եմ այդ անհասանելի ոլորտներում։ Մարդը երբեք չի ճանաչել Ինձ լույսի ներքո, այլ միայն խավարի աշխարհում է տեսել Ինձ։ Մի՞թե այսօր դուք ճիշտ նույն իրավիճակում չեք։ Մեծ կարմիր վիշապի խելագարության և բռնակալության գագաթնակետին էր, որ Ես սկսեցի պաշտոնապես Իմ գործն անել մսեղիում։ Ճիշտ այն ժամանակ էր, երբ մեծ կարմիր վիշապն առաջին անգամ բացահայտեց իր ճշմարիտ ձևը, որ Ես վկայեցի Իմ անունը։ Երբ Ես քայլում էի մարդկության ճանապարհներով, ոչ մի էակ, ոչ մի մարդ ցնցվելով չարթնացավ, և ուստի, երբ Ես մարմնացած եկա մարդկային աշխարհ, ոչ ոք չիմացավ այդ մասին։ Բայց երբ Իմ մարմնացած մսեղիում Ես սկսեցի կատարել Իմ գործը, մարդկությունն արթնացավ և Իմ որոտընդոստ արտահայտումներից սթափվեց իր երազներից և այս պահից ի վեր սկսեց իր կյանքն Իմ ուղղորդման ներքո։ Իմ ժողովրդի մեջ Ես ևս մեկ անգամ նոր գործ եմ սկսել։ Այն, որ Ես ասել եմ, թե Իմ գործը երկրի վրա ավարտված չէ, բավական է ցույց տալու համար, որ Իմ ժողովուրդը, որի մասին Ես խոսեցի, նրանք չեն, ում կարիքն ունեմ Իմ սրտում, և Ես նրանց միջից դեռ ընտրում եմ ոմանց։ Սրանից ակնհայտ է, որ Ես Իմ ժողովրդին ոչ միայն հնարավորություն եմ տալիս ճանաչելու մարմնացած Աստծուն, այլև մաքրագործում եմ նրան։ Իմ կառավարչական հրամանագրերի խստության պատճառով մարդկանց ճնշող մեծամասնությունը դեռևս Իմ կողմից դուրս թողնվելու վտանգի տակ է։ Եթե նրանք ամեն ջանք չգործադրեն՝ իրենց էտելու, իրենց սեփական մարմինները հնազանդեցնելու համար, եթե նրանք դա չանեն, ապա հաստատապես կդառնան առարկաներ, որոնց Ես արհամարհանքով մերժում եմ, որ նետվեն դժոխք, ճիշտ այնպես, ինչպես Պողոսն անմիջապես Իմ ձեռքից ստացավ պատիժ, որից փրկություն չկար։ Արդյոք որևէ բան քաղե՞լ եք Իմ խոսքերից։ Ես կշարունակեմ մաքրագործել եկեղեցին, Ես կշարունակեմ մաքրագործել այն մարդկանց, որոնց կարիքն ունեմ, որովհետև Ես Ինքն Աստված եմ, որ ամենասուրբ է և անբիծ։ Ես Իմ տաճարը կդարձնեմ ոչ միայն ծիածանի գույներով շողշողացող, այլև անբասիր մաքուր՝ արտաքինին համապատասխանող ներքինով։ Իմ առջև դուք բոլորդ մեկ առ մեկ պետք է վերհիշեք, թե ինչ եք արել անցյալում, և որոշեք, թե արդյոք այսօր կարող եք վճռել կատարելապես գոհացնել Իմ սիրտը։
Մարդը ոչ միայն չի ճանաչում Ինձ Իմ մսեղիում, այլ ավելին՝ նա չի կարողացել հասկանալ իր սեփական «ես»-ը, որը բնակվում է մսեղեն մարմնում։ Այսքան տարիներ մարդիկ խաբել են Ինձ և վերաբերվել են Ինձ որպես դրսից եկած հյուրի։ Այնքան շատ անգամներ նրանք փակել են Ինձ «իրենց տների դռներից» դուրս, այնքան շատ անգամներ նրանք, կանգնած լինելով Իմ առջև, ուշադրություն չեն դարձրել Ինձ, այնքան շատ անգամներ նրանք հրաժարվել են Ինձնից այլ մարդկանց մոտ, այնքան շատ անգամներ ուրացել են Ինձ դևերի առջև, և այնքան շատ անգամներ նրանք հարձակվել են Ինձ վրա՝ վիճաբանելով միմյանց հետ։ Սակայն Ես չեմ հիշում մարդու «թուլությունները», ոչ էլ նրա ըմբոստության պատճառով ատամի դիմաց ատամ եմ պահանջում։ Այն ամենը, ինչ Ես արել եմ, նրա հիվանդություններին դարման դնելն է՝ նրա անբուժելի հիվանդությունները բուժելու համար՝ դրանով իսկ վերականգնելով նրա առողջությունը, որպեսզի նա կարողանա ճանաչել Ինձ։ Մի՞թե այն ամենը, ինչ Ես արել եմ, հանուն մարդկության գոյատևման չի եղել, հանուն այն բանի, որ մարդկությանը կյանքի հնարավորություն տրվի։ Շատ անգամներ եմ Ես եկել մարդու աշխարհ, բայց Իմ անձամբ աշխարհ գալը չի ստիպել մարդկանց որևէ ուշադրություն դարձնել Ինձ. փոխարենը, յուրաքանչյուրը վարվել է այնպես, ինչպես հարմար է գտել, և ելք է փնտրել իր համար։ Նրանք գաղափար անգամ չունեն, որ երկնքի տակ գտնվող յուրաքանչյուր ճանապարհ Իմ ձեռքերից է գալիս։ Նրանք գաղափար անգամ չունեն, որ երկնքի տակ գտնվող յուրաքանչյուր բան ենթակա է Իմ կարգավորումներին։ Ձեզանից ո՞վ է համարձակվում դժգոհություն տածել իր սրտում։ Ձեզանից ո՞վ է համարձակվում թեթևամտորեն վճիռ կայացնել։ Ես պարզապես հանգիստ կատարել եմ Իմ գործը մարդկության մեջ. միայն այդքանը։ Եթե Իմ մարմնացման ժամանակաշրջանում Ես չկարեկցեի մարդու թուլությանը, ապա ողջ մարդկությունն Իմ մարմնացման պատճառով մահու չափ կվախենար և արդյունքում կընկներ Հադես։ Միայն այն բանի շնորհիվ, որ Ես խոնարհեցրի Ինձ և թաքցրի Ինձ, մարդկությունը խուսափեց աղետից, բախտ ունեցավ ազատվելու Իմ պատժից և, այսպիսով, հասավ այսօրվան։ Գիտակցելով, թե որքան դժվար էր հասնել այսօրվան, մի՞թե չպետք է էլ ավելի փայփայեք վաղվա օրը, որ դեռ պիտի գա։
8 մարտի, 1992 թ.