Գլուխ 11
Մարդկության մեջ յուրաքանչյուրը պետք է ընդունի Իմ Հոգու կողմից զննվելը, պետք է ուշադիր քննի իր յուրաքանչյուր խոսքն ու արարքը և առավել ևս պետք է դիտի Իմ հրաշագործությունները։ Ի՞նչ եք զգում, երբ թագավորությունը գալիս է երկիր։ Երբ Իմ որդիներն ու ժողովուրդը հոսում են դեպի Իմ գահը, Ես պաշտոնապես սկսում եմ դատաստանը մեծ սպիտակ գահի առաջ։ Սա նշանակում է, որ երբ Ես անձամբ սկսում եմ Իմ գործը երկրի վրա, և երբ դատաստանի ժամանակը մոտենում է իր ավարտին, Ես սկսում եմ Իմ խոսքերն ուղղել ողջ տիեզերքին և արձակում եմ Իմ Հոգու ձայնը ողջ տիեզերքի վրա։ Իմ խոսքերի միջոցով Ես ամբողջությամբ կմաքրեմ ամեն մարդու և ամեն բան երկինքների ու երկրի և բոլոր բաների մեջ, որպեսզի երկիրն այլևս կեղտոտ ու անբարոյական չլինի, այլ լինի սուրբ թագավորություն։ Ես նորով կփոխարինեմ բոլոր բաները, որպեսզի դրանք տրամադրվեն Իմ օգտագործման համար, որպեսզի դրանք այլևս չկրեն հողի բույրը և այլևս չարատավորվեն հողի համով։ Երկրի վրա մարդը խարխափելով փնտրել է Իմ խոսքերի նպատակն ու ակունքները և հետևել Իմ գործերին, սակայն ոչ ոք երբեք ճշմարտապես չի իմացել Իմ խոսքերի ակունքները, և ոչ ոք երբեք ճշմարտապես չի տեսել Իմ գործերի հրաշալիությունը։ Միայն այսօր, երբ Ես անձամբ գալիս եմ մարդկանց մեջ և ասում Իմ խոսքերը, մարդը մի փոքր ճանաչողություն է ունենում Իմ մասին՝ հեռացնելով իր մտքերում «Իմ» զբաղեցրած տեղը և փոխարենն իր գիտակցության մեջ տեղ ստեղծելով գործնական Աստծու համար։ Մարդը պատկերացումներ ունի և լի է հետաքրքրասիրությամբ․ ո՞վ չէր ցանկանա տեսնել Աստծուն։ Ո՞վ չէր կամենա շփվել Աստծու հետ։ Սակայն մարդկանց սրտում որոշակի տեղ զբաղեցնում է միայն այն Աստվածը, որն անորոշ ու վերացական է թվում նրանց։ Ո՞վ կգիտակցեր սա, եթե Ես պարզորեն չասեի նրանց։ Ո՞վ ճշմարտապես կհավատար, որ Ես իսկապես գոյություն ունեմ։ Արդյոք նրանք իսկապե՞ս դրա վերաբերյալ նվազագույն իսկ կասկած չէին ունենա։ Հսկայական տարբերություն կա մարդու սրտում եղած «Իմ» և իրականության «Իմ» միջև, և ոչ ոք ի վիճակի չէ համեմատություններ անելու դրանց միջև։ Եթե Ես մսեղի չդառնայի, մարդը երբեք չէր ճանաչի Ինձ, և նույնիսկ եթե ճանաչեր Ինձ, մի՞թե այդպիսի ճանաչողությունը, միևնույնն է, պատկերացում չէր լինի։ Ամեն օր Ես քայլում եմ մարդկանց անդադար հոսքի մեջ, և ամեն օր Ես գործում եմ յուրաքանչյուր մարդու ներսում։ Երբ մարդը ճշմարտապես տեսնի Ինձ, նա կկարողանա ճանաչել Ինձ Իմ խոսքերում և կընկալի այն միջոցները, որոնցով Ես խոսում եմ, ինչպես նաև Իմ մտադրությունները։
Երբ թագավորությունը պաշտոնապես գալիս է երկիր, բոլոր բաների մեջ ի՞նչն է, որ լուռ չէ։ Բյուրավոր մարդկանցից ո՞վ չի վախենում։ Ես շրջում եմ ամենուր՝ ողջ տիեզերք աշխարհով մեկ, և ամեն ինչ անձամբ Իմ կողմից է կարգավորվում։ Այս պահին ո՞վ չգիտի, որ Իմ գործերը հրաշալի են։ Իմ ձեռքերը պահում են բոլոր բաները, սակայն Ես նաև բոլոր բաներից վեր եմ։ Այսօր Ես մսեղի եմ դարձել և անձամբ եկել մարդկանց մեջ․ մի՞թե սա չէ Իմ խոնարհության և թաքնվածության ճշմարիտ իմաստը։ Արտաքուստ շատերը ծափահարում են Ինձ՝ որպես բարու, և գովաբանում են Ինձ՝ որպես գեղեցիկի, բայց ո՞վ է ճշմարտապես ճանաչում Ինձ։ Այսօր ինչո՞ւ եմ Ես խնդրում, որ ճանաչեք Ինձ։ Մի՞թե Իմ նպատակը մեծ կարմիր վիշապին ամոթահար անելը չէ։ Ես չեմ ցանկանում, որ մարդը ստիպված լինի գովաբանել Ինձ, այլ որ ճանաչի Ինձ, ինչի միջոցով կսիրի Ինձ և այդպիսով կգովաբանի Ինձ։ Նման գովաբանությունն արժանի է իր անվանը և դատարկ խոսք չէ․ միայն այսպիսի գովաբանությունը կարող է հասնել Իմ գահին և սավառնել դեպի երկինքներ։ Քանի որ մարդը գայթակղվել և ապականվել է Սատանայի կողմից, քանի որ նրան տիրել են պատկերացումներն ու մտածողությունը, Ես մսեղի եմ դարձել, որպեսզի անձամբ նվաճեմ ողջ մարդկությանը, մերկացնեմ մարդու բոլոր պատկերացումները և քանդեմ մարդու մտածողությունը։ Որպես արդյունք՝ մարդն այլևս իրեն չի ցուցադրում Իմ առջև և այլևս չի ծառայում Ինձ՝ օգտագործելով իր սեփական պատկերացումները, և ուստի մարդու պատկերացումների «Ես»-ը լիովին փարատվում է։ Երբ թագավորությունը գալիս է, առաջին բանը, որ Ես անում եմ, գործի այս փուլը սկսելն է, և Ես դա անում եմ Իմ ժողովրդի մեջ։ Որպես Իմ ժողովուրդ, որը ծնվել է մեծ կարմիր վիշապի երկրում, անշուշտ, մեծ կարմիր վիշապի թույնի միայն մի փոքր չափ կամ մի մաս չէ, որ կա ձեր ներսում։ Ուստի Իմ գործի այս փուլը հիմնականում կենտրոնացած է ձեզ վրա, և սա Չինաստանում Իմ մարմնացման նշանակալիության մի կողմն է։ Մարդկանց մեծ մասն ի վիճակի չէ ընկալելու Իմ ասած խոսքերի նույնիսկ մի հատվածը, իսկ երբ ընկալում է, նրանց հասկացողությունը մշուշոտ է ու խառնաշփոթ։ Սա շրջադարձային կետ է այն մեթոդի մեջ, որով Ես խոսում եմ։ Եթե բոլոր մարդիկ ի վիճակի լինեին կարդալու Իմ խոսքերը և հասկանալու դրանց իմաստը, ապա մարդկանցից ո՞վ կարող էր փրկվել և ցած չնետվել Հադես։ Երբ մարդը ճանաչի Ինձ և հնազանդվի Ինձ, դա կլինի այն ժամանակը, երբ Ես կհանգստանամ, և դա կլինի հենց այն ժամանակը, երբ մարդն ի վիճակի կլինի ընկալելու Իմ խոսքերի իմաստը։ Այսօր ձեր հասակը չափազանց փոքր է․ այն պարզապես ողորմելիորեն փոքր է՝ այն աստիճան, որ նույնիսկ հնարավոր չէ բարձրացնել, էլ չենք խոսում Իմ մասին ձեր ճանաչողության մասին։
Թեև Ես ասում եմ, որ հրեշտակներն սկսել են ուղարկվել՝ Իմ որդիներին ու ժողովրդին հովվելու համար, ոչ ոք ի վիճակի չէ հասկանալու Իմ խոսքերի իմաստը։ Երբ Ես անձամբ գալիս եմ մարդկանց մեջ, հրեշտակները միաժամանակ սկսում են հովվելու գործը, և հրեշտակների հովվության ժամանակ բոլոր որդիներն ու ժողովուրդը ոչ միայն ստանում են փորձություններ և հովվություն, այլև ի վիճակի են լինում իրենց իսկ աչքերով տեսնելու ամեն տեսակ տեսիլքների հայտնվելը։ Քանի որ Ես անմիջականորեն գործում եմ աստվածայնության մեջ, ամեն ինչ մտնում է նոր սկզբի մեջ, և քանի որ այս աստվածայնությունն անմիջականորեն է գործում, այն նվազագույն իսկ չափով կաշկանդված չէ մարդկայնությամբ և փոխարենն ազատորեն գործում է այն հանգամանքներում, որոնք մարդը գերբնական է համարում։ Սակայն Ինձ համար դա միանգամայն բնականոն է (մարդը կարծում է, թե դա գերբնական է, որովհետև երբեք անմիջականորեն չի բախվել աստվածայնությանը)․ այն զերծ է մարդու որևէ պատկերացումից և արատավորված չէ մարդկային գաղափարներով։ Մարդիկ կտեսնեն սա միայն այն ժամանակ, երբ բոլորը մտնեն ճիշտ ուղի․ քանի որ հիմա սկիզբն է, երբ բանը հասնում է իր մուտքին, մարդը բազմաթիվ թերություններ ունի, և դժվար թե կարելի է խուսափել ձախողումներից ու անհստակությունից։ Այսօր, քանի որ Ես ձեզ առաջնորդել եմ մինչև այս կետը, համապատասխան կարգավորումներ եմ արել և ունեմ Իմ սեփական նպատակները։ Եթե Ես այսօր պատմեի ձեզ դրանց մասին, արդյոք իսկապես կկարողանայի՞ք իմանալ դրանք։ Ես քաջածանոթ եմ մարդու մտքի խորհրդածումներին և մարդու սրտի ցանկություններին։ Ո՞վ երբեք ելք չի փնտրել իր համար։ Ո՞վ երբեք չի մտածել իր սեփական հեռանկարների մասին։ Սակայն, թեև մարդն օժտված է մտքերի առատությամբ ու բազմազանությամբ, ո՞վ կարող էր կանխատեսել, որ հազարավոր տարիներ անց ներկան այսպիսին կլիներ։ Մի՞թե սա իսկապես քո սեփական սուբյեկտիվ ջանքերի պտուղն է։ Մի՞թե սա քո ողջ ջանասիրության վարձատրությունն է։ Մի՞թե սա քո մտքում ուրվագծված գեղեցիկ պատկերն է։ Եթե Ես չուղղորդեի ողջ մարդկությանը, ո՞վ ի վիճակի կլիներ առանձնանալու Իմ կարգավորումներից և մեկ այլ ելք գտնելու։ Մի՞թե մարդու երևակայություններն ու ցանկություններն են նրան հասցրել մինչև այսօր։ Շատերը ողջ կյանքն ապրում են առանց իրենց ցանկությունների իրականացման։ Մի՞թե սա իսկապես նրանց մտածելակերպի սխալի պատճառով է։ Շատերի կյանքը լի է անսպասելի երջանկությամբ ու բավարարվածությամբ։ Մի՞թե սա իսկապես այն պատճառով է, որ նրանք չափազանց քիչ բան են ակնկալում։ Համայն մարդկությունից ո՞վ խնամք չի ստանում Ամենակարողի աչքում։ Ո՞վ չի ապրում Ամենակարողի նախասահմանման մեջ։ Մի՞թե մարդու կյանքն ու մահը տեղի են ունենում իր իսկ ընտրությամբ։ Մի՞թե մարդն է վերահսկում իր սեփական ճակատագիրը։ Շատերն են մահ աղերսում, սակայն այն հեռու է նրանցից․ շատերն են ուզում լինել այնպիսիք, որ ուժեղ են կյանքում և երկյուղում են մահից, սակայն առանց նրանց իմացության նրանց վախճանի օրը մոտենում է՝ նրանց նետելով մահվան անդունդը, շատերը նայում են երկնքին և խորապես հառաչում, շատերը լաց են լինում բարձրաձայն, ողբագին հեծկլտոցով, շատերն ընկնում են փորձությունների ընթացքում, իսկ շատերը գերեվարվում են ընթացքում։ Թեև Ես անձամբ չեմ հայտնվում, որպեսզի թույլ տամ մարդուն հստակորեն տեսնել Ինձ, շատ մարդիկ երկյուղում են Իմ երեսը տեսնելուց՝ խորապես վախենալով, որ Ես կտապալեմ նրանց, որ Ես վերջ կտամ նրանց։ Արդյոք մարդն իսկապե՞ս ճանաչում է Ինձ, թե՞ ոչ։ Ոչ ոք չի կարող հաստատ ասել։ Մի՞թե այդպես չէ։ Դուք երկյուղում եք թե՛ Ինձնից, թե՛ Իմ հանդիմանությունից, սակայն նաև ոտքի եք կանգնում և բացահայտորեն հակադրվում եք Ինձ ու դատում Ինձ։ Մի՞թե սա ճիշտ չէ։ Պատճառը, որ մարդը երբեք չի ճանաչել Ինձ, այն է, որ երբեք չի տեսել Իմ երեսը կամ չի լսել Իմ ձայնը։ Ուստի, թեև Ես մարդու սրտում եմ, կա՞ն արդյոք այնպիսիք, որոնց սրտում Ես մշուշոտ և անորոշ չեմ։ Կա՞ն արդյոք այնպիսիք, որոնց սրտում Ես կատարելապես պարզ եմ։ Ես չեմ ցանկանում, որ նրանք, ովքեր Իմ ժողովուրդն են, նույնպես Ինձ աղոտ ու անհստակ տեսնեն, և ուստի ձեռնամուխ եմ լինում այս մեծ գործին։
Ես աննկատ գալիս եմ մարդկանց մեջ և ապա հեռանում եմ։ Մի՞թե որևէ մեկը երբևէ տեսել է Ինձ։ Մի՞թե արևն ի վիճակի է տեսնելու Ինձ իր բոցավառվող կրակների շնորհիվ։ Մի՞թե լուսինն ի վիճակի է տեսնելու Ինձ իր լուսաշող պայծառության շնորհիվ։ Մի՞թե համաստեղությունները կարող են տեսնել Ինձ երկնքում իրենց ունեցած դիրքի շնորհիվ։ Երբ Ես գալիս եմ, մարդը չի իմանում, և բոլոր բաներն անտեղյակ են մնում, իսկ երբ Ես հեռանում եմ, մարդը դարձյալ տեղյակ չի լինում։ Ո՞վ կարող է վկայություն կրել Ինձ համար։ Մի՞թե կարող է երկրի վրայի մարդկանց գովաբանությունը լինել։ Մի՞թե կարող են վայրի բնության մեջ ծաղկող շուշանները լինել։ Մի՞թե երկնքում թռչող թռչուններն են։ Մի՞թե լեռներում մռնչացող առյուծներն են։ Ոչ ոք չի’ կարող լիովին վկայություն կրել Ինձ համար։ Ոչ ոք չի կարող անել այն գործը, որ Ե’ս կանեմ։ Նույնիսկ եթե նրանք անեին այս գործը, ի՞նչ արդյունք այն կունենար։ Ամեն օր Ես հետևում եմ բազմաթիվ մարդկանց յուրաքանչյուր գործողությանը, և ամեն օր Ես զննում եմ բազմաթիվ մարդկանց սրտերն ու մտքերը․ երբեք ոչ ոք չի խուսափել Իմ դատաստանից, և երբեք ոչ ոք չի ազատվել Իմ դատաստանի իրականությունից։ Ես կանգնած եմ երկնակամարից վեր և նայում եմ հեռուն․ անթիվ մարդիկ տապալվել են Իմ կողմից, սակայն անհամար մարդիկ էլ ապրում են Իմ ողորմության և սիրառատ բարության մեջ։ Մի՞թե դուք նույնպես նման հանգամանքներում չեք ապրում։
Մարտի 5, 1992 թ.