Գլուխ 15

Մարդիկ բոլորն ինքնագիտակցությունից զուրկ էակներ են և անկարող են ճանաչել իրենք իրենց։ Այնուամենայնիվ նրանք մնացած բոլորին հինգ մատի պես ճանաչում են, կարծես այն ամենը, ինչ ուրիշներն արել և ասել են, հենց իրենց առջև «զննվել» է իրենց կողմից և նախքան արվելը ստացել իրենց հավանությունը։ Արդյունքում կարծես թե նրանք անգամ այլ մարդկանց հոգեբանական վիճակներն են լիովին ըմբռնել։ Մարդիկ բոլորն այսպիսին են։ Թեև այսօր մուտք են գործել Թագավորության դարաշրջան, նրանց բնությունը մնում է անփոփոխ։ Նրանք դեռ Իմ առջև անում են այն, ինչ Ես եմ անում, մինչդեռ Իմ մեջքի հետևում սկսում են զբաղվել իրենց միակ «գործով»։ Սակայն հետո, երբ գալիս են Իմ առջև, կարծես լիովին այլ մարդիկ լինեն՝ ակնհայտորեն հանգիստ ու անվեհեր, հանդարտ դեմքով և սրտի կայուն զարկով։ Մի՞թե սա հենց մարդկանց տգեղությունը չէ։ Այնքան շատ մարդիկ երկու լիովին տարբեր դեմք ունեն՝ մեկն Իմ առջև, իսկ մյուսը՝ Իմ մեջքի հետևում։ Այնքան շատերն Իմ առջև նորածին գառների պես են, սակայն երբ Իմ մեջքի հետևում են, վերածվում են կատաղի վագրերի կամ իրենց պահում են սարերում ուրախ ճախրող փոքրիկ թռչունների պես։ Այնքան շատերն են վճիռներ կայացնում Իմ առջև։ Այնքան շատերն են փնտրում և տենչում Իմ խոսքերն Իմ առջև, բայց Իմ մեջքի հետևում հակակրանք են տածում դրանց հանդեպ և թողնում դրանք, կարծես Իմ խոսքերը բեռ լինեին։ Այնքան շատ անգամներ, տեսնելով Իմ թշնամու ապականած մարդկային ցեղը, Ես հրաժարվել եմ Իմ հույսերը մարդկանց վրա դնելուց։ Այնքան շատ անգամներ, տեսնելով, թե ինչպես են գալիս Իմ առջև՝ արտասվալից ներում հայցելով, Ես նրանց ինքնահարգանքի պակասի և համառ անուղղելիության պատճառով այնուամենայնիվ բարկությամբ փակել եմ Իմ աչքերը նրանց արարքների առջև, նույնիսկ երբ նրանց սրտերն անկեղծ են, իսկ մտադրությունները՝ ազնիվ։ Այնքան շատ անգամներ Ես տեսել եմ մարդկանց, որոնք վստահություն ունեն համագործակցելու Ինձ հետ, որոնք երբ Իմ առջև են, կարծես Իմ գրկում լինեն՝ ճաշակելով դրա ջերմությունը։ Այնքան շատ անգամներ ականատես լինելով Իմ ընտրյալ մարդկանց անմեղությանը, աշխուժությանը և հմայքին՝ ինչպե՞ս կարող էի մեծ բավականություն չստանալ այս բաների շնորհիվ։ Մարդիկ չգիտեն՝ ինչպես վայելեն Իմ ձեռքերում իրենց կանխորոշված օրհնությունները, քանի որ չեն հասկանում, թե ճշգրտորեն ինչ է նշանակում «օրհնություններ» կամ «տառապանք»։ Ուստի մարդիկ անկեղծ չեն Ինձ իրենց ձգտելու մեջ։ Եթե վաղվա օրը գոյություն չունենար, ապա Իմ ներկայության մեջ ձեզանից ո՞վ ձյան պես մաքուր և նեֆրիտի պես անարատ կլիներ։ Մի՞թե Իմ հանդեպ ձեր սերը կարող է համեղ ուտելիքի, նրբաոճ հագուստի կամ բարձր պաշտոնի ու բարձր աշխատավարձի հետ փոխանակվել։ Կարո՞ղ է փոխանակվել այն սիրո հետ, որն ուրիշներն ունեն քո հանդեպ։ Մի՞թե իրականում փորձությունների ենթարկվելը մարդկանց կդրդի թողնելու Իմ հանդեպ իրենց սերը։ Կամ կարո՞ղ են տառապանքն ու նեղությունները նրանց դրդել տրտնջալու Իմ կարգադրությունների դեմ։ Ոչ ոք երբեք իսկապես չի հասկացել այն սուր թուրը, որն Իմ բերանում է. նրանք միայն դրա մակերեսային իմաստը գիտեն՝ առանց իսկապես ընկալելու, թե իրականում ինչ է այն նշանակում։ Եթե մարդիկ իսկապես ի վիճակի լինեին տեսնելու Իմ թրի սրությունը, առնետների պես իրենց բները կվազեին։ Իրենց թմրության պատճառով մարդիկ Իմ խոսքերի ճշմարիտ իմաստից ոչինչ չեն հասկանում, ուստի չգիտեն, թե որքան ահարկու են Իմ արտահայտումները, կամ թե ճիշտ որքան են մերկացնում մարդկային բնությունը, և թե իրենց իսկ ապականությունից որքանն է դատվել այդ խոսքերով։ Ուստի Իմ խոսքերի իրենց թերի հասկացողության արդյունքում մարդկանց մեծամասնությունը գաղջ վերաբերմունք է որդեգրել։

Թագավորության մեջ ոչ միայն արտահայտումներ են հնչում Իմ բերանից, այլև Իմ ոտքերն են պաշտոնապես քայլում ամենուր՝ բոլոր երկրներով։ Այսպիսով՝ Ես հաղթանակ եմ տարել բոլոր անմաքուր և կեղտոտ վայրերի նկատմամբ, այնպես որ ոչ միայն երկինքն է փոխվում, այլև երկիրն է փոխակերպման գործընթացում և հետևաբար նորանում է։ Տիեզերքի ներսում ամեն ինչ նորի պես շողշողում է Իմ փառվոր լույսի ներքո՝ ներկայացնելով մի հաճելի տեսարան, որը հաճույք է պատճառում զգայարաններին և բարձրացնում մարդկանց տրամադրությունը, կարծես այն այժմ գոյություն ունի մարդկային երևակայության պատկերացրած երկինքներից անդին գտնվող մի երկնքում՝ Սատանայի կողմից չանհանգստացված և արտաքին թշնամիների հարձակումներից զերծ։ Տիեզերքի ամենաբարձր սահմաններում աստղերն Իմ հրամանով զբաղեցնում են իրենց նշանակված տեղերը՝ խավարի ժամերին իրենց լույսը սփռելով աստղային տարածքներով։ Ոչ մի բան չի համարձակվում անհնազանդության մտքեր տածել, և այսպես՝ Իմ կառավարչական հրամանագրերի էության պատճառով ողջ տիեզերքը լավ կարգավորված է և կատարյալ կարգուկանոնի մեջ։ Երբեք ոչ մի խաթարում չի առաջացել, ոչ էլ տիեզերքն է երբևէ բաժանվել։ Ես թռիչքներ եմ կատարում աստղերի վրայով, և երբ արևը ջերմություն է արձակում, սրբում-տանում եմ այն՝ Իմ ձեռքերից սագի փետուրների չափ մեծ ձյան փաթիլների հսկայական տարափներ ուղարկելով։ Սակայն երբ միտքս փոխում եմ, այդ ողջ ձյունը հալվում է՝ վերածվելով գետի, և ակնթարթորեն երկնքի տակ ամենուր գարուն է գալիս, և զմրուխտե կանաչը փոխակերպում է երկրի վրա ողջ բնապատկերը։ Ես թափառում եմ երկինքներում, և Իմ կերպարանքի պատճառով երկիրն անմիջապես պարուրվում է թանձր խավարով։ «Գիշերը» վրա է հասել առանց նախազգուշացման, և ողջ աշխարհում այնքան է մթնում, որ մարդ չի կարողանում իր առջև տեսնել իր ձեռքը։ Քանի որ լույսն անհետացել է, մարդիկ բոլորն օգտագործում են այս պահը՝ փոխադարձ ոչնչացման կատաղի արշավ սկսելու՝ խլելով միմյանցից և թալանելով միմյանց։ Երկրի ազգերն այնուհետև ընկնում են քաոսային պառակտման մեջ և մտնում պղտոր ալեկոծության վիճակ՝ հասնելով անգամ այն աստիճանի, որ անհնար է լինում փրկագնել նրանց։ Մարդիկ պայքարում են տառապանքի ցավերի մեջ, տնքում և հառաչում են իրենց ցավի մեջ և խղճահարություն առաջացնող կերպով ողբում իրենց տանջանքի մեջ՝ տենչալով, որ լույսը հանկարծ կրկին գա մարդկային աշխարհ և այդպիսով վերջ դնի խավարի օրերին ու վերականգնի այն կենսունակությունը, որը ժամանակին գոյություն ուներ։ Սակայն Ես Իմ թևքերի մի շարժումով վաղուց լքել եմ մարդկությանը, որպեսզի այլևս երբեք ողորմություն չցուցաբերեմ նրանց հանդեպ աշխարհի սխալների համար, քանի որ վաղուց արհամարհանքով մերժել եմ ողջ երկրի մարդկանց, փակել եմ Իմ աչքերն այնտեղի իրադրությունների առջև, շրջել եմ Իմ դեմքը մարդկային որևէ շարժումից կամ ժեստից և դադարել եմ հաճույք ստանալուց մարդկանց անհասունությունից ու անմեղությունից։ Ես մեկ այլ ծրագիր եմ սկսել՝ աշխարհը նորովի ստեղծելու համար, որպեսզի այս նոր աշխարհն ավելի շուտ վերակենդանանա և այլևս երբեք չսուզվի։ Մարդկության մեջ այնքան շատ տարօրինակ վիճակներ կան, որոնք սպասում են, որ շտկեմ դրանք, այնքան շատ սխալներ կան, որոնք սպասում են, որ անձամբ կանխեմ դրանց տեղի ունենալը, այնքան շատ փոշի կա, որը սպասում է, որ մաքրեմ, և այնքան շատ խորհուրդներ կան, որոնք սպասում են, որ բացահայտեմ դրանք։ Ողջ մարդկությունը սպասում է Ինձ և տենչում Իմ գալուստը։

Երկրի վրա Ես գործնական Աստված Ինքն եմ, ով բնակվում է մարդկանց սրտերում. երկնքում Ես բոլոր բաների Իշխանն եմ։ Ես մագլցել եմ լեռներ և անցել գետեր և զեփյուռի պես քայլել եմ մարդկանց մեջ։ Ո՞վ է համարձակվում բացահայտորեն հակադրվել Իրեն՝ գործնական Աստծուն։ Ո՞վ է համարձակվում կտրվել Ամենակարողի գերիշխանությունից։ Ո՞վ է համարձակվում պնդել, որ, անկասկած, երկնքում եմ։ Ավելին՝ ո՞վ է համարձակվում պնդել, որ անհերքելիորեն երկրի վրա եմ։ Մարդկանց մեջ չկա մեկը, որն ունակ է ամենայն մանրամասնությամբ պարզորեն ասելու, թե որտեղ եմ։ Մի՞թե կարող է այնպես լինել, որ երբ երկնքում եմ, գերբնական Աստված Ինքն եմ, իսկ երբ երկրի վրա եմ, գործնական Աստված Ինքն եմ։ Արդյոք գործնական Աստված Ինքն եմ, թե ոչ, անշուշտ չի կարող որոշվել նրանով, որ բոլոր բաների Իշխանն եմ, կամ այն փաստով, որ ճաշակում եմ մարդկային աշխարհի տառապանքները, այնպես չէ՞։ Եթե այդպես լիներ, ապա մի՞թե մարդիկ անհույս տգետ չէին լինի։ Ես երկնքում եմ, բայց նաև երկրի վրա եմ. բոլոր բաների մեջ եմ և նաև բյուրավոր մարդկանց մեջ։ Մարդիկ կարող են ամեն օր շփվել Ինձ հետ. ավելին՝ նրանք ամեն օր կարող են տեսնել Ինձ։ Ինչ վերաբերում է մարդկանց, կարծես երբեմն թաքնված եմ, երբեմն՝ տեսանելի. կարծես իրականում գոյություն ունեմ, սակայն կարծես նաև գոյություն չունեմ։ Իմ մեջ մարդկանց համար անըմբռնելի խորհուրդներ կան։ Կարծես բոլոր մարդիկ մանրադիտակով զննում են Ինձ, որպեսզի էլ ավելի շատ խորհուրդներ բացահայտեն Իմ մեջ՝ հուսալով դրանով իսկ փարատել այդ անհարմար զգացումն իրենց սրտերում։ Սակայն նույնիսկ եթե նրանք ռենտգենյան ճառագայթներ օգտագործեին, ինչպե՞ս կարող էին նրանք բացահայտել Իմ ունեցած գաղտնիքներից որևէ մեկը։

Ճիշտ այն պահին, երբ Իմ ժողովուրդը Իմ գործի արդյունքում Ինձ հետ միասին փառք է ձեռք բերում, մեծ կարմիր վիշապի որջը դուրս կբերվի հողի տակից, ողջ ցեխը կմաքրվի, և անթիվ տարիների ընթացքում կուտակված ողջ աղտոտված ջուրը կչորանա Իմ լափող կրակներում՝ այլևս գոյություն չունենալու համար։ Դրանից հետո մեծ կարմիր վիշապը կկործանվի կրակի և ծծմբի լճում։ Արդյո՞ք դուք անկեղծորեն պատրաստակամ եք մնալու Իմ սիրող հոգածության ներքո, որպեսզի չհափշտակվեք մեծ կարմիր վիշապի կողմից։ Դուք իսկապե՞ս ատում եք նրա դավերը։ Ո՞վ է ի վիճակի ուժեղ վկայություն տալու Ինձ համար։ Հանուն Իմ անվան, հանուն Իմ Հոգու և հանուն Իմ ողջ տնօրինման ծրագրի՝ ո՞վ կարող է մատուցել իր ողջ ուժը։ Այսօր թագավորությունը մարդկային աշխարհում է, և այն ժամանակն է, երբ Ես անձամբ իջել եմ մարդու աշխարհ։ Եթե դա այդպես չլիներ, կա՞ որևէ մեկը, ով կարող է հանուն Ինձ առանց որևէ երկյուղի մարտադաշտ դուրս գալ։ Որպեսզի թագավորությունը ձևավորվի, որպեսզի Իմ սիրտը գոհ լինի, և, ավելին, որպեսզի Իմ օրը գա, որպեսզի գա այն ժամանակը, երբ բոլոր բաները կվերակենդանանան և առատորեն կաճեն, որպեսզի մարդիկ փրկվեն տառապանքի ծովից, որպեսզի վաղվա օրը գա, և որպեսզի այն հրաշալի լինի, ծաղկի ու բարգավաճի, և, ավելին, որպեսզի ապագայի վայելքն իրականանա, բոլոր մարդիկ պայքարում են իրենց ողջ ուժով՝ Ինձ համար իրենց զոհաբերելու գործում ոչինչ չխնայելով։ Մի՞թե սա նշան չէ, որ հաղթանակն արդեն Իմն է։ Մի՞թե դա Իմ ծրագրի ավարտի նշան չէ։

Որքան ավելի շատ են մարդիկ գոյություն ունենում վերջին օրերում, այնքան ավելի շատ են զգում աշխարհի դատարկությունը և այնքան ավելի քիչ քաջություն են ունենում կյանք ապրելու համար։ Այս պատճառով անթիվ մարդիկ մահացել են հիասթափության մեջ, անթիվ ուրիշներ հիասթափվել են իրենց որոնման մեջ, և անթիվ ուրիշներ իրենց թույլ են տալիս մանիպուլացվել Սատանայի ձեռքով։ Ես այնքան շատ մարդկանց եմ փրկել և աջակցել նրանցից շատերին, և այնքան հաճախ, երբ մարդիկ կորցրել են լույսը, նրանց տեղափոխել եմ լույսի վայր, որպեսզի ճանաչեն Ինձ լույսի մեջ և վայելեն Ինձ երջանկության մեջ։ Իմ լույսի գալստյան պատճառով պաշտամունքն աճում է այն մարդկանց սրտերում, որոնք Իմ թագավորության մեջ են, քանի որ Ես Աստված եմ, որին մարդիկ պետք է սիրեն, Աստված, որին մարդկությունը կառչում է ջերմ կապվածությամբ, և նրանք լցված են Իմ կերպարանքի մնայուն տպավորությամբ։ Բայց չկա մեկը, որ հասկանա՝ արդյոք սա ի վերջո Հոգու գործողությունն է, թե մարմնի գործառույթը։ Մարդկանցից մի ամբողջ կյանք կպահանջվեր միայն այս մեկ բանը մանրամասնորեն փորձառաբար ապրելու համար։ Մարդիկ երբեք չեն ատել Ինձ իրենց սրտերի ամենախորքերում. ավելի շուտ, նրանք կառչում են Ինձ իրենց հոգիների խորքերում։ Իմ իմաստությունը առաջացնում է նրանց հիացմունքը, Իմ հրաշալի գործերը խնջույք են նրանց աչքերի համար, և Իմ խոսքերն անըմբռնելի են նրանց համար, այնուամենայնիվ նրանք ջերմորեն փայփայում են դրանք։ Իմ գործնականությունը մարդկանց շվարեցնում է, տարակուսանքի ու շփոթության մեջ գցում, և այնուամենայնիվ նրանք պատրաստակամ են ընդունելու այն։ Մի՞թե սա ճշգրտորեն մարդկանց հասակը չէ ինչպիսին նրանք իրականում կան։

Մարտի 13, 1992 թ.

Նախորդը.  Գլուխ 14

Հաջորդը.  Գլուխ 16

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger