Գլուխ 16

Այնքան շատ բան կա, որ Ես ցանկանում եմ ասել մարդուն, այնքան շատ բաներ, որ Ես պետք է պատմեմ նրան։ Բայց մարդը չափազանց զուրկ է ընդունելու կարողությունից. մարդն ունակ չէ լիովին ըմբռնելու Իմ խոսքերը՝ համաձայն նրա, ինչ Ես ապահովում եմ, և հասկանում է միայն մի կողմը՝ անտեղյակ մնալով մյուսից։ Սակայն Ես մահվան չեմ դատապարտում մարդուն նրա անզորության պատճառով, ոչ էլ վշտանում եմ նրա տկարությունից։ Ես պարզապես անում եմ Իմ գործը և խոսում այնպես, ինչպես միշտ եմ արել, թեև մարդը չի հասկանում Իմ մտադրությունները. երբ օրը գա, մարդիկ կճանաչեն Ինձ իրենց սրտերի խորքում և կպահեն Ինձ իրենց մտքերում։ Երբ Ես հեռանամ այս երկրից, կլինի ճիշտ այն ժամանակը, երբ կբարձրանամ գահին մարդու սրտում, ինչը նշանակում է, որ դա կլինի այն ժամանակ, երբ բոլորը ճանաչեն Ինձ։ Այդպես կլինի նաև, երբ Իմ որդիներն ու մարդիկ իշխեն և իշխանություն բանեցնեն երկրի վրա։ Նրանք, ովքեր ճանաչում են Ինձ, անկասկած կդառնան Իմ թագավորության սյուները, և ոչ ոք, բացի նրանցից, որակավորված չի լինի իշխելու և իշխանություն բանեցնելու Իմ թագավորությունում։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ինձ, տիրում են Իմ էությանը և ի վիճակի են կյանքով արտահայտելու Ինձ ողջ մարդկության մեջ։ Ինձ չի հուզում, թե մարդն ինչ չափով է ճանաչում Ինձ. ոչ ոք չի կարող որևէ կերպ խոչընդոտել Իմ գործը։ Մարդն Ինձ ոչ մի օգնություն չի կարող առաջարկել և ոչինչ անել Ինձ համար։ Մարդը կարող է միայն հետևել Իմ ուղղորդմանն Իմ լույսի մեջ և փնտրել Իմ կամքն այս լույսի մեջ։ Այսօր մարդիկ որակավորումներ ունեն և կարծում են, որ կարող են հպարտորեն քայլել Իմ առջև, ծիծաղել ու կատակել Ինձ հետ բոլորովին առանց զսպվածության և շփվել Ինձ հետ որպես հավասարի։ Այնուամենայնիվ մարդը չի ճանաչում Ինձ և կարծում է, որ մենք նման ենք բնությամբ, որ երկուսս էլ մսից ու արյունից ենք և երկուսս էլ բնակվում ենք մարդկային աշխարհում։ Նրա սիրտը չափազանց քիչ երկյուղ ունի Իմ հանդեպ. նա երկյուղում է Ինձնից, երբ Իմ առջև է, բայց ունակ չէ ծառայելու Ինձ Հոգու առջև։ Ասես մարդու համար Հոգին բնավ գոյություն չունի։ Որպես արդյունք՝ ոչ մի մարդ երբեք չի ճանաչել Հոգին. Իմ մարմնացման մեջ մարդիկ տեսնում են միայն մսից ու արյունից մարմին և չեն ընկալում Աստծու Հոգին։ Կարո՞ղ են արդյոք Իմ մտադրություններն իսկապես բավարարվել նման կերպ։ Մարդիկ Ինձ հիմարացնելու փորձագետներ են. նրանք կարծես հատուկ ուսուցում են անցել Սատանայի կողմից՝ բացառապես Ինձ հիմարացնելու համար։ Սակայն Սատանան չի անհանգստացնում Ինձ։ Ես դեռ կօգտագործեմ Իմ իմաստությունը՝ նվաճելու ողջ մարդկությանը և պարտության մատնելու ողջ մարդկությանն ապականողին, որպեսզի Իմ թագավորությունը հիմնվի և հաստատվի երկրի վրա։

Մարդկանց մեջ կան այնպիսիները, որոնք փորձել են պարզել աստղերի չափը կամ տիեզերքի մեծությունը։ Սակայն նրանց հետազոտությունները երբեք արգասաբեր չեն եղել, և այն ամենը, ինչ նրանք կարող են անել, հուսահատությունից գլուխները կախելն է ու ի վերջո ձախողելը։ Նայելով բյուրավոր մարդկանց մեջ և դիտարկելով մարդու շարժընթացն իր ձախողումներում՝ Ես չեմ տեսնում ոչ մեկին, ով լիովին համոզված է Ինձնում, ոչ մեկին, ով հնազանդվում է Ինձ և ենթարկվում Ինձ։ Որքա՜ն վայրի են մարդու փառասիրական ձգտումները։ Երբ անդունդի ողջ մակերեսը մշուշոտ էր, մարդկանց մեջ Ես սկսեցի ճաշակել աշխարհի դառնությունը։ Իմ Հոգին ճամփորդում է ողջ աշխարհով մեկ և զննում բյուրավոր մարդկանց սրտերը, սակայն Ես նաև նվաճում եմ մարդկությանն Իմ մարմնացած մսեղիում։ Մարդը չի տեսնում Ինձ, քանզի նա կույր է. մարդը չի ճանաչում Ինձ, քանզի նա թմրել է. մարդը հակադրվում է Ինձ, քանզի նա ըմբոստ է. մարդը սկսում է խոնարհվել Իմ առջև, քանզի նա նվաճվել է Իմ կողմից. մարդը սկսում է սիրել Ինձ, քանզի Ես ի բնե արժանի եմ մարդու սիրուն. մարդը կյանքով արտահայտում է Ինձ և հայտնի է դարձնում Ինձ, որովհետև Իմ մեծ զորությունն ու իմաստությունը համապատասխանեցնում են նրան Իմ մտադրություններին։ Ես տեղ ունեմ մարդու սրտում, բայց երբեք մարդուց չեմ ստացել սեր Իմ հանդեպ, որը բնակվում է նրա հոգում։ Մարդու հոգում իսկապես կան բաներ, որոնք նա սիրում է ամեն ինչից առավել, բայց Ես դրանցից մեկը չեմ, և ուստի մարդու սերը նման է օճառի պղպջակի. երբ քամին փչում է, այն պայթում է և անհետանում՝ այլևս երբեք չերևալով։ Իմ վերաբերմունքում մարդու հանդեպ Ես միշտ եղել եմ հաստատուն և անփոփոխ։ Կարո՞ղ էր արդյոք մարդկության մեջ որևէ մեկը նույնն արած լինել։ Մարդու աչքերում Ես օդի պես անշոշափելի ու անտեսանելի եմ, և այս պատճառով մարդկանց ճնշող մեծամասնությունը փնտրում է միայն անծայրածիր երկնքում կամ ալեկոծ ծովի վրա կամ խաղաղ լճի վրա, կամ դատարկ բառերի և վարդապետությունների մեջ։ Չկա մի մարդ, որ ճանաչում է մարդկության էությունը, առավել ևս չկա մեկը, որ կարող է որևէ բան ասել Իմ ներսի խորհրդի մասին, և ուստի Ես չեմ խնդրում, որ մարդը հասնի այն բարձրագույն չափանիշներին, որոնք իր պատկերացմամբ Ես պահանջում եմ իրենից։

Իմ խոսքերի մեջ լեռները տապալվում են, ջրերը հոսում են հակառակ, մարդը դառնում է հնազանդ, իսկ լճերը սկսում են հոսել անդադար։ Թեև ալեկոծ ծովերը զայրույթով մղվում են դեպի երկինք, Իմ խոսքերի մեջ նման ծովերը խաղաղվում են լճի մակերևույթի պես։ Իմ ձեռքի թեթևագույն շարժումով կատաղի փոթորիկներն անմիջապես ցրվում և հեռանում են Ինձնից, ու մարդկային աշխարհն անմիջապես կրկին հանդարտվում է։ Բայց երբ Ես թափում եմ զայրույթս, լեռներն անմիջապես մաս-մաս են լինում, գետինն անմիջապես սկսում է ցնցվել, ջուրն անմիջապես ցամաքում է, իսկ մարդն անմիջապես պաշարվում է աղետով։ Իմ բարկության պատճառով Ես ուշադրություն չեմ դարձնում մարդու ճիչերին, ոչ մի օգնություն չեմ տրամադրում ի պատասխան նրա աղաղակների, քանզի Իմ բարկությունն աճում է։ Երբ Ես երկինքներում եմ, աստղերը երբեք խուճապի չեն մատնվել Իմ ներկայության պատճառով։ Փոխարենը՝ նրանք իրենց ողջ սիրտն ու ուժը ներդնում են Ինձ համար իրենց աշխատանքի մեջ, և ուստի Ես ավելի շատ լույս եմ շնորհում նրանց և ստիպում՝ ավելի պայծառ շողան, որպեսզի ավելի շատ փառք ձեռք բերեն Ինձ համար։ Որքան ավելի լուսավոր են երկինքները, այնքան ավելի խավար է աշխարհը ներքևում։ Այնքան շատ մարդիկ են տրտնջացել, որ Իմ կարգավորումներն անպատշաճ են, այնքան շատերն են լքել Ինձ՝ ստեղծելու իրենց սեփական թագավորությունը, որն օգտագործում են Ինձ դավաճանելու և խավարի վիճակը շրջելու համար։ Սակայն ո՞վ է հասել դրան իր վճռականությամբ։ Եվ ո՞վ է հաջողակ եղել իր վճռականության մեջ։ Ո՞վ կարող է շրջել այն, ինչ կարգավորվել է Իմ ձեռքով։ Երբ գարունը տարածվում է երկրով մեկ, Ես գաղտնի և անաղմուկ լույս եմ ուղարկում աշխարհին, որպեսզի երկրի վրա մարդը հանկարծակի թարմություն զգա օդում։ Սակայն հենց այդ պահին Ես մթնեցնում եմ մարդու աչքերը, որպեսզի նա տեսնի միայն գետինը պարուրող մշուշ, և բոլոր մարդիկ ու բաները դառնան անորոշ։ Այն ամենը, ինչ մարդիկ կարող են անել, հառաչելն ու մտածելն է. «Ինչո՞ւ լույսը տևեց միայն մի ակնթարթ։ Ինչո՞ւ է Աստված մարդուն տալիս միայն մեգ ու մշուշ»։ Մարդկանց հիասթափության մեջ մշուշն անհետանում է ակնթարթորեն, բայց երբ նրանք նշմարում են լույսի մի շող, Ես անձրևի տարափ եմ թափում նրանց վրա, և նրանց թմբկաթաղանթները պատռվում են ամպրոպից, մինչ քնած են։ Խուճապի մատնված՝ նրանք ժամանակ չեն ունենում պատսպարվելու, և տեղատարափը կուլ է տալիս նրանց։ Մի ակնթարթում երկնքի տակ գտնվող բոլոր բաները լվացվում են Իմ ցասման մեջ։ Մարդիկ այլևս չեն տրտնջում հորդառատ անձրևի սկսվելուց, և նրանց բոլորի մեջ երկյուղող սրտեր են ծնվում։ Այս հանկարծակի տեղատարափի պատճառով մարդկանց ճնշող մեծամասնությունը խեղդվում է երկնքից անձրևող ջրից՝ դառնալով դիակներ ջրի մեջ։ Ես զննում եմ ողջ երկիրը և տեսնում, որ շատերը զգոն են, որ շատերն ապաշխարում են, որ շատերը փոքրիկ նավակներով փնտրում են ջրերի աղբյուրը, որ շատերը խոնարհվում են Իմ առջև՝ խնդրելու Իմ ներումը, որ շատերը տեսել են լույսը, որ շատերը տեսել են Իմ դեմքը, որ շատերն ապրելու քաջություն ունեն, և որ ողջ աշխարհը փոխակերպվել է։ Այս մեծ տեղատարափից հետո բոլոր բաները վերադարձել են նրան, ինչ Իմ մտքում էին, և այլևս ըմբոստ չեն։ Շուտով ողջ երկիրը լցվում է ծիծաղի ձայնով, երկրի վրա ամենուր գովաբանության մթնոլորտ է, և չկա մի տեղ, որ զուրկ է Իմ փառքից։ Իմ իմաստությունն ամենուր է երկրի վրա և ողջ տիեզերքում։ Բոլոր բաների մեջ Իմ իմաստության պտուղներն են, բյուրավոր մարդկանց մեջ վխտում են Իմ իմաստության գլուխգործոցները. ամեն ինչ նման է Իմ թագավորության բոլոր բաներին, և բոլոր մարդիկ հանգիստ բնակվում են Իմ երկինքների տակ՝ Իմ արոտավայրերի ոչխարների պես։ Ես շարժվում եմ բյուրավոր մարդկանց վրայով և դիտում եմ ամենուր։ Ոչինչ այլևս հին տեսք չունի, և ոչ մի մարդ այնպիսին չէ, ինչպիսին նախկինում էր։ Ես հենվում եմ գահին, Ես թեքվում եմ ողջ տիեզերքի վրա և լիովին բավարարված եմ, քանզի բոլոր բաները վերականգնել են իրենց սրբությունը, և Ես կարող եմ կրկին խաղաղությամբ բնակվել Սիոնում, իսկ երկրի վրայի մարդիկ կարող են կրկին ապրել և աշխատել խաղաղության ու գոհունակության մեջ՝ Իմ ուղղորդման ներքո։ Իմ տիրապետության ներքո Իմ բյուրավոր մարդիկ տնօրինում են ամեն ինչ։ Նրանք վերագտել են իրենց նախկին խելքն ու սկզբնական արտաքինը. նրանք այլևս ծածկված չեն փոշով, այլ Իմ թագավորությունում սուրբ են նեֆրիտի պես, յուրաքանչյուրը՝ դեմքով, որ նման է մարդու սրտում առկա սրբի դեմքին, քանզի Իմ թագավորությունը հաստատվել է մարդկանց մեջ։

Մարտի 14, 1992

Նախորդը.  Գլուխ 12

Հաջորդը.  Գլուխ 18

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger