Գլուխ 18
Կայծակի մեջ բոլոր տեսակի կենդանիները բացահայտվում են իրենց իրական կերպարանքներով։ Այդպես էլ, Իմ լույսով լուսավորված, մարդը վերականգնել է այն սրբությունը, որը մի ժամանակ ուներ։ Օ՜, հին, ապականված աշխարհ։ Ի վերջո այն տապալվել է կեղտոտ ջրի մեջ և, ընկղմվելով մակերեսից ներքև, վերածվել տիղմի։ Օ՜, ողջ մարդկություն, որ Իմ իսկ արարածն ես։ Ի վերջո նրանք կյանք են վերադարձել լույսի մեջ, ստացել գոյության հիմքը և դադարել տիղմի մեջ պայքարելուց։ Օ՜, բոլոր բաները, որ Ես պահում եմ Իմ ձեռքերում։ Ինչպե՞ս կարող են չնորոգվել Իմ խոսքերի արդյունքում։ Ինչպե՞ս կարող են լույսի մեջ չիրականացնել իրենց գործառույթները։ Երկիրն այլևս մեռելային անշարժ ու լուռ չէ, երկինքն այլևս ամայի ու մռայլ չէ։ Երկինքն ու երկիրը, այլևս դատարկությամբ չբաժանված, միավորված են որպես մեկ՝ այլևս երբեք չբաժանվելու համար։ Այս ցնծալի առիթով բերկրանքի այս պահին Իմ արդարությունն ու Իմ սրբությունը տարածվել են տիեզերքի վրա և նրա ողջ տարածքում և անդադար գովաբանվում են բոլոր մարդկանց մեջ։ Երկնքի քաղաքներն ուրախությունից ծիծաղում են, և երկրի թագավորությունն ուրախությունից պարում է։ Այս ժամանակ ո՞վ չի ցնծում։ Եվ ո՞վ չի արտասվում։ Երկիրն իր սկզբնական վիճակում պատկանում է երկնքին, և երկինքը միացված է երկրին։ Մարդը երկինքն ու երկիրը միացնող լարն է։ Մարդու սրբության պատճառով, մարդու նորոգման պատճառով երկինքն այլևս թաքնված չէ երկրից, և երկիրն այլևս լուռ չէ երկնքի հանդեպ։ Բոլոր մարդկանց դեմքերը պատված են գոհունակության ժպիտներով, և նրանց բոլորի սրտերում թաքնված է մի քաղցրություն, որը սահմաններ չի ճանաչում։ Մարդիկ չեն վիճում կամ կռվում միմյանց հետ։ Կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր Իմ լույսի մեջ խաղաղորեն չեն ապրում ուրիշների հետ։ Կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր Իմ օրը նախատինք են բերում Իմ անվան վրա։ Բոլորն իրենց վախով լի ակնապիշ նայում են Ինձ, և իրենց սրտերում գաղտնի աղաղակում են Ինձ։ Ես զննել եմ նրանց յուրաքանչյուր գործողությունը. մաքրագործված մարդկանց մեջ չկան Իմ դեմ ըմբոստներ, չկան այնպիսիք, ովքեր դատավճիռ են կայացնում Իմ հանդեպ։ Իմ բնույթը ներթափանցում է բոլոր մարդկանց մեջ։ Բոլորը ճանաչում են Ինձ, ավելի են մոտենում Ինձ և ակնածանքով նայում Ինձ։ Ես անսասան կանգնած եմ մարդու հոգում, մարդու աչքերում բարձրացված եմ ամենաբարձր գագաթը և հոսում եմ մարդու երակների արյան միջով։ Մարդու սրտի ուրախությունը լցնում է երկրի երեսի յուրաքանչյուր վայր, օդը զով է ու թարմ, խիտ մառախուղներն այլևս չեն ծածկում գետինը, և արևը շողում է պայծառորեն։
Այժմ նայե՛ք Իմ արքայությանը, որտեղ Թագավոր եմ բոլորի վրա, և որտեղ իշխանություն ունեմ բոլորի նկատմամբ։ Արարչագործության սկզբից մինչև ներկա օրերն Իմ որդիները, Իմ կողմից ուղղորդվելով, փորձառաբար ապրել են կյանքի դժվարությունները, աշխարհի անարդարությունները և մարդկային ոլորտի խորդուբորդ ճանապարհը, բայց այժմ բնակվում են Իմ լույսի մեջ։ Ո՞վ չի լացում երեկվա անարդարությունների համար։ Ո՞վ արտասուք չի թափում այն բանի համար, թե որքան դժվար էր հասնել այսօրվան։ Եվ կրկին, կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր չեն օգտվում այս առիթից՝ իրենց Ինձ նվիրելու համար։ Կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր չեն օգտվում այս հնարավորությունից՝ արտահայտելու իրենց սրտերում ուռճացող կիրքը։ Կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր այս պահին չեն բարձրաձայնում այն, ինչ փորձառաբար ապրել են։ Այս ժամանակ բոլոր մարդիկ Ինձ են նվիրաբերում իրենց լավագույն մասը։ Քանի՞սն են ափսոսանքով տառապում իրենց երեկվա հիմարությունների համար, քանի՞սն են խիստ ատում իրենց՝ երեկվա ձգտումների համար։ Բոլոր մարդիկ ճանաչել են իրենց, բոլորը տեսել են Սատանայի գործերը և Իմ հրաշալիությունը, և նրանց սրտերի ներսում այժմ Ինձ համար տեղ կա։ Այլևս մարդկանց շրջանում չեմ հանդիպի գարշանքի կամ մերժման, քանզի Իմ մեծ գործն արդեն կատարվել է և այլևս չի խոչընդոտվում։ Այսօր Իմ արքայության որդիների մեջ կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր չեն մտածել իրենց սեփական հոգսերի մասին։ Կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր ավելի շատ չեն խորհում այն ճանապարհների մասին, որոնցով կատարվում է Իմ գործը։ Կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր անկեղծորեն իրենց ընծայել են հանուն Ինձ։ Պակասե՞լ են արդյոք ձեր սրտերի ներսում եղած անմաքրությունները։ Թե՞ ավելացել են։ Եթե ձեր ներսում եղած անմաքուր տարրերը չեն նվազել և ոչ էլ աճել են, ապա, անկասկած, դեն կնետեմ ձեզ պես մարդկանց։ Իմ ուզածը սուրբ մարդիկ են, որոնք համապատասխանում են Իմ մտադրություններին, այլ ոչ թե անմաքուր ոգիներ, որոնք ըմբոստանում են Իմ դեմ։ Նույնիսկ թեև մարդկանցից Իմ պահանջները բարձր չեն, նրանց սրտերի ներաշխարհն այնքան բարդ է, որ չեն կարող շատ լավ համապատասխանել Իմ մտադրություններին կամ անմիջապես բավարարել Իմ մտադրությունները։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը գաղտնի ջանք է գործադրում՝ հաղթանակի վերջնական դափնեպսակը նվաճելու հույսով։ Մարդկանց ճնշող մեծամասնությունն իր ողջ ուժով պայքարում է՝ չհամարձակվելով թուլանալ անգամ մեկ ակնթարթ, խորապես վախենալով երկրորդ անգամ Սատանային գերի ընկնելուց։ Նրանք այլևս չեն համարձակվում դժգոհություններ տածել Իմ դեմ, այլ հաստատուն են Իմ առջև իրենց հավատարմությունը ցուցաբերելու մեջ։ Ես այնքան շատ մարդկանց ասած սրտառուչ խոսքեր եմ լսել, այնքան շատ մարդկանց պատմություններ տառապանքի մեջ իրենց ցավալի փորձառությունների մասին. Ես տեսել եմ, թե ինչպես են շատերը դժվարության մեջ անխափան կերպով Ինձ մատուցում իրենց հավատարմությունը, և հետևել եմ, թե ինչպես են շատերը, քայլելով քարքարոտ ճանապարհով, ելք փնտրում։ Այս հանգամանքներում նրանք երբեք չեն գանգատվել. թեև երբեք չեն գտել լույսը և իրենց սրտերում փոքր-ինչ վհատված են զգում, երբեք ոչ մի անգամ չեն գանգատվել։ Բայց նաև լսել եմ, թե ինչպես են այնքան շատ մարդիկ իրենց սրտերի խորքից անեծքներ արձակում՝ անիծելով Երկինքը և գանգատվելով երկրից։ Եվ նաև տեսել եմ, թե ինչպես են այնքան շատ մարդիկ իրենց կործանում իրենց դժվարության մեջ՝ աղբի պես նետվելով աղբամանը, որպեսզի պատվեն կեղտով ու մրով։ Լսել եմ, թե ինչպես են այնքան շատ մարդիկ դիրքի փոփոխության պատճառով վիճում միմյանց հետ, ինչը հանգեցնում է նրանց դեմքերի արտահայտության փոփոխությանը և այլ մարդկանց հետ նրանց հարաբերությունների փոփոխությանը, երբ ընկերները դադարում են ընկերներ լինելուց և դառնում են թշնամիներ՝ իրենց լեզուներով հարձակվելով միմյանց վրա։ Մարդկանց ճնշող մեծամասնությունն Իմ խոսքերն օգտագործում է գնդացրի գնդակների պես՝ անսպասելիորեն կրակ բացելով ուրիշների վրա, մինչև որ նրանց մեջ ամենուր աղմուկ-աղաղակ է բարձրանում՝ փշրելով խաղաղ անդորրը։ Բարեբախտաբար, այս օրն այժմ եկել է. հակառակ դեպքում ո՞վ գիտի, թե քանիսը կարող էին զոհվել այս գնդացրի կրակի անողոք տարափի տակ։
Իմ խոսքերի արձակմանը հետևելով և ողջ մարդկության վիճակներին համընթաց քայլելով՝ Իմ թագավորությունը քայլ առ քայլ իջնում է երկրի վրա։ Մարդն այլևս անհանգստացնող մտքեր չի տածում կամ «զբաղեցնում» իրեն ուրիշ մարդկանցով կամ «մտածում» նրանց փոխարեն։ Եվ այսպես, երկրի վրա վիճելի քննարկումներ այլևս չկան, և Իմ խոսքերի արձակմանը հետևելով՝ ժամանակակից դարաշրջանի տարբեր «զենքերը» հետ են վերցվում։ Մարդը կրկին խաղաղություն է գտնում մարդու հետ, մարդկային սիրտը ներդաշնակության ոգի է ճառագում, և այլևս ոչ ոք չի պաշտպանվում գաղտնի հարձակումներից։ Ողջ մարդկությունը վերադարձել է բնականոն վիճակի և նոր կյանք է սկսել։ Բնակվելով նոր միջավայրում՝ մեծ թվով մարդիկ նայում են իրենց շուրջը՝ զգալով, ասես մուտք են գործել լիովին նոր աշխարհ, և դրա պատճառով ի վիճակի չեն անմիջապես հարմարվելու իրենց ներկայիս միջավայրին կամ միանգամից մտնելու ճիշտ ուղու վրա։ Եվ այսպես, ինչ վերաբերում է մարդկությանը, սա այն դեպքն է, երբ «հոգին հոժար է, բայց մսեղին՝ տկար»։ Թեև Ես Ինքս չեմ ճաշակել դժվարության դառնությունը, ինչպես մարդը, այնուամենայնիվ գիտեմ այն ամենը, ինչ պետք է իմանալ մարդու պակասությունների մասին։ Մոտիկից ծանոթ եմ մարդու կարիքներին, և Իմ հասկացողությունը նրա թուլությունների վերաբերյալ լիարժեք է։ Այս պատճառով Ես մարդուն չեմ ծաղրում իր թերությունների համար. նրա անարդարության պատճառով միայն համապատասխան չափով «կրթություն» եմ տալիս, որպեսզի բոլորին հնարավորություն տամ կանգնելու ճիշտ ուղու վրա, որպեսզի մարդկությունը դադարի թափառող որբեր լինելուց և փոխարենը դառնա մանուկներ, որոնք տուն կոչելու տեղ ունեն։ Այնուամենայնիվ, Իմ գործողությունները կառավարվում են սկզբունքներով։ Եթե մարդիկ չեն կամենում վայելել այն երանությունը, որն Իմ մեջ է, Ես կարող եմ միայն համաձայնել նրա հետ, ինչը նրանք սրտանց ցանկանում են, և նրանց ուղարկել անհատակ անդունդը։ Այս պահին ոչ ոք այլևս չպետք է դժգոհություններ տածի իր սրտում, այլ բոլորը պետք է կարողանան տեսնել Իմ արդարությունն այն կարգավորումներում, որոնք արել եմ։ Ես մարդկությանը չեմ ստիպում սիրել Ինձ, ոչ էլ հարվածում եմ որևէ մարդու՝ Ինձ ուղղված սիրուն։ Իմ մեջ կատարյալ ազատություն է, կատարյալ ազատում։ Թեև մարդու ճակատագիրն Իմ ձեռքերում է, Ես մարդուն ազատ կամք եմ տվել, որը չի ենթարկվում Իմ վերահսկողությանը։ Այսպիսով՝ մարդիկ «անախորժություններ չեն ստեղծի իրենց համար» Իմ կառավարչական հրամանագրերի պատճառով, այլ, ավելի շուտ, Իմ մեծահոգության շնորհիվ «ազատում» կստանան։ Եվ այսպես, շատ մարդիկ իրենց ազատագրման ներսում փնտրում են իրենց սեփական ելքը և Իմ կողմից չեն կաշկանդվում։
Միշտ թույլ եմ տվել, որ մարդիկ ազատ լինեն՝ երբեք անլուծելի խնդիրներով չծանրաբեռնելով, երբեք ոչ մի մարդու դժվարության մեջ չդնելով։ Մի՞թե այդպես չէ։ Թեև շատ մեծ թվով մարդիկ չեն սիրում Ինձ, հեռու լինելով այսպիսի վերաբերմունքից վրդովվելուց, Ես նրանց ազատություն եմ տվել՝ ազատ գործելու հնարավորություն տալով այն աստիճան, որ թույլ եմ տալիս՝ ազատորեն լողան տառապանքի ծովում։ Քանզի մարդն անպատիվ անոթ է. թեև տեսնում է այն օրհնությունը, որը պահում եմ Իմ ձեռքում, ոչ մի հետաքրքրություն չունի այն վայելելու, այլ, ավելի շուտ, Սատանայի ձեռքից կպոկեր պատուհասը՝ դրանով իսկ իրեն դատապարտելով Սատանայի կողմից որպես «սնունդ» սպառվելու։ Իհարկե, կան ոմանք, ովքեր իրենց աչքերով տեսել են Իմ լույսը, և այսպես, թեև ապրում են ներկա ժամանակի մշուշների մեջ, այդ մշուշների պատճառով չեն կորցրել հավատը լույսի հանդեպ, այլ շարունակում են շոշափել և փնտրել այդ մշուշների միջով՝ թեկուզև խոչընդոտներով ծածկված ճանապարհով։ Երբ մարդն ըմբոստանում է Իմ դեմ, Իմ ցասումն եմ նետում նրա վրա, և այսպես մարդը կարող է կործանվել իր ըմբոստության պատճառով։ Երբ նա հնազանդվում է Ինձ, մնում եմ նրանից թաքնված՝ այսկերպ նրա սրտի խորքում սեր արթնացնելով, սեր, որը ոչ թե Ինձ շողոքորթելու համար է, այլ Ինձ վայելք պատճառելու։ Այնքան շատ անգամներ, մինչ մարդը փնտրում է, փակել եմ Իմ աչքերը և լուռ մնացել, որպեսզի ստանամ նրա ճշմարիտ հավատը։ Բայց երբ չեմ խոսում, մարդու հավատը մի ակնթարթում փոխվում է։ Հետևաբար, այն ամենը, ինչ տեսնում եմ, նրա «կեղծ ապրանքներ» են, քանզի մարդը երբեք անկեղծորեն չի սիրել Ինձ։ Միայն երբ բացահայտում եմ Ինձ, մարդիկ բոլորը «հավատի» հսկայական ցուցադրություն են անում. բայց երբ թաքնված եմ Իմ գաղտնի վայրում, ընկրկում են՝ ասես վախենալով Ինձ վիրավորելուց. կան անգամ ոմանք, ովքեր, քանի որ չեն տեսնում Իմ դեմքը, Ինձ «խոր մշակման» են ենթարկում՝ դրանով իսկ ժխտելով Իմ գոյության փաստը։ Այնքան շատ մարդիկ են մնում այս իրադրությունում, այնքան շատերն ունեն այս մտայնությունը. պարզապես մարդիկ բոլորը կոծկում են այն, ինչ տգեղ է իրենց մեջ։ Այս պատճառով նրանք դժկամությամբ են բարձրաձայնում իրենց սեփական պակասությունները և միայն կրճտացող ատամներով ու քողարկված դեմքերով են ընդունում Իմ խոսքերի իրական փաստերը։
Մարտի 17, 1992