Գլուխ 21
Մարդն ընկնում է Իմ լույսի մեջ և հաստատուն է մնում Իմ փրկության շնորհիվ։ Երբ Ես փրկություն եմ բերում ողջ տիեզերքին, մարդը փորձում է ուղիներ գտնել՝ մտնելու վերականգնման Իմ հոսքի մեջ, սակայն շատերն անհետ լվացվում-տարվում են վերականգնման այս հեղեղով. շատերը խեղդվում և կլանվում են հորդառատ ջրերում. և կան նաև շատերը, որոնք հաստատուն են մնում հեղեղի մեջ, որոնք երբեք չեն կորցրել իրենց ուղղության զգացումը և այդպիսով՝ հետևել են հեղեղին մինչև այսօր։ Ես առաջ եմ գնում մարդուն համընթաց, բայցևայնպես, մարդը երբեք չի ճանաչել Ինձ. նա գիտի միայն Իմ արտաքին տեսքն ու հանդերձը, սակայն անտեղյակ է Իմ ներսում թաքնված հարստություններին։ Թեև Ես ապահովում եմ մարդուն և նրան տալիս ամեն օր, նա միշտ անկարող է ճշմարիտ ընդունման, միշտ անկարող է ընդունել Իմ տված բոլոր հարստությունները։ Ես լիովին հասկանում եմ մարդու ապականությունը. Ինձ համար նրա ներաշխարհն այնքան պարզ է, որքան պայծառ լուսինը՝ ջրի վրա։ Ես մարդու հետ ձևական չեմ վարվում, ոչ էլ ձևականորեն եմ գործ ունենում նրա հետ. պարզապես մարդն անկարող է պատասխանատվություն կրել ինքն իր համար, և հետևաբար ողջ մարդկությունը միշտ եղել է այլասերված և նույնիսկ այսօր նման այլասերվածությունից ազատվելու անկարող է մնում։ Խե՜ղճ, ողորմելի՜ մարդկություն։ Ինչո՞ւ է այնպես, որ մարդը սիրում է Ինձ, բայց անկարող է հետևել Իմ Հոգու մտադրություններին։ Մի՞թե Ես իսկապես Ինձ չեմ բացահայտել մարդկությանը։ Մի՞թե մարդկությունն իսկապես երբեք չի տեսել Իմ դեմքը։ Կարո՞ղ է այնպես լինել, որ Ես չափազանց քիչ ողորմություն եմ ցուցաբերել մարդկության հանդեպ։ Օ՜, ողջ մարդկության ապստամբնե՛ր։ Նրանք պետք է ջախջախվեն Իմ ոտքերի տակ. նրանք պետք է չքանան Իմ հանդիմանության մեջ, և նրանք պետք է մերժվեն մարդկության միջից այն օրը, երբ Իմ մեծ գործն ավարտվի, որպեսզի ողջ մարդկությունն իմանա նրանց տգեղ դեմքը։ Այն փաստը, որ մարդու համար դժվար է տեսնել Իմ դեմքը կամ լսել Իմ ձայնը, այն պատճառով է, որ ողջ աշխարհը չափազանց պղտոր է, և նրա աղմուկը չափազանց մեծ է, և հետևաբար մարդը չափազանց ծույլ է՝ փնտրելու Իմ դեմքը և փորձելու հասկանալ Իմ սիրտը։ Մի՞թե սա չէ մարդու ապականության պատճառը։ Մի՞թե սա չէ պատճառը, որ մարդը կարիքի մեջ է։ Ողջ մարդկությունը միշտ եղել է Իմ ապահովման ներքո. եթե այդպես չլիներ, եթե Ես ողորմած չլինեի, ո՞վ կգոյատևեր մինչև այսօր։ Իմ մեջ եղած հարստությունները հավասարը չունեն, սակայն բոլոր աղետները նույնպես Իմ ձեռքերում են. և ո՞վ է ի վիճակի խուսափելու աղետից, երբ կամենա։ Մի՞թե մարդու աղոթքները կամ նրա սրտի ներսում եղող լացը թույլ են տալիս նրան անել դա։ Մարդը երբեք ճշմարտապես չի աղոթել Ինձ, և ուստի ողջ մարդկության մեջ ոչ ոք երբեք իր ողջ կյանքը ճշմարիտ լույսի մեջ չի ապրել. մարդիկ ապրում են միայն այնպիսի լույսի մեջ, որն անհավասարաչափ է առկայծում՝ հայտնվելով ու անհետանալով։ Հենց սա է հանգեցրել մարդկության այսօրվա պակասությանը։
Բոլորն անհամբերությամբ սպասում են՝ տենչալով ամեն ինչ անել Ինձ համար, որպեսզի ինչ-որ բան ստանան Ինձնից, և ուստի մարդու հոգեբանությանը համապատասխան, Ես նրան խոստումներ եմ տալիս՝ նրա մեջ ճշմարիտ սեր ներշնչելու համար։ Մի՞թե իսկապես մարդու ճշմարիտ սերն է նրան ուժ տալիս։ Մի՞թե Իմ հանդեպ մարդու հավատարմությունն է, որ շարժել է Իմ Հոգին երկնքում։ Երկինքը երբեք նույնիսկ չնչին չափով չի հուզվել մարդու գործողություններից, և եթե Իմ վերաբերմունքը մարդու նկատմամբ հիմնված լիներ նրա յուրաքանչյուր գործողության վրա, ապա ողջ մարդկությունը կապրեր Իմ հանդիմանության մեջ։ Ես տեսել եմ շատ մարդկանց, որոնց այտերով արցունքներ են հոսում, և Ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք մատուցում են իրենց սրտերը՝ Իմ հարստությունների դիմաց։ Չնայած նման «բարեպաշտությանը»՝ Ես երբեք Իմ ամենը անմտորեն չեմ տվել մարդուն նրա հանկարծակի մղումների արդյունքում, քանզի մարդը երբեք ուրախությամբ հոժար չի եղել նվիրվելու Իմ առջև։ Ես պոկել եմ բոլոր մարդկանց դիմակները և նետել այդ դիմակները կրակի լիճը, և, որպես արդյունք, մարդու ենթադրյալ հավատարմությունն ու աղերսանքները երբեք հաստատուն չեն մնացել Իմ առջև։ Մարդը նման է երկնքում ամպի. երբ քամին ոռնում է, նա վախենում է դրա ուժի հզորությունից և ուստի շտապով սլանում է դրա հետևից՝ խորապես վախենալով, որ կտապալվի իր ըմբոստության համար։ Մի՞թե սա չէ մարդու տգեղ դեմքը։ Մի՞թե սա չէ մարդու այսպես կոչված հնազանդությունը։ Մի՞թե սա չէ մարդու «ճշմարիտ զգացումը» և շինծու անկեղծությունը։ Շատ մարդիկ հրաժարվում են այն բոլոր հայտարարություններով համոզվելուց, որոնք դուրս են գալիս Իմ բերանից, և շատերը չեն ընդունում Իմ գնահատումը, և հետևաբար նրանց խոսքերն ու գործողությունները բացահայտում են Ինձ դավաճանելու իրենց մտադրությունը։ Մի՞թե այն, ինչի մասին Ես խոսում եմ, հակառակ է մարդու հին բնությանը։ Մի՞թե Ես մարդուն համապատասխան սահմանում չեմ տվել՝ ըստ «բնության օրենքների»։ Մարդը ճշմարտապես չի հնազանդվում Ինձ. եթե նա ճշմարտապես փնտրեր Ինձ, Ես ստիպված չէի լինի այսքան շատ խոսել։ Մարդն անարժեք աղբ է, և Ես պետք է օգտագործեմ Իմ հանդիմանությունը՝ նրան առաջ մղելու համար. եթե Ես դա չանեի, թեև նրան Իմ տված խոստումները բավարար են նրա վայելքի համար, ինչպե՞ս կարող էր նրա սիրտը հուզվել։ Մարդը երկար տարիներ միշտ ապրել է ցավալի պայքարի մեջ. կարելի է ասել՝ նա միշտ ապրել է հուսահատության մեջ։ Որպես արդյունք՝ նա մնացել է տանջանքի մեջ՝ հասնելով հուսալքվածության, նրա հոգին հոգնած է, իսկ ուժերը՝ սպառված, և հետևաբար նա ուրախությամբ չի ընդունում այն հարստությունները, որոնք Ես տալիս եմ նրան։ Նույնիսկ այսօր ոչ ոք ի վիճակի չէ հոգու ողջ քաղցրությունն ընդունելու Ինձնից։ Մարդիկ միայն աղքատ են մնում և սպասում են վերջին օրվան։
Շատ մարդիկ ցանկանում են ճշմարտապես սիրել Ինձ, բայց քանի որ նրանց սրտերն իրենց սեփականը չեն, նրանք չեն վերահսկում իրենց։ Շատ մարդիկ ճշմարտապես սիրում են Ինձ, երբ փորձառաբար ապրում են Իմ տված փորձությունները, սակայն նրանք անկարող են ըմբռնել, որ Ես իսկապես գոյություն ունեմ, և պարզապես սիրում են Ինձ դատարկության մեջ և ոչ թե Իմ փաստացի գոյության պատճառով։ Շատ մարդիկ իրենց սրտերը դնում են Իմ առջև և հետո ուշադրություն չեն դարձնում իրենց սրտերին, և այսպիսով՝ Սատանան հափշտակում է նրանց սրտերը, երբ առիթ է ունենում, և հետո նրանք լքում են Ինձ։ Շատ մարդիկ ճշմարտապես սիրում են Ինձ, երբ տրամադրում եմ Իմ խոսքերը, սակայն չեն փայփայում Իմ խոսքերն իրենց հոգիներում, փոխարենն անփութորեն օգտագործում են դրանք՝ որպես հանրային սեփականություն և երբ կամենան, ետ են նետում այնտեղ, որտեղից դրանք եկել են։ Բոլոր մարդիկ փնտրում են Ինձ ցավի մեջ և նայում են Ինձ փորձությունների մեջ. խաղաղության ժամանակ նրանք վայելում են Ինձ, վտանգի պահին ուրանում են Ինձ, երբ զբաղված են, մոռանում են Ինձ, իսկ ազատ ժամանակ որոշակի ձևական ջանքեր են գործադրում՝ Ինձ հետ գործ ունենալու համար։ Եվ այնուամենայնիվ, երբեք ոչ ոք չի սիրել Ինձ իր ողջ կյանքի ընթացքում։ Ես ցանկանում եմ, որ մարդիկ անկեղծ լինեն Իմ առջև։ Ես չեմ խնդրում, որ նրանք Ինձ որևէ բան տան, այլ միայն, որ նրանք բոլորը լրջորեն վերաբերվեն Ինձ, որպեսզի Ինձ շողոքորթելու փոխարեն թույլ տան Ինձ իրենց անկեղծությունը ձեռք բերել որպես հատուցում։ Իմ լուսավորությունը, լուսավորումը և Իմ սրտի արյունը տարածվում են բոլոր մարդկանց մեջ, սակայն նույն կերպ էլ մարդու յուրաքանչյուր գործողության ճշմարիտ փաստն է տարածվում բոլոր մարդկանց մեջ, ինչպես և Ինձ խաբելը։ Կարծես մարդու խաբեության բաղադրիչներն իր հետ են եղել արգանդից ի վեր, կարծես նա ծննդից ի վեր տիրապետել է խարդախության հատուկ հմտությունների։ Ավելին՝ նա երբեք ցույց չի տվել իր իրական դեմքը. ոչ ոք երբեք չի թափանցել խարդախության այս հմտությունների աղբյուրի մեջ։ Որպես արդյունք՝ մարդն ապրում է խաբեության մեջ՝ առանց գիտակցելու դա, և կարծես նա ներում է ինքն իրեն, կարծես դա Աստծու կարգավորումներն են, այլ ոչ թե Ինձ միտումնավոր խաբելը։ Մի՞թե սա չէ մարդու` Ինձ խաբելու բուն աղբյուրը։ Մի՞թե սա չէ նրա դավադրությունը։ Ես երբեք չեմ շփոթվել մարդու կեղծ քաղցր խոսքերից, քանզի Ես վաղուց հասկացել եմ նրա բուն էությունը։ Ո՞վ գիտի, թե որքան անմաքրություն կա նրա արյան մեջ, և Սատանայի որքան թույն կա նրա ոսկրածուծի մեջ։ Այն կուտակվում է ամեն անցնող օրվա հետ, և մարդն ընտելանում է դրան՝ բնավ չզգալով Սատանայի տառապանքները, և այսպիսով՝ միտք չունի պարզելու «առողջ գոյության արվեստը»։
Երբ մարդը հեռու է Ինձնից, և երբ նա փորձում է Ինձ, Ես Ինքս Ինձ թաքցնում եմ նրանից ամպերի մեջ։ Որպես արդյունք՝ նա անկարող է գտնել Իմ որևէ հետք և ապրում է միայն չարի ձեռքով՝ անելով այն ամենը, ինչ նա խնդրում է։ Երբ մարդը մոտ է Ինձ, Ես հայտնվում եմ նրան և Իմ դեմքը չեմ թաքցնում նրանից, և այս ժամանակ մարդը տեսնում է Իմ դեմքի բարի արտահայտությունը։ Նա հանկարծ գիտակցության է գալիս, և սերն Իմ հանդեպ բնականաբար արթնանում է նրա ներսում։ Իր սրտում նա հանկարծ անհամեմատելի քաղցրություն է զգում և զարմանում է, թե ինչպես կարող էր չիմանալ տիեզերքում Իմ գոյության մասին։ Այսպիսով՝ մարդն Իմ հաճելիության և, ավելին, Իմ թանկության ավելի մեծ զգացում ունի։ Որպես արդյունք՝ նա ցանկանում է այլևս երբեք չլքել Ինձ, նա Ինձ որպես իր գոյատևման լույս է տեսնում և, խորապես վախենալով, որ կլքեմ իրեն, ամուր գրկում է Ինձ։ Ես չեմ հուզվում մարդու եռանդից, այլ նրան «ողորմություն» եմ շնորհում իր սիրո շնորհիվ։ Այս ժամանակ մարդն ակնթարթորեն ապրում է Իմ փորձությունների մեջ։ Իմ դեմքն անհետանում է նրա սրտից, և նա անմիջապես զգում է, որ իր կյանքը դատարկ է, և նրա մտքերն ուղղվում են դեպի փախուստ։ Այս պահին մարդու սիրտը մերկանում է։ Նա չի գրկում Ինձ Իմ բնույթի համար, այլ խնդրում է, որ Ես պաշտպանեմ իրեն Իմ սիրո շնորհիվ։ Սակայն երբ Իմ սերը հակահարված է տալիս մարդուն, նա անմիջապես փոխում է իր միտքը. նա պատռում է Ինձ հետ իր ուխտը և կտրվում Իմ դատաստանից՝ չկամենալով այլևս երբեք նայել Իմ բարի դեմքին, և ուստի նա փոխում է իր տեսակետն Իմ մասին և ասում, որ Ես երբեք չեմ փրկել մարդուն։ Մի՞թե ճշմարիտ սերն իսկապես չի ներառում ոչինչ՝ ողորմությունից բացի։ Մի՞թե մարդն Ինձ սիրում է միայն այն դեպքում, եթե ապրում է Իմ շողացող լույսի ներքո։ Նա ետ է նայում երեկվան և ապրում այսօրվա մեջ. մի՞թե սա չէ մարդկային իրադրությունը։ Մի՞թե վաղը դուք իսկապես դեռ այսպիսին կլինեք։ Իմ ուզածն այն է, որ մարդն իր սրտի խորքերում փափագի Ինձ, այլ ոչ թե Ինձ արտաքին գործոններով բավարարելու ցանկություն ունենա։
Մարտի 21, 1992թ.