Գլուխ 3
Քանի որ Իմ ժողովուրդն եք կոչվում, իրողություններն այլևս նախկինի պես չեն. պետք է ականջ դնեք և հնազանդվեք Իմ Հոգու արտահայտումներին ու սերտորեն հետևեք Իմ գործին. չպետք է տարանջատեք Իմ Հոգին և Իմ մսեղին, քանզի Մենք ի բնե մեկ ենք և բնությամբ՝ անբաժանելի։ Ով որ տարանջատի Հոգին և անձն ու կենտրոնանա կա՛մ անձի, կա՛մ Հոգու վրա, կորուստ կկրի և միայն ի վիճակի կլինի խմելու իր իսկ դառը բաժակից, և ասելու այլևս ոչինչ չկա։ Միայն նրանք, ովքեր ի վիճակի են Հոգուն և անձին անբաժանելի ամբողջություն համարելու, Իմ մասին բավարար ճանաչողություն ունեն. նրանց ներսի կյանքն աստիճանաբար փոփոխության կենթարկվի։ Որպեսզի Իմ գործի հաջորդ քայլն ընթանա սահուն կերպով և առանց խոչընդոտի, Ես կիրառում եմ խոսքերի զտումը՝ փորձելու բոլոր նրանց, ովքեր Իմ տանն են, և օգտագործում եմ գործի եղանակներր՝ ստուգելու նրանց, ովքեր հետևում են Ինձ։ Այս հանգամանքներում կարելի է ասել, որ նրանք բոլորը կորցնում են հույսը. որպես մարդիկ՝ նրանց մեջ չկա մեկը, ով բացասական և պասիվ իրադրությունում չլինի, կարծես ողջ տարածությունը փոխված լինի։ Ոմանք բողոքում են երկնքի ու երկրի դեմ. ոմանք իրենց հիասթափության մեջ կոփում են իրենց և ընդունում Իմ խոսքերի փորձությունը. ոմանք նայում են երկնքին և խոր հառաչում՝ աչքերը լի արցունքներով, կարծես խելագարված լինեն նորածին մանկան անժամանակ մահից. ոմանք նույնիսկ զգում են, որ այսպես ապրելն ամոթ է, և աղոթում են, որ Աստված շուտով տանի իրենց. ոմանք ողջ օրն անցկացնում են շշմածության մեջ, կարծես նոր էին ծանր հիվանդացել և դեռ ուշքի չեն եկել. ոմանք տրտնջալուց հետո լուռ հեռանում են, իսկ ոմանք դեռ իրենց տեղից գովաբանում են Ինձ, թեև որոշ չափով բացասական են մնում։ Այսօր, երբ ամեն ինչ հայտնի է դարձվել, Ես այլևս կարիք չունեմ խոսելու անցյալի մասին. ավելի կարևոր է այն, որ դեռ պետք է ունակ լինեք լիարժեք հավատարմության այն դիրքից, որը Ես այսօր տալիս եմ ձեզ, որպեսզի այն ամենը, ինչ անում եք, արժանանա Իմ հավանությանը, և այն ամենը, ինչ ասում եք, գա Իմ լուսավորությունից ու լուսավորումից, և ի վերջո այն, ինչ կյանքով արտահայտում եք, լինի Իմ պատկերը և ամբողջովին Իմ դրսևորումը։
Իմ խոսքերն արձակվում և արտահայտվում են ցանկացած ժամանակ և վայրում, և այդպես էլ ինքներդ ձեզ պետք է ճանաչեք Իմ առջև բոլոր ժամանակներում։ Քանզի այսօրվա օրը ի վերջո տարբերվում է նախկինից, և այլևս հարցն այն չէ, որ բաներն իրագործվեն պարզապես այն պատճառով, որ ցանկանում ես։ Փոխարենը պետք է Իմ խոսքերի ուղղորդման ներքո ունակ լինես ճնշելու սեփական մարմինդ. պետք է Իմ խոսքերն օգտագործես որպես քո հենարան և չպետք է անխոհեմաբար գործես։ Եկեղեցու համար իրական կիրարկման բոլոր ուղիները կարելի է գտնել Իմ խոսքերում։ Նրանք, ովքեր չեն գործում Իմ խոսքերով, ուղղակի վիրավորանք են հասցնում Իմ Հոգուն, և Ես կբնաջնջեմ նրանց։ Քանի որ ամեն ինչ հասել է այսօրվա իրավիճակին, դուք կարիք չունեք չափազանց վշտանալու և զղջալու անցյալի ձեր արարքների ու գործողությունների համար։ Իմ մեծահոգությունն անսահման է, ինչպես ծովերն ու երկինքը. ինչպե՞ս կարող էին մարդու կարողություններն ու Իմ մասին ճանաչողությունն Ինձ ծանոթ չլինել այնպես, ինչպես Իմ իսկ ձեռքի ափը։ Մարդկանցից ո՞վ Իմ ձեռքերում չէ։ Կարծում ես՝ ոչինչ չգիտե՞մ այն մասին, թե որքան մեծ է քո հասակը, որ Ես լիովին անտեղյա՞կ եմ դրանից։ Անհնա՛ր է։ Այսպիսով, երբ բոլոր մարդիկ գտնվում են իրենց ամենամեծ հուսահատության մեջ, երբ նրանք այլևս չեն կարող սպասել և ցանկանում են նոր սկիզբ դնել, երբ ուզում են Ինձ հարցնել, թե ինչ է կատարվում, երբ ոմանք տարված են լինում զեխությամբ, և ոմանց մտքով անցնում է ապստամբել, երբ ոմանք դեռ հավատարիմ ծառայություն են մատուցում, Ես սկսում եմ դատաստանի դարաշրջանի երկրորդ մասը՝ մաքրագործելով և դատելով Իմ ժողովրդին։ Սա նաև նշանակում է, որ Ես պաշտոնապես սկսում եմ կրթել Իմ ժողովրդին՝ թույլ տալով ձեզ ոչ միայն գեղեցիկ վկայություն կրել Ինձ համար, այլև, ավելին, գեղեցիկ հաղթանակի հասնել Ինձ համար մղվող ճակատամարտում՝ Իմ ժողովրդի աթոռից։
Բոլոր ժամանակներում Իմ ժողովուրդը պետք է զգոն լինի Սատանայի դավերի դեմ՝ պահպանելով Իմ տան դարպասն Ինձ համար. դուք պետք է ի վիճակի լինեք աջակցելու միմյանց և մատակարարելու միմյանց, որպեսզի խուսափեք Սատանայի ծուղակն ընկնելուց, որի ժամանակ արդեն չափազանց ուշ կլինի զղջալու համար։ Ինչո՞ւ եմ Ես ձեզ կրթում նման հրատապությամբ։ Ինչո՞ւ եմ ձեզ ասում հոգևոր ոլորտի փաստերը։ Ինչո՞ւ եմ ձեզ հիշեցնում և հորդորում նորից ու նորից։ Երբևէ մտածե՞լ եք այս մասին։ Երբևէ խորհե՞լ եք դրա շուրջ, մինչև որ այն պարզ դառնա ձեզ համար։ Ուստի պետք է ոչ միայն ի վիճակի լինեք կոփելու ինքներդ ձեզ՝ կառուցելով անցյալի հիմքի վրա, այլև, ավելին, վտարելու ձեր միջի անմաքուր բաներն այսօրվա խոսքերի ուղղորդման ներքո՝ թույլ տալով, որ Իմ խոսքերից յուրաքանչյուրն արմատ գցի և ծաղկի ձեր հոգիներում, և, որ ավելի կարևոր է, ավելի շատ պտուղ տա։ Դա այն պատճառով է, որ այն, ինչ Ես պահանջում եմ, ոչ թե վառ, փարթամ ծաղիկներ են, այլ առատ պտուղ, պտուղ, որը չի փչանում։ Հասկանո՞ւմ եք Իմ խոսքերի ճշմարիտ իմաստը։ Թեև ջերմոցի ծաղիկներն անթիվ են, ինչպես աստղերը, և գրավում են ողջ հիացող ամբոխին, հենց որ դրանք թառամում են, դառնում են այնքան քայքայված, որքան Սատանայի դավերը, և ոչ ոք որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում դրանց նկատմամբ։ Սակայն բոլոր նրանք, ովքեր հարվածներ են ստանում քամիներից և խանձվում արևից, ովքեր վկայություն են կրում Ինձ համար, թեև գեղեցիկ չեն ծաղկում, պտուղ կտան, հենց որ ծաղիկները թառամեն, քանզի Ես պահանջում եմ, որ նրանք այդպիսին լինեն։ Երբ Ես ասում եմ այս խոսքերը, որքա՞ն եք հասկանում։ Հենց որ ծաղիկները թառամեն և պտուղ տան, և հենց որ այդ ողջ պտուղը կարողանա տրամադրվել Իմ վայելքի համար, Ես կավարտեմ Իմ ողջ գործը երկրի վրա և կսկսեմ վայելել Իմ իմաստության բյուրեղացումը։
1992 թ. փետրվարի 22