Աստծու գործը և մարդու կիրարկումը

Աստծու գործը մարդկանց մեջ մարդուց անբաժանելի է, քանզի մարդն է այս գործի առարկան և Աստծու ստեղծած միակ արարածը, որը կարող է Աստծու համար վկայություն կրել։ Մարդու կյանքը և մարդու բոլոր գործունեություններն անբաժանելի են Աստծուց, և բոլորը վերահսկվում են Աստծու ձեռքերով, և կարելի է նույնիսկ ասել, որ ոչ մի մարդ չի կարող Աստծուց անկախ գոյություն ունենալ։ Ոչ ոք չի կարող հերքել սա, քանզի փաստ է։ Այն ամենը, ինչ Աստված անում է, մարդկության օգուտի համար է և ուղղված է Սատանայի դավերի դեմ։ Այն ամենը, ինչի կարիքը մարդն ունի, գալիս է Աստծուց, և Աստված է մարդու կյանքի աղբյուրը։ Ուստի մարդը պարզապես անկարող է բաժանվել Աստծուց։ Ավելին՝ Աստված երբեք մարդուց բաժանվելու մտադրություն չի ունեցել։ Գործը, որն Աստված անում է, հանուն ողջ մարդկության է, և Նրա մտքերը միշտ բարի են։ Ուստի մարդու համար Աստծու գործը և Աստծու մտքերը (այսինքն՝ Աստծու մտադրությունները) երկուսն էլ «տեսիլքներ» են, որոնք մարդը պետք է ճանաչի։ Նման տեսիլքները նաև Աստծու կառավարումն են և գործ, որը մարդն ի վիճակի չէ անելու։ Մինչդեռ այն պահանջները, որոնք Աստված Իր գործի ընթացքում ներկայացնում է մարդուն, կոչվում են մարդու «կիրարկում»։ Տեսիլքները հենց Աստծու գործն են, կամ դրանք մարդկության համար Նրա մտադրություններն են, կամ Նրա գործի նպատակներն ու կարևորությունը։ Կարելի է նաև ասել, որ տեսիլքները կառավարման մի մասն են, քանզի այս կառավարումն Աստծու գործն է և ուղղված է մարդուն, ինչը նշանակում է, որ դա այն գործն է, որն Աստված անում է մարդկանց մեջ։ Այս գործն այն ապացույցն ու ճանապարհն է, որի միջոցով մարդը ճանաչում է Աստծուն, և այն չափազանց կարևոր է մարդու համար։ Եթե Աստծու գործի ճանաչողությանն ուշադրություն դարձնելու փոխարեն մարդիկ ուշադրություն դարձնեն միայն Աստծուն հավատալու վարդապետություններին կամ չնչին, անկարևոր մանրամասներին, ապա նրանք պարզապես չեն ճանաչի Աստծուն, առավել ևս Աստծու մտադրությունների համաձայն չեն լինի։ Աստծու այն գործը, որը չափազանց օգտակար է մարդու՝ Աստծուն ճանաչելուն, կոչվում է տեսիլքներ։ Այս տեսիլքներն Աստծու գործն են, Աստծու մտադրությունները և Աստծու գործի նպատակներն ու կարևորությունը, որոնք բոլորն օգուտ են մարդուն։ Կիրարկումը վերաբերում է նրան, ինչ պետք է արվի մարդու կողմից, թե ինչ պետք է արվի Աստծուն հետևող արարածների կողմից. այլ կերպ ասած՝ մարդու պարտավորությանը։ Այն, ինչ մարդը պետք է անի, մի բան չէ, որ մարդը հասկացել է հենց սկզբից, այլ այն պահանջներն են, որոնք Աստված Իր գործի ընթացքում ներկայացնում է մարդուն։ Այս պահանջներն Աստծու գործին համընթաց աստիճանաբար ավելի են խորանում ու բարձրանում։ Օրինակ՝ Օրենքի դարաշրջանում մարդը պետք է հետևեր օրենքին, իսկ Շնորհքի դարաշրջանում մարդը պետք է կրեր խաչը։ Թագավորության դարաշրջանն այլ է. մարդու հանդեպ պահանջներն ավելի բարձր են, քան Օրենքի դարաշրջանում և Շնորհքի դարաշրջանում էին։ Տեսիլքների բարձրանալուն զուգընթաց մարդու հանդեպ պահանջներն է՛լ ավելի են բարձրանում և դառնում են է՛լ ավելի հստակ ու գործնական։ Նմանապես, տեսիլքները նույնպես դառնում են ավելի ու ավելի գործնական։ Այս բազմաթիվ գործնական տեսիլքները ոչ միայն օգնում են մարդուն ավելի լավ հնազանդվելու Աստծուն, այլև ավելին, նպաստում են Աստծու մասին նրա ճանաչողությանը։

Նախորդ դարաշրջանների համեմատ՝ Թագավորության դարաշրջանի ընթացքում Աստծու գործն ավելի իրատեսական է, ավելի շատ է ուղղված մարդու էությանը և նրա բնավորության փոփոխություններին և ավելի ունակ է վկայելու հենց Աստծու մասին բոլոր նրանց, ովքեր հետևում են Նրան։ Այլ կերպ ասած՝ Թագավորության դարաշրջանում, երբ Նա գործում է, Աստված Իրեն ավելի շատ է ցույց տալիս մարդուն, քան անցյալում որևէ ժամանակ, ինչը նշանակում է, որ այն տեսիլքները, որոնք մարդը պետք է ճանաչի, ավելի բարձր են, քան նախորդ որևէ դարաշրջանում։ Քանի որ մարդկանց մեջ Աստծու գործը մտել է աննախադեպ տիրույթ, Թագավորության դարաշրջանում մարդու ճանաչած տեսիլքներն ամենաբարձրն են կառավարման ողջ գործի ընթացքում։ Աստծու գործը մտել է աննախադեպ տիրույթ, ուստի տեսիլքները, որը մարդը պետք է ճանաչի, դարձել են բոլոր տեսիլքներից ամենաբարձրը, և մարդու՝ դրան հաջորդող կիրարկումը նույնպես ավելի բարձր է, քան նախորդ որևէ դարաշրջանում, քանզի մարդու կիրարկումը փոխվում է տեսիլքներին համընթաց, և տեսիլքների կատարելությունը նկատի է առնում նաև մարդու հանդեպ պահանջների կատարելությունը։ Հենց որ Աստծու ողջ կառավարումը կանգ առնի, մարդու կիրարկումը նույնպես կդադարի, և առանց Աստծու գործի՝ մարդն այլ ընտրություն չի ունենա, քան պահել անցյալ ժամանակների կանոնները, հակառակ դեպքում պարզապես ոչ մի ճանապարհ չի ունենա։ Առանց նոր տեսիլքների՝ մարդը նոր կիրարկում չի ունենա։ Առանց լիարժեք տեսիլքների՝ մարդը կատարյալ կիրարկում չի ունենա. առանց ավելի բարձր տեսիլքների՝ մարդն ավելի բարձր կիրարկում չի ունենա։ Մարդու կիրարկումը փոխվում է Աստծու հետքերին համընթաց, և նմանապես, մարդու ճանաչողությունն ու փորձառությունը նույնպես փոխվում են Աստծու գործին համընթաց։ Անկախ նրանից, թե որքան ընդունակ է մարդը, նա դեռևս անբաժանելի է Աստծուց, և եթե Աստված թեկուզ մեկ ակնթարթ դադարեր գործելուց, մարդն անմիջապես կմեռներ Նրա բարկությունից։ Մարդը պարծենալու ոչինչ չունի, քանզի որքան էլ բարձր լինի մարդու ճանաչողությունն այսօր, որքան էլ խոր լինեն նրա փորձառությունները, նա անբաժանելի է Աստծու գործից. քանզի մարդու կիրարկումը և այն, ինչին նա պետք է ձգտի՝ Աստծուն հավատալիս, անբաժանելի են տեսիլքներից։ Աստծու գործի յուրաքանչյուր օրինակում կան տեսիլքներ, որոնք մարդը պետք է ճանաչի, և դրանց հետևելով՝ մարդուն համապատասխան պահանջներ են ներկայացվում։ Առանց այս տեսիլքների՝ որպես հիմքի, մարդը պարզապես անկարող կլիներ կիրարկել, և չէր էլ կարողանա աներեր կերպով հետևել Աստծուն։ Եթե մարդը չի ճանաչում Աստծուն կամ չի հասկանում Աստծու մտադրությունները, ապա այն ամենը, ինչ մարդն անում է, իզուր է և չի կարող արժանանալ Աստծու հավանությանը։ Որքան էլ առատ լինեն մարդու շնորհները, նա դեռևս չի կարող գործել առանց Աստծու գործի և Աստծու ուղղորդման։ Որքան էլ լավ կամ բազմաթիվ լինեն մարդու գործողությունները, դրանք դեռևս չեն կարող փոխարինել Աստծու գործին։ Եվ այսպես, ոչ մի պարագայում մարդու կիրարկումը չի կարող բաժանվել տեսիլքներից։ Նրանք, ովքեր բացարձակապես չեն ընդունում նոր տեսիլքները, նոր կիրարկում չունեն։ Նրանց կիրարկումը ոչ մի կապ չունի ճշմարտության հետ, որովհետև հետևում են կանոններին և պահում են մեռած օրենքը. նրանք ընդհանրապես չունեն նոր տեսիլքներ, և արդյունքում չունեն նոր դարաշրջանի կիրարկում։ Նրանք կորցրել են տեսիլքները, և դա անելով՝ կորցրել են նաև Սուրբ Հոգու գործն ու ճշմարտությունը։ Նրանք, ովքեր առանց ճշմարտության են, անհեթեթության զավակ են, Սատանայի մարմնավորումն են։ Անկախ նրանից, թե ինչպիսի մարդ է ինչ-որ մեկը, նա չի կարող լինել առանց Աստծու գործի տեսիլքների և չի կարող զուրկ լինել Սուրբ Հոգու ներկայությունից. հենց որ մարդը կորցնում է տեսիլքները, իսկույն իջնում է Հադես և ապրում խավարի մեջ։ Առանց տեսիլքների մարդիկ նրանք են, ովքեր շփոթված կերպով են հետևում Աստծուն, նրանք են, ովքեր զուրկ են Սուրբ Հոգու գործից և ապրում են դժոխքում։ Նման մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը, այլ փոխարենն Աստծու անունը կախում են ցուցանակի պես։ Նրանք, ովքեր չեն ճանաչում Սուրբ Հոգու գործը, ովքեր չեն ճանաչում մարմնացած Աստծուն, ովքեր ամբողջությամբ չեն ճանաչում Աստծու կառավարման երեք փուլերի գործը, չգիտեն տեսիլքները և առանց ճշմարտության են։ Եվ մի՞թե նրանք, ովքեր չունեն ճշմարտությունը, բոլորը չարագործներ չեն։ Նրանք, ովքեր պատրաստ են կիրարկելու ճշմարտությունը, ովքեր պատրաստ են ձգտելու Աստծու ճանաչողությանը և ովքեր իսկապես համագործակցում են Աստծու հետ, այն մարդիկ են, որոնց համար տեսիլքները որպես հիմք են գործում։ Նրանք արժանանում են Աստծու հավանությանը, որովհետև համագործակցում են Աստծու հետ, և հենց այս համագործակցությունն է, որ մարդը պետք է կիրարկի։

Տեսիլքների մեջ կիրարկման բազմաթիվ ուղիներ են պարունակվում։ Մարդու առջև դրված գործնական պահանջները նույնպես պարունակվում են տեսիլքներում, ինչպես և Աստծու գործը, որը մարդը պետք է ճանաչի։ Անցյալում տարբեր վայրերում անցկացվող հատուկ հավաքույթների կամ մեծ հավաքույթների ժամանակ խոսվում էր կիրարկման ուղու միայն մեկ տեսանկյան մասին։ Նման կիրարկումն այն էր, ինչ պետք է կիրարկվեր Շնորհքի դարաշրջանում և գրեթե ոչ մի կապ չուներ Աստծու ճանաչողության հետ, քանզի Շնորհքի դարաշրջանի տեսիլքը միայն Հիսուսի խաչելության տեսիլքն էր, և ավելի մեծ տեսիլքներ չկային։ Նախատեսված չէր, որ մարդն ավելին իմանա, քան խաչելության միջոցով մարդկությանը փրկագնելու Նրա գործի մասին, ուստի Շնորհքի դարաշրջանի ընթացքում չկային այլ տեսիլքներ, որոնք մարդը պետք է ճանաչեր։ Այսպիսով, մարդն Աստծու մասին միայն սահմանափակ ճանաչողություն ուներ, և բացի Հիսուսի գթասրտության ու ողորմության ճանաչողությունից՝ կային միայն մի քանի պարզ ու խղճուկ բաներ, որոնք նա պետք է կիրարկեր, բաներ, որոնք խիստ տարբերվում էին այսօրվանից։ Անցյալում, անկախ նրանից, թե ինչ ձևով էր անցկացվում նրա ժողովը, մարդն անկարող էր խոսել Աստծու աշխատանքի գործնական ճանաչողության մասին, առավել ևս ոչ ոք ի վիճակի չէր հստակ ասելու, թե որն էր կիրարկման ամենահարմար ուղին, որով մարդը պետք է մուտք գործեր։ Մարդը պարզապես մի քանի պարզ մանրամասներ էր ավելացնում հանդուրժողականության և համբերության հիմքին. նրա կիրարկման էության մեջ պարզապես ոչ մի փոփոխություն չկար, քանզի նույն դարաշրջանում Աստված ոչ մի նոր գործ չարեց, և միակ պահանջները, որ Նա ներկայացրեց մարդուն, հանդուրժողականությունն ու համբերությունն էին կամ խաչը կրելը. բացի նման կիրարկումներից՝ Հիսուսի խաչելությունից ավելի բարձր տեսիլքներ չկային։ Անցյալում այլ տեսիլքների մասին ոչ մի հիշատակվում չկար, որովհետև Աստված մեծ ծավալի գործ չէր անում, և որովհետև Նա միայն սահմանափակ պահանջներ էր ներկայացնում մարդուն։ Այսպիսով, անկախ նրանից, թե մարդն ինչ էր անում, անկարող էր անցնել այդ սահմանները։ Նա պարզապես կիրարկում էր մակերեսային, պարզ ձևով։ Այսօր Ես խոսում եմ ավելի շատ տեսիլքների մասին, որովհետև այսօր ավելի շատ գործ է արվել, գործ, որը մի քանի անգամ գերազանցում է Օրենքի դարաշրջանի և Շնորհքի դարաշրջանի գործին։ Մարդուն ներկայացվող պահանջները նույնպես մի քանի անգամ ավելի բարձր են, քան անցյալ դարաշրջաններում։ Եթե մարդն անկարող է լիովին ճանաչել նման գործը, ապա այն մեծ կարևորություն չի ունենա. կարելի է ասել, որ մարդը դժվարությամբ լիովին կճանաչի նման գործը, եթե իր ողջ կյանքի ջանքերը չնվիրի դրան։ Նվաճման գործում միայն կիրարկման ուղու մասին խոսելն անհնար կդարձներ մարդու նվաճումը։ Տեսիլքների մասին լոկ խոսելը՝ առանց մարդուն որևէ պահանջ ներկայացնելու, նույնպես անհնար կդարձներ մարդու նվաճումը։ Եթե ոչնչի մասին չխոսվեր՝ բացի կիրարկման ուղուց, ապա անհնար կլիներ հարվածել մարդու խոցելի կետին կամ փարատել մարդու պատկերացումները, և ուստի անհնար կլիներ նաև ամբողջովին նվաճել մարդուն։ Տեսիլքները մարդու նվաճման հիմնական գործիքն են, սակայն եթե տեսիլքներից բացի՝ կիրարկման ուղի չլիներ, ապա մարդը հետևելու ոչ մի ճանապարհ չէր ունենա, առավել ևս մուտքի ոչ մի միջոց չէր ունենա։ Սա է եղել Աստծու գործի սկզբունքը սկզբից մինչև վերջ. տեսիլքներում կա այն, ինչ կարող է կիրարկվել, և նմանապես, կիրարկումից բացի՝ նաև տեսիլքներ կան։ Թե՛ մարդու կյանքի, թե՛ նրա բնավորության փոփոխությունների աստիճանն ուղեկցվում է տեսիլքների փոփոխություններով։ Եթե մարդն ապավիներ միայն իր սեփական ջանքերին, ապա նրա համար անհնար կլիներ հասնել փոփոխության որևէ մեծ աստիճանի։ Տեսիլքները խոսում են հենց Աստծու գործի և Աստծու կառավարման մասին։ Կիրարկումը վերաբերում է մարդու կիրարկման ուղուն և մարդու գոյության ճանապարհին։ Աստծու ողջ կառավարման մեջ տեսիլքների և կիրարկման միջև հարաբերությունն Աստծու և մարդու միջև հարաբերությունն է։ Եթե տեսիլքները հեռացվեին, կամ եթե դրանց մասին խոսվեր առանց կիրարկման մասին խոսելու, կամ եթե լինեին միայն տեսիլքներ, և մարդու կիրարկումը արմատախիլ արվեր, ապա նման բաները չէին կարող Աստծու կառավարում համարվել, առավել ևս չէր կարող ասվել, որ Աստծու գործն արվում է հանուն մարդկության. այսպիսով, ոչ միայն մարդու պարտավորությունը կհեռացվեր, այլև դա Աստծու գործի նպատակի ժխտում կլիներ։ Եթե սկզբից մինչև վերջ մարդուց պարզապես պահանջվեր կիրարկել՝ առանց Աստծու գործի ներգրավման, և, առավել ևս, եթե մարդուց չպահանջվեր ճանաչել Աստծու գործը, ապա է՛լ ավելի անհիմն կլիներ նման գործն Աստծու կառավարում կոչելը։ Եթե մարդը չճանաչեր Աստծուն և անտեղյակ լիներ Աստծու մտադրություններին, ու պարզապես կուրորեն կիրարկեր աղոտ կերպով, ապա երբեք չէր դառնա արարած, որը լիովին համապատասխանում է չափանիշին։ Եվ այսպես, այս երկու բաներն էլ անփոխարինելի են։ Եթե լիներ միայն Աստծու գործը, այսինքն՝ եթե լինեին միայն տեսիլքները, և եթե մարդու կողմից ոչ մի համագործակցություն կամ կիրարկում չլիներ, դա չէր կարող Աստծու կառավարում կոչվել։ Եթե լինեին միայն մարդու կիրառումն ու մուտքը, ապա նույնիսկ եթե դրանք լինեին մուտքի ամենաբարձր ուղին, նույնպես արդյունք չէր տա։ Մարդու մուտքը պետք է աստիճանաբար փոխվի գործին և տեսիլքներին համընթաց. այն չի կարող կամայականորեն փոխվել։ Մարդու կիրարկման սկզբունքներն անսահմանափակ չեն, այլ դրված են որոշակի սահմաններում։ Նման սկզբունքները գործի տեսիլքներին համընթաց են փոխվում։ Հետևաբար, Աստծու կառավարումն ի վերջո հանգում է Աստծու գործին և մարդու կիրարկմանը։

Կառավարման գործն առաջացավ միայն մարդկության պատճառով, ինչը նշանակում է, որ այն ծագեց միայն մարդկության գոյության պատճառով։ Դա այն դեպքը չէ, որ մարդկությունից առաջ կամ սկզբում, երբ ստեղծվեցին երկինքն ու երկիրը և բոլոր բաները, տնօրինում եղել է։ Եթե Աստծու ողջ գործում մարդու համար օգտակար կիրարկում չլիներ, այսինքն՝ եթե Նա համապատասխան պահանջներ չներկայացներ ապականված մարդկությանը (եթե Աստծու արած գործում մարդու կիրարկման համար հարմար ուղի չլիներ), ապա այս գործը չէր կարող Աստծու կառավարում կոչվել։ Եթե Աստծու ողջ գործը ներառեր միայն ապականված մարդկությանն ասելը, թե ինչպես իրականացնեն իրենց կիրարկումը, և Աստված չիրականացներ Իր սեփական ձեռնարկումներից որևէ մեկը և ցույց չտար Իր ամենակարողության կամ իմաստության նշույլն անգամ, և որքան էլ բարձր լինեին մարդու հանդեպ Աստծու պահանջները, որքան էլ երկար Աստված ապրեր մարդկանց մեջ, մարդը ոչինչ չիմանար Աստծու բնույթի մասին, ապա նման գործն առավել ևս չէր կարող Աստծու կառավարում կոչվել։ Պարզ ասած՝ Աստծու կառավարման գործն Աստծու արած գործն է և այն ողջ գործը, որն իրականացվում է Աստծու ուղղորդման ներքո նրանց կողմից, ում Աստված ձեռք է բերել։ Նման գործը կարող է ամփոփվել որպես կառավարում։ Այլ կերպ ասած՝ մարդկանց մեջ Աստծու գործը, ինչպես նաև Նրան հետևող բոլոր մարդկանց համագործակցությունն Իր հետ հավաքականորեն կոչվում է կառավարում։ Այստեղ Աստծու գործը կոչվում է տեսիլքներ, իսկ մարդու համագործակցությունը կոչվում է կիրարկում։ Որքան բարձր է Աստծու գործը (այսինքն՝ որքան բարձր են տեսիլքները), այնքան ավելի է Աստծու բնույթը պարզ դառնում մարդուն, այնքան ավելի է այն հակասում մարդու պատկերացումներին, և այնքան ավելի բարձր են դառնում մարդու կիրարկումն ու համագործակցությունը։ Որքան բարձր են մարդու հանդեպ պահանջները, այնքան ավելի է Աստծու գործը հակասում մարդու պատկերացումներին, ինչի արդյունքում մարդու փորձությունները և այն չափանիշները, որոնց նա պետք է համապատասխանի, նույնպես ավելի են բարձրանում։ Այս գործի ավարտին բոլոր տեսիլքները կավարտվեն, և այն, ինչ մարդուց պահանջվում է կիրարկել, կհասնի կատարելության գագաթնակետին։ Սա կլինի նաև այն ժամանակը, երբ ամեն մեկը կդասակարգվի ըստ իր տեսակի, քանզի այն, ինչ մարդուց պահանջվում է իմանալ, մարդուն ցույց տրված կլինի։ Ուստի, երբ տեսիլքները հասնեն իրենց գագաթնակետին, գործը համապատասխանաբար կմոտենա իր ավարտին, և մարդու կիրարկումը նույնպես կհասնի իր բարձրակետին։ Մարդու կիրարկումը հիմնված է Աստծու գործի վրա, և Աստծու կառավարումը միայն մարդու կիրարկման և համագործակցության միջոցով է լիովին արտահայտվում։ Մարդն Աստծու գործի ցուցանմուշն է և Աստծու ողջ կառավարման գործի առարկան, ինչպես նաև Աստծու ողջ կառավարման արգասիքը։ Եթե Աստված գործեր մենակ՝ առանց մարդու համագործակցության, ապա չէր լինի ոչինչ, որը կարող էր ծառայել որպես Նրա ողջ գործի բյուրեղացում, և այն ժամանակ Աստծու կառավարումը նվազագույն կարևորություն անգամ չէր ունենա։ Միայն Իր գործին զուգահեռ համապատասխան առարկաներ ընտրելով՝ այս գործն արտահայտելու և դրա ամենակարողությունն ու իմաստությունն ապացուցելու համար, Աստված կարող է հասնել Իր կառավարման նպատակին և հասնել այս ողջ գործի միջոցով Սատանային ամբողջովին պարտության մատնելու նպատակին։ Հետևաբար, մարդն Աստծու կառավարման գործի անփոխարինելի մասն է, և մարդը միակն է, որի շնորհիվ Աստծու կառավարումը կարող է պտուղ տալ և հասնել իր վերջնական նպատակին. Մարդուց բացի՝ ոչ մի այլ կենդանի արարած նման դեր չի կարող ստանձնել։ Եթե մարդը պետք է դառնա Աստծու կառավարման գործի ճշմարիտ բյուրեղացումը, ապա ապականված մարդկությունը պետք է հիմնովին ազատվի իր ապստամբությունից։ Սա պահանջում է, որ տարբեր ժամանակներում մարդուն տրվի հարմար կիրարկում, և որ Աստված համապատասխան գործ իրականացնի մարդկանց մեջ։ Միայն այսկերպ ի վերջո ձեռք կբերվի մարդկանց մի խումբ, որն Աստծու կառավարման գործի բյուրեղացումն է։ Մարդկանց մեջ Աստծու գործը չի կարող վկայություն կրել հենց Աստծու համար լոկ միայն Աստծու գործի միջոցով։ Իրագործվելու համար Նրա մասին նման վկայությունը պահանջում է նաև կենդանի մարդկանց, որոնք հարմար են Նրա գործի համար։ Աստված նախ կգործի այս մարդկանց վրա, որոնց միջոցով Նրա գործն այնուհետև կարտահայտվի, և այսպիսով՝ Նրա մասին նման վկայություն կկրվի արարածների մեջ, և դրանով Աստված հասած կլինի Իր գործի նպատակին։ Աստված մենակ չի գործում Սատանային պարտության մատնելու համար, որովհետև Նա չի կարող անմիջականորեն վկայություն կրել Ինքն Իր համար բոլոր արարածների մեջ։ Եթե Նա այդպես վարվեր, անհնար կլիներ լիովին համոզել մարդուն, ուստի Աստված պետք է նվաճի մարդուն նրա վրա գործելու միջոցով և միայն այդ ժամանակ կկարողանա վկայություն ձեռք բերել բոլոր արարածների մեջ։ Եթե միայն Աստված շարունակեր գործել, մինչդեռ մարդը չհամագործակցեր, կամ Աստված չպահանջեր նրանից դա անել, ապա մարդը երբեք չէր կարողանա ճանաչել Աստծու բնույթը և հավիտյան անտեղյակ կմնար Աստծու մտադրություններին։ Սա այդ ժամանակ չէր կարող Աստծու կառավարման գործ կոչվել։ Եթե միայն մարդն ինքը ջանար, ձգտեր և քրտնաջան աշխատեր՝ առանց հասկանալու Աստծու գործը, ապա պարզապես չարաճճիություններ արած կլիներ։ Առանց Սուրբ Հոգու գործի՝ այն, ինչ մարդն անում է, Սատանայից է, այն ապստամբություն է և չարագործություն. Սատանան ի ցույց է դրվում այն ամենում, ինչ արվում է ապականված մարդկության կողմից, և չկա ոչինչ, որը համատեղելի լինի Աստծու հետ, և այն ամենը, ինչ մարդն անում է, Սատանայի դրսևորումն է։ Այն ամենում, ինչ Աստված ասել է, չկա մի բան, որ կապ չունենա տեսիլքների և կիրարկման հետ։ Տեսիլքների հիմքի վրա մարդը գտնում է կիրարկումը և հնազանդության ուղին, մի կողմ է դնում իր պատկերացումները և ձեռք է բերում այն բաները, որոնք նախկինում չուներ։ Աստված պահանջում է, որ մարդը համագործակցի Իր հետ, որ լիովին հնազանդվի Իր պահանջներին, իսկ մարդը պահանջում է տեսնել հենց Աստծու արած գործը, գնահատել Աստծու ամենակարողությունը և ճանաչել Աստծու բնույթը։ Կարճ ասած՝ սրանք Աստծու կառավարումն են։ Աստծու միավորումը մարդու հետ կառավարումն է, և դա մեծագույն կառավարումն է։

Այն, ինչ տեսիլքներ է ներառում, առաջին հերթին վերաբերում է հենց Աստծու գործին, իսկ այն, ինչ կիրարկում է ներառում, պետք է մարդն անի և բացարձակապես ոչ մի կապ չունի Աստծու հետ։ Աստծու գործն ավարտում է Աստված Ինքը, իսկ մարդու կիրարկումն իրականցնում է մարդն ինքը։ Այն, ինչ պետք է Աստված Ինքն անի, կարիք չկա, որ մարդն անի, իսկ այն, ինչ պետք է մարդը կիրարկի, կապ չունի Աստծու հետ։ Աստծու գործն Իր սեփական սպասավորությունն է և կապ չունի մարդու հետ։ Կարիք չկա, որ այս գործը մարդն անի և, ավելին, մարդն անկարող կլիներ անել այն գործը, որը պետք է Աստված անի։ Այն, ինչ մարդուց պահանջվում է կիրարկել, պետք է իրագործի մարդը, նույնիսկ եթե դա իր կյանքի զոհաբերությունն է, կամ իրեն Սատանային հանձնելը՝ վկայության մեջ հաստատուն կանգնելու համար. այս ամենը պետք է մարդն իրագործի։ Աստված Ինքն ավարտում է ողջ գործը, որը պետք է անի, իսկ այն, ինչ պետք է մարդն անի, ցույց է տրվում մարդուն, և մնացած գործը թողնվում է, որ մարդն, անի։ Աստված լրացուցիչ գործ չի անում. Նա անում է միայն այն գործը, որն Իր սպասավորության ներսում է, և միայն ցույց է տալիս մարդուն ճանապարհը և անում է միայն ճանապարհը բացելու գործը և չի անում ճանապարհը հարթելու գործը։ Սա պետք է բոլորը հասկանան։ Ճշմարտությունը կիրարկել նշանակում է կիրարկել Աստծու խոսքերը, և այս ամենը մարդու պարտավորությունն է, այն, ինչ պետք է անի մարդը, և բացարձակապես ոչ մի կապ չունի Աստծու հետ։ Եթե մարդը պահանջում է, որ Աստված նույնպես դիմանա զտմանը ճշմարտության մեջ, ինչպես մարդը, ապա մարդն ապստամբ է։ Աստծու գործն Իր սպասավորությունը կատարելն է, իսկ մարդու պարտավորությունն Աստծու ողջ ուղղորդմանը հնազանդվելն է՝ առանց որևէ դիմադրության։ Մարդը պարտավոր է իրագործել այն, ինչին պետք է հասնի՝ անկախ նրանից՝ ինչպես է Աստված գործում կամ ապրում։ Միայն Աստված Ինքը կարող է պահանջներ ներկայացնել մարդուն, ինչը նշանակում է, որ միայն Աստված Ինքն է արժանի մարդուն պահանջներ ներկայացնելու։ Մարդը չպետք է որևէ ընտրություն ունենա և լիովին հնազանդվելուց և կիրարկելուց բացի՝ ոչինչ չպետք է անի. սա այն ողջամտությունն է, որը մարդը պետք է ունենա։ Հենց որ այն գործը, որը պետք է Աստված Ինքն անի, ավարտվի, մարդուց կպահանջվի քայլ առ քայլ փորձառաբար ապրել այն։ Եթե, ի վերջո, երբ Աստծու ողջ կառավարումն ավարտված լինի, մարդը դեռևս արած չլինի այն, ինչ Աստված պահանջում է, այդժամ մարդը պետք է պատժվի։ Եթե մարդը չի կատարում Աստծու պահանջները, ապա սա մարդու ապստամբությունն է. դա չի նշանակում, որ Աստված բավականաչափ հիմնավոր չի եղել Իր գործում։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարող կիրարկել Աստծու խոսքերը, ովքեր չեն կարող կատարել Աստծու պահանջները, և ովքեր չեն կարող տալ իրենց նվիրումը և կատարել իրենց պարտավորությունը, կպատժվեն։ Այսօր, ինչ ձեզնից պահանջվում է կատարել, լրացուցիչ պահանջներ չեն, այլ մարդու պարտավորությունն ու այն, ինչ պետք է բոլոր մարդիկ անեն։ Եթե անկարող եք նույնիսկ կատարել ձեր պարտավորությունը, կամ լավ կատարել այն, ապա մի՞թե փորձանք չեք բերում ձեզ վրա։ Մի՞թե մահ չեք փնտրում։ Ինչպե՞ս կարող էիք դեռ ակնկալել ապագա և հեռանկարներ ունենալ։ Աստծու գործն արվում է հանուն մարդկության, իսկ մարդու համագործակցությունը տրվում է հանուն Աստծու կառավարման։ Այն բանից հետո, երբ Աստված արել է այն ամենը, ինչ պետք է աներ, մարդուց պահանջվում է իր կիրարկման մեջ չափավոր չլինել և համագործակցել Աստծու հետ։ Աստծու գործում մարդը ոչ մի ջանք չպետք է խնայի, պետք է մատուցի իր նվիրումը և չպետք է տարված լինի բազմաթիվ պատկերացումներով կամ պասիվ նստի ու սպասի մահին։ Աստված կարող է Իրեն զոհաբերել հանուն մարդու, ուստի ինչո՞ւ մարդը չի կարող իր նվիրումը մատուցել Աստծուն։ Աստված մեկ սիրտ և միտք ունի մարդու հանդեպ, ուստի ինչո՞ւ մարդը չի կարող մի քիչ համագործակցություն առաջարկել։ Աստված գործում է հանուն մարդկության, ուստի ինչո՞ւ մարդը չի կարող հանուն Աստծու կառավարման կատարել իր պարտավորության մի մասը։ Աստծու գործն այսքան հեռու է հասել, սակայն դեռ տեսնում եք, բայց չեք գործում, լսում եք, բայց չեք շարժվում։ Մի՞թե նման մարդիկ կործանման առարկաներ չեն։ Աստված արդեն Իր ամեն ինչը նվիրել է մարդուն, ուստի ինչո՞ւ այսօր մարդն անկարող է ջանասիրաբար որոշակի պարտավորություն կատարել։ Աստծու համար Իր գործն Իր առաջնահերթությունն է, իսկ Իր կառավարման գործը չափազանց կարևոր է։ Մարդու համար Աստծու խոսքերը կիրարկելը և Աստծու պահանջները կատարելն իր առաջնահերթությունն են։ Սա բոլորդ պետք է հասկանաք։ Ձեզ ասված խոսքերը հասել են ձեր բուն էության միջուկին, և Աստծու գործը մտել է աննախադեպ տարածք։ Շատ մարդիկ դեռ չեն հասկանում այս ճանապարհի ճշմարտացիությունը կամ կեղծիքը։ Նրանք դեռ սպասում են ու տեսնում, և չեն կատարում իրենց պարտավորությունը։ Փոխարենը նրանք քննում են Աստծու յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը, կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ է Նա ուտում և հագնում, և նրանց պատկերացումներն ավելի ու ավելի ցավալի են դառնում։ Մի՞թե նման մարդիկ աղմուկ չեն բարձրացնում ոչնչից։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ Աստծուն փնտրողներ լինել։ Եվ ինչպե՞ս կարող են Աստծուն հնազանդվելու մտադրություն ունեցողներ լինել։ Նրանք իրենց նվիրումն ու պարտավորությունը մղում են հետին պլան և փոխարենը կենտրոնանում են Աստծու գտնվելու վայրի վրա։ Իսկապես գարշելի են։ Եթե մարդը հասկացել է այն ամենը, ինչ պետք է հասկանար, և կիրարկել է այն ամենը, ինչ պետք է կիրարկեր, ապա Աստված, անշուշտ, Իր օրհնությունները կշնորհի մարդուն, քանզի այն, ինչ Նա պահանջում է մարդուց, մարդու պարտավորությունն է, և այն, ինչ պետք է մարդն անի։ Եթե մարդն անկարող է ըմբռնել այն, ինչ պետք է հասկանա, և անկարող է կիրարկել այն, ինչ պետք է կիրարկի, ապա կպատժվի։ Նրանք, ովքեր չեն համագործակցում Աստծու հետ, թշնամության մեջ են Աստծու հետ, իսկ ովքեր չեն ընդունում նոր գործը, հակառակող վերաբերմունք են տածում դրա նկատմամբ, նույնիսկ եթե նման մարդիկ չեն անում որևէ բան, որն ակնհայտորեն հակառակում է դրան։ Բոլոր նրանք, ովքեր չեն կիրարկում Աստծու պահանջած ճշմարտությունը, մարդիկ են, որոնք միտումնավոր հակառակում են և ապստամբ են Աստծու խոսքերի նկատմամբ, նույնիսկ եթե նման մարդիկ առանձնապես «մտահոգված» են Սուրբ Հոգու գործով։ Մարդիկ, որոնք հնազանդվող կամ ենթարկվող չեն, ապստամբ են և հակառակում են Աստծուն։ Մարդիկ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունը, նրանք են, ովքեր չեն համագործակցում Աստծու հետ, իսկ մարդիկ, որոնք չեն համագործակցում Աստծու հետ, նրանք են, ովքեր չեն ընդունում Սուրբ Հոգու գործը։

Երբ Աստծու գործը հասնում է որոշակի կետի, և Նրա կառավարումը հասնում է որոշակի կետի, նրանք, ովքեր Նրա մտադրությունների համաձայն են, բոլորն ի վիճակի են կատարելու Նրա պահանջները։ Աստված պահանջներ է ներկայացնում մարդուն՝ համաձայն Իր սեփական չափանիշների և համաձայն նրա, ինչին մարդն ի վիճակի է հասնելու։ Խոսելով Իր կառավարման մասին՝ Նա նաև ցույց է տալիս մարդու համար ուղին և մարդուն ապահովում է գոյության ճանապարհով։ Աստծու կառավարումը և մարդու կիրարկումը երկուսն էլ գործի նույն փուլից են և իրականացվում են միաժամանակ։ Աստծու կառավարման մասին խոսակցությունը վերաբերում է մարդու բնավորության փոփոխություններին, իսկ այն մասին խոսակցությունը, թե ինչ պետք է անի մարդը, և մարդու բնավորության փոփոխությունների մասին խոսակցությունը վերաբերում են Աստծու գործին. չկա այնպիսի ժամանակ, երբ այս երկուսը կարող են բաժանվել։ Մարդու կիրարկումը փոխվում է քայլ առ քայլ։ Դա այն պատճառով է, որ մարդու հանդեպ Աստծու պահանջները նույնպես փոխվում են, և որովհետև Աստծու գործը միշտ փոխվում և առաջ է ընթանում։ Եթե մարդու կիրարկումը թակարդված է մնում կանոնների մեջ, դա ապացուցում է, որ այն զրկված է Աստծու գործից և ուղղորդումից. եթե մարդու կիրարկումը երբեք չի փոխվում կամ ավելի չի խորանում, դա ապացուցում է, որ մարդու կիրարկումն իրականացվում է մարդու կամքի համաձայն և ոչ ճշմարտության կիրարկում է. եթե մարդը չունի ուղի, որով կարող է քայլել, ապա արդեն ընկել է Սատանայի ձեռքը և վերահսկվում է Սատանայի կողմից, ինչը նշանակում է, որ վերահսկվում է չար ոգիների կողմից։ Եթե մարդու կիրարկումն ավելի չի խորանում, Աստծու գործը չի զարգանա, և եթե Աստծու գործի մեջ փոփոխություն չլինի, մարդու մուտքը կկանգնի. սա անխուսափելի է։ Աստծու գործի ողջ ընթացքում, եթե մարդը միշտ պահեր Եհովայի օրենքը, ապա Աստծու գործը չէր կարող առաջ ընթանալ, առավել ևս անհնար կլիներ ավարտին հասցնել ողջ դարաշրջանը։ Եթե մարդը միշտ կառչեր խաչին և համբերություն ու խոնարհություն կիրարկեր, ապա անհնար կլիներ, որ Աստծու գործը շարունակեր առաջ ընթանալ։ Վեց հազար տարվա կառավարումը պարզապես չի կարող ավարտին հասցվել այն մարդկանց մեջ, որոնք միայն պահում են օրենքը, կամ միայն կառչում են խաչին և համբերություն ու խոնարհություն են կիրարկում։ Փոխարենը Աստծու կառավարման ողջ գործը կավարտվի վերջին օրերի մարդկանց մեջ, որոնք ճանաչում են Աստծուն, որոնք ետ են բերվել Սատանայի ճիրաններից և լիովին ազատվել են Սատանայի ազդեցությունից։ Սա Աստծու գործի անխուսափելի ուղղությունն է։ Ինչո՞ւ է ասվում, որ կրոնական եկեղեցիներում եղողների կիրարկումը հնացած է։ Դա այն պատճառով է, որ այն, ինչ կիրարկում են, բաժանված է այսօրվա գործից։ Շնորհքի դարաշրջանում այն, ինչ կիրարկում էին, ճիշտ էր, բայց քանի որ դարաշրջանն անցել է, և Աստծու գործը փոխվել է, նրանց կիրարկումն աստիճանաբար հնացել է։ Այն ետ է մնացել նոր գործից և նոր լույսից։ Հիմնվելով իր սկզբնական հիմքի վրա՝ Սուրբ Հոգու գործը մի քանի քայլ ավելի է խորացել։ Սակայն այդ մարդիկ դեռևս խրված են մնում Աստծու գործի սկզբնական փուլում և դեռևս կառչում են հին կիրարկումներին և հին լույսին։ Աստծու գործը երեք կամ հինգ տարվա ընթացքում կարող է մեծապես փոխվել, ուստի մի՞թե 2000 տարվա ընթացքում է՛լ ավելի մեծ վերափոխումներ տեղի չէին ունենա։ Եթե մարդը նոր լույս կամ կիրարկում չունի, դա նշանակում է, որ համընթաց չի քայլել Սուրբ Հոգու գործի հետ, և դա մարդու ձախողումն է։ Աստծու նոր գործի գոյությունը չի կարող հերքվել այն պատճառով, որ այսօր նրանք, ովքեր նախկինում ունեին Սուրբ Հոգու գործը, դեռևս պահում են հնացած կիրարկումները։ Սուրբ Հոգու գործը միշտ առաջ է շարժվում, և բոլոր նրանք, ովքեր Սուրբ Հոգու հոսքի մեջ են, նույնպես պետք է քայլ առ քայլ ավելի խորանան և փոխվեն։ Նրանք չպետք է կանգ առնեն մեկ փուլում։ Միայն նրանք կկանգնեին Նրա սկզբնական գործի վրա և չէին ընդունի Սուրբ Հոգու նոր գործը, ովքեր չեն ճանաչում Սուրբ Հոգու գործը։ Միայն նրանք, ովքեր ապստամբ են, անկարող կլինեին ձեռք բերել Սուրբ Հոգու գործը։ Եթե մարդու կիրարկումը չի քայլում Սուրբ Հոգու նոր գործի հետ, ապա մարդու կիրարկումն, անշուշտ, անջատված է ներկայիս գործից և, անշուշտ, հակասության մեջ է ներկայիս գործի հետ։ Նման հնացած մարդիկ պարզապես անկարող են կատարել Աստծու կամքը, առավել ևս չէին կարող դառնալ մարդիկ, որոնք ի վերջո հաստատուն կկանգնեն Աստծու համար իրենց վկայության մեջ։ Ավելին՝ ողջ կառավարման գործը չէր կարող ավարտվել մարդկանց նման խմբի մեջ։ Նրանք, ովքեր ժամանակին պահում էին Եհովայի օրենքը և ովքեր ժամանակին տառապում էին խաչի համար, եթե չեն կարող ընդունել վերջին օրերի գործի փուլը, ապա իրենց արած ամեն ինչ իզուր կլինի և անօգուտ։ Սուրբ Հոգու գործի ամենահստակ դրսևորումն այստեղ և հիմա ընդունելն է, ոչ թե անցյալին կառչելը։ Նրանք, ովքեր համընթաց չեն քայլել այսօրվա գործի հետ, և ովքեր բաժանվել են այսօրվա կիրարկումից, նրանք են, ովքեր հակառակում են և չեն ընդունում Սուրբ Հոգու գործը։ Նման մարդիկ հակառակում են Աստծու ներկայիս գործին։ Թեև նրանք կառչած են անցյալի լույսին, չի կարելի ժխտել, որ չեն ճանաչում Սուրբ Հոգու գործը։ Ինչո՞ւ է այսքան խոսվել մարդու կիրարկման փոփոխությունների մասին, անցյալի և այսօրվա կիրարկման միջև տարբերությունների մասին, այն մասին, թե ինչպես էր կիրարկումն իրականացվում նախորդ դարաշրջանում, և թե ինչպես է այն արվում այսօր։ Մարդու կիրարկման մեջ նման բաժանումների մասին միշտ խոսվում է, որովհետև Սուրբ Հոգու գործն անընդհատ առաջ է շարժվում, և ուստի պահանջվում է, որ մարդու կիրարկումն անընդհատ փոխվի։ Եթե մարդը խրված է մնում մի փուլում, դա ապացուցում է, որ նա անկարող է համընթաց քայլել Աստծու նոր գործի և նոր լույսի հետ. դա չի ապացուցում, որ Աստծու կառավարման ծրագիրը չի փոխվել։ Նրանք, ովքեր Սուրբ Հոգու հոսքից դուրս են, միշտ կարծում են, թե իրենք ճիշտ են, բայց իրականում Աստծու գործը նրանց վրա վաղուց դադարել է, և նրանք ամբողջովին առանց Սուրբ Հոգու գործի են։ Աստծու գործը վաղուց փոխանցվել է մարդկանց մեկ այլ խմբի, և Նա մտադիր է Իր նոր գործն ավարտին հասցնել այս մարդկանց վրա։ Քանի որ կրոնի մեջ գտնվողներն անկարող են ընդունել Աստծու նոր գործը և կառչում են միայն անցյալի հին գործին, ուստի Աստված լքել է այս մարդկանց և Իր նոր գործն անում է այն մարդկանց վրա, որոնք ընդունում են այս նոր գործը։ Սրանք մարդիկ են, որոնք համագործակցում են Նրա նոր գործի հետ, և Նրա կառավարումը միայն այսկերպ կարող է իրագործվել։ Աստծու կառավարումը միշտ առաջ է շարժվում, իսկ մարդու կիրարկումը միշտ ավելի բարձր է ելնում։ Աստված միշտ գործում է, իսկ մարդը միշտ կարիքի մեջ է, այնպես որ երկուսն էլ հասնում են իրենց բարձրակետին, և Աստված ու մարդը հասնում են լիակատար միավորման։ Սա Աստծու մեծ գործի իրականացման արտահայտությունն է և Աստծու ողջ կառավարման վերջնական արդյունքը։

Աստծու գործի յուրաքանչյուր փուլում նաև մարդու հանդեպ համապատասխան պահանջներ կան։ Բոլոր նրանք, ովքեր Սուրբ Հոգու հոսքի ներսում են, ունեն Սուրբ Հոգու ներկայությունն ու կարգավարժանքը, իսկ նրանք, ովքեր Սուրբ Հոգու հոսքի ներսում չեն, գտնվում են Սատանայի իշխանության տակ և առանց Սուրբ Հոգու որևէ գործի են։ Սուրբ Հոգու հոսքի մեջ գտնվող մարդիկ նրանք են, ովքեր ընդունում են Աստծու նոր գործը, և ովքեր համագործակցում են Աստծու նոր գործի հետ։ Եթե այս հոսքի ներսում գտնվողներն անկարող են համագործակցել և ի վիճակի չեն կիրարկելու Աստծու կողմից այս անգամ պահանջվող ճշմարտությունը, ապա կկարգավարժվեն, իսկ վատագույն դեպքում Սուրբ Հոգին կլքի նրանց։ Քանի որ նրանք ընդունել են Սուրբ Հոգու նոր գործը, ապրում են Սուրբ Հոգու հոսքի մեջ՝ ստանալով Սուրբ Հոգու հոգատարությունն ու պաշտպանությունը։ Նրանք, ովքեր պատրաստակամ են ճշմարտությունը կիրարկելու, լուսաբանվում են Սուրբ Հոգու կողմից, իսկ ճշմարտությունը կիրարկել չկամեցողները կարգավարժվում են Սուրբ Հոգու կողմից և նույնիսկ կարող են պատժվել։ Անկախ նրանից, թե ինչպիսի մարդ են, եթե Սուրբ Հոգու հոսքի մեջ են, Աստված պատասխանատվություն կկրի բոլոր նրանց համար, ովքեր հանուն Իր անվան ընդունում են Իր նոր գործը։ Նրանք, ովքեր փառավորում են Նրա անունը և պատրաստ են կիրարկելու Նրա խոսքերը, կստանան Նրա օրհնությունները. նրանք, ովքեր ապստամբում են Նրա դեմ և չեն կիրարկում Նրա խոսքերը, կստանան Նրա պատիժը։ Սուրբ Հոգու հոսքի մեջ գտնվող մարդիկ նոր գործն ընդունողներն են և քանի որ ընդունել են նոր գործը, պետք է համապատասխանաբար համագործակցեն Աստծու հետ և չպետք է գործեն որպես ապստամբներ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունը։ Սա Աստծու միակ պահանջն է մարդուց։ Այդպես չէ այն մարդկանց համար, որոնք չեն ընդունում նոր գործը. նրանք Սուրբ Հոգու հոսքից դուրս են, և Սուրբ Հոգու կարգավարժանքն ու հանդիմանությունը նրանց բացարձակապես չեն վերաբերում։ Ամբողջ օրն այս մարդիկ ապրում են մսեղիի ներսում, ապրում են իրենց մտքերի ներսում։ Այն ամենը, ինչ անում են, համաձայն այն վարդապետությունների է, որոնք ստեղծվել են իրենց իսկ մտավոր վերլուծությամբ և ուսումնասիրությամբ. դա այն չէ, ինչ պահանջում է Սուրբ Հոգու նոր գործը, առավել ևս Աստծու հետ համագործակցություն չէ։ Աստծու նոր գործը չընդունողները զուրկ են Աստծու ներկայությունից, և առավել ևս զերծ են Աստծու օրհնություններից ու պաշտպանությունից։ Նրանց խոսքերի և գործողությունների մեծ մասը պահում է Սուրբ Հոգու անցյալի գործի պահանջները. դրանք վարդապետություններ են, ոչ թե ճշմարտություններ։ Նման վարդապետություններն ու կանոնները բավարար են ապացուցելու, որ այս մարդկանց հավաքույթն ընդամենը կրոն է. նրանք ընտրյալ մարդիկ չեն կամ Աստծու գործի առարկաները։ Նրանց հավաքույթը կարող է միայն կրոնական խառնաշփոթ կոչվել. այն չի կարող եկեղեցի կոչվել։ Սա անփոփոխելի փաստ է։ Նրանք չունեն Սուրբ Հոգու նոր գործը. այն, ինչ անում են, ներծծված է կրոնով, այն, ինչ կյանքով արտահայտում են, լի է կրոնով. նրանք չունեն Սուրբ Հոգու ներկայությունն ու գործը, առավել ևս իրավունք չունեն ստանալու Սուրբ Հոգու կարգավարժանքը կամ լուսաբանումը։ Այս մարդիկ բոլորն անկենդան դիակներ են և որդեր, որոնք զուրկ են հոգևորությունից։ Նրանք ոչ մի ճանաչողություն չունեն մարդու ապստամբության և հակառակության մասին, ոչ մի ճանաչողություն չունեն մարդու բոլոր չարագործությունների մասին, առավել ևս չգիտեն Աստծու ողջ գործը և Աստծու ներկայիս մտադրությունները։ Բոլորը տգետ, ստոր մարդիկ են, և տականք են, որոնք պիտանի չեն հավատացյալներ կոչվելու։ Նրանց արած որևէ բան ոչ մի կապ չունի Աստծու կառավարման հետ, առավել ևս չի կարող վնասել Աստծու ծրագրերը։ Նրանց խոսքերն ու գործողությունները չափազանց զզվելի են, ինչպես նաև խղճուկ, և պարզապես արժանի չեն հիշատակման։ Սուրբ Հոգու հոսքի մեջ չեղողների արած որևէ բան ոչ մի կապ չունի Սուրբ Հոգու նոր գործի հետ։ Դրա պատճառով, անկախ նրանից, թե ինչ են անում, նրանք չունեն Սուրբ Հոգու կարգավարժանքը, առավել ևս՝ լուսաբանումը։ Քանզի բոլորը մարդիկ են, որոնք ճշմարտության հանդեպ սեր չունեն, և որոնք արհամարհանքով մերժվել են Սուրբ Հոգու կողմից։ Նրանք կոչվում են չարագործներ, որովհետև անում են այն, ինչ կամենում են՝ գործելով իրենց մսեղիով և թափահարելով Աստծու դրոշը, երբ դա անում են, և որովհետև միտումնավոր թշնամական են Աստծու հանդեպ և գործում են Նրան հակառակ, երբ Նա անում է Իր գործը։ Մարդու ձախողումն Աստծու հետ համագործակցելու հարցում ինքնին բարձրագույն ապստամբություն է, ուստի մի՞թե այն մարդիկ, որոնք միտումնավոր հակառակում են Աստծուն, հատկապես չեն ստանա իրենց արդար հատուցումը։ Այս մարդկանց չարագործությունների հիշատակման ժամանակ որոշ մարդիկ անհամբեր են անիծելու նրանց, մինչդեռ Աստված անտեսում է նրանց։ Մարդուն թվում է, թե նրանց գործողությունները վերաբերում են Աստծու անվանը, բայց իրականում, Աստծու համար դրանք ոչ մի կապ չունեն Իր անվան կամ Իր համար վկայության հետ։ Անկախ նրանից, թե այս մարդիկ ինչ են անում, դա կապ չունի Աստծու հետ։ Դա կապ չունի թե՛ Նրա անվան, թե՛ Նրա ներկայիս գործի հետ։ Այս մարդիկ նվաստացնում են իրենց և դրսևորում են Սատանային. նրանք անհատներ են, ովքեր չար գործեր են կուտակում ցասման օրվա համար։ Այսօր, անկախ նրանց գործողություններից, եթե չեն խոչընդոտում Աստծու կառավարմանը և ոչ մի կապ չունեն Աստծու նոր գործի հետ, նման մարդիկ չեն ենթարկվի համապատասխան հատուցման, քանզի ցասման օրը դեռ պետք է գա։ Շատ բաներ կան, որոնցով, մարդկանց կարծիքով, Աստված արդեն պետք է զբաղված լիներ, և նրանք կարծում են, որ այդ չարագործները որքան հնարավոր է շուտ պետք է ենթարկվեն հատուցման։ Բայց քանի որ Աստծու կառավարման գործը դեռ չի մոտեցել իր ավարտին, և ցասման օրը դեռ պետք է գա, անարդարները դեռևս շարունակում են կատարել իրենց անարդար գործերը։ Ոմանք ասում են. «Կրոնի մեջ գտնվողներն առանց Սուրբ Հոգու ներկայության կամ գործի են, և ամոթ են բերում Աստծու անվան վրա. ուստի ինչո՞ւ Աստված չի կործանում նրանց, փոխարենը դեռևս հանդուրժում է նրանց սանձարձակ վարքագիծը»։ Այս մարդիկ, որոնք դրսևորում են Սատանային և որոնք արտահայտում են մսեղին, տգետ, ստոր մարդիկ են. նրանք անհեթեթ մարդիկ են։ Նրանք չեն տեսնի Աստծու ցասման գալուստը, նախքան կհասկանան, թե ինչպես է Աստված անում Իր գործը մարդկանց մեջ, և հենց որ լիովին նվաճվեն, այդ չարագործները բոլորը կստանան իրենց հատուցումը, և նրանցից ոչ մեկը չի կարողանա խուսափել ցասման օրից։ Հիմա մարդու պատժի ժամանակը չէ, այլ նվաճման գործն իրականացնելու ժամանակն է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կան այնպիսիք, ովքեր վնասում են Աստծու կառավարումը, որի դեպքում կենթարկվեն պատժի՝ ելնելով իրենց գործողությունների ծանրությունից։ Աստծու՝ մարդկության կառավարման ընթացքում բոլոր նրանք, ովքեր Սուրբ Հոգու հոսքի ներսում են, կապ ունեն Աստծու հետ։ Սուրբ Հոգու կողմից արհամարհանքով մերժվածներն ապրում են Սատանայի ազդեցության տակ, և այն, ինչ նրանք կիրարկում են, ոչ մի կապ չունի Աստծու հետ։ Միայն Աստծու նոր գործն ընդունողները և Աստծու հետ համագործակցողները կապ ունեն Աստծու հետ, քանզի Աստծու գործն ուղղված է միայն նրանց, ովքեր ընդունում են այն, և ուղղված չէ բոլոր մարդկանց՝ անկախ նրանից՝ ընդունում են այն, թե ոչ։ Աստծու արած գործը միշտ ունի առարկա և չի արվում քմահաճույքով։ Սատանայի հետ կապվածները պիտանի չեն Աստծու համար վկայություն կրելու, առավել ևս պիտանի չեն Աստծու հետ համագործակցելու։

Սուրբ Հոգու գործի յուրաքանչյուր փուլ պահանջում է նաև մարդու վկայությունը։ Գործի յուրաքանչյուր փուլ ճակատամարտ է Աստծու և Սատանայի միջև, և ճակատամարտի թիրախը Սատանան է, մինչդեռ այս գործով կատարելագործվելու է մարդը։ Աստծու գործը կարող է պտուղ տալ, թե ոչ, կախված է նրանից, թե ինչպիսին է մարդու վկայությունն Աստծու համար։ Այս վկայությունն Աստծու միակ պահանջն է Իրեն հետևողներից. դա Սատանայի առաջ տրված վկայությունն է, ինչպես նաև Նրա գործի արդյունքների ապացույցը։ Աստծու ողջ կառավարումը բաժանված է երեք փուլի, և յուրաքանչյուր փուլում մարդուն համապատասխան պահանջներ են ներկայացվում։ Ավելին՝ դարաշրջանների անցնելու և առաջընթացի հետ մեկտեղ ողջ մարդկության հանդեպ Աստծու պահանջներն էլ ավելի են բարձրանում։ Այսպիսով՝ քայլ առ քայլ Աստծու կառավարման այս գործը հասնում է իր գագաթնակետին, այնպես որ մարդը տեսնում է «Խոսքի՝ մսեղիում հայտնվելու» փաստը, և այսկերպ մարդու հանդեպ պահանջներն է՛լ ավելի են բարձրանում, ինչպես և այն վկայությունը, որը մարդուց պահանջվում է կրել։ Որքան շատ է մարդն ընդունակ ճշմարտապես համագործակցելու Աստծու հետ, այնքան ավելի շատ Աստված կարող է փառք ձեռք բերել։ Մարդու համագործակցությունն այն վկայությունն է, որն իրենից պահանջվում է կրել, իսկ վկայությունը, որը նա կրում է, մարդու կիրարկումն է։ Հետևաբար, Աստծու գործը կարող է ակնկալվող արդյունք ունենալ, թե ոչ, և կարող է ճշմարիտ վկայություն լինել, թե ոչ, անքակտելիորեն կապված է մարդու համագործակցության և վկայության հետ։ Երբ գործն ավարտվի, այսինքն, երբ Աստծու ողջ կառավարումը հասնի իր ավարտին, մարդուց կպահանջվի ավելի բարձր վկայություն կրել, և երբ Աստծու գործը հասնի իր ավարտին, մարդու կիրարկումն ու մուտքը կհասնեն իրենց բարձրակետին։ Անցյալում մարդուց պահանջվում էր ենթարկվել օրենքին և պատվիրաններին, և պահանջվում էր լինել համբերատար ու խոնարհ։ Այսօր մարդուց պահանջվում է հնազանդվել Աստծու բոլոր կարգավորումներին և Աստծու հանդեպ գերագույն սեր ունենալ, և ի վերջո պահանջվում է նեղության մեջ էլ սիրել Աստծուն։ Այս երեք փուլերն այն պահանջներն են, որոնք Աստված Իր ողջ կառավարման ընթացքում քայլ առ քայլ ներկայացնում է մարդուն։ Աստծու գործի յուրաքանչյուր փուլ ավելի է խորանում, քան նախորդը, և յուրաքանչյուր փուլում մարդու հանդեպ պահանջներն ավելի բարձր են, քան նախորդում, և այսկերպ Աստծու ողջ կառավարումն աստիճանաբար ձևավորվում է։ Հենց այն պատճառով, որ մարդու հանդեպ պահանջներն էլ ավելի են բարձրանում, մարդու բնավորությունն էլ ավելի է մոտենում Աստծու պահանջած չափանիշներին, և միայն այդ ժամանակ է ողջ մարդկությունն աստիճանաբար հեռանում Սատանայի ազդեցությունից, մինչև որ, երբ Աստծու գործը լիովին ավարտվի, ողջ մարդկությունը փրկված կլինի Սատանայի ազդեցությունից։ Երբ այդ ժամանակը գա, Աստծու գործը հասած կլինի իր ավարտին, և մարդու համագործակցությունն Աստծու հետ՝ իր բնավորության մեջ փոփոխությունների հասնելու համար, այլևս չի լինի, և ողջ մարդկությունը կապրի Աստծու լույսի մեջ, և այդ ժամանակից ի վեր չի լինի ոչ մի ապստամբություն կամ հակառակություն Աստծուն։ Աստված նաև ոչ մի պահանջ չի ներկայացնի մարդուն, և ավելի ներդաշնակ համագործակցություն կլինի մարդու և Աստծու միջև, որը կլինի մարդու և Աստծու համատեղ կյանքը, այն կյանքը, որը գալիս է Աստծու կառավարման՝ լիովին ավարտվելուց հետո, և Աստծու՝ մարդուն Սատանայի ճիրաններից լիովին փրկելուց հետո։ Նրանք, ովքեր չեն կարող սերտորեն հետևել Աստծու հետքերին, անկարող են հասնել նման կյանքի։ Նրանք ընկղմված կլինեն խավարի մեջ, որտեղ կլացեն և կկրճտացնեն իրենց ատամները. նրանք մարդիկ են, որոնք հավատում են Աստծուն, բայց չեն հետևում Նրան, որոնք հավատում են Աստծուն, բայց չեն հնազանդվում Նրա ողջ գործին։ Քանի որ մարդը հավատում է Աստծուն, պետք է սերտորեն հետևի Աստծու յուրաքանչյուր քայլին. պետք է «հետևի Գառանը, ուր էլ որ Նա գնա»։ Միայն սա անող մարդիկ են, որ իսկապես փնտրում են ճշմարիտ ճանապարհը, որ ճանաչում են Սուրբ Հոգու գործը։ Մարդիկ, որոնք համառորեն կառչում են բառերին և վարդապետություններին, դուրս են թողնվել Սուրբ Հոգու գործի կողմից։ Յուրաքանչյուր ժամանակաշրջանում Աստված նոր գործ կսկսի, և յուրաքանչյուր ժամանակաշրջանում մարդկանց մեջ նոր սկիզբ կլինի։ Եթե մարդը պահում է միայն այն ճշմարտությունները, որ «Եհովան Աստված է» և «Հիսուսը Քրիստոսն է», որոնք ճշմարտություններ են, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է միայն մեկ դարաշրջանի, ապա մարդը երբեք համընթաց չի քայլի Սուրբ Հոգու գործի հետ և հավիտյան անկարող կլինի ձեռք բերել Սուրբ Հոգու գործը։ Անկախ նրանից, թե ինչպես է Աստված գործում, եթե մարդը հետևում է առանց նվազագույն կասկածի և հետևում է սերտորեն, ապա ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին դուրս թողնել մարդուն։ Անկախ նրանից, թե ինչ է անում Աստված, քանի դեռ մարդը հավատացած է, որ դա Սուրբ Հոգու գործն է և համագործակցում է Սուրբ Հոգու գործի հետ՝ առանց որևէ կասկածի, և փորձում է համապատասխանել Աստծու պահանջներին, ապա ինչպե՞ս կարող է պատժվել։ Աստծու գործը երբեք չի դադարել, Նրա ոտնահետքերը երբեք կանգ չեն առել, և նախքան Իր կառավարման գործի ավարտը Նա միշտ զբաղված է եղել և երբեք կանգ չի առել։ Բայց մարդն այլ է. ձեռք բերելով Սուրբ Հոգու գործի միայն մի փոքր մասը՝ դրան վերաբերվում է այնպես, կարծես այն երբեք չի փոխվի. ձեռք բերելով մի քիչ ճանաչողություն՝ նա առաջ չի գնում՝ «հետևելու» Աստծու ավելի նոր գործին։ Տեսնելով Աստծու գործի միայն մի փոքր մասը՝ անմիջապես սահմանափակում է Աստծուն՝ Նրան դարձնելով որոշակի փայտե քանդակ, և հավատում է, որ Աստված միշտ կպահպանի այս պատկերը, որն ինքը տեսնում է, որ անցյալում այդպես է եղել և ապագայում էլ միշտ այդպես կլինի. ձեռք բերելով միայն մակերեսային ճանաչողության մի փոքր մաս՝ մարդն այնքան հպարտ է, որ մոռանում է իրեն և սկսում է անմտորեն հռչակել Աստծու բնույթն ու էությունը, որոնք պարզապես գոյություն չունեն. և համոզվելով Սուրբ Հոգու գործի մեկ փուլի հարցում՝ անկախ նրանից, թե ինչպիսի մարդ է Աստծու նոր գործը հռչակողը, մարդն այն չի ընդունում։ Նման մարդիկ չեն կարող ընդունել Սուրբ Հոգու նոր գործը. նրանք չափազանց պահպանողական են և անկարող են նոր բաներ ընդունել։ Նման մարդիկ նրանք են, ովքեր հավատում են Աստծուն, բայց նաև մերժում են Աստծուն։ Մարդը կարծում է, որ իսրայելացիները սխալ էին, որ «միայն հավատում էին Եհովային և չէին հավատում Հիսուսին», սակայն մարդկանց մեծամասնությունը խաղում է մի դեր, որում «միայն հավատում է Եհովային և մերժում Հիսուսին» և «տենչում է Մեսիայի վերադարձը, բայց հակառակում Մեսիային, ով կոչվում է Հիսուս»։ Զարմանալի չէ ուրեմն, որ մարդիկ դեռևս ապրում են Սատանայի իշխանության տակ՝ Սուրբ Հոգու գործի մի փուլն ընդունելուց հետո, և դեռևս չեն ստանում Աստծու օրհնությունները։ Մի՞թե սա մարդու ապստամբության արդյունքը չէ։ Ամբողջ աշխարհում քրիստոնեության մեջ գտնվող մարդիկ, որոնք համընթաց չեն քայլել այսօրվա նոր գործի հետ, բոլորը կառչում են այն հույսին, որ իրենց բախտը կբերի՝ ենթադրելով, որ Աստված կկատարի իրենց համապատասխան ցանկությունները։ Սակայն նրանք չեն կարող բացարձակ վստահությամբ ասել, թե ինչու է Աստված իրենց բարձրացնելու երրորդ երկինք, կամ թե ինչպես է Հիսուսը գալու իրենց ընդունելու՝ սպիտակ ամպ հեծած, առավել ևս բացարձակապես համոզված չեն, թե արդյոք Հիսուսն իսկապես ժամանելու է սպիտակ ամպի վրա այն օրը, որն իրենք պատկերացնում են։ Նրանք բոլորն անհանգիստ են և շփոթված. իրենք էլ չգիտեն, թե արդյոք Աստված կբարձրացնի իրենցից յուրաքանչյուրին՝ տարբեր փոքրաթիվ մարդկանց, որոնք գալիս են ամեն հարանվանությունից։ Գործը, որն Աստված անում է հիմա, ներկա դարաշրջանը, Աստծու մտադրությունները. նրանք չեն ըմբռնում այս բաներից ոչ մեկը և ոչինչ չեն անում՝ բացի մատների վրա օրերը հաշվելուց։ Միայն նրանք, ովքեր մինչև վերջ հետևում են Գառան հետքերին, կարող են ձեռք բերել վերջնական օրհնությունը, մինչդեռ այն «խելացի մարդիկ», որոնք անկարող են հետևել մինչև վերջ, սակայն կարծում են, թե ամեն ինչ ձեռք են բերել, անկարող են տեսնել Աստծու հայտնությունը։ Նրանցից յուրաքանչյուրը կարծում է, թե ինքն աշխարհի ամենախելացի մարդն է, և առանց որևէ պատճառի՝ ընդհատում են Աստծու գործի շարունակական զարգացումը, և կարծես թե բացարձակ վստահությամբ հավատում են, որ Աստված իրենց կբարձրացնի երկինք, իրենց, ովքեր «անբաժանելի հավատարմություն ունեն Աստծու հանդեպ, հետևում են Աստծուն և պահում են Աստծու խոսքերը»։ Թեև «անբաժանելի հավատարմություն» ունեն Աստծու ասած խոսքերի հանդեպ, նրանց խոսքերն ու գործողությունները դեռևս այնքան նողկալի են, որովհետև հակառակում են Սուրբ Հոգու գործին և նենգություն ու չարիք են գործում։ Նրանք, ովքեր չեն կարող հետևել մինչև վերջ և չեն կարող համընթաց քայլել Սուրբ Հոգու գործի հետ և միայն կառչում են հին գործին, ոչ միայն ձախողվել են Աստծու հանդեպ հավատարմության հասնելու հարցում, այլև ընդհակառակը, դարձել են Աստծուն հակառակողներ, նոր դարաշրջանի կողմից մերժվածներ և նրանք, ովքեր կպատժվեն։ Կա՞ն արդյոք նրանցից ավելի ողորմելիները։ Շատերը նույնիսկ կարծում են, թե բոլոր նրանք, ովքեր մերժում են հին օրենքը և ընդունում են նոր գործը, զուրկ են խղճից։ Այս մարդիկ, որոնք կենտրոնանում են միայն «խղճի» վրա, սակայն չեն ճանաչում Սուրբ Հոգու գործը, ի վերջո իրենց իսկ խղճի պատճառով կընդհատեն իրենց հեռանկարները։ Նույնիսկ Աստված Իր գործում չի պահում կանոնները, և թեև դա կարող է լինել Իր սեփական գործը, այնուամենայնիվ Աստված չի կառչում դրան։ Այն, ինչ պետք է ժխտվի, ժխտվում է, այն, ինչ պետք է դուրս թողնվի, դուրս է թողնվում։ Սակայն մարդը կառչում է Աստծու կառավարման գործի միայն մի փոքր մասին, որպեսզի հակադրվի Նրան։ Մի՞թե սա մարդու անհեթեթությունը չէ։ Մի՞թե սա մարդու տգիտությունը չէ։ Որքան ավելի շատ են մարդիկ երկչոտ և չափազանց զգույշ, որովհետև վախենում են օրհնություններ ձեռք չբերելուց, այնքան ավելի անկարող են ավելի շատ օրհնություններ ձեռք բերելու և վերջնական օրհնությունը ստանալու։ Այն մարդիկ, որոնք համառորեն կառչում են օրենքին, բոլորն անբաժանելի հավատարմություն են ցուցաբերում օրենքի հանդեպ, և որքան ավելի շատ են նման հավատարմություն ցուցաբերում օրենքի հանդեպ, այնքան ավելի շատ են ապստամբներ, որոնք հակառակում են Աստծուն։ Քանզի հիմա Թագավորության դարաշրջանն է, ոչ թե Օրենքի դարաշրջանը, և այսօրվա գործն ու անցյալի գործը չեն կարող հիշատակվել նույն շնչով, ոչ էլ անցյալի գործը կարող է համեմատվել այսօրվա գործի հետ։ Աստծու գործը փոխվել է, և մարդու կիրարկումը նույնպես փոխվել է. դա օրենքին կառչելը կամ խաչը կրելը չէ։ Հետևաբար, մարդկանց հավատարմությունն օրենքի և խաչի հանդեպ չի արժանանա Աստծու հավանությանը։

Մարդը լիովին ավարտուն կդարձվի Թագավորության դարաշրջանում։ Նվաճման գործից հետո մարդը զտման և նեղության կենթարկվի։ Նրանք, ովքեր կարող են հաղթահարել և հաստատուն կանգնել վկայության մեջ այս նեղության ընթացքում, նրանք են, ովքեր ի վերջո ավարտուն կդարձվեն. նրանք հաղթողներն են։ Այս նեղության ընթացքում մարդուց պահանջվում է ընդունել այս զտումը, և այս զտումն Աստծու գործի վերջին օրինակն է։ Վերջին անգամն է, որ մարդը կզտվի նախքան Աստծու կառավարման ողջ գործի ավարտը, և բոլոր նրանք, ովքեր հետևում են Աստծուն, պետք է ընդունեն այս վերջնական ստուգումը և պետք է ընդունեն այս վերջին զտումը։ Նեղության մեջ եղողներն առանց Սուրբ Հոգու գործի և Աստծու ուղղորդման են, բայց նրանք, ովքեր իսկապես նվաճվել են և ովքեր իսկապես ձգտում են Աստծուն, ի վերջո հաստատուն կկանգնեն. նրանք մարդկայնություն ունեցողներն են և Աստծուն անկեղծորեն սիրողները։ Անկախ նրանից, թե ինչ է անում Աստված, այս հաղթականները չեն զրկվի տեսիլքներից և դեռևս կկիրարկեն ճշմարտությունը՝ առանց կորցնելու իրենց վկայությունը։ Նրանք ի վերջո մեծ նեղությունից դուրս եկողներն են։ Նույնիսկ եթե նրանք, ովքեր պարզապես գոյատևում են հանուն օգուտի, այսօր դեռ կարող են ձրիակերությամբ զբաղվել, ոչ ոք ի վիճակի չէ խուսափելու վերջնական նեղությունից, և ոչ ոք չի կարող խուսափել վերջնական ստուգումից։ Նրանց համար, ովքեր հաղթում են, նման նեղությունը հսկայական զտում է. բայց նրանց համար, ովքեր պարզապես գոյատևում են հանուն օգուտի, դա կատարյալ դուրս թողնելու գործ է։ Անկախ նրանից, թե ինչպես են փորձվում, Աստծուն իրենց սրտերում ունեցողների հավատարմությունը մնում է անփոփոխ։ Բայց նրանց համար, ովքեր Աստծուն իրենց սրտերում չունեն, հենց որ Աստծու գործը շահավետ չէ իրենց մսեղիի համար, փոխում են իրենց տեսակետն Աստծու վերաբերյալ և նույնիսկ հեռանում են Աստծուց։ Այդպիսին են նրանք, ովքեր ի վերջո հաստատուն չեն կանգնի, ովքեր միայն փնտրում են Աստծու օրհնությունները և բացարձակապես ոչ մի ցանկություն չունեն Աստծու համար ծախսվելու և Նրան նվիրվելու։ Նման ստոր մարդիկ բոլորը «կվտարվեն», երբ Աստծու գործը հասնի իր ավարտին, և նրանց հանդեպ բացարձակապես ոչ մի ողորմածություն չի ցուցաբերվի։ Նրանք, ովքեր առանց մարդկայնության են, Աստծու հանդեպ բացարձակապես չունեն ճշմարիտ սեր։ Երբ միջավայրը հարմարավետ է կամ ձեռք բերելու բան ունեն, լիովին ենթարկվող են Աստծուն, բայց հենց որ նրանց ցանկությունները վարկաբեկվում են կամ ի վերջո կոտրվում, անմիջապես ապստամբում են։ Նույնիսկ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում նրանք ժպտացող, «բարեսիրտ» մարդուց վերածվում են վայրենի տեսքով դահճի՝ անսպասելիորեն իրենց երեկվա բարերարին առանց պատճառի որպես իրենց ոխերիմ թշնամու վերաբերվելով։ Եթե այս չար դևերը, որոնք սպանում են՝ առանց աչք թարթելու, դուրս չնետվեն, մի՞թե չեն դառնա լուրջ, թաքնված սպառնալիք։ Այնպես չէ, որ հենց որ նվաճման գործն ավարտվում է, մարդուն փրկելու գործը հասնում է իր լիակատար ավարտին։ Թեև նվաճման գործը հասել է իր ավարտին, մարդուն մաքրագործելու աշխատանքը չի ավարտվել. միայն այն ժամանակ, երբ մարդն ամբողջովին մաքրագործվի, երբ նրանք, ովքեր անկեղծորեն հնազանդվում են Աստծուն, ավարտուն դարձվեն, և երբ այն ձևացնողները, որոնք իրենց սրտերում առանց Աստծու են, հեռացվեն, գործն ավարտված կլինի։ Նրանք, ովքեր անկարող են բավարարել Աստծուն Իր գործի վերջին փուլում, ամբողջովին դուրս կթողնվեն, իսկ նրանք, ովքեր դուրս են թողնվում, դևերի տեսակից են։ Նրանք, ովքեր անկարող են բավարարել Աստծուն, ապստամբ են Աստծու դեմ։ Թեև այս մարդիկ այսօր հետևում են Աստծուն, դա չի ապացուցում, որ նրանք ի վերջո մնացողներն են։ «Նրանք, ովքեր հետևում են Աստծուն մինչև վերջ, փրկություն կստանան» խոսքերում «հետևել» բառի իմաստը նեղության մեջ հաստատուն կանգնելն է։ Այսօր շատերը կարծում են, թե Աստծուն հետևելը բավականին հեշտ է, բայց երբ Աստծու գործը մոտենա ավարտին, դու կիմանաս «հետևել» բառի ճշմարիտ իմաստը։ Միայն այն պատճառով, որ այսօր՝ նվաճվելուց հետո, դեռևս ի վիճակի ես հետևելու Աստծուն, չի ապացուցում, որ նրանցից մեկն ես, ովքեր կատարյալ կդարձվեն։ Նրանք, ովքեր անկարող են դիմանալ փորձություններին, ովքեր անկարող են հաղթական լինել նեղության մեջ, ի վերջո անկարող կլինեն հաստատուն կանգնել և անկարող կլինեն մինչև վերջ հետևել Աստծուն։ Նրանք, ովքեր անկեղծորեն հետևում են Աստծուն, ի վիճակի են դիմանալու իրենց գործի ստուգմանը, մինչդեռ նրանք, ովքեր անկեղծորեն չեն հետևում Աստծուն, անկարող են դիմանալ Աստծու որևէ փորձության։ Նրանք վաղ թե ուշ կվտարվեն, մինչդեռ հաղթողները կմնան թագավորության մեջ։ Արդյոք մարդն անկեղծորեն փնտրում է Աստծուն, թե ոչ, կարող է որոշվել միայն նրա գործը ստուգելով, այսինքն՝ Աստծու փորձություններով, և ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ինչ է որոշում մարդն ինքը։ Աստված ոչ մի մարդու թեթևամտորեն չի մերժում. այն ամենը, ինչ Նա անում է, կարող է լիովին համոզել մարդուն։ Նա չի անում ոչինչ, որ անտեսանելի է մարդուն, կամ որևէ գործ, որ չի կարող համոզել մարդուն։ Արդյոք մարդու հավատը ճշմարիտ է, թե ոչ, ապացուցվում է փաստերով, և մարդը չի կարող որոշել։ Կասկած չկա, որ «ցորենը չի կարող վերածվել որոմի, իսկ որոմը չի կարող վերածվել ցորենի»։ Բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են Աստծուն, ի վերջո կմնան թագավորության մեջ, և Աստված վատ չի վերաբերվի ոչ մեկին, ով անկեղծորեն սիրում է Իրեն։ Հիմնվելով իրենց տարբեր գործառույթների և վկայությունների վրա՝ հաղթողները թագավորության ներսում կծառայեն որպես քահանաներ կամ հետևորդներ, և բոլոր նրանք, ովքեր հաղթական են նեղության մեջ, կդառնան քահանաների խումբ թագավորության ներսում։ Քահանաների խումբը կձևավորվի, երբ տիեզերքի ներսում ավետարանի գործը հասնի իր ավարտին։ Երբ այդ ժամանակը գա, այն, ինչ պետք է մարդն անի, կլինի նրա պարտավորության կատարումն Աստծու թագավորության ներսում և Աստծու հետ նրա համատեղ ապրելն թագավորության ներսում։ Քահանաների խմբում կլինեն գլխավոր քահանաներ և քահանաներ, իսկ մնացածը կլինեն Աստծու որդիներն ու մարդիկ։ Նրանք կբաժանվեն՝ հիմնվելով նեղության ընթացքում Աստծու համար իրենց վկայությունների վրա. սրանք քմահաճույքով տրված տիտղոսներ չեն։ Հենց որ մարդու կարգավիճակը հաստատվի, Աստծու գործը կդադարի, քանզի յուրաքանչյուր մարդ կդասակարգվի ըստ իր տեսակի և կվերադարձվի իր սկզբնական դիրքին, և սա Աստծու մեծ գործի իրականացման նշանն է, Աստծու գործի և մարդու կիրարկման վերջնական արդյունքը և Աստծու գործի տեսիլքների և մարդու համագործակցության բյուրեղացումը։ Ի վերջո, մարդը կմտնի Աստծու թագավորություն և այնտեղ հանգիստ կգտնի, և Աստված նույնպես կվերադառնա Իր բնակության վայրը՝ հանգստանալու։ Սա կլինի Աստծու և մարդու միջև 6000 տարվա համագործակցության վերջնական արդյունքը։

Նախորդը.  Աստծու բնակեցրած մսեղիի էությունը

Հաջորդը.  Աստծու էությունը Երկնային Հոր Կամքին հնազանդվելն է

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger