Աստծու բնակեցրած մսեղիի էությունը

Աստված Իր առաջին մարմնացման ժամանակ երկրի վրա ապրեց երեսուներեք ու կես տարի և Իր սպասավորությունը կատարեց դրանցից ընդամենը երեք ու կես տարվա ընթացքում։ Ե՛վ Իր գործի ընթացքում, և՛ նախքան Նա կսկսեր Իր գործը, Նա ուներ բնականոն մարդկայնություն. Նա իր բնականոն մարդկայնության մեջ էր ապրում երեսուներեք ու կես տարի։ Վերջին երեք ու կես տարվա ժամանակ Նա հայտնվեց որպես մարմնացած Աստված։ Նախքան Իր սպասավորության մեկնարկը Նա ներկայանում էր սովորական, բնականոն մարդկայնությամբ՝ Իր աստվածային էության որևէ նշան ցույց չտալով, և միայն երբ Նա պաշտոնապես սկսեց Իր սպասավորությունը, այդժամ բացահայտվեց Նրա աստվածային էությունը։ Առաջին այդ քսանինը տարվա ընթացքում Նրա կյանքը և գործը ցույց էին տալիս, որ Նա իսկական մարդ արարած է, մարդու որդիև մսեղեն մարմնով, քանի որ Նրա սպասավորությունը լրջորեն սկսվեց քսանինը տարեկանից հետո։ «Մարմնացում»-ը մսեղիում Աստծու հայտնվելն է. Աստված գործում է արարված մարդկանց մեջ՝ մսեղիի պատկերով։ Ուստի, քանզի Նա մարմնացած Աստված է, Նա պետք է առաջին հերթին մսեղի լինի, բնականոն մարդկայնությամբ մսեղի. սա է ամենահիմնական նախադրյալը։ Փաստացի Աստծու մարմնացումը ենթադրում է, որ Աստված ապրում և գործում է մարմնում, որ Աստված Իր բուն էությամբ դառնում է մսեղի, դառնում է անձ։ Նրա մարմնացած կյանքը և աշխատանքը կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջինը կյանքն է, որը Նա ապրում է նախքան Իր սպասավորությունը կատարելը։ Նա ապրում է սովորական մարդկային ընտանիքում՝ ծայրաստիճան բնականոն մարդկայնությամբ, դիտարկելով մարդկային կյանքի բնականոն բարոյական նորմերը և հնազանդվելով մարդկային կյանքի բնականոն օրենքներին, ունենալով բնականոն մարդկային կարիքներ (սնունդ, հագուստ, քուն, կացարան), բնականոն մարդկային թուլություններ և բնականոն մարդկային զգացմունքներ։ Այլ կերպ ասած՝ այս առաջին փուլում Նա ապրում է ոչ աստվածային, ամբողջապես բնականոն մարդկայնությամբ՝ ներգրավված լինելով բոլոր բնականոն մարդկային գործերում։ Երկրորդ փուլն այն կյանքն է, որը Նա ապրում է Իր սպասավորությունը կատարելն սկսելուց հետո։ Նա շարունակում է բնակվել սովորական մարդկայնության մեջ` բնականոն մարդկային պատյանով՝ առանց գերբնականության որևէ արտաքին նշան ցույց տալու։ Սակայն Նա ապրում է՝ բացառապես հանուն Իր սպասավորության, և այս ժամանակի ընթացքում Նրա բնականոն մարդկայնությունը գոյություն ունի՝ Նրա աստվածայնության բնականոն աշխատանքը պահպանելու, քանզի այդ ժամանակ Նրա բնականոն մարդկայնությունն այնքան է հասունանում, որ կարողանում է իրականացնել Նրա սպասավորությունը։ Ուստի Նրա կյանքի երկրորդ փուլը Նրա սպասավորությունն Իր բնականոն մարդկայնության մեջ կատարելու համար է, երբ դա թե՛ բնականոն մարդկայնության, թե՛ ամբողջապես աստվածայնության մի կյանք է։ Պատճառը, թե ինչու է Նա Իր կյանքի առաջին փուլում ապրում ամբողջովին սովորական մարդկայնության մեջ, այն է, որ Նրա մարդկայնությունը դեռ ի վիճակի չէ կատարելու աստվածային գործն ամբողջությամբ, դեռևս հասուն չէ. միայն երբ Նրա մարդկայնությունը հասունանում է, այսինքն՝ երբ այն կարողանում է իր ուսերին կրել Նրա սպասավորությունը, Նա սկսում է իրականացնել այն սպասավորությունը, որը պարտավոր էր իրականացնել։ Քանի դեռ Նա մարմին է, պետք է աճի և հասունանա։ Ուստի Նրա կյանքի առաջին փուլը բնականոն մարդկայնությունն էր, մինչդեռ երկրորդ փուլում Նրա մարդկայնությունն ունակ է լինում Նրա գործն իր ուսերին կրելուև Նրա սպասավորությունը կատարելու, ուստի կյանքը, որը մարմնացած Աստված է ապրում Իր սպասավորության ընթացքում, ունի և՛ մարդկայնություն, և՛ ավարտուն աստվածայնություն։ Եթե Իր ծննդյան պահից սկսած` Աստծու մարմնացած մսեղին պաշտոնապես սկսեր Իր սպասավորությունը, և Նրա արած ամեն բան ներառեր գերբնական նշաններ ցույց տալը և հրաշքներ գործելը, այդժամ Նա չէր ունենա մարմնական էություն։ Ուստի Նրա մարդկայնությունը գոյություն ունի՝ հանուն Նրա մարմնական էության. չի կարող լինել մարմին՝ առանց մարդկայնության, և որևէ անձ՝ առանց մարդկայնության, մարդ արարած չէ։ Այս կերպ Աստծու մսեղիի մարդկայնությունն Աստծու մարմնացած մսեղիի բնորոշ հատկանիշն է։ «Երբ Աստված մսեղի է դառնում, Նա միայն աստվածայնություն է ունենում և ոչ մարդկայնություն» ասելը աստվածանարգություն է, քանզի այս հայտարարությունը պարզապես անհիմն է և խախտում է մարմնացման սկզբունքը։ Նույնիսկ երբ Նա սկսում է կատարել Իր սպասավորությունը, Նա շարունակում է ապրել Իր աստվածայնության մեջ՝ մարդկային արտաքին պատյանում, երբ անում է Իր աշխատանքը. պարզապես այդ ժամանակ Նրա մարդկայնությունը ծառայում է Նրա աստվածայնությանը բնականոն մսեղիում աշխատանքը կատարելը թույլատրելու միակ նպատակին։ Այսպիսով՝ աշխատանքի գործակալը Նրա մարդկայնության մեջ բնակվող աստվածայնությունն է։ Նրա աստվածայնությունը, այլ ոչ թե մարդկայնությունն է աշխատանքը անում, սակայն այս աստվածայնությունը թաքնված է Նրա մարդկայնության ներսում. ըստ էության՝ Նրա աշխատանքը դեռ անում է Նրա ամբողջական աստվածայնությունը, ոչ թե Նրա մարդկայնությունը։ Սակայն Նրա աշխատանքը կատարողը Նրա մարմինն է։ Ինչ-որ մեկը կարող է ասել, թե Նա մարդ է և Աստված, քանի որ Աստված դառնում է մսեղիի մեջ բնակվող Աստված. Նա ունի մարդկային տեսք և մարդկային էություն, և նույնիսկ ավելին՝ Նա ունի Աստծու էությունը։ Քանի որ Նա մարդ արարած է՝ Աստծու էությամբ, Նա վեր է բոլոր արարված մարդկանցից, վեր ցանկացած անձից, ով կարող է կատարել Աստծու աշխատանքը։ Եվ այսպես, բոլոր նրանցից, ովքեր Նրան նմանվող մարդկային կերպարանք ունեն, նրանցից, ովքեր մարդկայնություն ունեն, միայն Նա Ինքն է մարմնացյալ Աստված․ մնացածն արարված մարդիկ են։ Չնայած նրանք բոլորն ունեն մարդկայնություն, արարված մարդիկ բացի մարդկայնությունից ոչինչ չունեն, սակայն մարմնացյալ Աստված տարբեր է. Իր մարմնում Նա ոչ միայն մարդկայնություն է կրում, այլ նաև ինչն ամենակարևորն է՝ աստվածայնություն։ Նրա մարդկայնությունը տեսանելի է Նրա մարմնի արտաքին տեսքում և Նրա առօրյայում, սակայն Նրա աստվածայնությունը դժվարընկալելի է։ Քանզի Նրա աստվածայնությունն արտահայտվում է, երբ Նա ունենում է նաև մարդկայնություն, և այնքան գերբնական չէ, որքան մարդիկ են պատկերացնում․ մարդկանց համար չափազանց դժվար է այն տեսնելը։ Նույնիսկ այսօր մարդիկ ծայրահեղ դժվարությամբ են ընկալում, թե կոնկրետ ինչպիսին է մարմնացած Աստծու էությունը։ Նույնիսկ դրա մասին այսքան շատ խոսքեր ասելուցս հետո ենթադրում եմ, որ դա դեռևս առեղծված է ձեզնից շատերի համար։ Իրականում այս հարցը շատ պարզ է. երբ Աստված մարմնանում է, Նրա էությունը դառնում է մարդկայնության և աստվածայնության համադրություն։ Այս համադրության անունն է Ինքն Աստված՝ Ինքն Աստված երկրի վրա։

Կյանքը, որ Հիսուսն ապրեց երկրի վրա, մսեղիի բնականոն կյանք էր։ Նա ապրեց Իր մսեղիի բնականոն մարդկայնության մեջ։ Նրա իշխանությունը՝ կատարելու Իր գործը և ասելու Իր խոսքը կամ բժշկելու հիվանդներին և հանելու դևերին, անելու նման արտասովոր բաներ, ըստ էության չդրսևորվեց, մինչև Նա չսկսեց Իր սպասավորությունը։ Նրա կյանքը նախքան քսանինը տարեկանը՝ նախքան Իր սպասավորությունը կատարելը, բավարար ապացույց էր, որ Նա պարզապես բնականոն մսեղավոր մարմին էր։ Քանի որ Նա բնականոն մսեղավոր մարմին էր և որովհետև դեռ չէր սկսել կատարել Իր սպասավորությունը, մարդիկ Նրա մեջ ոչ մի աստվածային բան չէին տեսնում, չէին տեսնում ավելին, քան բնականոն մարդ արարածի, սովորական մարդու․ ճիշտ ինչպես այդ ժամանակ ոմանք հավատում էին, որ Նա Հովսեփի որդին է։ Մարդիկ կարծում էին, թե Նա սովորական մարդու որդի է, նրանք ոչ մի կերպ չէին կարող ասել, որ Նա Աստծու մարմնացած մսեղին է․ նույնիսկ, երբ Իր սպասավորությունը կատարելու ընթացքում Նա բազում նշաններ ցույց տվեց, մարդկանց մեծ մասը, միևնույն է, ասում էր, որ Նա Հովսեփի որդին է, քանզի Նա Քրիստոսն էր՝ բնականոն մարդկայնության արտաքին պատյանով։ Նրա բնականոն մարդկայնությունը և Նրա գործը գոյություն ունեին առաջին մարմնացման նշանակությունն իրագործելու համար՝ ապացուցելու, որ Աստված ամբողջովին մսեղիով է եկել, որ Նա դարձել է միանգամայն սովորական մարդ։ Այն, որ Նա բնականոն մարդկայնություն ուներ նախքան Իր գործն սկսելը, ապացույց էր, որ Նա սովորական մսեղի էր, և այն, որ Նա դրանից հետո գործեց, նույնպես ապացուցեց, որ Նա սովորական մսեղի էր, քանզի բնականոն մարդկայնության մսեղիի մեջ էր, որ Նա նշաններ ցույց տվեց ու հրաշքներ կատարեց, բժշկեց հիվանդներին և դևերին հանեց։ Պատճառը, որ Նա կարող էր նշաններ գործել, այն էր, որ Նրա մսեղին կրում էր Աստծու իշխանությունը, այն մսեղին էր, որով զգեստավորված էր Աստծու Հոգին։ Նա տիրապետում էր այս իշխանությանն Աստծու Հոգու շնորհիվ, և դա չէր նշանակում, որ Նա մսեղի չէր։ Հիվանդներին բժշկելը և դևերին հանելն այն գործն էր, որը Նա պետք է կատարեր Իր սպասավորության մեջ․ դա Նրա մարդկայնության մեջ թաքնված Նրա աստվածայնության արտահայտությունն էր, և անկախ նրանից, թե ինչ նշաններ Նա ցույց տվեց կամ ինչպես ցուցադրեց Իր իշխանությունը, Նա շարունակում էր ապրել բնականոն մարդկայնության մեջ և դեռևս բնականոն մսեղի էր։ Ընդհուպ մինչև այն պահը, երբ Նա հարություն առավ խաչի վրա մահանալուց հետո, Նա բնակվում էր բնականոն մսեղիի մեջ։ Շնորհք պարգևելը, հիվանդներին բժշկելը և դևերին հանելը Նրա սպասավորության մի մասն էին․ դրանք բոլորը գործ էին, որը Նա կատարում էր Իր բնականոն մսեղիում։ Նախքան խաչի մոտ գնալը Նա երբեք չհեռացավ Իր բնականոն մարդկային մսեղիից՝ անկախ նրանից, թե ինչ էր անում։ Նա Ինքն Աստված էր, որը կատարում էր Աստծու իսկ գործը, սակայն քանի որ Նա Աստծու մարմնացած մսեղին էր, Նա սնունդ էր ուտում և հագուստ էր կրում, ուներ բնականոն մարդկային կարիքներ, բնականոն մարդկային ողջամտություն և բնականոն մարդկային միտք։ Այս ամենն ապացույց էր, որ Նա բնականոն մարդ էր, ինչն ապացուցում էր, որ Աստծու մարմնացած մսեղին բնականոն մարդկայնությամբ մսեղի էր և ոչ գերբնական։ Նրա գործն Աստծու առաջին մարմնացման աշխատանքն ավարտելն էր, այն սպասավորությունն իրագործելը, որն Աստված Իր առաջին մարմնացման ժամանակ պետք է կատարեր։ Մարմնացման նշանակությունն այն է, որ սովորական, բնականոն մարդը կատարում է Իր՝ Աստծու գործը, այսինքն՝ Աստված Իր աստվածային գործը կատարում է մարդկայնության մեջ և դրանով իսկ պարտության է մատնում Սատանային։ Մարմնացում նշանակում է, որ Աստծու Հոգին դառնում է մսեղի, այսինքն՝ Աստված դառնում է մսեղի․ այն գործը, որը մսեղին անում է, Հոգու գործն է, որն իրականանում է մսեղիում, արտահայտվում մսեղիի կողմից։ Ոչ ոք, բացի Աստծու մսեղիից, չի կարող իրագործել մարմնացած Աստծու սպասավորությունը, այսինքն՝ միայն Աստծու մարմնացած մսեղին՝ այս բնականոն մարդը, կարող է արտահայտել աստվածային գործը։ Ոչ մի մարդ չի կարող զբաղեցնել Նրա տեղն այս հարցում։ Եթե Իր առաջին գալստյան ժամանակ՝ մինչև քսանինը տարեկանը, Աստված չունենար բնականոն մարդկայնություն, եթե ծնվելուն պես Նա կարողանար նշաններ ցույց տալ ու հրաշքներ գործել, եթե խոսել սովորելուն պես կարողանար խոսել երկնքի լեզվով, եթե ծննդյան պահից կարողանար ըմբռնել բոլոր աշխարհիկ հարցերը, տեսնել յուրաքանչյուր մարդու մտքերը և այն, ինչ թաքնված է նրանց սրտում, ապա նման անձը չէր կարող կոչվել բնականոն մարդ արարած, և նման մսեղին չէր կարող կոչվել մարդկային մսեղի։ Եթե Քրիստոսի պարագայում այդպես լիներ, ապա Աստծու մարմնացման իմաստն ու էությունը կկորչեին։ Այն, որ Նա ունի բնականոն մարդկայնություն, ապացուցում է, որ Նա մսեղիում մարմնացած Աստված է։ Փաստը, որ Նա անցնում է մարդկային աճի բնականոն գործընթացով, առավել ևս ցույց է տալիս, որ Նա բնականոն մսեղի է։ Ավելին՝ եթե սրան գումարում ենք Նրա գործը, այս ամենը բավարար է՝ ապացուցելու, որ Նա Աստծու Խոսքն է, Աստծու Հոգին՝ մսեղի դարձած։ Աստված մսեղի է դառնում Իր գործի կարիքներից ելնելով․ այլ կերպ ասած՝ աշխատանքի այս փուլը պետք է արվի մսեղիում, ինչը նշանակում է, որ այն պետք է կատարվի բնականոն մարդկայնության մեջ։ Սա է «Ճանապարհի՝ մսեղի դառնալու», «Խոսքի՝ մսեղիում հայտնվելու» նախապայմանը, և սա է Աստծու երկու մարմնացումների իրական պատմությունը։ Մարդիկ գուցե հավատան, որ Հիսուսն Իր ողջ կյանքի ընթացքում նշաններ է կատարել, և որ ընդհուպ մինչև երկրի վրա Իր գործի ավարտը Նա բնականոն մարդկայնության որևէ նշան ցույց չի տվել, չի ունեցել բնականոն մարդկային կարիքներ, թուլություններ կամ մարդկային զգացմունքներ, կենսական առաջնային պահանջներ չի ունեցելև բնականոն մարդկային մտքեր չի տածել։ Նրանք պատկերացնում են, որ Նա ունի միայն գերմարդկային միտք, անդրանցական մարդկայնություն։ Նրանք կարծում են՝ քանի որ Նա Աստված է, չպետք է մտածի և ապրի բնականոն մարդկանց պես, որ միայն բնականոն մարդը, իսկական մարդ արարածը կարող է ունենալ բնականոն մարդկային մտքեր և ապրել բնականոն մարդկային կյանքով։ Այս ամենը մարդկային գաղափարներ և պատկերացումներ են, և այս պատկերացումները հակասում են Աստծու գործի սկզբնական մտադրություններին։ Բնականոն մարդկային մտածողությունը բնականոն մարդկային ողջամտության և բնականոն մարդկայնության նեցուկն է։ Միայն բնականոն մարդկայնությունը կարող է նեցուկ լինել մսեղիի բնականոն գործառույթներին, և միայն մսեղիի բնականոն գործառույթները կարող են ապահովել, որ մսեղիի կյանքի բոլոր մասերը բնականոն լինեն։ Միայն նման մսեղիում գործելով Աստված կարող է իրականացնել Իր մարմնացման նպատակը։ Եթե մարմնացյալ Աստված ունենար միայն մսեղիի արտաքին պատյան, բայց զուրկ լիներ բնականոն մարդկային մտքերից, ապա այս մսեղին չէր ունենա մարդկային ողջամտություն, առավել ևս՝ իսկական մարդկայնություն։ Ինչպե՞ս կարող էր նման մսեղին՝ առանց մարդկայնության, իրագործել այն սպասավորությունը, որը մարմնացած Աստված պետք է կատարեր։ Բնականոն միտքը պահպանում է մարդկային կյանքի բոլոր կողմերը․ առանց բնականոն մտքի՝ անհատը մարդ չէր լինի։ Այլ կերպ ասած՝ մարդը, որը չունի բնականոն մտքեր, հոգեկան հիվանդ է, և Քրիստոսը, որը չունի մարդկայնություն, այլ միայն աստվածայնություն, չի կարող համարվել Աստծու մարմնացած մսեղի։ Այսպիսով, ինչպե՞ս կարող էր Աստծու մարմնացած մսեղին չունենալ բնականոն մարդկայնություն։ Մի՞թե աստվածանարգություն չէ ասելը, որ Քրիստոսը մարդկայնություն չունի։ Բոլոր գործունեությունները, որոնցում ներգրավվում են բնականոն մարդիկ, հիմնվում են բնականոն մարդկային մտքի գործելու վրա։ Առանց դրա՝ մարդիկ դեմ կգնային բնական կարգին․ նրանք նույնիսկ ի վիճակի չէին լինի տարբերելու սևն ու սպիտակը, բարին ու չարը, ինչպես նաև չէին ունենա մարդկային էթիկա ու բարոյական սկզբունքներ։ Նմանապես, եթե մարմնացած Աստված չմտածեր բնականոն մարդու պես, ապա Նա չէր լինի իսկական մսեղի, բնականոն մսեղի։ Նման չմտածող մսեղին բացարձակապես ի վիճակի չէր լինի իր ուսերին կրելու աստվածային գործը։ Նա ի վիճակի չէր լինի բնականոն կերպով ներգրավվելու բնականոն մսեղիի գործունեությունների մեջ, առավել ևս՝ մարդկանց հետ միասին ապրել երկրի վրա։ Եվ այսպես, Աստծու մարմնացման նշանակությունը և Աստծու՝ մսեղիով գալու բուն էությունը կկորչեին։ Մարմնացած Աստծու մարդկայնությունը գոյություն ունի՝ մսեղիում բնականոն աստվածային գործը պահպանելու համար։ Նրա բնականոն մարդկային մտածողությունը Նրա բնականոն մարդկայնության նեցուկն է և աջակցում է Նրա բոլոր բնականոն մարմնական գործունեություններին։ Կարելի է ասել, որ Նրա բնականոն մարդկային մտածողությունը գոյություն ունի՝ մսեղիում Աստծու ողջ գործը պահպանելու համար։ Եթե այս մսեղին չունենար բնականոն մարդկային միտք, ապա Աստված չէր կարող գործել մսեղիում, և այն, ինչ Նա կարիք ունի անելու մսեղիում, երբեք չէր իրագործվի։ Թեև մարմնացած Աստված ունի բնականոն մարդկային միտք, մարդկային միտքը չի խառնել Նրա գործը։ Նա ստանձնում է գործը բնականոն միտք ունեցող մարդկայնության մեջ՝ միտք ունեցող մարդկայնություն ունենալու նախապայմանով, ոչ թե բնականոն մարդկային մտքի գործադրմամբ։ Անկախ նրանից, թե որքան վեհ են Նրա մսեղիի մտքերը, Նրա գործը փչացած չէ տրամաբանությամբ կամ մտածողությամբ։ Այլ կերպ ասած՝ Նրա գործը չի հղացվում Նրա մսեղիի մտքով, այլ Նրա մարդկայնության մեջ աստվածային գործի ուղղակի արտահայտությունն է։ Նրա ողջ գործն այն սպասավորությունն է, որը Նա պետք է իրագործի, և դրանից ոչինչ չի հղացվում Նրա ուղեղով։ Օրինակ՝ հիվանդներին բժշկելը, դևերին հանելը և խաչելությունը Նրա մարդկային մտքի արգասիքները չէին և չէին կարող իրագործվել մարդկային միտք ունեցող որևէ մարդու կողմից։ Նմանապես, այսօրվա նվաճման գործը սպասավորություն է, որը պետք է կատարվի մարմնացած Աստծու կողմից, բայց դա անձի կամքը չէ, դա այն գործն է, որը Նրա աստվածայնությունը պետք է անի, գործ, որին մսից ու արյունից ոչ մի մարդ արարած ունակ չէ։ Ուստի, մարմնացած Աստված պետք է ունենա բնականոն մարդկային միտք, բնականոն մարդկայնություն, որովհետև Նա պետք է կատարի Իր գործը բնականոն միտք ունեցող մարդկության մեջ։ Սա է մարմնացած Աստծու գործի էությունը, մարմնացած Աստծու բուն էությունը։

Նախքան գործը կատարելը՝ Հիսուսը պարզապես ապրում էր Իր բնականոն մարդկայնության մեջ։ Ոչ ոք չէր կարող ասել, որ Նա Աստված է, ոչ ոք չհայտնաբերեց, որ Նա մարմնացած Աստվածն է․ մարդիկ պարզապես ճանաչում էին Նրան որպես ծայրաստիճան սովորական մի մարդու։ Նրա բնականոն մարդկայնությունը, որն այնքան սովորական էր, որքան հնարավոր էր, ապացույց էր, որ Աստված մարմնացել է մսեղիում, և որ Շնորհքի դարաշրջանը մարմնացած Աստծու գործի դարաշրջանն էր, ոչ թե Հոգու գործի դարաշրջանը։ Դա ապացույց էր, որ Աստծու Հոգին ամբողջովին իրականացել է մսեղիում, որ Աստծու մարմնացման դարաշրջանում Նրա մսեղին կատարելու էր Հոգու ողջ գործը։ Բնականոն մարդկայնությամբ Քրիստոսն այն մսեղին է, որում իրականանում է Հոգին, և օժտված է բնականոն մարդկայնությամբ, բնականոն ողջամտությամբ ու մարդկային մտքով։ «Իրականանալ» նշանակում է Աստծու՝ մարդ դառնալը, Հոգու՝ մսեղի դառնալը. ավելի պարզ ասած՝ դա այն է, երբ Աստված Ինքը բնակվում է բնականոն մարդկայնությամբ մսեղիի մեջ և դրա միջոցով արտահայտում Իր աստվածային գործը. սա է նշանակում իրականանալ կամ մարմնանալ։ Իր առաջին մարմնացման ժամանակ Աստծուն անհրաժեշտ էր բժշկել հիվանդներին և դևերին հանել, որովհետև Նրա գործը փրկագնելն էր։ Ողջ մարդկային ցեղը փրկագնելու համար Նա պետք է լիներ ողորմած և համբերատար։ Այն գործը, որը Նա արեց նախքան խաչվելը, հիվանդներին բժշկելն ու դևերին հանելն էր, ինչը կանխանշեց Նրա՝ մարդուն փրկելը մեղքից և կեղտից։ Քանի որ դա Շնորհքի դարաշրջանն էր, Նրան անհրաժեշտ էր բժշկել հիվանդներին՝ դրանով իսկ ցույց տալով նշաններ և հրաշքներ, որոնք ներկայացնում էին շնորհքն այդ դարաշրջանում, քանզի Շնորհքի դարաշրջանը կենտրոնացած էր շնորհք պարգևելու շուրջը. խաղաղությունը, ուրախությունը և նյութական օրհնությունները Շնորհքի դարաշրջանի և այն ժամանակ Հիսուսի հանդեպ մարդկանց հավատի նշաններն էին։ Այսինքն՝ հիվանդներին բժշկելը, դևերին հանելը և շնորհք պարգևելը Հիսուսի մսեղիի բնազդային կարողություններն էին Շնորհքի դարաշրջանում, դրանք այն գործն էին, որ Հոգին իրականացրեց մսեղիում։ Բայց մինչ Նա կատարում էր նման գործ, ապրում էր մսեղիում և չէր գերազանցում մսեղին։ Անկախ նրանից, թե բժշկելու ինչ գործողություններ էր կատարում, Նա շարունակում էր ունենալ բնականոն մարդկայնություն, շարունակում էր ապրել բնականոն մարդկային կյանքով։ Պատճառը, որ Ես ասում եմ, թե Աստծու մարմնացման դարաշրջանում մսեղին կատարեց Հոգու ողջ գործը, այն է, որ անկախ նրանից՝ ինչ գործ էր անում, Նա դա անում էր մսեղիում։ Բայց Նրա գործի պատճառով մարդիկ չէին համարում, որ Նրա մսեղին ունի ամբողջովին մարմնական էություն, քանզի այս մսեղին կարող էր նշաններ գործել և որոշակի հատուկ պահերի անել բաներ, որոնք գերազանցում էին մսեղին։ Իհարկե, այս բոլոր իրադարձությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Նա սկսեց Իր սպասավորությունը, ինչպես, օրինակ՝ քառասուն օր փորձվելը կամ լեռան վրա պայծառակերպվելը։ Այսպիսով՝ Հիսուսի պարագայում Աստծու մարմնացման նշանակությունն ավարտուն չդարձավ, այլ միայն մասամբ իրագործվեց։ Այն կյանքը, որ Նա ապրեց մսեղիում՝ նախքան Իր գործն սկսելը, միանգամայն բնականոն էր բոլոր առումներով։ Գործն սկսելուց հետո Նա պահպանեց Իր մսեղիի միայն արտաքին պատյանը։ Քանի որ Նրա գործն աստվածայնության արտահայտություն էր, այն գերազանցում էր մսեղիի բնականոն գործառույթները։ Ի վերջո Աստծու մարմնացած մսեղին տարբերվում էր մսից ու արյունից մարդ արարածներից։ Իհարկե, Իր առօրյա կյանքում Նա պահանջում էր սնունդ, հագուստ, քուն և կացարան։ Նրա առօրեական անհրաժեշտությունները բնականոն էին բոլոր առումներով, և Նա ուներ բնականոն մարդ արարածի ողջամտություն ումտածում էր բնականոն մարդ արարածի պես։ Մարդիկ, միևնույն է, Նրան համարում էին բնականոն մարդ՝ հաշվի չառնելով այն, որ Նրա կատարած գործը խորապես գերբնական էր։ Իրականում, անկախ նրանից, թե ինչ էր անում, Նա ապրում էր սովորական և բնականոն մարդկայնության մեջ ու որքան ավելի շատ ժամանակ էր գործ կատարում, այնքան ավելի բնականոն էր Նրա ողջամտությունը, և այնքան ավելի պարզ էին Նրա մտքերը. Նրա ողջամտությունն ու մտքերը գերազանցում էին ցանկացած բնականոն մարդու ողջամտությունն ու մտքերը։ Մարմնացյալ Աստծուն անհրաժեշտ էր ունենալ ճիշտ այս տեսակ մտածողություն և ողջամտություն, քանզի աստվածային գործը պետք է արտահայտվեր մի մսեղիով, որի ողջամտությունն այնքան բնականոն էր, որքան հնարավոր էր, և որի մտքերը ծայրաստիճան պարզ էին. միայն այս կերպ Նրա մսեղին կարող էր արտահայտել աստվածային գործը։ Հիսուսը երկրի վրա ապրեց երեսուներեք ու կես տարի, որի ողջ ընթացքում Նա պահպանեց Իր բնականոն մարդկայնությունը, բայց Իր երեք ու կես տարվա սպասավորության ընթացքում Իր գործի պատճառով մարդիկ կարծում էին, որ Նա շատ անդրանցական է, որ Նա շատ ավելի գերբնական է, քան նախկինում։ Իրականում Հիսուսի բնականոն մարդկայնությունն անփոփոխ մնաց՝ նախքան Իր սպասավորությունն սկսելը և դրանից հետո. Նրա մարդկայնությունը նույնն էր ողջ ընթացքում, բայց Իր սպասավորությունն սկսելուց առաջ և հետո եղած տարբերության պատճառով Նրա մսեղիի վերաբերյալ երկու տարբեր տեսակետ ի հայտ եկավ։ Անկախ նրանից, թե ինչ էին մտածում մարդիկ, մարմնացած Աստված ողջ ընթացքում պահպանեց Իր սկզբնական, բնականոն մարդկայնությունը, քանզի Աստծու մարմնացման պատճառով էր, որ Նա ապրում էր մսեղիում, այն մսեղիում, որն ուներ բնականոն մարդկայնություն։ Անկախ նրանից՝ Նա կատարում էր Իր սպասավորությունը, թե ոչ, Նրա մսեղիի բնականոն մարդկայնությունը չէր կարող ջնջվել, քանզի մարդկայնությունը մսեղիի բուն էությունն է։ Նախքան Իր սպասավորությունը կատարելը՝ Հիսուսի մսեղին ամբողջովին բնականոն էր՝ ներգրավվելով մարդկային բոլոր սովորական գործունեություններում. Նա ամենևին գերբնական չէր երևում, ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Այն ժամանակ Նա պարզապես շատ հասարակ մի մարդ էր, որը պաշտում էր Աստծուն, թեև Նրա ձգտումն ավելի ազնիվ էր, ավելի անկեղծ, քան որևէ մեկինը։ Այսպես էր դրսևորվում Նրա մարդկայնությունը, որն այնքան բնականոն էր, որքան հնարավոր էր։ Քանի որ Նա ընդհանրապես ոչ մի գործ չէր անում՝ նախքան Իր սպասավորությունը ստանձնելը, ոչ ոք տեղյակ չէր Նրա ինքնությանը, ոչ ոք չէր կարող ասել, որ Նրա մսեղին տարբերվում է մյուս բոլորից, քանզի Նա նույնիսկ մեկ նշան ցույց չտվեց, Աստծու սեփական գործից մի փոքր մաս անգամ չկատարեց։ Սակայն Իր սպասավորությունը կատարելն սկսելուց հետո Նա պահպանեց բնականոն մարդկայնության արտաքին պատյանը և շարունակում էր ապրել բնականոն մարդկային ողջամտությամբ, բայց քանի որ սկսել էր կատարել Իր՝ Աստծու գործը, հանձն առնել Քրիստոսի սպասավորությունը և անել գործ, որին մահկանացու էակները, մսից ու արյունից մարդ արարածներն ունակ չէին, մարդիկ ենթադրեցին, որ Նա չունի բնականոն մարդկայնություն և ամբողջովին բնականոն մսեղի չէ, այլ անկատար մսեղի է։ Նրա կատարած գործի պատճառով մարդիկ ասում էին, որ Նա Աստված է մսեղիում, որը չունի բնականոն մարդկայնություն։ Նման հասկացողությունը թյուր է, քանզի մարդիկ չէին ընկալել Աստծու մարմնացման նշանակությունը։ Այս թյուր հասկացողությունն առաջացավ այն փաստից, որ մսեղիում Աստծու կողմից արտահայտված գործն աստվածային գործ էր՝ արտահայտված մի մսեղիում, որն ուներ բնականոն մարդկայնություն։ Աստված զգեստավորված էր մսեղիով, Նա բնակվում էր մսեղիի մեջ, և Նրա գործը Նրա մարդկայնության մեջ խրթին դարձրեց Նրա մարդկայնության բնականոնությունը։ Այս պատճառով մարդիկ կարծում էին, որ Աստված չունի մարդկայնություն, այլ միայն աստվածայնություն ունի։

Աստված Իր առաջին մարմնացման ժամանակ չավարտեց մարմնացման գործը. Նա միայն ավարտեց այն գործի առաջին քայլը, որն Աստված մսեղիում պետք է կատարեր։ Այսպիսով՝ մարմնացման գործն ավարտելու համար Աստված կրկին վերադարձել է մսեղի՝ կյանքով արտահայտելով մսեղիի ողջ բնականոնությունն ու գործնականությունը, այսինքն՝ այնպես անելով, որ Աստծու Ճանապարհը դրսևորվի մսեղիում, որն այնքան բնականոն և սովորական է, որքան հնարավոր է՝ դրանով իսկ եզրափակելով այն գործը, որը Նա դեռ պետք է ավարտի մսեղիում։ Երկրորդ մարմնացած մսեղին ունի նույն էությունը, ինչ առաջինը, բայց Նա է՛լ ավելի գործնական է, է՛լ ավելի բնականոն, քան առաջինը։ Որպես հետևանք՝ այն տառապանքը, որը կրում է երկրորդ մարմնացած մսեղին, ավելի մեծ է, քան առաջինինը, բայց այս տառապանքը մսեղիում Նրա սպասավորության արդյունքն է, ինչը նման չէ ապականված մարդու տառապանքին։ Այն նաև բխում է Նրա մսեղիի բնականոնությունից և գործնականությունից։ Քանի որ Նա Իր սպասավորությունը կատարում է մի մսեղիում, որն ունի առավելագույն բնականոնություն և գործնականություն, մսեղին պետք է մեծ տառապանք կրի։ Որքան ավելի բնականոն և գործնական է այս մսեղին, այնքան ավելի շատ Նա կտառապի Իր սպասավորությունը կատարելիս։ Աստծու գործն արտահայտվում է շատ հասարակ մսեղիում՝ առանց բացարձակապես որևէ գերբնականության։ Քանի որ Նրա մսեղին բնականոն է և պետք է նաև Իր ուսերին կրի մարդուն փրկելու գործը, Նա տառապում է է՛լ ավելի մեծ չափով, քան կտառապեր գերբնական մսեղին, և այս ողջ տառապանքը բխում է Նրա մսեղիի գործնականությունից ու բնականոնությունից։ Մարմնացած մսեղիի էությունը կարելի է տեսնել այն տառապանքից, որը կրել են երկու մարմնացած մսեղիներն Իրենց սպասավորությունները կատարելիս։ Որքան ավելի բնականոն է մսեղին, այնքան ավելի մեծ է տառապանքը, որը Նա պետք է կրի գործը ստանձնելիս. որքան ավելի գործնական է գործը ստանձնող մսեղին, այնքան ավելի ուժեղ են դառնում մարդկանց պատկերացումները, և այնքան ավելի մեծ է ռիսկը, որին Նա դիմում է։ Եվ այնուամենայնիվ, որքան ավելի գործնական է մսեղին, ու որքան ավելի շատ է մսեղին ունենում բնականոն մարդ արարածի կարիքներն ու լիարժեք ողջամտությունը, այնքան ավելի ունակ է Նա Իր ուսերին կրելու Աստծու գործը մսեղիում։ Հիսուսը գամվեց խաչին մսեղիի միջոցով, և Նա ծառայեց որպես մեղքի զոհ մսեղիի միջոցով, այսինքն՝ բնականոն մարդկայնությամբ մսեղիի միջոցով էր, որ Նա պարտության մատնեց Սատանային և ամբողջովին փրկեց մարդուն խաչից։ Լիարժեք մսեղիի միջոցով է, որ երկրորդ մարմնացած Աստված կատարում է նվաճման գործը և պարտության մատնում Սատանային։ Միայն այն մսեղին, որն ամբողջովին բնականոն է և գործնական, կարող է կատարել նվաճման գործն իր լիակատար իմաստով և զորեղ վկայություն կրել։ Այսինքն՝ մարդու նվաճումն իր արդյունքին հասնում է մսեղիում Աստծու գործնականության և բնականոնության միջոցով, ոչ թե գերբնական հրաշքների և հայտնությունների։ Այս մարմնացած Աստծու կողմից կատարվող սպասավորությունը խոսելն է, և խոսելու միջոցով է, որ Նա նվաճում ու կատարելագործում է մարդուն. այլ կերպ ասած՝ Հոգու՝ մսեղիում իրականացած գործը խոսելն է, և մսեղիի աշխատանքը խոսելն է՝ դրանով իսկ հասնելով մարդկանց ամբողջովին նվաճելու, բացահայտելու, կատարելագործելու և դուրս թողնելու նպատակին։ Եվ այսպես, նվաճման գործի մեջ է, որ Աստծու գործը մսեղիում լիովին կիրագործվի։ Մարդու՝ առաջին անգամ կատարված մեղքերը քավելու գործը մարմնացման գործի միայն սկիզբն էր. միայն այն մսեղին, որը կատարում է նվաճման գործը, ավարտում է մարմնացման ողջ գործը։ Սեռով մեկն արական է, իսկ մյուսը՝ իգական՝ այսպիսով ամբողջացնելով Աստծու մարմնացման նշանակությունը և փարատելով Աստծու մասին մարդու պատկերացումները. Աստված կարող է դառնալ և՛ արական, և՛ իգական, ու, ըստ էության, մարմնացած Աստված անսեռ է։ Նա ստեղծեց և՛ տղամարդուն, և՛ կնոջը, ու Նրա համար սեռերի բաժանում չկա։ Գործի այս փուլում Աստված նշաններ և հրաշքներ չի գործում, որպեսզի գործն իր արդյունքներին հասնի խոսքերի միջոցով։ Ավելին, դրա պատճառն այն է, որ մարմնացած Աստծու գործն այս անգամ հիվանդներին բժշկելը և դևերին հանելը չէ, այլ խոսելով մարդուն նվաճելը, ինչը նշանակում է, որ Աստծու այս մարմնացած մսեղիի ունեցած բնազդային կարողությունները խոսքեր ասելն ու մարդուն նվաճելն են, ոչ թե հիվանդներին բժշկելն ու դևերին հանելը։ Նրա գործը բնականոն մարդկայնության մեջ ոչ թե նշաններ գործելն է, հիվանդներին բժշկելն ու դևերին հանելը, այլ խոսելը, ուստի և երկրորդ մարմնացած մսեղին մարդկանց շատ ավելի բնականոն է թվում, քան առաջինը։ Մարդկանց տեսանկյունից Աստված իսկապես մսեղի է դարձել։ Սակայն այս մարմնացած Աստված տարբերվում է մարմնացած Հիսուսից, և թեև Նրանք երկուսն էլ մարմնացած Աստված են, ամբողջովին նույնը չեն։ Հիսուսն ուներ բնականոն մարդկայնություն, սովորական մարդկայնություն, բայց Նրան ուղեկցում էին բազում նշաններ և հրաշքներ։ Այս մարմնացած Աստծու մեջ մարդկային աչքերը ոչ մի նշան կամ հրաշք չեն տեսնի՝ ո՛չ հիվանդներին բժշկել, ո՛չ դևերին հանել, ո՛չ ծովի վրայով քայլել, ո՛չ քառասուն օր ծոմ պահել… Նա չի անում նույն գործը, ինչ արեց Հիսուսը, ոչ թե այն պատճառով, որ, ըստ էության, Նրա մսեղին որևէ կերպ տարբերվում է Հիսուսի մսեղիից, այլ որովհետև հիվանդներին բժշկելը և դևերին հանելը Նրա սպասավորությունը չէ։ Նա չի տապալում Իր սեփական գործը, չի անհանգստացնում Իր իսկ գործը։ Քանի որ Նա նվաճում է մարդուն Իր գործնական խոսքերի միջոցով, նրան նշաններով հնազանդեցնելու կարիք չկա, և ուստի այս փուլը մարմնացման գործն ավարտելու համար է։ Մարմնացած Աստված, որին դու այսօր տեսնում ես, ամբողջովին մսեղի է, և Նրա մեջ ոչ մի գերբնական բան չկա։ Նա հիվանդանում է, ինչպես ուրիշներն են հիվանդանում, սննդի և հագուստի կարիք ունի ճիշտ այնպես, ինչպես ուրիշները. Նա ամբողջովին մսեղի է։ Եթե այս անգամ մարմնացած Աստված գերբնական նշաններ և հրաշքներ գործեր, եթե Նա բժշկեր հիվանդներին, հաներ դևերին կամ կարողանար մեկ խոսքով սպանել, ինչպե՞ս կարող էր իրականացվել նվաճման գործը։ Ինչպե՞ս կարող էր գործը տարածվել հեթանոս ազգերի մեջ։ Հիվանդներին բժշկելը և դևերին հանելը Շնորհքի դարաշրջանի գործն էր, դա փրկագնման գործի առաջին քայլն էր, և հիմա, երբ Աստված փրկել է մարդուն խաչից, Նա այլևս չի կատարում այդ գործը։ Եթե վերջին օրերին հայտնվեր Հիսուսի պես մի «Աստված», որը կբժշկեր հիվանդներին, կհաներ դևերին և կխաչվեր մարդու համար, այդ «Աստվածը», թեև կլիներ նույնական Աստվածաշնչում Աստծու նկարագրությանը և մարդու համար հեշտ ընդունելի, իր էությամբ չէր լինի այն մսեղին, որը կրում է Աստծու Հոգին, այլ այն, որը կրում է չար ոգին։ Քանզի Աստծու գործի սկզբունքն է երբեք չկրկնել այն, ինչը Նա արդեն ավարտել է։ Եվ այսպես, Աստծու երկրորդ մարմնացման գործը տարբերվում է առաջինի գործից։ Վերջին օրերին Աստված իրականացնում է նվաճման գործը սովորական, բնականոն մսեղիում. Նա չի բժշկում հիվանդներին, չի խաչվի մարդու համար, այլ պարզապես խոսքեր է ասում մսեղիում և նվաճում է մարդուն մսեղիում։ Միայն նման մսեղին է Աստծու մարմնացած մսեղին. միայն նման մսեղին կարող է ավարտել Աստծու գործը մսեղիում։

Անկախ նրանից՝ այս փուլում մարմնացած Աստված տառապանք է կրում, թե կատարում է Իր սպասավորությունը, Նա դա անում է մարմնացման իմաստն ավարտուն դարձնելու համար, քանզի սա Աստծու վերջին մարմնացումն է։ Աստված կարող է մարմնանալ միայն երկու անգամ։ Երրորդ անգամ չի կարող լինել։ Առաջին մարմնացած Աստվածն արական սեռի էր, երկրորդը՝ իգական, և այսպիսով՝ Աստծու մսեղիի պատկերն ամբողջանում է մարդու մտքում. ավելին, երկու մարմնացումներն արդեն ավարտել են Աստծու գործը մսեղիում։ Առաջին անգամ մարմնացած Աստված ուներ բնականոն մարդկայնություն՝ մարմնացման իմաստն ավարտելու համար։ Այս անգամ Նա նույնպես ունի բնականոն մարդկայնություն, բայց այս մարմնացման իմաստն այլ է. այն ավելի խորն է, և Նրա գործն ավելի խորիմաստ նշանակություն ունի։ Պատճառը, որ Աստված ևս մեկ անգամ մսեղի է դարձել, մարմնացման իմաստն ավարտելն է։ Երբ Աստված ամբողջովին ավարտած լինի Իր գործի այս փուլը, մարմնացման ողջ իմաստը, այսինքն՝ Աստծու գործը մսեղիում, կավարտվի, և այլևս անելու գործ չի լինի մսեղիում։ Սա նշանակում է, որ այսուհետ Աստված այլևս երբեք մսեղիով չի գա Իր գործն անելու համար։ Միայն մարդկությանը փրկելու և կատարելագործելու համար է Աստված կատարում մարմնացման գործը։ Այլ կերպ ասած՝ եթե հանուն գործի չլիներ, Աստված բացարձակապես հեշտությամբ չէր գա մսեղիով։ Մսեղիով գալով, որ գործի՝ Նա ցույց է տալիս Սատանային, որ Աստված մսեղի է, բնականոն մարդ, սովորական մարդ, և այնուամենայնիվ, Նա կարո՛ղ է հաղթել աշխարհին, հաղթել Սատանային, փրկագնել մարդկությանը և նվաճել մարդկությանը։ Սատանայի գործի նպատակը մարդկությանն ապականելն է, մինչդեռ Աստծու նպատակը մարդկությանը փրկելն է։ Սատանան մարդուն թակարդում է անհատակ անդունդի մեջ, մինչդեռ Աստված փրկում է նրան դրանից։ Սատանան ստիպում է բոլոր մարդկանց պաշտել իրեն, մինչդեռ Աստված դարձնում է նրանց Իր տիրակալության հպատակ, քանզի Նա Արարիչն է։ Աստծու երկու մարմնացման միջոցով է, որ ձեռք են բերվում այս ողջ գործի արդյունքները։ Ըստ էության՝ Նրա մսեղին մարդկայնության և աստվածայնության միությունն է և օժտված է բնականոն մարդկայնությամբ։ Այսպիսով՝ առանց Աստծու մարմնացած մսեղիի՝ Աստծու՝ մարդկությանը փրկելու գործը չէր կարող արդյունքների հասնել, և առանց Նրա մսեղիի բնականոն մարդկայնության՝ Նրա գործը մսեղիում դեռևս չէր կարող հասնել այս արդյունքներին։ Մարմնացած Աստծու էությունն այն է, որ Նա պետք է ունենա բնականոն մարդկայնություն. եթե այլ կերպ լիներ, դա դեմ կգնար Աստծու՝ մարմնանալու սկզբնական մտադրությանը։

Ինչո՞ւ եմ ասում, որ մարմնավորման իմաստը Հիսուսի աշխատանքի մեջ չամբողջացավ։ Որովհետև Ճանապարհն ամբողջությամբ մսեղի չդարձավ։ Այն, ինչ Հիսուսը կատարեց, Աստծու մարմնավոր աշխատանքի միայն մի մասն էր. Նա կատարեց միայն փրկագնման գործը և չկատարեց մարդու լիոակատար ձեռքբերման գործը։ Այդ պատճառով վերջին օրերին Աստված կրկին մարմնացել է։ Աշխատանքի այս փուլը նույնպես կատարվում է սովորական մարմնի մեջ. այն իրականացվում է բացարձակապես սովորական մարդու կողմից, որի մարդկայնությունն ամենևին էլ գերբնական չէ։ Այլ կերպ ասած՝ Աստված դարձել է լիարժեք մարդ. Նա մի անձ է, որի ինքնությունն Աստծունն է՝ լիարժեք մարդ, լիարժեք մարմին, ով կատարում է այդ աշխատանքը։ Մարդու աչքերը տեսնում են մի մսեղեն մարմին, որն ընդհանրապես գերբնական չէ՝ շատ սովորական մարդ, ով կարող է խոսել երկնքի լեզվով, չի ցուցադրում նշաններ, հրաշքներ չի գործում և առավել ևս մեծ ժողովասրահներում չի բացահայտում կրոնի իրական պատմությունը։ Մարդկանց համար երկրորդ մարմնացման աշխատանքն ամբողջովին տարբեր է թվում առաջինից, և թվում է՝ դրանք նույնիսկ որևէ ընդհանուր բան չունեն․ այս անգամ առաջինի աշխատանքից ոչինչ չի երևում։ Սակայն այն, որ երկրորդ մարմնացյալ մսեղիի գործը տարբերվում է առաջինից, չի ապացուցում, թե Նրանց աղբյուրը նույնը չէ։ Թե արդյոք Նրանց աղբյուրը նույնն է, կախված է ոչ թե մարմինների արտաքին տեսքից, այլ այն աշխատանքի բնույթից, որը Նրանք կատարում են։ Իր աշխատանքի երեք փուլի ընթացքում Աստված երկու անգամ է մարմնացել, և երկու անգամ էլ մարմնացյալ Աստծու աշխատանքը նոր դարաշրջան է բացել, նոր աշխատանք սկսել։ Այս մարմնացումները լրացնում են միմյանց։ Անհնար է, որ մարդու աչքը տեսնի, որ այս երկու մարմինն իրականում ծագում է միևնույն աղբյուրից։ Իհարկե, դա վեր է մարդու աչքի կամ մարդու մտքի կարողությունից։ Սակայն Իրենց էությամբ Նրանք նույնն են, որովհետև Նրանց աշխատանքը ծագում է նույն Հոգուց։ Թե արդյոք երկու մարմնացյալ մսեղին բխում է նույն աղբյուրից, չի կարելի դատել՝ ըստ այն ժամանակաշրջանի կամ վայրի, որտեղ Նրանք ծնվել են, կամ ըստ նման այլ գործոնների, այլ ըստ Նրանց միջոցով արտահայտված աստվածային գործի։ Երկրորդ մարմնացյալ մսեղին չի կատարում այն աշխատանքը, որը կատարել է Հիսուսը, որովհետև Աստծու աշխատանքը չի կառչում սովորույթներից, այլ ամեն անգամ բացում է նոր ճանապարհ։ Երկրորդ մարմնացյալ մսեղիի նպատակը մարդկանց մտքում առաջին մարմնի մասին տպավորությունը խորացնելը կամ ամրապնդելը չէ, այլ այն լրացնելն ու նրանց մտքում առաջին մսեղիի պատկերը բարելավելը, մարդու գիտելիքն Աստծու մասին խորացնելը, մարդկանց սրտերում գոյություն ունեցող բոլոր կարգավորումները խախտելը և նրանց սրտերից աստծու մասին բոլոր սխալ պատկերացումները ջնջելը։ Կարելի է ասել, որ Աստծու սեփական աշխատանքի ոչ մի առանձին փուլ չի կարող մարդուն տալ Նրա ամբողջական ճանաչումը. յուրաքանչյուրը տալիս է միայն մի մասը, ոչ թե ամբողջը։ Թեև Աստված լիովին արտահայտել է Իր խառնվածքը, մարդու սահմանափակ ըմբռնման կարողության պատճառով նրա գիտելիքն Աստծու մասին դեռևս անկատար է։ Մարդկային լեզվով անհնար է լիովին բացատրել Աստծու խառնվածքի ամբողջությունը։ Այդ դեպքում առավել ևս ինչպե՞ս կարող էր Նրա գործի մեկ փուլը լիովին արտահայտել Աստծուն։ Նա աշխատում է մարմնի մեջ՝ Իր բնականոն մարդկայնության քողի ներքո, և մարդը կարող է Նրան ճանաչել միայն Նրա աստվածայնության արտահայտությունների միջոցով, ոչ թե Նրա մարմնական պատյանով։ Աստված մսեղիով է գալիս, որպեսզի մարդը Նրան ճանաչի Իր տարբեր աշխատանքների միջոցով, և Նրա աշխատանքի երկու փուլ երբեք նույնը չի լինում։ Միայն այդ կերպ մարդը կարող է ամբողջական գիտելիք ունենալ Աստծու մարմնացյալ աշխատանքի մասին և այն չսահմանափակել որոշակի շրջանակով։ Թեև երկու մարմնացյալ մսեղիների աշխատանքները տարբեր են, մսեղիների էությունը և Նրանց աշխատանքի աղբյուրը նույնն են։ Պարզապես Նրանք գոյություն ունեն՝ աշխատանքի երկու տարբեր փուլ կատարելու համար և հայտնվում են երկու տարբեր ժամանակաշրջանում։ Անկախ ամեն ինչից՝ Աստծու մարմնացյալ մսեղիներն ունեն նույն էությունը և նույն ծագումը. սա մի բան է, որը ոչ ոք չի կարող ժխտել։

Նախորդը.  Ապականված մարդկությունը մարմնացած Աստծու փրկության առավել մեծ կարիքն ունի

Հաջորդը.  Աստծու գործը և մարդու կիրարկումը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger