Շատ լուրջ խնդիր՝ դավաճանություն (1)

Շատ շուտով Իմ գործը կավարտվի, և մեր միասին անցկացրած երկար տարիները դարձել են անտանելի հիշողություն։ Ես անդադար կրկնել եմ Իմ խոսքերը և մշտապես առաջ մղել Իմ նոր գործը։ Ամեն անգամ, երբ Ես գործ եմ անում, Իմ խրատը, անշուշտ, անհրաժեշտ բաղադրիչ է։ Առանց դրա՝ դուք բոլորդ կմոլորվեիք և, առավել ևս, ամբողջովին շփոթված վիճակում կհայտնվեիք։ Իմ գործն այժմ մոտենում է ավարտին և գտնվում է իր վերջին փուլում։ Ես դեռ ցանկանում եմ կատարել որոշ խրատական աշխատանք, այսինքն՝ խրատական խոսքեր ասել, որպեսզի դուք լսեք։ Ես միայն հուսով եմ՝ դուք ի վիճակի կլինեք թույլ չտալու, որ Իմ տառապանքներն իզուր անցնեն, և առավել ևս՝ որ կկարողանաք հասկանալ Իմ մանրակրկիտ մտադրությունները և Իմ խոսքերին վերաբերվել որպես ձեր անձնական վարքի հիմք։ Անկախ նրանից՝ դրանք այնպիսի խոսքեր են, որոնք պատրաստակամորեն եք լսում, թե ոչ, թե այնպիսի խոսքեր են, որոնք ուրախությամբ կամ դժկամությամբ եք ընդունում, դուք պետք է դրանց լրջորեն վերաբերվեք։ Հակառակ դեպքում ձեր անփույթ ու անտարբեր բնավորությունն ու պահվածքը խորապես կվշտացնեն Ինձ և, առավել ևս, մեծ նողկանք կառաջացնեն Իմ մեջ։ Ես մեծ հույսեր ունեմ, որ դուք բոլորդ կրկին ու կրկին՝ հազարավոր անգամներ, կարող եք կարդալ Իմ խոսքերը, նույնիսկ այնքան, որ դրանք դրոշմվեն ձեր սրտերում։ Միայն այսկերպ չեք ձախողի ձեր հանդեպ Իմ ունեցած ակնկալիքները։ Սակայն այժմ ձեզնից ոչ մեկն այսպես չի ապրում։ Ընդհակառակը, դուք բոլորդ ընկղմված եք զեխ կյանքի մեջ՝ մի կյանքի, որտեղ ուտում և խմում եք ձեր սրտի ուզածի չափ, և ձեզնից ոչ ոք չի օգտագործում Իմ խոսքերը՝ իր սիրտն ու հոգին հարստացնելու համար։ Այս պատճառով մարդկության ճշմարիտ դեմքի վերաբերյալ Ես եկել եմ մի եզրահանգման. մարդը կարող է ցանկացած պահի դավաճանել Ինձ, և ոչ ոք չի կարող բացարձակապես հավատարիմ լինել Իմ խոսքերին։

«Մարդն այնքան է ապականվել Սատանայի կողմից, որ այլևս չունի մարդկային նմանություն»։ Այժմ մարդկանց ճնշող մեծամասնությունը փոքր-ինչ ընդունում է այս արտահայտությունը։ Ես դա ասում եմ, որովհետև «ճանաչումը», որին անդրադառնում եմ, զուտ մակերեսային ընդունում է՝ ի տարբերություն ճշմարիտ իմացության։ Քանի որ ձեզնից ոչ ոք չի կարող ճշգրտորեն գնահատել, ոչ էլ մանրամասն վերլուծել ինքն իրեն, դուք միշտ միայն կիսով չափ եք հավատում Իմ խոսքերին։ Սակայն այս անգամ Ես փաստեր եմ օգտագործում՝ բացատրելու այն ամենալուրջ խնդիրը, որ գոյություն ունի ձեր ներսում։ Այդ խնդիրը դավաճանությունն է։ Դուք բոլորդ ծանոթ եք «դավաճանություն» բառին, որովհետև մարդկանց մեծ մասն արել է որևէ բան, որով դավաճանել է մեկ ուրիշին, ինչպես օրինակ՝ ամուսինը դավաճանում է իր կնոջը, կինը՝ իր ամուսնուն, որդին՝ իր հորը, դուստրը՝ իր մորը, ծառան՝ իր տիրոջը, ընկերները՝ միմյանց, հարազատները՝ միմյանց, վաճառողները՝ գնորդներին և այլն։ Այս բոլոր օրինակներն իրենց մեջ պարունակում են դավաճանության էությունը։ Կարճ ասած՝ դավաճանությունը վարքագծի մի ձև է, որը դրժում է երդումը, խախտում է բարոյական նորմերը կամ գործում մարդկային էթիկայի դեմ՝ ի ցույց դնելով մարդկայնության կորուստ։ Որպես մարդիկ, անկախ նրանից՝ հիշում եք, որ արել եք ինչ-որ բան՝ մեկ ուրիշին դավաճանելու համար, կամ եթե նախկինում բազմիցս դավաճանել եք ուրիշներին, ծնված լինելով այս աշխարհում՝ բոլորդ արել եք որևէ բան, որն իրենից ներկայացնում է ճշմարտության խախտում։ Քանի որ ընդունակ ես դավաճանելու ծնողներիդ կամ ընկերներիդ, ուրեմն ընդունակ ես դավաճանելու ուրիշներին և, առավել ևս, ընդունակ ես դավաճանելու Ինձ ու անելու բաներ, որոնց հանդեպ Ես նողկանք եմ զգում։ Այլ կերպ ասած՝ դավաճանությունը զուտ արտաքնապես անբարոյական վարքագիծ չէ, այլ ավելին՝ մի բան, որը հակասում է ճշմարտությանը։ Հենց սա է Իմ դեմ՝ մարդկության դիմակայության և ապստամբության աղբյուրը։ Ահա թե ինչու եմ Ես ամփոփել այն հետևյալ պնդումով. դավաճանությունը մարդու բնական էությունն է, և այդ էությունն Ինձ հետ համատեղելիության հասնող յուրաքանչյուր մարդու ներհատուկ թշնամին է։

Այն վարքագիծը, որը չի կարող բացարձակապես հնազանդվել Ինձ, դավաճանություն է։ Այն վարքագիծը, որը չի կարող հավատարիմ լինել Ինձ, դավաճանություն է։ Ինձ խաբելն ու ստերով Ինձ մոլորեցնելը դավաճանություն է։ Բազմաթիվ պատկերացումներ տածելն ու դրանք ամենուր տարածելը դավաճանություն է։ Իմ վկայություններն ու շահերը պաշտպանել չկարողանալը դավաճանություն է։ Կեղծ ժպիտներ շռայլելը, երբ սրտով հեռու եք Ինձնից, դավաճանություն է։ Այդ բոլորը դավաճանության դրսևորումներ են, որոնց դուք միշտ ընդունակ եք եղել, և դրանք սովորական երևույթ են ձեր մեջ։ Ձեզնից ոչ ոք գուցե սա խնդիր չհամարի, բայց Ես այդպես չեմ մտածում։ Իմ հանդեպ մարդու դավաճանությանը Ես չեմ կարող վերաբերել որպես չնչին հարցի և, առավել ևս, չեմ կարող անտեսել այն։ Նույնիսկ հիմա, երբ Ես գործում եմ ձեր մեջ, դուք այսպես եք վարվում. եթե գա մի օր, երբ ոչ ոք չհսկի ձեզ, մի՞թե չեք դառնա ավազակների պես, որոնք իրենց թագավորներ են հռչակել իրենց իսկ փոքրիկ տարածքներում։ Երբ դա տեղի ունենա, և դուք աղետ առաջացնեք, ո՞վ կլինի այնտեղ՝ ձեր հետևից մաքրելու համար։ Եթե դուք կարծում եք, որ դավաճանության որոշ դրսևորումներ պարզապես հազվադեպ տեղի ունեցող գործողություններ են, այլ ոչ թե ձեր մշտական վարքագիծը, որոնք չպետք է բարձրաձայնվեն նման խստությամբ՝ վիրավորելով ձեր ինքնասիրությունը, և եթե սա է այն, ինչին դուք ճշմարտորեն հավատում եք, ապա դուք բացարձակապես զուրկ եք ողջամտությունից։ Որքան ավելի շատ է մարդն այսպես մտածում, այնքան ավելի է նա ապստամբության նախատիպ և օրինակ։ Մարդու բնությունը նրա կյանքն է. դա մի սկզբունք է, որին նա ապավինում է գոյատևելու համար և չի կարող փոխել այն։ Որպես օրինակ վերցրեք դավաճանության բնությունը։ Եթե կարող ես անել բաներ՝ դավաճանելու քո հարազատներից կամ ընկերներից որևէ մեկին, դա ապացուցում է, որ այն քո կյանքի մի մասն է և մի բնություն, որով դու ծնվել ես։ Դա մի բան է, որ ոչ ոք չի կարող հերքել։ Օրինակ, եթե մարդը սիրում է գողանալ ուրիշներից, ապա գողանալու այդ հաճույքը նրա կյանքի մի մասն է, թեև նա կարող է երբեմն գողանալ, իսկ երբեմն՝ ոչ։ Անկախ նրանից՝ նա գողանում է, թե ոչ, դա չի կարող ապացուցել, որ նրա գողությունը պարզապես վարքագծի մի տեսակ է։ Ավելի շուտ՝ դա ապացուցում է, որ նրա գողությունն իր կյանքի մի մասն է, այսինքն՝ նրա բնությունը։ Ոմանք կհարցնեն՝ քանի որ դա նրա բնությունն է, ապա ինչո՞ւ, երբ նա լավ բաներ է տեսնում, երբեմն չի գողանում դրանք։ Պատասխանը շատ պարզ է։ Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու նա չի գողանում։ Նա կարող է չգողանալ որևէ բան, որովհետև այն չափազանց մեծ է՝ աչալուրջ հայացքների տակից հափշտակելու համար, կամ որովհետև գործելու հարմար ժամանակ չկա, կամ որևէ բան չափազանց թանկ է, չափազանց խիստ է հսկվում, կամ գուցե նա առանձնակի հետաքրքրություն չունի դրա նկատմամբ կամ չի տեսնում, թե ինչով այն կարող է օգտակար լինել իր համար և այլն։ Այս բոլոր պատճառները հնարավոր են։ Սակայն անկախ ամեն ինչից, կգողանա նա որևէ բան, թե ոչ, դա չի կարող ապացուցել, որ այդ միտքը գոյություն ունի միայն որպես ակնթարթային, անցողիկ բռնկում։ Ընդհակառակը, դա նրանց բնության մի մասն է՝ մի բնության, որը դժվար է նորացնել։ Նման մարդը չի բավարարվում միայն մեկ անգամ գողանալով. ուրիշների ունեցվածքն իրենը համարելու նման մտքերն առաջանում են ամեն անգամ, երբ նա հանդիպում է որևէ լավ բանի կամ հարմար իրավիճակի։ Ահա թե ինչու եմ Ես ասում, որ այդ միտքը մի բան չէ, որն այդ մարդը պարզապես ձեռք է բերում ժամանակ առ ժամանակ, այլ մի բան է, որը բխում է նրա բնությունից։

Ցանկացած մարդ կարող է իր իսկ խոսքերով ու գործողություններով ներկայացնել իր ճշմարիտ դեմքը։ Այս ճշմարիտ դեմքը, իհարկե, նրա բնությունն է։ Եթե դու մեկն ես, որ խոսում է խոտոր կերպով, ուրեմն ունես խոտոր բնություն։ Եթե բնությամբ նենգ ես, ապա գործում ես խորամանկորեն, և քեզ հաջողվում է շատ հեշտությամբ խաբել ու մոլորեցնել ուրիշներին։ Եթե բնությամբ չարամիտ ես, խոսքերդ գուցե հաճելի լինեն ականջին, սակայն գործերդ չեն կարող թաքցնել չարամիտ հնարքներդ։ Եթե բնությամբ ծույլ ես, ապա քո ամեն ասածով կփորձես արդարացնել ինքդ քեզ՝ անփույթ ու ծույլ լինելու համար, իսկ գործողություններդ կլինեն դանդաղ ու մակերեսային և բավականին հմուտ՝ ճշմարտությունը թաքցնելու հարցում։ Եթե բնությամբ կարեկցող ես, ապա խոսքերդ կլինեն ողջամիտ, և գործողություններդ նույնպես լավ կհամապատասխանեն ճշմարտությանը։ Եթե բնությամբ այնպիսին ես, որ հավատարիմ ես բոլորին, ապա խոսքերդ, անշուշտ, անկեղծ են, և գործելակերպդ հաստատուն է՝ զերծ որևէ բանից, որը կարող է անհանգստացնել քո տիրոջը։ Եթե բնությամբ հեշտասեր կամ փողամոլ ես, ապա սիրտդ հաճախ կլցվի այդ բաներով, և ակամայից կկատարես շեղված, անբարոյական արարքներ, որոնք մարդիկ հեշտությամբ չեն մոռանա, և որոնք նրանց մեջ զզվանք կառաջացնեն։ Ինչպես արդեն ասել եմ՝ եթե ունես դավաճանության բնություն, ապա հազիվ թե կարողանաս ազատվել դրանից։ Մի՛ տածիր բախտդ փորձելու մտայնություն՝ ենթադրելով, թե քանի որ անարդարացի չես վարվել ուրիշների հետ, ուրեմն դավաճանության բնություն չունես։ Եթե այդպես ես մտածում, ապա, իսկապես, նողկալի ես։ Ամեն անգամ, երբ Ես խոսում եմ, Իմ խոսքերն ուղղված են բոլոր մարդկանց, այլ ոչ միայն մեկ մարդու կամ մարդկանց մեկ տեսակի։ Այն փաստը, որ դու չես դավաճանել Ինձ մեկ հարցում, չի ապացուցում, որ չես դավաճանի Ինձ ցանկացած այլ հարցում։ Որոշ մարդիկ իրենց ամուսնության մեջ անհաջողությունների հանդիպելիս կորցնում են ճշմարտությունը փնտրելու իրենց հավատքը։ Ոմանք ընտանիքի քայքայման ժամանակ հրաժարվում են Ինձ հավատարիմ լինելու իրենց պարտականությունից։ Ոմանք լքում են Ինձ՝ ակնթարթային ուրախություն և հուզմունք փնտրելու համար։ Ոմանք կգերադասեին ընկնել մութ անդունդը, քան ապրել լույսի մեջ և ձեռք բերել Սուրբ Հոգու գործի բերկրանքը։ Ոմանք անտեսում են ընկերների խորհուրդը՝ հարստության հանդեպ իրենց տենչանքը բավարարելու նպատակով, և նույնիսկ հիմա չեն կարողանում ընդունել իրենց սխալն ու փոխել իրենց ընթացքը։ Ոմանք միայն ժամանակավորապես են ապրում Իմ անվան ներքո՝ Իմ պաշտպանությունը ստանալու համար, մինչդեռ ուրիշները դժկամությամբ միայն մի փոքր են նվիրվում Ինձ, որովհետև կառչած են կյանքից և վախենում են մահից։ Մի՞թե այդ և նման այլ գործողությունները, որոնք անբարոյական են և, առավել ևս, զուրկ ազնվությունից, հենց այն վարքագծերը չեն, որոնցով մարդիկ վաղուց դավաճանել են Ինձ իրենց սրտերի խորքում։ Իհարկե, Ես գիտեմ, որ մարդիկ նախապես չեն ծրագրում դավաճանել Ինձ, բայց նրանց դավաճանությունն իրենց բնության բնական բացահայտումն է։ Ոչ ոք չի ցանկանում դավաճանել Ինձ, առավել ևս, ոչ ոք ուրախ չէ, որ Իմ դեմ դավաճանության արարք է գործել։ Ընդհակառակը, նրանք դողում են վախից, այնպես չէ՞։ Ուստի մտածո՞ւմ եք, թե ինչպես քավել այդ դավաճանությունները և ինչպես փոխել ներկայիս իրավիճակը։

Նախորդը.  Ինչպես իրականում ճանաչել երկրային Աստծուն

Հաջորդը.  Շատ լուրջ խնդիր՝ դավաճանություն (2)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger