Ինչպես իրականում ճանաչել երկրային Աստծուն

Դուք բոլորդ ցանկանում եք վարձատրվել Աստծու առաջ, և որ Աստված բարեհաճորեն նայի ձեզ. բոլորը հույս ունեն նման բաների, երբ սկսում են հավատալ Աստծուն, քանզի բոլորը զբաղված են ավելի բարձր բաների ձգտմամբ, և ոչ ոք չի ցանկանում հետ մնալ ուրիշներից։ Ահա թե ինչպիսին են մարդիկ։ Հենց այս պատճառով էլ ձեզնից շատերը մշտապես փորձում են շողոքորթությամբ շահել երկնքի Աստծու բարեհաճությունը, սակայն իրականում առ Աստված ձեր հավատարմությունն ու անկեղծությունը շատ ավելի փոքր են, քան ձեր հավատարմությունն ու անկեղծությունն ինքներդ ձեր հանդեպ։ Ինչո՞ւ եմ Ես սա ասում։ Որովհետև Ես բնավ չեմ ընդունում Աստծու հանդեպ ձեր հավատարմությունը և, ավելին, որովհետև Ես ժխտում եմ այն աստծու գոյությունը, որը ձեր սրտերում է։ Այսինքն՝ այն աստվածը, որին երկրպագում եք, այն մշուշոտ աստվածը, որով հիանում եք, բնավ գոյություն չունի։ Պատճառը, որ Ես կարող եմ սա այսքան հաստատակամորեն ասել, այն է, որ դուք չափազանց հեռու եք ճշմարիտ Աստծուց։ Ձեր հավատարմության պատճառը ձեր սրտերում եղած կուռքն է. իսկ ինչ վերաբերում է Ինձ՝ այն Աստծուն, որին դուք ո՛չ մեծ եք համարում, ո՛չ էլ փոքր, պարզապես խոսքերով եք ճանաչում։ Երբ Ես ասում եմ, որ հեռու եք Աստծուց, նկատի ունեմ, որ հեռու եք ճշմարիտ Աստծուց, մինչդեռ մշուշոտ աստված թվում է, թե մոտ է։ Երբ Ես ասում եմ «ոչ մեծ», դա վերաբերում է նրան, թե ինչպես է Աստված, որին դուք հավատում եք այսօր, թվում պարզապես մեծ կարողություններ չունեցող մի անձ, որ այնքան էլ վսեմ չէ։ Իսկ երբ Ես ասում եմ «ոչ փոքր», դա նշանակում է, որ թեև այս անձը չի կարող քամի կանչել և անձրև հրամայել, այնուամենայնիվ Նա ի զորու է կանչելու Աստծու Հոգուն՝ կատարելու այնպիսի գործ, որը ցնցում է երկինքներն ու երկիրը՝ մարդկանց թողնելով լիովին ապշահար։ Արտաքուստ բոլորդ խիստ հնազանդ եք թվում երկրային այս Քրիստոսին, սակայն, ըստ էության, հավատք չունեք Նրա հանդեպ, ոչ էլ սիրում եք Նրան։ Այսինքն՝ նա, ում իսկապես հավատում եք, ձեր իսկ զգացմունքների այդ մշուշոտ աստվածն է, և նա, ում իսկապես սիրում եք, այն աստվածն է, որին տենչում եք զօր ու գիշեր, սակայն երբեք անձամբ չեք տեսել։ Այս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը լոկ չնչին է, իսկ ձեր սերը՝ ոչինչ։ Հավատք նշանակում է հավատ և վստահություն. սեր նշանակում է մարդու սրտում պաշտամունք և հիացմունք՝ միշտ անբաժան։ Սակայն այսօրվա Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն ու սերը շատ հեռու են սրանից։ Ինչ վերաբերում է հավատքին, ինչպե՞ս եք հավատում Նրան։ Ինչ վերաբերում է սիրուն, ի՞նչ կերպ եք սիրում Նրան։ Դուք պարզապես ոչ մի հասկացողություն չունեք Նրա բնույթի մասին, առավել ևս չգիտեք Նրա էությունը, ուստի ինչպե՞ս եք հավատում Նրան։ Որտե՞ղ է Նրա հանդեպ ձեր հավատքի իրականությունը։ Ինչպե՞ս եք սիրում Նրան։ Որտե՞ղ է Նրա հանդեպ ձեր սիրո իրականությունը։

Շատերն են մինչ օրս առանց վարանելու հետևել Ինձ։ Այդպես էլ դուք եք մեծ հոգնություն կրել անցած մի քանի տարիների ընթացքում։ Ձեզնից յուրաքանչյուրի բնածին բնութագիրն ու սովորությունները Ես բյուրեղյա պարզությամբ եմ ըմբռնել. ձեզնից յուրաքանչյուրի հետ շփվելը չափազանց դժվարին է եղել։ Ցավալին այն է, որ թեև Ես շատ բան եմ հասկացել ձեր մասին, դուք Իմ մասին ոչինչ չեք հասկանում։ Զարմանալի չէ, որ մարդիկ ասում են, թե շփոթության պահին հավատացել եք մեկի խաբեությանը։ Իրոք, դուք ոչինչ չեք հասկանում Իմ բնույթից, առավել ևս չեք կարող ըմբռնել, թե ինչ կա Իմ մտքում։ Այսօր Իմ մասին ձեր թյուրըմբռնումները ձնագնդի պես մեծանում են, իսկ Իմ հանդեպ ձեր հավատքը շարունակում է մնալ շփոթված հավատք։ Փոխանակ ասելու, որ հավատք ունեք Իմ հանդեպ, ավելի տեղին կլիներ ասել, որ բոլորդ փորձում եք շողոքորթությամբ շահել Իմ բարեհաճությունը և քծնել Ինձ։ Ձեր դրդապատճառները շատ պարզ են. ես կհետևեմ նրան, ով կարող է վարձատրել ինձ, և կհավատամ նրան, ով ինձ թույլ կտա խուսափել մեծ արհավիրքներից, լինի նա Աստված, թե որևէ որոշակի աստված։ Այս ամենն ինձ բնավ չի մտահոգում։ Ձեր մեջ շատ կան նման մարդիկ, և այս վիճակը շատ լուրջ է։ Եթե մի օր ստուգեին, թե ձեզնից քանիսն ունեն Քրիստոսի հանդեպ հավատք՝ Նրա էության մեջ խորամուխ լինելու շնորհիվ, ապա վախենամ, որ ձեզնից և ոչ մեկը չէր բավարարի Իմ ցանկությունները։ Ուստի չէր խանգարի, որ ձեզնից յուրաքանչյուրը խորհեր այս հարցի շուրջ. այն Աստվածը, որին դուք հավատում եք, խիստ տարբերվում է Ինձնից, և քանի որ այդպես է, ապա ո՞րն է Աստծու հանդեպ ձեր հավատքի էությունը։ Որքան շատ եք հավատում ձեր այսպես կոչված Աստծուն, այնքան ավելի եք հեռանում Ինձնից։ Ո՞րն է, ուրեմն, այս խնդրի էությունը։ Հաստատ է, որ ձեզնից ոչ մեկը երբևէ չի խորհել նման հարցի շուրջ, բայց մի՞թե դրա լրջությունը մտքներովդ անցել է։ Մտածե՞լ եք արդյոք հետևանքների մասին, եթե շարունակեք այս կերպ հավատալ։

Այսօր դուք բախվում եք բազմաթիվ խնդիրների, և ձեզնից ոչ մեկը հմուտ չէ խնդիրներ լուծելու հարցում։ Եթե այս իրավիճակը շարունակվի, միակ տուժողները կլինեք հենց դուք։ Ես կօգնեմ ձեզ հասկանալ խնդիրները, բայց դրանք լուծելը ձեզնից է կախված։

Ես իսկապես գնահատում եմ նրանց, ովքեր կասկածամիտ չեն ուրիշների հանդեպ, և Ես իսկապես սիրում եմ նրանց, ովքեր պատրաստակամ են ընդունելու ճշմարտությունը. այս երկու տեսակի մարդկանց հանդեպ Ես մեծ հոգատարություն եմ ցուցաբերում, քանզի Իմ աչքում նրանք ազնիվ մարդիկ են։ Եթե շատ նենգ ես, ապա զգուշավոր և կասկածամիտ կլինես բոլոր մարդկանց և հարցերի նկատմամբ, և այսպիսով՝ Իմ հանդեպ քո հավատքը կառուցված կլինի կասկածի հիմքի վրա։ Ես երբեք չէի կարող ընդունել նման հավատքը։ Չունենալով ճշմարիտ հավատք՝ դու էլ ավելի զուրկ ես ճշմարիտ սիրուց։ Իսկ եթե կարող ես անգամ կասկածել Աստծուն և կամայականորեն ենթադրություններ անել Նրա մասին, ապա դու, անկասկած, բոլոր մարդկանցից ամենանենգն ես։ Դու կասկածամտորեն ենթադրություններ ես անում, թե արդյոք Աստված կարող է մարդու պես լինել՝ աններելիորեն մեղավոր, մանրախնդիր, արդարամտությունից և ողջամտությունից զուրկ, արդարադատության զգացում չունեցող, դաժան մարտավարություններ կիրառող, դարանակալ և խորամանկ, չարիքով ու խավարով հրճվող և այլն։ Մի՞թե մարդկանց՝ նման մտքեր ունենալու պատճառն այն չէ, որ նրանք զուրկ են Աստծու մասին ամենաչնչին ճանաչողությունից։ Նման հավատքը ոչ այլ ինչ է, քան մեղք։ Կան անգամ ոմանք, ովքեր հավատում են, թե Ես հավանում եմ միայն նրանց, ովքեր գիտեն՝ ինչպես շողոքորթել և ստորաքարշություն անել, և որ նրանք, ովքեր չգիտեն՝ ինչպես դա անել, անցանկալի կլինեն Աստծու տանը և կկորցնեն իրենց տեղն այնտեղ։ Մի՞թե սա է միակ ճանաչողությունը, որին հասել եք այսքան տարիների ընթացքում։ Մի՞թե սա է այն, ինչ ձեռք եք բերել։ Եվ Իմ մասին ձեր ճանաչողությունը չի սահմանափակվում այս թյուրըմբռնումներով. էլ ավելի վատ է Աստծու Հոգու հանդեպ ձեր հայհոյությունը և Երկնքի զրպարտությունը։ Ահա թե ինչու եմ Ես ասում, որ ձեր նման հավատքը միայն կստիպի ձեզ ավելի հեռանալ Ինձնից և ավելի մեծ թշնամանք տածել Իմ հանդեպ։ Բազմաթիվ տարիների աշխատանքի ընթացքում դուք տեսել եք շատ ճշմարտություններ, բայց գիտե՞ք արդյոք, թե ինչ են լսել Իմ ականջները։ Ձեզնից քանի՞սն են պատրաստակամ ընդունելու ճշմարտությունը։ Դուք բոլորդ հավատում եք, թե պատրաստակամ եք վճարելու ճշմարտության գինը, բայց ձեզնից քանի՞սն են իսկապես տառապել ճշմարտության համար։ Ձեր սրտերում չկա ոչինչ, բացի անարդարությունից, ինչը ստիպում է ձեզ մտածել, որ բոլորը, անկախ նրանից, թե ովքեր են, հավասարապես նենգ են և խոտոր, այն աստիճան, որ դուք անգամ հավատում եք, թե մարմնացած Աստված կարող է, բնականոն մարդու պես, զուրկ լինել բարի սրտից կամ բարեգութ սիրուց։ Ավելին` դուք հավատում եք, որ վեհ առաքինությունը և ողորմած, բարեգութ բնությունը գոյություն ունեն միայն երկնքի Աստծու մեջ։ Հավատում եք, որ նման սուրբ անձ գոյություն չունի, որ երկրի վրա իշխում են միայն խավարն ու չարիքը, մինչդեռ Աստված մի բան է, որին մարդիկ վստահում են բարու և գեղեցիկի հանդեպ իրենց կարոտը, առասպելական մի կերպար, որն իրենք են հորինել։ Ձեր մտքերում երկնքի Աստված շատ ազնիվ է, արդար և մեծ, արժանի երկրպագության և հիացմունքի. մինչդեռ երկրային այս Աստված լոկ փոխնակ է և երկնքի Աստծու գործիք։ Դուք հավատում եք, որ այս Աստված չէր կարող հավասար լինել երկնքի Աստծուն, առավել ևս՝ նույն շարքում դասվել Նրա հետ։ Ինչ վերաբերում է Աստծու մեծությանն ու պատվին, դրանք երկնքի Աստծու փառքն են, իսկ ինչ վերաբերում է մարդու բնությանն ու ապականությանը, դրանք այն բաներն են, որոնցում երկրային Աստված բաժին ունի։ Երկնքի Աստված հավերժ վեհ է, մինչդեռ երկրային Աստված հավերժ աննշան է, թույլ և անկարող։ Երկնքի Աստված չունի մսեղավոր զգացմունքներ, այլ միայն արդարություն, մինչդեռ երկրային Աստված ունի միայն եսասիրական դրդապատճառներ և զուրկ է որևէ արդարամտությունից կամ ողջամտությունից։ Երկնքի Աստված չունի անգամ չնչին խոտորություն և հավերժ հավատարիմ է, մինչդեռ երկրային Աստված միշտ անազնիվ կողմ ունի։ Երկնքի Աստված խորապես սիրում է մարդուն, մինչդեռ երկրային Աստված մարդու հանդեպ անբավարար հոգատարություն է ցուցաբերում՝ անգամ լիովին անտեսելով նրան։ Այս թյուր ճանաչողությունը վաղուց եք պահել ձեր սրտերում. այն սխալ է, և գուցե շարունակեք համառել այդ հարցում նաև ապագայում։ Դուք Քրիստոսի բոլոր գործերը դիտարկում եք անարդարների տեսանկյունից և Նրա ողջ գործը, ինչպես նաև Նրա ինքնությունն ու էությունը, գնահատում եք չարերի տեսանկյունից։ Դուք լուրջ սխալ եք թույլ տվել և արել եք այն, ինչ երբեք չեն արել ձեզնից առաջ եկածները։ Այսինքն՝ դուք միշտ ծառայել եք միայն երկնքի վեհ, թագը գլխին աստծուն, մինչդեռ երբեք չեք «սպասավորել» այն Աստծուն, որին համարում եք այնքան աննշան, որ Նա պարզապես անտեսանելի է ձեզ համար։ Մի՞թե սա ձեր մեղքը չէ։ Մի՞թե սա Աստծու բնույթի դեմ ձեր հանցանքի դասական օրինակ չէ։ Դուք ջերմեռանդորեն ակնածում եք երկնքի աստծուց։ Դուք խորապես հարգում եք վեհ կերպարները և մեծապես հիանում եք արտասովոր պերճախոսություն ունեցող մարդկանցով։ Դու շատ պատրաստակամ ես ղեկավարվելու այն աստծու կողմից, որը լցնում է քո ձեռքերը հարստությամբ, և դու այնքա՜ն շատ ես տենչում այն աստծուն, որը կարող է իրականացնել քո յուրաքանչյուր ցանկությունը։ Միակը, Ումից դու չես ակնածում, այս Աստվածն է, որ վեհ չէ. միակ բանը, որից դու գարշում ես, այս Աստծու հետ շփումն է, որին ոչ մի մարդ չի կարող բարձր գնահատել։ Միակ բանը, որ դու չես ցանկանում անել, այս Աստծու համար տքնելն է, որ երբեք քեզ ոչ մի լումա չի տվել, և միակը, Ով ի վիճակի չէ ստիպելու քեզ տենչալ Իրեն, այս ոչ հաճելի Աստվածն է։ Այս Աստված չի կարող հնարավորություն տալ քեզ ընդլայնելու քո մտահորիզոնը, զգալու, ասես դու գանձ ես գտել, առավել ևս՝ իրականացնելու այն, ինչ ցանկանում ես։ Ուրեմն, ինչո՞ւ ես դու հետևում Նրան։ Մտածե՞լ ես արդյոք նման հարցերի շուրջ։ Այն, ինչ դու անում ես, ոչ միայն վիրավորում է այս Քրիստոսին, այլ, որ ավելի կարևոր է, վիրավորում է երկնքի Աստծուն։ Կարծում եմ՝ սա չէ Աստծու հանդեպ ձեր հավատքի նպատակը։

Դուք փափագում եք, որ Աստված հրճվի ձեզնով, սակայն դուք հեռու եք Աստծուց։ Ի՞նչն է խնդիրն այստեղ։ Դուք ընդունում եք միայն Նրա խոսքերը, բայց ոչ Նրա էտումը, առավել ևս ի վիճակի չեք ընդունելու Նրա յուրաքանչյուր կարգավորումը, լիակատար հավատք ունենալու Նրա հանդեպ։ Ուրեմն, ի՞նչն է խնդիրն այստեղ։ Վերջին հաշվով, ձեր հավատքը դատարկ ձվի կճեպ է, որից երբեք ճուտ դուրս չէր կարող գալ։ Քանզի ձեր հավատքը ձեզ չի բերել ճշմարտությունը կամ տվել ձեզ կյանքը, այլ փոխարենը տվել է ձեզ սնուցման և հույսի պատրանքային զգացում։ Հենց սնուցման և հույսի այս զգացումն է Աստծուն հավատալու ձեր նպատակը, այլ ոչ թե ճշմարտությունն ու կյանքը։ Ուստի Ես ասում եմ, որ Աստծու հանդեպ ձեր հավատքի ընթացքը եղել է ոչ այլ ինչ, քան Աստծու բարեհաճությունը շահելու փորձ՝ ստրկաբարո և անամոթ կերպով, և ոչ մի կերպ չի կարող համարվել ճշմարիտ հավատք։ Ինչպե՞ս կարող էր ճուտ ծնվել նման հավատքից։ Այլ կերպ ասած՝ ի՞նչ կարող է իրագործել նման հավատքը։ Աստծու հանդեպ ձեր հավատքի նպատակը Նրան օգտագործելն է՝ ձեր իսկ նպատակներին հասնելու համար։ Մի՞թե սա Աստծու բնույթի դեմ ձեր հանցանքի ևս մեկ փաստ չէ։ Դուք հավատում եք երկնքի Աստծու գոյությանը և ժխտում եք երկրային Աստծու գոյությունը, սակայն Ես չեմ ընդունում ձեր տեսակետները. Ես հավանություն եմ տալիս միայն նրանց, ովքեր ծառայում են երկրային Աստծուն՝ իրենց ոտքերն ամուր հողին դրած, բայց երբեք նրանց, ովքեր երբեք չեն ընդունում երկրային Քրիստոսին։ Որքան էլ նման մարդիկ հավատարիմ լինեն երկնքի Աստծուն, ի վերջո, նրանք չեն խուսափի Իմ ձեռքից, որը պատժում է չարերին։ Այս մարդիկ չարերն են. նրանք այն չարագործներն են, որոնք հակադրվում են Աստծուն և երբեք հոժարակամ չեն հնազանդվել Քրիստոսին։ Իհարկե, նրանց թվում են բոլոր նրանք, ովքեր չգիտեն և, ավելին, չեն ընդունում Քրիստոսին։ Մի՞թե հավատում ես, որ կարող ես վարվել Քրիստոսի հետ այնպես, ինչպես կամենում ես, քանի դեռ հավատարիմ ես երկնքի Աստծուն։ Սխալվում ես։ Քրիստոսի հանդեպ քո տգիտությունը երկնքի Աստծու հանդեպ տգիտություն է։ Որքան էլ դու հավատարիմ լինես երկնքի Աստծուն, դա լոկ դատարկախոսություն է և կեղծիք, քանզի երկրային Աստված ոչ միայն առանցքային դեր ունի նրանում, որ մարդը հասնի ճշմարտությանը և ունենա ավելի խորը ճանաչողություն, այլ ավելին՝ առանցքային դեր ունի մարդու դատապարտման և այնուհետև չարերին պատժելու համար փաստերն իր ձեռքն առնելու գործում։ Հասկացե՞լ ես արդյոք օգտակար և վնասակար հետևանքներն այս հարցում։ Փորձառաբար ապրե՞լ ես դրանք արդյոք։ Ես ցանկանում եմ, որ դուք մի օր շուտով հասկանաք այս ճշմարտությունը. Աստծուն ճանաչելու համար դուք պետք է ճանաչեք ոչ միայն երկնքի Աստծուն, այլ, որ է՛լ ավելի կարևոր է, երկրային Աստծուն։ Մի՛ շփոթեք ձեր առաջնահերթությունները և թույլ մի՛ տվեք, որ երկրորդականը գրավի գլխավորի տեղը։ Միայն այս կերպ դու կարող ես իսկապես լավ հարաբերություն կառուցել Աստծու հետ, ավելի մոտենալ Աստծուն և քո սիրտն ավելի մոտեցնել Նրան։ Եթե դու երկար տարիներ հավատքի մեջ ես եղել և երկար ժամանակ շփվել ես Ինձ հետ, սակայն մնում ես Ինձնից հեռու, ապա Ես ասում եմ, որ դու, անշուշտ, հաճախ ես վիրավորում Աստծու բնույթը, և քո ելքը շատ դժվար կլինի կանխատեսել։ Եթե Ինձ հետ շփման բազմաթիվ տարիները ոչ միայն չեն կարողացել փոխել քեզ՝ դարձնելով մարդկայնություն և ճշմարտություն ունեցող մարդ, այլև ավելին՝ արմատավորել են քո չար բարքերը բնությանդ մեջ, և դու ոչ միայն կրկնակի ավելի շատ ամբարտավանություն ունես, քան նախկինում, այլև Իմ հանդեպ քո թյուրըմբռնումները նույնպես բազմապատկվել են այնպես, որ դու սկսել ես Ինձ համարել քո խաղընկերը, ապա Ես ասում եմ, որ քո հիվանդությունն այլևս մակերեսային չէ, այլ թափանցել է մինչև ոսկորներդ։ Քեզ մնում է միայն սպասել, որ քո հուղարկավորության նախապատրաստություններն արվեն։ Այն ժամանակ դու կարիք չես ունենա աղերսելու Ինձ լինել քո Աստվածը, քանզի դու գործել ես մահվան արժանի մեղք՝ աններելի մեղք։ Նույնիսկ եթե Ես կարողանայի խնայել քեզ, երկնքի Աստված կպնդի, որ վերցնի քո կյանքը, քանզի Աստծու բնույթի դեմ քո հանցանքը սովորական խնդիր չէ, այլ շատ ծանր բնույթի խնդիր։ Երբ ժամանակը գա, մի՛ մեղադրիր Ինձ քեզ նախապես չասելու համար։ Ամեն ինչ հանգում է սրան. երբ դու շփվում ես Քրիստոսի՝ երկրային Աստծու հետ՝ որպես սովորական մարդու, այսինքն՝ երբ դու հավատում ես, որ այս Աստված ոչ այլ ինչ է, քան մարդ, հենց այդ ժամանակ է, որ դու պիտի կործանվես։ Սա Իմ միակ հորդորն է ձեզ բոլորիդ։

Նախորդը.  Շատ կարևոր է հասկանալ Աստծու խառնվածքը

Հաջորդը.  Շատ լուրջ խնդիր՝ դավաճանություն (2)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger