Աստծուն չճանաչող բոլոր մարդիկ Աստծուն դիմակայող մարդիկ են

Աստծու գործի նպատակն ընկալելը, այն արդյունքները, որ Նրա գործը նախատեսում է ունենալ մարդկանց վրա, և թե ճիշտ որոնք են մարդկանց նկատմամբ Նրա մտադրությունները, այն է, ինչին պետք է հասնի Աստծուն հետևող յուրաքանչյուր ոք։ Աստծու գործի ճանաչողությունը հենց այն է, ինչ մեր օրերում պակասում է բոլոր մարդկանց։ Աշխարհի արարումից մինչև մեր օրերն այն, ինչ Աստված արել է մարդկանց, Աստծու ողջ գործը և թե ճիշտ որոնք են եղել Աստծու մտադրությունները. մարդիկ չեն ըմբռնում և չեն հասկանում այս բաները։ Սա պակասություն է, որը հանդիպում է ոչ միայն ողջ կրոնական աշխարհում, այլ առավել ևս բոլոր նրանց մեջ, ովքեր հավատում են Աստծուն։ Երբ գա այն օրը, որ ճշմարտապես տեսնես Աստծուն, գնահատես Նրա իմաստությունը, տեսնես այն բոլոր գործերը, որ Աստված արել է, և ճանաչես այն, ինչ Աստված ունի և է, երբ տեսնես Նրա առատությունը, իմաստությունը, սքանչելիությունը և այն ողջ գործը, որ Նա արել է մարդկանց վրա, միայն այդ ժամանակ իրական հաջողությամբ հավատացած կլինես Աստծուն։ Երբ ասվում է, որ Աստված համապարփակ է և առատությամբ հարուստ, ճիշտ ի՞նչ առումով է Նա համապարփակ և ի՞նչ առումով է առատությամբ հարուստ։ Եթե չես հասկանում սա, ապա Աստծուն հավատացող չես կարող համարվել։ Ինչո՞ւ եմ Ես ասում, որ կրոնական աշխարհում գտնվողներն Աստծուն հավատացողներ չեն, այլ չարագործներ են՝ դևերի հետ նույն տեսակից։ Երբ Ես ասում եմ, որ նրանք չարագործներ են, այն պատճառով է, որ նրանք չեն հասկանում Աստծու մտադրությունները և ի վիճակի չեն տեսնելու Նրա իմաստությունը։ Աստված երբեք Իր գործը հայտնի չի դարձնում նրանց։ Նրանք բոլորը կույր են և չեն կարող տեսնել Աստծու գործերը։ Նրանք լքվել են Աստծու կողմից և լիովին զուրկ են Նրա հոգատարությունից ու պաշտպանությունից, էլ չասած՝ Սուրբ Հոգու գործից։ Նրանք, ովքեր չունեն Աստծու գործը, բոլորը չարագործներ են և Աստծուն դիմակայող մարդիկ։ Աստծուն դիմակայող այս մարդիկ, որոնց մասին Ես խոսում եմ, վերաբերում են նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն, նրանց, ովքեր խոսքով ընդունում են Աստծուն, բայց Նրա մասին ոչ մի ճանաչողություն չունեն, նրանց, ովքեր հետևում են Աստծուն, սակայն չեն հնազանդվում Նրան, և նրանց, ովքեր վայելում են Նրա շնորհը, սակայն ի վիճակի չեն հաստատուն կանգնելու Նրա համար վկայության մեջ։ Եթե մարդը չի հասկանում Աստծու գործի նպատակը և չի հասկանում այն գործը, որն Աստված անում է մարդկանց վրա, չի կարող համապատասխանել Աստծու մտադրություններին և չի կարող հաստատուն կանգնել Աստծու համար վկայության մեջ։ Մի կողմից՝ Աստծուն դիմակայելու մարդկանց պատճառը բխում է նրանց ապականված խառնվածքներից. մյուս կողմից՝ այն պատճառով է, որ նրանք չեն ճանաչում Աստծուն և չեն հասկանում այն սկզբունքները, որոնցով Նա գործում է, կամ թե որոնք են Նրա մտադրությունները մարդկանց հանդեպ։ Այս երկու կողմերը միասին կազմում են Աստծուն դիմակայելու մարդու պատմությունը։ Նրանք, ովքեր նոր են սկսել հավատալ Աստծուն, դիմակայում են Նրան, որովհետև մարդիկ Աստծուն դիմակայող բնություն ունեն. իսկ նրանք, ովքեր երկար տարիներ հավատացել են Աստծուն, դիմակայում են Աստծուն, որովհետև չեն ճանաչում Նրան և, դրան գումարած, ապականված խառնվածքներ ունեն։ Այն ժամանակ՝ նախքան Աստծու մսեղի դառնալը, մեկի՝ Աստծուն դիմակայելու չափանիշը հիմնված էր այն բանի վրա, թե արդյոք նա հետևում էր երկնքում Աստծու կողմից սահմանված հրամանագրերին։ Օրենքի դարաշրջանում, օրինակ, ով որ չէր հետևում Եհովայի օրենքներին, դիմակայում էր Աստծուն. ով գողանում էր Եհովայի ընծաները կամ դիմակայում էր նրանց, ում Եհովան բարեհաճությամբ էր վերաբերվում, դիմակայում էր Աստծուն և պետք է քարկոծվելով սպանվեր. ով չէր պատվում իր ծնողներին կամ հարվածում ու վիրավորում էր ուրիշ մարդկանց, անհնազանդ էր օրենքներին, և բոլոր նրանք, ովքեր չէին հետևում Եհովայի օրենքներին, Նրան դիմակայողներն էին։ Շնորհքի դարաշրջանում ամեն ինչ այլ էր։ Բոլոր նրանք, ովքեր դիմակայում էին Հիսուսին, Աստծուն դիմակայողներն էին, և բոլոր նրանք, ովքեր չէին հնազանդվում Հիսուսի արտահայտած խոսքերին, Աստծուն դիմակայողներն էին։ Այս ժամանակաշրջանի «Աստծուն դիմակայելու» սահմանումն ավելի ճշգրիտ և գործնական էր։ Նախքան Աստծու մսեղի դառնալը մեկի՝ Աստծուն դիմակայելու չափանիշը հիմնված էր այն բանի վրա, թե արդյոք նա երկրպագում և հարգում էր երկնքում գտնվող անտեսանելի Աստծուն։ Այդ ժամանակաշրջանի «Աստծուն դիմակայելու» սահմանումն այնքան էլ գործնական չէր, քանի որ մարդիկ չէին կարող տեսնել Աստծուն և չգիտեին, թե հատկապես ինչպիսին էր Աստծու պատկերը, կամ թե ճիշտ ինչպես էր Նա գործում և խոսում։ Մարդիկ Աստծու մասին բացարձակապես ոչ մի պատկերացում չունեին և Աստծուն հավատում էին մշուշոտության մեջ, որովհետև Աստված դեռ չէր հայտնվել մարդուն։ Ուստի անկախ նրանից, թե մարդիկ ինչպես էին հավատում Աստծուն՝ հիմնվելով իրենց երևակայությունների վրա, Աստված չէր դատապարտում նրանց կամ չափազանց մեծ պահանջներ չէր ներկայացնում նրանց, որովհետև նրանք լիովին անկարող էին տեսնել Աստծուն։ Երբ Աստված մսեղի է դառնում և գալիս է գործելու մարդկանց մեջ, բոլորը տեսնում են Նրան և լսում Նրա խոսքերը, նաև տեսնում են Աստծու գործերը մսեղիում, ինչից հետո բոլորի պատկերացումները պայթում են պղպջակների պես։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր տեսնում են մսեղիում հայտնվող Աստծուն, նրանք չեն դատապարտվի, եթե կամովին հնազանդվեն Նրան, մինչդեռ նրանք, ովքեր միտումնավոր կերպով դիմակայում են Նրան, կբնորոշվեն որպես Աստծուն դիմակայող մարդիկ։ Նման մարդիկ հակաքրիստոսներ են՝ թշնամիներ, որոնք միտումնավոր դիմակայում են Աստծուն։ Նրանք, ովքեր Աստծու վերաբերյալ պատկերացումներ են տածում, բայց, միևնույն է, հոժարակամ հնազանդվում են Նրան, չեն դատապարտվի։ Աստված դատապարտում է մարդկանց՝ ելնելով նրանց մտադրություններից և արարքներից, այլ ոչ թե նրանց մտքերից ու գաղափարներից։ Եթե Նա դատապարտեր մարդկանց՝ ելնելով նրանց մտքերից ու գաղափարներից, ապա ոչ մի մարդ չէր կարողանա խուսափել Աստծու բարկացած ձեռքերից։ Նրանք, ովքեր դիտավորյալ կերպով դիմակայում են մարմնացած Աստծուն, կպատժվեն իրենց հակառակության համար։ Այս մարդկանց դիմակայությունը բխում է Աստծու մասին նրանց տածած պատկերացումներից, ինչը դրդում է նրանց անելու բաներ, որոնք անհանգստացնում են Աստծու գործը։ Բոլոր նման մարդիկ միտումնավոր դիմակայում են և փորձում քանդել Աստծու գործը։ Նրանք ոչ միայն պատկերացումներ ունեն Աստծու մասին. այլև զբաղվում են գործունեությամբ, որն անհանգստացնում է Նրա գործը, և այդ պատճառով դատապարտվում են։ Նրանք, ովքեր դիտավորյալ կերպով չեն անհանգստացնում Աստծու գործը, չեն դատապարտվի որպես մեղավորներ, որովհետև ի վիճակի են կամովին հնազանդվելու և չանելու խանգարող և անհանգստացնող բաներ։ Այսպիսի մարդիկ չեն դատապարտվի։ Սակայն երբ մեկը երկար տարիներ փորձառաբար ապրել է Աստծու գործը, բայց դեռ պատկերացումներ ունի Նրա մասին և անկարող է ճանաչել մարմնացած Աստծու գործը և դեռևս լի է Աստծու մասին պատկերացումներով ու անկարող է ճանաչել Նրան՝ անկախ նրանից՝ քանի տարի է փորձառաբար ապրել Նրա գործը, նրա սիրտը լի է Նրա մասին պատկերացումներով, չնայած պարտադիր չէ, որ որևէ բան արած լինի, որն անհանգստություն է պատճառում. և թեև այս պատկերացումները կարող են ակնհայտ չդառնալ, այս մարդը բացարձակապես ոչ մի օգուտ չի տալիս Աստծու գործին, անկարող է Աստծու համար քարոզել ավետարանը կամ հաստատուն կանգնել Նրա համար վկայության մեջ. դա նշանակում է, որ նա անպիտան է և տխմար։ Քանի որ նրանք չեն ճանաչում Աստծուն և, ավելին, լիովին անկարող են թողնել Նրա մասին իրենց պատկերացումները, դատապարտվում են։ Կարելի է այսպես ասել` նրանց համար, ովքեր նոր են սկսել հավատալ Աստծուն, բնականոն է Նրա մասին պատկերացումներ ունենալը կամ Նրան չճանաչելը, բայց եթե որևէ մեկը երկար տարիներ հավատացել է Աստծուն և փորձառաբար ապրել Նրա գործի մեծ մասը, սակայն դեռ պատկերացումներ ունի Նրա մասին, դա բնականոն չէ և էլ ավելի անբնականոն է, եթե Աստծու մասին ոչ մի ճանաչողություն չունի։ Քանի որ սա բնականոն վիճակ չէ, նրանք դատապարտվում են։ Այս անբնականոն մարդիկ բոլորն անօգուտ են. նրանք ամենաշատն են դիմակայում Աստծուն և իզուր են վայելել Աստծու շնորհը։ Բոլոր նման մարդիկ ի վերջո դո’ւրս կթողնվեն։

Նրանք, ովքեր չեն հասկանում Աստծու գործի նպատակը, Աստծուն դիմակայողներ են։ Սա առավել ևս վերաբերում է նրանց, ովքեր հասկանում են Աստծու գործի նպատակը, սակայն չեն ձգտում բավարարելու Նրան։ Կան մարդիկ, որոնք մեծ տաճարներում կարդում են Աստվածաշունչը և ամբողջ օրն անգիր ասում հատվածներ, սակայն նրանցից ոչ մեկը չի հասկանում Աստծու գործի նպատակը, ոչ էլ նրանց մեջ կա մեկը, որ կարող է ճանաչել Աստծուն. էլ չասած մեկի մասին, որ կարող է համապատասխանել Աստծու մտադրություններին։ Նրանք բոլորն անարժեք, նողկալի մարդիկ են, որոնք բարձրում կանգնած խրատում են «Աստծուն»։ Նրանք մարդիկ են, որոնք գործում են Աստծու դրոշի ներքո, սակայն դիտավորյալ կերպով դիմակայում են Աստծուն, որոնք կրում են Աստծուն հավատալու պիտակը, մինչդեռ ուտում են մարդու մսեղին և խմում արյունը։ Բոլոր նման մարդիկ չար դևեր են, որոնք խժռում են մարդկային հոգիները, գլխավոր դևեր, որոնք դիտավորյալ կերպով խանգարում են մարդկանց ճիշտ ճանապարհի վրա կանգնել, և գայթելու քարեր, որոնք խոչընդոտում են մարդկանց՝ փնտրելու Աստծուն։ Նրանք կարող են «ֆիզիկապես առողջ» երևալ, բայց նրանց հետևորդներն ինչպե՞ս պետք է իմանան, որ նրանք հակաքրիստոսներ են, որոնք մարդկանց առաջնորդում են դիմակայելու Աստծուն։ Նրանց հետևորդներն ինչպե՞ս պետք է իմանան, որ նրանք կենդանի դևեր են՝ նվիրված մարդկային հոգիները խժռելուն։ Նրանք, ովքեր իրենց վեհ են համարում Աստծու ներկայության մեջ, ամենաստորն են բոլորից, մինչդեռ նրանք, ովքեր իրենց ստորադաս են համարում, ամենավեհանձն են։ Իսկ նրանք, ովքեր ենթադրում են, թե ճանաչում են Աստծու գործը, և ովքեր կարող են անզուսպ կերպով հռչակել Նրա գործն ուրիշներին, մինչ իրենց աչքերը հառում են Նրան, ամենատգետն են բոլորից։ Նման մարդիկ Աստծու համար վկայություն չունեն, և բոլորն ամբարտավան ու ինքնահավան են։ Նրանք, ովքեր կարծում են, թե չափազանց քիչ գիտեն Աստծու մասին, բայց իրականում գործնական փորձառություն և Աստծու մասին գործնական ճանաչողություն ունեն, Նրա կողմից ամենասիրվածներն են։ Միայն նման մարդիկ ճշմարտապես վկայություն ունեն և ճշմարտապես ունակ են Աստծու կողմից կատարելագործվելու։ Նրանք, ովքեր չեն հասկանում Աստծու մտադրությունները, Աստծուն դիմակայողներ են։ Նրանք, ովքեր հասկանում են Աստծու մտադրությունները, սակայն չեն կիրառում ճշմարտությունը, Աստծուն դիմակայողներ են։ Նրանք, ովքեր ուտում և խմում են Աստծու խոսքերը, սակայն դեմ են գնում Աստծու խոսքերի էությանը, Աստծուն դիմակայողներ են։ Նրանք, ովքեր պատկերացումներ ունեն մարմնացած Աստծու մասին և, ավելին, միտումնավոր կերպով ըմբոստանում են, Աստծուն դիմակայողներ են։ Նրանք, ովքեր դատում են Աստծուն, Աստծուն դիմակայողներ են։ Եվ ով անկարող է ճանաչել Աստծուն ու չի կարող վկայություն կրել Նրա համար, Աստծուն դիմակայող է։ Ուստի հորդորում եմ ձեզ. եթե իսկապես հավատ ունեք այս ուղիով քայլելու, ապա շարունակեք հետևել։ Բայց եթե անկարող եք զերծ մնալ Աստծուն դիմակայելուց, ապա ավելի լավ է՝ հեռանաք, քանի դեռ ուշ չէ, այլապես ամեն ինչ իսկապես լավ չի ավարտվի ձեզ համար, քանի որ ձեր բնությունը պարզապես չափազանց ապականված է։ Դուք զուրկ եք հավատարմությունից, զուրկ եք հնազանդությունից, զուրկ եք արդարության ու ճշմարտության ծարավ սրտից և զուրկ եք Աստծու հանդեպ սիրուց։ Կարելի է ասել՝ ձեր իրադրությունն Աստծու առջև, ըստ էության, լիակատար խառնաշփոթ է։ Անկարող եք պահել այն, ինչ պետք է պահեք, անկարող եք ասել այն, ինչ պետք է ասեք, անկարող եք կիրառել այն, ինչ պետք է կիրառեք, և անկարող եք կատարել այն գործառույթը, որը պետք է կատարեք. դուք չունեք այն հավատարմությունը, որը պետք է ունենաք, այն խիղճը, որը պետք է ունենաք, այն հնազանդությունը, որը պետք է ունենաք, կամ այն վճռականությունը, որը պետք է ունենաք. դուք չեք կրել այն տառապանքը, որը պետք է կրեիք, և չունեք նաև այն հավատը, որը պետք է ունենայիք։ Գրեթե լիովին զուրկ եք որևէ արժանիքից։ Մի՞թե չեք ամաչում ապրել շարունակելուց։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ ավելի լավ է՝ օր առաջ փակեք ձեր աչքերը հավերժական հանգստի մեջ՝ դրանով իսկ խնայելով Աստծուն ձեր պատճառով անհանգստանալուց և հանուն ձեզ տառապելուց։ Դուք հավատում եք Աստծուն, սակայն չեք հասկանում Նրա մտադրությունները. ուտում և խմում եք Աստծու խոսքերը, սակայն անկարող եք համապատասխանել մարդկանցից Աստծու պահանջներին։ Դուք հավատում եք Աստծուն, սակայն չեք ճանաչում Նրան, և ապրում եք առանց նպատակի, որին կձգտեք, առանց որևէ արժեքի կամ որևէ իմաստի։ Դուք մարդկային էակ եք, սակայն խղճի, ազնվության կամ վստահության ոչ մի նշույլ չունեք։ Մի՞թե դեռ կարող եք ձեզ մարդ կոչել։ Հավատում եք Աստծուն, սակայն խաբում եք Նրան. նույնիսկ տենչում եք Աստծու փողը և ուտում եք Նրան մատուցված ընծաները։ Եվ, այնուամենայնիվ, ի վերջո դեռ չեք կարողանում ցուցաբերել ամենաչնչին ուշադրությունն Աստծու զգացմունքների հանդեպ կամ ամենաթույլ խիղճը Նրա հանդեպ։ Չեք կարող բավարարել անգամ Աստծու դրած մեկ փոքրիկ պահանջը։ Մի՞թե դեռ կարող եք ձեզ մարդ կոչել։ Ուտում եք այն սնունդը, որն Աստված մատակարարում է ձեզ, շնչում եք Նրա տված թթվածինը և վայելում եք Նրա շնորհը, բայց ի վերջո չունեք Աստծու մասին ամենաչնչին ճանաչողությունն անգամ։ Ընդհակառակը, դարձել եք Աստծուն դիմակայող անպիտաններ։ Մի՞թե դա ձեզ չի դարձնում գազան, որն անգամ շան հետ չի կարող համեմատվել։ Կենդանիների մեջ կա՞ն արդյոք ձեզանից ավելի չարասիրտներ։

Այն պաստորներն ու երեցները, որոնք բարձրում կանգնած խրատում են ուրիշներին, Աստծուն դիմակայողներ են. նրանք բոլորը Սատանայի դաշնակիցներ են։ Ինչ վերաբերում է ձեզ, ովքեր խրատում են ուրիշներին՝ բարձրում կանգնած չլինելով, մի՞թե էլ ավելի չեք դիմակայում Աստծուն։ Մի՞թե էլ ավելի չեք դաշնակցում Սատանայի հետ։ Նրանք, ովքեր չեն հասկանում Աստծու գործի նպատակը, չգիտեն՝ ինչպես համապատասխանել Աստծու մտադրություններին։ Մի՞թե Աստծու գործի նպատակը հասկացողները կարող են չիմանալ՝ ինչպես համապատասխանել Աստծու մտադրություններին։ Աստծու գործը երբեք չի սխալվում։ Ավելի շուտ, խնդիրը մարդկանց ձգտման մեջ է։ Մի՞թե այն տականքները, որոնք դիտավորյալ կերպով դիմակայում են Աստծուն, էլ ավելի նենգ ու չարակամ չեն, քան այդ պաստորներն ու երեցները։ Աստծուն դիմակայողները շատ են, բայց նրանց մեջ շատ են նաև Աստծուն դիմակայելու տարբեր վիճակները։ Ինչպես ամեն տեսակ հավատացյալներ կան, այնպես էլ կան Աստծուն դիմակայողների բոլոր տեսակները, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսից։ Ովքեր չեն կարողանում հստակ կերպով ճանաչել Աստծու գործի նպատակը, նրանցից ոչ մեկը չի կարող փրկվել։ Անկախ նրանից՝ ինչպես է որևէ մեկն անցյալում դիմակայել Աստծուն, երբ նա հասկանա Աստծու գործի նպատակը և կարողանա ձգտել բավարարելու Աստծուն, Աստված կմաքրի նրա բոլոր նախկին մեղքերը։ Քանի դեռ մարդը կարող է փնտրել և կիրառել ճշմարտությունը, Աստված չի հիշի այն ամենը, ինչ նա արել է։ Ավելին՝ Աստված նրան կբնորոշի որպես արդար մարդ, որովհետև նա ի վիճակի է կիրառելու ճշմարտությունը։ Սա է Աստծու արդարությունը։ Նախքան մարդու՝ Աստծուն տեսնելը կամ Նրա գործը փորձառաբար ապրելը, անկախ նրանից, թե ինչպես է նա վերաբերվել Աստծուն, Նա չի հիշում դա։ Սակայն, երբ մարդը տեսնի Աստծուն և փորձառաբար ապրի Նրա գործը, Աստված նրա բոլոր արարքներն ու գործողությունները կգրանցի «տարեգրության» մեջ, քանի որ նա տեսել է Աստծուն և ապրել Նրա գործի մեջ։

Երբ մարդը ճշմարտապես տեսնի այն, ինչ Աստված ունի և է, տեսնի Աստծու գերազանցությունը և ճշմարտապես ճանաչի Աստծու գործը, և, ավելին, երբ նրա հին խառնվածքը փոխվի, նա լիովին ազատված կլինի Աստծուն դիմակայող իր ըմբոստ խառնվածքից։ Կարելի է այսպես ասել. յուրաքանչյուր ոք դիմակայել է Աստծուն, և յուրաքանչյուր ոք ըմբոստացել է Աստծու դեմ։ Սակայն, եթե կարողանաս կամովին հնազանդվել մարմնացած Աստծուն և այսուհետ հավատարմությամբ բավարարես Աստծու սիրտը, կիրառես այն ճշմարտությունը, որը պետք է կիրառես, կատարես այն պարտավորությունը, որը պետք է կատարես, և հետևես այն կանոններին, որոնց պետք է հետևես, ապա մեկն ես, ով պատրաստակամ է ազատվելու իր ըմբոստությունից՝ Աստծուն բավարարելու համար, և մեկը, ով կարող է կատարելագործվել Աստծու կողմից։ Եթե համառորեն շարունակես քո սխալ ճանապարհը՝ առանց սրտումդ զղջման, և շարունակես ըմբոստ վարքագիծը՝ առանց Աստծու հետ համագործակցելու և Նրան բավարարելու ամենաչնչին մտադրության, ապա քեզ պես համառ և անուղղելի մարդը կսահմանվի պատժվելու համար և կսահմանվի որպես մեկը, ով չպետք է կատարելագործվի Աստծու կողմից։ Այս դեպքում կլինես Աստծու թշնամին այսօր և Աստծու թշնամին նաև վաղը, և դրանից հետո էլ կմնաս Աստծու թշնամին։ Հավերժ կլինես Աստծուն դիմակայող, Աստծու թշնամի։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է Աստված խնայել քեզ։ Մարդիկ Աստծուն դիմակայող բնություն ունեն, բայց չպետք է դիտավորյալ կերպով փնտրեն Աստծուն դիմակայելու «գաղտնիքը», որովհետև շատ դժվար է փոխել սեփական բնությունը։ Եթե այդպես վարվես, ավելի լավ կլիներ, որ պարզապես հեռանայիր, քանի դեռ ուշ չէ, որպեսզի ապագայում պատիժդ չդառնա ավելի խիստ, որպեսզի գազանային բնությունդ չպոռթկա ու չդառնա անկառավարելի, և մսեղավոր մարմինդ ի վերջո չոչնչացվի Աստծու կողմից։ Դու Աստծուն հավատում ես օրհնություններ ստանալու համար, բայց եթե ի վերջո դրա փոխարեն պատուհասի արժանանաս, հավատդ իսկապես արժանի չէր լինի դրան։ Հորդորում եմ ձեզ, ավելի լավ է՝ այլ ծրագիր մշակեք։ Մի՞թե ձեզ համար ավելի լավ չէր լինի որևէ այլ բան անել, քան հավատալ Աստծուն։ Իսկապե՞ս հավատում եք, որ սա միակ ճանապարհն է ձեզ համար։ Մի՞թե չէիք շարունակի ողջ մնալ՝ անգամ առանց ճշմարտությունը փնտրելու։ Ինչո՞ւ այսպես հակադրվել Աստծուն։

Նախորդը.  Խառնվածքով անփոփոխ մնալը նշանակում է թշնամանալ Աստծու հետ

Հաջորդը.  Աստծու գործի տեսիլքը (1)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger