Աստծուն չճանաչող բոլոր մարդիկ Աստծուն դիմադրող մարդիկ են
Ըմբռնել Աստծու գործի նպատակը, այն արդյունքը, որին Նրա աշխատանքը հասնում է մարդու մեջ, և թե որոշակիորեն որոնք են Նրա մտադրությունները մարդու համար. ահա թե ինչին պետք է հասնի Աստծուն հետևող յուրաքանչյուր մարդ: Այսօր Աստծու գործի մասին գիտելիքը հենց այն է, ինչ պակասում է բոլոր մարդկանց: Աշխարհի ստեղծումից մինչև մեր օրերը մարդկանց մեջ Աստծու կատարած գործերը, Աստծու գործի ամբողջականությունը և թե որոշակիորեն որոնք են Աստծու մտադրությունները մարդու համար, բաներ են, որոնք մարդը ո՛չ գիտե, ո՛չ էլ ընկալում է: Այս անբավարարությունը տեսանելի է ոչ միայն կրոնական աշխարհում, այլև Աստծուն բոլոր հավատացողների մեջ։ Երբ գա այն օրը, երբ դու իրոք հայես Աստծուն, երբ իսկապես գնահատես Նրա իմաստությունը, երբ հայես Աստծու կատարած բոլոր գործերին, երբ ճանաչես, թե ինչ է Աստված և ինչ ունի, երբ տեսնես Նրա առատաձեռնությունը, իմաստությունը, սքանչելիությունը և այն ամենը, ինչ Նա կատարել է մարդկանց մեջ, այդ ժամանակ հաջողության կհասնես Աստծու հանդեպ քո հավատքի մեջ։ Երբ ասվում է, որ Աստված համընդգրկուն և ծայրաստիճան առատաձեռն է, որոշակիորեն ի՞նչ կերպ է Նա համապարփակ և ի՞նչ կերպ է Նա ծայրաստիճան առատաձեռն: Եթե դու սա չես հասկանում, ապա չես կարող Աստծուն հավատացող համարվել: Ինչո՞ւ եմ ասում, որ կրոնական աշխարհում գտնվողներն Աստծուն հավատացողներ չեն, այլ չարագործներ են, նույն տեսակից, ինչ դևերը: Երբ Ես ասում եմ, որ նրանք չարագործներ են, պատճառն այն է, որ նրանք չեն հասկանում Աստծու մտադրությունները և անկարող են տեսնելու Նրա իմաստությունը։ Աստված երբեք Իր գործը չի բացահայտում նրանց: Նրանք կույր են. չեն կարող տեսնել Աստծու արարքները, Աստված լքել է նրանց, և նրանք լիովին զուրկ են Աստծու հոգածությունից և պաշտպանությունից՝ էլ չասած Սուրբ Հոգու գործի մասին: Նրանք, ովքեր առանց Աստծու գործի են, բոլորը չարագործներ են և Աստծուն դիմադրողներ։ Աստծուն դիմադրողները, որոնց մասին Ես խոսում եմ, նրանք են, ովքեր չեն ճանաչում Աստծուն, նրանք, ովքեր իրենց շուրթերով ընդունում են Աստծուն, բայց չեն ճանաչում Նրան, նրանք, ովքեր հետևում են Աստծուն, բայց չեն ենթարկվում Նրան, և նրանք, ովքեր վայելում են Աստծու շնորհքը, բայց չեն կարողանում աներեր կերպով վկայել Նրա մասին։ Առանց Աստծու գործի նպատակը կամ մարդու մեջ Աստծու կատարած գործը հասկանալու՝ մարդը չի կարող համաձայն լինել Աստծու մտադրությունների հետ, ոչ էլ կարող է աներեր կերպով վկայել Աստծու մասին ։ Մարդու՝ Աստծուն դիմադրելու պատճառը, մի կողմից, բխում է իր ապականված դիրքորոշումից, մյուս կողմից՝ Աստծու մասին անտեղյակությունից և Աստծու գործելու սկզբունքներն ու մարդու համար Նրա մտադրությունները հասկանալու պակասից։ Այս երկու տեսանկյունները` միասին վերցրած, կազմում են Աստծու նկատմամբ մարդու դիմադրության պատմությունը։ Նորահավատներն Աստծուն դիմադրում են, քանի որ նման դիմադրությունը նրանց բնության մեջ է, մինչդեռ նրանց դիմադրությունն Աստծուն, ովքեր երկար տարիներ հավատքի մեջ են, առաջանում է Նրա նկատմամբ իրենց անտեղյակությունից, ինչպես նաև իրենց ապականված դիրքորոշումից։ Աստծու՝ մսեղի դառնալուց առաջ մարդու՝ Աստծուն դիմադրելու չափը հիմնված էր այն բանի վրա, թե արդյոք նա պահում էր Աստծու՝ երկնքում սահմանած հրամանագրերը։ Օրինակ՝ Օրենքի դարաշրջանում նա, ով չէր պահում Եհովայի օրենքները, համարվում էր Աստծուն դիմադրող. ով գողանում էր Եհովային մատուցվող ընծաները, կամ ով դիմադրում էր նրանց, ում Եհովան բարեհաճությամբ էր նայում, համարվում էր Աստծուն դիմադրող և քարկոծվում էր մինչև մահ. ով չէր հարգում իր հորն ու մորը, և ով հարվածում կամ անիծում էր ուրիշին, համարվում էր օրենքները չպահող։ Եվ բոլոր նրանք, ովքեր չէին պահում Եհովայի օրենքները, համարվում էին Նրան դիմադրողներ։ Շնորհքի դարաշրջանում այլևս այդպես չէր. ով դիմադրում էր Հիսուսին, համարվում էր Աստծուն դիմադրող, իսկ ով չէր ենթարկվում Հիսուսի ասած խոսքերին, համարվում էր Աստծուն դիմադրող։ Այդ ժամանակ այն ձևը, որով սահմանվում էր Աստծու նկատմամբ դիմադրությունը, դարձավ և՛ ավելի ճշգրիտ, և՛ ավելի գործնական։ Երբ Աստված դեռևս մսեղի չէր դարձել, այդ ժամանակ մարդու՝ Աստծուն դիմադրելու չափը հիմնված էր այն բանի վրա, թե արդյոք մարդը երկրպագում և նայում էր երկնքում եղող անտեսանելի Աստծուն։ Այդ ժամանակ այն ձևը, որով սահմանվում էր Աստծու նկատմամբ դիմադրությունը, այնքան էլ գործնական չէր, քանի որ մարդը չէր կարող տեսնել Աստծուն, ոչ էլ գիտեր, թե ինչպիսին է Աստծու պատկերը կամ ինչպես է Նա գործում և խոսում։ Մարդը բոլորովին պատկերացում չուներ Աստծու մասին և անորոշ կերպով էր հավատում Աստծուն, քանի որ Աստված դեռ չէր հայտնվել մարդուն։ Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչպես էր մարդն Աստծուն հավատում իր երևակայության մեջ, Աստված չէր դատապարտում մարդուն կամ չափազանց բարձր պահանջներ չէր ներկայացնում նրան, քանի որ մարդը լիովին անկարող էր տեսնելու Աստծուն։ Երբ Աստված մսեղի է դառնում և գալիս է մարդկանց մեջ գործելու, բոլորը հայում են Նրան և լսում Նրա խոսքերը, և բոլորը տեսնում են Աստծու գործերը մսեղիի մեջ։ Այդ պահին մարդու բոլոր պատկերացումները փրփուր են դառնում։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր տեսել են Աստծու՝ մսեղիում հայտնվելը, նրանք չեն դատապարտվի, եթե կամովին ենթարկվեն Նրան, մինչդեռ նրանք, ովքեր դիտավորյալ կերպով են դիմադրում Նրան, կհամարվեն Աստծուն հակառակողներ։ Այդպիսի մարդիկ հակաքրիստոսներ են, թշնամիներ, որոնք կանխամտածված են դիմադրում Աստծուն։ Նրանք, ովքեր պատկերացումներ ունեն Աստծու մասին, բայց դեռ պատրաստ են և հոժարակամ են ենթարկվելու Նրան, չեն դատապարտվի։ Աստված դատապարտում է մարդուն՝ հիմնվելով նրա մտադրությունների և գործողությունների վրա, և երբեք՝ նրա մտքերի և գաղափարների համար։ Եթե Նա մարդուն դատապարտեր՝ հիմնվելով նրա մտքերի և գաղափարների վրա, ապա ոչ մի մարդ չէր կարողանա խուսափել Աստծու ցասումնալի ձեռքերից։ Նրանք, ովքեր միտումնավոր կերպով են դիմադրում մարմնացած Աստծուն, կպատժվեն իրենց անհնազանդության համար։ Ինչ վերաբերում է այս մարդկանց, որոնք միտումնավոր կերպով են դիմադրում Աստծուն, նրանց դիմադրությունը բխում է այն փաստից, որ նրանք Աստծու մասին պատկերացումներ ունեն, ինչը իր հերթին նրանց առաջնորդում է Աստծու գործին խանգարող գործողությունների։ Այս մարդիկ դիտավորյալ կերպով դիմադրում են և քանդում են Աստծու գործը։ Նրանք ոչ միայն պատկերացումներ ունեն Աստծու մասին, այլև զբաղվում են Նրա գործին խանգարող գործունեությամբ, և այդ պատճառով այդ տեսակի մարդիկ կդատապարտվեն։ Նրանք, ովքեր կամովին չեն խանգարում Աստծու գործին, չեն դատապարտվի որպես մեղավորներ, քանի որ նրանք կարող են հոժարակամորեն ենթարկվել և չզբաղվել այնպիսի գործունեությամբ, որը պառակտում և անհանգստություն է առաջացնում։ Այսպիսի մարդիկ չեն դատապարտվի։ Սակայն երբ մարդիկ Աստծու գործի երկար տարիների փորձառություն ունեն և շարունակում են պատկերացումներ ունենալ Աստծու մասին և անկարող են իմանալու մարմնացած Աստծու գործը, և եթե, անկախ այն բանից, թե Նրա գործի քանի տարվա փորձառություն ունեն, շարունակում են լցված լինել Աստծու մասին պատկերացումներով և դեռևս չեն կարողանում ճանաչել Նրան, ապա նույնիսկ եթե նրանք չեն զբաղվում խանգարող գործունեությամբ, նրանց սրտերը, այնուամենայնիվ, լցված են Աստծու մասին բազմաթիվ պատկերացումներով, և նույնիսկ եթե այդ պատկերացումները բացահայտ չեն դառնում, նման մարդիկ բոլորովին չեն օգնում Աստծու գործին։Նրանք անկարող են քարոզելու Աստծու ավետարանը կամ աներեր կերպով վկայելու Նրա մասին։ Այդպիսի մարդիկ անպետք են և տկարամիտ։ Քանի որ նրանք չեն ճանաչում Աստծուն և դեռ ավելին՝ լիովին անընդունակ են դեն գցելու Նրա մասին իրենց պատկերացումները, ուստի դատապարտված են։ Կարելի է այսպես ասել. նորահավատների համար բնականոն է Աստծու մասին պատկերացումներ ունենալը կամ Նրա մասին ոչինչ չիմանալը, բայց ով երկար տարիներ հավատացել է Աստծուն և մեծ մասամբ փորձառել Նրա գործը, այդպիսի մարդու համար բնականոն չի լինի շարունակել պատկերացումներ ունենալ, և ավելի քիչ բնականոն կլինի, որ այդպիսի մեկն Աստծու մասին ոչ մի գիտելիք չունենա։ Նրանք դատապարտված են հենց այն պատճառով, որ դա բնականոն վիճակ չէ։ Այդ անբնականոն մարդիկ բոլորն աղբ են. նրանք են, ովքեր ամենաշատն են դիմադրում Աստծուն և ապարդյուն վայելել են Աստծու շնորհքը։ Այդպիսի մարդիկ բոլորն ի վերջո կոչնչացվե՜ն։
Յուրաքանչյուր ոք, ով չի հասկանում Աստծու գործի նպատակը, մեկն է, ով դիմադրում է Նրան, իսկ նա, ով սկսել է հասկանալ Աստծու գործի նպատակը, բայց դեռևս չի ձգտում բավարարելու Աստծուն, ավելի շատ պետք է Աստծուն դիմադրող համարվի։ Կան մարդիկ, որոնք կարդում են Աստվածաշունչը մեծ եկեղեցիներում և ամբողջ օրն այն անգիր ասում, բայց նրանցից ոչ մեկը չի հասկանում Աստծու գործի նպատակը։ Նրանցից ոչ մեկն ունակ չէ ճանաչելու Աստծուն, առավել ևս նրանցից ոչ մեկը չի կարող համաձայնել Աստծու մտադրությունների հետ։ Նրանք բոլորն անարժեք, նողկալի մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը բարձր դիրքից դասախոսություններ է կարդում «Աստծուն»։ Նրանք մարդիկ են, որոնք կրում են Աստծու դրոշը, բայց դիտավորյալ դիմադրում են Աստծուն, որոնք կրում են Աստծուն հավատալու պիտակը՝ միևնույն ժամանակ ուտելով մարդու մսեղին և խմելով նրա արյունը։ Բոլոր այսպիսի մարդիկ չար բանսարկուներ են, որոնք խժռում են մարդու շունչը, գլխավոր դևեր են, որոնք դիտավորյալ խանգարում են մարդկանց՝ բռնելու ճիշտ ուղին, և գայթելու քարեր են, որոնք խոչընդոտում են մարդկանց՝ Աստծուն փնտրելուն։ Նրանք կարող են «ամուր կազմվածք» ունեցողներ թվալ, բայց ինչպե՞ս կարող են նրանց հետևորդներն իմանալ, որ նրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ հակաքրիստոսներ, որոնք մարդկանց առաջնորդում են Աստծուն դիմադրելու։ Ինչպե՞ս կարող են նրանց հետևորդներն իմանալ, որ նրանք կենդանի բանսարկուներ են՝ նվիրված մարդկային շնչերը խժռելուն։ Նրանք, ովքեր Աստծու ներկայության մեջ իրենց բարձր են համարում, մարդկանցից ամենախղճուկն են, մինչդեռ նրանք, ովքեր իրենց ցածր են կարծում, ամենապատվավորն են։ Եվ նրանք, ովքեր կարծում են, թե գիտեն Աստծու գործը և, ավելին, ունակ են Աստծու գործը մեծ շուքով հռչակելու ուրիշներին՝ ուղիղ կերպով Նրան նայելով, մարդկանցից ամենաանտեղյակն են։ Այդպիսի մարդկանցից ոչ մեկն Աստծու մասին վկայություն չունի, նրանք բոլորն ամբարտավան և ինքնահավան են։ Նրանք, ովքեր կարծում են, թե Աստծու մասին չափազանց քիչ գիտելիք ունեն, չնայած Նրա մասին ունեցած գործնական փորձառությանը և գործնական գիտելիքներին, Նրա կողմից ամենասիրված մարդիկ են։ Միայն այսպիսի մարդիկ իսկապես վկայություն ունեն և իսկապես ունակ են կատարելագործվելու Աստծու կողմից։ Նրանք, ովքեր չեն հասկանում Աստծու մտադրությունները, Աստծուն դիմադրողներ են. նրանք, ովքեր հասկանում են Աստծու մտադրությունները, բայց չեն կիրարկում ճշմարտությունը, Աստծուն դիմադրողներ են. նրանք, ովքեր ուտում և խմում են Աստծու խոսքերը, բայց հակառակում են Աստծու խոսքերի էությանը, Աստծուն դիմադրողներ են. նրանք, ովքեր պատկերացումներ ունեն մարմնացած Աստծու մասին և, ավելին, դիտավորյալ ապստամբության են մասնակցում, Աստծուն դիմադրողներ են. նրանք, ովքեր դատում են Աստծուն, Աստծուն դիմադրողներ են. և ով անկարող է ճանաչելու Աստծուն կամ Նրա վկայությունը կրելու, Աստծուն դիմադրող է։ Ուստի ես ձեզ հորդորում եմ. եթե դուք իսկապես հավատք ունեք, որ կարող եք քայլել այս ուղիով, ապա շարունակեք հետևել դրան: Բայց եթե անկարող եք ձեզ հետ պահելու Աստծուն դիմադրելուց, ապա ավելի լավ է՝ հեռանաք, քանի դեռ չափազանց ուշ չէ: Հակառակ դեպքում ձեզ համար ամեն ինչ վատ դասավորվելու հավանականությունը չափազանց բարձր է, քանի որ ձեր բնությունը պարզապես չափազանց ապականված է: Դուք հավատարմության կամ ենթարկման, կամ սրտի, որ ծարավ է արդարության և ճշմարտության կամ Աստծու հանդեպ սիրո, ոչ մի յոտա չունեք: Կարելի է ասել, որ ձեր իրավիճակն Աստծու առջև կատարյալ քաոս է: Դուք չեք կարող հավատարիմ լինել այն ամենին, ինչին պետք է հավատարիմ լինեք, և անկարող եք ասելու այն, ինչ պետք է ասվի։ Այն, ինչ պետք է կիրարկեք, ձախողել եք, և այն գործառույթը, որը պետք է կատարեիք, չեք կարողացել կատարել։ Դուք չունեք այն հավատարմությունը, խիղճը, ենթարկումը կամ վճռականությունը, որը պետք է ունենայիք։ Դուք համբերությամբ չեք տարել այն տառապանքը, որը պետք է տանեիք, և չունեք այն հավատքը, որը պետք է ունենայիք։ Դուք պարզապես լիովին զուրկ եք որևէ արժանիքից. չե՞ք ամաչում, որ շարունակում եք ապրել։ Թույլ տվեք հավատացնել ձեզ, որ ավելի լավ կլիներ՝ փակեիք ձեր աչքերը հավերժական հանգստի մեջ՝ այդպիսով Աստծուն ազատելով ձեր պատճառով անհանգստանալուց և հանուն ձեզ տառապելուց։ Դուք հավատում եք Աստծուն, բայց դեռ չգիտեք Նրա մտադրությունները. դուք ուտում և խմում եք Աստծու խոսքերը, բայց դեռ անկարող եք կատարելու այն, ինչ Աստված պահանջում է մարդուց: Դուք հավատում եք Աստծուն, բայց դեռ չեք ճանաչում Նրան և ողջ եք մնում առանց նպատակի, որին կձգտեք, առանց որևէ արժեքի, առանց որևէ իմաստի: Դուք ապրում եք որպես մարդկային էակ, բայց չունեք չնչին խիղճ, ազնվություն կամ վստահելիություն. կարո՞ղ եք դեռ ձեզ մարդկային էակներ կոչել: Դուք հավատում եք Աստծուն, բայց դեռ խաբում եք Նրան. ավելին՝ վերցնում եք Աստծու փողը և ուտում` Նրան մատուցվող զոհաբերությունները: Եվ այնուամենայնիվ վերջում դուք դեռ Աստծու զգացմունքների նկատմամբ նվազագույն ուշադրություն կամ Նրա հանդեպ նվազագույն խիղճ անգամ չեք ցուցաբերում: Դուք չեք կարող կատարել Աստծու ամենաչնչին պահանջներն անգամ։ Կարո՞ղ եք դեռ ձեզ մարդկային էակներ կոչել։ Ուտելով այն կերակուրը, որն Աստված ձեզ մատակարարում է, և շնչելով այն թթվածինը, որը Նա տալիս է, վայելելով Նրա շնորհքը՝ արդյունքում դուք այնուամենայնիվ Աստծու մասին նվազագույն գիտելիք անգամ չունեք։ Ընդհակառակը, դուք դարձել եք անպիտաններ, որոնք դիմադրում են Աստծուն։ Մի՞թե դա ձեզ չի դարձնում շնից էլ ցածր գազան։ Կենդանիների մեջ կա՞ն արդյոք այնպիսիք, որոնք ավելի չարամիտ են, քան դուք։
Այն պաստորներն ու երեցները, որոնք կանգնած են բարձր ամբիոնին և սովորեցնում են ուրիշներին, Աստծուն դիմադրողներ են և Սատանայի դաշնակիցներ. արդյո՞ք ձեզնից նրանք, ովքեր կանգնած չեն բարձր ամբիոնին և չեն սովորեցնում ուրիշներին, Աստծուն ավելի մեծ դիմադրողներ չէին լինի։ Արդյո՞ք դուք համաձայնության մեջ չեք Սատանայի հետ ավելի, քան նրանք։ Նրանք, ովքեր չեն հասկանում Աստծու գործի նպատակը, չգիտեն, թե ինչպես համապատասխանել Աստծու մտադրություններին։ Անշուշտ, չի կարող այնպես լինել, որ նրանք, ովքեր հասկանում են Նրա գործի նպատակը, չիմանան, թե ինչպես համապատասխանել Աստծու մտադրություններին։ Աստծու գործը երբեք սխալ չի արվում, ընդհակառակը, մարդու ձգտումն է թերի։ Մի՞թե այդ այլասերվածները, որոնք կամովին դիմադրում են Աստծուն, ավելի չարակամ և չարամիտ չեն, քան այդ պաստորներն ու երեցները։ Աստծուն դիմադրողները շատ են, բայց նրանց մեջ նաև բազմաթիվ տարբեր ձևեր կան, որոնցով նրանք դիմադրում են Աստծուն։ Ինչպես ամեն տեսակի հավատացյալներ կան, այնպես էլ կան ամեն տեսակի մարդիկ, որոնք դիմադրում են Աստծուն, և նրանցից յուրաքանչյուրը նման չէ մյուսին: Աստծու գործի նպատակը հստակ կերպով չճանաչողներից ոչ մեկը չի կարող փրկվել։ Անկախ նրանից, թե ինչպես է մարդն անցյալում դիմադրել Աստծուն, երբ մարդը հասկանա Աստծու գործի նպատակը և իր ջանքերը նվիրի Աստծուն բավարարելուն, Աստված կջնջի նրա բոլոր նախկին մեղքերը։ Քանի դեռ մարդը փնտրում է ճշմարտությունը և կիրարկում է ճշմարտությունը, Աստված չի հիշի, թե ինչ է նա արել։ Ավելին՝ մարդու՝ ճշմարտությունը կիրարկելու հիման վրա է, որ Աստված արդարացնում է նրան։ Սա է Աստծու արդարությունը։ Անկախ այն բանից, թե նախքան Աստծուն տեսնելը կամ Նրա գործը փորձառելը մարդն ինչպես էր գործում Աստծու հանդեպ, Նա չի հիշում դա։ Սակայն, երբ մարդը տեսել է Աստծուն և փորձառել է Նրա գործը, Աստված մարդու բոլոր արարքներն ու գործողությունները կգրանցի «տարեգրություններում», որովհետև մարդը տեսել է Աստծուն և ապրել Նրա աշխատանքի մեջ:
Երբ մարդը իսկապես տեսնի, թե ինչ ունի և ինչ է Աստված, երբ տեսնի Նրա գերազանցությունը և երբ իսկապես ճանաչի Աստծու գործը, և, ավելին, երբ մարդու հին դիրքորոշումը փոխվի, այդժամ մարդը լիովին կհրաժարվի իր ապստամբ դիրքորոշումից, որը դիմադրում է Աստծուն։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք ինչ-որ ժամանակ դիմադրել է Աստծուն, և յուրաքանչյուր ոք ինչ-որ ժամանակ ապստամբել է Աստծու դեմ։ Սակայն եթե դու պատրաստակամորեն ենթարկվես մարմնացած Աստծուն և այս պահից ի վեր քո հավատարմությամբ բավարարես Աստծու սիրտը, կիրարկես այն ճշմարտությունը, որը պետք է կիրարկես, կատարես քո պարտականությունն այնպես, ինչպես որ պետք է, և պահես այն կանոնները, որոնք պետք է պահես, ապա դու այն մարդն ես, որը պատրաստ է հրաժարվելու իր ապստամբությունից՝ Աստծուն բավարարելու համար, և որը կարող է կատարելագործվել Աստծու կողմից։ Եթե դու համառորեն հրաժարվես քո սխալները տեսնելուց և չունենաս զղջալու մտադրություն, եթե շարունակես քո ապստամբ վարքը՝ առանց Աստծու հետ համագործակցելու և Նրան բավարարելու նվազագույն մտադրության, ապա այնպիսի համառ և անուղղելի մարդը, ինչպիսին դու ես, անշուշտ, կպատժվի և, անշուշտ, երբեք չի լինի այն մեկը, ում Աստված կարող է կատարելագործել։ Քանի որ hենց այդպես է, այսօր դու Աստծու թշնամին ես և վաղը նույնպես կլինես Աստծու թշնամին և այդպես մյուս օրն էլ կմնաս Աստծու թշնամին. դու միշտ կլինես Աստծուն դիմադրող և Աստծու թշնամին։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է Աստված ներել քեզ։ Աստծուն դիմադրելը մարդու բնության մեջ է, բայց մարդը չպետք է դիտմամբ փնտրի Աստծուն դիմադրելու «գաղտնիքը» միայն այն պատճառով, որ իր բնությունը փոխելն անհաղթահարելի խնդիր է։ Եթե այդպես լիներ, ապա ավելի լավ կլիներ՝ հեռանայիր, քանի դեռ չափազանց ուշ չէ, որպեսզի ապագայում քո պատիժն ավելի խիստ չդառնա, և քո գազանային բնությունը չպայթի և չդառնա անկառավարելի, մինչև որ Աստված վերջնարդյունքում վերացնի քո մսեղավոր մարմինը: Դու հավատում ես Աստծուն՝ օրհնություններ ստանալու համար. բայց եթե վերջում քեզ միայն դժբախտություն բաժին ընկնի, մի՞թե դա ամոթ չի լինի: Ես հորդորում եմ ձեզ՝ ավելի լավ է՝ մեկ ուրիշ ծրագիր կազմեք։ Ցանկացած բան, որ կարող եք անել, ավելի լավ կլինի, քան Աստծուն հավատալը. անշուշտ, չի կարող պատահել, որ միայն այս ճանապարհը լինի: Մի՞թե չէիք շարունակի ողջ մնալ, եթե չփնտրեիք ճշմարտությունը: Ինչո՞ւ պետք է Աստծու հետ այսկերպ անհամերաշխ լինեք: