Գործ և մուտք (1)
Այն ժամանակից ի վեր, երբ մարդիկ սկսեցին քայլել առ Աստված հավատի ճիշտ ուղով, շատ բաներ կան, որոնց վերաբերյալ մնում են անորոշության մեջ։ Դեռևս լիակատար խառնաշփոթի մեջ են Աստծու գործի և իրենց անելիք աշխատանքի մեծ մասի վերաբերյալ։ Պատճառն այն է, որ մի կողմից շեղումներ ունեն իրենց փորձառության մեջ և ըմբռնելու թույլ կարողություն, մյուս կողմից՝ պատճառն այն է, որ Աստծու գործը դեռ մարդկանց չի հասցրել այս փուլին։ Ուստի՝ բոլորի համար հոգևոր հարցերի մեծ մասն անորոշ է։ Ոչ միայն հստակ չեք հասկանում, թե ինչի մեջ պետք է մտնեք, այլև՝ է՛լ ավելի անտեղյակ եք Աստծու գործից։ Սա ոչ միայն ձեր մեջ եղած թերությունների հարցն է, այլև առավել ևս մեծ թերություն է, որն ընդհանուր է կրոնավոր աշխարհի բոլոր մարդկանց համար։ Այստեղ է թաքնված բանալին դեպի այն, թե ինչու մարդիկ չեն ճանաչում Աստծուն, և ուստի այս թերությունը Նրան փնտրող բոլոր մարդկանց ընդհանուր արատն է։ Ոչ մի մարդ երբևէ չի ճանաչել Աստծուն և երբևէ չի տեսել Նրա ճշմարիտ երեսը։ Հենց այս պատճառով է, որ Աստծու գործը դառնում է այնքան դժվարին, որքան սար շարժելը կամ ծովը ցամաքեցնելը։ Այնքա՜ն շատերն են զոհաբերել իրենց կյանքն Աստծու գործի համար, այնքա՜ն շատերն են վտարվել Նրա գործի պատճառով, այնքա՜ն շատերն են հանուն Նրա գործի տանջամահ արվել, այնքա՜ն շատերն են Աստծու հանդեպ սիրո արցունքներն աչքերին՝ անարդարացիորեն մահացել, այնքա՜ն շատերն են բախվել դաժան և անմարդկային հալածանքի․․․ Այն, որ այս ողբերգությունները տեղի են ունենում, մի՞թե ամբողջովին Աստծու մասին մարդկանց գիտության պակասի պատճառով չէ։ Ինչպե՞ս կարող է Աստծուն չճանաչող մեկը երես ունենալ հանդիպելու Նրան։ Ինչպե՞ս կարող է Աստծուն հավատացող, բայց Նրան հալածող մեկը երես ունենալ՝ հանդիպելու Նրան։ Սրանք լոկ կրոնավոր աշխարհի մարդկանց պակասությունները չեն, այլ՝ ավելի շուտ ընդհանուր են և՛ ձեզ և՛ նրանց համար։ Մարդիկ հավատում են Աստծուն՝ առանց Նրան ճանաչելու։ Միայն այս պատճառով է, որ չունեն աստվածավախ սրտեր և իրենց սրտերում չեն սարսափում Նրանից։ Կան նույնիսկ այնպիսիները, ովքեր բացահայտ կերպով և լկտիաբար անում են այն գործը, որն իրենք են պատկերացնում այս հոսքի մեջ, և կատարում են Աստծու հանձնարարած գործն՝ ըստ սեփական պահանջների և անզուսպ ցանկությունների ։ Շատերն անխոհեմաբար չարագործություններ են կատարում. նրանց աչքերում Աստծու համար տեղ չկա, և նրանք անում են այն, ինչ կամենան։ Մի՞թե այս օրինակները մարդկանց եսասեր սրտերի կատարյալ դրսևորումներ չեն։ Մի՞թե այս օրինակները չեն դրսևորում մարդկանց մեջ խաբեության չափազանց առատ տարրը։ Մարդիկ կարող են իսկապես չափազանց խելացի լինել, բայց ինչպե՞ս կարող են նրանց տաղանդները փոխարինել Աստծու գործը։ Մարդիկ կարող են իսկապես ուշադիր լինել Աստծու հոգսին, բայց չեն կարող չափազանց եսասեր լինել։ Արդյո՞ք մարդկանց գործերն իսկապես «աստվածային» են։ Կարո՞ղ է որևէ մեկը հարյուր տոկոսով վստահ լինել։ Աստծու համար վկայություն կրելը, Նրա փառքը ժառանգելը. այսպես է Աստված բացառություն անում և բարձրացնում մարդկանց. ինչպե՞ս կարող էին մարդիկ արժանի լինել։ Աստծու գործը նոր է սկսվել, և Նրա խոսքերը նոր են սկսել խոսվել։ Այս պահին մարդիկ իրենց լավ են զգում, բայց մի՞թե սա պարզապես նվաստացում չի հրահրում։ Նրանք չափազանց քիչ են հասկանում։ Նույնիսկ ամենավեհ տեսաբանը, ամենաճարտարախոս հռետորը չեն կարող նկարագրել Աստծու ողջ առատությունը, ուր մնաց՝ դուք։ Չպետք է ձեր սեփական արժեքն ավելի բարձր դասեք քան երկինքները, այլ ավելի շուտ՝ պետք է ձեզ ավելի ցածր համարեք, քան այն մարդկանցից որևէ մեկը, որոնք ողջամտություն ունեն և ձգտում են սիրել Աստծուն։ Սա է այն ուղին, որով պետք է մուտք գործեք։ Պետք է ձեզ բոլորից ցածր համարեք։ Ինչո՞ւ եք ձեզ այդքան բարձր դասում։ Ինչո՞ւ եք ձեզ այդքան բարձր գնահատում։ Կյանքի երկար ճանապարհին արել եք միայն առաջին մի քանի քայլը։ Այն ամենը, ինչ տեսնում եք, Աստծու բազուկն է, ոչ թե Աստված ամբողջությամբ։ Անհրաժեշտ է, որ դուք ավելին տեսնեք Աստծու գործից, ավելին բացահայտեք այն ամենից, ուր պետք է մտնեք, որովհետև չափազանց քիչ եք փոխվել։
Մարդուն կատարելագործելու և նրա բնավորությունը վերափոխելու Աստծու գործն այնպիսի գործ է, որը երբեք չի դադարում, որովհետև մարդը չափազանց շատ առումներով է թերանում և շատ հեռու է Նրա պահանջած չափանիշներից։ Եվ այսպես, կարելի է ասել, որ Աստծու աչքերում հավիտենապես կլինեք նորածին մանուկներ՝ կրելով Նրան հաճելի շատ քիչ տարրեր, որովհետև ոչ այլ ինչ եք, քան արարածներ Աստծու ձեռքերում։ Եթե մարդն ընկնում է ինքնագոհության մեջ, մի՞թե զզվելի չի լինի Աստծուն ։ Երբ ասվում է, որ այսօր ի վիճակի եք բավարարելու Աստծուն, միայն ձեր մսեղիի առումով է։ Սակայն, եթե ձեզ համեմատեին Աստծու հետ, հավերժ պարտված կլինեիք ասպարեզում։ Մարդու մսեղին երբեք ոչ մի անգամ հաղթանակ չի ճանաչել։ Միայն Սուրբ Հոգու գործի միջոցով է հնարավոր, որ մարդն օգտակար հատկանիշներ ունենա։ Ճշմարտությունն այն է, որ Աստծու արարչագործության բյուրավոր բաների մեջ մարդն ամենաստորինն է։ Թեև նա բոլոր բաների տերն է, բայց մարդը միակն է դրանց մեջ, ում Սատանան հիմարացնում է, միակը, ով անվերջանալի ճանապարհներով զոհ է դառնում իր ապականությանը։ Մարդը երբեք ինքնավարություն չի ունեցել։ Շատերն ապրում են Սատանայի գարշելի վայրում և կրում նրա ծաղր ու ծանակը. այն այս ու այն կողմ է քաշքշում նրանց, մինչև որ կիսակենդան են մնում՝ տանելով մարդկային աշխարհի յուրաքանչյուր վայրիվերում, յուրաքանչյուր դժվարություն։ Նրանց հետ խաղալուց հետո Սատանան վերջ է դնում նրանց ճակատագրին։ Եվ այսպես՝ մարդիկ իրենց ողջ կյանքն անցկացնում են շփոթության թմբիրի մեջ՝ երբեք չվայելելով այն բարի բաները, որոնք Աստված պատրաստել է իրենց համար, փոխարենը՝ վնասվելով Սատանայի կողմից և թողնվելով ցնցոտիների մեջ։ Իսկ այժմ նրանք դարձել են է՛լ ավելի ուժասպառ ու անտարբեր և պարզապես հակված չեն ուշադրություն դարձնելու Աստծու գործին։ Եթե մարդիկ հակված չեն ուշադրություն դարձնելու Աստծու գործին, նրանց փորձառությունը դատապարտված է հավերժ մնալու մասնատված և անավարտ, իսկ նրանց մուտքը հավերժ դատարկ տարածություն կլինի։ Այն մի քանի հազար տարիների ընթացքում, ինչ Աստված եկավ աշխարհ, վեհ իդեալներ ունեցող անթիվ մարդիկ օգտագործվել են Աստծու կողմից՝ Նրա համար աշխատելու անթիվ տարիներ. բայց նրանք, ովքեր ճանաչում են Նրա գործը, այնքան քիչ են, որ գրեթե գոյություն չունեն։ Այս պատճառով անհամար մարդիկ ստանձնում են Աստծուն հակառակվելու դերը միևնույն ժամանակ, երբ աշխատում են Նրա համար, որովհետև Նրա գործն անելու փոխարեն՝ իրականում մարդկային գործ են անում Աստծու կողմից շնորհված դիրքում։ Կարո՞ղ է սա գործ կոչվել։ Ինչպե՞ս կարող են նրանք մտնել։ Մարդկությունը վերցրել է Աստծու շնորհքը և թաղել այն։ Այս պատճառով անցյալ սերունդների ընթացքում Նրա գործն անողները շատ քիչ մուտք ունեն։ Նրանք պարզապես չեն խոսում Աստծու գործի ճանաչողության մասին, որովհետև չափազանց քիչ են հասկանում Աստծու իմաստությունը։ Կարելի է ասել, որ թեև կան շատերը, ովքեր ծառայում են Աստծուն, բայց չեն կարողացել տեսնել, թե որքան մեծ է Նա. և ահա թե ինչու բոլորն իրենց որպես «Աստված» են հռչակել, որպեսզի ուրիշները երկրպագեն իրենց։
Շա՜տ երկար տարիներ Աստված թաքնված է մնացել բոլոր բաների մեջ։ Նա դիտել է այնքա՜ն գարուններ ու աշուններ քողարկող մշուշի ետևից։ Նայել է երրորդ երկնքից բազում օրեր ու գիշերներ։ Քայլել է մարդկանց մեջ այնքա՜ն ամիսներ ու տարիներ։ Նա հանգիստ նստել է բյուրավոր մարդկանց վերեւում՝ սպասելով բազում ցուրտ ձմեռների ընթացքում։ Նա երբեք ոչ մի անգամ բացահայտ ցույց չի տվել Իրեն որևէ մեկին, ոչ էլ որևէ ձայն է հանել և հեռանում է առանց նշանի ու վերադառնում նույնքան լռելյայն։ Ո՞վ կարող է ճանաչել Նրա ճշմարիտ երեսը։ Նա երբեք ոչ մի անգամ չի խոսել մարդու հետ, երբեք չի հայտնվել մարդուն։ Ինչպե՞ս կարող էր մարդկանց համար հեշտ լինել կատարել Աստծու հանձնարարած գործը։ Նրանք հազիվ թե գիտակցում են, որ Նրան ճանաչելը բոլոր բաներից ամենադժվարն է։ Այսօր Աստված խոսել է մարդու հետ, բայց մարդը երբեք չի ճանաչել Նրան, որովհետև իր կյանքի մուտքը չափազանց սահմանափակ է և մակերեսային։ Նրա տեսանկյունից նայելով՝ մարդիկ լիովին անարժան են հանդիպելու Աստծուն։ Նրանք չափազանց քիչ հասկացողություն ունեն Աստծու մասին և չափազանց օտարացած են Նրանից։ Ավելին՝ սրտերը, որոնցով հավատում են Աստծուն, չափազանց բարդ են, և պարզապես չեն կրում Աստծու պատկերն իրենց սրտերի խորքերում։ Արդյունքում՝ Աստծու սրտի արյունը և Նրա գործը, ավազի տակ թաղված ոսկու կտորների պես, չեն կարող լույսի նշույլ արձակել։ Աստծու համար այս մարդկանց որակը, դրդապատճառները և տեսակետները ծայրաստիճան զզվելի են։ Նրանք ունեն ըմբռնելու խիստ թույլ կարողություն, ծայրաստիճան թմրած են, այլասերված և գռեհիկ, չափազանց ստրկամիտ են, թույլ և կամազուրկ։ Նման են խոշոր եղջերավոր անասունների և ձիերի, որոնց պետք է ամենուր առաջնորդել։ Ինչ վերաբերում է հոգու մեջ նրանց մուտքին կամ Աստծու գործի մեջ մուտքին, նվազագույն ուշադրություն անգամ չեն դարձնում՝ չունենալով վճռականություն տառապելու հանուն ճշմարտության։ Ինչպե՞ս կարող էր հեշտ լինել այսպիսի մարդու համար Աստծու կողմից ավարտուն դարձվելը։ Ուստի կենսական է, որ սկսեք ձեր մուտքն այս տեսանկյունից, որ ձեր գործի և ձեր մուտքի միջոցով սկսեք ճանաչել Աստծու գործը։