Աստվածաշնչի մասին (1)
Աստծուն հավատալիս ինչպե՞ս պետք է վերաբերվել Աստվածաշնչին։ Սա սկզբունքային հարց է։ Ինչո՞ւ ենք մենք հաղորդակցվում այս հարցի շուրջ։ Որովհետև ապագայում դուք լայնորեն պետք է քարոզեք ավետարանը և տարածեք Թագավորության դարաշրջանի գործը, և բավարար չէ լոկ կարողանալ կիսել այսօրվա Աստծու գործի մասին ձեր ունեցած գիտելիքը։ Նրա գործը տարածելու համար ավելի կարևոր է, որ դուք ի վիճակի լինեք լուծելու մարդկանց հին կրոնական պատկերացումներն ու հավատի հին միջոցները և նրանց լիովին համոզված թողնեք․ իսկ այդ աստիճանին հասնելն առնչվում է Աստվածաշնչին։ Բազում տարիներ մարդկանց հավատի ավանդական միջոցը (քրիստոնեության՝ աշխարհի երեք խոշոր կրոններից մեկի հավատի միջոցը) եղել է Աստվածաշունչ կարդալը. Աստվածաշնչից շեղվելը Տիրոջը հավատալ չէ, Աստվածաշնչից շեղվելն այլադավանություն և հերետիկոսություն է, և անգամ երբ մարդիկ այլ գրքեր են կարդում, այդ գրքերի հիմքը պետք է լինի Աստվածաշնչի բացատրությունը։ Այսինքն՝ եթե հավատում ես Տիրոջը, ապա պետք է կարդաս Աստվածաշունչը, և Աստվածաշնչից զատ չպետք է պաշտես որևէ գիրք, որը չի առնչվում Աստվածաշնչին։ Եթե այդպես ես վարվում, ապա դավաճանում ես Աստծուն։ Այն ժամանակվանից, երբ գոյություն ուներ Աստվածաշունչը, Տիրոջ հանդեպ մարդկանց հավատը եղել է հավատն առ Աստվածաշունչ։ Փոխանակ ասելու, թե մարդիկ հավատում են Տիրոջը, ավելի լավ է ասել, որ նրանք հավատում են Աստվածաշնչին. փոխանակ ասելու, թե նրանք սկսել են կարդալ Աստվածաշունչը, ավելի լավ է ասել, որ նրանք սկսել են հավատալ Աստվածաշնչին. և փոխանակ ասելու, թե նրանք վերադարձել են Տիրոջ առաջ, ավելի լավ կլիներ ասել, որ նրանք վերադարձել են Աստվածաշնչի առաջ։ Այսպիսով՝ մարդիկ պաշտում են Աստվածաշունչն այնպես, ասես, այն Աստվածն էր, և վերաբերվում են դրան որպես իրենց կյանքի աղբյուր, և այն կորցնելը նույնը կլիներ, ինչ իրենց կյանքը կորցնելը։ Մարդիկ Աստվածաշունչը համարում են Աստծու չափ բարձր, և կան անգամ այնպիսիք, որոնք այն Աստծուց ավելի բարձր են դասում։ Եթե մարդիկ զուրկ են լինում Սուրբ Հոգու գործից, եթե նրանք չեն կարողանում զգալ Աստծուն, նրանք կարողանում են շարունակել ապրել. բայց հենց կորցնում են Աստվածաշունչը կամ կորցնում են Աստվածաշնչի հայտնի գլուխներն ու ասույթները, ապա կարծես կորցրած լինեն իրենց կյանքը։ Եվ այսպես՝ հենց մարդիկ հավատում են Տիրոջը, նրանք սկսում են կարդալ Աստվածաշունչը և անգիր անել Աստվածաշունչը, և որքան շատ են կարողանում անգիր անել Աստվածաշնչից, այնքան ավելի է դա ապացուցում, որ նրանք սիրում են Տիրոջը և մեծ հավատք ունեն։ Նրանք, ովքեր կարդացել են Աստվածաշունչը և կարող են խոսել դրա մասին ուրիշների հետ, բոլորը լավագույն եղբայրներն ու քույրերն են։ Այս բոլոր տարիներին Տիրոջ հանդեպ մարդկանց հավատքն ու հավատարմությունը չափվել են Աստվածաշնչի նրանց հասկացողության աստիճանով։ Մարդկանց մեծամասնությունը պարզապես չի հասկանում, թե ինչու պետք է հավատա Աստծուն, ոչ էլ այն, թե ինչպես հավատա Աստծուն, և ուրիշ ոչինչ չի անում, քան կուրորեն փնտրում է հուշումներ՝ Աստվածաշնչի գլուխները վերծանելու համար։ Մարդիկ երբեք չեն փնտրել Սուրբ Հոգու գործի ուղղությունը. այս ողջ ընթացքում նրանք ուրիշ ոչինչ չեն արել, քան Աստվածաշունչը հուսահատորեն ուսումնասիրելը և հետազոտելը, և ոչ ոք երբևէ չի գտել Սուրբ Հոգու նորագույն գործն Աստվածաշնչից դուրս։ Ոչ ոք ի վիճակի չէ հեռանալ Աստվածաշնչից, ոչ էլ որևէ մեկը երբևէ համարձակվել է անել դա։ Մարդիկ ուսումնասիրել են Աստվածաշունչն այս բոլոր տարիներին, նրանք հորինել են այնքան շատ բացատրություններ և այնքան շատ աշխատանք են ներդրել. նրանք նաև ունեն բազմաթիվ տարակարծություններ Աստվածաշնչի վերաբերյալ, որոնք անվերջ քննարկում են, այնպես որ այսօր ձևավորվել է ավելի քան երկու հազար տարբեր դավանանք։ Նրանք բոլորն ուզում են գտնել որոշ գերազանց բացատրություններ կամ ավելի խոր խորհուրդներ Աստվածաշնչում, նրանք ուզում են ուսումնասիրել այն և գտնել դրանում Իսրայելում Եհովայի գործի նախապատմությունը կամ Հրեաստանում Հիսուսի գործի նախապատմությունը կամ ավելի շատ խորհուրդներ, որոնք ուրիշ ոչ ոք չգիտի։ Մարդկանց մոտեցումն Աստվածաշնչին մոլուցքի և հավատքի մոտեցում է, և ոչ ոք չի կարող լիովին հստակ իմանալ Աստվածաշնչի հետևում թաքնված իրական պատմությունը կամ Աստվածաշնչի էությունը։ Նույնիսկ այսօր մարդիկ դեռևս ունեն աննկարագրելի զարմանքի զգացում, երբ խոսքը վերաբերում է Աստվածաշնչին, և նրանք է՛լ ավելի են տարված դրանով և է՛լ ավելի շատ հավատ ունեն դրա հանդեպ։ Այսօր բոլորն Աստվածաշնչում ուզում են գտնել վերջին օրերի գործի մարգարեությունները, նրանք ուզում են բացահայտել, թե ինչ գործ է անում Աստված վերջին օրերին, և ինչ նշաններ կան վերջին օրերի համար։ Այսպիսով՝ նրանց երկրպագությունն Աստվածաշնչին դառնում է ավելի ջերմեռանդ, և որքան մոտենում են վերջին օրերը, այնքան ավելի կույր հավատ են նրանք ընծայում Աստվածաշնչի մարգարեություններին, հատկապես այն մարգարեություններին, որոնք վերաբերում են վերջին օրերին։ Աստվածաշնչի հանդեպ նման կույր հավատքով, Աստվածաշնչի հանդեպ նման վստահությամբ նրանք Սուրբ Հոգու գործը փնտրելու ոչ մի ցանկություն չունեն։ Մարդիկ իրենց պատկերացումներում կարծում են, թե միայն Աստվածաշունչը կարող է բերել Սուրբ Հոգու գործը. միայն Աստվածաշնչում նրանք կարող են գտնել Աստծու հետքերը. միայն Աստվածաշնչում են թաքնված Աստծու գործի խորհուրդները. միայն Աստվածաշունչը, այլ ոչ թե ուրիշ գրքեր կամ մարդիկ, կարող է պարզաբանել Աստծու ամեն ինչը և Նրա ողջ գործը. Աստվածաշունչը կարող է երկնքի գործը բերել երկիր. և Աստվածաշունչը կարող է և՛ սկսել, և՛ ավարտել դարաշրջանները։ Այս պատկերացումներով մարդիկ Սուրբ Հոգու գործը փնտրելու հակում չունեն։ Ուստի, անկախ նրանից, թե որքան մեծ օգնություն է եղել Աստվածաշունչը մարդկանց համար անցյալում, այն դարձել է խոչընդոտ Աստծու նորագույն գործի համար։ Առանց Աստվածաշնչի մարդիկ կարող են փնտրել Աստծու հետքերն այլուր, սակայն այսօր Նրա հետքերը «պարփակվել» են Աստվածաշնչի կողմից, և Նրա նորագույն գործը տարածելը պարզապես դարձել է կրկնակի դժվար և ծանր պայքար։ Այս ամենն Աստվածաշնչի հայտնի գլուխների և ասույթների, ինչպես նաև Աստվածաշնչի բազմաթիվ մարգարեությունների պատճառով է։ Աստվածաշունչը դարձել է կուռք մարդկանց մտքերում, այն դարձել է հանելուկ նրանց ուղեղներում, և նրանք պարզապես անկարող են հավատալ, որ Աստված կարող է գործել Աստվածաշնչից դուրս, նրանք անկարող են հավատալ, որ մարդիկ կարող են գտնել Աստծուն Աստվածաշնչից դուրս, առավել ևս նրանք ի վիճակի չեն հավատալու, որ Աստված կարող է հեռանալ Աստվածաշնչից վերջնական գործում և սկսել նորովի։ Սա աներևակայելի է մարդկանց համար. նրանք չեն կարողանում հավատալ դրան և ոչ էլ կարողանում են պատկերացնել դա։ Աստվածաշունչը դարձել է մեծ խոչընդոտ մարդկանց կողմից Աստծու նորագույն գործի ընդունման համար և դժվարություն՝ Աստծու նորագույն գործի տարածման համար։ Ուստի, եթե չհասկանաք Աստվածաշնչի հետևում թաքնված իրական պատմությունը, դուք անկարող կլինեք հաջողությամբ լայնորեն քարոզել ավետարանը, ոչ էլ կկարողանաք լայնորեն վկայել նոր գործի մասին։ Թեպետ այսօր չեք կարդում Աստվածաշունչը, դուք դեռևս չափազանց բարյացակամ եք դրա հանդեպ, այսինքն՝ Աստվածաշունչը, գուցե, ձեր ձեռքերում չէ, բայց ձեր պատկերացումներից շատերը գալիս են դրանից։ Դուք չեք հասկանում Աստվածաշնչի ծագումը կամ Աստծու գործի նախորդ երկու փուլերի իրական պատմությունը։ Թեև հաճախ չեք կարդում Աստվածաշունչը, պետք է հասկանաք Աստվածաշունչը, պետք է Աստվածաշնչի վերաբերյալ ճիշտ գիտելիք ձեռք բերեք, և միայն այսկերպ դուք կկարողանաք իմանալ, թե ինչի մասին է Աստծու վեցհազարամյա տնօրինության ծրագիրը։ Դուք կօգտագործեք այս բաները՝ մարդկանց համոզելու համար, որպեսզի նրանք ընդունեն, որ այս հոսքը ճշմարիտ ճանապարհն է, որպեսզի նրանք ընդունեն, որ այն ուղին, որով քայլում եք այսօր, ճշմարտության ուղին է, որ այն առաջնորդվում է Սուրբ Հոգու կողմից, և որ այն չի բացվել որևէ մարդու կողմից։
Այն բանից հետո, երբ Աստված կատարեց Օրենքի դարաշրջանի գործը, ստեղծվեց Հին Կտակարանը, և հենց այդ ժամանակ մարդիկ սկսեցին կարդալ Աստվածաշունչը։ Հիսուսը գալուց հետո կատարեց Շնորհքի դարաշրջանի գործը, և Նրա առաքյալները գրեցին Նոր Կտակարանը։ Այսպիսով ստեղծվեցին Աստվածաշնչի Հին և Նոր Կտակարանները, և մինչ օրս բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն, կարդում են Աստվածաշունչը։ Աստվածաշունչը պատմական գիրք է։ Իհարկե, այն պարունակում է նաև մարգարեների որոշ կանխագուշակումներ, և նման կանխագուշակումներն ամենևին էլ պատմություն չեն։ Աստվածաշունչը ներառում է մի քանի մաս. այնտեղ միայն մարգարեություններ չեն, կամ միայն Եհովայի գործը, ոչ էլ միայն Պողոսի թղթերն են։ Դու պետք է իմանաս, թե քանի մաս է ներառում Աստվածաշունչը. Հին Կտակարանը պարունակում է Ծննդոցը, Ելքը…, և կան նաև մարգարեական գրքեր, որոնք գրել են մարգարեները։ Ի վերջո, Հին Կտակարանն ավարտվում է Մաղաքիայի գրքով։ Այն արձանագրում է Օրենքի դարաշրջանի գործը, որն առաջնորդում էր Եհովան. Ծննդոցից մինչև Մաղաքիայի գիրքը այն Օրենքի դարաշրջանի ողջ գործի համապարփակ արձանագրությունն է։ Այսինքն՝ Հին Կտակարանն արձանագրում է այն ամենը, ինչ ապրել են այն մարդիկ, որոնց առաջնորդում էր Եհովան Օրենքի դարաշրջանում։ Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանում Եհովան բազմաթիվ մարգարեների աճեցրեց՝ Իր անունից մարգարեանալու, տարբեր ցեղերի և ազգերի ցուցումներ տալու և այն գործը կանխագուշակելու համար, որը Եհովան պիտի աներ։ Այս մարդկանց, որոնք աճեցվել էին, բոլորին Եհովան տվել էր մարգարեական հոգի։ Նրանք ի վիճակի էին տեսնելու տեսիլքներ Եհովայից և լսելու Նրա ձայնը, և այսպիսով նրանք ոգեշնչվեցին Նրանից և գրեցին մարգարեություններ։ Գործը, որ նրանք արեցին, Եհովայի ձայնի արտահայտումն էր, Եհովայի մարգարեության արտահայտումը, և Եհովայի գործն այն ժամանակ պարզապես Հոգու միջոցով մարդկանց առաջնորդելն էր. Նա մսեղի չդարձավ, և մարդիկ Նրա դեմքը չտեսան։ Այսպիսով՝ Նա բազմաթիվ մարգարեների աճեցրեց՝ Իր գործն անելու համար, և տվեց նրանց պատգամներ, որոնք նրանք փոխանցեցին Իսրայելի յուրաքանչյուր ցեղի և տոհմի։ Նրանց գործը մարգարեանալն էր, և նրանցից ոմանք գրի առան Եհովայի ցուցումները՝ ուրիշներին ցույց տալու համար։ Եհովան աճեցրեց այս մարդկանց՝ մարգարեանալու, ապագայի գործը կամ այն ժամանակ դեռևս արվելիք գործը կանխագուշակելու համար, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել Եհովայի հրաշալիությունն ու իմաստությունը։ Մարգարեության այս գրքերը միանգամայն տարբերվում էին Աստվածաշնչի մյուս գրքերից. դրանք խոսքեր էին, որոնք ասվել կամ գրվել էին նրանց կողմից, ում տրվել էր մարգարեական Հոգի՝ նրանց կողմից, ովքեր ստացել էին տեսիլքներ կամ ձայն Եհովայից։ Բացի մարգարեության գրքերից, Հին Կտակարանում մնացած ամեն ինչ մարդկանց կողմից արված արձանագրություններ են այն բանից հետո, երբ Եհովան ավարտել էր Իր գործը։ Այս գրքերը չեն կարող փոխարինել Եհովայի աճեցրած մարգարեների ասած կանխագուշակումներին. օրինակ՝ Ծննդոցը և Ելքը չեն կարող համեմատվել Եսայու գրքի և Դանիելի գրքի հետ։ Մարգարեություններն ասվել էին նախքան գործի իրականացումը. մինչդեռ մյուս գրքերը գրվել էին գործի ավարտից հետո, ինչը մարդկանց կարողության սահմաններում էր։ Այն ժամանակվա մարգարեները ոգեշնչվել էին Եհովայից և որոշ մարգարեություններ արեցին, նրանք շատ խոսքեր ասացին և մարգարեացան Շնորհքի դարաշրջանի բաների, ինչպես նաև վերջին օրերին աշխարհի կործանման մասին՝ այն գործի, որը Եհովան ծրագրել էր անել։ Մնացած բոլոր գրքերն արձանագրում են Իսրայելում Եհովայի կատարած գործը։ Ուստի՝ երբ կարդում ես Աստվածաշունչը, դու հիմնականում կարդում ես այն մասին, թե ինչ արեց Եհովան Իսրայելում. Աստվածաշնչի Հին Կտակարանը գլխավորապես արձանագրում է Իսրայելն առաջնորդելու Եհովայի գործը, թե ինչպես Նա օգտագործեց Մովսեսին՝ իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերելու, փարավոնի կապանքներից նրանց ազատելու և անապատ տանելու համար, նրանց հետագա մուտքը Քանան և դրան հաջորդող նրանց կյանքը Քանանում։ Սրանից զատ, մնացած ամեն ինչ ողջ Իսրայելում Եհովայի գործի արձանագրություններն են։ Հին Կտակարանում արձանագրված ամեն ինչ Եհովայի գործն է Իսրայելում, այսինքն՝ այն գործը, որ Եհովան արեց այն երկրում, որտեղ Նա ստեղծել էր Ադամին և Եվային։ Այն ժամանակվանից, երբ Աստված Նոյից հետո պաշտոնապես սկսեց առաջնորդել երկրի վրայի մարդկանց, այն ամենը, ինչ արձանագրված է Հին Կտակարանում, Իսրայելի գործն է։ Իսկ ինչո՞ւ Իսրայելից դուրս որևէ գործ արձանագրված չէ։ Որովհետև Իսրայելի երկիրը մարդկության օրրանն է, և սկզբում Իսրայելից բացի այլ ազգեր չկային, և Եհովան չէր գործում որևէ այլ վայրում։ Այսկերպ, այն, ինչ արձանագրված է Աստվածաշնչի Հին Կտակարանում, զուտ Աստծու գործն է Իսրայելում այն ժամանակ։ Մարգարեների՝ Եսայու, Դանիելի, Երեմիայի և Եզեկիելի ասած խոսքերը… նրանց խոսքերը կանխագուշակում են երկրի վրա Նրա մյուս գործը, դրանք կանխագուշակում են հենց Եհովա Աստծու գործը։ Սա ամբողջովին գալիս էր Աստծուց, դա Սուրբ Հոգու գործն էր, և բացի մարգարեների այս գրքերից, մնացած ամեն ինչն այն ժամանակ Եհովայի գործի վերաբերյալ մարդկանց փորձառությունների արձանագրությունն է։
Արարչագործությունը տեղի էր ունեցել նախքան մարդկության գոյությունը, բայց Ծննդոց գիրքն ի հայտ եկավ միայն մարդկության գոյությունից հետո. այն մի գիրք էր, որը գրել էր Մովսեսը՝ Օրենքի դարաշրջանում։ Դա նման է այն բաներին, որոնք այսօր տեղի են ունենում ձեր մեջ. դրանց տեղի ունենալուց հետո դուք գրի եք առնում դրանք՝ ապագայում մարդկանց ցույց տալու համար, և ապագայի մարդկանց համար այն, ինչ դուք արձանագրել եք, անցյալում տեղի ունեցած բաներ են. դրանք կարող են կարդացվել միայն որպես պատմություն։ Հին Կտակարանում արձանագրված բաները Եհովայի գործն են Իսրայելում, իսկ այն, ինչ արձանագրված է Նոր Կտակարանում, Հիսուսի գործն է Շնորհքի դարաշրջանում. դրանք փաստագրում են Աստծու կողմից երկու տարբեր դարաշրջաններում կատարված գործը։ Հին Կտակարանը փաստագրում է Աստծու գործն Օրենքի դարաշրջանում, ուստի Հին Կտակարանը պատմական գիրք է։ Նոր Կտակարանը Շնորհքի դարաշրջանի գործի արդյունքն է, և երբ սկսվեց նոր գործը, Նոր Կտակարանը նույնպես ժամանակավրեպ դարձավ, ուստի Նոր Կտակարանը նույնպես պատմական գիրք է։ Իհարկե, Նոր Կտակարանն այնքան համակարգված չէ, որքան Հին Կտակարանը, ոչ էլ այնքան շատ բաներ է արձանագրում։ Եհովայի ասած բոլոր բազմաթիվ խոսքերն արձանագրված են Աստվածաշնչի Հին Կտակարանում, մինչդեռ Հիսուսի խոսքերից միայն մի քանիսն են արձանագրված Չորս Ավետարանում։ Իհարկե, Հիսուսը նաև շատ գործ է արել, բայց դա մանրամասնորեն չի արձանագրվել։ Նոր Կտակարանում ավելի քիչ է արձանագրված, որովհետև Հիսուսն ավելի քիչ գործ է կատարել. երկրի վրա երեքուկես տարվա ընթացքում Նրա կատարած գործի ծավալը և առաքյալների գործը շատ ավելի քիչ էին, քան Եհովայի գործը։ Եվ այսպիսով՝ Նոր Կտակարանում ավելի քիչ գրքեր կան, քան Հին Կտակարանում։
Կոնկրետ, ի՞նչ տեսակի գիրք է Աստվածաշունչը։ Հին Կտակարանն Աստծու գործն է Օրենքի դարաշրջանում։ Աստվածաշնչի Հին Կտակարանն արձանագրում է Եհովայի ողջ գործն Օրենքի դարաշրջանում և Նրա արարչագործությունը։ Այն ամբողջությամբ արձանագրում է Եհովայի կատարած գործը և ի վերջո Եհովայի գործի մասին պատմությունները եզրափակում է Մաղաքիայի գրքով։ Հին Կտակարանն արձանագրում է Աստծու կատարած երկու գործ. մեկն արարչագործությունն է, իսկ մյուսը՝ օրենքի սահմանումը։ Երկուսն էլ Եհովայի կատարած գործերն էին։ Օրենքի դարաշրջանը ներկայացնում է Եհովա Աստծու անվամբ կատարված գործը. այն գլխավորապես Եհովայի անվամբ իրականացված գործի ամբողջությունն է։ Ուստի՝ Հին Կտակարանն արձանագրում է Եհովայի գործը։ Նոր Կտակարանն արձանագրում է Հիսուսի գործը՝ մի գործ, որը գլխավորապես իրականացվել է Հիսուսի անվամբ։ Հիսուսի անվան նշանակալիությունը և Նրա կատարած գործը մեծամասամբ արձանագրված են Նոր Կտակարանում։ Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանում Եհովան կառուցեց տաճարը և զոհասեղանն Իսրայելում, Նա առաջնորդեց իսրայելացիների կյանքը երկրի վրա՝ ապացուցելով, որ նրանք Իր ընտրյալ ժողովուրդն էին՝ մարդկանց առաջին խումբը, որին Նա ընտրեց երկրի վրա և որոնք համահունչ էին Իր մտադրություններին, առաջին խումբը, որին Նա անձամբ էր առաջնորդել։ Իսրայելի տասներկու ցեղը Եհովայի առաջին ընտրյալ ժողովուրդն էր, և ուստի Նա միշտ գործում էր նրանց վրա՝ ընդհուպ մինչև Օրենքի դարաշրջանի Եհովայի գործի ավարտը։ Գործի երկրորդ փուլը Նոր Կտակարանի Շնորհքի դարաշրջանի գործն էր, և այն իրականացվեց հրեա ժողովրդի մեջ՝ Իսրայելի տասներկու ցեղից մեկի մեջ։ Այս գործի շրջանակն ավելի փոքր էր, որովհետև Հիսուսը մսեղի դարձած Աստված էր։ Հիսուսը գործեց միայն ողջ Հրեաստանի երկրում և կատարեց միայն երեքուկես տարվա գործ. ուստի այն, ինչ արձանագրված է Նոր Կտակարանում, շատ հեռու է Հին Կտակարանում արձանագրված գործի ծավալը գերազանցելուց։ Շնորհքի դարաշրջանի՝ Հիսուսի գործը գլխավորապես արձանագրված է Չորս Ավետարանում։ Ճանապարհը, որով ընթանում էին Շնորհքի դարաշրջանի մարդիկ, իրենց կյանքի խառնվածքի ամենամակերեսային փոփոխությունների ճանապարհն էր, որի մեծ մասն արձանագրված է թղթերում։ Թղթերը ցույց են տալիս, թե ինչպես էր Սուրբ Հոգին գործում այն ժամանակ։ (Իհարկե, անկախ նրանից, թե Պողոսը խրատվեց, թե վշտի հանդիպեց, իր կատարած գործում նա հրահանգվում էր Սուրբ Հոգու կողմից, նա մեկն էր, ում օգտագործում էր Սուրբ Հոգին այն ժամանակ. Պետրոսը նույնպես օգտագործվում էր Սուրբ Հոգու կողմից, բայց նա այնքան գործ չարեց, որքան Պողոսը։ Թեև Պողոսի գործը պարունակում էր մարդկային անմաքրություններ, Պողոսի գրած թղթերից կարելի է տեսնել, թե ինչպես էր Սուրբ Հոգին գործում այն ժամանակ։ Ճանապարհը, որով առաջնորդում էր Պողոսը, ճիշտ ճանապարհն էր, այն ճիշտ էր, և դա այն ճանապարհն էր, որով ընթանում էր Սուրբ Հոգին։)
Եթե դու ցանկանում ես տեսնել Օրենքի դարաշրջանի աշխատանքը և տեսնել, թե ինչպես էին իսրայելացիները հետևում Եհովայի ճանապարհին, ապա պետք է կարդաս Հին Կտակարանը, իսկ եթե ցանկանում ես հասկանալ Շնորհքի դարաշրջանի աշխատանքը, ապա պետք է կարդաս Նոր Կտակարանը։ Բայց ինչպե՞ս ես դու տեսնում վերջին օրերի աշխատանքը։ Դու պետք է ընդունես Աստծու առաջնորդությունն այսօր և մտնես այսօրվա աշխատանքի մեջ, քանզի սա նոր աշխատանքն է, և ոչ ոք նախկինում չի գրառել այն Աստվածաշնչում։ Այսօր Աստված մսեղի է դարձել և այլ ընտրյալ մարդկանց է ընտրել Չինաստանում։ Աստված աշխատում է այս մարդկանց վրա, Նա շարունակում է Իր աշխատանքը երկրի վրա և շարունակում է Շնորհի դարաշրջանի աշխատանքը։ Այսօրվա աշխատանքն այնպիսի ուղի է, որով մարդը երբեք չի քայլել, և այնպիսի ճանապարհ, որը ոչ ոք երբևէ չի տեսել։ Սա մի աշխատանք է, որը նախկինում երբեք չի արվել՝ դա Աստծու նորագույն աշխատանքն է երկրի վրա։ Ուստի աշխատանքը, որ երբեք նախկինում չի արվել, պատմություն չէ, որովհետև ներկան ներկա է և դեռ պետք է անցյալ դառնա։ Մարդիկ չգիտեն, որ Աստված ավելի մեծ ու նոր աշխատանք է արել երկրի վրա՝ Իսրայելից դուրս, որ այն արդեն դուրս է եկել Իսրայելի սահմաններից և մարգարեների կանխագուշակումներից, որ դա մարգարեություններից դուրս մի նոր և հրաշալի աշխատանք է, Իսրայելից անդին ավելի նոր աշխատանք, և այնպիսի աշխատանք, որը մարդիկ չեն կարող ո՛չ ըմբռնել, ո՛չ էլ պատկերացնել։ Ինչպե՞ս կարող էր Աստվածաշունչը պարունակել նման աշխատանքի հստակ գրառումներ։ Ո՞վ կարող էր նախապես, առանց որևէ բացթողման գրառել այսօրվա աշխատանքի յուրաքանչյուր մանրուք։ Ո՞վ կարող էր այդ գրքում, որն այնքան հին է, որ բորբոսնել է, գրառել այս ավելի մեծ ու ավելի իմաստուն աշխատանքը, որը դեմ է ընդունված պատկերացումներին։ Ներկայիս աշխատանքը պատմություն չէ, և որպես այդպիսին՝ եթե դու ցանկանում ես քայլել այսօրվա նոր ճանապարհով, ապա պետք է հեռանաս Աստվածաշնչից, պետք է դուրս գաս Աստվածաշնչի մարգարեության կամ պատմության գրքերի շրջանակներից։ Միայն այդ ժամանակ կկարողանաս ճիշտ քայլել նոր ճանապարհով, և միայն այդ ժամանակ կկարողանաս մտնել նոր ոլորտ ու նոր աշխատանքի մեջ։ Դու պետք է հասկանաս, թե այսօր ինչու է քեզնից պահանջվում չկարդալ Աստվածաշունչը, ինչու կա մեկ այլ աշխատանք, որն անկախ է Աստվածաշնչից, ինչու Աստված չի փնտրում ավելի նոր, ավելի մանրամասն կիրարկում Աստվածաշնչում, և ինչու դրա փոխարեն կա ավելի զորեղ աշխատանք Աստվածաշնչից դուրս։ Սա է այն ամենը, ինչ դուք պետք է հասկանաք։ Դու պետք է իմանաս հին ու նոր աշխատանքների տարբերությունը ու թեև չես կարդում Աստվածաշունչը, պետք է կարողանաս մասնատել այն, հակառակ դեպքում դու դեռ կերկրպագես Աստվածաշունչը, և քեզ համար դժվար կլինի մտնել նոր աշխատանքի մեջ ու ենթարկվել նոր փոփոխությունների։ Քանի որ կա ավելի բարձր ճանապարհ, ինչո՞ւ ուսումնասիրել այդ ցածր, հնացած ճանապարհը։ Քանի որ կան ավելի նոր արտահայտումներ և ավելի նոր աշխատանք, ինչո՞ւ դեռ ապրել հին պատմական գրառումների մեջ։ Նոր արտահայտումները կարող են մատակարարել քեզ, ինչը վկայում է, որ սա նոր աշխատանքն է․ հին գրառումները չեն կարող հագեցնել քեզ կամ բավարարել քո ներկայիս կարիքները, ինչը վկայում է, որ դրանք պատմություն են, այլ ոչ թե ներկայիս աշխատանքը։ Ամենաբարձր ճանապարհն ամենանոր աշխատանքն է, և նոր աշխատանքով, որքան էլ բարձր լինի անցյալի ճանապարհը, այն պարզապես պատմություն է, որին մարդիկ հետ են նայում, ու թեև այն ունի ուղեցուցի արժեք, այն, միևնույն է, հին ճանապարհ է։ Թեև հին ճանապարհը գրառված է «սուրբ գրքում», այն պատմություն է. թեև նոր ճանապարհի մասին որևէ էջ չկա, որ գրառում ունի «սուրբ գրքում», այն արդիական է։ Այս ճանապարհը կարող է փրկել քեզ, և այս ճանապարհը կարող է փոխել քեզ, քանզի սա Սուրբ Հոգու աշխատանքն է։
Դուք բոլորդ պետք է հասկանաք Աստվածաշունչը. այս գործը խիստ անհրաժեշտություն է։ Այսօր դուք կարիք չունեք կարդալու Աստվածաշունչը, քանզի դրանում ոչ մի նոր բան չկա. այն ամբողջովին հին է։ Աստվածաշունչը պատմական գիրք է, և եթե դուք ուտեիք ու խմեիք Հին Կտակարանը Շնորհքի դարաշրջանում, և եթե դուք կիրարկեիք այն, ինչ պահանջվում էր Հին Կտակարանի ժամանակներում Շնորհքի դարաշրջանում, ապա Հիսուսը կմերժեր ձեզ և կդատապարտեր ձեզ. եթե դուք կիրառեիք Հին Կտակարանը Հիսուսի գործի նկատմամբ, դուք կլինեիք փարիսեցի։ Եթե այսօր Հին և Նոր Կտակարանները միասին դնես՝ ուտելու, խմելու և կիրարկելու համար, ապա այսօրվա Աստված կդատապարտի քեզ. դու հետ կընկնես Սուրբ Հոգու այսօրվա գործից։ Եթե ուտում և խմում ես Հին Կտակարանը և Նոր Կտակարանը, ապա դու Սուրբ Հոգու հոսքից դուրս ես։ Հիսուսի ժամանակ Հիսուսն առաջնորդում էր հրեաներին և բոլոր նրանց, ովքեր հետևում էին Իրեն՝ համաձայն այն ժամանակ Իր մեջ գործող Սուրբ Հոգու գործի։ Նա Աստվածաշունչը չվերցրեց որպես Իր արածի հիմք, այլ խոսեց Իր գործի համաձայն. Նա ուշադրություն չդարձրեց նրան, թե ինչ էր ասում Աստվածաշունչը, ոչ էլ Աստվածաշնչում ճանապարհ փնտրեց՝ Իր հետևորդներին առաջնորդելու համար։ Հենց այն պահից, երբ Նա սկսեց գործել, Նա քարոզեց ապաշխարության ճանապարհը՝ մի բան, որի մասին բացարձակապես հիշատակում չկար Հին Կտակարանի բազմաթիվ մարգարեություններում։ Նա ոչ միայն չգործեց Աստվածաշնչի համաձայն, այլև առաջնորդեց նոր ճանապարհով և նոր գործ արեց։ Նա երբեք հղում չէր կատարում Աստվածաշնչին, երբ քարոզում էր։ Օրենքի դարաշրջանում ոչ ոք երբևէ ի վիճակի չէր եղել կատարելու հիվանդներին բժշկելու և դևեր հանելու Նրա հրաշքները։ Այդպես էլ Նրա գործը, Նրա ուսմունքները և Նրա խոսքի իշխանությունն ու զորությունը վեր էին Օրենքի դարաշրջանի ցանկացած մարդուց։ Հիսուսը պարզապես արեց Իր նոր գործը, և թեև շատ մարդիկ դատապարտեցին Նրան՝ օգտագործելով Աստվածաշունչը, և անգամ օգտագործեցին Հին Կտակարանը՝ Նրան խաչելու համար, Նրա գործը գերազանցեց Հին Կտակարանը. եթե դա այդպես չէր, ինչո՞ւ մարդիկ Նրան գամեցին խաչին։ Մի՞թե դա այն պատճառով չէր, որ Հին Կտակարանում ոչինչ չէր ասվում Նրա ուսմունքների և հիվանդներին բժշկելու ու դևեր հանելու Նրա զորության մասին։ Նրա գործն արվեց՝ նոր ճանապարհով առաջնորդելու համար, այն Աստվածաշնչի դեմ միտումնավոր կռիվ հրահրելու կամ Հին Կտակարանը միտումնավոր վերացնելու համար չէր։ Նա պարզապես եկավ՝ կատարելու Իր սպասավորությունը, նոր գործը բերելու նրանց, ովքեր տենչում և փնտրում էին Իրեն։ Նա չեկավ՝ բացատրելու Հին Կտակարանը կամ պաշտպանելու դրա գործը։ Նրա գործը նրա համար չէր, որ թույլ տա Օրենքի դարաշրջանին շարունակել զարգանալ։ Նա հաշվի չառավ, թե արդյոք Իր գործն իր հիմքում ուներ Աստվածաշունչը, այլ պարզապես եկավ՝ անելու այն գործը, որը պետք է աներ, ուստի Նա չբացատրեց Հին Կտակարանի մարգարեությունները, ոչ էլ գործեց Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանի խոսքերի համաձայն։ Նա անտեսեց այն, ինչ ասում էր Հին Կտակարանը, Նրան չէր հուզում՝ արդյոք այն համահունչ էր Իր գործի հետ, թե ոչ, և չէր հուզում, թե ուրիշներն ինչ գիտեին Իր գործի մասին կամ ինչպես էին դատապարտում այն։ Նա պարզապես շարունակեց անել այն գործը, որը պետք է աներ, թեև շատ մարդիկ օգտագործեցին Հին Կտակարանի մարգարեների կանխագուշակումները՝ Նրան դատապարտելու համար։ Մարդկանց թվում էր, թե Նրա գործը հիմք չուներ, և դրանում շատ բան կար, որը հակասում էր Հին Կտակարանի արձանագրություններին։ Մի՞թե սա մարդու մոլորությունը չէր։ Արդյո՞ք Աստված կարիք ունի կանոններ կիրառելու Իր գործի նկատմամբ։ Եվ արդյո՞ք Աստված պետք է գործի մարգարեների կանխագուշակումների համաձայն։ Ի վերջո, ո՞րն է ավելի մեծ՝ Աստվա՞ծ, թե՞ Աստվածաշունչը։ Ինչո՞ւ Աստված պետք է գործի Աստվածաշնչի համաձայն։ Մի՞թե Աստված իրավունք չունի գերազանցելու Աստվածաշունչը։ Մի՞թե Աստված չի կարող հեռանալ Աստվածաշնչից և այլ գործ անել։ Ինչո՞ւ Հիսուսը և Նրա աշակերտները չպահեցին Շաբաթը։ Եթե Նա պետք է գործեր Շաբաթ օրվա համաձայն և Հին Կտակարանի պատվիրանների համաձայն, ինչո՞ւ Հիսուսը չպահեց Շաբաթն Իր գալուց հետո, այլ դրա փոխարեն ոտքեր լվաց, ծածկեց գլուխը, կտրեց հացը և գինի խմեց։ Մի՞թե այս ամենը չի բացակայում Հին Կտակարանի պատվիրաններից։ Եթե Հիսուսը հետևում էր Հին Կտակարանին, ինչո՞ւ Նա խախտեց այս կանոնները։ Դուք պետք է իմանաք, թե որն առաջինը եղավ՝ Աստվա՞ծ, թե՞ Աստվածաշո՛ւնչը։ Լինելով Շաբաթի Տերը՝ մի՞թե Նա չէր կարող լինել նաև Աստվածաշնչի Տերը։
Նոր Կտակարանի ժամանակ Հիսուսի կատարած գործը նոր գործ սկսեց։ Նա չգործեց Հին Կտակարանի գործի համաձայն, ոչ էլ կիրառեց Հին Կտակարանի Եհովայի ասած խոսքերը։ Նա արեց Իր սեփական գործը, և Նա արեց նոր գործ, գործ, որն ավելի բարձր էր, քան օրենքը։ Ուստի Նա ասաց. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու»: Այսպիսով՝ համաձայն այն բանի, ինչ Նա իրագործեց, բազմաթիվ կանոններ խախտվեցին։ Շաբաթ օրը, երբ Նա աշակերտներին տարավ ցորենի արտերի միջով, նրանք պոկեցին և կերան ցորենի հասկերը. Նա չպահեց Շաբաթը և ասաց. «Այնպես որ Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։ Այն ժամանակ, իսրայելացիների կանոնների համաձայն՝ ով չէր պահում Շաբաթը, պետք է քարկոծվեր մինչև մահ։ Հիսուսը, սակայն, ո՛չ տաճար մտավ, ո՛չ էլ պահեց Շաբաթը, և Նրա գործը չէր արվել Եհովայի կողմից Հին Կտակարանի ժամանակ։ Այսպիսով՝ Հիսուսի կատարած գործը գերազանցեց Հին Կտակարանի օրենքը, այն ավելի բարձր էր դրանից, և Նա չառաջնորդվեց Հին Կտակարանով Իր գործն անելիս։ Շնորհքի դարաշրջանում Հիսուսն արդեն չէր գործում Հին Կտակարանի օրենքի համաձայն և արդեն խախտել էր այդ կանոնները։ Բայց իսրայելացիները դեռևս համառորեն կառչած էին Սուրբ Գրքից և դատապարտեցին Հիսուսին. մի՞թե սա Հիսուսի գործը ժխտել չէր։ Այսօր կրոնական աշխարհը նույնպես համառորեն կառչած է Աստվածաշնչից, և ոմանք ասում են. «Աստվածաշունչը սուրբ գիրք է, և այն պետք է կարդալ»։ Ոմանք ասում են. «Անկախ նրանից, թե երբ, Աստծու գործից չի կարելի հրաժարվել։ Հին Կտակարանն Աստծու ուխտն է իսրայելացիների հետ և չի կարող դեն նետվել, և Շաբաթը միշտ պետք է պահվի՛»։ Մի՞թե նրանք չափազանց անհեթեթ չեն։ Ինչո՞ւ Հիսուսը չպահեց Շաբաթ օրը։ Մի՞թե Նա մեղանչում էր։ Ո՞վ կարող է հիմնովին հասկանալ այս հարցը։ Անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են կարդում Աստվածաշունչը, անհնար կլինի ճանաչել Աստծու գործը՝ օգտագործելով իրենց ընկալումը։ Նրանք ոչ միայն Աստծու մասին մաքուր գիտելիք ձեռք չեն բերի, այլև նրանց պատկերացումները կդառնան է՛լ ավելի անուղղելի, այնպես որ նրանք կսկսեն հակադրվել Աստծուն։ Եթե չլիներ Աստծու մարմնացումն այսօր, մարդիկ կկործանվեին իրենց իսկ պատկերացումներով, և նրանք կմեռնեին Աստծու պատժի մեջ։