Աստվածաշնչի մասին (2)
Աստվածաշունչը կոչվում է նաև Հին և Նոր Կտակարան։ Դուք գիտե՞ք, թե ինչին է վերաբերում «կտակարան»-ը։ Հին Կտակարանում «կտակարան»-ը բխում է Եհովայի և Իսրայելի ժողովրդի միջև կնքված ուխտից, երբ Նա ջախջախեց եգիպտացիներին և իսրայելացիներին փրկեց փարավոնից։ Իհարկե, այս ուխտի ապացույցը դռան բարավորներին քսված գառան արյունն էր, որի միջոցով Աստված ուխտ հաստատեց մարդու հետ, մի ուխտ, որում ասվում էր, որ բոլոր նրանք, ում դռան շրջանակի վերևում և կողքերին գառան արյուն կար, իսրայելացիներ են, նրանք Աստծու ընտրյալ ժողովուրդն են, և Եհովան բոլորին պիտի խնայեր (քանզի Եհովան այն ժամանակ պատրաստվում էր սպանել Եգիպտոսի բոլոր անդրանիկ որդիներին և ոչխարների ու խոշոր եղջերավոր անասունների անդրանիկներին)։ Այս ուխտն ունի իմաստի երկու մակարդակ։ Եգիպտոսի մարդկանցից և անասուններից ոչ մեկ չէր փրկվելու Եհովայի կողմից. Նա պիտի տապալեր նրանց բոլոր անդրանիկ որդիներին և ոչխարների ու խոշոր եղջերավոր անասունների անդրանիկներին։ Այսպիսով՝ մարգարեության բազմաթիվ գրքերում կանխագուշակվում էր, որ Եհովայի ուխտի արդյունքում եգիպտացիները խստորեն պիտի պատժվեին։ Սա է ուխտի իմաստի առաջին մակարդակը։ Եհովան տապալեց Եգիպտոսի անդրանիկ որդիներին և նրա բոլոր անդրանիկ անասուններին, ու Նա խնայեց բոլոր իսրայելացիներին, ինչը նշանակում էր, որ բոլոր նրանց, ովքեր Իսրայելի երկրից էին, Եհովան փայփայում էր և բոլորին խնայում։ Նա մտադիր էր երկարաժամկետ գործ անել նրանց վրա և գառան արյամբ ուխտ հաստատեց նրանց հետ։ Այդուհետ Եհովան չկործանեց իսրայելացիներին և ասաց, որ նրանք հավիտյան պիտի լինեն Իր ընտրյալ ժողովուրդը։ Իսրայելի տասներկու ցեղի մեջ Նա պիտի սկսեր Իր գործը ողջ Օրենքի դարաշրջանի համար, Նա պիտի բացահայտեր Իր բոլոր օրենքներն իսրայելացիներին և նրանց միջից մարգարեներ ու դատավորներ ընտրեր, և նրանք պիտի լինեին Նրա գործի կենտրոնում։ Եհովան ուխտ կնքեց նրանց հետ․ քանի դեռ դարաշրջանը չէր փոխվել, Նա պիտի գործեր միայն ընտրյալ ժողովրդի միջավայրում։ Եհովայի ուխտն անփոփոխ էր, քանզի այն կնքվել էր արյունով և հաստատվել Իր ընտրյալ ժողովրդի հետ. ավելի կարևոր է այն, որ Նա ընտրել էր համապատասխան շրջանակ և թիրախ, որոնց միջոցով պիտի սկսեր Իր գործը ողջ դարաշրջանի համար: Որպես արդյունք՝ մարդիկ այդ ուխտը հատկապես կարևոր համարեցին։ Սա է ուխտի իմաստի երկրորդ մակարդակը։ Բացառությամբ Ծննդոցի, որն ուխտի հաստատումից առաջ էր, Հին Կտակարանի բոլոր մյուս գրքերն արձանագրում են Աստծու գործն իսրայելացիների միջավայրում՝ ուխտի հաստատումից հետո։ Իհարկե, երբեմն հանդիպում են հեթանոսների մասին արձանագրություններ, բայց ընդհանուր առմամբ Հին Կտակարանը փաստագրում է Աստծու գործն Իսրայելում։ Իսրայելացիների հետ Եհովայի կնքած ուխտի պատճառով Օրենքի դարաշրջանում գրված գրքերը կոչվում են Հին Կտակարան։ Դրանք կոչվել են իսրայելացիների հետ Եհովայի կնքած ուխտի անունով։
Նոր Կտակարանն իր անունը ստացել է խաչի վրա Հիսուսի թափած արյան և Նրան հավատացող բոլոր մարդկանց հետ Նրա կնքած ուխտի անունից։ Հիսուսի ուխտը հետևյալն էր․ մարդիկ պետք է միայն հավատային Նրան, որպեսզի իրենց մեղքերը ներվեին Նրա թափած արյան շնորհիվ, և այդպիսով կփրկվեին ու վերստին կծնվեին Նրա միջոցով և այլևս մեղավորներ չէին լինի․ մարդիկ պետք է միայն հավատային Նրան՝ Նրա շնորհքը ստանալու համար, և մահանալուց հետո դժոխքում չէին տառապի։ Շնորհքի դարաշրջանում գրված բոլոր գրքերն ի հայտ եկան այս ուխտից հետո և դրանք բոլորը փաստագրում են դրա պարունակած գործն ու արտահայտումները։ Դրանք չեն անցնում Տեր Հիսուսի խաչելության փրկությունից կամ ուխտից այն կողմ. դրանք բոլորը գրքեր են, որոնք գրել են Տիրոջ փորձառու եղբայրները։ Այսպիսով՝ այս գրքերը նույնպես կոչվում են ուխտի անունով. դրանք կոչվում են Նոր Կտակարան։ Այս երկու կտակարանն ընդգրկում է միայն Օրենքի դարաշրջանն ու Շնորհքի դարաշրջանը և ոչ մի կապ չունեն վերջին դարաշրջանի հետ։ Այսպիսով՝ Աստվածաշունչը մեծ օգուտ չի տալիս վերջին օրերի այսօրվա մարդկանց։ Լավագույն դեպքում այն ծառայում է որպես ժամանակավոր տեղեկատու աղբյուր, բայց հիմնականում քիչ օգտակարություն ունի։ Սակայն կրոնավոր մարդիկ դեռևս ամենաշատն այն են փայփայում։ Նրանք չգիտեն Աստվածաշունչը. գիտեն միայն բացատրել Աստվածաշունչը, և հիմնովին անտեղյակ են դրա ծագումից։ Նրանց վերաբերմունքն Աստվածաշնչի հանդեպ հետևյալն է` Աստվածաշնչում ամեն ինչ ճիշտ է, այն չի պարունակում ոչ մի անճշտություն կամ սխալ։ Քանի որ նրանք սկզբում որոշել են, որ Աստվածաշունչը ճիշտ է և անսխալ, նրանք մեծ հետաքրքրությամբ սկսել են ուսումնասիրել ու քննել այն։ Աշխատանքի այսօրվա փուլն Աստվածաշնչում չէր կանխագուշակվել. երբեք որևէ հիշատակում չի եղել բոլոր վայրերից ամենախավարում նվաճման աշխատանքի մասին: Պատճառն այն է, որ սա ամենանոր գործն է։ Քանի որ աշխատանքի դարաշրջանը տարբեր է, նույնիսկ Հիսուսն Ինքն անտեղյակ էր, որ աշխատանքի այս փուլը պիտի կատարվեր վերջին օրերին. ուստի ինչպե՞ս կարող էին վերջին օրերի մարդիկ գտնել աշխատանքի այս փուլն Աստվածաշնչում՝ քննելով այն։
Աստվածաշունչը մեկնողների մեծ մասը տրամաբանությունն օգտագործում է հետևություններ անելու համար՝ առանց իրականության մեջ որևէ հիմք ունենալու։ Նրանք պարզապես տրամաբանություն են կիրառում՝ Աստվածաշունչը բազմաթիվ տեսանկյուններից քննելու համար։ Տարիներ շարունակ ոչ ոք չի համարձակվել մասնատել Աստվածաշունչը կամ «ոչ» ասել Աստվածաշնչին, որովհետև այս գիրքը «սուրբ գիրքն» է, և մարդիկ այն պաշտում են՝ ինչպես Աստծուն։ Սա շարունակվել է մի քանի հազար տարի։ Աստված ուշադրություն չի դարձրել, և ոչ ոք չի բացահայտել Աստվածաշնչի իրական պատմությունը։ Մենք ասում ենք, որ Աստվածաշունչը փայփայելը կռապաշտություն է, սակայն այդ բարեպաշտ հավատացյալներից ոչ ոք չի համարձակվում դրան այդպես նայել, և նրանք կհամոզեն քեզ. «Եղբա՛յր, մի՛ ասա այդպես, դա սարսափելի՛ է։ Ինչպե՞ս կարող ես հայհոյել Աստծուն»։ Այնուհետև նրանք անշնորհք վարք կդրսևորեն. «Օ՜, ողորմա՛ծդ Հիսուս, Փրկի՛չ, աղաչում եմ Քեզ ներել նրա մեղքը, քանզի Դու այն Տերն ես, ով սիրում է մարդուն, և մենք բոլորս մեղանչել ենք, խնդրում եմ, մեծ ողորմությո՛ւն ցուցաբերիր մեզ, ամե՛ն»։ Ահա թե որքան «բարեպաշտ» են նրանք․ ինչպե՞ս կարող է հեշտ լինել նրանց համար ճշմարտությունն ընդունելը։ Քո այդ խոսքերը նրանց խիստ սարսափահար կանեն։ Ավելին՝ ոչ ոք չի համարձակվի մտածել, որ Աստվածաշունչը կարող է աղավաղված լինել մարդկային գաղափարներով ու պարունակել մարդկային պատկերացումներ, և ոչ ոք չի կարող տեսնել այս թերությունը։ Այն ամենի մի մասը, ինչ կա Աստվածաշնչում, անհատների փորձառություններն ու գիտելիքն են, մի մասը Սուրբ Հոգու լուսավորումն է, և կա նաև կեղծում՝ մարդկային մտածելակերպից։ Աստված երբեք չի միջամտել այս բաներին, բայց կա սահման. Այս բաները չեն կարող գերազանցել բնականոն մարդկային մտածողությունը։ Եթե գերազանցում են, ապա անհանգստացնում և խաթարում են Աստծու գործը և Սատանայի արարքն են, քանի որ մարդկանց զրկում են իրենց պարտականությունից՝ ստիպելով նրանց կատարել Սատանայի գործը և ենթարկվել նրա գերիշխանությանը։ Այդ պահին Սուրբ Հոգին թույլ չի տա նրան այդպես վարվել։ Երբեմն որոշ եղբայրներ և քույրեր հարցնում են․ «Արդյո՞ք կարելի է, որ ես այսինչ ձևով աշխատեմ»։ Ես նայում եմ նրանց հասակին և ասում՝ կարելի՛ է։ Կան նաև մարդիկ, ովքեր ասում են․ «Եթե ես այսինչ ձևով աշխատեմ, արդյո՞ք իմ վիճակը բնականոն կլինի»։ Եվ ես ասում եմ․ «Այո՛։ Այն բնականոն է, հատկապես բնականո՛ն»։ Ուրիշներն ասում են․ «Կարելի՞ է արդյոք, որ ես այս կերպ աշխատեմ»։ Եվ Ես ասում եմ՝ ո՛չ։ Նրանք ասում են․ «Ինչո՞ւ նրա համար դա կարելի է, իսկ ինձ համար՝ ո՞չ»։ Եվ ես ասում եմ․ «Որովհետև այն, ինչ դու անում ես, գալիս է Սատանայից, դա անհանգստություն է, և քո գործողությունների դրդապատճառը և աղբյուրը սխալ են»։ Լինում են նաև ժամանակներ, երբ գործը չի հասնում այդ կետին, և եղբայրներն ու քույրերն անտեղյակ են դրանից։ Ոմանք հարցնում են Ինձ, թե արդյոք կարելի՞ է աշխատել որոշակի ձևով, և երբ Ես տեսնում եմ, որ նրանց գործողությունները չեն խաթարի ապագայի գործը, ասում եմ, որ դա ընդունելի է։ Սուրբ Հոգու գործը մարդկանց տալիս է մի շրջանակ․ մարդիկ ստիպված չեն ամբողջությամբ և բացարձակապես գործել՝ Սուրբ Հոգու նախնական մտադրություններին համապատասխան, քանզի մարդիկ օժտված են բնականոն մարդկային մտածողությամբ և թուլությամբ, և նրանք ունեն որոշ մսեղավոր կարիքներ, ունեն իրական խնդիրներ, իսկ նրանց ուղեղներում կան որոշ մտքեր, որոնց վերահսկման միջոցը նրանք հիմնականում չունեն ։ Այն ամենը, ինչ ես պահանջում եմ մարդկանցից, ունի սահման։ Ոմանք կարծում են, որ Իմ խոսքերը երկիմաստ են, որ ես նրանց ասում եմ գործել ցանկացած ձևով․ դա այն պատճառով է, որ դու չես հասկանում, որ Իմ պահանջներն ունեն համապատասխան շրջանակ։ Եթե լիներ այնպես, ինչպես դու ես պատկերացնում․ եթե ես նույն պահանջները դնեի բոլոր մարդկանց առաջ՝ առանց բացառության, և պահանջեի նրանց բոլորից հասնել նույն հասակին, ապա դա չէր գործի։ Դա անհնարինն է պահանջում, և դա մարդկային գործի սկզբունքն է, ոչ թե Աստծու գործի սկզբունքը։ Աստծու գործն իրականացվում է ըստ մարդկանց փաստացի հանգամանքների և հիմնված է նրանց բնածին արժանիքի վրա։ Սա է նաև Ավետարանը քարոզելու սկզբունքը․ դու պետք է շարժվես դանդաղ՝ թույլ տալով, որ բնությունն իր հունով ընթանա. միայն այն ժամանակ, երբ դու մեկին հստակորեն ասես ճշմարտությունը, նա կհասկանա, և միայն այդ ժամանակ նա ի վիճակի կլինի մի կողմ դնել Աստվածաշունչը։ Եթե Աստված չաներ գործի այս փուլը, ո՞վ ի վիճակի կլիներ խզելու կապերն սովորույթի հետ։ Ո՞վ ի վիճակի կլիներ անելու նոր գործը։ Ո՞վ ի վիճակի կլիներ գտնելու նոր ուղի՝ Աստվածաշնչից դուրս։ Մարդկանց ավանդական պատկերացումները և ճորտատիրական բարոյականությունն այնքան ահավոր են, որ նրանք ունակ չեն ինքնուրույն դեն նետելու այդ բաները, ոչ էլ դրա համար քաջություն ունեն, էլ չասած այն մասին, թե ինչպես են այսօրվա մարդիկ գերեվարվել Աստվածաշնչի մի քանի մեռած բառերով, և ինչպես են նրանց սրտերը համակվել այդ բառերով։ Ուստի ինչպե՞ս կարող են նրանք պատրաստակամ լինել հրաժարվելու Աստվածաշնչից։ Ինչպե՞ս կարող են այդքան հեշտությամբ ընդունել մի ճանապարհ, որն Աստվածաշնչից դուրս է։ Դա այդպես է, քանի դեռ հստակ չես բացատրել Աստվածաշնչի հետևում թաքնված իրական պատմությունը և Սուրբ Հոգու գործի սկզբունքները, որպեսզի բոլոր մարդիկ լիովին համոզվեն, ինչը խիստ անհրաժեշտ է։ Սա այն պատճառով է, որ կրոնի մեջ գտնվող յուրաքանչյուր ոք մեծարում է Աստվածաշունչը և երկրպագում դրան որպես Աստծու։ Նրանք նաև ցանկանում են Աստծուն սահմանափակել Աստվածաշնչի մեջ և նույնիսկ ևս մեկ անգամ խաչել Նրան. միայն այդ ժամանակ նրանք կհասնեն իրենց նպատակներին։