Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս երկրորդ)
Այսօր շարունակում ենք հաղորդակցությունը հակաքրիստոսների տարբեր դրսևորումների վերաբերյալ տասներորդ կետի շուրջ․ Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները։ Նախորդ անգամ որոշակի հատուկ հաղորդակցություն անցկացրինք՝ ուղղված ճշմարտությունն արհամարհելուն, ուստի եկե՛ք նախ վերանայենք սա։ Ինչպե՞ս բացատրեցիք «արհամարհելը» նախորդ անգամ։ (Բացատրեցինք որպես ճշմարտությունը չկարևորել, ճշմարտությանը վերեւից նայել, քամահրանքով և զանց առնելով վերաբերվել և ճշմարտության հանդեպ արհամարհանք ցուցաբերել։) Արդյոք գործնական առումով հստակ բացատրե՞լ եք այս բառի էությունը։ (Մեր բացատրությունը հանգեց միայն արհամարհելու հոմանիշներին։ Այն մակերեսային էր և չէր պարզաբանում ճշմարտությունն արհամարհելու մանրամասները, ոչ էլ մեր վերաբերմունքն ու դրսևորումները ճշմարտության հետ վարվելիս։ Մեզ չհաջողվեց բացատրել դրա էությունը։) Ո՞րն է նման բացատրության բնույթը։ Ո՞ր կարգին է այն պատկանում։ (Բառեր և վարդապետություններ։) Ուրիշ էլ ի՞նչ։ Արդյոք այն պատկանո՞ւմ է գիտելիքին։ (Այո։) Ինչպե՞ս է ձեռք բերվել այս գիտելիքը։ Այն ձեռք է բերվել դպրոցներից, ուսուցիչներից, ինչպես նաև բառարաններից և գրքերից։ Ուստի ո՞րն է Իմ և ձեր բացատրության միջև տարբերությունը։ (Աստծու հաղորդակցությունը ճշմարտության նկատմամբ յուրաքանչյուր մարդու վերաբերմունքի մասին է, այսինքն՝ մարդիկ դիմակայում են դրան, հակակրանք են տածում և գարշում դրանից իրենց սրտի խորքից, չեն ընդունում այն և նույնիսկ նաեւ դատապարտում են այն, թշնամաբար դատում և զրպարտում են այն։ Աստծու բացատրությունը բխում է ճշմարտության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի էությունից։) Ես բացատրում եմ «արհամարհել» բառի էությունը տարբեր էական վարքագծերի, կիրառումների, վերաբերմունքների և տեսակետների տեսանկյունից։ Ո՞ր բացատրությունն է իրականում ճշմարտությունը։ (Աստծու բացատրությունը ճշմարտությունն է։) Ուստի որտե՞ղ է թերանում ձեր բացատրությունը։ (Չենք հասկանում ճշմարտությունը։ Լոկ մակերեսորեն ենք նայում իրողություններին և տառացիորեն մեկնաբանում դրանք՝ ապավինելով գիտելիքին և վարդապետություններին՝ խնդիրները դիտարկելիս։) Դուք այս բառը մեկնաբանում եք՝ հիմնվելով ձեր ընկալած գիտելիքի վրա և ըստ տառացի իմաստի ձեր հասկացողության, բայց դուք ամենևին չգիտեք, թե այս բառն ինչպես է կապված մարդու բնական էության և ապականված խառնվածքի հետ։ Սա է գիտելիքի ու վարդապետությունների և ճշմարտության միջև եղած տարբերությունը։ Մի՞թե սովորաբար Աստծու խոսքերը կարդալիս և ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս նույնպես օգտագործում եք այս մեթոդն ու տեսանկյունը։ (Այո։) Զարմանալի չէ, որ մարդկանց մեծամասնությունը, անկախ այն բանից, թե ինչպես է կարդում Աստծու խոսքերը, չի կարողանում հասկանալ, թե դրանցում եղած ճշմարտությունն իրականում որն է։ Ուստի շատերը երկար տարիներ հավատացել են Աստծուն՝ առանց հասկանալու կամ մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Ահա թե ինչու է միշտ ասվում․ «Մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը և չունեն այն ըմբռնելու կարողությունը»։
Կշարունակենք հաղորդակցվել հակաքրիստոսների դրսևորումների վերաբերյալ տասներորդ կետի շուրջ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները։ Նախորդ հավաքույթին ճշմարտությունն արհամարհելը բաժանեցինք երեք կետի։ Որո՞նք էին այդ երեքը։ (Առաջին՝ Աստծու ինքնությունն ու էությունն արհամարհելը, երկրորդ՝ մսեղին, որում Աստված մարմնացել է, արհամարհելը, երրորդ՝ Աստծու խոսքերն արհամարհելը։) Եկե՛ք մանրամասն վերլուծենք «հակաքրիստոսներն արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները» թեման՝ հիմնվելով այս երեք կետերի վրա։ Նախորդ անգամ հիմնականում քիչ թե շատ անդրադարձանք առաջին կետին, սակայն շատ մանրամասն չհաղորդակցվեցինք Աստծու էության սրբության և եզակիության շուրջ, ինչը նպատակ ուներ ձեզ որոշակի տեղ թողնել խորհրդածելու համար և հնարավորություն տալ ավելի կոնկրետ հաղորդակցվելու՝ հիմնվելով Աստծու արդարության և ամենակարողության կողմերի վրա, որոնց շուրջ Ես հաղորդակցվեցի։ Այսօր կհաղորդակցվենք երկրորդ կետի շուրջ, որն ընդգրկում է այն, թե հակաքրիստոսներն ինչպես են վերաբերվում մսեղիին, որում Աստված մարմնացել է, որպեսզի մանրամասն վերլուծենք այն թեման, թե հակաքրիստոսներն ինչպես են արհամարհում ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները։
II. Մսեղին, որում Աստված մարմնացել է, արհամարհելը
Հակաքրիստոսների տեսանկյուններն ու տեսակետները մարմնացած Աստծու, այսինքն՝ Քրիստոսի վերաբերյալ և նրանց հարաբերությունները Նրա հետ նույնպես ունեն որոշակի հատուկ դրսևորումներ և էական մերկացումներ։ Եթե պարզապես միալար կերպով ներկայացնեինք մարդկանց որոշ հատուկ դրսևորումները կամ որոշ մարդկանց հատուկ կիրառումները, գուցե ներկայացումը փոքր-ինչ անպարզ համարեիք։ Եկեք փոխարենն այն բաժանենք մի քանի կետերի, որպեսզի դրանցից հասկանանք, թե որոշակիորեն որն է հակաքրիստոսների վերաբերմունքը մսեղիի նկատմամբ, որում Աստված մարմնացել է, և ստուգենք ու մանրամասն վերլուծենք, թե ինչպես են հակաքրիստոսներն արհամարհում ճշմարտությունը։ Առաջին կետը քծնանքն է, շողոքորթությունը և բարեհունչ խոսքերը, երկրորդը զննումն ու վերլուծությունն է՝ հետաքրքրասիրության հետ մեկտեղ, երրորդը՝ թե ինչպես են նրանք վերաբերվում Քրիստոսին, կախված է նրանց տրամադրությունից, չորրորդը՝ Քրիստոսի ասածները միայն լսելը՝ բայց ո՛չ ենթարկվելով, ո՛չ հնազանդվելով։ Դատելով այս կետերից յուրաքանչյուրի արտահայտություններից, ինչպես նաև այն տեսակետներից ու դրսևորումներից, որոնք կարող եք հասկանալ դրանց տառացի իմաստներից, դրակա՞ն է արդյոք դրանցից յուրաքանչյուրը։ Կա՞ որևէ կետ, որը բավականին դրական է թվում։ Ինչի՞ն է վերաբերում «դրականը»։ Այն, առնվազն, վերաբերում է մարդկայնություն և ողջամտություն ունենալուն։ Կարիք չկա սա բարձրացնելու հնազանդություն ունենալու կամ այն վերաբերմունքի և դիրքորոշման մակարդակին, որը պետք է ունենա արարածը։ Պարզապես օգտագործելով մարդկային ողջամտության չափը՝ սրանցից ո՞րն է համապատասխանում չափանիշին։
Նախ, եկեք նայենք առաջին կետին. քծնանք, շողոքորթություն և բարեհունչ խոսքեր։ Արդյոք մարդկային լեզվում այս երեք եզրույթները համարվո՞ւմ են գովելի կամ դրական։ (Ոչ։) Սովորաբար ո՞ր տեսակի մարդկանց խոսքն ու վարքագիծն են նկարագրում այս բառերը։ (Նենգ մարդկանց, դավաճանների, պիղծ մարդկանց, պնակալեզների։) Դավաճանների, պիղծ մարդկանց և ուրացողների, այն տեսակի մարդկանց, որոնք կապված են նենգության, ստորության և չարասիրության հետ։ Նման մարդկանց գործողություններն ուրիշների աչքերում մեծամասամբ դիտվում են որպես արհամարհելի և ստոր, մարդկանց հանդեպ ոչ անկեղծ և ոչ բարեսիրտ։ Նրանք հաճախ քծնում են, շողոքորթում և բարեհունչ խոսքեր ասում՝ քծնելով և շողոքորթելով նրանց, ովքեր ազդեցություն են բանեցնում կամ ունեն բարձր կարգավիճակ։ Այս տեսակի մարդն արհամարհվում է ուրիշների կողմից և սովորաբար դիտվում որպես բացասական կերպար։
Եկեք նայենք երկրորդ կետին․ զննում և վերլուծություն՝ հետաքրքրասիրության հետ մեկտեղ։ Արդյոք այս բառերը համարվում են գովելի՞, թե՞ նվաստացուցիչ։ (Նվաստացուցիչ։) Նվաստացուցի՞չ։ Բացատրե՛ք Ինձ, ինչո՞ւ եք դրանք դասակարգում որպես նվաստացուցիչ։ Առանց համատեքստի այս բառերը չեզոք են և չեն կարող կոչվել գովելի կամ նվաստացուցիչ։ Օրինակ՝ գիտական նախագծի նկատմամբ զննում կիրառելը, խնդրի էությունը վերլուծելը, որոշակի բաների հանդեպ հետաքրքրասեր լինելը՝ այս դրսևորումները հիմնականում չեն կարող կոչվել դրական կամ բացասական և բավականին չեզոք են։ Սակայն այստեղ համատեքստ կա․ մարդկանց զննման, վերլուծության և հետաքրքրասիրության առարկան ոչ թե մարդու հետազոտելու համար համապատասխան ինչ-որ թեմա է, այլ մսեղին, որում Աստված մարմնացել է։ Ուստի հստակ է, որ այս հավելյալ համատեքստով՝ հիմնվելով այս տեսակի մարդկանց արած բաների, ինչպես նաև նրանց դրսևորումների և վարքագծի վրա, այս բառերն այստեղ դառնում են նվաստացուցիչ։ Սովորաբար ո՞ր տեսակի մարդիկ են զննում և վերլուծում մսեղին, որում Աստված մարմնացել է։ Արդյոք նրա՞նք են, ովքեր ձգտում են ճշմարտությանը, թե՞ նրանք, ովքեր չեն ձգտում։ Արդյոք նրա՞նք են, ովքեր սրտանց ճշմարտապես հավատում են Քրիստոսին, թե՞ նրանք, ովքեր թերահավատ վերաբերմունք ունեն Քրիստոսի նկատմամբ։ Ակնհայտ է, որ նրանք են, ովքեր թերահավատ վերաբերմունք ունեն։ Նրանք Քրիստոսի հանդեպ անկեղծ հավատք չունեն և, բացի զննելուց ու վերլուծելուց, նաև առանձնապես հետաքրքրասեր են։ Հատկապես ինչի՞ նկատմամբ են հետաքրքրասեր։ Քիչ անց մասնավորապես կհաղորդակցվենք այս դրսևորումների և էությունների մանրամասների շուրջ։
Հաջորդիվ եկեք նայենք երրորդ կետին․ Թե ինչպես են նրանք վերաբերվում Քրիստոսին, կախված է նրանց տրամադրությունից։ Այս կետում չկան հատուկ բառեր՝ դրանց գովելի կամ նվաստացուցիչ իմաստը վերլուծելու համար։ Ի՞նչ փաստ է բացահայտվում նման մարդկանց այս տեսակ դրսևորմամբ և կոնկրետ կիրառմամբ։ Ինչպիսի՞ խառնվածք ունի այն մարդը, որը նման բաներ է անում և նման դրսևորումներ ունի։ Նախ, արդյոք անկողմնակա՞լ է ուրիշների հետ վարվելիս։ (Ոչ։) Ո՞ր արտահայտությունից կարելի է եզրակացնել սա։ («Կախված է նրանց տրամադրությունից»։) Այս արտահայտությունը նշանակում է, որ այս տեսակի մարդիկ գործում և այլ մարդկանց կամ հարցերին վերաբերվում են առանց սկզբունքների, առանց որևէ սահմանագծի և հատկապես առանց խղճի կամ ողջամտության․ ամբողջովին առաջնորդվում են իրենց տրամադրությամբ։ Եթե ինչ-որ մեկը սովորական մարդու հետ վարվում է իր տրամադրությամբ պայմանավորված, դա գուցե մեծ խնդիր չլինի․ դա չի խախտի կառավարչական հրամանագրերը կամ չի վիրավորի Աստծու բնույթը, և լոկ ցույց է տալիս, որ այս մարդը կամակոր է, չի ձգտում ճշմարտությանը, գործում է առանց սկզբունքների և անում է այն, ինչ նրան գոհացնում է՝ հիմնվելով իր տրամադրության և նախասիրությունների վրա՝ հաշվի առնելով միայն սեփական մսեղավոր ցանկություններն ու զգացմունքները, և ոչ թե ուրիշների զգացմունքները, և հարգանք չցուցաբերելով ուրիշների նկատմամբ։ Սա բացատրություն է՝ հիմնված սովորական մարդու նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա, իսկ ո՞վ է այստեղ տրամադրության վրա հիմնված նրանց վերաբերմունքի հասցեատերը։ Դա սովորական մարդ չէ, այլ մսեղին, որում Աստված մարմնացել է՝ Քրիստոսը։ Եթե Քրիստոսի հետ վարվում ես տրամադրությանդ հիման վրա, ապա սա լուրջ խնդիր է, որի չափը հիմա չենք քննարկի։
Այժմ եկեք նայենք չորրորդ կետին․ Քրիստոսի ասածները միայն լսելը՝ բայց ո՛չ ենթարկվելով, ո՛չ հնազանդվելով։ Այստեղ չկան հատուկ եզրույթներ՝ ճշգրտորեն բնութագրելու համար, թե ինչ է սա․ սա մի տեսակ դրսևորում է, սովորություն դարձած վիճակ և բնորոշ վերաբերմունք իրերի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մեջ, սակայն ներառում է մարդու խառնվածքը։ Ինչպիսի՞ն է նման մարդկանց խառնվածքը։ Նրանք լսում են, բայց ո՛չ ենթարկվում են, ո՛չ էլ հնազանդվում։ Մակերեսորեն դեռ կարող են լսել, բայց արդյոք այն, ինչ ցույց են տալիս արտաքնապես, նո՞ւյնն է, ինչ մտածում են, կամ ներքուստ նրանց ճշմարիտ վերաբերմո՞ւնքն է։ (Ոչ։) Արտաքնապես կարող են դաստիարակված թվալ և կարծես թե լսել, բայց ներքուստ այդպես չէ։ Ներքուստ կա անհնազանդության տրամադրություն և վերաբերմունք՝ դիմակայության տրամադրության և վերաբերմունքի հետ մեկտեղ։ Մտածում են․ «Սրտումս չեմ ենթարկվում քեզ․ ինչպե՞ս կարող եմ քեզ համար ակնհայտ դարձնել, որ չեմ ենթարկվում։ Միայն ականջներովս լսում եմ ասածդ խոսքերը, բայց ամենևին սրտիս մոտ չեմ ընդունում դրանք կամ չեմ կիրառում։ Հակադրվելու եմ քեզ և ընդդիմանալու եմ քեզ»։ Սա է նշանակում ո՛չ ենթարկվել, ո՛չ հնազանդվել։ Եթե նման մարդիկ շփվում և հարաբերվում են սովորական անհատների հետ՝ սովորական մարդկանց ասածներին վերաբերվելով այսպիսի վիճակով, տեսակետով և վերաբերմունքով, անկախ այն բանից, թե արդյոք դա ակնհայտ կամ նկատելի դրսևորում է, ուրեմն ինչպիսի՞ն է նման մարդկանց խառնվածքը։ Արդյոք նրանք համարվո՞ւմ են այսպես կոչված լավ մարդիկ՝ օժտված մարդկայնությամբ և ռացիոնալությամբ։ Արդյոք դասակարգվո՞ւմ են որպես դրական կերպարներ։ Միանշանակ ոչ։ Պարզապես դատելով «միայն լսելը՝ բայց ո՛չ ենթարկվելով, ո՛չ հնազանդվելով» արտահայտությունից՝ այս մարդիկ ամբարտավան են։ Որքա՞ն ամբարտավան են։ Չափազանց, ռացիոնալությունը կորցնելու աստիճան, լիովին խելագարված են, ոչ ոքի չեն ենթարկվում և ոչ ոքի բանի տեղ չեն դնում։ Ուրիշների հետ շփվելիս նրանց վերաբերմունքն այսպիսին է․ «Կարող եմ խոսել քեզ հետ, կարող եմ շփվել հետդ, բայց ոչ մեկի խոսքերը չեն կարող մտնել սիրտս, ոչ էլ որևէ մեկի խոսքերը կարող են դառնալ իմ գործողությունների սկզբունքներն ու ուղղորդումը»։ Մտքում ունեն միայն իրենց սեփական մտքերը՝ ականջ դնելով միայն իրենց ներսի ձայնին։ Ո՛չ լսում են, ո՛չ էլ ընդունում որևէ ճիշտ կամ դրական պնդում և սկզբունք, փոխարենը՝ իրենց սրտերում դիմակայում են դրանց։ Արդյոք զանգվածների մեջ կա՞ն նման մարդիկ։ Խմբում նման մարդիկ համարվում են ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ։ Դասակարգվում են որպես դրակա՞ն, թե՞ բացասական կերպարներ։ (Բացասական կերպարներ։) Ուստի խմբում մարդկանց մեծամասնությունը սովորաբար ինչպե՞ս է դիտարկում և վերաբերվում նրանց։ Ինչպիսի՞ մեթոդներ են կիրառում նրանց հետ վարվելիս։ Արդյոք մարդկանց մեծամասնությունը պատրաստակա՞մ է շփվել և հարաբերվել նման անհատների հետ։ (Ոչ։) Եկեղեցում մարդկանց մեծամասնությունը չի կարողանում լեզու գտնել նման անհատների հետ։ Ո՞րն է պատճառը։ Ինչո՞ւ բոլորը չեն սիրում և հակակրանք են զգում նման մարդկանց հանդեպ։ Երկու նախադասությամբ կարելի է բացատրել այս խնդիրը։ Նախ՝ այս մարդիկ ոչ մեկի հետ չեն համագործակցում, ուզում են վերջին խոսքն իրենցը լինի և ոչ մեկին չեն լսում։ Նրանց ստիպելը, որ ականջ դնեն ուրիշի խոսքերին, չափազանց դժվար է, և անհնար է, որ փնտրեն ուրիշների կարծիքներն ու գաղափարները կամ լսեն, թե ինչ են ասում ուրիշները։ Երկրորդ՝ անկարող են համագործակցել որևէ մեկի հետ։ Մի՞թե այս երկու նախադասություններն այս տեսակի մարդու ամենակոնկրետ դրսևորումները չեն։ Մի՞թե դրանք նման մարդու էությունը չեն։ (Այո։) Նախ՝ հաշվի առնելով նրանց խառնվածքը, ոչ մեկին չեն լսում և ոչ մեկին չեն ենթարկվում։ Ուզում են վերջին խոսքն իրենցը լինի, չեն ուզում լսել ուրիշներին և չեն համագործակցում նրանց հետ։ Նրանց սրտերում տեղ չկա ուրիշների, ոչ էլ ճշմարտության կամ եկեղեցու սկզբունքների համար։ Այսպիսին է այս տեսակի մարդկանց հակաքրիստոսի խառնվածքը։ Ավելին, անկարող են համագործակցել կամ լեզու գտնել որևէ մեկի հետ, և նույնիսկ եթե իրենց սրտերում դժկամորեն պատրաստակամ են զգում, միևնույն է, երբ գալիս է ժամանակը, ի վիճակի չեն լինում համագործակցելու ուրիշների հետ։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Մի՞թե որոշակի վիճակ առկա չէ։ Նրանք արհամարհում են ուրիշներին, չեն լսում նրանց, և որքան էլ ուրիշների խոսքերը համահունչ լինեն սկզբունքներին, չեն ընդունում դրանք։ Երբ բանը հասնում է ուրիշների հետ համագործակցելուն, դա կարող է արվել միայն իրենց ձևով։ Արդյոք սա ներդաշնակ համագործակցությո՞ւն է։ Սա համագործակցություն չէ։ Սա կամայական գործողություն է, որտեղ մեկ մարդ է թելադրում պայմանները։ Այսպիսի խառնվածք ունեն նման մարդիկ ուրիշների հետ իրենց շփումներում և նույն կերպ են վերաբերվում Քրիստոսին։ Արդյոք արժե՞ սա մանրամասն վերլուծել։ Այստեղ խնդիրը լուրջ է և արժանի է մանրամասն վերլուծման։ Հաջորդիվ եկեք խոսենք յուրաքանչյուր կետում հակաքրիստոսների կոնկրետ դրսևորումների և կիրառումների մասին, և այս կոնկրետ դրսևորումների ու կիրառումների միջոցով հասկանանք հակաքրիստոսների էությունը. արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները։ Եկեք սկսենք մանրամասն վերլուծել առաջին կետից։
Ա. Քծնանք, շողոքորթություն և բարեհունչ խոսքեր
Քծնանք, շողոքորթություն և բարեհունչ խոսքեր․ արտաքուստ թվում է, թե բոլորը պետք է իմանան, թե ինչ են նշանակում այս եզրույթները, և այն անհատները, որոնք մարմնավորում են դրանք, սովորական երեւույթ են։ Քծնանքի, շողոքորթության մեջ ներգրավվելը և բարեհունչ խոսքեր ասելը խոսելու ամենատարածված ձևերն են, որոնք կիրառվում են ուրիշներից բարեհաճություն, գովասանք կամ ինչ-որ օգուտ կորզելու համար։ Սա խոսքի ամենատարածված ձևն է նրանց համար, ովքեր զբաղվում են շողոքորթությամբ և քծնանքով։ Կարելի է ասել, որ բոլոր ապականված մարդիկ որոշ չափով ցուցաբերում են այս դրսևորումը, որը խոսելու ձև է և պատկանում է սատանայական փիլիսոփայությանը։ Ուստի արդյո՞ք մարդիկ նույն դրսևորումներն ու կիրառումները ցուցաբերում մարմնացած Աստծու առջև՝ գուցե ևս որոշակի օգուտներ քաղելու համար։ Իհարկե, դա այնքան էլ պարզունակ չէ։ Երբ մարդիկ քծնում և շողոքորթում են այն մսեղին, որում Աստված մարմնացել է, իրենց սրտերում Քրիստոսի վերաբերյալ ի՞նչ տեսակետ կամ միտքն է հանգեցնում նման վարքագծի։ Նման վարքագիծը սովորաբար այն է, ինչ մարդիկ ցուցաբերում են այլ մարդկանց նկատմամբ։ Եթե մարդիկ այսպես են վարվում նաև մարմնացած Աստծու նկատմամբ, դա անուղղակիորեն բացահայտում է մի խնդիր․ մարմնացած Աստծուն՝ Քրիստոսին, համարում են պարզապես սովորական մարդ ապականված մարդկության մեջ։ Արտաքին տեսանկյունից Քրիստոսն ունի ոսկորներ ու մարմին և կրում է մարդու արտաքին։ Սա մարդկանց պատրանք է տալիս՝ հավատացնելով, թե Քրիստոսը լոկ մարդ է, ինչը նրանց թույլ է տալիս լկտիաբար վերաբերվել Քրիստոսին՝ հիմնվելով մարդկանց հետ վարվելու տրամաբանության և մտածելակերպի վրա։ Համաձայն մարդկանց հետ վարվելու տրամաբանության և մտածելակերպի՝ սովորաբար կարգավիճակ և հեղինակություն ունեցող մեկի հետ վարվելիս սահուն կերպով օգուտներ կամ ապագա առաջխաղացում կորզելու համար լավ տպավորություն թողնելու լավագույն ռազմավարությունն, այն է, որ իրենց խոսքերը հնչեն հաճելի և նրբանկատ, հավաստիանալով, որ ունկնդիրն իրեն հարմարավետ և ուրախ զգա։ Պետք է պահպանել մեղմ դեմքի արտահայտություն և ցույց չտալ կատաղի կամ մռայլ դեմք, իսկ լեզվի մեջ չպետք է լինեն բուռն, չարասիրտ կամ կոպիտ խոսքեր, կամ խոսքեր, որոնք կարող են վիրավորել մարդու հպարտությունը։ Միայն նման դրսևորումներով և խոսքերով կարելի է լավ տպավորություն թողնել այդպիսի մարդու ներկայությամբ և չվանել նրան։ Թվում է, թե հաճելի խոսելը, շողոքորթությամբ և քծնանքով զբաղվելը համարվում է ուրիշների նկատմամբ հարգանքի ամենաճշմարիտ ձևը։ Նմանապես մարդիկ հավատում են, որ Քրիստոսի հանդեպ հարգանք ցուցաբերելու և ներդաշնակություն պահպանելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեն նման վարքագիծ ցուցաբերելու համար՝ հավաստիանալով, որ իրենց խոսքերը չեն պարունակում վիրավորական լեզու կամ բովանդակություն և, անշուշտ, ոչ մի անարգալից բան։ Մարդիկ կարծում են, թե սա Քրիստոսի հետ շփվելու և զրուցելու լավագույն միջոցն է։ Այն մսեղիին, որում Աստված մարմնացել է, վերաբերվում են որպես ամենասովորական մարդու՝ բնականոն, ապականված խառնվածքով՝ մտածելով, որ այլ կերպ վարվելու կամ Նրա հետ վերաբերվելու ավելի լավ միջոց չկա։ Հետևաբար, երբ հակաքրիստոսը գալիս է Քրիստոսի առջև, սրտում տածածը ոչ թե վախ է, հարգանք կամ անկեղծություն, այլ ավելի շուտ հաճելի և նրբանկատ լեզու օգտագործելու ցանկություն՝ նույնիսկ պատրանքների դիմելով՝ բացահայտորեն քծնելու և շողոքորթելու այն մսեղիին, որում Աստված մարմնացել է։ Հավատում են, որ բոլոր մարդիկ ենթակա են այս մոտեցմանը, և քանի որ այն մսեղին, որում Աստված մարմնացել է, նույնպես մարդ է, Նա նույնպես կարձագանքի այս մոտեցմանը և հավանություն կտա դրան։ Հետևաբար, Քրիստոսի՝ այն մսեղիի հետ վարվելիս, որում Աստված մարմնացել է, իրենց սրտերում հակաքրիստոսները չեն ընդունում այն փաստը, որ Քրիստոսն ունի Աստծու էությունը։ Փոխարենը կիրառում են մարդկային որոշ մարտավարություններ, աշխարհիկ գործելակերպի մարդկային փիլիսոփայություններ և ուրիշների հետ վարվելու ու նրանց մանիպուլացնելու սովորական մարդկային հնարքները՝ այն մսեղիի հետ վարվելու համար, որում Աստված մարմնացել է։ Արդյոք այս վարքագծերի էությունը ցույց տալի՞ս է այն փաստը, որ հակաքրիստոսներն արհամարհում են այն մսեղին, որում Աստված մարմնացել է։ (Այո։)
Հակաքրիստոսները Քրիստոսի հետ վարվում են նույն կերպ, ինչպես վարվում են ապականված մարդկանց հետ՝ Քրիստոսին տեսնելիս միայն քծնանքի և շողոքորթության խոսքեր ասելով, իսկ հետո դիտարկելով Քրիստոսի արձագանքները և փորձելով բավարարել Նրա նախասիրությունները։ Ոմանք Քրիստոսին տեսնելով՝ ասում են․ «Ես քեզ հեռվից նկատեցի։ Դու առանձնանում ես ամբոխի մեջ։ Ի տարբերություն մյուսների, որոնք լուսապսակներ չունեն, դու ունես գլխավերևումդ։ Ես միանգամից հասկացա, որ դու սովորական մարդ չես։ Ուրիշ ո՞վ աստծու տանը սովորական չէ, եթե ոչ քրիստոսը։ Հենց որ տեսա քեզ, անմիջապես կարող էի ասել, որ դա անշուշտ ճիշտ է։ Մսեղին, որում աստված մարմնացել է, հիրավի տարբերվում է մյուսներից»։ Մի՞թե սա բացահայտ անհեթեթություն չէ։ Իմ արտաքինը սովորական է, հասարակ։ Եթե ոչինչ չանեմ կամ ոչինչ չասեմ որևէ ամբոխի մեջ, գուցե դեռ ոչ ոք չլինի, որ ճանաչի, թե ով եմ Ես նույնիսկ մեկ կամ երկու տարի անց։ Ցանկացած խմբում Ես պարզապես սովորական անդամ եմ․ ոչ ոք չի կարող Իմ մեջ որևէ յուրահատուկ բան տեսնել։ Այժմ գործում եմ եկեղեցում, և Աստծու վկայության շնորհիվ լսում եք, երբ Ես խոսում եմ ձեր մեջ։ Բայց առանց Աստծու վկայության քանի՞սը կլսեին Ինձ կամ ուշադրություն կդարձնեին։ Դա մնում է հարց, անհայտություն։ Ոմանք ասում են․ «Նա ինձ համար ճիշտ աստծու պես է։ Միշտ զգացել եմ, որ նա արտասովոր է, տարբերվում է մյուսներից»։ Ինչո՞վ եմ տարբերվում։ Երեք գլխանի՞ եմ և վեց թևանի՞։ Ինչպե՞ս կարող ես տարբերել։ Աստված մի անգամ ասել է․ Ես դիտմամբ թույլ չեմ տալիս մարդկանց աստվածայնության նշույլ անգամ ընկալել Իմ մեջ։ Եթե Աստված թույլ չի տալիս մարդկանց ընկալել Իր աստվածայնությունը, ինչպե՞ս կարող ես տեսնել դա։ Մի՞թե այս մարդկանց ասածը խնդրահարույց չէ։ Դա ակնհայտորեն ոչ այլ ինչ է, քան արհամարհելի պնակալեզների անհեթեթ խոսակցություն, որոնց խոսքերը զուրկ են որևէ էությունից։ Մարմնացած Աստծու արտաքին տեսքը սովորական մարդու տեսք է։ Ինչպե՞ս կարող են մարդկային աչքերը զանազանել Քրիստոսի աստվածայնությունը։ Եթե Քրիստոսը չգործեր և չխոսեր, ոչ ոք չէր կարողանա ճանաչել Նրան կամ իմանալ Նրա ինքնությունն ու էությունը։ Սա փաստ է։ Այդ դեպքում ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր ասում են․ «Ես առաջին հայացքից կարող էի ասել, որ դու այն մսեղին ես, որում աստված մարմնացել է՝ տարբերվելով մյուսներից», կամ «Հենց որ տեսա քեզ, իմացա, որ դու կարող ես մեծ գործեր անել»։ Ի՞նչ են այս հայտարարությունները։ Կատարյալ անհեթեթություն են։ Երբ Աստված դեռ Իր վկայությունը չէր տվել, ինչպե՞ս կարող էիր չզանազանել դա, որքան անգամ էլ նայեիր։ Աստծու վկայությունից հետո, երբ սկսեցի Իմ գործը, ինչպե՞ս կարող էիր հանկարծ առաջին հայացքից տեսնել դա։ Սրանք ակնհայտորեն խաբուսիկ խոսքեր են, կատարյալ խելագարություն։
Ոմանք, երբ հանդիպում կամ շփվում են Ինձ հետ, ուզում են ցուցադրել իրենց։ Մտածում են․ «Մարմնացած աստծուն հանդիպելու հնարավորություն հաճախ չի ընձեռվում․ սա կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն է։ Պետք է լավ դրսևորեմ ինձ՝ փոխանցելով աստծուն հավատալու տարիներիս արդյունքները և այն լավ ձեռքբերումները, որոնք ունեցել եմ աստծու գործի ներկայիս փուլն ընդունելուց ի վեր, որպեսզի աստծուն իմաց տամ»։ Ի՞նչ նկատի ունեն՝ Ինձ իմաց տալ ասելով։ Հույս ունեն առաջխաղացման հնարավորություն ստանալ։ Եթե դա լիներ եկեղեցում, գուցե կյանքում երբեք աչքի ընկնելու կամ առաջխաղացման հնարավորություն չունենային․ ոչ ոք չէր ընտրի նրանց։ Կարծում են, որ հնարավորությունն այժմ եկել է, ուստի խորհում են, թե ինչպես խոսեն այնպես, որ ոչ մի խնդիր չբացահայտվի և չերեւա, թե ինչպես են փորձում ցուցադրել իրենց։ Պետք է ավելի նրբանկատ և հմուտ լինեն՝ կիրառելով որոշ դավեր ու հնարքներ, դիմելով մանր խորամանկությունների։ Ասում են․ «Աստվա՛ծ, անշուշտ, մեծ օգուտ ենք քաղել այս տարիների ընթացքում քեզ հավատալուց։ Մեր ողջ ընտանիքը հավատում է, բոլորս թողել ենք ամեն ինչ՝ աստծու համար ծախսվելու նպատակով։ Բայց դա ամենակարևորը չէ։ Ամենակարևորն այն է, որ քո խոսքերն այնքան հրաշալի են, և դու այնքան շատ գործ ես կատարել։ Բոլորս պատրաստակամ ենք կատարելու մեր պարտավորությունները և ծախսվելու աստծու համար»։ Ի պատասխան ասում եմ. «Բայց սրա մեջ իրականում ոչ մի օգուտ չկա»։ «Կա․ շնորհը, որ աստված տվել է, առատ է։ Աստծու խոսքերում ձեռք ենք բերել շատ նոր լույս, ըմբռնումներ և հասկացողություններ։ Եղբայրներն ու քույրերը բոլորն այնքան եռանդուն են, բոլորը պատրաստակամ են ծախսվելու աստծու համար»։ «Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք թույլ են և բացասական։ Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում»։ «Ո՛չ, մեր եկեղեցական կյանքը շատ լավ է։ Եղբայրներն ու քույրերը բոլորը ձգտում են սիրել աստծուն՝ թողնելով ամեն ինչ ավետարանը քարոզելու համար։ Այն ամենը, ինչ աստված ասում է, լավ է։ Բոլորս մոտիվացված ենք և այլևս չենք կարող հավատալ նախկինի պես՝ փնտրելով շնորհ և ձգտելով հացով կշտանալու։ Պետք է ամեն ինչ թողնենք աստծու համար, ընծայվենք աստծուն և ծախսվենք աստծու համար»։ «Այդ դեպքում, այս վերջին մի քանի տարիների ընթացքում արդյոք ձեռք բերե՞լ եք որևէ հասկացողություն Աստծու խոսքերի վերաբերյալ»։ «Այո, ձեռք ենք բերել. քո խոսքերը, աստվա՛ծ, այնքան հրաշալի են, յուրաքանչյուր նախադասություն հարվածում է ուղիղ մեր առանցքային խնդիրներին՝ մերկացնելով մեր բնական էությունը։ Մեծ լույս ենք ստացել ինքներս մեզ և քո խոսքերը հասկանալու հարցում։ Աստվա՛ծ, դու փրկարար ես մեր ողջ ընտանիքի, մեր ողջ եկեղեցու համար։ Առանց քեզ վաղուց կորած կլինեինք ով գիտե որտեղ։ Առանց քեզ չէինք իմանա՝ ինչպես շարունակել։ Մեր եկեղեցում բոլորը փափագում են տեսնել քեզ՝ ամեն օր աղոթելով, որ քեզ հանդիպեն իրենց երազներում, հուսալով ամեն օր լինել քեզ հետ»։ Արդյոք նրանց խոսքում կա՞ն էապես սրտանց կամ անկեղծ խոսքեր։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ են այս խոսքերը։ Դրանք կեղծավոր են, դատարկ և անօգուտ։ Երբ նրանց խնդրում եմ խոսել ինքնաճանաչողության մասին, ասում են․ «Աստծու գործն ընդունելուց ի վեր զգում եմ, որ դև ու Սատանա եմ՝ մարդկայնությունից զուրկ»։ «Ինչպե՞ս ես զուրկ մարդկայնությունից»։ «Գործում եմ առանց սկզբունքների»։ «Ո՞ր գործողություններում ես զուրկ սկզբունքներից»։ «Չեմ կարողանում ուրիշների հետ ներդաշնակորեն համագործակցել, ուրիշների հետ շփումներս զուրկ են սկզբունքներից, մարդկանց հետ հարաբերություններս զուրկ են սկզբունքներից։ Դև ու Սատանա եմ, Սատանայից եմ սերում, խորապես ապականված եմ Սատանայի կողմից։ Ամեն քայլափոխի դիմակայում եմ աստծուն՝ անընդհատ ընդդիմանալով և հակադրվելով աստծուն»։ Այս խոսքերը մակերեսորեն լավ են հնչում։ Երբ հարցնում եմ նրանց․ «Ինչպե՞ս է այսինչ մարդը հիմա ձեր եկեղեցում», ասում են․ «Հիմա լավ է։ Նախկինում պաշտոնազրկվել էր եկեղեցու առաջնորդությունից, բայց հետո ապաշխարեց, և եղբայրներն ու քույրերը նորից ընտրեցին նրան»։ «Արդյոք այդ մարդը ձգտո՞ւմ է ճշմարտությանը»։ «Եթե աստված ասում է, որ ձգտում է ճշմարտությանը, ուրեմն ձգտում է, եթե աստված ասում է, որ չի ձգտում, ուրեմն չի ձգտում»։ «Այս մարդը խանդավառ է թվում, բայց նրա որակը բավականին ցածր է, այնպես չէ՞»։ «Ցա՞ծր։ Այո, մի փոքր։ Այլապես ինչո՞ւ եղբայրներն ու քույրերը նախորդ անգամ պաշտոնազրկեցին նրան»։ «Եթե նրա որակը ցածր է, կարո՞ղ է արդյոք կոնկրետ աշխատանք կատարել։ Կարո՞ղ է արդյոք կատարել եկեղեցու առաջնորդության պարտականությունը»։ Լսելով Իմ խոսքերը՝ դրանք մեկնաբանում են որպես ակնարկ, թե ցածր որակ ունեցող մեկը չի կարող կատարել պարտականությունը, և ասում են․ «Այդ դեպքում չի կարող կատարել այն։ Եղբայրներն ու քույրերն ընտրեցին նրան որպես վատագույններից լավագույնի․ ավելի լավ մեկը չկար, ուստի ընտրեցին նրան։ Եղբայրներն ու քույրերը բոլորն ասում են, որ նրա որակը միջին է, բայց դեռ կարող է առաջնորդել մեզ։ Եթե նրա որակը ցածր է, կարծում եմ՝ եղբայրներն ու քույրերը գուցե հաջորդ անգամ չընտրեն նրան։ Աստվա՛ծ, արդյոք պե՞տք է աշխատեմ եղբայրների և քույրերի վրա ազդելու ուղղությամբ»։ «Այս հարցը կախված է ձեր եկեղեցու եղբայրների և քույրերի հասակից։ Ընտրում են մեկին, ում լավն են համարում՝ հիմնվելով սկզբունքների վրա․ այս գործընթացը ճիշտ է, բայց ոմանք հիմար են և չեն կարողանում թափանցել մարդկանց կամ հարցերի մեջ և երբեմն սխալ մարդու են ընտրում»։ Ի՞նչ նկատի ունեի՝ ասելով սա։ Պարզապես փաստ էի արձանագրում, ոչ թե միտումնավոր նպատակ ունեի պաշտոնազրկելու այս մարդուն։ Բայց հակաքրիստոսն ինչպե՞ս ըմբռնեց սա՝ լսելուց հետո։ Բարձրաձայն չասաց դա, այլ ինքն իրեն մտածեց․ «Արդյոք սա ակնա՞րկ է աստծուց՝ պաշտոնազրկելու այս մարդուն։ Դե ինչ, պետք է ավելի խորը քննեմ, թե իրականում ինչ նկատի ունի աստված։ Եթե այս մարդը պաշտոնազրկվի, ուրիշ ո՞վ կարող է առաջնորդել եկեղեցին, ո՞վ կարող է անել այս աշխատանքը»։ Հակաքրիստոսները կույր են Աստծու հանդեպ, Նա տեղ չունի նրանց սրտերում։ Երբ հանդիպում են Քրիստոսին, Նրան վերաբերվում են ոչ այլ կերպ, քան սովորական մարդու՝ անընդհատ հետևելով Նրա դեմքի արտահայտությանն ու տոնին, փոխելով իրենց խոսելաոճն այնպես, ինչպես հարմար է իրավիճակին, երբեք չասելով, թե իրականում ինչ է կատարվում, երբեք անկեղծ ոչինչ չասելով, միայն դատարկ խոսքեր և վարդապետություն խոսելով՝ փորձելով խաբել և մոլորեցնել իրենց աչքի առաջ կանգնած Գործնական Աստծուն։ Աստվածավախ սիրտ ամենևին չունեն։ Նույնիսկ ընդունակ չեն սրտանց խոսելու Աստծու հետ, որևէ իրական բան ասելու։ Խոսում են այնպես, ինչպես օձն է սողում՝ ոլորապտույտ և անուղիղ։ Նրանց խոսքերի ձևն ու ուղղությունը նման են ձողի վրայով դեպի վեր մագլցող սեխի վազի։ Օրինակ՝ երբ ասում ես, որ ինչ-որ մեկն ունի լավ որակ և կարող է առաջխաղացվել, անմիջապես խոսում են այն մասին, թե որքան լավն է նա, և թե ինչ է դրսևորվում ու բացահայտվում նրա մեջ։ Իսկ եթե ասում ես, որ ինչ-որ մեկը վատն է, շտապում են խոսել այն մասին, թե որքան վատն ու չարն է նա, թե ինչպես է խաթարումներ և անհանգստություններ առաջացնում եկեղեցում։ Երբ հարցուփորձ ես անում որոշ իրական իրավիճակների մասին, ասելու ոչինչ չեն ունենում․ խուսափում են ուղիղ պատասխանից՝ սպասելով, որ եզրակացություն անես, որսալով խոսքերիդ իմաստը, որպեսզի իրենց խոսքերը համապատասխանեցնեն քո մտքերին։ Այն ամենը, ինչ ասում են, բարեհունչ խոսքեր են, շողոքորթություն և քծնանք․ նրանց բերանից ոչ մի անկեղծ խոսք դուրս չի գալիս։ Այսպես են շփվում մարդկանց հետ և այսպես են վերաբերվում Աստծուն․ պարզապես այդքան նենգ են։ Սա հակաքրիստոսի խառնվածքն է։
Ոմանք Ինձ հետ շփվում են՝ չիմանալով, թե ինչ խոսքեր կամ հարցեր եմ սիրում լսել․ սակայն, նույնիսկ չիմանալով, ելք են գտնում։ Ինձ հետ քննարկելու համար ընտրում են որոշակի թեմաներ՝ մտածելով․ «Այս թեմաները գուցե հետաքրքրեն քեզ, գուցե այն է, ինչ ուզում ես իմանալ կամ լսել, բայց չափազանց քաղաքավարի ես հարցնելու համար, ուստի նախաձեռնություն կվերցնեմ ասելու քեզ»։ Երբ հանդիպում ենք, ասում են․ «Վերջերս մեր տարածքում հորդառատ անձրևներ են տեղացել՝ հեղեղելով ողջ քաղաքը։ Հասարակական կարգը նույնպես վատթարանում է․ հիմա այնքան շատ գողեր կան։ Երբ մարդ դուրս է գալիս, վտանգ կա, որ կթալանեն կամ կկողոպտեն։ Լսել եմ, որ որոշ վայրերում շատ երեխաների են առևանգել, և մարդիկ խուճապի մեջ են։ Անհավատներն ասում են, որ հասարակությունը չափազանց քաոսային է դարձել, լիովին աննորմալ։ Կրոնի մարդիկ դեռևս կառչած են Աստվածաշնչից և քարոզում են ավետարանը՝ ասելով, որ վերջին օրերը եկել են, որ աստված պատրաստվում է իջնել, և մեծ արհավիրքները մոտեցել են մեզ»։ Եվ կան մարդիկ, որոնք Ինձ հանդիպելիս անմիջապես ասում են․ «Մի քանի օր առաջ մի վայրում երկնքում երեք լուսին հայտնվեց, և շատերը լուսանկարեցին։ Որոշ ժողովրդական գուշակներ ասում են, որ երկնքում մեծ տեսիլքներ են հայտնվելու, որ ճշմարիտ տերը հայտնվել է»։ Ասում են այսպիսի բաներ։ Առանձնապես հետաքրքրված են և տեղեկություններ են հավաքում նման հասարակական քաոսի, աղետների և տարբեր անսովոր իրադարձությունների ու աստղագիտական երևույթների առաջացման մասին։ Երբ հանդիպում են Ինձ, դա օգտագործում են որպես զրույցի թեմա՝ Ինձ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար։ Ոմանք հավատում են․ «Մարմնացած աստված սովորական մարդ է։ Նրա և մյուսների միջև եղած տարբերությունն այն փաստի մեջ է, որ նա կատարում է աստծու գործը և ներկայացնում է աստծուն։ Այսպիսով, մինչ մարդկանց մեծամասնությունը հույս ունի, որ աշխարհում խաղաղություն կլինի, որ մարդիկ կապրեն ներդաշնակության և գոհունակության մեջ, մարմնացած քրիստոսը նման չէ բնականոն մարդկանց։ Նա հույս ունի, որ աշխարհում մեծ քաոս կլինի, որ տեսիլքներ և մեծ արհավիրքներ կգան, որ աստծու մեծ գործը սրընթաց կերպով կիրագործվի, և որ աստծու տնօրինման գործն արագ կավարտվի՝ իրականացնելու նրա ասած խոսքերը։ Սրանք այն թեմաներն են, որոնք նրան հուզում են և որոնցով հետաքրքրված է։ Ուստի նրան հանդիպելիս կխոսեմ այս բաների մասին, և նա առանձնապես գոհ կլինի։ Այս գոհունակությամբ գուցե առաջխաղացում ունենամ, և գուցե հնարավորություն լինի ավելի շատ օրեր անցկացնելու նրա կողքին»։ Արդյոք կա՞ն նման մարդիկ։ Մի անգամ հանդիպեցի մի երիտասարդ աղջկա, որը քաղցրալեզու էր, պերճախոս, սրամիտ և հստակ գիտեր՝ ում ինչ ասել, վարպետորեն կարողանում էր հաճոյանալ մարդկանց ու իրեն լավ դրսևորել բոլորի առաջ, հատկապես հմուտ էր իշխանություն և կարգավիճակ ունեցողների հետ շփվելու մեջ։ Երբ շփվում էր Ինձ հետ, հանդիպելիս անմիջապես ասում էր․ «Այսինչ վայրում հանցավոր աշխարհը մոլեգնում է․ նույնիսկ տեղական ոստիկանությունն ունի ավազակախմբի անդամներ։ Կար մի ավազակախմբի պարագլուխ, որը տեղում շատ վատ բաներ էր անում։ Մի օր ճանապարհին հանդիպեց մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ գլխավոր դևի։ Իր մեքենայով վազանցեց գլխավոր դևի մեքենային, և գլխավոր դևն ասաց իր թիկնապահին․ «Ո՞ւմ մեքենան է դա։ Չեմ ուզում նրան նորից տեսնել»։ Հաջորդ օրը նրան վերացրին»։ Արդյոք հասարակության մեջ կա՞ն նման բաներ։ (Այո։) Նման բաներ իսկապես գոյություն ունեն, բայց արդյոք օգտակա՞ր է դրանք դարձնել զրույցի հիմնական թեմա՝ Ինձ հանդիպելիս։ Սրանք այն թեմաները չեն, որոնք Ինձ հուզում են կամ ցանկանում եմ լսել, բայց նա չգիտեր դա։ Կարծում էր, թե սիրում եմ լսել այս հուզիչ պատմությունները։ Ասե՛ք Ինձ, արդյոք աղետները, տեսիլքները, բնական և մարդածին աղետներն այն թեմանե՞րն են, որոնք Ինձ հուզում են, որոնք ցանկանում եմ լսել։ (Ոչ։) Լավ է լսել այս բաները՝ ժամանակն անցկացնելու համար, բայց եթե կարծում ես, թե իսկապես սիրում եմ լսել դրանք, ապա սխալվում ես։ Հետաքրքրված չեմ այս բաներով, Ինձ չի հուզում դրանց մասին լսելը։ Ոմանք հարցնում են․ «Արդյոք լսո՞ւմ ես, երբ մարդիկ խոսում են այս բաների մասին»։ Չեմ ընդդիմանում լսելուն, բայց դա չի նշանակում, որ սիրում եմ լսել, ոչ էլ նշանակում է, որ ցանկանում եմ հավաքել այս տեղեկությունները, այս պատմությունները։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ սրտիս խորքում ոչ մի հետաքրքրասիրություն չունեմ այս հարցերի նկատմամբ, բացարձակապես ոչ մի հետաքրքրություն։ Նույնիսկ ոմանք մտածում են․ «Արդյոք սրտումդ առանձնապես չե՞ս ատում մեծ կարմիր վիշապին։ Եթե ատում ես մեծ կարմիր վիշապին, քեզ կպատմեմ մեծ կարմիր վիշապիգլխին եկած մի պատժի մասին։ Մեծ կարմիր վիշապի ներսում բարձրաստիճան պաշտոնյաների միջև ներքին պայքար էր ընթանում, մի քանի խմբակցություններ կռվում էին միմյանց դեմ, քիչ էր մնում սպանեին մի գլխավոր դևի։ Այս գլխավոր դևերը մի քանի մահափորձ են վերապրել, դա իսկապես վտանգավոր է։ Արդյոք ուրախ կլինեի՞ր լսել սա»։ Արդյոք բոլորդ ուրախ կլինեի՞ք լսել նման բաների մասին։ Եթե ուրախ կլինեիք, ուրեմն ուրախացե՛ք․ եթե չեք սիրում լսել դա, ուրեմն մի՛ լսեք․ դա Ինձ հետ կապ չունի։ Կարճ ասած, երբ խոսքը վերաբերում է այս հարցերին, լինի դա համաճարակ որևէ երկրում, թե ինչպես է առաջացել համաճարակը, քանի մարդ է մահացել, որ երկիրն է բախվել մեծ աղետի, որևէ երկրի կառավարության վիճակը, թե որքան դաժան են ներքին պայքարները որևէ երկրի վերին էշելոններում, կամ հասարակական ցնցումները, գուցե լսեմ, եթե պատահաբար իմանամ դրանց մասին, բայց ջանք չեմ գործադրի այս իրադարձությունների վերաբերյալ հատուկ մանրամասներ փնտրելու, լսելու նորություններ, կարդալու թերթեր կամ համացանցում փնտրելու այս իրադարձություններին վերաբերող բովանդակություն միայն այն պատճառով, որ չգիտեմ դրանց մասին։ Բացարձակապես չեմ անի և երբեք նման բաներ չեմ անում։ Հետաքրքրված չեմ այս հարցերով։ Ոմանք ասում են․ «Այս ամենը Քո վերահսկողության տակ է, այս ամենը Քո արածն է․ ահա թե ինչու հետաքրքրված չես»։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ Ճիշտ է վարդապետության տեսանկյունից, բայց, ըստ էության, այդպես չէ։ Աստված գերիշխանություն ունի մարդկային ճակատագրի, յուրաքանչյուր ռասայի, մարդկանց յուրաքանչյուր խմբի, յուրաքանչյուր դարաշրջանի նկատմամբ։ Բավականին բնականոն է, որ որոշ աղետներ և անսովոր իրադարձություններ տեղի ունենան յուրաքանչյուր դարաշրջանում․ այս ամենն Աստծու ձեռքերում է։ Անկախ դարաշրջանից, անկախ այն բանից՝ նշանակալի, թե աննշան իրադարձություններ են տեղի ունենում, երբ գալիս է դարաշրջանի փոփոխության ժամանակը, նույնիսկ եթե ոչ մի խոտի ծղոտի կամ ծառի փոփոխություն չլինի, այդ դարաշրջանը պետք է անցնի։ Սա Աստծու գերիշխանության հարց է։ Եթե դարաշրջանը չպետք է ավարտվի, ապա նույնիսկ եթե երկնային երևույթներում կամ երկրի վրայի բոլոր բաներում մեծ փոփոխություններ լինեն, այն չպետք է ավարտվի։ Այս ամենն Աստծու գործերն են՝ մարդկային միջամտությունից կամ օգնությունից վեր։ Այն, ինչ մարդիկ ամենից շատ պետք է անեն, այս հարցերով չմտահոգվելն է, իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համար այս իրադարձությունների վերաբերյալ ապացույցներ և տեղեկություններ չհավաքելը։ Ինչ վերաբերում է Աստծու արած բաներին, պետք է հասկանաս այնքան, որքան կարող ես և հասկացողություն չպարտադրես այնտեղ, որտեղ դա անհնար է։ Ապականված մարդկության մեջ այս հարցերը չափազանց բնականոն են, չափազանց հաճախ են հանդիպում։ Այս բոլոր հարցերը՝ դարաշրջանների փոփոխությունը, համաշխարհային կարգի վերափոխումը, ռասայի ճակատագիրը, ռեժիմի կառավարումն ու կարգավիճակը և այլն, ամենն Աստծու ձեռքերում են, ամենը Նրա գերիշխանության տակ են։ Մարդիկ պետք է միայն հավատան, ընդունեն և հնազանդվեն։ Դա բավարար է։ Մի՛ փայփայիր ավելի շատ առեղծվածներ հասկանալու միտքը՝ կարծելով, թե որքան շատ առեղծվածներ ես հասկանում, այնքան նորաձև է դա թվում, ասես Աստծուն հավատալով՝ մեծ հասակ և հոգևորություն ունես։ Նման մտածելակերպ ունենալը նշանակում է, որ Աստծուն հավատալու քո տեսակետը սխալ է։ Այս հարցերը նշանակալի չեն։ Իրական նշանակալի հարցը, որով մարդիկ ամենից շատ պետք է մտահոգվեն, Աստծու տնօրինման ծրագրի առանցքն է՝ մարդկության փրկությունը, մարդկությանը հնարավորություն տալով փրկվելու Աստծու տնօրինման ծրագրի գործի շրջանակներում։ Սա ամենամեծ և ամենակենտրոնական հարցն է։ Եթե հասկանում ես այս հարցին վերաբերող ճշմարտություններն ու տեսիլքները, ապա ընդունի՛ր այն, ինչ Աստված անում է քո մեջ և այն ճշմարտությունը, որով ապահովում է քեզ, և ընդունի՛ր էտվելու, դատվելու և հանդիմանվելու յուրաքանչյուր դեպք։ Եթե ընդունում ես այս ամենը, ապա սա ավելի արժեքավոր է, քան երկնային երևույթներ, առեղծվածներ, աղետներ կամ քաղաքականություն ուսումնասիրելը։
Ոմանք մի փոքր պատմություն են սովորում, որոշ չափով հասկանում են քաղաքականություն և, մի կողմից, սիրում են ցուցադրել իրենց, մյուս կողմից՝ մտածում են․ «Մարմնացած աստվածն ունի աստծու էությունն ու ճշմարտությունը։ Նա գիտի այն փաստը, որ աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և հասկանում է դրա մանրամասները։ Ուստի, եթե հասկանում եմ քաղաքականություն և պատմություն, կարո՞ղ եմ արդյոք բավարարել նրա կարիքները։ Կարո՞ղ եմ բավարարել նրա հետաքրքրասիրությունն այս բոլոր բաների նկատմամբ»։ Ասում եմ քեզ, սխալվում ես։ Այն, ինչ ամենից շատ եմ հակակրում, նախ քաղաքականությունն է, և երկրորդ՝ պատմությունը։ Եթե խոսում ես պատմության մասին՝ կիսվելով կյանքից վերցրած դեպքերից հումորային պատմություններով կամ սովորական զրույցով՝ ժամանակն անցկացնելու համար, դա նորմալ է։ Բայց եթե այս խոսքերին, այս հարցերին վերաբերվում ես որպես լուրջ բանի՝ Ինձ հետ քննարկելու, քծնելու, հարաբերություններ կառուցելու համար, ապա սխալվում ես․ այս բաները լսելու ոչ մի ցանկություն չունեմ։ Ոմանք սխալմամբ կարծում են․ «Հաղորդակցվում ես ճշմարտության շուրջ և հավաքույթներ ես անցկացնում մարդկանց համար, որովհետև պարտավոր ես․ հոգուդ խորքում ամենից շատ սիրում ես մեծ քաոսն աշխարհում։ Վախենում ես, որ աշխարհը բավականաչափ քաոսային չէ։ Ամեն անգամ, երբ աղետ է լինում, ով գիտի, թե որքան ուրախ ես լինում ծածուկում, գուցե նույնիսկ հրավառություն ես անում՝ տոնելու համար»։ Ասում եմ քեզ՝ այդպես չէ։ Նույնիսկ եթե մեծ կարմիր վիշապը կորչի և փլուզվի, Ես կմնամ այնպիսին, ինչպիսին կամ։ Ոմանք հարցնում են․ «Ուրախ չէի՞ր լինի, եթե մեծ կարմիր վիշապը փլուզվեր։ Երբ մեծ կարմիր վիշապը ոչնչացվի և պատժվի, մի՞թե Դու չպետք է հրավառություն անես։ Մի՞թե չպետք է մեծ խնջույք կազմակերպես և տոնես Աստծու ընտրյալ մարդկանց հետ»։ Ասե՛ք Ինձ, մի՞թե սա այն է, ինչ պետք է անեմ։ Ճի՞շտ է, թե՞ սխալ այդպես վարվելը։ Արդյոք սա համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը։ Ոմանք ասում են․ «Մեծ կարմիր վիշապն այնքան շատ է հալածել Աստծու ընտրյալ մարդկանց, անհիմն լուրեր է տարածել Աստծու մասին և զրպարտել Նրա անունը, հայհոյել և դատել է Աստծուն։ Մի՞թե չպետք է մի փոքր տոնենք, երբ այն ստանա իր հատուցումը»։ Եթե տոնեք, թույլատրում եմ դա, որովհետև ունեք ձեր տրամադրությունները։ Եթե բոլորդ ուրախանաք՝ երեք օր ու գիշեր արթուն մնալով, հավաքվելով միասին՝ Աստծու խոսքերը կարդալու, օրհներգեր երգելու և պարելու՝ Աստծու արդարությունը փառաբանելու համար, ցնծալով, որ Աստված վերջապես ոչնչացրել և կոխկրտել է մեծ կարմիր վիշապին՝ թշնամուն, և Աստծու ընտրյալ մարդիկ այլևս չեն տառապի դրա հալածանքից ու խոշտանգումներից, այլևս անկարող չեն լինի վերադառնալ իրենց տները և վերջապես կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքները, բոլորի տրամադրությունը հասկանալի է։ Եթե ցանկանում եք տոնել և հանգստանալ այս կերպ, համաձայն եմ։ Բայց ինչ վերաբերում է Ինձ, Ես կանեմ այն, ինչ պետք է անեմ․ Ես չեմ ներգրավվում այս գործունեությունների մեջ։ Որոշ մարդիկ հարցնում են․ «Ինչո՞ւ ունես նման վերաբերմունք։ Մի՞թե սա չի կոտրում մարդկանց ոգին։ Ինչո՞ւ մի փոքր խանդավառություն չես ցուցաբերում։ Եթե ներկա չլինես ամենավճռորոշ պահին, ինչպե՞ս կարող ենք տոնել»։ Տոնելը սխալ չէ, բայց կա մի բան, որի շուրջ պետք է հստակ հաղորդակցվենք․ ենթադրենք՝ մեծ կարմիր վիշապը պատժված է, Աստված դուրս է թողել դրան․ այս դև թագավորը, որը ժամանակին ծառայում էր Աստծու ընտրյալ մարդկանց կատարելագործելուն, ոչնչացված և արմատախիլ արված է․ ուրեմն ի՞նչ կասեք Աստծու ընտրյալ մարդկանց հասակի մասին։ Որքա՞ն ճշմարտություն եք հասկացել։ Եթե բոլորդ կարողանաք չափանիշին համապատասխան կատարել ձեր պարտավորությունները, բոլորդ չափանիշին համապատասխանող արարածներ լինեք, ի վիճակի լինեք երկյուղելու Աստծուց և խուսափելու չարից, և յուրաքանչյուր մարդ ունենա Հոբի և Պետրոսի հասակը, և բոլորդ արդեն փրկված լինեք, ապա դա, հիրավի, ուրախալի պահ է, տոնելու արժանի բան։ Սակայն, եթե մի օր մեծ կարմիր վիշապը տապալվի, և ձեր հասակը չհասնի ձեր պարտավորությունները հավատարմորեն կատարելու մակարդակին, եթե ձեր մեջ դեռևս Աստծու հանդեպ երկյուղ չլինի, և անկարող լինեք խուսափել չարից՝ չափազանց հեռու լինելով Հոբի և Պետրոսի հասակից, անկարող լինեք ճշմարտապես հնազանդվել Աստծու գերիշխանությանը և չկարողանաք համարվել չափանիշին համապատասխանող արարածներ, ապա ինչի՞ համար պետք է ուրախանաք։ Մի՞թե սա լոկ ունայն ուրախությամբ հրճվել չէ։ Նման տոնակատարությունն անիմաստ և անարժեք կլիներ։ Ոմանք ասում են․ «Մեծ կարմիր վիշապն այնքան շատ է հալածում մեզ։ Անշուշտ, նորմալ է, որ ատենք դրան, այնպես չէ՞։ Դրա էությունը ճանաչելը պետք է որ նորմալ լինի, ճի՞շտ է։ Դա այնքան շատ է հալածել մեզ։ Ինչո՞ւ չենք կարող ուրախ լինել, երբ դա դուրս թողնվի»։ Նորմալ է ուրախ լինելը, զգացմունքներդ արտահայտելը։ Սակայն, եթե կարծում ես, որ մեծ կարմիր վիշապի ոչնչացումը նշանակում է Աստծու տնօրինման ծրագրի ավարտը, որ մարդկությունը փրկվել է՝ մեծ կարմիր վիշապի ոչնչացումն հավասարեցնելով Աստծու տնօրինման ծրագրի ավարտին, ինչպես նաև քո սեփական փրկությանն ու կատարելագործմանը, մի՞թե այս հասկացողությունը սխալ չէ։ (Այո։) Ուստի ի՞նչ եք հասկանում հիմա։ Ինչ վերաբերում է Աստծու թշնամուն՝ մեծ կարմիր վիշապին, դրա ճակատագիրը և, թե ինչպիսին է դա, դրանք Աստծու գործերն են և ոչ մի կապ չունեն խառնվածքի փոփոխության կամ փրկության քո ձգտման հետ։ Մեծ կարմիր վիշապը պարզապես հակադրվող կերպար է, մատուցվող առարկա՝ ենթարկված Աստծու ներդաշնակեցմանը։ Թե դա ինչ է այն անում, և թե ինչպես է Աստված դրան օգտագործում ծառայություն մատուցելու համար, Աստծու գործն է, մարդկանց հետ կապ չունի։ Հետևաբար, եթե չափազանց մտահոգված ես դրա ճակատագրով՝ թույլ տալով, որ շեղի սիրտդ, ապա դժվարություն կա, խնդիր կա։ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, ներառյալ մեծ կարմիր վիշապը և բոլոր դևերն ու Սատանաները, ուստի ինչ էլ որ դևերն ու Սատանաներն անեն, ինչպիսին էլ որ լինեն, ոչ մի կապ չունի կյանքի քո մուտքի կամ խառնվածքի փոփոխության հետ։ Ի՞նչն է վերաբերում քեզ։ Պետք է ճանաչես Աստծուն դիմադրելու դրա չարասեր և դաժան էությունը, Աստծուն թշնամի և հակառակորդ լինելու դրա էությունը․ սա՛ է այն, ինչ պետք է հասկանաս։ Ինչ վերաբերում է մնացածին, թե Աստված ինչ աղետներ է բերում դրա վրա, ինչպես է Աստված ներդաշնակեցնում դրա ճակատագիրը, ապա դա քեզ հետ ոչ մի կապ չունի, և իմանալն անօգուտ է։ Ինչո՞ւ է անօգուտ։ Որովհետև նույնիսկ եթե իմանաս, չես կարող հասկանալ, թե ինչու է Աստված այդպես գործում։ Նույնիսկ եթե տեսնես դա, չես իմանա, թե ինչու է Աստված ընտրում այդպես գործել, չես կարող լիովին ընկալել դրա հետևում եղած ճշմարտությունը։ Այս թեման կեզրափակեմ այստեղ՝ միայն այս հակիրճ դիտարկումներով։
Հակաքրիստոսների դրսևորումները՝ քծնանք, շողոքորթություն և բարեհունչ խոսքեր օգտագործելը, իհարկե, հանդիպում են նաև սովորական ապականված մարդկանց մեջ, բայց ի՞նչն է հակաքրիստոսներին տարբերում սովորական ապականված մարդկանցից։ Նրանց քծնանքի, շողոքորթության և բարեհունչ խոսքերի մեջ չկա ոչ հարգանք, ոչ անկեղծություն։ Փոխարենը՝ նպատակ ունեն խաղալու մարմնացած Աստծու հետ, փորձելու և օգտագործելու Նրան՝ դրանով իսկ ծնունդ տալով այս արարքներին։ Ունեն իրենց սեփական նպատակները։ Ձգտում են քծնանքի, շողոքորթության և բարեհունչ խոսքերի միջոցով խաղալ իրենց առջև կանգնած սովորական մարդու հետ, հիմարացնել Քրիստոսին, որպեսզի Քրիստոսը չկարողանա թափանցել իրականում իրենց ով լինելու մեջ, այն բանի մեջ, թե ինչպիսի ապականված խառնվածքներ ունեն, ինչպիսի ազնվություն, ինչպիսի էություն ունեն և մարդկանց որ կարգին են պատկանում։ Ուզում են հիմարացնել և մոլորեցնել, ճի՞շտ է։ (Այո։) Արդյոք նրանց քծնանքի, շողոքորթության և բարեհունչ խոսքերի մեջ կա՞ գեթ մեկ անկեղծ խոսք։ Ոչ մի։ Հակաքրիստոսների մտադրությունն ու նպատակը մոլորեցնելը, հիմարացնելը և խաղալն է։ Մի՞թե այս արարքները հակաքրիստոսների կողմից ճշմարտությունն արհամարհելու էությունը չեն։ (Այո։) Նրանք կարծում են, որ սովորական մարդիկ բոլորը սիրում են հաճելի խոսքեր լսել, հաճույք են ստանում շողոքորթությունից և սիրում են, որ ուրիշները սողան իրենց առջև, ինչն իրենց կարևոր լինելու զգացում է հաղորդում և թվալ է տալիս թե իրենց կարգավիճակն ավելի հարգված և մեծաշուք է, քան սովորական մարդունը։ Ընդհակառակը, եթե ինչ-որ մեկը Քրիստոսի առջև չափազանց ստրկամիտ վարքագիծ է դրսևորում՝ զուրկ ազնվությունից և արժանապատվությունից, խոսելով խուսափողական կերպով, միշտ փորձելով խաբել և միշտ փորձելով կոծկել փաստերը՝ Քրիստոսի հետ վարվելով ձևականությամբ և կեղծիքով, ապա Քրիստոսը ոչ միայն հավատ չի ընծայի այս ամենին, այլև սրտում կնյարդայնանա քեզնից։ Ի՞նչ աստիճանի։ Աստված կասեր, որ այս մարդը զզվելի է, ոչ մի ճշմարիտ խոսք չի ասում, միայն մտածում է, թե ինչպես քծնի, լավ բան չէ, դրական կերպար չէ․ նման մարդն անհուսալի է և անվստահելի։ Անհուսալի և անվստահելի․ սա է նման մարդկանց տրված սահմանումը։ Մակերեսորեն ուղղակի այս երկու արտահայտություններն են, բայց իրականում նման մարդը չի սիրում ճշմարտությունը, չի կարող ձեռք բերել ճշմարտությունը և փրկվելու հավանականություն չունի։ Ո՞րն է նման մարդու՝ Աստծուն հավատալու նշանակությունն ու արժեքը, եթե չի կարող ձեռք բերել ճշմարտությունը և փրկվելու հավանականություն չունի։ Եթե խաթարումներ կամ անհանգստություններ չեն առաջացնում, կարող են միայն հակադրության կամ մատուցվող առարկայի դեր խաղալ Աստծու տանը՝ ճիշտ ինչպես մեծ կարմիր վիշապը։ Ի՞նչ է նշանակում ինչ-որ բանի դեր խաղալ։ Նշանակում է ժամանակավորապես առաջ գնալ՝ որքան հնարավոր է, ինչպես սայլ քաշելիս շարունակելով այնքան ժամանակ, քանի դեռ չեն շրջել այն։ Ինչո՞ւ են նրանց ստիպում դեր խաղալ։ Որովհետև նման մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը։ Իրենց սրտերում այնքան են արհամարհում և քամահրում ճշմարտությունը, այնքան են ծաղրում և խաղում ճշմարտության հետ, որ նրանց վերջնական վախճանը երաշխավորված է լինելու Պողոսի վախճանի պես՝ անկարող հասնելու ավարտին։ Հետևաբար, այս տեսակ մարդը կարող է միայն ժամանակավոր ծառայություն մատուցողի դեր խաղալ Աստծու տանը։ Մի կողմից՝ թույլ են տալիս զանազանության և հասկացողության մեջ աճել նրանց, ովքեր ճշմարտապես ձգտում են ճշմարտությանը։ Մյուս կողմից՝ Աստծու տանն անում են այն, ինչի ընդունակ են՝ ծառայություն մատուցելով որքան կարող են, որովհետև նման մարդիկ չեն կարող հասնել ճանապարհի ավարտին։
Մի օր, երբ դուրս եկա, հանդիպեցի մի ծանոթի։ Նախքան կկարողանայի խոսել՝ նա առաջինը հարցրեց Ինձ․ «Այնքան երկար ժամանակ է անցել մեր վերջին հանդիպումից։ Ամեն օր սպասում էի քեզ այստեղ՝ կարոտելով քեզ այնքան, որ չեմ կարողանում տանը մնալ։ Ուղղակի շարունակ քեզ եմ փնտրում այստեղով անցնող ամբոխների մեջ»։ Ինքս Ինձ մտածեցի՝ այս մարդը գուցե հոգեպես մի փոքր անառողջ է։ Արդյոք պայմանավորվե՞լ էի քեզ հետ։ Ինչո՞ւ էիր ամեն օր սպասում Ինձ այստեղ։ Քանի որ պատահաբար հանդիպել ենք, արի խոսենք ինչ-որ էական բանի մասին։ Հարցրի նրան․ «Ինչպե՞ս ես վերջերս»։ Նա պատասխանեց․ «Օ՜, էլ մի՛ ասա։ Մեր վերջին հանդիպումից ի վեր այնքան տարված եմ քո մասին մտքերով, որ չեմ կարողանում ո՛չ ուտել, ո՛չ քնել։ Պարզապես հույս ունեի մի օր տեսնել քեզ»։ Ասացի․ «Արի խոսենք ինչ-որ էական բանի մասին։ Ինչպիսի՞ն է եղել վիճակդ այս ընթացքում»։ «Բավականին լավ։ Նորմալ է եղել»։ «Ձեր եկեղեցին ընտրություններ անցկացրե՞լ է։ Դեռ նույն առաջնորդո՞ղն է»։ «Ո՛չ, ընտրեցին այսինչին»։ «Ինչպիսի՞ն է նա»։ «Նորմալ է»։ «Այդ դեպքում ինչո՞ւ պաշտոնազրկվեց եկեղեցու նախորդ առաջնորդողը»։ «Համոզված չեմ․ նա նորմալ էր»։ «Ավելի կոնկրետ եղիր, մի՛ շարունակ պարզապես ասա «նորմալ»։ Արդյո՞ք պատճառն այն էր, որ չէր կարողանում կոնկրետ աշխատանք կատարել»։ «Կարծում էի՝ նա նորմալ էր»։ «Իսկ ի՞նչ կասես նորընտիր առաջնորդողի մարդկայնության մասին։ Ինչպիսի՞ն է ճշմարտության նրա ըմբռնումը։ Կարողանո՞ւմ է կոնկրետ աշխատանք կատարել»։ «Նա նորմալ է»։ Անկախ այն բանից, թե ինչ էի հարցնում նրան, նրա պատասխանը միշտ «նորմալ» էր, ինչն անհնար էր դարձնում զրույց ունենալը։ Ուստի հեռացա։ Ի՞նչ կարծիքի եք այս պատմության մասին։ Ինչպե՞ս պետք է վերնագրվի այս պատմությունը։ («Նորմալ»։) Այս պատմությունը «Նորմալ»-ն է։ Շատերի հետ Իմ շփումներում քչերն են խոսում մարդկային ողջամտության դիրքերից, էլ չեմ ասում՝ ճշմարտության սկզբունքներին համապատասխան։ Մարդկանց մեծամասնության բերանները լի են ստերով, անհեթեթություններով, մոլորություններով և հանդուգն խոսքերով․ ոչ մի ճշմարիտ խոսք չկա։ Նույնիսկ չեմ պահանջում, որ քո ասած յուրաքանչյուր նախադասություն համապատասխանի ճշմարտությանը կամ ունենա ճշմարտության իրականություն, բայց առնվազն պետք է կարողանաս խոսել մարդու պես, որոշակի անկեղծություն ցուցաբերել, որոշակի ճշմարիտ զգացմունք ցուցաբերել։ Կարո՞ղ է արդյոք երկխոսություն լինել առանց սրանց։ Չի կարող։ Միշտ դատարկ խոսքեր ես ասում և ստեր ես խոսում․ երբ բախվում ես իրավիճակների, անհեթեթություններ, մոլորություններ, վիրավորական խոսքեր և հանդուգն խոսքեր են դուրս գալիս, և արդարացման ու պաշտպանության խոսքեր են հայտնվում, ինչն անհնար է դարձնում լեզու գտնելը կամ հաղորդակցվելը, ճի՞շտ է։ (Ճիշտ է։)
Շատերն ուտում և խմում են Աստծու խոսքերը՝ հավատալով, որ այս խոսքերը վերաբերում են միայն երկնքում գտնվող Աստծուն, միայն Աստծու Հոգուն և միայն այն Աստծուն, որն անտեսանելի և անշոշափելի է։ Քանի որ այդ Աստված այդքան հեռավոր է, Նրա խոսքերն էլ այնքան խորիմաստ են համարվում, որ կոչվում են ճշմարտություն։ Սակայն իրենց առջև կանգնած այս սովորական մարդը, որը տեսանելի է և խոսելիս՝ լսելի, դիտվում է որպես ճշմարտության, Աստծու կամ Աստծու էության հետ քիչ կապ ունեցող։ Պատճառն այն է, որ Նա տեսանելի է և շատ մոտ է մարդկանց, որևէ կերպ չի ազդում նրանց սրտերի կամ աչքերի վրա և նրանց մեջ առեղծվածային հետաքրքրասիրության որևէ զգացում չի առաջացնում։ Մարդիկ զգում են, որ այս սովորական, շոշափելի և խոսող մարդուց գլուխ հանելը չափազանց հեշտ է, նա չափազանց թափանցիկ է։ Նույնիսկ կարծում են, թե կարող են մի հայացքով թափանցել նրա մեջ եւ ճանաչել Նրան։ Արդյունքում մարդիկ անգիտակցաբար Քրիստոսի հետ վարվում են նույն կերպ, ինչպես կվարվեին մարդու հետ, նույն կերպ, ինչպես կվարվեին կարգավիճակ կամ իշխանություն ունեցող ցանկացած մարդու հետ։ Արդյոք սա համահո՞ւնչ է ճշմարտության սկզբունքներին։ Քրիստոսն ինչպե՞ս կարող է հավասարեցվել կարգավիճակ և իշխանություն ունեցող ապականված մարդկանց։ Երբ մարդիկ քծնում և շողոքորթում են կարգավիճակ և իշխանություն ունեցող ապականված անհատներին, օգուտներ են ստանում և արժանանում նրանց գնահատանքին։ Ապականվածները վայելում են դա․ տենչում են ուրիշների քծնանքը, շողոքորթությունը և ստորաքարշությունը, քանի որ դա նրանց ավելի պատվական և վերադաս է դարձնում՝ էլ ավելի ընդգծելով սեփական կարգավիճակն ու իշխանությունը։ Սակայն Քրիստոսը, որն ունի Աստծու էությունը, ճիշտ հակառակն է։ Երբ մարդը կարգավիճակ և համբավ ունի, դա այն պատճառով չէ, որ ունի պատվական էություն կամ բնավորություն, ուստի պետք է դիմի ամեն տեսակ միջոցների, որպեսզի ուրիշներին ստիպի իրեն կուռք դարձնել և շողոքորթել՝ իր համբավն ու կարգավիճակը ցուցադրելու համար։ Ի հակադրություն դրան՝ Քրիստոսը, որն ունի Աստծու էությունը, ի բնե ունի Աստծու ինքնությունն ու կարգավիճակը, որոնք ավելի բարձր են, քան ցանկացած արարածի էությունն ու կարգավիճակը։ Նրա ինքնությունն ու էությունը գոյություն ունեն օբյեկտիվորեն՝ հաստատման համար կարիք չունենալով որևէ արարածի շողոքորթությանը, ոչ էլ Նա որևէ արարածի քծնանքի կամ շողոքորթության կարիքն ունի՝ Իր ինքնությունը, էությունը կամ Իր պատվական կարգավիճակը ցուցադրելու համար։ Դա այն պատճառով է, որ Քրիստոսի՝ Աստծու էությունն ունենալը ներհատուկ փաստ է․ դա Նրան չի շնորհվել որևէ մարդու կողմից, առավել ևս՝ չի վաստակվել մարդկության մեջ տարիների փորձառության միջոցով։ Այսինքն՝ առանց բոլոր արարածների, Աստծու ինքնությունն ու էությունը մնում են այնպիսին, ինչպիսին կան․ առանց որևէ արարածի, որը երկրպագում կամ հետևում է Աստծուն, Աստծու էությունը մնում է անփոփոխ. սա փաստ է, որը չի փոխվում։ Հակաքրիստոսները սխալմամբ հավատում են, որ ինչ էլ Քրիստոսն ասի կամ անի, մարդիկ պետք է բարեհունչ խոսքեր ասեն, պետք է ծափահարեն, պետք է հետևեն և պետք է քծնեն՝ Նրա նախասիրությունները բավարարելու և Նրա մտադրություններին չհակառակվելու համար՝ մտածելով, որ դա կարող է Քրիստոսին զգալ տալ Իր ինքնության և կարգավիճակի գոյությունը։ Սա ծանր սխալ է։ Ինչպե՞ս է ապականված մարդկության մեջ համբավ, իշխանություն և կարգավիճակ ունեցող ցանկացած մեկը ձեռք բերում իր համբավն ու իշխանությունը։ (Քծնելով և ստորաքարշությամբ։) Սա մի տեսանկյունն է։ Բացի դրանից՝ դա հիմնականում մարդկանց մեջ նրանց պայքարի և ջանքերի, նույնիսկ մանիպուլյացիայի միջոցով է և տարբեր եղանակներով դա վաստակելու կամ զավթելու արդյունքում։ Դա լոկ հեղինակություն է, բարձր դիրք կամ վարկանիշ մարդկանց մեջ։ Այս բարձր հեղինակությունը, բարձր վարկանիշը և բարձր կարգավիճակը մարդուն առանձնացնում են ամբոխի մեջ, դարձնում առաջնորդող, որոշում կայացնող՝ հրամաններ արձակելու իրավունքով։ Բայց ո՞րն է կարգավիճակ և համբավ ունեցող այս մարդու էությունը, որը մարդկանց մեջ բարձր է կանգնած ուրիշներից։ Արդյոք կա՞ որևէ տարբերություն նրանց և ուրիշների միջև։ Նրանց ինքնությունն ու էությունը ճիշտ նույնն են, ինչ ցանկացած սովորական ապականված մարդունը․ սովորական արարածներ են՝ Սատանայի իշխանության ներքո ապականված, ունակ դավաճանելու ճշմարտությանը և դրական բաներին, շուռ տալու ճիշտն ու սխալը, դեմ գնալու փաստերին, չարիք գործելու, դիմադրելու Աստծուն և հակառակվելու ու անիծելու Երկնքին։ Նրանց ճշմարիտ ինքնությունն ու էությունը Սատանայի կողմից ապականվածինն է, մեկինը, ով կարող է դիմադրել Աստծուն՝ նրանց համբավն ու կարգավիճակը դարձնելով լոկ դատարկ կոչումներ։ Նրանք, ովքեր բավականաչափ անգութ, դաժան և չարասիրտ են, ովքեր հանուն կարգավիճակի և համբավի կսպանեին կամ կվնասեին ուրիշներին, ձեռք են բերում բարձր դիրքեր։ Նրանք, ովքեր կարող են ինտրիգներ հյուսել, ովքեր ունեն մեթոդներ և կարող են դավեր նյութել, դառնում են ուրիշներին առաջնորդներ։ Այս անհատներն ավելի չարասիրտ, դաժան և չարասեր են, քան սովորական ապականված մարդիկ։ Սիրում են, որ իրենց հետ վարվեն միայն բարեհունչ խոսքերով, ստորաքարշությամբ, քծնանքով և շողոքորթությամբ։ Եթե նրանց ասում ես ճշմարտությունը, վտանգի ես ենթարկում կյանքդ։ Հակաքրիստոսներն այս աշխարհիկ խաղի կանոնները և աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունները բերում են Աստծու տուն՝ կիրառելով Քրիստոսի հետ իրենց շփումներում։ Ենթադրում են, որ եթե Քրիստոսն ուզում է կայուն կերպով հաստատվել, նույնպես պետք է սիրի, երբ Իրեն քծնում են, շողոքորթում և բարեհունչ խոսքեր ասում։ Այսպես վարվելով՝ աննկատելիորեն պարզապես որպես ապականված մարդկության անդամի են վերաբերվում այն մսեղիին, որում Աստված մարմնացել է, ինչը հակաքրիստոսների մոտեցումն է։ Հետևաբար, հակաքրիստոսների դրսեւորած խառնվածքը Քրիստոսի հետ իրենց շփումներում, անկասկած, չարասեր է։ Նրանք չարասեր խառնվածք ունեն, սիրում են ենթադրություններ անել և խորհել մարդկանց մտքերի շուրջ, սիրում են չափել ուրիշների խոսքերն ու դեմքի արտահայտությունները և սիրում են օգտագործել որոշակի միջոցներ, խաղի որոշ կանոններ, որոնք օգտագործվում են աշխարհիկ մարդկանց կողմից Քրիստոսի հետ վարվելիս և Նրա հետ իրենց շփումներին վերաբերող հարցերում։ Ո՞րն է նրանց թույլ տված ամենալուրջ սխալը։ Ինչո՞ւ են կարողանում այսպես վարվել։ Որտե՞ղ է արմատը։ Աստված ասում է, որ մարմնացած Աստված սովորական մարդ է։ Լսելով սա՝ հակաքրիստոսներն, ուրախանում են՝ ասելով․ «Դե, ուրեմն քեզ կվերաբերվեմ որպես սովորական մարդու․ հիմա հիմք ունեմ, թե քեզ ինչպես վերաբերվեմ»։ Երբ Աստված ասում է, որ այն մսեղին, որում Աստված մարմնացել է, ունի Աստծու էությունը, հակաքրիստոսներն արձագանքում են․ «Աստծու էությո՞ւն։ Ինչո՞ւ չեմ տեսնում դա։ Որտե՞ղ է այն։ Ինչպե՞ս է դրսևորվում։ Նա ի՞նչ է դրսեւորում՝ ապացուցելու համար, որ ունի աստծու էությունը։ Միայն գիտեմ քծնել և շողոքորթել կարգավիճակ ունեցողներին։ Երբեք չեմ կարող սխալվել մարդկանց քծնելով և շողոքորթելով․ դա միշտ ճիշտ ճանապարհն է։ Համենայն դեպս, դա ավելի լավ է, քան ճշմարտությունը խոսելը»։ Սա հակաքրիստոսների չարասիրությունն է։ Հենց այսպես հակաքրիստոսները չեն հավատում կամ չեն ընդունում ճշմարտությունը՝ ապրելով բացառապես Սատանայի փիլիսոփայությամբ։
Ոմանք ասում են․ «Բոլորը սիրում են նրանց, ովքեր կարող են քծնել, շողոքորթել և բարեհունչ խոսքեր ասել, միայն Աստված չի սիրում նման մարդկանց։ Ուստի իրականում ինչպիսի՞ մարդու է սիրում Աստված։ Ինչպե՞ս պետք է մարդ շփվի Աստծու հետ, որպեսզի սիրվի Նրա կողմից»։ Գիտե՞ք։ (Աստված սիրում է ազնիվ մարդկանց, մարդկանց, որոնք իրենց սրտի խոսքն են ասում Աստծուն, մարդկանց, որոնք բացում են իրենց սրտերը և առանց նենգության հաղորդակցվում Աստծու հետ։) Էլի ինչ-որ բա՞ն։ (Նրանց, ովքեր ունեն աստվածավախ սիրտ, ովքեր ի վիճակի են լսելու և ընդունելու Աստծու խոսքերը։) (Նրանց, ովքեր ունեն դեպի Աստծու տունն ուղղված սիրտ, ովքեր Աստծու հետ մեկ սիրտ ունեն։) Բոլորդ նշեցիք ազնիվ մարդ լինելու մի քանի կողմ, որոնք պետք է կիրառվեն։ Ազնիվ մարդ լինելն Աստծու պահանջն է մարդուց։ Դա ճշմարտություն է, որը մարդը պետք է կիրառի։ Ուստի որո՞նք են այն սկզբունքները, որոնց մարդը պետք է հետևի Աստծու հետ իր շփումներում։ Անկեղծ եղիր․ սա այն սկզբունքն է, որին պետք է հետևել Աստծու հետ շփվելիս։ Մի՛ ներգրավվիր անհավատների քծնելու կամ շողոքորթելու գործելակերպի մեջ․ Աստված մարդու քծնանքի և շողոքորթության կարիքը չունի։ Անկեղծ լինելը բավական է։ Իսկ ի՞նչ է նշանակում անկեղծ լինել։ Ինչպե՞ս պետք է դա կիրառվի։ (Պարզապես բացվել Աստծու առաջ՝ առանց կեղծելու, որևէ բան թաքցնելու կամ գաղտնիքներ պահելու, շփվել Աստծու հետ ազնիվ սրտով և լինել շիտակ՝ առանց որևէ չար մտադրության կամ խորամանկության։) Ճիշտ է։ Անկեղծ լինելու համար նախ պետք է մի կողմ դնես անձնական ցանկություններդ։ Կենտրոնանալու փոխարենը, թե Աստված ինչպես է վերաբերվում քեզ, պետք է բացվես Աստծու առաջ և ասես այն ամենը, ինչ սրտումդ է։ Մի՛ խորհիր կամ մտածիր, թե որոնք կլինեն խոսքերիդ հետևանքները։ Ասա՛ այն ամենը, ինչ մտածում ես, մի կողմ դի՛ր շարժառիթներդ և մի՛ ասա բաներ պարզապես ինչ-որ նպատակի հասնելու համար։ Չափազանց շատ անձնական մտադրություններ և խարդախումներ ունես․ միշտ հաշվենկատ ես խոսելիս՝ մտածելով․ «Պետք է խոսեմ այս մասին և ոչ թե այն, պետք է զգույշ լինեմ ասածներիս հարցում։ Կձևակերպեմ այնպես, որ օգուտ տա ինձ, կոծկի թերություններս և լավ տպավորություն թողնի աստծու վրա»։ Մի՞թե սա շարժառիթներ ունենալ չէ։ Նախքան բերանդ բացելը, միտքդ լցված է խոտոր մտքերով, մի քանի անգամ խմբագրում ես այն, ինչ ուզում ես ասել, այնպես որ, երբ խոսքերը դուրս են գալիս բերանիցդ, դրանք այլևս այնքան էլ մաքուր չեն, ամենևին անկեղծ չեն և պարունակում են սեփական շարժառիթներդ ու Սատանայի դավերը։ Սա անկեղծ լինել չէ, սա չարակամ շարժառիթներ և վատ մտադրություններ ունենալ է։ Ավելին, խոսելիս միշտ առաջնորդվում ես մարդկանց դեմքի արտահայտություններով և նրանց հայացքներով․ եթե նրանց դեմքին դրական արտահայտություն կա, շարունակում ես խոսել, եթե ոչ՝ զսպում ես քեզ և ոչինչ չես ասում, եթե նրանց հայացքը վատն է, և թվում է, թե նրանց դուր չի գալիս իրենց լսածը, ծանրութեթև ես անում և ինքդ քեզ ասում․ «Ուրեմն կասեմ մի բան, որը կհետաքրքրի քեզ, որը կուրախացնի քեզ, որը քեզ դուր կգա, և որը քեզ բարեհաճ կտրամադրի իմ հանդեպ»։ Արդյո՞ք սա անկեղծ լինել է։ Ոչ։ Ոմանք չեն զեկուցում, երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը չարիք է գործում և անհանգստություն է առաջացնում եկեղեցում։ Մտածում են․ «Եթե առաջինը զեկուցեմ այս մասին, կվիրավորեմ այդ մարդուն, իսկ եթե հանկարծ սխալված լինեմ, ստիպված կլինեմ էտվել։ Կսպասեմ, որ ուրիշները զեկուցեն, և կմիանամ նրանց։ Նույնիսկ եթե սխալվենք, մեծ բան չէ․ ի վերջո, չես կարող դատապարտել ամբոխը։ Ինչպես ասում են. «Գլուխը բարձրացնող թռչունն է գնդակահարվում»։ Ես այդ թռչունը չեմ լինի։ Պետք է հիմար լինել՝ համառորեն աչքի ընկնելու համար»։ Արդյո՞ք սա անկեղծ լինել է։ Միանշանակ ոչ։ Նման մարդն իսկապես նենգ է։ Եթե դառնար եկեղեցու առաջնորդող կամ վերակացու, մի՞թե վնաս չէր հասցնի եկեղեցու աշխատանքին։ Միանշանակ կհասցներ։ Նման մարդը բացարձակապես չպետք է օգտագործվի։ Կարո՞ղ եք զանազանել այս տեսակ մարդուն։ Ասենք, օրինակ, կա մի առաջնորդող, որը վատ բաներ է արել և խանգարել եկեղեցու աշխատանքին, սակայն ոչ ոք չի հասկանում, թե իրականում ինչ է կատարվում այս մարդու հետ, ոչ էլ Վերևը գիտի, թե ինչպիսին է նա․ միայն դու գիտես, թե իրականում ինչ է կատարվում նրա հետ։ Արդյոք նման հանգամանքներում խնդիրն ազնվորեն կփոխանցեի՞ր Վերևին։ Այս խնդիրն այն է, ինչն ամենաշատն է բացահայտում մարդուն։ Եթե թաքցնեիր հարցը և ոչինչ չասեիր ոչ մեկին, նույնիսկ Աստծուն՝ սպասելով մինչև այն օրը, երբ այդ առաջնորդողն այնքան չարիք կգործեր, որ տակնուվրա կաներ եկեղեցու աշխատանքը, և բոլորն արդեն մերկացրած ու լուծած կլինեին նրա հարցը, որպեսզի ոտքի կանգնեիր ու ասեիր․ «Միշտ իմացել եմ, որ նա լավ մարդ չէ։ Պարզապես ոմանք կարծում էին, թե լավն է։ Եթե որևէ բան ասեի, ոչ ոք չէր հավատա ինձ։ Ուստի չէի խոսում։ Հիմա, երբ վատ բաներ է արել, և բոլորը կարող են ասել, թե նա ով է, կարող եմ բարձրաձայնել, թե իրականում ինչ է կատարվում նրա հետ»։ Արդյո՞ք դա անկեղծ լինել է։ (Ոչ։) Եթե ամեն անգամ, երբ ինչ-որ մեկի խնդիրները մերկացվում են, կամ խնդիր է զեկուցվում, հետևում ես ամբոխին և վերջինն ես ոտքի կանգնում ու մերկացնում նրանց կամ զեկուցում խնդիրը, արդյոք անկե՞ղծ ես։ Սրանցից ոչ մեկն անկեղծ լինել չէ։ Եթե չես հավանում ինչ-որ մեկին, կամ ինչ-որ մեկը վիրավորել է քեզ, և գիտես, որ նա չար մարդ չէ, բայց դու, մանրախնդիր լինելով, սկսում ես ատել նրան և ցանկանում ես վրեժխնդիր լինել, ծաղրել նրան, գուցե նրա մասին Վերևին որոշ վատ բաներ ասելու ուղիներ մտածես և հնարավորություններ փնտրես։ Գուցե պարզապես փաստեր ես նշում՝ այդ մարդուն չդատապարտելով, բայց այդ փաստերը նշելիս մտադրությունդ բացահայտվել է․ ցանկանում ես օգտվել Վերևի ձեռքից կամ այնպես անել, որ Աստված ինչ-որ բան ասի՝ նրա հարցը լուծելու համար։ Խնդիրները Վերևին զեկուցելով՝ փորձում ես հասնել նպատակիդ։ Սա ակնհայտորեն խառնված է անձնական մտադրություններով և միանշանակ անկեղծ լինել չէ։ Եթե նա չար մարդ է, որը խանգարում է եկեղեցու աշխատանքին, և դու դրա մասին զեկուցում ես Վերևին՝ այդ աշխատանքը պաշտպանելու համար, և բացի դրանից, քո զեկուցած խնդիրները լիովին փաստացի են, ապա դա տարբերվում է սատանայական փիլիսոփայությունների միջոցով հարցերը լուծելուց։ Դա բխում է արդարադատության և պատասխանատվության զգացումից և քո հավատարմության իրագործումն է։ Այդպես է դրսևորվում անկեղծ լինելը։
Աստված չի սիրում այն մարդկանց, որոնք քծնում են, շողոքորթում կամ բարեհունչ խոսքեր ասում։ Ուստի իրականում ինչպիսի՞ մարդու է սիրում Աստված։ Ինչպե՞ս է Աստված սիրում, որ մարդիկ շփվեն և հաղորդակցվեն Իր հետ։ Աստված սիրում է ազնիվ մարդկանց, սիրում է, որ մարդիկ անկեղծ լինեն Իր հետ։ Կարիք չկա Նրա ձայնի տոնն ու դեմքի արտահայտությունը հաշվի առնելու կամ Նրա բարեհաճությունը շահելու։ Պարզապես պետք է անկեղծ լինես, ունենաս անկեղծ սիրտ, ունենաս ոչինչ չթաքցնող, չքողարկող ու չկեղծող սիրտ և թույլ տաս, որ արտաքինդ համապատասխանի սրտիդ։ Այսինքն՝ Քրիստոսի հետ վարվելիս և շփվելիս որևէ ջանք գործադրելու, որևէ «տնային աշխատանք» անելու կամ նախապես պատրաստվելու կամ որևէ բան անելու կարիք չկա․ սրանցից ոչ մեկն անհրաժեշտ չէ։ Աստված սիրում է անկեղծություն․ սրտանց, բնականոն, բնական զրույց և շփում։ Նույնիսկ եթե սխալ բան ասես կամ անպատշաճ խոսքեր գործածես, դա խնդիր չէ։ Օրինակ՝ ենթադրենք, գնում եմ ինչ-որ վայր, և խոհարարը հարցնում է․ «Սննդակարգի որևէ սահմանափակում ունե՞ս։ Որո՞նք են այն ուտելիքները, որոնք ուտում ես և չես ուտում։ Ի՞նչ պատրաստեմ»։ Ասում եմ․ «Ոչ շատ աղի, ոչ կծու ուտելիք, և նաև՝ ոչ շատ յուղոտ և ոչ տապակած ուտելիքներ։ Որպես հիմնական ուտելիք՝ բրինձը կամ մակարոնը հարմար են»։ Արդյոք այս հրահանգները խո՞րն են։ (Ոչ։) Ցանկացած ոք, ով գիտի ճաշ պատրաստել, անմիջապես կհասկանար՝ առանց ենթադրություններ անելու, խորհելու կամ հատուկ ուղղորդման կամ բացատրության կարիքի։ Պարզապես պատրաստի՛ր ըստ քո փորձի, դա պարզ հարց է։ Բայց նույնիսկ ամենապարզ բանն անիրագործելի է մարդկանց համար, որովհետև ունեն ապականված խառնվածքներ և եսասիրություն։ Ասում եմ՝ ոչ շատ յուղոտ, բայց հետո պատրաստելիս բանջարեղենի փոքր չափաբաժնի համար մի մեծ գդալ յուղ է օգտագործում՝ հիմնականում տապակելով այն և հաղորդելով շատ յուղոտ համ։ Ասում եմ՝ ոչ շատ աղի, և ընդամենը մի փոքր աղ է գցում, այնպես որ գրեթե անհամ է ստացվում։ Այդքան յուղով և նման անարտահայտիչ համով՝ արդյոք դա դեռ կարո՞ղ է ախորժելի լինել։ Խոհարարը չի կարողանում նույնիսկ այս փոքրիկ բանը ճիշտ անել և նույնիսկ ասում է․ «Աստծու մտադրությունները դժվար է ընկալել։ Աստծու ասած յուրաքանչյուր խոսք ճշմարտությունն է։ Մարդկանց համար դժվար է այն կիրառել»։ Ի՞նչ է նշանակում «դժվար է կիրառել»։ Ոչ թե դժվար է կիրառել, այլ պարզապես չես կիրառում այն։ Եսասիրությունդ չափազանց մեծ է․ միշտ ունես սեփական մտադրություններդ ու անձնական խառնուրդներդ։ Միշտ ուզում ես բաներն անել սեփական կամքիդ համաձայն՝ անելով ամեն ինչ սեփական ճաշակով։ Ասում եմ․ «Ճաշ պատրաստելիս կծու ուտեստներ մի՛ սարքիր։ Եթե բոլորդ սիրում եք կծու ուտելիք, Ինձ համար մի քանի ոչ կծու ուտեստ պատրաստեք»։ Բայց ճաշ պատրաստելիս պնդում է, որ կծու անի։ Մեծ ախորժակով ուտում է և կարծում, թե հիանալի է։ Ասում եմ․ «Ասացի քեզ, որ կծու չանես։ Ինչո՞ւ արեցիր»։ «Այս ուտեստը պետք է կծու լինի։ Առանց կծվի համեղ չէ, առանց դրա կորցնում է համը»։ Ի՞նչ տեսակ մարդ է սա։ Արդյոք լավ մտադրություննե՞ր ունի։ Ոմանք սիրում են միս ուտել։ Ասում եմ․ «Եթե սիրում ես միս, քեզ համար մսով հարուստ ուտեստ պատրաստիր։ Ինձ համար պատրաստած ուտեստների մեջ ավելի քիչ միս դիր կամ ուղղակի բանջարեղենային ուտեստ պատրաստիր Ինձ համար»։ Սիրով համաձայնվում է, բայց պատրաստելիս անտեսում է Իմ խնդրանքը՝ կաթսայի մեջ մսի մեծ կտորներ ավելացնելով, նույնիսկ չիլի պղպեղ է ավելացնում։ Միսն արդեն յուղոտ է, և դեռ տապակում է այն՝ ամեն ինչ պատրաստելով սեփական սուր ճաշակով։ Եթե թույլ չեմ տալիս անել դա, նրա համար դա անընդունելի է․ նույնիսկ ասում է․ «Քեզ գոհացնելը չափազանց դժվար է։ Սա համեղ է։ Բոլորն ուտում են սա, ինչո՞ւ դու չես ուտում։ Մի՞թե սա քեզ համար չեմ պատրաստում։ Շատ ուտելը լավ է առողջությանդ համար, դա քեզ էներգիա է տալիս։ Եթե առողջ լինես, մի՞թե չես կարողանա ավելի շատ քարոզել։ Մտածում եմ և՛ քո, և՛ եկեղեցու եղբայրների ու քույրերի մասին»։ Մի՞թե այս մարդը սարսափելի խնդրահարույց չէ։ Ամեն ինչում ուժեղ ցանկություններ ունի, ամեն ինչում՝ սեփական կարծիքներն ու գաղափարները։ Էլ չենք խոսում այն մասին, թե արդյոք ունի որևէ ճշմարտություն, թե ոչ, չունի նույնիսկ ամենատարրական մարդկայնությունը։ Արդյո՞ք սա անկեղծ լինել է։ (Ոչ։) Սկզբում, երբ այս մարդը հարց տվեց Ինձ, թվում էր, թե պարկեշտ է, կարծես թե պետք է կարողանար բավականին լավ ճաշ պատրաստել։ Բայց հենց որ ուտելիքը մատուցվում է, գիտեմ՝ գեղեցիկ է խոսում, թվում է, թե լավ է տրամադրված Իմ հանդեպ, բայց իրականում պարզապես եսասեր և արհամարհելի երիտասարդ է։
Կա այսպիսի մեկը, ում հաճախ եմ տեսնում․ ի բնե հաշվենկատ է և սրամիտ։ Երբ շփվում է Ինձ հետ, հենց որ դեղս խմում եմ, արդեն ջուր է բերում, երբ պատրաստվում եմ դուրս գալ, անմիջապես վերցնում է պայուսակս, և տեսնելով, որ դրսում ցուրտ է, շարֆ և ձեռնոցներ էլ է բերում։ Մտածում եմ․ «Արագաշարժ է, բայց ինչո՞ւ է դա անհարմար զգացում առաջացնում»։ Անկախ այն բանից՝ ներս եմ մտնում, թե դուրս գալիս, հագուստ, կոշիկ կամ գլխարկ եմ հագնում, միշտ կա մեկը, ով Ինձնից արագ է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ եմ զգում։ Պետք է ուրախանա՞մ, թե՞ նյարդայնանամ։ (Նյարդայնանաս։) Արդյոք կնյարդայնանայի՞ք այսպիսի վարքագծից։ (Այո։) Եթե բոլորդ կնյարդայնանայիք, ի՞նչ եք կարծում, Ես նյարդայնանո՞ւմ եմ։ (Այո։) Ոմանք Ինձ համար այս ամենն անելուց հետո՝ բավականին գոհ և հպարտ են զգում իրենցով՝ ասելով․ «Երբ աշխատում էի, ղեկավարս սիրում էր ինձ։ Ուր էլ գնամ, մարդիկ սիրում են ինձ, որովհետև արագ եմ մտածում»։ Ենթատեքստն այն է, որ գիտեն՝ ինչպես ստորաքարշություն անել, քծնել և շողոքորթել․ բութ, դանդաղաշարժ կամ հիմար չեն, արագ են գործում և սուր միտք ունեն, ուստի սիրված են, ուր էլ որ գնան։ Ասում են, որ բոլորը սիրում են իրենց, ինչը նշանակում է, որ Ես նույնպես պետք է սիրեմ իրենց։ Արդյոք սիրո՞ւմ եմ նրանց։ Խիստ նյարդայնանում եմ նրանցից։ Խուսափում եմ նման մարդկանցից, երբ տեսնում եմ նրանց։ Կան այլոք, ովքեր, տեսնելով, թե ինչպես են աշխարհում հանցավոր աշխարհի պարագլուխների և գլխավոր դևերի թիկնապահներն ու պնակալեզ կամակատարները բացում մեքենայի դռները և պաշտպանում իրենց ղեկավարների գլուխները, նույնն անում են Ինձ հետ։ Նախքան մեքենա նստելս, ձեռք են մեկնում դուռը բացելու, ապա ձեռքով պաշտպանում են գլուխս՝ Ինձ վերաբերվելով այնպես, ինչպես անհավատներն են վերաբերվում ղեկավար կադրին։ Հակակրանք եմ զգում այս մարդկանց նկատմամբ։ Այս մարդիկ, որոնք ամենևին չեն ձգտում ճշմարտությանը, ունեն մարդկայնություն, որը եսասեր է, արհամարհելի և շահամոլ, և զուրկ են ամոթի զգացումից։ Երբ ուրիշների հետ շփվում ես՝ քծնելով և շողոքորթելով կարգավիճակ և համբավ ունեցողներին և անդադար ստորաքարշություն անելով, նույնիսկ որոշ արդարամիտ մարդիկ են դա հակակրելի համարում և արհամարհում են նման մարդկանց։ Եթե դա անում ես Ինձ հետ, Ես դա էլ ավելի նողկալի եմ համարում։ Երբեք այսպես մի՛ վարվիր Ինձ հետ, Ես դրա կարիքը չունեմ, դա զզվանք է առաջացնում Իմ մեջ։ Այն, ինչի կարիքն ունեմ, քո քծնանքը, շողոքորթությունը կամ ստորաքարշությունը չէ։ Կարիք ունեմ, որ անկեղծ լինես Ինձ հետ, հանդիպելիս սրտանց խոսես, խոսես հասկացողությանդ, փորձառություններիդ և թերություններիդ մասին, քննարկես այն ապականությունը, որը դրսեւորում ես պարտավորությունդ կատարելու ընթացքում, և այն բաները, որոնցում զգում ես, որ թերանում ես փորձառություններումդ։ Կարող ես փնտրել և հաղորդակցվել այս բոլոր բաների շուրջ և կարող ես նաև ուսումնասիրել դրանք։ Անկախ այն բանից, թե ինչ թեմայի շուրջ ենք հաղորդակցվում կամ զրուցում, պետք է անկեղծ լինես և ունենաս այսպիսի սիրտ ու վերաբերմունք։ Մի՛ կարծիր, թե քծնելով, ստորաքարշություն անելով, շողոքորթելով կամ բարեհաճություն շահելով կարող ես լավ տպավորություն թողնել․ դա միանգամայն անօգուտ է։ Ընդհակառակը, նման վարքագիծը ոչ միայն որևէ օգուտ չի բերում, այլև կարող է քեզ խորապես ամոթահար անել և մերկացնել անմտությունդ։
Նրանք, ովքեր չեն կարողանում նույնիսկ անկեղծ լինել Քրիստոսի հետ, ի՞նչ տեսակ մարդիկ են։ Եթե անկեղծ ես ուրիշների հետ վարվելիս, վախենում ես, որ գուցե իմանան ճշմարիտ վիճակդ և վնասեն քեզ, վախենում ես, որ գուցե խաբեն, շահագործեն, ծաղրեն կամ արհամարհեն քեզ։ Սակայն ինչի՞ց ես վախենում Քրիստոսի հետ անկեղծ լինելիս։ Եթե սրտումդ կան այս կասկածները, դա խնդիր է։ Եթե չես կարող անկեղծ լինել, դա նույնպես քո խնդիրն է։ Դա մի տարածք է, որտեղ պետք է ձգտես ճշմարտությանը և ջանաս փոխվել։ Եթե ճշմարտապես հավատում և ընդունում ես, որ քո առջև կանգնած անձն այն Աստվածն է, որին հավատում ես, այն Աստվածը, որին հետևում ես, ապա ավելի լավ է Նրա հետ չշփվես քծնելով, շողոքորթելով և բարեհունչ խոսքեր ասելով։ Փոխարենը, անկեղծ եղի՛ր, ասա՛ սրտումդ եղածը և փաստացի խոսքեր ասա՛։ Մի՛ ասա բաներ, որոնք ծառայում են կեղծելուն, ոչ էլ ստեր կամ քողարկող խոսքեր ասա, ոչ էլ զբաղվիր խորամանկությամբ կամ ինտրիգներով։ Սա Քրիստոսի հետ շփվելու լավագույն ձեւն է։ Կարո՞ղ եք հասնել դրան։ Ո՞րն է դրական՝ անկեղծ լինե՞լը, թե՞ քծնելն ու շողոքորթելը։ (Անկեղծ լինելը։) Անկեղծ լինելը դրական է, մինչդեռ քծնելն ու շողոքորթելը բացասական են։ Եթե մարդիկ չեն կարողանում հասնել այնպիսի դրական բանի, ինչպիսին անկեղծ լինելն է, դա վկայում է նրանց մեջ առկա խնդրի, ապականված խառնվածքի մասին։ Արդյոք Իմ այս պահանջը չափազանցվա՞ծ է։ Եթե կարծում եք, որ չափազանցված է, եթե կարծում եք, որ արժանի չեմ նման վերաբերմունքի, արժանի չեմ, որ Ինձ հետ շփվեք նման անկեղծությամբ և նման անկեղծ վերաբերմունքով, ապա ունե՞ք ավելի լավ մեթոդ, ավելի լավ ուղի։ (Ոչ։) Այդ դեպքում կիրառե՛ք այս մոտեցումը։ Եկեք այս կետի վերաբերյալ մեր հաղորդակցությունն ավարտենք այսքանով։
Բ. Զննում և վերլուծություն՝ հետաքրքրասիրության հետ մեկտեղ
Հաջորդիվ անցնում ենք երկրորդ կետին՝ զննում և վերլուծություն՝ հետաքրքրասիրության հետ մեկտեղ։ Արդյոք այս կետը հե՞շտ է հասկանալ։ Երբ խոսքը վերաբերում է մարմնացած Աստծու գործողություններին և խոսքերին, ինչպես նաև Նրա յուրաքանչյուր խոսքում և գործում բացահայտված անհատականությանը կամ բնույթին կամ նույնիսկ Նրա նախասիրություններին, բնականոն մարդիկ պետք է ճիշտ վերաբերվեն դրանց։ Նրանք, ովքեր ճշմարտապես հետևում են Աստծուն և ձգտում ճշմարտությանը, Քրիստոսի այս արտաքին դրսևորումները համարում են Նրա մսեղիի բնականոն կողմը։ Ինչ վերաբերում է Քրիստոսի ասած խոսքերին, նրանք կարող են լսել և ընկալել դրանք՝ դրանց վերաբերվելով որպես ճշմարտության, այդ խոսքերից հասկանալով Աստծու մտադրությունները, հասկանալով կիրառման սկզբունքները և գտնելով կիրառման ուղի՝ ճշմարտության իրականություն մտնելու համար։ Բայց հակաքրիստոսներն այլ կերպ են վարվում։ Երբ հետևում են Քրիստոսի խոսքին և գործին, սրտերում ոչ թե ընդունում կամ հնազանդություն է, այլ զննում․ «Որտեղի՞ց են գալիս այս խոսքերը։ Ինչպե՞ս են դրանք ասվում։ Նախադասություն նախադասության հետևից՝ արդյոք դրանք կանխամտածվա՞ծ են, թե՞ սուրբ հոգուց ներշնչված։ Արդյոք սրանք սովորա՞ծ, թե՞ նախապես պատրաստած խոսքեր են։ Ինչո՞ւ չգիտեմ։ Այս խոսքերից մի քանիսը բավականին սովորական են հնչում, պարզապես հասարակ խոսակցություն։ Սա նման չէ աստծու․ մի՞թե աստված իսկապես այսքան բնականոն, այսքան սովորական է խոսում։ Զննելով չեմ կարողանում գլուխ հանել դրանից, ուստի կդիտարկեմ, թե ինչ է անում կուլիսներում։ Արդյոք թերթեր կարդո՞ւմ է։ Արդյոք որևէ հայտնի գիրք կարդացե՞լ է։ Արդյոք քերականություն ուսումնասիրո՞ւմ է։ Սովորաբար ինչպիսի՞ մարդկանց հետ է շփվում»։ Նրանք չունեն ճշմարտությանը հնազանդվելու կամ այն ընդունելու վերաբերմունք, այլ ավելի շուտ Քրիստոսին զննում են գիտական հետազոտություն իրականացնող կամ ակադեմիական առարկաներ ուսումնասիրող գիտնականի վերաբերմունքով։ Զննում են Քրիստոսի խոսքերի բովանդակությունը և Նրա խոսելու ձևը, ունկնդիրներին, որոնց Քրիստոսը դիմում է, ինչպես նաև Քրիստոսի վերաբերմունքն ու նպատակն ամեն անգամ, երբ Նա խոսում է։ Երբ էլ որ Քրիստոսը խոսում կամ գործում է, այն ամենը, ինչ հասնում է նրանց ականջներին, այն ամենը, ինչ կարող են տեսնել և այն ամենը, ինչի մասին լսում են, դառնում է նրանց զննման առարկան։ Զննում են Քրիստոսի ասած յուրաքանչյուր բառ ու նախադասություն, Նրա արած յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր անհատի, ում հետ Նա գործ է ունենում, մարդկանց հետ Նրա վարվելաձևը, Նրա խոսքն ու պահվածքը, հայացքն ու դեմքի արտահայտությունները, նույնիսկ Նրա կենցաղային սովորություններն ու առօրյան և ուրիշների հետ շփվելու Նրա ձևն ու վերաբերմունքը նրանց նկատմամբ․ զննում են այս ամենը։ Այս զննման միջոցով հակաքրիստոսները եզրակացնում են․ ինչպես էլ նայեմ քրիստոսին, թվում է, թե ունի բնականոն մարդկայնություն․ միանգամայն սովորական է, և նրա մեջ ոչ մի առանձնապես յուրահատուկ բան չկա, բացի ճշմարտությունն արտահայտելու կարողությունից։ Արդյոք սա իսկապե՞ս մարմնացած աստվածն է։ Որքան էլ զննեն, չեն կարողանում հանգել հստակ եզրակացության, որքան էլ զննեն, չեն կարողանում պարզել, թե արդյոք Քրիստոսն այն աստվածն է, որին ճանաչում են իրենց սրտերում։ Նրանք Քրիստոսին զննողներն են, ոչ թե Աստծու գործը փորձառաբար ապրողները․ ինչպե՞ս կարող են հասնել Աստծու ճանաչողությանը։
Հակաքրիստոսները Քրիստոսին զննելիս անկարող են տեսնել Աստծու վեհությունը, անկարող են տեսնել Աստծու արդարությունը, ամենակարողությունը և հեղինակությունը։ Որքան էլ զննեն, չեն կարողանում գալ այն եզրակացության, որ Քրիստոսն ունի Աստծու էությունը․ անկարող են թափանցել դրա մեջ և հասկանալ դա։ Ոմանք ասում են․ «Այնտեղ, որտեղ չես կարողանում թափանցել կամ հասկանալ, փնտրելու ճշմարտություն կա», ինչին հակաքրիստոսը կպատասխաներ․ «Այստեղ փնտրելու ոչ մի ճշմարտություն չեմ տեսնում․ կան միայն կասկածելի մանրամասներ, որոնք արժե խորապես զննել»։ Իրենց զննումից և վերլուծությունից հետո եզրակացնում են․ այս Քրիստոսը կարող է միայն որոշ խոսքեր ասել և, դրանից բացի, ոչնչով չի տարբերվում սովորական մարդկանցից։ Զուրկ է հատուկ պարգեւներից, չունի եզակի ունակություններ և նույնիսկ չունի գերբնական զորություններ՝ Հիսուսի պես նշաններ և հրաշքներ գործելու համար։ Այն ամենը, ինչ ասում է, մահկանացուի խոսքեր են։ Ուստի արդյոք իսկապե՞ս Քրիստոսն է։ Այս արդյունքը սպասում է հետագա վերլուծության և զննման։ Ինչպես էլ նայեն, չեն կարողանում Քրիստոսի մեջ տեսնել Աստծու էությունը, ինչպես էլ զննեն, չեն կարողանում եզրակացնել, որ Քրիստոսն ունի Աստծու ինքնությունը։ Հակաքրիստոսի աչքերում այն մսեղին, որում աստված մարմնացել է, պետք է ունենա արտասովոր զորություններ, հատուկ պարգեւներ, հրաշքներ ցուցադրելու կարողություն և աստծու իշխանությունը դրսևորելու ու բանեցնելու էություն և ունակություն։ Սակայն նրանց առջև կանգնած այս սովորական մարդը զուրկ է այս բոլոր հատկանիշներից, և Նրա խոսքը խիստ արտահայտիչ չէ։ Նույնիսկ շատ բաներ նկարագրելիս Նա խոսակցական լեզու է գործածում, որը չի համապատասխանում մարդկային պատկերացումներին՝ նույնիսկ չհասնելով համալսարանի պրոֆեսորի մակարդակին։ Ինչպես էլ հակաքրիստոսները զննեն Քրիստոսի խոսքը, ինչպես էլ զննեն Քրիստոսի գործողությունները, ինչպես նաև գործեր անելիս Նրա վերաբերմունքն ու ձևը, չեն կարողանում տեսնել, որ Քրիստոսը՝ այս սովորական մարդը, ունի Աստծու էությունը։ Հետևաբար, հակաքրիստոսների սրտերում այն, ինչն այս սովորական մարդուն առավել արժանի է դարձնում հետևելու, այն բազմաթիվ բաներն են, խոսքերն ու երևույթները, որոնց մեջ չեն կարողանում թափանցել։ Սա է այն, ինչն արժանի է նրանց զննմանն ու վերլուծությանը, դա է այս անձին հետևելու նրանց մեծագույն շարժառիթը։ Ի՞նչ բովանդակություն և թեմաներ են արժանի նրանց զննմանն ու վերլուծությանը։ Դրանք կյանքի մուտքի մասին Քրիստոսի ասած այս խոսքերն են․ սովորական մարդիկ իսկապես չեն կարող նման բաներ ասել, իրապես չունեն դրանք, և նման խոսքերն, հիրավի, չեն գտնվի մարդկության մեջ որևէ երկրորդ անձի մոտ․ հայտնի չէ, թե որտեղից են դրանք գալիս։ Հակաքրիստոսները նորից ու նորից զննում են, բայց երբեք չեն կարողանում եզրակացության հանգել դրա վերաբերյալ։ Օրինակ՝ երբ Ես խոսում եմ այն մասին, թե ինչպիսին է ինչ-որ մեկը, ինչ է նրա էությունն ու խառնվածքը, սովորական մարդիկ մանրակրկիտ կերպով այս մանրամասները կհամապատասխանեցնեն իրական անձի հետ և կստուգեն հարցը։ Երբ հակաքրիստոսները լսում են այս խոսքերը, ընդունելու վերաբերմունք ցույց չեն տալիս՝ հարցը համապատասխանեցնելու և հասկանալու համար, այլ՝ վերլուծելու։ Ի՞նչ են վերլուծում։ «Ինչպե՞ս գիտես այս անձի իրավիճակի մասին։ Ինչպե՞ս գիտես, որ նման խառնվածք ունի։ Ո՞րն է քո հիմքը դա բնորոշելու համար։ Դու շատ չես շփվել նրա հետ, ուստի ինչպե՞ս ես հասկանում նրան։ Մենք այնքան երկար ենք շփվել նրա հետ, ինչո՞ւ չենք կարողանում թափանցել նրա էության մեջ կամ հասկանալ նրան։ Պետք է դիտարկեմ և ոչ թե պարզապես հավատամ քո խոսքին։ Քո ասածը գուցե ճշգրիտ կամ ճիշտ չլինի»։ Ինձ հետ որոշ մարդկանց շփումների ընթացքում գուցե ուղղորդեմ նրանց որոշակի աշխատանքի կամ մասնագիտության մեջ։ Եթե այս ուղղորդման ձևն ու մեթոդը համընկնում են նրանց ունեցած տեխնիկական գիտելիքների հետ և գոհացնում են նրանց, դժկամորեն կիրականացնեն այն։ Բայց եթե չեն գոհացնում նրանց, սրտում կդիմադրեն և կմտորեն․ «Ինչո՞ւ ես այսպես անում։ Մի՞թե սա չի հակասում այս ոլորտին։ Ինչո՞ւ պետք է լսեմ քեզ։ Եթե ասածդ սխալ է, չեմ կարող լսել քեզ, պետք է հետևեմ իմ սեփական ճանապարհին։ Եթե ճիշտ ես, պետք է հասկանամ, թե ինչպես ես ճիշտ, ինչպես իմացար սա։ Ուսումնասիրե՞լ ես դա։ Եթե չես ուսումնասիրել, ինչպե՞ս կարող էիր իմանալ։ Եթե չես ուսումնասիրել, չպետք է հասկանայիր դա, եթե իսկապես հասկանում ես դա, ապա դա աննորմալ է։ Ինչպե՞ս ես հասկանում դա։ Ո՞վ է քեզ ասել, թե՞ ինքնուրույն գաղտնի սովորել ես դա»։ Ներքուստ վերլուծում և զննում են։ Յուրաքանչյուր նախադասություն, որ Ես ասում եմ, յուրաքանչյուր հարց, որով զբաղվում եմ, պետք է անցնի հակաքրիստոսների զտիչով, նրանց ստուգմանը ենթարկվի։ Կընդունեն այն, միայն եթե անցնի նրանց ստուգումը, եթե ոչ, կքննադատեն, դատողություններ կանեն և դիմադրություն կառաջացնեն։
Այն մսեղին, որում Աստված մարմնացել է, մեծագույն առեղծվածն է բոլոր մարդկանց համար։ Ոչ ոք չի կարող ըմբռնել, թե իրականում ինչ է կատարվում այս առումով, ոչ էլ որևէ մեկը կարող է հասկանալ, թե ինչպես է Աստծու էությունն իրականանում այս մսեղիում՝ ինչպես է Աստված մարդ դարձել, ինչպես կարող է այս անձն Աստծու բերանի խոսքերն ասել և Աստծու գործն անել, և հատկապես ինչպես է Աստծու Հոգին առաջնորդում և ուղղորդում այս անձին։ Այս ողջ գործի մեջ մարդիկ ո՛չ մեծ տեսիլքներ են տեսել, ո՛չ էլ նշանակալի շարժումներ նկատել այս մսեղիից․ կարծես թե ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում, ամեն ինչ բնականոն է թվում։ Աստված Իսրայելում եղած փառքն աննկատ կերպով բերել է Արևելք։ Այս անձի խոսելու և գործելու միջոցով, այսպիսով, սկսվել է նոր դարաշրջան, և հինն ավարտվել է՝ առանց որևէ մեկի գիտակցելու, թե դա ինչպես տեղի ունեցավ։ Սակայն նրանք, ովքեր ճշմարտապես հավատում են Աստծուն, ովքեր պարզ են և սրտաբաց, ովքեր ունեն մարդկայնություն և ողջամտություն, չեն զննում այս հարցերը։ Եթե չեն զննում, ի՞նչ են անում։ Լոկ պասիվ սպասման մե՞ջ են։ Ո՛չ, տեսնում են, որ այս խոսքերը ճշմարտությունն են, հավատում են, որ այս բոլոր խոսքերի աղբյուրն Աստված է, և այսպիսով ճանաչում են այն փաստը, որ այս սովորական մարդը Քրիստոսն է՝ ընդունելով Նրան որպես իրենց Տեր և Աստված՝ առանց որևէ այլ բան հաշվի առնելու։ Մյուս կողմից, հակաքրիստոսները չեն կարողանում տեսնել, որ այս բոլոր խոսքերը և այս ողջ գործը գալիս են Աստծուց, որ այս ողջ խոսելու և գործելու աղբյուրն Աստված է, և հետևաբար, այս սովորական մարդուն չեն ընդունում որպես իրենց Տեր և Աստված։ Փոխարենը սաստկացնում են զննումը և դիմադրում իրենց սրտերում։ Ինչի՞ն են դիմադրում։ «Որքան էլ խոսես, որքան էլ մեծ աշխատանք կատարես, ով էլ լինի քո աղբյուրը, քանի դեռ սովորական մարդ ես, քանի դեռ քո խոսելու ձևը չի համապատասխանում իմ պատկերացումներին, քանի դեռ արտաքինդ բավականաչափ վեհ չէ իմ աչքը գրավելու կամ իմ հարգանքը վաստակելու համար, կզննեմ և կվերլուծեմ քեզ։ Դու իմ զննման առարկան ես․ չեմ կարող քեզ ընդունել որպես իմ տեր, որպես իմ աստված»։ Իրենց զննման և վերլուծության գործընթացում հակաքրիստոսները ոչ միայն չեն կարողանում լուծել իրենց պատկերացումների, ըմբոստության և ապականված խառնվածքների հարցը, այլև այդ պատկերացումներն օրեցօր աճում են և ավելի լրջանում։ Օրինակ՝ երբ եկեղեցու առաջնորդողը բացահայտվում է որպես հակաքրիստոս, որը խանգարումներ ու քայքայում է առաջացնումայդ եկեղեցում, հակաքրիստոսների առաջին արձագանքը, երբ նման դեպք է տեղի ունենում, հարցնելն է․ «Արդյոք քրիստոսը գիտի՞ սրա մասին։ Ո՞վ է նշանակել եկեղեցու այս առաջնորդողին։ Ի՞նչ է քրիստոսի արձագանքը սրան։ Ինչպե՞ս է վարվում դրա հետ։ Քրիստոսը ճանաչո՞ւմ է այս անձին։ Արդյոք քրիստոսը նախկինում ասե՞լ է, որ այս անձը հակաքրիստոս է, կամ մարգարեացե՞լ է այս դեպքի մասին։ Հիմա, երբ նման մեծ խնդիր է ծագել այս եկեղեցում, արդյոք քրիստոսն առաջի՞նն էր, որ իմացավ»։ Ես ասում եմ, որ չգիտեի, Ես նույնպես նոր եմ իմացել դրա մասին։ «Դա ճիշտ չէ․ դու աստված ես, քրիստոսն ես․ ինչո՞ւ չգիտես։ Պետք է իմանայիր»։ Ճիշտ այն պատճառով, որ Ես Քրիստոսն եմ՝ սովորական մարդ, Ինձնից չի պահանջվում իմանալ։ Եկեղեցին ունի իր կառավարչական հրամանագրերը և մարդկանց հետ վարվելու սկզբունքները։ Երբ հակաքրիստոսներ են ի հայտ գալիս, կարող են հեռացվել և վտարվել եկեղեցու սկզբունքների համաձայն։ Սա արտացոլում է Աստծու իշխանություն ունենալը, արտացոլում է ճշմարտության իշխանություն ունենալը։ Կարիք չկա, որ Ես ամեն ինչ իմանամ։ Եթե եկեղեցուն չի հաջողվում հարցերը լուծել իր կառավարչական հրամանագրերի և մարդկանց հետ վարվելու սկզբունքների համաձայն, ապա Ես կմիջամտեմ։ Սակայն, եթե եղբայրներն ու քույրերը հասկանում են մարդկանց հեռացնելու և վտարելու Աստծու տան սկզբունքները, կարիք չկա, որ Ես ներգրավվեմ։ Այնտեղ, որտեղ ճշմարտությունն իշխանություն ունի, Իմ միջամտելու կարիքը չկա։ Մի՞թե սա շատ բնականոն չէ։ (Այո։) Բայց հակաքրիստոսները կարող են խնդիրներ ստեղծել և պատկերացումներ ձեւավորել այս հարցի շուրջ՝ նույնիսկ այս պատկերացումներն օգտագործելով Քրիստոսին ուրանալու և այն փաստը դատապարտելու համար, որ Քրիստոսն ունի Աստծու էությունը։ Սա հենց այն է, ինչ անում են հակաքրիստոսները։ Քանի որ ինչ-որ բան չի համապատասխանում իրենց պատկերացումներին, երևակայություններին կամ ակնկալիքներին, կարող են ուրանալ Քրիստոսի էությունը։ Քրիստոսի ամեն մի կողմի նրանց զննումը հանգեցնում է այս եզրակացությանը․ Քրիստոսի մեջ չեն տեսնում Աստծու էությունը, ուստի չեն կարող այս անձին բնորոշել որպես Աստծու էությունն ու ինքնությունն ունեցողի։ Սա հանգեցնում է մի իրավիճակի, որ երբ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ լավ է, բայց հենց որ ինչ-որ բան է պատահում, հակաքրիստոսներն առաջինն են առաջ վազում և ուրանում Քրիստոսի ինքնությունն ու դատապարտում Քրիստոսին։ Ուստի հատկապես ի՞նչն է հակաքրիստոսների զննման նպատակը։ Նրանց զննումն ու վերլուծությունը ոչ թե ճշմարտությունն ավելի լավ հասկանալու համար են, այլ ապացույցներ գտնելու և լծակներ կորզելու, մսեղիում Աստծու մարմնանալու փաստն ուրանալու, այն փաստն ուրանալու համար, որ այն մսեղին, որում Աստված մարմնացել է, Քրիստոսն է, Աստված է։ Սա է Քրիստոսին զննելու և վերլուծելու հակաքրիստոսների շարժառիթն ու նպատակը։
Հակաքրիստոսները, Քրիստոսին հետևելիս և որպես հետևորդներ ներկայանալիս, զննման և վերլուծության վերաբերմունք են տածում և ի վերջո չեն կարողանում հասկանալ ճշմարտությունը կամ համոզվել այն փաստում, որ Քրիստոսը Տերն է, Աստված է։ Բայց ինչո՞ւ են դեռ այդքան դժկամորեն, այդքան անհոժար կերպով հետևում և բնակվում Աստծու տանը։ Մի կետ, որը նախկինում քննարկել ենք, այն է, որ օրհնություններ ստանալու մտադրություն են տածում․ փառասեր են։ Մեկ այլ կետ այն է, որ հակաքրիստոսներն ունեն հետաքրքրասիրություն, որը չի հանդիպում սովորական մարդկանց մոտ։ Ինչպիսի՞ հետաքրքրասիրություն։ Դա նրանց հրապուրվածությունն է տարօրինակ և անսովոր երևույթներով։ Հակաքրիստոսները հատկապես հետաքրքրված են աշխարհի բոլոր տարօրինակ և անսովոր երևույթներով, բոլոր այն իրադարձություններով, որոնք վերանցում են բնության օրենքները։ Ցանկություն ունեն խորամուխ լինելու շատ բաների մեջ և հասնելու դրանց էությանը։ Ի՞նչ է այս պրպտումների էությունը։ Դա բացահայտ ամբարտավանություն է՝ ցանկություն՝ ամեն ինչ հասկանալու, ամեն ինչի հետևում թաքնված ճշմարտությունն իմանալու, որպեսզի անիրազեկ չթվան։ Անկախ հարցից՝ ուզում են առաջինն իմանալ, լինել ամենատեղեկացվածը և ամենագիտակն այս հարցի մանրամասների վերաբերյալ․ ուզում են դառնալ «ամենա»-ն ամեն առումով։ Ուստի չեն շրջանցում կամ բաց թողնում նաև մսեղիում Աստծու մարմնանալու հարցը։ Ասում են․ «Աստծու մարմնացումը մեծագույն առեղծվածն է մարդկային աշխարհում։ Կոնկրետ ի՞նչ է կատարվում այս մեծագույն առեղծվածի, այս ամենասքանչելի բանի հետ։ Քանի որ այն գերազանցում է սովորական ակնկալիքները, և այս մսեղին տարբերվում է սովորական մարդկանցից, ինչո՞ւմ է տարբերությունը։ Պետք է ինքս տեսնեմ և հասկանամ»։ Ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են՝ «ինքս տեսնեմ և հասկանամ»։ Նկատի ունեն․ «Ճանապարհորդել եմ աշխարհի տարբեր երկրներ, այցելել հայտնի լեռներ և պատմական վայրեր և հարցազրույցներ վերցրել հայտնի և իմաստուն անհատներից։ Նրանք բոլորը պարզապես սովորական մարդիկ են։ Միակը, ում չեմ հանդիպել կամ ումից չեմ սովորել, այս քրիստոսն է։ Կոնկրետ ի՞նչ է այս քրիստոսի էությունը։ Պետք է ինքս տեսնեմ և հասկանամ»։ Կոնկրետ ի՞նչ են ուզում տեսնել և հասկանալ։ «Լսել եմ, որ աստված կարող է նշաններ և հրաշքներ գործել։ Ասում են, որ Հիսուսը տերն է, քրիստոսն է։ Ի՞նչ նշաններ և հրաշքներ է նա գործել՝ մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Հիշում եմ մի դեպք, երբ Տեր Հիսուսն անիծեց թզենին, և այն չորացավ։ Արդյոք այս քրիստոսն այժմ կարո՞ղ է նույնն անել։ Պետք է տեսնեմ և հասկանամ, և եթե հնարավորություն ունենամ, փորձեմ նրան՝ տեսնելու, թե արդյոք կարող է նման գործողություններ կատարել։ Ասում են, որ մարմնացած աստվածն ունի աստծու իշխանությունը, որը հնարավորություն է տալիս անդամալույծին քայլել, կույրին՝ տեսնել, խուլին՝ լսել, իսկ հիվանդին՝ բժշկվել։ Սրանք հրաշալի և նորարար իրադարձություններ են։ Մարդկային աշխարհում դրանք համարվում են ակնառու կարողություններ, որ սովորական մարդիկ չունեն։ Սա մի բան է, որը պետք է ինքս տեսնեմ»։ Բացի դրանից՝ կա մեկ այլ ամենակարևոր հարց, որը զբաղեցնում է նրանց միտքը։ Ասում են․ «Ի՞նչ են իրականում նշանակում անցյալ և ներկա կյանքերը և այս մարդկային աշխարհում վերամարմնավորման շրջափուլը։ Սովորական մարդիկ չեն կարող հստակ բացատրել սա։ Քանի որ աստված մսեղի է դարձել, և աստված կառավարում է ամեն ինչ, արդյոք քրիստոսը գիտի՞ այս մասին։ Երբ հնարավորություն լինի, պետք է հարցնեմ նրան և տեղեկանամ այս հարցի մասին, կխնդրեմ նրան զննել արտաքինս և տեսնել, թե արդյոք ճակատագիրս լավն է, ինչ էի անցյալ կյանքում, արդյոք կենդանի էի, թե մարդ։ Եթե նա գիտենա այս բաները, ապա տպավորված կլինեմ։ Դա նրան կդարձներ արտասովոր, սովորական մարդկանցից վեր և հնարավոր է՝ քրիստոս։ Նաև ասում են, որ երկնքում կա աստծու գահը և բնակավայրը, ուստի արդյոք այս մարմնացած աստված գիտի՞, թե որտեղ են աստծու բնակավայրը և երկնքի թագավորությունը։ Ասում են, որ երկնքի թագավորությունն ունի ոսկով սալարկված փողոցներ՝ շքեղ և փառահեղ։ Եթե այս մարմնացած աստված կարողանար մեզ շրջագայության տանել, մի՞թե մեր ողջ կյանքն արժեքավոր չէր լինի, մեր հավատքն իզուր չէր լինի։ Ավելին, հողագործությամբ զբաղվելու կարիք չէինք ունենա․ երբ քաղցած լինեինք, քրիստոսը կարող էր պարզապես մեկ նախադասությամբ քարերը կերակուր դարձնել։ Հինգ հացով և երկու ձկով նա կերակրեց հինգ հազար մարդու․ մի՞թե դա մեծ առավելություն չէր լինի մեզ համար։ Իսկ ի՞նչ կասեք այն մասին, երբ քրիստոսը խոսում է։ Ասում են, որ նա կենդանի ջուր է ապահովում, բայց որտե՞ղ է այս կենդանի ջուրը։ Ինչպե՞ս է այն մատակարարվում, ինչպե՞ս է հոսում։ Սրանք բոլորն ուսումնասիրության արժանի հարցեր են, որոնցից յուրաքանչյուրը բավականին նորարար է։ Եթե կարողանայի սեփական աչքերովս ականատես լինել սրանցից գոնե մեկին, ապա այս կյանքում կդառնայի լայն գիտելիքներ և փորձ ունեցող մարդ, ոչ թե սովորական մարդ»։ Մի՞թե այս հետաքրքրասիրությունը չի հաղթում նրանց։ (Այո։)
Ոմանք գալիս են Աստծուն հավատալու, Քրիստոսին ընդունելու և Քրիստոսին հետևելու ոչ թե ճշմարտությունը ձեռք բերելու համար, այլ մտքում այլ գաղափարներ ունենալով։ Ոմանք, հենց որ հանդիպում են Ինձ, հարցնում են․ «Ի՞նչ են նշանակում Հայտնության գրքում հիշատակված յոթ պատուհասներն ու յոթ գավաթները։ Ի՞նչ է խորհրդանշում սպիտակ ձին։ Արդյոք երեքուկես տարվա արհավիրքն արդեն վրա՞ է հասել է»։ Ես պատասխանում եմ․ «Ինչի՞ մասին ես հարցնում։ Ի՞նչ է Հայտնությունը»։ Նրանք հակադարձում են․ «Նույնիսկ չգիտե՞ս Հայտնության մասին։ Ասում են, թե դու աստված ես, բայց ես այնքան էլ վստահ չեմ»։ Ուրիշները հարցնում են․ «Ավետարանը քարոզելու գործընթացում հանդիպում ենք մարդկանց, որոնք հարցնում են միստիկ հարցերի մասին։ Ի՞նչ պետք է անենք»։ Նույնիսկ չեմ սպասում, որ ավարտեն, և ասում եմ․ «Ցանկացած ոք, ով միշտ հարցնում է առեղծվածների մասին՝ ճշմարտությունը փնտրելու փոխարեն, այն մարդը չէ, որն ընդունում է ճշմարտությունը․ նա չի կարող փրկվել ապագայում։ Նրանք, ովքեր միշտ առեղծվածներ են փնտրում, լավը չեն․ մի՛ քարոզեք ավետարանը նման մարդկանց»։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Ի վերջո, ո՞վ է ուղղում այս հարցերը։ Դա ուրիշ մեկը չէ, հենց իրենք են։ Ուզում են այս հարցերը տալ և իմանալ դրանց պատասխանները և կարծում են, թե Ես չգիտեմ՝ ով է հարցնում, ասես չեմ կարող թափանցել նրանց էության մեջ։ Երբ Ես ասում եմ սա, լսում են դա և մտածում․ «Աստված ասաց, որ ես լավը չեմ, ուստի այլևս չեմ հարցնի»։ Ի՞նչ կասեք Իմ մոտեցման մասին։ Արդյոք դա արդյունավետորեն չլռեցրե՞ց նրանց։ Եթե պատասխանեի նրանց, մի՞թե դա հենց նրանց ծրագրի օգտին չէր լինի։ Այնուհետև, մի մատը ձեռք բերելով, ամբողջ ձեռքը կուզեին՝ անվերջ հարցեր տալով։ Ես պարտավո՞ր եմ բացատրել նրանց այս բաները։ Ի՞նչ կարող էիր անգամ անել այս գիտելիքով։ Նույնիսկ եթե իմանամ, չեմ ասի քեզ։ Ինչո՞ւ պետք է ասեմ քեզ։ Սուրբ գրությունների մեկնաբա՞ն եմ։ Եկել ես այստեղ աստվածաբանական ուսումնասիրությունների համա՞ր։ Գալիս ես Ինձ զննելու, և պետք է ուղղակի բացե՞մ սիրտս քո զննման համար։ Դա տեղի՞ն է։ Գալիս ես Ինձ փորձելու, իսկ Ես պետք է թույլ տամ քեզ փորձե՞լ Ինձ։ Դա տեղի՞ն է։ Դու այստեղ չես ճշմարտությունն ընդունելու համար․ գալիս ես հարցեր տալով՝ թշնամանքի, կասկածի և հարցաքննության վերաբերմունքով։ Ես բացարձակապես պատասխաններ չեմ տա քեզ։ Ոմանք ասում են․ «Մի՞թե անհրաժեշտ չէ պատասխանել ցանկացած հարցի»։ Դա կախված է հարցից։ Երբ խոսքը վերաբերում է ճշմարտությանը և եկեղեցու աշխատանքին, Ես դեռ պետք է հաշվի առնեմ իրավիճակը։ Եթե նախկինում արդեն ասել եմ քեզ, իսկ դու դեռ ձևացնում ես, թե չգիտես՝ ձևացնելով, թե խոնարհաբար հարցնում ես, ապա չեմ պատասխանի քեզ։ Կէտեմ քեզ, և դրանից հետո կհասկանաս։ Հակաքրիստոսների կողմից Քրիստոսին զննելու և վերլուծելու և Քրիստոսի ու Աստծու էության վերաբերյալ նրանց հետաքրքրասիրության տեսանկյունից՝ իրականում ի՞նչ են զննում հակաքրիստոսները։ Զննում են ճշմարտությունը։ Աստծու արած ամեն ինչին վերաբերվում են որպես զննման և վերլուծության առարկաների՝ դա օգտագործելով որպես ժամանակն անցկացնելու միջոց։ Հետևում են Աստծուն այնպես, ասես գիտնականներ լինեն, որոնք ուսումնասիրում են որոշակի ոլորտ կամ որոշակի գիտելիքների համակարգ, ճիշտ այնպես, ինչպես անհավատները, որոնք հաճախում են աստվածաբանական դպրոց։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ ստանալ Աստծու լուսավորությունը։ Կարո՞ղ են լույս ստանալ։ Կարո՞ղ են հասկանալ ճշմարտությունը։ (Ոչ։)
Եկեղեցում կան որոշ առաջադրանքներ, որոնք նախկինում երբեք չեն հանդիպել, իսկ որոշները ներառում են մասնագիտական աշխատանք։ Երբ Ես նման աշխատանք եմ ուղղորդում, որոշ մարդիկ լսում են լրջորեն և խոնարհաբար՝ ընկալելով այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն այս պարտավորությունները կատարելիս, և ճշմարտության իրականությունը, որը պետք է կիրառվի և որի մեջ պետք է մտնել։ Սակայն ոմանք գլուխ են կոտրում՝ իրենց սրտերում զննելով։ Մտածում են․ «Այս ոլորտները չես ուսումնասիրել։ Բացի դրանից՝ իսկապե՞ս կարող ես այդքան շատ ոլորտներ սովորել։ Ո՞վ կարող է հասկանալ և իմանալ ամեն ինչ։ Ի՞նչ հիմքով ես ուղղորդում մեզ։ Ինչո՞ւ պետք է լսենք քեզ։ Թեև երբեմն այն, ինչ ասում ես մեզ ուղղորդելիս, իսկապես իմաստ ունի, որտեղի՞ց գիտես դա։ Եթե ինչ-որ բան չուսումնասիրեմ, չեմ իմանա դրա մասին։ Պետք է խորհեմ, ձգտեմ ավելին սովորել, ավելին տեսնել, ավելին լսել և փորձեմ հասնել այն կետին, որտեղ քո ուղղորդման կարիքը չեմ ունենա և կկարողանամ ինքս անել դա։ Թվում է, թե դու նույնպես սովորում ես ընթացքում՝ քիչ-քիչ յուրացնելով այն»։ Պարզապես նայում են արտաքին երևույթներին՝ չտեսնելով, որ, մի կողմից, անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում այս անձը, կան սկզբունքներ․ անկախ այն բանից, թե որ աշխատանքն է ուղղորդվում, դա արվում է ըստ սկզբունքի, և այս սկզբունքը կապված է մարդկանց իրական կարիքների և իրական աշխատանքի ցանկալի արդյունքների հետ։ Մյուս կողմից, և ամենակարևորը, այս անձը ոչինչ չի սովորել։ Նրա գիտելիքը, ուսումը, խորաթափանցությունը և փորձը նշանակալի չեն։ Բայց կա մի բան, որը մարդիկ չպետք է մոռանան․ անկախ այն բանից, թե արդյոք Նրա խորաթափանցությունը, գիտելիքը, փորձը և փորձառությունը հարուստ կամ ուշագրավ են, թե ոչ, ներկայիս աշխատանքը կատարելու համար պատասխանատու աղբյուրն այս արտաքին մսեղին չէ, այլ այս մսեղիի էությունը՝ Ինքը՝ Աստված։ Հետևաբար, եթե դատես այս մսեղիի արտաքինի՝ Նրա հասակի և տեսքի, տոնայնության, հնչերանգի և խոսելու ձևի հիման վրա, չես կարողանա բացատրել կամ ըմբռնել, թե ինչու Նա կարող է ստանձնել և ձեռնհաս լինել այս առաջադրանքներում, չես կարողանա թափանցել դրա մեջ։ Արդյոք դրա մեջ թափանցել չկարողանալը նշանակո՞ւմ է, որ դա անլուծելի հարց է։ Ո՛չ, այն կարող է լուծվել։ Կարիք չկա թափանցելու դրա մեջ։ Պարզապես պետք է իմանաս, հիշես և ընդունես մեկ բան․ Քրիստոսն այն մսեղին է, որում Աստված մարմնացել է։ Սկզբունքները, դիրքորոշումը և վերաբերմունքը, որ մարդիկ պետք է ունենան Քրիստոսի նկատմամբ, ոչ թե զննելը, վերլուծելը կամ հետաքրքրասիրությունը բավարարելն է, այլ ընդունելը, լսելը և հնազանդվելը։ Եթե զննես և վերլուծես, արդյոք դա ի վերջո թույլ կտա՞ քեզ տեսնել Աստծու էությունը։ Թույլ չի տա։ Աստված ոչ մեկին թույլ չի տալիս վերլուծել կամ զննել Իրեն։ Որքան շատ զննես և վերլուծես, այնքան Աստված ավելի շատ կթաքնվի քեզնից։ Ի՞նչ են զգում մարդիկ, երբ Աստված թաքնվում է։ Այն է, որ Աստծու հասկացությունը նրանց սրտում դառնում է աղոտ, ճշմարտության նրանց հասկացությունը դառնում է ոչ հստակ, և իրենց հետեւելիք ուղու վերաբերյալ ամեն ինչ մշուշվում է։ Կարծես տեսադաշտդ փակող պատ կա, չես կարողանում տեսնել առջևում եղած ուղղությունը, ամեն ինչ մշուշոտ է։ Որտե՞ղ է Աստված։ Ո՞վ է Աստված։ Արդյո՞ք Աստված իսկապես գոյություն ունի։ Այս հարցերը նման են սև պատի, որը կանգնած է առջևումդ, ինչն Աստծու կողմից Իր երեսը քեզնից թաքցնելն է՝ այնպես անելով, որ չկարողանաս տեսնել Նրան։ Այս բոլոր տեսիլքներն աղոտ են դառնում քեզ համար, կորչում են, և խավարը լցնում է սիրտդ։ Երբ սիրտդ խավարում է, դեռ ունե՞ս ուղի առջևում։ Դեռ գիտե՞ս՝ ինչ անել։ Չգիտես։ Որքան էլ հստակ լինեին սկզբնական ուղղությունդ և նպատակներդ, երբ զննես և վերլուծես Աստծուն, դրանք կդառնան աղոտ և խավար։ Երբ մարդիկ ընկնում են նման իրավիճակի, նման վիճակի մեջ, վտանգի տակ են։ Ահա թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր կենտրոնանում են Աստծուն զննելու վրա։ Հակաքրիստոսները միշտ նման իրավիճակում են՝ առջևում կատարյալ խավար, անկարող զանազանելու, թե որոնք են դրական բաներ, ինչն է ճշմարտությունը։ Անկախ այն բանից, թե ինչ է անում Աստված, նրանք անկարող են հաստատել, որ դա իսկապես Աստված է, որ դա Ինքը՝ Աստված է։ Ինչպես էլ նայեն, մարմնացումը տեսնում են միայն որպես մարդ, որովհետև միշտ զննում և վերլուծում են, ուստի Աստված նույնպես շարունակում է կուրացնել նրանց։ Տեսնում ես աչքերը լայն բացված՝ պայծառ և մեծ, բայց դեռ կույր են։ Երբ Աստված Իր երեսը թաքցնում է մարդկանցից, կարծես նրանց սրտերը կոշտացած լինեն՝ ընկղմված կատարյալ խավարի մեջ։ Տեսնում են միայն մակերեսային երևույթները՝ անկարող ընկալելու ներսում գտնվող ուղին, չկարողանալով հասկանալ հիմքում ընկած ճշմարտությունը։ Ավելին, չեն կարողանում տեսնել Աստծու էությունը կամ Նրա բնույթը։
Աստծու հայտնվելն ու գործը վերլուծության և զննման ենթարկելը ոչ մի արդյունք չի տա։ Կենսական նշանակություն ունի չընկնել վերլուծելու և զննելու վիճակի մեջ․ սա բացասականության ուղի է։ Ուստի ո՞րն է դրական ուղին։ Այն է՝ քանի որ հաստատապես հավատում ես, որ սա Աստծու գործն է, որ այս սովորական մարդն այն մսեղին է, որում Աստված մարմնացել է, և ունի Աստծու էությունը, ապա պետք է ընդունես և հնազանդվես անվերապահորեն։ Մարդիկ զգում են, որ այս մսեղին ունի շատ կողմեր, որոնք տհաճ են, շատ կողմեր, որոնք հակասում են մարդկային պատկերացումներին և երևակայություններին․ դա մարդկանց խնդիրն է։ Աստված գործում է այս կերպ, և այն, ինչ պետք է փոխվի, մարդկանց պատկերացումներն են, ապականված խառնվածքները և վերաբերմունքն Աստծու նկատմամբ, ոչ թե այն մսեղին, որում Աստված մարմնացել է։ Մարդիկ պետք է փնտրեն ճշմարտությունն այստեղ, փնտրեն Աստծու մտադրությունները և ստանձնեն իրենց պատշաճ տեսանկյունն ու դիրքորոշումը, այլ ոչ թե ճանաչեն Նրան որպես Աստված և, այնուամենայնիվ, դեռ ցանկանան զննել Նրան կամ վերլուծել և քննարկել այն, ինչ Նա անում և ասում է։ Դա մեծ խնդիր կլիներ։ Երբ դիրքորոշումդ և ճշմարտությունն ընդունելու տեսանկյունդ սխալ են, ամեն ինչ դիտարկելուդ արդյունքը կփոխվի՝ ազդելով ձգտմանդ ուղու և ուղղության վրա։ Այն, թե Աստծու արածն ու ասածը համապատասխանում են մարդկային պատկերացումներին, թե ոչ, ընդամենը ժամանակավոր խնդիր է։ Աստծու ողջ արածի ներդրումն ու արժեքը մարդկությանը, այն արժեքը, որը դա բերում է մարդկային կյանքին, հավերժական են։ Դրանք չեն կարող փոխվել որևէ անձի, որևէ ակադեմիական առարկայի, որևէ պնդման կամ փաստարկի կամ որևէ միտման կողմից։ Սա է ճշմարտության արժեքը։ Գուցե ներկայումս այս սովորական մարդու խոսքերն ու գործողությունները չեն կարող բավարարել հետաքրքրասիրությունդ կամ սնափառությունդ, ոչ էլ կարող են լիովին համոզել քեզ կամ շահել քեզ և՛ սրտով, և՛ խոսքով։ Սակայն Նրա այսօր ասած բոլոր խոսքերի և այս դարաշրջանում ու այս ժամանակահատվածում Նրա կատարած ամբողջ գործի ներդրումը ողջ մարդկության, ամբողջ դարաշրջանի և Աստծու տնօրինման ընդհանուր ծրագրի մեջ հավիտյան անփոփոխ է։ Սա փաստ է։ Հետևաբար, մի օր կգիտակցես․ «Քսան կամ երեսուն տարի առաջ զննեցի, սխալ մեկնաբանեցի, դիմադրեցի և նույնիսկ դատեցի ու դատապարտեցի այս սովորական մարդու ասած մի որոշակի խոսք։ Քսան կամ երեսուն տարի անց, երբ վերադառնում եմ այդ խոսքին, սիրտս լցվում է պարտքի զգացումով և ինքնախարազանմամբ»։ Ապականված մարդիկ ստոր և աննշան են Աստծու առջև, հավերժ մանուկներ են, հիշատակման արժանի չեն։ Որքան էլ շատ աշխատանք կատարի մարդը, համեմատած ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած համատեքստում Աստծու ասած յուրաքանչյուր խոսքի՝ ողջ մարդկության մեջ ունեցած ներդրման հետ, տարբերությունը նման է երկնքի և երկրի միջև եղած տարբերությա՛նը։ Ուստի պետք է հասկանաս, որ Աստված մարդկանց համար զննելու, վերլուծելու և կասկածելու առարկա չէ։ Աստծու գործը և այն մսեղին, որում Աստված մարմնացել է, այստեղ չեն մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Նա այս ողջ գործն անում է ոչ թե ժամանակ անցկացնելու կամ օրերը վատնելու համար․ Նրա մտադրությունը դարաշրջանի մարդկանց փրկելն է, ողջ մարդկությանը փրկելը, և այն գործի արդյունքները, որը Նա մտադիր է իրագործել, հավերժ են մնալու։ Հակաքրիստոսները Քրիստոսին վերաբերվում են որպես սովորական մարդու՝ զննելու և վերլուծելու, իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Ի՞նչ է սրա բնույթը։ Արդյոք այն կարելի՞ է հասկանալ կամ ներել։ Նրանք մեղավորներ են բոլոր դարաշրջանների համար, անիծված և հավերժ աններելի։ Եթե մարդն ունի մարդկայնություն, հասկանում է ճշմարտությունը և ունի ճշմարտության իրականությունը, նույնիսկ նրան զննելը բավականին հակակրելի է։ Քրիստոսին որպես սովորական մարդու վերաբերվելը և Նրան ներքուստ զննելը, Նրա արած ամեն ինչին թշնամանքով և զրպարտությամբ վերաբերվելը և միայն Նրա ասած խոսքերի վերաբերյալ հետաքրքրասիրությունդ բավարարել ձգտելը․ նույնիսկ ոմանք, տեսնելով Ինձ, ասում են․ «Եվս մի փոքր հաղորդակցվիր ճշմարտության շուրջ, ավելի շատ հաղորդակցվիր երրորդ երկնքի լեզվի մասին, ասա ավելի շատ բաներ, որոնք մենք չգիտենք»․ ո՞ւմ տեղն են դնում այս անձին։ Ինչ-որ մեկի, ով կփարատի իրենց ձանձրո՞ւյթը։ Ինչպե՞ս է Աստված բնորոշում այս հարցը։ Մի՞թե սա հայհոյանք չէ Աստծու դեմ։ Եթե դա ուղղված է մարդկանց, կոչվում է ծաղր ու ծանակ․ եթե ուղղված է Աստծուն, հայհոյանք է։
Այս դրսևորման բովանդակության մեջ՝ զննում, վերլուծություն և հետաքրքրասիրություն, հակաքրիստոսների բնական էությունը բացահայտվում է որպես չարասիրություն, որպես ճշմարտության հանդեպ հակակրանք տածող։ Նրանք անտեսում են բոլոր դրական բաները, արհամարհում են դրանք և դրանց վերաբերվում արհամարհանքով՝ չխնայելով նույնիսկ այն մսեղին, որում Աստված մարմնացել է։ Նրանք պետք է իրենց հետաքրքրասիրությունը բավարարեն բոլոր հարցերում՝ ամեն ինչ ենթարկելով իրենց զննմանը, ցանկանալով եզրակացություններ անել և հասնել ամեն ինչի էությանը, պարզել, թե ինչ է կատարվում, որպեսզի բանիմաց և խելացի թվան։ Սա մարդկանց ապականված խառնվածքն է։ Վարժվելով ամեն ինչ զննելուն՝ այժմ իրենց զննումն ուղղում են Աստծուն։ Եվ ի՞նչ է սա բերում նրանց։ Կատարելություն և փրկությո՞ւն։ Ո՛չ, միայն կորուստ և ոչնչացում է բերում նրանց։ Այսպես են բնորոշվում հակաքրիստոսները։ Նրանք անիծված են և դատապարտելի։ Իրենց մոտեցման մեջ այն մսեղիին, որում Աստված մարմնացել է, երբեք չեն որդեգրում հետևորդների կամ արարածների դիրքորոշումը՝ Նրան ընդունելու և դիտելու համար։ Փոխարենը՝ Նրան ընկալում և մոտենում են գիտնականի, ամենագետի, հետաքրքրասիրությամբ լի մեկի և ամբարտավան անհատի տեսանկյունից և դիրքորոշումից, որն անընդունակ է ըմբռնելու ճշմարտությունը և որն արհամարհում է դրական բաները։ Միանգամայն պարզ է, որ նման մարդիկ չեն կարող փրկվել։
6 հունիսի, 2020 թ.