Աստծու հանդեպ անկեղծ սերն ինքնաբուխ է
Աստծու խոսքերի պատճառով բոլոր մարդիկ ենթարկվել են զտման։ Եթե Աստված մարմնացած չլիներ, մարդկությունը, անշուշտ, չէր ունենա այս զտման միջով տառապելու օրհնությունը։ Այլ կերպ ասած՝ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են ընդունելու Աստծու խոսքերի փորձությունները, օրհնված են։ Հիմք ընդունելով մարդկանց բնածին որակը, նրանց վարքագիծը և Աստծու հանդեպ նրանց վերաբերմունքը՝ նրանք արժանի չեն ընդունելու այս տեսակի զտումը։ Միայն Աստծու կողմից բարձրացվելու շնորհիվ է, որ նրանք վայելել են այս օրհնությունը։ Մարդիկ ասում էին, որ արժանի չեն տեսնելու Աստծու դեմքը կամ լսելու Նրա խոսքերը։ Այսօր միմիայն Աստծու բարձրացման և Նրա ողորմածության շնորհիվ է, որ մարդիկ ընդունել են Նրա խոսքերի զտումը։ Սա վերջին օրերում ծնված յուրաքանչյուր մարդու օրհնությունն է՝ անձամբ փորձառաբար ապրե՞լ եք սա։ Այն, թե որ ասպարեզներում մարդիկ պետք է տառապանք և անհաջողություններ կրեն, կանխորոշել է Աստծված՝ դա հիմնված չէ մարդկանց սեփական պահանջների վրա։ Ճիշտ այդպես է։ Յուրաքանչյուր հավատացյալ պետք է ունենա Աստծու խոսքերի փորձություններն ընդունելու և Նրա խոսքերի մեջ տառապելու կարողություն։ Սա պա՞րզ է ձեզ։ Ուստի, քո կրած տառապանքի դիմաց ստացել ես այսօրվա օրհնությունները՝ եթե չես տառապում Աստծու համար, չես կարող ձեռք բերել Նրա հավանությունը։ Գուցե անցյալում տրտնջացել ես, բայց որքան էլ որ տրտնջացած լինես, Աստված չի հիշում դա։ Այսօրը եկել է, և երեկվա գործերը քննելու կարիք չկա։
Որոշ մարդիկ ասում են, որ փորձում են սիրել Աստծուն, բայց չեն կարողանում։ Ապա, երբ լսում են, որ Աստված պատրաստվում է հեռանալ, հանկարծ հայտնաբերում են իրենց աստվածասեր սրտերը։ Որոշ մարդիկ սովորաբար չեն կիրարկում ճշմարտությունը և երբ լսում են, որ Աստված պատրաստվում է զայրացած հեռանալ, գալիս են Նրա առաջ և աղոթում. «Աստվա՛ծ։ Խնդրում եմ, մի՛ գնա։ Տո՛ւր ինձ հնարավորություն։ Աստվա՛ծ։ Անցյալում չեմ գոհացրել Քեզ, պարտք եմ մնացել և դիմակայել եմ Քեզ։ Այսօր պատրաստ եմ լիովին ընծայելու իմ մարմինն ու սիրտը, որպեսզի կարողանամ գոհացնել Քեզ և սիրել Քեզ վերջին անգամ։ Այլևս չեմ ունենա այս հնարավորությունը»։ Աղոթե՞լ ես այդպես։ Երբ որևէ մեկն այսպես է աղոթում, դա այն պատճառով է, որ նրա խիղճն արթնացել է Աստծու խոսքերից։ Բոլոր մարդիկ թմրած են և բթամիտ։ Նրանք ենթակա են պատժի և զտման, սակայն չգիտեն, թե Աստված ինչ է փորձում իրագործել դրա միջոցով։ Եթե Աստված այսպես չգործեր, մարդիկ դեռ թմրած կլինեին՝ ոչ մի մարդ չի կարող հոգևոր զգացմունքներ արթնացնել մարդկանց սրտերում։ Միայն Աստծու խոսքերը, որոնք դատում և մերկացնում են մարդկանց, կարող են այդ պտուղը տալ։ Ուստի, ամեն բան իրագործվում և կատարվում է Աստծու խոսքերի շնորհիվ, և միայն Նրա խոսքերի շնորհիվ է, որ մարդկության սերն Աստծու հանդեպ արթնացել է։ Միայն մարդու խղճի վրա հիմնված սերն Աստծու հանդեպ ցանկալի արդյունքի չի հասնի։ Մի՞թե անցյալում մարդիկ իրենց սերն Աստծու հանդեպ չեն հիմնել իրենց խղճի վրա։ Կա՞ր արդյոք գեթ մեկը, ով կսիրեր Աստծուն սեփական նախաձեռնությամբ։ Միայն Աստծու խոսքերի քաջալերանքի միջոցով են մարդիկ սիրել են Աստծուն։ Որոշ մարդիկ ասում են. «Հետևել եմ Աստծուն այսքան տարիներ և վայելել եմ Նրա շնորհքն ու այսպիսի մեծ օրհնությունները։ Ենթակա եմ եղել Նրա խոսքերի զտմանն ու դատաստանին։ Ուստի շատ բան եմ հասկացել և տեսել եմ Աստծու սերը։ Պետք է շնորհակալ լինեմ Նրան, պետք է հատուցեմ Նրա շնորհքը։ Կգոհացնեմ Աստծուն մահով և կսիրեմ Նրան՝ խղճից դրդված»։ Մարդիկ չեն կարողանա զգալ Աստծու հաճելիությունը, եթե լսեն միայն իրենց խղճի զգացումները։ Եթե նրանք Աստծուն սիրելու համար հիմնվեն միայն իրենց խղճի վրա, իրենց անտարբեր կզգան։ Եթե խոսես միայն Աստծու շնորհքն ու սերը փոխհատուցելու մասին, ոչ մի մղում չես ունենա Նրա հանդեպ քո սիրո մեջ՝ Նրան քո խղճի զգացումների հիման վրա սիրելը բացասական մոտեցում է։ Ինչո՞ւ եմ ասում, որ դա բացասական մոտեցում է։ Սա գործնական խնդիր է։ Ինչպիսի՞ն է Աստծու հանդեպ ձեր սերը։ Մի՞թե դա պարզապես Աստծուն հիմարացնելու և Նրա համար ձևականորեն գործելու փորձ չէ։ Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ քանի որ Աստծուն սիրելու համար վարձատրություն չկա, և մարդը միևնույն է կպատժվի Նրան չսիրելու համար, ապա ընդհանուր առմամբ, պարզապես չմեղանչելը բավական է։ Ուստի Աստծուն սիրելը և Նրա սերը սեփական խղճի զգացումների հիման վրա հատուցելը բացասական մոտեցում է, և դա Աստծու հանդեպ սեր չէ, որն ինքնաբերաբար է բխում մարդու սրտից։ Առ Աստված սերը, որի մասին Ես խոսում եմ, պետք է լինի մարդու սրտի խորքից բխող ճշմարիտ զգացմունք։ Որոշ մարդիկ ասում են. «Ես ինքս պատրաստակամ եմ փնտրել Աստծուն և հետևել Նրան։ Հիմա նույնիսկ եթե Աստված ցանկանա լքել ինձ, միևնույն է, կհետևեմ Նրան։ Անկախ նրանից՝ Նա ուզում է ինձ, թե ոչ, միևնույն է, կսիրեմ Նրան, և ի վերջո, պետք է ձեռք բերեմ Նրան։ Ընծայում եմ սիրտս Աստծուն, և անկախ նրանից, թե Նա ինչ է անում, կհետևեմ Նրան իմ ողջ կյանքում։ Ինչ էլ լինի, պետք է սիրեմ Աստծուն և պետք է ձեռք բերեմ Նրան՝ չեմ հանգստանա, մինչև ձեռք չբերեմ Նրան»։ Ունե՞ս այսպիսի վճռականություն։
Աստծուն հավատալու ուղին մեկն է ու նույնը, ինչ Նրան սիրելու ուղին։ Եթե հավատում ես Նրան, պետք է սիրես Նրան, սակայն Նրան սիրելը չի վերաբերում միայն Նրա սերը հատուցելուն կամ խղճիդ զգացումների հիման վրա Նրան սիրելուն՝ դա Աստծու հանդեպ մաքուր սեր է։ Երբեմն մարդիկ չեն կարողանում զգալ Աստծու սերը՝ հիմնվելով միայն իրենց խղճի վրա։ Ինչո՞ւ էի միշտ ասում. «Թող Աստծու Հոգին հուզի մեր հոգիները»։ Ինչո՞ւ չէի խոսում մարդկանց խիղճը հուզելու մասին, որպեսզի սիրեն Աստծուն։ Պատճառն այն է, որ մարդկանց խիղճը չի կարող զգալ Աստծու հաճելիությունը։ Եթե չհամոզվեցիր այս խոսքերով, փորձի՛ր օգտագործել խիղճդ՝ զգալու Նրա սերը։ Գուցե տվյալ պահին որոշակի մղում ունենաս, բայց այն շուտով կանհետանա։ Եթե Աստծու հաճելիությունը զգաս միայն խղճովդ, մղում կունենաս աղոթելիս, բայց դրանից կարճ ժամանակ անց այդ մղումը կպակասի և կանհետանա։ Ինչո՞ւ է այդպես։ Եթե օգտագործես միայն խիղճդ, չես կարողանա արթնացնել սերդ Աստծու հանդեպ։ Երբ իսկապես զգաս Աստծու հաճելիությունը սրտումդ, Նա կհուզի հոգիդ, և միայն այդ ժամանակ խիղճդ ի վիճակի կլինի խաղալու իր սկզբնական դերը։ Այսինքն՝ երբ Աստված հուզում է մարդու հոգին, և երբ մարդն ունենում է ճանաչողություն ու քաջալերված է իր սրտում, այսինքն՝ երբ փորձառություն է ձեռք բերում, միայն այդ ժամանակ կկարողանա արդյունավետորեն սիրել Աստծուն իր խղճով։ Աստծուն խղճովդ սիրելը սխալ չէ՝ սա Աստծու հանդեպ սիրո ամենացածր աստիճանն է։ Սիրելը՝ «Աստծու շնորհքի հանդեպ հազիվ արդարացի լինելով», պարզապես մարդուն չի մղի նախաձեռնողաբար մուտք գործելուն։ Երբ մարդիկ ստանում են Սուրբ Հոգու գործի մի մասը, այսինքն՝ երբ տեսնում և զգում են Աստծու սերն իրենց իրական փորձառության մեջ, երբ որոշակի ճանաչողություն են ունենում Աստծու մասին և իսկապես տեսնում են, որ Աստված այնքան արժանի է մարդկության սիրուն, և թե որքան հաճելիություն ունի Նա, միայն այդ ժամանակ են կարողանում անկեղծորեն սիրել Աստծուն։
Երբ մարդիկ իրենց սրտի միջոցով են ցանկանում մերձենալ Աստծուն, երբ նրանց սրտերը կարողանում են ամբողջովին դառնալ Նրան, սա է Աստծու հանդեպ մարդու սիրո առաջին քայլը։ Եթե կամենում ես սիրել Աստծուն, նախ պետք է կարողանաս սիրտդ դարձնել Նրան։ Ի՞նչ է նշանակում սիրտը դարձնել Աստծուն։ Դա այն է, երբ այն ամենը, ինչին ձգտում ես քո սրտում, հանուն Աստծուն սիրելու և ձեռք բերելու է։ Սա ցույց է տալիս, որ սիրտդ ամբողջովին դարձրել ես Աստծուն։ Բացի Աստծուց և Նրա խոսքերից, սրտումդ գրեթե ոչինչ չկա (ընտանիք, հարստություն, ամուսին, կին, երեխաներ և այլն)։ Նույնիսկ եթե կա, նման բաները չեն կարող զբաղեցնել սիրտդ, և չես մտածում ապագայի ծրագրերիդ մասին, այլ միայն ձգտում ես սիրել Աստծուն։ Այդժամ սիրտդ ամբողջովին դարձրած կլինես Աստծուն։ Ենթադրենք, դեռ սրտումդ քեզ համար ծրագրեր ես կազմում և միշտ հետամուտ ես անձնական շահիդ՝ միշտ մտածելով. «Ե՞րբ կարող եմ ինչ-որ բան խնդրել Աստծուց։ Ե՞րբ ընտանիքս կհարստանա։ Ինչպե՞ս կարող եմ լավ հագուստ ունենալ․․․»։ Եթե ապրում ես այդ վիճակում, դա ցույց է տալիս, որ սիրտդ լիովին չի դարձել Աստծուն։ Եթե սրտումդ ունես միայն Աստծու խոսքերը և կարողանում ես աղոթել Աստծուն ու մշտապես մոտ լինել Նրան՝ կարծես Նա շատ մոտ է քեզ, ասես Աստված քո մեջ է, և դու՝ Նրա մեջ։ Եթե այդպիսի վիճակում ես, դա նշանակում է, որ սիրտդ Աստծու ներկայության մեջ է։ Եթե ամեն օր աղոթում ես Աստծուն և ուտում ու խմում ես Նրա խոսքերը, միշտ մտածում ես եկեղեցու գործի մասին, և եթե հաշվի ես առնում Աստծու մտադրությունները, օգտագործում ես սիրտդ՝ Նրան անկեղծորեն սիրելու և Նրա սիրտը գոհացնելու համար, ապա սիրտդ կպատկանի Աստծուն։ Եթե սիրտդ զբաղված է մի շարք այլ բաներով, ապա այն դեռ զբաղված է Սատանայի կողմից և ճշմարտապես չի դարձել Աստծուն։ Երբ որևէ մեկի սիրտն անկեղծորեն դառնա Աստծուն, Նրա հանդեպ կունենա անկեղծ, ինքնաբուխ սեր և կկարողանա հաշվի առնել Աստծու գործը։ Չնայած մարդիկ կարող են ընկնել տգիտության և ողջամտությունից զուրկ լինելու վիճակների մեջ՝ սակայն մտահոգություն են ցուցաբերում Աստծու տան շահերի, Նրա գործի և իրենց իսկ բնավորության փոփոխության հանդեպ, և նրանց մտադրությունները բարի են։ Որոշ մարդիկ միշտ պնդում են, թե այն ամենը, ինչ անում են, եկեղեցու համար է, մինչդեռ, իրականում, աշխատում են ի շահ իրենց։ Այսպիսի մարդիկ ունեն սխալ տեսակի մտադրություն։ Նրանք խարդախ են ու նենգ, և նրանց արած գործերի մեծ մասը հանուն իրենց անձնական օգուտի է։ Այս տեսակի մարդը չի ձգտում Աստծու սիրուն՝ նրանց սրտերը դեռ պատկանում են Սատանային և չեն կարող դառնալ Աստծուն։ Ուստի Աստված այս տեսակի մարդուն ձեռք բերելու ոչ մի միջոց չունի։
Եթե ցանկանում ես անկեղծորեն սիրել Աստծուն և ձեռք բերվել Նրա կողմից, առաջին քայլը սիրտդ լիովին դեպի Աստված դարձնելն է։ Այն ամենում, որ անում ես, քննի՛ր ինքդ քեզ և հարցրու։ «Արդյո՞ք սա անում եմ՝ հիմնվելով աստվածասեր սրտի վրա։ Դրա հետևում կա՞ն արդյոք անձնական մտադրություններ։ Սա անելիս ո՞րն է իմ իրական նպատակը»։ Եթե ուզում ես սիրտդ տալ Աստծուն, պետք է նախ ճնշման ենթարկես սեփական սիրտդ, հրաժարվես բոլոր մտադրություններիցդ և հասնես մի վիճակի, որտեղ ամբողջովին Աստծու համար ես։ Սա է սիրտդ Աստծուն տալու կիրարկման ուղին։ Ինչի՞ն է վերաբերում սեփական սիրտը ճնշման ենթարկելը։ Դա սեփական մսեղիի շվայտ ցանկությունները բաց թողնելն է, հարմարավետություն կամ կարգավիճակի օգուտները չտենչալը։ Դա ամեն ինչ անելն է Աստծուն գոհացնելու համար, և սեփական սիրտը լիովին Նրան տրամադրելը, այլ ոչ թե ինքն իրեն։ Սա բավարար է։
Աստծու հանդեպ անկեղծ սերը գալիս է սրտի խորքից՝ դա մի սեր է, որը գոյություն ունի միայն Աստծու մասին մարդու ճանաչողության հիման վրա։ Երբ որևէ մեկի սիրտը լիովին դառնում է դեպի Աստված, ապա սեր ունի Աստծու հանդեպ, բայց այդ սերը պարտադիր չէ, որ լինի մաքուր և պարտադիր չէ, որ լինի ամբողջական։ Դա այն պատճառով է, որ դեռևս որոշակի հեռավորություն կա մարդու սիրտը լիովին դեպի Աստված դառնալու և այդ մարդու՝ Աստծու մասին անկեղծ հասկացողություն և Նրա հանդեպ ճշմարիտ ակնածանք ունենալու միջև։ Այն ճանապարհը, որով մարդը հասնում է Աստծու հանդեպ ճշմարիտ սիրո և ճանաչում է Աստծու բնույթը, իր սիրտը դեպի Աստված դարձնելն է։ Երբ մարդն իր ճշմարիտ սիրտը տալիս է Աստծուն, ապա սկսում է մտնել կյանքի փորձառության մեջ։ Այս կերպ նրա բնավորությունը սկսում է փոխվել, նրա սերն Աստծու հանդեպ աստիճանաբար աճում է, և նրա գիտելիքն Աստծու մասին ևս աստիճանաբար ավելանում է։ Ուստի, սեփական սիրտը դեպի Աստված դարձնելը միայն նախապայման է կյանքի փորձառության ճիշտ ուղու վրա կանգնելու համար։ Երբ մարդիկ իրենց սրտերը դնում են Աստծու առաջ, ունենում են միայն Նրան տենչացող, բայց ոչ Նրան սիրող սիրտ, որովհետև չունեն Նրա մասին հասկացողություն։ Թեև այս հանգամանքներում իսկապես որոշակի սեր ունեն Նրա հանդեպ, այն ինքնաբուխ և անկեղծ չէ։ Դա այն պատճառով է, որ ցանկացած բան, որը բխում է մարդու մսեղիից, զգացմունքների արդյունք է և չի գալիս անկեղծ հասկացողությունից։ Դա պարզապես ակնթարթային պոռթկում է և չի կարող հանգեցնել երկարատև պաշտամունքի։ Երբ մարդիկ չունեն Աստծու մասին հասկացողություն, կարող են սիրել Նրան միայն իրենց սեփական նախասիրությունների և իրենց անհատական պատկերացումների հիման վրա՝ այս տեսակի սերը չի կարող կոչվել ինքնաբուխ սեր, ոչ էլ կարող է կոչվել ճշմարիտ սեր։ Մարդու սիրտը կարող է անկեղծորեն դառնալ դեպի Աստված և ի վիճակի լինել ամեն ինչում Աստծու շահերի մասին մտածելու, բայց եթե չունի Աստծու մասին հասկացողություն, չի կարողանա Նրա հանդեպ ունենալ անկեղծ ու ինքնաբուխ սեր։ Այն ամենը, ինչ ի վիճակի կլինեն անել, եկեղեցու համար որոշ գործառույթներ կատարելն է կամ իրենց պարտավորության մի մասն անելը, բայց դա կանեն առանց հիմքի։ Այս տեսակի մարդու բնավորությունը դժվար է փոխել՝ նման մարդիկ կա՛մ չեն ձգտում ճշմարտությանը, կա՛մ չեն հասկանում այն։ Նույնիսկ եթե մարդն ամբողջովին դարձնում է իր սիրտը դեպի Աստված, դա չի նշանակում, որ նրա աստվածասեր սիրտը լիովին մաքուր է, որովհետև նրանք, ովքեր ունեն Աստծուն իրենց սրտերում, պարտադիր չէ, որ իրենց սրտերում ունենան սեր Աստծու հանդեպ։ Սա վերաբերում է այն տարբերությանը, որ կա Աստծու մասին հասկացողության ձգտող և չձգտող մարդու մեջ։ Երբ մարդն ունենում է Նրա մասին հասկացողություն, դա ցույց է տալիս, որ նրա սիրտը լիովին դարձել է դեպի Աստված և որ նրա ճշմարիտ սերն Աստծու հանդեպ իր սրտում ինքնաբուխ է։ Միայն այս տեսակի մարդիկ ունեն Աստծուն իրենց սրտերում։ Սեփական սիրտն Աստծուն դարձնելը նախապայման է ճիշտ ուղու վրա կանգնելու, Աստծուն հասկանալու և Աստծու հանդեպ սիրո հասնելու համար։ Դա ոչ Աստծուն սիրելու սեփական պարտավորությունն ավարտելու նշան է, ոչ էլ Նրա հանդեպ անկեղծ սեր ունենալու նշան։ Միակ ճանապարհը, որով մարդը կարող է հասնել Աստծու հանդեպ ճշմարիտ սիրո, իր սիրտը դեպի Նա դարձնելն է, ինչը նաև առաջին բանն է, որ նա պետք է անի որպես Նրա արարածներից մեկը։ Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, բոլորն էլ այն մարդիկ են, ովքեր ձգտում են կյանքի, այսինքն՝ մարդիկ, ովքեր ձգտում են ճշմարտությանը և ճշմարտապես ուզում են Աստծուն՝ բոլորն ունեն Սուրբ Հոգու լուսավորումը և շարժվել են Նրա կողմից։ Բոլորն էլ ի վիճակի են ընդունելու Աստծու ուղղորդումը։
Երբ որևէ մեկն ի վիճակի է զգալու, որ ինքը պարտք է Աստծուն, դա այն պատճառով է, որ շարժվել է Հոգու կողմից՝ նրանք, ովքեր այսպես են զգում, հակված են ունենալու տենչացող սիրտ և ի վիճակի կլինեն ձգտելու կյանքի մուտքի։ Բայց եթե կանգ առնես որոշակի քայլի վրա, ի վիճակի չես լինի ավելի խորանալու՝ դեռևս կա Սատանայի ցանցում մնալու վտանգ, և որոշակի պահի Սատանան քեզ գերի կվերցնի։ Աստծու լուսավորումը թույլ է տալիս մարդկանց ճանաչել իրենց և հետևաբար զգալ իրենց պարտքն Աստծուն՝ պատրաստակամ են դառնում համագործակցելու Նրա հետ և դեն նետելու այն բաները, որոնք չեն գոհացնում Նրան։ Սա է Աստծու գործի սկզբունքը։ Բոլորդ պատրաստակամ եք ձգտելու աճել ձեր կյանքում և Աստծու հանդեպ սիրո մեջ, ուստի ազատվե՞լ ես քո մակերեսային վարքագծից։ Եթե միայն ազատվում ես մակերեսային վարքագծից և զերծ ես մնում խաթարումներ առաջացնելուց ու ցուցամոլությունից, արդյո՞ք դա է կյանքումդ աճելուն ձգտելը։ Եթե ազատվում ես բոլոր մակերեսային վարքագծերից, բայց չես մտնում Աստծու խոսքերի մեջ, դա ցույց է տալիս, որ ակտիվորեն առաջընթաց չես ապրում։ Ո՞րն է մակերեսային վարքագծի արմատական պատճառը։ Արդյո՞ք գործողություններդ հանուն կյանքումդ աճելու են։ Արդյո՞ք փնտրում ես լինել Աստծու մարդկանցից մեկը, ով համապատասխանում է չափանիշին։ Ինչի վրա էլ որ կենտրոնանաս, դա այն է, ինչ կյանքով կարտահայտես՝ եթե կենտրոնացած ես մակերեսային վարքագծի վրա, ապա սիրտդ հաճախ կշեղվի, և ոչ մի միջոց չես ունենա ձգտելու աճել կյանքումդ։ Աստված պահանջում է բնավորության փոփոխություն, բայց դու միշտ ձգտում ես արտաքին բաների՝ այս տեսակի մարդն ի վիճակի չէ փոխելու իր բնավորությունը։ Բոլոր մարդկանց համար, նախքան նրանց կյանքը կհասնի հասունության վիճակի, կա մի ճանապարհ, որով պետք է քայլել։ Պետք է ընդունեն Աստծու խոսքերի դատաստանը, պատիժը և կատարելագործումը։ Եթե չունես Աստծու խոսքերը, բայց միայն հիմնվում ես սեփական հավատիդ և վճռականությանդ վրա, այն ամենը, ինչ անում ես, հիմնված է միայն եռանդի վրա։ Այսինքն՝ եթե ուզում ես աճ կյանքումդ, պետք է ուտես, խմես և ավելի շատ հասկանաս Աստծու խոսքերը։ Բոլոր նրանք, ովքեր կատարելագործվում են Նրա խոսքերով, ի վիճակի են կյանքով արտահայտելու դրանք՝ նրանք, ովքեր չեն անցնում Նրա խոսքերի զտման միջով, ովքեր չեն անցնում Նրա խոսքերի դատաստանի միջով, չեն կարող պիտանի լինել Նրա օգտագործման համար։ Ուստի, ի՞նչ աստիճան եք ապրում Նրա խոսքերով։ Միայն եթե Աստծու խոսքերն ուտելիս և խմելիս ի վիճակի ես դրանք սեփական կյանքիդ վիճակի հետ համեմատելու և գտնելու կիրարկման ճանապարհը՝ ելնելով Իմ բարձրացրած խնդիրներից, կիրարկումդ կլինի ճիշտ և Աստծու մտադրություններին համապատասխան։ Միայն այս տեսակի կիրարկում ունեցող մարդն ունի Աստծուն սիրելու վճռականություն։