Ինչպես հասնել բնականոն վիճակի
Որքան շատ են մարդիկ ընդունում Աստծու խոսքերը, այնքան ավելի են լուսավորվում և այնքան ավելի են քաղցում ու ծարավում Աստծուն ճանաչելու ձգտելիս։ Միայն Աստծու խոսքերն ընդունողներն են ունակ ունենալու ավելի հարուստ ու խոր փորձառություններ, և միայն նրանց կյանքն է կարող անշեղորեն աճել, ինչպես քնջութի ծաղիկները։ Բոլոր նրանք, ովքեր ձգտում են կյանքի, պետք է սրան վերաբերվեն որպես իրենց հիմնական գործի. նրանք պետք է զգան, որ «առանց Աստծու՝ ես չեմ կարող ապրել, առանց Աստծու՝ ես ոչնչի չեմ կարող հասնել, առանց Աստծու՝ ամեն ինչ դատարկ է»։ Այդպես էլ նրանք պետք է ունենան այն վճռականությունը, որ «առանց Սուրբ Հոգու ներկայության` ես ոչինչ չեմ անի, և եթե Աստծու խոսքերը կարդալը ոչ մի արդյունք չունի, ապա ես անտարբեր եմ որևէ բան անելու հանդեպ»։ Մի՛ տրվեք հաճույքներին։ Կյանքի փորձառությունները գալիս են Աստծու լուսավորումից և առաջնորդությունից, և դրանք ձեր սուբյեկտիվ ջանքերի բյուրեղացումն են։ Այն, ինչ դուք պետք է պահանջեք ինքներդ ձեզնից, հետևյալն է. «Երբ բանը հասնում է կյանքի փորձառությանը, ես չեմ կարող ներողամիտ լինել իմ հանդեպ»։
Երբեմն, երբ անբնականոն իրադրությունների մեջ ես, կորցնում ես Աստծու ներկայությունը և աղոթելիս անկարող ես դառնում զգալու Աստծուն։ Նման ժամանակներում վախ զգալը բնականոն է։ Դու պետք է անմիջապես սկսես փնտրել։ Եթե չփնտրես, Աստված կհեռանա քեզնից, և դու կմնաս առանց Սուրբ Հոգու ներկայության և, առավել ևս, Սուրբ Հոգու աշխատանքի՝ մեկ օր, երկու օր, նույնիսկ մեկ կամ երկու ամիս։ Այս իրավիճակներում դու շատ անհավանականորեն ընդարմանում ես ու ևս մեկ անգամ` Սատանայի կողմից այն աստիճան գերեվարվում, որ ընդունակ ես դառնում ամեն տեսակ արարքի։ Դու տենչում ես հարստություն, խաբում` քո եղբայրներին ու քույրերին, դիտում` ֆիլմեր ու տեսանյութեր, խաղում` մահջոնգ և նույնիսկ ծխում ու խմում` առանց կարգապահության։ Քո սիրտը հեռացել է Աստծուց, դու գաղտնի գնացել ես քո ճանապարհով և կամայականորեն դատել` Աստծու գործը։ Որոշ դեպքերում մարդիկ այնքան խոր են ընկնում, որ ամոթ կամ անհարմարություն չեն զգում սեռական բնույթի մեղքեր գործելիս։ Այս տեսակի մարդը լքվել է Սուրբ Հոգու կողմից. իրականում Սուրբ Հոգու գործը վաղուց բացակայում է նման մարդու մեջ։ Կարելի է միայն տեսնել, թե ինչպես են նրանք է՛լ ավելի խորասուզվում ապականության մեջ, մինչ նրանց մեղավոր ձեռքերն ավելի ու ավելի հեռուն են մեկնվում։ Ի վերջո նրանք ուրանում են այս ճանապարհի գոյությունը և Սատանայի կողմից գերեվարվում մեղք գործելիս։ Եթե դու հայտնաբերում ես, որ ունես միայն Սուրբ Հոգու ներկայությունը, սակայն զուրկ ես Սուրբ Հոգու գործից, դա արդեն իսկ վտանգավոր իրավիճակ է։ Երբ դու չես կարողանում անգամ զգալ Սուրբ Հոգու ներկայությունը, ապա մահվան եզրին ես։ Եթե չապաշխարես, ապա ամբողջովին վերադարձած կլինես Սատանայի մոտ և կլինես նրանց շարքում, ովքեր վերացվում են։ Ուստի, երբ հայտնաբերում ես, որ մի վիճակում ես, որտեղ կա միայն Սուրբ Հոգու ներկայությունը (դու մեղք չես գործում, զսպում ես ինքդ քեզ և ոչինչ չես անում՝ բացահայտորեն հակառակվելով Աստծուն), բայց դու զուրկ ես Սուրբ Հոգու գործից (դու հուզմունք չես զգում, երբ աղոթում ես, ոչ մի ակնհայտ լուսավորում կամ պայծառացում չես ստանում, երբ ուտում և խմում ես Աստծու խոսքերը, անտարբեր ես Աստծու խոսքերն ուտելու և խմելու հանդեպ, քո կյանքում երբեք ոչ մի աճ չի լինում, և դու վաղուց զրկված ես մեծ պայծառացումից), նման ժամանակներում պետք է ավելի զգոն լինես։ Դու չպետք է տրվես հաճույքներին, չպետք է այլևս ազատություն տաս քո սեփական բնավորությանը։ Սուրբ Հոգու ներկայությունը կարող է անհետանալ ցանկացած պահի։ Ահա թե ինչու է նման իրավիճակն այդքան վտանգավոր։ Եթե հայտնվում ես նման վիճակում, փորձիր որքան հնարավոր է շուտ շտկել իրավիճակը։ Նախ՝ պետք է ապաշխարության աղոթք ասես և խնդրես, որ Աստված ևս մեկ անգամ Իր ողորմությունը տարածի քեզ վրա։ Աղոթիր ավելի եռանդագին և հանդարտեցրու քո սիրտը, որպեսզի ավելի շատ ուտես և խմես Աստծու խոսքերը։ Այս հիմքի վրա պետք է ավելի շատ ժամանակ անցկացնես աղոթքի մեջ. կրկնապատկիր քո ջանքերը` երգելու, աղոթելու, Աստծու խոսքերն ուտելու և խմելու, ինչպես նաև քո պարտականությունը կատարելու գործում։ Երբ դու քո ամենաթույլ վիճակում ես, Սատանան առանց ջանքի տիրում է քո սրտին։ Երբ դա տեղի է ունենում, քո սիրտը խլվում է Աստծուց և վերադարձվում Սատանային, որից հետո դու մնում ես առանց Սուրբ Հոգու ներկայության։ Նման ժամանակներում կրկնակի դժվար է վերականգնել Սուրբ Հոգու գործը։ Ավելի լավ է փնտրել Սուրբ Հոգու գործը, քանի դեռ Նա քեզ հետ է, ինչը թույլ կտա Աստծուն Իր լուսավորումից ավելին շնորհել քեզ և թույլ չի տա, որ Նա լքի քեզ։ Աղոթելը, օրհներգեր երգելը, քո գործառույթը կատարելը և Աստծու խոսքերն ուտելն ու խմելը՝ այս ամենն արվում է նրա համար, որ Սատանան հնարավորություն չունենա անելու իր գործը, և որպեսզի Սուրբ Հոգին կարողանա աշխատել քո ներսում։ Եթե դու այս կերպ չվերականգնես Սուրբ Հոգու գործը, եթե դու պարզապես սպասես, ապա Սուրբ Հոգու գործը վերականգնելը հեշտ չի լինի, երբ դու կորցրած լինես Սուրբ Հոգու ներկայությունը, քանի դեռ Սուրբ Հոգին հատուկ կերպով չի հուզել քեզ, կամ հատուկ չի պայծառացրել և լուսավորել քեզ։ Նույնիսկ այդ դեպքում քո վիճակը վերականգնելու համար միայն մեկ կամ երկու օր չի պահանջվում. երբեմն նույնիսկ վեց ամիս կարող է անցնել՝ առանց որևէ վերականգնման։ Այս ամենն այն պատճառով է, որ մարդիկ չափազանց մեղմ են իրենց հանդեպ, անկարող են բաներ փորձառել բնականոն կերպով և հետևաբար լքվում են Սուրբ Հոգու կողմից։ Նույնիսկ եթե դու վերականգնես Սուրբ Հոգու աշխատանքը, Աստծու ներկայիս գործը դեռ կարող է շատ պարզ չլինել քեզ համար, քանի որ դու շատ ես հետ մնացել կյանքի քո փորձառության մեջ, ասես տասը հազար մղոն հետ մնացած լինես։ Մի՞թե սա սարսափելի բան չէ։ Այնուամենայնիվ, ես ասում եմ նման մարդկանց, որ հիմա չափազանց ուշ չէ ապաշխարելու համար, բայց կա մեկ պայման. դու պետք է ավելի շատ աշխատես և չտրվես ծուլությանը։ Եթե այլ մարդիկ մեկ օրում հինգ անգամ են աղոթում, դու պետք է աղոթես տասը անգամ. եթե ուրիշներ օրական երկու ժամ են ուտում և խմում Աստծու խոսքերը, դու պետք է դա անես չորս կամ վեց ժամ. իսկ եթե ուրիշներ երկու ժամ են լսում օրհներգեր, դու պետք է լսես առնվազն կես օր։ Հաճախ խաղաղ եղիր Աստծու առջև և մտածիր Աստծու սիրո մասին, մինչև որ հուզվես, քո սիրտը վերադառնա Աստծուն, և դու այլևս չհամարձակվես շեղվել ու հեռանալ Աստծուց. միայն այդժամ քո կիրարկումը պտուղ կտա, միայն այդժամ դու կկարողանաս վերականգնել քո նախկին, բնականոն վիճակը։
Որոշ մարդիկ մեծ եռանդ են դնում իրենց փնտրտուքի մեջ, սակայն չեն կարողանում ճիշտ ուղի մտնել։ Դա այն պատճառով է, որ նրանք չափազանց անփույթ են և ուշադրություն չեն դարձնում հոգևոր բաներին։ Նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչպես փորձառեն Աստծու խոսքերը, և չգիտեն, թե ինչ են Սուրբ Հոգու գործն ու ներկայությունը։ Նման մարդիկ եռանդուն են, բայց հիմար. նրանք չեն ձգտում կյանքի։ Դա այն պատճառով է, որ դու զուրկ ես Հոգու մասին անգամ չնչին գիտելիքից, դու ոչինչ չգիտես Սուրբ Հոգու ընթացիկ գործի զարգացման մասին և անտեղյակ ես քո իսկ հոգու ներսում եղած վիճակից։ Մի՞թե նման մարդկանց հավատքը հիմար հավատք չէ։ Նման մարդկանց ձգտումն ի վերջո ոչինչ չի տալիս։ Աստծու հանդեպ հավատքով կյանքում աճի հասնելու բանալին այն է, որ իմանաս, թե ինչ գործ է Աստված կատարում քո փորձառության մեջ, հայես Աստծու հաճելիությանը և հասկանաս Աստծու մտադրություններն այնպես, որ ենթարկվես Աստծու բոլոր կարգավորումներին, Աստծու խոսքերը ներդրվեն քո մեջ, որպեսզի դառնան քո կյանքը, և դրանով իսկ դու բավարարես Աստծուն։ Եթե քո հավատքը հիմար հավատք է, եթե դու ուշադրություն չես դարձնում հոգևոր հարցերին և քո կյանքի խառնվածքի փոփոխություններին, եթե դու ջանք չես գործադրում ճշմարտության ուղղությամբ, մի՞թե կկարողանաս ըմբռնել Աստծու մտադրությունները։ Եթե չես հասկանում, թե ինչ է Աստված խնդրում, ապա անկարող կլինես փորձառել և հետևաբար կիրարկման ոչ մի ուղի չես ունենա։ Այն, ինչին պետք է ուշադրություն դարձնես Աստծու խոսքերը փորձառելիս, այն ազդեցությունն է, որ դրանք թողնում են քեզ վրա, որպեսզի դու Նրա խոսքերից սկսես ճանաչել Աստծուն։ Եթե դու միայն կարդում ես Աստծու խոսքերը, բայց չգիտես, թե ինչպես փորձառես դրանք, մի՞թե դա ցույց չի տալիս, որ դու չունես հոգևոր հասկացողություն։ Հենց հիմա մարդկանց մեծ մասն անկարող է փորձառել Աստծու խոսքերը, և հետևաբար նրանք չգիտեն Աստծու աշխատանքը։ Մի՞թե սա նրանց կիրարկման համար ձախողում չէ ։ Եթե նրանք շարունակեն այսպես, ապա ո՞ր պահին ունակ կլինեն բաներ փորձառելու իրենց ողջ հարստությամբ ու լիությամբ և հասնելու իրենց կյանքում աճի։ Մի՞թե սա պարզապես դատարկ խոսակցություն չէ։ Ձեր մեջ կան շատեր, ովքեր կենտրոնանում են տեսության վրա, ովքեր ոչինչ չգիտեն հոգևոր հարցերից, և սակայն դեռ ցանկանում են մեծապես օգտագործվել Աստծու կողմից և օրհնվել Աստծու կողմից։ Սա միանգամայն անիրատեսակա՜ն է։ Ուստի, դուք պետք է վերջ դնեք այս ձախողմանը, որպեսզի բոլորդ կարողանաք ձեր հոգևոր կյանքում ճիշտ ուղի մտնել, ունենաք իրական փորձառություններ և ճշմարտապես մտնեք Աստծու խոսքերի իրականության մեջ։