Ինչպես ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան

Երբ հավատում ես Աստծուն, ինչպե՞ս պետք է ճիշտ ծառայես Նրան։ Ի՞նչ պայմաններ պետք է բավարարվեն և ի՞նչ ճշմարտություններ պետք է հասկանան Աստծուն ծառայողները։ Եվ ի՞նչ շեղումներ եք ունենում ձեր ծառայության մեջ։ Պետք է իմանաք այս բոլոր հարցերի պատասխանները։ Այս հարցերը վերաբերում են նրան, թե ինչպես եք հավատում Աստծուն և ինչպես եք քայլում Սուրբ Հոգու կողմից առաջնորդվող ճանապարհով և թույլ տալիս Աստծուն ղեկավարել ձեզ այնպես, ինչպես Ինքն է կամենում ամեն ինչում՝ այդպիսով թույլ տալով ձեզ հասկանալ Աստծու գործի յուրաքանչյուր քայլը ձեր ներսում: Երբ հասնեք այդ կետին, դուք կգնահատեք, թե ինչ է Աստծու հանդեպ հավատքը, ինչպես ճիշտ հավատալ Աստծուն, և ինչ պետք է անեք՝ Աստծու մտադրությունների հետ ներդաշնակ գործելու համար: Դա ձեզ կդարձնի լիովին և անվերապահորեն հնազանդ Աստծու գործին. դուք չեք ունենա որևէ բողոք և չեք դատի կամ վերլուծի, առավել ևս չեք ուսումնասիրի Աստծու գործը։ Այսպիսով, դուք բոլորդ կկարողանաք ենթարկվել Աստծուն մինչև մահ՝ թույլ տալով Աստծուն առաջնորդել ձեզ և մորթել ձեզ, ոչխարի պես, որպեսզի դուք բոլորդ դառնաք 1990-ականների Պետրոսներ և կարողանաք սիրել Աստծուն մինչև վերջ՝ նույնիսկ խաչի վրա, առանց աննշան դժգոհության։ Միայն դրանից հետո կկարողանաք ապրել ինչպես 1990-ականների Պետրոսներ։

Աստծուն կարող է ծառայել յուրաքանչյուր ոք, ով վճռական է, բայց միայն նրանք, ովքեր հարգում և հասկանում են Աստծու մտադրությունները, կարող են և իրավունք ունեն ծառայելու Աստծուն։ Ես ձեր մեջ բացահայտել եմ հետևյալը. Շատերը կարծում են, որ քանի դեռ նրանք ջանասիրաբար քարոզում են Աստծու ավետարանը, քայլում են Աստծուն ծառայելու ճանապարհով, ծախսվում և շատ բաներից հրաժարվում են Աստծու համար և այլն, ապա դա Աստծուն ծառայելն է։ Նույնիսկ ավելի կրոնավոր մարդիկ կարծում են, որ Աստծուն ծառայելն Աստվածաշունչը ձեռքին վազվզելն է, երկնքի թագավորության ավետարանը քարոզելն ու մարդկանց փրկելը՝ հորդորելով նրանց զղջալ և խոստովանել: Կան նաև շատ կրոնական պաշտոնյաներ, ովքեր կարծում են՝ Աստծուն ծառայելը ենթադրում է քարոզել մատուռներում՝ ճեմարանում խոր ուսումնասիրությունից և վերապատրաստումից հետո, ինչպես նաև մարդկանց սովորեցնել Աստվածաշնչյան մեջբերումներ կարդալու միջոցով: Ավելին, աղքատ շրջաններում կան մարդիկ, ովքեր հավատում են, որ Աստծուն ծառայելը նշանակում է բուժել հիվանդներին և դուրս հանել դևերին իրենց եղբայրների ու քույրերի միջից կամ աղոթել նրանց համար, կամ ծառայել նրանց: Ձեր մեջ շատերն են հավատում, որ Աստծուն ծառայելը նշանակում է ուտել և խմել Աստծու խոսքերը, ամեն օր աղոթել Աստծուն, ինչպես նաև ամենուր այցելել և աշխատել եկեղեցիներում։ Կան նաև այլ եղբայրներ և քույրեր, ովքեր հավատում են՝ Աստծուն ծառայելը նշանակում է երբեք չամուսնանալ կամ ընտանիք չկազմել և իրենց ամբողջ էությամբ նվիրվել Աստծուն: Սակայն քչերը գիտեն, թե իրականում ինչ է նշանակում ծառայել Աստծուն։ Չնայած Աստծուն ծառայող մարդիկ այնքան շատ են, որքան աստղերը երկնքում, նրանց թիվը, ովքեր ունակ են ծառայելու անմիջականորեն և Աստծու մտադրություններին համապատասխան, չնչին է, չափազանց փոքր։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Ես սա ասում եմ, որովհետև դուք չեք հասկանում «Աստծուն ծառայել» արտահայտության էությունը և շատ քիչ պատկերացում ունեք, թե ինչպես ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան։ Խիստ անհրաժեշտ է մարդկանց համար հասկանալ, թե Աստծուն մատուցվող հատկապես որ տեսակի ծառայությունն է համապատասխանում Նրա մտադրություններին։

Եթե ուզում եք ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան, նախ պետք է հասկանաք, թե ինչպիսի մարդիկ են հաճելի Աստծուն, ինչպիսի մարդիկ են ատելի Աստծու կողմից, ինչպիսի մարդիկ են կատարելագործվել Աստծու կողմից և ինչպիսի մարդիկ են արժանի Աստծուն ծառայելու։ Ամենաքիչը, դուք պետք է զինված լինեք այս գիտելիքով։ Ավելին, դուք պետք է իմանաք Աստծու գործի նպատակները և այն աշխատանքը, որն Աստված կիրականացնի ներկայում։ Դա հասկանալուց և Աստծու խոսքով առաջնորդվելուց հետո, դուք նախ պետք է ձեռք բերեք մուտքը և ընդունեք Աստծու հանձնարարությունը։ Հենց որ դուք Աստծու խոսքերի գործնական փորձառությունն ունենաք և իսկապես հասկանաք Աստծու գործը, դուք արժանի կլինեք ծառայելու Աստծուն։ Եվ երբ դուք ծառայում եք Նրան, Աստված բացում է ձեր հոգևոր աչքերը և թույլ է տալիս ձեզ ավելի խոր հասկանալ Իր գործը և ավելի պարզ տեսնել այն։ Երբ դու մուտք գործես այս իրականություն, քո փորձառությունները կդառնան ավելի խոր և գործնական, և դուք բոլորդ, ովքեր ունեցել եք նմանատիպ փորձառություններ, կկարողանաք քայլել եկեղեցիների միջով և աջակցել ձեր եղբայրներին ու քույրերին, որպեսզի կարողանաք օգտագործել միմյանց ուժեղ կողմերը՝ ձեր սեփական թերությունները լրացնելու և ձեր հոգիներում ավելի հարուստ գիտելիք ձեռք բերելու համար: Միայն այս արդյունքին հասնելու դեպքում դուք կկարողանաք ծառայել Աստծու մտադրությունների համաձայն և կատարելագործվել Աստծու կողմից ձեր ծառայության ընթացքում:

Աստծուն ծառայողները պետք է լինեն Աստծու մտերիմները, հաճելի լինեն Աստծուն՝ ունակ լինելով նվիրվել Նրան առավելագույն հավատարմությամբ։ Անկախ նրանից՝ գործում եք ծածուկ, թե հրապարակային, դուք կարող եք ձեռք բերել Աստծու ուրախությունը Նրա առջև, կարող եք անսասան կանգնել Աստծու առջև, և, անկախ նրանից, թե ինչպես են ուրիշները վերաբերվում քեզ, դու միշտ պետք է քայլես այն ճանապարհով, որով պետք է քայլես, և հիշես Աստծու հոգսը։ Միայն այսպիսի մարդիկ են Աստծու մտերիմները։ Աստծու մտերիմները կարող են ուղղակիորեն ծառայել Նրան, քանի որ նրանց տրվել է Աստծու մեծ հանձնարարությունն ու Աստծու հոգսը, նրանք կարող են դարձնել Աստծու սիրտը իրենցը և համարել Աստծու հոգսը իրենցը, և չեն մտածում իրենց ապագա շահի կամ կորստի մասին, նույնիսկ երբ իրենց հեռանկարներն այնպիսին են, որ նրանք ոչինչ չեն ունենա և ոչինչ չեն շահի, նրանք աստվածասեր սրտով միշտ կհավատան Աստծուն: Այսպիսով, այս տեսակի մարդն Աստծու մտերիմն է։ Աստծու մտերիմները նաև Նրա վստահելի մարդիկ են. միայն Աստծու վստահելի մարդիկ կարող են կիսել Նրա մտահոգություններն ու Նրա մտքերը, և չնայած նրանց մսեղին հիվանդ է ու տկար, Աստծուն հաճենալու համար նրանք կարող են դիմանալ ցավին և հրաժարվել այն ամենից, ինչ սիրում են։ Աստված ավելի մեծ հոգսեր է դնում նման մարդկանց վրա, և այն, ինչ Աստված ցանկանում է իրականացնել, հաստատվում է նման մարդկանց վկայությունով։ Հետևաբար, այս մարդիկ հաճելի են Աստծուն. նրանք Աստծու ծառաներ են, ովքեր գործում են Նրա մտադրությունների համաձայն, և միայն նման մարդիկ կարող են կառավարել Աստծու հետ միասին։ Միայն այն ժամանակ, երբ դու իսկապես դառնաս Աստծու մտերիմը, դու կկառավարես Աստծու հետ միասին։

Հիսուսը կարողացավ ավարտին հասցնել Աստծու հանձնարարությունը՝ ողջ մարդկությանը փրկագնելու գործը, հենց այն պատճառով, որ կարողացավ հաշվի առնել Աստծու մտադրությունները՝ Ինքն Իր համար որևէ ծրագիր կամ կարգավորում չկազմելով։ Նա Աստծու մտերիմն էր, որին դուք ամենից լավ եք ճանաչում՝ Աստված Ինքը: (Իրականում Նա հենց Աստված Ինքն էր, ում մասին Աստված վկայեց։ Ես սա այստեղ հիշատակում եմ՝ Հիսուսի փաստն այս հարցը լուսաբանելու նպատակով օգտագործելու համար): Նա կարողացավ Աստծու կառավարման ծրագիրը դնել հենց կենտրոնում և միշտ աղոթում էր երկնային Հորը և փնտրում երկնային Հոր կամքը։ Նա աղոթեց և ասաց. «Հա՛յր Աստված, Քո կամքը կատարիր և գործիր ոչ թե Իմ ցանկությունների համաձայն, այլ Քո ծրագրի։ Մարդը կարող է տկար լինել, բայց Դու ինչո՞ւ պետք է հոգ տանես նրա մասին: Ինչպե՞ս կարող է մարդը արժանի լինել Քո հոգատարությանը, այն մարդը, որ Քո ձեռքում մրջնի պես է։ Իմ սրտում Ես ցանկանում եմ միայն Քո կամքը կատարել, և կուզեի, որ Իմ մեջ իրականացնես այն, ինչ կամենում ես՝ ըստ Քո իսկ ցանկությունների»։ Երուսաղեմ տանող ճանապարհին Հիսուսն այնպես չարչարվեց, ասես Նրա սիրտը դանակով խոցված լիներ, սակայն Նա նահանջելու չնչին մտադրություն իսկ չուներ. միշտ կար մի հզոր ուժ, որը Նրան առաջ էր տանում դեպի այնտեղ, որտեղ Նրան պետք է խաչեին։ Վերջիվերջո, Նա խաչին գամվեց և մեղավոր մսեղիի կերպարանք ստացավ՝ ավարտին հասցնելով մարդկության փրկագնման գործը։ Նա վեր բարձրացավ մահվան և հանդերձյալ աշխարհի բոլոր կապանքներից։ Նրա առաջ մահը, դժոխքը և հանդերձյալ աշխարհը կորցրին իրենց զորությունը և պարտության մատնվեցին Նրա կողմից։ Նա ապրեց երեսուներեք տարի, և այդ ընթացքում Նա միշտ առավելագույն արեց՝ բավարարելու Աստծու մտադրությունները՝ համաձայն Աստծու այդ ժամանակվա գործի՝ երբեք չմտածելով Իր սեփական օգուտի կամ վնասի մասին և միշտ ծրագրեր կազմելով հանուն Հայր Աստծու մտադրությունների։ Այսպիսով՝ Նրա մկրտությունից հետո Աստված ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ Աստծու առջև Իր ծառայության շնորհիվ, որն Աստծու մտադրությունների համաձայն էր, Աստված Նրա ուսերին դրեց ողջ մարդկության փրկագնման ծանր բեռը և Նրան հանձնարարեց իրականացնել դա, և Նա որակավորված էր և իրավունք ուներ կատարելու այս կարևոր առաջադրանքը։ Իր ողջ կյանքի ընթացքում Նա անչափելի չարչարանքներ կրեց Աստծու համար և անթիվ անգամ փորձության ենթարկվեց Սատանայի կողմից, սակայն երբեք չհուսահատվեց։ Աստված Նրան նման կարևոր առաջադրանք տվեց, քանի որ վստահում և սիրում էր, և այդ պատճառով Աստված անձամբ ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ Այդժամ միայն Հիսուսը կարող էր կատարել այս հանձնարարությունը, և դա Աստծու կողմից ողջ մարդկության փրկագնման գործի ավարտի իրական հանգամանքներից մեկն էր Շնորհքի դարաշրջանում։

Եթե Հիսուսի նման դուք կարողանաք հաշվի առնել Աստծու հոգսը և ապստամբել ձեր սեփական մսեղիի դեմ, Աստված Իր ծանր պատասխանատվությունը կհանձնարարի ձեզ, որպեսզի համապատասխանեք Իրեն ծառայելու համար անհրաժեշտ պայմաններին: Միայն նման հանգամանքներում դուք կհամարձակվեք ասել, որ հետևում եք Աստծու կամքին և կատարում Նրա հանձնարարությունը, և միայն այդ դեպքում կհամարձակվեք ասել, որ իսկապես ծառայում եք Աստծուն: Հիսուսի օրինակի համեմատ՝ համարձակվո՞ւմ ես ասել, որ Աստծու մտերիմն ես։ Համարձակվո՞ւմ ես ասել, որ հետևում ես Աստծու կամքին։ Համարձակվո՞ւմ ես ասել, որ իսկապես ծառայում ես Աստծուն։ Այսօր դու չես հասկանում՝ ինչպես ծառայել Աստծուն. համարձակվո՞ւմ ես ասել, որ Աստծու մտերիմն ես։ Եթե ասում ես, որ ծառայում ես Աստծուն, մի՞թե չես անարգում Նրան։ Մտածի՛ր այդ մասին. Աստծու՞ն ես ծառայում, թե՞ ինքդ քեզ։ Դու ծառայում ես Սատանային, բայց համառորեն պնդում ես, որ ծառայում ես Աստծուն. մի՞թե դրանով չես անարգում Աստծուն։ Շատ մարդիկ Իմ մեջքի հետևում տարված են իրենց կարգավիճակի առավելություններով, ագահաբար են ուտում, սիրում են քնել և սնում են իրենց մսեղին՝ մշտապես վախենալով, որ մսեղին այլ ելք չունի։ Նրանք չեն կատարում իրենց պատշաճ դերը եկեղեցում, այլ ապրում են եկեղեցու հաշվին կամ էլ հորդորում են իրենց եղբայրներին ու քույրերին Իմ խոսքերով՝ վերևից հարկադրելով ուրիշներին։ Այս մարդիկ անընդհատ պնդում են, որ հետևում են Աստծու կամքին և մշտապես ասում են, որ Աստծու մտերիմներն են. մի՞թե դա անհեթեթություն չէ։ Եթե ունես ճիշտ դրդապատճառ, սակայն չես կարողանում ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան, ապա հիմարություն ես գործում․ սակայն եթե քո դրդապատճառը սխալ է, և դեռ պնդում ես, որ ծառայում ես Աստծուն, ապա դու մեկն ես, ով ընդդիմանում է Աստծուն, և պետք է պատժվես Աստծու կողմից։ Ոչ մի համակրանք չունեմ նման մարդկանց նկատմամբ։ Աստծու տանը նրանք ապրում են ուրիշի հաշվին՝ մշտապես տարված լինելով մսեղավոր ցանկություններով և ուշադրություն չդարձնելով Աստծու շահերին։ Նրանք միշտ փնտրում են միայն իրենց օգուտը և անտեսում են Աստծու մտադրությունները։ Նրանք չեն կարող ընդունել Աստծու Հոգու զննումը իրենց արած ցանկացած բանում։ Նրանք միշտ անազնիվ և նենգ են լինում իրենց եղբայրների և քույրերի նկատմամբ, երկերեսանի են լինում, ինչպես աղվեսը խաղողի այգում՝ անընդհատ խաղող գողանալով և խաղողի այգին ոտնակոխ անելով։ Կարո՞ղ են նման մարդիկ լինել Աստծու մտերիմները։ Արժանի՞ ես ստանալու Աստծու օրհնությունները։ Դու չես կրում քո կյանքի և եկեղեցու հոգսը, ապա արժանի՞ ես ստանալու Աստծու հանձնարարությունը։ Ո՞վ կհամարձակվի վստահել քեզ նման մեկին։ Եթե ծառայում ես նման կերպ, կարո՞ղ է Աստված վստահել քեզ ավելի մեծ առաջադրանք։ Արդյոք սրանով ուշացումներ չե՞ն լինի գործում:

Ես սա ասում եմ, որպեսզի իմանաք, թե ինչ պայմաններ պետք է բավարարվեն Աստծու մտադրություններին համապատասխան ծառայելու համար։ Եթե չբացեք ձեր սիրտն Աստծու առաջ, եթե հարգանք չցուցաբերեք Աստծու մտադրությունների նկատմամբ, ինչպես Հիսուսը, ապա ձեզ համար դժվար կլինի արժանանալ Աստծու վստահությանը, և, ի վերջո, Աստծու դատաստանին կարժանանաք։ Հավանաբար, այսօր՝ Աստծուն ծառայելիս, միշտ ունես թաքուն մտադրություն խաբել Աստծուն և միշտ անփույթ վերաբերմունք ես ցուցաբերում Նրա հանդեպ։ Կարճ ասած՝ ինչ էլ որ լինի, եթե խաբես Աստծուն, անողոք դատաստանի առաջ կկանգնես։ Հենց հիմա, երբ նոր եք սկսել Աստծուն ծառայելու ճիշտ ուղին, նախ բացեք ձեր սիրտը Աստծու առաջ. դուք չեք կարող ունենալ անջատ սիրտ։ Անկախ նրանից՝ ներկայանում ես Աստծու առաջ թե ուրիշների, քո սիրտը միշտ պետք է ուղղված լինի առ Աստված, և պետք է վճռական լինես Աստծուն սիրելու հարցում, ինչպես Հիսուսը սիրեց Նրան։ Այս կերպ Աստված կկատարելագործի քեզ, որպեսզի դառնաս Աստծու ծառան, ով գործում է Նրա մտադրությունների համաձայն։ Եթե իսկապես ցանկանում ես կատարելագործվել Աստծու միջոցով, և որպեսզի քո ծառայությունը համապատասխանի Նրա մտադրություններին, ապա պետք է փոխես Աստծու հանդեպ հավատքի վերաբերյալ քո նախկին պատկերացումները և Նրան ծառայելու քո հին մեթոդները, որպեսզի կարողանաս ավելի շատ կատարելագործվել Աստծու միջոցով։ Այս կերպ Աստված չի լքի քեզ, և, ինչպես Պետրոսը, դու կհայտնվես Աստծուն սիրողների առաջնագծում։ Եթե մնաս անզղջում, ապա կարժանանաս նույն ճակատագրին, ինչ Հուդան։ Աստծուն հավատացող բոլոր մարդիկ պետք է հասկանան դա։

Նախորդը.  Ինչպես հասնել բնականոն վիճակի

Հաջորդը.  Բնականոն հոգևոր կյանքի մասին

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger