Ինչպես ճանաչել Աստծու բնույթն ու այն արդյունքները, որոնց կհասնի Նրա գործը
Նախ երգենք մի օրհներգ։ Թագավորության օրհներգը Թագավորությունն իջնում է մարդու աշխարհի վրա։
Նվագակցություն։ Իմ ժողովրդի բազմությունը ցնծությամբ կանչում է Ինձ, Իմ ժողովրդի բազմությունը գովաբանում է Ինձ. բյուրավոր բերաններ տալիս են միակ ճշմարիտ Աստծու անունը, Թագավորությունն իջնում է մարդու աշխարհի վրա։
1 Իմ ժողովրդի բազմությունը ցնծությամբ կանչում է Ինձ, Իմ ժողովրդի բազմությունը գովաբանում է Ինձ. բյուրավոր բերաններ տալիս են միակ ճշմարիտ Աստծու անունը, բյուրավոր մարդիկ բարձրացնում են իրենց աչքերը՝ հեռուն նայելով, որպեսզի դիտեն Իմ գործերը։ Թագավորությունն իջնում է մարդու աշխարհի վրա, Իմ անձը հարուստ է և առատ։ Ո՞վ չի ուրախանա սրանից։ Ո՞վ չի պարի ուրախությունից։ Օ՜, Սիո՛ն։ Բարձրացրո՛ւ քո հաղթական դրոշը՝ Ինձ տոնելու համար։ Երգի՛ր քո հաղթանակի երգը հաղթական՝ Իմ սուրբ անունը հռչակելու համար։
2 Ո՛ղջ արարչություն մինչև երկրի ծայրերը։ Շտապե՛ք մաքրվել, որպեսզի ընծաներ դառնաք Ինձ համար։ Վերևի աստղերի՛ բազմություն։ Շտապե՛ք վերադառնալ ձեր տեղերը՝ երկնակամարում Իմ մեծ ուժը ցույց տալու համար։ Ես ականջ եմ դնում՝ ուշադրությամբ լսելու երկրի վրա Իմ ժողովրդի ձայները, ովքեր երգի մեջ թափում են իրենց անսահման սերն ու ակնածանքն Իմ հանդեպ։ Այս օրը, երբ ողջ արարչությունը վերակենդանանում է, Ես իջնում եմ մարդու աշխարհ։ Հենց այս պահին բոլոր ծաղիկները փարթամորեն ծաղկում են, բոլոր թռչունները երգում են միաձայն, բոլոր բաները լցվում են ուրախությամբ։ Թագավորության թնդանոթային համազարկերի ներքո Սատանայի թագավորությունը տապալվում է, ոչնչանում թագավորության օրհներգի որոտի մեջ՝ այլևս երբեք ոտքի չելնելու համար։
3 Երկրի վրա ո՞վ կհամարձակվի վեր կենալ և դիմադրել։ Քանզի Ես իջնում եմ երկիր, Ես բերում եմ այրում, բերում եմ ցասում, բերում եմ բոլոր աղետները։ Երկրային թագավորություններն այժմ Իմ թագավորությունն են։ Վերևում՝ երկնքում, ամպերը խառնվում և ալեկոծվում են. երկնքի տակ լճերն ու գետերը ծփում են և ուրախությամբ հնչեցնում են հուզիչ մի մեղեդի։ Հանգստացող կենդանիները դուրս են գալիս իրենց որջերից, և Իմ բյուրավոր մարդիկ իրենց նիրհից արթնացվում են Իմ կողմից։ Իմ բյուրավոր մարդկանց կողմից սպասված օրը վերջապես եկե՛լ է։ Նրանք մատուցում են Ինձ ամենագեղեցիկ երգերը։
Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին, Թագավորության օրհներգը
Ինչի՞ մասին եք մտածում ամեն անգամ այս երգը երգելիս։ (Շատ ենք ոգևորվում ու հուզվում և մտածում ենք այն մասին, թե որքան հիասքանչ է թագավորության գեղեցիկ տեսարանը, և թե ինչպես են մարդկությունն ու Աստված հավիտյան միասին լինելու։) Արդյոք որևէ մեկը մտածե՞լ է այն մասին, թե ինչ կերպարանք պետք է ընդունեն մարդիկ՝ Աստծու հետ միասին լինելու համար։ Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինեն մարդիկ՝ Աստծու հետ միասին լինելու և ապագայում թագավորության գեղեցիկ կյանքը վայելելու համար։ (Նրանց խառնվածքները պետք է փոխվեն։) Նրանց խառնվածքները պետք է փոխվեն, բայց ի՞նչ չափով։ Ինչպիսի՞ն կլինեն նրանք իրենց խառնվածքները փոխվելուց հետո։ (Կսրբացվեն։) Ո՞րն է սրբացման չափանիշը։ (Մարդու բոլոր մտքերն ու գաղափարները կարող են համատեղելի լինել Քրիստոսի հետ։) Ինչպե՞ս է դրսևորվում նման համատեղելիությունը։ (Մարդն այլևս չի դիմակայում կամ դավաճանում Աստծուն, կարող է լիակատար կերպով հնազանդվել Նրան և աստվածավախ սիրտ ունի։) Ձեր պատասխաններից մի քանիսը ճիշտ ուղու վրա են։ Բոլորդ բացեք ձեր սրտերը և բարձրաձայնեք այն, ինչ ցանկանում եք ասել։ (Մարդիկ, որոնք ապրում են Աստծու հետ թագավորությունում, պետք է ճշմարտությանը ձգտելու հիման վրա և առանց որևէ մարդուց, իրադարձությունից կամ բանից կաշկանդվելու, ի վիճակի լինեն կատարելու իրենց պարտավորությունները և կատարելու դրանք հավատարմությամբ, և ապա ի վիճակի լինեն ազատվելու խավարի ազդեցությունից, իրենց սրտերում համատեղելի լինելու Աստծու հետ և երկյուղելու Աստծուց ու խուսափելու չարից։) (Բաների վերաբերյալ մեր տեսակետները կարող են համատեղելի լինել Աստծու հետ, և մենք կարող ենք ազատվել խավարի ազդեցությունից։ Առնվազն, այլևս չենք շահագործվում Սատանայի կողմից, ազատվել ենք մեր ապականված խառնվածքներից և ի վիճակի ենք հնազանդվելու Աստծուն։ Կարծում ենք, որ էական է, որ մարդիկ ազատվեն խավարի ազդեցությունից։ Մարդիկ, որոնք չեն կարողանում ազատվել խավարի ազդեցությունից և փախչել Սատանայի կապանքներից, դեռ Աստծու փրկությանը չեն հասել։) (Աստծու կողմից կատարելագործվելու չափանիշն այն է, որ մարդիկ կարողանան Նրա հետ մեկ սիրտ և միտք ունենալ և այլևս չդիմակայեն Նրան։ Կարողանան ճանաչել իրենց, կիրառել ճշմարտությունը, սկսել ճանաչել Աստծուն, սիրել Աստծուն և համատեղելի լինել Աստծու հետ։ Սա այն ամենն է, ինչ պահանջվում է։)
Որքան մեծ կշիռ ունեն մարդկանց ելքերն իրենց սրտերում
Կարծես թե ձեր մտքերում ինչ-որ բան ունեք այն ճանապարհի վերաբերյալ, որին պետք է հետևեք, և որոշակի հասկացողություն կամ արժևորում եք զարգացրել դրա վերաբերյալ։ Սակայն, արդյոք ձեր ասած այս բաները ձեզ համար դատարկ են, թե գործնական, կախված է, թե ինչի վրա եք կենտրորանում ձեր ամենօրյա կիրառման մեջ։ Տարիների ընթացքում բոլորդ ձեռքբերումներ եք ունեցել ճշմարտության յուրաքանչյուր կողմում՝ և՛ վարդապետության, և՛ ճշմարտության բովանդակության առումով։ Սա ապացուցում է, որ մարդիկ մեր օրերում մեծ նշանակություն են տալիս ճշմարտությանը ձգտելուն, և արդյունքում ճշմարտության յուրաքանչյուր կողմ և կետ հաստատապես արմատներ է գցել որոշ մարդկանց սրտերում։ Սակայն ինչի՞ց եմ Ես ամենաշատը վախենում։ Այն բանից, որ չնայած այն փաստին, որ ճշմարտության այս թեմաներն ու այս տեսություններն արմատավորվել են ձեր սրտերում, գործնական բովանդակությունը քիչ կշիռ ունի ձեր սրտերում։ Երբ ձեզ հետ բաներ են պատահում, և բախվում եք փորձությունների ու ընտրությունների, որքա՞ն մեծ դեր կարող է խաղալ այս ճշմարտությունների իրականությունը ձեզ համար։ Կարո՞ղ է արդյոք այն օգնել ձեզ հաղթահարել ձեր դժվարությունները, դուրս գալ ձեր փորձություններից, որ կարողանաք բավարարել Աստծու մտադրությունները և հնարավորություն տալ ձեզ հաստատուն կանգնելու ձեր փորձությունների մեջ և հնչեղ վկայություն կրելու Աստծու համար։ Երբևէ մտահոգվե՞լ եք այս հարցերով։ Հարցնում եմ ձեզ․ ձեր սրտերում և ձեր բոլոր ամենօրյա մտքերում ու գաղափարներում ի՞նչն է ամենակարևորը ձեզ համար։ Երբևէ եկե՞լ եք եզրակացության այս մասին։ Ի՞նչն է ամենակարևորը ձեզ համար։ Ոմանք ասում են. «Իհարկե, ճշմարտությունը կիրառելն է», մինչդեռ մյուսներն ասում են. «Իհարկե, ամեն օր Աստծու խոսքերը կարդալն է»։ Ոմանք ասում են․ «Իհարկե, ամեն օր Աստծու առաջ գալն ու Նրան աղոթելն է», իսկ հետո կան այնպիսիք, որոնք ասում են․ «Իհարկե, ամեն օր իմ պարտավորությունը պատշաճ կերպով կատարելն է»։ Կան նույնիսկ այնպիսիք, որոնք ասում են․ «Ես միայն ուզում եմ ի վիճակի լինել բավարարելու Աստծուն ամեն ինչում, հնազանդվելու Նրան ամեն ինչում և գործելու Նրա մտադրությունների համաձայն»։ Արդյո՞ք դա ճիշտ է։ Մի՞թե սա այն ամենն է, ինչ կա։ Օրինակ՝ ոմանք ասում են․ «Ես միայն ուզում եմ հնազանդվել Աստծուն, բայց երբ ինձ հետ ինչ-որ բան է պատահում, անկարող եմ»։ Մյուսներն ասում են․ «Ես միայն ուզում եմ բավարարել Աստծուն, և լավ կլիներ, նույնիսկ եթե կարողանայի բավարարել Նրան միայն մեկ անգամ, բայց երբեք չեմ կարողանում բավարարել Նրան»։ Ոմանք ասում են․ «Ես միայն ուզում եմ հնազանդվել Աստծուն։ Երբ փորձություններ են գալիս, ես միայն ուզում եմ լիովին անձնատուր լինել Նրա տնօրինությանը և հնազանդվել Նրա գերիշխանությանն ու կարգավորումներին՝ առանց տրտունջների կամ խնդրանքների։ Բայց ինչ էլ որ անեմ, պարզապես չեմ կարողանում հնազանդվել և գրեթե ամեն անգամ ձախողվում եմ»։ Ուրիշներն էլ ասում են. «Երբ բախվում եմ ընտրությունների, երբեք չեմ կարողանում ընտրել ճշմարտությունը կիրառելը։ Ես միշտ ուզում եմ բավարարել մսեղին և ուզում եմ բավարարել իմ սեփական եսասիրական ցանկությունները»։ Ո՞րն է սրա պատճառը։ Նախքան Աստծու փորձության գալը, արդյոք արդեն բազմիցս մարտահրավեր նետե՞լ եք ինքներդ ձեզ և բազմիցս փորձե՞լ եք ինքներդ ձեզ՝ տեսնելու համար, թե արդյոք կարող եք անկեղծորեն հնազանդվել Աստծուն և ճշմարտապես բավարարել Նրան, արդյոք կարող եք երաշխավորել, որ չեք դավաճանի Նրան, և արդյոք կարող եք ձեզ զսպել ինքներդ ձեզ կամ ձեր եսասիրական ցանկությունները բավարարելուց և փոխարենը բավարարել միայն Աստծուն՝ առանց ձեր սեփական ընտրություններն անելու։ Արդյոք որևէ մեկն անո՞ւմ է սա։ Իրականում, միայն մի փաստ կա, որը դրվել է հենց ձեր աչքերի առաջ, և դա այն է, ինչով ձեզանից յուրաքանչյուրն ամենաշատն է մտահոգված, և ինչն ամենաշատն եք ցանկանում իմանալ․ յուրաքանչյուրի ելքի և վերջնական հանգրվանի հարցը։ Գուցե չգիտակցեք դա, բայց սա մի բան է, որը ոչ ոք չի կարող հերքել։ Երբ խոսքը վերաբերում է ճշմարտություններին ու Աստծու խոսքերին՝ մարդկանց ելքերի մասին, մարդկությանը տված Աստծու խոստման մասին և այն մասին, թե ինչպիսի վերջնական հանգրվան է Աստված մտադիր բերել մարդկանց, Ես գիտեմ, որ կան ոմանք, ովքեր արդեն բազմիցս ուսումնասիրել են դրանք։ Եվ կան այնպիսիք, որոնք բազմիցս փնտրում են պատասխանը և մտորում դրա մասին իրենց մտքերում, սակայն դեռևս պատասխան չունեն, կամ գուցե ի վերջո հանգում են ինչ-որ երկիմաստ եզրակացության՝ վերջին հաշվով մնալով անվստահ, թե ինչպիսի ելք է սպասվում իրենց։ Իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում մարդկանց մեծամասնությունը շարունակաբար ցանկացել է հստակ իմանալ․ «Ինչպիսի՞ն կլինի իմ ելքը։ Կարո՞ղ եմ արդյոք քայլել այս ուղով մինչև դրա վերջը։ Ո՞րն է Աստծու վերաբերմունքը մարդկության նկատմամբ»։ Ոմանք նույնիսկ այսպես են անհանգստանում․ «Անցյալում ես որոշ բաներ եմ արել և որոշ բաներ եմ ասել. ըմբոստացել եմ Աստծու դեմ, կատարել եմ գործողություններ, որոնք դավաճանել են Աստծուն, իսկ որոշ դեպքերում ինձ չի հաջողվել բավարարել Աստծուն, ցավեցրել եմ Նրա սիրտը, հիասթափեցրել եմ Նրան և ստիպել եմ Նրան ատել ինձ ու զզվել ինձնից։ Ուստի գուցե իմ ելքն անորոշ է»։ Արդարացի կլիներ ասել, որ մարդկանց մեծամասնությունն անհանգիստ է իր սեփական ելքի համար։ Ոչ ոք չի համարձակվում ասել․ «Ես հարյուր տոկոսանոց վստահությամբ զգում եմ, որ ողջ մնացող եմ։ Հարյուր տոկոսով վստահ եմ, որ կարող եմ բավարարել Աստծու մտադրությունները, որ ես մի մարդ եմ, որը համապատասխանում է Աստծու մտադրություններին, և որ ես մեկն եմ, ում Աստված հավանություն է տալիս»։ Որոշ մարդիկ կարծում են, որ հատկապես դժվար է հետևել Աստծու ճանապարհին, և որ ճշմարտությունը կիրառելն ամենադժվար բանն է։ Հետևաբար, նման մարդիկ համոզված են, որ իրենց հնարավոր չէ օգնել, և չեն համարձակվում լավ ելքի հույս ունենալ. կամ հավատում են, որ չեն կարող բավարարել Աստծու մտադրությունները և չեն կարող դառնալ ողջ մնացողներ, և ուստի ասում են, որ ոչ մի ելք չունեն և չեն կարող հասնել լավ վերջնական հանգրվանի։ Անկախ այն բանից, թե հատկապես ինչպես են մարդիկ մտածում, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոք իր սրտում բազմիցս հաշվարկել է իր սեփական ելքը։ Նրանք մշտապես հաշվարկում և ծրագրում են իրենց ապագան և այն, թե ինչ ձեռք կբերեն, երբ Աստծու գործը մոտենա ավարտին։ Ոմանք կրկնակի գին են վճարում, ոմանք լքում են իրենց ընտանիքներն ու իրենց աշխատանքը, ոմանք նախընտրում են հրաժարվել ամուսնությունից, ոմանք Աստծու համար ծախսվելու նպատակով հրաժարվում են իրենց աշխատանքից, ոմանք իրենց պարտավորությունները կատարելու համար հեռանում են իրենց տներից, ոմանք նախընտրում են դժվարությունների դիմանալ՝ ստանձնելով ամենածանր ու հոգնեցուցիչ առաջադրանքները, ոմանք նախընտրում են նվիրաբերել իրենց հարստությունը և նվիրել այն ամենը, ինչ ունեն, իսկ ոմանք նույնիսկ նախընտրում են ձգտել ճշմարտությանն ու ձգտել Աստծուն ճանաչելուն։ Անկախ այն բանից, թե ինչպես եք նախընտրում կիրառել, արդյո՞ք այն ձևը, որով կիրառում եք, կարևոր է, թե ոչ։ (Ո՛չ, կարևոր չէ։) Ինչպե՞ս պետք է հասկանալ այս «կարևոր չէ»-ն։ Եթե կիրառման մեթոդը կարևոր չէ, ապա ի՞նչն է կարևոր։ (Արտաքին լավ վարքագիծը ճշմարտությունը կիրառելու մասին չի վկայում։) (Յուրաքանչյուր անհատի մտքերը կարևոր չեն. այստեղ առանցքայինն այն է, թե արդյոք կիրառել ենք ճշմարտությունը, թե ոչ, և արդյոք աստվածասեր սիրտ ունենք, թե ոչ։) (Հակաքրիստոսների և կեղծ առաջնորդողների անկումն օգնում է մեզ հասկանալ, որ արտաքին վարքագիծն ամենակենսական բանը չէ։ Արտաքուստ նրանք շատ բան են լքել և պատրաստ են եղել վճարել գինը, բայց մանրամասն վերլուծելիս կարող ենք տեսնել, որ նրանք պարզապես աստվածավախ սիրտ չունեն, որ նրանք հակադրվում են Նրան բոլոր առումներով, և որ վճռորոշ պահերին միշտ բռնում են Սատանայի կողմն ու խանգարում Աստծու գործին։ Այսպիսով, հիմնականում կարևորն այն է, թե որ կողմում ենք մենք կանգնում, երբ մեզ հետ ինչ-որ բան է պատահում, և որոնք են բաների վերաբերյալ մեր տեսանկյունները։) Բոլորդ լավ եք խոսում։ Կարծես թե, ճշմարտությունը կիրառելու, Աստծու մտադրությունների և այն բանի վերաբերյալ, թե ինչ է Աստված պահանջում մարդկությունից, դուք արդեն որոշակի հիմնական հասկացողություն ունեք և ունեք չափանիշներ։ Ինձ վրա շատ ազդել է այն, որ ի վիճակի եք այսպես խոսելու։ Թեև ձեր խոսքերից մի քանիսն այնքան էլ տեղին չեն, ձեր ասածն արդեն մոտենում է ճշմարտության պատշաճ բացատրությանը։ Սա ապացուցում է, որ դուք զարգացրել եք ձեր սեփական ճշմարիտ հասկացողությունը ձեր շրջապատի մարդկանց, իրադարձությունների և բաների, Աստծու կողմից կարգավորված ձեր ողջ շրջապատի և այն ամենի վերաբերյալ, ինչ կարող եք տեսնել։ Սա մի հասկացողություն է, որը մոտ է ճշմարտությանը։ Թեև ձեր ասածը լիովին համապարփակ չէ, և ձեր խոսքերից մի քանիսն այնքան էլ տեղին չեն, ձեր հասկացողությունն արդեն շատ մոտ է ճշմարտության իրականությանը։ Լսելով, որ այսպես եք խոսում, Ես Ինձ շատ լավ եմ զգում։
Մարդկանց համոզմունքները չեն կարող փոխարինել ճշմարտությանը
Որոշ մարդիկ ի վիճակի են դիմանալու դժվարությունների և կարող են վճարել գինը։ Նրանց արտաքին վարքագիծը շատ լավն է։ Նրանք բավականին հարգված են և վայելում են ուրիշների հիացմունքը։ Կասեի՞ք արդյոք, որ այս արտաքին վարքագիծը կարող է համարվել ճշմարտությունը կիրառել։ Կարելի՞ է արդյոք համարել, որ նման մարդիկ բավարարում են Աստծու մտադրությունները։ Ինչո՞ւ է հաճախ պատահում, որ մարդիկ տեսնում են նման անհատների և մտածում, որ նրանք բավարարում են Աստծուն, քայլում են ճշմարտությունը կիրառելու ճանապարհով և հետևում են Աստծու ճանապարհին։ Ինչո՞ւ են որոշ մարդիկ այսպես մտածում։ Սրա համար միայն մի բացատրություն կա։ Ի՞նչ բացատրություն է դա։ Այն է, որ շատ մարդկանց համար որոշակի հարցեր՝ ինչ է նշանակում կիրառել ճշմարտությունը, ինչ է նշանակում բավարարել Աստծուն, և ինչ է նշանակում ճշմարտապես ունենալ ճշմարտության իրականությունը, այնքան էլ հստակ չեն։ Ուստի, կան ոմանք, ովքեր հաճախ մոլորեցվում են այն մարդկանց կողմից, որոնք արտաքուստ շատ հոգևոր ու վեհ են թվում և որպես վսեմ կերպարներ են ներկայանում։ Երբ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք կարող են բառեր և վարդապետություններ ասել, և որոնց խոսքն ու գործողությունները հիացմունք են առաջացնում, նրանց կողմից մոլորեցվածները երբեք չեն նայել նրանց գործողությունների էությանը, նրանց արարքների հետևում թաքնված սկզբունքներին կամ նրանց արածների հետևում թաքնված նպատակներին։ Ավելին, նրանք երբեք չեն նայել, թե արդյոք այս մարդիկ ճշմարտապես հնազանդվում են Աստծուն, կամ արդյոք ճշմարտապես երկյուղում են Աստծուց և խուսափում չարից։ Նրանք երբեք չեն զանազանել այս մարդկանց մարդկային էությունը։ Փոխարենը՝ նրանց անծանոթ լինելուց անցնում են նրանց հետ ծանոթանալուն, ապա աստիճանաբար սկսում են հիանալ նրանցով ու մեծարել նրանց և ի վերջո նրանց իրենց կուռքերն են համարում։ Ավելին, որոշ մարդկանց մտքերում այն կուռքերը, որոնց նրանք երկրպագում են, և որոնք, իրենց հավատալով, կարող են լքել իրենց ընտանիքներն ու աշխատանքը և կարող են արտաքուստ վճարել գինը, հենց նրանք են, ովքեր ճշմարտապես բավարարում են Աստծուն, և ովքեր կարող են ճշմարտապես լավ ելքերի և լավ վերջնական հանգրվանի հասնել։ Նրանց մտքերում այս կուռքերն այն մարդիկ են, որոնց Աստված հավանություն է տալիս։ Ի՞նչն է ստիպում նրանց նման համոզմունք ունենալ։ Ո՞րն է այս խնդրի էությունը։ Ի՞նչ հետևանքների կարող է սա հանգեցնել։ Եկեք նախ քննարկենք այս հարցի էությունը։
Ըստ էության, այս հարցերը, որոնք վերաբերում են մարդկանց տեսակետներին, նրանց կիրառման մեթոդներին, նրանց որդեգրած կիրառման սկզբունքներին և այն բանին, թե ինչի վրա է նրանցից յուրաքանչյուրը հակված կենտրոնանալու, ոչ մի կապ չունեն մարդկությանն ուղղված Աստծու պահանջների հետ։ Անկախ այն բանից՝ մարդիկ կենտրոնանում են մակերեսային, թե խորը հարցերի, կամ բառերի ու վարդապետությունների, թե իրականության վրա, նրանք չեն հետևում այն բանին, ինչին պետք է ամենաշատը հետևեն, ոչ էլ գիտեն այն, ինչ պետք է ամենաշատն իմանան։ Սրա պատճառն այն է, որ մարդիկ ամենևին չեն սիրում ճշմարտությունը։ Որպես այդպիսին՝ նրանք չեն ցանկանում ջանք գործադրել Աստծու խոսքերում կիրառման սկզբունքները գտնելու և դրանք կիրառելու համար։ Փոխարենը՝ նախընտրում են կարճ ճանապարհներ օգտագործել՝ ամփոփելով այն, ինչին իրենք հավատում են և գիտեն, որ լավ գործելակերպ և լավ վարքագիծ է։ Այս ամփոփումն այնուհետև դառնում է նրանց սեփական ձգտելու նպատակը և կիրառելու ճշմարտությունը։ Սա ուղղակիորեն հանգեցնում է այն բանին, որ մարդիկ ճշմարտությունը կիրառելը փոխարինում են մարդու լավ վարքագծով։ Միաժամանակ այն բավարարում է Աստծուն հաճոյանալու նրանց ցանկությունը և նրանց կապիտալ է տալիս ճշմարտության հետ մրցելու և Աստծու հետ վիճելու ու Նրա դեմ պայքարելու համար։ Միևնույն ժամանակ, մարդիկ նաև անխղճորեն մի կողմ են դնում Աստծուն՝ իրենց սրտերում եղած կուռքերին Աստծու տեղում դնելով։ Միայն մեկ բուն պատճառ կա այն բանի հետևում, որ մարդիկ նման հիմար կիրառումներ և տեսակետներ ունեն, կամ նման միակողմանի տեսակետներ և կիրառման մեթոդներ, և այսօր Ես կպատմեմ ձեզ դրա մասին։ Պատճառն այն է, որ թեև մարդիկ հետևում են Աստծուն, ամեն օր աղոթում են Նրան և ամեն օր կարդում են Նրա խոսքերն, իրականում ամենևին չեն հասկանում Նրա մտադրությունները։ Այստեղ է թաքնված խնդրի արմատը։ Եթե ինչ-որ մեկը հասկանար Աստծու սիրտը և իմանար, թե ինչ է Նա հավանում, ինչից է Նա զզվում, ինչ է Նա ուզում ձեռք բերել, ինչն է Նա մերժում, ինչպիսի մարդու է Նա սիրում, ինչպիսի մարդու Նա չի հավանում, ինչպիսի չափանիշ է Նա օգտագործում մարդկանց պահանջներ ներկայացնելիս, և ինչ ուղիներ է Նա օգտագործում մարդկանց կատարելագործելու համար, միթե նրանք դեռ կունենայի՞ն իրենց սեփական գաղափարները։ Միթե նրանք կարող էին գնալ և կամայականորեն երկրպագել մեկ ուրիշի։ Մի՞թե նրանք դեռ կարող էին սովորական մարդուն դարձնել իրենց կուռքը։ Եթե մարդիկ հասկանային Աստծու մտադրությունները, նրանց տեսակետները փոքր-ինչ ավելի բանական կլինեին։ Նրանք կամայականորեն ապականված մարդուն կուռք չէին դարձնի, ոչ էլ, ճշմարտությունը կիրառելու ճանապարհով քայլելիս, կամայականորեն կհետևեին մի քանի պարզ կանոնների կամ սկզբունքների և դա անելը կհամարեին ճշմարտությունը կիրառել։
Կան բազմաթիվ կարծիքներ այն չափանիշի վերաբերյալ, որով Աստված որոշում է մարդկանց ելքերը
Եկեք վերադառնանք այս թեմային և շարունակենք քննարկել ելքի հարցը։
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մարդ մտահոգված է իր սեփական ելքով, գիտե՞ք արդյոք, թե ինչպես է Աստված որոշում այդ ելքը։ Ի՞նչ եղանակով է Աստված որոշում ինչ-որ մեկի ելքը։ Ավելին, ինչպիսի՞ չափանիշ է Նա կիրառում այն որոշելու համար։ Նախքան մարդու ելքի որոշվելը, ի՞նչ աշխատանք է անում Աստված այն բացահայտելու համար։ Որևէ մեկը գիտի՞։ Ինչպես քիչ առաջ ասացի, կան որոշ մարդիկ, որոնք արդեն շատ երկար ժամանակ են ծախսել՝ ուսումնասիրելով սա Աստծու խոսքերում՝ ցանկանալով տեսնել, թե իրականում ինչպիսին են մարդկանց ելքերը, ինչ կարգերի են բաժանվում այդ ելքերը, և ինչ տարբեր ելքեր կան տարբեր մարդկանց համար։ Հուսով են նաև պարզել, թե ինչպես են մարդկանց ելքերը որոշվում Աստծու խոսքերում, և ինչպիսի չափանիշ ու մեթոդ է Նա օգտագործում մարդու ելքը որոշելու համար։ Ի վերջո, սակայն, նրանք այդպես էլ պատասխան չգտան։ Իրականում, Աստծու խոսքերում մի քիչ ասվում է այս մասին, բայց ոչ շատ։ Ինչո՞ւ է այսպես։ Նախքան մարդկանց ելքերի բացահայտվելը, Աստված չի ցանկանում որևէ մեկին ասել, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, ոչ էլ ուզում է նախապես տեղեկացնել որևէ մեկին նրա վերջնական հանգրվանի մասին, որովհետև դա անելը ոչ մի օգուտ չէր տա մարդկությանը։ Այստեղ և հիմա Ես միայն ուզում եմ պատմել ձեզ այն մեթոդի մասին, որով Աստված որոշում է մարդկանց ելքերը, աշխատանքային սկզբունքների մասին, որոնցով Նա որոշում և բացահայտում է այդ ելքերը, և այն չափանիշի մասին, որը Նա օգտագործում է՝ որոշելու համար, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է ողջ մնալ, թե ոչ։ Մի՞թե սա նաև այն չէ, ինչով ամենաշատն եք մտահոգված։ Ուստի, մարդկանց պատկերացումներում ինչպե՞ս է Աստված որոշում մարդկանց ելքերը։ Հենց նոր նշեցիք դրա մի մասը։ Ձեզանից ոմանք ասացին, որ Աստված որոշում է մարդկանց ելքերը՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք նրանք անձնվիրաբար կատարում են իրենց պարտավորությունները և ծախսվում են Նրա համար։ Ոմանք ասացին՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք նրանք հնազանդվում են Աստծուն և բավարարում են Նրան. ոմանք ասացին՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք նրանք թույլ են տալիս, որ Աստված տնօրինի իրենց. իսկ ոմանք ասացին՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք նրանք աչքի չեն ընկնում... Երբ կիրառում եք այս ճշմարտությունները, և երբ կիրառում եք այն բանի համաձայն, ինչը համարում եք սկզբունքներ, գիտե՞ք արդյոք, թե ինչ է մտածում Աստված։ Երբևէ մտածե՞լ եք, թե արդյոք սա անելը բավարարում է Նրա մտադրությունները։ Արդյոք այն համապատասխանո՞ւմ է Նրա չափանիշին։ Արդյոք այն համապատասխանո՞ւմ է Նրա պահանջներին։ Կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունն իրականում շատ չի մտածում այս հարցերի շուրջ։ Նրանք պարզապես մեխանիկորեն կիրառում են Աստծու խոսքի մի մասը, կամ քարոզների մի մասը, կամ այն բաները, որ որոշակի հոգևոր կերպարներ, որոնց նրանք պաշտում են որպես կուռքերի, չափանիշներ են համարում՝ ստիպելով իրենց անել այս ու այն։ Կարծում են, որ սա է ճիշտ ճանապարհը, ուստի շարունակում են հետևել դրան և անել դա՝ անկախ նրանից, թե որն է վերջնական արդյունքը։ Որոշ մարդիկ մտածում են․ «Այնքան տարի հավատք եմ ունեցել, միշտ այսպես եմ կիրառել։ Զգում եմ, որ մեծապես բավարարել եմ Աստծուն, և նաև զգում եմ, որ բավականին շատ բան եմ ձեռք բերել։ Սա այն պատճառով է, որ այս ընթացքում շատ ճշմարտություններ եմ հասկացել, ինչպես նաև շատ բաներ, որոնք նախկինում չէի հասկանում։ Մասնավորապես, իմ գաղափարներն ու տեսակետները մեծապես փոխվել են, իմ կյանքի արժեքները բավականին շատ են փոխվել, և ես սկսել եմ նաև բավականին շատ բան հասկանալ այս աշխարհի մասին»։ Նման մարդիկ կարծում են, թե սա բերք է, և որ դա այն վերջնական արդյունքն է, որին Աստծու գործը կոչված է հասնելու մարդկանց մեջ։ Ասե՛ք Ինձ, արդյոք այս չափանիշները և ձեր բոլոր կիրառումները միասին վերցրած, բավարարո՞ւմ են Աստծու մտադրությունները։ Ոմանք վստահությամբ ասում են․ «Իհա՛րկե։ Մենք կիրառում ենք Աստծու խոսքի համաձայն. մենք կիրառում ենք Վերևի քարոզների և հաղորդակցությունների համաձայն։ Մենք միշտ կատարում ենք մեր պարտավորությունները և մշտապես հետևում ենք Աստծուն ու երբեք չենք լքել Նրան։ Հետևաբար, կարող ենք լիակատար վստահությամբ ասել, որ բավարարում ենք Աստծուն։ Անկախ այն բանից, թե որքան ենք հասկանում Աստծու մտադրությունները, և անկախ այն բանից, թե որքան ենք հասկանում Աստծու խոսքերը, ընդհանուր առմամբ, մենք միշտ եղել ենք Աստծու հետ համատեղելի լինելուն ձգտելու ճանապարհին։ Եթե այն, ինչ կիրառում ենք, և այն, ինչ անում ենք, ճիշտ են, ապա արդյունքն անշուշտ ճիշտ կլինի»։ Ի՞նչ եք մտածում այս հեռանկարի մասին։ Արդյոք այն ճի՞շտ է։ Գուցե լինեն նաև այնպիսիք, ովքեր ասում են․ «Նախկինում երբեք չեմ մտածել այս բաների մասին։ Պարզապես կարծում եմ, որ քանի դեռ շարունակում եմ կատարել իմ պարտավորությունը և գործել Աստծու խոսքերի պահանջների համաձայն, ապա կարող եմ ողջ մնալ։ Երբեք չեմ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք կարող եմ բավարարել Աստծու սիրտը, ոչ էլ երբևէ մտածել եմ, թե արդյոք համապատասխանում եմ Աստծու պահանջած չափանիշին, քանի որ Աստված երբեք որևէ հստակ հրահանգ չի տվել կամ չի տրամադրել ինձ։ Կարծում եմ, որ քանի դեռ շարունակում եմ անել սա առանց կանգ առնելու, Աստված բավարարված կլինի, և լրացուցիչ պահանջներ չպետք է լինեն»։ Արդյոք այս մտքերը ճի՞շտ են։ Ինչ վերաբերում է Ինձ, կիրառման այս ձևը, մտածելու այս ձևը և այս տեսակետները բոլորը ենթադրում են երևակայություններ, ինչպես նաև որոշակի կուրորեն խարխափում։ Իմ սա ասելը գուցե պատճառ դառնա, որ ձեզանից ոմանց վհատվեն՝ մտածելով․ «Կուրորեն խարխափե՞լ։ Եթե մենք կուրորեն խարխափում ենք, ապա մի՞թե փրկվելու մեր հույսը և ողջ մնալու մեր հույսը շատ փոքր ու չնչին չեն լինի։ Այդպես ասելով՝ մի՞թե Դու սառը ջուր չես լցնում մեր գլխին»։ Ինչ էլ մտածեք, ազդեցությունը, որին Ես ուզում եմ հասնել ձեր մեջ այն բանի միջոցով, ինչ ուզում եմ ասել, և ինչ ուզում եմ անել, այն չէ, որ այնպես անեմ՝ ձեզ թվա՝ սառը ջուր են լցնում ձեր գլխին, այլ այն է, որ հնարավորություն տամ ձեզ ավելի հստակ հասկանալու Աստծու մտադրությունները և ավելի լավ հասկանալու, թե ինչ է Նա մտածում, ինչ է Նա ուզում իրագործել, ինչպիսի մարդկանց է Նա հավանում, ինչից է Նա զզվում, ինչն է Նա ատում, ինչպիսի մարդկանց է Նա ուզում ձեռք բերել, և ինչ տեսակ մարդու է Նա արհամարհում։ Այն նաև նրա համար է, որ հնարավորություն տա ձեզ հստակ և պարզ իմանալու ձեր սրտերում, թե որքան հեռու են Աստծու պահանջած չափանիշից այն, ինչ ձեզանից յուրաքանչյուրն անում և կիրառում է, և այն, ինչ ձեզանից յուրաքանչյուրը մտածում և խորհում է։ Արդյո՞ք շատ անհրաժեշտ է քննարկել այս թեմաները։ Որովհետև Ես գիտեմ, որ չնայած այդքան երկար ժամանակ հավատք ունենալուն և այդքան շատ քարոզներ լսելուն, սրանք հենց այն բաներն են, որոնք ձեզ ամենաշատն են պակասում։ Թեև դուք գրառել եք յուրաքանչյուր ճշմարտություն ձեր նոթատետրերում և հիշել ու պահել եք ձեր սրտերում այն բաներից մի քանիսը, որոնք անձամբ կարևոր եք համարում, և թեև ծրագրում եք ի հայտ բերել դրանք, երբ գա դրանք կիրառելու ժամանակը, և օգտագործել դրանք Աստծուն բավարարելու, ըստ անհրաժեշտության ձեր կարիքները հոգալու, ձեր առջև ծառացած յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելու համար, կամ թույլ տալու համար, որ այս բաներն ուղեկցեն ձեզ ձեր կյանքում, Իմ կարծիքով, անկախ այն բանից, թե ինչպես եք դա անում, եթե պարզապես անում եք այս բաները, սա այնքան էլ կարևոր չէ։ Այդ դեպքում ի՞նչն է շատ կարևոր։ Այն է, որ մինչ անում ես այս բաները, քո սրտում պետք է շատ հստակ իմանաս, թե արդյոք այն, ինչ անում ես, և այն, ինչ կիրառում ես, Աստծու ուզածն է, և արդյոք այն, ինչ անում ես, այն, ինչ մտածում ես, և այն արդյունքն ու նպատակը, որին քո սրտում ուզում ես հասնել, բավարարում են Աստծու մտադրությունները և համապատասխանում են Նրա պահանջներին, ինչպես նաև, արդյոք Աստված ճանաչում է այս ամենը, թե ոչ։ Սրանք են շատ կարևոր բաները։
Հետևիր Աստծու ճանապարհին. երկյուղիր Աստծուց և խուսափիր չարից
Մի ասույթ կա, որը պետք է գրի առնեք։ Կարծում եմ՝ այս ասույթը շատ կարևոր է, որովհետև այն անթիվ անգամներ մտքիս է գալիս ամեն օր։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև ամեն անգամ, երբ Ես առերեսվում եմ ինչ-որ մեկի հետ, ամեն անգամ, երբ լսում եմ ինչ-որ մեկի պատմությունը, և ամեն անգամ, երբ լսում եմ Աստծուն հավատալու մարդու փորձառության կամ վկայության մասին, Ես միշտ օգտագործում եմ այս ասույթը՝ Իմ սրտում գնահատելու համար, թե արդյոք այս անհատն այն տեսակի մարդն է, ում Աստված ուզում է, և այն տեսակի մարդը, ում Աստված հավանում է։ Այսպիսով, ո՞րն է այս ասույթը։ Հիմա բոլորիդ անհամբեր սպասման մեջ եմ պահում։ Երբ բացահայտեմ ասույթը, գուցե հիասթափություն կզգաք, որովհետև կան որոշ մարդիկ, որոնք երկար տարիներ շարունակ միայն խոսքով են ընդունել այն։ Ես, սակայն, երբեք՝ նույնիսկ մեկ անգամ, միայն խոսքով չեմ ընդունել այն։ Այս ասույթն ապրում է Իմ սրտում։ Այսպիսով, ո՞րն է այս ասույթը։ Այն հետևյալն է. «Հետևիր Աստծու ճանապարհին. երկյուղիր Աստծուց և խուսափիր չարից»։ Մի՞թե սա չափազանց պարզ արտահայտություն չէ։ Այնուամենայնիվ, չնայած դրա պարզությանը, մարդիկ, որոնք ճշմարտապես խորը հասկացողություն ունեն այս խոսքերի վերաբերյալ, կզգան, որ դրանք մեծ կշիռ ունեն, որ այս ասույթը միանգամայն արժե կիրառել, որ այն կյանքի լեզուն է, որը պարունակում է ճշմարտության իրականությունը, որ այն ցմահ նպատակ է նրանց համար, ովքեր ձգտում են բավարարել Աստծուն, և որ այն ցմահ ճանապարհ է, որին պետք է հետևի ցանկացած ոք, ով հաշվի է առնում Աստծու մտադրությունները։ Ուստի, արդյո՞ք այս ասույթը ճշմարտություն է ձեզ համար։ Արդյո՞ք այն ունի նման կարևորություն, թե ոչ։ Գուցե որոշ մարդիկ մտածում և խորհում են այս ասույթի շուրջ, մինչդեռ մյուսները կասկածում են դրան. «Արդյո՞ք այս ասույթը շատ կարևոր է։ Արդյո՞ք այն շատ կարևոր է։ Արդյո՞ք անհրաժեշտ է այդքան շատ շեշտել այն»։ Գուցե լինեն նաև որոշ մարդիկ, որոնք այնքան էլ չեն հավանում այս ասույթը, որովհետև մտածում են. «Մի՞թե չափազանց հասարակ չէ Աստծու ճանապարհն արտահայտել միայն այս մեկ ասույթով։ Մի՞թե այն ամենը, ինչ Աստված ասել է, մեկ ասույթում ամփոփելը չի նշանակի Աստծուն չափազանց աննշան դարձնել»։ Արդյոք այդպե՞ս է։ Գուցե ձեզանից շատերը լիովին չեն հասկանում այս ասույթի խորը իմաստը։ Թեև բոլորդ գրի եք առել այն, մտադիր չեք այն սրտին մոտ ընդունել. դուք պարզապես գրի եք առել այն ձեր նոթատետրերում՝ այն հանելու, կարդալու և ազատ ժամանակ դրա շուրջ խորհելու համար։ Նույնիսկ որոշ մարդիկ կան, որոնք լիովին արհամարհանքով են վերաբերվում այս ասույթը հիշելուն, էլ չենք խոսում այն օգտագործելու մտադրության մասին։ Ինչո՞ւ եմ Ես, սակայն, ասում սա։ Անկախ ձեր տեսակետից և անկախ այն բանից, թե ինչ կարող եք մտածել, քանի որ այս ասույթը մեծ կապ ունի Աստծու կողմից մարդկանց ելքերը որոշելու հետ, Ես պետք է ասեմ այն։ Անկախ այն բանից, թե որն է ձեր ներկայիս հասկացողությունն այս ասույթի վերաբերյալ, կամ թե ինչպես եք վերաբերվում դրան, Ես միևնույն է կասեմ ձեզ սա. եթե մարդիկ կարողանան կիրառել այս ասույթի խոսքերը և փորձառաբար ապրել դրանք և հասնել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու չափանիշին, ապա նրանք հաստատ ողջ կմնան և անշուշտ լավ ելքեր կունենան։ Եթե, սակայն, չես կարողանում համապատասխանել այս ասույթով սահմանված չափանիշին, ապա կարելի է ասել, որ քո ելքն անհայտ է։ Այսպիսով, Ես նախ ասում եմ ձեզ սա, որպեսզի նախ հստակ պատկերացում ունենաք ձեր սրտերում և իմանաք, թե ինչպիսի չափանիշ է Աստված օգտագործում ձեզ չափելու համար։ Ինչպես հենց նոր ասացի, այս ասույթը մեծ կապ ունի Աստծու կողմից մարդկանց փրկելու և մարդկանց ելքերը որոշելու հետ։ Ի՞նչ առումով է այն տեղին։ Դուք նույնպես շատ եք ուզում իմանալ, ուստի եկեք այսօր խոսենք դրա մասին։
Աստված տարբեր փորձություններ է օգտագործում ստուգելու համար, թե արդյոք մարդիկ երկյուղում են Աստծուց և խուսափում չարից
Աստծու գործի յուրաքանչյուր դարաշրջանում Նա որոշ խոսքեր է շնորհում մարդկանց և պատմում նրանց որոշ ճշմարտությունների մասին։ Այս ճշմարտությունները ծառայում են որպես ճանապարհ, որին մարդիկ պետք է հավատարիմ մնան, ճանապարհ, որին պետք է հետևեն, ճանապարհ, որը հնարավորություն է տալիս նրանց երկյուղելու Աստծուց և խուսափելու չարից, և դրանք այն են, ինչ մարդիկ պետք է կիրառեն և ինչին պետք է հավատարիմ մնան իրենց կյանքում ու իրենց կյանքի ճամփորդությունների ընթացքում։ Սա է մարդկանց այս խոսքերը հայտնելու Աստծու նպատակը։ Աստծուց եկող այս խոսքերին մարդիկ պետք է հավատարիմ մնան, իսկ դրանց հավատարիմ մնալը կյանք ձեռք բերել է։ Եթե մարդը հավատարիմ չի մնում դրանց, չի կիրառում դրանք և կյանքով չի արտահայտում Աստծու խոսքերը իր կյանքում, ապա այս մարդը չի կիրառում ճշմարտությունը։ Իսկ եթե մարդիկ չեն կիրառում ճշմարտությունը, ապա չեն երկյուղում Աստծուց և չեն խուսափում չարից, ոչ էլ կարող են բավարարել Աստծուն։ Եթե մարդիկ չեն կարողանում բավարարել Աստծուն, չեն կարող ստանալ Նրա հավանությունը, և այդ դեպքում ոչ մի ելք չեն ունենա։ Ուստի Իր գործի ընթացքում ինչպե՞ս է Աստված որոշում մարդու ելքը։ Ի՞նչ մեթոդներ է Աստված օգտագործում մարդու ելքը որոշելու համար։ Գուցե այնքան էլ հստակ չհասկանաք սա, եթե Ես չբացատրեմ, բայց երբ պատմեմ ձեզ գործընթացի մասին, այն պարզ կդառնա, որովհետև ձեզանից շատերն արդեն անձամբ փորձառաբար ապրել են դա։
Իր գործի ընթացքում՝ հենց սկզբից ի վեր, Աստված մեծ կամ փոքր փորձություններ է սահմանել յուրաքանչյուր մարդու համար, կամ կարելի է ասել՝ յուրաքանչյուր մարդու համար, որ հետևում է Նրան։ Կան այնպիսիք, որոնք փորձառաբար ապրել են իրենց ընտանիքների կողմից մերժվելու փորձությունը, նրանք, ովքեր փորձառաբար ապրել են անբարենպաստ միջավայրերի փորձությունը, նրանք, ովքեր փորձառաբար ապրել են ձերբակալվելու և խոշտանգվելու փորձությունը, նրանք, ովքեր փորձառաբար ապրել են ընտրությունների բախվելու փորձությունը, և նրանք, ովքեր բախվել են փողի և կարգավիճակի փորձություններին։ Ընդհանուր առմամբ, ձեզանից յուրաքանչյուրը ամեն տեսակի փորձությունների բախվել է։ Ինչո՞ւ է Աստված այսպես գործում։ Ինչո՞ւ է Նա բոլորի հետ այսպես վարվում։ Ինչպիսի՞ արդյունք է Նա ուզում տեսնել։ Ահա այն կետը, որի մասին ցանկանում եմ տեղեկացնել ձեզ. Աստված ուզում է տեսնել, թե արդյոք այս մարդն այն տեսակն է, որը երկյուղում է Իրենից և խուսափում չարից։ Սա նշանակում է, որ երբ Աստված քեզ փորձություն է տալիս և ստիպում է քեզ բախվել այս կամ այն հանգամանքին, Նրա մտադրությունն է ստուգել, թե արդյոք դու մի մարդ ես, որը երկյուղում է Իրենից և խուսափում չարից։ Եթե ինչ-որ մեկը բախվում է ընծաները պահպանելու պարտավորությանը, և այս պարտավորությունը նրան շփման մեջ է դնում Աստծու ընծայի հետ, կասեի՞ր արդյոք, որ սա մի բան է, որն Աստված է կարգավորել։ Անկասկա՛ծ այդպես է։ Այն ամենը, ինչին բախվում ես, կարգավորվել է Աստծու կողմից։ Երբ բախվես նման հարցի, Աստված ծածուկ կդիտարկի քեզ՝ նայելով, թե ինչ ընտրություններ ես անում, ինչպես ես բաները կիրառում և ինչ մտքեր ունես։ Արդյունքն այն է, ինչի մասին Աստված ամենաշատն է հոգում, քանի որ հենց այս ելքով Նա կչափի, թե արդյոք համապատասխանել ես Նրա չափանիշին այս որոշակի փորձության մեջ, թե ոչ։ Սակայն, երբ մարդիկ խնդրի են բախվում, հազվադեպ են մտածում այն մասին, թե ինչու են բախվում դրան, որն է Աստծու պահանջած չափանիշը, ինչ է Նա ուզում տեսնել իրենց մեջ, կամ ինչ է Նա ցանկանում ձեռք բերել իրենցից։ Նման խնդրի բախվելիս նրանք լոկ մտածում են. «Սա մի բան է, որին ես բախվել եմ. պետք է զգույշ լինեմ, ոչ թե անզգույշ։ Ինչ էլ լինի, սա Աստծու ընծան է, և ես չեմ կարող դիպչել դրան»։ Նման պարզ մտքերով նրանք հավատում են, որ կատարել են իրենց պարտականությունները։ Արդյոք այս փորձության արդյունքը գոհունակություն կբերե՞ր Աստծուն, թե՞ ոչ։ Շարունակե՛ք և խոսե՛ք դրա մասին։ (Եթե ինչ-որ մեկն աստվածավախ սիրտ ունի, ապա երբ բախվում է մի պարտավորության, որը թույլ է տալիս նրան շփման մեջ մտնել Աստծու ընծայի հետ, կհամարի, որ սա մի բան է, որը կարող է հեշտությամբ վիրավորել Աստծու բնույթը, և ուստի անշուշտ զգուշավորություն կդրսևորի։) Քո պատասխանը ճիշտ ուղու վրա է, բայց դեռ լիովին ճիշտ չէ։ Աստծու ճանապարհին հետևելը կանոնները մակերեսորեն պահպանելը չէ, այլ նշանակում է, որ երբ խնդրի ես բախվում, այն նախևառաջ դիտարկում ես որպես մի իրավիճակ, որը տնօրինվել է Աստծու կողմից, մի պատասխանատվություն, որը Նա տվել է քեզ, կամ մի առաջադրանք, որը Նա հանձնարարել է քեզ։ Այս խնդրին բախվելիս նույնիսկ պետք է այն փորձություն համարես, որին Աստված ենթարկում է քեզ։ Երբ բախվում ես այս խնդրին, պետք է չափանիշ ունենաս քո սրտում և պետք է մտածես, որ այս հարցն Աստծուց է եկել։ Պետք է մտածես այն մասին, թե ինչպես պետք է գործես, որպեսզի կարողանաս կատարել քո պարտականությունը՝ միաժամանակ հավատարիմ մնալով Աստծուն, ինչպես նաև՝ ինչպես անել դա՝ առանց Նրան զայրացնելու կամ Նրա բնույթը վիրավորելու։ Քիչ առաջ մենք խոսեցինք ընծաների պահպանման մասին։ Այս հարցը վերաբերում է ընծաների, և այն նաև առնչվում է քո պարտավորությանն ու քո պարտականությանը։ Դու պարտավորված ես այս պարտականությամբ։ Սակայն, այս խնդրին բախվելիս արդյո՞ք որևէ գայթակղություն կա։ Կա։ Որտեղի՞ց է գալիս այս գայթակղությունը։ Այս գայթակղությունը գալիս է Սատանայից, և այն նաև գալիս է մարդկանց չարասեր, ապականված խառնվածքներից։ Հաշվի առնելով, որ կա գայթակղություն, այս հարցը վերաբերում է այն վկայությունը, որի մեջ մարդիկ պետք է հաստատուն կանգնեն, և այս վկայության մեջ հաստատուն կանգնելը նաև քո պարտականությունն ու պարտավորությունն է։ Որոշ մարդիկ ասում են. «Սա այնքան չնչին հարց է. արդյոք իսկապե՞ս անհրաժեշտ է այսքան մեծ բան սարքել դրանից»։ Ավելի անհրաժեշտ չէր կարող լինել։ Պատճառն այն է, որ Աստծու ճանապարհին հետևելու համար մենք չենք կարող անտեսել մեզ հետ կամ մեր շուրջը կատարվող որևէ բան, նույնիսկ փոքր բաները. եթե մեզ հետ որևէ բան է պատահում, անկախ նրանից՝ կարծում ենք՝ պետք է ուշադրություն դարձնենք դրան, թե ոչ, չպետք է անտեսենք այն, այլ պետք է դիտարկենք որպես փորձություն, որն Աստված տվել է մեզ։ Ի՞նչ եք մտածում այս վերաբերմունքի մասին։ Եթե այսպիսի վերաբերմունք ունես, ապա այն մի փաստ է հաստատում. քո սիրտն այնպիսին է, որ երկյուղում է Աստծուց, և քո սիրտն այնպիսին է, որ ուզում է խուսափել չարից։ Եթե ունես Աստծուն բավարարելու այս ցանկությունը, ապա այն, ինչ կիրառում ես, հեռու չի լինի Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու չափանիշին համապատասխանելուց։
Հաճախ կան մարդիկ, որոնք հավատում են, որ հարցերը, որոնց մարդիկ շատ ուշադրություն չեն դարձնում և սովորաբար չեն նշում, լոկ մանրուքներ են և ոչ մի կապ չունեն ճշմարտությունը կիրառելու հետ։ Հենց նման խնդրի բախվելիս այս մարդիկ շատ չեն մտածում դրա մասին և ապա աչքաթող են անում այն։ Իրականում, երբ բախվում ես այս խնդրին, դա ճիշտ այն ժամանակն է, երբ պետք է սովորես Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու դասը, և պետք է էլ ավելի տեղյակ լինես, թե ինչ է անում Աստված, երբ բախվում ես դրան։ Աստված հենց քո կողքին է՝ դիտարկելով քո յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը և նայելով այն ամենին, ինչ անում ես, և թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում քո մտքերում։ Սա է Աստծու գործը։ Որոշ մարդիկ հարցնում են․ «Ուրեմն ինչո՞ւ չեմ զգացել դա»։ Չես զգացել դա, որովհետև Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին չես վերաբերվել որպես ամենակարևոր ճանապարհի, որին պետք է հավատարիմ մնալ։ Հետևաբար չես կարող զգալ այն նուրբ աշխատանքը, որն Աստված անում է մարդկանց վրա՝ ըստ նրանց տարբեր մտքերի և դրսևորումների։ Ինչ ցրվա՛ծ ես։ Ի՞նչն է մեծ հարց։ Ի՞նչն է փոքր հարց։ Աստծու ճանապարհին հետևելուն վերաբերող հարցերը չեն բաժանվում մեծ ու փոքր հարցերի, դրանք բոլորը մեծ նշանակություն ունեն։ Կարո՞ղ եք հասկանալ դա։ (Կարող ենք հասկանալ դա։) Ինչ վերաբերում է ամենօրյա հարցերին, կան այնպիսիք, որոնք մարդիկ շատ մեծ են համարում, և ուրիշներ, որոնք համարվում են մանրուքներ։ Մարդիկ հաճախ այս մեծ հարցերը համարում են շատ կարևոր և համարում են, որ դրանք Աստծուց են եկել։ Սակայն այս մեծ իրադարձությունների մեջ մարդկանց փոքր հասակի և նրանց ցածր որակի պատճառով մարդիկ հաճախ չեն համապատասխանում Աստծու մտադրություններին, չեն կարողանում որևէ հայտնություն ստանալ և չեն կարողանում որևէ փաստացի գիտելիք ձեռք բերել, որն արժեք ունի։ Ինչ վերաբերում է փոքր հարցերին, ապա մարդիկ դրանք պարզապես աչքաթող են անում և թույլ են տալիս, որ աստիճանաբար սահեն-անցնեն։ Որպես այդպիսին՝ մարդիկ Աստծու առաջ քննվելու և փորձվելու բազմաթիվ հնարավորություններ են կորցրել։ Ի՞նչ է նշանակում, եթե միշտ աչքաթող ես անում այն մարդկանց, իրադարձությունները և բաներն ու իրավիճակները, որոնք Աստված տնօրինել է քեզ համար։ Դա նշանակում է, որ ամեն օր և նույնիսկ ամեն ակնթարթ անընդհատ լքում ես Աստծու կողմից քո կատարելագործումը, ինչպես նաև Նրա ուղղորդումը։ Երբ Աստված իրավիճակ է տնօրինում քեզ համար, Նա ծածուկ դիտարկում է՝ զննելով քո սիրտը և քո մտքերն ու գաղափարները, նայելով, թե ինչպես ես մտածում և ինչպես ես գործելու։ Եթե անփույթ մարդ ես՝ մեկը, որը երբեք լուրջ չի վերաբերվել Աստծու ճանապարհին, Նրա խոսքերին կամ ճշմարտությանը, ապա չես մտածի կամ ուշադրություն չես դարձնի այն բանին, թե ինչ է Աստված ցանկանում իրագործել կամ ինչ է Նա պահանջում քեզնից այն միջավայրերում, որ Նա ստեղծում է քեզ համար։ Ոչ էլ կիմանաս, թե ինչպես են քո հանդիպած մարդիկ, իրադարձությունները և բաները առնչվում ճշմարտությանը կամ Աստծու մտադրություններին։ Այսպիսի կրկնվող հանգամանքների և կրկնվող փորձությունների բախվելուց հետո, երբ Աստված ոչ մի արդյունք չի տեսնում քո մեջ, ինչպե՞ս Նա կգործի։ Բազմիցս փորձությունների բախվելուց հետո քո սրտում Աստծուն չես պատվել որպես մեծի, ոչ էլ լուրջ ես վերաբերվել այն հանգամանքներին, որոնք Աստված տնօրինել է քեզ համար, և չես համարել դրանք փորձություններ կամ ստուգումներ Աստծուց։ Փոխարենը՝ մեկը մյուսի հետևից վանել ես այն հնարավորությունները, որոնք Աստված շնորհել է քեզ՝ թույլ տալով, որ դրանք նորից ու նորից սահեն-անցնեն։ Մի՞թե սա ծայրահեղ ըմբոստություն չէ, որ մարդիկ դրսևորում են։ (Այդպես է։) Արդյո՞ք Աստված կվշտանա սրա պատճառով։ (Կվշտանա։) Սխա՛լ է, Աստված չի վշտանա։ Լսելով, որ Ես այսպիսի բան եմ ասում, ևս մեկ անգամ ցնցվեցիք։ Գուցե մտածում եք․ «Մի՞թե ավելի վաղ չէր ասվել, որ Աստված միշտ վշտանում է։ Արդյո՞ք Աստված այդ դեպքում չի վշտանա։ Այդ դեպքում ե՞րբ է Նա վշտանում»։ Կարճ ասած՝ Աստված չի վշտանա այս իրավիճակում։ Ուստի, ո՞րն է Աստծու վերաբերմունքը վերը նշված վարքագծի տեսակի նկատմամբ։ Երբ մարդիկ վանում են այն փորձություններն ու ստուգումները, որոնք Աստված ուղարկում է իրենց, և երբ խուսափում են դրանցից, միայն մի վերաբերմունք կա, որն Աստված ունի նման մարդկանց նկատմամբ։ Ի՞նչ վերաբերմունք է սա։ Աստված արհամարհանքով մերժում է այսպիսի մարդուն Իր սրտի խորքից։ «Արհամարհանքով մերժել» բառի համար իմաստային երկու շերտ կա։ Ինչպե՞ս Ես բացատրեմ դա Իմ տեսանկյունից։ «Արհամարհանքով մերժել» բառն իր մեջ խորը զզվանքի և ատելության ենթատեքստեր է կրում։ Իսկ ի՞նչ կասեք դրա իմաստային մյուս շերտի մասին։ Դա այն մասն է, որը ենթադրում է հրաժարվել ինչ-որ բանից։ Բոլորդ գիտեք, թե ինչ է նշանակում «հրաժարվել», այնպես չէ՞։ Մի խոսքով՝ «արհամարհանքով մերժելը» մի բառ է, որը ներկայացնում է Աստծու վերջնական արձագանքն ու վերաբերմունքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր նման կերպ են վարվում. դա ծայրահեղ զզվանք և հակակրանք է նրանց նկատմամբ, և ուստի այն հանգեցնում է նրանցից հրաժարվելու որոշմանը։ Սա Աստծու վերջնական որոշումն է այն մարդու նկատմամբ, ով երբեք չի հետևել Աստծու ճանապարհին և ով երբեք Աստծուց չի երկյուղել ու չի խուսափել չարից։ Հիմա կարո՞ղ եք արդյոք բոլորդ տեսնել այն ասույթի կարևորությունը, որը Ես նշեցի ավելի վաղ։
Հիմա հասկանո՞ւմ եք արդյոք, թե կոնկրետ ինչ մեթոդ է Աստված օգտագործում մարդկանց ելքերը որոշելու համար։ (Նա ամեն օր տարբեր հանգամանքներ է ստեղծում։) Նա տարբեր հանգամանքներ է ստեղծում. սա մի բան է, որը մարդիկ զգում են և որի հետ առնչվում են։ Ուստի, ո՞րն է սա անելու Աստծու դրդապատճառը։ Այս դրդապատճառն այն է, որ Աստված ուզում է յուրաքանչյուր մարդու փորձել տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում։ Ի՞նչն է փորձվում մարդու մեջ։ Արդյոք դու այն տեսակի մարդն ես, ով երկյուղում է Աստծուց և խուսափում չարից յուրաքանչյուր հարցում, որին բախվում ես՝ լինի դա մի բան, որի մասին լսում ես, մի բան, որը տեսնում ես, թե մի բան, որն անձամբ փորձառաբար ապրում ես։ Յուրաքանչյուր ոք կբախվի այսպիսի փորձության, որովհետև Աստված բոլոր մարդկանց հանդեպ արդար է։ Որոշ մարդիկ ասում են․ «Ես նույնպես մի քանի տարի հավատացել եմ Աստծուն, ուստի ինչպե՞ս է ստացվել, որ ոչ մի փորձության չեմ բախվել»։ Պատճառը, որ քեզ թվում է, թե ոչ մի փորձության չես բախվել, այն է, որ երբեք լուրջ չես վերաբերվել այն հանգամանքներին, որոնք Աստված տնօրինել է քեզ համար, և երբեք չես ցանկացել հետևել Աստծու ճանապարհին։ Այսպիսով, պարզապես Աստծու փորձություններն ամենևին չես զգում։ Որոշ մարդիկ ասում են․ «Ես բախվել եմ մի քանի փորձությունների, բայց կիրառման ճիշտ ուղին չգիտեմ։ Նույնիսկ եթե կիրառում եմ, միևնույն է, չգիտեմ՝ արդյոք հաստատուն եմ մնացել փորձությունների մեջ»։ Նման վիճակներում գտնվող մարդիկ փոքրամասնություն չեն կազմում։ Ուստի, ո՞րն է այն չափանիշը, որով Աստված չափում է մարդկանց։ Դա այն է, ինչ Ես ասացի մի քիչ առաջ․ դա այն է, թե արդյոք երկյուղում ես Աստծուց և խուսափում չարից այն ամենում, ինչ անում ես, մտածում և դրսևորում ես։ Սա օգտագործվում է որոշելու համար, թե արդյոք իսկապես այն մարդն ես, ով երկյուղում է Աստծուց և խուսափում չարից։ Արդյո՞ք սա հեշտ է, թե ոչ։ Դրա մասին խոսելը հեշտ է, բայց արդյո՞ք հեշտ է այն կիրառել։ (Այդպես չէ։) Ինչո՞ւ այն հեշտ չէ։ (Որովհետև մարդիկ չեն ճանաչում Աստծուն և չգիտեն, թե ինչպես է Աստված կատարելագործում մարդկանց, իրենց հանդիպած հարցերում նրանք խնդիրները լուծելու համար ճշմարտությունը չեն փնտրի։ Նրանք պետք է անցնեն տարբեր փորձությունների, զտումների, պատիժների և դատաստանների միջով, նախքան կկարողանան ունենալ Աստծուց երկյուղելու իրականությունը։) Թեև դուք ասում եք սա, հենց հիմա կարծում եք, թե Աստծուց երկյուղելուն ու չարից խուսափելուն հասնել շատ հեշտ է։ Ինչո՞ւ եմ Ես ասում սա։ Այն պատճառով, որ դուք շատ քարոզներ եք լսել և շատ եք ջրվել ճշմարտության իրականություններով։ Սա թույլ է տվել ձեզ տեսականորեն և մտավոր կերպով հասկանալ, թե ինչպես կարելի է հասնել Աստծուց երկյուղելուն և չարից խուսափելուն։ Սա շատ օգտակար է Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ձեր կիրառման համար և ձեզ զգացնել է տալիս, որ Աստծուց երկյուղելուն ու չարից խուսափելուն շատ հեշտ է հասնել։ Բայց ինչո՞ւ, փաստորեն, ոչ ոք չի կարող հասնել դրան։ Սա հենց այն պատճառով է, որ մարդկանց բնական էությունը չի երկյուղում Աստծուց և սիրում է չարը։ Սա է իրական պատճառը։
Աստծուց չերկյուղելը և չարից չխուսափելը նշանակում է հակադրվել Աստծուն
Եկեք սկսենք՝ դիտարկելով, թե որտեղից է առաջացել այս ասույթը․ «երկյուղիր Աստծուց և խուսափիր չարից»։ (Հոբի գրքից։) Քանի որ մենք նշեցինք Հոբին, եկեք քննարկենք նրան։ Հոբի ժամանակ արդյոք Աստված մարդկության փրկության և նվաճման որևէ գործ էր անո՞ւմ։ Ո՛չ։ Այդպես չէ՞։ Ինչ վերաբերում է Հոբին, որքա՞ն գիտելիք ուներ նա Աստծու մասին այն ժամանակ։ (Ոչ շատ։) Արդյոք Հոբն ավելի շա՞տ, թե ավելի քիչ գիտելիք ուներ Աստծու մասին, քան դուք ունեք հենց հիմա։ Ինչո՞ւ չեք համարձակվում պատասխանել։ Այս հարցին պատասխանելը շատ հեշտ է։ Ավելի քիչ։ Դա հաստա՛տ է։ Այս օրերին դուք դեմ առ դեմ եք Աստծու հետ և դեմ առ դեմ եք Աստծու խոսքերի հետ. դուք շատ ավելի մեծ գիտելիք ունեք Աստծու մասին, քան Հոբն ուներ։ Ինչո՞ւ եմ Ես բարձրացնում այս հարցը։ Ո՞րն է այս բաներն ասելու Իմ նպատակը։ Ես կցանկանայի ձեզ մի փաստ բացատրել, բայց նախքան դա անելը, ուզում եմ ձեզ մի հարց տալ։ Հոբը շատ քիչ բան գիտեր Աստծու մասին և, միևնույնն է, ի վիճակի էր երկյուղելու Նրանից և խուսափելու չարից, բայց մարդիկ այս օրերին չեն կարողանում դա անել։ Ինչո՞ւ է այսպես։ (Նրանք խորապես ապականված են։) Այն, որ նրանք խորապես ապականված են, խնդրի մակերեսային դրսևորումն է, բայց Ես երբեք այն այդպես չէի դիտարկի։ Դուք հաճախ վերցնում եք հաճախակի օգտագործվող վարդապետություններ և բառեր, ինչպիսիք են՝ «խորը ապականություն», «ըմբոստանալ Աստծու դեմ», «անհավատարմություն Աստծու հանդեպ», «հնազանդության պակաս», «չսիրել ճշմարտությունը» և այլն, և ամեն մի առանձին խնդրի էությունը բացատրելու համար այս հերթապահ արտահայտություններն եք օգտագործում։ Սա կիրառման սխալ ձև է։ Տարբեր բնույթի հարցեր բացատրելու համար նույն պատասխանն օգտագործելը անխուսափելիորեն կասկածներ է հարուցում ճշմարտությանն ու Աստծուն հայհոյելու մասին. Ես չեմ սիրում այսպիսի պատասխան լսել։ Երկա՛ր և լրջորե՛ն մտածեք դրա մասին։ Ձեզանից ոչ ոք չի մտածել այս հարցի շուրջ, բայց Ես կարող եմ տեսնել այն ամեն Աստծու օր, և ամեն Աստծու օր կարող եմ զգալ այն։ Այսպիսով, մինչ դուք գործում եք, Ես նայում եմ։ Երբ դուք ինչ-որ բան եք անում, չեք կարող զգալ այս հարցի էությունը, բայց երբ Ես եմ նայում, կարող եմ տեսնել դրա էությունը, և կարող եմ նաև զգալ դրա էությունը։ Ուրեմն, ո՞րն է այս էությունը։ Ինչո՞ւ են մարդիկ այս օրերին անկարող երկյուղել Աստծուց և խուսափել չարից։ Ձեր պատասխանները հեռու են այս խնդրի էությունը բացատրել կարողանալուց, ոչ էլ կարող են լուծել դրա էությունը։ Դա այն պատճառով է, որ այն մի աղբյուր ունի, որի մասին դուք տեղյակ չեք։ Ո՞րն է այս աղբյուրը։ Գիտեմ, որ ուզում եք դրա մասին լսել, ուստի կպատմեմ ձեզ այս խնդրի աղբյուրի մասին։
Երբ Աստված սկսեց գործել, ինչպե՞ս Նա վերաբերվեց մարդկային էակներին։ Աստված փրկեց նրանց. Նա տեսավ մարդկանց որպես Իր ընտանիքի անդամների, որպես Իր գործի առարկաների, որպես նրանց, ում Նա ուզում էր նվաճել և փրկել, և որպես նրանց, ում Նա ցանկանում էր կատարելագործել։ Սա էր Աստծու վերաբերմունքը մարդկության նկատմամբ Իր գործի սկզբում։ Իսկ ո՞րն էր մարդկության վերաբերմունքն Աստծու նկատմամբ այն ժամանակ։ Աստված անծանոթ էր մարդկանց, և նրանք Աստծուն օտարական էին համարում։ Կարելի է ասել, որ Աստված Իր հանդեպ նրանց վերաբերմունքից բխող պատշաճ արդյունքներ չտեսավ, և նրանք հստակ հասկացողություն չունեին, թե ինչպես պետք է վերաբերվեն Աստծուն․ պարզապես վերաբերվում էին Նրան այնպես, ինչպես ցանկանում էին, և անում էին այն, ինչ ցանկանում էին։ Արդյոք նրանք որևէ կարծիք ունեի՞ն Աստծու մասին։ Սկզբում չունեին. նրանց այսպես կոչված կարծիքները բաղկացած էին Նրա վերաբերյալ որոշակի պատկերացումներից և երևակայություններից։ Նրանք ընդունում էին այն, ինչ համապատասխանում էր իրենց պատկերացումներին, իսկ երբ ինչ-որ բան չէր համապատասխանում իրենց պատկերացումներին, նրանք արտաքուստ հնազանդվում էին դրան, բայց հոգու խորքում կատաղի կերպով դիմակայում և հակադրվում էին դրան։ Սա էր Աստծու և մարդկանց միջև հարաբերությունը սկզբում. Աստված նրանց դիտարկում էր որպես ընտանիքի անդամների, սակայն նրանք Աստծուն որպես օտարականի էին վերաբերվում։ Սակայն Աստծու գործի որոշակի ժամանակահատվածից հետո մարդիկ հասկացան, թե ինչի էր Նա փորձում հասնել, և նրանք իմացան, որ Նա ճշմարիտ Աստվածն է. նրանք նաև իմացան, թե ինչ կարող են ստանալ Աստծուց։ Ինչպե՞ս էին մարդիկ վերաբերվում Աստծուն այս ժամանակ։ Նրան դիտարկում էին որպես փրկօղակ և հույս ունեին ստանալ Նրա շնորհը, օրհնություններն ու խոստումները։ Այս ժամանակ ինչպե՞ս էր Աստված վերաբերվում մարդկանց։ Նա դիտարկում էր նրանց որպես նվաճման առարկաներ։ Աստված ուզում էր խոսքեր օգտագործել՝ նրանց դատելու, նրանց ստուգելու և նրանց փորձությունների միջով անցկացնելու համար։ Սակայն, ինչ վերաբերում էր մարդկանց այն ժամանակ, Աստված պարզապես մի առարկա էր, որը նրանք կարող էին օգտագործել իրենց սեփական նպատակներին հասնելու համար։ Մարդիկ տեսան, որ Աստծու արտահայտած ճշմարտությունը կարող է նվաճել և փրկել իրենց, որ նրանք հնարավորություն ունեն ստանալու Նրանից իրենց ուզած բաները, ինչպես նաև հասնելու իրենց ուզած վերջնական հանգրվաններին։ Սրա պատճառով նրանց սրտերում մի փոքրիկ անկեղծություն ձևավորվեց, և նրանք հոժարակամ դարձան հետևելու այս Աստծուն։ Հետագայում նրանք որոշակի մակերեսային և վարդապետական գիտելիք ձեռք բերեցին Աստծու մասին. կարելի է ասել, որ մարդիկ սկսում էին «ծանոթանալ» Աստծուն և Նրա ասած խոսքերին, Նրա քարոզչությանը, Նրա արտահայտած ճշմարտություններին և Նրա գործին, և արդյունքում նրանք այն թյուր պատկերացում ունեին, որ Աստված այլևս անծանոթ չէ, և որ իրենք արդեն ոտք են դրել Աստծու հետ համատեղելի դառնալու ճանապարհին։ Մինչ այժմ մարդիկ բազմաթիվ քարոզներ են լսել ճշմարտության մասին և Աստծու գործից փորձառաբար շատ բան են ապրել։ Այնուամենայնիվ, բազմաթիվ տարբեր գործոնների և հանգամանքների առաջացրած միջամտության և խոչընդոտների պատճառով մարդկանց մեծամասնությունը չի կարողանում հաջողության հասնել ճշմարտությունը կիրառելու հարցում, ոչ էլ ի վիճակի է բավարարելու Աստծուն։ Մարդիկ գնալով ավելի անփույթ են դարձել և գնալով ավելի շատ են վստահության պակաս զգում։ Նրանք աճող զգացողություն ունեն, որ իրենց սեփական ելքերն անհայտ են։ Նրանք չեն համարձակվում հանդես գալ չափազանցված գաղափարներով և չեն ձգտում առաջընթաց գրանցել. նրանք պարզապես դժկամությամբ հետևում են՝ քայլ առ քայլ առաջ գնալով։ Ինչ վերաբերում է մարդկանց ներկայիս վիճակին, ո՞րն է Աստծու վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Նա միայն ցանկանում է այս ճշմարտությունները և Իր ճանապարհը սերմանել նրանց մեջ, և ապա տարբեր հանգամանքներ ստեղծել նրանց տարբեր մեթոդներ օգտագործելով փորձելու համար։ Նրա նպատակն է վերցնել այս խոսքերը, այս ճշմարտություններն ու Իր գործը և հանգեցնել մի արդյունքի, որի դեպքում մարդիկ ի վիճակի կլինեն երկյուղելու Իրենից և խուսափելու չարից։ Իմ տեսած մարդկանց մեծամասնությունը պարզապես վերցնում է Աստծու խոսքերը և պահպանում դրանք այնպես, ասես դրանք վարդապետություններ, լոկ բառեր կամ կանոններ լինեն։ Իրենց գործողություններում և խոսքում, կամ փորձությունների բախվելիս նրանք չեն դիտարկում Աստծու ճանապարհը որպես այն ճանապարհը, որին պետք է հետևեն։ Հատկապես, երբ մարդիկ բախվում են մեծ փորձությունների, Ես չեմ տեսել որևէ մարդու, ով կիրառում է Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ուղղությամբ։ Հետևաբար, Աստծու վերաբերմունքը մարդկանց նկատմամբ ծայրահեղ զզվանքի և հակակրանքի վերաբերմունք է։ Չնայած այն բանին, որ Նա բազմիցս փորձություններ է տվել նրանց, նույնիսկ հարյուրավոր անգամներ, նրանք դեռևս որևէ հստակ վերաբերմունք չունեն, որով կցուցադրեն իրենց վճռականությունը. «Ես ուզում եմ երկյուղել Աստծուց և խուսափել չարից»։ Քանի որ մարդիկ չունեն այս վճռականությունը և չեն դրսևորում դա, Աստծու ներկայիս վերաբերմունքը նրանց նկատմամբ նույնը չէ, ինչ անցյալում էր, երբ Նա ողորմություն, հանդուրժողականություն, համբերատարություն և համբերություն էր ցուցաբերում նրանց նկատմամբ։ Փոխարենը՝ Նա ծայրահեղ հիասթափված է մարդկությունից։ Ո՞վ է առաջացրել այս հիասթափությունը։ Ումի՞ց է կախված Աստծու վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Այն կախված է յուրաքանչյուր մարդուց, ով հետևում է Նրան։ Իր բազմամյա գործի ընթացքում Աստված բազմաթիվ պահանջներ է ներկայացրել մարդկանց և բազմաթիվ հանգամանքներ է ստեղծել նրանց համար։ Անկախ այն բանից, թե ինչպես են նրանք կիրառել, բայց և անկախ այն բանից, թե որն է նրանց վերաբերմունքն Աստծու նկատմամբ, մարդկանց չի հաջողվել կիրառել համաձայն Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու նպատակի։ Այսպիսով, Ես ամփոփիչ մի նախադասություն կառաջարկեմ և այս նախադասությունը կօգտագործեմ բացատրելու համար այն, ինչ մենք հենց նոր ասացինք այն մասին, թե ինչու մարդիկ չեն կարող հետևել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու Աստծու ճանապարհին։ Ո՞րն է այս նախադասությունը։ Այն հետևյալն է. Աստված դիտարկում է մարդկանց որպես Իր փրկության առարկաների և Իր գործի առարկաների. մարդիկ դիտարկում են Աստծուն որպես իրենց թշնամու և իրենց հակադրության։ Հիմա հստակ հասկացողություն ունե՞ս այս հարցի վերաբերյալ։ Շատ հստակ է, թե որն է մարդկության վերաբերմունքը, որն է Աստծու վերաբերմունքը, և որն է մարդկանց և Աստծու միջև հարաբերությունը։ Անկախ այն բանից, թե որքան քարոզներ եք լսել, այն եզրակացությունները, որոնց հանգել եք, ինչպիսիք են՝ հավատարիմ լինել Աստծուն, հնազանդվել Աստծուն, ձգտել Աստծու հետ համատեղելի դառնալու ճանապարհին, ողջ կյանքը ծախսել Աստծու համար և ապրել Աստծու համար, Ինձ համար դրանք Աստծու ճանապարհին գիտակցաբար հետևելու՝ Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու օրինակներ չեն, այլ դրանք պարզապես ուղիներ են, որոնց միջոցով կարող եք հասնել որոշակի նպատակների։ Դրանց հասնելու համար դուք դժկամությամբ որոշ կանոնների եք հետևում, և հենց այս կանոններն են, որ մարդկանց էլ ավելի են հեռացնում Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհից, և որոնք Աստծուն ևս մեկ անգամ հակադրում են մարդկությանը։
Այսօրվա թեման մի քիչ ծանր է, բայց ինչ էլ լինի, Ես, միևնույնն է, հույս ունեմ, որ երբ անցնեք գալիք փորձառությունների և գալիք ժամանակների միջով, ի վիճակի կլինեք անելու այն, ինչ Ես հենց նոր ասացի ձեզ։ Չի կարելի Աստծուն պարզապես բանի տեղ չդնել՝ մտածելով, որ Նա գոյություն ունի, երբ ձեզ պետք է, բայց մտածելով, որ Նա գոյություն չունի, երբ Նրա կարիքը չունեք։ Հենց որ նման միտք ունենաս քո ենթագիտակցության մեջ, արդեն զայրացրել ես Աստծուն։ Գուցե կան մարդիկ, որոնք ասում են. «Ես Աստծուն պարզապես բանի տեղ դնում եմ։ Ես միշտ աղոթում եմ Նրան և միշտ փորձում եմ բավարարել Նրան, և այն ամենը, ինչ անում եմ, մտնում է Աստծու պահանջած շրջանակի, չափանիշի և սկզբունքների մեջ։ Ես հաստատ իմ սեփական գաղափարների համաձայն չեմ գործում»։ Այո՛, քո կիրառման ձևը ճիշտ է։ Այնուամենայնիվ, ի՞նչ ես մտածում, երբ խնդրի ես բախվում։ Ինչպե՞ս ես կիրառում, երբ բախվում ես որևէ հարցի։ Որոշ մարդիկ զգում են, որ Աստված գոյություն ունի, երբ աղոթում են Նրան և աղերսում են Նրան, բայց հետո, երբ խնդրի են բախվում, և նրանց սեփական գաղափարներն ի հայտ են գալիս, և նրանք ուզում են գործել իրենց սեփական կամքի համաձայն, նրանք Աստծուն պարզապես բանի տեղ չեն դնում։ Նման ժամանակներում Աստված գոյություն չունի նրանց համար։ Մարդիկ կարծում են, որ Աստված պետք է գոյություն ունենա, երբ իրենք Նրա կարիքն ունեն, բայց երբ Նրա կարիքը չունեն, կարծում են, որ Նա չպետք է գոյություն ունենա, որ իրենց սեփական կամքի համաձայն գործելը բավարար է, որ իրենք կարող են անել այն, ինչ ցանկանում են, և որ իրենք բացարձակապես Աստծու ճանապարհը փնտրելու կարիք չունեն։ Արդյոք մարդիկ, որոնք ներկայումս գտնվում են այսպիսի իրադրության մեջ և խրված են այսպիսի վիճակում, վտանգի եզրին չե՞ն։ Որոշ մարդիկ ասում են. «Անկախ այն բանից՝ ես վտանգի եզրին եմ, թե ոչ, ես այնքան երկար տարիներ հավատք եմ ունեցել և հավատում եմ, որ Աստված չի լքի ինձ, որովհետև Նա չէր կարողանա տանել դա»։ Ուրիշներն ասում են. «Ես հավատացել եմ Տիրոջն այն ժամանակվանից, երբ մորս արգանդում էի։ Անցել է քառասուն կամ հիսուն տարի, ուստի ժամանակի առումով ես ամենաորակավորվածն եմ Աստծու կողմից փրկվելու համար և ամենաորակավորվածն եմ ողջ մնալու համար։ Այս չորս կամ հինգ տասնամյակների ընթացքում ես լքել եմ իմ ընտանիքը և իմ աշխատանքը, և հրաժարվել եմ այն ամենից, ինչ ունեի՝ այնպիսի բաներից, ինչպիսիք են փողը, կարգավիճակը, վայելքը և ընտանեկան երջանկությունը։ Ես շատ համեղ ուտելիքներ չեմ կերել, շատ զվարճանքներ չեմ վայելել, շատ հետաքրքիր վայրեր չեմ այցելել և նույնիսկ փորձառաբար ապրել եմ տառապանք, որին սովորական մարդիկ չէին կարողանա դիմանալ։ Եթե Աստված չի կարող փրկել ինձ այս ամենը հաշվի առնելով, դա անարդար է իմ հանդեպ, և ես չեմ կարող հավատալ այսպիսի Աստծուն»։ Արդյոք շա՞տ մարդիկ կան այսպիսի տեսակետով։ (Կան։) Դե ինչ, այսօր Ես կօգնեմ ձեզ մի փաստ հասկանալ. նման տեսակետ ունեցող մարդիկ բոլորն իրենք իրենց են վնասում։ Որովհետև նրանք իրենց սեփական երևակայություններով ծածկում են իրենց աչքերը։ Հենց նրանց երևակայություններն ու որոշումներն են, որ փոխարինում են այն չափանիշին, որին Աստված պահանջում է, որ մարդիկ համապատասխանեն, խանգարում են նրանց ընդունել Աստծու ճշմարիտ մտադրությունները, նրանց անկարող են դարձնում զգալու Նրա ճշմարիտ գոյությունը, և պատճառ են դառնում, որ նրանք կորցնեն Աստծու կողմից կատարելագործվելու հնարավորությունը, մաս կամ բաժին չունենան Աստծու խոստման մեջ։
Ինչպես է Աստված որոշում մարդկանց ելքերը և այն չափանիշները, որոնցով Նա անում է դա
Նախքան որևէ տեսակետի կամ որոշման հանգելը, նախ պետք է հասկանաս, թե որն է Աստծու վերաբերմունքը քո հանդեպ, և ինչ է Նա մտածում, և ապա կարող ես որոշել՝ արդյոք քո սեփական մտածելակերպը ճիշտ է, թե ոչ։ Աստված երբեք ժամանակը չի օգտագործել որպես չափման միավոր՝ մարդու ելքը որոշելու համար, ոչ էլ երբևէ նման որոշումը հիմնել է այն բանի վրա, թե որքան է մարդը տառապել։ Այդ դեպքում ի՞նչն է Աստված օգտագործում որպես չափանիշ՝ մարդու ելքը որոշելու համար։ Դա ժամանակի հիման վրա որոշելը կլիներ այն, ինչն ամենաշատն է համապատասխանում մարդկանց պատկերացումներին։ Ավելին՝ կան այն մարդիկ, որոնց հաճախ տեսնում եք, ովքեր ժամանակին մեծապես նվիրվել են, շատ են ծախսվել, մեծ գին են վճարել և մեծապես տառապել են. ձեր պատկերացումներում նրանք են, որ կարող են փրկվել Աստծու կողմից։ Այն, ինչ այս մարդիկ ցուցադրում և կյանքով արտահայտում են, ճիշտ այն չափանիշն է, որով, մարդկանց պատկերացումներում, Աստված որոշում է մարդու ելքը։ Ինչի էլ որ հավատաք, Ես մեկ առ մեկ չեմ թվարկի այս օրինակները։ Կարճ ասած՝ ցանկացած բան, որը չափանիշ չէ Աստծու սեփական մտածողության մեջ, գալիս է մարդկային երևակայությունից, և բոլոր նման բաները մարդկային պատկերացումներ են։ Եթե համառորեն պնդես քո սեփական պատկերացումներն ու երևակայությունները, ի՞նչ կլինի արդյունքը։ Միանգամայն ակնհայտ է, որ սրա հետևանքը կարող է լինել միայն այն, որ Աստված արհամարհանքով մերժի քեզ։ Սա այն պատճառով է, որ միշտ ի ցույց ես դնում քո որակավորումներն Աստծու առաջ, մրցում ես Նրա հետ և վիճում ես Նրա հետ, և ճշմարտապես չես փորձում ըմբռնել Նրա մտածելակերպը, ոչ էլ փորձում ես ըմբռնել Նրա մտադրությունները կամ Նրա վերաբերմունքը մարդկության հանդեպ։ Այս կերպ վարվելը քեզ է պատվում որպես բարձրագույնի, այն Աստծուն չի պատվում որպես բարձրագույնի։ Դու ինքդ քեզ ես հավատում, Աստծուն չես հավատում։ Աստված չի ուզում նման մարդկանց, ոչ էլ կփրկի նրանց։ Եթե կարողանաս բաց թողնել այսպիսի տեսակետը և, ավելին, ուղղել այն սխալ տեսակետները, որոնք ունեիր անցյալում, եթե կարողանաս առաջնորդվել Աստծու պահանջների համաձայն, եթե կարողանաս այս պահից սկսած կիրառել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը, եթե կարողանաս Աստծուն պատվել որպես բարձրագույնի բոլոր բաներում և զերծ մնալ քո սեփական անձնական երևակայությունները, տեսակետները կամ համոզմունքներն օգտագործելուց՝ ինքդ քեզ և Աստծուն բնորոշելու համար, և եթե փոխարենը կարողանաս փնտրել Աստծու մտադրությունները բոլոր առումներով, հանգել մարդկության հանդեպ Նրա վերաբերմունքի գիտակցմանն ու հասկացողությանը և բավարարել Նրան ըստ Նրա չափանիշների, դա հիանալի՛ կլինի։ Դա կնշանակի, որ պատրաստվում ես բռնել Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհը։
Եթե Աստված չի օգտագործում մարդկանց տարբեր մտքերն ու գաղափարները որպես չափանիշներ, որոնցով որոշում է նրանց ելքերը, ի՞նչ տեսակի չափանիշ է Նա օգտագործում մարդկանց ելքերը որոշելու համար։ Նա փորձություններ է օգտագործում նրանց ելքերը որոշելու համար։ մարդկանց ելքերը որոշելու համար Աստծու կողմից փորձությունների օգտագործման երկու չափանիշ կա․ առաջինն այն փորձությունների քանակն է, որոնց միջով մարդիկ անցնում են, իսկ երկրորդը՝ փորձությունների միջով անցնող մարդկանց արդյունքները։ Մարդու ելքը որոշվում է այս երկու ցուցանիշների միջոցով։ Այժմ եկեք մանրամասնենք այս երկու չափանիշները։
Նախ, երբ մարդը բախվում է Աստծու փորձության (այս փորձությունը կարող է քեզ համար լինել աննշան, հիշատակման ոչ արժանի), Նա քեզ հստակ գիտակցել կտա, որ սա Նրա ձեռքն է քո վրա, և որ Նա՛ է, որ դասավորում է այս իրավիճակը քեզ համար։ Քանի դեռ հասակով փոքր ես, Աստված փորձություններ կպատրաստի քեզ փորձելու համար, փորձություններ, որոնք համապատասխանում են քո հասակին, որոնք կարող ես հասկանալ և որոնց կարող ես դիմանալ։ Քո ո՞ր մասը փորձության կենթարկվի։ Քո վերաբերմունքն Աստծու հանդեպ։ Արդյո՞ք այս վերաբերմունքը շատ կարևոր է։ Իհա՛րկե, այն կարևոր է։ Այն հատո՛ւկ կարևորություն ունի։ Մարդկանց մեջ այս վերաբերմունքն այն արդյունքն է, որն Աստված ցանկանում է, ուստի, ինչ վերաբերում է նրան, դա ամենակարևոր բանն է։ Հակառակ դեպքում Աստված Իր ջանքերը չէր ծախսի մարդկանց վրա նման աշխատանք կատարելու համար։ Այս փորձությունների միջոցով Աստված ուզում է տեսնել քո վերաբերմունքն Իր հանդեպ. Նա ուզում է տեսնել՝ արդյոք ճիշտ ճանապարհի վրա ես, թե ոչ։ Նա նաև ուզում է տեսնել՝ արդյոք երկյուղում ես Աստծուց և խուսափում ես չարից, թե ոչ։ Հետևաբար, անկախ այն բանից՝ տվյալ պահին քիչ, թե շատ ես հասկանում ճշմարտությունը, միևնույն է, կբախվես Աստծու փորձություններին։ Եվ քո հասկացած ճշմարտության չափի ցանկացած աճին զուգընթաց Նա կշարունակի համապատասխան փորձություններ պատրաստել քեզ համար։ Երբ կրկին փորձության բախվես, Աստված կուզենա տեսնել՝ արդյոք քո տեսակետը, քո գաղափարներն ու քո վերաբերմունքն Իր հանդեպ որևէ առաջընթաց ունեցե՞լ են այդ ընթացքում։ Որոշ մարդիկ զարմանում են․ «Ինչո՞ւ է Աստված միշտ ուզում տեսնել մարդկանց վերաբերմունքը։ Մի՞թե Նա արդեն չի տեսել, թե ինչպես են նրանք կիրառում ճշմարտությունը։ Ինչո՞ւ է Նա դեռ ուզում տեսնել նրանց վերաբերմունքը»։ Սրանք բթամիտ խոսքե՛ր են։ Հաշվի առնելով, որ Աստված կարող է աշխատել այս կերպ, Նրա մտադրությունը պետք է որ դրանում լինի։ Աստված մշտապես մնում է մարդու կողքին՝ հետևելով նրա յուրաքանչյուր խոսքին ու գործողությանը, նրա յուրաքանչյուր շարժմանը։ Նա նույնիսկ դիտարկում է նրա յուրաքանչյուր միտքն ու գաղափարը։ Աստված գրի է առնում այն ամենը, ինչ պատահում է մարդկանց՝ նրանց բարի գործերը, նրանց սխալները, նրանց հանցանքները, նույնիսկ նրանց ըմբոստություններն ու դավաճանությունները, և վերաբերվում է դրանց որպես ապացույցի, որով որոշում է նրանց ելքերը։ Քանի որ Աստծու գործի քայլ առ քայլ բարձրանալուն զուգընթաց դու ավելի ու ավելի շատ ճշմարտություններ կլսես ու նաև ավելի ու ավելի շատ դրական բաներ, դրական տեղեկատվություն և ճշմարտության իրականություններ։ Աստծու պահանջները քեզանից նույնպես համապատասխանաբար կաճեն։ Միևնույն ժամանակ Նա ավելի լուրջ փորձություններ կպատրաստի քեզ համար։ Նրա նպատակն է քննել՝ արդյոք քո վերաբերմունքն Իր հանդեպ առաջընթաց ունեցե՞լ է այդ ընթացքում։ Իհարկե, երբ սա տեղի ունենա, այն տեսակետը, որն Աստված պահանջում է քեզանից, կհամապատասխանի ճշմարտության այն իրականությանը, որը դու հասկանում ես։
Քո հասակի աստիճանական աճին զուգընթաց՝ կաճի նաև այն չափանիշը, որն Աստված պահանջում է քեզանից։ Քանի դեռ անհաս ես, Նա շատ ցածր չափանիշ կսահմանի, որպեսզի դու դրան բավարարես. երբ հասակդ մի քիչ ավելի մեծանա, Նա մի քիչ ավելի կբարձրացնի քո չափանիշը։ Բայց ի՞նչ կանի Աստված ողջ ճշմարտությունը հասկանալուցդ հետո։ Նա այնպես կանի, որ էլ ավելի մեծ փորձությունների բախվես։ Այս փորձությունների մեջ այն, ինչ Աստված ցանկանում է ստանալ քեզանից, այն, ինչ Նա ուզում է տեսնել քեզանից, Նրա մասին ավելի խորը գիտելիքն է և ճշմարիտ երկյուղը Նրանից։ Այս ժամանակ Նրա պահանջները քո հանդեպ ավելի բարձր և «ավելի խիստ» կլինեն, քան այն ժամանակ, երբ հասակդ փոքր էր։ (Մարդիկ գուցե դրանք խիստ համարեն, բայց Աստված իրականում դրանք ողջամիտ է համարում։) Երբ Աստված փորձում է մարդկանց, ի՞նչ փաստեր է Նա ցանկանում իրագործել։ Նա մշտապես պահանջում է, որ մարդիկ Իրեն տան իրենց սրտերը։ Որոշ մարդիկ կասեն․ «Ինչպե՞ս կարող եմ այն տալ։ Կատարել եմ իմ պարտավորությունը, լքել եմ իմ տունն ու աշխատանքը և ծախսվել եմ։ Մի՞թե սրանք բոլորն սիրտս Աստծուն տալու օրինակներ չեն։ Էլ ինչպե՞ս կարող էի սիրտս Աստծուն տալ։ Միգուցե սրանք իրականում սիրտս Նրան տալու ուղինե՞ր չէին։ Ո՞րն է Աստծու հատուկ պահանջը»։ Պահանջը շատ պարզ է։ Իրականում որոշ մարդիկ կան, որ արդեն տարբեր չափով իրենց սրտերն Աստծուն են տվել իրենց փորձությունների տարբեր փուլերում, բայց մարդկանց ճնշող մեծամասնությունը երբեք իր սիրտն Աստծուն չի տալիս։ Երբ Աստված փորձում է քեզ, Նա տեսնում է՝ արդյոք քո սիրտը Նրա՞ հետ է, թե մսեղիի ու Սատանայի հետ։ Երբ Աստված փորձում է քեզ, Նա տեսնում է՝ արդյոք հակադրվում ես Նրան, թե այնպիսի դիրքում ես, որը համատեղելի է Նրա հետ, և Նա տեսնում է՝ արդյոք քո սիրտը Նրա կողմից է։ Երբ անհաս ես, փորձությունների բախվելիս քիչ հավատք ունես, և քանի որ ճշմարտության քո հասկացողությունը սահմանափակ է, չես կարող ճշգրտորեն իմանալ, թե ինչ պետք է անես Աստծու մտադրությունները բավարարելու համար։ Սակայն, եթե դեռ կարող ես անկեղծորեն և սրտանց աղոթել Աստծուն, եթե պատրաստակամ ես քո սիրտը տալ Նրան և թույլ տալ, որ Նա իշխի քեզ վրա, և եթե պատրաստակամ ես Նրան մատուցել այն բոլոր բաները, որոնք ամենաթանկն ես համարում, ապա արդեն իսկ քո սիրտն Աստծուն տված կլինես։ Ավելի շատ քարոզներ լսելուն և ճշմարտությունն ավելի շատ հասկանալուն զուգընթաց քո հասակը նույնպես աստիճանաբար կաճի։ Այս ժամանակ այն չափանիշը, որն Աստված պահանջում է քեզանից, նույնը չի լինի, ինչ այն ժամանակ, երբ անհաս էիր — այն ավելի բարձր չափանիշ կլինի։ Մարդկանց՝ իրենց սրտերն աստիճանաբար Աստծուն տալուն զուգընթաց նրանց սրտերը կամաց-կամաց ավելի են մոտենում Նրան. մարդկանց՝ ճշմարտապես Աստծուն մոտենալուն զուգընթաց նրանք գնալով ավելի շատ են աստվածավախ սրտեր ունենում։ Աստված հենց այդպիսի սիրտ է ուզում։
Երբ Աստված ուզում է շահել ինչ-որ մեկի սիրտը, Նա այդ մարդուն անց կկացնի բազմաթիվ փորձությունների միջով։ Այս փորձությունների ընթացքում, եթե Աստված չի շահում այդ մարդու սիրտը կամ չի տեսնում, որ այս մարդը որևէ վերաբերմունք ունի, այսինքն՝ եթե Աստված չի տեսնում, որ այս մարդն իր կիրառմամբ կամ վարքով երկյուղ է դրսևորում Նրա հանդեպ, և եթե Նա նաև այս մարդու մեջ չարից խուսափելու վերաբերմունք և վճռականություն չի տեսնում, ապա բազմաթիվ փորձություններից հետո Աստծու համբերությունը նրանց հանդեպ կսպառվի, և Նա այլևս երկայնամտություն չի ցուցաբերի նրանց հանդեպ։ Նա այլևս չի փորձի այս մարդուն, և Նա այլևս չի գործի նրա վրա։ Ուստի, ի՞նչ է սա նշանակում այս մարդու ելքի համար։ Նշանակում է, որ նա ելք չունի։ Գուցե այս մարդը ոչ մի չարիք չի գործել. գուցե նա ոչ մի խաթարող բան չի արել և անհանգստություն չի պատճառել։ Գուցե նա բացահայտորեն չի դիմակայել Աստծուն։ Սակայն այս մարդու սիրտը մնում է Աստծուց թաքնված. նա երբեք հստակ վերաբերմունք ու տեսակետ չի ունեցել Աստծու հանդեպ, և Աստված չի կարող հստակ տեսնել, որ նրա սիրտը տրվել է Իրեն, կամ որ նա ձգտում է երկյուղել Իրենից և խուսափել չարից։ Աստված այլևս երկայնամիտ չէ նման մարդկանց հանդեպ և այլևս ոչ մի գին չի վճարի նրանց համար, ոչ մի ողորմություն չի ցուցաբերի նրանց հանդեպ կամ ոչ մի գործ չի անի նրանց վրա։ Նման մարդու՝ Աստծուն հավատալու կյանքն արդեն ավարտվել է։ Սա այն պատճառով է, որ այն բոլոր բազմաթիվ փորձությունների մեջ, որ Աստված տվել է նրանց, Աստված չի ստացել Իր ուզած արդյունքը։ Ուստի, կան մի շարք մարդիկ, որոնց մեջ Ես երբեք չեմ տեսել Սուրբ Հոգու լուսավորությունն ու լուսավորումը։ Ինչպե՞ս կարելի է տեսնել սա։ Այս մարդիկ երկար տարիներ հավատացել են Աստծուն և արտաքուստ եռանդով այս ու այն կողմ են վազվզել և թեև բազմաթիվ գրքեր են կարդացել, բազմաթիվ գործերով են զբաղվել, մոտ մեկ տասնյակ տետր են լրացրել և մեծ քանակությամբ բառեր ու վարդապետություններ են յուրացրել, բայց ոչ մի աճ, Աստծու վերաբերյալ ոչ մի տեսակետ և Աստծու հանդեպ ոչ մի հստակ վերաբերմունք երբեք չի կարելի տեսնել նրանց մեջ։ Այլ կերպ ասած՝ նրանց սրտերը հնարավոր չէ տեսնել. դրանք միշտ փաթաթված և կնքված են. դրանք մեկուսացված են Աստծուց։ Արդյունքում Նա չի տեսել նրանց ճշմարիտ սրտերը, Նա այս մարդկանց մեջ ոչ մի ճշմարիտ երկյուղ չի տեսել Իրենից, և, ավելին, Նա չի տեսել, թե ինչպես են այս մարդիկ հետևում Իր ճանապարհին։ Եթե Աստված մինչ այժմ դեռ ձեռք չի բերել նման մարդկանց, կարո՞ղ է արդյոք Նա ապագայում նրանց ձեռք բերել։ Չի՛ կարող։ Արդյոք Նա կշարունակի՞ փորձել համառորեն ձեռք բերել այն, ինչ հնարավոր չէ ձեռք բերել։ Չի՛ շարունակի։ Այդ դեպքում ո՞րն է Աստծու ներկայիս վերաբերմունքը նման մարդկանց հանդեպ։ (Նա արհամարհանքով մերժում է նրանց և անտեսում է նրանց։) Նա անտեսո՛ւմ է նրանց։ Աստված ուշադրություն չի դարձնում նման մարդկանց. Նա արհամարհանքով մերժում է նրանց։ Դուք շատ արագ և շատ ճշգրտորեն եք անգիր արել այս խոսքերը։ Կարծես թե հասկացել եք այն, ինչ լսել եք։
Որոշ մարդիկ կան, որոնք Աստծուն հետևել սկսելիս անհաս են ու տգետ. չեն հասկանում Նրա մտադրությունները, ոչ էլ գիտեն, թե ինչ է Նրան հավատալը։ Որդեգրում են Աստծուն հավատալու և Նրան հետևելու մարդակերտ ու սխալ ուղի։ Երբ նման մարդիկ բախվում են փորձությունների, չեն գիտակցում դա. անզգա են մնում Աստծու ուղղորդման և լուսավորության հանդեպ։ Չգիտեն, թե ինչ է նշանակում իրենց սրտերն Աստծուն տալ, կամ ինչ է նշանակում հաստատուն կանգնել փորձության ժամանակ։ Աստված նման մարդկանց սահմանափակ ժամանակ կտա, և այս ընթացքում Նա թույլ կտա նրանց հասկանալ, թե որոնք են Իր փորձություններն ու Իր մտադրությունները, և դրանից հետո արտահայտել իրենց տեսակետները։ Այս փուլում գտնվողների համար Աստված դեռ սպասում է։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր որոշակի տեսակետներ ունեն, սակայն դեռ տատանվում են, ովքեր ուզում են իրենց սրտերն Աստծուն տալ, բայց փոքր-ինչ դժկամությամբ են դա անում, և ովքեր, չնայած որոշ հիմնական ճշմարտություններ կիրառելուն, փորձում են փախչել ու հանձնվել մեծ փորձությունների բախվելիս. ո՞րն է Աստծու վերաբերմունքը նրանց հանդեպ։ Նա դեռ մի փոքր ակնկալիք ունի նրանցից, և արդյունքը կախված է նրանց վերաբերմունքից ու դրսևորումից։ Եթե մարդիկ ակտիվ չեն առաջադիմելու հարցում, ի՞նչ է անում Աստված։ Նա ձեռք է քաշում նրանցից։ Սա այն պատճառով է, որ նախքան Աստծու՝ քեզանից ձեռք քաշելը, դու արդեն ձեռք ես քաշել ինքդ քեզանից։ Ուստի, չես կարող Աստծուն մեղադրել դա անելու համար։ Քո կողմից սխալ է դժգոհություն տածել Աստծու հանդեպ։
Տարբեր շփոթություններ, որ գործնական հարցն առաջացնում է մարդկանց մեջ
Կա անձանց մեկ այլ տեսակ, որը բոլորից ամենաողբերգական ելքն ունի. սա այն տեսակի անձն է, որի մասին Ես ամենաքիչն եմ սիրում նշել։ Նրանց ողբերգական ելքի պատճառն այն չէ, որ պատժվել են Աստծու կողմից, կամ որովհետև Նրա պահանջները նրանց հանդեպ խիստ են, և ուստի նրանք ողբերգական ելք ունեն. դրանք ողբերգական են, որովհետև իրենք են դա անում իրենց հետ։ Ինչպես ասում է հայտնի ասացվածքը, նրանք իրենց սեփական գերեզմանն են փորում։ Ինչպիսի՞ անձ է սա։ Այս մարդիկ ճիշտ ուղով չեն քայլում. նրանք նախապես բացահայտում են իրենց սեփական ելքերը։ Աստծու աչքերում նման մարդիկ Նրա ատելության մեծագույն առարկաներն են։ Մարդկանց լեզվով ասած՝ նման մարդիկ ամենաողորմելիներն են։ Երբ նման մարդիկ սկսում են հետևել Աստծուն, շատ նախանձախնդիր են. մեծ գին են վճարում, լավ կարծիք ունեն Աստծու գործի հեռանկարների վերաբերյալ և հարուստ երևակայություն ունեն, երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական ապագային։ Նրանք նաև առանձնապես վստահում են Աստծուն՝ հավատալով, որ Նա կարող է ավարտուն դարձնել մարդկանց և տանել նրանց դեպի գեղեցիկ վերջնական հանգրվան։ Այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառով այս մարդիկ այնուհետև «փախչում են» Աստծու գործի ընթացքում։ Ի՞նչ է այստեղ նշանակում «փախչել»։ Նշանակում է, որ նրանք անհետանում են առանց հրաժեշտի, առանց անգամ ձայն հանելու. հեռանում են առանց մի բառ ասելու։ Թեև նման մարդիկ պնդում են, թե հավատում են Աստծուն, երբեք իրականում արմատներ չեն գցում իրենց հավատքի ուղու վրա։ Ուստի, անկախ այն բանից, թե որքան երկար են հավատացել Նրան, միևնույն է, ունակ են երես թեքելու Աստծուց։ Որոշ մարդիկ հեռանում են բիզնեսով զբաղվելու համար, ոմանք հեռանում են իրենց կյանքով ապրելու համար, ոմանք հեռանում են հարստանալու համար, իսկ ոմանք հեռանում են ամուսնանալու և երեխաներ ունենալու համար… Հեռացողների թվում կան այնպիսիք, որոնք հետագայում խղճի խայթեր են ունենում և ուզում են վերադառնալ։ Կան նաև այնպիսիք, որոնք կյանքում մեծ դժվարությունների են բախվում ու ի վերջո տարիներ շարունակ թափառում են աշխարհում, ովքեր շատ տառապանք են կրում՝ հավատալով, որ աշխարհում լինելը չափազանց ցավոտ է, և որ իրենք չեն կարող Աստծուց առանձնացված լինել։ Նրանք ուզում են վերադառնալ Աստծու տուն՝ ստանալու մխիթարություն, խաղաղություն և ուրախություն, և ուզում են շարունակել հավատալ Աստծուն՝ աղետից խուսափելու կամ փրկության և վերջնական հանգրվանի հասնելու համար։ Սա այն պատճառով է, որ այս մարդիկ հավատում են, որ Աստծու սերն անսահման և անչափելի է, և որ Նրա շնորհն անսպառ ու անվերջ է։ Մտածում են, որ անկախ այն բանից, թե ինչ է արել մարդը, Աստված պետք է ների նրան և հանդուրժող լինի նրա անցյալի հանդեպ։ Այս մարդիկ նորից ու նորից ասում են, որ ուզում են վերադառնալ ու կատարել իրենց պարտավորությունները։ Կան նույնիսկ այնպիսիք, որոնք իրենց փողի կամ ունեցվածքի մի մասը եկեղեցուն են տալիս՝ հուսալով դրանով վերադառնալ Աստծու տուն։ Ո՞րն է Աստծու վերաբերմունքը նման մարդկանց հանդեպ։ Ինչպե՞ս պետք է Նա որոշի նրանց ելքերը։ Ազա՛տ արտահայտվեք։ (Ես կարծում էի, որ Աստված կընդուներ այսպիսի մարդուն, բայց հենց նոր դա լսելուց հետո զգում եմ, որ Նա գուցե չընդունի։) Ասա՛ քո հիմնավորումը։ (Նման մարդիկ գալիս են Աստծու առաջ միայն նրա համար, որպեսզի իրենց ելքը մահը չլինի։ Նրանք անկեղծ մղումով չեն գալիս Աստծուն հավատալու. նրանք գիտեն, որ Աստծու գործը շուտով կավարտվի, ուստի այն մոլորության մեջ են, թե կարող են վերադառնալ և օրհնություններ ստանալ։) Ասում ես, որ այս մարդիկ անկեղծորեն չեն հավատում Աստծուն, ուստի Նա չի կարող ընդունել նրանց, ճի՞շտ է։ (Այո՛։) (Իմ հասկացողությունն այն է, որ նման մարդիկ պարզապես պատեհապաշտներ են և ճշմարտապես չեն հավատում Աստծուն։) Նրանք չեն եկել Աստծուն հավատալու. նրանք պատեհապաշտներ են։ Լա՛վ ասացիր։ Պատեհապաշտներն այնպիսի մարդիկ են, որոնց բոլորն ատում են։ Նրանք նավարկում են այն ուղղությամբ, որով քամին է փչում, և իրենց նեղություն չեն տալիս, որ որևէ բան անեն, քանի դեռ դրանից որևէ օգուտ չեն ստանալու, ուստի, իհարկե, նրանք արհամարհելի են։ Արդյո՞ք որևէ այլ եղբայր կամ քույր կարծիք ունի, որով կցանկանար կիսվել։ (Աստված այլևս չի ընդունի նրանց, որովհետև Նրա գործը մոտենում է ավարտին, և այժմ այն ժամանակն է, երբ որոշվում են մարդկանց ելքերը։ Այս ժամանակ այս մարդիկ ուզում են վերադառնալ ոչ թե իրականում ճշմարտությանը ձգտելու համար, այլ որովհետև տեսնում են վրա հասնող աղետները, կամ որովհետև ազդվում են արտաքին գործոններից։ Եթե նրանք իսկապես ճշմարտությանը ձգտելու մտադրություն ունենային, երբեք Աստծու գործի կեսից չէին փախչի։) Կա՞ն արդյոք այլ կարծիքներ։ (Նրանք չեն ընդունվի։ Աստված իրականում արդեն հնարավորություններ է տվել նրանց, բայց նրանք համառորեն շարունակել են անտարբեր վերաբերմունք ցուցաբերել Նրա հանդեպ։ Անկախ այն բանից, թե որոնք են այս մարդկանց մտադրությունները, և նույնիսկ եթե նրանք իսկապես ապաշխարեն, Աստված, միևնույն է, թույլ չի տա նրանց վերադառնալ։ Սա այն պատճառով է, որ Նա նրանց այդքան շատ հնարավորություններ է տվել, բայց նրանք արդեն ցուցադրել են իրենց վերաբերմունքը։ Նրանք ուզում էին լքել Աստծուն։ Այս պատճառով, եթե հիմա նրանք փորձեն վերադառնալ, Աստված չի ընդունի նրանց։) (Ես համաձայն եմ, որ Աստված չի ընդունի այս տեսակի մարդուն, որովհետև եթե մարդը տեսել է ճշմարիտ ճանապարհը, այդքան երկար ժամանակ փորձառաբար ապրել է Աստծու գործը և դեռ կարող է վերադառնալ աշխարհ և Սատանայի գիրկը, ապա սա Աստծու հանդեպ ահռելի դավաճանություն է։ Չնայած այն փաստին, որ Աստծու էությունը ողորմություն և սեր է, դա կախված է այն բանից, թե ինչպիսի մարդու է ուղղված այդ էությունը։ Եթե մարդը գալիս է Աստծու առաջ՝ մխիթարություն փնտրելով կամ փնտրելով մի բան, որի վրա կարող է դնել իր հույսերը, ապա նա պարզապես այն տեսակը չէ, որն անկեղծորեն հավատում է Աստծուն, և Աստծու ողորմությունը նման մարդկանց հանդեպ միայն այսքանով է սահմանափակվում։) Եթե Աստծու էությունը ողորմություն է, ապա ինչո՞ւ Նա մի փոքր ավելի շատ չի տալիս դրանից այսպիսի մարդուն։ Մի փոքր ավելի շատ ողորմությամբ մի՞թե նրանք հնարավորություն չէին ունենա։ Անցյալում մարդիկ հաճախ ասում էին, որ Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ փրկվի և չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի. եթե հարյուր ոչխարներից մեկը կորչի, Աստված կթողնի իննսունիննին՝ կորածին փնտրելու համար։ Այժմ, երբ խոսքը վերաբերում է այս մարդկանց, արդյո՞ք Աստված պետք է ընդունի նրանց և երկրորդ հնարավորություն տա՝ հաշվի առնելով նրանց անկեղծ հավատքը։ Սա իրականում դժվար հարց չէ. այն շատ պարզ է։ Եթե ճշմարտապես հասկանում եք Աստծուն և իրական գիտելիք ունեք Նրա մասին, ապա շատ բացատրություն պետք չէ, և շատ ենթադրություններ նույնպես պետք չեն, ճի՞շտ է։ Ձեր պատասխանները ճիշտ ուղու վրա են, բայց դրանք դեռևս հեռու են Աստծու վերաբերմունքից։
Քիչ առաջ ձեզանից ոմանք վստահություն հայտնեցին, որ Աստված այս տեսակի մարդուն չի կարող ընդունել։ Մյուսների համար այնքան էլ պարզ չէր, և մտածում էին, որ Աստված գուցե ընդունի նրանց կամ գուցե չընդունի. այս վերաբերմունքն ավելի շատ միջանկյալ դիրքորոշում է։ Կային նաև այնպիսիք, որոնց տեսակետն այն էր, որ հուսով էին՝ Աստված կընդուներ այս տեսակի մարդուն. այս վերաբերմունքն անորոշ է։ Ձեզանից նրանք, ովքեր վստահ են իրենց մտքերում, հավատում են, որ Աստված գործել է մինչև հիմա, և որ Նրա գործն ավարտուն է, ուստի Նա կարիք չունի հանդուրժող լինելու այս մարդկանց հանդեպ. որպես այդպիսին՝ մտածում են, որ Նա այլևս չի ընդունի նրանց։ Ձեզանից նրանք, ովքեր ավելի շատ միջանկյալ դիրքորոշում ունեն, հավատում են, որ դրան պետք է մոտենալ ըստ անհատական հանգամանքների։ Եթե այս մարդկանց սրտերն անբաժան են Աստծուց, և եթե նրանք անկեղծորեն հավատում են Աստծուն և ձգտում են ճշմարտությանը, ապա Աստված չպետք է հիշի նրանց նախկին թուլություններն ու սխալները. Նա պետք է ների այս մարդկանց, երկրորդ հնարավորություն տա նրանց և թույլ տա նրանց վերադառնալ Իր տուն ու ընդունել Իր փրկությունը։ Սակայն, եթե նրանք նորից փախչեն, այն, որ Աստված այլևս չի ուզի նրանց, չի կարող անարդարություն համարվել։ Կա մեկ այլ խումբ, որը հուսով է, որ Աստված կարող է ընդունել նման մարդկանց։ Այս խումբն այնքան էլ վստահ չէ՝ արդյոք Աստված իրականում կանի դա, թե ոչ։ Եթե նրանք հավատում են, որ Նա պետք է ընդունի այս տեսակի մարդուն, բայց Նա չի ընդունում, ապա կարծես թե այս տեսակետը փոքր-ինչ չի համապատասխանում Աստծու տեսանկյունին։ Եթե նրանք հավատում են, որ Աստված չպետք է ընդունի նման մարդու, ի՞նչ կլինի, եթե Աստված ասի, որ մարդկանց հանդեպ Իր սերը ժամանակային սահմանափակում չունի, և որ Նա պատրաստակամ է այս տեսակի մարդուն ևս մեկ հնարավորություն տալու. մի՞թե դա նրանց տգիտությունը չէր բացահայտի։ Ամեն դեպքում, դուք բոլորդ ունեք ձեր սեփական տեսակետները։ Այս տեսակետները ձեր սեփական մտքերում եղած գիտելիքի մի տեսակ են. դրանք նաև ճշմարտության և Աստծու մտադրությունների վերաբերյալ ձեր հասկացողության խորության արտացոլումն են։ Ճիշտ է այսպես ասելը, այնպես չէ՞։ Հիանալի է, որ կարծիքներ ունեք այս հարցի վերաբերյալ։ Սակայն դեռևս մնում է այն հարցը, թե արդյոք ձեր կարծիքները ճիշտ են։ Դուք բոլորդ մի փոքր անհանգստացած եք, այնպես չէ՞։ «Այդ դեպքում ի՞նչն է ճիշտ։ Ես հստակ չեմ տեսնում և ճշգրտորեն չգիտեմ, թե ինչ է մտածում Աստված, և Նա ինձ ոչինչ չի ասել։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե Նա ինչ է մտածում։ Աստծու վերաբերմունքը մարդկության հանդեպ սեր է։ Դատելով այն վերաբերմունքից, որ Նա ունեցել է անցյալում, Նա պետք է ընդունի նման մարդու, բայց ինձ համար պարզ չէ Աստծու ներկայիս վերաբերմունքը. կարող եմ միայն ասել, որ գուցե Նա կընդունի նման մարդու, իսկ գուցե՝ ոչ»։ Սա ծիծաղելի է, այնպես չէ՞։ Այս հարցն իսկապես շփոթեցրել է ձեզ։ Եթե այս հարցի վերաբերյալ ճիշտ տեսակետ չունեք, ապա ի՞նչ կանեք, երբ ձեր եկեղեցին իրականում բախվի նման մարդու։ Եթե իրավիճակը պատշաճ կերպով չկարգավորեք, ապա կարող եք վիրավորանք հասցնել Աստծուն։ Մի՞թե սա վտանգավոր բան չէ։
Ինչո՞ւ էի ուզում հարցնել ձեր տեսակետները հենց նոր բարձրացրածս հարցի վերաբերյալ։ Ուզում էի ստուգել ձեր տեսակետները, ստուգել, թե որքան գիտելիք ունեք Աստծու մասին, և որքանով եք հասկանում Նրա մտադրություններն ու վերաբերմունքը։ Ո՞րն է պատասխանը։ Պատասխանը հենց ձեր տեսակետներն են։ Ձեզանից ոմանք շատ պահպանողական են, իսկ ոմանք ենթադրություններ են անում և երևակայում։ Ի՞նչ է նշանակում «ենթադրություններ անել»։ Դա նշանակում է անկարող լինել զանազանել, թե ինչպես է Աստված մտածում, և ուստի անհիմն ենթադրություններ անել, որ Աստված պետք է այս կամ այն կերպ մտածի։ Ինքդ իրականում չգիտես՝ ճիշտ ես, թե սխալ, ուստի անորոշ տեսակետ ես հայտնում։ Բախվելով այս փաստին՝ ի՞նչ եք տեսել։ Աստծուն հետևելիս մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում Նրա մտադրություններին և հազվադեպ են հաշվի առնում Նրա մտքերն ու Նրա վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Մարդիկ չեն հասկանում Աստծու մտքերը, ուստի, երբ հարցեր են տրվում Նրա մտադրությունների և բնույթի մասին, շփոթվում եք։ Ձեր միտքն անորոշ է դառնում, և ապա կա՛մ գուշակում եք կա՛մ ձեր բախտն եք փորձում։ Ինչպիսի՞ վերաբերմունք է սա։ Սա ապացուցում է մի փաստ։ Աստծուն հավատացող մարդկանց մեծ մասը բանի տեղ չի դնում Նրան, որը գուցե կա, գուցե՝ ոչ։ Ինչո՞ւ եմ այսպես ասում։ Որովհետև երբ խնդրի եք բախվում, չգիտեք Աստծու մտադրությունները։ Ինչո՞ւ չգիտեք Նրա մտադրությունները։ Ոչ միայն հիմա, այլև սկզբից մինչև վերջ չգիտեք Աստծու վերաբերմունքն այս խնդրի նկատմամբ։ Չես կարողանում թափանցել և չգիտես Աստծու վերաբերմունքը, բայց արդյո՞ք փորձել ես պարզել այն։ Ձգտե՞լ ես իմանալ այն։ Հաղորդակցվե՞լ ես դրա շուրջ։ Ո՛չ։ Սա հաստատում է մի փաստ։ Քո հավատքի Աստվածը ոչ մի կապ չունի իրական Աստծու հետ։ Առ Աստված քո հավատքում միայն քո սեփական և առաջնորդողներիդ մտադրությունների շուրջ ես խորհում։ Պարզապես Աստծու խոսքերի մակերեսային և վարդապետական իմաստի մասին ես մտածում՝ բնավ ճշմարտապես չփորձելով իմանալ կամ փնտրել Աստծու մտադրությունները։ Մի՞թե այսպես չէ։ Այս հարցի էությունը բավականին սարսափելի է։ Այսքան տարիներ անց Ես տեսել եմ բազմաթիվ մարդկանց, որոնք հավատում են Աստծուն։ Ինչի՞ են նրանք վերածել Աստծուն իրենց հավատքի մեջ։ Որոշ մարդիկ հավատում են Աստծուն այնպես, ասես Նա պարզապես դատարկ օդ լինի։ Այս մարդիկ պատասխան չունեն Աստծու գոյության հարցին, որովհետև չեն կարող ո՛չ զգալ, ո՛չ էլ գիտակցել՝ արդյոք Աստված գոյություն ունի, էլ չենք խոսում այն հստակ տեսնելու կամ հասկանալու մասին։ Ենթագիտակցորեն այս մարդիկ կարծում են, որ Աստված գոյություն չունի։ Մյուսները հավատում են Աստծուն այնպես, ասես Նա մարդ լինի։ Այս մարդիկ մտածում են, որ այն, ինչ իրենք չեն կարող անել, Նա նույնպես չի կարող անել, և որ ինչպես իրենք են մտածում, այնպես էլ Նա պետք է մտածի։ Նրանց՝ Աստծու սահմանումը «անտեսանելի և անշոշափելի մարդ» է։ Կա նաև մարդկանց մի խումբ, որը հավատում է Աստծուն այնպես, ասես Նա խամաճիկ լինի։ Այս մարդիկ կարծում են, թե Աստված զգացմունքներ չունի։ Նրանք մտածում են, որ Աստված կավե արձան է, և որ խնդրի բախվելիս Աստված որևէ վերաբերմունք, տեսակետ կամ գաղափարներ չունի։ Նրանք կարծում են, որ Նա լիովին մարդկության կամքին է ենթակա։ Մարդիկ պարզապես հավատում են այնպես, ինչպես ուզում են հավատալ։ Եթե Նրան մեծ են դարձնում, ապա Նա մեծ է։ Եթե Նրան փոքր են դարձնում, ապա Նա փոքր է։ Երբ մարդիկ մեղք են գործում և Աստծու ողորմության, հանդուրժողականության և սիրո կարիքն ունեն, ենթադրում են, որ Աստված պետք է ցուցաբերի Իր ողորմությունը։ Այս մարդիկ «Աստված» են հորինում իրենց մտքերում և ապա ստիպում են այս «Աստծուն» հոգալ իրենց կարիքները և բավարարել իրենց բոլոր ցանկությունները։ Անկախ այն բանից, թե երբ կամ որտեղ, և անկախ այն բանից, թե ինչ են անում նման մարդիկ, նրանք Աստծու հանդեպ իրենց վերաբերմունքում և իրենց հավատքի մեջ այս երևակայությունը կորդեգրեն։ Կան նույնիսկ այնպիսիք, որոնք, զայրացնելով Աստծու բնույթը, դեռ հավատում են, որ Նա կարող է փրկել իրենց, որովհետև ենթադրում են, որ Աստծու սերն անսահման և անչափելի է, իսկ Նրա բնույթը՝ արդար։ Նրանք կարծում են, որ անկախ այն բանից, թե ինչպես է մարդը վիրավորանք հասցնում Աստծուն, Նա չի հիշի դրանցից ոչ մեկը, որովհետև մարդկային սխալները, մարդկային հանցանքները և մարդկային ըմբոստությունը մարդու խառնվածքի ակնթարթային դրսևորումներ են, և Աստված հնարավորություններ կտա նրանց, հանդուրժող և համբերատար կլինի նրանց հանդեպ և դեռ կսիրի նրանց առաջվա պես։ Ուստի նրանք մեծ հույսեր են տածում փրկության հասնելու համար։ Իրականում, անկախ այն բանից, թե ինչպես են մարդիկ հավատում Աստծուն, քանի դեռ նրանք չեն ձգտում ճշմարտությանը, Նա բացասական վերաբերմունք կունենա նրանց հանդեպ։ Սա այն պատճառով է, որ քո՝ Աստծուն հավատալու ընթացքում, թեև գուցե Աստծու խոսքերի գրքին վերաբերվես որպես գանձի և ամեն օր ուսումնասիրես ու կարդաս այն, դու մի կողմ ես դնում իրական Աստծուն։ Նրան բանի տեղ չես դնում կամ պարզապես մարդու տեղ ես դնում, իսկ ձեզանից ոմանք Նրան լոկ խամաճիկի տեղ են դնում։ Ինչո՞ւ եմ այսպես ասում։ Ես այդպես եմ անում, որովհետև, Իմ տեսանկյունից, անկախ այն բանից՝ խնդրի ես բախվում, թե որևէ հանգամանքի ես հանդիպում, այն բաները, որոնք գոյություն ունեն քո ենթագիտակցության մեջ, այն բաները, որոնք ներքուստ ես առաջացնում, երբեք ոչ մի կապ չեն ունեցել Աստծու խոսքերի կամ ճշմարտությանը ձգտելու հետ։ Դու միայն գիտես, թե ինքդ ինչ ես մտածում, թե որն է քո սեփական տեսակետը, և ապա պարտադրում ես քո սեփական գաղափարներն ու կարծիքներն Աստծուն։ Դրանք համարում ես Աստծու տեսակետներ, դրանք չափանիշներ ես դարձնում և անսասան կերպով պահպանում ես դրանք։ Ժամանակի ընթացքում այս կերպ վարվելը քեզ ավելի ու ավելի է հեռացնում Աստծուց։
Հասկացեք Աստծու վերաբերմունքը և մի կողմ դրեք Աստծու վերաբերյալ բոլոր թյուրըմբռնումները
Ինչպիսի՞ Աստված է այս Աստվածը, Ում դուք ներկայումս հավատում եք։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Երբ Նա տեսնում է, որ չար մարդը չար արարքներ է գործում, արդյո՞ք ատում է դա։ (Այո, ատում է։) Ինչպիսի՞ն է Նրա վերաբերմունքը, երբ Նա տեսնում է, որ տգետ մարդիկ սխալներ են գործում։ (Տխրություն։) Երբ Նա տեսնում է, որ մարդիկ գողանում են Իր ընծաները, ինչպիսի՞ն է Նրա վերաբերմունքը։ (Նա ատում է նրանց։) Այս ամենը շատ հստակ է։ Երբ Աստված տեսնում է Իր հանդեպ իր հավատքի մեջ խարխափող ինչ-որ մեկին, որն ամենևին չի ձգտում ճշմարտությանը, ինչպիսի՞ն է Աստծու վերաբերմունքը։ Դուք այնքան էլ վստահ չեք, այնպես չէ՞։ «Խարխափելու» վերաբերմունքը մեղք չէ, ոչ էլ Աստծու դեմ վիրավորանք է, և մարդիկ զգում են, որ դա ինչ-որ մեծ սխալ չէ։ Ուստի ասեք Ինձ, ինչպիսի՞ն է Աստծու վերաբերմունքն այս դեպքում։ (Նա չի ցանկանում որևէ ուշադրություն դարձնել այդ մարդուն։) «Այդ մարդուն ուշադրություն դարձնել չցանկանալ», ինչպիսի՞ վերաբերմունք է սա։ Նշանակում է, որ Աստված նման մարդկանց վերևից է նայում և արհամարհանքով է վերաբերվում նրանց։ Նման մարդկանց հետ վարվելու Նրա ձևը նրանց մի կողմ դնելն է, ինչը նշանակում է անտեսել նրանց, ոչ մի աշխատանք չանել նրանց վրա, ներառյալ՝ լուսավորություն բերելը, լուսավորելը, խրատելը կամ կարգավարժելը։ Նման մարդիկ հաշվի չեն առնվում Աստծու գործում։ Ինչպիսի՞ն է Աստծու վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր հարուցում են Նրա բնույթի զայրույթը և խախտում են Նրա կառավարչական հրամանագրերը։ Ծայրահեղ գարշանք։ Աստծուն չափազանց բարկացնում են այն մարդիկ, որոնք հարուցում են Նրա բնույթի զայրույթը, բայց ապաշխարություն ցույց չեն տալիս։ «Բարկությունը» ոչ այլ ինչ է, քան զգացմունք, տրամադրություն. այն հստակ վերաբերմունք չի ներկայացնում։ Սակայն այս զգացմունքը, այս տրամադրությունը, ելք կբերի նման մարդկանց համար։ Այն Աստծուն ծայրահեղ գարշանքով կլցնի։ Ո՞րն է այս ծայրահեղ գարշանքի հետևանքը։ Այն է, որ Աստված մի կողմ կդնի այս մարդկանց և առժամանակ ուշադրություն չի դարձնի նրանց։ Ապա Նա կսպասի, որպեսզի հաշվեհարդար տեսնի նրանց հետ, երբ ժամանակը հասունանա։ Ի՞նչ է սա ենթադրում։ Արդյոք այս մարդիկ դեռևս ելքեր կունենա՞ն։ Աստված երբեք մտադիր չի եղել նման մարդկանց որևէ ելք տալ։ Հետևաբար, մի՞թե միանգամայն նորմալ չէ, որ Աստված այժմ ուշադրություն չի դարձնում նման մարդկանց։ (Այո, դա նորմալ է։) Ի՞նչ պետք է պատրաստվեն անել նման մարդիկ։ Նրանք պետք է պատրաստվեն կրել իրենց վարքագծի և իրենց գործած չար արարքների անբարենպաստ հետևանքները։ Սա է Աստծու վճիռը նման մարդկանց համար։ Ուստի այժմ Ես հստակ ասում եմ նման մարդկանց․ այլևս պատրանքներ մի՛ տածեք և այլևս մի՛ ապավինեք բախտին։ Աստված անվերջ հանդուրժող չի լինի մարդկանց նկատմամբ. Նա հավիտյան չի հանդուրժի նրանց հանցանքները կամ ըմբոստությունը։ Ոմանք կասեն. «Ես տեսել եմ մի քանի նման մարդկանց, և երբ նրանք աղոթում են, զգում են, որ Աստված առանձնապես հուզել է իրենց, և ապա դառնորեն լաց են լինում։ Սովորաբար նրանք նաև շատ ուրախ են. թվում է, թե Աստծու ներկայությունն ու Աստծու առաջնորդությունն իրենց հետ են»։ Նման անհեթեթություն մի՛ ասեք։ Դառը արցունքները պարտադիր չէ, որ նշանակեն, թե մարդը հուզված է Աստծուց կամ Աստծու ներկայությունն ունի, էլ չենք խոսում Աստծու առաջնորդության մասին։ Եթե մարդիկ բարկացնեն Աստծուն, արդյոք Նա դեռ կառաջնորդի՞ նրանց։ Կարճ ասած՝ երբ Աստված որոշել է դուրս թողնել և լքել ինչ-որ մեկին, այդ մարդն այլևս ելք չունի։ Որքան էլ լավ զգան նրանք աղոթելիս, կամ որքան էլ հավատք ունենան Աստծու հանդեպ իրենց սրտերում, դա այլևս նշանակություն չունի։ Կարևորն այն է, որ Աստծուն այսպիսի հավատք պետք չէ. Նա արդեն արհամարհանքով մերժել է այս մարդկանց։ Թե ինչպես վարվել նրանց հետ ապագայում, նույնպես անկարևոր է։ Կարևորն այն է, որ հենց այն ակնթարթին, երբ այս մարդիկ բարկացնում են Աստծուն, նրանց ելքերը որոշվում են։ Եթե Աստված վճռել է չփրկել նման մարդկանց, ապա կթողնի, որ պատժվեն։ Սա է Աստծու վերաբերմունքը։
Թեև Աստծու էությունը սիրո տարր է պարունակում, և Նա ողորմած է յուրաքանչյուր մարդու հանդեպ, մարդն անտեսել ու մոռացել է այն փաստը, որ Նրա էությունն արժանապատվություն ունի։ Այն, որ Նա սեր ունի, չի նշանակում, որ մարդը կարող է կամայականորեն վիրավորանք հասցնել Նրան, և Նա որևէ բան չզգա կամ որևէ կերպ չարձագանքի. այն, որ Նա ողորմություն ունի, չի նշանակում, որ Նա մարդուն վերաբերվելու հարցում սկզբունքներ չունի։ Աստված կենդանի Աստված է. Նրա գոյությունը չափազանց իրական է։ Նա ո՛չ երևակայական խամաճիկ է, ո՛չ էլ որևէ այլ առարկա։ Հաշվի առնելով, որ Նա իսկապես գոյություն ունի, մենք պետք է միշտ ուշադիր լինենք Նրա սրտի ձայնին, ուշադրություն դարձնենք Նրա վերաբերմունքին ու փորձենք հասկանալ Նրա զգացմունքները։ Մարդկային երևակայություններ մի՛ օգտագործեք Աստծուն սահմանափակելու համար և մի՛ պարտադրեք Նրան մարդու գլխում եղած մտքերը կամ մարդկային կամքի ցանկությունները՝ խնդրելով Աստծուն վերաբերվել մարդուն մարդկային մեթոդներ օգտագործելով և մարդկային երևակայությունների վրա հիմնվելով։ Եթե դու անում ես սա, ապա դու բարկացնում ես Աստծուն, փորձության ես ենթարկում, Նրա բարկությունն ու մարտահրավեր ես նետում Նրա արժանապատվությանը։ Ուստի երբ դուք այս հարցի լրջությունը հասկանաք, Ես հորդորում եմ ձեզանից յուրաքանչյուրին զգույշ և խոհեմ լինել ձեր գործողություններում և ձեր խոսքում, և առավելագույն զգուշություն ու խոհեմություն ցուցաբերել այն հարցում, թե ինչպես եք վերաբերվում Աստծուն առնչվող հարցերին։ Երբ չես հասկանում, թե որն է Աստծու վերաբերմունքը, անխոհեմաբար մի՛ խոսիր, անխոհեմաբար մի՛ գործիր կամ անխոհեմաբար մի՛ պիտակավորիր. առավել ևս, կամայականորեն եզրակացություններ մի՛ արա։ Փոխարենը, պետք է սպասես և փնտրես։ Սրանք Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու դրսևորումներ են։ Եթե կարողանաս հասնել սրան և նախևառաջ այս վերաբերմունքն ունենալ, ապա Աստված քեզ չի մեղադրի քո հիմարության, տգիտության և ողջամտության պակասի համար. փոխարենը, քո վերաբերմունքի՝ Աստծուն վիրավորելու քո երկյուղի, Նրա մտադրությունների հանդեպ քո հարգանքի և Նրան ենթարկվելու քո պատրաստակամության պատճառով Աստված կհիշի քեզ, կառաջնորդի և լուսավորություն կբերի քեզ, կամ հանդուրժող կլինի քո անհասունության և տգիտության հանդեպ։ Հակառակ դեպքում, Նրա նկատմամբ քո անհարգալից վերաբերմունքի՝ Նրան ինչպես ուզում ես դատելու կամ Նրա մտադրությունները կամայականորեն ենթադրելու և սահմանելու հետևանքով Աստված կդատապարտի քեզ, կկարգավարժի քեզ և նույնիսկ կպատժի քեզ. կամ, Նա ասելու բան կունենա քո մասին, և գուցե այն, ինչ Նա ասի, վերաբերի քո ելքին։ Հետևաբար, ևս մեկ անգամ կշեշտեմ. ձեզանից յուրաքանչյուրը պետք է զգույշ և խոհեմ լինի այն ամենի նկատմամբ, ինչ գալիս է Աստծուց։ Անխոհեմաբար մի՛ խոսեք կամ մի՛ գործեք անխոհեմաբար։ Նախքան որևէ բան ասելը, պետք է մտածես. «Արդյո՞ք իմ այս գործողությունը կբարկացնի Աստծուն։ Արդյո՞ք դա անելիս ես երկյուղում եմ Աստծուց»։ Նույնիսկ պարզ հարցերում պետք է ավելի շատ խորհես այս հարցերի շուրջ և ավելի շատ հաշվի առնես դրանք։ Եթե դու բոլոր տեսանկյուններից բոլոր բաներում միշտ կարողանաս ճշմարտապես կիրառել այս սկզբունքների համաձայն և նման վերաբերմունք որդեգրել հատկապես այն ժամանակ, երբ ինչ-որ բան չես հասկանում, ապա Աստված միշտ կառաջնորդի քեզ և կապահովի քեզ ուղով, որին պետք է հետևել։ Ինչպիսին էլ լինի քո կատարումը, այն միանգամայն հստակ և ակնհայտ է Աստծուն, և Նա ճշգրիտ և համապատասխան գնահատական կտա քո կատարմանը։ Այն բանից հետո, երբ անցած կլինես վերջնական փորձությունը, Աստված կվերցնի քո ողջ վարքագիծն ու ամբողջությամբ կամփոփի այն և դրանով իսկ կորոշի քո ելքը։ Այս արդյունքը հիմնովին կհամոզի յուրաքանչյուր մարդու։ Ահա այն, ինչ Ես կցանկանայի ասել ձեզ այստեղ. ձեր յուրաքանչյուր արարք, ձեր յուրաքանչյուր գործողություն և ձեր յուրաքանչյուր միտք որոշում են ձեր ճակատագիրը։
Ո՞վ է որոշում մարդկանց ելքերը
Եվս մի չափազանց կարևոր հարց կա քննարկելու, և դա ձեր վերաբերմունքն է Աստծու նկատմամբ։ Այս վերաբերմունքը չափազանց կարևոր է։ Այն որոշում է՝ արդյոք դուք ի վերջո դեպի կործանում կքայլեք, թե դեպի այն գեղեցիկ վերջնական հանգրվանը, որն Աստված պատրաստել է ձեզ համար։ Թագավորության դարաշրջանում Աստված արդեն ավելի քան քսան տարի աշխատել է, և գուցե այս երկու տասնամյակների ընթացքում հոգու խորքում դուք փոքր-ինչ շփոթված եք եղել այն հարցում, թե ինչպես եք դրսևորել ձեզ։ Սակայն Իր սրտում Աստված իրական և ճշմարիտ արձանագրություն է կազմել ձեզանից յուրաքանչյուրի մասին։ Այն պահից, երբ յուրաքանչյուր մարդ սկսում է հետևել Աստծուն և լսել Նրա քարոզները, որից հետո նրանք սկսում են ավելի ու ավելի շատ հասկանալ ճշմարտությունը, մինչև այն պահը, երբ յուրաքանչյուր մարդ իր պարտավորությունն է կատարում, Աստված արձանագրում է յուրաքանչյուր մարդու տարբեր դրսևորումներն այս ընթացքում։ Աստված հաշվառում, արձանագրում է, թե ինչպիսին է մարդկանց վերաբերմունքը, որոնք են նրանց տարբեր դրսևորումները, և թե ինչ են նրանք զգում Աստծու հանդեպ իրենց սրտերում, ի թիվս այլ բաների, երբ նրանք իրենց պարտավորություններն են կատարում, և երբ նրանք բախվում են ամեն տեսակի միջավայրերի և փորձությունների։ Գուցե դուք շփոթված եք այս հարցերում։ Սակայն Աստծու համար դրանք բոլորը բյուրեղի պես պարզ են, և անփութության ամենաչնչին նշույլ անգամ չկա։ Սա մի հարց է, որը ներառում է յուրաքանչյուր մարդու ելքը և առնչվում է նաև յուրաքանչյուր մարդու ճակատագրին ու ապագա հեռանկարներին, և ավելին, սա այն տեղն է, որտեղ Աստված ծախսում է Իր սրտի ողջ արյունը. հետևաբար, Աստված չէր համարձակվի ամենաչնչին չափով անգամ անփույթ լինել, ոչ էլ որևէ անուշադրություն կհանդուրժեր։ Աստված մարդկանց համար այսպիսի հաշվառում է վարում՝ նշելով Աստծուն հետևելու մարդկանց ողջ ընթացքը՝ սկզբից մինչև վերջ։ Այս ընթացքում Նրա նկատմամբ քո վերաբերմունքը որոշում է քո ճակատագիրը։ Մի՞թե սա ճշմարիտ չէ։ Այժմ հավատո՞ւմ եք, որ Աստված արդար է։ Արդյո՞ք Նրա գործողությունները տեղին են։ Արդյո՞ք դեռևս Աստծու վերաբերյալ որևէ այլ երևակայություն ունեք։ (Ոչ։) Այդ դեպքում կասեի՞ք, որ մարդկանց ելքերն Աստված պետք է որոշի, թե՞ մարդիկ իրենք պետք է որոշեն։ (Դրանք Աստված պետք է որոշի։) Ո՞վ է որոշում դրանք։ (Աստված։) Դեռ չգիտեք, այնպես չէ՞։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր Հոնկոնգից, խոսե՛ք. ո՞վ է որոշում դրանք։ (Մարդիկ իրենք են որոշում դրանք։) Արդյո՞ք մարդիկ իրենք են որոշում դրանք։ Մի՞թե դա չէր նշանակի, որ մարդկանց ելքերը ոչ մի կապ չունեն Աստծու հետ։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր Հարավային Կորեայից, խոսե՛ք։ (Աստված որոշում է մարդկանց ելքերը՝ հիմնվելով նրանց բոլոր գործողությունների և արարքների վրա և համաձայն այն բանի, թե ինչ ուղու վրա են նրանք։) Սա շատ օբյեկտիվ պատասխան է։ Այստեղ մի փաստ կա, որի մասին Ես պետք է տեղեկացնեմ բոլորիդ. Աստծու փրկության գործի ընթացքում Նա չափանիշ է սահմանել մարդկանց համար։ Այս չափանիշն այն է, որ նրանք պետք է լսեն Աստծու խոսքը և գան՝ հետևելու Աստծու ճանապարհին։ Հենց այս չափանիշն է օգտագործվում մարդկանց ելքերը գնահատելու համար։ Եթե Աստծու այս չափանիշի համաձայն ես կիրառում, ապա կարող ես լավ ելք ստանալ. եթե ոչ, ապա չես կարող լավ ելք ստանալ։ Ուրեմն, քո ասելով ո՞վ է որոշում այս ելքը։ Միայն Աստված չէ, որ որոշում է այն, այլ Աստված և մարդը միասին։ Արդյո՞ք սա ճիշտ է։ (Այո։) Ինչո՞ւ է այդպես։ Այն պատճառով, որ Աստված է, որ ակտիվորեն ցանկանում է մարդու փրկության գործն անել և գեղեցիկ վերջնական հանգրվան պատրաստել մարդու համար. մարդն Աստծու գործի առարկան է, և այս ելքը՝ այս վերջնական հանգրվանն այն է, ինչ Աստված պատրաստում է մարդու համար։ Եթե չլինեին առարկաներ, որոնց վրա Աստված կաշխատեր, ապա Նա այս աշխատանքն անելու կարիք չէր ունենա. եթե Նա չաներ այս աշխատանքը, ապա մարդը փրկության հասնելու հնարավորություն չէր ունենա։ Մարդն այն առարկան է, որը պետք է փրկվի, և թեև փրկվողները պասիվ կողմում են, հենց այս կողմում գտնվողների վերաբերմունքն է որոշում՝ արդյոք Աստված կիրագործի մարդկությունը փրկելու Իր գործը, թե ոչ։ Եթե չլիներ այն առաջնորդությունը, որն Աստված տալիս է քեզ, դու չէիր իմանա Նրա չափանիշը, ոչ էլ նպատակ կունենայիր։ Եթե դու այս չափանիշը, այս նպատակը ունես, սակայն չես համագործակցում, չես կիրառում այն կամ գին չես վճարում, ապա չես ստանա այս ելքը։ Այս պատճառով Ես ասում եմ, որ մարդու ելքը չի կարող Աստծուց առանձնացվել, և այն նաև չի կարող առանձնացվել մարդուց։ Ուրեմն, այժմ դուք գիտեք, թե ով է որոշում մարդկանց ելքերը։
Մարդիկ հակված են սահմանափակելու Աստծուն՝ հիմնվելով փորձառության վրա
Աստծուն ճանաչելու թեմայով այս հաղորդակցության ընթացքում արդյոք նկատե՞լ եք մի փաստ։ Արդյոք նկատե՞լ եք, որ Նրա վերաբերմունքն այս օրերին փոխակերպման է ենթարկվել։ Արդյո՞ք Նրա վերաբերմունքը մարդկանց նկատմամբ փոփոխման ենթակա չէ։ Մի՞թե Նա միշտ այսպես կհանդուրժի՝ անվերջ Իր ողջ սերն ու ողորմությունը տարածելով մարդկանց վրա։ Այս հարցը նաև Աստծու էությանն է առնչվում։ Եկեք վերադառնանք ավելի վաղ նշված այսպես կոչված անառակ որդու հարցին։ Այդ հարցը տալուց հետո ձեր պատասխաններն այնքան էլ հստակ չէին. այլ կերպ ասած՝ դուք դեռ շատ լավ չեք հասկանում Աստծու մտադրությունները։ Իմանալով, որ Աստված սիրում է մարդուն, մարդիկ սահմանափակում են Նրան՝ որպես սիրո խորհրդանիշ. նրանք կարծում են, թե մարդիկ ինչ էլ անեն, ինչպես էլ իրենց պահեն, ինչպես էլ վերաբերվեն Աստծուն և որքան էլ ըմբոստ լինեն, այս ամենն իրականում նշանակություն չունի, քանի որ Աստված սեր ունի, և Նրա սերն անսահման ու անչափելի է. Աստված սեր ունի, ուստի Նա կարող է հանդուրժող լինել մարդկանց նկատմամբ. և Աստված սեր ունի, ուստի Նա կարող է ողորմած լինել մարդկանց նկատմամբ, ողորմած նրանց անհասության նկատմամբ, ողորմած նրանց տգիտության նկատմամբ և ողորմած նրանց ըմբոստության նկատմամբ։ Արդյո՞ք իսկապես այդպես է։ Որոշ մարդիկ, երբ մեկ կամ մի քանի անգամ փորձառաբար ապրել են Աստծու համբերությունը, այս փորձառություններին կվերաբերվեն որպես Աստծու վերաբերյալ իրենց սեփական գիտելիքի կապիտալի՝ հավատալով, որ Նա հավիտյան համբերատար ու ողորմած կլինի իրենց նկատմամբ, և ապա, իրենց կյանքի ընթացքում, նրանք վերցնում են Աստծու այս համբերությունն ու դիտարկում այն որպես չափանիշ, որով Նա վերաբերվում է իրենց։ Կան նաև այնպիսիք, որոնք մեկ անգամ Աստծու հանդուրժողականությունը փորձառաբար ապրելուց հետո հավիտյան կսահմանափակեն Աստծուն՝ Նրան հանդուրժող համարելով, և նրանց մտքում այս հանդուրժողականությունն անվերջ է, անվերապահ և նույնիսկ լիովին անսկզբունքային։ Արդյո՞ք նման ըմբռնումները ճիշտ են։ Ամեն անգամ, երբ քննարկվում են Աստծու էության կամ Աստծու բնույթի հարցերը, դուք շփոթվում եք։ Ձեզ այսպես տեսնելն Ինձ շատ է անհանգստացնում։ Դուք շատ ճշմարտություններ եք լսել Աստծու էության վերաբերյալ. դուք նաև շատ բան եք լսել Նրա բնույթին վերաբերող թեմաների շուրջ։ Սակայն ձեր մտքում այս հարցերը և այս տեսանկյունների ճշմարտությունը լոկ հիշողություններ են՝ հիմնված տեսության և գրված խոսքերի վրա. ձեր առօրյա կյանքում ձեզանից ոչ ոք երբեք ի վիճակի չէ փորձառաբար ապրելու կամ տեսնելու Աստծու բնույթն այնպիսին, ինչպիսին այն իրականում կա։ Ուստի դուք բոլորդ բթամիտ եք ձեր հավատքի մեջ. դուք բոլորդ կուրորեն եք հավատում և նույնիսկ անհարգալից վերաբերմունք ունեք Աստծու նկատմամբ և արհամարհում եք Նրան։ Ինչի՞ է հանգեցնում Աստծու նկատմամբ այսպիսի վերաբերմունք ունենալը։ Այն հանգեցնում է նրան, որ դուք միշտ սահմանափակում եք Աստծուն։ Հենց որ մի փոքր գիտելիք եք ձեռք բերում, ձեզ շատ բավարարված եք զգում և զգում եք, որ Աստծուն ամբողջովին ձեռք եք բերել։ Դրանից հետո դուք սահմանափակում եք Աստծուն դրանով և թույլ չեք տալիս Նրան ազատորեն շարժվել։ Ամեն անգամ, երբ Աստված նոր բան է անում, դուք պարզապես հրաժարվում եք ընդունել, որ Նա Աստված է։ Այն աստիճան, որ մի օր, երբ Աստված ասի. «Ես այլևս չեմ սիրում մարդուն. Ես այլևս ողորմություն չեմ ցուցաբերի նրա հանդեպ. Ես այլևս հանդուրժողականություն կամ համբերություն չունեմ նրա նկատմամբ. Ես մինչև կոկորդս լցված եմ ծայրահեղ գարշանքով ու հակակրանքով նրա նկատմամբ», մարդիկ իրենց սրտերում դիմադրություն կզգան նման հայտարարությունների նկատմամբ։ Նրանցից ոմանք նույնիսկ կասեն. «Դու այլևս իմ Աստվածը չես. Դու այլևս այն Աստվածը չես, Ում ես ուզում եմ հետևել։ Եթե սա է այն, ինչ Դու ասում ես, ապա Դու այլևս որակավորված չես լինելու իմ Աստվածը, և ինձ պետք չէ շարունակել հետևել Քեզ։ Եթե Դու ինձ այլևս ողորմություն, սեր ու հանդուրժողականություն չտաս, ապա ես կդադարեմ հետևել Քեզ։ Եթե Դու անվերջ հանդուրժող ես իմ նկատմամբ, միշտ համբերատար ես իմ նկատմամբ և թույլ ես տալիս ինձ տեսնել, որ Դու սեր ես, որ Դու համբերություն ես և որ Դու հանդուրժողականություն ես, միայն այդ դեպքում ես կարող եմ հետևել Քեզ, և միայն այդ դեպքում ես Քեզ մինչև վերջ հետևելու հավատք կունենամ։ Քանի որ ես Քո համբերությունն ու ողորմությունն ունեմ, իմ ըմբոստությունն ու իմ հանցանքները կարող են անվերջ ներվել և թողություն ստանալ, և ես կարող եմ մեղք գործել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, խոստովանել և թողություն ստանալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում և բարկացնել Քեզ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Դու չպետք է որևէ կարծիք ունենաս իմ մասին կամ որևէ վճիռ կայացնես իմ վերաբերյալ»։ Թեև ձեզանից ոչ մեկը գուցե այսպես սուբյեկտիվորեն կամ գիտակցաբար չմտածի այսպիսի հարցի մասին, ամեն անգամ, երբ դու Աստծուն քո մեղքերը ներելու համար օգտագործվող գործիք ես համարում կամ առարկա, որը պետք է օգտագործվի գեղեցիկ վերջնական հանգրվան ձեռք բերելու համար, դու աննկատելիորեն կենդանի Աստծուն հակադրել ես քեզ՝ որպես քո թշնամու։ Սա է այն, ինչ Ես տեսնում եմ։ Դու կարող ես շարունակել ասել այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ «Ես հավատում եմ Աստծուն», «Ես ձգտում եմ ճշմարտությանը», «Ես ուզում եմ փոխել իմ խառնվածքը», «Ես ուզում եմ ազատվել խավարի ազդեցությունից», «Ես ուզում եմ գոհացնել Աստծուն», «Ես ուզում եմ հնազանդվել Աստծուն», «Ես ուզում եմ հավատարիմ լինել Աստծուն և լավ կատարել իմ պարտավորությունը» և այլն։ Սակայն, որքան էլ քաղցրահունչ լինեն քո խոսքերը, որքան էլ շատ տեսություն իմանաս, և որքան էլ բարձրագոչ ու վեհ լինեն այս բաները, փաստն այն է, որ այժմ ձեզանից շատերը կան, որոնք արդեն սովորել են, թե ինչպես օգտագործել ձեր տիրապետած կանոնները, վարդապետություններն ու տեսությունները Աստծուն սահմանափակելու համար՝ այդպիսով բնականաբար հակադրելով Նրան ձեզ։ Թեև դու գուցե տիրապետել ես բառերին և վարդապետություններին, դու ճշմարտապես չես մտել ճշմարտության իրականության մեջ, ուստի քեզ համար շատ դժվար է մոտենալ Աստծուն, ճանաչել Նրան և հասկանալ Նրան։ Սա այնքա՜ն ողբալի է։
Ես մի տեսանյութում հետևյալ տեսարանը տեսա. մի քանի քույրեր բարձրացրել էին «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքի մի օրինակ, և նրանք այն շատ բարձր էին պահում. նրանք բարձրացնում էին գիրքն իրենց մեջտեղում՝ իրենց գլուխներից վեր։ Թեև սա պարզապես պատկեր էր, այն, ինչ Ինձ տեսնել տվեց, պատկեր չէր. այլ, այն Ինձ մտածել տվեց, որ ամեն մարդ իր սրտում բարձր է պահում ոչ թե Աստծու խոսքը, այլ Աստծու խոսքի գիրքը։ Սա չափազանց տխուր հարց է։ Նման գործողությունն ամենևին նույնը չէ, ինչ Աստծուն բարձր պահելը։ Քանի որ դուք չեք հասկանում Աստծուն, նույնիսկ շատ ակնհայտ հարցը, չափազանց աննշան խնդիրը ստիպում է ձեզ ձեր սեփական պատկերացումները տածել։ Երբ Ես բաներ եմ հարցնում ձեզ և լուրջ եմ ձեզ հետ, դուք ենթադրություններով ու ձեր սեփական երևակայություններով եք պատասխանում. ձեզանից ոմանք նույնիսկ կասկածամիտ տոնով Իմ հարցերին հարցերով են պատասխանում։ Սա Ինձ էլ ավելի հստակ ասում է, որ այն Աստվածը, Որին դուք հավատում եք, ճշմարիտ Աստվածը չէ։ Այսքան տարի Աստծու խոսքերը կարդալուց հետո դուք օգտագործում եք դրանք, Աստծու գործը և ավելի շատ վարդապետություններ՝ Նրան ևս մեկ անգամ սահմանափակելու համար, բայց երբեք չեք փորձում հասկանալ Աստծուն կամ հասկանալ Նրա մտադրությունները։ Երբեք չեք փորձում հասկանալ, թե ինչպիսին է Նրա վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ինչպես է Աստված մտածում, ինչու է Նա տխուր, ինչու է Նա բարկացած, ինչու է Նա արհամարհանքով մերժում մարդկանց կամ նման այլ հարցեր։ Ավելին, էլ ավելի շատ մարդիկ հավատում են, որ Աստված միշտ լուռ է եղել, որովհետև Նա պարզապես դիտում է մարդկության տարբեր դրսևորումները՝ առանց դրանց վերաբերյալ որևէ վերաբերմունքի կամ գաղափարների։ Մարդկանց մեկ այլ խումբ էլ հավատում է, որ Աստծու ձայն չհանելու պատճառն այն է, որ Նա համաձայնել է, որ Նա սպասում է, կամ որ Նա վերաբերմունք չունի, որովհետև Նրա վերաբերմունքն արդեն լիովին մանրամասնվել է գրքում և ամբողջությամբ արտահայտվել է մարդկությանը, և կարիք չկա նորից ու նորից ասելու մարդկանց։ Թեև Աստված լուռ է, Նա դեռևս վերաբերմունք ու տեսակետ ունի, ինչպես նաև չափանիշ, որին Նա պահանջում է, որ մարդիկ համապատասխանեն։ Թեև մարդիկ չեն փորձում հասկանալ Նրան կամ փնտրել Նրան, Աստծու վերաբերմունքը շատ հստակ է։ Ինչ վերաբերում է մեկին, ով ժամանակին կրքոտ կերպով հետևում էր Աստծուն, բայց հետո, ինչ-որ պահի, լքեց Նրան ու հեռացավ, իսկ հիմա ուզում է վերադառնալ, դուք զարմանալիորեն անտեղյակ եք, թե որն է Աստծու տեսակետը, կամ որն է Նրա վերաբերմունքը։ Մի՞թե սա չափազանց տխուր չէ։ Փաստն այն է, որ սա բավականին մակերեսային հարց է։ Եթե դուք իսկապես հասկանայիք Աստծու սիրտը, դուք կիմանայիք Նրա վերաբերմունքն այսպիսի մարդու նկատմամբ, և դուք երկիմաստ պատասխան չէիք տա։ Քանի որ դուք չգիտեք, թույլ տվեք Ինձ տեղեկացնել ձեզ։
Աստծու վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր փախչում են Նրա գործի ընթացքում
Այսպիսի մարդիկ ամենուր կան. այն բանից հետո, երբ նրանք համոզվել են Աստծու ճանապարհի հարցում, տարբեր պատճառներով նրանք լուռ հեռանում են, առանց հրաժեշտի, որպեսզի գնան ու անեն այն, ինչ իրենց սրտերն են ցանկանում։ Առայժմ չենք խորանա այն պատճառների մեջ, թե ինչու են այս մարդիկ հեռանում. մենք նախ կնայենք, թե որն է Աստծու վերաբերմունքն այսպիսի մարդու նկատմամբ։ Շատ հստակ է, որ այն պահից, երբ այս մարդիկ հեռանում են, Աստծու աչքերում նրանց հավատքի կյանքն ավարտված է։ Ոչ թե անհատ մարդն է ավարտել այն, այլ Աստված։ Այն, որ այս մարդը լքել է Աստծուն, նշանակում է, որ նա արդեն մերժել է Աստծուն, որ նա այլևս չի ուզում Նրան, և որ այլևս չի ընդունում Աստծու փրկությունը։ Քանի որ այսպիսի մարդիկ չեն ուզում Աստծուն, արդյո՞ք Նա դեռ կարող է ուզել նրանց։ Ավելին, երբ այդպիսի մարդիկ նման վերաբերմունք ու գաղափարներ ունեն ու վճռական են դարձել լքելու Աստծուն, նրանք արդեն հարուցել են Աստծու բնույթի զայրույթը։ Թեև նրանք կատաղության մեջ չեն ընկել ու չեն հայհոյել Աստծուն կամ չեն ներգրավվել որևէ ստոր կամ չափն անցնող վարքագծի մեջ և նրանք մտածում են. «Եթե մի օր դրսում զվարճանալուց կշտանամ այնտեղ կամ դեռ Աստծու կարիքն ունենամ, կամ Աստված կանչի ինձ, ես կվերադառնամ», կամ ասում են. «Երբ այնտեղ դրսում ինձ վիրավորեն, կամ տեսնեմ, որ արտաքին աշխարհը չափազանց խավար ու չար է, և չցանկանամ գնալ հոսանքի ուղղությամբ, ես կվերադառնամ Աստծու մոտ»՝ իրենց մտքում հաշվարկելով, թե երբ կվերադառնան, և փորձելով բաց թողնել դուռն իրենց վերադարձի համար, նրանք չեն գիտակցում, որ անկախ այն բանից, թե ինչին են հավատում կամ ինչ են ծրագրում, այդ ամենը ցանկալին իրականության տեղ ընդունել է։ Նրանց ամենամեծ սխալն այն է, որ նրանք հստակ չգիտեն, թե ինչ է զգում Աստված, երբ նրանք ցանկանում են հեռանալ։ Հենց այն պահից, երբ նրանք որոշում են հեռանալ Աստծուց, Նա ամբողջովին լքում է նրանց. այդ ժամանակ Նա արդեն Իր սրտում որոշել է նման մարդու ելքը։ Ի՞նչ ելք է դա։ Այն է, որ այս մարդը կդասակարգվի մկների հետ և հետևաբար կկորչի նրանց հետ միասին։ Ուստի մարդիկ հաճախ այսպիսի իրավիճակ են տեսնում. ինչ-որ մեկը մերժում է Աստծուն, բայց հետո պատիժ չի ստանում։ Աստված գործում է Իր սեփական սկզբունքների համաձայն. որոշ բաներ կարելի է տեսնել, մինչդեռ մյուսները որոշվում են միայն Աստծու սրտում, ուստի մարդիկ չեն կարող տեսնել արդյունքները։ Այն մասը, որը տեսանելի է մարդկանց, պարտադիր չէ, որ բաների ճշմարիտ կողմը լինի, բայց այն մյուս կողմը՝ այն կողմը, որը դու չես տեսնում, իսկապես Աստծու ճշմարիտ մտքերից և որոշումներից է բաղկացած։
Մարդիկ, որոնք փախչում են Աստծու գործի ընթացքում, ճշմարիտ ճանապարհը լքողներն են
Ինչո՞ւ է Աստված նման լուրջ պատիժ տալիս այն մարդկանց, որոնք փախչում են Իր գործի ընթացքում։ Ինչո՞ւ է Նա այդքան բարկացած նրանց վրա։ Նախևառաջ, մենք գիտենք, որ Աստծու բնույթը մեծափառություն և ցասում է. Նա ոչխար չէ, որին թողել են, որպեսզի մորթվի ցանկացած մեկի կողմից, ոչ էլ առավել ևս խամաճիկ է, որը թողնված է, որ մարդն իր ուզածի պես կառավարի նրան։ Նա նաև պարզապես օդ չէ, որին կարելի է կանչել և արձակել ըստ ցանկության։ Եթե իսկապես հավատում ես, որ Աստված գոյություն ունի, ապա պետք է աստվածավախ սիրտ ունենաս և պետք է իմանաս, որ Նրա էության զայրույթը չպետք է հարուցվի։ Այս զայրույթը կարող է հարուցվել մի խոսքից կամ գուցե մի մտքից կամ գուցե ինչ-որ ստոր վարքագծից կամ գուցե մեղմ վարքագծի մի ձևից՝ մարդու աչքերում և բարոյականութան մեջ ընդունելի վարքագծի, կամ վարդապետությունից կամ տեսությունից։ Սակայն, հենց բարկացնես Աստծուն, քո հնարավորությունը կորած է, և քո դատաստանի օրը եկել է։ Սա սարսափելի բան է։ Եթե դու չես հասկանում, որ Աստված վիրավորանք չի հանդուրժում, ապա գուցե չես երկյուղում Նրանից, և գուցե հաճախ ես վիրավորանք հասցնում Նրան։ Եթե դու չգիտես, թե ինչպես երկյուղել Աստծուց, ապա չես կարող երկյուղել Աստծուց, և չես իմանա, թե ինչպես սկսել մտնել Աստծու ճանապարհին հետևելու մեջ՝ երկյուղել Աստծուց և խուսափել չարից։ Հենց որ գիտակցես և հասկանաս, որ Աստված վիրավորանք չի հանդուրժում, կիմանաս, թե ինչ անել՝ Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու համար։
Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ճանապարհին հետևելու մեջ մուտքն իրականում չի պահանջում քեզանից շատ ճշմարտություններ իմանալ, շատ փորձություններ փորձառաբար ապրել կամ շատ կարգավարժման ենթարկվել։ Փոխարենը, դա կախված է Աստծու նկատմամբ քո սրտում ունեցած վերաբերմունքի տեսակից և քո դրսևորած էությունից։ Մարդկանց էություններն ու նրանց սուբյեկտիվ վերաբերմունքները. սրանք շատ կարևոր են, շատ վճռորոշ։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր մերժել ու լքել են Աստծուն, Նրա նկատմամբ արհամարհանքի նրանց վերաբերմունքն ու նրանց սրտերը, որոնք գարշում են ճշմարտությունից, արդեն հարուցել են Նրա բնույթի զայրույթը, ուստի ինչ վերաբերում է Աստծուն, նրանք երբեք չեն ներվի։ Նրանք իմացել են Աստծու գոյության մասին, տեղեկացվել են այն լուրի մասին, որ Նա արդեն ժամանել է, և նույնիսկ փորձառաբար ապրել են Աստծու նոր գործը։ Նրանց հեռանալը մոլորվելու կամ բթամիտ լինելու դեպք չէր, առավել ևս նրանց չէին ստիպել հեռանալ։ Փոխարենը, նրանք գիտակցաբար և պարզ մտքով ընտրեցին լքել Աստծուն։ Նրանց հեռանալն իրենց ճանապարհը կորցնելու հարց չէր, ոչ էլ Նա էր կորցրել նրանց։ Հետևաբար, Աստծու աչքերում նրանք հոտից մոլորված գառներ չեն, էլ չենք խոսում իրենց ճանապարհը կորցրած անառակ որդիների մասին։ Նրանք հեռացան առանց խղճի խայթի, և նման պայմանը, նման վիճակը հարուցում է Աստծու բնույթի զայրույթը, և հենց այս զայրույթի հարուցումն է, որ անուղղելի ելքեր է բերում նրանց համար։ Մի՞թե այսպիսի ելքը սարսափելի չէ։ Հետևաբար, եթե մարդիկ չեն ճանաչում Աստծուն, նրանք կարող են վիրավորանք հասցնել Նրան։ Սա փոքր հարց չէ։ Եթե մարդիկ լուրջ չեն վերաբերվում Աստծու վերաբերմունքին և դեռ հավատում են, որ Նա անհամբեր սպասում է նրանց վերադարձին, որովհետև նրանք Նրա կորած գառներից մի քանիսն են, և Նա դեռ սպասում է, որ նրանք փոխեն իրենց սիրտը, ապա նրանք հեռու չեն իրենց պատժի օրերից։ Աստված ոչ միայն կհրաժարվի ընդունել նրանց, այլև սա երկրորդ անգամն է, որ նրանք հարուցում են Նրա բնույթի զայրույթը, ինչն էլ ավելի սարսափելի հարց է։ Այս մարդկանց անհարգալից վերաբերմունքն արդեն խախտել է Աստծու կառավարչական հրամանագրերը։ Արդյոք Նա դեռ կընդունի՞ նրանց։ Իր սրտում Աստծու սկզբունքներն այս հարցի վերաբերյալ հետևյալն են․ եթե ինչ-որ մեկը համոզվել է ճշմարիտ ճանապարհի հարցում, սակայն դեռ կարող է գիտակցաբար և պարզ մտքով մերժել Աստծուն ու հեռանալ Աստծուց, ապա նման համատեքստում Նա կփակի նման մարդու փրկության ճանապարհը, և այս անհատի համար թագավորության դարպասն այսուհետ փակ կլինի։ Երբ այս մարդը ևս մեկ անգամ գա ու թակի, Աստված չի բացի դուռը. այս մարդը հավիտյան դուրս կմնա։ Հավանաբար ձեզանից ոմանք կարդացել են Մովսեսի պատմությունն Աստվածաշնչում։ Այն բանից հետո, երբ Մովսեսն օծվեց Աստծու կողմից, 250 ղեկավարներն իրենց անհնազանդությունն արտահայտեցին Մովսեսին՝ նրա գործողությունների և այլ տարբեր պատճառներով։ Նրանք ո՞ւմ հրաժարվեցին հնազանդվել։ Դա Մովսեսը չէր։ Նրանք հրաժարվեցին հնազանդվել Աստծու կարգավորումներին. նրանք հրաժարվեցին հնազանդվել այն բանին, ինչ Աստված արել էր։ Նրանք ասացին հետևյալը. «Ձեզ չափազանց շատ բան եք վերապահում, քանի որ ողջ համայնքը սուրբ է՝ նրանցից ամեն մեկը, և Եհովան նրանց մեջ է»։ Արդյո՞ք այս նախադասությունը շատ լուրջ է մարդկային տեսանկյունից։ Այն լուրջ չէ։ Համենայն դեպս, այս խոսքերի բառացի իմաստը լուրջ չէ։ Իրավական իմաստով դա մեծ բան չէ, որովհետև հենց արտաքուստ սա դիմադրող լեզու կամ բառապաշար չէ, առավել ևս այն որևէ հայհոյական ենթատեքստ չունի։ Սա պարզապես սովորական նախադասություն է, ոչ ավելին։ Ինչո՞ւ է ուրեմն այս նախադասությունը կարող նման բարկություն առաջացնել Աստծու մոտ։ Այն պատճառով, որ այն ասվել է ոչ թե մարդկանց, այլ Աստծուն։ Այն վերաբերմունքն ու բնույթը, որն արտահայտված է նրանց ասածի մեջ, հենց դրանք են, որ հարուցում են Աստծու բնույթի զայրույթը, և դրանք հարուցում են Աստծու՝ վիրավորանք չհանդուրժող բնույթի զայրույթը։ Մենք բոլորս գիտենք, թե ի վերջո որոնք էին այդ ղեկավարների ելքերը։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք լքել են Աստծուն, ո՞րն է նրանց տեսակետը։ Ո՞րն է նրանց վերաբերմունքը։ Եվ ինչո՞ւ են նրանց տեսակետն ու վերաբերմունքը ստիպում Աստծուն նրանց հետ նման կերպ վարվել։ Պատճառն այն է, որ թեև նրանք հստակ գիտեն, որ Նա Աստված է, նրանք դեռ ընտրում են դավաճանել Նրան, և ահա թե ինչու նրանք լիովին զրկվում են փրկության իրենց հնարավորություններից։ Ինչպես գրված է Աստվածաշնչում. «Քանզի եթե կամավոր ենք մեղանչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում» (Եբրայեցիներին 10:26)։ Արդյո՞ք այժմ հստակ հասկացողություն ունեք այս հարցի վերաբերյալ։
Մարդկանց ճակատագրերը որոշվում են Աստծու հանդեպ նրանց վերաբերմունքով
Աստված կենդանի Աստված է։ Մարդիկ տարբեր իրավիճակներում տարբեր կերպ են վարվում, և Աստծու վերաբերմունքն այս վարքագծերի նկատմամբ տարբերվում է, որովհետև Նա ո՛չ խամաճիկ է, ո՛չ էլ պարզապես դատարկ օդ։ Արժե, որ մարդիկ ճանաչեն Աստծու վերաբերմունքը։ Մարդիկ պետք է սովորեն ճանաչել Աստծու բնույթը և սկսեն հասկանալ Նրա սիրտը՝ ճանաչելով Նրա վերաբերմունքը։ Երբ աստիճանաբար հասկանաս Աստծու սիրտը, քեզ չի թվա, թե Նրանից երկյուղելը և չարից խուսափելն այդքան դժվար իրագործելի բաներ են։ Ավելին՝ երբ իսկապես հասկանաս Աստծուն, ավելի քիչ հավանական կլինի, որ կսահմանափակես Նրան։ Երբ դադարես սահմանափակել Աստծուն, ավելի քիչ հավանական կլինի, որ վիրավորանք կհասցնես Նրան, և առանց քո գիտակցելու՝ Աստված քեզ կառաջնորդի ճանաչելու Իրեն, և այսպիսով քո սրտում Նրա հանդեպ երկյուղ կունենաս։ Այնուհետև կդադարես Աստծուն քո յուրացրած բառերով և վարդապետություններով կամ տեսություններով սահմանել և փոխարենը մշտապես բոլոր բաներում Աստծու ցանկությունները կփնտրես։ Այսպիսով, առանց գիտակցելու կդառնաս Աստծու մտադրություններին համապատասխանող մարդ։
Աստծու գործն անտեսանելի և անշոշափելի է մարդկանց համար, բայց, ինչ վերաբերում է Նրան, յուրաքանչյուր մարդու գործողությունները՝ Նրա հանդեպ նրանց վերաբերմունքի հետ մեկտեղ, ոչ միայն ընկալելի են Աստծու կողմից, այլև տեսանելի են Նրան։ Սա մի բան է, որի մասին բոլորը պետք է տեղյակ լինեն և որը պիտի հստակ գիտակցեն։ Գուցե միշտ ինքդ քեզ մտածում ես․ «Արդյոք Աստված գիտի՞, թե ինչ եմ անում այստեղ։ Արդյոք Նա գիտի՞, թե ինչի մասին եմ մտածում։ Գուցե գիտի, իսկ գուցե՝ ոչ»։ Եթե Աստծուն հավատալիս և հետևելիս այս տեսակետն ունես ու նաև այսպես կասկածում ես Նրա գործին ու Նրա գոյությանը, ապա վաղ թե ուշ կգա մի օր, երբ Նրա բարկությունը կհարուցես, քանի որ արդեն վտանգավոր անդունդի եզրին ես։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք երկար տարիներ հավատացել են Աստծուն, սակայն դեռևս ճշմարտության իրականությունը ձեռք չեն բերել, առավել ևս՝ չեն հասկացել Աստծու մտադրությունները։ Այս մարդիկ ոչ մի առաջընթաց չեն ունենում իրենց կյանքում ու հասակում՝ հետևելով միայն ամենամակերեսային վարդապետություններին։ Սա այն պատճառով է, որ նման մարդիկ երբեք չեն ընդունել Աստծու բերանից դուրս եկած խոսքերը որպես իրենց կյանք, և երբեք չեն առերեսվել ու չեն ընդունել Նրա գոյությունը։ Ասա՛ Ինձ, երբ Աստված տեսնում է նման մարդկանց, արդյո՞ք դա Նրան հաճույք է պատճառում։ Արդյո՞ք Նրա սիրտը մխիթարվում է։ Այսպիսով, թե ինչպես են մարդիկ հավատում Աստծուն, որոշում է նրանց ճակատագիրը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ ձգտում և ինչպես են մոտենում Աստծուն, մարդկանց վերաբերմունքն առաջնային նշանակություն ունի։ Աստծուն քո մտքի հետին պլան մի՛ մղիր, ասես Նա պարզապես օդ լինի. այլ պետք է միշտ մտածես, որ Աստված, որին հավատում ես, կենդանի Աստված է, իրական Աստված։ Նա պարապ չի նստում այնտեղ՝ երրորդ երկնքում։ Փոխարենը՝ Նա մշտապես զննում է յուրաքանչյուրի սիրտը, զննում է յուրաքանչյուրի գործողությունները, զննում է քո ամեն մի խոսքն ու ամեն մի գործը, զննում է, թե ինչպես ես վարվում և ինչպիսին է քո վերաբերմունքը Նրա հանդեպ։ Անկախ այն բանից՝ պատրաստ ես ինքդ քեզ հանձնել Աստծուն, թե ոչ, քո ողջ վարքագիծը և քո մտքերն ու գաղափարները դրված են Նրա առջև և զննության են ենթարկվում Նրա կողմից։ Քո վարքագծի, քո գործերի և Նրա հանդեպ քո վերաբերմունքի պատճառով Աստծու կարծիքը քո մասին և Նրա վերաբերմունքը քո հանդեպ մշտապես փոխվում են։ Այնուամենայնիվ, Ես պետք է խորհուրդ տամ ձեզանից ոմանց։ Քեզ մանուկ Աստծու ձեռքերում մի՛ համարիր, ասես Նա այնքան շատ է փայփայում քեզ, ասես Նա չէր կարող յոլա գնալ առանց քեզ, և ասես Նրա վերաբերմունքը քո հանդեպ հաստատուն է և երբեք չի կարող փոխվել. վե՛րջ տուր երազելուն։ Աստված արդար է յուրաքանչյուր մարդու հանդեպ Իր վերաբերմունքում և մեծ լրջությամբ է իրականացնում մարդկանց նվաճելու և փրկելու գործը։ Սա Նրա տնօրինումն է։ Նա յուրաքանչյուր մարդու լրջորեն է վերաբերվում։ Նա չի վերաբերվում նրանց որպես ընտանի կենդանու և չի համոզում ու խաղում նրանց հետ։ Աստծու սերը մարդկանց հանդեպ երես տվող կամ փչացնող տեսակի չէ, ոչ էլ մարդկանց հանդեպ Նրա ողորմությունն ու հանդուրժողականությունը ներողամիտ կամ ամենաթող են։ Ընդհակառակը՝ Աստծու սերը մարդկանց հանդեպ ներառում է նրանց փայփայելը, նրանց խղճալը և կյանքը հարգելը։ Մարդկանց հանդեպ Նրա ողորմությունն ու հանդուրժողականությունն իրենց մեջ կրում են մարդկանցից Նրա ակնկալիքները և անհրաժեշտ հիմքն են մարդկության գոյատևման համար։ Աստված կենդանի է, և Աստված փաստացի գոյություն ունի։ Մարդկանց հանդեպ Նրա վերաբերմունքը սկզբունքային է, այն ամենևին էլ կանոնի տեսակ չէ, և այն կարող է փոխվել։ Մարդկության հանդեպ Նրա մտադրություններն աստիճանաբար փոխվում և վերափոխվում են ժամանակի հետ՝ կախված հանգամանքներից և յուրաքանչյուր մարդու վերաբերմունքից։ Հետևաբար, դու պետք է քո սրտում բացարձակ հստակ իմանաս, որ Աստծու էությունն անփոփոխ է, և որ Նրա բնույթը կարտահայտվի տարբեր ժամանակներում և տարբեր համատեքստերում։ Գուցե չմտածես, որ սա լուրջ հարց է, և գուցե օգտագործես քո սեփական անձնական պատկերացումները՝ երևակայելու համար, թե Աստված ինչպես պետք է անի բաները։ Սակայն լինում են ժամանակներ, երբ ճիշտ հակառակն է ճշմարիտ, և օգտագործելով քո սեփական անձնական պատկերացումները՝ փորձելով չափել Աստծուն, դու արդեն բարկացրել ես Նրան։ Սա այն պատճառով է, որ Աստված բացարձակապես չի գործում այնպես, ինչպես դու ես մտածում, և Նա բացարձակապես այս հարցին այնպես չի վերաբերվի, ինչպես դու ես ասում։ Այսպիսով, Ես հիշեցնում եմ քեզ զգույշ և խոհեմ լինել քեզ շրջապատող ամեն ինչի հանդեպ քո մոտեցման մեջ և սովորել, թե ինչպես բոլոր բաներում կիրառել «հետևել Աստծու ճանապարհին՝ երկյուղել Աստծուց և խուսափել չարից» սկզբունքի համաձայն։ Դու պետք է վստահ լինես Աստծու մտադրությունների և Աստծու վերաբերմունքի հարցերում, պետք է գտնես լուսավորված մարդկանց՝ այս հարցերի շուրջ հաղորդակցվելու համար, և պետք է լրջորեն փնտրես։ Մի՛ դիտարկիր քո հավատքի Աստծուն որպես խամաճիկի՝ դատելով Նրան ըստ ցանկության, կամայական եզրակացությունների հանգելով Նրա վերաբերյալ և մոտենալով Նրան անհարգալից վերաբերմունքով։ Մինչ Աստված քեզ փրկություն է բերում և որոշում քո ելքը, Նա կարող է քեզ ողորմություն և հանդուրժողականություն ցուցաբերել կամ դատաստան և պատիժ գործադրել քո վրա, բայց ցանկացած դեպքում Նրա վերաբերմունքը քո հանդեպ հաստատուն չէ։ Այն կախված է Նրա հանդեպ քո սեփական վերաբերմունքից, ինչպես նաև Նրա մասին քո հասկացողությունից։ Մի՛ սահմանափակիր Աստծուն մեկընդմիշտ միայն այն պատճառով, որ որոշակի գիտելիք կամ հասկացողություն ունես Նրա մի կողմի վերաբերյալ։ Մի՛ հավատա մեռած Աստծու։ Հավատա՛ կենդանի Աստծուն։ Հիշի՛ր սա։ Թեև Իմ ասածներից մի քանիսը փաստացի հարցեր են և նաև այն են, ինչ դուք պետք է լսեք, հաշվի առնելով ձեր ներկայիս վիճակը և ներկայիս հասակը, Ես առայժմ չեմ ուզում ավելի մեծ պահանջներ ներկայացնել ձեզ, որպեսզի չսպառեմ ձեր խանդավառությունը։ Դա անելը կարող է ձեր սրտերը լցնել չափազանց շատ մռայլությամբ և ստիպել ձեզ չափազանց մեծ հիասթափություն զգալ Աստծու հանդեպ։ Փոխարենը՝ հուսով եմ, որ կարող եք աստվածասեր սիրտ ու հարգալից վերաբերմունք դրսևորել Աստծու հանդեպ՝ առջևում ընկած ուղով քայլելիս։ Ձևականորեն մի՛ վերաբերվեք Աստծուն հավատալու այս հարցին։ Վերաբերվե՛ք դրան որպես ամենամեծ խնդրի։ Պահե՛ք այն ձեր սրտում, կապե՛ք այն իրականության հետ և կապե՛ք այն իրական կյանքի հետ։ Մի սահմանափակվիր միայն դրա մասին խոսելով, քանի որ սա կենաց և մահու հարց է, և այնպիսին, որը կորոշի քո ճակատագիրը։ Մի՛ վերաբերվեք դրան որպես կատակի կամ մանկական խաղի։ Այսօր ձեզ հետ այս խոսքերով կիսվելուց հետո, հետաքրքիր է՝ արդյոք որևէ բան հասկացե՞լ եք կամ որևէ բան ձեռք բերե՞լ եք դրանցից։ Կա՞ն արդյոք հարցեր, որոնք ցանկանում եք տալ այստեղ այսօր Իմ ասածի մասին։
Թեև այս թեմաները փոքր-ինչ նոր են և փոքր-ինչ հեռու են ձեր տեսակետներից, ձեր սովորական ձգտումներից և այն ամենից, ինչին սովորաբար ուշադրություն եք դարձնում, կարծում եմ՝ որոշ ժամանակ հաղորդակցվելուց հետո ընդհանուր հասկացողություն կզարգացնեք այն ամենի վերաբերյալ, ինչ Ես ասել եմ այստեղ։ Այս թեմաները բոլորը շատ նոր են և այնպիսին են, որոնց մասին նախկինում երբեք չեք մտածել, ուստի հուսով եմ, որ դրանք որևէ կերպ չեն ավելացնի ձեր հոգսը։ Այսօր այս խոսքերը չեմ ասում ձեզ վախեցնելու համար, ոչ էլ օգտագործում եմ դրանք որպես ձեզ էտելու միջոց, այլ Իմ նպատակն է օգնել ձեզ հասկանալ փաստերի իրական պատկերը։ Քանի որ, ի վերջո, մարդու և Աստծու միջև հեռավորություն գոյություն ունի, ու թեև մարդը հավատում է Աստծուն, նա երբեք չի հասկացել Աստծուն կամ չի ճանաչել Աստծու վերաբերմունքը։ Մարդիկ նաև երբեք մեծ խանդավառություն չեն ցուցաբերել Աստծու վերաբերմունքի հանդեպ իրենց մտահոգության մեջ։ Փոխարենը՝ նրանք հավատացել և առաջ են ընթացել կուրորեն և բթամիտ են եղել Աստծու մասին իրենց գիտելիքի և հասկացողության մեջ։ Հետևաբար, Ես ինձ պարտավորված եմ զգում որոշ հարցեր պարզաբանել ձեզ համար և օգնել ձեզ հասկանալու, թե հատկապես ինչպիսի Աստված է այս Աստվածը, որին հավատում եք, ինչպես նաև՝ ինչ է Նա մտածում, ինչպիսին է Նրա վերաբերմունքը տարբեր տեսակի մարդկանց հետ վարվելիս, որքան մեծ է հեռավորությունը ձեր գործողությունների և Նրա պահանջների միջև, և որքան մեծ է անհամապատասխանությունը ձեր գործողությունների և Նրա պահանջած չափանիշի միջև։ Ձեզ այս բաների մասին տեղեկացնելու նպատակը ձեզ ինքներդ ձեզ չափելու համար չափիչ տալն է, որպեսզի իմանաք, թե ինչ ձեռքբերումներ եք ունեցել այս ճանապարհին, ինչ չեք ստացել այս ճանապարհին և որ ոլորտներում պարզապես չեք ներգրավվել։ Ինքներդ ձեր մեջ հաղորդակցվելիս սովորաբար խոսում եք միայն մի քանի հաճախ քննարկվող թեմաների շուրջ, որոնք շատ նեղ են իրենց շրջանակով և բովանդակությամբ մակերեսային։ Հեռավորություն, անջրպետ կա ձեր քննարկածի և Աստծու մտադրությունների միջև, ինչպես նաև ձեր քննարկումների և Աստծու պահանջների շրջանակի ու չափանիշի միջև։ Ժամանակի ընթացքում այսպես շարունակելը անպայման կհանգեցնի Աստծու ճանապարհից ձեր էլ ավելի շեղվելուն։ Դուք պարզապես վերցնում եք Աստծու ներկայիս խոսքերն ու դրանք վերածում երկրպագության առարկաների և դիտարկում դրանք որպես ծեսեր և կանոններ։ Սա է այն ամենը, ինչ անում եք։ Իրականում, Աստված պարզապես տեղ չունի ձեր սրտերում, և Նա երբեք իսկապես ձեռք չի բերել ձեր սրտերը։ Ոմանք կարծում են, որ Աստծուն ճանաչելը շատ դժվար է, և սա է ճշմարտությունը։ Դա փոքր-ինչ դժվար է։ Եթե մարդկանց ստիպեն կատարել իրենց պարտավորությունները և արտաքուստ անել գործերը, եթե նրանց ստիպեն քրտնաջան աշխատել, նրանք կմտածեն, որ Աստծուն հավատալը շատ հեշտ է, որովհետև այս բոլոր բաները մտնում են մարդկային կարողության շրջանակի մեջ։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Աստծու մտադրությունների և մարդկության հանդեպ Նրա վերաբերմունքի տիրույթին, բաներն իսկապես փոքր-ինչ դժվարանում են բոլորի համար։ Քանի որ սա ներառում է մարդկանց կողմից ճշմարտության հասկացողությունը և նրանց մուտքն իրականության մեջ, իհարկե, որոշ չափով դժվարություն կլինի։ Այնուամենայնիվ, երբ անես առաջին քայլերը և սկսես մուտք գործել, բաներն աստիճանաբար կհեշտանան։
Աստծուց երկյուղելու ելակետը Նրան որպես Աստված վերաբերվելն է
Քիչ առաջ ինչ-որ մեկը հարց բարձրացրեց. ինչպե՞ս է պատահում, որ թեև մենք ավելին գիտենք Աստծու մասին, քան Հոբը, միևնույն է, չենք կարողանում երկյուղել Նրանից։ Մենք նախկինում փոքր-ինչ անդրադարձել ենք այս հարցին։ Մենք իրականում նախկինում քննարկել ենք այս հարցի էությունը, որը հետևյալ փաստն է․ թեև Հոբն այն ժամանակ Աստծուն չէր ճանաչում, նա, միևնույն է, Նրան որպես Աստծու էր վերաբերվում և Նրան երկինքների ու երկրի և բոլոր բաների Գերիշխանն էր համարում։ Հոբն Աստծուն թշնամի չէր համարում, այլ երկրպագում էր Նրան որպես Արարչի։ Ինչո՞ւ են մարդիկ մեր օրերում այդքան շատ դիմադրում Աստծուն։ Ինչո՞ւ են նրանք անկարող երկյուղել Նրանից։ Պատճառներից մեկն այն է, որ նրանք խորապես ապականվել են Սատանայի կողմից։ Սատանայական բնությունը խորապես արմատավորված է, և նրանք Աստծու թշնամիներ են դարձել։ Այսպիսով, թեև նրանք հավատում են Աստծուն և ընդունում են Աստծուն, միևնույն է, ի վիճակի են դիմակայելու Նրան և իրենց հակադրելու Նրան։ Սա մարդկային բնությամբ է որոշվում։ Մյուս պատճառն այն է, որ չնայած առ Աստված իրենց հավատքին՝ մարդիկ պարզապես Նրան որպես Աստծու չեն վերաբերվում։ Փոխարենը՝ համարում են, որ Նա հակադրվում է մարդկությանը՝ դիտարկելով Նրան որպես իրենց թշնամու, և անհաշտ են Աստծու հետ։ Ամեն ինչ հենց այսքան պարզ է։ Մի՞թե հենց նոր մեր հաղորդակցության մեջ չանդրադարձանք սրան։ Մտածե՛ք դրա մասին։ Մի՞թե սա չէ պատճառը։ Գուցե մի փոքր գիտելիք ունենաս Աստծու մասին, բայց հատկապես ի՞նչ է այս գիտելիքը։ Մի՞թե սա այն չէ, ինչի մասին բոլորը խոսում են։ Մի՞թե սա այն չէ, ինչ Աստված ասել է քեզ։ Դու միայն այս տեսանկյունին վերաբերող տեսություններին և վարդապետություններին ես ծանոթ, բայց երբևէ գնահատե՞լ ես Աստծու իրական կողմը։ Սուբյեկտիվ գիտելիք ունե՞ս։ Գործնական գիտելիք ու փորձառություն ունե՞ս։ Եթե Աստված չասեր քեզ, կարո՞ղ էիր արդյոք իմանալ։ Այն, որ որոշ տեսություններ գիտես, չի նշանակում, որ իրական գիտելիք ունես։ Կարճ ասած, անկախ այն բանից, թե որքան գիտես կամ ինչպես ես իմացել դա, քանի դեռ Աստծու մասին իրական հասկացողություն ձեռք չես բերել, Նա քո թշնամին կլինի, և քանի դեռ իրականում չես սկսել Աստծուն որպես Աստծու վերաբերվել, Նա քո հակառակ կողմում կկանգնի, քանի որ դու Սատանայի մարմնացում ես։
Երբ Քրիստոսի հետ ես, գուցե կարողանաս օրական երեք անգամ կերակուր մատուցել Նրան կամ գուցե թեյ մատուցես Նրան և հոգաս Նրա առօրյա կարիքները, ասես Քրիստոսին վերաբերվում ես որպես Աստծու։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բան է պատահում, մարդկանց տեսակետները միշտ հակասում են Աստծու տեսակետներին․ մարդիկ միշտ չեն հասկանում և չեն ընդունում Աստծու տեսակետը։ Թեև մարդիկ կարող են արտաքուստ լեզու գտնել Աստծու հետ, սա չի նշանակում, որ նրանք համատեղելի են Նրա հետ։ Հենց որ ինչ-որ բան է պատահում, ի հայտ է գալիս մարդու ըմբոստ իրական դեմքը՝ դրանով իսկ հաստատելով, որ մարդկանց և Աստծու միջև թշնամություն գոյություն ունի։ Այս թշնամությունը չի նշանակում, որ Աստված հակադրվում է մարդկանց կամ Աստված ուզում է թշնամաբար տրամադրված լինել նրանց հանդեպ, ոչ էլ, որ Նա նրանց հակադրում է Իրեն և ապա վերաբերվում նրանց որպես այդպիսին։ Նշանակում է, որ մարդկանց սուբյեկտիվ կամքի և ենթագիտակցության մեջ թաքնված է մի էություն, որը հակադրվում է Աստծուն։ Քանի որ մարդիկ Աստծուց եկող ամեն ինչ դիտարկում են որպես իրենց հետազոտության առարկաներ, նրանց արձագանքն Աստծուց եկող ամեն ինչի նկատմամբ և Աստծուն վերաբերող ամեն ինչի նկատմամբ նախևառաջ գուշակելն է, կասկածելը և ապա արագ դիմակայող վերաբերմունք որդեգրելն ու Աստծուն հակադրվելը։ Դրանից անմիջապես հետո նրանք բացասական տրամադրությամբ վիճում կամ մրցում են Աստծու հետ՝ այն աստիճանի հասնեով, որ նույնիսկ կասկածում են, թե արդյոք արժե հետևել նման Աստծու։ Չնայած այն փաստին, որ նրանց ռացիոնալությունը հուշում է նրանց, որ չպետք է այդպես վարվեն, նրանք, միևնույն է, կընտրեն այդպես վարվել հակառակ իրենց կամքի, և նույնիսկ առանց վարանելու կշարունակեն մինչև վերջ։ Օրինակ՝ ո՞րն է որոշ մարդկանց առաջին արձագանքը, երբ անհիմն ասեկոսեներ կամ զրպարտող խոսքեր են լսում Աստծու մասին։ Նրանց առաջին արձագանքը հետևյալն է․ «Չիմանալով՝ արդյոք այս ասեկոսեն ճիշտ է, թե ոչ, կամ արդյոք այն գոյություն ունի, թե ոչ, լավագույնը կլինի սպասել և տեսնել»։ Ապա նրանք սկսում են մտածել․ «Սա ստուգելու ոչ մի միջոց չկա։ Արդյոք դա իսկապե՞ս պատահել է։ Արդյոք այս ասեկոսեն ճի՞շտ է, թե՞ ոչ»։ Թեև նման մարդիկ արտաքնապես ցույց չեն տալիս այդ կասկածը, իրենց սրտերում արդեն սկսել են կասկածել և արդեն սկսել են ուրանալ Աստծուն։ Ո՞րն է այս տեսակ վերաբերմունքի և նման տեսակետի էությունը։ Մի՞թե դա դավաճանություն չէ։ Քանի դեռ նրանք չեն բախվել այս հարցին, չես կարող տեսնել, թե որոնք են այս մարդկանց տեսակետները․ թվում է, թե նրանք Աստծու հանդեպ դիմակայող չեն և ասես Նրան որպես թշնամի չեն դիտարկում։ Սակայն, հենց որ խնդրի են բախվում, անմիջապես կանգնում են Սատանայի կողքին և հակադրվում են Աստծուն։ Ի՞նչ է սա հուշում։ Սա հուշում է, որ մարդիկ և Աստված հակադրված ե՛ն։ Բանն այն չէ, որ Աստված մարդկությանը որպես թշնամի է դիտարկում, այլ այն, որ մարդկության բուն էությունն ինքնին թշնամաբար է տրամադրված Աստծու հանդեպ։ Անկախ այն բանից, թե որքան երկար է ինչ-որ մեկը հետևել Նրան կամ որքան է ծախսվել, և անկախ այն բանից, թե ինչպես են փառաբանում Աստծուն, ինչպես են զսպում իրենց Նրան դիմակայելուց, կամ նույնիսկ պահանջում իրենցից, որ սիրեն Աստծուն, նրանք երբեք չեն կարողանում վերաբերվել Աստծուն որպես Աստծու։ Մի՞թե սա մարդկանց էությամբ չի որոշվում։ Եթե Նրան որպես Աստծու ես վերաբերվում և անկեղծորեն հավատում ես, որ Նա Աստված է, կարո՞ղ ես արդյոք դեռևս որևէ կասկած ունենալ Նրա հանդեպ։ Կարո՞ղ է արդյոք քո սրտում դեռևս որևէ հարցական նշան լինել Նրա վերաբերյալ։ Այլևս ոչ, այնպես չէ՞։ Այս աշխարհի միտումներն այնքան չար են, և այս մարդկային ցեղը՝ նույնպես․ ուստի ինչպե՞ս է պատահում, որ ոչ մի պատկերացում չունես դրանց վերաբերյալ։ Դու ինքդ այնքան վատն ես, ուստի ինչպե՞ս է, որ պատկերացում չունես դրա վերաբերյալ։ Եվ այնուամենայնիվ, ընդամենը մի քանի ասեկոսե և որոշ զրպարտություններ կարող են նման հսկայական պատկերացումներ և այդքան շատ կարծիքներ առաջացնել Աստծու վերաբերյալ, ինչը ցույց է տալիս, թե որքան փոքր է քո հասակը։ Ընդամենը մի քանի մոծակների և մի քանի զզվելի ճանճերի «տզզոցը»՝ մի՞թե դա այն ամենն է, ինչ պահանջվում է քեզ մոլորեցնելու համար։ Ինչպիսի՞ մարդ է սա։ Գիտե՞ս արդյոք, թե Աստված ինչ է մտածում նման մարդկանց մասին։ Աստծու վերաբերմունքն իրականում շատ հստակ է նրանց վերաբերվելու հարցում։ Պարզապես Աստծու վերաբերմունքն այս մարդկանց հանդեպ նրանց մի կողմ դնելն է։ Նրա վերաբերմունքն այն է, որ ոչ մի ուշադրություն չդարձնի նրանց, և Նա լուրջ չի վերաբերվում այս տգետ մարդկանց։ Ինչո՞ւ է այդպես։ Դա այն պատճառով է, որ Իր սրտում Աստված երբեք չի ծրագրել ձեռք բերել այն մարդկանց, որոնք երդվել են մինչև վերջ թշնամաբար տրամադրված լինել Նրա հանդեպ, և ովքեր երբեք չեն ծրագրել փնտրել Նրա հետ համատեղելի լինելու ուղի։ Գուցե այս ասածս խոսքերը կարող են ցավեցնել մի քանի մարդու։ Դե ինչ, պատրա՞ստ եք արդյոք միշտ թույլ տալ Ինձ այսպես ցավեցնել ձեզ։ Պատրաստ լինեք, թե ոչ, այն ամենը, ինչ Ես ասում եմ, իրականությո՛ւն է։ Եթե Ես միշտ ցավեցնեմ ձեզ և այսպես մերկացնեմ ձեր սպիները, արդյոք դա կազդի՞ աստծու այն վեհ պատկերի վրա, որը տածում եք ձեր սրտերում։ (Չի՛ ազդի։) Ես նույնպես այդպես չեմ կարծում, քանի որ ձեր սրտերում պարզապես Աստված չկա։ Այն վեհ աստվածը, որը բնակվում է ձեր սրտերում, նա, ում խստորեն պաշտպանում և պահպանում եք, պարզապես Աստված չէ։ Նա մարդկային երևակայության արգասիք է։ Նա պարզապես գոյություն չունի։ Ուստի, լավագույնն այն է, որ Ես մերկացրի այս հանելուկի պատասխանը։ Մի՞թե սա չի բացահայտում ողջ իրականությունը։ Ճշմարիտ Աստված այնպիսին չէ, ինչպիսին մարդիկ երևակայում են Նրան։ Հուսով եմ, որ բոլորդ կարող եք առերեսվել այս իրականությանը, և դա կօգնի Աստծու մասին ձեր գիտելիքին։
Այն մարդիկ, որոնք չեն ճանաչվում Աստծու կողմից
Կան որոշ մարդիկ, որոնց հավատքը երբեք չի ճանաչվել Աստծու սրտում։ Այլ կերպ ասած՝ Աստված չի ընդունում, որ նրանք Իր հետևորդներն են, որովհետև Նա հավանություն չի տալիս նրանց հավատքին։ Անկախ այն բանից, թե քանի տարի են հետևել Աստծուն, այս մարդկանց գաղափարներն ու տեսակետները երբեք չեն փոխվել. նրանք անհավատների պես են՝ հավատարիմ մնալով աշխարհի հետ վարվելու անհավատների սկզբունքներին ու մեթոդներին և անհավատների գոյատևման օրենքներին ու նրանց համոզմունքներին։ Նրանք երբեք Աստծու խոսքը որպես իրենց կյանք չեն ընդունել, երբեք չեն հավատացել, որ Աստծու խոսքը ճշմարտությունն է, երբեք մտադիր չեն եղել ընդունելու Աստծու փրկությունը և երբեք չեն ճանաչել Աստծուն՝ որպես իրենց Աստծու։ Նրանք Աստծուն հավատալուն վերաբերվում են լոկ որպես սիրողական զբաղմունքի և դիտարկում են Նրան լոկ որպես հոգևոր սնունդ. որպես այդպիսին՝ նրանք չեն բարեհաճում հասկանալ Աստծու բնույթը կամ էությունը։ Կարելի է ասել, որ ճշմարիտ Աստծու հետ կապված ոչինչ կապ չունի այս մարդկանց հետ. նրանք հետաքրքրված չեն, ոչ էլ նեղություն են կրում ուշադրություն դարձնելու։ Սա այն պատճառով է, որ նրանց սրտերի խորքում մի ուժգին ձայն կա, որը միշտ ասում է նրանց։ «Աստված անտեսանելի և անշոշափելի է և գոյություն չունի»։ Նրանք հավատում են, որ այսպիսի Աստծուն հասկանալ փորձելն իրենց ջանքերի վատնում կլիներ, և որ դա անելով՝ նրանք կխաբեին ինքներն իրենց։ Նրանք կարծում են, որ պարզապես խոսքերով Աստծուն ընդունելով՝ առանց որևէ իրական դիրքորոշում ունենալու կամ որևէ իրական գործողության մեջ ներգրավվելու, իրենք բավականին խելացի են գտնվում։ Ինչպե՞ս է Աստված նայում նման մարդկանց։ Նա դիտարկում է նրանց որպես անհավատների։ Ոմանք հարցնում են․ «Կարո՞ղ են արդյոք անհավատները կարդալ Աստծու խոսքերը։ Կարո՞ղ են արդյոք նրանք կատարել իրենց պարտավորությունները։ Կարո՞ղ են արդյոք նրանք ասել․ «Ես կապրեմ Աստծու համար» խոսքերը»։ Այն, ինչ մարդիկ հաճախ տեսնում են, այն դրսևորումներն են, որոնք մարդիկ ցուցադրում են արտաքուստ. նրանք չեն տեսնում մարդկանց էությունները։ Սակայն Աստված չի նայում այս մակերեսային դրսևորումներին. Նա տեսնում է միայն նրանց ներքին էությունները։ Այսպիսով, սա է այն վերաբերմունքն ու սահմանումը, որն Աստված ունի այս մարդկանց հանդեպ։ Այս մարդիկ ասում են։ «Ինչո՞ւ է Աստված անում սա։ Ինչո՞ւ է Աստված անում այն։ Ես չեմ կարողանում հասկանալ սա, ես չեմ կարողանում հասկանալ այն. սա մարդկային պատկերացումներին չի համապատասխանում. Դու պետք է բացատրես դա ինձ…»։ Ի պատասխան սրան՝ Ես հարցնում եմ․ արդյոք իսկապես անհրաժե՞շտ է այս հարցերը քեզ բացատրել։ Արդյոք այս հարցերն իրականում որևէ կապ ունե՞ն քեզ հետ։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ ես դու։ Որտեղի՞ց ես եկել։ Արդյոք իսկապե՞ս որակավորված ես Աստծուն ցուցումներ տալու համար։ Հավատո՞ւմ ես արդյոք Նրան։ Արդյոք Նա ընդունո՞ւմ է քո հավատքը։ Քանի որ քո հավատքը ոչ մի կապ չունի Աստծու հետ, ի՞նչ գործ ունես Նրա արարքների հետ։ Դու չգիտես, թե որտեղ է քո տեղն Աստծու սրտում, ուստի ինչպե՞ս կարող ես որակավորված լինել Նրա հետ երկխոսության մեջ մտնելու համար։
Հորդորի խոսքեր
Արդյոք անհարմար չե՞ք զգում այս խոսքերը լսելուց հետո։ Թեև գուցե չցանկանաք լսել դրանք կամ չցանկանաք ընդունել դրանք, դրանք բոլորը փաստեր են։ Քանի որ աշխատանքի այս փուլն Աստված պետք է իրականացնի, եթե չես մտահոգվում Նրա մտադրություններով, հոգ չես տանում Նրա վերաբերմունքի մասին և չես հասկանում Նրա էությունն ու բնույթը, ապա վերջում դու կլինես տուժողը։ Մի՛ մեղադրեք Իմ խոսքերը դժվար լսելի լինելու համար և մի՛ մեղադրեք դրանք ձեր խանդավառությունը մարելու համար։ Ես իրականությունն եմ խոսում. Իմ մտադրությունը ձեզ վհատեցնելը չէ։ Անկախ այն բանից, թե ինչ եմ Ես պահանջում ձեզանից, և անկախ այն բանից, թե ինչպես պետք է դուք դա անեք, հուսով եմ, որ ճիշտ ուղով կքայլեք և կհետևեք Աստծու ճանապարհին և որ երբեք չեք շեղվի ճիշտ ուղուց։ Եթե Աստծու խոսքի համաձայն չես գործում կամ չես հետևում Նրա ճանապարհին, ապա կասկած չի կարող լինել, որ ապստամբում ես Աստծու դեմ և շեղվել ես ճիշտ ուղուց։ Այսպիսով, Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ Ես որոշ հարցեր պարզաբանեմ ձեզ համար, որպեսզի հավատաք կատարյալ պարզությամբ և լիակատար հստակությամբ, այլ ոչ թե խառնաշփոթ կերպով, և որպեսզի հստակ հասկացողություն ունենաք Աստծու վերաբերմունքի, Նրա մտադրությունների, այն մասին, թե ինչպես է Նա կատարելագործում մարդկանց, և թե ինչ կերպ է Նա որոշում մարդկանց ելքերը։ Եթե գա մի օր, երբ չկարողանաս բռնել այս ուղին, ապա Ես ոչ մի պատասխանատվություն չեմ կրում, քանի որ արդեն շատ խոսքեր են հստակորեն ասվել քեզ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ես վարվում քո սեփական ելքի հետ, սա մի հարց է, որն ամբողջովին քեզանից է կախված։ Տարբեր տեսակի մարդկանց ելքերի վերաբերյալ Աստված տարբեր վերաբերմունքներ ունի, Նա ունի դրանք գնահատելու Իր սեփական ուղիները, ինչպես նաև նրանց համար պահանջի Իր սեփական չափանիշը։ Մարդկանց ելքերը գնահատելու Նրա չափանիշն այնպիսին է, որն արդար է բոլորի համար. դրանում կասկած չկա՛։ Հետևաբար, ոմանց անհանգստություններն անհարկի են։ Հիմա հանգստացա՞ք։ Այսօր այսքանը։ Ցտեսությո՛ւն։
17 հոկտեմբերի, 2013 թ.