Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը I

Այսօր հաղորդակցվում ենք մի կարևոր թեմայի շուրջ։ Սա մի թեմա է, որը քննարկվել է Աստծու գործի սկզբից ի վեր և որը շատ մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր մարդու համար։ Այլ կերպ ասած՝ սա մի հարց է, որին յուրաքանչյուր ոք կբախվի Աստծուն հավատալու ընթացքում, մի հարց, որին անպայման պետք է բախվել։ Դա վճռորոշ, անխուսափելի հարց է, որն անբաժանելի է մարդկանցից։ Խոսելով կարևորության մասին՝ ի՞նչն է ամենակարևոր բանն Աստծուն յուրաքանչյուր հավատացողի համար։ Ոմանք կարծում են, թե ամենակարևորն Աստծու մտադրությունները հասկանալն է, ոմանք հավատում են, որ ամենակարևորն Աստծու խոսքերն ավելի շատ ուտելն ու խմելն է, ոմանք կարծում են, թե ամենակարևորն ինքնաճանաչողության հասնելն է, մյուսներն այն կարծիքին են, որ ամենակարևորն իմանալն է, թե ինչպես հասնել Աստծու փրկությանը, ինչպես հետևել Աստծուն և ինչպես բավարարել Աստծու մտադրությունները։ Այսօր մի կողմ կդնենք այս բոլոր թեմաները։ Ուրեմն այդ դեպքում ի՞նչ ենք քննարկում։ Մի թեմա, որը կապված է Աստծու հետ։ Արդյոք սա ամենակարևո՞ր թեման է յուրաքանչյուր մարդու համար։ Ի՞նչ է ենթադրում Աստծուն վերաբերող թեման։ Իհարկե, այն անշուշտ չի կարող անջատվել Աստծու բնույթից, Աստծու էությունից և Աստծու գործից։ Ուստի այսօր եկեք քննարկենք «Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը»։

Այն ժամանակից ի վեր, երբ մարդիկ սկսեցին հավատալ Աստծուն, բախվել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու գործին, ոմանք կասեն. «Աստծու գործը կատարվում է մեզ վրա. մենք ամեն օր փորձառաբար ապրում ենք այն, ուստի անծանոթ չենք դրան»։ Խոսելով Աստծու բնույթի մասին՝ ոմանք կասեն. «Աստծու բնույթը մի թեմա է, որն ուսումնասիրում ենք, հետազոտում և որի վրա կենտրոնանում ենք մեր ողջ կյանքում, ուստի ծանոթ ենք դրան»։ Ինչ վերաբերում է Իրեն՝ Աստծուն, ոմանք կասեն. «Աստված Ինքը Նա է, ում հետևում ենք, ում հավատում ենք, և Նա է, ում հետևից գնում ենք. Նրա մասին նույնպես անտեղյակ չենք»։ Արարչագործությունից ի վեր Աստված երբեք չի դադարեցրել Իր գործը: Իր գործի ողջ ընթացքում Նա շարունակել է արտահայտել Իր բնույթը և տարբեր միջոցներ է օգտագործել՝ Իր խոսքն արտահայտելու համար։ Միևնույն ժամանակ Նա երբեք չի դադարել Իրեն և Իր էությունը մարդկությանն արտահայտելուց՝ արտահայտելով մարդկության հանդեպ Իր մտադրությունները և այն, ինչ Նա պահանջում է մարդկությունից։ Հետևաբար տառացի իմաստով ոչ ոք անծանոթ չէ այս թեմաներին։ Սակայն այսօր Աստծուն հետևող մարդկանց համար Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքն իրականում շատ օտար են։ Ինչո՞ւ եմ ասում դա։ Երբ մարդիկ փորձառաբար ապրում են Աստծու գործը, նաև շփվում են Աստծու հետ, ինչը ստիպում է նրանց զգալ, թե իբր հասկացել են Աստծու բնույթը և ճանաչել են դրա մի մասը։ Համապատասխանաբար, մարդը չի կարծում, թե անծանոթ է Աստծու գործին կամ Աստծու բնույթին։ Փոխարենը մարդը կարծում է, թե շատ ծանոթ է Աստծուն և շատ բան է հասկանում Աստծու մասին։ Բայց ներկա վիճակում Աստծու վերաբերյալ այս հասկացողությունը շատ մարդկանց համար սահմանափակվում է նրանով, ինչ կարդացել են գրքերում, անձնական փորձառությամբ, իրենց երևակայություններով և առավել ևս այն փաստերով, որոնք կարող են տեսնել իրենց սեփական աչքերով, և շատ հեռու է Իրենից՝ ճշմարիտ Աստծուց։ Իսկ որքա՞ն հեռու է այս «հեռուն»։ Գուցե մարդն ինքն էլ վստահ չէ, կամ գուցե մարդը թեթևակի զգացում, կասկած ունի, բայց երբ խոսքը վերաբերում է Իրեն՝ Աստծուն, Նրա վերաբերյալ մարդու հասկացողությունը չափազանց հեռու է Իր՝ ճշմարիտ Աստծու էությունից։ Ահա թե ինչու «Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը» թեմայի շուրջ մեզ համար հրամայական է հաղորդակցվել համակարգված և հստակ կերպով։

Իրականում Աստծու բնույթը բաց է բոլորի համար և թաքնված չէ։ Դա նրանից է, որ Աստված երբեք գիտակցաբար չի խուսափել որևէ մարդուց կամ գիտակցաբար չի թաքցրել Իրեն և այդպիսով խոչընդոտել, որ մարդիկ ճանաչեն կամ հասկանան Իրեն. փոխարենը Աստծու բնույթը միշտ եղել է բաց լինելը և անկեղծորեն առերեսվելը յուրաքանչյուր մարդու։ Աստծու տնօրինման մեջ Աստված Իր գործն անում է՝ առերեսվելով բոլորին, և Նրա գործը կատարվում է յուրաքանչյուր մարդու վրա։ Այս գործն անելիս Նա շարունակաբար բացահայտում է Իր բնույթը և շարունակաբար օգտագործում է Իր էությունը, այն, ինչ Նա ունի և ինչ Նա է, որպեսզի ուղղորդի և ապահովի յուրաքանչյուր մարդու։ Յուրաքանչյուր դարաշրջանում և յուրաքանչյուր փուլում, անկախ նրանից՝ հանգամանքները լավն են, թե վատը, Աստծու բնույթը միշտ բաց է յուրաքանչյուր անհատի համար, և Նրա ունեցվածքն ու էությունը միշտ բաց են յուրաքանչյուր անհատի համար, ճիշտ ինչպես Նրա կյանքը մշտապես և անդադար ապահովում ու աջակցում է մարդուն։ Չնայած այս ամենին՝ Աստծու բնույթը թաքնված է մնում ոմանց համար։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Որովհետև թեև այս մարդիկ ապրում են Աստծու գործի մեջ և հետևում են Աստծուն, երբեք չեն փնտրել Աստծուն հասկանալը, ոչ էլ ցանկացել են ճանաչել Աստծուն, էլ չենք խոսում Աստծուն ավելի մոտենալու մասին։ Այս մարդկանց համար Աստծու բնույթը հասկանալը կնշանակեր իրենց ելքերի գալուստը. դա կնշանակեր դատվել և դատապարտվել Աստծու բնույթի կողմից։ Հետևաբար նրանք երբեք չեն ցանկացել հասկանալ Աստծուն կամ Նրա բնույթը, ոչ էլ երբևէ ցանկացել են Աստծու մտադրությունների ավելի խորը հասկացողություն կամ ճանաչողություն։ Նրանք չեն ուզում ըմբռնել Աստծու մտադրությունները գիտակցված համագործակցության միջոցով. պարզապես հավերժ վայելում են և երբեք չեն հոգնում այն բաներն անելուց, որոնք ուզում են անել, այն աստծուն հավատալուց, որին ուզում են հավատալ, այն աստծուն հավատալուց, որը գոյություն ունի միայն իրենց երևակայություններում, այն աստծուն, որը գոյություն ունի միայն իրենց պատկերացումներում, և հավատալուց մի աստծու, որն «անբաժանելի» է իրենցից իրենց առօրյա կյանքում։ Երբ խոսքը վերաբերում է Իրեն՝ ճշմարիտ Աստծուն, լիովին արհամարհական են տրամադրված և Նրան հասկանալու կամ Նրան ուշադրություն դարձնելու ոչ մի ցանկություն չունեն, և առավել ևս չեն ցանկանում ավելի մոտենալ Նրան։ Փոխարենը պարզապես օգտագործում են Աստծու արտահայտած խոսքերը՝ իրենց զարդարելու, իրենց փաթեթավորելու համար։ Նրանց համար սա արդեն դարձնում է իրենց հաջողակ հավատացյալներ և մարդիկ, որոնք ի սրտե հավատում են Աստծուն։ Իրենց սրտերում նրանք առաջնորդվում են իրենց երևակայություններով, իրենց պատկերացումներով և նույնիսկ Աստծու վերաբերյալ իրենց սահմանափակումներով։ Մյուս կողմից՝ ճշմարիտ Աստված Ինքը բացարձակապես ոչ մի կապ չունի նրանց հետ։ Մտածում են, որ եթե հասկանալու լինեին Իրեն՝ ճշմարիտ Աստծուն, հասկանալու լինեին Աստծու ճշմարիտ բնույթը և հասկանալու լինեին այն, ինչ Աստված ունի և է, դա կնշանակեր, որ իրենց գործողությունները, իրենց հավատքը և իրենց ձգտումները կդատապարտվեին։ Ահա թե ինչու շատ դժկամ են հասկանալու Աստծու էությունը և շատ դժկամ են ու հարկադրված ակտիվորեն փնտրելու կամ աղոթելու՝ Աստծուն ավելի լավ հասկանալու, Աստծու մտադրություններն ավելի լավ իմանալու և Աստծու բնույթն ավելի լավ հասկանալու համար։ Նրանք կնախընտրեին, որ Աստված լիներ հորինված մի բան, դատարկ և երևակայական մի բան։ Կնախընտրեին, որ Աստված լիներ ճիշտ այնպիսին, ինչպիսին իրենք են երևակայել, և լիներ իրենց տրամադրության տակ՝ անսպառ և անվերջ ապահովմամբ։ Երբ ուզում են վայելել Աստծու շնորհը, նրանք Աստծուն խնդրում են լինել այդ շնորհը։ Երբ Աստծու օրհնության կարիքն ունեն, Աստծուն խնդրում են լինել այդ օրհնությունը։ Երբ բախվում են նեղության, Աստծուն խնդրում են քաջալերել իրենց, լինել իրենց նեցուկը։ Աստծու՝ այս մարդկանց ճանաչողությունը մնացել է շնորհի և օրհնության շրջանակներում։ Աստծու գործի, Աստծու բնույթի և Աստծու վերաբերյալ նրանց հասկացողությունը նույնպես սահմանափակվում է սոսկ իրենց երևակայություններով և բառերով ու վարդապետություններով։ Բայց կան որոշ մարդիկ, որոնք փափագում են հասկանալ Աստծու բնույթը, ուզում են իսկապես տեսնել Իրեն՝ Աստծուն և ճշմարտապես հասկանալ Աստծու բնույթն ու այն, ինչ Նա ունի և է։ Այս մարդիկ ձգտում են ճշմարտության իրականությանը և Աստծու փրկությանը և ձգտում են նվաճվել, փրկվել և կատարելագործվել Աստծու կողմից։ Նրանք օգտագործում են իրենց սրտերը՝ կարդալու Աստծու խոսքը, օգտագործում են իրենց սրտերը՝ գնահատելու յուրաքանչյուր իրավիճակ, որն Աստված ստեղծում է, և յուրաքանչյուր մարդու, իրադարձություն և բան, որ Նա կարգավորում է իրենց համար, և աղոթում ու փնտրում են անկեղծությամբ։ Այն, ինչ ամենաշատն են ուզում իմանալ, Աստծու մտադրություններն են, և այն, ինչ ամենաշատն են ուզում հասկանալ, Աստծու ճշմարիտ բնույթն ու էությունն են, որպեսզի այլևս հանցանքներ չգործեն Աստծու դեմ և իրենց փորձառությունների միջոցով կարողանան ավելի շատ տեսնել Աստծու սիրելիությունն ու Նրա ճշմարիտ կողմը։ Դա նաև նրա համար է, որ իսկապես իրական Աստված գոյություն ունենա իրենց սրտերում, և որպեսզի Աստված տեղ ունենա իրենց սրտերում, և այլևս չապրեն երևակայությունների, պատկերացումների կամ վերացականության մեջ։ Այս մարդկանց համար պատճառը, որ հրատապ ցանկություն ունեն հասկանալու Աստծու բնույթն ու Նրա էությունը, այն է, որ Աստծու բնույթն ու էությունն անհրաժեշտ են մարդկանց ամեն ակնթարթ իրենց փորձառությունների ընթացքում՝ ծառայելով որպես կյանքի ապահովում մարդկանց ողջ կյանքի ընթացքում։ Հենց որ այս մարդիկ հասկանան Աստծու բնույթը, կկարողանան ավելի շատ երկյուղել Աստծուց, ավելի լավ համագործակցել Աստծու գործի հետ և ավելի շատ հաշվի առնել Աստծու մտադրությունները և պատշաճ կերպով կատարել իրենց պարտավորությունը։ Այսպիսին են Աստծու բնույթի նկատմամբ երկու տեսակի մարդկանց ունեցած վերաբերմունքները։ Առաջին տեսակը չի ուզում հասկանալ Աստծու բնույթը։ Թեև ասում են, որ ուզում են հասկանալ Աստծու բնույթը, ճանաչել Իրեն՝ Աստծուն, տեսնել այն, ինչ Աստված ունի և է, և իսկապես գնահատել Աստծու մտադրությունները, հոգու խորքում կնախընտրեին, որ Աստված գոյություն չունենար։ Դա նրանից է, որ նրանք մշտապես ըմբոստանում են Աստծու դեմ և դիմակայում Նրան և իրենց սրտերում փորձում են մրցակցել Աստծու հետ կարգավիճակի համար, և հաճախ կասկածում և նույնիսկ ժխտում են Աստծու գոյությունը՝ չցանկանալով թույլ տալ, որ Աստծու բնույթը կամ իրական Աստված Ինքը զբաղեցնի իրենց սրտերը, և ցանկանալով միայն բավարարել իրենց սեփական ցանկությունները, բավարարել իրենց սեփական երևակայությունները և բավարարել իրենց սեփական փառասիրական ձգտումները։ Հետևաբար, թեև այս մարդիկ հավատում են Աստծուն, հետևում են Աստծուն և ի վիճակի են հրաժարվելու իրենց ընտանիքներից ու աշխատանքից, չեն դադարում չար գործեր կատարելուց։ Ոմանք նույնիսկ գողանում կամ վատնում են ընծաները կամ անեծքներ են տեղում Աստծու վրա առանձնության մեջ։ Մյուսներն օգտագործում են իրենց դիրքերը՝ բազմիցս վկայելու իրենց համար, բարձրացնելու իրենց և մրցակցելու Աստծու հետ մարդկանց ու կարգավիճակի համար. օգտագործում են տարբեր մեթոդներ և միջոցներ՝ մղելու մարդկանց երկրպագելու իրենց՝ մշտապես փորձելով շահել մարդկանց և վերահսկել նրանց։ Ոմանք նույնիսկ դիտավորյալ սխալ ուղղությամբ են տանում մարդկանց՝ ստիպելով մտածել, թե իրենք Աստված են, որպեսզի իրենց Աստծու պես վերաբերվեն։ Երբեք չէին ասի որևէ մեկին, որ իրենք ապականվել են, որ իրենք նույնպես ապականված են ու ամբարտավան, և որ չերկրպագեն իրենց, և որ անկախ նրանից, թե որքան լավ են անում, դա ամբողջությամբ Աստծու բարձրացման շնորհիվ է, և իրենք, միևնույն է, անում են այն, ինչ պետք է անեն։ Ինչո՞ւ չեն ասում այս բաները։ Որովհետև խորապես վախենում են կորցնել իրենց տեղը մարդկանց սրտերում։ Հետևաբար նման մարդիկ երբեք չեն բարձրացնում Աստծուն և երբեք վկայություն չեն կրում Աստծու համար։ Պատճառը, որ չեն բարձրացնում Աստծուն կամ վկայություն չեն կրում Աստծու համար, այն է, որ երբեք չեն փորձել հասկանալ Աստծուն։ Կարո՞ղ են արդյոք ճանաչել Աստծուն՝ առանց Նրան հասկանալու։ Անհնար է։ Այսպիսով, թեև «Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը» թեմայի խոսքերը կարող են պարզ լինել, դրանք տարբեր իմաստներ ունեն յուրաքանչյուր մարդու համար։ Նրա համար, ով հաճախ ըմբոստանում է Աստծու դեմ, դիմակայում է Աստծուն և թշնամական է տրամադրված Աստծու հանդեպ, խոսքերը դատապարտում են կանխագուշակում, մինչդեռ նա, ով ձգտում է ճշմարտության իրականությանը և հաճախ գալիս է Աստծու առջև՝ փնտրելու Աստծու մտադրությունները, անկասկած կընդունի նման խոսքերն այնպես, ինչպես ձուկը՝ ջուրը։ Այսպիսով՝ ձեզանից ոմանց համար, երբ խոսք է գնալու Աստծու բնույթի և Աստծու գործի մասին, ձեր գլուխները հանկարծակի զնգում են, ձեր սրտերը լցվում են դիմակայությամբ, և դուք չափազանց անհարմար եք զգում։ Բայց ձեր մեջ կան ուրիշներ, ովքեր զգում են, որ թեման ճիշտ այն է, ինչ իրենց պետք է։ Դա նրանից է, որ այն այնքան օգտակար է ձեզ համար, մի բան է, որը չի կարող բացակայել ձեր կյանքի փորձառությունից, այն ամենակարևորի ամենակարևորն է, Աստծուն հավատալու հիմքն է, և մարդը չի կարող առանց դրա։ Յուրաքանչյուր մարդու համար այս թեման կարող է թվալ և՛ մոտ, և՛ հեռու, անհայտ, սակայն ծանոթ։ Բայց անկախ ամեն ինչից՝ սա մի թեմա է, որը յուրաքանչյուր ոք պետք է լսի, պետք է իմանա և պետք է հասկանա։ Անկախ նրանից, թե ինչպես ես մոտենում դրան, անկախ նրանից, թե ինչպես ես նայում դրան կամ ինչպես ես հասկանում, այս թեմայի կարևորությունը չի կարելի անտեսել։

Աստված անում է Իր գործը մարդկությանն արարելուց ի վեր։ Սկզբում դա շատ պարզ գործ էր, բայց չնայած իր պարզությանը՝ այն Աստծու էության և բնույթի արտահայտություններ էր պարունակում։ Թեև Աստծու գործն այժմ բարձրացվել է, և Աստված հսկայական քանակությամբ գործնական աշխատանք է կատարել Իրեն հետևող յուրաքանչյուր մարդու վրա և մեծ քանակությամբ խոսքեր է արտահայտել մարդուն, Աստծու անձը մշտապես թաքնված է եղել մարդուց։ Թեև Նա մարմնացել է երկու անգամ, աստվածաշնչյան արձանագրությունների ժամանակներից մինչև մեր օրերը ո՞վ է երբևէ տեսել Աստծու ճշմարիտ կերպարանքը։ Ձեր հասկացողության համաձայն՝ արդյոք որևէ մեկը երբևէ տեսե՞լ է Աստծու ճշմարիտ կերպարանքը։ Ո՛չ։ Ոչ ոք չի տեսել Աստծու ճշմարիտ կերպարանքը, ինչը նշանակում է, որ ոչ ոք երբեք չի տեսել Աստծու ճշմարիտ ես-ը։ Սա մի բան է, որի հետ բոլորը համաձայն են։ Այսինքն՝ Աստծու ճշմարիտ կերպարանքը կամ Աստծու Հոգին թաքնված է բոլոր մարդկանցից՝ ներառյալ Ադամից ու Եվայից, որոնց Նա արարեց, և ներառյալ արդար Հոբից, որին Նա ընդունեց։ Նրանցից ոչ մեկը չտեսավ Աստծու ճշմարիտ կերպարանքը։ Բայց ինչո՞ւ է Աստված գիտակցաբար թաքցնում Իր ճշմարիտ կերպարանքը։ Ոմանք ասում են. «Աստված վախենում է վախեցնել մարդկանց»։ Մյուսներն ասում են. «Աստված թաքցնում է Իր ճշմարիտ կերպարանքը, որովհետև մարդը չափազանց փոքր է, իսկ Աստված՝ չափազանց մեծ, մարդիկ չեն կարող տեսնել Նրան, այլապես կմեռնեն»։ Կան նաև այնպիսիք, ովքեր ասում են. «Աստված ամեն օր զբաղված է Իր գործը տնօրինելով, և Նա գուցե ժամանակ չունենա հայտնվելու, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել Նրան»։ Անկախ նրանից, թե ինչին եք հավատում, Ես այստեղ մի եզրակացություն ունեմ։ Ո՞րն է այդ եզրակացությունը։ Այն, որ Աստված պարզապես չի ուզում, որ մարդկությունը տեսնի Իր ճշմարիտ կերպարանքը։ Մարդուց թաքնված մնալը մի բան է, որն Աստված միտումնավոր է անում։ Այլ կերպ ասած՝ Աստծու մտադրությունն է, որ մարդը չտեսնի Իր ճշմարիտ կերպարանքը։ Սա արդեն պետք է պարզ լինի բոլորին։ Հաշվի առնելով, որ Աստված երբեք ոչ ոքի չի բացահայտել Իր անձը, ի՞նչ եք կարծում, արդյոք Աստծու անձը գոյություն ունի՞։ (Գոյություն ունի։) Իհարկե, ունի։ Աստծու անձի գոյությունը վեր է ամեն կասկածից։ Ինչ վերաբերում է նրան, թե որքան մեծ է Աստծու անձը կամ ինչ տեսք ունի Նա, արդյոք սրանք հարցե՞ր են, որոնք մարդկությունը պետք է ուսումնասիրի։ Ո՛չ։ Պատասխանը բացասական է։ Եթե Աստծու անձն այն թեման չէ, որը պետք է ուսումնասիրենք, ապա ի՞նչ է։ (Աստծու բնույթը։) (Աստծու գործը։) Նախքան գլխավոր թեմայի շուրջ հաղորդակցվել սկսելը եկեք վերադառնանք նրան, ինչ քննարկում էինք մի պահ առաջ։ Ինչո՞ւ Աստված Իր անձը երբեք չի բացահայտել մարդկությանը։ Ինչո՞ւ է Աստված Իր անձը դիտավորյալ թաքցնում մարդկությանից։ Կա միայն մեկ պատճառ, և դա հետևյալն է։ Թեև մարդկությունը, որին Աստված արարեց, հազարավոր տարիներ փորձառաբար ապրել է Նրա գործը, չկա ոչ մի մարդ, որը ճանաչում է Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստծու էությունը։ Նման մարդկությունն Աստծու աչքերում թշնամական է տրամադրված Նրա հանդեպ, և Աստված Իրեն ցույց չէր տա մի մարդկության, որը թշնամական է տրամադրված Իր հանդեպ։ Սա միակ պատճառն է, որ Աստված երբեք չի բացահայտել Իր անձը մարդկությանը, և թե ինչու է Նա միտումնավոր թաքցնում Իր անձը նրանցից։ Աստծու բնույթը ճանաչելու կարևորությունն այժմ պա՞րզ է ձեզ համար։

Աստծու տնօրինման գոյությունից ի վեր Նա միշտ լիովին նվիրված է եղել Իր գործն իրականացնելուն։ Չնայած Իր անձը մարդկությունից թաքցնելուն՝ Նա միշտ եղել է մարդկության կողքին՝ գործ կատարելով մարդկության վրա, արտահայտելով Իր բնույթը, առաջնորդելով ողջ մարդկությանն Իր էությամբ և կատարելով Իր գործը յուրաքանչյուր մարդու վրա Իր մեծ զորությամբ, Իր իմաստությամբ և Իր իշխանությամբ՝ այսպիսով գոյության կոչելով Օրենքի դարաշրջանը, Շնորհքի դարաշրջանը և այսօրվա Թագավորության դարաշրջանը։ Թեև Աստված թաքցնում է Իր անձը մարդուց, Նրա բնույթը, Նրա ունեցվածքն ու էությունը և մարդկության հանդեպ Նրա մտադրությունները բացարձակորեն բացահայտվում են մարդուն, որպեսզի մարդը տեսնի և փորձառաբար ապրի։ Այլ կերպ ասած՝ թեև մարդկային էակները չեն կարող տեսնել կամ շոշափել Աստծուն, Աստծու բնույթն ու էությունը, որոնց նրանք բախվում են, բացարձակապես Իր՝ Աստծու արտահայտություններն են։ Մի՞թե դա փաստ չէ։ Անկախ նրանից, թե ինչ եղանակով է Աստված աշխատում կամ ինչ տեսանկյունից է Նա դա անում, Նա միշտ վերաբերվում է մարդկանց Իր ճշմարիտ ինքնությամբ, անում է Իրեն վերապահված գործը և ասում է այն խոսքերը, որոնք պետք է ասի։ Անկախ նրանից, թե ինչ դիրքից է Աստված խոսում՝ Նա կարող է կանգնած լինել երրորդ երկնքում, կամ կանգնած լինել մսեղիում, կամ նույնիսկ որպես սովորական մարդ, Նա միշտ մարդու հետ խոսում է Իր ողջ սրտով և Իր ողջ մտքով՝ առանց որևէ խաբեության կամ թաքցնելու։ Երբ Նա իրականացնում է Իր գործը, Աստված արտահայտում է Իր խոսքն ու Իր բնույթը և արտահայտում է այն, ինչ Նա ունի և է՝ առանց որևէ վերապահման։ Նա ուղղորդում է մարդկությանն Իր կյանքով և Իր ունեցվածքով ու էությամբ։ Այսպես մարդկությունն ապրեց Օրենքի դարաշրջանը՝ մարդկության օրրանի ժամանակաշրջանը, «անտեսանելի և անշոշափելի» Աստծու ուղղորդման ներքո։

Աստված առաջին անգամ մարմնացավ Օրենքի դարաշրջանից հետո՝ մարմնացում, որը տևեց երեսուներեքուկես տարի։ Մարդկային էակի համար արդյոք երեսուներեքուկես տարին երկա՞ր ժամանակ է։ (Երկար չէ։) Քանի որ մարդկային էակի կյանքի տևողությունը սովորաբար երեսուն տարուց ավելի երկար է, սա շատ երկար ժամանակ չէ մարդու աչքերում։ Բայց մարմնացած Աստծու համար այս երեսուներեքուկես տարիներն իսկապես երկար էին։ Նա դարձավ մարդ՝ սովորական մարդ, որը ստանձնեց Աստծու գործն ու հանձնարարությունը։ Սա նշանակում էր, որ Նա պետք է ուսերին կրեր այնպիսի գործ, որը սովորական մարդը չի կարող՝ միաժամանակ հանդուրժելով տառապանք, որը սովորական մարդիկ չեն կարող։ Այն տառապանքի չափը, որը կրեց Տեր Հիսուսը Շնորհքի դարաշրջանի ընթացքում՝ Իր գործի սկզբից մինչև խաչին գամվելը, գուցե այնպիսի բան չէ, որին այսօրվա մարդիկ կարող էին անձամբ ականատես լինել, բայց մի՞թե չեք կարող որոշակի պատկերացում կազմել դրա մասին Աստվածաշնչի պատմությունների միջոցով։ Անկախ նրանից, թե որքան մանրամասներ կան այս արձանագրված փաստերում, ընդհանուր առմամբ Աստծու գործն այս ժամանակահատվածում լի էր դժվարությամբ, վտանգով և տառապանքով։ Ապականված մարդու համար երեսուներեքուկես տարին երկար ժամանակ չէ. մի քիչ տառապանքը փոքր բան է։ Բայց սուրբ, անարատ Աստծու համար, ով պետք է կրեր բոլոր մարդկանց մեղքերը և ուտեր, բնակվեր ու ապրեր մեղավորների հետ, այս ցավը չափազանց մեծ էր։ Նա Արարիչն է, Նա գերիշխանություն ունի բոլոր բաների, ամեն ինչի նկատմամբ, սակայն երբ Նա եկավ մարդկային աշխարհ, ստիպված էր հանդուրժել ապականված մարդկության ճնշումն ու դաժանությունը։ Որպեսզի ավարտեր Իր գործը և մարդկությանը փրկեր թշվառության ծովից, Նա պետք է դատապարտվեր մարդու կողմից և կրեր բոլոր մարդկանց մեղքերը։ Այն ողջ տառապանքը, որը Նա կրեց, հնարավոր չէ պատկերացնել կամ գնահատել սովորական մարդկանց կողմից։ Ի՞նչ է ներկայացնում այս տառապանքը։ Այն ներկայացնում է Աստծու նվիրվածությունը մարդկությանը։ Այն խորհրդանշում է Նրա կրած նվաստացումը և այն գինը, որը Նա վճարեց մարդկության փրկության համար՝ մարդու մեղքերը քավելու և Իր գործի այդ փուլն ավարտելու համար։ Դա նաև նշանակում է, որ մարդկությունն Աստծու կողմից կփրկագնվեր խաչից։ Սա արյունով, կյանքով վճարված գին է և մի գին, որը ոչ մի արարած չէր կարող իրեն թույլ տալ։ Քանի որ Նա ունի Աստծու էությունը և տիրապետում է նրան, ինչ Աստված ունի և է, Նա կարող էր կրել այս տեսակ տառապանքը և ստանձնել այս տեսակ գործը։ Սա մի բան է, որը ոչ մի արարած չէր կարող անել Նրա փոխարեն։ Սա այն գործն է, որն Աստված արեց, և այն բնույթը, որը Նա բացահայտեց Շնորհքի դարաշրջանի ընթացքում։ Արդյոք սա որևէ բան բացահայտո՞ւմ է այն մասին, ինչ Աստված ունի և է։ Արդյոք արժե՞, որ մարդկությունը ճանաչի դա։ Այդ դարաշրջանում, թեև մարդիկ չտեսան Աստծու անձը, նրանք Աստծուց ստացան մեղքի զոհը և Աստծու կողմից փրկագնվեցին խաչից։ Մարդը գուցե անծանոթ չէ այն գործին, որն Աստված արեց Շնորհքի դարաշրջանի ընթացքում, բայց որևէ մեկը ծանո՞թ է այն բնույթին և մտադրություններին, որոնք արտահայտվեցին Աստծու կողմից այդ ժամանակահատվածում։ Մարդը լոկ գիտի Աստծու գործի մանրամասների մասին տարբեր ժամանակահատվածներում զանազան ալիքների միջոցով, կամ գիտի Աստծուն վերաբերող պատմություններ, որոնք տեղի են ունեցել այն նույն ժամանակ, երբ Աստված իրականացնում էր Իր գործը։ Այս մանրամասներն ու պատմություններն առավելագույնը պարզապես որոշակի տեղեկություն կամ լեգենդներ են Աստծու մասին և ոչ մի կապ չունեն Աստծու բնույթի և էության հետ։ Ուստի անկախ նրանից, թե որքան պատմություններ գիտեն մարդիկ Աստծու մասին, դա չի նշանակում, որ նրանք Աստծու բնույթի կամ Նրա էության խորը հասկացողություն և ճանաչողություն ունեն։ Ինչպես Օրենքի դարաշրջանում, թեև Շնորհքի դարաշրջանի մարդիկ փորձառաբար ապրել էին անմիջական և մտերիմ հանդիպում մարմնացած Աստծու հետ, Աստծու բնույթի և Աստծու էության վերաբերյալ նրանց ճանաչողությունը գործնականում գոյություն չուներ։

Թագավորության դարաշրջանում Աստված ևս մեկ անգամ մարմնացավ այնպես, ինչպես արեց առաջին անգամ։ Գործի այս ժամանակահատվածում Աստված դեռևս բացարձակորեն արտահայտում է Իր խոսքը, անում է այն գործը, որը պետք է անի, և արտահայտում է այն, ինչ Նա ունի և է։ Միևնույն ժամանակ Նա շարունակում է համբերություն և հանդուրժողականություն ցուցաբերել մարդու ըմբոստության և տգիտության հանդեպ։ Աստված շարունակաբար չի՞ բացահայտում Իր բնույթը և արտահայտում Իր մտադրությունները նաև գործի այս ժամանակահատվածում։ Հետևաբար մարդկության արարումից մինչև հիմա Աստծու բնույթը, Նրա ունեցվածքն ու էությունը և Նրա մտադրությունները միշտ բաց են եղել յուրաքանչյուր մարդու համար։ Աստված երբեք դիտավորյալ չի թաքցրել Իր էությունը, Իր բնույթը կամ Իր մտադրությունները։ Պարզապես մարդուն չի հետաքրքրում, թե ինչ է անում Աստված, որոնք են Նրա մտադրությունները. ահա թե ինչու մարդն Աստծու վերաբերյալ այդքան ողորմելիորեն սակավ հասկացողություն ունի։ Այլ կերպ ասած՝ թեև Աստված թաքցնում է Իր անձը, Նա նաև ամեն ակնթարթ կանգնած է մարդու կողքին՝ բացահայտորեն արտահայտելով Իր մտադրությունները, բնույթը և էությունը բոլոր ժամանակներում։ Ինչ-որ իմաստով Աստծու անձը նույնպես բաց է մարդկանց համար, բայց մարդու կուրության և ըմբոստության պատճառով նրանք երբեք ի վիճակի չեն տեսնելու Աստծու հայտնվելը։ Ուստի, ելնելով այս ընթացիկ վիճակից, արդյոք Աստծու բնույթը և Իրեն՝ Աստծուն հասկանալը հե՞շտ պետք է լինի բոլորի համար։ Դա մի հարց է, որին շատ դժվար է պատասխանել, այնպես չէ՞։ Կարող եք ասել, որ դա հեշտ է, բայց թեև որոշ մարդիկ ձգտում են ճանաչելու Աստծուն, նրանք չեն կարող իսկապես ճանաչել Նրան կամ հստակ հասկանալ Նրան. դա միշտ մշուշոտ է և անորոշ։ Բայց եթե ասեք, որ հեշտ չէ, դա նույնպես ճիշտ չէ։ Այդքան երկար ժամանակ փորձառաբար ապրելով Աստծու գործը՝ յուրաքանչյուր ոք իր փորձառություններում Աստծու հետ իսկական շփումներ է ունեցել։ Առնվազն, նրանք որոշ չափով զգացել են Աստծուն իրենց սրտերում և հոգևոր հանդիպում են ունեցել Աստծու հետ, և նրանք ամենայն հավանականությամբ ունեն որոշակի ընկալողական ճանաչողություն Աստծու բնույթի վերաբերյալ և Նրա որոշակի հասկացողություն են ձեռք բերել։ Այն ժամանակից ի վեր, երբ մարդն սկսեց հետևել Աստծուն, մինչև հիմա մարդն այնքան շատ բան է ստացել. պարզապես ամեն տեսակ պատճառներով՝ մարդու ցածր որակի, հիմարության, ըմբոստության և տարբեր մտադրությունների պատճառով, նա չափազանց շատ բան է կորցրել։ Արդյոք Աստված իրականում բավականաչափ չի՞ տվել մարդուն։ Թեև Աստված թաքցնում է Իր անձը մարդուց, սակայն ապահովում է մարդուն նրանով, ինչ Նա ունի և է և Իր կյանքով. Աստծու՝ մարդու ճանաչողությունը պարզապես չպետք է լինի այնպիսին, ինչպիսին հիմա է։ Ահա թե ինչու Ես կարծում եմ, որ ձեզ հետ անհրաժեշտ է հետագայում հաղորդակցվել Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը թեմայի շուրջ։ Նպատակն այն է, որ հազարավոր տարիների մանրակրկիտ մտադրությունները, որոնք Աստված ունեցել է մարդու հանդեպ, իզուր չավարտվեն, և որպեսզի մարդը կարողանա ճշմարտապես հասկանալ և գնահատել մարդկության հանդեպ Աստծու մտադրությունները։ Դա նրա համար է, որ մարդիկ Աստծու՝ իրենց ճանաչողության մեջ կարողանան առաջադիմել դեպի նոր փուլ։ Այն նաև կվերադարձնի Աստծուն Իր ճշմարիտ տեղը մարդկանց սրտերում. այսինքն՝ արդարություն կանի Նրա հանդեպ։

Աստծու բնույթը և Իրեն՝ Աստծուն հասկանալու համար պետք է սկսել մանրամասներից։ Բայց ո՞ր մանրամասներից։ Սկսելու համար Ես Աստվածաշնչից որոշ հատվածներ եմ ընտրել։ Ստորև բերված նյութերն Աստվածաշնչից վերցված խոսքեր են, որոնք բոլորը կապված են Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը թեմայի հետ։ Ես հատուկ գտել եմ այս քաղվածքները որպես տեղեկատու նյութեր՝ օգնելու ձեզ ճանաչելու Աստծու գործը, Աստծու բնույթը և Իրեն՝ Աստծուն։ Եկեք այստեղ հաղորդակցվենք դրանց շուրջ և տեսնենք, թե ինչպիսի բնույթ և Աստծու էության որ տեսանկյուններն են անհայտ մարդուն, ինչպես բացահայտվել են Աստծուց Իր անցյալի գործում։ Այս հատվածները գուցե հին են, բայց այն թեման, որի շուրջ մենք հաղորդակցվում ենք, մի նոր բան է, որը մարդիկ չունեն և երբեք չեն լսել։ Ձեզանից ոմանց համար դա գուցե աներևակայելի թվա. մի՞թե Ադամին ու Եվային հիշատակելը և Նոյին վերադառնալը նույն քայլերը կրկին անելը չէ։ Անկախ նրանից, թե ինչ եք մտածում, Գրությունների այս հատվածները շատ օգտակար են այս թեմայի շուրջ հաղորդակցվելու համար և կարող են ծառայել որպես ուսուցողական տեքստեր կամ սկզբնաղբյուր նյութեր այսօրվա հաղորդակցության համար։ Երբ ավարտեմ այս հաղորդակցությունը, կհասկանաք այս հատվածներն ընտրելու Իմ նպատակները։ Նրանք, ովքեր նախկինում կարդացել են Աստվածաշունչը, գուցե կարդացել են այս մի քանի խոսքերը, բայց գուցե ճշմարտապես չեն հասկանում դրանք։ Նախ եկեք արագ հայացք նետենք դրանց վրա, ապա մեր հաղորդակցության մեջ մանրամասնորեն անցնենք յուրաքանչյուրի վրայով։

Ադամն ու Եվան մարդկության նախնիներն են։ Եթե պետք է կերպարներ հիշատակենք Աստվածաշնչից, ապա պետք է սկսենք այդ երկուսից։ Հաջորդը Նոյն է՝ մարդկության երկրորդ նախահայրը։ Ո՞վ է երրորդ կերպարը։ (Աբրահամը։) Արդյոք բոլորդ գիտե՞ք Աբրահամի պատմությունը։ Ձեզանից ոմանք գուցե գիտեն, բայց մյուսների համար այն գուցե շատ պարզ չէ։ Ո՞վ է չորրորդ կերպարը։ Ո՞վ է հիշատակվում Սոդոմի կործանման պատմության մեջ։ (Ղովտը։) Բայց Ղովտն այստեղ չի հիշատակվում։ Ո՞վ է հիշատակվում։ (Աբրահամը։) Աբրահամի պատմության մեջ հիշատակված գլխավոր բանն այն է, ինչ ասել էր Եհովա Աստված։ Տեսնո՞ւմ եք դա։ Ո՞վ է հինգերորդ կերպարը։ (Հոբը։) Մի՞թե Աստված շատ բան չի հիշատակում Հոբի պատմության մասին Իր գործի այս ներկա փուլի ընթացքում։ Այդ դեպքում դուք շա՞տ եք հետաքրքրվում այս պատմությամբ։ Քանի որ շատ եք հետաքրքրվում, արդյոք ուշադիր կարդացե՞լ եք Հոբի պատմությունն Աստվածաշնչում։ Գիտե՞ք, թե ինչ ասաց Հոբը և ինչ արեց։ Ձեզանից նրանց, ովքեր ամենաշատն են կարդացել, քանի՞ անգամ եք կարդացել։ Հաճա՞խ եք կարդում։ Քույրե՛ր Հոնկոնգից, խնդրում եմ, ասեք մեզ։ (Ես նախկինում մի քանի անգամ կարդացել եմ, երբ մենք Շնորհքի դարաշրջանում էինք։) Դրանից հետո այլևս չե՞ք կարդացել։ Ինչ ափսոս է։ Թույլ տվեք ասել ձեզ՝ Աստծու գործի այս փուլի ընթացքում Նա բազմիցս հիշատակել է Հոբին, և Նրա մտադրությունները սրանում են։ Եվ այնուամենայնիվ, այս բազմաթիվ հիշատակումները չգրավեցին ձեր ուշադրությունը. սա փաստի վկայություն է. դուք հետաքրքրված չեք լինելու մարդիկ, որոնք բարի են, և մարդիկ, որոնք վախենում են Աստծուց և խուսափում չարից։ Դա նրանից է, որ դուք բավարարվում եք՝ պարզապես մոտավոր պատկերացում ունենալով Աստծու կողմից հիշատակված Հոբի պատմության մասին։ Դուք բավարարվում եք լոկ բուն պատմությունը հասկանալով, բայց պարզապես չեք հետաքրքրվում և չեք փորձում հասկանալ մանրամասներն այն մասին, թե ով է Հոբը և այն նպատակը, որի պատճառով Աստված այդքան շատ առիթներով հիշատակում է Հոբին։ Եթե նման մարդը, որին Աստված հավանություն է տալիս, չի հետաքրքրում ձեզ, ապա կոնկրետ ինչի՞ն եք ուշադրություն դարձնում։ Եթե չեք հետաքրքրվում կամ չեք փորձում հասկանալ նման կարևոր մարդու, որին Աստված հիշատակել է, ի՞նչ կարող է դա ասել Աստծու խոսքի նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին։ Մի՞թե դա ողբերգական չէր լինի։ Մի՞թե դա չէր ապացուցի, որ ձեզանից շատերը գործնական չեն և մարդիկ չեն, որոնք ձգտում են ճշմարտությանը։ Եթե դու մեկն ես, ով ձգտում է ճշմարտությանը, բավարար ուշադրություն կդարձնես այն մարդկանց, որոնց Աստված հավանություն է տալիս, և այն կերպարների պատմություններին, որոնց մասին Աստված խոսել է։ Անկախ նրանից, թե արդյոք կարող ես արդարացնել նրանց սպասելիքները կամ նրանց պատմությունները շոշափելի համարել, արագ կգնաս և կկարդաս նրանց մասին, կփորձես հասկանալ նրանց, ուղիներ կգտնես՝ հետևելու նրանց օրինակին, և կանես այն, ինչ կարող ես՝ կարողություններիդ լավագույն չափով։ Այսպես պետք է վարվի ճշմարտությանը փափագող մեկը։ Բայց փաստն այն է, որ այստեղ նստածներիցդ շատերը երբեք չեք կարդացել Հոբի պատմությունը, և դա բավականին խոսուն է։

Եկեք վերադառնանք այն թեմային, որը հենց նոր քննարկում էինք։ Գրությունների այս հատվածում, որը վերաբերում է Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանին, Ես հիմնականում որպես քաղվածքներ վերցրել եմ պատմություններ որոշակի կերպարների մասին, պատմություններ, որոնց ծանոթ է Աստվածաշունչ կարդացած մարդկանց մեծ մասը։ Այս կերպարները խիստ ներկայացուցչական են, և յուրաքանչյուր ոք, ով կարդում է նրանց պատմությունները, կկարողանա զգալ, որ այն գործը, որն Աստված կատարել է նրանց վրա, և այն խոսքերը, որոնք Աստված խոսել է նրանց, շոշափելի և հասկանալի են այսօրվա մարդկանց համար։ Երբ կարդաս այս պատմությունները՝ Աստվածաշնչի արձանագրությունները, կկարողանաս ավելի լավ հասկանալ, թե ինչպես էր Աստված պատմության այդ ժամանակներում իրականացնում Իր գործը և վերաբերվում մարդկանց։ Բայց այսօր այս հատվածներն ընտրելու Իմ նպատակն այն չէ, որ հասկանաս բուն պատմությունները կամ դրանցում եղած կերպարներին։ Ավելի շուտ դա նրա համար է, որ այս կերպարների պատմությունների միջոցով տեսնես Աստծու գործերը և Նրա բնույթը, որպեսզի կարողանաս ճանաչել և հասկանալ Աստծուն, տեսնել Նրա իրական կողմը և վերջ դնել քո երևակայություններին, Նրա վերաբերյալ քո պատկերացումներին և Նրա հանդեպ քո վերացական հավատքին։ Եթե քեզ խնդրեին հասկանալ Աստծու բնույթը և հասկանալ ու ճանաչել Իրեն՝ Աստծուն՝ առանց որևէ հենման կետ ունենալու, հաճախ քեզ անօգնական, անզոր կզգայիր և անվստահ կլինեիր անգամ թե որտեղից սկսել։ Ուստի Ես գտա այս լուծումը։ Ես մտադիր եմ օգտագործել այս մեթոդն ու մոտեցումը՝ օգնելու քեզ ավելի լավ հասկանալու Աստծուն, օգնելու քեզ գնահատելու Աստծու մտադրությունները և ավելի վավերականորեն ճանաչելու Աստծու բնույթն ու Իրեն՝ Աստծուն, և թույլ տալու քեզ ճշմարտապես զգալ Աստծու գոյությունը և ճշմարտապես գնահատել մարդկության հանդեպ Նրա մտադրությունները։ Մի՞թե սա ձեր բոլորի օգտին չի լինի։ Այժմ, երբ վերադառնում եք այս պատմություններին և Գրությունների հատվածներին, ի՞նչ եք զգում ձեր սրտերում։ Կարծում եք՝ Գրությունների այն հատվածները, որոնք Ես ընտրել եմ, ավելո՞րդ են։ Ես պետք է վերստին ընդգծեմ այն, ինչ հենց նոր ասացի ձեզ։ Այս կերպարների պատմությունները ձեզ կարդալ տալու նպատակն այն է, որ օգնեմ ձեզ տեսնելու, թե ինչպես է Աստված կատարում Իր գործը մարդկանց վրա, և հասկանալու Նրա վերաբերմունքը մարդկության հանդեպ։ Ի՞նչ միջոցներով է ձեռք բերվում այս հասկացողությունը։ Դուք կարող եք հասկանալ Աստծու վերաբերյալ տարբեր մանրամասներն այն գործի միջոցով, որն Աստված կատարել է անցյալում, և այն կապելով այն գործի հետ, որն Աստված անում է հենց հիմա։ Այս մանրամասներն իրական են և պետք է հայտնի ու հասկանալի լինեն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ճանաչել Աստծուն։

Եկեք սկսենք Ադամի և Եվայի պատմությունից՝ սկսելով Սուրբ Գրքից մեջբերմամբ։

Ա. Ադամ և Եվա

1. Աստծու հորդորն Ադամին

Ծնունդ 2:15-17 Եվ Եհովա Աստված առավ մարդուն ու դրեց Եդեմի պարտեզում, որ մշակի ու պահի այն։ Եվ Եհովա Աստված պատվիրեց մարդուն և ասաց. «Ազատորեն կարող ես ուտել պարտեզի բոլոր ծառերից։ Սակայն բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, քանզի այն օրը, երբ ուտես դրանից, անշուշտ, կմեռնես»։

Որևէ բան սովորեցի՞ք «Աստծու հորդորն Ադամին» այս խոսքերից։ Ի՞նչ զգացումներ է առաջացնում ձեր մեջ Սուրբ Գրքի այս հատվածը։ Ինչո՞ւ Ես որպես քաղվածք վերցրեցի Սուրբ Գրքի այս հատվածը՝ «Աստծու հորդորն Ադամին»։ Հիմա ձեզանից յուրաքանչյուրն իր մտքում ունի՞ Աստծու և Ադամի պատկերը։ Կարող եք փորձել պատկերացնել։ Եթե դուք լինեիք այդ տեսարանում, հոգու խորքում ինչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլիներ Աստված։ Ի՞նչ զգացումներ է առաջացնում ձեր մեջ այս պատկերը։ Սա հուզիչ և սիրտ ջերմացնող պատկեր է։ Թեև դրանում միայն Աստված և մարդն են, նրանց միջև եղած մտերմությունը մարդկանց լցնում է կարոտի զգացումով։ Աստծու տոգորող սերն ազատորեն շնորհվում է մարդուն և շրջապատում նրան. մարդն անմեղ է և մաքուր, անկաշկանդ ու անհոգ՝ երանությամբ ապրելով Աստծու աչքի ներքո։ Աստված հոգատարություն է ցուցաբերում մարդու հանդեպ, մինչդեռ մարդն ապրում է Աստծու պաշտպանության տակ։ Այն ամենը, ինչ մարդն անում է, և նրա յուրաքանչյուր խոսքն ու գործողությունն անքակտելիորեն կապված են Աստծուն և անբաժանելի են Նրանից։

Սա կարելի է անվանել մարդկությանը ստեղծելուց հետո Աստծու առաջին հորդորը մարդուն։ Ի՞նչ է փոխանցում այս հորդորը։ Այն փոխանցում է Աստծու մտադրությունը, ինչպես նաև Նրա անհանգստությունները մարդկության համար։ Սա Աստծու առաջին հորդորն է, և սա նաև առաջին անգամն է, որ Աստված անհանգստություն է արտահայտում մարդկության համար։ Այսինքն՝ Աստված պատասխանատվություն է զգացել մարդկության հանդեպ այն պահից ի վեր, երբ ստեղծեց նրանց։ Ո՞րն է Նրա պարտականությունը։ Նա պետք է պաշտպանի մարդուն, հսկի մարդուն։ Նա հույս ունի, որ մարդը կարող է վստահել և ենթարկվել Իր խոսքերին։ Սա նաև Աստծու առաջին ակնկալիքն է մարդկությունից։ Հենց այս ակնկալիքով է, որ Աստված ասում է հետևյալը. «Ազատորեն կարող ես ուտել պարտեզի բոլոր ծառերից։ Սակայն բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, քանզի այն օրը, երբ ուտես դրանից, անշուշտ, կմեռնես»։ Այս պարզ խոսքերը ներկայացնում են Աստծու մտադրությունը։ Դրանք նաև բացահայտում են, որ Իր սրտում Աստված սկսել է հոգատարություն ցուցաբերել մարդու հանդեպ։ Բոլոր բաների մեջ միայն Ադամն էր ստեղծվել Աստծու պատկերով։ Ադամը միակ կենդանի արարածն էր Աստծու շնչով։ Նա կարող էր քայլել Աստծու հետ, զրուցել Աստծու հետ։ Ահա թե ինչու Աստված նրան տվեց այս հորդորը։ Այս հորդորի մեջ Աստված նշեց, թե ինչ կարող է անել մարդը և ինչ չի կարող, և Նա դա շատ պարզ դարձրեց։

Այս մի քանի պարզ խոսքերում մենք տեսնում ենք Աստծու սիրտը։ Բայց ինչպիսի՞ սիրտ է ի հայտ գալիս։ Արդյոք սեր կա՞ Աստծու սրտում։ Արդյոք հոգատարություն կա՞։ Այս խոսքերում Աստծու սերն ու հոգատարությունը կարելի է ոչ միայն գնահատել, այլև է՛լ ավելի ճշմարտապես և շոշափելիորեն զգալ։ Մի՞թե համաձայն չեք։ Լսելուց հետո, որ Ես ասում եմ սա, դեռ կարծում եք, որ սրանք պարզապես մի քանի պարզ խոսքե՞ր են։ Ի վերջո դրանք այնքան էլ պարզ չեն, այնպես չէ՞։ Նախկինում տեղյա՞կ էիք այս ամենից։ Եթե Աստված անձամբ քեզ այսպիսի մի քանի խոսք ասեր, ի՞նչ կզգայիր ներքուստ։ Եթե մարդկայնությունից զուրկ մարդ լինեիր, եթե սիրտդ սառույցի պես սառը լիներ, ապա ոչինչ չէիր զգա, չէիր գնահատի Աստծու սերը և չէիր փորձի հասկանալ Աստծու սիրտը։ Բայց եթե խիղճ և մարդկայնություն ունեցող մեկը լինեիր, այլ կերպ կզգայիր։ Ջերմություն կզգայիր, քեզ խնամված ու սիրված կզգայիր և երջանկություն կզգայիր։ Այդպես չէ՞։ Երբ զգաս այս բաները, ինչպե՞ս կվարվես Աստծու հետ։ Կապված կզգայի՞ր Աստծուն։ Սրտանց կսիրեի՞ր Աստծուն և ակնածեի՞ր Նրանից։ Սիրտդ ավելի կմոտենա՞ր Աստծուն։ Սրանից կարող եք տեսնել, թե որքան կարևոր է Աստծու սերը մարդու համար։ Եվ է՛լ ավելի վճռորոշ են մարդու կողմից Աստծու սիրո գնահատումն ու ըմբռնումը։ Իրականում մի՞թե Աստված նման շատ բաներ չի ասում Իր գործի այս փուլում։ Այսօր կա՞ն արդյոք մարդիկ, որոնք կարող են գնահատել Աստծու սիրտը։ Կարո՞ղ եք գնահատել Աստծու այն մտադրությունը, որի մասին հենց նոր խոսեցի։ Դուք չեք կարողանում անգամ գնահատել Աստծու մտադրությունը, երբ այն այսքան կոնկրետ, իրական և գործնական է։ Ահա թե ինչու եմ ասում, որ չունեք Աստծու իրական ճանաչողություն և հասկացողություն։ Մի՞թե սա ճիշտ չէ։ Բայց առայժմ եկեք բավարարվենք այսքանով։

2. Աստված ստեղծում է Եվային

Ծնունդ 2:18-20 Եվ Եհովա Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի. Ես նրա համար իրեն համապատասխան զուգընկեր կստեղծեմ»։ Եվ Եհովա Աստված հողից ձևավորեց դաշտի բոլոր գազաններին ու երկնքի բոլոր թռչուններին և բերեց նրանց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նա ինչպես կկոչի նրանց. և ինչպես որ Ադամը կոչեց յուրաքանչյուր կենդանի արարածի, դա էլ դարձավ նրա անունը։ Այսպիսով՝ Ադամն անուններ տվեց բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և դաշտի բոլոր գազաններին, բայց Ադամի համար չգտնվեց իրեն համապատասխան զուգընկեր։

Ծնունդ 2:22-23 Եվ այն կողոսկրից, որը Եհովա Աստված վերցրել էր մարդուց, Նա կին պատրաստեց ու նրան մարդու մոտ բերեց։ Եվ Ադամն ասաց. «Սա ոսկոր է իմ ոսկորներից և մսեղի է իմ մսեղիից. նա թող կին կոչվի, որովհետև իր տղամարդուց վերցվեց»։

«Աստված ստեղծում է Եվային» հատվածում մի առանցքային տող կա. «Ինչպես որ Ադամը կոչեց յուրաքանչյուր կենդանի արարածի, դա էլ դարձավ նրա անունը»։ Ուստի ո՞վ տվեց բոլոր կենդանի արարածներին իրենց անունները։ Դա Ադամն էր, ոչ թե Աստված։ Այս տողը մարդուն մի փաստ է ասում. Աստված մարդուն իմաստություն տվեց, երբ ստեղծեց նրան։ Այսինքն՝ մարդու իմաստությունը եկավ Աստծուց։ Սա հաստատ է։ Բայց ինչո՞ւ։ Այն բանից հետո, երբ Աստված ստեղծեց Ադամին, Ադամը դպրոց գնա՞ց։ Նա կարդալ գիտե՞ր։ Այն բանից հետո, երբ Աստված ստեղծեց տարբեր կենդանի արարածների, Ադամը ճանաչե՞ց այս բոլոր արարածներին։ Աստված ասա՞ց նրան, թե որոնք են դրանց անունները։ Իհարկե, Աստված նրան նաև չսովորեցրեց, թե ինչպես հորինել այս արարածների անունները։ Դա փա՛ստ է։ Այդ դեպքում ինչպե՞ս Ադամն իմացավ, թե ինչպես տալ այս կենդանի արարածներին իրենց անունները և ինչպիսի անուններ տալ դրանց։ Սա կապված է այն հարցի հետ, թե Աստված ինչ ավելացրեց Ադամին, երբ ստեղծեց նրան։ Փաստերն ապացուցում են, որ երբ Աստված ստեղծեց մարդուն, նրան Իր իմաստությունն ավելացրեց։ Սա առանցքային կետ է, ուստի ուշադի՛ր լսեք։ Կա նաև մեկ այլ առանցքային կետ, որը պետք է հասկանաք։ Այն բանից հետո, երբ Ադամն այս կենդանի արարածներին տվեց իրենց անունները, այս անունները սահմանվեցին Աստծու կողմից։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Որովհետև սա նաև ներառում է Աստծու բնույթը, և սա մի կետ է, որը պետք է ավելի մանրամասն բացատրեմ։

Աստված ստեղծեց մարդուն, կյանքի շունչ փչեց նրա մեջ և նաև նրան տվեց Իր իմաստությունից, Իր կարողություններից և այն ամենից, ինչ Նա ունի և է։ Այն բանից հետո, երբ Աստված մարդուն տվեց այս բոլոր բաները, մարդն ի վիճակի եղավ որոշ բաներ ինքնուրույն անելու և ինքնուրույն մտածելու։ Եթե այն, ինչ մարդը հորինում և անում է, լավ է Աստծու աչքերում, ապա Աստված ընդունում է այն և չի միջամտում։ Եթե այն, ինչ մարդն անում է, ճիշտ է, Աստված թույլ կտա, որ այն մնա։ Ուստի ի՞նչ է ցույց տալիս «ինչպես որ Ադամը կոչեց յուրաքանչյուր կենդանի արարածի, դա էլ դարձավ նրա անունը» արտահայտությունը։ Դա ցույց է տալիս, որ Աստված տարբեր կենդանի արարածներին տրված անուններից և ոչ մեկը չփոխեց։ Ինչ անունով էլ որ Ադամը կոչեր արարածին, Աստված կասեր. «Այդպես է»՝ հաստատելով արարածի անունը։ Արդյոք Աստված որևէ առարկություն հայտնե՞ց։ Ո՛չ, հաստատապես չարեց դա։ Ուստի ի՞նչ եք հասկանում սրանից։ Աստված մարդուն իմաստություն տվեց, և մարդն օգտագործեց իր աստվածատուր իմաստությունը՝ բաներ անելու համար։ Եթե այն, ինչ մարդն անում է, դրական է Աստծու աչքերում, ապա այն հաստատվում, ճանաչվում և ընդունվում է Աստծու կողմից, և Աստված ամենևին չի դատում կամ քննադատում այն։ Սա մի բան է, որ ոչ մի մարդկային էակ կամ չար ոգի, կամ Սատանա չի կարող անել։ Արդյոք տեսնո՞ւմ եք Աստծու բնույթի բացահայտումն այստեղ։ Մարդկային էակը, ապականված մարդը կամ Սատանան թույլ կտայի՞ն որևէ մեկին իրենց անունից ինչ-որ բան անել հենց իրենց քթի տակ։ Իհարկե, ո՛չ։ Արդյոք կպայքարեի՞ն այս դիրքի համար այդ մյուս անձի կամ այլ ուժի հետ, որը տարբերվում է իրենցից։ Իհարկե, կանեի՛ն։ Եթե դա ապականված մարդ կամ Սատանա լիներ, որն Ադամի հետ էր այդ ժամանակ, հաստատապես կմերժեր այն, ինչ Ադամն անում էր։ Որպեսզի ապացուցեր, որ ինքնուրույն մտածելու կարողություն ունի և իր սեփական եզակի ներըմբռնումները, կհերքեր այն ամենը, ինչ Ադամն արեց։ «Սա այսպե՞ս ես ուզում կոչել։ Դե, ես այսպես չեմ կոչելու, այնպե՛ս եմ կոչելու։ Դու սա Թոմ կոչեցիր, բայց ես Հարրի եմ կոչելու։ Պետք է ցույց տամ, թե որքան խելացի եմ»։ Ինչպիսի՞ բնություն է սա։ Մի՞թե ամբարտավան չէ։ Իսկ ի՞նչ կասեք Աստծու մասին։ Արդյոք Նա ունի՞ նման բնույթ։ Արդյոք Աստված որևէ անսովոր քայլ արե՞ց այն բանի դեմ, ինչ Ադամն անում էր։ Պատասխանը միանշանակ ո՛չ է։ Այն բնույթի մեջ, որն Աստված բացահայտում է, չկա վիճաբանության, ամբարտավանության կամ ինքնարդարության ամենաչնչին ակնարկ անգամ։ Այդքանը պարզ է այստեղ։ Սա կարող է աննշան կետ թվալ, բայց եթե չճանաչես Աստծու էությունը, եթե սրտումդ չխորհես, թե ինչպես է Աստված գործում և որն է Աստծու վերաբերմունքը, ապա չես ճանաչի Աստծու բնույթը կամ չես տեսնի Աստծու բնույթի արտահայտումն ու բացահայտումը։ Այդպես չէ՞։ Արդյոք համաձա՞յն եք այն բանի հետ, ինչ Ես հենց նոր բացատրեցի ձեզ։ Ի պատասխան Ադամի գործողությունների՝ Աստված մեծ շուքով չհռչակեց. «Լա՛վ ես արել, ճի՛շտ ես արել, և Ես համաձա՛յն եմ»։ Իր սրտում, սակայն, Աստված ճանաչեց, գնահատեց և հավանություն տվեց այն բանին, ինչ Ադամն արեց։ Սա առաջին բանն էր արարչագործությունից ի վեր, որ մարդկությունը Աստծու հրահանգով արել էր Նրա համար։ Դա մի բան էր, որ մարդն արեց Աստծու փոխարեն և Աստծու անունից։ Աստծու աչքերում սա բխում էր այն իմաստությունից, որը Նա շնորհել էր մարդուն։ Աստված տեսավ այն որպես լավ բան, դրական բան։ Այն, ինչ Ադամն արեց այդ ժամանակ, Աստծու իմաստության առաջին դրսևորումն էր մարդկության մեջ։ Աստծու տեսանկյունից դա հիանալի դրսևորում էր։ Այն, ինչ ուզում եմ ձեզ ասել այստեղ, այն է, որ Աստծու նպատակը մարդուն որոշ բաներ փոխանցելն է այն ամենից, ինչ Նա ունի և է, և Իր իմաստությունից, որպեսզի մարդը կարողանա լինել այն կենդանի արարածը, որը դրսևորում է Նրան։ Աստված ճիշտ այն էր փափագում տեսնել, որ նման կենդանի արարածը գործի Իր անունից։

3. Աստված կաշվե հագուստներ է պատրաստում Ադամի և Եվայի համար

Ծնունդ 3:20-21 Ադամն իր կնոջը Եվա անվանեց, քանի որ նա բոլոր կենդանի էակների մայրն է։ Եվ Եհովա Աստված կաշվից հագուստ պատրաստեց Ադամի և նրա կնոջ համար ու հագցրեց նրանց։

Եկեք նայենք այս երրորդ հատվածին, որտեղ նշվում է, որ այն անվան հետևում, որն Ադամը տվեց Եվային, իմաստ կա։ Սա ցույց է տալիս, որ ստեղծվելուց հետո Ադամն ուներ իր սեփական մտքերը և շատ բաներ էր հասկանում։ Բայց առայժմ մենք չենք ուսումնասիրելու կամ բացահայտելու, թե ինչ էր նա հասկանում կամ որքան էր հասկանում, որովհետև դա երրորդ հատվածի գլխավոր կետը չէ, որը Ես ուզում եմ քննարկել։ Ուստի ո՞րն է երրորդ հատվածի գլխավոր կետը։ Եկեք նայենք այս տողին. «Եվ Եհովա Աստված կաշվից հագուստներ պատրաստեց Ադամի և նրա կնոջ համար ու հագցրեց նրանց»։ Եթե այսօր մենք չհաղորդակցվենք Սուրբ Գրքի այս տողի շուրջ, գուցե երբեք չգիտակցեք այս խոսքերի ավելի խոր իմաստը։ Նախ թույլ տվեք ձեզ մի քանի հուշում տալ։ Պատկերացրեք, եթե կուզեք, Եդեմի պարտեզը, որտեղ ապրում են Ադամն ու Եվան։ Աստված գնում է նրանց այցելելու, բայց նրանք թաքնվում են, որովհետև մերկ են։ Աստված չի կարողանում տեսնել նրանց, և այն բանից հետո, երբ Նա կանչում է նրանց, նրանք ասում են. «Մենք չենք համարձակվում տեսնել Քեզ, քանի որ մեր մարմինները մերկ են»։ Նրանք չեն համարձակվում տեսնել Աստծուն, որովհետև մերկ են։ Ուստի ի՞նչ է անում Եհովա Աստված նրանց համար։ Բնօրինակ տեքստում ասվում է. «Եվ Եհովա Աստված կաշվից հագուստ պատրաստեց Ադամի և նրա կնոջ համար ու հագցրեց նրանց»։ Սրանից հասկանո՞ւմ եք արդյոք, թե Աստված ինչ օգտագործեց նրանց հագուստները պատրաստելու համար։ Աստված կենդանիների կաշի օգտագործեց նրանց հագուստները պատրաստելու համար։ Այսինքն՝ այն հագուստները, որոնք Աստված պատրաստեց մարդու համար, մորթե վերարկուներ էին։ Սրանք հագուստի առաջին կտորներն էին, որոնք Աստված պատրաստեց մարդու համար։ Մորթե վերարկուն շքեղ իր է այսօրվա չափանիշներով և մի բան չէ, որը բոլորը կարող են իրենց թույլ տալ կրել։ Եթե ինչ-որ մեկը հարցնի քեզ. «Ո՞րն էր հագուստի առաջին կտորը, որը կրել են մեր նախնիները», կարող ես պատասխանել. «Մորթե վերարկու»։ «Ո՞վ էր պատրաստել այդ մորթե վերարկուն»։ Ապա կարող ես պատասխանել. «Աստված էր պատրաստել»։ Սա է գլխավոր կետն այստեղ. այս հագուստը պատրաստվել էր Աստծու կողմից։ Մի՞թե սա մի բան չէ, որն արժե քննարկել։ Իմ նկարագրությունը լսելուց հետո արդյոք պատկեր ի հայտ եկա՞վ ձեր մտքում։ Դուք պետք է առնվազն կոպիտ ուրվագիծ ունենաք։ Այսօր ձեզ սա ասելու իմաստն այն չէ, որ իմանաք, թե որն էր մարդկության հագուստի առաջին կտորը։ Ուրեմն ո՞րն է իմաստը։ Իմաստը մորթե վերարկուն չէ, այլ այն, թե ինչպես մարդիկ պետք է ճանաչեն, ինչպես բացահայտվել է Աստծու կողմից այն բանում, ինչ Նա արեց այստեղ, Նրա բնույթը, այն, ինչ Նա ունի, և այն, ինչ Նա է։

«Եվ Եհովա Աստված կաշվից հագուստ պատրաստեց Ադամի և նրա կնոջ համար ու հագցրեց նրանց»։ Այս տեսարանում ի՞նչ դեր ենք տեսնում, որ Աստված ստանձնում է, երբ Նա Ադամի և Եվայի հետ է։ Ի՞նչ դեր է Աստված ստանձնում, երբ Նա Իրեն դրսևորում է այս աշխարհում, որտեղ միայն երկու մարդ կա։ Արդյոք Նա Իրեն Աստծո՞ւ դերում է դրսևորում։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր Հոնկոնգից, խնդրում եմ, պատասխանեք։ (Ծնողի դերում։) Եղբայրնե՛ր և քույրե՛ր Հարավային Կորեայից, ի՞նչ եք կարծում, ի՞նչ դերով է Աստված հայտնվում։ (Ընտանիքի գլխավորի։) Եղբայրնե՛ր և քույրե՛ր Թայվանից, ի՞նչ եք կարծում։ (Ադամի և Եվայի ընտանիքից ինչ-որ մեկի դերում, ընտանիքի անդամի դերում։) Ձեզանից ոմանք կարծում են, որ Աստված հայտնվում է որպես Ադամի և Եվայի ընտանիքի անդամ, մինչդեռ ոմանք ասում են, որ Աստված հայտնվում է որպես ընտանիքի գլխավոր, իսկ մյուսներն ասում են՝ որպես ծնող։ Այս բոլորը շատ տեղին են։ Բայց ի՞նչ եմ ուզում ասել այստեղ։ Աստված ստեղծեց այս երկու մարդկանց և նրանց որպես Իր ուղեկիցների վերաբերվեց։ Որպես նրանց միակ ընտանիք՝ Աստված հոգ տարավ նրանց կյանքի մասին և հոգաց նրանց սննդի, հագուստի և կացարանի կարիքները։ Այստեղ Աստված հայտնվում է որպես Ադամի և Եվայի ծնող։ Աստծու այս գործի մեջ մարդը չի տեսնում, թե որքան վեհ է Աստված. նա չի տեսնում Աստծու գերակայությունը, Նրա անըմբռնելիությունը և առավել ևս Նրա ցասումը կամ մեծափառությունը։ Այն ամենը, ինչ նա տեսնում է, Աստծու խոնարհությունն է, Նրա սիրառատ բարությունը, Նրա հոգատարությունը մարդու հանդեպ և Նրա պարտականությունն ու խնամքը նրա հանդեպ։ Այն վերաբերմունքն ու ձևը, որով Աստված վերաբերվեց Ադամին և Եվային, նման է նրան, թե ինչպես են մարդկային ծնողները հոգատարություն ցուցաբերում իրենց երեխաների հանդեպ, և թե ինչպես են մարդկային ծնողները սիրում, հոգ տանում և խնամում իրենց սեփական որդիներին ու դուստրերին՝ իրական, տեսանելի և շոշափելի։ Իր հզոր կարգավիճակի հիման վրա դիրք ընդունելու փոխարեն Աստված անձամբ կաշի օգտագործեց մարդկության համար հագուստ պատրաստելու նպատակով։ Անկախ նրանից՝ այս մորթե վերարկուներն օգտագործվեցին մարդու ամոթխածությունը ծածկելու, թե մարդուն ցրտից պաշտպանելու համար, ամեն դեպքում, Աստված այս գործողությունն իրականացրեց անձամբ, Իր սեփական ձեռքերով, այլ ոչ թե օգտագործեց Իր միտքը կամ ինչ-որ հրաշագործ միջոց՝ ստեղծելու այս վերարկուները՝ մարդու մարմինը ծածկելու համար, ինչպես մարդիկ կարող են պատկերացնել։ Աստված իսկապես արեց մի բան, որը մարդկությունը կմտածեր, թե Աստված չէր անի և չպետք է աներ։ Սա գուցե պարզ բան է. մարդիկ գուցե նույնիսկ չմտածեն, որ արժե նշել դա, բայց այն թույլ է տալիս Աստծու ցանկացած հետևորդի, որը լի էր Նրա մասին երևակայական պատկերացումներով, պատկերացում կազմել Նրա իսկության և հաճելիության մասին և տեսնել Նրա հավատարմությունն ու խոնարհությունը։ Այն ստիպում է ամբարտավան մարդկանց, որոնք կարծում են, թե իրենք բարձր ու հզոր են, ամոթից խոնարհել իրենց ինքնահավան գլուխներն Աստծու իսկության և խոնարհության առջև։ Այստեղ Աստծու իսկությունն ու խոնարհությունն է՛լ ավելի են հնարավորություն տալիս մարդկանց տեսնելու, թե որքան սիրելի է Նա։ Ի հակադրություն սրա՝ «վեհ» աստվածը, «սիրելի» աստվածը և «ամենազոր» աստվածը, որին մարդիկ պահում են իրենց սրտերում, դարձել է այնքան չնչին ու տգեղ և փշրվում է ամենաչնչին հպումից։ Երբ տեսնում ես այս համարը և լսում այս պատմությունը, արդյոք արհամարհանքո՞վ ես նայում Աստծուն, որովհետև Նա նման բան արեց։ Որոշ մարդիկ գուցե այդպես անեն, բայց մյուսները հակառակ արձագանքը կունենան։ Նրանք կմտածեն, որ Աստված իսկական է և սիրելի, և հենց Աստծու իսկությունն ու սիրելիությունն է, որ հուզում է նրանց։ Որքան շատ են նրանք տեսնում Աստծու իրական կողմը, այնքան ավելի շատ կարող են գնահատել Աստծու սիրո ճշմարիտ գոյությունը, Աստծու կարևորությունն իրենց սրտերում և այն, թե ինչպես է Նա կանգնած իրենց կողքին ամեն պահի։

Այժմ եկեք մեր քննարկումը կապենք ներկայի հետ։ Եթե Աստված կարող էր այս տարբեր փոքրիկ բաներն անել այն մարդկանց համար, որոնց ստեղծեց ամենասկզբում, նույնիսկ բաներ, որոնք մարդիկ երբեք չէին համարձակվի մտածել կամ ակնկալել, ապա կարո՞ղ էր արդյոք Աստված այսօր նման բաներ անել մարդկանց համար։ Ոմանք ասում են. «Այո՛»։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև Աստծու էությունը շինծու չէ, ոչ էլ Նրա սիրելիությունն է շինծու, և Աստծու էությունը ճշմարտապես գոյություն ունի և մի բան չէ, որն ավելացվել է ուրիշների կողմից, առավել ևս մի բան չէ, որը փոխվում է տարբեր ժամանակների, վայրերի և ժամանակաշրջանների հետ։ Միայն այն բաները կարող են ճշմարտապես ի հայտ բերել Աստծու իսկությունն ու սիրելիությունը, որոնք Աստված անում է, և որոնք մարդիկ համարում են աննկատ կամ աննշան, կամ նույնիսկ շատ չնչին մի բան, որը, նրանց կարծիքով, Աստված հնարավոր չէ, որ աներ։ Աստված կեղծավոր չէ։ Նրա բնույթի և էության մեջ չկա պոռոտախոսություն, քողարկում, գոռոզություն կամ ամբարտավանություն։ Նա երբեք չի պարծենում, այլ փոխարենը հավատարիմ և իսկական վերաբերմունքով սիրում և պաշտպանում է, հոգատարություն է ցուցաբերում, խնամում և առաջնորդում է Իր ստեղծած մարդկային էակներին։ Անկախ նրանից, թե մարդիկ որքան կարող են փորձառաբար ապրել, զգալ կամ տեսնել սա, Նա հաստատապես անում է այս բաները։ Արդյոք իմանալը, որ Աստված ունի նման էություն, կազդե՞ր Նրա հանդեպ մարդկանց սիրո վրա։ Արդյոք կազդե՞ր Աստծու հանդեպ նրանց երկյուղի վրա։ Հուսով եմ, որ երբ հասկանաս Աստծու իրական կողմը, է՛լ ավելի կմոտենաս Նրան և կկարողանաս ավելի ճշմարտապես գնահատել Նրա սերն ու խնամքը մարդու հանդեպ, ինչպես նաև կկարողանաս սիրտդ տալ Աստծուն և այլևս ոչ մի կասկած կամ տարակուսանք չտածել Նրա հանդեպ։ Աստված հանդարտորեն ամեն ինչ անում է մարդկության համար՝ այդ ամենը լուռ անելով Իր անկեղծության, հավատարմության և սիրո միջոցով։ Բայց Նա երբեք ոչ մի մտավախություն կամ զղջում չունի Իր արած որևէ բանի համար, Նա երբեք կարիք չունի, որ որևէ մեկը որևէ կերպ հատուցի Իրեն, և Նա երբեք հույս չունի որևէ բան կորզելու մարդուց։ Այն ամենի միակ նպատակը, ինչ Նա երբևէ արել է, այն է, որ կարողանա ստանալ մարդու ճշմարիտ հավատն ու սերը։ Եվ սրանով Ես կավարտեմ առաջին թեման այստեղ։

Արդյոք այս քննարկումներն օգնեցի՞ն ձեզ։ Որքանո՞վ են դրանք օգտակար եղել։ (Մենք Աստծու սիրո ավելի շատ հասկացողություն և ճանաչողություն ունենք։) (Հաղորդակցության այս մեթոդը կարող է օգնել մեզ ապագայում ավելի լավ գնահատելու Աստծու խոսքը, գնահատելու, թե ինչ էր Նա զգում և նկատի ունենում, երբ ասում էր այս բաները, և գնահատելու Նրա հոգեվիճակն այն ժամանակ։) Արդյոք ձեզանից որևէ մեկն այս խոսքերը կարդալուց հետո ավելի շա՞տ է զգում Աստծու փաստացի գոյությունը։ Արդյոք զգո՞ւմ եք, որ Աստծու գոյությունն այլևս դատարկ կամ վերացական չէ։ Երբ ունենաք այս զգացումը, կարո՞ղ եք արդյոք զգալ, որ Աստված հենց ձեր կողքին է։ Գուցե զգացողությունը հենց հիմա ակնհայտ չէ, կամ գուցե դեռևս ի վիճակի չեք զգալու այն։ Բայց մի օր, երբ ձեր սրտերում ճշմարտապես Աստծու բնույթի ու էության խոր գնահատանք և իրական ճանաչողություն ունենաք, կզգաք, որ Աստված հենց ձեր կողքին է. պարզապես երբեք ճշմարտապես չէիք ընդունել Աստծուն ձեր սրտերում։ Սա ճշմարիտ է։

Ի՞նչ եք մտածում հաղորդակցության այս մոտեցման մասին։ Կարողանո՞ւմ եք հետևել։ Կարծում եք, որ Աստծու աշխատանքի և Աստծու բնույթի թեմայի շուրջ այս տեսակ հաղորդակցությունը շա՞տ ծանր է։ Ինչպե՞ս եք զգում։ (Շատ լավ, ոգևորված։) Ի՞նչը ստիպեց ձեզ լավ զգալ։ Ինչո՞ւ էիք ոգևորված։ (Կարծես վերադառնայինք Եդեմի պարտեզ՝ կրկին լինելով Աստծու կողքին։) Յուրաքանչյուր մարդու համար «Աստծու բնույթն» իրականում բավականին անծանոթ թեմա է։ Սա այն պատճառով է, որ այն, ինչ սովորաբար պատկերացնում եք, և այն, ինչ կարդում եք գրքերում կամ լսում հաղորդակցություններում, հակված են մղելու քեզ զգալու փոքր-ինչ այնպես, ինչպես կույր մարդը՝ փիղ շոշափելիս. դու պարզապես շոշափում ես ձեռքերովդ, բայց իրականում չես կարողանում ոչինչ տեսնել աչքերովդ։ Ձեռքերով շոշափելը պարզապես չի կարող քեզ կոպիտ հասկացողություն տալ Աստծու մասին, առավել ևս՝ հստակ պատկերացում Նրա մասին, և փոխարենը միայն ավելի է գրգռում երևակայությունդ։ Սա խանգարում է քեզ ճշգրտորեն սահմանելու, թե որոնք են Աստծու բնույթն ու էությունը. ընդհակառակը, երևակայությունիցդ բխող անորոշություններն անխուսափելիորեն սիրտդ կասկածներով են լցնում։ Երբ չես կարողանում վստահ լինել ինչ-որ բանում, բայց դեռ փորձում ես հասկանալ այն, սրտումդ միշտ հակասություններ և բախումներ կլինեն, իսկ երբեմն նույնիսկ անհանգստության զգացում՝ թողնելով քեզ տարակուսանքի մեջ։ Մի՞թե տանջալի բան չէ ցանկանալ ձգտել Աստծուն, ճանաչել Աստծուն և հստակ տեսնել Նրան, բայց երբեք չկարողանալ գտնել պատասխանները։ Իհարկե, այս խոսքերն ուղղված են միայն նրանց, ովքեր փափագում են ձգտել վախենալու Աստծուց և բավարարելու Նրան։ Այն մարդկանց համար, որոնք ոչ մի ուշադրություն չեն դարձնում նման բաներին, սա իրականում նշանակություն չունի, որովհետև նրանք կցանկանային, որ Աստծու իրականությունն ու գոյությունը լինեին լոկ լեգենդ կամ երևակայություն, որպեսզի կարողանային անել այն, ինչ ուզում են, որպեսզի կարողանային լինել մեծագույնն ու ամենակարևորը, որպեսզի կարողանային չար գործեր կատարել՝ առանց հաշվի առնելու որևէ հետևանք և առանց ստիպված լինելու բախվել պատժի կամ կրել որևէ պատասխանատվություն, և որպեսզի նույնիսկ այն բաները, որոնք Աստված ասում է չար մարդկանց մասին, չկարողանային իրականանալ իրենց վրա։ Այս մարդիկ չեն ցանկանում հասկանալ Աստծու բնույթը։ Նրանք հակակրանք են տածում Աստծուն և Նրա մասին ամեն ինչ հասկանալու փորձերի հանդեպ։ Նրանք կգերադասեին, որ Աստված գոյություն չունենար։ Այս մարդիկ թշնամական են տրամադրված Աստծու հանդեպ, և նրանք այն մարդկանց թվում են, որոնք դուրս կթողնվեն։

Հաջորդիվ կքննարկենք Նոյի պատմության մեջ այն թեման, որը վերաբերում է Աստծու գործին, Աստծու բնույթին և Իրեն՝ Աստծուն։

Ի՞նչ եք տեսնում, որ Աստված անում է Նոյի հետ Սուրբ Գրքի այս հատվածում։ Գուցե այստեղ նստած յուրաքանչյուրը դրա մասին ինչ-որ բան գիտի Սուրբ Գիրքը կարդալուց։ Աստված Նոյին հանձնարարեց կառուցել տապանը, ապա Աստված ջրհեղեղով ոչնչացնեց աշխարհը։ Աստված Նոյին հանձնարարեց կառուցել տապանը՝ նրա ութ հոգուց բաղկացած ընտանիքը փրկելու համար, որպեսզի թույլ տա նրանց ողջ մնալ և դառնալ մարդկության նախնիները հաջորդ դարաշրջանում։ Այժմ եկեք անդրադառնանք Սուրբ Գրքին։

Բ. Նոյ

1. Աստված մտադիր է ջրհեղեղով ոչնչացնել աշխարհը և հրահանգում է Նոյին տապան կառուցել

Ծնունդ 6:9-14 Սա է Նոյի պատմությունը: Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ և ապրում էր աստվածահաճո կյանքով։ Նա երեք որդի ունեցավ՝ Սեմը, Քամը և Հաբեթը։ Երկիրն ապականվեց Աստծու առաջ և լցվեց անիրավությամբ։ Տերը՝ Աստված, տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով։ Եվ Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Մարդկանց ժամանակը վերջացել է, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրենություններով։ Ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը։ Արդ, դու քեզ համար փայտյա քառակուսի տապա՛ն շինիր, այն բաժանի՛ր խորշերի և ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով»։

Ծնունդ 6:18-22 «Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, քեզ հետ՝ նաև քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ Բոլոր անասուններից, բոլոր գազաններից ու ընդհանրապես մարմնավոր բոլոր էակներից զույգ-զույգ կմտցնես տապան, որպեսզի քեզ հետ ողջ մնան։ Դրանք թող արու և էգ լինեն։ Թող մտնեն քեզ մոտ, որպեսզի քեզ հետ ողջ մնան զույգ-զույգ՝ բոլոր տեսակի թռչուններից, բոլոր տեսակի կենդանիներից և երկրի բոլոր տեսակի սողուններից՝ արու և էգ։ Քեզ հետ կվերցնես նաև այն բոլոր ուտելիքներից, որ ուտում եք, կկուտակես դրանք, որ քեզ ու նրանց համար կերակուր լինեն»։ Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։

Այս երկու հատվածները կարդալուց հետո արդյոք հիմա ընդհանուր հասկացողություն ունե՞ք, թե ով էր Նոյը։ Ինչպիսի՞ մարդ էր Նոյը։ Բնագիր տեքստն է. «Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ»։ Ժամանակակից մարդկանց հասկացողության համաձայն՝ ինչպիսի՞ մարդ էր «արդար մարդը» այն օրերում։ Արդար մարդը պետք է կատարյալ մարդ լինի։ Գիտե՞ք արդյոք՝ այս կատարյալ մարդը կատարյալ էր մարդո՞ւ աչքերում, թե՞ կատարյալ էր Աստծու աչքերում։ Անկասկած, այս կատարյալ մարդը կատարյալ մարդ էր Աստծու աչքերում, այլ ոչ թե մարդու աչքերում։ Սա հաստա՛տ է։ Սա այն պատճառով է, որ մարդը կույր է և չի կարող տեսնել, և միայն Աստված է զննում ողջ երկիրը և յուրաքանչյուր մարդու, և միայն Աստված գիտեր, որ Նոյը կատարյալ մարդ էր։ Հետևաբար, ջրհեղեղով աշխարհը ոչնչացնելու Աստծու ծրագիրը սկսվեց այն պահից, երբ Նա կանչեց Նոյին։

Այդ դարաշրջանում Աստված մտադիր էր կանչել Նոյին՝ շատ կարևոր մի բան անելու համար։ Ինչո՞ւ պետք է արվեր այս առաջադրանքը։ Որովհետև Աստված այդ պահին Իր սրտում ծրագիր ուներ։ Նրա ծրագիրը ջրհեղեղով աշխարհը ոչնչացնելն էր։ Ինչո՞ւ Նա կոչնչացներ աշխարհը։ Ինչպես ասվում է այստեղ. «Երկիրն ապականվեց Աստծու առաջ և լցվեց անիրավությամբ»։ Ի՞նչ է ձեզ ցույց տալիս «երկիրը լցվեց անիրավությամբ» արտահայտությունը։ Այն ցույց է տալիս, որ երբ աշխարհը և մարդկությունը ծայրահեղորեն ապականվել էին, երկրի վրա մի երևույթ կար, այն, որ «երկիրը լցվեց անիրավությամբ»։ Այսօրվա լեզվով ասած՝ «լցվեց անիրավությամբ» կնշանակեր, որ ամեն ինչ դուրս է եկել հավասարակշռությունից։ Մարդու աչքերում դա նշանակում է, որ կյանքի բոլոր ոլորտներում ողջ կարգուկանոնը կորել էր, և որ ամեն ինչ դարձել էր քաոսային ու դժվար տնօրինելի։ Աստծու աչքերում դա նշանակում էր, որ աշխարհի մարդկային էակները չափազանց ապականվել էին։ Բայց ի՞նչ աստիճանի էին ապականված։ Ապականված այն աստիճանի, որ Աստված այլևս չէր կարողանում տանել նրանց նայելը կամ նրանց հանդեպ համբերատար լինելը։ Ապականված այն աստիճանի, որ Աստված վճռեց կործանել նրանց։ Երբ Աստված վճռեց կործանել աշխարհը, Նա ծրագրեց գտնել մեկին՝ տապան կառուցելու համար։ Աստված ընտրեց Նոյին՝ այդ առաջադրանքը կատարելու համար։ Այսինքն՝ Նա Նոյին հանձնարարեց տապան կառուցել։ Ինչո՞ւ Նա ընտրեց Նոյին։ Աստծու աչքերում Նոյն արդար մարդ էր։ Անկախ նրանից՝ Աստված ինչ էր հրահանգում նրան անել, Նոյը համապատասխանաբար անում էր դա։ Այսինքն՝ Նոյն անում էր այն ամենը, ինչ Աստված ասում էր անել։ Աստված ուզում էր գտնել այսպիսի մեկին՝ Իր աշխատանքի հետ համագործակցելու համար, Իր հանձնարարությունը կատարելու համար՝ երկրի վրա Իր գործն ավարտելու համար։ Այն ժամանակ կա՞ր արդյոք Նոյից բացի մեկ այլ մարդ, որը կկարողանար նման առաջադրանք կատարել։ Հաստատապես ո՛չ։ Նոյը միակ թեկնածուն էր, միակ մարդը, որը կարող էր կատարել Աստծու հանձնարարությունը, և ուստի Աստված ընտրեց նրան։ Բայց արդյոք մարդկանց փրկելու Աստծու սահմանափակումներն ու չափանիշներն այն ժամանակ նո՞ւյնն էին, ինչ հիմա։ Պատասխանն է՝ հաստատապես տարբերություն կա՛։ Եվ ինչո՞ւ եմ Ես հարցնում սա։ Այդ ժամանակ Նոյն Աստծու աչքերում միակ արդար մարդն էր, ինչը ենթադրում է, որ ո՛չ նրա կինը, ո՛չ էլ նրա որդիներից կամ հարսներից որևէ մեկն արդար մարդիկ չէին, բայց Աստված, միևնույն է, Նոյի շնորհիվ թույլ տվեց նրանց ողջ մնալ։ Աստված նրանց վրա պահանջներ չդրեց այնպես, ինչպես հիմա է անում, և փոխարենը ողջ պահեց Նոյի ընտանիքի բոլոր ութ անդամներին։ Նրանք Նոյի արդարության շնորհիվ ստացան Աստծու օրհնությունը։ Առանց Նոյի՝ նրանցից ոչ մեկը չէր կարողանա կատարել այն, ինչ Աստված հանձնարարել էր։ Հետևաբար Նոյը միակ մարդն էր, որը պետք է ողջ մնար աշխարհի այդ ոչնչացումից, իսկ մյուսները պարզապես կողմնակի շահառուներ էին։ Սա ցույց է տալիս, որ այն ժամանակաշրջանում, նախքան Աստված պաշտոնապես կսկսեր Իր տնօրինման գործը, այն սկզբունքներն ու չափանիշները, որոնցով Նա վերաբերվում էր մարդկանց և պահանջներ էր ներկայացնում նրանց, համեմատաբար մեղմ էին։ Այսօրվա մարդկանց համար այն ձևը, որով Աստված վերաբերվեց Նոյի ութ հոգուց բաղկացած ընտանիքին, թվում է, թե զուրկ է «արդարությունից»։ Բայց համեմատած գործի այն մեծ ծավալի հետ, որը Նա հիմա կատարում է մարդկանց վրա, և Նրա խոսքերի այն մեծ քանակի հետ, որը Նա հիմա խոսում է, Աստծու վերաբերմունքը Նոյի ութ հոգուց բաղկացած ընտանիքի նկատմամբ պարզապես աշխատանքային սկզբունք էր՝ հաշվի առնելով այն ժամանակվա Նրա գործի նախապատմությունը։ Համեմատության համար՝ Նոյի ութ հոգուց բաղկացած ընտանի՞քն ավելի շատ բան ստացավ Աստծուց, թե՞ այսօրվա մարդիկ։

Այն, որ Նոյը կանչվեց, պարզ փաստ է, բայց այն ամենի գլխավոր կետը, ինչի մասին մենք խոսում ենք, այն է, որ Աստծու բնույթը, Նրա մտադրությունները և Նրա էությունն այս արձանագրության մեջ այնքան էլ պարզ չեն։ Աստծու այս մի քանի տեսանկյունները հասկանալու համար մենք նախ պետք է հասկանանք, թե ինչպիսի մարդու է Աստված փափագում կանչել, և դրա միջոցով հասկանանք Նրա բնույթը, մտադրությունները և էությունը։ Սա վճռորոշ է։ Ուստի Աստծու աչքերում ճիշտ ինչպիսի՞ մարդ է այս մարդը, որին Նա կանչում է։ Դա պետք է լինի մի մարդ, որը կարող է լսել Նրա խոսքերը և որը կարող է հետևել Նրա հրահանգներին։ Միևնույն ժամանակ, պետք է լինի նաև պատասխանատվության զգացում ունեցող մարդ, մեկը, ով կիրականացնի Աստծու խոսքը՝ վերաբերվելով դրան որպես պատասխանատվության և պարտավորության, որը նա պարտավոր է կատարել։ Այդ դեպքում արդյոք այս մարդը պե՞տք է լինի մեկը, ով ճանաչում է Աստծուն։ Ո՛չ։ Այն ժամանակ Նոյը շատ բան չէր լսել Աստծու ուսմունքներից կամ փորձառաբար չէր ապրել Աստծու գործից և ոչ մեկը։ Հետևաբար Նոյը շատ քիչ ճանաչողություն ուներ Աստծու մասին։ Թեև այստեղ արձանագրված է, որ Նոյը քայլում էր Աստծու հետ, արդյոք նա երբևէ տեսե՞լ էր Աստծու անձը։ Պատասխանը հաստատապես ո՛չ է։ Սա այն պատճառով է, որ այն օրերում միայն Աստծու սուրհանդակներն էին գալիս մարդկանց մեջ։ Թեև նրանք կարող էին ներկայացնել Աստծուն բաներ ասելիս և անելիս, նրանք պարզապես փոխանցում էին Աստծու կամքը և Նրա ցանկությունները։ Աստծու անձն անձամբ չէր հայտնվում մարդուն։ Սուրբ Գրքի այս հատվածում այն ամենը, ինչ մենք հիմնականում տեսնում ենք, այն է, թե ինչ պետք է աներ Նոյը, և թե որոնք էին Աստծու հրահանգները նրան։ Ուստի ո՞րն էր այն էությունը, որն Աստված արտահայտեց այստեղ։ Այն ամենը, ինչ Աստված անում է, ծրագրված է ճշգրտությամբ։ Երբ Նա տեսնում է, որ որևէ բան կամ իրավիճակ է տեղի ունենում, Նրա աչքերում կա չափանիշ՝ այն չափելու համար, և այս չափանիշը որոշում է, թե արդյոք Նա ծրագիր է սկսում՝ դրա հետ գործ ունենալու համար, կամ թե ինչ մոտեցում պետք է ցուցաբերի այս բանի կամ իրավիճակի հետ գործ ունենալիս։ Նա անտարբեր կամ անկարեկից չէ ամեն ինչի հանդեպ։ Իրականում ճիշտ հակառակն է։ Այստեղ կա մի խոսք, որտեղ նշվում է, թե Աստված ինչ ասաց Նոյին. «Մարդկանց ժամանակը վերջացել է Իմ առաջ, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրենություններով։ Եվ ահա, Ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը»։ Երբ Աստված ասաց սա, արդյոք Նա նկատի ուներ, որ միայն մարդկա՞նց է ոչնչացնում։ Ո՛չ։ Աստված ասաց, որ պատրաստվում է ոչնչացնելու մարմնավոր բոլոր կենդանի էակներին։ Ինչո՞ւ Աստված ոչնչացում ուզեց։ Այստեղ կա Աստծու բնույթի մեկ այլ բացահայտում. Աստծու աչքերում սահման կա Նրա համբերության համար մարդկության ապականության հանդեպ, բոլոր մարմնավորների կեղտոտության, անիրավության և ըմբոստության հանդեպ։ Ո՞րն է Նրա սահմանը։ Այնպես է, ինչպես Աստված ասաց. «Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով»։ Ի՞նչ է նշանակում «որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով» արտահայտությունը։ Նշանակում է, որ բոլոր կենդանի էակները՝ ներառյալ նրանք, ովքեր հետևում էին Աստծուն, նրանք, ովքեր կանչում էին Աստծու անունը, նրանք, ովքեր ժամանակին ողջակեզներ էին մատուցում Աստծուն, նրանք, ովքեր բանավոր կերպով ընդունում էին Աստծուն և նույնիսկ փառաբանում էին Աստծուն, հենց որ նրանց վարքագիծը լի լիներ ապականությամբ և հասներ Աստծու աչքերին, Նա ստիպված կլիներ ոչնչացնել նրանց։ Դա Աստծու սահմանն էր։ Ուստի ի՞նչ աստիճանի Աստված համբերատար մնաց մարդկության և բոլոր մարմնավորների ապականության հանդեպ։ Այն աստիճանի, որ բոլոր մարդիկ, լինեն Աստծու հետևորդներ, թե անհավատներ, չէին քայլում ճիշտ ճանապարհով։ Այն աստիճանի, որ մարդկությունը ոչ միայն բարոյապես ապականված էր և լի չարիքով, այլև որտեղ չկար ոչ ոք, ով հավատում էր Աստծու գոյությանը, էլ չասած՝ որևէ մեկը, ով հավատում էր, որ աշխարհն Աստծու գերիշխանության տակ է, և որ Աստված կարող է մարդկանց լույս և ճիշտ ճանապարհ բերել։ Այն աստիճանի, որ մարդկությունն ատում էր Աստծու գոյությունը և թույլ չէր տալիս Աստծուն գոյություն ունենալ։ Հենց որ մարդկության ապականությունը հասավ այս կետին, Աստված այլևս չէր կարող պահպանել Իր համբերությունը։ Ի՞նչը կփոխարիներ դրան։ Աստծու բարկության և Աստծու պատժի գալուստը։ Մի՞թե դա Աստծու բնույթի մասնակի բացահայտում չէր։ Այս ընթացիկ դարաշրջանում արդյոք դեռ կա՞ գեթ մեկ արդար մարդ Աստծու աչքերում։ Արդյոք դեռ կա՞ գեթ մեկ կատարյալ մարդ Աստծու աչքերում։ Մի՞թե այս դարաշրջանն այնպիսին չէ, որում երկրի վրա բոլոր մարմնավորների վարքագիծն ապականված է Աստծու աչքերում։ Այս օրերում և դարաշրջանում մի՞թե բոլոր մարմնավոր մարդիկ՝ բացի նրանցից, ում Աստված ուզում է ավարտուն դարձնել, և նրանցից, ովքեր կարող են հետևել Աստծուն և ընդունել Նրա փրկությունը, մարտահրավեր չեն նետում Աստծու համբերության սահմանին։ Մի՞թե այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր կողքին՝ այն, ինչ տեսնում եք ձեր աչքերով և լսում ձեր ականջներով, և անձամբ ամեն օր փորձառաբար ապրում եք այս աշխարհում, լի չէ անիրավությամբ։ Աստծու աչքերում մի՞թե նման աշխարհը, նման դարաշրջանը չպետք է ավարտվի։ Թեև ընթացիկ դարաշրջանի նախապատմությունը լիովին տարբերվում է Նոյի ժամանակի նախապատմությունից, Աստծու հոգեվիճակը և բարկությունը մարդկության ապականության վերաբերյալ մնում են ճիշտ նույնը։ Պատճառը, որ Աստված ի վիճակի է համբերատար լինելու, Նրա գործն է, բայց հաշվի առնելով հանգամանքներն ու պայմանները՝ Աստծու աչքերում այս աշխարհը վաղուց պետք է ոչնչացած լիներ։ Հանգամանքները շատ ավելին են, քան այն ժամանակ, երբ աշխարհը ոչնչացվեց ջրհեղեղով։ Բայց ո՞րն է տարբերությունը։ Սա նաև այն բանն է, որն ամենից շատ է վշտացնում Աստծու սիրտը, և գուցե մի բան, որը ձեզանից ոչ ոք չի կարող գնահատել։

Երբ Նա ջրհեղեղով ոչնչացրեց աշխարհը, Աստված ի վիճակի եղավ կանչելու Նոյին՝ տապան կառուցելու և նախապատրաստական որոշ աշխատանքներ կատարելու համար։ Աստված կարող էր կանչել մեկ մարդու՝ Նոյին, որպեսզի նա այս շարքի բաներն աներ Իր համար։ Բայց այս ընթացիկ դարաշրջանում Աստված ոչ մեկին չունի, ում կարող է կանչել։ Ինչո՞ւ է այդպես։ Այստեղ նստած յուրաքանչյուր մարդ հավանաբար գիտի և հստակ պատկերացնում է պատճառը։ Կարիք կա՞, որ Ես պարզաբանեմ դա։ Դա բարձրաձայն ասելը կարող է ստիպել ձեզ կորցնել ձեր դեմքը և վշտացնել բոլորին։ Որոշ մարդիկ գուցե ասեն. «Թեև մենք արդար մարդիկ չենք և կատարյալ մարդիկ չենք Աստծու աչքերում, եթե Աստված հրահանգեր մեզ ինչ-որ բան անել, մենք, միևնույն է, ի վիճակի կլինեինք անելու դա։ Նախկինում, երբ Նա ասաց, որ մեծ աղետներ են գալիս, մենք սկսեցինք նախապատրաստել սնունդ և իրեր, որոնք անհրաժեշտ կլինեին աղետների ժամանակ։ Մի՞թե այս ամենը չարվեց Աստծու պահանջներին համապատասխան։ Մի՞թե մենք իսկապես չէինք համագործակցում Աստծու գործի հետ։ Մի՞թե այս բաները, որ մենք արեցինք, չեն կարող համեմատվել այն բանի հետ, ինչ արեց Նոյը։ Մի՞թե մեր արածն անելը ճշմարիտ հնազանդություն չէ։ Մի՞թե մենք չէինք հետևում Աստծու հրահանգներին։ Մի՞թե մենք նույնպես չարեցինք այն, ինչ Աստված ասաց, որովհետև հավատ ունենք Աստծու խոսքերի հանդեպ։ Այդ դեպքում ինչո՞ւ է Աստված դեռ տխուր։ Ինչո՞ւ է Աստված ասում, որ Նա ոչ մեկին չունի կանչելու»։ Արդյոք կա՞ որևէ տարբերություն նրանց գործողությունների և Նոյի գործողությունների միջև։ Ո՞րն է տարբերությունը։ (Այսօր աղետների համար սնունդ նախապատրաստելը մեր սեփական մտադրությունն էր։) (Մեր գործողությունները չեն կարող հավասարվել «արդար» լինելուն, մինչդեռ Նոյն Աստծու աչքերում արդար մարդ էր։) Այն, ինչ ասացիք, այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից։ Նոյի արածն էապես տարբերվում էր նրանից, ինչ մարդիկ հիմա անում են։ Երբ Նոյն արեց այնպես, ինչպես Աստված հրահանգել էր, նա չգիտեր, թե որոնք էին Աստծու մտադրությունները։ Նա չգիտեր, թե ինչ էր Աստված ուզում իրագործել։ Աստված միայն հրաման էր տվել նրան և հրահանգել այն մասին, թե ինչ պետք է աներ՝ առանց շատ բացատրություն տալու, և Նոյն առաջ գնաց ու արեց դա։ Նա չփորձեց գաղտնի ենթադրել, թե որոնք էին Աստծու ցանկությունները, նա չընդդիմացավ Աստծուն, և նա ոչ պակաս, քան ամբողջ սրտով էր իր նվիրվածության մեջ։ Նա պարզապես գնաց և համապատասխանաբար մաքուր և պարզ սրտով արեց դա։ Ինչ էլ որ Աստված հանձնարարեց նրան անել, նա արեց, և Աստծու խոսքին հնազանդվելն ու լսելն այն հավատն էր, որը հիմնավորում էր նրա գործողությունները։ Ահա թե որքան ուղղակիորեն և պարզորեն նա վերաբերվեց Աստծու հանձնարարությանը։ Նրա էությունը՝ նրա գործողությունների էությունը, հնազանդությունն էր, կասկածներ չունենալը, ընդդիմություն չունենալը և առավել ևս՝ իր սեփական շահերի կամ իր ձեռքբերումների ու կորուստների մասին չմտածելը։ Ավելին, երբ Աստված ասաց, որ ջրհեղեղով կոչնչացնի աշխարհը, Նոյը չհարցրեց, թե երբ, կամ չփորձեց ավելին պարզել, առավել ևս չհարցրեց Աստծուն, թե կոնկրետ ինչպես է Նա պատրաստվում ոչնչացնելու աշխարհը։ Նա պարզապես արեց այնպես, ինչպես Աստված հրահանգել էր։ Ինչպես և ինչ նյութերով որ Աստված հրահանգեց նրան կառուցել տապանը, նա այդպես էլ արեց, և նա գործողության անցավ հենց որ Աստված տվեց հրամանը։ Նա գործեց Աստծու հրահանգների համաձայն՝ Աստծուն բավարարելու ցանկության վերաբերմունքով։ Արդյոք նա դա անում էր՝ իրեն աղետից խուսափել օգնելու համար։ Ո՛չ։ Արդյոք նա հարցրե՞ց Աստծուն, թե էլ որքան ժամանակ կանցնի, մինչև աշխարհը կոչնչանա։ Նա չարեց դա։ Արդյոք նա հարցրե՞ց Աստծուն կամ գիտե՞ր, թե որքան ժամանակ կպահանջվի տապանը կառուցելու համար։ Դա էլ չգիտեր։ Նա պարզապես հնազանդվեց, լսեց և գործեց համապատասխանաբար։ Այսօրվա մարդիկ նույնը չեն. հենց որ մի փոքր տեղեկություն է արտահոսում Աստծու խոսքի միջոցով, հենց որ մարդիկ քամու մեջ տերևների միայն խշշոցն են զգում, անմիջապես գործողության են անցնում՝ անկախ ամեն ինչից և անկախ գնից նախապատրաստելու այն, ինչ նրանք կուտեն, կխմեն և կօգտագործեն դրանից հետո, և նրանք նույնիսկ ունեն իրենց փախուստի ուղիները՝ ամբողջությամբ ծրագրված այն ժամանակվա համար, երբ աղետը հարվածի։ Է՛լ ավելի հետաքրքիրն այն է, որ այս վճռորոշ պահին մարդկային ուղեղները շատ լավ են «գործն ավարտին հասցնելու» հարցում։ Այն հանգամանքներում, երբ Աստված ոչ մի հրահանգ չի տվել, մարդը կարող է շատ մանրակրկիտ ծրագրել իր սեփական ապագա գործերը։ Կարող եք օգտագործել «կատարյալ» բառը՝ նման ծրագրերը նկարագրելու համար։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է ասում Աստված, որոնք են Աստծու մտադրությունները, կամ ինչ է ուզում Աստված, ոչ ոքի հոգը չէ և ոչ ոք չի փորձում գնահատել դա։ Մի՞թե սա ամենամեծ տարբերությունը չէ այսօրվա մարդկանց և Նոյի միջև։

Նոյի պատմության այս արձանագրության մեջ արդյոք տեսնո՞ւմ եք նաև Աստծու բնույթի մի մասը։ Սահման կա մարդկության ապականության, կեղտոտության և անիրավության հանդեպ Աստծու համբերության համար։ Երբ այդ սահմանին հասնեն, Նա այլևս համբերատար չի լինի և փոխարենը կսկսի Իր նոր տնօրինումը և նոր ծրագիրը, կսկսի անել այն, ինչ Նա մտադիր է անել, և կբացահայտի Իր գործերը և Իր բնույթի մյուս կողմը։ Նրա այս գործողությունը ցույց տալու համար չէ, որ Նա չի հանդուրժում վիրավորանք մարդուց, կամ որ Նա լի է իշխանությամբ և ցասումով, և դա նրա համար չէ, որպեսզի ցույց տա, որ Նա կարող է ոչնչացնել մարդկությանը։ Այն է, որ Նրա բնույթը և Նրա սուրբ էությունն այլևս չեն կարող թույլ տալ կամ համբերություն ունենալ, որպեսզի այս տեսակ մարդկությունն ապրի Իր առջև, ապրի Իր տիրակալության տակ։ Այսպիսով, երբ ողջ մարդկությունը թշնամության մեջ է Նրա հանդեպ, երբ ողջ երկրի վրա չկա ոչ ոք, ում Նա կարող է փրկել, Նա այլևս համբերություն չի ունենա նման մարդկության հանդեպ և առանց վարանելու կանի Իր ծրագիրը՝ ոչնչացնելու այս տեսակ մարդկությանը։ Աստծու այդպիսի գործողությունը որոշվում է Նրա բնույթով։ Սա անհրաժեշտ հետևանք է, և հետևանք, որը պետք է կրի Աստծու տիրակալության տակ գտնվող յուրաքանչյուր արարած։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ այս ընթացիկ դարաշրջանում Աստված չի կարող սպասել Իր ծրագիրն ավարտելուն և այն մարդկային էակներին փրկելուն, որոնց Նա ուզում է փրկել։ Այս հանգամանքներում ի՞նչն է Աստծուն ամենից շատ հոգս պատճառում։ Ոչ այն, թե ինչպես են Իրեն վերաբերվում կամ հակադրվում նրանք, ովքեր ամենևին չեն հետևում Իրեն, կամ նրանք, ովքեր ի բնե ընդդիմանում են Իրեն, ոչ էլ այն, թե ինչպես է մարդկությունը զրպարտում Իրեն։ Նա միայն հոգում է այն մասին, թե արդյոք նրանք, ովքեր հետևում են Իրեն, Իր տնօրինման ծրագրում Իր փրկության առարկաները, ավարտուն են դարձվել Իր կողմից, թե արդյոք նրանք եկել են բավարարելու Իրեն։ Ինչ վերաբերում իրեն հետևողներից բացի մյուս մարդկանց, Նա պարզապես երբեմն փոքրիկ «նախազգուշական պատիժներ» է տրամադրում՝ արտահայտելու Իր ցասումը, օրինակ՝ ցունամիներ, երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ։ Միևնույն ժամանակ Նա նաև խստորեն պաշտպանում և հոգ է տանում նրանց մասին, ովքեր հետևում են Իրեն և պատրաստվում են փրկվելու Իր կողմից։ Աստծու բնույթն այսպիսին է. մի կողմից՝ Նա կարող է ծայրահեղ համբերություն և հանդուրժողականություն ունենալ այն մարդկային էակների հանդեպ, որոնց Նա մտադիր է ավարտուն դարձնել, և Նա կարող է սպասել նրանց այնքան երկար, որքան հնարավոր է. մյուս կողմից՝ Աստված կրքոտ կերպով ատում և գարշում է Սատանայի տեսակի մարդկանցից, որոնք չեն հետևում Իրեն և թշնական են տրամադրված Իր հանդեպ։ Թեև Նա չի հոգում, թե արդյոք Սատանայի տեսակի մարդիկ հետևում են Իրեն կամ երկրպագում են Իրեն, Նա, միևնույն է, ատում է նրանց՝ միաժամանակ համբերություն ունենալով նրանց հանդեպ Իր սրտում, և մինչ Նա որոշում է նրանց ելքը, նաև սպասում է Իր տնօրինման ծրագրի քայլերի ժամանմանը։

Եկեք նայենք հաջորդ հատվածը։

2. Աստծու օրհնությունը Նոյին ջրհեղեղից հետո

Ծնունդ 9:1-6 Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և նրանց ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան։ Թող ձեզանից վախենան ու երկյուղ տածեն երկրի բոլոր գազանները, երկնքի բոլոր թռչունները, երկրի վրայի բոլոր սողունները և ծովի բոլոր ձկները. նրանց բոլորին հանձնեցի ձեր ձեռքը։ Կենդանիներին ևս կարող եք ուտել. դրանց տալիս եմ ձեզ, ինչպես տվել էի խոտն ու բանջարը։ Սակայն միսն իր արյունով չուտեք։ Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։ Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն»։

Ի՞նչ եք տեսնում այս հատվածից։ Ինչո՞ւ Ես ընտրեցի այս խոսքերը։ Ինչո՞ւ Ես չընտրեցի քաղվածք տապանում Նոյի և նրա ընտանիքի կյանքի մասին։ Որովհետև այդ տեղեկությունը մեծ կապ չունի այն թեմայի հետ, որի շուրջ մենք հաղորդակցվում ենք այսօր։ Այն, ինչի վրա մենք կենտրոնանում ենք, Աստծու բնույթն է։ Եթե ուզում եք իմանալ այդ մանրամասների մասին, ապա կարող եք վերցնել Աստվածաշունչը՝ ինքներդ կարդալու համար։ Մենք դրա մասին այստեղ չենք խոսի։ Գլխավոր բանը, որի մասին մենք խոսում ենք այսօր, այն է, թե ինչպես ճանաչել Աստծու գործերը։

Այն բանից հետո, երբ Նոյն ընդունեց Աստծու հրահանգները, կառուցեց տապանը և ապրեց այն օրերին, երբ Աստված ջրհեղեղն օգտագործեց աշխարհը ոչնչացնելու համար, նրա ողջ ութ հոգուց բաղկացած ընտանիքը ողջ մնաց։ Բացի Նոյի ութ հոգուց բաղկացած ընտանիքից՝ ողջ մարդկությունը ոչնչացվեց, և երկրի վրայի բոլոր կենդանի էակները ոչնչացվեցին։ Աստված օրհնություններ տվեց Նոյին և որոշ բաներ ասաց նրան ու նրա որդիներին։ Այս բաներն այն էին, ինչ Աստված շնորհում էր նրան, և նաև Աստծու օրհնությունն էին նրան։ Սա այն օրհնությունն ու խոստումն է, որն Աստված տալիս է նրան, ով կարող է լսել Իրեն և ընդունել Իր հրահանգները, և դա նաև այն ձևն է, որով Աստված վարձատրում է մարդկանց։ Այսինքն՝ անկախ նրանից՝ Նոյն Աստծու աչքերում կատարյալ մարդ էր, թե արդար մարդ, և անկախ նրանից՝ նա որքան գիտեր Աստծու մասին, կարճ ասած, Նոյը և նրա երեք որդիները բոլորը լսեցին Աստծու խոսքերը, համագործակցեցին Աստծու գործի հետ և արեցին այն, ինչ պետք է անեին՝ Աստծու հրահանգների համաձայն։ Արդյունքում նրանք Աստծու համար պահպանեցին մարդկանց և տարբեր տեսակի կենդանի էակների ջրհեղեղով աշխարհի ոչնչացումից հետո՝ մեծ ներդրում ունենալով Աստծու տնօրինման ծրագրի հաջորդ քայլում։ Այն ամենի պատճառով, ինչ նա արել էր, Աստված օրհնեց նրան։ Գուցե այսօրվա մարդկանց համար այն, ինչ արեց Նոյը, նույնիսկ արժանի չէր հիշատակման։ Ոմանք գուցե նույնիսկ մտածեն. «Նոյը ոչինչ չարեց։ Աստված վճռել էր խնայել նրան, ուստի նա հաստատապես խնայվելու էր։ Նրա ողջ մնալն իր սեփական ձեռքբերումների շնորհիվ չէր։ Սա այն է, ինչ Աստված ուզում էր, որ տեղի ունենար, որովհետև մարդը պասիվ է»։ Բայց դա այն չէ, ինչ Աստված մտածում էր։ Աստծու համար, անկախ նրանից՝ մարդը մեծ է, թե աննշան, քանի դեռ նա կարող է լսել Իրեն, հնազանդվել Իր հրահանգներին ու հանձնարարությանը և կարող է համագործակցել Իր գործի, Իր կամքի և Իր ծրագրի հետ, որպեսզի Իր կամքն ու Իր ծրագիրը կարողանան անարգել իրականացվել և իրագործվել, ապա նման վարքագիծն արժանի է Իր հիշատակմանը և Իր օրհնությունը ստանալուն։ Աստված գնահատում է նման մարդկանց, և Նա փայփայում է նման վարքագիծը։ Նա փայփայում է այս սերը, որ մարդիկ ունեն Իր հանդեպ, և այս սիրտը, որ նրանք ցուցաբերում են Իր հանդեպ։ Սա Աստծու վերաբերմունքն է։ Ուստի ինչո՞ւ Աստված օրհնեց Նոյին։ Որովհետև այսպես է Աստված վերաբերվում մարդու այս տեսակ գործողությանը և հնազանդությանը։

Ինչ վերաբերում է Աստծու՝ Նոյի օրհնությանը, որոշ մարդիկ կասեն. «Եթե մարդը լսում է Աստծուն և բավարարում է Աստծուն, ապա Աստված պետք է օրհնի մարդուն։ Մի՞թե հենց այդպես չպետք է լինի»։ Կարո՞ղ ենք արդյոք ասել դա։ Որոշ մարդիկ ասում են. «Ո՛չ»։ Ինչո՞ւ չենք կարող ասել դա։ Որոշ մարդիկ ասում են. «Մարդն արժանի չէ վայելելու Աստծու օրհնությունը»։ Դա լիովին ճիշտ չէ։ Դա այն պատճառով է, որ երբ մարդն ընդունում է Աստծու հանձնարարությունը, Աստված չափանիշ ունի՝ դատելու համար, թե արդյոք նրա գործողությունները լավն են, թե վատը, արդյոք մարդն ունի հնազանդություն, արդյոք մարդը բավարարել է Աստծու մտադրությունները, և արդյոք նրա գործերն ու վարքագիծը համապատասխանում են չափանիշին։ Այն, ինչին Աստված կարևորություն է տալիս, մարդու սիրտն է, այլ ոչ թե նրա արտաքին գործողությունները։ Այնպես չէ, որ Աստված պետք է օրհնի ինչ-որ մեկին, քանի դեռ նա ինչ-որ բան է անում՝ անկախ նրանից, թե ինչպես է անում դա։ Սա թյուրըմբռնում է, որը մարդիկ ունեն Աստծու վերաբերյալ։ Աստված պարզապես չի նայում վերջնական արդյունքին. փոխարենը Նա կարևորություն է տալիս նրան, թե ինչպիսին է մարդու սիրտը, և որն է նրա վերաբերմունքը բաների զարգացման ընթացքում, և նայում է, թե արդյոք նրա սրտում կա հնազանդություն, հաշվի առնելու կարողություն և Աստծուն բավարարելու պատրաստակամություն։ Այն ժամանակ Նոյն Աստծու մասին որքա՞ն գիտեր։ Արդյոք դա այնքա՞ն էր, որքան այն վարդապետությունները, որոնք հիմա գիտեք։ Ճշմարտության այնպիսի տեսանկյունների առումով, ինչպիսիք են Աստծու մասին հասկացություններն ու ճանաչողությունը, արդյոք նա այնքան ջրում և հովվություն ստացա՞վ, որքան դուք։ Ո՛չ, չստացավ։ Բայց կա մի փաստ, որն անհերքելի է։ Այսօրվա մարդկանց գիտակցության, մտքերի և նույնիսկ սրտերի խորքում նրանց հասկացություններն ու վերաբերմունքն Աստծու նկատմամբ աղոտ են և երկիմաստ։ Կարելի է նույնիսկ ասել, որ մարդկանց մի մասը մերժողական վերաբերմունք ունի Աստծու գոյության նկատմամբ։ Բայց Նոյի սրտում և նրա գիտակցության մեջ Աստծու գոյությունը բացարձակ էր և վեր էր ամենաչնչին կասկածից, և ուստի նրա հնազանդությունն Աստծուն անխառն էր և կարող էր դիմանալ փորձությանը։ Նրա սիրտը մաքուր էր և բաց Աստծու հանդեպ։ Նրան պետք չէր վարդապետությունների չափազանց շատ գիտելիք՝ ինքն իրեն համոզելու համար հետևել Աստծու յուրաքանչյուր խոսքին, ոչ էլ նրան պետք էին շատ փաստեր՝ ապացուցելու Աստծու գոյությունը, որպեսզի ի վիճակի լիներ ընդունելու Աստծու հանձնարարությունը և կարողանար անել այն ամենը, ինչ Աստված հանձնարարել էր իրեն։ Սա էական տարբերությունն է Նոյի և այսօրվա մարդկանց միջև։ Դա նաև ճշգրտորեն այն բանի ճշմարիտ բացատրությունն է, թե ինչ է կատարյալ մարդն Աստծու աչքերում։ Աստծու ուզածը Նոյի պես մարդիկ են։ Աստված հավանություն է տալիս այս տեսակ մարդուն, և հենց այս տեսակ մարդուն է նաև, որ Աստված օրհնում է։ Արդյոք որևէ լուսավորություն ստացե՞լ եք սրանից։ Մարդիկ նայում են մարդկանց արտաքինից, մինչդեռ Աստված մարդկանց սրտերին է նայում և նրանց էությանը։ Աստված ոչ մեկին թույլ չի տալիս Իր հանդեպ որևէ անփութություն կամ կասկած ունենալ, ոչ էլ մարդկանց թույլ է տալիս կասկածել կամ որևէ կերպ փորձել Իրեն։ Հետևաբար, թեև այսօրվա մարդիկ առերեսվում են Աստծու խոսքի հետ, կարելի է նույնիսկ ասել, որ առերեսվում են Աստծու հետ, իրենց սրտերի խորքում եղած ինչ-որ բանի, իրենց ապականված էության գոյության և Նրա հանդեպ իրենց թշնամական վերաբերմունքի պատճառով մարդիկ խոչընդոտվել են Աստծու հանդեպ ճշմարիտ հավատ ունենալու հարցում և արգելքների են հանդիպել Նրան հնազանդվելու հարցում։ Այդ պատճառով նրանց համար շատ դժվար է ստանալ նույն օրհնությունը, որն Աստված շնորհեց Նոյին։

Հաջորդիվ եկեք նայենք Սուրբ Գրքի այս հատվածը. «Աստված ծիածանն օգտագործում է որպես մարդու հետ Իր ուխտի խորհրդանիշ»։

3. Աստված ծիածանն օգտագործում է որպես մարդու հետ Իր ուխտի խորհրդանիշ

Ծնունդ 9:11-13 Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս։ Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։ Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև»։

Մարդկանց մեծամասնությունը գիտի, թե ինչ է ծիածանը, և ծիածանների հետ կապված որոշ պատմություններ է լսել։ Ինչ վերաբերում է Աստվածաշնչում ծիածանի մասին պատմությանը, որոշ մարդիկ հավատում են դրան, իսկ ոմանք դրան որպես լեգենդի են վերաբերում, մինչդեռ մյուսներն ամենևին չեն հավատում դրան։ Անկախ ամեն ինչից՝ ծիածանի հետ կապված բոլոր իրադարձություններն այն բաներն էին, որոնք Աստված էր արել, և տեղի ունեցան մարդկության Աստծու տնօրինման գործընթացում։ Այս իրադարձությունները ճշգրտորեն արձանագրվել են Աստվածաշնչում։ Այս արձանագրությունները մեզ չեն ասում, թե Աստված ինչ հոգեվիճակում էր այն ժամանակ, կամ որն էր Աստծու ասած այս խոսքերի հետևում եղած մտադրությունը, առավել ևս ոչ ոք չի կարող գնահատել, թե ինչ էր զգում Աստված, երբ ասում էր դրանք։ Սակայն Աստծու մտքերը սա անելուց առաջ և հետո բացահայտվում են տեքստի տողատակերում։ Կարծես թե Նրա մտքերն այն ժամանակ դուրս են ցատկում էջից՝ Աստծու խոսքի յուրաքանչյուր բառի և արտահայտության միջոցով։

Աստծու մտքերն այն են, ինչով մարդկությունը պետք է ամենից շատ մտահոգվի, և ինչը պետք է ամենից շատ փորձի ճանաչել։ Սա այն պատճառով է, որ Աստծու մտքերն անքակտելիորեն կապված են Աստծու վերաբերյալ մարդու հասկացողության հետ, իսկ Աստծու վերաբերյալ մարդու հասկացողությունն անփոխարինելի օղակ է մարդու կյանքի մուտքի համար։ Ուստի ի՞նչ էր մտածում Աստված այն ժամանակ, երբ այս իրադարձությունները տեղի ունեցան։

Այն մարդկությունը, որն Աստված ի սկզբանե ստեղծել էր, որը Նրա աչքերում շատ լավն էր և մոտ էր Իրեն, ոչնչացվեց ջրհեղեղով՝ Նրա դեմ ըմբոստանալուց հետո։ Արդյոք Աստծու սիրտը կոտրվե՞ց, որ նման մարդկությունն այդպես ակնթարթորեն անհետացավ։ Իհարկե, կոտրվե՛ց։ Ուստի ո՞րն էր այս ցավի Նրա արտահայտումը։ Ինչպե՞ս է այն արձանագրվել Աստվածաշնչում։ Աստվածաշնչում այն արձանագրվել է այս խոսքերով. «Ես հաստատում եմ Իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։ Այս պարզ նախադասությունը բացահայտում է Աստծու մտքերը։ Աշխարհի այս կործանումը շատ ցավ պատճառեց Նրան։ Մարդու խոսքերով ասած՝ Նա շատ տխուր էր։ Մենք կարող ենք պատկերացնել։ Ինչպիսի՞ն էր երկիրը ջրհեղեղով ոչնչացվելուց հետո, որը նախկինում լի էր կենսունակությամբ։ Ինչպիսի՞ տեսք ուներ այն ժամանակ երկիրը, որը ժամանակին լի էր մարդկային էակներով։ Ոչ մի մարդկային բնակավայր, ոչ մի կենդանի էակ, ամենուր ջուր և քաոսային խառնաշփոթ ջրի մակերեսին։ Արդյոք նման տեսարանն Աստծու սկզբնական մտադրությո՞ւնն էր, երբ Նա ստեղծեց աշխարհը։ Իհարկե, ո՛չ։ Աստծու սկզբնական մտադրությունը ողջ երկրով մեկ կենսունակություն տեսնելն էր, տեսնել, որ Իր ստեղծած մարդկային էակները երկրպագում են Իրեն, և առնվազն, որ Նոյը միակը չէր լինի, որը երկրպագում էր Իրեն, կամ միակը, ում կարելի էր կանչել՝ Իր հանձնարարությունը կատարելու համար։ Երբ մարդկությունն անհետացավ, Աստված տեսավ ոչ թե այն, ինչ Նա ի սկզբանե մտադրվել էր, այլ ճիշտ հակառակը։ Ինչպե՞ս կարող էր Նրա սիրտը չցավել։ Ուստի, երբ Նա բացահայտում էր Իր բնույթը և արտահայտում Իր հոգեվիճակը, Աստված որոշում կայացրեց։ Ինչպիսի՞ որոշում Նա կայացրեց։ Աղեղ դնել ամպի մեջ (այսինքն՝ ծիածանները, որոնք մենք տեսնում ենք)՝ որպես ուխտ մարդու հետ, խոստում, որ Աստված այլևս ջրհեղեղով չի ոչնչացնի մարդկությանը։ Միևնույն ժամանակ դա նաև մարդկանց ասելու համար էր, որ Աստված ջրհեղեղով ոչնչացրել էր աշխարհը, որպեսզի նրանք հավերժ հիշեին, թե ինչու Աստված նման բան արեց։

Արդյոք աշխարհի կործանումն այն ժամանակ մի բա՞ն էր, որն Աստված ուզում էր։ Դա հաստատապես Աստծու ուզածը չէր։ Մենք գուցե կարողանանք պատկերացնել երկրի թշվառ տեսարանի մի փոքր մասը աշխարհի կործանումից հետո, բայց չենք կարող անգամ մոտավորապես պատկերացնել, թե ինչպիսին էր տեսարանն այն ժամանակ Աստծու աչքերում։ Կարելի է ասել՝ այսօրվա մարդիկ լինեն, թե այն ժամանակվա, ոչ ոք ի վիճակի չէ պատկերացնելու կամ գնահատելու այն հոգեվիճակը, որում Աստված էր, երբ տեսավ այդ տեսարանը, աշխարհի այդ պատկերը՝ ջրհեղեղով դրա կործանումից հետո։ Աստված ստիպված էր դա անել մարդկության ըմբոստության պատճառով, բայց ջրհեղեղով աշխարհի այս կործանումը ցավ պատճառեց Նրա սրտին։ Սա մի փաստ է, որը ոչ ոք չի կարող հասկանալ, և ոչ ոք չի կարող զգալ։ Ահա թե ինչու Աստված ուխտ արեց մարդու հետ. այսինքն՝ Նա երդում տվեց՝ մարդկանց ասելով հիշել, որ Աստված ժամանակին արել է նման բան, և ասելով նրանց, որ Աստված երբեք այլևս չի ոչնչացնի աշխարհը նման ձևով։ Այս ուխտի մեջ մենք տեսնում ենք Աստծու սիրտը. մենք տեսնում ենք, որ Աստծու սիրտը ցավի մեջ էր, երբ Նա ոչնչացրեց այս մարդկությանը։ Մարդու լեզվով ասած՝ երբ Աստված ոչնչացրեց մարդկությանը և տեսավ, որ մարդկությունն անհետանում է, Նրա սիրտը լալիս էր և արյունահոսում։ Մի՞թե այս խոսքերը ճիշտ նպատակին չեն խփում։ Այս խոսքերն օգտագործվում են մարդկանց կողմից՝ մարդկային հույզերը լուսաբանելու համար, բայց քանի որ մարդու լեզուն չափազանց աղքատիկ է, դրանք օգտագործելն Աստծու հոգեվիճակն ու զգացմունքները նկարագրելու համար Ինձ սխալ չի թվում, ոչ էլ դրանք չափազանց շատ են։ Առնվազն դա ձեզ շատ վառ, շատ դիպուկ հասկացողություն է տալիս այն մասին, թե ինչպիսին էր Աստծու հոգեվիճակն այն ժամանակ։ Ինչի՞ մասին կմտածեք հիմա, երբ նորից ծիածան տեսնեք։ Առնվազն կհիշեք, թե ինչպես էր Աստված ժամանակին վշտի մեջ՝ ջրհեղեղով աշխարհը ոչնչացնելու համար։ Կհիշեք, թե ինչպես, թեև Աստված ատում էր այս աշխարհը և այս մարդկությանը, երբ Նա ոչնչացրեց Իր սեփական ձեռքերով ստեղծած մարդկային էակներին, Նրա սիրտը ցավում էր, պայքարում էր ուրանալու համար, զգում էր, որ Իրեն այլ ընտրություն չի մնացել, և դժվարանում էր տանել դա։ Նրա միակ մխիթարությունը Նոյի՝ ութ հոգուց բաղկացած ընտանիքի մեջ էր։ Նոյի համագործակցությունն էր, որ այնպես արեց՝ բոլոր բաները ստեղծելու Նրա սրտի արյունն իզուր չլինի։ Մի ժամանակ, երբ Աստծու սիրտը ցավի մեջ էր, սա միակ բանն էր, որը կարող էր փոխհատուցել Նրա վերքերը։ Այդ պահից սկսած՝ Աստված մարդկությունից Իր բոլոր ակնկալիքները դրեց Նոյի ընտանիքի վրա՝ հուսալով, որ նրանք կարող են ապրել Իր օրհնությունների և ոչ թե Իր անեծքի տակ, հուսալով, որ նրանք երբեք չեն տեսնի, որ Աստված նորից ջրհեղեղով ոչնչացնի աշխարհը, և նաև հուսալով, որ նրանք չեն ոչնչանա։

Աստծու բնույթի ո՞ր մասի մասին մենք պետք է սովորենք սրանից։ Աստված ատում է մարդկությանը, որովհետև մարդկությունը թշնամական է տրամադրված Նրա հանդեպ, բայց Նրա սրտում Նրա հոգատարությունը, մտահոգությունը և ողորմությունը մարդկության հանդեպ երբեք չեն փոխվում։ Նույնիսկ երբ Նա ոչնչացնում է մարդկությանը, Նրա սիրտը մնում է անփոփոխ։ Երբ մարդկությունը լի է ապականությամբ և որոշակի աստիճանի ըմբոստ է Աստծու հանդեպ, Աստված ստիպված է ոչնչացնել այս մարդկությանը՝ Իր բնույթի և Իր էության պատճառով և Իր սկզբունքներին համապատասխան։ Բայց Աստծու էության պատճառով Նա դեռևս խղճում է մարդկությանը և նույնիսկ ուզում է տարբեր ուղիներ օգտագործել՝ մարդկությանը հետ բերելու համար, որպեսզի նրանք կարողանան շարունակել ապրել։ Մարդը, սակայն, հակադրվում է Աստծուն, շարունակում է ըմբոստանալ Աստծու դեմ և հրաժարվում է Աստծու փրկությունն ընդունելուց. այսինքն՝ մարդը հրաժարվում է Նրա բարի մտադրություններն ընդունելուց. անկախ նրանից՝ ինչպես է Աստված կանչում նրան, հիշեցնում նրան, ապահովում նրան, օգնում նրան կամ հանդուրժողականություն ցուցաբերում նրա հանդեպ, մարդը չի հասկանում կամ գնահատում դա, ոչ էլ ուշադրություն է դարձնում։ Իր ցավի մեջ Աստված դեռևս չի մոռանում մարդուն ցույց տալ հնարավոր ամենամեծ հանդուրժողականությունը՝ սպասելով, որ մարդը կփոխի ընթացքը։ Այն բանից հետո, երբ Նա հասնում է Իր սահմանին, անում է այն, ինչ պետք է անի՝ առանց որևէ վարանման։ Այլ կերպ ասած՝ կա որոշակի ժամանակահատված և գործընթաց այն պահից, երբ Աստված ծրագրում է ոչնչացնել մարդկությանը, մինչև մարդկությանը ոչնչացնելու Իր գործի պաշտոնական սկիզբը: Այս գործընթացը գոյություն ունի հանուն նրա, որ մարդկությունը փոխի ընթացքը, և սա վերջին հնարավորությունն է, որն Աստված տալիս է մարդուն։ Ուստի ի՞նչ է անում Աստված այս ժամանակահատվածում՝ նախքան մարդկությանը ոչնչացնելը։ Աստված զգալի քանակությամբ հիշեցնող և հորդորող գործ է կատարում։ Անկախ նրանից, թե որքան ցավի և վշտի մեջ է Աստծու սիրտը, այն ամենը, ինչ Նա անում է մարդկության համար, անդադար Իր հոգատարությունը, մտահոգությունը և առատ ողորմությունը նրանց վրա դնելն է։ Ի՞նչ ենք տեսնում սրանից։ Անկասկած, մենք տեսնում ենք, որ Աստծու սերը մարդկության հանդեպ իրական է և մի բան չէ, որի մասին Նա պարզապես խոսքով է ասում։ Այն փաստացի է, շոշափելի և գնահատելի, ոչ թե շինծու, խառնուրդով, նենգ կամ ցուցամոլ։ Աստված նաև երբեք չի օգտագործում որևէ խաբեություն կամ չի ստեղծում կեղծ երևույթներ՝ մղելու մարդկությանը տեսնելու, որ Ինքը սիրելի է։ Նա երբեք չի օգտագործում կեղծ վկայություն՝ թույլ տալու մարդկանց տեսնել Իր սիրելիությունը կամ պարծենալու Իր սիրելիությամբ և սրբությամբ։ Մի՞թե Աստծու բնույթի այս տեսանկյուններն արժանի չեն մարդու սիրուն։ Մի՞թե դրանք արժանի չեն երկրպագության։ Մի՞թե դրանք արժանի չեն փայփայման։ Այս պահին Ես ուզում եմ հարցնել ձեզ. այս խոսքերը լսելուց հետո կարծում եք, որ Աստծու մեծությունը պարզապես դատարկ խոսքե՞ր են թղթի վրա։ Աստծու սիրելիությունը պարզապես դատարկ խոսքե՞ր են։ Ո՛չ։ Հաստատապես ո՛չ։ Աստծու գերակայությունը, Աստծու մեծությունը, Աստծու սրբությունը, Աստծու հանդուրժողականությունը, Աստծու սերը և այսպես շարունակ՝ Աստծու բնույթի և էության այս բոլոր մանրամասները գործնական արտահայտություն են գտնում ամեն անգամ, երբ Նա կատարում է Իր գործը, մարմնավորված են մարդկության հանդեպ Նրա մտադրությունների մեջ և նաև իրագործվում են յուրաքանչյուր մարդու մեջ և արտացոլվում յուրաքանչյուր մարդու մեջ։ Անկախ նրանից՝ նախկինում զգացել ես դա, թե ոչ, Աստված մանրակրկիտ կերպով հոգ է տանում յուրաքանչյուր մարդու մասին՝ օգտագործելով Իր անկեղծ սիրտը, օգտագործելով Իր իմաստությունը և օգտագործելով տարբեր մեթոդներ՝ ջերմացնելու յուրաքանչյուր մարդու սիրտը և արթնացնելու յուրաքանչյուր մարդու հոգին։ Սա անհերքելի փաստ է։ Անկախ նրանից, թե քանի մարդ է նստած այստեղ, յուրաքանչյուր մարդ տարբեր փորձառություններ և զգացմունքներ է ունեցել Աստծու հանդուրժողականության, համբերության և սիրելիության նկատմամբ։ Աստծու այս փորձառությունները և Նրա մասին այս զգացմունքները կամ ընկալումները, կարճ ասած, այս բոլոր դրական բաներն Աստծուց են։ Ուստի, համատեղելով Աստծու մասին բոլորի փորձառություններն ու ճանաչողությունը և միացնելով դրանք այսօր Աստվածաշնչի այս հատվածների մեր մեկնաբանական ընթերցումների հետ՝ արդյոք հիմա ունե՞ք Աստծու ավելի իրական և ճիշտ հասկացողություն։

Այս պատմությունը կարդալուց և այս իրադարձության միջոցով բացահայտված Աստծու բնույթի մի մասը հասկանալուց հետո ինչպիսի՞ նոր ճանաչողություն ունեք Աստծու մասին։ Արդյոք այն տվե՞լ է ձեզ Աստծու և Նրա սրտի ավելի խոր հասկացողություն։ Հիմա այլ կե՞րպ եք զգում, երբ վերանայում եք Նոյի պատմությունը։ Ձեր կարծիքով՝ արդյոք անհրաժեշտ չէ՞ր հաղորդակցվել Աստվածաշնչի այս համարների շուրջ։ Հիմա, երբ մենք հաղորդակցվել ենք դրանց շուրջ, կարծում եք, որ դա անհրաժե՞շտ էր։ Դա հաստատապես անհրաժեշտ էր։ Թեև այն, ինչ մենք կարդում ենք, պատմություն է, այն Աստծու կատարած գործի ճշմարիտ արձանագրությունն է։ Իմ նպատակն այն չէր, որ հնարավորություն տամ ձեզ հասկանալու այս պատմությունների կամ այս կերպարի մանրամասները, ոչ էլ այն էր, որ կարողանաք գնալ և ուսումնասիրել այս կերպարը, և հաստատապես այն չէր, որ վերադառնաք և նորից ուսումնասիրեք Աստվածաշունչը։ Հասկանո՞ւմ եք։ Ուստի այս պատմություններն օգնեցի՞ն Աստծու մասին ձեր ճանաչողությանը։ Ի՞նչ ավելացրեց այս պատմությունն Աստծու մասին ձեր հասկացողությանը։ Ասե՛ք մեզ, եղբայրնե՛ր և քույրե՛ր Հոնկոնգից։ (Մենք տեսանք, որ Աստծու սերը մի բան է, որը մեզանից՝ ապականված մարդկանցից, ոչ ոք չունի։) Ասե՛ք մեզ, եղբայրնե՛ր և քույրե՛ր Հարավային Կորեայից։ (Աստծու սերը մարդու հանդեպ իրական է։ Աստծու սերը մարդու հանդեպ կրում է Նրա բնույթը և կրում է Նրա մեծությունը, սրբությունը, գերակայությունը և Նրա հանդուրժողականությունը։ Արժե, որ փորձենք դրա ավելի խոր հասկացողություն ձեռք բերել։) (Հենց նոր եղած հաղորդակցության միջոցով, մի կողմից, ես կարող եմ տեսնել Աստծու արդար և սուրբ բնույթը, և ես կարող եմ նաև տեսնել այն հոգատարությունը, որն Աստված ունի մարդկության հանդեպ, Աստծու ողորմությունը մարդու հանդեպ, և որ այն ամենը, ինչ Աստված անում է, և յուրաքանչյուր միտք ու գաղափար, որ Նա ունի, բացահայտում է Նրա սերն ու հոգատարությունը մարդու հանդեպ։) (Նախկինում իմ հասկացողությունն այն էր, որ Աստված ջրհեղեղն օգտագործեց աշխարհը ոչնչացնելու համար, որովհետև մարդկությունը որոշակի աստիճանի չար էր դարձել, և կարծես թե Աստված ոչնչացչեց այս մարդկությանը, որովհետև Նա գարշում էր նրանցից։ Միայն այն բանից հետո, երբ Աստված այսօր խոսեց Նոյի պատմության մասին և ասաց, որ Աստծու սիրտն արյունահոսում էր, ես գիտակցեցի, որ Աստված իրականում դժկամությամբ էր ուրանում այս մարդկությանը։ Պատճառը միայն այն էր, որ մարդկությունը չափազանց ըմբոստ էր, որ Աստված այլ ընտրություն չուներ, քան կործանել նրանց։ Իրականում Աստծու սիրտն այս ժամանակ շատ տխուր էր։ Սրանից ես կարող եմ տեսնել Աստծու բնույթի մեջ Նրա հոգատարությունն ու մտահոգությունը մարդկության հանդեպ։ Սա մի բան է, որը ես նախկինում չգիտեի։) Շատ լավ։ Հաջորդը դուք կարող եք խոսել։ (Ես շատ տպավորված էի լսելուց հետո։ Ես նախկինում կարդացել եմ Աստվածաշունչը, բայց երբեք չեմ ստացել այնպիսի արդյունքներ, ինչպես այսօր, երբ Աստված ուղղակիորեն մանրամասն վերլուծում է այս բաները, որպեսզի մենք կարողանանք ճանաչել Նրան։ Այն, որ Աստված մեզ այսպես առաջնորդեց՝ տեսնելու Աստվածաշունչը, հնարավորություն տվեց ինձ իմանալու, որ Աստծու էությունը նախքան մարդու ապականությունը սերն ու հոգատարությունն էր մարդկության հանդեպ, և որ այն ժամանակից ի վեր, երբ մարդկությունն ապականվեց, մինչև այս ներկա վերջին օրերը, թեև Աստված ունի արդար բնույթ, Նրա սերն ու հոգատարությունը մնում են անփոփոխ։ Սա ցույց է տալիս, որ Աստծու սերը տևել է արարչագործությունից մինչև հիմա, և անկախ նրանից, թե արդյոք մարդն ապականված է, այս էությունը երբեք չի փոխվում։) (Այսօր ես տեսա, որ Աստծու էությունը չի փոխվի ժամանակի կամ Նրա գործի վայրի փոփոխության պատճառով։ Ես նաև տեսա, որ անկախ նրանից՝ Աստված ստեղծում է աշխարհը, թե ոչնչացնում է այն մարդկության ապականվելուց հետո, այն ամենը, ինչ Նա անում է, իմաստ ունի և պարունակում է Նրա բնույթը։ Հետևաբար ես տեսա, որ Աստծու սերն անսահման է և անչափելի, և ես նաև տեսա, ինչպես մյուս եղբայրներն ու քույրերը նշեցին, Աստծու հոգատարությունն ու ողորմությունը մարդկության հանդեպ, երբ Նա ոչնչացրեց աշխարհը։) (Սրանք բաներ էին, որոնց մասին ես իսկապես չգիտեի նախկինում։ Այսօր լսելուց հետո ես զգում եմ, որ Աստված ճշմարտապես արժանահավատ է, ճշմարտապես վստահելի, արժանի է վստահության, և որ Նա իսկապես գոյություն ունի։ Ես կարող եմ ճշմարտապես գնահատել իմ սրտում, որ Աստծու բնույթն ու սերն իսկապես այսքան կոնկրետ են։ Սա մի զգացում է, որը ես ունեմ այսօր լսելուց հետո։) Գերազանց է։ Կարծես թե բոլորդ սրտին եք մոտ ընդունել այն, ինչ լսել եք։

Արդյոք նկատե՞լ եք մի որոշակի փաստ Աստվածաշնչի բոլոր խոսքերից՝ ներառյալ Աստվածաշնչի բոլոր պատմությունները, որոնց շուրջ մենք հաղորդակցվեցինք այսօր։ Այսինքն՝ արդյոք Աստված երբևէ օգտագործե՞լ է Իր սեփական լեզուն՝ արտահայտելու Իր սեփական մտքերը կամ բացատրելու Իր սերն ու հոգատարությունը մարդկության հանդեպ։ Արդյոք կա՞ արձանագրություն այն մասին, որ Նա պարզ լեզու է օգտագործում՝ նշելու, թե որքան է հոգում մարդկության համար կամ սիրում մարդկությանը։ Ո՛չ։ Այդպես չէ՞։ Ձեր մեջ այնքան շատերն են կարդացել Աստվածաշունչը կամ Աստվածաշնչից զատ այլ գրքեր։ Արդյոք ձեզանից որևէ մեկը տեսե՞լ է նման խոսքեր։ Պատասխանը հաստատապես ո՛չ է։ Այսինքն՝ Աստվածաշնչի արձանագրություններում՝ ներառյալ Աստծու խոսքերը կամ Նրա գործի փաստաթղթավորումը, Աստված երբեք ոչ մի դարաշրջանում կամ ոչ մի ժամանակահատվածում չի օգտագործել Իր սեփական մեթոդները՝ նկարագրելու Իր հոգեվիճակը կամ արտահայտելու Իր սերն ու հոգատարությունը մարդկության հանդեպ, ոչ էլ Աստված երբևէ խոսք կամ որևէ գործողություն է օգտագործել՝ փոխանցելու Իր հոգեվիճակը և Իր զգացմունքները. մի՞թե դա փաստ չէ։ Ինչո՞ւ եմ ասում դա։ Ինչո՞ւ պետք է նշեմ սա։ Որովհետև սա նաև մարմնավորում է Աստծու սիրելիությունը և Նրա բնույթը։

Աստված ստեղծեց մարդկությանը. անկախ նրանից՝ արդյոք նրանք ապականվել են, կամ արդյոք նրանք հետևում են Իրեն, Աստված մարդկային էակներին վերաբերվում է որպես Իր ամենասիրելի մարդկանց, կամ, ինչպես մարդկային էակները կասեին, ամենամոտ հարազատների, այլ ոչ թե որպես Իր խաղալիքների։ Թեև Աստված ասում է, որ Ինքն Արարիչն է, և որ մարդկությունն Իր արարածն է, ինչը կարող է հնչել այնպես, կարծես աստիճանի աննշան տարբերություն կա, իրականությունն այն է, որ այն ամենը, ինչ Աստված արել է մարդկության համար, շատ ավելին է, քան այս բնության հարաբերությունը։ Աստված սիրում է մարդկությանը, հոգ է տանում մարդկության մասին և հոգատարություն է ցուցաբերում մարդկության հանդեպ, ինչպես նաև մշտապես և անդադար ապահովում է մարդկությանը։ Նա երբեք Իր սրտում չի զգում, որ սա լրացուցիչ գործ է. Նա երբեք չի զգում, որ դա մեծ ներդրում է. Նա նաև երբեք չի զգում, որ մարդկությանը փրկելը, նրանց ապահովելը և նրանց ամեն ինչ շնորհելը հսկայական ներդրում է նրանց համար։ Նա պարզապես ապահովում է մարդկությանն անաղմուկ և լուռ՝ Իր սեփական ձևով և օգտագործելով Իր սեփական էությունը և այն, ինչ Նա ունի և է։ Անկախ նրանից, թե որքան ապահովում և որքան օգնություն է մարդը ստանում Նրանից, Աստված երբեք չի մտածում երախտագիտություն պահանջելու մասին կամ չի փորձում անել դա։ Սա որոշվում է Աստծու էությամբ և նաև ճշգրտորեն Աստծու բնույթի ճշմարիտ արտահայտումն է։ Ահա թե ինչու, կարևոր չէ՝ Աստվածաշնչում, թե որևէ այլ գրքում, մենք երբեք չենք գտնում, որ Աստված արտահայտի Իր մտքերը, և մենք երբեք չենք գտնում, որ Աստված նկարագրի կամ հայտարարի մարդուն, թե ինչու է Նա անում այս բաները կամ այդքան հոգ տանում մարդկության մասին, որպեսզի մղի մարդուն երախտապարտ զգալու Իր հանդեպ կամ փառաբանելու Իրեն։ Նույնիսկ երբ Նա ցավ է ապրում, երբ Նրա սիրտը ծայրահեղ ցավի մեջ է, Նա երբեք չի մոռանում Իր պարտականությունը մարդկության հանդեպ կամ Իր մտահոգությունը մարդկության հանդեպ, այն ամենի ընթացքում, երբ Նա միայնակ, լռության մեջ կրում է այս վիրավորանքն ու ցավը։ Ընդհակառակը, Աստված շարունակում է ապահովել մարդկությանն այնպես, ինչպես միշտ արել է։ Թեև մարդկությունը հաճախ փառաբանում է Աստծուն կամ վկայում է Նրա մասին, սա մի բան չէ, որն Աստված պահանջում է մարդուց։ Սա այն պատճառով է, որ Աստված երբեք մտադիր չէ, որ այն լավ բաներից որևէ մեկը, որ Նա անում է մարդու համար, փոխանակվի երախտագիտությամբ կամ հատուցվի։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր կարող են երկյուղել Աստծուց, խուսափել չարից և կարող են ճշմարտապես հետևել Աստծուն, նրանք, ովքեր կարող են լսել Իրեն և հավատարիմ են Իրեն, և նրանք, ովքեր կարող են հնազանդվել Իրեն, հաճախ ստանում են Աստծու օրհնությունները, և Աստված շնորհում է նման օրհնություններն առանց վերապահումների։ Ավելին՝ այն օրհնությունները, որոնք մարդիկ ստանում են Աստծուց, հաճախ վեր են նրանց երևակայությունից և նաև վեր են ցանկացած բանից, որը նրանք կարող են ձեռք բերել այն բանի փոխարեն, ինչ նրանք արել են, կամ այն գնի, որը նրանք վճարել են։ Երբ մարդը վայելում է Աստծու օրհնությունները, արդյոք որևէ մեկը հոգո՞ւմ է այն մասին, թե ինչ է անում Աստված։ Արդյոք որևէ մեկը հոգատարություն ցուցաբերո՞ւմ է Աստծու հոգեվիճակի հանդեպ։ Արդյոք որևէ մեկը փորձո՞ւմ է գնահատել Աստծու ցավը։ Ճշգրիտ կլինի կլինի ասել՝ ոչ։ Կարո՞ղ է արդյոք որևէ մարդկային էակ, ներառյալ Նոյը, գնահատել այն ցավը, որն Աստված զգում էր այդ պահին։ Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը գնահատել, թե ինչու Աստված նման ուխտ կհաստատեր։ Նրանք չեն կարող։ Մարդը չի կարող գնահատել Աստծու ցավը ոչ այն պատճառով, որ չի կարող հասկանալ Աստծու ցավը, և ոչ Աստծու և մարդու միջև եղած անջրպետի կամ նրանց կարգավիճակի տարբերության պատճառով. ավելի շուտ, դա այն պատճառով է, որ մարդն ամենևին չի հոգում Աստծու զգացմունքներից և ոչ մեկի մասին։ Մարդը կարծում է, որ Աստված անկախ է, որ Աստված կարիք չունի, որ մարդը հոգա Իր մասին, հասկանա Իրեն կամ հաշվի առնի Իրեն։ Աստված Աստված է, ուստի Նա չունի ցավ, չունի հույզեր. Նա չի տխրի, Նա վիշտ չի զգում, Նա նույնիսկ չի լալիս։ Աստված Աստված է, ուստի կարիք չունի որևէ հուզական արտահայտության և կարիք չունի որևէ հուզական մխիթարության։ Եթե որոշակի հանգամանքներում Նա իսկապես կարիք ունի այս բաների, ապա միայնակ կարող է գլուխ հանել և մարդուց որևէ օգնություն չի պահանջի։ Ընդհակառակը, թույլ, անհաս մարդն է, որ կարիք ունի Աստծու սփոփանքի, ապահովման, քաջալերանքի, և նույնիսկ որպեսզի Նա մխիթարի իր հույզերն ամեն ժամանակ և ամեն վայրում։ Նման բաները թաքնված են մարդու սրտի խորքում. մարդը թույլն է. նա կարիք ունի, որ Աստված ամեն կերպ հոգ տանի իր մասին, նա արժանի է այն ողջ հոգատարությանը, որը ստանում է Աստծուց, և նա պետք է պահանջի Աստծուց այն ամենը, ինչ նա կարծում է, որ պետք է իրենը լինի։ Աստված ուժեղն է. Նա ունի ամեն ինչ, և Նա պետք է լինի մարդու պահապանը և օրհնություններ շնորհողը։ Նա արդեն Աստված է, և Նա ամենակարող է, ուստի Նա երբեք ոչ մի բանի կարիք չունի մարդուց։

Քանի որ մարդն անտարբեր է այն ամենի հանդեպ, ինչ բացահայտվում է Աստծուց, նա երբեք չի զգացել Աստծու վիշտը, ցավը կամ ուրախությունը։ Եվ ընդհակառակը, Աստված Իր հինգ մատի պես գիտի մարդու բոլոր արտահայտումները։ Աստված ապահովում է յուրաքանչյուրի կարիքներն ամեն ժամանակ և ամեն վայրում՝ դիտարկելով յուրաքանչյուր մարդու փոփոխվող մտքերը, և այսպիսով մխիթարում ու հորդորում է նրանց և ուղղորդում ու լուսավորում է նրանց։ Այն բոլոր բաների առումով, ինչ Աստված արել է մարդու վրա, և այն բոլոր գների, որոնք Նա վճարել է հանուն մարդու, արդյոք մարդիկ կարո՞ղ են գտնել մի հատված Աստվածաշնչում կամ Նրա բոլոր խոսքերում ներկա օրերում, որը հստակորեն նշում է, թե Աստված ինչ-որ բան կպահանջի մարդուց։ Ո՛չ։ Ընդհակառակը, անկախ նրանից, թե մարդն ինչպես է անտեսում Աստծու մտքերը, Աստված, միևնույն է, բազմիցս առաջնորդում է նրան, բազմիցս ապահովում է նրան և օգնում նրան, որպեսզի հնարավորություն տա նրան հետևելու Աստծու ճանապարհին, որպեսզի նա կարողանա հասնել այն գեղեցիկ վերջնական հանգրվանին, որն Աստված պատրաստել է նրա համար։ Աստծու դեպքում այն, ինչ Նա ունի և է, Նրա շնորհը, Նրա ողորմությունը և Նրա բոլոր վարձատրություններն առանց վերապահումների կշնորհվեն նրանց, ովքեր սիրում և հետևում են Իրեն։ Բայց Նա երբեք չի բացահայտում մարդուն այն ցավը, որը Նա կրել է, կամ այն, ինչ Իր մտքում է, և Նա երբեք չի տրտնջում, որ որևէ մեկը հաշվի չի առնում Իրեն կամ չի փորձում հասկանալ Իր մտադրությունները։ Նա պարզապես կրում է այս ամենը լռության մեջ՝ սպասելով այն օրվան, երբ մարդն ի վիճակի կլինի հասկանալու։

Ինչո՞ւ եմ ասում այս բաներն այստեղ։ Ի՞նչ եք տեսնում այն բաներից, որոնք Ես ասել եմ։ Աստծու էության և բնույթի մեջ կա մի բան, որը մարդիկ ամենայն հավանականությամբ անտեսում են, մի բան, որը ոչ մի մարդ չունի՝ ներառյալ նրանք, ում մյուսները համարում են մեծ մարդիկ, լավ մարդիկ կամ իրենց երևակայության «Աստված», մի բան, որն ունի միայն Աստված։ Ի՞նչ է այս բանը։ Դա Աստծու անձնուրացությունն է։ Անձնուրացության մասին խոսելիս գուցե մտածես, որ նույնպես շատ անձնուրաց ես, որովհետև երբ խոսքը վերաբերում է երեխաներիդ, երբեք չես սակարկում կամ վիճում նրանց հետ, կամ գուցե մտածես, որ նույնպես շատ անձնուրաց ես, երբ խոսքը վերաբերում է ծնողներիդ։ Անկախ նրանից, թե ինչ ես մտածում, առնվազն հասկացություն ունես «անձնուրաց» բառի մասին և այն դրական բառ ես համարում։ Կարծում ես, որ անձնուրաց մարդ լինելը շատ վեհ է, և քեզ շատ մեծ ես համարում, եթե կարող ես հասնել անձնուրացության։ Բայց չկա ոչ ոք, ով կարող է տեսնել Աստծու անձնուրացությունը բոլոր բաներում, մարդկանց, իրադարձությունների և բաների մեջ և Նրա գործում։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև մարդը չափազանց եսասեր է։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Մարդն ապրում է նյութական աշխարհում, և թեև հետևում ես Աստծուն, երբեք չես տեսնում կամ գնահատում, թե ինչպես է Աստված ապահովում քեզ, սիրում քեզ և հոգատարություն ցուցաբերում քո հանդեպ։ Ուստի ի՞նչ ես տեսնում։ Տեսնում ես արյունակից հարազատներիդ, որոնք սիրում են քեզ, կամ նրանց, ովքեր խորապես հոգ են տանում քո մասին, տեսնում ես այն բաները, որոնք օգտակար են մսեղիիդ համար, և հոգ ես տանում այն մարդկանց և բաների մասին, որոնց սիրում ես։ Սա մարդու այսպես կոչված անձնուրացությունն է։ Նման «անձնուրաց» մարդիկ, սակայն, երբեք չեն մտահոգվում այն Աստծով, ով կյանք է շնորհում իրենց։ Ի հակադրություն Աստծու անձնուրացության՝ մարդու «անձնուրացությունը» պարզվում է, որ եսասեր է և արհամարհելի։ Այն «անձնուրացությունը», որին մարդը հավատում է, դատարկ է և անիրատեսական, խառնուրդով, Աստծու հետ անհամատեղելի և կապ չունի Աստծու հետ։ Մարդու «անձնուրացությունն» իր համար է, մինչդեռ Աստծու անձնուրացությունը Նրա էության ճշմարիտ բացահայտումն է։ Ճշգրտորեն Աստծու անձնուրացության շնորհիվ է, որ մարդն անընդհատ մատակարարվում է Նրա կողմից։ Գուցե չափազանց խորապես չտպավորվեք այս թեմայով, որի մասին այսօր խոսում եմ, և պարզապես գլխով անեք՝ ի նշան հավանության, բայց երբ փորձես գնահատել Աստծու սիրտը քո սրտում, ակամայից կբացահայտես սա։ Այս աշխարհում բոլոր մարդկանց, իրադարձությունների և բաների մեջ, որոնք կարող ես զգալ, միայն Աստծու անձնուրացությունն է իրական և կոնկրետ, որովհետև միայն քո հանդեպ Աստծու սերն է անվերապահ և անարատ։ Աստծուց բացի՝ ցանկացած այլ մեկի այսպես կոչված անձնուրացությունը կեղծ է, մակերեսային, ոչ իսկական. այն ունի որոշակի նպատակներ, որոշակի մտադրություններ, իր հետ կրում է գործարք և չի կարող դիմանալ փորձությանը։ Կարելի է նույնիսկ ասել, որ այն կեղտոտ է և արհամարհելի։ Համաձա՞յն եք այս խոսքերի հետ։

Գիտեմ, որ շատ անծանոթ եք այս թեմաներին և ժամանակահատվածի կարիք ունեք, որպեսզի դրանք տպավորվեն, նախքան կկարողանաք ճշմարտապես հասկանալ։ Որքան ավելի անծանոթ եք այս հարցերին և թեմաներին, այնքան ավելի է դա ապացուցում, որ այս թեմաները պակասում են ձեր սրտերում։ Եթե Ես երբեք չնշեի այս թեմաները, արդյոք ձեզանից որևէ մեկը որևէ բան կիմանա՞ր դրանց մասին։ Կարծում եմ, որ երբեք չէիք իմանա դրանք։ Դա հաստատ է։ Անկախ նրանից, թե որքան կարող եք ըմբռնել կամ հասկանալ, այս թեմաները, որոնց մասին Ես խոսում եմ, կարճ ասած, այն են, ինչն ամենից շատ է պակասում մարդկանց, և ինչի մասին նրանք պետք է ամենից շատ իմանան։ Այս թեմաները շատ կարևոր են բոլորի համար. դրանք գերագույն գանձ են և կյանք են, և դրանք բաներ են, որոնք պետք է ունենաք առջևում ընկած ճանապարհի համար։ Առանց այս խոսքերի՝ որպես ուղեցույցի, առանց Աստծու բնույթի և էության քո հասկացողության, միշտ հարցական նշան կկրես, երբ խոսքը վերաբերում է Աստծուն։ Եթե ամենևին չես հասկանում Աստծուն, ինչպե՞ս կարող ես երբևէ հաջողության հասնել Նրա հանդեպ քո հավատի մեջ։ Ոչինչ չգիտես Աստծու հույզերի, Նրա մտադրությունների, Նրա մտքերի մասին, թե ինչ է Նա մտածում, ինչն է Նրան տխրեցնում, և ինչն է Նրան ուրախացնում, ուստի ինչպե՞ս կարող ես հաշվի առնել Աստծու սիրտը։

Ամեն անգամ, երբ Աստված տխուր է, այն, ինչին Նա բախվում է, մարդկություն է, որն ամենևին ուշադրություն չի դարձնում Իրեն, մարդկություն, որը հետևում է Իրեն և պնդում, թե սիրում է Իրեն, բայց լիովին անտեսում է Իր զգացմունքները։ Ինչպե՞ս կարող է Նրա սիրտը չցավել։ Աստծու գործում և տնօրինման մեջ Նա անկեղծորեն աշխատում է յուրաքանչյուր մարդու վրա և խոսում է յուրաքանչյուր մարդու հետ, և Նա կանգնում է նրանց առջև՝ առանց վերապահումների կամ ամենաչնչին քողարկման. և ընդհակառակը, յուրաքանչյուր մարդ, որը հետևում է Իրեն, փակ է Իր հանդեպ, և ոչ ոք չի ցանկանում ակտիվորեն ավելի մոտենալ Իրեն, հասկանալ Իր սիրտը կամ ուշադրություն դարձնել Իր զգացմունքներին։ Նույնիսկ նրանք, ովքեր ուզում են դառնալ «Աստծու մտերիմները», չեն ուզում մոտենալ Իրեն, հաշվի առնել Իր սիրտը կամ հասկանալ Իրեն։ Երբ Աստված ուրախ է և երջանիկ, ոչ ոք չկա, որ կիսի Նրա երջանկությունը։ Երբ Աստված սխալ է հասկացվում մարդկանց կողմից, ոչ ոք չկա, որ մխիթարի Նրա վիրավոր սիրտը։ Երբ Նրա սիրտը ցավում է, չկա գեթ մեկ մարդ, որը պատրաստ է լսելու Նրա գաղտնիքները։ Աստծու գործի և տնօրինման այս հազարավոր տարիների ընթացքում չի եղել ոչ ոք, ով հասկանում է Աստծու հույզերը, ոչ ոք, ով ըմբռնում կամ գնահատում է դրանք, առավել ևս որևէ մեկը, ով կարող է ուղեկցել Աստծուն՝ կիսելու Նրա հույզերը։ Աստված միայնակ է։ Նա միայնա՛կ է։ Աստված միայնակ է ոչ միայն այն պատճառով, որ ապականված մարդկությունը հակադրվում է Իրեն, այլ ավելի շատ այն պատճառով, որ նրանք, ովքեր ձգտում են հոգևոր լինելու և ճանաչելու Աստծուն և հասկանալու Նրան, և նույնիսկ նրանք, ովքեր պատրաստ են ծախսելու իրենց ողջ կյանքը հանուն Նրա, նույնպես չգիտեն Նրա մտքերը կամ չեն հասկանում Նրա բնույթը և Նրա հույզերը։

Նոյի պատմության վերջում մենք տեսնում ենք, որ Աստված անսովոր մեթոդ օգտագործեց՝ արտահայտելու Իր հոգեվիճակն այն ժամանակ։ Դա շատ յուրահատուկ մեթոդ էր. ուխտ անել մարդու հետ։ Նա օգտագործեց այս մեթոդը՝ հայտարարելու Աստծու՝ ջրհեղեղով աշխարհը կործանելու ավարտը։ Մակերեսորեն ուխտ անելը շատ սովորական բան է թվում։ Դա ոչ այլ ինչ է, քան խոսքերի օգտագործում՝ երկու կողմերին պարտավորեցնելու և նրանց համաձայնությունը խախտելը կանխելու համար, որպեսզի պաշտպանվեն երկուսի շահերը։ Ձևով այն շատ սովորական բան է, բայց այն դրդապատճառների և իմաստի առումով, որոնք թաքնված են Աստծու կողմից այս բանն անելու հետևում, այն Աստծու բնույթի և մտքերի ճշմարիտ բացահայտումն է։ Եթե պարզապես մի կողմ դնես այս խոսքերը և անտեսես դրանք, եթե Ես երբեք չասեմ ձեզ բաների ճշմարտությունը, ապա մարդկությունն իսկապես երբեք չի իմանա Աստծու մտքերը։ Գուցե քո երևակայություններում Աստված ժպտում էր, երբ Նա արեց այս ուխտը, կամ գուցե Նրա արտահայտությունը լուրջ էր, բայց անկախ նրանից, թե մարդիկ ինչ ամենասովորական արտահայտություն են պատկերացնում, որ Աստված ուներ, ոչ ոք ի վիճակի չէր լինի տեսնելու Աստծու սիրտը կամ Նրա ցավը, առավել ևս ոչ ոք ի վիճակի չէր լինի տեսնելու Նրա միայնությունը։ Ոչ ոք չի կարող մղել Աստծուն վստահելու իրեն կամ արժանի լինելու Աստծու վստահությանը և լինելու մեկը, ում Նա կարող է արտահայտել Իր մտքերը կամ վստահել Իր ցավը։ Ահա թե ինչու Աստված այլ ընտրություն չուներ, քան նման բան անելը։ Մակերեսորեն Աստված մի հեշտ բան արեց՝ հրաժեշտ տալու հին մարդկությանը՝ լուծելով անցյալի հարցը և կատարյալ ավարտի հասցնելով ջրհեղեղով աշխարհի Իր կործանումը։ Սակայն Աստված թաղեց այն ցավը, որը Նա զգում էր այդ պահին, Իր սրտի խորքում։ Մի ժամանակ, երբ Աստված չուներ ոչ մեկին, ում կարող էր վստահել, Նա ուխտ արեց մարդու հետ՝ մարդուն ասելով, որ Նա այլևս ջրհեղեղով չի ոչնչացնի աշխարհը։ Երբ ծիածան հայտնվեց, դա մարդուն հիշեցնելու համար էր, որ նման բան է տեղի ունեցել, և զգուշացնելու նրան զերծ մնալ չարից։ Նույնիսկ նման ցավալի վիճակում Աստված չմոռացավ մարդու մասին և դեռևս այդքան հոգատարություն ցուցաբերեց նրա հանդեպ։ Մի՞թե սա Աստծու սերն ու անձնուրացությունը չէ։ Բայց ինչի՞ մասին է մտածում մարդը, երբ տառապում է։ Մի՞թե սա այն ժամանակը չէ, երբ մարդն ամենից շատ ունի Աստծու կարիքը։ Նման ժամանակներում մարդը միշտ քաշում է Աստծուն, որպեսզի Նա կարողանա մխիթարել իրեն։ Կարևոր չէ, թե երբ, Աստված երբեք հուսախաբ չի անի մարդուն, և Աստված միշտ հնարավորություն կտա մարդուն դուրս գալու իր դժվարին կացություններից և ապրելու լույսի մեջ։ Թեև Աստված այսպես ապահովում է մարդուն, մարդու սրտում Աստված ոչ այլ ինչ է, քան հանգստացնող հաբ, մխիթարող դեղամիջոց։ Երբ Աստված տառապում է, երբ Նրա սիրտը վիրավոր է, արարած կամ որևէ մարդ ունենալը, ով կընկերակցի Իրեն կամ կմխիթարի Իրեն, անկասկած, պարզապես շռայլ ցանկություն կլիներ Աստծու համար։ Մարդը երբեք ուշադրություն չի դարձնում Աստծու զգացմունքներին, ուստի Աստված երբեք չի խնդրում, ոչ էլ ակնկալում է, որ կլինի մեկը, ով կարող է մխիթարել Իրեն։ Նա պարզապես օգտագործում է Իր սեփական մեթոդները՝ արտահայտելու Իր հոգեվիճակը։ Մարդիկ չեն կարծում, թե որոշակի տառապանքի միջով անցնելն Աստծու համար մեծ դժվարություն է, բայց միայն այն ժամանակ, երբ իսկապես փորձես հասկանալ Աստծուն, երբ կարողանաս անկեղծորեն ընկալել Աստծու մանրակրկիտ մտադրություններն այն ամենում, ինչ Նա անում է, կկարողանաս զգալ Աստծու մեծությունն ու Նրա անձնուրացությունը։ Նույնիսկ թեև Աստված ծիածանի միջոցով ուխտ կապեց մարդկության հետ, Նա երբեք ոչ ոքի չասաց, թե ինչու դա արեց՝ ինչու հաստատեց այդ ուխտը, ինչը նշանակում է, որ Նա երբեք ոչ ոքի չասաց Իր իրական մտքերը։ Պատճառն այն է, որ չկա մեկը, ով կարող է ըմբռնել, թե որքան խորն է Աստված սիրում Իր իսկ ձեռքերով ստեղծած մարդկությանը, և նաև չկա մեկը, ով կարող է ընկալել, թե որքան ցավ է կրել Նրա սիրտը, երբ Նա կործանեց մարդկությանը։ Հետևաբար, նույնիսկ եթե Նա մարդկանց ասեր, թե ինչ է զգում, նրանք ի վիճակի չէին լինի կրելու այս վստահությունը։ Չնայած ցավի մեջ լինելուն՝ Նա դեռ շարունակում է Իր գործի հաջորդ քայլը։ Աստված միշտ Իր լավագույն կողմը և լավագույն բաներն է տալիս մարդկությանը, մինչդեռ Ինքը լուռ կրում է ողջ տառապանքը։ Աստված երբեք բացահայտորեն չի հայտարարում այս տառապանքների մասին։ Փոխարենը Նա լուռ տանում է դրանք և սպասում։ Աստծու համբերատարությունը ո՛չ սառնություն է, ո՛չ թմրություն, ո՛չ անօգնականություն, ո՛չ էլ վախկոտության դրսևորում։ Ավելի շուտ, Աստծու սերն ու էությունը բնույթով անձնուրաց են։ Սա Նրա էության և բնույթի բնական հայտնությունն է և Աստծու՝ որպես ճշմարիտ Արարչի ինքնության իսկական մարմնավորումը։

Սա ասելով՝ ոմանք գուցե սխալ հասկանան, թե ինչ նկատի ունեմ, և մտածեն. «Աստծու հոգեվիճակն այսքան մանրամասնորեն, այսքան սենսացիոն կերպով նկարագրելը նպատակ ուներ մարդկանց մղելու խղճա՞լ Աստծուն»։ Արդյոք դա՞ է նպատակն այստեղ։ (Ոչ։) Այս բաներն ասելու Իմ միակ նպատակն այն է, որ ավելի լավ հասկանաք Աստծուն, հասկանաք Նրա մասին տարբեր մանրամասները, հասկանաք Նրա հույզերը և հասկանաք, որ Աստծու էությունն ու բնույթը կոնկրետ և մաս առ մաս արտահայտվում են Նրա գործում՝ ի հակադրություն մարդու դատարկ խոսքերի, նրա բառերի և վարդապետությունների կամ նրա երևակայությունների միջոցով պատկերվելու։ Այսինքն՝ Աստված և Աստծու էությունն իրականում գոյություն ունեն, դրանք նկարներ չեն, երևակայություններ չեն, կառուցված չեն մարդու կողմից, առավել ևս հորինված չեն մարդու կողմից։ Արդյոք հիմա գիտակցո՞ւմ եք սա։ Եթե իսկապես գիտակցում եք, ապա Իմ այսօրվա խոսքերը հասել են իրենց արդյունքին։

Այսօր քննարկեցինք երկու թեմա։ Հավատում եմ, որ բոլորը շատ բան են շահել այս երկու թեմաների շուրջ մեր հաղորդակցությունից։ Կարող եմ հաստատապես ասել, որ Աստծու մտքերը, որոնք Ես նկարագրեցի, կամ Աստծու բնույթն ու էությունը, որոնք Ես նշեցի այս երկու թեմաների շրջանակում, գլխիվայր շրջել են Աստծու վերաբերյալ մարդկանց երևակայություններն ու հասկացողությունը, նույնիսկ գլխիվայր շրջել են բոլորի հավատն առ Աստված և առավել ևս գլխիվայր շրջել են այն Աստծու պատկերը, որով բոլորը հիանում են իրենց սրտերում։ Անկախ ամեն ինչից՝ հուսով եմ, որ այն, ինչ Աստվածաշնչի այս երկու հատվածներում սովորեցիք Աստծու բնույթի մասին, օգտակար է ձեզ համար, և հուսով եմ, որ վերադառնալուց հետո կփորձեք ավելի շատ խորհել դրա շուրջ։ Այսօրվա հավաքույթն այստեղ ավարտվում է։ Ցտեսությո՛ւն։

4 նոյեմբերի, 2013 թ.

Նախորդը.  Ինչպես ճանաչել Աստծու բնույթն ու այն արդյունքները, որոնց կհասնի Նրա գործը

Հաջորդը.  Աստծու գործը, Աստծու բնույթը և Աստված Ինքը II

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger