Ինչպես ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան

Դուք պետք է հստակ հասկանաք, թե ինչպես պետք է մարդը ծառայի Աստծուն իր հավատքի մեջ, և ինչ պայմաններ պետք է կատարվեն, և ինչ ճշմարտություններ պետք է հասկանան նրանք, ովքեր ծառայում են Աստծուն, և նաև ձեր ծառայության մեջ առկա շեղումները։ Այս հարցերը ներառում են այն, թե ինչպես եք հավատում Աստծուն և ինչպես եք քայլում Սուրբ Հոգու կողմից առաջնորդվող ճանապարհով և թույլ տալիս Աստծուն ղեկավարել ձեզ այնպես, ինչպես Ինքն է կամենում ամեն ինչում՝ այդպիսով թույլ տալով ձեզ հասկանալ Աստծու գործի յուրաքանչյուր քայլը ձեզ վրա։ Երբ հասնեք այդ կետին, դուք կգնահատեք, թե իրականում ինչ է Աստծու հանդեպ հավատքը, ինչպես պատշաճ կերպով հավատալ Աստծուն, և ինչ պետք է անեք՝ ըստ Աստծու մտադրությունների գործելու համար։ Դա ձեզ կդարձնի լիովին և ծայրաստիճան հնազանդվող Աստծու գործին. դուք չեք ունենա որևէ բողոք և չեք դատի կամ վերլուծի, առավել ևս չեք զննի Աստծու գործն այն աստիճան, որ բոլորդ կկարողանաք հնազանդվել Աստծուն առ մահ՝ թույլ տալով Աստծուն առաջնորդել ձեզ և մորթել ձեզ ոչխարի պես և որ ձեզնից յուրաքանչյուրը կարողանա դառնալ 1990-ականների Պետրոս՝ Աստծուն մինչև վերջ սիրող՝ նույնիսկ խաչի վրա, առանց չնչին դժգոհության։ Միայն դրանից հետո կկարողանաք կյանքով արտահայտել Պետրոսի ոճը 1990-ականներին։

Աստծուն կարող է ծառայել յուրաքանչյուր ոք, ով վճռական է, բայց միայն նրանք, ովքեր հարգում և հասկանում են Աստծու մտադրությունները, կարող են և իրավունք ունեն ծառայելու Աստծուն։ Ես ձեր մեջ բացահայտել եմ հետևյալը. Շատ մարդիկ կարծում են, որ քանի դեռ նրանք ջանասիրաբար Աստծու համար ճանապարհ են քարոզում, քայլում են Աստծուն ծառայելու ճանապարհով, ծախսվում և շատ բաներից հրաժարվում են Աստծու համար և այլն, ապա դա Աստծուն ծառայելն է։ Կրոնավոր մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ Աստծուն ծառայելն Աստվածաշունչը ձեռքին վազվզելն է, երկնքի թագավորության ավետարանը քարոզելն ու մարդկանց փրկելը՝ հորդորելով նրանց զղջալ և խոստովանել։ Կան նաև շատ կրոնական պաշտոնյաներ, ովքեր կարծում են՝ Աստծուն ծառայելը ենթադրում է քարոզել մատուռներում՝ ճեմարանում խոր ուսումնասիրությունից և վերապատրաստումից հետո, ինչպես նաև մարդկանց սովորեցնել Աստվածաշնչի խոսքեր կարդալու միջոցով։ Ավելին՝ «աղքատ շրջաններում» կան մարդիկ, որոնք հավատում են, որ Աստծուն ծառայելը նշանակում է բուժել հիվանդներին և դուրս հանել դևերին իրենց եղբայրների ու քույրերի միջից, աղոթել նրանց համար և ծառայել նրանց։ Ձեր մեջ շատերն են հավատում, որ Աստծուն ծառայելը նշանակում է ուտել և խմել Աստծու խոսքերը և ամեն օր աղոթել Աստծուն, ինչպես նաև ամենուր այցելել և աշխատել եկեղեցիներում։ Կան նաև այլ եղբայրներ և քույրեր, ովքեր հավատում են՝ Աստծուն ծառայելը նշանակում է երբեք չամուսնանալ կամ ընտանիք չկազմել և իրենց ամբողջ էությամբ նվիրվել Աստծուն։ Սակայն քչերը գիտեն, թե իրականում ինչ է նշանակում ծառայել Աստծուն։ Չնայած Աստծուն ծառայող մարդիկ այնքան շատ են, որքան աստղերը երկնքում, նրանց թիվը, ովքեր ունակ են ծառայելու անմիջականորեն և Աստծու մտադրություններին համապատասխան, չնչին է, չափազանց փոքր։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Ես սա ասում եմ, որովհետև դուք չեք հասկանում «Աստծուն ծառայել» արտահայտության էությունը և շատ քիչ պատկերացում ունեք, թե ինչպես ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան։ Խիստ անհրաժեշտ է մարդկանց համար հասկանալ, թե Աստծուն մատուցվող հատկապես որ տեսակի ծառայությունն է համապատասխանում Նրա մտադրություններին։

Եթե ուզում եք ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան, նախ պետք է հասկանաք, թե ինչպիսի մարդիկ են հաճելի Աստծուն, ինչպիսի մարդիկ են ատելի Աստծու կողմից, ինչպիսի մարդիկ են կատարելագործվել Աստծու կողմից և ինչպիսի մարդիկ են արժանի Աստծուն ծառայելու։ Ամենաքիչը, դուք պետք է զինված լինեք այս գիտելիքով։ Ավելի կարևոր է, որ դուք պետք է իմանաք Աստծու գործի նպատակը և այն աշխատանքը, որն Աստված կիրականացնի ներկայում։ Դա հասկանալուց և Աստծու խոսքով առաջնորդվելուց հետո, դուք նախ պետք է ձեռք բերեք մուտքը և ընդունեք Աստծու հանձնարարությունը։ Հենց որ դուք Աստծու խոսքերի գործնական փորձառությունն ունենաք և իսկապես հասկանաք Աստծու գործը, դուք արժանի կլինեք ծառայելու Աստծուն։ Եվ Աստված կբացի ձեր հոգևոր աչքերը, երբ ծառայեք Նրան և թույլ կտա Իր գործի ավելի մեծ հասկացողություն ունենալ և ավելի պարզ տեսնել այն։ Երբ դու մուտք գործես այս իրականություն, քո փորձառությունները կդառնան ավելի խոր և գործնական, և դուք բոլորդ, ովքեր ունեցել եք նմանատիպ փորձառություններ, կկարողանաք քայլել եկեղեցիների միջով և աջակցել ձեր եղբայրներին ու քույրերին, որպեսզի կարողանաք օգտագործել միմյանց ուժեղ կողմերը՝ ձեր սեփական պակասությունները լրացնելու և ձեր հոգիներում ավելի հարուստ գիտելիք ձեռք բերելու համար։ Միայն այս արդյունքին հասնելու դեպքում դուք կկարողանաք ծառայել Աստծու մտադրությունների համաձայն և կատարելագործվել Աստծու կողմից ձեր ծառայության ընթացքում։

Աստծուն ծառայողները պետք է լինեն Աստծու մտերիմները, հաճելի լինեն Աստծուն և ունակ լինեն Աստծու հանդեպ անմնացորդ հավատարմության։ Անկախ նրանից՝ դա մասնավոր է, թե հրապարակային, Աստծու ներկայության մեջ ձեր գործողությունները պետք է կարողանան հաճեցնել Նրան, և նրանք բոլորը պետք է կարողանան հաստատուն կանգնել Նրա առջև. անկախ նրանից՝ ուրիշ մարդիկ ինչպես են վերաբերվում ձեզ, միշտ պետք է քայլեք այն ճանապարհով, որով պետք է քայլեք՝ Աստծու հոգսը հաշվի առնելու համար։ Միայն այսպիսի մարդիկ են Աստծու մտերիմները։ Աստծու մտերիմները կարող են ուղղակիորեն ծառայել Նրան, քանի որ նրանց տրվել է Աստծու մեծ հանձնարարությունն ու Աստծու հոգսը, նրանք կարող են դարձնել Աստծու սիրտը իրենցը և համարել Աստծու հոգսը իրենցը, և չեն մտածում իրենց ապագա շահի կամ կորստի մասին, նույնիսկ երբ իրենց հեռանկարներն այնպիսին են, որ նրանք ոչինչ չեն ունենա և ոչինչ չեն շահի, նրանք աստվածասեր սրտով միշտ կհավատան Աստծուն։ Այսպիսով, այս տեսակի մարդն Աստծու մտերիմն է։ Աստծու մտերիմները նաև Նրա վստահելի մարդիկ են. միայն Աստծու վստահելի մարդիկ կարող են կիսել Նրա առաջնահերթությունը ու Նրա մտքերը, և չնայած նրանց մսեղին հիվանդ է ու տկար, Աստծուն հաճենալու համար նրանք կարող են դիմանալ ցավին և հրաժարվել այն ամենից, ինչ սիրում են։ Աստված ավելի մեծ հոգսեր է դնում նման մարդկանց վրա, և այն, ինչ Աստված ցանկանում է իրականացնել, հաստատվում է նման մարդկանց վկայությունով։ Հետևաբար, այս մարդիկ հաճելի են Աստծուն. նրանք Աստծուն ծառայող մարդիկ են, որոնք համապատասխանում են Նրա մտադրություններին, և միայն նման մարդիկ կարող են Աստծու հետ թագավորների պես իշխել և իշխանություն բանեցնել։ Միայն հենց այն ժամանակ, երբ իսկապես դառնաս Աստծու մտերիմը, Աստծու հետ թագավորի պես կիշխես և իշխանություն կբանեցնես։

Հիսուսը կարողացավ ավարտին հասցնել Աստծու հանձնարարությունը՝ ողջ մարդկությանը փրկագնելու գործը, հենց այն պատճառով, որ կարողացավ հաշվի առնել Աստծու մտադրությունները՝ Ինքն Իր համար որևէ ծրագիր կամ կարգավորում չկազմելով։ Նա Աստծու մտերիմն էր՝ Աստված Ինքը, ինչը մի բան է, որ բոլորդ շատ լավ եք հասկանում։ (Իրականում Նա հենց Աստված Ինքն էր, ում մասին Աստված վկայեց։ Ես սա այստեղ հիշատակում եմ՝ Հիսուսի փաստն այս հարցը լուսաբանելու նպատակով օգտագործելու համար)։ Նա կարողացավ Աստծու տնօրինման ծրագիրը դնել հենց կենտրոնում և միշտ աղոթում էր երկնային Հորը և փնտրում երկնային Հոր կամքը։ Նա աղոթեց և ասաց. «Հա՛յր Աստված, Քո կամքը կատարիր և գործիր ոչ թե Իմ ցանկությունների համաձայն, այլ Քո ծրագրի։ Մարդը կարող է տկար լինել, բայց Դու ինչո՞ւ պետք է հոգ տանես նրա մասին։ Ինչպե՞ս կարող է մարդը արժանի լինել Քո հոգատարությանը, այն մարդը, որ Քո ձեռքում մրջնի պես է։ Իմ սրտում Ես ցանկանում եմ միայն Քո կամքը կատարել, և կուզեի, որ Իմ մեջ իրականացնես այն, ինչ կամենում ես՝ ըստ Քո իսկ ցանկությունների»։ Երուսաղեմ տանող ճանապարհին Հիսուսն այնպես չարչարվեց, ասես Նրա սիրտը դանակով խոցված լիներ, սակայն Նա նահանջելու չնչին մտադրություն իսկ չուներ. միշտ կար մի հզոր ուժ, որը Նրան առաջ էր տանում դեպի այնտեղ, որտեղ Նրան պետք է խաչեին։ Վերջիվերջո, Նա խաչին գամվեց և մեղավոր մսեղիի կերպարանք ստացավ՝ ավարտին հասցնելով մարդկության փրկագնման գործը։ Նա վեր բարձրացավ մահվան և հանդերձյալ աշխարհի բոլոր կապանքներից։ Նրա առաջ մահը, դժոխքը և հանդերձյալ աշխարհը կորցրին իրենց զորությունը և պարտության մատնվեցին Նրա կողմից։ Նա ապրեց երեսուներեք տարի, և այդ ընթացքում Նա միշտ առավելագույն արեց՝ բավարարելու Աստծու մտադրությունները՝ համաձայն Աստծու այդ ժամանակվա գործի՝ երբեք չմտածելով Իր սեփական օգուտի կամ վնասի մասին և միշտ ծրագրեր կազմելով հանուն Հայր Աստծու մտադրությունների։ Այսպիսով՝ Նրա մկրտությունից հետո Աստված ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ Աստծու առջև Իր ծառայության շնորհիվ, որն Աստծու մտադրությունների համաձայն էր, Աստված Նրա ուսերին դրեց ողջ մարդկության փրկագնման ծանր բեռը և Նրան հանձնարարեց իրականացնել դա, և Նա որակավորված էր և իրավունք ուներ կատարելու այս կարևոր առաջադրանքը։ Իր ողջ կյանքի ընթացքում Նա անչափելի չարչարանքներ կրեց Աստծու համար և անթիվ անգամ փորձության ենթարկվեց Սատանայի կողմից, սակայն երբեք չհուսահատվեց։ Աստված Նրան նման կարևոր առաջադրանք տվեց, քանի որ վստահում և սիրում էր, և այդ պատճառով Աստված անձամբ ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։ Այդժամ միայն Հիսուսը կարող էր կատարել այս հանձնարարությունը, և դա Աստծու կողմից ողջ մարդկության փրկագնման գործի ավարտի իրական հանգամանքներից մեկն էր Շնորհքի դարաշրջանում։

Եթե Հիսուսի նման դուք կարողանաք հաշվի առնել Աստծու հոգսը և ապստամբել ձեր սեփական մսեղիի դեմ, Աստված Իր ծանր պատասխանատվությունը կհանձնարարի ձեզ, որպեսզի համապատասխանեք Իրեն ծառայելու համար անհրաժեշտ պայմաններին։ Միայն նման հանգամանքներում դուք կհամարձակվեք ասել, որ մարդ եք, որը հետևում է Աստծու կամքին, մարդ, որը կատարում է Նրա հանձնարարությունը, և մարդ, որն իսկապես ծառայում է Աստծուն։ Հիսուսի օրինակի համեմատ՝ համարձակվո՞ւմ ես ասել, որ Աստծու մտերիմն ես։ Համարձակվո՞ւմ ես ասել, որ մարդ ես, որը հետևում է Աստծու կամքին։ Համարձակվո՞ւմ ես ասել, որ մարդ ես, որն իսկապես ծառայում է Աստծուն։ Այսօր դու չես հասկանում՝ ինչպես ծառայել Աստծուն. համարձակվո՞ւմ ես ասել, որ Աստծու մտերիմն ես։ Եթե ասում ես, որ մարդ ես, որը ծառայում է Աստծուն, մի՞թե չես անարգում Նրան։ Մտածի՛ր այդ մասին. Աստծու՞ն ես ծառայում, թե՞ ինքդ քեզ։ Դու ծառայում ես Սատանային, բայց համառորեն պնդում ես, որ ծառայում ես Աստծուն. մի՞թե դրանով չես անարգում Աստծուն։ Շատ մարդիկ Իմ մեջքի հետևում դրսևորում են կարգավիճակի առավելությունները, նրանք տարված են ուտելիքով, սիրում են քնել, և նրանք ամեն կերպ հոգ են տանում իրենց մսեղիի համար՝ մշտապես վախենալով, որ մսեղին այլ ելք չունի։ Նրանք պատշաճորեն չեն կատարում իրենց գործառույթը եկեղեցում, այլ ապրում են եկեղեցու հաշվին կամ էլ նախատում են իրենց եղբայրներին ու քույրերին Իմ խոսքերով՝ բարձրից հարկադրելով ուրիշներին։ Այս մարդիկ շարունակ ասում են, որ մարդիկ են, որոնք հետևում են Աստծու կամքին և մշտապես ասում են, որ Աստծու մտերիմներն են. մի՞թե դա անհեթեթություն չէ։ Եթե ունես ճիշտ դրդապատճառ, սակայն չես կարողանում ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան, ապա հիմարություն ես գործում․ սակայն եթե քո դրդապատճառը սխալ է, և դեռ ասում ես, որ մարդ ես, որը ծառայում է Աստծուն, ապա դու մեկն ես, ով ընդդիմանում է Աստծուն, և պետք է պատժվես Աստծու կողմից։ Ոչ մի համակրանք չունեմ նման մարդկանց նկատմամբ։ Աստծու տանը նրանք ապրում են ուրիշի հաշվին, մշտապես տարված են մսեղիի հարմարավետություններով և ուշադրություն չդարձնելով Աստծու շահերին։ Նրանք միշտ անձնական շահ են փնտրում և անտեսում են Աստծու մտադրությունները։ Նրանք չեն կարող ընդունել Աստծու Հոգու զննումը իրենց արած ցանկացած բանում։ Նրանք միշտ խաբում են իրենց եղբայրներին և քույրերին՝ խաբեբա ու նենգ լինելով, և նրանք երկերեսանի են։ Նրանք շատ նման են խաղողի այգում գտնվող աղվեսի՝ միշտ խաղող գողանալով և խաղողի այգին փչացնելով։ Կարո՞ղ են նման մարդիկ լինել Աստծու մտերիմները։ Պիտանի՞ ես ժառանգելու Աստծու օրհնությունները։ Դու չես կրում քո կյանքի և եկեղեցու հոգսը, ապա արժանի՞ ես ստանալու Աստծու հանձնարարությունը։ Ո՞վ կհամարձակվի վստահել քեզ նման մեկին։ Եթե ծառայում ես նման կերպ, կարո՞ղ է Աստված վստահել քեզ ավելի մեծ առաջադրանք։ Արդյոք սրանով ուշացումներ չե՞ն լինի գործում։

Ես սա ասում եմ, որպեսզի իմանաք, թե ինչ պայմաններ պետք է բավարարվեն Աստծու մտադրություններին համապատասխան ծառայելու համար։ Եթե ձեր սրտերը չտաք Աստծուն, եթե հարգանք չցուցաբերեք Աստծու մտադրությունների նկատմամբ, ինչպես Հիսուսը, ապա ձեզ համար դժվար կլինի արժանանալ Աստծու վստահությանը, և, ի վերջո, Աստծու դատաստանին կարժանանաք։ Հավանաբար, այսօր՝ Աստծուն ծառայելիս, միշտ ունես թաքուն մտադրություն խաբել Աստծուն և միշտ անփույթ վերաբերմունք ես ցուցաբերում Նրա հանդեպ։ Կարճ ասած՝ ինչ էլ որ լինի, եթե խաբես Աստծուն, անողոք դատաստանի առաջ կկանգնես։ Հենց հիմա, երբ նոր եք սկսել Աստծուն ծառայելու ճիշտ ուղին, նախ տվեք ձեր սրտերն Աստծուն. դուք չեք կարող ունենալ անջատ սիրտ։ Անկախ նրանից՝ ներկայանում ես Աստծու առաջ թե ուրիշների, քո սիրտը միշտ պետք է ուղղված լինի առ Աստված, և պետք է վճռական լինես Աստծուն սիրելու հարցում, ինչպես Հիսուսը սիրեց Նրան։ Այս կերպ Աստված կկատարելագործի քեզ, որպեսզի դառնաս Աստծուն ծառայող մարդ, որը համապատասխանում է Նրա մտադրություններին։ Եթե իսկապես ցանկանում ես կատարելագործվել Աստծու միջոցով, և որպեսզի քո ծառայությունը համապատասխանի Նրա մտադրություններին, ապա պետք է փոխես Աստծու հանդեպ հավատքի վերաբերյալ քո նախկին պատկերացումները և Նրան ծառայելու քո հին կիրառումները, որպեսզի քո ներսում եղած ավելի շատ բաներ կատարելագործվեն Աստծու կողմից։ Այս կերպ Աստված չի լքի քեզ, և, ինչպես Պետրոսը, դու կհայտնվես Աստծուն սիրողների առաջնագծում։ Եթե մնաս անզղջում, ապա կարժանանաս նույն ճակատագրին, ինչ Հուդան։ Աստծուն հավատացող բոլոր մարդիկ պետք է հասկանան դա։

Նախորդը.  Չարն անպայման կպատժվի

Հաջորդը.  Աստծու կողմից մարդու գործածմանվերաբերյալ

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger