Չարն անպայման կպատժվի
Քննեցե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու համար, թե արդյոք բոլոր բաներում արդարություն եք կիրարկում, և արդյոք ձեր գործողությունները դիմանում են Աստծու զննմանը. սա այն սկզբունքն է, որի համաձայն Աստծուն հավատացողները կատարում են իրենց գործերը։ Դուք կոչվելու եք արդար, որովհետև կարողանում եք բավարարել Աստծուն և որովհետև ընդունում եք Աստծու հոգատարությունն ու պաշտպանությունը։ Աստծու աչքերում բոլոր նրանք, ովքեր ընդունում են Աստծու հոգատարությունը, պաշտպանությունը և կատարելագործումը, և ում Աստված ձեռք է բերում, արդար մարդիկ են, և Նա նրանց բոլորին համարում է պատվական։ Որքան առավել ընդունեք Աստծու այժմյան խոսքերը, այնքան առավել կընկալեք և կհասկանաք Աստծու մտադրությունները և այդպես ավելի շատ կկարողանաք ձեր կյանքով արտահայտել Աստծու խոսքերը և բավարարելՆրա պահանջները։ Սա է Աստծու հանձնարարությունը ձեզ, և սա է այն, ինչին դուք բոլորդ պետք է կարողանաք հասնել։ Իսկ եթե ձեր պատկերացումներով չափեք և սահմանափակեք Աստծուն, կարծես, Նա անփոփոխ կավե արձան լիներ՝ ամբողջովին սահմանափակելով Նրան Աստվածաշնչով և կաղապարելով աշխատանքի սահմանափակ շրջանակի մեջ, ապա սա ապացույց է, որ դատապարտել եք Աստծուն։ Քանի որ Հին կտակարանի դարաշրջանում հրեաները Աստծուն համարում էին իրենց սրտերում պահվող հաստատուն ձև ունեցող կուռք, կարծես, Աստված միայն Մեսիա կարող էր կոչվել, և միայն Նա, ով կոչվում էր Մեսիա, կարող էր լինել Աստված, և որովհետև մարդիկ ծառայում և երկրպագում էին Աստծուն, ասես, Նա (անկենդան) կավե արձան լիներ, նրանք այն ժամանակվա Հիսուսին խաչին գամեցին՝ դատապարտելով Նրան մահվան. այդպես անմեղ Հիսուսը դատապարտվեց մահվան։ Աստված անմեղ էր, սակայն մարդը չխնայեց Նրան և համառությամբ դատապարտեց Նրան մահվան, և այսպես Հիսուսը խաչվեց։ Մարդը միշտ կարծում է, թե Աստված անփոփոխ է, և սահմանափակում է Նրան մեկ գրքի՝ Աստվածաշնչի հիման վրա, կարծես, լիովին ընկալում է Աստծու տնօրինումը, կարծես, իր ձեռքի ափի մեջ պահում է այն ամենը, ինչ Աստված անում է։ Մարդիկ ծայրահեղ անհեթեթ են, ծայրահեղ ամբարտավան, և նրանք բոլորը մեծ-մեծ խոսելու տաղանդ ունեն։ Անկախ նրանից, թե որքան բարձր է Աստծու վերաբերյալ քո ճանաչողությունը, Ես դեռ ասում եմ, որ դու չես ճանաչում Աստծուն, որ դու այն մեկն ես, որ ամենից շատ է դիմադրում Աստծուն, և որ դու դատապարտել ես Աստծուն, որովհետև ամբողջովին անկարող ես ենթարկվել Աստծու աշխատանքին և քայլել այն ճանապարհով, որով Աստված մարդուն կատարելագործում է։ Ինչո՞ւ Աստված երբեք գոհ չէ մարդու արարքներից։ Որովհետև մարդը երբեք չի ճանաչում Աստծուն, նա ունի շատ պատկերացումներ, և նրա ճանաչողությունն Աստծու մասին ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը, այլ ձևական է և կրկնվող, մեխանիկորեն պատճենված և կուրորեն կիրառվող։ Եվ այս պատճառով, այսօր, երկիր եկած լինելով, Աստված կրկին մարդու կողմից խաչին է գամվում։ Ո՛վ դաժան մարդկություն։ Խարդավանք ու բանսարկություններ, միմյանցից խլել ու զավթել, համբավի և շահի համար պայքար, փոխադարձ կոտորած․ ե՞րբ պիտի դադարի այս ամենը։ Չնայած Աստված հարյուր հազարավոր խոսքեր է արտահայտել, ոչ ոք խելքի չի եկել։ Մարդիկ գործում են իրենց ընտանիքների, իրենց որդիների և դուստրերի, իրենց կարիերաների, ապագա հեռանկարների, կարգավիճակի, սնապարծ փառքի և փողի համար, հանուն ուտելիքի, հագուստի և մսեղիի։ Բայց կա՞ արդյոք մեկը, որի արարքները ճշմարտապես հանուն Աստծու են։ Նույնիսկ նրանց մեջ, ովքեր գործում են Աստծու համար, քչերն են, որ ճանաչում են Աստծուն։ Քանի՞ մարդ չի գործում իր սեփական շահերի համար։ Քանի՞սը չեն ճնշում և չեն մեկուսացնում ուրիշներին՝ իրենց կարգավիճակը պաշտպանելու համար։ Եվ այսպես, Աստված անհամար անգամներ բռնի կերպով դատապարտվել է մահվան, և անթիվ դաժան դատավորներ դատապարտել են Աստծուն և կրկին խաչին գամել Նրան։ Քանի՞սը կարող են կոչվել արդար մարդիկ, որովհետև նրանք իսկապես գործում են Աստծու համար։
Մի՞թե այդքան հեշտ է Աստծու առաջ կատարելագործվել և դառնալ սուրբ մեկը կամ արդար մարդ։ Ճշմարիտ է այն խոսքը, որ «երկրի վրա արդարներ չկան, արդարներն այս աշխարհում չեն»։ Երբ գալիս եք Աստծու առաջ, խորհեցե՛ք, թե ինչ եք հագնում, և ձեր յուրաքանչյուր խոսքի, արարքի և շարժման մասին, ձեր յուրաքանչյուր մտքի և գաղափարի մասին, անգամ այն երազների մասին, որոնք երազում եք ամեն օր. այդ ամենը ձեր իսկ համար է։ Չէ՞ որ սա է իրական վիճակը։ «Արդարություն» չի նշանակում ուրիշներին ողորմություն տալ, չի նշանակում սիրել մերձավորիդ քո անձի պես և չի նշանակում խուսափել վեճերից ու կռիվներից կամ կողոպուտից ու գողանալուց։ Արդարություն նշանակում է Աստծու հանձնարարությունն ընդունել որպես քո պարտավորությունը և ենթարկվել Աստծու ներդաշնակեցումներին ու կազմակերպումներին՝ որպես քեզ վերևից տրված կոչում՝ անկախ ժամանակից և վայրից, ճիշտ ինչպես ամեն ինչ արվեց Տեր Հիսուսի կողմից։ Սա է այն արդարությունը, որի մասին խոսել է Աստված։ Այն, որ Ղովտը կարող էր կոչվել արդար, այն պատճառով է, որ նա փրկեց Աստծու կողմից ուղարկված երկու հրեշտակներին՝ առանց իր շահն ու կորուստը հաշվի առնելու. միայն կարելի է ասել, որ այն, ինչ նա արեց այդ ժամանակ, արդար էր, սակայն նրան չի կարելի կոչել արդար մարդ։ Միայն այն պատճառով, որ Ղովտը տեսել էր Աստծուն, նա իր երկու դուստրերին տվեց հրեշտակների դիմաց, բայց նրա անցյալի ոչ բոլոր վարքագծերն էին արդարություն մատնանշում։ Եվ այս պատճառով Ես ասում եմ, որ «երկրի վրա արդարներ չկան»։ Նրանց մեջ, ովքեր գտնվում են վերականգնման հոսքում, ոչ ոք չի կարող արդար մարդ կոչվել։ Անկախ նրանից, թե որքան բարի են քո արարքները, ինչպես էլ որ երևա, թե դու փառաբանում ես Աստծու անունը՝ ո՛չ ուրիշներին հարվածելով և անիծելով, ո՛չ էլ ուրիշներին կողոպտելով և թալանելով, դու դեռևս չես կարող կոչվել արդար, որովհետև սա այն է, ինչն ունակ է ունենալ բնականոն մարդը։ Ինչն այժմ կարևոր է, այն է, որ դու չես ճանաչում Աստծուն։ Կարելի է միայն ասել, որ այժմ դու ունես մի փոքր բնականոն մարդկայնություն, սակայն Աստծու կողմից ասված արդարությունից ոչ մի մասնիկ չունես, և այդ պատճառով այն ամենը, ինչ անում ես, չի կարող ապացուցել, որ դու ճանաչում ես Աստծուն։
Նախկինում, երբ Աստված երկնքում էր, մարդիկ իրենց արարքներում ձևականորեն էին վերաբերվում Աստծուն։ Այսօր Աստված մարդկանց մեջ է անթիվ տարիներ․ և ոչ ոք չգիտի դա։ Այնուամենայնիվ մարդիկ իրենց գործողություններում դեռևս մակերեսորեն են գործ ունենում Նրա հետ։ Մի՞թե մարդիկ չափազանց հետամնաց չեն իրենց մտածողությամբ։ Նրանք ճիշտ Հուդայի պես են. մինչև Հիսուսի գալը Հուդան սուտ էր խոսում՝ իր եղբայրներին ու քույրերին խաբելու համար, և նույնիսկ Հիսուսի գալուց հետո նա չփոխվեց. նա ընդհանրապես չէր ճանաչում Հիսուսին և վերջում մատնեց Նրան։ Չէ՞ որ այդ ամենն այն պատճառով էր, որ նա չէր ճանաչում Աստծուն։ Եթե այսօր դուք դեռևս չեք ճանաչում Աստծուն, ապա հնարավոր է, որ դառնաք մեկ այլ Հուդա, և արդյունքում կրկին կկատարվի Հիսուսի խաչելության ողբերգությունը, որ եղավ երկու հազար տարի առաջ՝ Շնորհքի դարաշրջանում։ Մի՞թե չեք հավատում սրան։ Սա փաստ է։ Ներկայումս մարդկանց մեծ մասը գտնվում է նմանատիպ վիճակում․ գուցե շուտ է սա ասելը, բայց այսպիսի մարդիկ բոլորը Հուդայի դերն են խաղում։ Ես անհեթեթություն չեմ խոսում, այլ խոսում եմ փաստերի հիման վրա, և դու չես կարող չհամոզվել։ Թեպետ շատերը խոնարհություն են ձևացնում, նրանց սրտերում ոչինչ չկա, բացի մեռած ջրի ավազանից, գարշահոտ ջրի փոսից։ Ներկայումս եկեղեցում չափազանց շատ են այսպիսի մարդիկ, իսկ դուք կարծում եք, թե Ես տեղյակ չեմ այս ամենից։ Այսօր Իմ Հոգին կանգնում է Ինձ համար և վկայում է Ինձ։ Կարծո՞ւմ ես, թե Ես ոչինչ չգիտեմ։ Կարծո՞ւմ եք, թե Ես չեմ հասկանում ձեր սրտերի խորքում եղած խորամանկ մտքերը, այն ամենը, ինչ դուք պահում եք ձեր սրտերում։ Մի՞թե այնքան հեշտ է անհարգալից վերաբերվել Աստծուն։ Կարծո՞ւմ եք, թե կարող եք Նրան վերաբերվել, ինչպես կամենաք։ Անցյալում Ես մտահոգվում էի, որ դուք կկաշկանդվեք, ուստի, շարունակ ձեզ ազատություն էի տալիս, սակայն մարդկությունը չգնահատեց իրենց ցույց տրված բարությունը, և երբ մեկ մատ մեկնվեց, նրանք վերցրեցին ամբողջ ձեռքը։ Հարցրե՛ք ձեր մեջ. Ես գրեթե երբեք ոչ մեկին չեմ էտել և գրեթե երբեք թեթև կերպով ոչ մեկին չեմ հանդիմանել, սակայն Ես հստակ գիտեմ մարդու շարժառիթներն ու պատկերացումները։ Կարծում ես, թե հենց Աստված, ում մասին Աստված է վկայում, հիմա՞ր է։ Այդ դեպքում Ես ասում եմ քեզ, որ դու խիստ կույր ես։ Ես չեմ մերկացնի քեզ, այլ թող տեսնենք, թե որքան կարող ես ապականվել։ Թող տեսնենք, թե արդյոք քո փոքր խորամանկ հնարքները կարող են փրկել քեզ, կամ թե արդյոք քո ամբողջ զորությամբ Աստծուն սիրելու փորձը կարող է փրկել քեզ։ Այսօր Ես չեմ դատապարտի քեզ. սպասենք մինչև Աստծու ժամանակը՝ տեսնելու, թե ինչպես է Նա արժանի հատուցում տալիս քեզ ։ Ես այժմ ժամանակ չունեմ քեզ հետ դատարկ խոսակցությունների համար և չեմ կամենում հետաձգել Իմ ավելի մեծ գործը միայն քեզ համար։ Քեզ նման որդը արժանի չէ այն ժամանակին, որ Աստված պիտի ծախսեր քեզ էտելու համար․ ուստի, կտեսնենք, թե որքան կարող ես բարոյազրկվել։ Այսպիսի մարդիկ ընդհանրապես չեն ձգտում Աստծու ճանաչողությանը, ոչ էլ ունեն թեկուզ ամենափոքր աստվածասեր սիրտ և դեռ ցանկանում են, որ Աստված իրենց կոչի արդար մարդիկ. մի՞թե սա ծիծաղելի չէ։ Քանի որ մարդկանց մի փոքր մասն իսկապես ազնիվ է, Ես կկենտրոնանամ միայն մարդուն շարունակաբար կյանք տալու վրա։ Ես կկատարեմ միայն այն, ինչ պետք է կատարեմ այսօր, սակայն ապագայում յուրաքանչյուր մարդու արժանին կհատուցեմ՝ ըստ նրա գործերի։ Ես ասել եմ այն ամենը, ինչ պետք է ասվի, որովհետև հենց սա է այն գործը, որ Ես անում եմ։ Ես անում եմ միայն այն, ինչ պետք է անեմ, և ոչ այն, ինչ չպետք է անեմ։ Այնուամենայնիվ հույս ունեմ, որ ավելի շատ եք քննում ինքներդ ձեզ. իրականում որքանո՞վ է Աստծու մասին քո ճանաչողությունը ճշմարիտ։ Դո՞ւ ես այն մեկը, որ կրկին գամել է Աստծուն խաչին։ Իմ վերջին խոսքերն են՝ Վա՛յ նրանց, ովքեր խաչում են Աստծուն։