Հավատքի մեջ մարդ պետք է կենտրոնանա իրականության վրա. կրոնական ծեսերով զբաղվելը հավատք չէ
Քանի՞ կրոնական կիրարկումներ ես դու պահպանում։ Քանի՞ անգամ ես Աստծու խոսքին հակառակ գնացել և հետևել քո սեփական ճանապարհին։ Քանի՞ անգամ ես գործնականում կիրարկել Աստծու խոսքը՝ իսկապես հաշվի առնելով Նրա հոգսը և ձգտել ես բավարարել Նրա մտադրությունները։ Դու պետք է հասկանաս Աստծու խոսքը, դրա համաձայն կիրարկես և սկզբունքային լինես քո բոլոր գործողություններում և արարքներում. սա չի նշանակում պահել կանոնները կամ դժկամությամբ ինչ-որ բան անել միայն ցուցադրելու համար. փոխարենը դա նշանակում է կիրարկել ճշմարտությունը և ապրել Աստծու խոսքի համաձայն։ Միայն այսպիսի կիրարկումն է բավարարում Աստծուն։ Այն ամենը, ինչ բավարարում է Աստծուն, կանոն չէ, այլ ճշմարտության կիրարկում։ Որոշ մարդիկ սիրում են իրենց ցուցադրել։ Իրենց եղբայրների ու քույրերի ներկայությամբ նրանք գուցե ասեն, որ պարտական են Աստծուն, բայց նրանց թիկունքում չեն կիրարկում ճշմարտությունը և գործում են միանգամայն այլ կերպ։ Մի՞թե սրանք կրոնական փարիսեցիներ չեն։ Աստծուն իսկապես սիրող և ճշմարտությանը տիրապետող մարդը նա է, ով հավատարիմ է Աստծուն, բայց արտաքուստ չի ցուցադրումդա։ Այդպիսի մարդը պատրաստակամ է կիրարկելու ճշմարտությունը, երբ իրավիճակներ են առաջանում, և չի խոսում կամ գործում իր խղճին հակառակ։ Այս տեսակի մարդն իմաստություն է դրսևորում, երբ հարցեր են ծագում, և սկզբունքային է իր արարքներում՝ անկախ հանգամանքներից։ Դա նաև այնպիսի մարդ է, որը կարող է ճշմարիտ ծառայություն մատուցել։ Կան ոմանք, ովքեր հաճախ լոկ խոսում են Աստծուն իրենց պարտական լինելու մասին. նրանք իրենց օրերն անցկացնում են հոգսից կնճռոտված ճակատով՝ կեղծ կեցվածք ընդունելով և խղճալի ձևանալով։ Որքա՛ն զզվելի է։ Եթե հարցնեիր նրանց. «Կարո՞ղ ես պատմել ինձ, թե ինչով ես պարտական Աստծուն», ապա նրանք կպապանձվեին։ Եթե հավատարիմ ես Աստծուն, ապա արտաքուստ չես խոսի այդ մասին, դրա փոխարեն ցույց կտաս Աստծու հանդեպ քո սերն իրական կիրարկման միջոցով և ճշմարիտ սրտով կաղոթես Նրան։ Նրանք, ովքեր միայն բառերով են ծառայում Աստծուն, բոլորը կեղծավորներ են։ Ոմանք ամեն անգամ աղոթելիս խոսում են Աստծուն պարտական լինելու մասին և ամեն անգամ աղոթելիս սկսում են լաց լինել երբ պատահի, նույնիսկ առանց Սուրբ Հոգու ազդեցության։ Այսպիսի մարդիկ համակված են կրոնական ծեսերով ու պատկերացումներով. նրանք ապրում են դրանցով՝ միշտ հավատալով, թե այդ արարքները հաճելի են Աստծուն, և որ Նա բարեհաճ է մակերեսային բարեպաշտության կամ վշտալի արցունքների հանդեպ։ Կարո՞ղ են նման անհեթեթ մարդիկ երբևէ ինչ-որ բանի հասնել։ Ոմանք, խոնարհություն ցուցադրելու համար, ձևացնում են, թե բարեհամբույր են, երբ խոսում են ուրիշների ներկայությամբ։ Ոմանք միտումնավոր ստրկամիտ են լինում մարդկանց մոտ՝ իրենց դրսևորելով անզոր գառների պես։ Մի՞թե սա արքայության մարդկանց վայել պահվածք է։ Արքայության մարդիկ պետք է լինեն աշխույժ ու ազատ, մաքուր ու բաց, ազնիվ ու սիրելի և ապրեն ազատության վիճակում։ Նրանք պետք է ունենան ազնվություն և արժանապատվություն ու կարողանան հաստատուն մնալ վկայության մեջ՝ ուր էլ որ գնան. նման մարդիկ սիրելի են և՛ Աստծու, և՛ մարդու կողմից։ Հավատքի մեջ նորեկները չափազանց շատ արտաքին կիրարկումներ ունեն. նրանք նախ պետք է անցնեն կոփման ու փոփոխության ժամանակաշրջանով։ Աստծու հանդեպ ներքին հավատք ունենալը մի բան չէ, որ ուրիշները կարող են տեսնել, բայց ունեցողների գործողություններն ու արարքները գովելի են։ Միայն նման մարդիկ են համարվում Աստծու խոսքը կյանքով արտահայտողներ։ Եթե ամեն օր ավետարան ես քարոզում տարբեր մարդկանց՝ ջանալով նրանց փրկության բերել, սակայն ի վերջո դեռևս ապրում ես կանոններով ու վարդապետություններով, ապա չես կարող փառք բերել Աստծուն։ Նման մարդիկ կրոնական գործիչներ են, ինչպես նաև կեղծավորներ։ Երբ այդ կրոնավոր մարդիկ հավաքվում են միասին, գուցե հարցնեն. «Քո՛ւյր, ինչպե՞ս ես եղել այս օրերին»։ Նա գուցե պատասխանի. «Զգում եմ, որ պարտական եմ Աստծուն, և որ անկարող եմ գոհացնել Նրա մտադրությունները»։ Մեկ ուրիշը գուցե ասի. «Ես նույնպես ինձ պարտական եմ զգում Աստծուն և անկարող եմ գոհացնել Նրան»։ Միայն այս մի քանի նախադասություններն ու բառերն արտահայտում են նրանց ներսում եղած պիղծ բաները. նման խոսքերն ամենագարշելին են ու ծայրաստիճան զզվելի։ Նման մարդկանց էությունը հակադրվում է Աստծուն։ Նրանք, ովքեր կենտրոնանում են իրականության վրա, ասում են այն ամենը, ինչ իրենց մտքում է, և դա անում են բաց սրտով։ Նրանք չեն զբաղվում կեղծ ձևականություններով և դատարկ քաղաքավարությամբ, այլ միշտ ուղղախոս են և չեն հետևում աշխարհիկ ձևական կանոններին։ Որոշ մարդիկ այնքան են տարված արտաքին ցուցադրություններով, որ կորցնում են ողջամտությունը։ Երբ ինչ-որ մեկը երգում է, նրանք սկսում են պարել՝ անգամ չգիտակցելով, որ իրենց կաթսաներում բրինձն արդեն այրվել է։ Նման մարդիկ բարեպաշտ կամ ազնվական չեն, և նրանք չափազանց թեթևամիտ են։ Այս բոլոր բաներն իրականության պակասի դրսևորումներ են։ Երբ որոշ մարդիկ հաղորդակցվում են հոգևոր կյանքի հարցերի շուրջ, նույնիսկ եթե չեն խոսում Աստծուն պարտական լինելու մասին, իրենց հոգու խորքում Նրա հանդեպ ճշմարիտ սեր ունեն։ Աստծուն պարտական լինելու քո զգացումը ոչ մի կապ չունի այլ մարդկանց հետ. դու պարտական ես Աստծուն, ոչ թե մարդկանց։ Ի՞նչ օգուտ կա այդ մասին ուրիշների հետ խոսելուց։ Դու պետք է կարևորություն տաս իրականության մեջ մտնելուն, այլ ոչ թե որևէ արտաքին եռանդին կամ ցուցադրությանը։ Ի՞նչ է ներկայացնում մարդկանց արտաքին լավ վարքագիծը։ Այն ներկայացնում է մսեղին․ անգամ լավագույն արտաքին կիրարկումները չեն ներկայացնում կյանքը, և դրանք կարող են ցույց տալ միայն քո սեփական անհատական խառնվածքը։ Մարդկության արտաքին կիրարկումները չեն կարող գոհացնել Աստծու մտադրությունները։ Դու անընդհատ խոսում ես Աստծուն պարտական լինելու մասին, սակայն չես կարողանում ապահովել ուրիշների կյանքը կամ խթանել նրանց աստվածասեր սրտերը։ Հավատո՞ւմ ես, որ քո այդ արարքները կգոհացնեն Աստծուն։ Դու զգում ես, որ քո վարվելաձևն Աստծու մտադրությունն է և, որ քո արարքները հոգևոր են, բայց իրականում դրանք բոլորն անհեթեթ են։ Դու հավատում ես, որ այն, ինչ քեզ դուր է գալիս, և այն, ինչ պատրաստակամ ես անելու, ճիշտ այն բաներն են, որոնք ուրախացնում են Աստծուն։ Կարո՞ղ են քո նախասիրությունները ներկայացնել Աստծուն։ Կարո՞ղ է մարդու անձը ներկայացնել Աստծուն։ Այն, ինչ քեզ դուր է գալիս, ճիշտ այն է, ինչ Աստված ատում է, և քո սովորություններն այն են, ինչն Աստված արհամարհանքով մերժում է։ Եթե պարտական ես զգում, ապա գնա և աղոթիր Աստծուն. կարիք չկա այդ մասին խոսելու ուրիշների հետ։ Եթե չես աղոթում Աստծու առջև և դրա փոխարեն անընդհատ քեզ ես ցուցադրում ուրիշների ներկայությամբ, կարո՞ղ է արդյոք սա բավարարել Աստծու մտադրությունները։ Եթե միշտ կենտրոնացած ես արտաքուստ բաներ անելու վրա, ապա դա նշանակում է, որ դու ծայրաստիճան սնափառ ես։ Ի՞նչ տեսակի մարդիկ են նրանք, ովքեր միայն արտաքին լավ վարքագիծ ունեն և զուրկ են իրականությունից։ Նրանք կեղծավոր փարիսեցիներ ու կրոնական գործիչներ են։ Եթե դուք դեն չնետեք ձեր արտաքին կիրարկումները և անկարող լինեք փոփոխություններ անել, ապա ձեր մեջ կեղծավորության տարրերն է՛լ ավելի կաճեն։ Որքան մեծ լինեն կեղծավորության ձեր տարրերը, այնքան ավելի շատ հհակառակություն կլինի Աստծու հանդեպ։ Ի վերջո, նման մարդիկ անշուշտ կվերացվեն։