Գլուխ 16

Մարդկային տեսանկյունից Աստված այնքան մեծ է, այնքան առատ, այնքան զարմանահրաշ, այնքան անըմբռնելի. մարդկանց աչքերում Աստծու խոսքերը ելնում են վեր և համարվում են աշխարհի մեծագույն գլուխգործոց։ Բայց քանի որ մարդիկ չափազանց շատ թերություններ ունեն, և նրանց միտքը չափազանց պարզունակ է, ու ավելին՝ քանի որ իրողություններ ընդունելու նրանց կարողությունը չափազանց թույլ է, անկախ նրանից՝ որքան հստակ է Աստված ասում Իր խոսքերը, նրանք մնում են նստած ու անշարժ՝ ասես տառապելով հոգեկան հիվանդությամբ։ Երբ քաղցած են, չեն հասկանում, որ պետք է ուտեն. երբ ծարավ են, չեն հասկանում, որ պետք է խմեն. պարզապես շարունակ գոռում են ու գոչում, ասես իրենց հոգու խորքում աննկարագրելի դժվարություն են ապրում, սակայն ի վիճակի չեն խոսելու դրա մասին։ Երբ Աստված արարեց մարդկությանը, Նրա մտադրությունն այն էր, որ մարդն ապրի բնականոն մարդկայնությամբ և ընդունի Աստծու խոսքերն իր բնազդներին համապատասխան։ Բայց քանի որ հենց սկզբից մարդը ենթարկվեց Սատանայի գայթակղությանը, այսօր նա շարունակում է անկարող լինել ինքն իրեն ազատելու և դեռևս անկարող է տեղեկանալ այն խարդավանքներին, որոնք Սատանան իրականացրել է հազարավոր տարիների ընթացքում։ Բացի այդ՝ մարդն օժտված չէ Աստծու խոսքերը լիովին ճանաչելու ունակություններով. այս ամենը հանգեցրել է ներկայիս իրավիճակին։ Այսօրվա դրությամբ, մարդիկ դեռ ապրում են Սատանայի գայթակղության վտանգի տակ և ուստի մնում են անկարող ճիշտ կերպով ըմբռնել Աստծու խոսքերը։ Բնականոն մարդկանց խառնվածքի մեջ չկա խոտորություն կամ նենգություն, մարդիկ բնականոն հարաբերություններ ունեն միմյանց հետ, նրանք չեն մեկուսանում, և նրանց կյանքը ո՛չ միջակ է, ո՛չ անկումային։ Նրանք փառաբանում են Աստծուն ողջ մարդկության մեջ, և Նրա խոսքերը թափանցում են մարդկանց մեջ։ Մարդիկ ապրում են միմյանց հետ խաղաղությամբ և Աստծու խնամքի ու պաշտպանության ներքո, երկիրը լիքն է ներդաշնակությամբ՝ առանց Սատանայի անհանգստության, և Աստծու փառքը մեծագույն կարևորություն ունի մարդկանց մեջ։ Նման մարդիկ հրեշտակների պես են՝ մաքուր, կենսուրախ, երբեք չեն տրտնջում Աստծուց և իրենց ողջ ջանքերը նվիրում են բացառապես երկրի վրա Աստծու փառքին։ Այժմ խավար գիշերվա ժամանակն է. բոլորը խարխափում են ու փնտրում։ Խավարչտին գիշերից նրանց մազերը բիզ-բիզ են կանգնում, և նրանք չեն կարողանում չդողալ. երբ մարդ ուշադիր լսում է, ասես հյուսիսարևմտյան ոռնացող քամին է փչում պոռթկում առ պոռթկում՝ ուղեկցվելով մարդու սգավոր հեծեծանքներով։ Մարդիկ վշտանում և լաց են լինում իրենց ճակատագրի համար։ Ինչո՞ւ է, որ նրանք կարդում են Աստծու խոսքերը, բայց անկարող են հասկանալ դրանք։ Ասես նրանց կյանքը հուսահատության եզրին է, ասես մահն ուր որ է պիտի հասնի նրանց, ասես նրանց վերջին օրն իրենց աչքի առաջ է։ Նման թշվառ հանգամանքները հենց այն պահն են, երբ տկար հրեշտակները կանչում են Աստծուն՝ պատմելով իրենց իսկ վշտերի մասին մեկը մյուսին հաջորդող սգավոր ճիչերով։ Հենց սա է պատճառը, որ Աստծու որդիների և ժողովրդի մեջ աշխատող հրեշտակներն այլևս երբեք չեն իջնի մարդու վրա. սրա նպատակն է կանխել մսեղիի մեջ եղած ժամանակ նրանց՝ Սատանայի մանիպուլյացիայի մեջ ընկնելը՝ անկարող լինելով ազատել իրենց, և ուստի նրանք աշխատում են միայն հոգևոր ոլորտում, որն անտեսանելի է մարդու համար։ Այսպիսով՝ երբ Աստված ասում է. «Երբ Ես բարձրանամ գահին մարդու սրտում, դա կլինի այն պահը, երբ Իմ որդիներն ու Իմ մարդիկ կիշխեն երկրի վրա», Նա նկատի ունի այն ժամանակը, երբ երկրի վրա գտնվող հրեշտակները կվայելեն երկնքում Աստծուն ծառայելու օրհնությունը։ Քանի որ մարդը հրեշտակների հոգիների արտահայտությունն է, Աստված ասում է, որ Ինքը թույլ կտա մարդուն ապրել երկրի վրա այնպես, ասես երկնքում է, և թույլ կտա մարդուն ծառայել Իրեն երկրի վրա այնպես, ինչպես հրեշտակներն են անմիջականորեն ծառայում Իրեն երկնքում. և այսպիսով՝ երկրի վրա իր օրերի ընթացքում մարդը կվայելի երրորդ երկնքի օրհնությունները։ Սա է այն, ինչ իրականում ասվում է այս խոսքերում։

Աստծու խոսքերում այնքան շատ իմաստ է թաքնված։ «Երբ օրը գա, մարդիկ կճանաչեն Ինձ իրենց սրտերի խորքում և կպահեն Ինձ իրենց մտքերում»։ Այս խոսքերն ուղղված են մարդու հոգուն։ Հրեշտակների փխրունության պատճառով նրանք միշտ կախված են Աստծուց ամեն ինչում և միշտ կապված են եղել Աստծուն ու պաշտել են Աստծուն։ Բայց Սատանայի անհանգստության պատճառով նրանք չեն կարող զսպել իրենց և վերահսկել իրենց. ցանկանում են սիրել Աստծուն, բայց անկարող են սիրել Նրան լիարժեքորեն, և ուստի նրանք ցավ են կրում։ Միայն երբ Աստծու գործը հասնի որոշակի կետի, այս խեղճ հրեշտակների՝ Աստծուն ճշմարտապես սիրելու ցանկությունը կարող է իրականանալ, ինչի պատճառով էլ Աստված ասաց այդ խոսքերը։ Հրեշտակների բնությունն է սիրել, կապված լինել և հնազանդվել Աստծուն, սակայն նրանք անկարող են եղել հասնել դրան երկրի վրա և չեն ունեցել այլընտրանք՝ մինչև ներկա ժամանակը համբերություն ցուցաբերելուց բացի։ Կարող եք նայել այսօրվա աշխարհին. բոլոր մարդկանց սրտերում կա Աստված, սակայն մարդիկ անկարող են տարբերել՝ արդյոք իրենց սրտերում եղած Աստված ճշմարիտ Աստված է, թե կեղծ աստված, և թեև նրանք սիրում են իրենց այս Աստծուն, անկարող են ճշմարտապես սիրել Աստծուն, ինչը նշանակում է, որ նրանք որևէ վերահսկողություն չունեն իրենք իրենց հանդեպ։ Աստծու կողմից մերկացված մարդու տգեղ դեմքը Սատանայի ճշմարիտ դեմքն է հոգևոր ոլորտում։ Մարդն ի սկզբանե անմեղ էր և առանց մեղքի, և ուստի մարդու բոլոր ապականված տգեղ դրսևորումները Սատանայի գործողություններն են հոգևոր ոլորտում և հոգևոր ոլորտի շարժընթացի արժանահավատ արձանագրությունն են։ «Այսօր մարդիկ որակավորումներ ունեն և կարծում են, որ կարող են հպարտորեն քայլել Իմ առջև, ծիծաղել ու կատակել Ինձ հետ առանց նվազագույն զսպվածության և շփվել Ինձ հետ որպես հավասարի։ Սակայն մարդը չի ճանաչում Ինձ և կարծում է, որ մենք նման ենք բնությամբ, որ երկուսս էլ մսից ու արյունից ենք և երկուսս էլ բնակվում ենք մարդկային աշխարհում»։ Սա է այն, ինչ Սատանան արել է մարդու սրտում։ Սատանան օգտագործում է մարդու պատկերացումներն ու անզեն աչքերը՝ Աստծուն հակադրվելու համար, սակայն Աստված առանց երկիմաստության պատմում է մարդուն այս իրադարձությունների մասին, որպեսզի մարդը կարողանա խուսափել աղետից այստեղ։ Բոլոր մարդկանց ճակատագրական թերությունն այն է, որ նրանք տեսնում են միայն «մսից ու արյունից մարմին և չեն ընկալում Աստծու Հոգին»։ Սա Սատանայի՝ մարդուն գայթակղելու կողմերից մեկի հիմքն է։ Բոլոր մարդիկ կարծում են, որ միայն այս մարմնի մեջ գտնվող Հոգին կարող է կոչվել Աստված։ Ոչ ոք չի հավատում, որ այսօր Հոգին մարմնացել է և իրականում հայտնվել նրանց աչքի առաջ։ Մարդիկ Աստծուն տեսնում են որպես երկու մաս՝ «հագուստ և մսեղի», և ոչ ոք չի նայում Աստծուն որպես Հոգու մարմնացում, ոչ ոք չի տեսնում, որ մսեղիի էությունն Աստծու բնույթն է։ Մարդկանց երևակայության մեջ Աստված հատկապես բնականոն է, բայց մի՞թե նրանք չգիտեն, որ այս բնականոնության մեջ թաքնված է Աստծու խոր նշանակության մի կողմը։

Երբ Աստված սկսեց ծածկել ողջ աշխարհը, այն խավարչտին դարձավ, և մինչ մարդիկ քնած էին, Աստված օգտվեց այս առիթից՝ իջնելու մարդկանց մեջ, և պաշտոնապես սկսեց արձակել Հոգուն երկրի բոլոր անկյունները՝ ձեռնամուխ լինելով մարդկությանը փրկելու գործին։ Կարելի է ասել, որ երբ Աստված սկսեց մարմնանալ՝ ընդունելով պատկեր, Աստված անձամբ գործեց երկրի վրա։ Ապա սկսվեց Հոգու գործը, և պաշտոնապես մեկնարկեց ողջ գործը երկրի վրա։ Երկու հազար տարի Աստծու Հոգին միշտ գործել է տիեզերքում։ Մարդիկ ո՛չ գիտեն, ո՛չ զգում են սա, բայց վերջին օրերին, այն ժամանակ, երբ այս դարաշրջանը շուտով պիտի ավարտվի, Աստված իջել է երկիր՝ անձամբ գործելու։ Սա վերջին օրերին ծնվածների օրհնությունն է, որոնք զարմանալիորեն ի վիճակի են անձամբ տեսնելու մսեղիում ապրող Աստծու պատկերը։ «Երբ անդունդի ողջ մակերեսը մշուշոտ էր, մարդկանց մեջ Ես սկսեցի ճաշակել աշխարհի դառնությունը։ Իմ Հոգին ճամփորդում է ողջ աշխարհով մեկ և զննում բյուրավոր մարդկանց սրտերը, սակայն Ես նաև նվաճում եմ մարդկությանն Իմ մարմնացած մսեղիում»։ Այսպիսին է ներդաշնակ համագործակցությունը երկնքում գտնվող Աստծու և երկրի վրա գտնվող Աստծու միջև։ Ի վերջո իրենց մտքերում մարդիկ կհավատան, որ երկրի վրա գտնվող Աստված երկնքում գտնվող Աստված է, որ երկինքներն ու երկիրը և բոլոր բաներն արարվել են երկրի վրա գտնվող Աստծու կողմից, որ մարդը վերահսկվում է երկրի վրա գտնվող Աստծու կողմից, որ երկրի վրա գտնվող Աստված երկնքի գործն անում է երկրի վրա, և որ երկնքում գտնվող Աստված հայտնվել է մսեղիում։ Սա երկրի վրա Աստծու գործի վերջնանպատակն է, և ուստի, այս փուլը մսեղիի ժամանակաշրջանում գործի բարձրագույն չափանիշն է. այն իրականացվում է աստվածայնությամբ և ստիպում է բոլոր մարդկանց լիովին համոզվել։ Որքան շատ են մարդիկ փնտրում Աստծուն իրենց պատկերացումներում, այնքան ավելի են զգում, որ երկրի վրա գտնվող Աստված գործնական չէ։ Ուստի, Աստված ասում է, որ մարդիկ փնտրում են Աստծուն դատարկ բառերի և վարդապետությունների մեջ։ Որքան շատ են մարդիկ ճանաչում Աստծուն իրենց պատկերացումներում, այնքան ավելի հմուտ են դառնում բառեր և վարդապետություններ ասելու մեջ և այնքան ավելի հիացմունքի արժանի են դառնում։ Որքան շատ են մարդիկ ասում բառեր և վարդապետություններ, այնքան ավելի են շեղվում Աստծուց, այնքան ավելի անկարող են դառնում ճանաչել մարդու բուն էությունը, այնքան ավելի են ըմբոստանում Աստծու դեմ և այնքան ավելի են հեռանում Աստծու պահանջներից։ Մարդու հանդեպ Աստծու պահանջներն այնքան գերբնական չեն, որքան մարդիկ են երևակայում, սակայն երբեք ոչ ոք ճշմարտապես չի հասկացել Աստծու մտադրությունները, և ուստի Աստված ասում է. «Մարդիկ փնտրում են միայն անծայրածիր երկնքում կամ ալեկոծ ծովի վրա կամ խաղաղ լճի վրա կամ դատարկ բառերի և վարդապետությունների մեջ»։ Որքան շատ պահանջներ է Աստված դնում մարդու առաջ, այնքան ավելի են մարդիկ զգում, որ Աստված անհասանելի է, և այնքան ավելի են հավատում, որ Աստված մեծ է։ Ուստի, իրենց գիտակցության մեջ Աստծու բերանից ասված բոլոր խոսքերն անհասանելի են մարդու համար՝ Աստծուն չթողնելով այլընտրանք՝ բացի անձամբ գործելուց. մինչդեռ մարդը նվազագույն հակվածություն անգամ չունի Աստծու հետ համագործակցելու և պարզապես համառում է իր գլուխը խոնարհելու և իր մեղքերը խոստովանելու մեջ՝ փորձելով լինել խոնարհ և հնազանդվող։ Հետևաբար, առանց գիտակցելու, մարդիկ մտնում են նոր կրոնի մեջ, կրոնական արարողության մեջ, որն ավելի ծայրահեղ է, քան անգամ կրոնական եկեղեցիներում։ Որպես այդպիսին, անհրաժեշտ է փոխակերպել նրանց բացասական վիճակը դրականի և այսպիսով վերականգնել նրանց բնականոն իրադրությունը. եթե ոչ, մարդն է՛լ ավելի կխճճվի ծուղակի մեջ։

Ինչո՞ւ է Աստված Իր արտահայտումներից շատերում կենտրոնանում լեռներն ու ջրերը նկարագրելու վրա։ Արդյո՞ք այս խոսքերում խորհրդանշական իմաստ կա։ Աստված ոչ միայն թույլ է տալիս մարդուն տեսնել Իր գործերն Իր մսեղիում, այլև թույլ է տալիս մարդուն հասկանալ Իր զորությունը երկնակամարում։ Այսպիսով, անկասկած հավատալով, որ սա Աստված է մսեղիում, միաժամանակ, մարդիկ նաև ճանաչում են գործնական Աստծու գործերը, և այսկերպ երկրի վրա գտնվող Աստված ուղարկվում է երկինք, իսկ երկնքում գտնվող Աստված բերվում է երկիր, ինչից հետո միայն մարդիկ ունակ են դառնում առավել լիարժեքորեն տեսնելու այն ամենը, ինչ Աստված է, և ձեռք բերելու Աստծու ամենակարողության ավելի մեծ ճանաչողություն։ Որքան ավելի է Աստված ի վիճակի նվաճելու մարդկությանը մսեղիում և անդրանցնել մարմնից՝ ճամփորդելով ինչպես վերևում, այնպես էլ ողջ տիեզերքով մեկ, այնքան ավելի են մարդիկ ի վիճակի տեսնելու Աստծու գործերը՝ հիմնվելով գործնական Աստծուն տեսնելու վրա, և այսպիսով ճանաչել Աստծու գործի ճշմարտացիությունը ողջ տիեզերքում․ որ այն կեղծ չէ, այլ իրական է, և այսպես նրանք իմանում են, որ այսօրվա գործնական Աստված Հոգու մարմնացումն է և նույն տեսակի մսեղեն մարմնից չէ, ինչ մարդը։ Ուստի, Աստված ասում է. «Բայց երբ Ես թափում եմ զայրույթս, լեռներն անմիջապես մաս-մաս են լինում, գետինն անմիջապես սկսում է ցնցվել, ջուրն անմիջապես ցամաքում է, իսկ մարդն անմիջապես պաշարվում է աղետով»։ Երբ մարդիկ կարդում են Աստծու խոսքերը, նրանք կապում են դրանք Աստծու մսեղիի հետ, և այսպիսով՝ հոգևոր ոլորտի գործն ու խոսքերն ուղղակիորեն մատնացույց են անում Աստծուն մսեղիում, ինչը հանգեցնում է ավելի արդյունավետ հետևանքի։ Երբ Աստված խոսում է, դա հաճախ երկնքից երկիր է, իսկ հետո ևս մեկ անգամ՝ երկրից երկինք, որից հետո բոլոր մարդիկ մնում են անկարող ըմբռնել Աստծու խոսքերի դրդապատճառներն ու ակունքները։ «Երբ Ես երկինքներում եմ, աստղերը երբեք խուճապի չեն մատնվել Իմ ներկայության պատճառով։ Փոխարենը՝ նրանք իրենց ողջ սիրտն ու ուժը ներդնում են Ինձ համար իրենց աշխատանքի մեջ»։ Այսպիսին է երկնքի վիճակը։ Աստված համակարգված կերպով դասավորում է ամեն ինչ երրորդ երկնքում, և Աստծուն ծառայող բոլոր սպասավորներն անում են իրենց սեփական աշխատանքն Աստծու համար։ Նրանք երբեք չեն արել որևէ բան, որն ըմբոստանար Աստծու դեմ, ուստի չեն մատնվում Աստծու ասած խուճապին, այլ փոխարենն իրենց սիրտն ու ուժը ներդնում են իրենց գործի մեջ։ Երբեք որևէ անկարգություն չկա, և այսպիսով՝ բոլոր հրեշտակներն ապրում են Աստծու լույսի մեջ։ Մինչդեռ իրենց ըմբոստության և Աստծուն չճանաչելու պատճառով երկրի վրայի բոլոր մարդիկ ապրում են խավարի մեջ, և որքան ավելի են նրանք հակադրվում Աստծուն, այնքան ավելի են ապրում խավարի մեջ։ Երբ Աստված ասում է. «Որքան ավելի լուսավոր են երկինքները, այնքան ավելի խավար է աշխարհը դրանց տակ», Նա նկատի ունի այն, թե ինչպես է Աստծու օրն ավելի ու ավելի մոտենում ողջ մարդկությանը։ Այսպիսով՝ Աստծու 6000-ամյա զբաղվածությունը երրորդ երկնքում շուտով կեզրափակվի։ Երկրի վրայի բոլոր բաները մտել են վերջնական փուլ, և շուտով յուրաքանչյուրը կկտրվի Աստծու ձեռքից։ Որքան ավելի են մարդիկ խորանում վերջին օրերի ժամանակի մեջ, այնքան ավելի են ի վիճակի ճաշակելու ապականությունը մարդկային աշխարհում։ Որքան ավելի են խորանում վերջին օրերի ժամանակի մեջ, այնքան ավելի են տարվում իրենց սեփական մսեղիով։ Կան անգամ շատերը, ովքեր ցանկանում են շրջել աշխարհի թշվառ վիճակը, սակայն նրանց հույսը կորչում է իրենց հառաչանքների մեջ Աստծու գործերի պատճառով։ Ուստի, երբ մարդիկ զգում են գարնան ջերմությունը, Աստված ծածկում է նրանց աչքերը, և այսպես նրանք լողում են ալեկոծ ալիքների վրա, և նրանցից ոչ մեկն ունակ չէ հասնելու հեռավոր փրկանավակին։ Քանի որ մարդիկ ի բնե տկար են, Աստված ասում է, որ չկա մեկը, ով կարող է շրջել իրերի ընթացքը։ Երբ մարդիկ կորցնում են հույսը, Աստված սկսում է խոսել ողջ տիեզերքի հետ։ Նա սկսում է փրկել ողջ մարդկությանը, և միայն դրանից հետո են մարդիկ ի վիճակի վայելելու նոր կյանքը, որը գալիս է այն բանից հետո, երբ իրերի ընթացքը շրջվում է։ Այսօրվա մարդիկ իրենք իրենց հիմարացնելու փուլում են։ Քանի որ նրանց առջև ընկած ճանապարհն այնքան ամայի ու անորոշ է, և քանի որ նրանց ապագան «անսահման» է և «առանց սահմանների», այս դարաշրջանի մարդիկ պայքարելու հակում չունեն և պարզապես անցկացնում են իրենց օրերը Հանհաո թռչնի պես[ա]։ Երբեք չի եղել որևէ մեկը, ով լրջորեն ձգտել է ապրելու և փորձելու հասկանալ մարդկային կյանքը. փոխարենը՝ նրանք սպասում են այն օրվան, երբ երկնքում գտնվող Փրկիչը հանկարծակի կիջնի՝ շրջելու աշխարհի թշվառ վիճակը, որից հետո միայն նրանք կփորձեն լրջորեն ապրել։ Այսպիսին է ողջ մարդկության ճշմարիտ վիճակը և բոլոր մարդկանց մտածելակերպը։

Այսօր Աստված կանխագուշակում է մարդու ապագա նոր կյանքը մարդու ներկայիս մտածելակերպի լույսի ներքո։ Սա լույսի այն նշույլն է, որ հայտնվում է, որի մասին խոսում է Աստված։ Այն, ինչ Աստված կանխագուշակում է, այն է, ինչն ի վերջո պիտի իրագործվի Աստծու կողմից, և Սատանայի նկատմամբ Աստծու հաղթանակի պտուղներն են։ «Ես շարժվում եմ բյուրավոր մարդկանց վրայով և դիտում եմ ամենուր։ Ոչինչ այլևս հին տեսք չունի, և ոչ մի մարդ այնպիսին չէ, ինչպիսին նախկինում էր։ Ես հենվում եմ գահին, Ես թեքվում եմ ողջ տիեզերքի վրա․․․»։ Սա Աստծու ներկայիս գործի արդյունքն է։ Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ վերադառնում են իրենց սկզբնական նմանությանը, ինչի պատճառով հրեշտակները, որոնք տառապել են այնքան շատ տարիներ, ազատվում են, ճիշտ ինչպես Աստված ասում է. «նրանց դեմքերը նման են մարդու սրտում առկա սրբի դեմքին»։ Քանի որ հրեշտակներն աշխատում են երկրի վրա և ծառայում են Աստծուն երկրի վրա, և քանի որ Աստծու փառքը տարածվում է աշխարհով մեկ, երկինքը բերվում է երկիր, իսկ երկիրը բարձրացվում է երկինք։ Հետևաբար, մարդն այն օղակն է, որը կապում է երկինքն ու երկիրը․ երկինքն ու երկիրն այլևս հեռու չեն, այլևս բաժանված չեն, այլ միացած են որպես մեկ։ Ողջ աշխարհում գոյություն ունեն միայն Աստված և մարդը։ Չկա փոշի կամ կեղտ, և բոլոր բաները նորոգված են՝ երկնքի տակ կանաչ մարգագետնում պառկած փոքրիկ գառնուկի պես, որը վայելում է Աստծու ողջ շնորհը։ Եվ հենց կանաչի գալստյան պատճառով է, որ կյանքի շունչը շողարձակում է, քանզի Աստված գալիս է աշխարհ՝ մարդու կողքին հավիտյան ապրելու համար, ճիշտ ինչպես ասվեց Աստծու բերանից, որ «Ես կարող եմ կրկին խաղաղությամբ բնակվել Սիոնում»։ Սա Սատանայի պարտության խորհրդանիշն է, սա Աստծու հանգստի օրն է, և այս օրը պիտի գովերգվի ու հռչակվի բյուրավոր մարդկանց կողմից և հիշվի նրանց կողմից։ Երբ Աստված հանգստանում է գահի վրա, դա նաև այն ժամանակն է, երբ Աստված եզրափակում է Իր գործը երկրի վրա, և դա հենց այն պահն է, երբ Աստծու բոլոր խորհուրդները բացահայտվում են մարդուն. Աստված և մարդը հավիտյան ներդաշնակության մեջ կլինեն, երբեք չեն բաժանվի․ այսպիսին են թագավորության գեղեցիկ տեսարանները։

Խորհուրդների մեջ թաքնված են խորհուրդներ․ Աստծու խոսքերը ճշմարտապես խորն են ու անըմբռնելի։

Ծանոթություն

ա. Հանհաո թռչնի պատմությունը շատ նման է Եզոպոսի «Մրջյունն ու մորեխը» առակին։ Հանհաո թռչունը նախընտրում է քնել՝ բույն շինելու փոխարեն, երբ եղանակը տաք է՝ չնայած իր հարևանի՝ կաչաղակի բազմակի զգուշացումներին։ Երբ ձմեռը գալիս է, թռչունը ցրտահարվում է և սատկում։

Նախորդը.  Գլուխ 12

Հաջորդը.  Գլուխ 18

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger