Գլուխ 26
Աստծու ասած բոլոր խոսքերից կարելի է տեսնել, որ Աստծու օրն ամեն անցնող օրվա հետ մոտենում է։ Կարծես այս օրը հենց մարդկանց աչքի առաջ է, կարծես այն վաղն է գալու։ Այսպիսով՝ Աստծու խոսքերը կարդալուց հետո բոլոր մարդիկ սարսուռով են համակվում և նաև զգում են աշխարհի ամայության մի մասը, ասես երբ տերևներ են ընկնում գետնին՝ ուղեկցվելով մանրամաղ անձրևով։ Մարդիկ անհետ կորչում են, կարծես բոլորն ամբողջովին չքացել են։ Ամեն մեկն ունենում է չարագուշակ զգացում, և թեև բոլոր մարդիկ ջանք չեն խնայում և ցանկանում են բավարարել Աստծու մտադրությունները, և յուրաքանչյուր մարդ օգտագործում է իր ողջ ուժը՝ բավարարելու Աստծու մտադրությունները, որ Աստծու կամքն առաջ ընթանա հարթ և առանց խոչընդոտի, նման զգացմունքը միշտ միախառնված է վատ կանխազգացման հետ։ Վերցնենք այսօրվա խոսքերը․ եթե դրանք հեռարձակվեին զանգվածներին, հայտարարվեին ողջ տիեզերքին, ապա բոլոր մարդիկ կխոնարհվեին ու կարտասվեին, քանզի Աստծու խոսքերում՝ «Ես կզննեմ ողջ երկիրը և հայտնվելով աշխարհի արևելքում արդարությամբ, վեհությամբ, ցասումով և պատժով՝ կհայտնվեմ բյուրավոր մարդկանց», բոլորը, ովքեր ունեն հոգևոր հասկացողություն, տեսնում են, որ ոչ ոք չի կարող ազատվել Աստծու հանդիմանությունից, և որ բոլոր մարդիկ պետք է փորձառաբար ապրեն հանդիմանության տառապանքը և ապա դասակարգվեն ըստ իրենց տեսակի։ Ճշմարտապես սա Աստծու գործի մի քայլն է, և ոչ ոք չի կարող փոխել այն։ Երբ Աստված ստեղծեց աշխարհը, երբ Նա առաջնորդեց մարդկությանը, Նա ցույց տվեց Իր իմաստությունն ու հրաշալիությունը, և միայն այն ժամանակ, երբ ավարտին հասցնի դարաշրջանը, մարդիկ կտեսնեն Նրա ճշմարիտ արդարությունը, մեծափառությունը, ցասումը և հանդիմանությունը։ Ավելին՝ միայն հանդիմանության միջոցով է, որ նրանք ի վիճակի են տեսնելու Նրա արդարությունը, մեծափառությունը և ցասումը․ սա մի ուղի է, որով պետք է անցնել, ճիշտ այնպես, ինչպես վերջին օրերին Աստծու մարմնացումն է անհրաժեշտ և անփոխարինելի։ Ողջ մարդկության ելքերը հռչակելուց հետո Աստված ցույց է տալիս մարդուն այն գործը, որն Ինքն անում է այսօր։ Օրինակ՝ Աստված ասում է. «Հին Իսրայելն այլևս գոյություն չունի, իսկ այսօրվա Իսրայելը ելել է՝ ուղղաձիգ վեր խոյանալով աշխարհի վրա, և հաստատվել ողջ մարդկության սրտերում։ Այսօրվա Իսրայելն անշուշտ ձեռք կբերի իր գոյության հիմքն Իմ ժողովրդի միջոցով։ Ա՜խ, ատելի Եգիպտոս։ …Ինչպե՞ս կարող ես չապրել Իմ պատժի սահմաններում»։ Աստված միտումնավոր կերպով ցույց է տալիս մարդկանց այն հետևանքները, որոնց երկու հակադիր երկրներ բախվում են Իր ձեռքերում՝ մի առումով ակնարկելով Իսրայելը, որը նյութական է, իսկ մյուսով ակնարկելով Աստծու ընտրյալ բոլոր մարդկանց, այսինքն՝ թե ինչպես են Աստծու ընտրյալ մարդիկ փոխվում Իսրայելի փոխվելուն զուգընթաց։ Երբ Իսրայելն ամբողջովին վերադարձած լինի իր սկզբնական ձևին, ընտրյալ բոլոր մարդիկ հետևաբար ավարտուն կդարձվեն, ինչը նշանակում է՝ Իսրայելն իմաստալից խորհրդանիշն է նրանց, ում Աստված սիրում է։ Մինչդեռ Եգիպտոսն այն մարդկանց ներկայացուցչական միավորումն է, որոնց Աստված ատում է։ Որքան ավելի շատ է այն ավերվում, այնքան ավելի ապականված են դառնում նրանք, ում ատում է Աստված, և Բաբելոնը հետագայում ընկնում է։ Սա հստակ հակադրություն է ձևավորում։ Հռչակելով Իսրայելի և Եգիպտոսի ելքերը՝ Աստված բացահայտում է բոլոր մարդկանց վերջնական հանգրվանները․ այսպիսով՝ Իսրայելը հիշատակելիս Աստված խոսում է նաև Եգիպտոսի մասին։ Սրանից կարելի է տեսնել, որ Եգիպտոսի կործանման օրն աշխարհի ոչնչացման օրն է, այն օրը, երբ Աստված պատժում է բյուրավոր մարդկանց։ Սա շուտով տեղի կունենա․ Աստված պատրաստվում է իրագործելու դա՝ մի բան, որը միանգամայն անտեսանելի է մարդու անզեն աչքի համար, սակայն անփոխարինելի է և անփոփոխելի։ Աստված ասում է․ «Բոլոր նրանք, ովքեր դիմադրում են Ինձ, վստահաբար հավիտյան կպատժվեն Իմ կողմից։ Քանզի Ես նախանձոտ Աստված եմ և ոչ մի մարդու նրա արարքներից որևէ մեկի համար հեշտությամբ չեմ ների»։ Ինչո՞ւ է Աստված խոսում նման բացարձակ կերպով։ Եվ ինչո՞ւ է Նա անձամբ մսեղի դարձել մեծ կարմիր վիշապի երկրում։ Աստծու խոսքերից կարելի է տեսնել Նրա նպատակը․ Նա չի եկել մարդկանց փրկելու, ոչ էլ նրանց ողորմություն ցուցաբերելու կամ նրանց մասին հոգ տանելու կամ նրանց պաշտպանելու համար․ Նա եկել է հանդիմանելու բոլոր նրանց, ովքեր դիմադրում են Իրեն։ Քանզի Աստված ասում է․ «Ոչ ոք չի կարող ազատվել Իմ հանդիմանությունից»։ Աստված ապրում է մսեղիում, և ավելին՝ Նա բնականոն մարդ է, սակայն Նա չի ներում մարդկանց իրենց թուլության համար, որովհետև նրանք ի վիճակի չեն սուբյեկտիվորեն ճանաչելու Իրեն․ փոխարենը՝ դատապարտում է բոլոր մարդկանց «բնականոն մարդու» միջոցով, բոլոր նրանց, ովքեր տեսնում են Իր մսեղին, դարձնում է պատժվողներ, և նրանք այսպիսով զոհեր են դառնում բոլոր նրանց համար, ովքեր մեծ կարմիր վիշապի երկրի մարդիկ չեն։ Բայց սա Աստծու մարմնացման առաջնային նպատակը չէ։ Աստված մսեղի դարձավ գլխավորապես այն բանի համար, որ մսեղիում մարտնչի մեծ կարմիր վիշապի հետ և ամոթ բերի նրան մսեղիում մարտնչելու միջոցով։ Քանի որ մսեղիում մեծ կարմիր վիշապի հետ մարտնչելն ավելի լավ է դրսևորում Աստծու մեծ զորությունը, քան դա անելը Հոգում, Աստված ընտրում է մսեղիում կռվելու մեթոդը՝ ցույց տալու Իր գործերն ու ամենակարողությունը։ Անթիվ մարդիկ «անմեղորեն» դատապարտվել են Աստծու՝ մսեղի դառնալով, և անհամար մարդիկ դրանով իսկ նետվել են դժոխք ու գցվել հանդիմանության մեջ և տառապում են մսեղիում։ Սա Աստծու արդար բնույթի ցուցադրումն է, և անկախ նրանից՝ ինչպես են Աստծուն դիմադրողներն այսօր փոխվում, Աստծու ուղղամիտ բնույթը երբեք չի փոխվի։ Աստված դատապարտում է մարդկանց մեկընդմիշտ՝ այնպես անելով, որ նրանք այլևս երբեք ի վիճակի չլինեն ոտքի կանգնելու։ Մարդու խառնվածքը չի կարող նման լինել Աստծու բնույթին։ Աստծուն դիմադրողների հանդեպ մարդիկ մերթ տաք են, մերթ՝ սառը․ նրանք տատանվում են աջ ու ձախ, մերթ՝ վեր, մերթ՝ վար․ անկարող են հաստատուն մնալ՝ երբեմն ատելով մինչև ուղնուծուծն Աստծուն դիմադրողներին, երբեմն էլ՝ մոտ պահելով նրանց։ Այս ներկա հանգամանքները ծագել են այն պատճառով, որ մարդիկ չգիտեն Աստծու գործը։ Ինչո՞ւ է Աստված ասում այնպիսի խոսքեր, ինչպիսիք են․ «Հրեշտակներն ի վերջո հրեշտակներ են։ Աստված ի վերջո Աստված է։ Դևերն ի վերջո դևեր են։ Անարդարները, միևնույն է, անարդար են, իսկ սրբերը, միևնույն է, սուրբ են»։ Մի՞թե չեք կարող թափանցել սրա մեջ։ Հնարավո՞ր է արդյոք, որ Աստված սխալ հիշեր։ Այսպիսով՝ Աստված ասում է․ «Մարդիկ բոլորը դասակարգվում են ըստ իրենց տեսակի և անգիտակցաբար վերադառնում իրենց «ընտանիքներին»»։ Սրանից կարելի է տեսնել, որ այսօր Աստված արդեն դասակարգել է բոլոր բաներն իրենց ընտանիքներում, այնպես որ սա այլևս «անսահման աշխարհ» չէ, և մարդիկ այլևս չեն ուտում նույն մեծ կաթսայից, այլ կատարում են իրենց սեփական պարտավորությունն իրենց իսկ տանը՝ խաղալով իրենց սեփական դերը։ Սա էր Աստծու սկզբնական ծրագիրն աշխարհն ստեղծելիս․ ըստ իրենց տեսակի դասակարգվելուց հետո մարդկանցից «յուրաքանչյուրը կուտեր իր սեփական ճաշը», ինչը նշանակում է, որ Աստված կսկսեր դատաստանը։ Որպես արդյունք՝ Աստծու բերանից դուրս եկան այս խոսքերը․ «Ես կվերականգնեմ արարչագործության նախկին վիճակը, ամեն բան կվերադարձնեմ իր սկզբնական կերպին՝ ամբողջովին փոխելով ամեն ինչ և տեղավորելով Իմ ծրագրի մեջ»։ Սա է ճշգրտորեն Աստծու ողջ գործի նպատակը, և դա հասկանալը դժվար չէ։ Աստված կավարտի Իր գործը․ մի՞թե մարդը կարող է կանգնել Նրա գործի ճանապարհին։ Եվ մի՞թե Աստված կարող է դրժել Իր և մարդու միջև հաստատված ուխտը։ Ո՞վ կարող է փոխել այն, ինչ արվում է Աստծու Հոգու կողմից։ Մի՞թե որևէ մարդ առհասարակ կարող է դա անել։
Նախկինում մարդիկ մի օրինաչափություն էին ընկալել Աստծու խոսքերում․ երբ Աստծու խոսքերն ասվում են, դրանք շուտով իրականություն են դառնում։ Սրանում ոչ մի կեղծիք չկա։ Քանի որ Աստված ասել է, որ Ինքը պետք է հանդիմանի բյուրավոր մարդկանց և ավելին՝ քանի որ արձակել է Իր կառավարչական հրամանագրերը, կարելի է տեսնել, որ Աստծու գործն իրականացվել է մինչև որոշակի փուլ։ Սահմանադրությունը, որն արձակվել էր բոլոր մարդկանց համար, հասցեագրված էր նրանց կյանքին և Աստծու հանդեպ նրանց վերաբերմունքին։ Այն չէր հասնում արմատին, այլ կերպ ասած՝ չէր ասում, թե արդյոք նրանք նախասահմանված էին Աստծու կողմից, փոխարենը՝ հիմնված էր այդ ժամանակ նրանց վարքագծի վրա։ Այսօրվա կառավարչական հրամանագրերն արտասովոր են, և դրանք վկայում են այն մասին, թե ինչպես «բոլոր մարդիկ կդասակարգվեն ըստ իրենց տեսակի և իրենց գործողություններին համաչափ տարբեր պատիժներ կստանան»։ Առանց ուշադիր ընթերցման՝ սրանում ոչ մի խնդիր չի կարելի գտնել։ Քանի որ միայն վերջին դարաշրջանի ընթացքում է Աստված բոլոր բաները դասակարգում ըստ իրենց տեսակի, սա կարդալուց հետո մարդկանց մեծամասնությունը մնում է տարակուսած և շփոթված․ նրանք դեռևս գաղջ վերաբերմունք են որդեգրում՝ չտեսնելով ժամանակի հրատապությունը, և ուստի սա որպես նախազգուշացում չեն ընդունում։ Ինչո՞ւ են Աստծու կառավարչական հրամանագրերը, որոնք հայտարարվում են ողջ տիեզերքին, ցույց տրվում մարդուն այս պահին։ Արդյոք այս մարդիկ ներկայացնո՞ւմ են տիեզերքի բոլոր մարդկանց։ Հնարավո՞ր է արդյոք, որ Աստված հետագայում եկել է ողորմություն ցուցաբերելու այս մարդկանց, ինչը Նա չէր արել նախկինում։ Այս մարդկանց վրա երկու գլո՞ւխ է աճել։ Երբ Աստված պատժի ողջ տիեզերքի մարդկանց, այսինքն՝ երբ ամեն տեսակ աղետներ վրա հասնեն, այս աղետների հետևանքով արևի և լուսնի մեջ փոփոխություններ տեղի կունենան, և երբ այս աղետներն ավարտվեն, արևն ու լուսինը փոխված կլինեն, և սա կոչվում է «անցում»։ Բավական է ասել, որ ապագայի աղետները ծանր են լինելու։ Գիշերը գուցե զբաղեցնի ցերեկվա տեղը, արևը գուցե մեկ տարի չհայտնվի, գուցե լինի կիզիչ շոգի մի քանի ամիս, մարող լուսինը գուցե միշտ մարդկությանն առերեսվի, գուցե ի հայտ գա արևի և լուսնի միաժամանակ ծագելու տարօրինակ վիճակը և այլն։ Մի քանի պարբերական փոփոխություններից հետո ի վերջո ժամանակի ընթացքում դրանք կնորացվեն։ Աստված հատուկ ուշադրություն է դարձնում Իր կարգավորումներին նրանց համար, ովքեր դևերից են։ Ուստի Նա միտումնավոր կերպով ասում է․ «Տիեզերքի մարդ արարածներից բոլոր նրանք, ովքեր բանսարկուներից են, կոչնչացվեն»։ Նախքան այս «մարդիկ» ցույց են տալիս իրենց իրական դեմքը, Աստված միշտ օգտագործում է նրանց՝ ծառայություն մատուցելու համար։ Ուստի Նա ուշադրություն չի դարձնում նրանց արարքներին, նրանց «հավելավճար» չի տալիս, երբ հաջողում են, ոչ էլ կրճատում է նրանց «աշխատավարձը», երբ ձախողում են։ Այսպիսով՝ Նա անտեսում է նրանց և սառնություն է ցուցաբերում նրանց հանդեպ։ Նա հանկարծակի չի փոխվում նրանց «բարության» պատճառով, քանզի անկախ ժամանակից կամ վայրից՝ մարդու բուն էությունը չի փոխվում, ճիշտ ինչպես Աստծու և մարդու միջև հաստատված ուխտը, և ճիշտ այնպես, ինչպես մարդն է ասում․ «Ոչ մի փոփոխություն չի լինի, նույնիսկ եթե ծովերը ցամաքեն, և ժայռերը փշրվեն»։ Ուստի Աստված պարզապես դասակարգում է այդ մարդկանց ըստ իրենց տեսակի և հեշտությամբ ուշադրություն չի դարձնում նրանց։ Արարչագործության ժամանակից մինչ օրս դևը երբեք իրեն լավ չի պահել։ Այն միշտ խաթարող և անհանգստացնող բաներ է առաջացրել և զբաղվել է չենթարկմամբ։ Երբ Աստված գործում կամ խոսում է, դևը միշտ փորձում է մասնակցել, բայց Աստված դրան ուշադրություն չի դարձնում․ Դևին հիշատակելիս Աստծու բարկությունը հորդում է անզսպելիորեն․ քանի որ նրանք մեկ հոգուց չեն, հետևաբար չկա ոչ մի կապ, այլ կա միայն հեռավորություն և բաժանում։ Յոթ կնիքների բացումից հետո երկրի վիճակն է՛լ ավելի խառնաշփոթ է դառնում, և բոլոր բաները «առաջ են ընթանում յոթ կնիքների հետ ուս ուսի»՝ ամենևին հետ չմնալով։ Աստծու բոլոր խոսքերում մարդիկ Աստծու կողմից միշտ դիտվում են որպես շշմածներ, սակայն բնավ չեն սթափվում։ Ավելի բարձր կետի հասնելու, բոլոր մարդկանց ուժն առաջ բերելու և առավել ևս Աստծու գործն իր գագաթնակետին ավարտելու համար Աստված մարդկանց մի շարք հարցեր է տալիս, կարծես փքելով նրանց փորերը և այդպիսով լրացնելով բոլոր մարդկանց պակասը։ Քանի որ այս մարդիկ չունեն իրական հասակ, ելնելով փաստացի հանգամանքներից՝ նրանք, ովքեր օդով լցված են, չափանիշին համապատասխանող «ապրանքներ» են, մինչդեռ նրանք, ովքեր լցված չեն, անպետք աղբ են։ Սա Աստծու պահանջն է մարդուց և այն մեթոդի նպատակը, որով Նա խոսում է։ Մասնավորապես, երբ Աստված ասում է՝ «Մի՞թե հնարավոր է, որ Ես, երբ երկրի վրա եմ, նույնպիսին չեմ, ինչպիսին երկնքում եմ։ Մի՞թե հնարավոր է, որ Ես, երբ երկնքում եմ, չեմ կարող իջնել երկիր։ Մի՞թե հնարավոր է, որ երկրի վրա եղած ժամանակ Ես արժանի չեմ երկինք ելնելու», այս հարցերը ծառայում են որպես մի ուղի, որով մարդը կարող է ճանաչել Աստծուն։ Աստծու խոսքերից երևում է Աստծու հրատապ մտադրությունը, մարդիկ անկարող են բավարարել այն, և Աստված բազմիցս պայմաններ է ավելացնում՝ այդպիսով հիշեցնելով բոլոր մարդկանց ճանաչել երկրի վրա գտնվող երկնային Աստծուն և ճանաչել Աստծուն, որ երկնքում է, բայց ապրում է երկրի վրա։
Աստծու խոսքերից կարելի է տեսնել մարդու վիճակները. «Ողջ մարդկությունը ջանք է թափում Իմ խոսքերի վրա և Իմ կերպարանքի մեջ ձեռնարկում է իր սեփական հետազոտությունը, բայց այդ բոլոր ջանքերը ձախողվում են, դրանք անպտուղ են, փոխարենը տապալվում են Իմ խոսքերից և չեն համարձակվում կրկին ոտքի ելնելու»։ Ո՞վ կարող է հասկանալ Աստծու վիշտը։ Ո՞վ կարող է սփոփել Աստծու սիրտը։ Ո՞վ կարող է համապատասխանել Աստծու մտադրություններին այն բանում, ինչ Նա պահանջում է։ Երբ մարդիկ արդյունք չեն տալիս, ուրանում են իրենց անձը և իսկապես թույլ են տալիս, որ Աստված ներդաշնակեցնի իրենց։ Աստիճանաբար, երբ ցույց են տալիս իրենց ճշմարիտ սրտերը, յուրաքանչյուրը դասակարգվում է ըստ իր տեսակի, և այսպիսով երևում է, որ հրեշտակների բուն էությունը մաքուր հնազանդություն է Աստծուն։ Եվ այսպես, Աստված ասում է․ «Մարդկությունը բացահայտվում է իր սկզբնական ձևով»։ Երբ Աստծու գործը հասնի այս փուլին, այն ամբողջովին ավարտված կլինի։ Աստված բացարձակապես ոչինչ չի ասում Իր որդիների և ժողովրդի համար օրինակ լինելու մասին, փոխարենը կենտրոնանում է այնպես անելու վրա, որ բոլոր մարդիկ բացահայտեն իրենց սկզբնական ձևերը։ Հասկանո՞ւմ եք այս խոսքերի ճշմարիտ իմաստը։